Lilitgalstyan

Ուզում եմ հանդիպել մանկությանս

Արթնացա մի տեսակ պակասի զգացումով: Քննախույզ հայացքով նայեցի չորս կողմս. ամեն բան իր տեղում էր ՝ գիրքը, որ ամբողջ գիշեր կարդացել էի, և ուժասպառ մատներս չէին էլ կարողացել մինչև վերջ ծալել էջը, որ հիշեի՝ որտեղ եմ կանգ առել: Փոքրիկ լուսամփոփս դեռ վառվում էր. խեղճն ամբողջ գիշեր աչք չէր փակել:

Ասես՝ թալանել էին ինձ, մի պահ քնով էի ընկել ու թալանվել ինչ-որ բնակարանային գողի կողմից, ով ներս էր մտել ու մի բուռ երջանկություն գողացել (իբր այնքան շատ էր):

Դուրս եկա տանից՝ փիլիսոփայական դատարկաբանություններով թունավորված: Հունվարյան օդում ձյուն էր պակասում, մարդկանց դեմքերին՝ ժպիտ, եղածներում էլ անկեղծության պակաս կար: Փողոցի անկյունի սրճարանից աշխատողը դուրս թռավ ու շտապեց մոտակա խանութը. սրճարանում էլ սուրճի պակաս կար:

Պակասի զգացմանը թևանցուկ՝ մոտեցա զբոսայգուն, ու երևի երկար կտանջեինք մայթերը, եթե անսպասելի մի հանդիպում չընդհատեր մեր մտերմիկ զբոսանքը: Ծիծաղկոտ աչքերով մի փոքրիկ վազում էր իր գույնզգույն գնդակի հետևից: Հենց այդ փոքրիկի զրնգուն ծիծաղն էր, որ շարժեց նախանձս, արթնացրեց մանկությանս հուշերը, որոնք այնքա՜ն անուշ քնով էին քնած:

Ահա՜ թե ինչ: Հոգիս համակած պակասը լրացնելու համար մանկությանս ծվեններն են պետք, մի կտոր կապույտ՝ նրա երկնքից, հոգուս կարկատաններ են պետք՝ մանկության թելերով:

Ոտքերս, միմյանց հերթ չտալով, ինձ կանգառ տարան: Մի քանի րոպե միայն նստեցի կանգառի նստարանին, բայց մի ողջ ֆիլմի սցենար ունեի արդեն: Մի կին երեխաների ձեռքից ամուր բռնած անհամբեր հետ ու առաջ էր անում ու կրկնում. «Ուշացանք, ա՛յ մարդ»: Հասկացա՝ երեխաներին էր տանում դպրոց, բայց ավտոբուսն ուշանում էր: Մի աղջիկ նստել էր նստարանին՝ կողքիս, ու արագ-արագ կրկնում էր դասը ու շտապ-շտապ նայում՝ հանկարծ ավտոբուսը չանցնի: Բայց նրա ավտոբուսն էլ չկար ու չկար, ու ինչպես ինքն էր ասում. «Հենց ինձ է պետք, չի գալիս»:

Բոլորի պես ես էլ էի շտապում, շտապում էի հանդիպման… Մանկությանս հետ: Բայց կանգառում էլ ավտոբուսի պակաս կար: Միևնո՜ւյն է, արժի սպասել:

Ուզում եմ այսքան տարի անց կրկին անշտապ քայլել մանկությանս բակով, տեսնել բոլոր նրանց, ովքեր ինձ հետ նույն բակն ու այգին էին կիսում այդ անհոգ տարիներին: Նրանց եմ ուզում հանդիպել, ովքեր հենց կողքիս, աչքիս առաջ վաճառում, ստիպված էին վաճառել իրենց մանկությունը մի հացի կամ մի կոշիկի գնով, որոնց մանկության վրա ցեխ էին նետում այն մեքենաների անվադողերը, որոնց պատուհաններից մի քանի մանրադրամ էր նետվում: Այն խեղճ տիկնիկին, որը լուռ տարել է իմ՝ սկսնակ վիրաբույժիս «վիրահատությունների», անդամահատումների չարչարանքները՝ միևնույն ժամանակ, չկորցնելով նախկին փայլն իմ աչքերում: Ուզում եմ ավարտին հասցնել այն բոլոր խաղերը, որոնք կիսատ մնացին (կամ ընկնում ու վնասում էի ինձ, կամ էլ վիճում էի ընկերուհուս հետ ու ասում՝ ես էլ չեմ խաղում):

Մանկությանս ամեն մանրուքին եմ ուզում հանդիպել: Առաստաղի անկյուններից մեկի խունացած հատվածին, որից, երևի, ժամերով աչքս չեմ կտրել՝ փորձելով յուրովի բացատրել գորշ «հյուրի» անսպասելի այցը համատարած ճերմակություն: Ուզում եմ հանդիպել այն սավանին, որի վրայի ծաղիկները բազմիցս փորձել եմ քաղել: Այն աթոռին, որից բռնվել ու առաջին անհաստատ քայլերս եմ արել:

Հանկարծ, ցանկություններիս լաբիրինթոսից դուրս գալով հասկացա, որ կանգառում մենակ եմ մնացել: Զգացի, որ հոգնել եմ, հոգնել եմ նաև այդ ըղձական եղանակից՝ հանդիպեմ, ասեմ, տեսնեմ: Սահմանական եղանակն ավելի հստակ է: Վերադարձա տուն և մի բաժակ տաք թեյն ու Դյումայի հերոսների «կրքոտ» ընկերությունը օգնեցին մի պահ մոռանալ կանգառը, մարդկանց, «պարտաճանաչ» ավտոբուսները: Իսկ մահացած հույսերիցս սա ծնվեց:

-Արի՛ գնանք,

-Ու՞ր:

-Մանկությո՜ւն:

-Ինչո՞ւ,

-Ինչո՞ւ…

Խո՜ր լռություն…

Չէ՞ որ այնտեղ երկուսով էինք.

«Ես», «դու» չկար, «մենք» էր, ու վե՜րջ,

Միասին էինք՝ առանց պատճառ,

Միասին էինք… Էլ ոչ մի բառ…

Նույնիսկ մտքում եմ վախենում խոստովանել.

Վախենում եմ լսես, զգաս,

Վախենում եմ միտքս կարդաս:

Դուրս եմ գալիս իմ մտքերից

Ու տեսնում եմ քեզ… քո դեմքին

Ու շուրթերին գրված մի հարց ՝ ինչո՞ւ:

Փոխվեց հրավերս.

-Արի՛ գնանք,

-Ու՞ր:

-Մանկությո՜ւն,

Բայց ոչ թե «մեր»

Այլ «իմ» ու «քո»:

tina maqoyan kotayq

Թինչոն մեծանում է առանց ձեզ

Զանգը հնչեց: Վերցնում եմ պայուսակս ու արագ դուրս գալիս դասարանից: Սովորաբար Սուսիկի հետ եմ տուն գնում: Էսօր չգիտեմ՝ ինչի, ուզեցի մենակ գնալ: Իսկ եթե անկեղծ՝ մենակ քայլելու ցանկությունը միշտ կա: Երբ Ռուսաստանում էի սովորում, դեռ էդ ժամանակվանից սովորեցի մենակությանը, ներսումս բույն դրեց մենակությունը սիրելու հատկությունը:

Գիտե՞ս՝ հաճելի է, երբ քեզ խանգարող չկա, երբ կարող ես միացնել ականջակալներդ, ձայնը ինչքան հնարավոր է բարձրացնել, ու վայելել էդ մի քանի քայլը՝ դպրոցից տուն ընկած ճանապարհը:

Գիտե՞ս, ես հաշվել եմ՝ տանից դպրոց 3-4 րոպե է, եթե արագ քայլեմ, իսկ դպրոցից տուն՝ երբեմն նույնիսկ 15 րոպե: Չէ, էն պատճառով չէ, որ շատ եմ սիրում դպրոցը, ու առավոտյան շտապում եմ, իսկ դասերի ավարտից հետո չեմ ուզում բաժանվել: Չէ, դա չի պատճառը: Ասեմ ավելին՝ վերջին շրջանում հնարավորինս «փախչում» եմ դասերից, դպրոցից, էնտեղ գտնվող մարդկանցից… Չգիտեմ՝ ինչու է էդպես: Իսկ ճանապարհս երկարացնելու պատճառն այն է, որ տուն գնալիս հնարավորինս դանդաղ եմ քայլում, որ գոնե մի երգ ավել լսեմ, որ մի երկու րոպե ուշ տուն մտնեմ, որ հնարավորինս երկար ինքս իմ մտքերի հետ մնամ: Խուսափում եմ մարդկանց հետ շփումից, իսկ հետո բողոքում, թե ինչի եմ միշտ մենակ: Տարօրինակ եմ, գիտեմ:

«Պապին տեսնես ո՞նց ա: Կարոտել եմ: Վաղը կզանգեմ անպայման»:

«Պապան տեսնես ո՞նց ա: Գոնե մի շաբաթով գար՝ կարոտս առնեի: Կարոտում եմ ուժեղ…»:

Գիտե՞ս՝ բանն այն է, որ ովքեր հարազատ են՝ կողքիս չեն: Էն ամենահարազատները, որոնց հետ կարող եմ ժամերով զրուցել՝ մոռանալով դասերի, խնդիրների, մենակության մասին: Չկան էն մարդիկ, որոնց հետ կարող եմ ժամերով քայլել Եղվարդի դատարկ ու ցուրտ փողոցներով՝ դպրոցից հուշարձան կամ եկեղեցի, հետո՝ «լճի» ու սպորտդպրոցի մոտ, իսկ հետո՝ հրապարակ ու «կարուսելանոց»: Որոնց հետ կխոսեմ ամեն ինչի ու ոչնչի մասին: Նրանք ուղղակի չկան…

Պապան կողքիս չի, որ մանկության օրերի նման ձեռքիցս բռնի ու տանի հարևան թաղերով շրջելու, լիքը հետաքրքիր պատմություններ պատմի իր մանկությունից, խոսի ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից… Կամ էլ երկրաչափությանս խնդիրները լուծի, որոնք ես էդպես էլ չսիրեցի:

Մաման կողքիս չի, որ երեկոյան դուրս գանք մաքուր օդին քայլելու ու էդ ընթացքում խոսենք լիքը կարևոր ու անկարևոր, հետաքրքիր ու անհետաքրքիր թեմաներից…

Մխոն կողքիս չի, որ մանկությանս օրերի նման ընտրի շորերս, հետո նստեցնի, սիրուն հարդարի մազերս ու տանի խանութ՝ ինձ կոնֆետ գնելու: Ես էլ քիթս ցցած ինձ արքայադուստր կամ էլ արքայաքույր երևակայելով քայլեմ՝ եղբորս ձեռքը ամուր-ամուր բռնած: Ու երբ որևէ շան ձայնից վախենամ, ինձ ասի.

-Թինչոս, երբ ես հետդ եմ՝ մի վախեցի ոչ մի բանից:

Ապեր, գիտե՞ս, միշտ խոսքերդ եմ հիշում ու չեմ վախենում ոչնչից: Թեև կողքիս չես ֆիզիկապես, բայց ես զգում եմ միշտ ներկայությունդ կողքիս ու ոչնչից չեմ վախենում: Իսկ շների հանդեպ վախս շատ վաղուց եմ կորցրել: Էն ժամանակվանից, երբ սկսեցի գիտակցել, որ իրականում ոչ թե կենդանիներից, այլ հենց մարդկանցից է զգուշանալ հարկավոր:

Արթուրը կողքիս չի, որ հեծանիվ քշելիս խնդրեմ ինձ էլ նստեցնի, ու մեր՝ 3-րդ դպրոցի հետևի նախկին դարուփոսերի միջով տանի զբոսանքի, ես էլ, ամեն անգամ փոսն ընկնելիս, անիմաստ գոռամ ու ավելի ամուր գրկեմ եղբորս…

Ցավոք, անցան էդ օրերը, ու չգիտեմ՝ նորից կգա՞ն: Նրանք հիմա կողքիս չեն:

Չկան, ու դատարկ է լռությունը: Գուցե գա՞ն…

Մաման, պապան, ապերները՝ չկան, հեռու են: Իրենց «պուճուր» Թինչոյին մենակ են թողել… Բոլորը:

Իսկ էդ «պուճուր» Թինչոն մեծանում է առանց իրենց: Մեծանում է, քիչ-քիչ սկսում ճանաչել կյանքը, մարդկանց, ցավոք: Ամանոր, ծննդյան տարեդարձ ու լիքը կարևոր տոներ նշում է առանց նրանց: Ու չնայած, որ գրեթե ամեն օր տեսազանգերով խոսում է նրանց հետ, միևնույնն է՝ դրանք չեն կարող փոխարինել էն գրկախառնություններին, որոնց կարիքը էնքան կա…

«Պետք չի ջնջել կամուրջները,

Պետք չի հուսահատվել,

Քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել»,- ականջակալներիս միջից գոռում է 3.33-ը, իսկ «Сплин»-ն ասում է՝ «Нечего ждать. Некому верить»:

Անընդհատ գլխումս հազար ու մի հարցեր են պտտվում, ու որպես կանոն՝ ես ինքս ինձ եմ մեղադրում միշտ:

Քեզ հետ է՞լ է էդպես, որ երբ մենակ ես մնում ինքդ քեզ հետ՝ հայտնվում է մի X մարդ, ու դուք սկսում եք զրուցել:

Սկզբում դու անիմաստ փիլիսոփայում ես, իսկ X-ը՝ լսում: Հետո X-ի ձայնը բարձրանում է, ու դու չես լսում սեփականդ: X-ը մեկ-մեկ համաձայնում է քեզ հետ, մեկ-մեկ՝ հակառակվում: Ինձ հետ ավելի շատ էս երկրորդն է լինում:

-Թին, խնդիրներ կա՞ն:

-Չէ: Ուղղակի հանգիստ թողեք ինձ…

«Դեպի Եվրատեսիլ»

Երևի շատերդ տեղյակ եք այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից: Ես, լինելով Եվրատեսիլի երկրպագու, խնդրեցի, Սուրեն Պողոսյանին հարցազրույց անելու խնդրանքով: Թատրոնի ներկայացումից անմիջապես հետո հանդիպեցինք ու զրուցեցինք նախագծում իր մասնակցության մասին: 

-Սուրեն, գիտեմ, որ հենց նոր եք թատրոնից դուրս եկել: Ե՞րբ որոշեցիք զբաղվել թատրոնով:

-Թատրոնով ու երգով միաժամանակ եմ սկսել զբաղվել: Նույնիսկ չի եղել, որ նստեմ ու մտածեմ, թե ինչ պետք է անեմ, դե, այսինքն, միշտ մտքումս եղել են էդ երկու մասնագիտությունները: Մտածել եմ ուրիշ մասնագիտությունների մասին, բայց գիտակցել եմ, որ միևնույն է, դրանք պետք է ընտրեմ: Հետո շատ պատահաբար հայտնվեցի թատերական ինստիտուտում ու սկսեցի արդեն զբաղվել թատրոնով, բայց մինչև այդ էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն եմ ավարտել` թատերական բաժինը:

-Իսկ ինչպե՞ս անցավ այսօրվա ներկայացումդ:

-Շատ լավ: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումն էր, որն ինձ թվում է հանդիսատեսը շատ հավանեց: Բացի այդ, այսօր նաև «Դեպի Եվրատեսիլի» իմ տեսաբացիկի նկարահանումն էր:

-Լավ, քանի որ արդեն խոսք գնաց «Դեպի Եվրատեսիլից», ինչո՞ւ որոշեցիր մասնակցել նախագծին: 

-Երբ էս հարցը ինձ տալիս են, անընդհատ ուզում եմ ուրիշ ձև պատասխանել, որովհետև բոլոր տեղերում նույն ձև եմ պատասխանում, բայց ոնց հասկացա ուրիշ ձև չկա:

Ես 13 տարի է, Եվրատեսիլի երկրպագու եմ, բոլոր ֆան ակումբների էջերում կամ ու շփվում եմ տարբեր երկրների ֆաների հետ: Եվրատեսիլին մասնակցելը ինձ համար երազանք էր, հետո դարձավ նպատակ, որովհետև հասկացա ,որ կա էդ հնարավորությունը, և ձայնային տվյալները, ու հնարավոր է, որ էդ նպատակը օրերից մի օր դառնա իրականություն: Սրանից հետևություն. երկար չեմ մտածել հայտը լրացնելուց առաջ: Երբ տեսա «Դեպի եվրատեսիլի» 2-րդ եթերաշրջանի մասին հայտարարությունը, անմիջապես դիմեցի: Առաջին տարին էլ էի մասնակցել` անցել էի առաջին փուլ, բայց X Factor նախագծի հետ ունեի պայմանագիր ու չկարողացա մասնակցել «Դեպի Եվրատեսիլին», որովհետև երկուսն էլ միաժամանակ էին:

-Ինչպե՞ս կատարեցիք երգի ընտրությունը:

-Նախ, իմացա, որ այս տարի կանոնները փոփոխվել են, ավելի բարդ է դարձել. պետք է ներկայանալ սեփական երգով: Սկզբում մեծ բարդություն առաջացավ երգ չլինելու պատճառով: Ավելի ճիշտ, երկու երգ կար, որ ես էի հեղինակել, բայց դրանք, իմ կարծիքով, Եվրատեսիլում հաջողություն չէին ունենա: Սկսեցի սոցցանցերով ման գալ տարբեր երգահանների ու հենց առաջինը գտա շվեդ երգահան Յոնաս Գլադնիկոֆֆին, ով արդեն երկար տարիներ է՝ եվրատեսիլյան ասպարեզում է, ում գրած երգերը , եթե չեմ սխալվում, չորս կամ հինգ անգամ արդեն Եվրատեսիլ են գնացել` Իռլանդիայից, Մալթայից…

-Իսկ այդ երգերը հաջողություն ունեցե՞լ են: 

-Դե, ինձ թվում է, արդեն հաջողություն է՝ Եվրատեսիլին մասնակցելը: Եզրափակիչ փուլ անցել են հաստատ, բարձր հորիզոնականներ չեն գրավել, բայց նորից եմ ասում, որ մասնակցելն արդեն մեծ հաջողություն է:

Շատ հետաքրքիր էր ինձ համար աշխատել մի մարդու հետ, ով արդեն ծանոթ է եվրատեսիլյան թոհուբոհին ու գիտի, թե ինչ է պետք: Նա ինձ ուղարկեց 10 երգերի «դեմո» տարբերակներ, որոնք մեկը մյուսից լավն էին, բայց “The voice”-ը հենց առաջին լսելուց ընտրեցի: Հետո նոր իմացա, որ այդ երգը երեք հոգով են ստեղծել: Ու արդեն սկսվեց բուռն աշխատանքը:

-Ի՞նչ ակնկալիքներով ես մասնակցում մրցույթին: 

-Ես կարծում եմ, որ եթե հաղթելու ցանկություն չկա, ուրեմն կամ էդ երգիչը խաբում է, կամ էլ անիմաստ է մասնակցում: Որովհետև եթե մասնակցում ես մրցույթի, պարզ է, որ պետք է ուզենաս հաղթել: Բայց, իմ կարծիքով, դա չպետք է խանգարի մասնակցին, որովհետև լիքը այլ ձեռքբերումներ էլ կան: Ավելի շատ մարդ կսկսի հետաքրքրվել քո արվեստով, որը կարծում եմ «Դեպի Եվրատեսիլը» կընձեռի: Հետո. աշխատել Հանրային հեռուստաընկերության հետ, աշխատել մի մեծ եվրատեսիլյան ճանապարհ անցած պրոֆեսիոնալ թիմի հետ, բոլորին չի հաջողվում, ինչը արդեն մեծ ձեռքբերում է: Մասնակից 20 հոգու մեջ ես էլ կամ և ունեմ հնարավորություն իրենց հետ աշխատելու: Նույնիսկ եթե եզրափակիչ չանցնեմ, մինչև այդ անցած ճանապարհը ևս մեծ նվաճում կլինի: Այդ ընթացքում ձեռք կբերեմ նաև շատ ընկերներ, չնայած արդեն հեռակա կարգով շփվում եմ մի քանի մասնակցի հետ:

-Ինչպե՞ս ընդունվեց երգը հանրության կողմից:

-Կարծիքները շատ տարբեր էին, շատ իրար հակասող: Սկզբում շատ էի հետևում մեկնաբանություններին, բայց հասկացա, որ պետք չէ դրանց ուշադրություն դարձնել, որովհետև միայն նյարդային համակարգիդ վրա է ազդում: Հիմնականում լավ կարծիքներ էին, կային նաև վատ կարծիքներ: Կային կարծիքներ, որ երգը Եվրատեսիլին չի համապատասխանում, ու նաև ծիծաղելի կարծիքներ կային: Բայց ես հասկանում եմ բոլորին: Մեր հանրությունն ավելի շատ նայում է տվյալ արտիստի հայտնիությանը, կասկածում են նոր արտիստների տվյակարողություններին, որը նույնպես շատ բնական է:

-Մյուս 19 մասնակիցներից ո՞ւմ երգերն ես ավելի շատ հավանում:

-Կան մի քանի երգեր, որոնք հավանում եմ, բայց անուններ փորձում եմ չտալ: Կասեմ, որ կան շատ լավ երգեր ու երգիչներ: Եթե ես մասնակից չլինեի, նրանց անպայման կերկրպագեի: Ի դեպ, ով էլ որ հաղթի, միևնույն է, երկրպագելու եմ, քանի որ մնում եմ Եվրատեսիլի երկրպագու, ով ուզում է, որ Հայաստանը բարձր հորիզոնական գրավի: Բայց կարծում եմ, որ այս տարվա երգերը, անկեղծ, ընհանուր առմամբ, զիջում են Հայաստանի անցած տարիների երգերին, այդ թվում նաև իմը, բայց ինձ թվում է, որ հաղթող երգի հետ Հանրային հեռուստաընկերությունը որոշ աշխատանքներ կկատարի:

-Ի՞նչ կցանկանաս ասել քո երկրպագուներին: 

-Ես հիմնականում փորձում եմ ոչինչ չասել, որովհետև նոր եմ արտիստի անուն կերտում ու չեմ ուզում լինել այն մարդկանցից, ովքեր մինչև գործելը, ասում են, որ հետևեն իրենց, որովհետև եթե կա երկրպագու, կհետևի իմ աշխատանքին ու կորոշի մնալ ինձ հետ: «Դեպի Եվրատեսիլից» հետո չեմ դադարելու աշխատել:

-Եվ վերջում, նախադասության սկիզբը ես ասեմ, ու դու փորձիր շարունակել.

-Եթե Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ես ներկայացնեմ… Բարդ է շատ, նախ ասեմ, որ եթե ես ներկայացնելու լինեմ Հայաստանը, դժվար թե հասնեմ Եվրատեսիլի բեմ, հենց «Դեպի Եվրատեսիլի» բեմի վրա էլ կմնամ, (ժպտում է): Իսկ իրականում, դա կլինի շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն, որին կարծում եմ, պատրաստ եմ, համենայն դեպս, ունեմ շատ լավ թիմ, որոնց հետ հաստատ պատրաստ եմ հասնել Եվրատեսիլ ու Հայաստանը պատվով ներկայացնել:

syuzanna kharatyan

«Կորած օրագիր»

Սովորական դպրոցական օր էր, երբ դասարանի աղջիկներով որոշեցինք իջնել գրադարան: Վերջերս հաճախ ենք այնտեղ լինում։ Մի քանի գիրք ընտրեցինք, բայց ավելի շատ կենտրոնացանք Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիրը» ստեղծագործության վրա։ Մեկ գիրք ու 5 աղջիկ։ Ի վերջո որոշեցինք, թե ով կսկսի այն կարդալ, ու երբ կհասնի մյուսներիս։ Վերջապես եկավ կարդալու իմ հերթը: Երկուշաբթի օրը ընկերուհիս գիրքը բերեց դպրոց։ Մի կերպ եմ դիմացել այդ տանջալից 7 դասաժամերը, կարդալու ցանկությունս մեծ էր։ Վերջապես տանն եմ, իսկ գիրքը՝ ձեռքումս։ Սկսեցի կարդալ, այնքան էի տարված գրքով, որ ժամանակի թռիչքը չնկատեցի։ Գրքի հերոսները 10-րդ դասարանի աշակերտներ են, սովորում են ավարտական դասարանում։ Այնքան հետաքրքիր է գրված սյուժեն, ու այնպես լավ են զարգանում իրադարձությունները, որ գրքից կտրվելն անհնար էր։ Գրքի հերոսներից ամենաշատն ինձ հուզեց Անահիտի պատմությունը, քանի որ նրա մայրը մահամերձ էր, բավական ժամանակ էր՝ անկողնային հիվանդ էր։

Եթե դեռ չես կարդացել այս գիրքն ու ունես ցանկություն, ապա շտապիր գրադարան ու ձեռք բեր այս գանձը։

anna baghdasaryan lori

Կորցրած կամ գտած վերարկուի մասին

Բարև։ Երևի այնքան չէիր հանդիպել նկարիս, որ դեմքս էլ էիր մոռացել։ Ամբողջ ուսումնական տարին տենչում էի այս ժամանակները, որ տանը հանգիստ նստեմ, թեյեմ ու գրեմ։ Եկավ այդ պահը, ճիշտ է՝ ամեն ինչ վերը նշվածից այլ կերպ դասավորվեց, ու ես հիմա ո՛չ նստած եմ, ո՛չ էլ թեյում եմ, բայց կարևորը՝ գրում եմ, թեկուզ պառկած ու գիշերվա տասը հազարին։ Էս ընթացքում ինչ եղավ, ես իմ մտքում գրեցի ու իմ մտքում ուղիղ երթով ուղարկեցի 17-ին, բայց ոչ մեկը թղթին չհանձնեցի։

Երկրաշարժի մասին եմ ուզում մի բան պատմել՝ հուզիչ ու շատ հետաքրքիր։ Մեր պատմության ուսուցչուհու մասին է։ Այս պատմությունը, երկար ճանապարհ անցնելով, հասավ ինձ։

Երկրաշարժի նախորդ օրը՝ 1988-ի դեկտեմբերի 6-ին, նրան արտերկրից մի վերարկու էին ուղարկել։ Ասում է՝ շատ էր հավանել, շատ գեղեցիկ էր, հենց հաջորդ օրը հագավ ու դպրոց գնաց, երրորդ դասարան էր։ Երբ առաջին ցնցումը եղավ, սարսափահար եղած, անգամ դեռ չհասկանալով, թե ինչ է կատարվում՝ արագ դուրս եկան դպրոցից։ Ու երկրորդը եղավ։ Վերարկուն մնացել էր դասասենյակում։ Չորս կողմը քաոս էր, խառնաշփոթ, փոշի։ Գիտեր, որ պետք է հետ դառնար ու վերցներ վերարկուն։ Նա անընդհատ ուզում էր հետ դառնալ, որովհետև այնքան էր հավանել այն, որ չէր նկատում, թե ինչ է շուրջը կատարվում։ Խուճապահար դուրս վազող աշակերտներից մեկը նրան հետ հրեց.

-Այդ ո՞ւր, գժվե՞լ ես, քարերը թափվում են, դուրս արի։

Փորձեց տուն վազել ու հասկացավ, որ դպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի փոխարեն փոշի է։ Հետո հիշում է՝ հայտնվեց մոր գրկում։ Այդ օրն իր համար մի տղայի վերարկու բերեցին։ Մի քանի օրից տեղափոխվեցին արտերկիր։

Անցավ երկու ամիս, հետ եկան։ Քաղաքը վերակենդանանում էր, ավերակների կողքին ավտոտնակներ էին։ Եվ ահա, նա գնում է երաժշտական դպրոց։ Միջանցքում մի աղջիկ է կանգնած՝ իր վերարկուով։ Ամեն օր տեսնում ու միշտ որոշում է հաջորդ անգամ մոտենալ ու հարցնել՝ որտեղի՞ց այս վերարկուն, ու էլի չէր համարձակվում…

Ասում է․

-Հիմա նոր հասկանում եմ, որ երկրաշարժը փշրեց իմ և սերնդակիցներիս անհոգ ու ապահով մանկությունը։ Ինձնից խլեց իմ ամենասիրելի հագուստը, Աստված իմ, իսկ ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր կորցրին մորը, հորը, եղբորն ու քրոջը: Թող որ երբեք էլ ազգս այդպիսի դառնություն չտեսնի, և մեր կորցրածը լինի սիրելի վերարկու, այլ ոչ թե սիրելի մարդ:

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի

mediaMart6Փետրվարի 1-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցահանդեսը:

«Սա կոռուպցիայի լուսաբանման պատմությունն է վերջին 25 տարիների ընթացքում»,- նշում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Ցուցահանդեսին ներկայացված էին կոռուպցիայի լուսաբանման յոթ սկանդալային դեպքեր՝ վերջին 25 տարիների ընթացքում: Ընտրված պատմություններն ամենալավն են բնորոշում արծարծված խնդիրը: Պատերին փակցված էին ծաղրապատկերներ, իսկ հպէկրանների (թաչսքրին) միջոցով այցելուները ծանոթանում էին պատմություններին:

mediaMart1«Հինգ րոպեն ձեզ բավական է ամբողջ պատմությանը ծանոթանալու համար»,- նշում է «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը: Հպէկրանների միջոցով այցելուները, հատկապես՝ երիտասարդ լրագրողները, կարող էին ստուգել և զարգացնել իրենց մեդիա-գիտելիքները «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերի օգնությամբ: Իսկ պատկերասրահի մյուս սենյակում ցուցադրվում էին տասը ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել հեռուստատեսությամբ, սակայն, Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, դրանք լուրջ հետազոտություններ են, լավ լրագրողական ֆիլմեր: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

mediaMart-Անչափ ուրախ եմ այսօր այստեղ լինել: Այստեղ՝ Հայաստանում, մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքացիների, հասարակության լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքն է, աջակցությունը այն ջանքերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Բոլոր երկրներում էլ կա այս խնդիրը, այն միայն Հայաստանին չէ բնորոշ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային ուղիներից մեկը անկախ լրատվական դաշտի առկայությունն է: Հայաստանում կա անկախ լրատվական դաշտ, որը ունի բավարար խիզախություն՝ արծարծելու և լույս սփռելու կոռուպցիային վերաբերող հարցերի վրա: Այս ցուցահանդեսի կարևորությունը ինձ համար հենց սա է: Ես՝ որպես պետական պաշտոնյա, կարող եմ ասել, որ կան Հայաստանում այնպիսի լրագրողներ, որոնք կարող են պաշտոնյաներին բարդ հարցեր ուղղել: Եվ այսօր այստեղ գտնվելով՝ ես ուրախ եմ, որ ականատեսն եմ մի քանի կոնկրետ դեպքերի, որոնց հետ կապված Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները բարդ հարցեր են տվել, կարևոր խնդիրներ են առաջ քաշել՝ դրանք ուղղելուվ պետական պատշոնյաներին, գործարար դաշտի ներկայացուցիչներին: Եվ ես հպարտ եմ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարողացել է իր փոքրիկ ներդրումն ունենալ՝ աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը, որը կյանքի է կոչվում Նունե Սարգսյանի և նրա հոյակապ թիմի կողմից,- նշում է Ռիչարդ Միլսը:

mediaMart5-Անկախության շրջանում ամեն ինչ շատ արագ է զարգանում,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,- այդ պատճառով մենք որոշեցինք հետ հայացք գցել, տեսնել, թե մեր մեդիան ինչպիսին է: Մեդիան իրեն դրսևորում է առաջին հերթին ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին էին, օրինակ՝ երկրաշարժը, կամ հոկտեմբերի 27-ը: Մեզ համար, կարծում եմ, այդ ֆորսմաժորային կարևորությունն ունի նաև կոռուպցիան: Ահա, այդպես էլ ընտրեցինք այս թեման՝ որպես երկրորդ ցուցահանդեսի նյութ: «Մեդիամարտ»-ը երկրորդ ցուցահանդեսն է, իսկ առաջինը, որը ցնցեց մեդիան, Սպիտակի երկրաշարժին էր վերաբերում: Առաջին ցուցահանդեսին ներկայացված ամբողջ նյութը նույնպես այսօր այցելուները կարող են տեսնել հպէկրանների միջոցով: Այս ցուցահանդեսում ներկայացված պատմություններին ծանոթանալով՝ այցելուն ինքը կորոշի՝ որ դեպքում հաղթանակ տարավ կոռուպցիոները, որ դեպքում՝ մեդիան, իսկ որ դեպքում դեռ անորոշ վիճակ է, և մեդիան հնարավորություն ունի շարունակելու պայքարը: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այն առաջին հերթին երիտասարդության համար է՝ այն մարդկանց, որոնք շատ լավ են գլուխ հանում նորագույն տեխնոլոգիաներից, շատ լավ գիտեն՝ ինչպես «նավարկել»: Այստեղ երիտասարդները կարդում են պատմությունները, լսում են փորձառու լրագրողների հարցազրույցները, որոնք զբաղվել են հետաքննական լրագրությամբ, վերլուծում են իրենց սխալները, ամփոփում են իրենց կատարած աշխատանքը: Շատ լրատվամիջոցներ հաճախ չունեն «Իսկ դուք ի՞նչ եք արել» հարցի պատասխանը, որովհետև հետադարձ հայացք չեն գցել: Մենք հիմա փորձում ենք հենց դա անել: Այցելուն նույնպես մեզ հետ դառնում է հետաքննող լրագրող, որովհետև իրեն հսկայական նյութ է տրամադրվում, բայց՝ արդեն ընտրված: Այսինքն՝ ինքն արդեն պատկերացում է կազմում, թե այդ սկանդալը ինչպես է լուսաբանվել, և կարող է իր եզրակացությունն անել:

mediaMart4Ցուցահանդեսը Երևանից հետո տեղի է ունենալու նաև մարզերում: Նախատեսում ենք այցելել երեք քաղաք՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս: Կոռուպցիայի լուսաբանման մասին այս ցուցահանդեսը միակ միջոցառումն է դեռևս: Որևէ այլ ֆորմատի միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն հիմա չեմ տեսնում, քանի որ ցուցահանդեսը շատ սպառիչ է. այստեղ կան և՛ թեմային վերաբերվող ֆիլմեր, և՛ կայքեր, և՛ թերթեր, և՛ վավերագրողների կատարած ողջ աշխատանքը: Հետագայում այս բոլոր նյութերը կտեղադրվեն նաև կայքում և հասանելի կլինեն նաև ցուցահանդեսից դուրս:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր պատմությունները հավաքելու, կազմելու համար կատարված հետազոտությունը տևել է մոտ տարի ու կես, քանի որ նյութը շատ մեծ էր: Ցավոք, այն լրատվամիջոցները, որոնք կարող էին իրենք ներկայացնել մեզ իրենց հետազոտությունները, կարող էին հնարավորություն տալ մեզ օգտվելու իրենց նյութերից, շատ քիչ էին:

mediaMart3Պատերին տեսնում եք նաև ծաղրապատկերներ, որոնցից ամեն մեկը տիպիկ բնորոշում է մեկ ամբողջ ոլորտ: Ծաղրապատկերների հեղինակը Նորայր Այվազյանն է՝ ժամանակակից լավագույն կոնցեպտուալիստ նկարիչներից մեկը: Մեր ամբողջ թիմը կազմված էր մոնտաժողներից, ռեժիսորներից, օպերատորներից, լրագրողներից:

Ինչպես արդեն նշեցի՝ ցուցահանդեսը բոլորի համար է, բայց երիտասարդ լրագրողների մասնակցությունը շատ կարևոր է: Ցանկալի է, որ երիտասարդ լրագրողներ շատ գան, որովհետև իրենց համար այսքան նյութ է հավաքված, պատրաստի դրված մի տեղ: Հիանալի հնարավորություն է հետաքննական լրագրության մի լավ դաս անցնելու,- եզրափակեց իր խոսքը Վահրամ Մարտիրոսյանը:

mediaMart2Դե, մնում է միայն հիշեցնել, որ ցուցահանդեսը գործում է մինչև փետրվարի 18-ը: Եթե ուզում ես ուսումնասիրել հետաքննիչ-լրագրողի աշխատանքը, ինքդ հայտնվել նրա դերում և միասին բացահայտել մեր հասարակության այս արդի խնդիրը, ուրեմն ժամանակն է այցելել Սարգիս Մուրադյան պատկերասրահը:

mariam tonoyan

Երիտասարդ քրիստոնյայի աչքերով (մաս 1)

-Այն ժամանակ էլ սիրում էի եկեղեցու պատերի ներսում սառած անուշ խնկաբույրը, երբ մայրս ինձ իր հետ եկեղեցի էր տանում,- պատմում է Սմբատը,- նայում էի եկեղեցու վեհ պատերին, սևազգեստ պարոններին ու նրանց երգի ներքո փորձում էի բառեր մրմնջալ՝ իբր ես էլ եմ երգում: Դեռևս փոքր հասակից սիրել եմ այդ վայրը՝ եկեղեցին, այնտեղ հնչող այդ տարբերվող երգերը, մորուքավոր, բարի մարդկանց, որ այդտեղ էին աշխատում: Մայրիկին անընդհատ հարցեր էի տալիս, իսկ պատասխանները լսելիս՝ զարմացած կրկնում էի, որ հանկարծ չմոռանամ: Ապա, երբ մեծացա և սկսեցի իրարից զատել չարն ու բարին, լավն ու վատը, ուզեցի ընկերոջս՝ Պարգևի նման ես էլ խորան բարձրանալ: Պարգևի հայրը՝ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, խրախուսեց որոշումս ու ոգևորեց ինձ: Ընկերներս, հարազատներս, գրեթե բոլորը դեմ էին: Ի՞նչ արած, կարծրատիպերն ամուր արմատներ ունեն, բայց ես չհանձնվեցի ու հասա իմ նպատակին:

Հինգ տարի առաջ առաջին անգամ խորան բարձրացա: Չնայած հաճախ էի մասնակցել պատարագներին, բայց, այնուամենայնիվ, ամեն բան շատ դժվար էր, անհասկանալի, չէի հասկանում՝ ինչ էր պետք անել: Ամբողջ ընթացքում ինձ օգնեցին Տեր հայրը և Պարգևը, իսկ հիմա արդեն ես եմ իմ խորհուրդներով օգնում նորեկներին: Ամեն պատարագի ես նոր բան եմ սովորում, արդեն գիտեմ իմ անելիքը, և նախքան պատարագի սկսվելը, շտապում եմ մաքրել խորանը, վառել կանթեղները, նախապատրաստել ամեն բան պատարագի համար:

Մեր այժմյան երիտասարդությունը, հարմարվելով ժամանակակից կյանքին, աստիճանաբար հեռանում է հավատից, մոռանում քրիստոնեական մաքուր կերպարի մասին, հաճախ նույնիսկ եկեղեցում քրիստոնյային ոչ հարիր վարքագիծ դրսևորում:

Պատարագներին մասնակցելով հասկանում եմ, որ մեր եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկն է քրիստոնյա հավատացյալների սակավությունը: Ամեն անգամ եկեղեցում նոր դեմքեր նկատելով՝ անասելի ուրախանում եմ ու մտքում աղոթում, որ Աստված նրանց հավատն անսասան պահի:

Ինձ համար եկեղեցին մի աշխարհ է, որտեղ գտնում եմ իմ հարցերի պատասխանները, ամեն քարոզ օգնում է ճիշտ գործել տարբեր իրավիճակներում: Եկեղեցին հնարավորություն է տալիս մաքրագործվելու, և եթե մարդիկ ապրեն ամուր հավատով, նրանք զերծ կմնան փորձություններից ու կապրեն այնպես, ինչպես առաջին մարդիկ, այսինքն՝ դրախտում:

Ani Harutyunyan

Մի զինվորի

Երբ դու գնացիր կամ քեզ տարան ծառայության, ես 16 տարեկան էի։ Իմ աչքին դու արդեն այնքան մեծ էիր, հասուն։ Արդեն 18 տարեկան. ա՛յ, տարիք եմ ասել, է՜։ Չափահաս է, իր գլխի տեր, տղան այնքան է մեծացել՝ արդեն բանակ է գնում։ Դու ինձ համար մեծ էիր, քանի դեռ ես ինքս 18 տարեկան չէի դարձել։ Դու չգիտեիր, որ քո 18-ից ես վախենում էի, իսկ իմ 18-ում ես դեռ չեմ կարողանում հասկանալ՝ վանիլայի՞ն պաղպաղակ եմ սիրում ես, թե՞ շոկոլադե։ Քո 18-ում դու արդեն զենքի ծանրությանն էիր վարժվել։

Ինձնից լավ ես հիշում, երևի, այն օրը, երբ իմացար, թե որտեղ ես ծառայելու։ Առաջինը ինձ էիր զանգել, դու ես ասել. դե, ծնողներդ էդտեղ էին, իսկ հաջորդ կարևոր մարդը կարծես թե ես էի։ Թեյիս մեջ շաքարավազը դեռ չէր հալվել, երբ ասացիր: Գիտեի՝ Արցախ։ Ես էլ գիտեի, բայց էդ ո՞վ էր ականջիս շշնջացել, որտե՞ղ էի կարդացել՝ չգիտեմ, չեմ հիշում, բայց գիտեի։ Թեյս չհասցրեց սառչել, երբ ես վերջնական հարմարվել էի տարածությանն ու հեռու լինելուդ։

Օրերն անցում էին, կամ մենք էինք մի կերպ անցկացնում, երբեմն վազում էին, չէինք հասցնում, բայց արդեն մեկ տարվա ծառայող էիր: Հիշո՞ւմ ես, ասում էիր՝ էլ «մալադոյ» չեմ, սերժանտ եմ, սերժա՛նտ, կպատկերացնեի՞ր։ Մտքումս ասում էի՝ հա, չես հավատա, բայց կպատկերացնեի. չգիտեմ՝ ո՞ւմ կտավում էի տեսել, ո՞ր հեղինակի տողերում էի կարդացել, որ այդքան շոշափելի պատկերացնում էի։ Մի տեսեք՝ տղան այնքան է մեծացել, որ սերժանտ է ստացել, վաստակել, դարձել։

Մինչ դու բանակում էիր, ես կրկնվող օրեր քիչ եմ ունեցել. դրանք պարապմունքներիս օրերն էին, իսկ դու ամեն օր նույնն էիր ապրում գրեթե, դեժավյուները սովորական օրերդ էին արդեն։ Քո գնալուց հետո ես հայոց լեզվի հետ ավելի երկար էի մնում իմ սենյակում։ Ասել էիր՝ քիչ «ստեղ-ընդեղ» կգնաս, ուշադիր կլինես։ Լինում էի։ Մինչ դու կեսօրդ շարային հրապարակում էիր անցկացնում, ես հասցրի ի վերջո «հախճապակի» բառը ճիշտ գրել սովորել, դերբայական դարձվածքը գտնել, կետադրել։ Ես հասցրի անձնագիր ստանալ, գործերս տանել համալսարան, 3 քննություն տալ ու ընդունվել, հասցրի ևս երկու անգամ դիտել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, իսկ դու ամեն օր նույն շարայինին ու կրակայինին էիր գնում։ Սեպտեմբերին ես առաջին անգամ ինձ ուսանող զգացի։ Դու, երևի, հերթական պարապմունքդ էիր անցկացնում։

Իմ կյանքում փոփոխություններն ամեն օր էին կատարվում։ Զգում էի, որ խոսելիս ավելի շատ էի ես պատմում, իսկ դու միշտ՝ դե, ոնց գիտես, նույնը։ Էլի, նորից, կրկին։

Բան չմնաց գալուդ: Արդեն 20 տարեկան ես, իսկ ես այնքան եմ, որքան դու գնում էիր։ Տեսա՞ք՝ տղան այնքան է մեծացել, որ արդեն պարտքը կատարած տուն է գալիս։ Իմ կողքով էլ 2 տարին հենց այնպես չի անցել, այնքան եմ մեծացել, որ համալսարանում դասերս ավարտելուց հետո ինքնուրույն գալու եմ քեզ դիմավորելու։

laura sekoyan

«Լույսերը տարան»

Երևի մեկ շաբաթ առաջ էր։ Սովորական երեկո էր, նստած դասերն էինք անում, երբ հանկարծ «լույսերը տարան»։ Մտածեցինք, թե վթար է եղել, և այդ պատճառով են լույսերը տարել։ Բայց այդ անլույս իրավիճակը մի փոքր երկար տևեց։ Դուրս եկանք և տեսանք, որ գյուղում ընդհանրապես լույս չկա, և այնքան ձյուն էր եկել, որ գյուղը ծածկվել էր սպիտակով։ Սա այն եզակի օրերից էր, որ դասերը կիսատ թողած՝ ամբողջ տնով մոմ էինք ման գալիս։ Գտանք… Եվ մեր գտած մոմն այնքան փոքր էր, որ տասնհինգ րոպեից հետո նորից մոմի որոնումների մեջ էինք։ Այս անգամ մոմ չգտանք։ Տատիկը, հիշելով իր ապրած մութ ու ցուրտ օրերը և օգտվելով մթությունից, պատմում էր, որ իրենք մոմ չլինելու դեպքում հին վառած մոմերը հալեցնում էին, հաստ թել էին դնում մեջտեղում և նոր մոմ ստանում։ Մենք էլ որոշեցինք նույնն անել։ Իհարկե, շատ լավ չստացվեց, բայց ամեն դեպքում՝ այն լույս էր տալիս։ Այդ լույսի տակ մենք հասցրինք տնայինները գրել, իսկ չսովորած դասերն այդպես էլ մնացին չսովորած։

Երբ սեղանին այլևս գիրք ու տետր չկար, ամենքս նստեցինք մի անկյունում ու սկսեցինք խոսել։ Ես ու եղբայրս հարցեր էինք տալիս տատիկին, թե ինչ էին անում երեկոյան ժամերին, ինչպես էին հասցնում դաս կամ որևէ գործ անել։ Տատիկս առանց շտապելու պատասխանում էր բոլոր հարցերին, պատմում էր հետաքրքիր պատմություններ։ Այդ մթությունից և անգործ վիճակից բոլորիս քունն սկսեց տանել։ Պառկեցինք քնելու։

Ինչպես միշտ, բոլորը քնել էին՝ բացի ինձնից։ Սովորականի պես մտքումս վերլուծում էի օրս։ Եվ ինձ համար հասկանալի դարձավ մի պարզ բան, որ նախկինում մութ ու ցուրտ տարիների մասին պատմություններին մեր սերնդի բոլոր ներկայացուցիչները թերահավատորեն էին մոտենում։ Մեզ պետք էր ընդամենը մի այդպիսի առիթ, որպեսզի մենք էլ հասկանայինք, թե ինչ ճանապարհ են անցել մեր տատիկները, պապիկները, ծնողները և արդեն մենք։

Ani avetisyan

Օտարը

«Շանթի» չէ, ավելի շատ՝ Քամյուի, բայց դե, ոչ էլ իրենը:

Կգաս, չէ՞։ Ուզում էի, որ երկուսով մնանք ու մի երկու բան ասեմ, բայց փոշմանեցի։ Չգիտեմ՝ ինչի։ Չէ, պատճառը դու չես։ Էս վերջերս շուտ-շուտ եմ սկսել փոշմանել։ Իրականում ասելու բան ունեմ, բայց չգիտեմ՝ ոնց սկսել։ Երևի բոլորի հետ էլ պատահում է։ Կամ՝ չէ։ Չգիտեմ։ Բայց ինձ հետ պատահեց, էլի։

Մի տեսակ ձմեռն էլ նույնը չի։ Չէ, դե ձյունը կապ չունի, եղանակը լավ էլ սրտովս է, ուղղակի անհավես է։ Եմ։

Հա, գիտե՞ս՝ ինչ եմ հիշել։ Եթե տղա լինեի ու անվճար չսովորեի՝ հիմա բանակում պիտի լինեի։ Հավես կլինե՞ր։ Ես էդպես չեմ կարծում։ Բայց, եթե ասենք մի տարի փոքր լինեի՝ անվճար սովորելը կապ էլ չէր ունենա։

Տեսնես՝ ո՞նց կտանեի էդ փաստը։

Ցույց չէի անի, երևի։ Բայց երևի ծանր նստեր։ Ամռանը մեր դասարանի տղաներն էլ կգնան։ Դե, իրենց «բախտը բերել է», կարող ենք ասել. ավարտական քննություններից հետո բանակ գնացող չկար։ Ոչ մի անգամ չեմ գնացել, բայց գիտեմ՝ էդպես ավելի դժվար է, հաստատ։ Անվճար սովորող էլ չկա, որ նեղվեր, կամ, ասենք ուրախ-ուրախ՝ «Ես եմ»-ով ծառայեր։ Իմ բախտը մի քիչ չէր բերել։ Մի տարվա տարբերություն էր, բայց ես դա զգում էի ուղիղ տասնմեկ տարի։ Հա, կարող է չհավատաք՝ մենք վերջինն էինք, ովքեր տասնմեկ տարի էին սովորելու, ոչ թե տասներկու։ Էս առումով բախտներս իրոք բերել էր։ Բայց սրանից ձմեռը ավելի լավը չդարձավ։

Այ, չէր բերել էն մի քանիսի բախտը, ովքեր ինչ-որ զրո դասարանով սկսեցին, չնայած՝ մեր տարիքի էին։ Մենք ավարտել ենք՝ իրենք մեր դպրոցում երեքն են մնացել ու մեզ պես չեն հաշվում օրերը, որ վերջին զանգից բաժանում է իրենց, որովհետև երեքով վերջին զանգը մի քիչ էն չի։ Տղաներն էլ միանգամից բանակ կգնան։ Եսիմ։

Երեկ էլ դպրոց էինք գնացել՝ դասարանով։ Երևի իրենց համար էլ էր անիմաստ, որոշել էինք մի քիչ ցրվել։ Էնտեղ՝ աստիճանների վրա հասկացա, որ կարոտել եմ վերջին դասղեկիս ու մի քանի ուսուցչի միայն։ Դպրոցը, դասարանը, երեխեքը, տպավորություն էր, որ մի տասը տարի առաջ եմ ավարտել, բայց, իրականում ամեն ինչ նույնն էր։ Աղմուկն էլ, որից գլուխս ցավում էր։ Դրան ամենաքիչն էի կարոտել, բայց առաջինը դա դիմավորեց։ Նոր ուսուցիչներն էլ ապացուցում էին, որ ոչ մի տեղ, ոչ մի դեպքում ոչինչ նույնը չի մնում։ Թեկուզ մի քանի ամիս անց։

- Երեխե՜ք, էս ձեզ հե՞տ են բերել,- նոր «ավագ դասարանցիներից» էր։

Մերոնք մի քիչ ուրախացան։ Ես՝ մտքումս. «Աստված չանի»։ Չգիտեմ՝ ինչի։ Հենց էնտեղ՝ միջանցքում հասկացա, որ ինչքան էլ բողոքեմ համալսարանիցս ու ֆակուլտետիցս՝ ոչ մի դեպքում համեմատության մեջ չեմ դնի դպրոցի հետ։ Հաստատ նրա համար, որ վերջին տասներկու տարվա մեջ առաջին անգամ է, որ արձակուրդն արդեն ուժերս վերականգնելու փոխարեն՝ խլում է։

Գիտե՞ս՝ երբեք չեմ հասկացել էն երեխեքին կամ ուսուցիչներին, որոնց թվում էր կամ թվում է, թե լավ սովորելը մենակ գրքերի մեջ եղածն անգիր անելն ու գրատախտակի մոտ ճոճվելով պատասխանելն է, մեկ էլ դպրոցի համար «ուշագնաց լինելն» ու շաբաթ-կիրակի օրերն էլ դասերի մասին մտածելը։ Կամ, ասենք՝ արձակուրդները տրված հանձնարարությունները կատարելու համար օգտագործելը։ Ես միշտ էլ դրանք վերջին օրերին էի անում ու ամռանը կարդում այն, ինչ մտքովս կանցներ։ Իսկ հիմա ավելի շատ բան եմ հիշում։

-Դասերը ո՞նց են։

Եսիմ։ Իմը՝ ընտիր։ Բայց եկեք փոխենք թեման։ Ու մենք պատմում ենք իրար լիքը անկապ ու անիմաստ բաներ։ Խոսում թեմաներից, որոնց մասին չէի էլ մտածել։ Ու դրանից ձմեռը մի քիչ ուրիշ է դառնում։ Չգիտեմ՝ մանկանում ենք թե չէ, բայց երևի մի բան փոխվում է։ Մի երգ կա, ասում է՝ I’m only human after all․

Երևի բոլորս էլ մարդ ենք, ու մեզ էլ մի քիչ կարելի է։

Իսկ իրականում ես սա չէի ուզում ասել։ Բայց դե, մյուս անգամ, երևի։