seda mkhitaryan

Խավարից to խավար

Հեռախոսիդ մարտկոցը նստեց։ Հիմա դուք ավելի եք իրար նման։ Նրան մի լար է հարկավոր, իսկ քեզ` մի գիշեր։ Առավոտյան դուք լիցքավորված կշարունակեք ձեր անբաժան կյանքը։

Մեքենան կընթանա մթի միջով` գնալով դեպի լույսը, եթերային ու անիրական լույսը, որը երբեք էլ չի բացվում։

Ու արևն էլ այն բացել չի կարողանալու։

Խավար ճանապարհին՝ ամեն 100 մետրի վրա, դուք մետաղական խաչերի կհանդիպեք։ Էլեկտրական լույսով լուսավորված։ Գոնե ձևի համար թողեք, որ դրանք գիշերը սեփական լույսն արձակեն, որը չունեն։

Մետաղական խաչեր զոդող վարպետներից ոչ մեկի աչքերը Աստված չի բուժել։

Դուք կանցնեք անտառի ու ամպի կողքով։ Ձեզ կթվա, թե լույսը ուր որ է կբացվի։ Երկինքը կսկսի գունաթափ լինել։ Բայց լուսանալուն դեռ շատ կմնա։

Վերջապես առարկաները կվերագտնեն իրենց ստվերը, դուք` ձեր հոգին, ու կհասկանաք, որ անվճար բուլկու համար ուրախանալը երեխայություն է։

Կերազեք ձեր ճանապարհին հանդիպել մի մեքենա, որի մեջ գուցե…

Կիսատ թողնված նախադասությունը կստիպի համոզվել, որ համարձակության պակաս այնուամենայնիվ կա։

Ամեն ինչ աստիճանաբար է լինում։

Դուք քիչ-քիչ կմտերմանաք։ Լույսը քիչ-քիչ կբացվի։ Բայց հավատացնում եմ` համարձակությունդ երբեք (և ոչ էլ աստիճանաբար) չի ավելանա։

Կյանքում համարձակ ապրելուց վախենալը ամենամեծ համարձակությունը կթվա։

Ես գիտեմ, մենք երբեք այնքան անբաժան չենք ապրի, ինչպես ես և հեռախոսս։

Ես կնայեմ ապակու հետևում դրված թանկարժեք թեյին, ու կհագենա ծարավս։

Կյանքի նպատակներից մեկն այնքան հարստանալը կդառնա, որ գնես ուզածիդ չափ թանկ թեյ ու օրիգինալ արծաթյա զարդ։ Ասենք՝ ապարանջան՝ ծառի սիմվոլով։ Ծառը ճիշտ էր։ Բայրոն։ Դու գիտեիր՝ ինչ կլինի, ու Կայենը ինձ գտավ տխուր պահին, ինչպես նրան գտավ Լյուցիֆերը։

Իսկ մեքենան կշարունակի գլորել իր անիվները խավար ճանապարհի վրայով։ Ամեն փոքրիկ լույսը քո ու հեռախոսիդ սրտում հույս կարթնացնի։ Բայց դա կլինի հերթական մետաղական խաչի էլեկտրական լույսը։

mariam hayrapetyan

Երկու քարի արանքում

Մի անգամ մի առիթով հասկացա, որ կյանքը կորուստների մի մեծ շղթա է։ Մենք պետք է մեզանից պոկենք և տանք այն, ինչ սիրելի է, որպեսզի ստանանք այն, ինչ պետք է։ Ասել, թե այն, ինչ կստանանք, կենսական նշանակություն ունի նրա համեմատ, ինչ կտանք, սխալ է։ Ես երբեք չեմ մոռանում այն «երկու քարի արանք» իրադրությունները։ Որովհետև հենց այդտեղ է, որ որոշում ենք՝ ինչ կորցնել և ինչ ստանալ։ Պետք է որոշել, այլ ելք չկա։ Հավանաբար արդեն գլուխներդ տանում եմ սեփական կյանքիս պատմություններով, բայց դե, ես դրանց հիման վրա եմ իմաստնանում և փորձ հավաքում, որ էլի չասեն՝ աշխատանքային փորձ չունես։

Հիմա ապագան հասկանալու համար շարում ենք ներկայի պատը և հետ հայացք գցում անցյալին։ Կար ժամանակ, երբ անհոգ էինք։ Հետո լքեցինք ընտանիքը, որպեսզի կայանանք, հասկացաք՝ ինչը ինչով փոխարինեցինք։ Հետո սովորելու անվերջանալի տարիներին չկար ժամանակ համարյա ոչ մի այլ բանի համար։ Մեկ էլ հասկացանք, որ մեզ պետք է ֆինանսական անկախություն։ Դրա ձեռք բերումը մեզ զրկեց ամիսը մեկ անգամ ընտանիքին գրկելու հնարավորությունից, դարձավ մի քանի ամիսը մեկ միմյանց տեսնելը։ Շատ մեծ ընտանիքս ցրիվ է եղած ողջ աշխարհով։ Իսկ շատ փոքր ընտանիքս՝ ամբողջ երկրով։

Ամեն անհաջողության հետ բախվելիս կրկին ինձ համոզում եմ, որ անհոգ տարիները շուտ են անցել, պայքարել է պետք, ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։

Դադարել եմ գրել․ մի քանի բան կիսատ եմ թողել և անգամ չեմ բացում հասկանալու համար, թե վերջինն ինչ եմ ուզում, որ լինի։ Հիմա նման բաների համար մտածելու ժամանակ ունեմ միայն երթուղայինում՝ ճանապարհների խորդուբորդությունների վրա։ Բայց ինչպես մտածում եմ՝ այնպես էլ մոռանում եմ երթուղայինից իջնելիս: Վազել է պետք, որ հասցնենք։ Իսկ վազում ենք օրական մի քանի ժամ, միշտ ունենք չհասցրած և կիսատ գործեր, որովհետև օրն ունի ընդամենը 24 ժամ։ Ինչ-որ կերպ գրելն ու ստեղծագործելը արդեն փոխարինում ենք, այսպես ասած, կենսական կարևորության եսիմ ինչերով։ Հետո էլ ասում են՝ ոնց ա ստացվում, որ մարդը փոխվում ա։ Ասեմ՝ ո՞նց։ Ինչքան էլ փորձես քո իսկ աուրայով լցված շրջանակդ պահել ու դրանով քայլել, միևնույնն է, օրերից մի օր հասկանալու ես, որ շրջանակդ մաշվել, հալից ընկել է, որովհետև դու ժամանակ չունեիր այն վերանորոգելու, ու որովհետև զբաղված էիր «ավելի կարևոր» գործերով՝ փող էիր աշխատում, սովորում, վազվզում պարզապես ու շփվում մարդկանց հետ։

Ընտրությունների մեծ շղթա։

Ախր, ձեզանից քչերն են պատկերացնում, երբ ներսումդ ինչ-որ բան կա կուտակված, ու դու դրան էություն չես տալիս՝ հանձնում թղթին, ինչքան է դա ծանրանում, սկսում խանգարել, խաղալ տրամադրությանդ հետ։ Իսկ կգա մի օր, որ պարզապես ամենաթեթև ու պարզ բառերով էլ չես կարողանա դրանց էություն տալ․ այ, դա էլ դու չես լինի։ Հասկացա՞ք։

Ինչևէ, փակենք վարագույրները ու նորից անցնենք գործի։ Ցտեսություն։

mariam tonoyan

Մտորումներ

Յուրաքանչյուր երկրի պետական սահմանն անառիկ պահողը տվյալ երկրի զինվորն է։ Բայց միայն մի զինվորը երբեք չի կարող թշնամու մի ամբողջ զորքի դիմակայել, եթե չունենա զինակից ընկերներ, իսկ զորքը պարտություն կկրի, եթե միասնականությունն ու հավատարմությունը բացակայեն։

Հիշենք հայերի դարավոր պատմությունը, ճանապարհորդենք բոլոր ժամանակներում արյունալի պատերազմներ տեսած մեր ազգի հոգեբանության մեջ ու հանգենք մի անխուսափելի եզրահանգման, որ հայերի նման հաղթական ազգի պարտության պատճառը միայն փառասեր ու դավաճան մարդիկ են եղել։ Մեզ մշտապես պակասել է միասնականության ու հավատարմության գաղափարը, մինչ վերջին հայաստանյան իրադարձությունները։

Բայց արի ու տես, որ ի տարբերություն Հայաստանի, Ճապոնիան դեռևս հին ժամանակներից ճապոնացի զինվորներին ավելի հաստատուն էր կանգնեցնում հայրենի հողին։ Ճապոնիան ուներ ռազմական առանձին դասի կազմավորում։ Պատճառն անընդհատ տեղի ունեցող պատերազմներն էին, որոնց դիմակայելու համար խոշոր ավատատերերը ոչ թե զինվորի հասանելիք սնունդն էին գողանում, այլ մտածում էին առանձին զինված ուժեր ստեղծելու մասին, որոնք կոչվում էին սամուրայներ։ Սամուրայն իր ծառայության դիմաց պարգևատրվում էր հողաբաժնով։
Զարմանալի չէ, որ սամուրայներն ունեին հատուկ զինվորական վարվելակերպի կանոններ, որոնցից գլխավորը տիրոջ նկատմամբ հավատարմությունն էր։ Նրանք մշակել էին ինքնասպանության ազգային ձև, այլ կերպ ասած՝ սեպպուկա, երբ սամուրայն անհավատարմության համար կամ տիրոջ մահից հետո ինքնասպան էր լինում։ Կարելի է պատկերացնել, թե որքան ստորացուցիչ արարք է համարվել անհավատարմությունը Ճապոնիայում։
Գուցե կանոնակարգի այդ կետը խոշոր ավատատերերի կողմից մշակված խորամանկ քաղաքականություն էր, բայց, այնուամենայնիվ, կարևորվում էր հավատարմության գաղափարը, և մարդկանց գիտակցությունից սղվում էր «դավաճանություն» բառը։ Իսկ տիրոջը հավատարիմ զինվորը հավատարիմ կլինի նաև զինակից ընկերոջը, ընտանիքին, հայրենիքին, հավատին, ինքն իրեն…
Գուցե պատճառը միջնադարյան Ճապոնիայի ինքնամեկուսացումն էր արտաքին աշխարհից, որը մտածելու, ճիշտ ելքեր գտնելու հնարավորություն ու միասնականության ու հավատարմության գաղափար է ծնել։

Մի կողմից էլ մենք՝ հայերս, չէ՞ որ միատարր ազգ ենք և նույնպես ունենք այդ հնարավորությունը, բայց ո՞ւր է մեր հավատարմությունը, երբ մարտի մեկեր են լինում, երբ հայը կարող է իրեն ոչ միայն դավաճանություն թույլ տալ, այլև անգթորեն ձեռք բարձրացնել իր իսկ ազգակցի վրա։

bella araqelyan

Արցախ

Արցախ. վայր, որտեղ ամենավտանգավորն է, բայց ես այնտեղ ինձ ամենաապահովն եմ զգում, երբ տեսնում եմ մարդկանց, որոնք բոլոր վախերը հաղթահարելով՝ իրենց մեջ ուժ են գտել ժպտալու: Եվ մի ամիս առաջ, երբ ես առաջին անգամ ոտքս դրեցի Արցախի հողի վրա, ինձ այնքան հոգեհարազատ թվաց ամեն ինչ, կարծես ես այնտեղ մի ամբողջ հավերժություն եմ ապրել:

Դա իմ երազանքների երկիրն էր: Այնտեղ մարդիկ այնքան խաղաղ էին թվում, որ անծանոթ մեկը չէր պատկերացնի, թե այդ նույն խաղաղ վայրը բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին երևում էր:

Չկար մի տարածք, որտեղ չլիներ պատերազմից մնացած հետք, գրեթե չկար մի տուն, որի կտուրը կիսաքանդ չլիներ, կամ տարածքում նմանատիպ մի փլատակ չհանդիպեր: Սակայն ադ ամենի հետ մեկտեղ, երբ մարդկանց հարցուփորձ էինք անում, թե ինչպես գտնենք այն տունը, որը փնտրում ենք, նրանք մեծ հաճույքով էին պատասխանում: Եվ երբ վերջում իրենց հարցնում էինք, թե ինչպե՞ս է կյանքը, նրանք առանց երկմտելու միանգամից պատասխանում էին․ «Լյավ ա լոխ, մատաղ ինիմ, փառք Աստծուն, սենց էլ վեր մինա, լավ կինի», և այնքան դրական լիցքեր էին հաղորդում, չնայած իրենք ունեին այդ էներգիայի կարիքը:

Իսկ ինչ վերաբերում է զինվորականներին, նրանք այնպիսի մեծ եռանդով էին խոսում ծառայությունից, որ դրանից հետո, թե ինձ թույլ տային, կգնայի ու ինքս կպաշտպանեի մեր հայրենիքը:

Երբ խոսում էի փոքրիկների հետ, այնքան էլ լավ չէի հասկանում բարբառը, սակայն մի բան պարզ էր, որ նրանց մեջ կար այդ չարաբաստիկ վախը, մեծերն էլ կատակելով ասում էին, թե անգամ հրավառության ձայն լսելուն պես արդեն լարված, անձնագրերը պատրաստած սպասում են, որ կարող է` փախչելու կարիք լինի:

Եվ այդքանից հետո նրանք շարունակում էին ինքնավստահ քայլել Արցախի փողոցներով:

Արցախցիների միակ երազանքն է` ապրել իրենց երկրում խաղաղ ու երջանիկ, և մանուկների աչքերում ես տեսնում էի այդ պայծառ ապագայի լուսավոր կայծերը:

Ani avetisyan

Մեդիա… կյանք

Գրելու ընթացքում մեկ էլ գրիչս կմնա խուճուճ մազերիս մեջ, ու քսան րոպե պետք կգա նորաթուխ խմբավորմանը իրարից բաժանելու համար։ Իսկ էդ ընթացքում մազերիս ներսի հատվածում՝ գլխումս էլի, կջնջվի եղած-չեղած ինֆորմացիան ու կհայտնվի նոր-ժամանակակից-տարբերվող մի բան, կսկսի պայքարել ձեռքերիս դեմ` ստիպելով թղթին հանձնել այն, ինչ մտածում եմ։ Ու չնայած մի ժամանակ ասում էի, թե թղթի վրա գրելն ուրիշ զգացողություն է, հիմա գրում եմ հեռախոսով։ Որովհետև ես ալարկոտ եմ, ու որովհետև սկսել եմ հաշվել ժամանակս։ Իսկ ըստ մանկության լեգենդի՝ եթե ինչ-որ բան հաշվում ես, պակասում է (դե, մենք ատամներն ու օրագրի գնահատականները նկատի ունեինք)։

Գրելու հնարավորությունները հիմա շատ են, գրած-չգրածը հանրությանը «հրամցնելու» միջոցները՝ ևս։

Դե, հետո էլ գուգլը կօգնի, որ մեր գրածը և ոչ մի տող չկորչի համաշխարհային սարդոստայնում։

Մեկ րոպեում մենք՝ աշխարհի 7 միլիարդ մարդկանցից ինտերնետի հնարավորություն ունեցող շուրջ 4 միլիարդս, գուգլին որևէ բան ենք հարցնում մոտ 145 միլիոն անգամ։ Այսինքն՝ ողջ օրվա ընթացքում այդ թիվն անցնում է 20 միլիարդից։ Մինչդեռ սա որոնողական համակարգերին ուղարկված հարցումների միայն 70 %-ն է։

Իսկ եթե ամեն անգամ համացանցից որևէ բան իմանալու փոխարեն փորձեինք այն գտնել գրքերում։ Դե, զարմանալի չէ, որովհետև այդպես է եղել նաև մեզանից ընդամենը մի սերունդ առաջ։ Մեր սերունդն էլ (կամ գոնե ես) շատ բաներ գտել ենք հանրագիտարաններից, լիքը հայտնի ու անհայտ անուններով գրքերից։ Ուղղակի չգիտեմ` կա՞ արդյոք այնպիսի ինֆորմացիա, թե որքան ժամանակ է միջին վիճակագրական հայ դպրոցականը ծախսել «Ի՞նչ է, ո՞վ է», «Հայաստանի սովետական», «Համառոտ» ու ուրիշ սիրուն անուններով հանրագիտարաններից այս կամ այն երևույթի ու մարդու մասին տեղեկություն գտնելու (կոպիտ ասած` տնայինները գրելու) համար։

Իրականում անվերջ կարող եմ լսել նրանց, ովքեր կասեն, թե գիրքն ու համացանցը համեմատելի չեն, ու որ առաջինն արժեք է։

Ուղղակի, երբ նստած ես նախատեսվածից մոտ երեսուն հոգով ավելի շատ մարդ տեղավորած երթուղայինում, կամ թեկուզ դրսում, ու ծանոթներիցդ մեկը հարցնում է, թե, ասենք, քանի լուսնային տարի է պետք X մոլորակ հասնելու համար (հարցնում են, որովհետև լրագրության ֆակուլտետում եմ սովորում, պիտի իմանամ), ավելի հարմար է օգտագործել այս փոքրիկ «անպիտան» սարքը, քան գրպանում պահել 40 սմ երկարությամբ ու 500 էջ ունեցող հանրագիտարան։

Եվ, բացի դա, երրորդ հազարամյակում մեր կյանքն ամեն առումով է կախված մեդիա տարածությունից։ Առավոտից երեկո Ֆեյսբուքի պատին վեր ու վար անել մկնիկն ու օգնել ֆեյսբուքին մտածել, թե որքան կարևոր է նա մեր կյանքում։ Նախաճաշին, ճաշին ու ընթրիքին նկարել ուտելիքն ու տեղադրել ինստագրամում և օգնել նույն ֆեյսբուքին մտածել, թե որքան օգտակար ծրագրեր է պատրաստում մարդկանց համար։

Հետո բողոքել, թե ֆեյսբուքում միայն անհետաքրքիր տեղեկություններ են երևում, այնինչ նախօրոք երևի գուգլից ճշտել էր պետք, թե ոնց է այդ կայքը ֆիլտրում ըստ իրեն` օգտատիրոջը հետաքրքրող ինֆորմացիան։ Իսկ նա ուղղակի ցույց է տալիս այն, ինչին մենք ամենից շատն ենք շռայլում մեր click-ները։

lia avagyan

Ես, Երևանն ու նախընտրական պաստառները

Այս տարի ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ու Տավուշից տեղափոխվեցի Երևան՝ այստեղ ապրելու ու սովորելու: Արդեն երկու շաբաթ է՝ այստեղ եմ, հետաքրքիր է երևանյան կյանքը, դեռ չեմ սովորել եռուզեռին, հա՜, ու նաև դեռ չեմ սովորել քառասունինը հոգանոց լսարանային աղմուկին, որովհետև մեր դասարանում չորս հոգի էինք: Պատկերացնո՞ւմ եք, չորս հոգի, ու նաև պատկերացնո՞ւմ եք՝ ես ամեն անգամ լսարան մտնելիս ինչ անսովորություն եմ զգում: Բայց հակառակ սրանց՝ լիքը բան եմ սովորել. սովորել եմ, թե ինչպես կարելի է երկու վայրկյանում հատել փողոցը, մետրոյում (եթե նստած չեմ լինում) անպայման մի բանից բռնվել, որովհետև հետևանքները ցավոտ են լինում, լսարանների տեղերն եմ սովորել, մտածում եք՝ հե՞շտ է ամեն անգամ սխալ լսարան մտնելը ու ներողություն խնդրելով դուրս գալը: Առաժմ ամեն ինչ իր հունով է գնում, նույնիսկ քաղաքում կորչելը:

Իմ այս երկու շաբաթները համընկան ու դեռ շարունակում են համընկնել Երևանի քաղաքապետի ընտրությունների ու դրա հետ կապված՝ նախընտրական քարոզարշավների հետ, ամենուրեք մեծ ու փոքր, լայն ու նեղ պաստառներ են, որ եթե հանկարծ ուզենաս մոռանալ ընտրությունների մասին, մեկ է՝ չի ստացվի, այդ պաստառները կստիպեն հիշել և մտածել այդ մասին: Անկեղծ ասած՝ ես այդ պաստառներով եմ կողմնորոշվում քաղաքում, այդ պաստառների կողքին եմ ընկերներիս հետ պայմանավորվում, ամեն թաղամասում իմ պաստառը ունեմ, իմ կողմնորոշիչներն են դարձել, հիմա մտածում եմ՝ որ ավարտվեն ընտրությունները, ի՞նչ եմ անելու…

Երևանը նման է առաջնագծի. խաղաղ է ու թեժ: Բայց վերջինիս խաղաղն ու թեժը տարբերվում է առաջնագծինից, այն կյանքեր արժի։ Զգում եմ՝ ինձ այստեղ լիքը արկածներ են սպասվում:

Իսկ որպես վերջաբան ասեմ. մտածեք, կռահեք, թե ով է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը, իսկ ես, ես գնամ մտածեմ՝ որոնք են լինելու իմ հաջորդ կողմնորոշիչները նախընտրական պաստառներից հետո:

mariam barseghyan1

Երևանյան օրեր

Առաջին օրը դասի գնալիս մետրոյի շարժասանդուղքի վրա ոտքերդ կդողան, ու մի պահ կմտածես, թե բարձրությունից վախենում ես: Բայց հաջորդ օրը ժետոն գնելը, անցակետ անցնելը ու շարժասանդուղքի վրա քայլելը սովորական բաներ կլինեն: Մի քանի օրից դու անգիր կիմանաս գետնանցումի բոլոր մուտքերն ու ելքերը և կամաց փողոցները իրենց անուններով կկոչես: Ու չես վախենա մոլորվելուց, որովհետև ուր էլ քեզ տանեն, համալսարան տանող ճանապարհը միշտ կգտնես:

Կամաց կսկսես սիրել այդ ամենօրյա ճանապարհը, ու ականջակալներումդ հնչող երգերը այդ ճանապարհի հետ կկապվեն: Ու կսիրես մի քաղաք, որը քեզ համար անծանոթ է, ու կանհանգստանաս այդ քաղաքի համար՝ որպես հարազատ:

Եթե հիմա արդեն Երևանում ես ու մի քիչ էլ քաղաքականության սիրահար, ապա ամեն օր քաղաքապետի թեկնածուների քարոզարշավներին կհետևես: Բայց անկախ ամեն ինչից՝ անիմաստ պաստառները մետրոյում անխուսափելի կլինեն: Տան պատուհանից կտեսնես, թե ոնց են 5 տարեկանից բարձր տարիքային խմբերը բարձրախոսները ձեռքներին քայլում շենքիդ դիմացով, ու բազում փուչ, մեկ-մեկ էլ իրականությանը մոտ խոստումներ հնչեցնում (5 տարեկան երեխաները չեն խոսում, բայց կուսակցության դրոշը ծածանում են): Կարող է մի քիչ էլ ափսոսաս, որ երևանյան գրանցում չունես և չես կարող ընտրել, կամ առհասարակ, 17 տարեկան ես ու ընտրելու իրավունք ուղղակի դեռ չունես:

Ժամանակի հետ քաղաքում բազում խնդիրներ էլ կգտնես՝ տրանսպորտային միջոցներից մինչև վերելակ, գետնանցումներից մինչև ճանապարհիդ հանդիպած ամեն փոս: Ու ինչքան շատ ժամանակ անցնի, այնքան շատ կսիրես Երևանը, ու այդքան անգամ էլ քաղաքի խնդիրներով մտահոգված կլինես: Ճիշտ այնպես, ինչպես քո հարազատ քաղաքում էիր:

nelli khachatryan

Մի բան հաստատ փոխվել է

Ըհըն, էս էլ «243ա» լսարանը, էն որ համակարգչային է, բայց համակարգիչները չենք օգտագործում: Ընդհանրապես, անցած տարի ծրագրավորման դասերը շատ ձանձրալի էին անցնում: Առանձնապես ստացած գիտելիքներով էլ չեմ կարող հպարտանալ, դե, իհարկե, 60%-ն էլ իմ մեղքով, որովհետև եթե մարդ ուզում է սովորել, դե, ասենք մեր կուրսի Գրիգորի նման, սովորում է: Խելացի տղա է, չեմ հասկանում՝ ինչի է դասի գալիս, մեկ է՝ տարվա սկզբին արդեն բոլոր նյութերը կարդացած է լինում, դասերին էլ, մեղմ ասած, ձանձրանում է:

Էս տարի մեր ծրագրավորման դասին, ինչ խոսք, անհարմար ստացվեց: Չէինք հասկացել, որ մոտավորապես մեր տարիքի լսարանում նստած աղջիկը մեր դասախոսն է: Ամերիկյանն է ավարտել: Մտած-չմտած՝ ասում է. «Համակարգիչները միացրեք»… Տարօրինակ մարդ է: Ո՞վ է տեսել՝ ծրագրավորման դասին համակարգիչները միացնեն: Երեխեքից մեկն էլ, որ հարցրեց՝ կարո՞ղ է դուրս գալ, թե՞ ոչ, ասաց, որ էլ չհարցնենք, եթե ուզում են դուրս գալ, կարող են դուրս գալ, նույնիսկ՝ անվերադարձ: Շատ տարօրինակն է: Սպասեք, էս դեռ ամենը չի: Ասաց, որ Slack հավելվածը քաշենք ու էդտեղով մեզ նյութեր ու տնայիններ կուղարկի, մենք էլ հարցեր ու քննարկումներ կարող ենք անել:

Հա, էդ ամենը մեզ համար տարօրինակ էր: Երևանի պետական համալսարանում էդ տարօրինակ էր, որովհետև մենք սովոր ենք էստեղ ամեն ինչին միայն տեսականորեն ծանոթանալ, չիմանալ կիրառությունը: Մեզ գալիս են ու ասում, որ դասին հանկարծ հեռախոսի ձայն չլսվի, որ դուրս չգանք դասից, որ մի քանի դաս չնստելուց հետո վերջում դժվար կստանանք, ու իրենց մոտ նշում են բացակայությունները: Հա էս էն վատ «ավագ դպրոցներից» է, որ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պիտի պարապես: Էս դեպքում, օրինակ, գնաս ծրագրավորման դասերի, եթե իհարկե Գրիգորը չես, կամ շատ չես սիրում ինքնուրույն բզբզալ:

Իսկ էդ ընթացքում մի տեղ՝ անկյունում, էն ծայրի համակարգիչն է ուրախանում, որ իրեն օգտագործում են:

Չիր պատրաստելու նուրբ արվեստը

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Տնական չիր։ Չիր տնական։

Տարբեր բաղադրատոմսեր, գաղտնիքներ ամեն խոհանոցից, նախնական բաղադրատոմսից փոքրիկ շեղումներ յուրաքանչյուր տնային տնտեսուհու կողմից։ Ի՞նչ ընտրել, ո՞նց անել։

Միացնում ենք ֆրանսիական երաժշտություն, հատկապես եթե Ֆրանսիական համալսարանից ենք, որովհետև մոդայիկ է, որովհետև պիտի ցույց տանք, որ գիտենք, ու որովհետև պարզապես հաճելի է։ Նախապատրաստական փուլը թերևս այսքանն է։ Հետո անցնում ենք բուն գործին։

Հեռացնում ենք խնձորի միջուկը, մաքրում ենք կեղևը։ Օղակներով կտրատում ենք։ Շարում ենք չրի պատրաստման սարքի սկուտեղների վրա։ Նախօրոք մի քանի կողմից նկարում ենք, որ բոլորին ցույց տանք։ Տեղադրում ենք սարքի մեջ և voilà, մի քանի ժամ (օր) անց չիրը պատրաստ է։ Եթե իհարկե չմոռանաք միացնել սարքը։

Դիետիկ (ինչքան ուզում եք, կերեք) և համեղ։

#խոհանոցային_գաղտնիքներ_որ_գաղտնիք_չեն

aneta baghdasaryan

Մեդիագրագիտություն բոլորի համար

Երբ իմանում ես, որ Ֆրանսիայի ռադիոկայաններից մեկի լրագրողները գալու են ձեր համալսարան, որպեսզի լսեն ֆրանսերենի դասի համար պատրաստած էքսպոզեները (պրեզենտացիա), տարբեր մտքեր են գալիս. «Ըհը, էսօր թարսի պես դասախոսը հենց ինձ կկանչի», կամ էլ` «Չէ դե, այդքան լավ ֆրանսերեն չգիտեմ, հաստատ ինձ չի ընտրի»: Իհարկե, հազար անգամ նշվել էր, որ դասն անցկացնելու ենք սովորականի պես և անհանգստանալու կարիք չկա, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ անհանգստանալու կարիք կա: Մի բան է` դասախոսիդ կամ ընկերներիդ ներկայությամբ ֆրանսերենով կարծիք արտահայտես, մեկ ուրիշ` ֆրանսախոս հյուրերի մոտ: Հա, մոռացա նշել, այսօրվա մեր էքսպոզեների թեման մեդիա կրթության դերն էր երիտասարդների կյանքում` նորությունները և մեդիան ճիշտ հասկանալու համար:

Դասից առաջ՝ մեծ դասամիջոցին, հավաքվեցինք գրադարանում, մտքեր փոխանակեցինք, մեր մեջ որոշոցինք, թե ով է խոսելու, կարծիքներն, իհարկե, բաժանվեցին, մինչև վերջին րոպեն պլանավորում էինք մեր փախուստը․ ամեն ինչ, միայն թե դասի չնստեինք: Երբ մտանք լսարան, և փախչելու տարբերակ չկար, մեզ մնում էր անհամբերությամբ սպասել մեր հյուրերին, ովքեր այդպես էլ չեկան: Երևի ավելի կարևոր հանդիպում ունեին, մեկ ուրիշ օր միգուցե և գան: Դե, իսկ մեզ մնում էր սովորականի պես բանավեճերով և քննարկումներով լի դաս անցկացնել:

Իսկապես հետաքրքիր և կարևոր թեմա էր, որը քննարկման կարիք ուներ մեր՝ երիտասարդներիս կողմից: Ներկայացվեցին միմյանցից տարբերվող էքսպոզեներ, որից հետո սկսվեց քննարկումը, հարց ու պատասխանը:

Մենք բոլորս շրջապատված ենք ինֆորմացիայով, որը կարող է ներկայացվել հեռուստացույցով, թերթերում, բջջայիններում և փողոցում: Երբեմն այդ ինֆորմացիան այդքան էլ մոտ չէ իրականությանը, աղավաղված կամ նույնիսկ հորինված է, և մեզանից շատերը հավատում են որոշ աղբյուրների` չկասկածելով նրանց հավաստիության վրա: Լսարանում կարծիք հնչեց, որ այո, այսօրվա երիտասարդությունը կարիք ունի կրթվելու մեդիա ոլորտում, իմանալու՝ որ աղբյուրներին հավատալ, ինչպես վերծանել ինֆորմացիան և չդառնալ կեղծ լուրերի թիրախ:

Հետո հերթը հասավ երեխաներին, որոնք թեկուզ առանց իրենց կամքի, բայց բախվում են լուրերի և տարատեսակ ինֆորմացիայի հետ, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա: Քննարկվեց ծնողների կողմից այդ ամենը վերահսկելու հարցը, և որ ինչքան էլ նրանք ցանկանան երեխաներին հեռու պահել անցանկալի ինֆորմացիայից, տեղեկատվությունը մինչև վերջ ֆիլտրելն այդքան էլ իրական չէ: Չնայած՝ գոյություն ունեն ծրագրեր, որոնք արգելափակում են անցանկալի կայքերը և շատ հարմար են հենց այսպիսի դեպքերի համար, երբ ծնողը ցանկանում է երեխային պաշտպանել ավելորդ տեղեկատվությունից համացանցում:

Այնուհետև անդրադարձանք նաև մեծահասակներին: Եվ ես միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ոչ միայն երիտասարդները, այլ նաև տնային տնտեսուհիները և տարեց մարդիկ նույնպես ունեն մեդիա կրթության կարիք, քանի որ նրանք էլ են այն խոցելի խումբը, որը օրվա մեծ մասն անցկացնում է հեռուստացույցի դիմաց և հատկապես՝ համացանցում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեղադրել չճշտված և կեղծ ինֆորմացիա: Նրանցից շատերը կուրորեն հավատում են համացանցում տեղադրված ցանկացած տեղեկատվության ու նույնիսկ չեն էլ կասկածում, որ այն կարող է հորինված կամ փոփոխված լինել:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն անհնար է պատկերացնել առանց մեդիայի, սա տեղեկատվության դար է, և լավ կլիներ, որ թեկուզ դպրոցներում կամ էլ համալսարաններում կազմակերպվեին միջոցառումներ, սեմինարներ, որտեղ մասնագիտությանը լավ տիրապետող մեդիայի ներկայացուցիչները երիտասարդներին, ինչու ոչ, նաև մեծահասակներին կսովորեցնեին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներից օգտվել, կներկայացնեին ոչ վստահելի կայքերը հայտնաբերելու մեթոդներն ու ինֆորմացիան ճիշտ օգտագործելու ձևը: Չէ՞ որ հենց սա է ձևավորում մեզ որպես քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ: