arxiv

Անկապ ստատուսներ

Համոզված եմ` երբ ստեղծվում էր Ֆեյսբուքի ինտերֆեյսը, տեքստային մասի պատասխանատուները շատ երկար են մտածել «What’s on your mind?» նախադասության վրա: Հաստատ օրերով քննարկել են, փոփոխել, վիճել, ու վերջում կանգ են առել ամենաօպտիմալ տարբերակի վրա, որն էլ տեսնում ենք ստատուսի մուտքագրման տողում այսօր:

Միակ բանը, որ հաշվի չի առնվել, թերևս այն է, որ շատերի «մայնդում» հաճախ տարօրինակ բաներ են պտտվում, որոնք էլ մարմնավորվում են անհասկանալի ստատուսների տեսքով: Դրանցից մեկը, օրինակ, սա է` «…»:

Այսինքն, «Ի՞նչ է մտքումդ» բառի լավագույն պատասխանը երեք կե՞տն է: Իսկ ինչո՞ւ է ձեր մտքում երեք կետ, ամոթ չլինի հարցնելը: Եվ հետո` ի՞նչ է նշանակում այդ «…»-ը:

(Շարունակությունը կարդալ Զավեն Բոյաջյանի առոգանությամբ):

Երեք կետից բաղկացած իմպրեսիոնիստական ստատուսի հեղինակը, երկնելով այս գլուխգործոցը, հիմնականում նպատակ ունի ստեղծել որոշակի ինտրիգ իր ներկայիս ապրած տրամադրության շուրջ` միաժամանակ փորձելով կերտել հանելուկային անձնավորության կերպար: Այս, առաջին հայացքից ոչնչի չպարտադրող ստատուսն իրականում պարունակում է հետաքրքրությունից տառապող ընկերների մոտ հարցեր առաջացնելու մեծ ակնկալիք: Այդ հարցերի շարքին են պատկանում, օրինակ, «vaaay lsi, inch a exel, chlini et anasuny eli zangela??», կամ «sirun jan, chmtaces, sax lav klini»: Պատասխան քոմենթները կարող են լինել, ինչու չէ, ոչ պակաս հուզիչ ու զգացմունքային` էլ ավելի բորբոքելով քլթքլթացող կրքերը, օրինակ «bolors el galis enq u gnum», կամ «****», կամ կարող են պարունակել մեջբերում որևէ սիրատոչոր երգից, ասենք` «mi razashlis, kak v more karabli» (translity, է-էհ, կներեք, տրանսլիտը տվյալ դեպքում ինքնանպատակ չէ):

Ստանալով այդքան սպասված հետաքրքրասեր քոմենթների անհրաժեշտ պաշարը` հեղինակը որոշ ժամանակ պահպանում է տանջալից լռություն, իսկ հետո պատասխանում է, օրինակ «ufff, lav e, chem uzum xosal et masin» (հարց է ծագում` էլ ինչո՞ւ ես ստատուս գրել): Պատասխանը կարող է լինել նաև ավելի կոնկրետ, բայց ոչ պակաս հռետորական, օրինակ` «inchi a es kyanqy senc anardar…» (ուշադրություն դարձրեք վերջին կետերին` հեղինակի մոտ ձևավորվում է ուրույն ոճ ու ձեռագիր):

Դեպքերի զարգացման երկրորդ` առավել ողբերգական տարբերակի դեպքում հեղինակի գլուխգործոցը ինչ-ինչ պատճառներով չի արժանանում արժանի ուշադրության, և նա ստիպված դիմում է առավել ստեղծագործական միջոցների. հայտնվում է քոմենթ` իր իսկ կողմից, որտեղ որոշակի պարզաբանում է մտցվում վերը նշված ստատուսին, օրինակ` «zzvel em amen inchic»: Սրանով հեղինակը կարծես ուղղորդում է մի պահ մոլորության մեջ հայտնված ընթերցողին ու փոքր-ինչ բարձրացնում հանելուկի քողը: Առավել համարձակները դիմում են նոր` պոստմոդեռնիստական ստատուս կերտելու քայլին, որն արդեն բաղկացած է ոչ թե երեք, այլ չորս կետից` «….»: Երբ դա էլ արժանի ճանաչում չի գտնում ընթերցողների շարքերում, հեղինակը դիմում է կուբիզմի ոճին` մեզ ներկայացնելով հետևյալ գործը «???»: Որոշ տեսաբաններ, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, մեկնաբանում են այն հետևյալ կերպ. «Ճղճիմ, երկրային արարածներ զիմ, որ զբաղվածիք լոկ յութուբեն լինկեր քոփիփաստոց ու ունայն «լոլ»-եր բազմացոց, ինչպե՞ս չեք հասկանայք, որ հեղինակն ստատուսի զ’այս կսավառնի էմփիռեյեն»:

(Շարունակությունը` սովորական առոգանությամբ):

Միգուցե… ես… իհարկե… չեմ… հասկանում… բազմակետի ամբողջ խորությունն ու վեհությունը… մի նեղացեք, բայց դե պետք է ախր հաշվի առնել, որ ժամանակակից ընթերցողը միգուցե դեռ պատրաստ չէ նման նորարարական լուծումների ֆեյսբուքային գրականության մեջ:

Շարունակելի:

milena movsesyan

Հաջողության բանալին իմ ականջակալներում

Ես մեկն էի ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող այն ուսանողներից, որ առավոտյան երթուղայինով գալիս են դասի, ճանապարհին ականջակալներով երաժշտություն են լսում, մտնում են լսարան՝ իմանալով, որ այդ առարկայից իրենց մասնագիտության համար օգտակար ոչինչ չեն ստանալու։

Բայց ես հասկանում էի, որ պիտի գիտելիքի պակասը որևէ կերպ լրացնեի։ Ի տարբերություն համակուրսեցիներիս՝ ես ստացածս կրթությունից ոչ թե բողոքում էի, այլ դասախոսներին զզվեցնում՝ անընդհատ հարցեր տալով ու նույնիսկ դասից դուրս՝ սոցկայքերում, մյուս հարցերիս բացատրությունը խնդրելով։

Ես գիտեի, որ լավ լրագրող դառնալու համար պետք է չափից շատ տեղեկացված լինես ու անընդհատ ինքազարգանաս։ Իսկ ես շարքային լրագրող դառնալ չէի ուզում։

Որոշեցի ինքնակրթությամբ զբաղվել։ Բայց ես գրադարաններում երկար ժամանակ չէի կարող անցկացնել. իմ գրաֆիկը գերծանրաբեռնված էր: Առավոտյան ես անգլերենի պարապմունքի էի գնում, հետո համալսարան, երեկոյան էլ աշակերտներս էին գալիս, որ անգլերեն սովորեցնեմ։ Ես պիտի ճիշտ կառավարեի ժամանակս։

Հասկացա, որ ազատ ժամանակ միայն երթուղայինի մեջ եմ ունենում։ Երևանյան խցանումների պատճառով օրվա ընթացքում միջինում երկու ժամ ծախսում էի տանից համալսարան գնալու և վերադառնալու վրա (եթե ուրիշ տեղ էլ էի գնում, ուրեմն ավելի շատ)։ Հենց այդ օրվանից էլ որոշեցի, որ կարելի է տեղեկատվությունը, գրքերն ու դասընթացները տեղափոխել ականջակալներիս մեջ, իսկ տեխնիկան տվեց այդ հնարավորությունը։ Այնտեղ այլևս երաժշտություն չէր հնչում, համենայնդեպս, ոչ ամբողջ ճանապարհի ընթացքում։

Եթե երեկոյան առանց լուրեր լսելու ուժասպառ պառկում էի քնելու, առավոտյան էլ չէի հասցնում ծանոթանալ կարևոր իրադարձություններին, բացը լրացնում էի ավտոբուսում՝ լրատվական ռեպորտաժներ լսելով։ Երբ սպառվում էին բոլոր նորությունները, ես հեռախոսով երգերիս թղթապանակը չէի բացում. չէ՞ որ դեռ պետք է ինքնակրթվեի։ Այս դեպքում էլ ինձ օգնեցին համացանցը, սոցկայքերն ու մի քանի ծրագրեր։ Դրանք հնարավորություն էին տալիս ներբեռնել աուդիոգրքեր, ֆիլմեր, կրթական, զարգացնող վիդեոներ, դասեր ու հայտնի լրագրողների վարած դասընթացներ։ Տանից դուրս գալուց առաջ ես որոշում էի՝ ինչ նոր թեմա եմ ցանկանում ուսումնասիրել, ընտրում էի համապատասխան նյութերն ու պահպանում հեռախոսիս մեջ։ Ճանապարհին իմ ականջակալներում արդեն ոչ թե հազար անգամ լսածս երգերն էին հնչում, այլ ինչ-որ մեկի ձայնը, ով բացատրում էր՝ ինչպես ճիշտ լուսանկարել, ինչպես օգտվել մոնտաժային ծրագրերից կամ ինչպես դառնալ ավելի լավ լրագրող։ Ու այս ամենը ես լսում էի անգլերենով կամ ռուսերենով, որովհետև հայերեն նմանատիպ նյութեր համացանցում քիչ կան։ Այսպիսով ես նաև զարգացնում էի իմ լեզվական կարողությունները։

Ականջակալներով անհրաժեշտ գիտելիք ստանալը շատ հարմար տարբերակ է. դու խնայում ես քո ժամանակը, կարողանում ես մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել և չես փչացնում տեսողությունդ՝ երթուղայինի մեջ գիրքը դողացնելով կարդալով։

Ես լսում էի նորություններ, վերլուծություններ, հարցազրույցներ, հետո՝ խորհուրդներ պրոֆեսիոնալ լրագրողներից, իսկ դրան գումարվում էր համակարգչային նոր ծրագրերի ուսումնասիրությունը։ Ծանոթանում էի այն բոլոր թեմաներին, որոնք հետաքրքրում էին ինձ՝ բիզնեսից մինչև ինքնազարգացում, ժեստերի լեզվից մինչև հաղորդակցման հմտություններ, երթևեկության կանոններից մինչև ճանապարհորդական ռեպորտաժներ։

Հիմա ես ունեմ լավ աշխատանք հեռուստաընկերություններից մեկում։ Եվ սրան հասնելու համար էլ պիտի շնորհակալ լինեմ ինքս ինձնից ու իմ ականջակալներից։ Դրանց շնորհիվ կարողացա խիստ զբաղված գրաֆիկի դեպքում էլ զարգացնել մասնագիտական հմտություններս, մեծացնել մտահորիզոնս, հետ չընկնել կատարվող իրադարձություններից։

Ես մասնակցեցի լրագրողական մի մրցույթի ու հաղթեցի։ Ես վստահ էի անհրաժեշտ ունակություններիս ու հմտություններիս հարցում և հավատում էի իմ հաղթանակին, իսկ երբ ինքդ հավատում ես, մյուսներին համոզելը շատ հեշտ է լինում։

Այսօր առանց ականջակալների երթուղային չեմ նստում։ Մարդկանց անձնական խնդիրներին, վարորդի և ուղևորի վեճերին, հայհոյանքներին ականջ դնելու փոխարեն գերադասում եմ ամեն վայրկյան մի նոր բան սովորել։

seda mkhitaryan

Մեդիաքննադատի կերպարը

Մեդիաքննադատի մասնագիտության առանձնահատկությունները

Մեդիաքննադատի աշխատանքը, որքան հետաքրքիր, նույնքան էլ «վտանգավոր» է։

Մեդիաքննադատությունը, ինչպես ցանկացած քննադատություն, միատոն չի ընդունվում։ Մեդիաքննադատը խոսում է նյութի մասին և մատնանշում դրա լավ ու վատ կողմերը։ Բայց ոչ բոլորին է դուր գալիս, երբ նրանց սխալները մատնանշվում են։ Իհարկե, կլինեն լրագրողներ, որոնք ուրախ կլինեն և այդ քննադատությունը կընդունեն որպես խորհուրդ։ Մեդիաքննադատը պետք է իր քննադատության համար հիմք վերցնի փաստերը, իհարկե չմոռանալով, որ յուրաքանչյուր փաստարկ ունի հակափաստարկ։ Լրագրությունը իր ամբողջության մեջ պետք է ձգտի օբյեկտիվության, բայց այն, այսպես ասած, անկախ իր կամքից սուբյեկտիվ է։ Այս առումով մեդիաքննադատի աշխատանքը ավելի սուբյեկտիվ է, քանի որ արդեն իսկ լրագրողի կարծիքի հետ չի համընկնում։ Լինելով սուբյեկտիվ աշխատանք՝ մեդիաքննադատությունը պետք է միտված լինի օբյեկտիվության և պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը։

Մեդիաքննադատի կերպարի առանձնահատկությունները

Մեդիաքննադատը իր գործունեության շրջանակով, փորձով և տեղեկացվածության մակարդակով պետք է լինի ավելի բարձր աստիճանի վրա, քան այն մարդը, ում նա քննադատում է։ Այս առումով մեդիաքննադատը ինքը պետք է մինչ այդ աստիճանին հասնելը ենթարկված լինի քննադատության և աշխատանքի ընթացքում ևս քննադատվի։ Կարծում եմ՝ այդ շղթան պետք է շարունական լինի, մեդիաքննադատը քննադատի լրագրողին, իսկ մեդիաքննադատին ևս լինի քննադատող։ Իսկ այս շղթայի վերջին օղակը լինի հենց սպառողը։

Մեդիաքննադատի տարիքը ևս կարևոր է։ Իհարկե սա միանշանակ չէ, բայց մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում երիտասարդներին։ Մեդիաքննադատը պետք է լինի օրինակելի, պրոֆեսիոնալ։

Մեդիաքննադատի աշխատանքի դժվարությունները

Մեդիաքննադատի աշխատանքը դժվար է այնքանով, որ հաճախ «քննադատվողները» նրա գործընկերներն են, նախկին գործընկերները և ծանոթները։ Սա կարող է ազդել նրա աշխատանքի օբյեկտիվության վրա։

Մեդիաքննադատի խնդիրը Հայաստանում կարելի է համարել այն, որ հասարակությունը հետաքրքրված չէ նրա աշխատանքով։ Մեդիագրագիտության պակասի պատճառով հասարակությունը չի հետևում մեդիաքննադատությանը, նրանց մի մասը ակտիվ մեդիասպառող է, բայց մեր օրերում մարդիկ ժամանակ չունեն վերլուծություն և քննադատություն կարդալու։ Իսկ այս փաստը մի տեսակ անիմաստ է դարձնում մեդիաքննադատի աշխատանքը։

Այնուամենայնիվ, մեդիաքննադատների կատարած աշխատանքը կարևոր է լրագրողների համար։ Ընդունելի լինի այդ քննադատությունը, թե ոչ, այն անհրաժեշտ է։ Լրագրողները հաճախ ուշադրություն չեն դարձնում հասարակ մարդկանց քննադատություններին, և մեդիաքննադատը այս առումով կարելի է ասել հասարակության ձայնն է, որը միշտ հաշվետու է պահում լրատվական դաշտի ներկայացուցիչներին։

Laura Yesayan

Մեր ապրելու և արարելու ցանկությունը

Ձեզանից քանի՞սը գիտեն, որ քաղաք Իջևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Այգեհովիտ գյուղը, նույն ինքը՝ Ուզունթալան (թարգմանությամբ՝ երկար բացատ): Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կապ ունեն Այգեհովիտ և սահմանամերձ բառերը միմյանց հետ, կներկայացնեմ մի քանի ստույգ տվյալներ:

Այգեհովիտ գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին, իսկ վերջինիս հետ սահմանը ընդամենը 12 կիլոմետր է: Դե, երևի այս տվյալներն էլ ոչինչ չեն ասի ձեզ, մինչև չլսեք կրակոցի ձայներն ու չտեսնեք սահմանը:

Թե երբ է հիմնադրվել գյուղը, կամ ովքեր են եղել նրա առաջին բնակիչները, դեռևս անհայտ է, քանի որ ոչ մի պատմական աղբյուր այդ մասին ոչինչ չի հայտնում: Ոմանք այն կարծիքին են, որ գյուղի բնակիչները եկվորներ են, ովքեր ներգաղթել են Լեռնային Ղարաբաղից 16-18-րդ դարերում: Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1837 թվականին ծնված Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր «Տեր Սարգիս» վեպում նշում է, որ ներկայիս գյուղի բնակիչները բնակվելիս են եղել ներկայիս Կայան անունը կրող տարածքում, որը այն ժամանակ կոչվել է Ճալա: Հետագայում, մոտավորապես՝ 18-րդ դարի երկրորդ կեսից, գյուղի բնակիչները բարձրացել են դեպի անտառի փեշերը և ճալա գյուղից դեպի հարավ ՝ երեք կիլոմետր հեռավորության վրա, հիմնել են նոր գյուղ և այն անվանել Ուզունթալա:

Ամենաուշագրավ փաստը Այգեհովիտի մասին այն է, որ մինչև այսօր Այգեհովիտ գյուղի անտառում՝ մի գեղատեսիլ վայրում, որտեղից էլ ի դեպ պարզ երևում է սահմանը, կանգնած է 12-13-րդ դդ-ում կառուցված անտառի զարդը՝ Սուրբ Սրվեղը: Վանքը կառուցվել է Վրաստանի արքունիքում ծառայած Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների օրոք: Խորհրդային տարիներից այն այլևս չի գործել, զրկվել է հատուկ խնամքից և ժամանակի ընթացքում ավերածությունների ենթարկվելով դարձել է կիսաքանդ հուշարձան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վանքը վերանորոգելու ուղղությամբ:

Այսօրվա Այգեհովիտ համայնքն ունի 3700-ից ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և նաև մշակաբույսերի աճեցմամբ:

Բնակավայրում կա 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հացի փուռ, խանութներ, մշակույթի պալատ, մարզադաշտ, և այլն:

Այստեղ կյանք կա, այստեղ ապրելու ու արարելու ցանկություն կա, այստեղ մարդիկ կերտում են իրենց և իրենց երեխաների ապագան՝ չվախենալով ոչ թշնամու կրակոցից, ոչ էլ որևէ այլ խոչընդոտից: Անցած անգամ էլ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ գնալու եմ սովորելու ու հետ գամ Ճալես կամ Ուզունթալաս, իսկ ավելի ճիշտ՝ իմ սիրուն Այգեհովիտը:

margarita voskanyan lori

Սոցիալական գործոն՝ ընտանիք

Սոցիալականացումը մարդու զարգացումն ու կատարելագործումն է ողջ կյանքի ընթացքում՝ շրջակա միջավայրի հետ փոխգործակցությամբ, սոցիալական նորմերի և մշակութային արժեքների յուրացման և վերարտադրության գործընթացում, ինչպես նաև ինքնազարգացում և ինքնաիրացում այն հասարակությունում, որին նա պատկանում է։ Սոցիալականացման գործոնները մարդու վրա ներգործող պայմաններ են։ Ըստ Ա. Մուդրիկի՝ սոցիալական գործոնները դասակարգվում են 4 հիմնական խմբերի.
1) Մեգագործոններ՝ տիեզերք, մոլորակ, աշխարհ
2) Մակրոգործոններ՝ երկիր, ազգ, պետութուն
3) Մեզոգործոններ՝ բնակության վայր, տեղանք, ԶԼՄ-ներ
4) Միկրոգործոններ՝ ընտանիք, դպրոց, հասակակիցներ։
Միկրոգործոնները անմիջականորեն ներազդում են մարդու վրա։ Միկրոգործոններից որպես ամենից կարևոր կարող ենք առանձնացնել ընտանիքը։ Ընտանիքը այն սոցիալական միջավայրն է, որտեղ սկսվում և շարունակվում է մարդու սոցիալականացումը։ Ընտանիքը ազգի դիմագիծն է։ Այն կատարում է մի շարք գործառույթներ. վերարտադրողական, տնտեսական, սոցիալական, դաստիարակչական։
1) Վերարտադրողական- ապահովում է սերունդների շարունակությունը ընտանիքում և լուծում ազգի գոյապահպանության խնդիրը։
2) Տնտեսական գործառույթ- յուրաքանչյուր ընտանիքի բնորոշ է միկրոտնտեսություն վարելու առանձնահատկություններ, ծնողների աշխատանքային գործունեության հաշվին ձևավորվում է որոշակի բյուջե։ Ընտանիքի տնտեսական վիճակը ուղիղ համեմատական է պետության տնտեսական վիճակին։
3) Սոցիալական գործառույթ- յուրաքանչյուր ընտանիքում ծնողները պարտավոր են երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ նորմալ ապրելու, զարգանալու, սովորելու, աշխատելու, հանգստանալու համար։
4) Դաստիարակչական գործառույթ- բարոյական, գեղագիտական, իրավական նորմերի, ինչպես նաև մարդասիրական արժեքների սերմանում և սեռային առանձնահատկությունների, մտածելակերպի, վարքագծի դաստիարակում։
Ընտանիքը բացառիկ և ազդեցիկ դեր ունի անձի ձևավորման, զարգացման, դաստիարակության և կրթության վրա։ Այսօր հայ ընտանիքին մի շարք մարտահրավերներ են նետված, որոնք կարող են արմատապես խարխլել այն, բայց ընտանիքը բոլոր ճիգերը գործադրելով՝ շարունակում է և փորձում է կայուն մնալ՝ որպես մեր պետության պահպանման կարևոր գրավական։

ani galstyan

Մենք ակտիվ ենք

Ահա և նոր ուսումնական տարին… Արդեն հոկտեմբերի կեսն է, բայց սեպտեմբերյան նոր ոգևորվածությունն ու հուզմունքը դեռևս մտապահվում է մեր դպրոցի պատմության մեջ։

Նոր ուսումնական տարին հիշարժան դարձնելու համար բոլորը ձեռնամուխ եղան աշակերտական խորհրդի ընտրությունների կազմակերպմանը։ Ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել 3 աշակերտ՝ ես (10 դաս.), Դավիթ Սանոսյանը (11 դաս.) և Աննա Մխիթարյանը (12 դաս.)։ Սեպտեմբերի 25-ին սկսվեց քարոզարշավը։ Յուրաքանչյուրիս ծրագիրն ուներ լավ ու կրեատիվ առաջարկներ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին լսում ծրագրերը ու իրենց հետաքրքրող հարցերն ուղղում մեզ։

Սեպտեմբերի 27… Օրն ամբողջովին հագեցած էր թեկնածուների լարվածությամբ։

Եվ ահա, վերջապես ամփոփվեցին ընտրությունների արդյունքները։ Մեկը մյուսի հետևից բացվում էին քվեաթերթիկները։

Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Աշոցքի միջնակարգ դպրոցի Աշակերտական խորհրդի ընտրություններում հաղթող ճանաչվեց Աննա Մխիթարյանը։

Այս ուստարում սպասում ենք հետաքրքիր արտադպրոցական և ներդպրոցական միջոցառումների։

Nare Varujani

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո

Դու իմ հականիշը եղար ամեն անգամ.
Չհամընկան մեր ժամանակները երբեք.
Իմ օրերը քեզնով վառվեցին ու հանգան,
Քո նորերը եկան ու հեռացան մեկ-մեկ։

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո,
Չհատվեցին մեր հնչերանգները թերի,
Օժանդակ բայի պես մեկ առաջ, մեկ էլ ետ,
Դու` անցյալ կատարյալ, ես` ներկա, բայց թերի…

Դու իմ հականիշը եղար, եղար ուրիշ,
Չունեցանք միևնույն իմաստը մենք երբեք,
Բայց ի՞նչ, որ կյանքում լինենք թեկուզ հականիշ.
Մի՞թե սառած մատներին կրակ չէ հենց պետք։

***

Արի անկեղծ լինենք.
Գիշերն ու ցերեկը չեն հանդիպում երբեք,
Ինչպես չեն հատվում երկու զուգահեռները,
Ու չի հասնում ծովը երբեք երկնքին։
Ինչպե՞ս եղավ, որ մենք գիշեր ու ցերեկ չենք,
Բայց չենք հանդիպում,
Զուգահեռ ուղիղներ չենք,
Բայց չենք հատվում,
Ծով ու երկինք չենք,
Բայց չեն խառնվում մեր հոգու կապույտները…
Եթե դու կրակ ես,
Ես կուզեի ծուխ լինել,
Եթե դու գիշեր ես,
Ես կուզեի մութ լինել,
Եթե դու ձմեռ ես,
Ես կուզեի ձյուն լինել,
Եթե դու սուտ ես այս կյանքում,
Ես կուզեի անգամ այդ սուտը լինել,
Միայն լինեինք անբաժան ու կապված,
Լինեինք միասին ու ուժեղ,
Լինեինք ոչ թե զուգահեռներ,
Այլ միշտ միևնույն կետից դուրս ելնող,
Միշտ միևնույն գծով քայլող
Ու միշտ նույն կետում հատվող
Ինչ-որ մի պատկեր,
Որ գուցե անգամ գոյություն չունի։
Իսկ թե գոյություն չունի,
Թող խախտվեն բոլոր թեորեմները
Ու այսուհետ թող հատվեն բոլոր,
Բոլո՜ր զուգահեռները,
Իրար սրտից կապույտ խմեն ծովերն ու երկինքները բոլոր,
Ու հանդիպեն ցերեկն ու գիշերը,
Թեկուզ վերջալույսին…
Այնժամ ես կուզեմ անգամ
Աղոտ վերջալույսը լինել քո կյանքի այգաբացի…

***

Արի՛ ուժեղ լինենք.
Ես քո աչքերի մեջ այնքա՜ն կարոտ ունեմ բանտած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Դու իմ աչքերի մեջ այնքա՜ն արցունք ունես ցանած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Միմյանց բաշխած մեր ցավի գնով
Մենք կապված ենք հազար ցավով,
Հազար տարով մենք կապված ենք ցաված սիրով,
Ու մեր աչքերն այսօր
Այնքան հպարտ ու այնքան վեհերոտ
Բարձրանում են դեպի հորիզոն
Ու կանգ առնում մի կետում,
Որ ո՛չ նայում ենք իրար, ո՛չ  չենք նայում…
Արի՛ չվախենանք.
Ես չեմ սիրում կիսատ կետեր,
Կիսատ հայացքներ ու կիսատ տկարություն,
Ես չեմ սիրում կիսատ ցավեր ու կիսատ սերեր,
Կիսատ վախեր ու կիսատ հպարտություն…
Եվ թող քո աչքերը բնավ չամաչեն.
Դու այնքան մաքու՜ր ես եղել,
Խոնարհվող կոպերիդ մեջ  թող չկորչեն.
Դու այնքան ազնի՜վ ես եղել։
Իմ աչքերի մեջ քո աչքերը թող
Գտնեն ոչ թե նախատինք,
Այլ… մի տխուր հեգնանք,
Թե այս ինչպե՞ս եղավ, որ
Իրար այսքան խոցելուց,
Իրար այսքան կորցնելուց,
Իրար այսքան փրկելուց հետո
Մենք վախենում ենք…
Արի՛ ուժեղ լինենք.
Երբ աչքերիս մեջ նայելուց վախենաս,
Հիշի՛ր` այս աչքերն ինչ-որ մի օր ներել են քեզ…

***

Դու իմ`քարտեզի չգծված սահմանագիծ,
Ոչ մի տեղ չտանող դու իմ  շեղ արահետ,
Ինձ դուրս հանեցիր իմ կյանքի ճանապարհից,
Քո  սահմանն իմ առջև փակեցիր  առհավետ։

Հիմա ի՞նչ քարտեզ քայլերս պիտի գծեն,
Որ չհատվեմ քո թռիչքին ոչ մի կետում,
Փախուստներս ի՞նչ աշխարհ ինձ պիտի գցեն,
Որ չհետապնդի ինձ մի նոր հանդիպում։

Ես ուզում եմ` իմ նոր աշխարհում չլինես,
Եվ ուզում եմ հաղթել փախչողի այս դերում,
Բայց եթե դու կաս, ուրիշ էլ որտե՞ղ լինես.
Պարտությունս ինձ նորից քո սահման է բերում։

***

Ձեռքերիս թափված տաք սուրճի նման
Դու և՛ ափսոս ես, և՛ վրիժառու,
Իսկ ինձ մնում է լվացվել միայն`
Քեզ և՛ օրհնելով, և՛ անիծելով…
Հետո մի կարմիր մրմուռ կմնա,
Որպես կնիքը այն համեղ սուրճի,
Որի միայն բույրը հասավ դեմքիս,
Իսկ համը մնաց ձեռքերիս վրա…
Դու այդպես ես, նման թափված սուրճի,
Թերևս սրճամոլը հասկանա.
Ինչքան էլ ցավոտ է վառած ձեռքը,
Թաքուն ափսոսում ես սուրճն ավելի…

***

Աչքերիս միջով մի օր դու անցար.
կոպերս դողով քեզ կուլ տվեցին,
Բոլոր գույներս հերթով  գողացար,
Աչքերս գինով ու կույր մնացին։

Թող այսպես խավար ու հարբած մնամ,
Միայն կոպերս չզարթնեն քնից,
Որ հեռանալդ հանկարծ  չիմանամ,
Որ չազատվես էլ աչքերիս գրկից։

Երևանյան պատմություն

«-Համմե՞,- կանգնած գոռում էիր դու ձեր տան դռան բռնակը ձեռքումդ, դուռը՝ կիսափակ։

-Ոչ մի բան, ռադդ քաշի,- ներսից ուրիշ ծիծաղող ձայն բացականչեց, ու դու դուռը փակեցիր ու սկսեցիր իջնել աստիճաններով։

Ես արդեն մի քանի քայլ արել էի, տեսնես՝ դու ինձ մեջքից հիմա նայո՞ւմ ես։ Մտածում ես՝ տեսնես էս ով են նոր հարևանները։ Էն ձայնն էլ քույրդ էր երևի, ջահել աղջկա ձայն էր։ Դեմք ես բայց հա, պատկեր, դուռը կիսաբաց՝ բոլորի համար գոռում ա, թե բա՝ համմե»։

«Էս տունը էլի առնող եղա՞վ։ Վայ քո։ Ինչ էլ խուճուճն ես, վազի, վազի, դեմքդ հետո կտեսնեմ։ Էս էլի դո՞ւ ես, նույն կանգառն ենք գալիս, նույն շենքից։ Ուղիղ դիմացի հարևան։ Տեսնես՝ ո՞նց եղավ, որ էդ տունն առաք։ Ոչխարիկ ես էդ մազերովդ»։

***

-Իմացա՞ք, մեր դիմացի տունն առել են։

-Հա, մամ, ես էլ էսօր տղա եմ տեսել մի հատ խուճուճ դուրս եկող։ Գառան նման էր, արագ էր քայլում։

-Տեսնես՝ ոնց են «հարիֆացրել», էդ տունը ծախել, չնայած՝ էդ կինը մեղք չուներ։

-Բլո՞նդը։

-Հա, էն որ մինչև իրանց էին։ Այ իրանց նախորդներն էին մեղավոր։ Հանցագործություն, էլի։ Տունը բռնեցին կիսեցին, էդ ահավոր բնակարանը սարքեցին, որ ծախեն։ Ո՞վ էր թույլ տվել։ Դա հո էսպես նախատեսված չի։

-Տեսնես զուգարան կարողացե՞լ են քաշեն։

-Դե բա հո առանց զուգարան չի լինի։ Ուղղակի՝ Աստված գիտի, թե ինչ պրոբլեմներով։ Իրենք էդ անելու իրավունք չունեին, արեցին, ու հիմա ամեն առնող մտածում ա մենակ ոնց անի, ում գտնի՝ ծախի։ Կարա՞ս մեղադրես․ չես կարա։ Էդ կինն էլ վատ կին չէր։ Ասում էին՝ մարդը խաղամոլ էր։

-Այ կնիկ, քեզ էդ բամբասանքները որտեղի՞ց, ամբողջ օրը գործի ես։

-Շենքի խանութից։ Բոլոր նորությունները միայն շենքի խանութից։ Հիմա էլ մի կին ա՝ երկու տղաների հետ։ Ձեր տարիքի են ոնց որ, ջահել երեխեք են։ Ծառայած էլ են կարծեմ։

-Հա, մեկն էլ գառի էր նման, երեկ տեսել եմ․․․

***

«Քիչ ա նույն կանգառն ես գալիս, մի հատ էլ հետս նույն տրանսպորտն ես նստում։ Տեսնես ախպերդ է՞լ ա քո նման գառ։ Կոշիկներդ շատ վատն են, է»։

«Համմե-ն ա։ Դու ուր ես գնում էս «մարշրուտնով»։ Կարո՞ղ ա Սլավյանսկի ես սովորում։ Չէ հա։ Ափսոս էս անտերը սաղ ազատ էր։ Տեղ չլիներ նստելու, ես էլ քեզ տեղս զիջեի, աչքդ մտնեի։ Հարևան ենք վերջիվերջո։ Չնայած՝ մաման ուզում ա տունը ծախի։ Չե՞ս կարա կինոների նման մի հատ աղաման վերցնես, գաս, թե բա՝ ես ձեր հարևանն եմ։ Կամ աղ տուր, կամ ուզի, մեկ ա՝ ես մեր աղի տեղը չգիտեմ»։

«Խեղճեր։ Տեսնես արդեն հասկացե՞լ եք, որ ձեզ խաբել ու էս անաստված տունը «նաղդել» են վրներդ։ Դեռ ձեզ ինչե՜ր են սպասվում էդտեղ։ Այսինքն՝ ես ընդհանրապես խաբար չեմ, ինչեր են սպասվում։ Սաղ էդ շենքի տակի խանութն ա»։

***

-Էս խեղճերի տունը նույնիսկ համար չունի, տեսե՞լ եք։

-Համար որտեղից ունենա, եթե գոյություն չունեցող բնակարան ա։ Էստեղ նախատեսված ա երկու բնակարան, բռնել սարքել են երեքը։

-Էսօր իրանց համար ջրի տեսուչ էր եկել, ես էի բացել դուռը։ Ասեց` բա էս բնակարանի համարը որն ա, չգտեի՝ ինչ ասեմ։ Թարս նայեց, ասեց, որ եթե տեսնեմ, ասեմ՝ զանգեն տեսուչին։ Մամ, որ էդ կնկան տեսնես՝ կասես։

-Որտե՞ղ պիտի տեսնեմ։

-Որտեղ տեսնես, ես ի՞նչ իմանամ։ Բա հո ես էն գառանը չե՞մ ասելու։

***

«Ո՞ւր ես է գնում ամեն օր էս ժամին։ Տեսնես՝ դասի, թե գործի։ Ինչ ախմախ ռուսական երգ ես լսում, ոնց որ ժողովրդական լինի։ Համմե՞։ Պատկեր ես էդ «համմե»-ով։ Կարամ ասեմ՝ ինչ հետաքրքիր երգ եք լսում, ես էլ եմ սիրում ռուսական ժողովրդական երգեր։ Կասես՝ ինչ իմացաք, ինչ եմ լսում։ Կասեմ՝ հեռախոսիս մեջ ծրագիր ունեմ, որ ցույց ա տալիս, թե մոտակայքի հեռախոսներով հիմա ինչ երգ ա միացրած, մեկ-մեկ սիրում եմ նայել։ Հիմա նայեցի, հետաքրքրեց, որ դուք նույն բաներն եք լսում, ինչ ես։ Կասես՝ ի՞նչ ծրագիր ա։ Կասեմ՝ ես եմ գրել ճիշտն ասած, ու գցել եմ հեռախոսս։ Կմտածես՝ ծրագրավորող եմ, աղջկերքը ծրագրավորողներին սիրում են։ Էլ չես էլ իմանա, որ էդ անտեր ականջակալներիցդ երգը նենց ա գոռում, որ սաղ «մարշրուտնին» գիտի, թե դու ինչ ես լսում, ուր մնաց՝ ես, որ դեմդ եմ նստած։ Արժեր մի երկու բան հնարել քեզ համար, նույնիսկ, որ ծրագրավորող եմ։ Ինձնից ի՞նչ ծրագրավորող։ Շատ գեշն ես, է։ Չաղո»։

«Դու ո՞ւր ես գնում ամեն օր տեսնես իմ երթուղայինով։ Էստեղ մոտիկ ինչ կարաս աշխատես։ Օպտիկայո՞ւմ։ Չէ հա։ Երևի Սլավյանսկի ես սովորում։ Բայց դեմքիցդ հեչ չէի ասի, որ ռուսերեն ընդհանրապես գիտես։ Եսիմ, շատ սև ես։ Ու գառ»։

***

«Էս աղամանը վայթե վերցնեմ հետս, որ երբ քեզ տեսնեմ էլի «մարշրուտնում», ասեմ՝ ես ձեր հարևանն եմ, աղ կտա՞ք։ Դու ձեր աղի տեղը հաստատ կիմանաս։ Խոսքի` հանես պայուսակիցդ, տաս։ Տրանսպորտի մեջ։ Ես կխնդամ, դու էլ կխնդաս։ Իրար հետ կխնդանք, հարևանություն կանենք։ Կարամ անունս ասեմ՝ ծանոթանանք։ Բայց չեմ ասի։ Մեկ ա՝ դու էլ ես մտքումդ ինձ ինչ-որ մականուն դրել, ոնց որ ես քեզ՝ Համմե։ Չաղո էլ ես, բայց քո մասին մտածելիս քեզ մեկ ա Համմե եմ ասում։ Պատկեր ես քո «համմե»-ով»։

«Առաջին անգամ, որ ինձ տեսար, մեր դռան մոտ գոռում էի քրոջս վրա։ Տեսնես՝ ինչ ես մտածել։ Տեսե՞լ ես ինձ ընդհանրապես։ Երևի, էլի։ Դժվար թե տեսած չլինես։ Երևի մի յոթ տարի իրար հետ կգնանք-կգանք, բայց չենք ճանաչի իրար։ Չեմ զարմանա, որ վաղը դուռը ծեծես, ասես՝ կանգառ եմ գնում, գալի՞ս ես»։

***

«Հեսա գալու եմ դուռը ծեծեմ, ասեմ՝ կանգառ գալի՞ս ես։ Մեկ ա՝ իրար հետ ենք գնում, նույն բանն էլ նստում ենք։ Տեսնես՝ քո ախմախ ռուսական երգերը կանջատե՞ս հետս խոսալու համար։ Լավ է, ինչ խոսալ։ Գեշ ես։ Բայց էսօր հաստատ խոսելու եմ հետդ»։

«Տեսնես, որ մի ութ տարվա հարևան լինենք, կխոսա՞նք իրար հետ։ Չնայած՝ ի՞նչ ութ տարի, էդ տանը ոչ ոք էդքան չի դիմանում։ Դուք էլ մի բան կմտածեք, էնքան թե չմնաք։ Գնացեք, փրկվեք։ Տեսնես՝ ախպերդ է՞լ ա քո պես գառ»։

***

-Տեսա՞ք շենքի մոտի բեռնատարը։

-Ի՞նչ ա որ։

-Էս դիմացիններն են տեղափոխվում։ Երևի իրանք էլ հաջոդ զոհին են գտել։

-Կարող ա վարձով են տալիս։

-Վարձով էլ ոչ ոք չի մնա։ Երևի ցածր գին են դրել, ինչ-որ մեկը խաբվել ա, որոշել ա առնի։ Չես կարա մեղադրես, էդ տանից բոլորն էլ փորձելու են փախչել։ Տեսնենք՝ հաջորդը ով կլինի։ Լավ կին էր, հուսով եմ՝ լավ տուն են գտել։

-Մամ, կյանքում հետը խոսացած չկաս։

-Հա, ի՞նչ անենք, վրայից երևում էր՝ ինքն էլ էր լավը, տղաներն էլ․․․

old-newspapers

Անջելո Պետրոզինո

Իտալացի գրող, լրագրող, թարգմանիչ Անջելո Պետրոզինոն 1969 թվականից տարրական դասարանների ուսուցիչ էր աշխատում: Ուսուցչական կարիերան սկսելուց քսան տարի անց միայն նա որոշեց գրել իր առաջին գիրքը երեխաների համար: «Կարատեի տենդը» գրքի հերոսները հենց նրա աշակերտներն են: 1991-ին լույս է տեսնում «Մեկ տարի Ջեսսիկայի հետ» շարքի առաջին գիրքը: Գրողը խոստովանում է, որ այս ստեղծագործությունն իր կարիերայում ամենակարևորն է: Վեց գրքից բաղկացած շարքը պատմում է Ջեսսիկա անունով աղջկա կյանքի վեց տարիների մասին: Բայց Պետրոզինոյի ամենահայտնի գործը Վալենտինայի մասին պատմող գրքաշարն է: Այն գրված է հումորի զգացումով, ինչը գրողը համարում է իր ստեղծագործությունների գլխավոր հատկանիշներից մեկը: Ձեզ ներկայացնում ենք Անջելո Պետրոզինոյի չտպագրված պատմություններից երկուսը, որոնք տեղ են գտել նրա գունագեղ կայքում:

 

Պապիկներն ու պատմությունները

- Ա´նջելո, ժամանակն է:

Բացում եմ աչքերս, հորանջում, տեսնում պապիկիս ոլորված բեղերը և կամաց-կամաց հասկանում, թե որտեղ եմ: Ես կծկված եմ երկու ծերունիների մեծ մահճակալին, որոնք ինձ հաճախ են հյուրընկալում, որովհետև իմ տանը կա´մ չափազանց շոգ է, կա´մ չափազանց ցուրտ:

Պատուհանի կիսաբաց փեղկերից թույլ լույս է թափանցում: Գիշերն ավարտվում է:

- Ժամը քանի՞սն է,- հարցնում եմ:

- Չորսը, բայց եթե չես ուզում…

- Ուզում եմ, ուզում եմ…

Անկողնուց ներքև եմ ցատկում, հագնում եմ կարճ տաբատս ու ֆուֆայկաս, տատիկս սառը ջուր է լցնում արծնապատ տաշտի մեջ, ջրով շփում եմ աչքերս և ականջներս:

- Ահա, ես պատրաստ եմ,- ասում եմ:

- Վերցրու´, մի քիչ գարու ըմպելիք խմիր,- ասում է տատիկս:

Պապիկս արդեն պատրաստել է ուսապարկը: Ներսում հաց է, պանիր, ձիթապտուղ և լոլիկ:

- Ես կտանեմ,- ասում եմ:

Գցում եմ ուսիս և դուրս գալիս փողոց:

Հունիսյան առավոտ է, ես ինը տարեկան եմ, և ծիծեռնակներն արդեն գործի են անցել այգեբացի մեղմ լույսի տակ:

- Ու՞ր ենք գնում- հարցնում եմ:

- Ագարակատեր Կարմինեի հողամասը:

Ճանաչում եմ այն: Ուրիշ անգամներ էլ եմ այնտեղ եղել: Արագացնում եմ քայլերս՝ մտածելով քարե ցածր պատերով շրջապատված դաշտի մասին:

Օդը մաքուր է, իսկ երկինքը՝ պարզ: Ավելի ուշ շոգը կընկնի, և արևը մողեսներին կգամի քարերին:

Պապիկս շոյում է բեղերը և ասում.

- Ինձ երեք ժամը բավական է մի քանի բույս տնկելու համար: Հետո տուն կտանենք թարմ կաթ և մի թաշկինակ թուզ:

Կես ժամից արդեն հողամասի մոտ ենք: Պապիկս ներս է մտնում, հասնում է մարգին, որը վստահվել է իրեն, հանում է պիջակը, ծալում վերնաշապիկի թևքերը, վերցնում է ուրագը, մատով փորձում է շեղբը և ասում.

- Նստի´ր այն ծառի տակ:

Տեղավորվում եմ նշենու տակ, որը պապիկս ցույց էր տվել, և սպասում:

- Քեզ պատմե՞լ եմ այն ժամանակվա մասին, երբ ինձ հանձնարարել էին վառել ծովի ափի լապտերները,- սկսում է պապիկս:

- Ոչ,- ստում եմ ես:

- Ուրեմն լսիր:

Լապտերների պատմությանը կհետևի սատանայի պատմությունը, որը թաքնվում է զառիթափերի դիմացի քարանձավներում, հետո՝ ուրվականների պատմությունը, որոնք վնասում էին դաշտերը պատերազմի ժամանակ, տատիկի պատմությունը, որ մենակ էր ծննդաբերել, մեռածների պատմությունը, որ մասնակցում էին կեսգիշերային պատարագին:

Իսկ հետո ո՞վ գիտե՝ քանի ուրիշ պատմություններ կհետևեն, մինչ պապիկս փխրեցնում է հողը, հարթեցնում մարգերը, պոկում մոլախոտերը, հոտ քաշում եղեսպակից և շոյում լոլիկի թփերը:

Արևն արդեն հորիզոնից բարձր է, օդը լի է թռչունների ճիչերով և թռիչքներով, ես նստած եմ ծառի տակ, փակել եմ աչքերս և լսում եմ:

Դեռ անգիր հիշում եմ պապիկիս պատմությունները, ինքս ինձ համար կրկնում եմ դրանք Իտալիայի ու Եվրոպայի ճանապարհներով անցնելիս, պատմում եմ դրանք նրանց, ովքեր նրան չեն ճանաչել և ինձ հարցնում են, թե ինչու եմ գրող դարձել:

 

Թերթի էջ և մի սովորական հերոս

Լինոյի մայրիկը շաբաթվա ընթացքում ամենաքիչը երեք անգամ թարմ ձուկ էր գնում: Եվ Պորպորա փողոցի ձկնավաճառի համար նա լավ հաճախորդ էր:

- Հաջորդ անգամ էլ ինձ մոտ կվերադառնաս, խնդրում եմ,- ասում էր նրան այդ մարդն ամեն անգամ:

- Չկասկածես,- հավատացնում էր նրան Լինոյի մայրիկը:

Լինոն ձուկ այնքան էլ չէր սիրում՝ բացի անչոուսներից և սարդինաներից: Բայց երբ մայրիկը վերադառնում էր շուկայից, Լինոն անմիջապես վերցնում էր թերթի էջը, որի մեջ ձուկը փաթաթված էր լինում:

- Կարելի՞ է իմանալ՝ ինչիդ է պետք: Զզվելի հոտ է գալիս, պետք է դեն նետել,- ասում էր մայրիկը:

- Միայն մի հայացք կգցեմ,- ասում էր Լինոն:

Թերթի էջը կախարդական էր: Լինոն անմիջապես ամսաթիվն էր փնտրում, և ինչքան հին լիներ թերթը, այնքան ավելի երջանիկ էր նա:

Երբեմն ձուկը փաթաթված էր լինում թերթի էջերի մեջ, որը հինգ տարի առաջ էր տպագրվել:

Լինոն ութ տարեկան էր, և երբ այդ թերթը լույս էր տեսել, նա դեռ մանկական շիլաներ էր ուտում:

Այդ ժամանակ նա փակվում էր իր սենյակում, պառկում էր մահճակալին և կարդում էր էջերը, որոնցից լորձունքի ու ձկան հոտ էր գալիս. «Երկրաշարժ Թուրքիայում: Հարյուրավոր զոհեր»:

Լինոն փակում էր աչքերը, նորից բացում և հայտնվում էր մի շենքի առջև, որը քանդվել էր թղթե տնակի նման: Օդում այրվածքի հոտ էր տարածված, մարդիկ շրջում էին ավերակների մեջ շշմած հայացքով, ուղղաթիռները պտտվում էին վերևում, սկրեպեր մեքենաները մոլորված կանգնում էին վտանգավոր պատերի առջև:

- Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել,- հարցնում էր Լինոն «Կարմիր խաչից» մի մարդու, մի այլայլված ոստիկանի կամ մի արտասվող կնոջ:

Բայց ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում:

Լինոն խցկվում էր ավերակների մեջ, շոշափելով ուղի էր գտնում և փրկում էր մի կատվի կամ մի երեխայի, որ կրծքին էր սեղմում իր սիրելի խաղալիքը:

- Քեզ ինչպե՞ս հաջողվեց,- հարցնում էին նրան փրկարարները:

- Լավ լսողություն ունեմ և ոչնչից չեմ վախենում:

- Շնորհավորում ենք, դու հերոս ես:

Թերթերն ու հեռուստատեսությունը լուսաբանում էին դեպքը, իսկ Լինոն իրենց տուն էր տանում կատվիկին կամ դառնում էր իր փրկած երեխայի ընկերը:

Եթե թերթը, որով փաթաթված էր ձուկը, խոսում էր բանկի կողոպուտի մասին, Լինոն խորը շունչ էր քաշում, և գրեթե անմիջապես հայտնվում էր բանկում, որը հարձակման էր ենթարկվել:

- Ցած դրեք ատրճանակները և հանձնվեք,- բղավում էր նա երկու դիմակավոր ավազակներին, երբ նրանք դուրս էին գալիս բանկից այն բանից հետո, երբ վնասազերծում էին ոստիկանին, որն իզուր տեղը վիճում էր կապված բերանով: Հնարավոր է՝ նրանցից մեկը փորձեր ծաղրել նրան՝ ասելով.

- Ճանապարհից մի կողմ գնա, փսլնքոտ:

Դե, Լինոն «փսլնքոտ» բառն ուղղակի տանել չէր կարողանում: Այդ ժամանակ նա իսկապես բարկանում էր, սկսում էր ոտքով հարվածել ավազակին, մինչև մարդիկ բացականչում էին.

- Ինչ քաջն է այս տղան:

Այդ ժամանակ ավազակները տագնապի մեջ էին ընկնում, դեն էին նետում ավարը (մի քանի միլիոն՝ պայուսակի մեջ) և մոտոցիկլետով փախչում էին՝ բղավելով.

- Դեռ կվճարես սրա համար, փսլնքոտ:

Բայց չէին կարողանում երկար ճանապարհ անցնել, որովհետև ոստիկանության մեքենան նրանց կանգնեցնում էր, ձեռնաշղթաներ էր հագցնում և տանում բանտ:

Մարդիկ օգնության էին հասնում Լինոյին, որը կռվի ժամանակ սայթաքել էր, և ոտնաթաթը դուրս էր ընկել, ու շարունակ կրկնում էին.

- Լավ է, որ դու այստեղ էիր:

Լինոն բացում էր աչքերը, մտածում էր երկու կողոպտիչների մասին, որոնք երկնքին էին նայում բանտի ճաղերի միջով, մի քիչ տխրում էր, բայց ասում.

- Պետք է անեի դա:

Անմիջապես դրանից հետո մայրիկը բղավում էր,

- Լինո´, դեն նետիր այդ թուղթը, թե չէ սենյակիցդ բորբոսի հոտ կգա:

Լինոն մի վերջին հայացք էր գցում իր դիմացի թղթերին:

Եթե բախտը բերեր, դեռ կարող էր մի քանի միլիարդ շահել լոտոյով կամ Օլիմպիական խաղերում լողի մրցումներում առաջին տեղը գրավել, կամ փրկել իր դասարանը հրդեհից, որն ակամայից հրդեհել էր թաքուն ծխող պահակը:

Ամեն դեպքում, գրեթե միշտ շուկայից բերած թերթը իսկական նորությունների հանք էր, որոնք հեռվից էին գալիս և նրան տանում էին հեռու, որի մասին, ինչպես միշտ երազել էր:

Բայց մայրիկին նա ոչինչ չէր ասի: Համոզված էր, որ ուսերը կթոթվեր և կասեր.

- Դու էլի նույնն ես: Միշտ ամպերում ես սավառնում:

Իսկ այդ բառերը Լինոն ուղղակի տանել չէր կարողանում:

 

Թարգմանությունը` Լուսինե Հակոբյանի

Juliabrahamyn12

Երևան 2801

Երևան 2801։ Բարձրաձայն կարդացեք՝ երկու հազար ութ հարյուր մեկ։ Ինձ թվում է, որ այսօր ոչ միայն Երևանի, այլ նաև իմ տարեդարձն է ու ես էլ բավականին երիտասարդ տատիկ եմ դառնում։ Թոռներս ու ծոռներս էլ կգան, կհամբուրեն, մի քանի երգ կերգեն ու «Տատ ջան, մեկ տարով էլ ջահելացար» անհամ կատակներ կանեն։

Հիշում եմ, երբ փոքր էի, Երևանի փողոցներով քայլելիս շատ էի սիրում գլուխս վերև բարձրացնել ու անդադար նայել, մինչև մայրս կասեր․

-Ուղիղ կանգնիր, կընկնես։

Հիմա էլ եմ սիրում այդպես անել, որովհետև հիմա էլ եմ փոքր։ Դե, քանի չափահաս չեմ, փոքր եմ։ Ուղղակի հիմա դա անում եմ մենակ, շենքի բակում, ինչ-որ մեկին սպասելիս ու անպայման կողքերս նայելով, որ ուրիշը չասի․

-Աննորմալ է։

Միգուցե աննորմալ եմ, բայց ես սիրում եմ երկինքը։ Երևանի երկինքը։ Որովհետև իմ քաղաքից երկինքն ուրիշ է երևում։ Ավելի տխուր, ավելի կապույտ ու ավելի ըմբոստ։

Ամեն տարի հուզմունքով եմ սպասում Էրեբունի-Երևանին ու ծնողներս միշտ ծաղրում են, ընկերներս «անկապ տոն ա, էլի» ասելով ման են գալիս, բայց ինձ դուր է գալիս անկախ ու հանգիստ կենտրոնական փողոցներով քայլելը, սրճարաններ մտնելու ու մեկ բաժակ տաք սուրճ խմելու համար հերթ կանգնելը, ամբոխի մեջ ընկերներիս կորցնելն ու գտնելուն պես ժպտալը։ Սովորաբար ես ատում եմ հերթերը, ավելի շատ ատում եմ, երբ ինձ հրում են, բայց Երևանի տարեդարձին թույլ եմ տալիս։ Ներշնչում եմ, որ բոլորս ընկերների մի մեծ խումբ ենք ու եկել ենք մեր մյուս ընկերոջ ծննդյան խնջույքին և մեկ բաժակ ավել ենք խմել։

Գիտեք, մեկ-մեկ նախանձում եմ այն ծանոթներիս, ովքեր Երևանից չեն, որովհետև Երևանը նրանց հարազատ քաղաքը չէ։ Միգուցե նրանք ամեն մի կոտրված նստարանն ու թափված աղբը այնքան ծանր չեն տանում, ինչքան ես։ Ինքներդ պատկերացրեք, տասնյոթ տարի մի քաղաքում եմ ապրել, առաջին քայլերս այստեղ են եղել, առաջին ասված բառս լսել են մայրս, հայրս և Երևանի պատերը, նույնիսկ առաջին անգամ հենց Երևանի փողոցներում եմ կիթառը ձեռքիս նվագել ու երգել։

Ասֆալտը իմ կոշիկի համարների հետ է մեծացել, իմ արագ քայլերին համահունչ անհանգստացել է՝ հանկարծ չուշանամ դասաժամից։ Երևանի օդը հետս հավասար լարվել ու մտածել է․

-Ընդունվե՞ց, թե՞ չէ։

Երկու հազար ութ հարյուր մեկ։ Ախր, մեծ հպարտություն կա այս թվականի մեջ։

Երևան ջան, մեկ տարով էլ ջահելացար․․․