anushik davtyan

Երեկ ստորագրվեց կարևոր պայմանագիր

Երեկ երեկոյան վերջապես կնքվեց Եվրոպական Միության հետ այդքան սպասված պայմանագիրը, որին ես շատ էի սպասում։ Ճիշտ է այն քաղաքական պայամանագիր է, այլ ոչ թե տնտեսական, բայց այն մեկ քայլ առաջ է ԵՄ-ի հետ ասոցացման գործում։

Ես միշտ էլ ցանկացել եմ, որ Հայաստանը միանա ԵՄ-ին, դեռ մինչև Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միություն մտնելը։ Մենք մոտ չորս տարի բանակցել ենք ԵՄ-ի հետ նրա անդամը դառնալու համար։ 2013թ․ ամռանը բանակցությունները ավարտվեցին, և նոյեմբերին պետք է կնքվեր պայմանագիրը, բայց նույն թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած իր այցի ժամանակ, մեր նախագահը անակնկալ կերպով որոշեց, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին։ Այդ պայմանագրի ստորագրումից հետո ես հույսս կորցրել էի, որ Հայաստանը երբևէ կարող է անդամակցել ԵՄ-ին։ Բայց երեկվա ստորագրված պայմանագիրը վկայում է այն մասին, որ դեռ հնարավոր է, որ Հայաստանը մոտ ապագայում անդամակցի ԵՄ-ին։

Հիմա նշեմ մի քանի պատճառներ, թե ինչու եմ մտածում, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ-ին, այլ ոչ թե ԵԱՏՄ-ին։ Այսպիսի տնտեսական միությունների նպատակը այն է, որ անդամ երկրները բարելավեն իրենց տնտեսությունը։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի ԵԱՏՄ-ում երեք տարվա անդամակցության ընթացքում․

  • Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 8%-ով։ Սա նշանակում է, որ Հայաստանում հիմա շատ ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ են մատակարարվում, քան մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Կարծում եմ սա տեղի  է ունենում, քանի որ ԵԱՏՄ-ին մեր անդակցությունը խոչընդոտում է Հայաստանի և ոչ ԵԱՏՄ երկրների միջև առևտրային կապերի զարգացմանը։ Եթե ձեռնարկատերերը մինչ այս կարողանում էին արտահանել իրենց արտադրանքը ԵՄ երկրներ, հիմա դա գնալով բարդանում է, քանի որ հայտնվում են խոչընդոտներ։
  • Գործազրկության մակարդակը աճել է 13%-ով։
  • Մեր պետական պարտքը աճել է 10%-ով։

Այսինքն, մենք մտել ենք մի տնտեսական միություն, որը ոչ միայն չի բարելավում մեր տնտեսությունը, այլ նաև նպաստում է նրա վատթարացմանը։

Հայաստանը ավելի շատ առևտուր է անում Եվրոպական երկրների, քան թե Բելառուսի, Ղազախստանի ու Ղըրղզստանի հետ, որոնք նույնպես ԵԱՏՄ անդամ են։ Վերջիններս նույնիսկ չեն մտնում Հայաստանի առաջին 20 առևտրային գործընկերների մեջ։ Այս տնտեսական միությունը պետք էր միայն Ռուսաստանին, քանի որ նա առանձին-առանձին ունի տնտեսական, առևտրային կապեր ԵԱՏՄ բոլոր երկրների հետ։

Փաստերը ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ավելի շատ ներդրում էր կատարում, երբ որ մենք դեռ ԵԱՏՄ անդամ չէինք։ Տարեցտարի ներդրումների թիվը զգալի նվազում է։

Կարևոր է նաև նշել, որ ԵԱՏՄ-ն կազմում է համաշխարհային շուկայի ընդամենը 0․5%-ը, մինչդեռ ԵՄ-ն կազմում է 20%-ը։ Հետևաբար, շատ ավելի լավ կլիներ համագործակցել ԵՄ-ի հետ այդ հսկայական շուկա ապրանքներ արտահանելու ու ներկրելու համար, որը կնպաստեր մեր տնտեսության զարգացմանը։

Մեզ թվում է, թե մենք Ռուսաստանի բարեկամը լինելու պատճառով, բնական գազի սպառման համար վճարում ենք ավելի քիչ, քան մյուսները։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Բելառուսում, որը ԵԱՏՄ անդամ է, մարդիկ վճարում են 6 անգամ քիչ, քան մենք։ Ամենազարմանալին այն է, որ Ուկրաինան, որին կարելի է համարել Ռուսաստանի թշնամի, գազի գինը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում։

Շատերը ասում են, որ մենք այլ ելք չունենք, քան ԵԱՏՄ-ին անդամակցելը, քանի որ եթե Ռուսաստանը մեր կողքին չլինի, Ադրբեջանը կսկսի մարտական գործողություններ։ Բայց արդյո՞ք Ռուսաստանը մեզ օգնում է։ Ապրիլյան պատերազմը ապացույց էր, որ Ռուսաստանը մեզ համար ռազմական բարեկամ չի կարող լինել, քանի որ ոչնչով չօգնեց մեզ։ Ավելին, Ռուսաստանը շարունակում է ապահովել Ադրբեջանի զենքերի 85-%ը։ Մնացածի մի մասն էլ Բելառուսն է վաճառում։ Այսինքն, այս երկու երկրների համար բիզնեսը ավելի կարևոր է, քան մեր երկրի խաղաղ վիճակը։

Ես անձամբ նախընտրում եմ, որ մենք միանանք ԵՄ-ին, քանի որ նրա անդամ երկրները շատ ավելի զարգացած են ոչ միայն տնտեսական առումով, այլ բնակչության կրթական ցենզի, քան ԵԱՏՄ երկրների բնակչությունը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մենք ԵՄ անդամ չենք, այն շատ բարձր մակարդակի կրթական և ոչ կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, որից մեկը հենց «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրն է, որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, և որի շնորհիվ մենք հոդվածներ ենք կարողանում գրել «17․am-ում»։

Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիս այս պայմանագրի ստորագրման      կապակցությամբ։ Սա մի նոր հույսի դուռ է Հայաստանի և հայերի համար։

meri antonyan

Ջերմիկ

(Վերնագրի մասին շատ մի մտածեք, ուղղակի տրամադրությունս այդպիսին է)

Դու ճանաչածս այն եզակի մարդկանցից ես, ովքեր արժանի են դառնալու ամենաերջանիկն աշխարհում։ Անկախ մեր միջև եղած տեսանելի ու անտեսանելի հեռավորություններից՝ ես միշտ հարգել եմ քեզ, քո՝ գործնական մարդու բնավորությունը, քո կամքն ու ինքնասիրությունը, ամենակարևորը՝ քո հպարտությունը։ Այսօր միայն ինքս իմ մեջ խոստովանեցի, որ ինձ համար միշտ էլ «գրեթե կատարելատիպ» ես եղել, ու ընտրածս գործում հաջողության հասնելու համար մեջս անձնային հատկանիշներ դաստիարակելու ժամանակ որպես օրինակ քեզ եմ ունեցել։ Ուզեցել եմ, որ սովորելուս ընթացքում լինես, օրինակ, գոնե՝ իմ խմբից, որ էլի քեզնով ոգեշնչես ու ավելիին մղես։

Դու ավելի առաջ էիր ինձնից։ Մի քանի տարով։ Ընդամենը մի քանի տարի շուտ էիր դուրս բերել «հաջողության բանաձևը», ես դեռ նոր պիտի գլուխ հանեի։ Դու ավելի շուտ էիր հասկացել, թե ինչ ես ուզում։ Երևի հատուկ մտածված էր. դու պիտի ինձ սովորեցնեիր, որ իմ գլուխը շատ չցավեր. բանաձև դուրս բերելը միշտ էլ ամենաչսիրածս գործն է եղել բոլոր իմացածս գիտությունների մեջ, հիմա է՛լ։
Ցավոք, նման էինք միայն աշխատանքային պրոցեսում մեր դրսևորած վարքագծով, հեռուն գնացող մեծ նպատակներով, մեր ուզածին հասնելու ընթացքում գործ դրած միջոցներով, ազնիվ միջոցներով՝ մեր սովորելով ու շատ աշխատելով։ Նմանությունների շրջանակն ի զորու չէր կարող լինել անցնելու զուտ գործնականի, ծայրահեղ դեպքում՝ իրար միշտ հասկացող, ոգևորող ու օգնող ընկերների սահմանը։ Դա ե՛ս հասկացա, դու՝ չգիտեմ։ Երևի չզգացիր, ես էլ չասացի։ Ու, ընդհանրապես, շատ բան չասեցի, որ եթե ասեի, երևի ավելի ճիշտ լիներ, ու հիմա ավելի քիչ փոշմանեի։

Բախտ չվիճակվեց դառնալ գոնե ուրախ կոլեգաներ, չհաճեցանք գոնե ամուր պահել մեր մտերմությունը, ու երկուսս էլ կորցրինք մի-մի լավ բարեկամի։

Դրանից հետո եթե մեկ-մեկ էլ առիթ ընձեռվեց մի երկու բառ փոխանակելու, էլի կոպիտ խոսեցի, որովհետև մտածեցի, թե նեղացած ես։ Մենակ մնացած ժամանակ մտքումս սիրուն ասելիքս դասավորեցի, որ քեզ տեսնեմ ու վերջապես ամեն ինչ ասեմ, էլի չկարողացա։ Բայց դու գոնե հարցնեիր։ Դու էլ չուզեցիր, ամեն անգամ սիրուն ժպտացիր, ոչ մի կերպ մտածածդ չգուշակեցի։

Զգացի, որ արդեն մոռանում եմ քեզ։ Չուզեցի։ Վերանայեցի քեզնից ինձ մնացածը, որ էլի հիշեմ, որ միշտ հիշեմ։ Նորից, ավելի ընդարձակ տեքստով ասելիքս ուղեղումս դրեցի։ Գոնե մյուս անգամ քեզ տեսնելու հնարավորություն ունենալիս չորոշեմ, որ լռելը պահին ամենահարմարն է, ասելիքս չմոռանամ կամ էլ քեզ տեսնելիս չշփոթվեմ։ Հիմա էլ որոշեցի մի տեղ գրի առնել, որ եթե նման բան պատահի կամ զգամ, որ այսօր վերջին հնարավորությունս սպառեցի, գոնե հետո ինչ-որ մի դիպվածով սա կարդաս։ Գրեցի, իբր մտքերս ի մի բերելու համար, բայց էլի համարյա բան չասացի… Դու էլի չես իմանա։

Պարզ տեսա, որ իմ ամենալավ, ամենաբարի ու հոգատար ընկերն ես եղել, երբ արդեն էլ քո մեծահոգությունից օգտվելու, սուտ ջղայնանալու ու քեզ ջղայնացնել փորձելու հնարավորություն չունեմ, երբ արդեն քեզ ուղղակիորեն հարցնելու փոխարեն, ցավոք, անհույս մտածում եմ. տեսնես՝ ո՞նց ես…

mariam papoyan portert

Կիսելի բաժակն ու չկերած բորշը

-Իմ աղջիկ, հեսա վերջացնում եմ, համբերի,- արդեն 7-րդ անգամ վերջացնում էր մայրս ու ամեն վերջացնելուց ավելի ուժեղ էր ձգում մազակալը։

Սա դեռ քիչ է, մի հատ էլ տնից դուրս գալիս ընտանիքիս բոլոր անդամները իմ ու սպիտակ սևամորթների, ձկների ու էլի շատ անհավանական բաների միջև զուգահեռ պիտի անցկացնեին ու հետո ինձ ու մորս ուղեկցեին մինչև դուռը։ Ատում էի ամեն օր ավելի տարօրինակ թվացող սանրվածքներս, որովհետև հատուկ դրանց համար մաման գիշերվանից ինձ տրամադրում էր, որ առավոտյան պիտի նոր ապուշություն շինի գլխիս վրա։ Բայց էդ ինձ էդքան էլ չէր ջղայնացնում, որքան լուրջ մեծահասակների կիսազմայլ հայացքները սանրվածքներս տեսնելիս։ Մեկ-մեկ քիչ էր մնում գային շոշափեին, նկարվեին հետս։ Թանգարանում վերջին նմուշի տեղ կանցնեի։ Հասնում էինք մեր խմբի դռան մոտ։ Գրողը տանի, լավ է՝ մեր խումբը առաջին հարկում էր, որովհետև բացի սանրվածքներիցս ու կիսազմայլ հայացքներից՝ ես նաև մանկապարտեզի աստիճաններն էի ատում, երբ տանում էին դահլիճ՝ եսիմինչեր անելու։ Ի դեպ, ես էդ եսիմինչերի գլխավոր թիրախն էի, քանի որ պարի էի գնում ու իբր տաղանդավոր երեխա էի։ Միակ բանը, որ էնտեղ սիրում էի, կիսելիս բաժակն էր։ Հոգ էի տանում դրա մասին էն օրվանից սկսած, երբ տեսա, թե ոնց մեր խմբի Ռուբենը ջարդեց կիսելիս առաջին բաժակը։ Քիչ էր մնում՝ գազարիս բարձով խեղդեի։ Հա, ես գազարն էի, ոչ մի տեսանկյունից բախտս չէր բերել։ Կիսելիս բաժակը էնքան փխրուն էր, մեծահասակի պատասխանատվությամբ խնամում էի, ինքս էի լվանում ու տալիս Նարինե մորաքրոջը։ Անփույթ շարժուձև ուներ Նարինե մորաքույրը, մեկ էլ տեսար՝ գցեր, ջարդեր, իրեն շատ չկար։ Մինչև կիսելիս բաժակը ջարդելը մտածում էի՝ վատ տղա չի Ռուբոշը։ Հետո հերիք չի ջարդեց, մի հատ էլ մի անգամ լեգոյով խփեց, ու ճակատիցս արյունը ֆշշաց։ Ինքն էլ էդ օրերից միացավ սանրվածքներիս, աստիճաններին, մեծահասակների հայացքներին, ու մի խոսքով՝ ես իրեն էլ սկսեցի չսիրել։ Վերջիվերջո, մեծ բան չէի կորցնում։ Մեզ կապում էր միայն չկերած բորշը ու դրա փոխարեն՝ իր տատիկի բերած աղցանները, թե բա՝ մեղք ենք, սոված չմնանք։ Ամեն երեքշաբթի ու հինգշաբթի պարի էի։ Դեռ հետո իմացա, որ երեքշաբթի- հինգշաբթի էին։ Այն ժամանակ գիտեի՝ ամեն օր եմ։ Նշված օրերին մաման ինձ պիտի շուտ վերցներ, ասում էր.

-Կես ժամ կպառկես, կգամ ես։

Չէի սիրում էդ պարի օրերը։ Ես կես ժամ պառկում էի ու աղոթում, որ մաման էդ օրը շուտ չգա, չգնանք պարի։ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ աղոթքներս տեղ էին հասնում, մնացած օրերին փուչ էին լինում։ Նեղվում էի մի քիչ։ Կյանքիս առաջին հիասթափությունն էր ընդունելը, որ ոչ մեկը վերևում նստած ցանկություններովդ չի հետաքրքրվում, ու էդ օրերին էլ ուղղակի պար չկար, դրա համար մաման չէր գալիս։ Կիսելիս բաժակն էլ ամբողջ կյանքում ինձ նույն հավատարմությամբ չպիտի պատասխաներ։ Ռուբոշն էլ վատը չէր, կարևորը՝ ճակատիս սպին անցավ։ Ինքն էլ երևի դեռ բորշ չի սիրում, բայց ընկեր Գայանեն ասում էր.

-Սոված մնա, լավ էլ կուտի։

Հաստատ կուտի։

anush davtyan

Երբ դեռ 19 տարեկան էլ չկաս, բայց արդեն հավես չունես

Գրելուցս դեռ երկու րոպե առաջ նստած նայում էի նոութբուքիս էկրանին, մտքերս էի հավաքում, որ կողմնորոշվեմ, թե ինչ գրեմ։ Ինձ ու նյութ շարադրելուն իրարից բաժանում էին տարբեր բաներ։ Հիմնականում էդ լինում էր մի բաժակ թեյը, շարքից դուրս եկած մարտկոցը, որ ոտքով-ձեռքով կապում էր ինձ հոսանքի աղբյուրից, ավելի հազվադեպ՝ հանկարծակի եկած նամակներն ու էս-էն խմբերում արված հրապարակումները։ Բայց գլխավորը չասացի…

«Անցան տարիներ», ու թեման ընտրվեց հավեսը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։

Հասկանում եք՝ երբ ուսանողի մոտ գալիս է նոյեմբեր ամիսը, այն անպայման հիշեցնում է, որ հաջորդն էլ դեկտեմբերն է, ու արդեն ժամանակ չի մնում, որ սկսես ուղեղիդ մեջ դարակներով տեղավորել մի կիսամյակ շարունակ ուսումնասիրած նյութերը։ Իսկ մինչև դու փորձես էդ անել, քեզ ծանրաբեռնում են լիքը-լիքը առաջադրանքներով ու ռեֆերատներով։

Նոյեմբերն էն շրջանն է, որի ընթացքում հնարավորություն է առաջանում բոլորի ռեֆերատներին ծանոթանալու ու ներկայացնողից ավելի լավ տիրապետելու էդ նյութերին։ Դու ման ես գալիս ոչ քո խմբեցիներին, որ իրենց առաջ պարապես, իրենք էլ քեզ են փնտրում, որ քսերոքսը պահես, մինչև պատմեն, վերջացնեն։

Ամեն տեղ անպայման ու առանց բացառության լինում է մեկը, որ ամեն օր ասում է «քննություն» ու սարսափեցնում բոլորին։ Հետո տասը րոպե փորձում եք «նախաքննական-նախապարապողական» շոկից դուրս գալ, հանգստանալ, որ վերջապես դասի վրա կենտրոնանաք։

Քննությունները ավելի մոտ են դառնում, լարվածությունը մեծանում է, պատասխանատվության զգացումը դանակը դնում է կոկորդիդ, ու դու դառնում ես կամ կրկնուսույց մնացածի համար, կամ մեկի ուսերին բեռ, որ սովորեցնի քեզ ամեն ինչ։ Մարդկային տեսակի հատուկ առանձնյակներն էլ մենակ են դաս անում։ Էդ ընդհանուր մասսայի մեջ կան մարդիկ, որ առհասարակ չեն պարապում ու բացարձակ ոչ մի բան չգիտեն։ Բայդ էդ կարևոր չի, իրենք քեզնից էլ, ինձնից էլ բարձր են ստանալու։

Քանի որ ես խմբով պարապողներից եմ, գիտեմ, թե ինչ տիպի տանջանք է լեկցիաներից հետո լսարանից դուրս գալն ու մաքուր օդի ելնելու տեղը մի ուրիշ լսարան կամ գրադարան գնալը, որ նորից պարապես, չարչարվես, տանջվես, ուզես արդյունքի հասնել, հետո կես ոգևորված- կես հիասթափված նոր-նոր տուն գնաս ժամը չորսի կողմերը։

Որ ասում եմ՝ խումբ, չպատկերացնեք լիքը մարդկանց։ Ես եմ ու Անետան։ Ու վերջ։ Վա՞տ խումբ ենք։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում։ Իսկական օրինակ վերցնելու ուսանողներ ենք։

Ինչպես արդեն ասացի՝ քննություններն ավելի մոտ են դառնում։ Բայց ո՞վ ասաց, որ էլ թեմա չկա անցնելու։ Ամեն շաբաթ առնվազն մի դասախոս կլինի, ում դասերից հետո կլորացրած ու բան չհասկացող աչքերով ես տուն գնալու։ Կլինի գոնե մեկը, ով անպայման կզարմանա, թե ինչու դու չես կարողանում էդ հեշտ բանաձևը դուրս բերել, կգա, մարկերը կխլի քեզնից ու ինքը կգրի ամեն ինչ։

Գիտե՞ք՝ ուսանողները շատ քիչ են քնում։ Հա, իրոք։ Էս լարված վիճակից ուզում ես կտրվել, մի քիչ «բզբզում» ես ինտերնետում, հետո հոպ, ու պարզվում է, որ գիշերվա ժամը 11-ն է։ Մինչև մի քիչ էլ դաս ես անում, լույսը բացվում է։ Դե, լույսը բացվելը ո՞րն է, առավոտները գիշերներից էլ ավելի մութ են։

Ու էս ամենի արդյունքում հավես չի մնում։ Կորում է, անհետանում, չքանում, ի չիք դառնում, անէանում, հօդս ցնդում ու նման այլ հոմանիշներ այս բառերին (մի տեղ պիտի երևա, որ հայոց լեզու եմ պարապել, թե չէ)։

Էսքան որ գրեցի, բողոքի նոր ակցիա չէր, չէ, ուղղակի շատ դաս ունեի անելու, մի բանով պիտի զբաղվեի, որ դրանց չանդրադառնայի։

Լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպումներ։

Nane Eghiazaryan

Դարի առաջին սերունդը

Մենք ապրում ենք 21-րդ դարում, ու հաճախ մեզ շրջապատող մարդկանց հետ մտքերի ու կարծիքների բախում ենք ունենում: Դասերից մեկի ժամանակ հանկարծ հնչեց մի նախադասություն. «Մենք 21-րդ դարի առաջին սերունդն ենք»: Նախադասություն, որը մեզանից շատերի մեջ պատասխանատվության մեծ զգացում առաջացրեց:

Իսկ ինչո՞վ ենք մենք տարբերվում նախորդ դարի առաջին սերնդից: Սկսեցինք քննարկել շատ տարբերություններ ու նմանություններ: Ու ուսուցիչներից մեկն ասաց. «Մենք՝ ուսուցիչներիցս շատերը, այն հազվագյուտ սերունդներից ենք, ովքեր տեսնում են դարի փոփոխությունը»: Հետո հնչեցին հարցեր, ու պարզվեց, որ ըստ ուսուցչի՝ շատ աշակերտներ գնում են դեպի վիրտուալ աշխարհը, իսկ մյուսներն ավելի ակտիվ են դառնում ու մասնակցում տարբեր միջոցառումների:

Մեզանից շատերը երևի նույնիսկ չեն էլ մտածել, որ ներկայացնում են նոր դարաշրջան, նոր պատմություն: Եթե միայն մի քանի տասնամյակ առաջ մարդիկ մտածում էին, որ ապրում են նորագույն տեխնոլոգիաներով շրջապատված՝ հեռախոս, ռադիո, համակարգիչ, ապա մենք հիմա պարծենում ենք մեր նոր՝ ավելի զարգացած տեխնոլոգիաներով: Հաճախ մեր տատիկ-պապիկները չեն կարողանում հեշտությամբ յուրացնել հեռուստացույցի օգտագործման ձևը, կամ էլ հեռախոսից օգտվելը, իսկ երբեմն «կոմպ»-ին «պոմպ» են ասում, իսկ մենք ծիծաղում ենք: Միայն մի քանի տասնյակ տարի առաջ մարդիկ երազում էին տեսնել իրենց հեռվում գտնվող բարեկամներին, իսկ հիմա դա ամենահեշտ բաներից մեկն է: Մարդկանց գաղափարները, որ թվում էին անիրական, իրականացել են: Իսկ հիմա՞: Ի՞նչ գաղափարներ ունենք մենք, ի՞նչ երազանքներ, որ միգուցե հնարավոր լինի իրականացնել մոտ ապագայում:

tina maqoyan

Հրաժեշտ

-Թռիչքը 3-ի՞ն ա։

-Չէ, հետաձգվեց։

-Ինչի՞ եք տխուր։

Չպատասխանեցի։

-Ոչինչ, նորից կհանդիպեք։

Մեքենայում ինչ-որ հայկական ռաբիզ էր հնչում։ Վարորդը երևի կարդաց մտքերս ու հասկացավ, որ դուր չի գալիս։ Սկավառակը փոխվեց։ Հիմա ինչ-որ ֆրանսիական երաժշտություն էր հնչում։ Երևի կարդաց մտքերս ու հասկացավ, որ սա էր հիմա պակասում ինձ։ Պակասում էր՝ ինձ իսկական ֆիլմի հերոսուհի պատկերացնելու համար։ Երևի կարդաց ու երևի հասկացավ։ Երևի։ Հերոսուհի, ով նոր էր բաժանվել հարազատից ու հիմա ատում էր ամբողջ աշխարհը։ Մի պահ ատում էր։ Մի պահ միայն։ Իսկ հաջորդ պահին նորից շարունակելու էր ապրել՝ կարծես ոչինչ էլ չէր եղել։ Կարծես հարազատից չէր բաժանվել։ Կարծես դեռ մի քանի ժամ առաջ հրաժեշտ չէր տվել։ Պիտի ձևացներ։ Հա դե, ամբողջ կյանքն է լի ձևականություններով։ Պիտի ժպտար։ Չպիտի լացեր մարդկանց ներկայությամբ։ Իսկ մարդիկ պիտի մտածեին, թե «անդարդ» ուղեղն անջատած ապրում է։

Պիտի շարունակեր կյանքին սիրահարված մնալ։ Ապագայի պլաններ կառուցել։ Բայց ներսում՝ բոլորին անտեսանելի մի տեղում, ինչ-որ բան պիտի կոտրվեր։ Ինչ-որ բան պիտի «այնպես» չլիներ։ Չեմ սիրում օդանավակայանները։ Դրանք միշտ հեռացնում են ամենահարազատներին։

Քեզ հետ եղե՞լ է, երբ կարճ ժամանակով հադիպում, բայց երկար (երբեմն նաև՝ անժամկետ) հրաժեշտ ես տալիս։ Այ, հենց էդ անժամկետությունն է ցավեցնում։

Հրաժեշտի պահին ասաց՝ լավ կսովորես, քեզ լավ կնայես, բայց չասաց, թե ինչպես արժանավայել կարոտեմ, տխրեմ։ Ու ես հիմա չգիտեմ՝ ինչպես արժանավայել վերապրեմ հերթական հրաժեշտը։

syuzanna kharatyan

Գյուղից քաղաք

Սկսվել էին աշնանային արձակուրդները: Դե ինչ, պահը բաց չթողնելով՝ ես արդեն Երևանում եմ: Քայլում եմ փողոցներով ու ուշադիր հետևում եմ մարդկանց: Յուրաքանչյուրը փորձում է ամեն գնով իր ապրուստի միջոցը վաստակել (այստեղ կապ չունի ո՛չ գյուղը, ո՛չ քաղաքը, միակ տարբերությունը աշխատանքի մեջ է): Նստում ես երթուղային, նայում ես ճանապարհի վրա գտնվող մարդկանց, ծառերին, տարբեր երևույթների: Երեկոյան ավելի շատ են մարդիկ, չէ, էս էն դեպքը չի, որ դուրս են եկել զբոսնելու, մաքուր օդ շնչելու, բոլորը հոգնած սպասում են իրենց երթուղայինին, որ աշխատանքից վերադառնան տուն: Տանը սպասում են իրենց, իսկ երթուղայինում հաճախ անգամ կանգնելու տեղ չի լինում: Ու թվում է, թե՝ հա, դե, ինչ արած, դու ո՛չ աշխատում ես, ո՛չ հոգնում ես: Մեկ շաբաթ է, կհանգստանաս, կքայլես, կզբաղվես, հետ կվերադառնաս քո տուն: Բայց ինձ միշտ հետաքրքրել են ուրիշների պատմությունները, միշտ նկատել եմ, հասկացել եմ յուրաքանչյուրի դեմքի արտահայտությունը, երբ նրանց մեջ ուժ չկա խոսելու:

Վե՜րջ, քաղաքը ակտիվ է, ուրեմն քաղաքն ի՞մն է, չէ՞ որ ես սիրում եմ ակտիվ միջավայրը: Ո՛չ, ես սիրում եմ իմ գյուղը, իմ մշակույթը, իմ Դսեղում ապրող ժողովրդին, Երևանը իմը չէ, իմ ընկերոջինն է, այդքան հարազատ չէ ինձ: Ուրիշ է իմ համայնքի բառն ու բարբառը, իմ հարազատների զրույցի թեման, նրանց ապրուստ վաստակելու միջոցը: Ոգևորված Անուշ Մկրտչյանի խոսքերից՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի դբա լավը, այսինքն՝ Դսեղ:

shushan stepanyan portret

Բոլոր նրանց, ովքեր չեն հավատում մտքի ուժին, ովքեր վախենում են երազել

Ինձ ճանաչողներից շատերը գիտեն, թե ես ինչքան լավատես եմ ու օրվա մեջ քանի ու քանի անգամ եմ ասում, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց ինչքան ավելի հասուն ես դառնում, կյանքն ավելի ու ավելի դժվար է թվում քեզ, ու դու հասկանում ես, որ բոլոր ամպիկավոր սպասումներդ ամեն օրվա արևի լույսով մայր են մտնում: Ու մնում է միայն շատ մեծ ու ներքին հույսով հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամ ու ինչ-որ մի պահի:

Ինձ հետ շատ է պատահում, որ թվում է, թե ես ոչինչ չեմ կարող անել, ու կյանքը շատ անիմաստ է: Բայց կարճ ժամանակ անց հասկանում եմ, որ դա կյանքը չէ, դա իմ ներսի թույլ ես-ն է, ով չի կարող պայքարել ու փորձում է հաղթել ուժեղ ես-ին: Շատերս էլ հենց դիմացինին կամ մեկ այլ գործոնն ենք համարում մեր ձախողումների պատճառը, ու լոկ հաջողության դեպքում տեսնում ենք միայն ու միայն ինքներս մեզ: Մեր ձախողումներն էլ ենք մենք, մեր անկումներն էլ: Ու դա էլ պետք է ընդունել:

Ինչ-որ թեթև մի միտք գլուխս լցվեց, որ պիտի գրեմ բոլոր նրանց, ովքեր կկարդան, խնդրեմ, որ հավատան, իրոք հավատան ու երբեք մենակ չթողնեն իրենց երազանքներն ու գունաթափ չանեն իրենց պայծառ հոգիները:

Բոլորիդ նման ես էլ երազանքներ ունեմ, նպատակներ էլ, բայց երազանքներն ավելի եմ սիրում, որովհետև ինչ-որ չափով անիրական են, անհույս, բայց նաև զվարճալի ու հետաքրքիր: Մի գաղտնիք բացեմ: Ես գրում եմ, գրում եմ երազանքներս ամեն պատահած թղթի վրա ու պահում գրքումս, պայուսակիս մեջ, նոթատետրիս արանքում, բարձիս տակ եմ պահում, որ քնիս մեջ դրանց ի կատար ածվելը տեսնեմ ու անդադար սպասեմ, որ մի օր գան ու ձեռքս բռնեն: Ընկերներս գալիս էին մեր տուն, ու երբ մտնում էին սենյակս, ծիծաղում էին. պատին թղթի վրա գրված երազանքներս էին: Ու ես ամեն անգամ սպասում էի, որ լրջանան ու հասկանան ինձ: Ծիծաղելու ոչինչ չկար, ախր: Ես հենց այդ թուղթն էի ու այդ տառերը, որ մի կերպ խցկվել էին բարակ թղթի վրա ու կատարվելու մեծ առաքելությամբ անխոս կախված էին պատից: Կկատարվեն հերթով, ես վստահ եմ, ես հավատում եմ: Ախր, առանց հավատի ոչինչ չկա: Տիեզերքում՝ գաղտնի մի անկյունից մեզ լսում են ու տալիս հենց այն, ինչ ուզում ենք, կամ մի պահ մտածել ենք, լուռ երազել ու ինքներս մեզնից թաքուն հավատացել: Մեզ լսում են, այո, գուցե և դա հենց այն մեկն է, ով մեզ ստեղծել է, ում մենք Աստված ենք կոչում, ով մեր քրիստոնյա հավատն է:

Մեծագույն հաճույք է միշտ երազելն ու լուսավորին սպասելը, քո մեջ լույսը երկնքից ներարկելն ու բոլորին տալը:

Ես ապրում եմ, երազում եմ:

Ֆուտբոլի երկրպագու առաջին անգամ

Դասընկերս, ով հաճախում է ֆուտբոլի պարապմունքների, մեկ ամիս է, ինչ գնում էր Երևան՝ խաղերի: Դասարանով շատ էինք ցանկանում գնալ և նրան ոգևորել, սակայն չէինք կարողանում: Մի քանի օր առաջ եկավ և ասաց, որ Սիսիանում ֆուտբոլի դաշտի բացումն է լինելու, և Երևանից թիմ է գալու՝ իրենց հետ խաղալու: Մենք շատ ուրախացանք, քանի որ կարող էինք գնալ և նայել խաղերից գոնե մեկը:

Որոշեցինք, որ պետք է գնանք: Գումար հավաքեցինք, գյուղի տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեցինք ու դասերից հետո գնացինք Սիսիան: Ճիշտն ասած՝ աղջիկներով շատ հեռու ենք ֆուտբոլից, բայց քանի որ մեր դասընկերն էր խաղալու, գնացինք: Շատ հետաքրքիր էր իրականում ֆուտբոլ նայելը: Խաղում էին «Սիսիան» ու «Բանանց» թիմերը: Խաղն ավարտվեց 4: 0 հաշվով՝ հօգուտ Սիսիանի թիմի:

Խաղից հետո բոլորս էլ քաղցած էինք, բլիթներ գնեցինք ու վերադարձանք գյուղ շատ լավ տրամադրությամբ, իսկ տղաներին քաղաքապետը հրավիրեց ռեստորան՝ այդպես նրանց խրախուսելով:

aneta baghdasaryan

Ով ում է պատկանում

Արդեն երեք ժամ է, ինչ համացանցում նայում եմ շիզոֆրենիայով և անձի բազմակիությամբ տառապող մարդկանց հետ հարցազրույցները: Կմտածեք՝ այնքան պարապ եմ, որ էլ չգիտեմ ինչով զբաղվել: Իրականում անգլերենով պետք է ներկայացնեմ ինձ տրված ոլորտներից մի որևէ երևույթ, և ինչպես միշտ՝ ընտրեցի գիտական և բժշկական տերմիններով թեմա, որի տակից չգիտեմ, թե ոնց եմ դուրս գալու:

Ինչևէ, համացանցում նյութ չմնաց, որ նայած չլինեմ՝ սկսած կարճ հարցազրույցներից և վերջացրած փաստագրական ֆիլմերով: Հիվանդներն այնքան համոզիչ էին նկարագրում և այնպես էին հավատում իրենց աչքին երևացող հալյուցինացիաներին և լսվող ձայներին, որ ակամա սկսում էի կասկածել՝ գուցե իրականում հալյուցինացիա տեսնե՞լն է ճիշտ, և մե՞նք ենք հիվանդ, այլ ոչ թե նրանք: Գուցե նրանք տարբերվում են մեծամասնությունից, դրա համար էլ նրա՞նց են խելագար համարում, այլ ոչ թե մեզ:

Իսկ ամենից շատն ինձ զարմացրին անձի բազմակիությամբ տառապողները: Երևի լսել եք Բիլի Միլիգանի մասին, որի մեջ «ապրում» էին 24 «ալտեր էգո», այսինքն՝ այլընտրանքային անձ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ խոսելաձևը, պահվածքը, բարբառը և նույնիսկ հիվանդությունները: Ամեն մեկն ուներ իր դերը, և յուրաքանչյուրը կարող էր արթնանալ Բիլիի ուղեղում տարբեր ժամանակ: Նրանցից մեկը՝ Արթուրը, միակն էր, ով ծխում էր և հետևաբար ուներ թոքերի հիվանդություն: Մեկ ուրիշը` Ռեյջենը, դալտոնիկ էր: Այստեղ ես մի պահ քարացա: Այսինքն՝ հենց որ Բիլին դառնում էր Ռեյջեն, դառնում էր դալտոնիկ, հենց փոխվում էր և դառնում Արթուր, թոքերի վիճակը վատանում էր: Ինչպիսի հզորություն և իշխանություն ունի մեր ուղեղը մեզ վրա: Չէ՞ որ այս բոլոր դեպքերում հենց ուղեղն է ստեղծում այդ ուրիշ անձանց, ստիպում հավատալ տեսիլքներին: Ուրեմն ուղեղն է նաև հիվանդի մեջ ապրող անձանց հիվանդությունները կառավարում, հետևաբար այն կարող է մեզ արդեն ծանոթ Արթուրի ի հայտ գալու ժամանակ թոքերի աշխատանքը վատացնել, և հետո՝ առողջ կերպարի ժամանակ, այդ հիվանդությունը չեզոքացնել: Եվ իսկապես, մարդու ուղեղն այնքան քիչ է ուսումնասիրված, որ ոչ ոք վստահորեն չի կարող սահմանափակել նրա կարողությունները: Հիշեցի մի գիտնական կնոջ դասախոսություն, որտեղ նա ասում էր, որ դա դեռ հարց է՝ ուղեղն է մերը, թե մենք՝ նրանը:

Նկատեցի՞ք՝ արդեն ուղեղին «նա» եմ ասում, իբր թե մարդ է: Բոլորս լավ հասկանում ենք, որ այն չի կարող ուղղակի ինքնուրույն գոյություն ունենալ առանց մարդու: Օրինակ՝ ուղեղս իմ տեղը չի կարող դաշնամուրս բացել ու Ռախմանինով նվագել, կամ հաշվապահության բոլոր տոմսերը սովորել: Չնայած՝ շատ ուրախ կլինեի, որ այդպես լիներ: