Elena hovhannisyan

Ուսուցիչները

Երբևէ ինքներս մեզ հարցրե՞լ ենք, թե ինչպես ենք հասել այն կետին, որտեղ գտնվում ենք։ Ու՞մ շնորհիվ։

Իմ կարծիքով, նրանց, ովքեր մեզ հետ են դպրոց մտնելու պահից, մանկությունից մինչ պատանեկություն։ Ուսուցիչների։

Նրանք են, որ հասկանում են մեզ ամեն պարագայում: Նրանք ուրիշ են, գիտեն բոլորի հետ շփվելու և խոսելու ձևերը, գիտեն` ում հետ ինչպես խոսեն, որ մտնեն տվյալ աշակերտի դրության մեջ։ Իմ կարծիքով, այս թեմայով կարելի է անվերջ խոսել, որովհետև նրանք են, որ կառուցում են պետությունը: Այո՛, չեմ սխալվում, այսօրվա ամենաբարձր պաշտոնյան անգամ իր դիրքի համար իր ուսուցչին է պարտական: Ազնիվ մարդուն ուսուցիչն է սովորեցրել, որ ճիշտը ազնիվ լինելն է։

Իմ ուսուցիչներն էլ ամեն մեկն իր հերթին ինձ համար իդեալ է։

Նրանք բոլորն էլ իրենց կյանքում խնդիրներ ունեն, բայց դպրոց մտնելուց հետո իրենց միակ խնդիրը դասի և աշակերտի բարօրությունն են համարում։ Ի տարբերություն մեզ՝ աշակերտներիս, նրանք երբեք իրենց կյանքի խնդիրները մեզ ցույց չեն տալիս։ Ուղղակի նրանք փորձում են այնպես անել, որ յուրաքանչյուր աշակերտի մեջ վստահություն ձեռք բերեն, և ստացվում է։

Եղել են դասեր, որ ուսուցչին հարց ենք տվել ոչ թե դասի, այլ կյանքի ինչ-որ թեմայի վերաբերյալ, ու նա մեծ սիրով պատասխանել է: Մենք ուրախանում էինք, որ այդ մի դասաժամն էլ անցավ, դաս չարեցինք, բայց հետո էինք հասկանում` ինչու այդպես եղավ: Հետո էինք հասկանում, որ այդ ուսուցչի մի քանի խորհուրդներն արժեին ամեն ինչ, որովհետև նրանցից ամեն մեկն այդ խորհուրդները տալիս է իր կյանքից օրինակ բերելով, ու հասկանում ենք, որ այդ մի դասաժամը մեզ մեծ բան տվեց, ոչ թե ինչ-որ կանոն կամ թեորեմ, այլ դաս՝ կյանքի մեծ դաս:

Նրանք գալիս են ու խոսում Տիգրան Մեծի կյանքից, Նիկիայի տիեզերական ժողովից, Դանիել Վարուժանի կյանքից, աշխարհագրական տեղանուններից, հայրենասիրությունից, Թալեսի թեորեմից, Կուլոնի օրենքից կամ Չարլզ Դարվինի տեսությունից…

Մի պահ հայացքս թեքում եմ ու փորձում բացահայտել նրանց դեմքի կնճիռների կամ սպիտակ մազերի պատճառը: Ինձ թվում է դրանք ոչ թե ծերության նախանշաններ են, այլ յուրաքանչյուր աշակերտի անցած ճանապարհը, նրանց նպատակների իրականացումն իրենց շնորհիվ, կամ էլ ուղղակի լավ մարդ դառնալու շնորհը։

Նրանք բոլորն էլ տարբեր են թե՛ իրենց արտաքինով, թե՛ բնավորությամբ, և թե դասավանդող առարկաներով, բայց բոլորն էլ մի նպատակ ունեն. դաստիարակել լավ մարդ, Հայրենիքին արժանի զավակ։ Նրանք են, որ ուրախանում են իրենց աշակերտների ամենաչնչին հաջողություններով ու այդ հաջողությունները նաև իրենցը համարում: Չէ՞ որ նրանց շնորհիվ ենք հասնում այդ կետին։

Ասում են` ընտանիքը ամենակարևորն է բոլորիս կյանքում: Համաձայն եմ, բայց դպրոցն ու ուսուցիչներին էլ պետք է դասել կարևորների շարքում: Ախր, նրանք են ձևավորում ապագա տնտեսագետին, ուսուցչին, ապագա զինվորին կամ բժշկին։

Երբեմն նրանք անգիր չեն հիշում իրենց աշակերտների անունները, բայց համոզված եմ, մեզնից յուրաքանչյուրի խնդրով միշտ հետաքրքրվում են ու փորձում են լուծումներ գտնել։

Միայն մի բանի համար եմ ափսոսում, երբ ուսուցչի շուրթերից լսում եմ` «Ուսուցչի գործն անշնորհակալ գործ է» արտահայտությունը, ու հասկանում եմ, որ դրա պատճառը մենք ենք՝ աշակերտներս։ Նրանք մեր միջոցով պետք է հասկանան, որ գնահատված են, նրանց պետք է ոչ թե քննությունների բարեհաջող ավարտից հետո շնորհակալություն հայտնել, այլ ամեն պահ։

Կան աշակերտներ, որոնք դպրոցից դուրս գալուց հետո ուսուցչին տեսնելով անգամ մի բարև էլ չեն տալիս, մոռանալով, որ այդ «Բարև» բառը ճիշտ գրել հենց ուսուցիչներն են իրենց սովորեցրել։

Մի ափսոսացեք ձեր ողջույնը հղել ուսուցիչներին: Նրանք անկասկած ձեր չբարևելուց չեն նեղվում, որովհետև իրենց աշակերտներից շատերը գնահատում են իրենց, բայց նրանք գալիս են այն մտքին, որ իրենց գործն անշնորհակալ գործ է։

Մի ափսոսացեք այդ մի բարևը, համոզված եղեք, նրանք այդ մի ողջույնից իրենց գնահատված են զգում` նույն սերն ու ջերմությունը տալով ձեզնից հետո եկող հաջորդ սերնդին։

image2

Այսօր գիրք նվիրելու օրն է

Քեթրին Պատերսոն

Հատված «Հրաշալի Գիլի Հոփկինսը» վիպակից

Հյուրը

 

Գոհաբանության տոնից մի քանի օր առաջ պարոն Ռենդոլֆը գրիպով հիվանդացավ: Ըստ էության, գրիպը ծանր հիվանդություն չէ, սակայն պարոն Ռենդոլֆը ծեր էր, իսկ ծերունիների համար, ինչպես ասում էր Տրոտերը, ամեն հիվանդություն դժբախտություն է:

Տրոտերն ու Գիլին ձեղնահարկից վար իջեցրեցին ծալովի մահճակալն ու դրեցին հյուրասենյակում, որն սկսեց հիվանդասենյակի նմանվել:

Երկար ժամանակ քննարկում էին, թե արդյոք կարիք կա՞ ծերունի հոր հիվանդության մասին տեղյակ պահել նրա որդուն՝ նշանավոր փաստաբանին: Պարոն Ռենդոլֆը վստահ էր, որ որդին, իմանալով այդ մասին, անմիջապես կգա և իրեն ընդմիշտ կտանի Վիրջինիա: Ու թեև Տրոտերը դա լավ էր գիտակցում, սակայն իր բարոյական պարտքն էր համարում մերձավորներին տեղեկացնելը:

-Պատկերացնո՞ւմ եք, նա այցի է գալիս, իսկ դուք հիվանդ եք: Մի՞թե դրանից հետո նա ձեզ կվստահի: Այդ ժամանակ նա առանց հապաղելու ձեզ այստեղից կտանի:

Սակայն պարոն Ռենդոլֆը կարծում էր, որ կարելի է փորձել: Վերջապես համաձայնության եկան: Որոշեցին ծերունուն տեղափոխել Տրոտերի տուն, որպեսզի իրենց աչքի առաջ լինի:

-Բա որ հանկարծ մեր տանը մահանա՞ք:

-Պատվովս եմ երդվում, ձեր տանը չեմ մահանա:

-Գիլի, եթե նրա վիճակը վատթարանա, մենք նրան իսկույն իր տուն կտանենք, թե չէ, էդ նշանավոր փաստաբանը մեկ էլ տեսար դեռ մեզ դատի տա:

-Եթե ես ձեր տանը մեռնեմ, ինձ դատի կտաք: Եվ թող իմ ողջ ունեցվածքը ձեզ հատկացնեն,-ասաց պարոն Ռենդոլֆն ու պառկեց մահճակալին:

-Մեռնելուց հետո դուք անգամ թոշակ չեք ստանա: Ինձնից ձեզ խորհուրդ՝ ապրեք, ինչքան ուզում եք:

-Այդպես էլ կլինի, միայն թե վախենամ երկար պառկել ցանկանամ, քանի որ ինձ ձեր նման հմայիչ երկու լեդի են խնամելու:

-Դե ինչ, փորձենք: Բայց եթե մի շաբաթից ոտքի չկանգնեք, ոչ տոնական սեղանի, ոչ էլ հնդուհավի երես չեք տեսնի:

Պարոն Ռենդոլֆի վիճակը մի քանի օրից իսկապես լավացավ, սակայն տոնի նախօրեին Տրոտերն ու Ուիլյամ Էռնեստը վարակվեցին:

Տրոտերը պայքարում էր մինչև վերջ, սակայն նրա ջերմությունն այնքան բարձր էր, որ գլխապտույտի պատճառով ոտքի վրա չէր կարողանում մնալ: Թեև նա ընդվզում էր, սակայն Գիլին ոչ երեքշաբթի, ոչ էլ չորեքշաբթի օրը դպրոց չգնաց և մնաց նրանց խնամելու:

Գոհունակության տոնի օրը Գիլին լրիվ հալից ընկել էր, քանի որ մի հիվանդից մյուսի մոտ էր վազում, ողջ ժամանակ վերուվար անելով աստիճաններով:

Գիլին չվարակվեց իհարկե, սակայն անքնությունից, շարունակ անհանգստանալուց ու հոգսերից դարձել էր շատ դյուրագրգիռ:

Նա բժիշկ էր կանչել պարոն Ռենդոլֆի համար, մեկ այլ բժիշկ` Տրոտերի համար, մի մանկաբույժ էլ՝ Ուիլյամ Էռնեստի: Նրանք պետք է անկողնում մնային, ասպիրին խմեին, որպեսզի ջերմությունը թողներ:

Տրոտերը պատվիրեց տղայի մարմինը շփել խոնավ սրբիչով, որպեսզի ջերմ իջնի:  Ուիլյամ Էռնեստի վիճակը մի քիչ թեթևացավ, սակայն միայն ժամանակավոր:

Տանը սարսափելի խառնաշփոթ էր տիրում, անգամ խոհանոցում և հյուրասենյակում, որտեղ Գիլիից բացի ոչ ոք չէր մտնում: Տունն ասես ռմբակոծվել էր: Գիլին այնքան ուժասպառ էր, որ նույնիսկ չէր հասցնում իր հետևից հավաքել: Հինգշաբթի էր, սակայն Գիլին տոնի ժամանակ չուներ: Գիլին ուզում էր նախաճաշել, երբ հնչեց դռան զանգը: Գիլին վեր թռավ: Միգուցե փաստաբանի որդին չի հավատացել հոր խոսքին, և հիմա եկել է տեսնելու, թե ինչու հայրը չի կարող տոնն իրենց հետ անցկացնել: Հետո մտածեց, որ եկողը միգուցե Ագնես Սթոուկսն է: Էլի եկել է քիթը ուրիշների գործերի մեջ խոթելու:

Դռան առաջ կանգնած էր մի կարճահասակ գիրուկ տիկին՝ սև գլխարկի տակից երևում էին նրա սպիտակ վարսերը: Կինը հագել էր սև վերարկու և դրել սև ձեռնոցներ:

Կինն ուշադիր զննում էր Գիլիին: Աղջիկը չէր հասկանում՝ կինը վախեցա՞ծ է, թե՞ սոված: Հետո հիշեց, թե նման դեպքերում ինչ է ասում Տրոտերն ու արագ վրա բերեց.

-Շնորհակալություն, մենք այսօր ոչ մի բան չենք ուզում գնել: Բացի այդ, մենք քրիստոնյա ենք:

-Մի րոպե,-ասաց տիկինը,-դու Գալադրիել Հոփկինսն ե՞ս:

-Դուք ո՞վ եք,-Գիլիի հարցն այնքան անհեթեթ հնչեց:

-Ես…,-կինն այլայլվեց,-ինձ թվում է, ես քո տատիկն եմ:

Եթե նա ասեր՝ կախարդուհի եմ, Գիլին ավելի քիչ կզարմանար:

-Կարելի՞ է ներս մտնել:

Գիլին լուռ մի կողմ քաշվեց և ներս թողեց կնոջը:

Ճաշասենյակից լսվում էր հիվանդ ծերունու խռռոցը: Միայն թե չմտնի ներս ու չտեսնի վերմակի տակից դուրս ցցված սևամորթ ծերունու երեսը: Սակայն կինն իհարկե ներս նայեց, թեթևակի ճոճեց գլուխն ու շուռ եկավ դեպի Գիլին:

-Գիլի, այդ ո՞վ եկավ:

Գրողը տանի, Տրոտերը երևի լսել է դռան զանգը:

-Ամեն ինչ կարգին է, Տրոտեր,-բղավեց Գիլին:

-Ուզո՞ւմ եք նստել,-հարցրեց նա հյուրին:

Գիլին հյուրի հետ մտավ հյուրասենյակ և ձեռքով ցույց տալով բազկաթոռը, առաջարկեց,-նստեք, խնդրեմ:

Հյուրը նստեց բազկաթոռի ծայրին, որպեսզի կարճլիկ ոտքերը հասնեն հատակին:

-Ուրեմն այսպես…

Գիլին փորձում էր հասկանալ: Այս հնաոճ վերարկուով ու գլխարկով կինն իր մոր՝ Կորտնիի մա՞յրն է: Գիլին երբեք չի պատկերացրել, որ Կորտնին կարող է մայր ունենալ: Կորտնին գոյություն ուներ ժամանակից դուրս, աստվածուհու նման, իբրև կատարելության մարմնացում:

-Քո անունը Գալադրիել է, ճի՞շտ է,-կինը խոսում էր հարավային ակցենտով, սակայն խոսքը մետաքսի պես նուրբ էր: Ոչ թե իր որդեգիր Տրոտերի պես կոպիտ ու կռվազան…

Գիլին գլխով արեց:

-Իմ աղջիկը…,-կինը քրքրեց հնամաշ պայուսակն ու հանեց մի նամակ,-իմ աղջիկը տանից հեռացել է շատ-շատ տարիներ առաջ: Ես… Իմ ամուսինը և ես երբեք… Ներեցեք…

Կինը անհաջող փորձեր էր անում բառեր գտնելու, որպեսզի պատմեր իր դառը պատմությունը:

-Ամուսինս…,-նա փորձեց ժպտալ,-քո պապը, մահացել է համարյա տասներկու տարի առաջ:

«Հավանաբար պետք է ինչ-որ բան ասել»,-մտածեց Գիլին:

-Ափսոս…

-Այո, այո, շատ ծանր է,-կինն արցունքները զսպելով մի կերպ արտաբերեց:

Գիլիին էլ վիճակվել էր նման կերպ զսպել արցունքները: Ինչ ծանոթ է այս ամենը:

-Մենք… Ես այն ժամանակ փորձեցի կապվել քո մոր՝ Կորտնիի հետ: Սակայն դա ինձ չհաջողվեց: Բանն այն է…

Նա լռեց, պայուսակից հանեց թաշկինակը:

«Դե, սրբիր քիթդ, բալիկս, ինչո՞ւ ես ամաչում: Կթեթևանաս…»,-Տրոտերն այդպես կասեր, սակայն Գիլին ոչ մի բառ չկարողացավ արտաբերել:

-Բանն այն է, որ այս նամակը… Այս նամակն իմ աղջկանից տասներեք տարվա մեջ առաջին նամակն է…

Նա խղճաց կնոջը, չնայած նրա ցավը պիտի որ իրեն չհուզեր:

-Ես նույնիսկ չգիտեի, որ նա երե… Մի՞թե չէր ուզում այդ մասին հայտնել հարազատ մորը:

Հիմա խոսքը հավանաբար իր մասին կլինի, սակայն այդ ամենը նրան այնքան օտար էր թվում, ասես խոսքը հեռավոր մի ծանոթի մասին էր: Գիլին աշխատեց կարեկցանքով տմբտմբացնել գլուխը:

-Գիլի, իսկ ես քեզ հա կանչում էի,-դռնից բռնվելով ջերմությունից կարմրած դեմքով հայտնվեց Ուիլյամ Էռնեստը: Նա ներքնազգեստով էր: Օտար կնոջը տեսնելով տղան սառեց տեղում…

Կինն ուշադիր նայեց տղային, հետո ինչպես պարոն Ռենդոլֆին տեսնելուց, կտրուկ շրջվեց:

-Ներիր, Ուիլյամ Էռնեստ,-ասաց Գիլին,-չեմ լսել, որ կանչում ես ինձ: Ի՞նչ է պատահել,- և իսկույն հասկացավ, թե ինչ է պատահել: Տղայի գիշերազգեստը թաց էր: Գիլին վեր թռավ:

-Ներեցեք ինձ, ես հիմա կգամ:

Նա արագ-արագ տղային դուրս տարավ սենյակից: Սակայն դա այնքան էլ հեշտ բան չէր: Երեխան ջերմությունից ու սովից ուժասպառ էր եղել:

-Դու չպետք է ցած իջնեիր, Ուիլյամ Էռնեստ: Դու հիվանդ ես:

-Ես թրջել եմ տակս,- տխուր ասաց նա,- դիմացա-դիմացա…

-Գիտեմ, հիվանդ ժամանակ դժվար է:

Գիլին հագցրեց վերջին մաքուր փոխնորդը՝ մի կարճլիկ վարտիք ու շապիկ: Հանկարծ չմրսի: Փոխեց սավանը: Նրան ծածկեց իր վերմակով: Տղան պառկեց, շրջվեց դեպի պատն ու փակեց աչքերը:

-Գիլի, բալիկս,- ձայն տվեց Տրոտերը, երբ Գիլին անցնում էր նրա սենյակի կողքով,- դու հյուրե՞ր ունես:

-Չէ, հեռուստացույցն եմ միացրել:

Աստիճաններով իջնելիս Գիլին մազերը հարդարեց, ուղղեց շապիկը: Գիտեր, որ սարսափելի տեսք ունի: Խեղճ պառավ կինը երևի շշմել է իր տեսքից:

Երբ Գիլին մտավ սենյակ, կինը թույլ ժպտաց:

-Խեղճ աղջիկ,-ասաց նա:

Գիլին հետ նայեց: Հո Ուիլյամ Էռնեստն իր հետևից չի՞ գալիս: Ոչ ոք չկար:

-Աստված քեզ պահապան:

-Ի՞նձ:

-Կորտնին ճիշտ էր: Ես այնքան ուրախ եմ, որ դու գրել ես նրան: Ինչպե՞ս են համարձակվել քեզ այսպիսի ընտանիքի տալ:

«Ի՞նչ է խոսում այս կինը: Ի՞նչ տեղ»:

-Գիտես, ես չպետք է անսպասելի ներս խուժեի, բայց ես ուզում էի ամեն բան իմ աչքերով տեսնել նախքան որդեգրման գրասենյակի աշխատողներին հանդիպելը: Ներիր, սիրելիս…

Աստճանների կողմից լսվեցին ծանր ոտնաձայներ. Թըփ, թըփ, թըփ… Երկուսն էլ մի պահ քարացան:

-Ահ,- բացականչեց կինը: Դռների մեջ կանգնած էր վիթխարի ոտաբոբիկ մի ուրվական տղամարդու շերտավոր գիշերազգեստով. ալեհեր մազերը թափված էին ուսերին, աչքերի մեջ սառել էր սարսափը:

-Ես մոռացել էի,-բղավում էր ուրվականը ճոճվելով, -մոռացել էի:

Գիլին վեր թռավ:

-Ի՞նչ եք մոռացել:

-Հնդկահավը,- Տրոտերը հազիվ էր զսպում արցունքները,- տասնհինգ դոլար երեսունութ սենթ արժեր: Հոտել է: Կարծես թե չնկատեց հյուրին:

- Եթե հոտած լիներ, ես հոտը կառնեի,- Գիլին հայացք գցեց փոքրիկ կնոջը: Կինն էլ Ուիլյամ Էռնեստի նման վախվորած էր երևում:

-Գնացեք պառկեք, Տրոտեր, ես հիմա հնդկահավը կդնեմ ջեռոցի մեջ:

Վիթխարի կինը փորձեց հնազանդվել: Նա շրջվեց և քիչ մնաց վայր ընկնի:

-Ավելի լավ է՝ մի քիչ նստեմ,-ասաց նա խորը շունչ քաշելով,- գլուխս սարսափելի պտտվում է:

Գիլին երկու ձեռքը դեմ տվեց Տրոտերի մեջքին և ոչ այն է հրելով, ոչ այն է ուղեկցելով քաշ տվեց նրան դեպի բազմոցը: Սակայն Գիլին զգում էր, որ դժվար թե նրան մինչև բազմոց հասցնի:

-Օ, Աստված իմ,- բացականչեց Տրոտերը՝ վայր ընկնելով գորգին ու իր հետ վայր գցելով Գիլիին:

Տրոտերը նմանվել էր մեջքի վրա շրջված անզոր կրիայի:

-Աշխարհի վերջը եկավ,-ծիծաղելով բացականչեց նա,-երևի քեզ ճզմեցի:

-Ի՞նչ է պատահել,- բեմահարթակին հայտնվեց երրորդ դերասանը:

-Գիլի, բալիկ ջան, դու ո՞ղջ ես,- հարցրեց Տրոտերը և առանց պատասխանի սպասելու ասաց,- պարոն Ռենդոլֆ: Ամեն ինչ կարգին է:

-Բայց ինչ որ մեկը ընկավ, ես լսեցի ձայնը:

-Ըհը, դա ես ընկա,- Տրոտերը համառորեն փորձում էր ոտքի կանգնել,- հիմա ամեն ինչ կարգին է, ճիշտ չէ՞, Գիլի:

-Տրոտեր, մի կողմ քաշվեք,-մի կողմ քաշվեք՝ դուրս գամ:

-Ի՞նչ է պատահել: Ի՞նչ է պատահել,-անընդհատ կրկնում էր պարոն Ռենդոլֆը:

-Խեղճ երեխա, խեղճ Գիլի,- հառաչեց Տրոտերը և ազատեց Գիլիին:

-Գիլի, ձեզ ի՞նչ է պատահել,- տագնապած հարցրեց Ռենդոլֆը:

Գիլին վեր կացավ, թափ տվեց վրայի փոշին և բռնեց կույր ծերունու ձեռքից:

-Եկեք, ես ձեզ կուղեկցեմ դեպի ձեր մահճակալը:

Մինչև Գիլին հետ վերադարձավ, Տրոտերը հասել էր բազմոցի մոտ: Նա հենվել էր բարձին ու հայացքը չէր կտրում սփրթնած անծանոթուհուց:

-Բա ասում էիր` տանն ուրիշ մարդ չկա,- հանդիմանանքով ասաց նա Գիլիին:

-Ես կարծում եմ լավ կլինի՝ գնամ,-ասաց նա վեր կենալով,-ես հավանաբար ճիշտ ժամանակ չէի ընտրել այցի համար:

Գիլին նրան ուղեկցեց մինչև դուռը:

-Ուրախ էի ծանոթանալ,- ինչքան հնարավոր է քաղաքավարի ասաց Գիլին:

Չէր ուզում, որ կինը վատ մտածի իր մասին: Ինչ էլ լինի, համենայնդեպս այդ կինը Կորտնիի մայրն էր:

Կինը դռների մեջ կանգ առավ, հետո շրջվեց ու անսպասելի համբուրեց աղջկա այտը:

-Դու այստեղ շատ չես մնա, ես քեզ խոստանում եմ,-շշնջաց նա:

Հոգնածությունից Գիլիի ուղեղը չէր աշխատում: Նա գլխով արեց և փակեց դուռը: Եվ հետո, երբ Տրոտերին պառկեցրեց անկողնում, հնդկահավը մտցրեց ջեռոցը, նոր հասկացավ, թե ինչ էր ասում կինը:

-Աստված իմ:

Կարևոր չէ, թե ինչ մտածեց այդ կինը, որդեգրման գրասենյակում նրան ամեն ինչ կբացատրեն, թե ինչ էր այստեղ կատարվում: Ոչ ոք չի կարող Գիլիին ստիպել լքել այդ տունը, հատկապես հիմա, երբ ինքը այդքան պետք է տան բոլոր անդամներին: Եվ հետո… Տրոտերը թույլ չի տա իրեն այս տանից տանել: «Երբեք, երբեք, երբեք»,- ասաց ինքն իրեն:

davit gorgoyan

695

Պատուհանից էն կողմ կիրակի էր, մեր առօրյայի պես հասարակ առավոտ՝ մեկ քամի, մեկ ձյուն, մեկ էլ էքստազի հասցնող արև։ Էսօր առանձնակի բախտավոր ենք լսել հրամանատարի քֆրտոցը` բացառապես տաք եղանակը ներծծելով։

Քամին անցնում էր միջովս, շոյում ոսկորներս, հետո թույլ տալիս արևին լիզել երեսս նույն եռանդով, ինչով շարահրապարակի կիսականգնած շներն էին դրանից ոգևորված սիրով զբաղվում: Բավականին տարօրինակ տեսարան օր ու գիշեր նույն սեռի հետ օրն անցկացնողի համար։ Էստեղ գրքերից Կոելիո են շրջանառում` կենդանական կարիքները թեկուզ տեսականորեն բավարարելու համար ու անունը դնում «պարապ չենք մնում»։ Շատերի կույս միտքը առաջին անգամ է պայքարում նման մարտահրավերի դեմ ու չդիմանալով` վերադառնում նույն բողոքներին։

-Ընգեր, առանց հեռախոս էլ չի լինում, չեմ ձգում։ Ես էլ ասի` գամ ստեղ, մի քիչ ցրվեմ: Հորս արև, գիտե՞ս ինչեր էի անում քաղաքացիական կյանքում․ մաշնեն կար, ժամանակը` լիքը, ընգերներս իմ պես ազատ, էսէմէսներին էլ չէի հասցնում պատասխանեի, էլ ընգերուհի ի՞նչ եմ անում։ Թե չէ` էս ի՞նչ ա։ Շարքով ենք գնում զուգարան, արա։

Բացում եմ գիրքը։ Հենց առաջին էջի վրա, կպչուն թղթիկի վրա նշաններ կան՝ էջերի համարներ են։ Ուրախացա, որ գիրքը ճաշակով կարդացողի ձեռքն է ընկել։ Բացում եմ նշված էջերը ու բնավ չեմ զարմանում. առանձնացված էջերը զուտ բաց տեսարաններ են նկարագրում։

Օդը սառն էր ու հաճելի, բայց միանշանակ վատ էր ազդում նախորդ շաբաթվա եղանակը սրտին մոտ ընդունողների համար։ Աչքերդ փակում ես ու երազում` ոտքերդ ձեր բակի սեղանին դրած, ականջիդ՝ Andrea Boceli լսելով ու խնձորը կծելուց հյութալի մասը ողջ հոգով ստամոքսը քաշելու մասին, թույլ տալիս ճառագայթներին այդպես էլ հատված չդառնալով անցնել միջովդ, հալվել, թուլանալ․․․

Էսպես կարելի է խեղդվելու չափ խտանալ ու չհասկանալ, որ օրդ շարահրապարակի վրա ես անցկացրել։ Հարկավոր է մի խռպոտ հազ, քիթը վեր քաշելով շարքով տարածվող աղմուկ, ու անկախ քեզնից, օրվա երկրորդ «վեր կացն ես» հայհոյում։ Բայց և հասցնում եմ նկատել մոտիկ հորիզոնից կախ ընկած սարի վրա, չնայած խորթ թեքությանը, տները մարտկոցիցս հավասար են շարված։ Անգամ վառարանների ծուխն է համաչափ  թեքվում։

Շուրջս խաղաղություն է շնչում, ներսս՝ թմրածություն։

Կիրակին ներս էր լցվել պատուհանների ճեղքերից։ Շաբաթվա ծանրությունը տղերքը (իբր, ուրիշ էլ ովքե՞ր), շաշկու, գրքի, գրչային խաղերի, ժամերով դիմացի միագույն պատերին նայելով են դատարկում։ Մեկը ոտքերի արանքում համազգեստի ավելորդություններն է զգուշությամբ վերացնում, մյուսը` թռցրած հեռախոսն է ձեռքերում պտտում, մեկ ուրիշը անհանգիստ թպրտում է․ քունը տանում է, քնել չի կարելի։ Ինչ-որ ֆիլմ են ցույց տալիս խոհարարի մասին։ Ըհըն, համբույրի տեսարան… Ընդհանուր թմրություն օդ բարձրացավ։ Գոնե բիբերս լայնանար, կամ ասենք, հիշողության վրայից փառը ճաքեր տար, ու սիրտս անհանգիստ թպրտար։ Լավ է գոնե ֆուտբոլ նայելիս էնտուզիազմը չենք կորցրել։ Լավ է, չենք մեռել։

-Ա՛պ, արևը դուրս էկավ, չհելնե՞նք դուրս։

-Դուրսն ի՞նչ ես անում, ֆոտոսինթե՞զ։

Խոսում են ամեն ինչի մասին․ աղջիկներ, մեքենաներ, նկատառումներ ընդհանուր ծառայության մասին։ Խոսում են խորը փիլիսոփայական երանգով, խորաթափանց հայացքով, մտքում մանր-մանր ծամծմելով, գցել-բռնելով, վերամտածելով, պատրաստ լինելով պատասխան տալ «բարև»-ը «ե», «վ»-ով արտասանելու համար։ Զգո՛ւյշ, խորը չշնչես օդը, կթունավորվես։ Կարճ ասած, մենք ստեղծարարներ ենք։ «Ես»-ը պահակակետիցից դուրս ենք թողել, թաղել թփերի արանքում, նոր միայն ներս մտել՝ նորը ստեղծելու։ Թե կարաս` հետդ ներս մտցրու ու դարակիդ չերևացող արանքում պինդ պահիր։ «Ոսկե արծիվ» չեն տա, բայց հերոսի կոչումով դուրս կգաս։ Դրա համար ենք ազատ ժամերին շախմատով զբաղվում։

Ձգտում ենք կատարյալ հավասարության, միօրինակության. շարքով ուտելու, շարքով ծխելու, շարքով նաև թքելու։ Անգամ ծառերն են շարքով ցցված, ճյուղերի այն երկարությամբ, որ համեմատական է մազերիս երկարությանը։ Ահագին անսովոր երևույթ՝ պատուհանագոգին նստած, ոտքերը ծուռումուռ շպրտած, օրը System of a down-ի երգերի տակ անցկացնողի համար։ «Զինվորական կարգապահություն» պիտակի  տակ լարովի խաղալիք են շինում։ Չես մեղադրի, պիտի ապրե՛ս, որ կուլ չգնաս։

-Տղե՛րք,- ականջիս տակ պայթեց մեկի բամբ ձայնը,- կարո՞ղ ա մեկը դարակիս չարազը վերցրել ա։

-Լավ էլի, այ ախպեր։ Մեր մեռած վիճակն ու քո Նոր տարվա չարազը։

Դրսում դեռ կիրակի է։ Ոչ մի բանից հոգնած շները հենվել են գնդապետի մեքենայի անիվներին, կուրծքը բացել արևի առաջ, որը դանդաղ տեմպերով սկսել է հալեցնել ծխարանի տանիքից հավետ կախ ընկած սառցակտորները։

-Տղե՛ք, հասկացե՛ք, որ էս զենքը վերցնելուց դուք արդեն մարդասպան եք։ Պիտի պատրաստ լինեք սպանելու ու չվախենաք դրանից։ Կամ ընկերոջդ կսպանես, կամ հակառակորդին։ Դրան էլ պատրաստ եղեք։ Հրացանի էս անտեր փողի միջից էլ խաղալիք շարիկներ դուրս չեն գալիս։ Մի ձեռքում զենքն են բռնում, մյուսում` ուրիշի կյանքը։

Գիշերը լավ չեմ քնել։ Անջատված նստած եմ լսարանում։

Կիրակին ավարտվեց։ Արթնացա հրամանատարի «ձեռքերիս մեջ մահացավ»-ի վրա։

Ֆրանսիական օրագիր, Մաս 5. «Փոքրիկ բույն» սրճարանից

Ողջույններ Փարիզի «Փոքրիկ բույն» հացաբուլկեղենի խանութ֊սրճարանից, որտեղ ես հաճախ «օրվա ճաշն» եմ ուտում և անցկացնում իմ ընդմիջումը։ Այսօր օրվա ճաշը լազանյա է, ու մինչ իմ լազանյան կսառի, քանի որ այն շատ են տաքացրել, ես որոշեցի ձեզ գրել։ Շաբաթվա առաջին օրը սկսել եմ շատ հոգնած, որովհետև ունեցել եմ հրաշալի «վիքենդ», բայց դե ոչինչ, այսօր կհանգստանամ։ Այս վիքենդին մենք առաջին անգամ Փարիզից դուրս գնացինք՝ հարևան երկրներ։
Ընդհանրապես, այստեղ գալուց առաջ պլանավորել էինք լիքը այլ տեղեր գնալ՝ գրեթե ողջ Եվրոպան տեսնելու։ Հետո, երբ եկանք, հասկացանք, որ յոթ շաբաթը հենց միայն Փարիզը տեսնելու համար շատ քիչ է։ Կրճատեցինք մեր բոլոր պլանները՝ թողնելով միայն Բրյուսել֊Ամստերդամ ճամփորդությունը։ Հենց դրանից էլ մի քիչ վերևում պատմում էի։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Շաբաթ օրը առավոտյան ֆրանսիական արագընթաց գնացքը (ֆրանսերեն ասած՝ տե ժե վե) մեզ հասցրեց երկար սպասված Բրյուսելը։ Հենց իջանք, ամենուրեք կատուներ էին։ Մագնիս գնելիս վաճառողին հարցրի՝ ինչո՞ւ հենց կատուներ։ Նայեց վրաս, նեղ աչքերը ճպճպացրեց՝ սպասելով, որ կհասկանամ, որ ինքը զտարյուն բելգիացի չէ։

-Ինչո՞ւ են բոլոր հուշանվերների վրա կատուներ, ի՞նչ խորհուրդ ունեն,- կրկնում եմ։
Նեղ աչքերը մի անգամ էլ ճպճպացնելուց հետո երիտասարդը խոսեց.
-Այստեղ շատ կատուներ կան։
-Հաա, պարզ է։

Բրյուսելում մեզ սպասող այնտեղ իր ստաժն անցնող մեր ընկերը՝ քաղաքի իրական գիտակը, որը իր ողջ ուժով փորձում էր ցույց տալ քաղաքի գեղեցկությունները ու անդադար կրկնում էր՝ լա՞վն ա, չէ՞, հավանո՞ւմ ես, դուր գալի՞ս ա, Փարիզից լավն ա, չէ՞, նույնպես չգիտեր կատուների խորհուրդը, չէր էլ նկատել, որ ամենուրեք կատուներ են։ Իսկ ես դա չնկատել չեմ կարող։ Այնպես որ, եթե մի օր իմանաք՝ ինչու են Բրյուսելում ամենուրեք կատուներ, ինձ ասեք, խնդրում եմ։
Դե, էլ ի՞նչ ասեմ։ Հա, Փարիզից լավն էր։ Գուցե որովհետև այստեղ հյուր էի, ոչ թե բնակիչ։ Կատուներ, բելգիական ֆրի, բելգիական վաֆլի, բելգիական շոկոլադ, բելգիական գարեջուր։ Բելգիացիները շատ են սիրում շատ խորհրդանիշներ ունենալ, ու դա ինձ դուր է գալիս։ Ուղղակի ամեն անգամ առանց ալարելու կասեն՝ բելգիական ֆրի, ոչ թե ֆրանսիական։ Իսկ Փարիզում ոչ մի տեղ չտեսա, որ նշեն ֆրիի արմատների մասին։ Ու դա էլ ինձ դուր եկավ։ Սիրուն փոքրիկ քաղաքն ու ուրախ ժողովուրդը, որը գիշերն է ապրում։ Ամեն ինչ ժամը 4-ին փակվում է, բացի ուտելու տեղերից։ Փողոցներում ֆեստիվալներ ու շատ լավ երգեր երգող երաժիշտներ են։ Ամենուրեք ուրախ, գուցե մի քիչ խմած, բայց ամեն դեպքում՝ ուրախ մարդիկ են։ Շատ սիրեցի Բրյուսելը։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Գիշերելով մեր վարձած տանը, որի տերը հայ էր (հա, հատուկ էի հայի տուն գտել), մյուս առավոտ մենք ճանապարհվեցինք Ամստերդամ։ Եկեք չպատմեմ ոչինչ, բացի Վան Գոգից ու Հայնեքենից։ Որովհետև մնացած ողջ ժամանակ անձրևի տակ մրսում ու քայլում էինք, ու չէինք կարողանում վերև նայել, որովհետև անձրևը խեղդում էր։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Գիտեմ, որ շատ վատ եմ պատմում, բայց ինձ արդարացնող միայն մեկ բան կարող եմ ասել՝ ձեզ գոնե պատմում եմ։ Ուրիշներին ընդհանրապես չեմ պատմում, ուղղակի ասում եմ՝ լավ էր։ Լավ էր, Ամստերդամում էլ, որը իմ տեսած քաղաքներից թերևս ամենամոդեռն մետրոն ունի, էլի լավ միջավայր ու Վան Գոգի թանգարան, որը ինքնին արդեն Ամստերդամը սարքում է Ամստերդամ։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Դե հա, այստեղ երկրորդ անգամ էի, բայց էլի չեմ հասցրել լիքը բան։ Երրորդ անգամն էլ է պետք գնալ։ Իսկ հիմա ես կուտեմ իմ լազանյան ու կգնամ Հայաստանի դեսպանատուն՝ ինձ արդեն շատ հարազատ աշխատանքի։ Մնաց ընդամենը երկու աշխատանքային շաբաթ, ու ես ուզում եմ լիքը բան հասցնել անել ու սովորել։
Մեկ էլ գիտեք՝ երբ եմ նյութ գրելու։ Հետ վերադառնալիս, ինքնաթիռում, որպես ավանդույթ։ Հայաստան հետ գալը ախր շատ-շատ եմ սիրում։
Սպասեք, եկա։

Հ. Գ. Հենց նոր վերադառնալիս կարդացի, որ Վիետի փողոցի ցուցանակի վրա ներքևում գրված է մաթեմատիկոս։ Այսքան ժամանակ Վիետ֊Վիետ ասելով չէի մտածում, որ սիրելի թեորեմի Վիետի փողոցն է սա։ Հինգերորդ շաբաթն է ընթանում, ես դեռ չէի հասկացել, թե դա որ Վիետն է։ Հիմա ավելի ուրախ եմ, որովհետև, դե, հիշում եք, Վիետի թեորեմը ինչքան օգտակար բան է։

jenya abgaryan

Կրթությունը ոչ բոլորի համար

Թերևս գաղտնիք չէ, որ արտերկրյա կրթությունը տարբերվել և տարբերվում է հայաստանյան կրթական ոլորտի իրականությունից։ Հենց արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ նկատել ենք, որ դպրոցներում և համալսարաններում ուսուցումը բարձր մակարդակի է, և բավարար գիտելիքներ չունեցող ուսանողները շատ հաճախ են զրկվում ուսումը շարունակելու հնարավորությունից։ Որքան էլ փորձենք ինչ-որ օրենքներ հանել կամ ավելացնել, մեկ է, կրթական համակարգի փտած արմատներն ուղղակի պետք է արմատախիլ անել, սկզբից աճեցնել և նոր սկսել բարելավել այն։
Արդեն սկսվել է ուսումնական պրոցեսի երկրորդ կիսամյակի շրջանը։ Այս անգամ համալսարանի արդեն սիրած մասնաշենքի փոքրիկ ճամփան անցնելը դժվարացել է. ձյունն  ու սառցապատ տարածքը անգամ ձմեռ սիրող մարդկանց է տհաճ ու վտանգավոր։
Մոռանալով եղանակային անբարենպաստ պայմանների, նախորդ տարում ծագած անհարմարությունների մասին ՝ գնում եմ համալսարան։ Ծանոթ ու նոր դեմքեր, անկեղծ ու կեղծավոր ժպիտներ, մրցակցություն ու  ընկերություն։ Ուսումնական պրոցեսի հենց առաջին օրերին դասացուցակում օտար լեզուն է։ Նախ ՝ պետք է մեծ ցավով ու վրդովմունքով նշեմ այն փաստը, որ սովորելով լրագրություն բաժնում, կարող ենք ուսումնասիրել միայն մեկը։ Քանի որ դեռ մանկուց անտարբեր չէի անգլերենի հանդեպ և դպրոցում ստացել եմ լավ գիտելիքներ, առանց վարանելու անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն տարբերակներից ընտրեցի անգլերենը՝ մտածելով, որ կլրացնեմ գիտելիքներս ու առավելագույն մակարդակի կհասնեմ։ Սակայն, ինչպես ասում են ՝ «Առուն թռիր, նոր ուրախացիր»։ Բախտս բերել է՝ դասախոսը լավ մասնագետ է, բայց ինչ վերաբերում է խմբի՝ լեզվին տիրապետելու մակարդակին, նույնը, ցավոք, չեմ կարող փաստել։ Չունեմ հնարավորություն առարկայի ընտրությունը վերանայելու։ Դասերին, երբ մյուսները տարրական հիմունքներ են սովորում, որոնք հավասար են 5-6-րդ դասարաններում ուսուցանվող նյութին, տհաճությամբ եմ մասնակցում, իսկ երբ փորձում եմ համալսարանին վայել, բարձր մակարդակին վերաբերող նյութեր ուսումնասիրել, ուսանողները փնթփնթում են։
Սկզբում փորձում էի մյուսներին առարկայի հանդեպ սեր «քարոզել»։ Երբ պատրաստել էի շնորհանդես (presentation) և ներկայացնում էի լսարանին, այդպես էլ ոչ ոք չլսեց, չփորձեց հասկանալ, հարց տալ կամ որևէ մի բան։ Հակառակը՝ պատրաստ են ամբողջ դասապրոցեսը ջուրը նետել ստեղծված հարմար առիթի դեպքում։
Այսպիսով՝ երբեմնի սիրելի և սպասված առարկան դարձել է ուսումնական նոր շրջանի մղձավանջը, դե բացի իհարկե, դժվարանցանելի, սառցե ճանապարհից։ Սակայն, իհարկե, կգա գարունը և ձնհալ կսկսի, սակայն ինչ վերաբերում է դասերին, ամառը հազիվ թե կարողանա ինչ-որ բան փոխել։
Ըստ իս ՝ մեղավորն այս պատմության գործող անձանցից ոչ թե ոչ ոքն է, այլ այն մեկը, որ չէր երևում ամբողջ ընթացքում ՝ համակարգը։ Համալսարանն ասոցացվում է բարձրագույն կրթության հետ, և մի՞թե սա է այն բարեկեցիկ ապագայի բարձր որակավորում ստացած մասնագետների կրթությունը։ Ինչպե՞ս ստանալ այն երազած բարձրագույն կրթությունը, երբ չես յուրացրել հիմնական  և ավագ դպրոցներում դասավանդվածը, կամ գուցե դրանք չե՞ն էլ դասավանդվել…

Ofelia Hovhannisyan

Մեծանա՞լ է պետք

Դպրոցը ավարտեցի, հիմա արդեն ուսանողուհի եմ: Ուզում ես ինքս իմ մեջ որևէ բնավորության գիծ կամ մի բան նկատեմ, որ այս ընթացքում փոխվել է, բայց ապարդյուն։ Սկզբից դա ինձ մի փոքր անհանգստացնում էր, բայց հետո հասկացա, որ ես կառչած եմ  այն երեխայից, որ ապրում է իմ մեջ։ Ամեն կերպ փորձում եմ պահել նրան և բաց չթողնել։ Երբ արդեն դառնում ես չափահաս, էլ ավելի է մեծանում պատասխանատվությունը այն ամենի նկատմամբ, ինչ դու անում ես։ Այնպես չէ, որ առաջ ես չէի կարողանում պատասխան տալ արարքներիս համար, պարզապես, եթե անգամ մի բան այն չէր լինում, հաճախ էի լսում հետևյալ արտահայտությունը.

-Դե երեխա ա…

Իսկ հիմա էլ այդպես չէ: Շատ բաներ են փոխվում, զգում եմ, որ դժվարություններ կան, որոնց միջով  պետք է մենակ անցնեմ։ Սակայն հետաքրքիրն այն է, որ կյանքումս հայտնվում են այնպիսի մարդիկ, որոնք մտածում են այնպես, ինչպես ես, կամ գոնե կիսում են այդ ամենը ինձ հետ։

Մեծանալ է պետք, բայց արդյո՞ք դա ինձ համար է։ Գրեթե ամեն օր ես կրկնում եմ այդ խոսքերը: Հիմա հասկացել եմ, որ քանի դեռ ապրում է իմ մեջ աշխույժ երեխան, ես նրան վանդակի մեջ չեմ դնի: Կան արարքներ, որոնք ես անելով իհարկե գիտակցում եմ, մի փոքր մանկական է: Սակայն ուրախալին այն է, որ իմ շրջապատում ինձ հենց այդպես են սիրում և չեն փորձում փոխել։

Գիշերային թռչուններ

Թուրմուդ Հաուգենը ծնվել է 1945 թվականին Նորվեգիայի Տրիսիլ քաղաքում: Նա ավարտել է Օսլոյի համալսարանի համեմատական գրականագիտության և արվեստի պատմության բաժանմունքը: Երկար տարիներ աշխատել է հանրահայտ նորվեգացի նկարիչ Մունկի թանգարանում, իսկ հետո դարձավ գրող և թարգմանիչ: Հաուգենը գրում է երեխաների համար, սակայն ոչ այնպես, ինչպես սովոր ենք պատկերացնել: Նրան հետաքրքրում է մանկան հոգեբանությունը, նրա ներաշխարհը, և ամենակարևորը՝ հույզերը: Կարեկցանքով և ըմբռնումով է Հաուգենը գրում երեխաների և մեծահասակների մասին, երազում մի այնպիսի աշխարհի մասին, որտեղ կարող են միմյանց վստահել և զարգացնել իրենց ունակությունները: Հաճախ դա անհնար է, քանի որ ոչ ոք ի զորու չէ ինչ-որ բան փոխելու: 

«Ես նստում եմ գրելու երեխաների համար, բայց միևնույն ժամանակ նաև մեծահասակների: Մանկությունը միակ վայրն է, որտեղ կարող են հանդիպել իրար մեծերն ու երեխաները: 

Մենք բոլորս երեխաներ ենք եղել, և բոլորս կապված ենք մանկության հետ: Եթե մենք մեր մեջ բավականաչափ ուժ ենք գտնում ընդառաջ գնալու մեր մանկությանը, դա նշանակում է, որ մեր սրտում ցավ ենք զգում, հոգում՝ թախիծ և ավելի լավ կյանք երազանք»:

Վախ, անվստահություն, մերժվածություն, ճնշվածություն՝ ահա այն հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել նրա ստեղծագործություններում: Մեծահասակների խնդիրները ցավ են պատճառում երեխաներին: Նրանք տեսնում են այն ամենը, ինչը փորձում են ծածուկ պահել երեխաներից, նրանք զգում են կեղծիքը, թեպետ չեն հասկանում պատճառները: Երեխաներին տիրում է սարսափը և անվստահությունը, երբ մեծահասակները, փորձելով խնայել երեխաներին, թաքցնում են նրանցից իրենց անհաջողություններն ու հոգսերը, դրանով իսկ ավելի խորացնելով անջրպետը և զրկելով երեխաներին մեծերին հասկանալու ամենափոքր հնարավորությունից:

Հաուգենի գրքերը զուսպ են, կենտրոնացած երեխայի ներքնաշխարհի վրա, գրված են պարզ լեզվով և հեշտ են կարդացվում: Նրա գրքերը արժեքավոր են ոչ թե նրանով, թե ինչ են արտահայտում բառերով, այլ թե ինչ է թաքնված բառերի հետևում:

Ցավոք, Հաուգենի գրքերից և ոչ մեկը մինչ այսօր հայերեն չի թարգմանվել: Ձեզ ենք ներկայացնում մի հատված նրա «Գիշերային թռչուններ» վեպից` հուսալով մի օր տեսնել այն ձեր սեղանին:

 

Թուրմուդ Հաուգեն

Գիշերային թռչուններ

-Ճիշտ եմ ասում,-ասաց Յուակիմը,- Սառան իր աչքով է տեսել:

Սառան, Ռոգերը, Թոմին, Յուլիան և Թորան կանգնել էին դարպասների առաջ:

Ռոգերն արդեն լսել էր մարդասպանի մասին, սակայն այնքան էլ չէր հավատում քրոջը:

-Ես երբեք սուտ չեմ խոսում,-ասաց Սառան,- ես իմ աչքերով եմ տեսել նրան:

-Էդ դեպքում գնա և բեր նրան այստեղ,-հրամայեց Ռոգերը:

-Չեմ գնա:

-Ինչո՞ւ չես գնա,-հետաքրքրվեց Ռոգերը:

-Հենց էդպես,-կտրուկ ասաց Սառան:

Ռոգերը շուրջը նայեց:

-Այդ դեպքում Յուակիմը կգնա: Սա նրանց նկուղն է:

-Ճիշտ է,-միաբերան որոշեցին նրանք,-Թող Յուակիմը գնա, սա նրանց նկուղն է…

Բայց Յուակիմը չէր ուզում նկուղ իջնել:

-Նկուղն իմը չէ,-առարկեց նա,-ես ոչ մի անգամ նկուղում չեմ եղել:

-Դե հիմա կմտնես, ճիշտ ժամանակն է,-ասաց Թոմին:

Թոմին ու Ռոգերը բռնեցին Յուակիմի թևերից ու քարշ տվեցին նկուղի դռան մոտ:

Յուակիմը ինչքան ուժ ուներ, դիմադրում էր: Բայց ամեն ինչ զուր էր: Մյուսները գալիս էին իր հետևից ու հրում մեջքից:

Վերջապես հայտնվեցին մուտքում:

-Նկուղի դռան բանալին ունե՞ս,-հարցրեց Թոմին:

Յուակիմը տարուբերեց գլուխը:

-Խաբում է,-ասաց Սառան,-մուտքի դռան բանալին համընկնում է նկուղի դռան փականին:

-Ի՞նչ ես կանգնել, դե գնա,-կարգադրեց Ռոգերը,-Եվ մեզ ապացույցներ բեր, որ մարդասպանն այնտեղ է:

Յուակիմը չէր կարող նկուղ մտնել: Վախից արցունքները ողողեցին դեմքը, միևնույն ժամանակ էլ թրջեց տակը:

Ինքը դեռ նկուղի դռանը չհասած վախից կմեռնի:

Սառան նայեց նրան և այնպես շշնջաց, որ բոլորը լսեն:

-Մեզ արնաշաղախ մի բան բեր: Մենք պետք է համոզվենք, որ մարդասպանը նկուղում է թաքնվում:

-Չմոռանաս սպանվածի ձեռքն էլ բերել,-ավելացրեց Թոմին:

-Կամ էլ նրա գլուխը,-աչքերը փայլեցնելով շշնջաց Ռոգերը:

Տորան բռնեց Յուլիայի ձեռքից ու կպավ ընկերուհուն:

-Ես շատ երկար սպասեցի, որ նա դուրս գա,-կամացուկ ասաց Սառան,-հենց այստեղ կանգնած: Շատ, շատ երկար: Սպասումից արդեն նվաղել էի: Բայց ես գիտեի, որ ի վերջո մարդասպանը դուրս կգա, որպեսզի տեսնի, թե ով է նկուղի մոտ կանգնած իրեն հետևում:

Սառան ավելի ցածրացրեց ձայնը: Ռոգերը հրեց Յուակիմին, և վերջինս բոլորից երկու քայլ առաջ անցավ:

-Վերջապես դուռը դանդաղ բացվեց,-շշնջաց Սառան,-Դուռը ճռռում էր, և ասես չէր ուզում բացվել: Դռան ճեղքը գնալով ավելի ու ավելի էր մեծանում:

Յուակիմի մեջքով սառը դող անցավ: Տորան կամացուկ ծիծաղում էր:

-Եվ ահա,-շարունակեց Սառան,- դռների միջից դուրս ցցվեց գլուխը: Հատակին ստվեր ընկավ…

Այդքանից ավել նա ոչինչ չհասցրեց ասել:

Բոլորը քարացել էին և աչքները չռած նայում էին:

Որովհետև նկուղի դուռն իսկապես էլ սկսեց դանդաղ բացվել: Դուռը կամաց ճռճռում էր, սակայն բացվում էր: Աստիճանաբար դռան ճեղքն ավելի ու ավելի էր մեծանում: Վերջապես հատակին մեկի ստվերն ընկավ, և դռան արանքից դուրս ցցվեց ինչ-որ մեկի գլուխը:

Ստվերը…

Ինչ-որ մեկը սարսափից ճչաց, այնուհետև բոլորը միասին սկսեցին բղավել: Եվ Սառան, և Յուլիան, և Տորան, և Ռոգերը, և Թոմին:

Յուակիմը չէր բղավում: Նա բացել էր բերանը, սակայն ոչ մի ձայն չէր լսվում: Ու բոլորը միասին լեղապատառ սկսեցին վազել, իրար հրմշտելով, փորձելով իրարից առաջ անցնել: Նրանք լռվեցին դռների մեջ, որովհետև ամեն մեկն ուզում էր ինքն առաջինը դուրս պրծնել:

Միայն Յուակիմը տեղից չշարժվեց: Նա քարացել էր: Թվում էր, թե ոտքերը թաղվել ու աճել են հատակի մեջ:

Հեկեկոցը սեղմվել էր կոկորդում: «Հիմա ես կմեռնեմ»,- մտածեց նա:

-Այս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք բարձրացրել այստեղ,-զայրացած ձայնով հարցրեց ստվերը:

Նա խիստ հայացքով նայեց Յուակիմին: Կառլսենն էր:

-Սա… Սա…. Դո՞ւք եք,-կակազելով հարցրեց Յուակիմը,- և տղայի ոտքերն իսկույն պոկվեցին հատակից: Առաջին անգամ Յուակիմն անչափ ուրախացավ Կառլսենին տեսնելով:

-Դուք… Դուք նկուղում մարդասպան տեսե՞լ եք,- հարցրեց Յուակիմը:

Կառլսենը թավ հոնքերի տակից հայացք նետեց Յուակիմի վրա:

-Ի՞նչ մարդասպան,-զարմացավ նա,-ի՞նչ անհեթեթ բաներ ես ասում: Նկուղում բացի ինձնից ոչ ոք չկար:

Յուակիմը աչքը չէր կարողանում նրանից կտրել:

-Նման բաների մասին սուտ չեն խոսում: Դա շատ լուրջ մեղադրանք է,-ասաց Կառլսենը,-Չէ, դուք միայն լսեք, թե ինչեր է դուրս տալիս այս տղան… Մարդասպան: Այն էլ մեր նկուղում,- Կառլսենը փնչացրեց և աստիճաններով վեր բարձրացավ:

Յուակիմը մենակ մնաց: Նա փակել էր աչքերը: Կյանքում այսքան երջանիկ չէր եղել:

Սառան սուտ էր խոսել: Եվ ոնց էլ լեզուն պտտվել է: Բայց Յուակիմի անդրավարտիքը միևնույն է, թաց էր: Նա ամաչում էր այդ տեսքով տուն գնալ, բայց մայրիկը ոչինչ չհարցրեց: Նա հասկացավ, որ ավելի լավ է ձևացնել, թե բան չի պատահել:

marine nikoghosyan

Կորցնելու մասին

Առավոտ էր: Սովորականի պես արթնացա, պատրաստվեցի և շտապեցի աշխատանքի: Ճանապարհին հիշեցի մի տարօրինակ երազ, որն  անցած գիշեր էի տեսել: Երազումս ընկել  էր ատամներիցս մի քանիսը: Թափված ատամները ափիս մեջ էին, բայց առանց արյան:

Հետաքրքրությունից դրդված որոշեցի երազահանում կարդալ դրա մեկնաբանությունը: Չէ´, սնահավատ չեմ ընդհանրապես, ուղղակի հետաքրքիր էր:

Համացանցով գտա երազահանի մի կայք և սկսեցի փնտրել: Այնտեղ գրված էր, որ երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է հարազատ մարդու կորուստ: Տարօրինակ ինչ-որ զգացում պատեց ներսս: Ճիշտ է, չէի հավատում, սակայն մի փոքր վախ առաջացավ:

Միգուցե սա ձեզ տարօրինակ կամ անհավատալի  թվա, բայց այն իրականացավ: Այդ օրը ես կորցրեցի (եթե կարելի է այդպես ասել), ինձ համար շատ հարազատ մի մարդու: Կորցրեցի առանց արյան, առանց բաժանման, ուղղակի կորցրեցի…

Կորցրեցի նրան հոգեպես…

Մենք բոլորս մեր կյանքի ընթացքում միշտ ինչ-որ բան ենք կորցնում: Կորցնում ենք իրեր, առարկաներ, հիշողություններ, բայց ամենացավոտը` երբ կորցնում ենք մարդկանց, ովքեր հեռանում են կամ այս աշխարհից, կամ մեր աշխարհից: Երկուսի դեպքում էլ ցավը մեծ է:

Կգա ժամանակ, երբ մենք կկորցնենք բոլորին` ում հիշում ենք, ում կարոտում ենք, ում սիրում ենք…

Իսկ վերջում կմնա միայն մեկը, այն եզակին, ով մեզ երբեք չի լքի. և դա կլինենք մենք ինքներս:

Չնայած, դա էլ է հարաբերական…

Anahit Badalyan

Այն, ինչ մենք սիրում ենք

Մայրամուտները կարող են ջերմությամբ լցնել մեր ամենասառը օրերը, ցողել մեր՝ քնել չհասցնող աչքերը, փայլեցնել դրանք։ Մեր ամենասիրելի ուտելիքը կարող է ուրախացնել մեզ, բարձրացնել մեր տրամադրությունը, իր հոտով արթնացնել մեր՝ ինչ-որ պահի քնով անցած զգայարանները։

Մեր սիրած երգերը կարող են շարժել մեր դեմքի այն մկանները, որոնք պատասխանատու են ժպիտի համար։

Այն դասաժամերը, որոնց սպասում ենք նախորդ օրվանից ու որոնց պատրաստվելիս էներգիա չենք խնայում, կարող են կանոնավորել էն ամենակարևորը, որը մարդը պիտի շարունակաբար փորձի պահպանել․ սովորելու ցանկությունն ու հետաքրքրությունը։

Մեր սիրած եղանակը կարող է առիթ դառնալ, որ զգեստապահարանից հանենք վաղուց չհագած սիրուն շրջազգեստը, արդուկենք ու հագնենք։

Երբ գալիս է մեր սիրած ծաղիկների բացվելու ժամանակը, մեր՝ սիրելի ուտելիքից արդեն արթնացած զգայարանները շոյվում են էն անուշ բույրից, որ մանուշակներն են արձակում։

Մեր սիրած ֆիլմերը դիտելիս մենք միշտ ինչ-որ պահի ուզում ենք մտնել էդ ֆիլմի մեջ, կամ գոնե ֆիլմի վերածել մեր իսկ կյանքը։

Մենք միայն մերն ենք համարում մեր սիրած տեղերը։ Ուրիշների ներկայությունը օտար, անցանկալի է դառնում էնտեղ, որտեղ մենք ժպտացել ենք էնքան իսկական, որ թվացել է՝ սիրտը դուրս կգա՝ ժպիտն ապացուցելու, ու ծիծաղել էնքան ուժեղ ու շատ, որ սկսել է ցավել ստամոքսն ու կտրվել շունչը։

Մեր սիրած նկարներում մենք ենք էնպիսին, որպիսին չենք լինի էլ երբեք։ Մի քիչ կարճահասակ, փոքր-մոքր, ու մի քիչ ավելի շատ ժպիտով։

Մեր հին օրագրերը՝ վարդագույն, նախշազարդ, նկարներով ու գույներով լիքը, մեր մանկությունն են, պատանեկությունը, ծերանալիս արդեն կդառնան մեր ջահելությունը։ Մեր գրած բանաստեղծություններն են, հեքիաթները, որոնց վերջում երեք խնձոր է ընկնում, ու հեչ էական չէ, որ ես երբեք առանձնապես խնձոր չեմ սիրել։ Էդ օրագրերում մեր հին հոգսերն են՝ մեր չնչին, փոքրիկ ու հիմա արդեն կարոտով հիշվող հոգսերը։ Իրերի մասին՝ այսքանը։

Մեր սիրելի ու մտերիմ մարդիկ մեր իրերի բովանդակությունն են։ Նրանք են, ում համար երբեք չենք ափսոսա մեր ամենասիրած պիցցայի կեսը զոհաբերել։ Նրանք, որոնցից կամ որոնց հետ լսել ենք մեր ամենասիրած երգերը։ Մեր՝ անընդհատ նորը բացահայտելու մղումը, մեր սովորածը մեզնից սովորելու կամ մեր չիմացածը մեզ սովորեցնելու պատրաստակամությունն ունեցողները։ Այն մարդիկ են, ովքեր մի անգամ ասել են, որ մեր շրջազգեստը մեզ շատ է սազում, ու այդ օրվանից սկսած մեր գնած բոլոր շրջազգեստները նման են այդ մեկին։ Այն մարդիկ են, ովքեր քո ջերմությունն իրենց կյանքի ամառը համարելով դառնում են քո կյանքի ամենաջինջ գարունը։ Ովքեր պատրաստ են գարնանաբար հալեցնել սառույցը, հանդուրժել անձրևներն ու քամին միայն նրա համար, որ դու շողաս անխռով ու անխնա, որ ջերմանաս ու ջերմացնես շուրջդ։ Մեր սիրելի մարդիկ նրանք են, ում պատրաստ ենք դերեր առաջարկել մեր՝ ֆիլմ դարձած կյանքում։ Ովքեր կիմանան իրենց դերերն անգիր, կարիք չեն ունենա փորձելու իրենց հատվածը ու երբեք չեն ուշանա նկարահանումներից։ Մեր սիրելի վայրերն են մեր մտերիմ մարդիկ, որովհետև իրենց ասածով ու պատմածով ժպիտ են նկարել մեր դեմքին ու ծիծաղեցրել մեզ էդ վայրերում։ Տուն են դարձրել էդ վայրերն ու հարազատացրել մեզ։ Ու վերջապես, ի՞նչ էինք գրելու մեր օրագրերում, եթե մեր մտերիմները մեզ ժպտալու, ուրախանալու, մտածելու ու մտածածը թղթին հանձնելու առիթ չտային։ Ո՞նց էինք ինչ-որ գործ ստեղծելու, եթե մեր մտերիմները մեզ ստեղծագործ չդարձնեին իրենց գոյությամբ՝ մեր իսկ կյանքում։

Մեր սիրելի մարդիկ մեր հեքիաթներն են․․․ Նրանք, որոնց ավարտին երկնքից երեք խնձոր է ընկնում․․․ Բայց ես էդպես էլ խնձոր չսիրեցի․․․