Հաջողության պատմություններ. Արտ Լանչ

Հարցազրույց «Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ։

-Ներկայացե՛ք, խնդրեմ։ Ի՞նչ կրթություն ունեք, ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում։

-Բակուր Մելքոնյանն եմ, «Արտ լանչ»-ի համասեփականատերը։ Ընտանեկան բիզնես է, մյուս 50 տոկոսը կնոջս է պատկանում։ Կրթությունս ստացել եմ պոլիտեխնիկական համալսարանի հաշվողական տեխնիկա բաժնում՝ ավտոմատ կառավարման համակարգեր։ Զբաղվում եմ «Արտ լանչ»-ով, մարդկանց կերակրելով։

-Ինչպե՞ս է ստեղծվել «Արտ լանչը», և ովքե՞ր են հիմնադիրները։

-Հիմնադիրները մենք ենք՝ ես ու կինս։ Ստեղծվել է 2002 թվականին, երբ արտերկրում առաջին անգամ գնացել էինք առևտրի, ապրանք էինք բերում և վաճառում Հայաստանում։ Գնացել էինք օգնելու մեր ընկերոջը։ Այդ ժամանակ բիզնեսմեններից մեկը հրավիրեց լանչի, բայց քաղաքից բավականին հեռու էինք գնացել։ Մինչև գնանք քաղաք, մինչև ճաշենք, ասաց՝ ավելի լավ է պատվիրենք, ու պատվիրեց։ Առաքման այդ մեթոդը, ձևը առաջին անգամ այդտեղ տեսանք։ Ու մենք որոշեցինք սկսել այդ ամեն ինչը նաև Հայաստանում։ Սկսեցինք մեր բնակարանից՝ 4-րդ հարկում՝ խոհանոցից, հետո տեղափոխվեցինք ավտոտնակ, ավտոտնակից հետո սեփական տարածք գնեցինք, տեղափոխվեցինք այնտեղ։ Այդպես եկանք, որոշեցինք, որ պետք է առաքում անենք։ Առաջին 4-5 տարին միայն առաքում է եղել։ Կինս պատրաստում էր խոհանոցում, ես էլ տանում տալիս էի գրասենյակի աշխատողներին։

Առաջին ճաշարանը Բիլայնի ճաշարանն էր։ Շատ դժվար էր իրականում, 4-5 տարի տևեց մինչև կարողացանք առաջին ճաշարանը վերցնել։ Մրցույթների մասնակցելիս, բնականաբար, չէինք շահում, քանի որ առաջին պայմանով դրված էր փորձառությունը։ Իսկ Բիլայնինը շահեցինք, որովհետև իրենք տեսան, որ փորձառությունը մի կողմ՝ իրականում իրենց աշխատակիցները, ներսի ճաշարանը թողած, մեր առաքումից էին օգտվում։ Ասացին՝ ավելի լավ է եկե՛ք, հենց տեղում էլ դո՛ւք պատրաստեք, տվե՛ք։ Առնաց նայելու այն պայմանին, որ մենք չունեինք համապատասխան փորձառություն, վստահեցին մեզ, որովհետև առաքման միջոցով ապացուցել էինք, որ կարողանում ենք լավ սնունդ տալ։

-Այժմ քանի՞ մասնաճյուղեր ունի «Արտ լանչը» և որտե՞ղ։

-«Արտ լանչ» հիմա կա Ղազախստանում՝ Ալմաթիում, ունենք Վրաստանում՝ Թբիլիսիում, Մոսկվայում և Հայաստանում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում մի մասնաճյուղ։ Հայաստանում 40 կետից ավելի կա։

-Ե՞րբ և ինչպե՞ս են բացվել արտասահմանի մասնաճյուղերը։

-Արտասահմանի մասնաճյուղերը բացվել են վերջին 2-3 տարիների ընթացքում։ Առաջարկը եղել է Արաբական Էմիրություններում՝ Դուբայում եղած ծանոթների կողմից։ Մենք հիմա բացել ենք գործընկերոջ հետ, բայց նոր ձևաչափով։ Օրինակ՝ Մոսկվայում արդեն փորձում ենք ֆրանչայզինգի նման ընդլայնվել, ոչ թե ուրիշ գործընկերոջ, այսինքն՝ մենք մասնակցենք ոչ թե տարածքի վարձակալմանն ու ֆիրմայի բացմանը, այլ զուտ մենեջմենթի և մարքեթինգային ծառայությունները վերցնենք մեզ վրա։ Ստացվում է, որ այսօր փորձում ենք Մոսկվայում իրականացնել «Արտ լանչի» առաջին ֆրանչիզայի վաճառքը։

Մյուս երկրներում ֆրանչայզինգ չէ։ Օրինակ՝ Թիֆլիսում մենք ենք հենց բացել, անմիջական մասնակցություն ունենք։

-Հայաստանից ինչպե՞ս եք իրականացնում տարբեր մասնաճյուղերի համակարգումը։

-Հենց այդ մշակված մեխանիզմի շնորհիվ։ Այսինքն՝ դա մի համակարգ է, որով կենտրոնացված մենյու է կազմվում, ուղարկվում բոլոր մասնաճյուղեր, ներառված են նաև վերահսկման տարբեր մեխանիզմներ, արդի տեխնոլոգիաներ։ Դրանց միջոցով ստուգում, վերահսկում ենք աշխատանքը։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է հեռակա կառավարումը։ Հենց այդ փաթեթն էլ պիտի առաջարկվի որպես ֆրանչայզինգի փաթեթ՝ իր բոլոր մանրուքներով։

Ֆրանչայզինգի ամբողջական փաթեթը, ճիշտն ասած, դեռ պատրաստ չէ։ Բրենդը մեկ ամիս առաջ փոխեցինք, հիմա արդեն փաթեթի վրա ենք կենտրոնանում։ Անձամբ մեզ համար ծրագիր ենք կազմում, ինչը մի քիչ բարդ է, բայց միակ պայմանն է, որի դեպքում կկարողանանք նորմալ ֆրանչիզա վաճառել։ Որպես այցելու Վարշավայի ֆրանչայզինգի ցուցահանդեսին ենք մասնակցելու։ Մի քանի անգամ այդ ձևով կայցելենք։ Իսկ հոկտեմբեր ամսին ոչ թե որպես այցելու, այլ որպես մասնակից կփորձենք հանդես գալ։

Հայաստանի մասնաճյուղերում ու ընդհանրապես բոլոր մեր կետերում կա իր հսկող մենեջերը, ով պատասխանատու է այդ կետի համար։ Նա չի հանդիսանում սովորական աշխատակից, այսինքն՝ նրա աշխատավարձը ձևավորվում է եկամտից՝ տոկոսային հարաբերությամբ։ Պատասխանատուն որպես սեփականատեր է աշխատում։ Վերահսկողությունը այդքանով արդեն բավականին հաջողված է, որովհետև ավելի մեծ է շահագրգռվածությունը: Նույն այդ հաջողված մեթոդը մենք կիրառեցինք հյուրանոցային բիզնեսի մեջ, ու շատ լավ ստացվեց։ Դիլիջանում բացեցինք մեր առաջին փոքր հյուրատունը՝ «Արտ գեսթհաուսը», իսկ հիմա բավականին մեծացրինք․ 7 համարից սկսեցինք, հիմա ունենք 24 հյուրանոցային համար։ Այսինքն՝ այդ մեխանիզմը, որ ինչ-որ մեկը սեփականատեր է, մեծացնում է շահագրգռվածությունն ու մոտիվացիան, եկամուտն էլ կախված է իր աշխատեցնելուց։ Booking.com-ով արդեն 3-րդ, 4-րդ տարին է՝ Դիլիջանի լավագույն հյուրատունն ենք համարվում։ Մեկնաբանություններում էլ որպես սեփականատեր նշում են Ջորջին ու Լյուսիին, այսինքն՝ մեր մասին ոչ մի տեղ գրված չկա։

-Ե՞րբ է առաջացել «Արտ գեսթհաուս»-ի գաղափարը։

-Մոտ 5 տարի առաջ գաղափարն առաջացավ։ Դիլիջանում 3 կետ ունենք «Արտ լանչի» և երբ գնում էինք այնտեղ, բավականին մեծ գումարներ էինք ծախսում, բայց, ճիշտն ասած, դժգոհ էինք սերվիսից, մանավանդ տեղի հյուրանոցների սերվիսի որակից։ Որոշեցինք էդ հյուրատունը սարքել մեզ համար, այսինքն՝ մնալու մի տեղ մեր աշխատակիցների և մեզ համար։ Սկզբում գաղափարը վարձակալության տալը չէր, հյուրատուն սարքելը չէր, սկզբում մեզ համար սարքելն էր։ Ու այդպես էլ արեցինք։ Հետո տեսանք, որ կողքից էլ են ուզում մնալ մեզ մոտ, որպես բիզնես հաջողում է, ու վերածեցինք բիզնեսի։

-Իսկ քանի՞ մասնաճյուղ ունեն «Արտ գեսթհաուսները»։

-Երևանում ունենք 2 փոքրիկ «Արտ գեսթհաուս», 2 Դիլիջանում, 1 Ծաղկաձորում։ Ծաղկաձորինը ուղղակի մենք չենք հիմա աշխատեցնում, 3 տարվա պայմանագրով տուրիստական կազմակերպությունը ամբողջությամբ վերցրել է մեզնից։ Այսինքն՝ մենեջմենթը իրենց է պատկանում, բայց մեր ցանցի մեջ է մտնում։

-Գործունեության ընթացքում ի՞նչ հաջողություններ ու անհաջողություններ եք ունեցել։

-Հաջողությունները երևում են փաստացի, այն է, ինչին որ հասել ենք հիմա։ Հայաստանի ամենամեծ ճաշարանների ցանցն ենք։ Ամենամեծ հաջողությունը կլինի, եթե կարողանանք նաև ֆրանչիզա վաճառել։ Կլինենք առաջինը հայկական բրենդներից, որ կարողացել է այդպիսի բան անել։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են, բայց այս պահին դեռ արդյունք չկա։ Աստված տա՝ բոլորն էլ կարողանան, իհարկե, ինչքան շատ հայկական բրենդ ֆրանչիզա վաճառի, այնքան երկիրը կզարգանա (դրսից գումարների գալու առումով եմ ասում)։

Անհաջողություններ եղել են, շատ են եղել։ Մի օրինակ բերեմ, որ մենք, վստահելով հաճախորդին, որ, օրինակ, տարածքում կա այսքան պոտենցիալ հաճախորդ, կետ ենք բացել այդտեղ։ Բայց իրականում պարզվել է, որ այդ տարածքում հաճախորդների այդ քանակը չկա։ Այդպես մեկ-երկու կետ բացեցինք, չկարողացանք աշխատեցնել։ Հետո արդեն փորձառությունը ստիպեց, որ ոչ թե վստահենք դիմացինին, այլ ինքներս սկսենք առավոտյան բիզնես կենտրոնի, հիմնարկի մոտ կանգնել և հաշվել մարդկանց, թե քանի մարդ է իրականում մտնում։ Փոքրիկ անհաջողություններ եղել են։ Իհարկե, սկզբից դրանք փոքրիկ չէին, բավականին մեծ էին, որովհետև ֆինանսական առումով բիզնեսը հաջողություններ չէր բերում, մոտավորապես երկու տարի հազիվ ծախսերն էր փակում։ Երկու կոպեկ գումար հազիվ մնար, ինչը հնարավորություն չէր տալիս բացարձակապես այլ ներդրումների կամ ընդլայնվելու մասին մտածել։ Հետո արդեն, երբ երկու տարվա մեջ գործի մեջ դարձանք պրոֆեսիոնալ, սկսեցինք հասկանալ մանրուքները, նրբությունները ու դրա շնորհիվ նոր սկսեցինք արդեն կամաց-կամաց աճել։

-Իսկ ի՞նչն է «Արտ լանչը» առանձնացնում ոլորտի մնացած ներկայացուցիչներից։

-Առաջին կարևորագույն բանը, ուզում եմ շեշտել, մեծ մենյուն է։ Այն իրապես մեծ է, ընդ որում ամբողջ աշխարհում մեր նման կազմակերպություն չեմ տեսել իրականում, որ մեր մենյուի չափ մենյու ունենա՝ իր բազմազանությամբ։ Իսկ մեր յուրահատկությունը հենց դրա մեջ է, «Արտ լանչ» մարդիկ գալիս են ոչ թե հաճելի ժամանակ անցկացնելու, մի բաժակ խմելու ու իրենց սիրած ուտեստը վայելելու, այլ գալիս են տնական ձևով պատրաստված սովորական ճաշ ուտելու համար։ Նույնն էլ մեր ընդհանուր մենյուն է դրսում, որը ինտերնացիոնալ է, այսինքն՝ ինչ-որ ուղղվածություն չունի։ Բայց ինտերնացիոնալ լինելով հանդերձ՝ փորձում ենք հայկական ուտեստներին փոքր-փոքր տեղ տալ (դրսի մասին եմ ասում, իհարկե), սովորեցնել մարդկանց։

Հետաքրքիր հաջողություն ունեն նաև հայկական խոհանոցի օրերը․ սպասարկողները հայկական տարազներով են, ուտեստները՝ ամբողջովին հայկական։ Բավականին հետաքրքիր արձագանք ենք ունենում, բոլորը ոգևորվում են․ «Սա ի՞նչ ա։ Բա սա ի՞նչ ա»։ Դրանով մենք մշակույթ ենք ներկայացնում։ Շատ հետաքրքիր է։

Իսկ մյուս առանձնահատկությունն այն է, որ սովորական աշխատակիցները սովորական տնային տնտեսուհիներ են, որոնք պատրաստում են տնային ուտելիքներ․ դա մեր հաջողության գրավականներից մեկն է։ Չենք օգտագործում որևէ տեսակի կիսաֆաբրիկատ, դրսից պատրաստված որևէ խմորեղեն կամ դրսում պատրաստված ցանկացած բան, այսինքն՝ ամբողջը մեր արտադրության է։ Նույնիսկ այսօր հասել ենք նրան, որ հացի 60-70%-ը մեր արտադրանքն է, տեղում պատրաստված հացեր ենք վաճառում։

-Մենյուները տարբերվո՞ւմ են՝ ըստ մասնաճյուղերի։

-Նույն օրը բոլորինը միանման է լինում։ Տարբեր երկրներում էլ, բոլոր տեղերում նույն օրը միանման մենյու է ուղարկվում՝ հաշվի առնելով, իհարկե, տվյալ երկրի առանձնահատկությունները։ Օրինակ՝ Էմիրաթներում կամ Ղազախստանում չենք տալիս խոզի միս։ Զավեշտալի դեպքեր էլ են եղել, երբ նոր էինք բացվել Ալմաթիում։ Առաջին օրը դրեցինք բազուկի ճավով ճաշ՝ որպես հարգի ճաշ մեզ մոտ։ Հայ մենեջերն էր տեսել բավականին հարմար գնով ու ոգևորված բերել։ 2-րդ, թե 3-րդ հաճախորդից պարզ դարձավ, որ դա իրենց համար վիրավորական ուտելիք է։ Իրենք այդ ճաշը չեն ուտում, ճավը կովերին են տալիս։ Դրա համար էդ ազգային բաները պետք է հաշվի առնել։ Դրանից հետո երբ գնում ենք ինչ-որ երկիր, առաջինը խոհանոցն ենք ուսումնասիրում հասկանալու համար, թե իրենց ինչ է պետք տալ, որ չվիրավորվեն։

-Ավանդական ուտեստների օրը բոլոր մասնաճյուղերո՞ւմ է լինում։

-Չէ, չենք կարող այդպես անել, որովհետև դրա համար ամեն կետի անձնակազմը չունի այն պրոֆեսիոնալ որակական հատկությունները և ֆիզիկական հնարավորությունները, որոնք պետք են խոհանոցն ամբողջապես փոխելու համար։ Այսինքն՝ այդ օրերին մեր ադմինիստրատիվ անձնակազմը գնում է այդ կետում օգնելու, դրա համար, եթե ենթադրենք՝ այս ամիս հայտարարվել են ֆրանսիական խոհանոցի օրեր, գնում ենք հերթով ամեն կետում օգնելու։ Դրա համար ամեն շաբաթ մեկ-երկու կետում մի ազգային խոհանոց է դրվում։

-Արտ լանչը ունի՞ իր ֆերման։

-Այո, Արտ լանչը կիսաֆաբրիկատներ չի օգտագործում։ Թե մսի, թե հացի հումքը ապահովվում է մեր կողմից, մենք ենք արտադրում։

-Դա ցույց տալու համար երբևէ բաց դռների օր արե՞լ եք։

-Արտ լանչի կետերից կեսից շատում խոհանոցը բաց է, երևացող։ Դա ինքնին արդեն բաց դռների օր է, մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը պատրաստվում։ Եթե հիմա մեր մի կետում աշխատում է 22 հոգի, կիսաֆաբրիկատ օգտագործելու դեպքում կաշխատեին 6-ը։ Մարդիկ տեսնում են՝ ինչպես է ուտելիքը թարմ պատրաստվում, հացը թխվում է ու տաք-տաք դրվում գծի վրա։ Ոչ թե նույն աշխատողն է գիշերը պատրաստում, իսկ առավոտն էլ անցնում աշխատանքի, ինչպես անում են շատ տեղերում ու ուտելիքը թարմ չի լինում, այլ տարբեր մարդիկ են պատրաստում, տարբեր մարդիկ վաճառում են։ Մենք այդ աշխատուժը չենք խնայում, որովհետև դա է՝ թարմ եփվող ուտելիքն է հենց մեր հաջողության գրավականը։

-Իսկ ընդհանրապես բիզնես կառուցելու ճանապարհին որո՞նք են լինում հիմնական դժվարությունները ու այն գործոնները, որոնք օգնում են այն առաջ տանել։

-Բիզնես սկսելու համար նախ և առաջ մարդը պետք է ձեռնարկատիրական ունակություններ ունենա։ Ինքս լինելով բիզնեսմեն և, այսպես ասած, բիզնեսի ջատագով՝ ելույթ ունենալիս միշտ ասել եմ, որ բիզնես պետք է անե, ու դա մի քիչ վատ հետևանքներ է ունենում, որովհետև շատերը մտածում են՝ ինչու գնալ ինչ-որ մի տեղ աշխատել, եթե դրա փոխարեն կարող են բիզնես անել։

Ու լավ օրինակները միշտ էլ երևում են։ Աշխարհի այսօրվա միլիարդատերերի մեծ մասը բիզնեսմեններ են, ու այդ թոփ օրինակները վերցնելով՝ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում՝ դե, ինչի՞ համար աշխատեմ, չարչարվեմ, մասնագիտություն ձեռք բերեմ, եթե կարող եմ բիզնես անել։ Բայց նրանք չեն նկատում դրա ռիսկերը և չեն տեսնում բիզնեսի դժվարությունները։ Երբ ես սրա մասին խոսում էի, ինձ ասացին, թե ուզում եմ վախեցնել։ Բայց եթե մարդը որոշել է բիզնես անել ու իմ ասած երկու բառից պիտի վախենա, ավելի լավ է չանի, որովհետև եթե խոսքից վախենալու է, ապա իրական դժվարությունները խոսքից տասը անգամ ավելի են լինելու։

Ես միշտ օրինակ եմ բերում մեզ, երբ մենք նոր էինք սկսել մեր գործը։ Մեկ, երկու ամիս տարբերությամբ մեկ այլ կազմակերպություն նույնպես սկսեց զբաղվել լանչերի առաքումով՝ երկու ընկերներով էին բացել։ Իրենք բավականին մեծ էին, ավելի մեծ գումար էին ներդրել, գովազդի վրա ավելի շատ էին ծախսել, ավելի շատ հաճախորդ ունեին ու երկու տարի մեր մրցակիցն էին։ Երկու տարի հետո իրենք շուկայից միանգամից հեռացան։ Ու մոտ մի քանի ամիս առաջ իրենց սեփականատերերից մեկին հանդիպեցի, էդ ժամանակ ես դեռ չգիտեի դրա մասին։ Ընկերոջս հետ նստած էին, ծանոթացրեց, ու երբ խոսում էինք, ասաց․ «Էն ժամանակվա ԱրտԼա՞նչն ես»։ Պարզվեց՝ ինքն էլ էն ժամանակվա մեր այդ մրցակիցն է։ Հարցրի՝ ինչո՞ւ փակվեցին, ասաց, որ իր մասնագիտական աշխատանքով ավելի շատ գումար էր վաստակում, քան բիզնեսն էր բերում։ Եվ նա ճիշտ էր։ Ասում էր՝ չգիտեր գիշերը, ցերեկը ինչ է, քնելը ինչ է․ «Գիշերը գնա առևտուր արա, արի, պատրաստվի, առաքում արա, բողոքներ լսի։ Իսկ դրա փոխարեն նստում ծրագիր էի գրում, ես իմ գումարը աշխատում էի»։

Այդ մարդու ասածի մեջ իրականություն կա, որովհետև եթե ինչ-որ մի տեղ աշխատում ես որպես մասնագետ, դու այդ ռիսկը չունես, որ, կոպիտ ասած, անգործ կմնաս, որովհետև մասնագիտականդ չի կորի, եթե դու, իհարկե, լավ մասնագետ ես։ Բայց բիզնեսի պարագայում, եթե այն չհաջողվեց ու այդ բիզնեսի մեջ հանկարծ «տակ տվեցիր», բիզնեսդ փակվեց ինչ-որ պարտքերով, բիզնեսից դուրս եկար՝ չունենալով հավաքած մասնագիտական կամ այլ պաշար․ դու ինչ-որ բիզնես ես փորձել անել, որը չի ստացվել։ Դրա համար ռիսկայնությունը պետք է համեմատել ու հասկանալ։ Այսինքն, եթե 1000 բիզնեսմենից հաջողում է, ենթադրենք, 10 բիզնեսմեն, ապա 1000 աշխատանք փնտրողներից, ովքեր մասնագիտություն են սովորում, հաստատ 990-ին հաջողվում է աշխատանք գտնել ու աշխատել։

Բիզնեսով զբաղվողն ասում է, որ նախկինում վեցին վերջացնում էր աշխատանքը, գնում էր ընտանիքի հետ նստում իր տանը, կամ գնում էր մի տեղ՝ ման գալու։ Բիզնեսի ժամանակ գիշեր ցերեկը խառնվում է իրար, չկան աշխատանքային օր, աշխատանքային ժամեր, այսպիսի հասկացությունները վերանում են բիզնեսմենի համար։ Այսինքն, պետք է հասկանալ՝ արդյոք դու պատրա՞ստ ես դրան, դա քեզ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, պատրա՞ստ ես արդյոք այդ եռուզեռին, այդ գլխացավանքին, ինտրիգներին, չքնելուն։Ես միշտ ոգևորված եմ խոսել բիզնեսի մասին, բայց մի դեպք պատմեմ, որն իմ հարազատներից մեկի հետ եղավ, որը բիզնես սկսեց ու չհաջողվեց ու բավականին մեծ պարտքեր կուտակեց իր վրա, այն դեպքում, երբ ինքը բավականին լավ մասնագիտություն ունի։ Ստիպված գնաց իր մասնագիտությամբ խոպանում աշխատելու ու բիզնես սկսելու համար կուտակած պարտքերը փակելու։ Մարդը պետք է այդ ամենը շատ լավ գնահատի ու նաև լսի կողքի խորհրդատուներին, ինչ-որ ձևերով փորձի հասկանալ, վերլուծել։ Մարդու համար դժվար է ընդունել, որ ինչ-որ բան անել չի կարող, բայց դա պետք է արվի, պետք է սառը դատել, որոշել, որ դու էսինչ բանը կարող ես անել, էսինչ բանը չես կարող անել։ Այն ժամանակ ընկերս բավական հաջող ծրագրավորող էր ինստիտուտում ու ինձ ասում էր՝ իրար հետ ծրագրավորում անենք։ Մի քանի ամիս գնալուց հետո ես հասկացա, որ չեմ կարողանում, որովհետև հիշողության խնդիր ունեմ։ Ես դա ընդունեցի և թողեցի։ Եթե համառորեն շարունակեի այդ ուղղությամբ, միգուցե անիմաստ ժամանակ կորցնեի այդտեղ։ Պետք է ճիշտ անալիզ անել` հնարավորությունների սահմաններում սիրած մասնագիտության մեջ աշխատելու, սիրած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար։ Որովհետև ցանկացած բիզնեսի, ցանկացած գործի մեջ կան շատ փող աշխատողներ, և դրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են իրենց գործը, ովքեր նվիրվում են դրան, ոգևորված են դա անում։ Իսկ այն մարդը, ով պարզապես փող աշխատելու համար է դա անում, կարող է՝ ինչ-որ ձևով ինչ-որ բան աշխատի, բայց մեծ հաջողությունների հասնելու համար պետք է դա հաճույքով անել։ Հաճույքով անելու դեպքում կունենաս հաջողություն։

-Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ի՞նչ դժվարություններ եք ունեցել նոր կադրեր աշխատանքի ընդունելիս։

-Կադրային լուրջ խնդիրներ կային, առավել ևս Հայաստանում։ Ասել, որ ինչ-որ մեկը ավարտել է և դիպլոմ ունի, և դա բավարար պայման է, որ ինքը մասնագետ համարվի, սխալ է։ Հատկապես, եթե ինչ-որ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ չի, խոհարարական քոլեջի դիպլոմ է։ Իրենք կարող են դիպլոմ ունենալ ու բացարձակապես մասնագետ չլինել։

Կադրերի հետ կապված խնդիրները լուծելու համար մենք մեր փոքր խոհարարական ուսումնական կենտրոնը բացեցինք, որտեղ մենք ինքներս ուսուցանում ենք աշխատակիցներին։ Այսինքն՝ սովորական տնային տնտեսուհիները երկու շաբաթ անցնում են պրակտիկա, մեր լավ խոհարարները սովորեցնում են այդ աշխատանքը, ու իրենք մտնում են աշխատանքի։ Մեր բոլոր հայտարարությունները առանձնանում են նրանով, որ հենց գրված է՝ աշխատանքային փորձ անհրաժեշտ չէ։ Վերջին ֆեյսբուքյան հայտարարության մեջ գրել էինք, որ փնտրվում է հենց անգլերենի և ռուսերենի լավ իմացությամբ, ճանապարհորդելու ցանկություն ունեցող, աշխույժ աշխատակից։ Ֆրանչիզայի վաճառքի մասնագետի հայտարարությունն էր։ Ու շատերը զանգում հարցնում էին, թե ինչ աշխատանք է, ինչ պիտի անեն։ Դե ասում եմ՝ ֆրանչիզա պետք է վաճառել, հարցնում են, թե դա ինչ է։ Գիտեմ, որ չեն իմանա՝ դա ինչ է, Հայաստանում փորձ չկա, որ ես դրա մասնագետին փնտրեմ, դրա համար պայմաններն ենք գրել։ Ճիշտ է, շատերը ոգևորվել էին, ասում էին՝ ճանապարհորդել շատ ենք սիրում, բայց անգլերեն, ռուսերեն չգիտենք, կլինի՞ գանք աշխատելու, այդպիսի դեպքեր էլ են լինում։ Ամեն դեպքում ուզում եմ ասել՝ հիմա որոշել ենք, որ էդ աշխատակցին վերցնենք ու քանի որ Եվրոպական բանկի հետ համատեղ ուսուցման ծրագրի ենք մասնակցում բավականին մեծ գումարով, այնտեղ կուսուցանենք մեր մասնագետներին հենց այդ հատկությունները և պրոֆեսիոնալիզմը, բարձրակարգ մասնագետները կգան մեզ մոտ թրեյնինգի։ Մտածել, որ Հայաստանում դու այսօր կկարողանաս բարձրակարգ մասնագետ ճարել, մի քիչ բարդ է, որովհետև լավ մասնագետները, որոնք արդեն որոշակի փորձ ունեին, ցավոք սրտի լքել են Հայաստանը։ Իսկ օրինակ, ֆրանչիզայի կամ նմանատիպ նոր մասնագիտությունների գծով ուղղակի փորձ չկա, ինչքան էլ ինչ-որ մեկը խելացի լինի, միևնույնն է՝ աշխատանքի փորձ չունի։ Այսինքն՝ դա պետք է սովորել, սովորեցնել։

-Միայն ֆրանչիզայի և խոհարարի որակավորմամբ մասնագետնե՞ր չեք գտել, թե՞ այլ որակավորումներ ունեցող մասնագետների կարիք նույնպես ունեցել եք։

-Ճիշտն ասած՝ բոլոր մասնագետների կարիքն էլ ունենք։ Ասում են՝ աշխատանք չկա Հայաստանում, իրականում աշխատանք կա, բայց նաև ասել, որ գործազուրկ չկա, դա էլ է սխալ։ Լիքը գործազուրկ կա, ուղղակի իրենք չեն համապատասխանում այն աշխատանքին ու որակավորմանը, որն անհրաժեշտ է։ Իսկ գործազուրկը չի ուզում իր վրա աշխատել, աշխատելու փոխարեն մտածում է, որ պետությունը պետք է ինչ-որ փոփոխություններ անի, այնպես անի, որ ինքը կարողանա ուղղակի նստել, աշխատել։ Ինքը չի մտածում, որ պետք է անընդհատ աշխատի, սովորի, անընդհատ սովորի։ Ու ես մի գրառում էի արել ֆեյսբուքում, որ նույնիսկ եթե ձեզ աշխատանք առաջարկեն առանց աշխատավարձի, դուք մտեք աշխատելու, եթե վստահ եք, որ դա ձեր աշխատանքն է, որովհետև դուք մի քանի ամսում կկարողանաք ապացուցել գործատուին, որ դուք պրոֆեսիոնալ եք, կկարողանաք ձեր պայմանները թելադրել։ Մի քանի հոգի գրել էին, որ ստրկատիրական մտքեր եմ հայտնում, իսկ ես ասում եմ, որ ես ոչ մեկին միտք չունեմ ստրկատիրական բաներ ասելու։ Ինքս այդ ճանապարհով եմ անցել, գործազուրկ եմ եղել։ Գործընկերոջս քեռու պահածոների գործարանում, երբ հարցրեց, թե ինչքան եմ ուզում ստանալ, ասացի՝ ինչքան կտաք, դե ինքն էլ ասաց, որ չի տա։ Մի տվեք, ասացի, դե կաշխատեմ` կնայեք, եթե բանի պիտանի եմ՝ կտաք, եթե պիտանի չեմ՝ մեկ է՝ չեք տալիս։ Ընդամենը վեց ամիս հետո ամենաբարձր աշխատավարձն իմն էր։ Մեկ տարի հետո հարց բարձրացրեցի, որ ինձ մոտիվացիա է անհրաժեշտ, ընդհանուր եկամտից տոկոս է անհրաժեշտ, որ ես մոտիվացվեմ, աշխատեմ, աշխատավարձը էլ հետաքրքիր չի։ Սեփականատերը չհամաձայնեց։ Էդ ձևով չստացվեց, ես դուրս եկա, ու լավ էր, որ դուրս եկա։ Սկսեցի իմ բիզնեսը։

-Արտ լանչը գովազդ անո՞ւմ է։

-Գովազդի տարածված կլասիկ ձևից, առհասարակ, խուսափում ենք։ Գովազդը առաջին հերթին պետք է նպատակային լինի։ Եթե գովազդենք՝ եկեք Արտ լանչ, ու Արտ լանչում նստելու տեղ չլինի, գովազը լրիվ անիմաստ կդառնա։ Գիտակցել է պետք, որ եթե ես տեղ չունեմ, ի՞նչն եմ գովազդում։ Մյուս կողմից, հետաքրքիր են մեր սոցիալական ուղղվածություն ունեցող քայլերը, որոնք ավելի լավ ու դրական արդյունք են տալիս։ Ստեղծում են մեր դրական իմիջը, մենք մեզ լավ ենք զգում, հաճախորդի պակաս չունենք։ Պարզապես գումար տալ ու հեռուստատեսությամբ գովազդ թողարկել չենք ուզում։ Հիմա գովազդի այդ ձևից շատերն են հրաժարվում, նույնիսկ՝ ոլորտի գիգանտները։ Ծրագրեր իրականացնելու, միջոցառումներ անելու միջոցով են փորձում գովազդ անել, ոչ թե փող տալ ու գովազդ սարքել։

-Իսկ որո՞նք են այդ միջոցառումները, որոնցով փոխարինել եք գովազդը։

-Նորից խոսեմ ռեստորանի ու ճաշարանի տարբերության մասին։ Ռեստորանը ունի գովազդի կարիք, որովհետև նույն մարդը այդ ռեստորանը կարող է գնալ ամիսը մեկ, երկու ամիսը մեկ։ Մեր հաճախորդների 99 տոկոսը նույնն են։ Այսինքն՝ թիրախային հաճախորդին տեսնելով՝ կարող ենք մեկ անգամ անվճար հյուրասիրություն կատարելով նրան դարձնել պոտենցիալ հաճախորդ։ Դա ավելի գրագետ է, քան մասսայական գովազդը ամբողջ Հայաստանով կամ ամբողջ ֆեյսբուքով այն դեպքում, երբ, օրինակ, կետ ենք բացել Դավթաշենում։ Տվյալ տարածքի հաճախորդը մեկ անգամ գալիս է, օգտվում, համը տեսնում է ու դառնում պոտենցիալ հաճախորդ։ Իսկ ռեստորանը, ինչքան էլ լավ ուտելիք առաջարկի, միևնույնն է, ամեն օր չես գնա։ Դրա համար էլ ռեստորանը կարիք ունի անընդհատ գովազի, անընդհատ իր անունը հիշեցնելու։ Որ հաճախորդը, ենթադրենք, երբ ուզում է ռեստորան ընտրել, հիշի իր տեսած վերջին գովազդը, լավ գովազդը ու գնա հենց այդտեղ։

Գովազդի փոխարեն մենք նաև որոշեցինք մեր մենյուն ամեն օր փոխել։ Դա երկու պրոբլեմ է լուծում՝ հաճախորդը միշտ գիտի, որ նոր բան կգտնի, և վստահ է, որ երեկվանից մնացած ուտելիքը չի ուտում։ Ինչքան էլ ասենք՝ թարմ է, եթե երկու օր հաճախորդը նույն ուտելիքը տեսնի, կմտածի, որ երեկվանից մնացածն է։

-Բիզնեսում հաջողությունների հասնելու համար ի՞նչ հատկանիշներ և հմտություններ են անհրաժեշտ ըստ Ձեզ։

-Որոշ պայմաններ կան դրա համար։ Բայց եթե այդ պայմանները «բռնում» են, դա դեռ չի նշանակում, որ դու հաջողակ բիզնեսմեն կդառնաս, և հակառակը՝ չի նշանակում, որ եթե ինչ-որ բան չկա, ուրեմն չես կարող հաջողակ բիզնեսմեն դառնալ։ Այդպիսի պայմանները շատ են՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն, խելացի լինել, կազմակերպչական ձիրք, լավ սովորել, ստանդարտ կետեր շատ կան։ Բայց երբ նայում ես հաջողակ բիզնեսմենների կենսագրությունը (շատերինն եմ ուսումնասիրել, ինձ հետաքրքիր է եղել միշտ), նրանք բոլորը այս ոսկե կանոններից անպայման շեղվում են ու այդ շեղումների շնորհիվ են հաջողության հասնում։ Ոսկե կանոնները պահելը դեռ չի նշանակում, որ հաջողակ կդառնաս, ասեմ ավելին՝ կարող է նշանակել, որ դու հաջողակ չես դառնա։ Դպրոցում մեկը անգիր պատրաստում, հինգեր էր ստանում, ու կար մեկը, ով ալարում էր անգիրը սովորել, մի բան ասում էր դրա տեղը, մի բան ստանում էր, մի ձև ինքը ավարտում էր։ Այսինքն՝ որոշել, որ ինքը ավելի վատ մասնագետ կդառնա, քան թե բոլոր առարկաներից հինգ ստացողը, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև ոնց որ Գեյթսն էր ասել․ «Ես իմ ամենաբարդ աշխատանքը տալիս եմ ամենածույլ աշխատակցին, որովհետև ինքը գտնում է լավագույն միջոցը, թե ինչպես կարելի է այդ հարցը խելքով լուծել»։ Իրական դեպքերից էլ մի օրինակ բերեմ, որտեղ մի մեծ գործարան բավականին շատ աշխատակից է պահում ու հյութերի լցման մաս է ունենում, թղթե տուփերի մեջ հյութեր են լցնում։ Բայց կարող է մի քանի հարյուր հատը կամ հիսուն հատը մեկ խոտան լինել, չլցվել։ Կանգնած է աշխատակից, որը հատ-հատ պետք է դրանք ստուգի, դատակը գցի մի կողմ, որ նորից լցվի, գա։ Աշխատակիցներից մեկը ծույլ է լինում, մեկ երկու օր նույն գործողությունն անելուց հետո պտտվող օդափոխիչը բերում դնում է, ու որ տուփը թեթև է լինում, շպրտվում է մի կողմ։ Այսինքն՝ ծույլ մարդն իր գործը հեշտացնելու համար ամբողջ արտադրական պրոցեսին լուրջ հաջողություն է բերում․ այդքան մարդու փոխարեն սարքը դրած պտտվում է։ Այսպիսի հետաքրքիր դեպքեր կան։ Իրական կյանքը, ինչպես ասում են, գրված կանոններից տարբերվում է։

-Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ուզում են զբաղվել բիզնեսով։

-Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ բիզնեսը պետք է սկսվի հայրենիքում։ Հիմա կարծում եմ՝ հնարավորությունները ավելի շատ են, քան առաջ։ Վերցնենք հենց մեր դեպքը 2002 թվականին։ Երբ նոր էինք սկսում, սովորական ինտերնետին միանալը, մի նկար քաշելը, ինչ-որ բան սովորելը 3 ժամ էր տևում, շատ բարդ էր։ Այսօրվա տեխնոլոգիաներով անհամեմատ հեշտացել է բիզնես սկսելը։ Առավել ևս, մրցակիցների մասին ինֆորմացիան բաց է։ Իսկ ես ինչո՞ւ ներսի շուկայի մրցակիցներին չեմ ուսումնասիրել։ Որովհետև այդ հետաքրքիր մրցակիցը չկա։ Միշտ գնում ենք դուրս՝ այնտեղից հետաքրքիր գաղափարներ բերելու։ Լավագույն տարբերակը դա է, ու հեշտ է իրականացնելը։ Մոտ տասը տարի առաջ, երբ շրջում էինք Եվրոպայում, Իտալիայում տեսնում էինք փոքրիկ ռեստորաններ, փոքր, քիչ սեղաններով։ Իսկ Հայաստանում այդ ժամանակ ինտենսիվ կերպով կառուցվում էին մեծ սրահներով ռեստորաններ։ Հետո, ով առաջինը Հայաստան բերեց Եվրոպայում արդեն շատ վաղուց տարածված այդ փոքրիկ ռեստորանները, մեծ հաջողության հասավ։ Օրինակն էլ հենց Սարյան փողոցի ու Կասկադի փոքր ռեստորաններն են։ Ուզում եմ ասել, որ հիմա Հայաստանում բիզնես սկսելու համար բավական է դրսում արդեն առկա լավ գաղափարները վերցնել ու անել այստեղ։ Երբեմն թվում է, թե արտասահմանում հնարավորությունները ավելի շատ են, բայց իրականում հակառակն է։ Հայաստանում բիզնես սկսելու դեպքում կա տեղ, որտեղից կարող ես սովորել, կա տեղ, որը այստեղից՝ Հայաստանից, առաջ է։ Իսկ Եվրոպայում բիզնես անողներից շատ օրինակներ գիտեմ, որ հաջողության չեն հասել, որովհետև սովոր չեն այնտեղի մրցակցությանը, այնտեղի տեխնոլոգիաներին։ Փորձեցին այստեղի տեխնոլոգիաներով գնալ դուրս, այնտեղ կիրառել, ինչն էլ չստացվեց։ Իսկ Հայաստանում շատ հեշտ է նայել, թե աշխարհում ինչ նոր տենդենցներ կան, որոնք շուտով այստեղ դառնալու են պոպուլյար։ Առաջինը, ով սկսում է բիզնեսը, նա էլ շահում է։ Այլ խնդիր է` ճիշտ սկսելը ու չհիասթափվելը։ Բիզնեսմենը պետք է ունենա երեք շատ կարևոր հատկություն՝ չհիասթափվելու, չնեղվելու, չփոշմանելու։ Այս երեքը բիզնես կատեգորիաներ չեն։ Եթե դրանցից որևէ մեկը ունեք, ավելի լավ է՝ ուրիշի մոտ աշխատեք, որովհետև եթե ինչ-որ բանից նեղվեք, մի տեղից դուրս կգաք, ուրիշ տեղ կաշխատեք։ Իսկ բիզնեսում ումի՞ց նեղանաս, քո բիզնեսն է։ Ուրեմն դու ինքդ պետք է աշխատես քո վրա, քո բիզնեսի վրա, որ էլ էդպես չլինի։

-Ի՞նչ հետագա պլաններ, զարգացման նոր ուղիներ ունեք։

-Առաջնային նպատակը այսօր ֆրանչիզան է։ Դրա կարևորությունը շատ մեծ է ոչ միայն մեզ համար՝ որպես կազմակերպություն, այլ նաև հայ իրականության համար։ Շվեյցարիայի նման փոքր երկիրը ունի երեք հարյուրից ավելի բրենդ, որոնք ֆրանչայզինգ են անում։ Դրանք մեծ գումարներ են։ Եթե դիտարկենք Ամերիկայի ֆրանչիզա վաճառող բրենդներին, դրանք մի օրում Հայաստանի բյուջեի չափ եկամուտ են բերում իրենց երկրին։ Հետևաբար, երկրի համար էլ շատ լավ կլինի, եթե կարողանանք Արտ լանչի ֆրանչիզայի վաճառք իրականացնել ու հաջողության հասնել, որովհետև դրսում մրցակցությունը շատ մեծ է։ Այն, որ մենք Արտ լանչ բացեցինք նաև արտասահմանում, այն բանի համար չէր, որ մենք ուզում էինք անպայման շահույթ ունենալ նաև այդ երկրից։ Ընտրել ենք իրարից հեռու տարբեր անկյուններ՝ Դուբայ, Ալմաթի, Վրաստան, որպեսզի կարողանանք դրսի մրցակցությանը դիմանալ, որը ուժեղ է, չի գործում այնպես, ինչպես Հայաստանում։ Այնտեղ պետք է քո ուժեղ մարքեթինգը ունենաս, ուժեղ թիմ, լավ մտածված քայլեր, կրեատիվ մտածողություն։ Այլապես ուժեղ մրցակիցները քեզ հում-հում կուտեն։

-Հայաստանում ի՞նչ մրցակիցներ ունի Արտ լանչը։

-Հայաստանում միշտ ուրախ եմ լինում, երբ իմանում եմ, որ ինչ-որ նոր ճաշարան է բացվել։ Ուրախ կլինեմ տեսնել իրական մրցակցություն։ Որովհետև ես ուզում ես դուրս գնալ։ Եթե չկարողանամ Հայաստանի լավ մրցակցությանը դիմակայել, էլ ինչպե՞ս դա կանեմ դրսում։ Մրցակցությունը լավագույն միջոցն է միշտ զգոն լինելու, միշտ առաջ գնալու։ Ցավով պետք է նշեմ, որ մրցակիցների 99 տոկոսը կրկնօրինակում է, ինչը լավ չէ, երբեք հաջողություն չի ունենա։ Մենք դա երբեք չենք արել, որովհետև մինչև մրցակիցը վերցնում է մեզնից նույնությամբ ամբողջը, մինչև սկսում է անել, մենք արդեն մի քայլ առաջ ենք։ Իրենք նորից մի քայլ հետ են մնում ու զարմանում են, թե ինչու են փակվում, իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Այդ «ինչու չի ստացվումների» պատասխանը հենց դա է՝ որովհետև գալիս, մեզ եք նայում։ Մենք երբեք Հայաստանում չենք նայել ուրիշին, այդ ուրիշը չի էլ եղել։ Իրականում, լավ կլինի, որ լինի, մենք էլ գնանք, փորձենք ուսումնասիրել, որոշ բաներ սովորել։ Մրցակից ասելով՝ նկատի ունեմ իրական մրցակիցներին, որոնք գաղափարներով են քեզ հետ մրցակցում, ծառայությունների մատուցման ձևով են մրցակցում։ Այդպիսի մրցակցի առկայության դեպքում դու զարգանում ես, առաջ ես գնում, որովհետև դու տեսնում ես։ Էմիրաթներում մենք այդ փորձը ունեցանք, ու այդ փորձը հենց դրանով էր լավ, որ մենք անընդհատ նայում էինք՝ կողքինները, առաջատարները ինչ են անում, ինչպես են հաճախորդին կանչում։ Մենք փորձեցինք մեր մարքեթինգային քայլերը այնտեղ անել, բայց պարզվեց, որ այն ամենը, ինչը Հայաստանում գործում է, այնտեղ ռադիկալ ուրիշ է, չի գործում։ Հայաստանում, երբ Արտ լանչ ենք բացում, ամենաշատը երեք օր հետո արդեն բոլորը գիտեն դրա մասին, որովհետև երբ մի հաճախորդ այսօր մեզ մոտ ճաշում է, վաղը արդեն գալիս է իր ընկերների հետ։ Իսկ այնտեղ մի մարդը մեզ մոտ մեկ ամսից ավելի ճաշում էր, իր կողքի նստածը չէր իմանում մեր մասին, նա չէր կիսվում։ Մենթալիտետի տարբերությունները, սովորույթները բիզնեսի զարգացման լրիվ տարբեր ուղիների մշակում են պահանջում։ Ճիշտ մրցակից ունենալու դեպքում էլ դու անընդհատ խորանում ես այդ ուղիների մեջ, ավելի հզոր ես դառնում, հնարավորություն ես ունենում իրական մրցակիցների դեմ պայքարելու, որովհետև երբ դուրս գաս, մրցակիցներդ լինելու են այնպիսի գիգանտներ՝ KFC-ն, McDonald’s-ը, որոնց մի ժամվա բյուջեն մեր մեկ տարվա բյուջեի չափ է։ Դրա համար պետք է լինել ավելի ճկուն, կրեատիվ, որպեսզի կարողանանք նման գիգանտների հետ մրցել ու հաղթել։

-Զարգացման ուրիշ ոլորտ փնտրո՞ւմ եք։

-Հաճախ թվում է, թե ռեստորանային ու ճաշարանային ոլորտը նույնն է։ Այնքան շատ է թվում, թե նույնն է, որ նույնիսկ վիճակագրական վերլուծությունները նույն ձևով է անում վիճվարչությունը, նույն դասակարգման մեջ ենք։ Իրականում ռեստորանն ու ճաշարանը ամբողջովին տարբեր բաներ են։ Մեզ համար ավելի հեշտ կլինի գյուղատնտեսությամբ զբաղվել, քան թե ռեստորանային բիզնեսով։ Ֆերման ու ճաշարանը իրար ավելի մոտ են, քան ճաշարանն ու ռեստորանը։ Սա չգիտակցելով՝ շատ ռեստորանատերեր փորձում են ճաշարանային բիզնես անել ու կրում են մեծ վնասներ։ Իսկ մենք, դա գիտակցելով, չենք վերցնում ռեստորանային բիզնես, քանի որ դա լրիվ ուրիշ ուղղվածություն ունի։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

sona mkhitaryan

Համալսարանական ընդհանուր և մասնավոր հոգսեր

Ես ուզում եմ խոսել ՀՊՄՀ-ի դասախոսների մասին, իսկ ավելի կոնկրետ՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների մասին՝ առանց անուններ շեշտելու: Մեր դասախոսներն, ըստ իս, մեզ տալիս են բավարար գիտելիքներ ոլորտի և տվյալ առարկայի վերաբերյալ: Իհարկե, ունենք նաև դասախոսներ, որոնք ունեն հարուստ փորձ, ոլորտից քաջատեղյակ են, ունեն իրենց իսկ հեղինակած գրքերը, սակայն չունեն այդ ամենն ուսանողին հասկանալի մատուցման ձև: Իսկապես, երբ առարկան մասնագիտական է, և այն կազմում է ամբողջ բակալավրիատի հիմքը, և չունես բավարար գիտելիք, դա սարսափելի է: Դասի թեմայի վերաբերյալ հարց ես ուղղում, հարցիդ պատասխանը հնչում է մինչև դասի ավարտը, բայց իրականում դու չես ստանում պատասխանը: Նյութերը կան, բայց սովորելու համար նախ հասկանալ է պետք, իսկ մենք հասկանում ենք մեկ շաբաթը մեկ՝ սեմինարի ժամին: Ունենք մասնագիտական առարկա, որ դասերին չգնալ չես կարող, որովհետև գիտես, որ մեծ բան ես կորցնելու: Ես իրականում չէի ուզում անուն նշել, բայց չեմ կարող: Ինձ, ու վստահ եմ նաև շատ ուսանողների, Անի Խուդոյանի ժամերին բացի դասից այլ բան չի հետաքրքրում, երբ անընդհատ հեռախոսիդ կոճակը չես սեղմում, որ տեսնես՝ դասին քանի րոպե մնաց, երբ չես խնդրում 5 րոպեով դուրս գալ իրականում ժամանակը սպանելու համար, երբ բոլոր առաջադրանքները հաճույքով ես կատարում, ու ամենակարևորը, յուրաքանչյուր դասի ավարտից հետո քեզ պատկերացնում ես ընկեր Խուդոյանի փոխարեն, մտածում ես՝ եթե ես ստացածս լավ յուրացնեմ, աշխատեմ, ապա ես էլ կդառնամ ընկեր Խուդոյան:

Ուզում եմ նաև խոսել մի երևույթի մասին, որը հեղափոխությունից հետո բավականին քննարկվեց, տարբեր որոշումներ կայացվեցին, բայց ամեն ինչ մնաց նույնը: Հարցը վերաբերում է ուսանողի քննությանը չմասնակցելուն` վարձի որոշակի չափի չմուծման պատճառով: Տեսեք, դա իրականում միշտ է այդպես եղել․ մինչև վերջին քննությունը, եթե ամբողջական գումարը մուծված չէ, քննությանը չես մասնակցում: Բայց կա մի օրենք, ավելի ճիշտ իրավունք` գրել պարտավորագիր, որը պարտավորեցնում է մնացած գումարը մուծել, օրինակ, մինչև այսինչ ամսի 10-ը: Գրելու համար դիմում են դեկանին, դեկանատի աշխատողը տալիս է դիմումի համապատասխան ձևաթուղթը, ուսանողը լրացնում է, և դրվում է կնիք: Վերջերս նույն ուսանողը, որը 2018 թվականին գրել է նույն պարտավորագրից, մերժվեց, թե հնարավոր չի։ Հենց այդ ժամանակ մեկ ուրիշ ուսանող նստած գրում էր պարտավորագիր: Ես չեմ ուզում մեկնաբանել…

ella mnacakanyan yerevan

Հետքննական

Երբ անվերջ թվացող ու ուժերդ մինչև վերջին կաթիլը քամած քննաշրջանից հետո իսկապես «վաստակածդ» ընդամենը մեկշաբաթյա արձակուրդի 5-րդ օրն անգամ, դու չես կարողանում կտրվել այդ նախաքննական, քննական ու հետքննական մտքերից ու շարունակում ես ինքդ քեզ քննադատել ու ողջ աշխարհին ատել, որ այդքան սովորածդ հարցերի մեջ, քեզ հենց ա՜յ այն չսովորածդ մեկը վիճակվեց քննությանը, երբ օրական շուրջ 126 անգամ (եթե ոչ ավելի) ստուգում ես համալսարանի կայքի ներքին ցանցը՝ ամեն անգամ ապարդյուն հուսալով, որ վերջապես կտեսնես քննություններիդ արդյունքներից գոնե մեկը ու ամեն անգամ (բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար) հուսախաբ լինում, հասկանում ես՝ չէ՜, մեկ շաբաթը քիչ է, ախր, անմարդկային քիչ է հանգստանալու կամ գոնե հանգստանալ փորձելու համար այն ամենից հետո, ինչ ապրել ես կյանքիդ վերջին, ամենասթրեսային 20 օրվա ընթացքում, որոնք հնարավորության դեպքում առանց երկմտելու կջնջեիր հիշողությունիցդ: Հա ու հնարավորության դեպքում կսովորեիր, հաստատ կսովորեիր նաև բոլոր այն չսովորածդ հատուկենտ քննական հարցերը, որոնք «նենգաբար» պատահում էին յուրաքանչյուր քննության ժամանակ ու մեկ վայրկյանում ջուրը գցում ինչպես անքուն գիշերներիդ աշխատանքը, այնպես էլ կիսամյակը միջինից բարձր գնահատականով ավարտելու արդարացի ցանկությունդ: Հա՜, մեկ էլ մի կերպ «վաստակածդ» արձակուրդը կերկարաձգեիր մի քանի օրով՝ գոնե հասցնելով մնացած բոլոր նորմալ համալսարաններում տրվող արձակուրդի տևողությունը: Դե՜, եթե հնարավոր լիներ, էլի: Բայց, ավա՜ղ, կյանքում միշտ չէ, որ հնարավոր է այն, ինչ ցանկանում ես, կամ ցանկալի է այն, ինչ հնարավոր է: Ուստի մնում է միայն համակերպվել ու գոհանալ թեկուզ այդ մեկշաբաթյա «ճոխությունով» ու մինչև վերջ օգուտ քաղել դրանից. ոչինչ, թե դրա 5-րդ օրն անգամ այնքան ես կլանված հետքննական մտքերովդ ու այնքան ես հետ վարժվել կյանքիդ սովորական ռիթմին, որ պարապմունքիդ ժամը, որ միշտ մեխանիկորեն էիր հիշում ու տեղ հասնում, որպես կանոն, մի 10-15 րոպե էլ ուշացած, այս անգամ շփոթել ես ոչ ավել ոչ պակաս 45 րոպեով ու ճիշտ այդքան շուտ հասել պարապմունքիդ:

«Հըմ, էս ժամի համար ինչ-որ արտասովոր լուսավոր ա բայց»,- առաջին միտքն էր, որ ծնվեց գլխումս, երբ արդեն հասնում էի տեղ ու երբ վերջապես սթափվել էի հետքննական մտքերիցս,- «Ո՞նց, 45 րոպե շուտ եմ եկել»,- ինձ թվաց, թե հեռախոսիս էկրանի թվերն ինձ խաբում են,- «Բա հիմա ես ի՞նչ անեմ էսքան, ախր, շատ դմբո եմ, է»:
Ես, իհարկե, կարող էի մտնել ներս ու առանց ցրտից դողացնելու, ձանձրանալով սպանել կյանքիս այդ թանկագույն 45 րոպեները, բայց երբ բախտի բերմամբ թե պատահմամբ, ականջակալներումդ սկսում է հնչել Ֆորշի «Զբոսանք Երևանով»-ը, դժվար է, շատ դժվար է գայթակղությանը չտրվելն ու դրա ներքո մի փոքրիկ զբոսանք չանել թեկուզ սառած մայթերով, մերկացած ծառուղիներով ու բացասական ջերմաստիճանով Երևանով: Իմ սրտի Երևանով: Իմ հոգու, իմ լույսի, իմ մտքերի Երևանով, որից վերջին 20 օրերին հեռացել էի այնքան, որ միայն քննական օրերին տնից համալսարան տանող հոգնեցուցիչ ու չարագուշակ ճանապարհին էի հասցնում նրան տեսնել, նրան զգալ ու շնչել…
Ու մինչդեռ ես՝ տարիների կալանքից հետո ազատության երես տեսածի երջանիկ ժպիտը դեմքիս, այս ու այն կողմ էի անում Թումանյանով ու ոչինչ չտեսած զբոսաշրջիկի նման զարմանում ու հիանում շենքերով, որոնք երևի տեսել եմ ճիշտ նույնքան, որքան սեփական անդրադարձս՝ հայելում, Ֆորշը շարունակում էր ականջակալներումս կրկնել.
…Այս քաղաքը տունն է իմ,
Որքան էլ նոր, այնքան էլ հին,
Հուշերի քաղաք է Երևանը…

mane tonoyan

Ինչո՞ւ ենք հաճախ զայրանում և ինչպես կառավարել այդ վիճակը

Բոլորս էլ զայրանում ենք, սակայն կախված իրադրությունից, մեր վերաբերմունքից, հուզական ինքնակարգավորման հմտություններից, մեր զայրույթն ըստ իր ուժգնության, տևողության կարող է առաջացնել հոգեվիճակների լայն բազմազանություն: Որպես օրինակ կնշեմ մի քանիսը:

Այսպես, մեկը կարող է այնքան հազվադեպ զայրանալ, որ հենց միայն այն փաստը, որ նա զայրացավ, փոխադարձ զայրույթ առաջացնելու փոխարեն առաջացնում է դիմացինի զարմանքը, մյուսը կարող է զայրանալ հաճախ, սակայն հանդարտվել միանգամից, մեկ ուրիշը կարող է երկար ժամանակ թաքցնել իր զայրույթը, սակայն «կրծել իրեն ներսից» և արտաքնապես անտրամադիր թվալ, իսկ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր բառիս բուն իմաստով «քրտնաջան» աշխատանքի արդյունքում վաղուց նվաճել են «ջղային մարդու» պիտակը և քայլում են ահ ու սարսափ տարածելով: Մարդիկ վախենում են նրանց մոտենալ, չեն ցանկանում խլել թանկագին ժամանակը… Վերջին տարբերակում զայրույթի վիճակը դառնում է մի տեսակ կյանքի ոճ` մարդկանց ենթարկեցնելու (արա այնպես, ինչպես ես եմ ցանկանում, թե չէ` կզայրանամ), հակախոհներ չունենալու նպատակով: (Գուցե քրիստոնեության մեջ հիշատակվող ոչ պատահական յոթ մահացու մեղքերի ցանկում հայտնված բարկությունը, նախևառաջ, պետք է պատկերացնել հենց այս տեսքով` կամածին և որպես «գործիք» օգտագործվող զայրույթը):

Ի դեպ` բոլորս էլ կարող ենք դառնալ «ջղային մարդ», եթե ճիշտ ժամանակին չփորձենք կառավաարել մեր զայրույթը: Այս առումով հատկապես որոշիչ շրջան են դեռահասությունը և պատանեկությունը: Ինչու է բռնկունությունը, զայրույթը այցելում հատկապես այդ շրջանում: Սիրելի պատանինե’ր, հիմնական պատճառները երկուսն են:

Առաջին` ֆիզիոլոգիական հասունացման հետ կապված փոփոխությունները, որոնք լարված վիճակում են պահում ողջ օրգանիզմը և նյարդային համակարգը` հատկապես:

Երկրորդ` աշխարհայացքում և առհասարակ հոգեկանում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք միշտ չէ, և բոլորի կողմից չէ, որ հարթ են ընդունվում, և առաջ եկած լարված փոխհարաբերությունները զայրույթի արտահայտման լավ առիթ են:

Ինչպե՞ս  է առաջանում զայրույթը: Պատճառները բազմաթիվ են. հիմնականում զայրանում ենք այն ժամանակ, երբ մեր ծրագրերն իրականություն չեն դառնում, սպասելիքները չեն կատարվում, վտանգ է սպառնում մեզ, մեզ համար կարևոր մարդկանց կամ իրերին ու գաղափարներին և այլն: Զայրույթը նման  է հիվանդության: Այն «անզսպության» որոշակի դրսևորում է և իր հերթին խթան է` հետագայում ավելի բռնկուն դառնալու համար: Յուրաքանչյուր զայրույթի նոպա ճանապարհ է հարթում մյուս անգամ զայրույթի ավելի ազատ դրսևորման համար:

Ինչպե՞ս հաղթահարել զայրույթը: Հաղթահարելու ցանկություն է առաջացնում և, կարելի է ասել, որ հաղթահարման առաջին քայլ է հանդիսանում այդ տարերային վիճակի մասին տեղեկացվածությունը: Այսպես, զայրացած ժամանակ մեր ընկալումները աղճատվում են. ցանկացած բան կարող ենք ընկալել ոչ այնպես, ինչպես դա կա իրականում: Սովորական խոսքը կամ կատակը զայրացած մարդը կարող է չհասկանալ և ընդունել թշնամաբար: Զայրացած մարդու մոտ առաջանում է դիրքրոշում` դիմացինին չլսելու և օբյեկտիվ փաստերը ընկալելու սուբյեկտիվորեն աղճատված ձևով (այս երևույթը նման է «փչացած հեռախոսի»): Սրա արդյունքում մենք կարող ենք հայտնվել հիմար իրավիճակում: Կարելի է թվել բազմաթիվ բացասական այլ հետևանքների մասին, օրինակ.

  • վատանում են մարդկանց հետ փոխհարաբերությունները` մեծացնելով կոնֆլիկտների ռիսկը,
  • առաջանում են կախվածություններ (համակարգչային խաղերից, ծխախոտից, առաջանում են բացասական այլ սովորություններ),
  • դժվարություններ են առաջանում դպրոցում, ընկերական շրջապատում,
  • մարդը դառնում է մտածկոտ, ինչի արդյունքում սխալ գործողություններ է կատարում,
  • զայրույթն ուղեկցվում կամ փոխարինվում է լրացուցիչ բացասական ապրումներով` տխրություն, ամոթ, ընկճվածություն,
  • անդրադառնում է առողջության վրա` առաջացնելով ցավային զգացողություններ, ինչպես նաև լուրջ հիվանդություններ:

Կարծում եմ կհամաձայնեք` արժե չզայրանալ` թեկուզ միայն այս ամենից խուսափելու համար… Հոգեբանական պրակտիկայում զայրութը կառավարելու նպատակով առաջարկում են.

  • Խորը շնչեք գոնե երեք անգամ և ներշնչեք ինքներդ ձեզ, որ ցանկացած խնդիր հաղթահարելի է և յուրաքանչյուր խնդրի կարելի է մոտենալ մի քանի կողմից: Խորը շնչելու «դեղատոմսը» շատերի կողմից ժպիտով է ընդունվում և համարվում է հիմարություն, սակայն զայրացած մարդու համար թերևս ամենադժվար բանը մի վայրկյան ընդմիջելը և խորը շնչելն է: Ի գիտություն` խորը շնչառությունը ինտենսիվորեն թթվածին է մատակարարում օրգանիզմին` թույլ չտալով, որ ուղեղը մթագնի:
  • Փորձեք լսել: Միայն լսելով է կարելի հնարավորություն տալ դիմացինին բացատրվելու, և սա միակ տարբերակն է հասկանալու, թե ինչու եղավ կամ ինչու պիտի լինի այսպես կամ այնպես:
  • Եղեք ավելի հետևողական և պնդեք ձեր ասածը` չհուսահատվելով դա անելու առաջին անհաջող փորձից: Տրվելով զայրույթին` մենք ի վիճակի չենք լինում դիմացինին հայտնելու և հիմնավորելու մեր տեսակետը:
  • Հիշեք մի քանի սխալ որոշում, որ կայացրել եք զայրացած վիճակում…
  • Փորձեք ներել: Մի ներեք սեփական նյարդերի և ինքներդ ձեզ «կրծելու» հաշվին: Մենք ներում ենք այն ժամանակ, երբ մոռանում ենք ցավ պատճառող միտքը և այն մաստակի պես չենք պտտում մեր գլխում:
Shushan nersisyan

Սիրել չհասցնողների մասին

Մենք հազիվ հասցնում ենք սիրահարվել, ուր մնաց սիրել հասցնենք…

Ողջ մանկության ընթացքում սիրահարվում ենք բակի ամենագեղեցիկ տղային կամ ամենանուրբ ձայնով աղջկան ու հավատում՝ նրանց հետ անցկացրած հերթական օրը չի հասնելու ավարտին: Դպրոցներում սիրահարվում ենք դասարանի ամենալավ սովորողներին ու սրտի աննկարագրելի թրթիռով երազում հերթական տեղափոխության ժամանակ նրա կողքին նստելու մասին: Սիրահարվում ենք դասարանի աղջիկների համար ամեն րոպե կողքի դասարանի տղաների հետ կռվի պատրաստ մեր դասընկերներին: Համալսարաններում սիրահարվում ենք բարձր կուրսի տղաներին կամ ցածր կուրսի աղջիկներին, հանդիպումներ փնտրում դասամիջոցից դասամիջոց: Սիրահարվում ենք լսարանի դուռը պատահաբար բացող տղաներին կամ աստիճաններն արագ բարձրացող աղջիկներին: Մի դասաժամի տևողությամբ սիրահարվում ենք երիտասարդ դասախոսներին: 25 վայրկյանի տևողությամբ սիրահարվում ենք անցումներում, մինչև լուսակիրը կփոխի հերթական գույնը, ու մի քանի գիծ քայլելուց հետո բաժանվում նրանցից: Սիրահարվում ենք ամեն օր մեզ հետ կանգառներում հայտնված անծանոթ աղջիկներին, փողոցում մեզ մի քիչ երկար նայող տղաներին: Մի քանի կանգառի տևողությամբ սիրահարվում ենք մեզ հետ նույն երթուղայինում հայտնված գեղեցիկ ուղևորներին, որոնց կորցնում ենք երբեմն հաջորդ, երբեմն մի քանի կանգառ հետո, ծայրահեղ դեպքում սիրահարվում ենք այդ նույն երթուղայինների վարորդներին ու նրանց հետ գնում մինչև վերջին կանգառ: Խանութներում սիրահարվում ենք գեղեցիկ վաճառողուհիներին կամ երիտասարդ առաքիչներին ու հրճվում նրանց կողմից մեր՝ առաջ գցված հերթերի համար: Սիրահարվում ենք մեր ծնողների ընկերների երեխաներին և ուրախանում՝ իմանալով նրանց հետ կազմակերպվելիք հերթական հավաքույթի մասին: Սիրահարվում ենք մեր եղբայրների ընկերներին ու քույրերի ընկերուհիներին ու նրանց միջոցով հանդիպումներ փնտրում, շոյվում ենք, երբ բարևում են ու մեր անունն արտասանում: Սիրահարվում ենք ընկերական հավաքույթներում, ու հետո փորձում հանդիպումներ ստեղծել, մի պարի տևողությամբ էլ սիրահարվում ենք պարի հրավիրող տղաներին կամ այդ հրավերները չմերժող աղջիկներին: Սիրահարվում ենք թատրոններում՝ մեջտեղի շարքերում նստած տղաներին, զբոսայգիներում՝ միայնակ գիրք կարդացող աղջիկներին: Մենք սիրահարվում ենք սպիտակ վերնաշապիկով տղաների ու մազերն անփույթ հավաքած աղջիկների: Մենք սիրահարվում ենք մեր կարդացած գրքերի հերոսներին, նայած ֆիլմերի հերոսուհիներին: Մենք նույնիսկ համարձակվում ենք սիրահարվել մեր ընկերուհիների ընկերներին կամ ընկերների հավանած աղջիկներին, բայց երբեք չենք համարձակվում սիրել:

Մենք սիրել չգիտենք, մեզ նմանները միայն սիրահարվում են: Սիրահարվում են ու չեն ամաչում դրա համար: Մեզ դուր է գալիս մեկի սանրվածքը, մյուսի ժպիտը, երրորդի պահվածքը, մեկ ուրիշի քայլվածքի ինքնավստահությունը, մեկի ձայնը, մյուսի ճաշակով վանդակավոր վերնաշապիկը: Մեզ նմաները սիրահարվում են անընդհատ, օրական մի քանի անգամ, իսկ սիրել մենք չենք հասցնում…

Սիրելը ծանրակշիռ, լուրջ մարդկանց գործ է, իսկ մեզ նմանները խուսափում են պատասխանատվությունից, մենք խուսափում ենք սիրելուց, որովհետև չափաբաժինը շատ է ու միանգամից, խուսափում ենք սիրելուց, որովհետև այն անցողիկ չէ, այն գալիս է ու չի գնում: Մենք սիրահարվում ենք, որ հանկարծ չսիրենք: Սիրում են հասունները, իսկ մենք այդպես էլ չհասցինք հասունանալ, գուցե էլ երբեք չհասունանանք, դրա համար էլ մեզ սիրում են, իսկ մենք դեռ միայն հասցնում ենք սիրահարվել…

arman arshak

Կոչված` քայլելու դեպի նույն նպատակը

Երկար ժամանակ է, ինչ թուղթս ու գրիչս չէի վերցրել ու փորձել առանձնանալ իմ փոքրիկ անկյունում՝ մտքերիս հետ: Մի տեսակ կարոտել էի այս պահը, կարոտել էի նյութ գրելու «արարողակարգը»:

Դասերից ու դիմորդական թոհուբոհից փորձեցի գտնել ժամանակ ու գրել: Գրել դիմորդի պատասխանատու կոչումը կրելու մասին:
Ամռանը որոշեցի, որ համալսարանական կրթությունս ուզում եմ ստանալ Հայաստանում Ֆրանսիական համալասարանում, իսկ մինչ այդ գիտեի, որ ինձ են սպասում դաժան ու ձանձրալի պարապմունքները, ինչը ինձ՝ հասարակական կյանքում գերակտիվ երիտասարդիս համար փոքր-ինչ դաժան էր: Այդ իսկ պատճառով կատարեցի երկրորդ որոշումը՝ պարապելու փոխարեն այցելել նախապատրաստական կուրս: Որոշումը կայացրի՝ գիտակցելով, որ չափազանց դժվար է լինելու համատեղել դպրոցի հետ: Միևնույն ժամանակ, դպրոցի աշակերտ և համալսարանի ուսանող լինելը ծանր, բայց հաճելի զգացողություն է:

Ստանձնելով դիմորդի «կոչումը»` ժամանակից շուտ մուտք գործեցի համալսարան: Մի նոր փուլ, որը սովորաբար բոլորի մոտ լինում է դպրոցն ավարտելուց հետո:

Մուտք գործել կյանքի մի նոր փուլ, որը վճռորոշ է ողջ կյանքիդ համար, չափազանց պարտավորեցնող է, քանի որ համալսարանական հետագա կրթությունդ կախված է ընդունելության արդյունքներից: Դե, երևի հասկանում եք՝ ինչ սթրեսային փուլ է, երևի բոլոր դիմորդները ունեցել են այս զգացողությունը: Այդ սթրեսային իրավիճակում և կյանքի նոր փուլին՝ համալսարանի շեմին, ունեցա կուրսընկերներ և դասախոս համադրությամբ մի հրաշք խումբ:

-Բարև ձեզ, երեխեք, ես ընկեր Աննան եմ՝ ձեր անգլերենի նոր դասախոսը:

Այս նախադասությամբ սկսվեց այն դասը, որը հետո դառնալու էր համալսարանի համար մեկ մոտիվացիան: Ութ հոգուց բաղկացած խումբ, որը կարծես կոչված էր քայլելու դեպի նույն նպատակը, և պակասում էր միայն մեկը, և այդ մեկն էլ լրացավ, երբ լսարանում լսվեց «Բարև ձեզ, երեխեք, ես ձեր անգլերենի նոր դասախոսն եմ» նախադասությունը:

Anush abrahamyan

Սարի ճամփան

Մեր գյուղից հեռու՝ այնտեղ, որտեղ Գեղհովիտի կանաչ, բարձր սարերը երևում են, մի ճանապարհ կա: Մի քարոտ ու անհարթ ճանապարհ: Հազար անգամ տատիս հետ անցել ենք այդ ճանապարհով, հազար անգամ տատս «Հեյ, ջան հայրենիքն» ու «Ասպետի սերն» է ասել, ու հազար անգամ ես հիացել եմ, հպարտացել նրանով, որ տարիները իր հոգուն մոռացություն չբերին:

Հազար խոսք ու ծիծաղ ենք մաշել այդ ճանապարհին, հազար լուսաբաց դիմավորել ու հազար եղանակ:

Ու հազար անգամ ճանապարհը այդ ինձ բարդ ու երկար է թվացել, ու հազար անգամ աշխարհն ավելի կանաչ է թվացել, սիրուն, սարի կանաչին փռված կակաչի պես վայրի է թվացել, սարի քամու պես ազատ:

Սարի այդ երկար ճանապարհը հողի ու մարդու պայքար է թվացել՝ բերքի առատության պայքար:

Հազար անգամ տատիս հետ բեռնատարով անցել ենք այդ ճանապարհով՝ գարի տարել, ցորեն բերել, ու ամեն անգամ դրա հետ տատս աշխարհին կամք ու հոգի է բերել: Հացը վաստակելու բարեխիղճ ուղի է բերել:

Իմ աչքերում սարի այս ճամփան քարքարոտ է դեռ և վայրի, երկար, իմ ականջներում՝ «Հեյ, ջան հայրենիք», ու իմ հոգու մեջ այն խոսքերն են դեռ․

-Տատիկ, կարո՞ղ եմ սարը բարձրանալ…

juli abrahamyan

Սկսվեց

Աշխարհում ամեն ինչ կտայի, միայն թե այս չարաբաստիկ օրը չգար: Առավոտյան մուշ-մուշ քնած եմ, մեկ էլ` զընգ, հա զընգ: Սկզբում մտածեցի, որ առավոտ-գիշերով` ժամը երկուսին, ընկերուհիս է որոշել արթնացնի, սակայն հետո քնած ուղեղս փայլատակեց, որ այսօր ես դասի եմ: Վերջ, հասկանո՞ւմ եք, վերջացան իմ ազատ ու անկախ օրերը, ցոփ ու շվայտ կյանքս մեկ վայրկյանում բեկորների վերածվեց:

Դե, իրականում ամեն ինչ այդքան դրամատիկ ու երկար չէր, «բետա» տարբերակն էր, էլի: Ինձ մի կերպ անկողնուցս քարշ տալով հասա լոգարան` լվացվելու նպատակով, սակայն ուղիղ տասնհինգ րոպե նայում էի հայելուն և ինքս ինձ հարց տալիս.

-Ջուլի, բա քեզ պե՞տք ա։

Մի խոսքով, արագ հագնվելով` պայուսակիս մեջ եմ լցնում էն, ինչ պատահի: Ի դեպ` պայուսակս հաճախ նման է «կարտոշկի մեշոկի»: Մի ոտքով խոհանոցում ջուր եմ խմում, մյուս ոտքով էլ շարֆս եմ կապում:

Մեկ ժամից ես արդեն մեքենայի մեջ եմ, մայրս ու հայրս զրուցում են, իսկ ես մտովի հոգեբան եմ դարձել և ինձ եմ հանգստացնում: Ախր, քսանչորս օր, ուֆ… Ասում են՝ նոր մոդուլներ են ավելանալու, իսկ թե որոնք` գաղափար անգամ չունեմ: Ինչպես կասեր մեր տակի հարևանը` իբր սաղ «դորդ ու բեշ» արինք, հիմա էլ էս:

Ըհն, քոլեջի դռների մոտ եմ, բայց չեմ կարողանում առաջ գնալ: «Տնաշեն,- մտածում եմ,- հո մահապատժի չե՞ն տանում»: Ոչ, սխալ չհասկանաք, ես սիրում եմ սովորել, սիրում եմ նոր բաներ հայտնաբերել, բայց չեմ սիրում դա անել պարտադրված, ինչ-որ թվանշանի համար, որ տարին մի քանի անգամ, լեզուս էլ չի «ֆռռում» ասեմ այդ բառը, քննություն հանձնեմ:

Ինչևէ, բարձրանում եմ երրորդ հարկ, և քանի որ բարձրանում եմ ոտքով, երկրորդ աստիճանից հետո արդեն շունչս փչում եմ: Հեռվից հեռու նշմարում եմ դասացուցակը: Մոտենում եմ ու հենց այդ պահին մտովի շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկնային և երկրային ուժերին, որ ինձ չթողեցին ուշաթափվել: Շաբաթվա մեջ երեք օր ունեմ չորս դասաժամ, ամեն մի դասաժամը՝ յոթանասուն րոպե, եթե չհաշվենք դասամիջոցները (ֆիզմաթի պահը դեռ ուժի մեջ է), ապա կստացվի երկու հարյուր ութսուն րոպե յուրաքանչյուր օր, որն էլ կստացվի մոտավորապես չորս ժամ: «Քաշվանք»,- մտքումս արտասանեցի այս յոթ տառից կազմված հրաշք բառն ու վստահ քայլերով գնացի լսարան:

Նստելով աթոռներից պատահական մեկին՝ հասկացա, որ սա կյանք չէ:

Պաշտոնապես եմ հայտարարում՝ էլ չեմ ձգում:

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ․․․

Քաղաքում, որտեղ
Մենք սիրում էինք ամեն ինչ հարգել
Սիրելու փոխարեն,
Ծաղիկներ չծաղկեցին,
Արևը մեզ սարքեց խանձահոտ,
Բայց չջերմացրեց,
Ու չջերմացան ոչ էլ էս քաղաքի պատերը մեր երգերից
Ու բեմից, որտեղ մենք բանաստեղծում ու փառաբանության տողեր էինք կարդում՝
Ամենքս մեր կուլ տված պաթոսը հետ տալով:

Էս քաղաքում, որտեղ մենք սիրում էինք հարգելը,
Հարգանքից շատ բան չծնվեց,
Մանավանդ՝ երեխաներ,
Ու ոչ էլ կարեկցանք ու հոգածություն,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին,
Քայլերի հետևից գնալ ու ճանաչել,
Արևի՝ մի կտուրից մյուսի վրա սահելը
Ու բակի երեխաների գլխին վայր ընկնելը նկատել,
Սիրահարվել էր պետք էս քաղաքին մի կարգին,
Որ ուզեիր՝ քոնը դառնա:

Էս քաղաքում մենք «հարգեցինք» սիրելու փոխարեն,
Ու գինին մեր ձեռքը կրակն ընկավ,
Ու կենացները սկսեցին կրկնվել ամենուր՝
Ամեն անգամ ավելի էժան ու հոգնած զգալով:
Մայրերի, կանանց, հողի ու նույնիսկ պահի կենացը մի բաժակով հարգեցինք
Ու դրեցինք ապակու տակ, պատից կախված, պատկերասրահում
Թանկ նմուշի պես
Տակն էլ գրեցինք. «Ձեռք չտալ»
Մինչև հաջորդ խմելը:

Էս քաղաքը, որին մենք նախընտրեցինք «հարգել»
Բեմերում, կենացներում ու թանգարանում,
Սերը մնաց նկուղներում՝
Ճամպրուկների մեջ,
Ու աղբը մնաց մայթեզրին թափված,
Գետնանցումները չդադարեցին միզահոտ լինել
Ու ընկած քարերը հին տեղը չվերադարձան
Պատկերասրահի կենացները սկսեցին ընկնել ու փշուր-փշուր լինել,
Քանի սեղանի շուրջ մենք կարծում էինք
Թե «հարգել» հենց միայն բառ էր:

Քաղաքում, որտեղ մենք հարգում էին սիրելու փոխարեն,
Գոնե մի թափառական կատվի չափ չզգացինք քաղաքի՝ մերը լինելը,
Եվ ահա, հարգանքից ջերմություն չծնվեց։

arxiv

Ընկերության մասին

Պատահական հանդիպում 

Մի անգամ մետրոյում կողքս նստեց մի աղջիկ և միանգամից հարցրեց.

-Անունդ ի՞նչ է:

-Սիրան,- շփոթված պատասխանեցի,- իսկ քո՞նը:

-Գայանե,- վստահ պատասխանեց նա:

Եվ մենք ընկերացանք:

Հետո մի ուրիշ անգամ մենք նորից հանդիպեցինք մետրոյում, և նա խնդրեց իմ հեռախոսահամարը: Ես տվեցի իմը և, վերցնելով նրանը, խոստացա զանգահարել: Ես, ճիշտ է, խոստացա, բայց առաջինը չզանգեցի: Սակայն մի օր չանցած` նա զանգահարեց: Ես, մոտենալով լսափողին, կրկին լսեցի Գայանեի վստահ ձայնը.

-Բարև, ո՞նց ես:

-Լավ, իսկ դո՞ւ:

-Լավ եմ,- պատասխանեց նա,- ուզում եմ հանդիպենք:

-Լավ, բայց որտե՞ղ,- հարցրեցի ես:

-Արի՛ գնանք Հաղթանակի զբոսայգի:

-Լավ: Ժամը հինգին այնտեղ կլինես:

Այդ հանդիպումից հետո մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել, և Գայանեն դարձավ իմ ամենամոտ ընկերուհին:

Ես շատ եմ լսել, որ ասում են` պատահական հանդիպումներն այնքան էլ ճիշտ չեն, բայց իմ պատահական հանդիպման արդյունքում ես ունեմ շատ լավ ընկերուհի:

Սիրան Մանուկյան, 12 տարեկան

Ստի օգուտը

Ես, տանը նստած, խորասուզված կատարում էի հայոց պատմության գրավոր աշխատանքը: Ավելի շուտ` ոչ թե գրում էի, այլ ուսումնասիրում գրչիս ծագումը, թե որ ֆիրմայից է: Ֆիրմայի փոխարեն գրված էր «Made in China»: «Երեխանե՛ր, դասի վերջին հարցերին միայն ճշգրտորեն արտագրելուց հետո պատասխանե՛լ: Պատասխաններն առանց գրքից արտագրելու ներմուծե՛լ տետրի մեջ»,- գրված էր վարժության պահանջի մեջ: Հանկարծ հեռախոսս զնգաց: Այդ պահին, չգիտես ինչու, աչքիս առաջ հայտնվեց մեր դպրոցի ուսմասվարը և ասաց. «Անջատե՛ք ձեր բջջային հեռախոսները…»:

-Ալո:

-Բարև, Ռոլանդն ա,- լսվեց լսափողի միջից:

-Հա՜, բարև, ո՞նց ես:

-Լավ եմ: Հայոց պատմության տնայինը կասե՞ս:

-Թեմա 3, պարագրաֆ 2:

-Էս հինգ էջանո՞ցը,- թերթելով գրքի էջերը` հարցրեց Ռոլանդը:

-Հենց էդ ա, որ կա:

-Էս ուշ ժամին ո՞նց եմ սովորելու: Էն մյուս օրերին էլ հիվանդ էի, ուրիշներին էի զանգում, կա՛մ չէին վերցնում, կա՛մ էլ զբաղված էր ցույց տալիս,- բողոքեց Ռոլանդը:

-Քեզ անկեղծորեն հասկանում եմ,- վրա բերեցի ես:

-Դու էլ ես պատմությունը սովորո՞ւմ:

-Արդեն սովորել եմ, հիմա էլ դասի գրավորն եմ անում: Իսկական մատյան ողբերգության:

-Ես երևի կհասցնեմ սովորել, բայց գրավորը չեմ հասցնի: Վաղն էլ Հայոց պատմությունը հենց առաջին ժամն ա: Ոնց որ թարս լինի…

-Դե, քեզ հաջողություն ու բարի գիշեր,- կարճ կտրեցի ես:

-Քեզ էլ, բայց բարի գիշերն էնքան էլ բարի չի լինի ինձ համար:

Հաջորդ օրն ուսուցչուհին հարցրեց.

-Երեխանե՛ր, դասը սովորե՞լ եք:

-Այո՛:

-Գրավորներն արե՞լ եք:

-Այո՛:

-Վա՜յ, ես էլ բարկանալու ճառ էի պատրաստել:

Ուսուցչուհին բացեց մատյանը.

-Ո՞վ է ուզում պատասխանել:

Ես ու Ռոլանդը ձեռք բարձրացրեցինք:

-Երկուսդ էլ եկե՛ք,- հանկարծ ասաց ուսուցչուհին,- այսօր բացառություն կանեմ: Շատերը պետք է պատասխանեն:

Մենք մոտեցանք գրատախտակի մոտ և կանգնեցինք «կանգառում»:

-Ես ամենայն ուշադրությամբ լսում եմ ձեզ,- ասաց ուսուցչուհին:

Մեր դաս պատասխանելը մոտ քսան րոպե տևեց:

-Լավ, ապրե՛ք երկուսդ էլ: Ձեր տետրերը տվե՛ք, նայեմ ու գնահատեմ:

Ես իմ տետրը դեմ տվեցի:

-Ռոլա՛նդ, բա քո՞նն ուր է:

-Ես չեմ հասցրել գրել գրավորը:

-Ինչո՞ւ:

-Ես եմ մեղավոր,- մեջ մտա ես:

-Շա՞նթ, դո՞ւ ինչ կապ ունես:

Մի քիչ մտածելով` ասացի.

-Էդ իմ ու Ռոլանդի ներքին խոհանոցն է, բայց կասեմ: Ես Ռոլանդին սխալ դաս էի ասել: Հետո ես էլ իմացա, որ սխալ դաս եմ սովորել, զանգեցի նրան, ասացի, բայց շատ ուշ էր: Իմ պատճառով չի հասցրել գրել հանձնարարությունը:

Ուսուցչուհին կախարդուհու հայացքով մեզ նայեց ու պատասխանեց.

-Երկուսիդ էլ զիջում եմ: Շա՛նթ, մի բանը քեզնից չէր:

-Ի՞նչը:

-Դե, այն, որ ձեր երկուսիդ ներքին խոհանոցի գաղտնիքն ասացիր:

-Բա ընկերոջ համար արժեր, չէ՞:

Արժեր ընկերոջ համար ստել: Այնպես չէ՞:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

Էլ ընկերներ չե՞նք

Ես, ճիշտն ասած, երբեք չեմ փորձել ինչ-որ ձևով ծանոթանալ մեկի հետ և ընկերություն անել: Եվ ասեմ, որ իմ ընկերների քանակն ուշ-ուշ է ավելանում: Իսկ ավելի շուտ-շուտ պակասում է: Եվ նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ պատճառով են նրանք պակասում: Ուղղակի հանկարծ նկատում եմ, որ ընկերներիցս ինչ-որ մեկը չի երևում, կամ զգում եմ, որ ինձնից հեռու է մնում, չի ուզում մտերմություն անել ինձ հետ:

Օրինակ` մի անգամ ես ծանոթացել էի մի տղայի հետ, և մենք ընկերացել էինք: Սակայն երբեմն ես նրա մեջ տարօրինակ բաներ էի նկատում: Մի անգամ ես նրան առաջարկեցի, որ այդ օրն իրար հետ գնանք կինո, բայց նա ասաց, որ չի կարող, քանի որ գնալու է գյուղ: Երկու օր հետո մենք տղաներով խոսում էինք, ու նա, իր հերթին, ասաց.

-Տղե՛րք, էն օրն ընկերոջս հետ գնացել էի կինո: Էնքա՜ն լավն էր:

Ես զարմացա ու, խորամանկության դիմելով, ասացի.

-Ե՞րբ էր որ:

-Էրեկ չէ, առաջին օրը,- հանգիստ պատասխանեց նա:

Հանկարծ նա հասկացավ, թե ինչ է ասել, շրջվեց ու վազեց: Ես այդպես էլ չհասկացա` նա վախի՞ց փախավ, թե՞ ամոթից, ու նույնիսկ չհասկացա, թե ուր վազեց: Այդ օրվանից նրան չեմ տեսել: Տեսնես` ո՞ւր գնաց կորավ: Երևի երբեմն լավ ընկերներ չեմ ընտրում:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

 Իմ հին ընկերը

-Վայ, Մելանի՛կ, թո՛ղ մազերս, թե չէ` նենց քեզ կխփեմ… Ա՜խ, թո՛ղ, վա՜յ: Հեսա կլացեմ,- հաճախ այսպիսի կռիվների մեջ էինք ընկնում ես և մեր թաղի Մելանիկը:

Ես մոտավորապես չորս տարեկան էի, երբ երկուսով «կլաս» խաղալիս չէինք կարողանում ապացուցել, թե մեզանից ում հերթն էր խաղալու:

-Աղջի Մերի՛, հեսա կգնամ, մամայիդ կասեմ, որ քեզ լա՜վ ծեծի, եթե չթողնես առաջինը խաղամ,- այդ համառ աղջիկը փորձում էր իր կարճ խելքով ինձ շանտաժ անել:

-Ո՜ւֆ, ես էլ հետդ չեմ խաղալու կյանքում,- հայտարարում էի ես և արագ փախչում տուն:

Որոշ ժամանակ անց.

-Ալո, հա՛, Մե՛լ ջան, չէ՛, ես տանը մենակ եմ, դու արի՛ մեր տուն, որ պատմես, թե ոնց անցավ ժամադրությունդ…

Այդ պատերազմներից անցել է տասնմեկ տարի, և ահա այսպիսի պատասխան է ստանում Մելոն ինձ զանգելիս:

Ճիշտ է, ես հիմա շատ ընկերուհիներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց Մելանիկը, միևնույն է, մնում է իմ ամենամտերիմը: Երևի նրանից է, որ նա ինձ լավ է հասկանում, կամ որ մեր ծնողներն էլ են մտերիմ… Բայց դա ինձ համար էական չէ:

Մեկ ամսից թանկագին ընկերուհիս մեկնում է երկրից մի քանի տարով: Եվ ես ինձ անընդհատ հարցնում եմ. «Ի՞նչ եմ անելու առանց Մելոյի»:

Մերի Սիմոնյան, 14 տարեկան

 Ես ու Մարիան

Իմ լավագույն ընկերուհին Մարիան է: Նա իմ դասարանից է: Մենք ծանոթացել ենք առաջին դասարանում: Մարիան ինձնից մի քանի ամսով փոքր է: Նրա մազերը ոսկեգույն են: Նա էլ, ինչպես և ես, ունի մեկ եղբայր և մեկ քույրիկ: Մարիան ծնվել է Երևանում, բայց հաճախ է լինում Գերմանիայում, քանի որ նրա հայրիկը հայ է, իսկ մայրիկը` գերմանուհի: Բայց նրանք ընտանիքում հայերեն են խոսում: Մարիան սիրում է ջութակ նվագել: Հաճախում է նաև մեծ թենիսի մարզումների: Գիտի ձի քշել: Ձին և՛ իմ, և՛ նրա սիրած կենդանին է: Նա, ինձ նման, չի սիրում բակ իջնել: Մենք երկուսս էլ սիրում ենք արշավների գնալ ու սարեր բարձրանալ:

Մի անգամ գնացել էի Մարիայենց տուն և գիշերը մնացել այնտեղ: Երբ առավոտյան արթնացանք, մյուսները դեռ քնած էին: Որոշեցինք պատրաստել մեր նախաճաշը: Ուզում էինք մրգային աղցան պատրաստել: Տեսանք, որ մածունը խոհանոցում չէ, և գնացինք պատշգամբից բերելու: Գնացինք, մածունը վերցրեցինք և ուզում էինք մտնել տուն, հանկարծ սկսեց մի շուն հաչալ: Մենք վախեցանք և վազելով տուն մտանք: Մեր գիշերանոցները երկար էին և ընկնում էին մեր ոտքերի տակ: Երբ մտանք տուն, երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Եվ հիմա էլ, երբ հիշում ենք, մի լավ ծիծաղում ենք:

Երբեմն այնպես է լինում, որ ինչ-որ հարցի շուրջ ունենում ենք տարբեր կարծիքներ և դրա պատճառով վիճում ենք: Բայց քիչ անց նորից ընկերանում ենք: Չէ՞ որ մենք ընկերուհիներ ենք, և իմ կարծիքով` նորմալ է, երբ մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում: Քանի որ մենք լավ ընկերուհիներ ենք, միշտ էլ փորձում ենք միմյանց դժվար պահերին օգնել: Մի անգամ մեզ բուսաբանությունից տնային էին հանձնարարել: Պետք է պատասխանեինք հետևյալ հարցին` սունկը լույս սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Մարիան ասում էր, որ սիրում է, իսկ ես ասում էի, որ չի սիրում: Քիչ անց երկուսս էլ հիշեցինք, որ սունկն աճում է միայն հով տեղերում:

Աշնա Գրիգորյան, 11 տարեկան

 Հայտարարություն

Ես շատ-շատ ընկերներ ունեմ, բայց նրանց միջից ես չեմ կարող առանձնացնել մեկին, որին կարող եմ համարել իմ լավագույն ընկեր, և այդ պատճառով կասեմ, թե ինչպիսին նա կարող է լինել: Ըստ ինձ, մեր ընկերության մեջ ամենագլխավորը պետք է հավասարությունը լինի: Մենք երկուսս էլ սիրենք, կիսվենք և պաշտպանենք իրար: Բայց դե, իհարկե, պետք է մեկ-մեկ կռիվ էլ անել, հետաքրքրության համար: Կարևոր չէ, թե նա քանի տարեկան է, ինչ ճաշակ կամ ինչ նախասիրություններ ունի: Չնայած, կա մի բացառություն. նա պետք է «ռաբիզ» չլինի: Նա պետք է ազնիվ լինի ինձ հետ, ուրիշներին կարող է մեկ-մեկ խաբել: Լավ կլիներ, որ նա վախկոտ չլիներ, որովհետև ինձ հետ ինքը հաստատ լիքը պատմությունների մեջ կընկնի: Կուզենայի, որ նա նպատակասլաց լիներ և կարողանար երբեմն իրեն զրկել որոշ բաներից: Բնավորության մյուս գծերը կարևոր չեն, և պարտադիր չէ, որ ինքը շատ լավ մարդ լինի: Եթե կան այդպիսիք, թո՛ղ դիմեն:

Շողակաթ Մուրադյան, 14 տարեկան

 Մի վեճի պատմություն

Իմ լավագույն ընկերուհին մեր դասարանի Էլմիրան է: Նա ունի շագանակագույն երկար մազեր, գեղեցիկ աչքեր և սլացիկ հասակ: Էլմիրան շատ է սիրում հեռուստացույց դիտել: Նա նաև սիրում է նկարել, նրա քույրիկն էլ` ներկել: Այսպիսով, Էլմիրան նկարում է, իսկ քույրը ներկում է նրա նկարները:

Մենք հաճախ չենք կռվում, բայց մի անգամ կռվեցինք այն պատճառով, որ Էլմիրան լավ չի տեսնում: Մենք կողք-կողքի նստած էինք, և Էլմիրան արտագրում էր ինձնից: Քանի որ նա ինձ խանգարում էր, ես ջղայնացա և թեթև հրեցի նրան: Էլմիրայի մազերը փաթաթվեցին մյուս կողքին նստած աշակերտի կոճակին: Ես ներողություն խնդրեցի և բացատրեցի, թե ինչ է պետք գրել:

Մարիամ Հերգնյան, 9 տարեկան

Կռվարարը

Իմ ընկերոջ անունն է Արտյոմ: Մենք նրա հետ մի չորս-հինգ անգամ կռվել ենք: Նա շատ-շատ է կռվում ուրիշ տղաների հետ, մյուսների հետ մի երեսուն անգամ կռվել է: Բայց Արտյոմը նեղացկոտ չէ: Նա ուղղակի պատրաստ է պաշտպանել ինքն իրեն: Արտյոմը չունի մեկ ատամ: Ես կուզենայի իմանալ, թե ոնց է ընկել այդ ատամը:

Մուշեղ Ասոյան, 7 տարեկան

Ամենից հավատարիմը

Կատվիս անունը Գուչո է: Նա միակն է այս աշխարհում, ում մոտ ես կարող եմ գնալ օրվա որ ժամին ցանկանամ: Միայն նրան եմ վստահում: Գուչոս միգուցե գեղեցիկ չէ, սակայն քանի որ իմն է, իմ աչքին շատ գեղեցիկ է երևում: Նա այնքա՜ն ճերմակ ու փափուկ փոր ունի, իսկ մեջքին, պոչին ու գլխին շեկ-շեկ մեծ պուտեր են: Ես նրան աշխարհի չափ սիրում եմ:

Մի անգամ գյուղում բակում խաղալիս խաղընկերներս ինձ վիրավորեցին: Ես, շրխկացնելով մեր դարպասը, հեռացա: Գնացի, վերցրեցի Գուչոյիս, դրեցի ծնկներիս և լացելով սկսեցի պատմել, թե ինչ է եղել, իսկ հետո ասացի.

-Դու այս աշխարհում միակն ես, ով ինձ հասկանում է:

Եվ ես սկսեցի ավելի ուժեղ լացել: Մի արցունք ընկավ նրա վրա, Գուչոն վախեցավ և փախավ: Ես գնացի նրա հետևից, բռնեցի և ասացի.

-Կներե՛ս, մի՛ գնա, արի՛, էլ չեմ լացում:

Նա բարձրացավ ծնկներիս ու հարմարվեց, որպեսզի քնի: Ես, մի քանի րոպե նայելով նրան, հանգստացա: Լվացվեցի և գնացի խաղընկերներիս մոտ:

-Վա՜յ, էլի եկավ մեր ուռած փուչիկը,- ասաց մեկը:

Ես ժպիտով տվեցի նրան արժանի պատասխանը և ինձնից գոհ գնացի կատվիս մոտ: Նա դեռ քնած էր: Ես ուզում էի նրան կերակրել իր սիրած ուտելիքներով, սակայն չարթնացրեցի, որովհետև այնքա՜ն անուշ էր քնել: Ես շոյեցի Գուչոյիս և գնացի հեռուստացույց դիտելու:

Մարիամ Նալբանդյան, 10 տարեկան

 Լևոնը

Առաջին օրվանից էլ Լևոնն ինձ շատ դուր եկավ: Նա էլ է ինձ նման զվարթ և շատ է սիրում ծիծաղել: Լևոնի հետ միշտ ուրախ և ծիծաղելի պատմություններ են լինում: Առաջ, երբ նա մեր տուն էր զանգում, և մայրիկս էր վերցնում լսափողը, նա երբեք չէր բարևում և միանգամից ասում էր.

-Դավիթին կտա՞ք:

Մայրիկս էլ միշտ ծիծաղելով ասում էր.

-Բարև, Լևո՛ն:

Հետո Լևոնը երևի հասկացավ իր սխալը ու հիմա միշտ բարևում է:

Իսկ վերջերս էլ մի անգամ ես Լևոնի հեռախոսից զանգեցի մայրիկիս, քանի որ իմը տանն էի թողել: Մայրիկս միանգամից անջատեց հեռախոսը, և ինքը զանգեց, որ Լևոնի հեռախոսի գումարը չսպառվի: Լևոնը շատ զարմացավ և ասաց.

-Էս ինչ դաստիարակված ընտանիք եք:

Մի քանի օր առաջ ես իմացա, որ Լևոնը մեր դպրոցից գնում է: Ես շատ տխրեցի, բայց համոզված եմ, որ մենք էլի կհանդիպենք:

Դավիթ Սողոյան, 10 տարեկան

 Հինգ րոպեն հաստատ բավարար չէ

Իմ ամենամոտ ընկերուհին Սեդան է: Առաջ մենք միասին էինք անցկացնում գրեթե ողջ օրը: Սակայն այս վերջերս, քանի որ ես հաճախում եմ «Մանանա», ամբողջ օրվա մեջ նրան տեսնում եմ միայն մեկ ժամով: Այդ օրերին տուն հասնելուն պես անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գա ինձ կանչի ու իջնենք դուրս, և այդպես ամեն անգամ: Քնարը գալիս է մեր տուն, մայրիկս էլ ասում է.

-Դեռ չեք հասցրե՞լ իրար նորությունները պատմել:

-Մա՛մ ջան, գիտես, որ չեմ հասցրել պատմել, թո՛ղ իջնեմ բակ, որ պատմեմ, հա՞,- ասում եմ ես:

-Է՜հ, էլ մի՛ սկսի:

-Լա՜վ, էլի, թողե՛ք իջնենք բակ,- խնդրում է ընկերուհիս:

-Չէ՛, չէ՛, վերջացրե՛ք:

-Դե, լավ, դե, լավ, մենակ հինգ րոպե,- փորձում ենք համոզել մենք:

-Գլուխս տարաք, իջե՛ք, իջե՛ք:

Մենք իջնում ենք դուրս ու հինգ րոպեի փոխարեն դուրսը մնում մեկ ժամ: Ախր, շատ բան ենք ունենում իրար պատմելու:

Գայանե Մարտիրոսյան, 12 տարեկան

Մխիթարություն

Ամալյային ես շատ եմ սիրում: Միայն նա գիտի իմ բոլոր գաղտնիքները: Երբ ինձ նեղացնում են, անմիջապես վազում եմ նրա մոտ: Օրինակ` մի օր ես մտա մեր դասարան և նկատեցի, որ բոլորն ինձ էին նայում: Աղջիկները, ինձ նայելով, իրար ականջի ինչ-որ բաներ էին փսփսում, իսկ տղաները ծաղրում էին ինձ: Ես զարմացած հարցրի.

-Երեխե՛ք, ի՞նչ ա եղել, վրաս ինչ-որ ծիծաղելու բան կա՞:

Մեր դասարանի երեխաները` թե՛ տղա, թե՛ աղջիկ, ծիծաղելով բղավեցին.

-Երեխե՛ք, հըլը սրա մազերը, նայե՛ք ինչ կարճ ա կտրել:

Դասից հետո ես շատ հուզված էի և գնացի մեր դիմացի դասարանը` Ամալյայի մոտ` համոզված լինելով, որ նա իմ պատմածը ոչ ոքի չի ասի:

Տաթևիկ Դավթյան, 11 տարեկան

Իսկական ընկերները

Իմ լավագույն ընկերը մեր դասարանի Վլադիմիրն է: Մի օր նա ինձ ծամոն տվեց: Ես անմիջապես հասկացա, որ նա իսկական ընկեր է:

Մի անգամ ես պապիկիս հետ իջա բակ` հեծանիվ քշելու: Ընկերս էլ էր բակում և փորձում էր քշել, բայց չէր կարողանում: Ես ու պապիկս սովորեցրեցինք նրան մեծ հեծանիվ քշել:

Մի անգամ ես գնացել էի ընկերոջս տուն: Մենք լոտո էինք խաղում այնտեղ: Ես նորից կուզենայի նրանց տուն գնալ, կամ էլ թո՛ղ նա գա մեր տուն:

Արամ Մնացականյան, 7 տարեկան

 Մեր ամենալավ օրը

Իմ լավագույն ընկերուհին Սելինան է: Նա սիրիահայ է և մի քիչ տարօրինակ է խոսում, բայց շատ լավն է և բարի: Ես նրա հետ ծանոթացա երկրորդ դասարանում: Նրա աչքերը շագանակագույն են, ինչպես իմը: Սելինան շատ ամաչկոտ է:

Մի օր ես գնացել էի նրանց տուն: Երբ մենք խաղում էինք, նրա եղբայրը` Ջորջիկը, մտավ ներս` տատիկի իր դիմակով: Սելինան նայեց նրան և վախից ընկավ անկողնու վրա: Այնպիսի տպավորություն էր, որ հեսա կմահանա: Ես վախից գնացի, որ նրա մայրիկին ասեմ: Եվ այդ պահին նա գոռաց.

-Ալի՛ս, կանգնի՛ր կոր… մի՛ երթա… սա պլան էր, որ քեզ վախեցնենք:

Նրա հետ անցկացրած այդ օրն իմ ամենալավ օրն էր:

Ալիսա Չախալյան, 10 տարեկան

 Ընկերները միմյանց պարտք չեն լինում

Ես ունեմ շատ ընկերներ, բայց Վահանն իմ ամենամտերիմ ընկերն է: Մենք ամեն օր դպրոցում իրար հետ խոսում ենք, իրար կողքի ենք նստում: Մենք շատ լավ ընկերներ ենք, ամեն օր իրար հետ «դուրսը գցած ենք», ինչ գաղտնիք լինում է, իրար պատմում ենք: Ամեն օր մեր տուն ենք գնում, համակարգիչ ենք խաղում, հետո գնում դրսում ենք խաղում:

Մի անգամ շատ հետաքրքիր դեպք պատահեց: Մենք բակում գնդակ էինք տշում, շունը վրա հասավ: Մենք վախեցանք և փախանք, գնդակն էլ մնաց շան մոտ: Իսկ շունը գզեց գնդակը: Երբ հետ եկանք, Վահանն ասաց.

-Գնդակը տո՛ւր, ես վաղը հետ կբերեմ:

-Լավ,- ասացի ես:

Նա հաջորդ օրը գնդակը բերեց: Պատռած տեղերը սոսինձով կպցրել էր: Վահանն ինձ մեկնեց գնդակը: Ես ասացի.

-Քեզ պարտք եմ:

Նա էլ ասաց.

-Պարտք չես:

Մի քանի օր հետո մենք նորից գնդակ էինք խաղում նույն տեղում, և նորից նույն շունը եկավ: Վահանը շատ ուժեղ ու բարձր տշեց գնդակը: Այն ընկավ նույն տեղը, որտեղ իմ գնդակը ծակվել էր: Շունն էլ վազեց գնդակի մոտ և սկսեց գզել այն: Երբ շունը հեռացավ, և մենք մոտեցանք գնդակին, ես ասացի.

-Տո՛ւր, ես վաղը կբերեմ, լա՞վ:

Ես հաջորդ օրվա փոխարեն մի քանի շաբաթ հետո գնդակը բերեցի և ասացի.

-Կներես, ախպե՛րս, չկարողացա սարքեմ:

-Բա որ ասում էի` պարտք չես:

Արին Չուլաքյան, 11 տարեկան

Կա՞ր ընկերություն… չգիտեմ

Երկու տարի մեր դասարանում ես մտերիմ էի մի աղջկա հետ, ով ուներ շատ փոփոխական բնավորություն:

-Բայց Լիլիթը լավ աղջիկ ա, չէ՞,- ասում էր նա:

Իսկ հաջորդ օրը.

-Վա՜յ, էս Լիլիթն ինչ վատ աղջիկ ա…

Դա ինձ դուր չէր գալիս: Սակայն այսպիսի «անակնկալ» չէի սպասում:

Ես երեք օր բացակայեցի և, չորրորդ օրը գալով դպրոց, տեսնում եմ` նա մտերմացել է ինձ համար ոչ այնքան հաճելի աղջիկների հետ, որոնց մասին առաջ ասում էր.

-Հեչ էլ լավը չեն, իրենց հետ մոտիկ երբեք չեմ լինի…

Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհուս լավ չէի ճանաչում, և միգուցե ընկերուհիներ չենք էլ եղել:

Մանե Արշակյան, 14 տարեկան

 2009 թ.