Ani avetisyan

Օճառային օպերաների պատմությունից

Առաջին սերիալները՝ որպես շարունակվող պատմությունների շարք, եղել են տպագիր, նախ՝ պարբերականների համարներում, ապա՝ առանձին գրքերում, որոնք, ինչպես մեր օրերի սերիալները՝ ավարտվում էին ամենահետաքրքիր հատվածներում՝ ընթերցողին ստիպելով անհամբերությամբ սպասել հաջորդ մասին: Տպագիր ամենահայտնի սերիալներից են Ալ․ Դյումա հոր գրքերը։ Սերիալային «օրինաչափությամբ» են գրվել և գրվում գրեթե բոլոր դետեկտիվ գրքերը։ Ռադիոհաղորդումներում ևս օգտագործել են այս սկզբունքը։

Հենց այս՝ շարունակ որևէ հետաքրքիր, անսպասելի հատվածում ավարտվելու հատկությունն էլ ռուս հայտնի սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը համարում է առաջնայիններից սերիալների արտադրության մեջ: Ըստ նրա՝ «իսկ ի՞նչ է լինելու հետո» հարցն է, որ հեռուստադիտողին պահում է էկրանների մոտ: Նա ասում է, որ ցանկացած սերիալի սցենար պետք է գրվի այնպես, որ այս հարցը դիտողի մոտ առաջանա յուրաքանչյուր սերիայի վերջում։ Սա է հեռուստադիտողին ստիպում ամեն օր նույն ժամին միացնել հեռուստացույցը և սպասել սերիալին։
Սերիալների՝ օճառային օպերա անվանումը, ևս բավական հետաքրքիր, նաև հակասական պատմություն ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ առաջին հեռուստատեսային սերիալի հովանավորը եղել է օճառ արտադրող մի ընկերություն, որի գովազդով էլ պարբերաբար ընդհատվել է սերիալը: Սրանից հետո է, որ մարդիկ սերիալն անվանել են օճառային օպերա:
Սակայն, ինչպիսին էլ լինի օճառային օպերաների ստեղծման ու տարածման պատճառը, թեկուզև նմանն ընդհանրապես չլինի՝ փաստ է, որ այն այսօր մեր կյանքի անբաժան մասն է: Եվ, անկախ ցանակացած քննադատության՝ սերիալները նույնիսկ ինչ-որ չափով անփոխարինելի են թե՛ հայկական, թե՛ համաշխարհային հեռուստաեթերում։ Սերիալները, իրենց՝ եթերում հայտնվելու առաջին իսկ պահից, մեծ լսարան գրավելու ամենահաջողված միջոցներից  են:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Այս օրերին Հայաստանում էր դրամատուրգ, սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը, ում հետ վարպետության դասի շրջանակներում հանդիպում ունեցանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
Ռուսական դետեկտիվ ժանրի սերիալների սցենարիստը սեփական փորձի և համաշխարհային սերիալարտադրության աչքի ընկնող օրինակների հիման վրա ներկայացրեց սերիալ նկարահանելու հիմնական սկզբունքները, հաջողված արտադրանք ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսները և այլն:
Ըստ նրա՝ ամենակարևորը հերոսի ընտրությունն է, և, ոչ միայն սերիալում։ Սցենարիստն ասում է, որ մինչ օրս անվերապահորեն ընդունվող կարծիքը, թե հեռուստադիտողը պետք է իրեն կարողանա նույնականացնել հերոսի հետ կամ փոխարինել նրան՝ այնքան էլ կարևոր չէ։ Հաջողված սերիալի հերոսը պետք է լինի մեկը, ում հեռուստադիտողը կցանկանա, կձգտի նմանվել։

Ալեքսանդր Մոլչանովը լավատեսությամբ էր նայում նաև հայկական սերիալների ապագային: Նա կարծում է, որ այն մեծածավալ, թեկուզ ոչ այնքան որակով աշխատանքները, որ տարվում են ոլորտում՝ անպայման կունենան իրենց արդյունքը, և մի օր հայկական սերիալները ևս կցուցադրվեն միջազգային հեռուստաալիքներով:

monika mamyan

Ուսանողի օր

Դե, հա, գիտեմ՝ դժվար է: Հաստատ իմ երազածը չէր ամբողջ օրը 4 պատ, մի իրեն կորցրած համակարգիչ, բարձրակրունկներ ու անհասկանալի թղթերի գզվռտոց: Կրունկները՝ կըտ-կըտ-կըտ, բանալիները՝ չըխկ-չըխկ-չըխկ, ու համ սենյակն է իմը, համ էլ «պաշտոնը»:

Աստված իմ, մի՞թե ես իսկապես ուսանող եմ, ով գոնե մեկ օրով իր անձնական աշխատասենյակն ունի: Այո, այդպես է:

Նոյեմբերի 17, առավոտյան 9:30:

-Երեխեք ջան,- տիկին Մենեմշյանն էր,- բա ինչի՞ դասի չեք նստում:

Անկեղծ որ լինեմ՝ ամաչեցի: Դե, ոնց ասես, էն էլ փոխդեկանին՝ էսօր մեր օրն է, ու ոչ միայն օրն է մերը, այլ մի ամբողջ ֆակուլտետ:

Ինչևէ, ասացինք, ու կարծես թե ես հիմա ողջ-առողջ գրում եմ այս տողերը:

Չգիտեմ՝ պարոն Պետրոսյանի իրավունքների մեջ մտնում է, թե ոչ, բայց փաստն այն է, որ ծընգ-ծընգ 5566 համարին, ասացի.

-Օրիորդ Յոլչինյան, ինձ մոտ եկեք:

-Հենց հիմա, օրիորդ Մամյան,- սա էլ պատասխանը:

Այսպես ասում եմ, ինձ լավ զգում, բայց չեմ մոռանում, որ նրա «պաշտոն»-ը ուղիղ համեմատական է Դուբայի շենքերին:

Էս ամենի մեջ ամենասիրունը մեր՝ պաշտոնյաներիս ֆեյսբուքի նկարն է լինելու:

Բարի գալուստ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Nane Eghiazaryan

Իրականացավ

Մեկ օր էր մնացել: Ամբողջ գիշեր անհամբերությունից տեղս չէի գտնում: Մի՞թե այն, ինչի մասին այդքան երազում էի, պատկերացնում ու ստեղծում տարբեր աշխարհներ, տարբեր իրականություններ, որտեղ կիրականանար երազանքս, վաղը կիրականանա իմ աշխարհում:

Առավոտ էր, ընկերներիս հետ Ջերմուկից ուղևորվում էի դեպի երազանքս: Սկզբում՝ մինչ տեղ հասնելը, մտանք Երևան: Այվազովսկու նկարները դիտեցինք: Չէինք ուզում թանգարանից դուրս գալ: Ինչքան խորն իմաստ կար այդ զարմանահրաշ մարդու ստեղծագործությունների մեջ: Այնքան խորն էին նկարներն ու այնքան շատ բան էին պատմում Այվազովսկու մասին: Նա իր նկարների օգնությամբ մեզ սովորեցրեց, ու դեռ շատերին էլ կսովորեցնի, որ նույնիսկ մեր կյանքի մռայլ նկարներում չմոռանանք լույսի շողեր նկարել:

Արդեն երեկո էր: Մտավախություն ունեինք, որ երկնքում ամպեր են լինելու, բայց, ի ուրախություն մեզ, ոչ մի ամպ չկար: Մտանք ներս, բարձրաձանք շենքի տանիք ու անհամբերությամբ սպասում էինք մեր հերթին: Վերջապես հասավ իմ հերթը, ու ես սրտի տրոփյունով աստիճաններով բարձրացա ու շունչս պահելով՝ նայեցի աստղադիտակից դեպի ամենապայծառ աստղերից մեկը՝ Վեգան: Ինչքան գեղեցիկ էր, ինչքան խորհրդավոր էր փայլում: Հետո դիտեցի «Զևսի յոթ աղջիկներ» անվանվող աստղերի խումբը: Ու վերջում տեսա տասհազարավոր աստղեր, որոնք անզեն աչքով երկնքում նույնիսկ չէին էլ երևում: Ափսո՜ս, որ չկարողացանք տեսնել լուսինը: Բայց չէ՞որ մեկ այցելությունը դեպի Բյուրականի աստղադիտարան իրականացրեց իմ երազանքը: Ուղղակի հպարտանում էի, երբ պատմում էին, որ Վիկտոր Համբարձումյանը առաջին աստղաֆիզիկոսն է եղել, որ հայտնաբերել է, թե աստղերը, ինչպես և մարդիկ, ծնվում ու մահանում են: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ նա Նոբելյան մրցանակ չի ստացել այն պատճառով, որ իր շատ գյուտերի հիման վրա այլ գիտնականներ ստեղծել են տարբեր սարքեր:

Ես երբեք չեմ մոռանա 2017 թվականի նոյեմբերի 18-ը. չէ՞ որ այդ օրն իրականացավ ապուշիս երազանքը…

davit aleqsanyan

Առաջին ձյունը

Երեկոյան պապիկիս տանից քայլում էի դեպի մեր տուն։ Մեկ էլ ձյան մի կաթիլ ընկավ քթիս վրա և ջուր դարձավ։ Մի երկու րոպե անց ձյան մանր փաթիլների տեղատարափ սկսվեց։ Հասա տուն։ Մի քիչ մնացի, հետո սկսեցի պատուհանից դուրս նայել։ Մանր փաթիլները դարձան ավելի մեծ: Այդ փոքրիկ հազարավոր փաթիլները, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում, առավոտյան ձյան մի հաստ շերտ էին դրել մեր գյուղի վրա։

Ամեն ինչ մի ակնթարթում փոխվեց։ Երեխաները ուրախացած վազվզում են ձյան մեջ և խաղում։ Սակայն այս ամենը երկար չտևեց. արևն իր վառ շողերով ձյան շերտը սկսեց հալեցնել, ու փողոցները կորան ցեխի ու ջրի մեջ։

Ձյունն էլ ունի իր լավ ու վատ կողմերը։

Sose Zaqaryan

Տուն տնից հեռու

Երբևէ  մտածե՞լ եք, թե ինչպես կապրեիք մենակ, առանց ծնողների։ Երևի շատերդ մտածեցիք․

-Ու՜խ, ինչ լավ է։

Ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կապրենք: Դե հա, ինչ խոսք, դուք ճիշտ եք։ Բայց դա տևում է մի քանի օր, երբ արդեն սպառվում են քո մաքուր շորերը, և թափրտվում է դարակդ, ու այստեղ դու հասկանում ես, որ տուն ես ուզում։  Չէ, բայց միայն հագուստից ու թափրտված դարակից  դու դա չես հասկանում, մի քանի ուրիշ փաստեր էլ կան․ օրինակ, երբ հոգնած  ու սոված գալիս ես տուն և ստիպված լինում պատրաստել ինչ- որ բան, որ սովից  չմեռնես։ Ճիշտն ասած, մեկ-մեկ սկսում եմ լուրջ ու ավանդական ուտեստներ պատրաստել, ու դրանք ինձ հիշեցնում են մեր տունը,  որովհետև տատիկիս կամ մայրիկիս բաղադրատոմսով են արված։ Գիտեք, մեկ էլ, որ պահին ես դու երջանիկ, երբ «տուլիկ» ես ստանում։ Նյութս լրիվ նմանվեց Պատկանյանի «Փորսուղին Ավագը» պատմվածքին, ինչ ասացի՝ ուտելու հետ էր կապված։

Երբեմն մտածում եմ՝ ինչպիսի՞ն կլիներ իմ ուսանողական կյանքը, եթե ես չգայի Երևանում սովորելու, ու հարցս մնոմ է անպատասխան։ Պատճառը ակնհայտ է: Ես ուղղակի չէի սովորի, քանի որ իմ ծնդավայրում՝ Դարբասում, համալսարան չկա։ Ա՜խր, ինչո՞ւ են բոլոր համալսարանները կենտրոնացված Երևանում: Չէ՞ր կարող, օրինակ, բժշկական համալսարանը լիներ Իջևանում, իսկ ԵՊՀ-ն՝ Կապանում։ Դա  ինչ որ չափով կկասեցներ ներքին միգրացիան դեպի Երևան և խթան կհանդիսանար այդ քաղաքների զարգացմանը։

Խոսքս, իհարկե, համալսարանների մասնաճյուղերի մասին չէ, այլ հենց բուն համալսարանի։

Երևանը կարծես քաղցկեղ լինի՝ օր օրի աճում է և խանգարում մնացած մարզերի զարգացմանը։ Երևի վերջում Երևանը այնքան է մեծանալու, որ ամբողջ Հայաստանը Երևան է դառնալու։

Արդեն մոտենում է ձմեռը, ու ես  կարոտում եմ մեր վառարանի  կողքին հատակին փռված գորգը,  որի  վրա անցնում էին իմ ձմեռները, թեյնիկի թշթշոցը, որի մեջ պատրաստվում էր իմ ուրցով թեյը, տատիկիս պատրաստած թթուները ու մեծ կաթսան, որի մեջ միշտ շատ տաք ջուր կար, բայց չգիտեմ՝ ինչի համար։

-Տատ, ինձ թթու կուղարկե՞ս:

-Ախր, ո՞նց ուղարկեմ, այ բալամ, կյալինց  կոտես:

-Տատ, բայց ոչի՞նչ, որ Նոր տարուն եմ գալու…

Ani Harutyunyan

Փոխվելու համար

Ինչո՞ւ ենք մենք դուռը ոտքով բացում ու գոռում՝ մա՛մ, ուտելու ի՞նչ կա, սեղան դիր: Քայլելիս մեկն ուսով հարվածում է մեզ, ու մենք, փոխանակ՝ կներեք կամ ոչինչ, ամեն ինչ կարգին ա ասելուն, բղավում ենք՝ դեմդ նայի, արա՛:

Արթնանում ենք ու հասարակ բարի լույսը չենք ասում մեր տան անդամներին: «Դուք»-ով չենք խոսում անծանոթների հետ, էլ ուր մնաց՝ հարազատների: Մենք նույնիսկ իրար չենք հարգում. չէ՞ որ մեզ սովորեցրել են, որ «դուք»-ը հարգանքն է:

Ասում ենք՝ զարգանում ենք, բայց նախնի վայրենին գնալով ավելի ու ավելի է արթնանում մեր մեջ:

Նախկին՝ «կներեք, դուրս եմ գալիս, ձեր թույլտվությամբ»-ի փոխարեն ասում ենք՝ դե՛, ես հելա: Մեր ներսի օրիորդները, տիկիններն ու պարոնները դառնում են «քուրըս»-ներ, «ջահել»-ներ ու «ապեր»-ներ: Գեղեցիկ բովանդակությամբ ու թանաքին լիքը սեր ավելացրած թղթե նամակներն ու ամիսներով սպասումները դարձել են «barev gexeckuhi»-ներ: Սերենադները դարձել են նիվաներ ու «քեզ խնդրում եմ մի գնա»-ներ, սիրային բանաստեղծությունները՝ աջ ու ձախ անարժեք շպրտված «ես քեզ սիրում եմ»-ներ:

Չենք զարգանում:

***

Երբևէ հարց տվե՞լ ես քեզ, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար ես ապրում դու։ Դո՛ւ, որ չես դադարում աչքի ծայրով նայել մարդկանց կյանքին ու հաճախ էլ ամբողջ քթով ներխուժում ես ներս։

Ես անցնում եմ քո կողքով, բայց դու, փոխանակ քո ճանապարհին նայելուն ու փոսերի մեջ չընկնելուն, մինչև փողոցի վերջը հայացքով ուղեկցում ես ինձ, որ քննարկես հագուստս, քայլվածքս, հոգիս, որ երբեք չես ճանաչել։

Բայց փորձե՞լ ես մի անգամ քո ներսը հայացք գցել. միգուցե դու քո պատկերացրած իդեալականը չե՞ս: Իսկ եթե դուրս գաս ուրիշի կյանքից, ի վերջո ներս մտնես քո կյանք ու տեսնես դռան դիմաց ընկած իրերը, պահարանի փոշին, խառնաշփոթը, ամեն ինչ դասավորես, քո կյանքը մաքրես, հնարավոր է՝ քեզ չհետաքրքրի իմը։ Հնարավոր է՝ դու էլ գտնես քո երջանկությունը՝ իմը քննարկելու փոխարեն։

Դո՛ւ ես կաղապարողը, քո անմտածված խոսքերով շատերին կարծրատիպերի մեջ փակողը։ Նա միգուցե ռոք է ուզում լսել, բայց դու միշտ խոսում ես, նա անդադար ականջ է դնում։ Այստեղ ես կիսում եմ քո չակերտավոր մեղքն ու բաժանում երկու մասի, մեկը՝ խոսողին՝ քեզ, մյուսը՝ լսողին՝ նրան։ Նրան, ով նախընտրում է իր սեփական ճիշտը փոխարինել քո սխալով։ Քո՝ ուրիշի արարքները չքննարկել չկարողանալու հետևանքով ինչ-որ մեկը կորցնում է իր ես-ը, որովհետև չի մտածում իր կյանքի դուռը քո առաջ փակելու մասին։

Միգուցե այս ամենը քեզ կցավեցնի, երևի կցավեցնի նաև իմ՝ քո կարծիքին չհետևելը, բայց ինձ իմ սեփական կյանքի խառնաշփոթն էլ է հերիք, թափթփվածությունն էլ, հարմարավետությունն էլ՝ առանց քո խորհուրդների:

 

margarit udumyan tavush

Աշխարհը՝ ինձ հետ

Ես մանկուց սիրել եմ հաշվել օրերը, օրինակ՝ թե քանի օր է մնացել դպրոցին, Ամանորին և, իհարկե, ծննդյանս օրվան։ Ես ուզում էի շուտ անցնեն դպրոցական տարիները, որ ավարտեմ դպրոցը և սովորեմ համալսարանում, քանի որ համալսարանում սովորելով՝ ես կգնամ իմ երազանքի հետևից։

Պապիկս ուզում էր, որ ես բժիշկ դառնամ, իսկ տատիկիս երազանքը ինձ ուսուցչուհու կերպարում տեսնելն էր։ Շատ շատերը, իրենց սիրելի մասնագիտությունը թողնելով, ընտրում են իրենց ընտանիքի անդամների ընտրած մասնագիտությունը, բայց ժամանակի ընթացքում հասկանում են, որ սխալ ընտրություն են կատարել և ափսոսում են այն տարիները, որոնք նվիրել են այլ մասնագիտություն սովորելուն։ Ես փորձեցի խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով տարբեր կարծիքներ շատ լսեցի, բայց մնացի իմ կարծիքին։

Փոքր տարիքից երազել եմ դառնալ լրագրող, քանի որ ես ինձ միայն այդ բնագավառում էի տեսնում։ Ես որոշեցի, որ պետք է իմ մանկության երազանքը նպատակ դարձնեմ և ամեն գնով փորձեմ հասնել դրան։

Մոտեցան քննության օրերը. շփոթված մտա քննության։ Դրանք բարեհաջող հանձնելուց հետո ընդունվեցի համալսարան։ Հիմա ես սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և մեկ րոպե անգամ չեմ զղջում իմ ընտրության համար։ Թող ինձ ներեն պապիկս և տատիկս, որ ես չկարողացա արդարացնել իրենց սպասելիքները։ Գնալով ես հասկանում եմ, որ իմ ընտրած ուղին ճիշտ է, քանի որ լրագրող լինելով՝ ես հնարավորություն կունենամ շփվել տարբեր բնագավառի մարդկանց հետ և ստանալ ինձ հետաքրքրող, բայց առայժմ անհայտ բոլոր հարցերիս պատասխանները։ Ես քաջ գիտակցում եմ, որ լրագրողի աշխատանքը վտանգավոր է և դժվարին, բայց, չնայած դրան, ես պետք է գնամ մինչև վերջ, մինչև իմ նպատակակետը։ Լրագրող լինելով՝ ես կբացահայտեմ աշխարհը, իսկ աշխարհը՝ ինձ։

Ձյան շունչն ու սպիտակ ֆոնին լուսանկարները

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Արդեն նոյեմբեր ամիսն է, կարծես ձյան պակաս էր զգացվում, բայց այն մեզ երկար սպասել չտվեց, մեկ-երկու, ու ձյան փաթիլները դանդաղ իջնում են կտուրին: Ինչ խոսք, երկար եմ սպասել ձմռանը, Նոր տարուն ու նվեր բերած կոնֆետներին:

Միայն այն, որ ձմռանը ընկերներով ձնագնդի ենք խաղում, սահնակով սահում ենք և ձնեմարդ ենք պատրաստում, մի ողջ աշխարհ է: Իրոք, ձմռանը ավելի հաճույքով եմ դպրոց հաճախում, որովհետև երկար դասամիջոցներին մի լավ խաղում ենք: Երբեմն ոչ բոլորի բախտն է բերում, որովհետև ընկերները ձյուն են հյուրասիրում, բայց, դե, կողքից զվարճալի կադրեր են:
Մեկ-մեկ էլ դասերից հետո դասարանով էնպես ենք խաղում, որ հենց որոշում ենք ուշքի գալ, մեկ էլ տեսնում ենք՝ դասընկերոջ բակ հասանք:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Մի անգամ էլ ձմռանը՝ դասերից հետո, գնում էի տուն, մեկ էլ երկու զբոսաշրջիկի հանդիպեցի: Ամուսինը ռուսախոս էր, կինը՝ իտալախոս, դե, երևի ընդհանուր լեզուն անգլերենն էր: Հետո բարևեցին և հարցրին, թե որտեղ է «Տաթևեր» ճոպանուղին: Երկար ճանապարհ կար միասին անցնելու: Բացատրեցի, ճանապարհը ցույց տվեցի, հետո ծանոթացանք, էնքան հաճելի մարդիկ էին, որ դեռ լավ չէի ճանաչում, բայց մի քիչ հուզմունքով հրաժեշտ տվեցի:

Այո, ձմեռը հաճելի է, հատկապես՝ երբ կարող ես սպիտակ ֆոնի վրա նկարվել, ձմռան նկարները շատ հավես են ստացվում:

Գուցե ես մի քիչ խենթ մարդու տպավորություն թողնեմ, բայց մի անգամ որոշեցի ձնեմարդ պատրաստել: Որոշեցի ու միայնակ գնացի պատրաստելու: Մենակ ձնեմարդ պատրաստելու միակ դրական կողմն այն է, որ ձնեմարդու դիզայնը մնում է միայն ու միայն քո պատկերացմանը:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Ձմռանը, երբ դրսում խաղում ես, մի լավ մրսում, ուրիշ ելք չի մնում, քան ձեռքերը բերանին մոտեցնել և տաքացնելով տուն շտապել: Իսկ երբ դու տանն ես, չկա ավելի հաճելի բան, քան վառարանի մոտ նստելն ու տաք թեյ խմելը:

Astghik Ghazaryan

Միայն թե տանը լինեն

-Աստղի’կ, էս գրքերդ թախտի վրիցը վեր կալ, կարող ա՝ մինն ուզըմ ա նստի:

-Ամայ, մթամ տանը մարդ կա…

-Է~, դյուզ ա, չարդ տանեմ…

Իհարկե «դյուզ ա». յոթհոգանոց ընտանիքը սովորական մեծ ընտանիք է, բայց մեր տասնհինգը… Մերն իսկական գերդաստան էր: Էր…

Իմ ապրած տասնութ տարիների ընթացքում մենք ամբողջ ընտանիքով մի սեղանի շուրջ նստել ենք Նոր տարուց Նոր տարի, Զատիկից Զատիկ ու Վարդավառից Վարդավառ: Բայց մի սեղանի շուրջ ասելն էլ սխալ է, որովհետև իրականում երկու սեղան էր իրար միացրած: Իսկ այսօր լավ է, մի սեղանը բավական է յոթիս:

Նախկինում երբեք չէի տեսել, որ մերոնք փոքր կաթսայով բորշչ եփեն, իսկ այսօրվանից երևի չեմ տեսնի մեր մեծ կաթսաները: Չնայած լավ է. սոված երկար չեմ սպասի եփվելուն:

Առաջ չէի էլ պատկերացնի, որ երբևէ համակարգիչը գոնե հինգ րոպե կհանգստանա: Ամբողջ օրը հորեղբայրս` Վովա պապան, նորություններ էր կարդում, պատմական ֆիլմեր նայում: Համակարգչին նույնիսկ «կախվելը» չէր փրկում, մեկ է, եղբայրս սարքում էր, ծրագիրը փոխում, բայց էլի դիմացն էր հայտնվում Վովա պապան: Չեմ էլ խոսում, թե ինչ տանջանքով էի համոզում, որ վեր կենա, նյութերս ուղարկեմ կամ դաս անեմ: Հիմա լավ է. օրերով համակարգչին մոտեցող չի լինում: Չգիտեմ` Վովա պապան ինչ է անում Ռուսաստանում առանց համակարգչի, բայց հաստատ գիտեմ, որ մեր արհամարհված համակարգիչը կարոտում է իրեն:

Այլևս չեմ լսի Անո մամայի` «Ժամը վեցի դեղը տար տու Վովա պապային» հրամանը: Ախր, ես դեղերը ոչ թե ժամերով, այլ անուններով գիտեի: Մեղավորը երևի ես էի. երեք-չորս տարվա մեջ չկարողացա սովորել, թե ժամը մեկի, վեցի ու իննի դեղերը որոնք են:

-Նա~նո, Նու~շո, Մա~միկ, Ա~ստղիկ…

Այսպես էր լինում, երբ յոթ թոռնատեր ամայս (տատիկ) ուզում էր մեկիս կանչել, բայց անունը չհիշելով` միանգամից բոլորիս անունն էր տալիս: Մենք էլ «ծլլաշար» գալիս, կանգնում էինք առաջին: Հիմա տանը երկու թոռս ենք, ամայն էլ միայն «Մամիկ, Աստղիկ» է կանչում:

Երևի հեշտ չէ յոթ թոռ պահելը, յոթին էլ հավասար սեր տալը: Բայց ամայը միշտ էլ աշխատել է հավասարությունը պահել: Երբ տանը մի կոնֆետ էր լինում, թոռներից մեկը դանակ ու տախտակ էր բերում, դնում ամայի գոգին, ամայն էլ յոթ հավասար մասի էր բաժանում, ու թեև ամենքիս մի փոքր կտոր էր բաժին հասնում, սակայն բոլորս էլ ուտում էինք: Հիմա ամայի գործը հեշտացել է. երկու մասի է բաժանում, մեր փայն էլ շատ է լինում: Լավ է:

Առաջ եղբայրներս բռնցքամարտի էին գնում, տանն էլ ինձ վրա էին պարապում: Հիմա, երբ բանակում են, էլ վնասվածքներ չեմ ստանում: Լավ է, չէ՞:

Ի՞նչն է լավ: Ոչ մի բանն էլ լավ չէ: Թո’ղ որ Նոր տարուց Նոր տարի սեղան նստենք, թո’ղ որ ճաշը մեծ կաթսայով ու ուշ եփվի, թող որ Վովա պապան ամբողջ օրը համակարգչի առաջ լինի, ու ես հիմա համոզեմ, որ վեր կենա, նյութս ուղարկեմ, թող կոնֆետից քիչ բաժին ունենամ, թող եղբայրներս ինձ վրա պարապեն, թող… Միայն թե բոլորը տանը լինեն, ու ամեն ինչ առաջվանը լինի: Այդ ժամանակ իրոք կասեմ` լավ է:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գոհաբանության տոնն ԱՄՆ-ում

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Նոյեմբերի 23-ին ամերիկյան տների յուրաքանչյուր անկյունը լցվում է Գոհաբանության տոնի շնչով: Այս տոնն ամերիկյան մշակույթում ամենակարևոր ու ամենամեծ ցնծությամբ նշվող տոներից է: Ընտանիքները հավաքվում են մի հարկի տակ՝ գոհաբանելու ու միմյանց  հաղորդելու ընտանեկան սերն ու ջերմությունը:

Տոնին նախորդող գիշերը բոլորը գնում են եկեղեցի՝ միասին աղոթելու ու երգելու: Վերադառնալով տուն՝ սկսում են նախապատրաստական գործունեությունը: Քանի որ տոնական սեղանի շուրջ մեկից ավելի ընտանիքներ են հավաքվելու, նրանցից յուրաքանչյուրն ունի ուտեստների որոշակի բաժինը պատրաստելու պատասխանատվություն: Ամբողջ տունը լցվում է եփվող հնդկահավի (գլխավոր ուտեստի), նոր թխված քաղցրավենիքի ու ամենուր վառվող մոմերի բույրով: Բույրերը, ձայները, գույները միախառնվում են՝ ստեղծելով լուսավոր «Թենքսգիվինգ մուդ»-ը: Ընտանիքները հավաքվում են սեղանի շուրջ, ձեռք-ձեռքի բռնած աղոթում: Սկսվում է Գոհաբանության տոնը՝ մեծ ընթրիքով, խաղերով ու ջերմ զրույցներով: