valentina chilingaryn

ՏՈՒՆ, ԸՆՏԱՆԻՔ, ԵՐԵԽԱ ․․․

-Քննադատակա՞ն հոդվածներ,- ուրախությունից փայլեցին աչքերս,- էս ի՜նչ լավ է, որ գտա։

-Հանգստացի՛ր, դիր տեղը։ Դու անգամ պարապմունքներդ ես դժվարությամբ հասցնում, անգամ օրվա մեջ չես տեղավորվում, ո՞նց ես կարդալու։

-Աչքերով, ապու՛շ։ Կարո՞ղ ա ընդունելության համար իր սիրած թեմայով գիրքը չկարդա։

-Երկու ամիս հետո քննության է, Աստված գիտի` կընդունվի՞, թե՞ չէ, դու «շիրա ե՞ս տալիս»։

-Դե հիմա, սովորական դիմորդ է  էս մարդը։ Հա, լա՛վ, մարդուկը։ Ախր, լրիվ սարքել ես հաշմանդամ։

-Ինչի՞ եք դուք հայտնվում էն ժամանակ, երբ պետք չեք։ Երեկ, երբ մամայի սիրելի ծաղկամանը կոտրել էի, ոչ մեկդ չկար, որ խորհուրդ տար։ Դուք ոնց որ TOEFL-ի listening-ի էն աստղագիտության մասին լեկցիաներից լինեք: Էն որ ամբողջ թեստը ֆիզիկա-մաթեմ-կենսաբ-աշխարհ-լեզու հավեսով իր համար գնում է, մեկ էլ վերջում, հո՛պ ՝ listen to a conversation in an astronomy class,- սովորությանս համաձայն սկսեցի համառել ուսիս նստած ծովախոզուկներին,- հեռացե՛ք։

…-Ընկեր Քրիստինե, կարո՞ղ եմ էս գիրքը մի քանի օրով գողանալ,- հարցրի ես։

-Իհարկե, Վալենտինա ջան։ Քո բոլոր հոդվածներն էլ կարդում եմ, էդ ինչ լավ բաներ ես գրում։ Բեր, որ գրանցեմ գիրքը, տար՝ կարդա, որ հաջորդ անգամ էլ քեզնից քննադատական հոդված կարդանք։

Ընկեր Քրիստինեն մեր դպրոցի գրադարանավարուհին է, ով միշտ սիրալիր ընդունում է բոլոր աշակերտներին, խորհուրդներ տալիս և անգամ փորձում է այլ միջոցներով գտնել այն գիրքը, որը անհրաժեշտ լինելու դեպքում, չկա գրադարանում։ Եթե դպրոցը ավարտեմ, կարոտելու եմ նրան, Համո պապիկին, Տիկին Անժիկի սանտավիկները, որոնք իրենց նպատակին ծառայելու համար չէին, և ուսուցիչներիս։ Կամ էլ խաբեցի, երևի ոչ մի ուսուցչի էլ չեմ կարոտի։ Թե էդ կարոտը ինչ թիթիզ բան է։ Դե՜ լավ, կատակում եմ, մեր դպրոցի ուսուցիչները էնքան լավն են, որ հատուկենտ են, ու էդ կենտ տեսակը միայն մեր դպրոցում է։

Երևի լսել եք, որ այս տարի տարի 12-երորդ դասարանի աշակերտների համար շատ կարևոր տարի է, որովհետև նրանք ոտք են դնում նոր կյանք: Մաշտոցի փոքրիկ սաները դառնալուց հետո դառնում են համալսարանի մեծ ուսանողները կամ մեծ համալսարանի ուսանողները (կարդալ վեհ տոնով), և այո՜, նրանք լքում են իրենց երկրորդ տունը (կարդալ տխուր, ընթացքում հուզվելը խրախուսվում է)։ Ինձ համար, այս ուսումնական տարին չի տարբերվում մնացյալ բոլոր ուսումնական տարիներից։ Կներեք, որովհետև ես չեմ մեռնում, ես ընդամենը ավարտում եմ, ու կարևորը, չեն մեռնում այն մարդիկ, որոնց հետ 12 տարի դպրոցական կյանք եմ ունեցել, որ հրաժեշտ տամ իրենց։

Ըստ որոշ ասեկոսեների, շրջանառվում են լուրեր ավարտական քննությունները միասնական դարձնելու մասին։ Իրականում ես խրախուսում եմ այդ որոշումը և կողմ եմ, որ դպրոցներում խստացվի գիտելիքների ստուգումը, բայց չեմ հասկանում, ի՞նչը պիտի ստուգվի։ Հա՜, երևի գրականության ու հայոց լեզվի անգիրների, պատմության ժամանակագրության և մաթեմատիկայի բանաձևերի մեխանիկորեն կիրառության իմացությունները։ Տարվա վերջում այդ քննությունները կհանձնենք, կհպարտանանք, որ բոլոր անգիրները հիշում էինք ռոբոտի պես, ու հետո ուրախ-ուրախ կգնանք համալսարան՝ մոռանալով ամենն, ինչ կապված է դպրոցի հետ։

Որպես դիմորդ, որոշել եմ շարունակել բարձրագույն կրթությունս Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Շատ ուշ կողմնորոշվեցի, որ պետք է շարունակեմ լրագրության ուղին՝ ավելի խորը ուսումնասիրելով այն,  որովհետև տատանվում էի իրարից շատ տարբեր մասնագիտություններ ընտրելու միջև։ 6-7 ամիս պարապեցի մաթեմատիկայի ողջ կուրսը 0-ից ու E-math` ընդունելության քննության համար։ Ժամանակը շատ քիչ էր թվում, որովհետև միջին վիճակագրական դիմորդը մաթեմատիկայից միասնական քննություն հանձնելու համար պիտի պարապի 1․5-2 տարի։ Բայց իմ շատ սիրելի համալսարանը անակնկալ էր պատրաստել ինձ համար, դե, որովհետև ինքն էլ ինձ է շատ սիրում։ Ամռանը որոշվեց E-math քննությունը հանել գործածությունից՝ հնարավորինս բոլոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Էդ էն  անակնկալների նման է, որ TOEFL-ի ժամանակ ուզում ես speaking-դ սկսես, մեկ էլ հո՜պ, տեսնում ես structure-ը չունես։ Ու հիմա E-math-ի փոխարեն համալսարանը առաջարկում է SAT միջազգային քննությունը, որն ավելի բարդ է, ավելի ժամանակատար, ու որ ամենավատն է՝ ավելի ծախսատար, քան E-math-ը։ Մեր գյուղում, ը՜, մեր Արարատի մարզում, դժվար է պեղել SAT պարապող դասախոսի, իսկ Երևանում՝ աստղաբաշխական թվեր են։ Չէ՜, չեմ բողոքի, որ ժամանակս նորմայից շատ քիչ է ընդունվելու համար ու ֆինանսական խնդիրներս թույլ չեն տալիս, կամ ինչպես ասում է Ամերիկյան համալսարանի միջին վիճակագրական անհույս դիմորդը՝ «Վարձը շատ թանկ է, թե չէ կդիմեի, կընդունվեի հաստատ»։ Եթե Ամերիկյան համալսարան ընդունվելու ճանապարհն էլ լիներ այդքան հարթ, ինչպես հայկական բուհերինը, ապա էլ ինչի՞ պիտի լիներ սերը ՝ իմաստալից դժվարությունների հանդեպ։ Եթե ունես նպատակ, հավատ ու համարձակություն, պիտի գնաս այդ ռիսկային քայլին, անգամ եթե սրտիդ խորքում մտածում ես, որ դու էլ ես պատրաստվում լինել միջին վիճակագրական անհույս դիմորդ։ Օրինակ՝ Հայաստանում շատերը մտածում են, որ ուսանողի հետագա կյանքը միայն կախված է համալսարանից։ Բայց ես մտածում եմ, որ այդ հարաբերակցությունը 50։50 է, որովհետև և՛ ուսանողի դերն է կարևոր, որ ներգրավվի ուսումնական պլանին, և՛ համալսարանի դերը՝ ունենալու և ներկայացնելու այնպիսի ուսումնական պլան, որ ուսանողը ներգրավվի։

Դե հիմա TOEFL-ի writing-ի 2 reason բերեք (լա՜վ, էս անգամ կարող եք introduction և conclusion չգրել), բայց 320+ բառով հիմնավորեք էն statement-ը, որ հնարավոր է ունենալ ավարտական (միասնական) քննություններ և չազդել համալսարանի ընդունելության քննությունների վրա՝ գրողի տարած Դեյլ Քարնեգին վկա։

Հա՜, ու  էս TOEFL-ի reading-ն էր՝ առանց հարցերի, ասեմ ավելին՝ մշտական կարդալու համար, ոչ թե 1 ժամ։

Գինու և մշակույթի փառատոն

Բարև, ընկե՛ր, ես Լուսինեն եմ, եկել եմ պատմելու փառատոների մասին: Փառատոներ շա՞տ ես սիրում, մասնակցո՞ւմ ես, գիտե՞ս՝ ինչ է նշանակում փառատոնը: Արի պարզենք միասին:

Փառատոնը հասարակական, ժողովրդական հանդես է, որի ժամանակ ցուցադրվում են արվեստի որևէ տեսակի ստեղծագործություններ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, դե գիտես, որ 21-րդ դարում էլ ամեն րոպե արվեստի մի ստեղծագործություն է ի հայտ գալիս, այդ ստեղծագործություններն էլ ցուցադրվում են ժողովրդին:

Սեպտեմբերի 2-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գինու և մշակույթի փառատոնը: Փառատոնին ներկայացվեցին Ոսկեվազի «Արմաս» տեսակի գինին, քաղցրավենիք, մրգեր: Այս ամենին մասնակցություն ունեցան օտարերկրացիներ, նրանց էլ շատ դուր եկավ Հայաստանի համն ու հոտը:

Փառատոնի ժամանակ պարեցին Աշտարակի Հայորդաց տան պարի խումբը, Սասունիկի պարի խումբը: Իսկ երգիչներից եկել էր Ավո Ադամյանը: Փառատոնը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Աշտարակի քաղաքապետարանը:

Երևանը երևանցիների աչքերով

Որքան էլ բառերը գեղեցիկ ու տեղին լինեն, ամբողջությամբ չեն կարող փոխանցել այն զգացումները, որոնք տալիս է ճիշտ ընտրված ու խոսուն պատկերը: Երևանի մասին հարյուրավոր երգեր ու բանաստեղծություններ են գրվել, բայց, թերևս, այնքան լավ չեն նկարագրել Երևանը, Երևանի ամեն անկյունը, դետալը, փողոցները, հասարակ երևանցուն՝ լույսի ու ստվերի մեջ, որքան այսօր ներկայացնում են լուսանկարները: Հենց Երևանի ամբողջական նկարագրության ցանկությունն էլ առիթ հանդիսացավ ստեղծելու «Երևանը երևանցիների աչքերով» ցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյան. «Այս ցուցահանդեսը շատ լավ նվեր է Երևանին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել այս ցուցահանդեսը: Ամեն օր նայեք Երևանին, ձեր աչքով տեսած Երևանը անցկացրեք ձեր սրտով և պահեք բոլորիս համար` որպես պատմություն և որպես վկայություն: Երևանը բոլորիս աչքի առաջ է: Երևանից աչք թեքելն անհնար է»:

Ցուցահանդեսի, լուսանկարների կազմակերպիչ-հեղինակ Արմեն Ենգոյան. «Թեքեյան կենտրոնի» տնօրենը ինձ, Վահան Քոչարին և մեր մյուս ընկերներին առաջարկեց կազմակերպել Երևանին նվիրված ցուցահանդես: Վահան Քոչարն ունի լուսանկարների արխիվ, նա «Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակն է, այստեղ հին լուսանկարները հիմնականում վերցված են նրա արխիվից: Ես էլ «Թեքեյան կենտրոնի» հետ հաճախ եմ համագործակցում, ցուցադրություններ ենք կազմակերպում. նման ցուցահանդեսներ կազմակերպվելու են այնքան ժամանակ, մինչև լուսանկարչությունը Հայաստանում կհասնի շատ բարձր դիրքի: Իհարկե, բացի արխիվային լուսանկարներից, կան նոր լուսանկարներ. ֆեյսբուքում մենք տվել էինք հայտարարություն (դե, հիմա ամեն ինչ ֆեյսբուքով է կատարվում՝ հեղափոխությունը, կառավարությունն անգամ այդ հարթակով է կառավարում), և մարդիկ արձագանքեցին, ուղարկեցին իրենց լուսանկարները. յուրաքանչյուրը, ով ուներ մեր առաջարկած թեմային համապատասխան գեղեցիկ լուսանկարներ, կարող էր մասնակցել: Բնականաբար լուսանկարները ֆիլտրել ենք, ոչ այդքան հաջողվածները դուրս են եկել ցանկից: Ընտրության գործն արել ենք Վահան Քոչարի հետ: Վերջնական ընտրելուց հետո կապվել ենք բոլոր մասնակիցների հետ, վերցրել բնօրինակները ու ստեղծել ցուցահանդեսը: Այն լինելու է շարժական, շատ հավանական է, որ ցուցահանդեսը կգնա տարբեր քաղաքներ, երկրներ:

Շատ լավ է, երբ հիմա լուսանկարողները շատացել են: Հիմա, բացի արդուկից, ամեն ինչով նկարում են մարդիկ: Դե, մոտ ապագայում երևի դրանով էլ հնարավոր էլ կլինի լուսանկարել: Շատ լավ է, թող նկարեն, բայց, մեկ է, լուսանկարիչ չեն դառնա: Լուսանկարելու համար կարևոր է ոչ թե սարքը, այլ մարդու գլուխը: Երբեմն հարցնում են՝ ո՞ր ֆոտոխցիկը գնենք, որ կարողանանք լավ նկարել, ասում եմ՝ որևէ մեկը գնեք, կարևորը օբյեկտիվը կարողանաք փոխել, որ շատ գումար չծախսեք, վերջ, էականը սարքը չէ: Հին ժամանակներում մարդիկ սովորական նկարչությամբ են զբաղվել, շատերն են իրենց հարազատներին դիմանկարել, բայց հո բոլորը չե՞ն համարվել նկարիչ, նույնն էլ հիմա է. բոլորը լուսանկարում են, բայց բոլորը լուսանկարիչ չեն»:

Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն էր պատմում, նայելիս թվում էր, թե տեսնում ես ակնթարթը որսալուց առաջ ու հետո կատարված իրադարձությունները: Դրանք ջերմ էին, անկեղծ ու տաք, անգամ այն մարդիկ, ովքեր անտարբեր են Երևանի նկատմամբ, լուսանկարները դիտելիս գեղեցիկ ու հետաքրքիր զգացմունքով կլցվեն դեպի քաղաքը:

Ցուցահանդեսը ներկայացված է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում և բաց կլինի մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը:

Մասնակից հեղինակներ՝
Աշոտ Առաքելյան, Արմեն Ենգոյան, Արմեն Մուրադխանյան, Անդրանիկ Քոչար, Աննա Գրիգորյան, Գարիկ Ղազարյան, Գագիկ Գասպարյան, Գեղամ Թարվերդյան, Զավեն Սարգսյան, Թագուհի Ասլանյան, Թեդ Անդրեասյան, Կարեն Ներսիսյան, Կարինա Շմիդտ, Հակոբ Բերբերյան, Հերբերտ Բաղդասարյան, Հայկ Բաղդասարյան, Հայկ Բիանջյան, Հայկ Բադալյան, Հարություն Խաչատրյան, Հովհաննես Բադալյան, Մարիաննա Մելիքսեթյան, Մայիս Վարդանյան, Մարտիրոս Դադայանց, Մելիք Դադայան, Մելիք Բաղդասարյան, Մխիթար Խաչատրյան, Նեմրութ Բաղդասարյան, Նունե Քարամյան, Ներսես Մատինյան, Սամվել Սևադա, Սահակ Տրոյան, Վահրամ Բաղդասարյան
Վահան Քոչար, Վարազդատ Բորեցյան, Վիգեն Մնոյան, Տաթև Մնացականյան:

Նյութը պատրաստեցին` Անի Հարությունյանը և Անի Կիրակոսյանը

vrezh sargsyan

Հայկական թատրոնները վերադառնում են արձակուրդից: Բացվում է նոր թատերաշրջանը

Հայաստանում անցած տարի թատերական աշխարհում բազում դրական իրադարձություններ տեղի ունեցան: Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը վերադարձավ Ուկրաինայի Խարկով քաղաքից, որտեղ «Լյուբ Օֆֆ» ներկայացմամբ հանդես եկան կարևոր փառատոնում, իսկ ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանը և դերասան Արման Նավասարդյանը իրենց հետ տուն բերեցին լավագույնի կոչումն ու հանդիսատեսի սերն ու հիացմունքը։ Համազգային թատրոնից այս տարի կան մեծ սպասելիքներ, քանի որ երևանյան շատ թատրոններում արդեն թատերական ներկայացումների մակարդակը փոխվել է՝ դառնալով շոուների հարթակ: Արդեն պարզ զգացվում է, որ շատ թատրոններում թատերական ներկայացումներին փոխարինում են շոուները, իսկ Համազգային թատրոնը ինքնատիպ է հենց նրանով, որ այնտեղ թատերական ներկայացումները շարունակում են հիացնել ու զարմացնել հանդիսատեսին: Համազգային թատրոնը իր ձեռքբերումներից հետո պարտավորվում է ավելացնել նոր ներկայացումների, այսպես ասած, առաջնախաղերի քանակը, քանի որ Երևանում կա մարդկանց մեծ զանգված, որը նախընտրում է հենց Համազգային թատրոն գնալ։

Հաջորդ թատրոնը, որը շատերին ստիպեց իր մասին խոսել, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է: Այս թատրոնն արդեն մեկ տարի է, ինչ ապահովում է նոր ներկայացումներ և ունենում է լեփ-լեցուն դահլիճներ: Գյումրու թատրոնը սպասարկում է 10 000-ից ավելի հանդիսատեսի, և այս առումով գերազանցում է Հայաստանի բոլոր թատրոններին: Գյումրու թատրոնի ինքնատիպությունը հայապահպան գաղափարախոսությունն է։ Ի տարբերություն շատ թատրոնների, այստեղ հայ դրամատուրգիան ունի իր անփոխարինելի տեղը և գերակշռում է արտասահմանյան ներկայացումների նկատմամբ։ «Արշիլ Գորկի», «Բումերանգ», «Երկնքից երեք աթոռ ընկավ», «Ինչու էսպես չարացանք», «Մեսրոպ Մաշտոց», «Շողոքորթը», «Չար ոգի» և «Հարսանիք թիկունքում» ներկայացումներով Գյումրու թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Հայաստանի տարբեր հատվածներում, ընդ որում «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերը սպառվում էին ֆանտաստիկ արագությամբ և՛ Գյումրիում, և՛ Երևանում, և՛ այլ բնակավայրերում։ Գյումրու թատրոնը ունի խնդիր՝ միշտ գոհացնել իր հանդիսատեսին, և հետաքրքիր է ամեն անգամ տեսնել, թե ինչ նորամուծությամբ հանդես կգա այն:

Իսկ մնացած թատրոններն արդեն պիտի սկսեն իրենց բնականոն աշխատանքը, որ կարողանան ունենալ այն ձեռքբերումները, որոնք ունեցան վերոնշյալ երկու թատրոնները։ Սպասենք նոր առաջնախաղերի, ներկայացումների: Երիտասարդ նոր դերասանների թատերական եռուզեռը սկսված է:

ՏԷ՛Ր, ԿԵՑՈ ԴՈՒ ԶՀԱՅՍ…

Լուսանկարը` Մերի Հակոբյանի

Լուսանկարը` Մերի Հակոբյանի

…Ի՜նչ քաղցրահունչ լեզվով են խոսել մեր նախնիները: Երբ եկեղեցում լսում եմ քահանայի երգեցիկ, ծորուն ձայնը, փակում եմ աչքերս ու մտովի տեղափոխվում շատ ու շատ դարեր հետ՝ Հայքի պանծալի ժամանակները:

Ինձ թվում է, որ եկեղեցու պատերի ներսում արտասանվելիս այդ բառերը հատուկ իմաստ ու հմայք են ստանում:

Այս տարի մենք սկսել ենք գրաբար ուսումնասիրել: Որոշ համադասարանցիներիս համար դա մի տեսակ անսովոր է, իսկ ինձ համար… Կարծես այդ հնչյունները գալիս են մի ծանոթ ու հարազատ աշխարհից…

Ամեն մարդ էլ ունի հոգևորի, ոգեղենի կարիքը, բայց մեր Գագարինում նույնիսկ փոքրիկ մատուռ չկա: Չէ՞ որ եկեղեցին միայն քարակերտ շինություն չէ, այլև վայր, որտեղ երկխոսում են Աստծո հետ:

Մարդիկ տարբեր են. ոմանց համար եկեղեցի մտնելը պարտականություն է, ոմանց համար՝ ձևականություն, ոմանք էլ իրենց շրջապատում գտնվող մարդկանց արգելում են եկեղեցի այցելել: Այնուամենայնիվ, երևի չկա մի քաղաք կամ գյուղ, որտեղ չլինի գոնե մատուռ: Ես ինքս շատ եմ անցնել, այլ բնակավայրեր գնալ: Եվ ամեն անգամ ճանապարհին մտորում եմ, թե ինչու՛ չպետք է մեր գյուղում եկեղեցի լինի:

Հավանաբար այս մասին մտածել է նաև մեր համագյուղացի բարերար Դավիթ Գալստյանը: Նրա կողմից բարեկարգված այգու հարևանությամբ սկսվել է եկեղեցու շինարարությունը: Ամեն անգամ այդ փողոցով անցնելիս նկատում եմ, որ կարմրատուֆ պատերը քիչ-քիչ բարձրանում են, ու սիրտս ուրախանում է:

Ես կարծում եմ, որ մեկ տարուց կավարտվի շինարարությունը, և եկեղեցին կդառնա Գագարինի մի մասը: Խնկի անուշ բույրը կվանի չարությունը, քենը, նախանձը…

Ես հաճախ եմ հիշում, որ Անին կոչում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք: Պատմության դասագրքերի նկարներով էի փորձում պատկերացնել մեր հոյաշեն Անին:

Հիմա ամեն անգամ մեր Գագարինի գողտրիկ եկեղեցուն նայելիս կտեսնեմ նաև Անին, կզգամ հավատի ապրեցնող ուժը, կմտնեմ եկեղեցի ու հուշիկ կշշնջամ.

-Տէ՛ր, կեցո Դու զհայս…

«Կանթեղ» գրական խմբակ

ella mnacakanyan yerevan

Էլի ուշացած

-Դուք դասի՞ չեք,- իրեն բնորոշ մուննաթով հարցնում է Ժորա ձյաձյան՝ առաջին հարկի պահակը:
-Դասի ենք,- պատասխանում եմ ես ու փորձում առանց դրամապանակիցս հանելու անցկացնել ուսանողական քարտս, որ «սեզամը» բացվի ու, ինչպես միշտ, լույսի արագությամբ բարձրանամ այդ նեղլիկ աստիճաններով, որոնց աջ կողմը (չգիտես ում որոշմամբ) նախատեսված է բարձրանալու, իսկ ձախը՝ իջնելու համար (ու, հա, Աստված չանի՝ խառնես այդ կարգը):

-Բա ժամին նայե՞լ եք,- նա, սովորության համաձայն, ձեռքի բանալիով թխկթխկացնում է սեղանին, ապա ավելացնում,- ուշանում եք:
-Դասախոսը մեզնից շատ ա ուշանում,- ի միջի այլոց պատասխանում է Սյուզին ու շարունակում փորփրել պայուսակը՝ ուսանողականը շուտ գտնելու հույսով:
- Յա՜, – Ժորա ձյաձյան տանել չի կարողանում, երբ որևէ մեկը համարձակվում է հակաճառել իրեն,- դասախոսին կարելի ա, դուք պարտավոր եք լսարանում սպասեք,– ու նրա սովորական մուննաթը վերածվում է հիպերմուննաթի:

Սյուզին անցկացնում է քարտը, բացում «սեզամը» և միանում ինձ ու Աստղիկին, որ «սեզամի» ու աստիճանների միջև կանգնել ու սպասում էինք լեզվակռվի ավարտին:
-Սյուզի՛, արդեն 2-րդ կուրս ենք, բայց դու տենց էլ չսովորեցիր, որ Ժորայի հետ պետք չի կռիվ անել:
-Հա, բայց ինչի՞ ա մուննաթ գալիս որ:
-Է՜հ,- ես տարուբերում եմ գլուխս ու հասկանում, որ նրանց երկուսին էլ ինչ-որ բան համոզելն անիմաստ է,- եկե՛ք բարձրանանք:

Չորրորդ հարկում իր սովորական դարձած նկատողություններով մեզ է դիմավորում Կառլեն ձյաձյան՝ բոլոր երեք պահակներից ամենափոքրամարմինն ու ամենաջերմը:
-Ցածր, էրեխե՛ք ջան, ցածր: Դաս ա:
-Բարև Ձեզ,- ասում եմ ես ու ժպտում, որովհետև Կառլենի նկատողություններն այնքան սովորական են, որ, ըստ իս, արդեն ռեֆլեքսորեն են դուրս թռչում իր բերանից:
-Բարև Ձեզ,- ժպտում է նա ի պատասխան ու, սովորության համաձայն, նորից կրկնում,- բարև Ձեզ:

Հինգերորդ հարկի «պահապանը» Ղուկասն է՝ ամենաբարձրահասակն ու խստադեմը, ում հագին այդ կապույտ կոստյումը բոլոր երեքից ամենատարօրինակն է նայվում:
-Արագացրե՛ք, էրեխե՛ք, դաս ա:
Դե՜, հա, Ղուկաս ձյաձյան էլ առիթը բաց չի թողնում մեզ նկատողություն անելու՝ չնայած, որ արդեն մտնում ենք լսարան, ու, հա, դասախոսն էլ՝ մեր հետևից, որովհետև իրեն կարելի է, ճիշտ է, մենք պիտի սպասենք… Ոչինչ, թե համալսարանի աստիճաններին մեծ-մեծ տառերով գրված ֆրանսիական արժեքներից մեկն էլ «égalité»-ն է՝ հավասարությունը:

Այո՛, սա համալսարանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ առավոտ շուտ…

Հա, ու լավ կլինի՝ չուշանաս, գիտեմ, որ քնի ամառային ռեժիմդ դժվար է փոխել, բայց կապույտ կոստյումավորները բարկանում են…

Չպլանավորեք կյանքը

Սիրում ենք, չէ՞, երազել, մտածել կամ շատ ժամանակ ամեն ինչ անել, որ դեպի լավին ձգտենք կամ էլ համակերպվենք չփոխվող իրականության հետ: Թե ինչի եմ այսօր նյութս սկսում այս ձևով, հիմա կասեմ:

Շատ ժամանակ, երբ ես գրում եմ նյութս, ավարտական հատվածում միշտ գրում եմ գալիք նյութի թեման, հաճախ համոզված լինելով, որ վերջ, դա կատարվելու է, և հաստատ գրելու եմ: Այ, օրինակ մի անգամ խոսեցի իմ սեպտեմբերի 1-ի, թե՛ ծննդյանս օրվա, թե՛ համալսարանում առաջին ուստարվա տպավորություններիս մասին, հետո ասացի, որ այսպես ես շատ անգամ ծնունդս չեմ նշի տանը մերոնց հետ, այլ համալսարանում, հետո երկու անգամ բանակում, հետո էլի երեք անգամ համալսարանում։ Այ, հենց սրա հետ եմ, որ ոչինչ չիմանալով՝ մենք պլանավորում ենք:

Իմ պարագայում ոչ սա եղավ, ոչ նա: Այսինքն՝ ոչ բանակում նշեցի ծնունդս, ոչ էլ համալսարանում: Կզարմանաք, բայց այո, Ջավախքում: Սեպտեմբերի 1-ին երկու օրով Տավուշի թեմի երիտասարդաց միության հետ մեկնեցինք Ջավախք աշխարհ`Հայաստան աշխարհ, որը գտնվում է անցակետից այն կողմ: Սեպտեմբերի մեկին գնացինք, երկուսի գիշերը հետ եկանք: Հարազատներ չկային, չկային մեծ տորթ կամ աղցանների տեսակներ, այլ փոխարենը Հաղարծնի շաբաթի կանաչ շապիկավորներ, փոքրիկ համեստ թխվածք, փուչիկներ, հաճելի նվերներ և բարեմաղթանքներով լի մի ողջ ճանապարհ: 

Անկեղծ եմ ասում՝ իմ կյանքում ամենալավ անցկացրած ծննդյան տոներից էր, որը երբեք չեմ մոռանա: Ծննդյանս օրը անցկացնում եմ Ախալքալակում, տեղի եկեղեցում մասնակցում Սուրբ Պատարագի և Պատարագի ժամանակ կրում եկեղեցական շապիկ, ավելի մոտիկից ծանոթանում եկեղեցական աշխարհին, և վերջ ի վերջո, քայլում Ջավախքում, այցելում Վահան Տերյանի տուն-թանգարան, հետո՝ աշուղ Ջիվանու, քայլում եմ այնտեղի մի շարք գյուղերում՝ այցելելով հայկական օջախներ: Հաճելի է շատ, երբ գնում ես երկրից դուրս, բայց էլի շրջապատված ես լինում հայ ազգով կամ էլ անվանդ հետ հնչում է «ջան» բառը։ Այնտեղ մարդիկ նույնպես ժպտում են, երբ հայեր են տեսնում, կապ չունի՝ քեզ տեսել կամ ճանաչում են, թե ոչ, եթե Հայաստանից գնացած հայ ես, ուրեմն վերջ, դու Ջավախքում արդեն ժպիտ ես պարգևել: Իմ այս տարբերվող սեպտեմբերի 1-ի համար ես շնորհակալ եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանին, Հաղարծնի շաբաթի կազմակերպիչներին՝ հաճելի ծնունդ պարգևելուց մինչև հաճելի ճամփորդության համար, և շնորհակալ եմ նաև այն բոլոր կանաչ շապիկով կամավորներին, որոնք անբաժան են իմ կյանքից:

Գիտեք, երբեք մի պլանավորեք կյանքը, որ այդպես է լինելու ու վերջ: Հավատացեք, այն լի է անակնկալներով: Միգուցե դուք չճամփորդեք, այլ ավելի մեծ և հաճելի անակնկալի հանդիպեք, կամ այնպիսի մի հաջողության, որը անգամ չեք էլ կարող պատկերացնել:

goharpetrsoyanervn

Ստանդարտություն կամ սահմանափակում

Ես չեմ ուզում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Կյանքն արդեն իսկ ձանձրալի է, և ավելի քան ձանձրալի կլինի, երբ մարդիկ սկսեն միանման լինել: Ասում են, որ ամեն մարդ յուրահատուկ է, և բոլորը տարբերվում են միմյանցից: Երևի թե ճիշտ են ասում, բայց իմ աչքերով հազարից մեկին կարող եմ առանձնացնել և հստակ ասել՝ նա տարբերվում է: Հասարակության կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է լինես նրանց նման, բոլորի նման: Իսկ մի՞թե դա տաղտկալի չէ:
Յուրովի լինելու և տարբերվելու համար պարտադիր չէ փիրսինգ կամ դաջվածք անել, կամ էլ թե վարսերը գույնզգույն ներկել: Մարդու հայացքն էլ արդեն իսկ բավական է տարբերվելու համար: Սակայն հաճախ ներքին «գույները» ցանկանում են արտաքնապես հանդես գալ: Երևի թե դա էլ պատճառն է փիրսինգի կամ գույնզգույն վարսերի: Չնայած, մեր հասարակությունը բացասական է վերաբերվում դրան: Կարող եմ բերել իմ օրինակով: Երթուղայինում, երբ տարեց մարդկանց տեղ եմ զիջում, տարօրինակ հայացքով դեմքիս են նայում: Իրենց հայացքն ինձ միայն ասում է՝ հա՞ որ, դու ինձ տե՞ղ զիջեցիր: Ինչո՞ւ, կապույտ վարսերով աղջիկները բացառապես վատն են կամ անդաստիարա՞կ: Կամ էլ թե համալսարանում. դասախոսները մտածում են, թե վատ եմ սովորում, կամ էլ պիտի քննությունս վատ հանձնեմ: Ինչո՞ւ, վարսերս կապույտ են և դա ստիպում է այդպե՞ս մտածել:
Նորմալ է այն, որ բնական վարսերի գույնով աղջիկը կեսգիշերին դրսում զբոսնում է, բայց աննորմա՞լ է, երբ կապույտ վարսերով աղջիկը ժամը 21:00-ին է տուն գնում: Ձեր պատկերացրած խելոք, գլուխը կախ, տուն տանելու աղջիկները, որոնք ստանդարտ են ամեն հարցում՝ և՛ մտածելու, և՛ հագնվելու, և՛ շպարվելու, ավելի լա՞վն են: Սպասեք անսպասելիին միշտ խելոք աղջիկներից, այլ ոչ թե ներքինը անկեղծորեն արտահայտողներից։ Մարդիկ, մեկը մյուսին նմանակելով, սահմանափակում են կյանքը: Իսկ ինչո՞ւ նմանվել կողքինին, եթե կարող ես տարբերվել և քո կյանքի ոճը թելադրել:

nelli khachatryan

Ժամանակի հարաբերականությունը

Զանգում են, չէ, զարթուցիչն է, տեսնես` ի՞մն է, թե երեխեքից մեկինը: «I won’t a be the one», չէ, ատում եմ էս երգը, ինչի՞ Վարդը չի անջատում: Տեսնես` քանի՞սն է: Գոնե ժամս էս անգամ նայեմ, պարզվի` հետ ա: Բայց չէ, ոնց որ պիտի վեր կենամ, թե՞ 5 րոպե էլ քնեմ: Ոչինչ, մազ չեմ սանրի: Ինչո՞ւ էդ 5 րոպեն 10 րոպե է ցույց տալիս ժամացույցիս վրա հերիք չի, մի բան էլ իրականում մի քանի վայրկյան է տևում: Լավ, ոչինչ, կհասցնեմ, մազ չեմ սանրելու:

…Բանալի վերցնե՞մ, չնայած, չէ, երեկոյան եմ գալու: Կանգառում ինչո՞ւ մարդ չկա: Օֆ, ժամս ինչի՞ ա էլի հետ ընկել, 15-ը հաստատ անցել ա, մյուսը 15 րոպեից կգա: Ընդամենը 5 երգ ականջակալներով ու կգա: Բայց ամեն դեպքում ժամս ուղղեմ:

Ինչպես միշտ, խցանում ու լիքը մարդ: Բա որ ես էլ, օրինակ, 2-րդ մասիվում ապրեի, ու բոլոր երթուղայինները վերևի մասիվներից սենց միշտ լիքը հասներ ու չկարողանայի խցկվե՞լ: Լավ ա, որ իրականությունը մեկն ա: Գիրքը, երգերն ու խաղերը ոնց որ ժամանակի կատալիզատոր լինեն: Քո կամքից անկախ շաբաթը 6 ժամ քիմիայի նստելու արդյունքն էլ կատալիզատոր բառի հիշելը կլինի, էլի:

Էս ինչի՞ է էսպես ժամիս նայում, մենակ ժամ չհարցնի: Համոզված չեմ, որ ժամացույցս էլի հետ չի ընկել, իսկ եթե հեռախոսիս ժամով էլ ասեմ, կմտածի` ժամս չի աշխատում՝ ձևի համար ա:

…Ռացիոնալ կոտորակները ոնց համարակալենք, թվազույգով էլի: Բարձր ասա, է, լավ չէ: Էս դասախոսները էսօր ինչի են բոլորը նույն ռետինե հողաթափ հիշեցնող կոշիկներով: Կարո՞ղ ա, որ գյուղի դպրոցներում աշակերտներին կոշիկներ էին բաժանում, դասախոսներին էլ են տվել: Չնայած դժվար: Էս ի՞նչ լեզվով ա գրում, բան չեմ հասկանում: Դասին դեռ 10 րոպե կա, հուսամ ժամս էլի հետ ա: Չէի ուղղել: Լավ, ընդամենը 3 երգ: Չէ, էս հնարքը չի անցնում, երբ մենակ պատկերացնում ես, բայց չես լսում:

…Մենակ չասեն` գնանք բուֆետ: Ուրիշ մարդկանց հետ հաց ուտելը ինչի՞ եմ էսքան ատում, համ էլ` ամսվա վերջ ա, փող չկա: Ավելի լավ ա` գիրքս կարդամ, հուսամ` էս էլ կիսատ չեմ թողնի, թե չէ` կիսատ գրքերս ավելի շատ են, քան վերջացրածներս: Չէ, բայց էդքան էլ դուրս չի գալիս, աչքիս էլի կիսատների շարքին դասվի, չնայած հիմա կարդամ՝ ժամանակս անցնի:

…Երկու ժամ դասերից հետո ինչո՞վ զբաղվեմ, մինչև աշխատանքի գնամ: Դաս անեմ, բայց տարին նոր ա սկսել, ի՞նչ դաս: Էս գրադարանի աստիճանները թե ինչի ա էսքան շատ: Կանտոր-Բերնշտեյնի թեորեմը: Այնշտայնի պատենտն ա աչքիս: Դեռ 20 րոպե ա անցել, փաստորեն, մասնագիտական գրքերը ժամանակի համար մի քիչ անորակ կատալիզատորներ են:

Ավելի լավ ա` Սվետին զանգեմ, հետո միասին աշխատանքի գնանք: Ժամս դեռ ճիշտ ա: Նյութս չգրեցի, դասախոսությունն էլ կիսատ մնաց: Լավ, գնամ տուն` կանեմ:

…Էսօր երեխեքը մի քիչ շատ են ու մեծ, էդ լավ ա, պատմածներիս ռեակցիա կտան: Ինչ լավ երեխա ա էդուարդը: Ընդմիջում անց 30 գնամ: Արդեն անց 28 ա: Լավ դե, երկու րոպե ա էլի: Բա դասի ժամանակ էդ երկու րոպեն ինչի՞ ա էդքան երկար տևում, ոնց որ հեչ մի երգի տևողություն չլինի: Եվս 10 երգ, ու տուն գնալու ժամանակն ա:

…Ժամս… Լավ, կարևոր չի: 10-ից հետո ժամ պետք չի գալիս, շատ ա ուզում` թող տենց հետ էլ մնա:

Նյութն ու դասերն էլ վաղվան մնացին: Աշխատանքի չեմ:

seda mkhitaryan

Իսկ ես հույս ունեի

11.05.2018, Ուրբաթ

Հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Աղմկոտ ու խենթ օրեր էին։ Գրքի ու գրականության գոյության մասին մոռացել եմ առհասարակ։ Ոտքերս ամեն օր ցավում են քաղաքը չափելուց։

Կապույտ ու սպորտային կոշիկներս մաշվում են կարծրատիպեր ջարդելով։

Այդ կոշիկները իմ ունեցածներից միակն են, որ անուն ունեցան` «Հեղափոխության»։

Նորերը պայուսակիս մեջ են։

Երկու շաբաթ է գյուղ չեմ եկել։ Դե քաղաքում աղմուկ է ու հեղափոխություն։

Մոտենում եմ գյուղ տանող մեքենային։ Շուտ եմ եկել։ Վարորդը ներսում մենակ է։

-Հը՞ն, էս հեղափոխություն եք ասըմ թե ինչ, վերջը ի՞նչ տի ըլիլ։

-Վերջը վերջում կիմանանք, Վիգեն ձյաձյա։

-Չէ, բայց հալալ ա էդ տղուն, եթե իրան Նարեկացու պես սրբերի դասին էլ դասեն` ես կողմ եմ։

Վստահությունը փառավորում է սիրտս։ Կարծես մյուս բոլոր սրբերը գազելի վարորդի ձեռքով են սրբացվել։ Մի քիչ անհարմար ու հին գազելի։

Իսկ ես հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Մեքենան քիչ-քիչ լսում է նոր գովեստի խոսքեր. «Տեսա՞ք միրուքով տղեն ինչեր արեց, քիչ մնաց, սաղ հերթով պատասխան են տալու»։

Այս անգամ վստահությունը երակներովս հասնում է սրտիս։

Զրուցում եմ մի քանի հոգու հետ։ Բոլորը հույսով են լցված։ Հավատով ու կամքով։

07.09.2018, Ուրբաթ

Ճանապարհին Ֆիլյան կարդալու հույսով ու նույն մեքենայով վերադառնում եմ։

Մեքենայում լիքը մարդ կա։ Մի փոքրիկ աթոռի վրա հազիվ խցկվում եմ։ Անգամ ձեռքերս շարժելու տեղ չկա։ Ի՞նչ Ֆիլյան։

Վարորդը լուռ է։ Սրբադասումը ավարտվել է։ Ինքն էլ պարապ է։

Իր մեքենան մինչև հիմա նույն, մի քիչ անհարմար գազելն է։

Մարդկանց շատ լինելը միայն շաբաթվա օրով է պայմանավորված. սովորական մարդիկ+ուսանողներ։

Այս մեքենայի պատուհանները արդեն շատ գովեստի ու հիասթափության խոսքեր են լսել.

«Լավ է լինելու, ես հավատում եմ», «Լավ բանի չեմ սպասում», «Ասում են` Ռուսաստանից էնքան մարդ ա եկել ծառայելու, որ մեր էրեխեքին հունվարին մի քանի օր շուտ են զորացրելու»: Բարձրաձայն ժպտում եմ, մտքումս` «մանիպուլյացիան աշխատել է»։

Ճանապարհին նույն փոշին է, հագիս անուն չունեցող կոշիկներ են, մտքիս ու երակներիս մեջ նույն վստահությունը չի, բայց հույսս նույնն է` ճանապարհին Ֆիլյան կարդալ։