marta minasyan

Իմ «5-րդ դասարանը»

Ես սովորելու ընթացքում փոխել եմ չորս դասարան, որոնցից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ է եղել, սակայն այս ընթացքում ամենայուրահատուկ դասարանը եղել է «TEDxkids2017»-ի դասարանը: Հանդիպում էինք շաբաթը մեկ անգամ՝ 2-3 ժամով: Մեր «դասարանի» 80%-ը գալիս էր ամենատարբեր մարզերից: Եվ քանի որ կային նաև գյումրեցի աշակերտներ, առանց հումորի անհնար էր:

Մենք այնտեղ չէինք սովորում թվեր գումարել կամ հանել, հիշել, թե ինչ-որ մեկը ինչ սխրանք է գործել, չէինք պատրաստվում քննությունների: Մենք սովորում և հիշում էինք մեր դասարանի երեխաների մտքերը, լսում կարծիքները, հասկանում նրանց էությունը, ծիծաղում, նկարներ անում: Իսկ լանչի ժամանակ 20 րոպեով բոլոր դասարանների պես խմբվում էինք սեղանների շուրջ ու զրուցում: Բայց այդ զրույցներն այնքան լավ չէին ընթանում, ինչքան դասերի ժամանակ: Ու գիտե՞ք, ամեն լանչի ժամանակ նույն խմբով չէինք նստում, ինչպես դպրոցներում, այլ հակառակը՝ ամեն անգամ տարբեր խմբերով, տարբեր թեմաներով ու թարմ լուրերով:

Դե, այդպես երեք ամիս անցավ ու եկավ «վերջին զանգի» օրը: Բոլորս պետք է ելույթ ունենայինք մեզ հուզող խնդիրների մասին ու ցույց տայինք մեր 3 ամսվա աշխատանքը: Հերթով ամեն մեկս մեր ասելիքն ասացինք ու վերջապես ծանոթացանք ծնողների հետ: Այստեղ ուսուցիչները չէին ներկայացնում մեր աշխատանքը, այլ մենք ինքներս:

Եկավ հրաժեշտի պահը: Մեր միջի գյումրեցին վերջին րոպեին բացականչեց.

-Ո՜ւխ, պրծամ սրանցից, ես գնացի:

Ես էլ հետևից կատակը շարունակեցի՝ ասելով.

-Դավաճա՜ն:

Բոլոր դասարանների պես կապը պահում ենք ու առիթ ենք փնտրում հանդիպելու համար. կլինի դա փառատոն, համերգ կամ մի այլ բան: Ափսոս, որ հաճախ հավաքվում ենք ոչ բոլորով:

araqsya azizyan

Քեզ հետ և առանց քեզ

-Ինչո՞ւ են կյանքից միշտ ոչ ժամանակին հեռանում լավ մարդիկ:
-Իսկ դու, երբ մտնում ես պարտեզ, առաջինն ես, չէ՞, քաղում ամենագեղեցիկ ծաղիկը:
-Այո:
-Իսկ կյանքը միշտ տանում է ամենալավ մարդկանց, թողնելով նրանց լավ անունը, լավ հիշողությունները:

Դե, իհարկե, մենք փոքր տարիքում չենք հասկանում՝ ինչ է մահը: Ինչո՞ւ մարդիկ կան, իսկ ժամանակ անց՝ ոչ: Ընդամենը ամիսներ առաջ կորցրեցի պապիկիս, իսկ հիմա ուղղակի չեմ համակերպվում այդ մտքի հետ: Երբ մտնում եմ տուն, ինձ թվում է՝ պապիկս պետք է նստած լինի իր աթոռին ու ինձ ասի.
-Շորերդ փոխիր, ու գնա հաց ուտելու, ո՞նց անցավ դպրոցում, դասերդ լավ պատասխանեցի՞ր:
Իսկ հիմա, երբ բացում եմ տան դուռը, ուղղակի պապիկի դատարկ աթոռն է: Պապիկս մնաց որպես լավ հիշողություն, ամենալավը աշխարհում: Հիշում եմ, թե ինչպես էր իր հետ մեզ որևէ տեղ տանում, չէր թողնում անձրևոտ օրերին ոտքով դասի գնանք, երբ ինչ-որ բանի կարիք էինք ունենում, նա առաջինն էր հոգում այդ ամենը: Ամեն օգոստոսի վերջին մեզ տանում էր խանութ ու գնում բոլոր գրենական պիտույքները: Հիշում եմ` ինչպես էր այգուց տուն գալիս` բոլոր գրպանները լավ մրգեր լցրած, ու բոլորը տալիս էր մեզ: Հիշում եմ` ինչպես էր բարկանում, որ մաթեմատիկայիս առաջադրանքները գրելիս մոռանում էի ամիս-ամսաթիվ գրել: Նա էր, որ առաջինն էր ստուգում մեր բոլոր դասերը, օգնում լրացնել բաց թողնվածները: Հիշում եմ` ինչպես էր մեզ սովորեցնում, Ամանորին բամբակներով մորուք էինք պատրաստում իր համար, ու նա մեզ համար դառնում էր ամենալավ Ձմեռ պապը աշխարհում: Հիմա, երբ պառկում եմ քնելու ու միացնում եմ ականջակալներս, ինձ թվում է` պապիկս ներս կմտնի ու կբարկանա, որ ականջակալներով եմ պառկել, կամ պառկել եմ քնելու ու հեռախոսով եմ զբաղվում: Ամեն բան անելուց առաջ միշտ մտածում եմ, որ պապիկս կողքիս լիներ, կասեր` ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ: Դպրոցս ավարտելու ժամանակ մտածում էի` երբ տուն գնամ, պապիկս կգրկի ամուր ու կշնորհավորի, իսկ հետո ընդունվելու համար, բայց ոչինչ չեղավ…
Գիտեմ, պապիկ, հիմա երկնքից կնայես ու կուրախանաս, որ քո մի թոռնիկն էլ ուսման մեջ հաջողություն ունեցավ: Գիտեմ, որ կյանքում ամենաշատը կարևորում էիր ուսումը: Կուզենայի գրկել քեզ ու ասել, որ ես ուրախ եմ, որ քո թոռնիկն եմ, որ քեզ պես պապիկ եմ ունեցել:
Վարդգես Պետրոսյանը գրել է.
«Սո՛ւտ է, աշխարհում ոչ մի մարդուց որևէ հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած տարիները: Ուրիշ ոչինչ»:
Ես երջանիկ եմ էն տարիների համար, որ ապրել եմ քո կողքին:

anna sargsyan

Թե ինչը չեմ սիրում

Վերջերս հանդիպեցի մի նյութի, որտեղ թղթակիցներից մեկը` Լիդա Արմենակյանը, ներկայացրել էր իր սիրելի երևույթները: Նյութը, ի դեպ, շատ հավանեցի ու մտածեցի՝ ես էլ նման մի բան գրեմ, ուղղակի ոչ թե ինչն եմ սիրում, այլ դրա հակառակ բևեռը, թե ինչը չեմ սիրում:

Ես չեմ սիրում.
1. Երբ իմ սիրելի խաղալիքները տալիս են բարեկամի երեխաներին (վերջում ես նրանց լացացնելով վերցնում եմ իմ իրերը հետ):
2. Սարդերին:
3. Չեմ սիրում, երբ ինձ գովում են շատ մարդկանց մոտ:
4. Մաթեմատիկան՝ երկրաչափությունն ու հանրահաշիվը:
5. Երբ բացահայտ տարբերություն են դնում մարդկանց միջև:
6. Մեքենաների մեջ եղած տարօրինակ հոտերը:
7. էն երեխաներին, որոնք «դու»-ով են խոսում մեծերի հետ:
8. Երբ շատ հյուրեր ենք ունենում:
9. Երբ գիրքն անիմաստ է վերջանում:
10. Երբ կինո նայելիս անընդհատ գործի են դնում:
11. Երբ խանութում շոկոլադե պաղպաղակ չի լինում:
12. Շատ կրկնվող գովազդները չեմ սիրում:
13. Երբ կարևոր գործի ժամանակ հարցեր են տալիս:
14. Երբ իմ սիրած երգերին կամ ֆիլմերին «վիրավորում» են:
15. Չեմ սիրում, երբ լավ վիրավորող մտքեր են ծլում գլխումդ, բայց արդեն կռիվը վերջացած է լինում:
16. Սիլիկոնե մարդկանց:
17. Աղջիկներին նմանված տղաների:
18. «Մեծացած-փոքրացածներին»:
19. «Վտանգավոր խաղեր» սերիալը:
20. Երբ լույսերն անջատում են:
21. Երբ յուղ կամ ձեթ է շորին թափվում:
22. Երբ մայրիկից ինչ-որ բանի թույլտվություն ես հարցնում, իսկ նա անորոշ ձևով ասում է՝ ինչ ուզում ես, արա, ու դու հետո ոչ մի բան էլ չես անում:
23. Երբ շատ եմ ուզում գրել, բայց թեմա չեմ ունենում:

milena sedrakyan

Լվացքագիտություն

-Միլեն, Միլենա, լսո՞ւմ ես:

-Մամ ջան, եթե վերցրել եմ, լսում եմ:

-Միլեն, լվացքը կանես, չեմ հասնում ես, աղջիկ ջան:

-Լավ էր, էլի, մամ ջան, ի՞նչ լվացք, չեմ կարող ես հաստատ:

-Միլ ջան, կանես:

Ու անջատվեց հեռախոսը: «Ի՞նչ լվացք, է՞, ես՝ ուր, լվացքը՝ ուր,- մտածում եմ ես,- լավ է, սպասի՝ փորձեմ, թե չէ տուն գալուն պես կսկսվի. «Միլենա, դու մեծ աղջիկ ես: Մենք պահածո էինք փակում քո տարիքում: Ես հիմա տուն գամ, գործ պիտի չլինի, որ գնամ ու քնեմ: Ինձնից բոյով աղջիկ ունեմ, մի հատ էլ ես, հա՞, պիտի գործ անեմ»:

Սև, սպիտակ, գունավոր հագուստները լցրեցի իրար մեջ, փոշին ավելացրեցի և ուղղակի սեղմեցի լվացքի մեքենայի ռեժիմներից մեկը, իսկ լվացքն ավարտվելուն պես այն տարա պատշգամբ՝ փռելու: Ծուռ ու շիտակ, թաց ու չոր, երկար ու կարճ՝ առանց նայելու փռեցի, որ մայրիկիս ասածը կատարած լինեմ: Ինձնից գոհ նստել էի հյուրասենյակում ու սպասում էի, թե երբ պիտի դուռը թակեն, որ գլուխ գովեմ: Դուռը բացվելն ու մամայի՝ «Աղջի, դու խայտառակ ես»-ը, մեկ եղավ:

-Մամ, բայց ինչի՞:

-Միլենա, հագուստը հավասար են փռում, հագուստը գույներով են փռում, երկար հագուստները առջևում, կարճերը՝ վերջին պարանին, գեղեցիկ, թարս են փռում, որ ամրակի հետքը չմնա:

-Մամ, լվացք փռելը մշակույթի նոր ճյո՞ւղ ա, չեմ հասկանում, ես լվացքագիտություն չեմ անցել:

-Բա հարևաննե՞րը, այ խայտառակ, պիտի մտածեն՝ ես եմ փռել, վայ, Միլենա…

Երեք-չորս օր անընդմեջ մայրս դժգոհ էր՝ անհավասար է, երկար է, կարճ է, սխալ ես փռում:

Հերթական օրը կարծում էի, որ մայրս մտնելուն պես պիտի բողոքի:

-Մամ, գույները չէին սազում էս անգամ,- ասացի ես հենց նա բացեց տան դուռը:

-Չէ, աղջիկ ջան, էդ ինչ սիրուն էիր փռել, այ, ապրես դու, հիացած էինք ես ու հայրդ, շենքի են ծայրից տեսանք, հա:

Հիմա կարող եմ հանգիստ գրել՝ ժողովուրդ, ես լվացք եմ փռում:

hasmik givargizyan

Վստահություն

-Մամ…

-Հը՞:

-Մամ, ո՞նց ես թողնում՝ էսքան տեղեր գնամ։

-Ինչի՞ պիտի չթողնեմ։

-Եսի՞մ,- գուցե ինքս ինձ չեմ վստահում այնքան, ինչքան մայրս։

-Դե, եթե չես ուզում, էլ չեմ թողնի։

-Չէ, չէ, մամ։ Նկատի ունեմ, որ էսքան գնում եմ տարբեր ճամբարներ, հեչ չե՞ս անհանգստանում։ Ախր, ավելի հեշտ կլինի, եթե կողքիդ լինեմ։

-Հաս, էն ժամանակ ես ինչը չեմ տեսել, ուզում եմ, որ դուք տեսնեք։ Ես տենց տեղեր չեմ գնացել, բայց ուզել եմ, որ երեխեքս գնան։ Էնքան ուրախ եմ, որ ինքդ հասկանում ես, թե ինչքան օգտակար ա դա քեզ համար։

Մայրիկիս խոսքերը մտածելու տեղիք տվեցին ինձ։ Մայրս ամուսնացել է 15 տարեկանում։ Իսկ 16-ում արդեն քույրիկիս ուներ։ Այդ տարիքում ես հազիվ հասցնում եմ դասերս, պատանի թղթակից եմ և ուսուցողական ճամբարների եմ մասնակցում։ Ես ազատ եմ իմ ընտրության մեջ, ու դա ինձ ճիշտն ու սխալը բացահայտելու հնարավորություն է տալիս։

-Հասկացա, մամ, համոզեցիր։ Ես էլ իմ երեխեքին կթողնեմ…

Գիտե՞ք, մայրս ինձ վստահում է։ Ու տիեզերական զգացողություն է ծնողի ոչ միայն սերը, այլ նաև վստահությունը վայելելը։ Պարզապես պետք է հուսախաբ չանենք նրանց։

monika mamyan

Տատս

«Կյանքս, սիրելիս, անգինս ու թանկագինս»: Մայրս միշտ ասում է, որ պետք չէ նման թանկ բառերն ասել ամեն երկու օրվա ծանոթ-անծանոթին. իմաստազրկվում են բառերը: Վերջապես հասկացա: Գիտե՞ք, ես էս բառերն ուզում եմ ասել մի այնպիսի մեկին, ով իսկապես իմ կյանքի մի մեծ կտորն է, իր սիրով՝ իմ ամենասիրելին, իր ներկայությամբ՝ իմ մանկության հուշը:

Տա՜տ ջան:

Ես երևի աշխարհի ամենաերջանիկներից մեկն եմ, որ իմ կյանքի ամեն դրվագում ես նրան գտնում եմ, կամ էլ ինքն է ինձ թաքուն պահում իր թախտի մեջ. էնտեղ, որտեղ մի ժամանակ մեզ համար ծամոն ու կոնֆետ էր պահում, էն համովներից: «Բիգ-բաբլ»: Հիշո՞ւմ եք: Ես չեմ մոռացել:

Տատիկը՝ բարի էակը, իր գոգնոցի տակ թաքցնում էր, երբ մայրիկին ջղայնացնում էինք: Տատիկների համար մենք ոչ մի անգամ մեղավոր չենք:

Ես միշտ ունեմ նրա կարիքը՝ թեկուզ չունենամ ոչ մի բանի կարիք:

Գժություն է, երբ գալիս քեզ արթնացնում է գարնան էն անուշ մանուշակի բույրով:

-Կյանքս, առավոտ վեցին քեզ համար ծաղիկ եմ քաղել:

-Տա՜տ:

Աշխարհի ամենապինդ գրկախառնությունը հենց էս րոպեի մեջ է: Զգում եմ, որ էս մի փնջով նա բերեց իմ գարունը: Բերել է, ու քանի դեռ ես զգում եմ նրա ձեռքերի ջերմությունը, ես ծաղկում եմ:

Ինձ համար իմ տատիկը աշխարհի լավագույն նկարիչն է. նա էնքան սիրուն ու գունավոր է ստեղծել իմ մանկության պատկերը, որ կա, էլի կա ու միշտ կմնա քայլերիս ու խոսքերիս մեջ:

Փրկվում եմ ամեն ինչից, երբ հեռախոսս զնգում է, ու ես այդ անտանելի ձայնից արդեն քիչ է մնում, որ գրողի ծոցն ուղարկեմ քննության բոլոր նյութերը: Բայց ես պատասխանում եմ. տատիկն է զանգում: Նա այնքան գունավոր է խոսում, որ ես ինձ զգում եմ արդեն քննությունս հանձնած, ու քսանը գրքույկիս մեջ ստորագրած:

Տատս իմ գտնված երազն է:

hayk kostandyan

Պահի ազդեցությամբ

Նստած կարդում էի Ռուբեն Զարյանի հուշերը քսաներորդ դարի գրական գործիչների վերաբերյալ: Կարդում էի գրողների փոխհարաբերությունների, միմյանց ստեղծագործություններին գնահատական տալու մասին: Որոշեցի այդ մասին գրել, ուզում էի անցնել հետազոտությունների և ինձ զգում էի ինչպես Շերլոկ Հոլմսը՝ հերթական գործը բացահայտելիս, երբ հայրս դուռը բացեց հետևյալ խոսքերով.

-Բալես, մի հատ խանութ գնա:

Շքամուտքից դուրս եկա բակ, որտեղ սովորականի նման երեխաները խաղում էին: Նրանցից մի քանիսը պահմտոցի էին խաղում: Ուշադրությունս գրավեց գազարագույն շապիկով ու սև շորտով մի տղա, որն իր թաքնված տեղից կամաց մոտենում էր «փակելու» վայրին, որպեսզի ազատի իրեն, բայց փակողը նկատեց նրան ու «թքեց»: Տղան սկսեց կռվել ընկերների հետ՝ ասելով.

-«Թավը չի», ուշադիր ինձ էիք նայում, ու տեղս իմացավ:

Երբ վերադառնում էի խանութից, տեսա, որ արդեն տղան է հաշվում, իսկ նրա ընկերներից երկուսը կամաց մոտենում են նրան: Տղայի՝ հաշվարկը վերջացնելուց հետո այդ երկուսը միանգամից «թքեցին» իրենց: Ես մտածեցի, որ տղան կսկսի նորից կռվել, բայց ոչ, նա սկսեց փնտրել մյուս թաքնված ընկերներին:

Նայում էի նրանց և հիշում իմ ու ընկերներիս խաղը: Մենք պահմտոցի էինք խաղում ուշ ժամի, որ ավելի հետաքրքիր լինի: Սև շոր էինք հագնում, երբեմն էլ վերնաշապիկներով փոխվում էինք, որպեսզի փակողը շփոթվի ու սխալ անուն արտասանի: Շատ անգամ բակի մեծահասակներն էլ էին միանում, ու խաղն ավելի հետաքրքիր էր ստացվում: Մտորումների մեջ խորացած՝ չնկատեցի, թե ինչպես տուն մտա:

Այդ փոքրիկ միջադեպը երևի հետաքրքիր մի հոդված խլեց, բայց հիշեցրեց իմ մանկությունից մի ուրախ շրջան:

Angelina Karapetyan

Վազք

Առավոտյան նախավարժանքը՝ առողջության երաշխիք

4:30 զարթուցիչը զնգաց: Արագ վերցնում եմ հեռախոսս ու զանգում.

-Շող, արթնացի՛ր:

-Ես էլ ուզում էի քեզ զանգել: Լավ, սպասի՝ զանգեմ մյուս երեխեքին արթնացնեմ:

Նույն կերպ արթնացնում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր վաղ առավոտյան՝ դեռ մութ, գալիս են վազելու, մարզվելու և կոփվելու:

5:30. նստած եմ իմ մշտական քարին, որը դարձել է իմ սպասելու վայրը: Սպասում եմ, մինչև երեխաները գան, որ գնանք: Սովորության համաձայն՝ նրանք միշտ կարծում են, թե ես այդ քարի վրա քնել եմ, և դեռ հեռվից բղավում են.

-Անգե՜լ, արթնացիր, Անգե՜լ:

Ճանապարհի կեսը քայլելով, կեսը՝ վազելով հասնում ենք մարզադաշտ՝ ավելի առույգ մարզվելու համար: Ողջ ընթացքում հումորն ու ծիծաղը չի լքում մեզ, դե, երևի պատճառն այն է, որ մենք իրար հետ մեզ լավ ենք զգում: Եվ ինչպես Շողերն է ասում.

-Հա՛մ մարզվում ենք, հա՛մ մեր կյանքն ենք երկարացնում:

Իսկապես, եթե ուզում ես առողջ, կոփված լինել, մի ափսոսիր առավոտյան քունդ և գնա վազելու կամ պարզապես քայլելու (երկուսն էլ նույնչափ օգտակար են, բայց քայլելն՝ ավելի): Հատկապես այս անտանելի շոգ օրերին առավոտյան մաքուր օդն ամեն ինչ արժե:

Հ.Գ. Ընկերուհիս վազքի միջոցով նիհարել է յոթ կիլոգրամ:

aneta baghdasaryan

Ամառային դպրոց

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ էլեկտրոնային փոստիս մի նամակ եկավ. «Հարգելի Անետա Բաղդասարյան, շնորհավորում ենք, դուք ընդունվել եք ինտերնետ կառավարման հայկական դպրոց»:

Անմիջապես գրեցի Անուշին.

-Ան, լսի, մենք գրանցվե՞լ ենք ինչ-որ ինտերնետ կառավարման դասերի:

-Չէ, Անետ, ես չեմ գրանցվել:

-Լավ, երևի էլի համալսարանի խմբում էին գցել, ես էլ գրանցվել եմ ու մոռացել դրա մասին:

Պարզվեց, որ իրոք մի քանի ամիս առաջ համալսարանի խմբում նկատելով հայտարարությունը՝ որոշել էի գրանցվել:

Դասերի առաջին օրն առավոտյան դուրս եկա տանից և ուղղվեցի դեպի կանգառ: Հեռախոսիս դեռ նամակեր էին գալիս, այս անգամ երգչախմբի երեխաներն էին: Արդեն երրորդ շաբաթն էր, որ պլանավորում էինք քաղաքից դուրս գնալ:

«Բայց այսօր երեկվա համեմատ հով է»,- մտածեցի ես ու մինչև կհասցնեի կապել սպորտային կոշիկներիս արձակված կապերը, կանգառում հայտնվեց ավտոբուսը: Նետվեցի ներս: Ավտոբուսում ինձ սպասում էր մի անակնկալ: Պատուհանի մոտ, հենց այնտեղ, որտեղ միշտ ես եմ կանգնում, կանգնած էի մեկ ուրիշը ու իր տեսքով հասկացնում էր, որ բոլորովին չի պատրաստվում ինձ տեղ զիջել: Շոգն արդեն հարձակվել էր Երևանի վրա:

-Աղջիկ ջան,- հնչեց մի կնոջ ձայն,- ես հիմա կիջնեմ, դու արի նստի իմ տեղը, այստեղ հով է:

Այդ կինն իմ փրկիչն էր: Այդ օրվա երկրորդ անակնկալը խցանումն էր,որի պատճառով ուշացած հասա դասի: Մտնելով դահլիճ` նկատեցի ծանոթ դեմքեր: «Լավ ա, համալսարանից էլ մարդ կա»: Քանի որ ես ինտրովերտ եմ, այդ փաստն ինձ անչափ ուրախացրեց: Մի քիչ անսովոր էր մեկամսյա դադարից հետո նորից դասի գնալ ու լեկցիա լսել: Ինձ ստիպում էի ուշադիր լսել ու չշեղվել: Կամաց-կամաց դասերն ավելի հետաքրքիր էին դառնում: Այնքան նոր տեղեկություն ստացա ինտերնետի և այն կառավարելու մասին: Իմացա, թե ինչպես և ինչի համար է ստեղծվել ինտերնետը: Մեզ բացատրեցին, թե ինչ են կիբերհանցագործությունները և ինչպես պաշտպանվել դրանցից: Հրավիրված էր «Մայքրոսոֆթում» աշխատող մեր հայրենակից Լևոն Հովհաննիսյանը: Նրա դասն ամենահետաքրքիրն էր ինձ համար:

Ժամը հինգին ավարտվեց վերջին խոսնակի դասը և ես դուրս եկա դահլիճից: Այնտեղ ինձ սպասում էր երրորդ անակնկալը:

-Անետ,- հանկարծ լսեցի անունս,- ի՞նչ ես անում այստեղ:

Դա Լաուրան էր, իմ երգչախմբից:

-Լաուր, ես դասերի եմ գալիս, բա դո՞ւ:

-Ես էստեղ աշխատում եմ:

-Լառ, ինչ լավ ա քեզ տեսա, կարոտել էի: Տեսնում ես, չէ՞, էլի չենք կարողանում հարմար օր ընտրել:

-Հա, հեսա 10 հոգով ենք գնալու քաղաքից դուրս:

Լաուրայի հետ զրուցելուց հետո դուրս եկա և ուղղվեցի դեպի կանգառ: Արևը համառորեն չէր պատրաստվում նահանջել: Մի պահ մտածեցի՝ մետրո իջնեմ, հովանամ, բայց ծուլացա ու գնացի կանգառ, այնտեղից ուղիղ մեր տան դիմաց հասնող երթուղայինը նստեցի: Վատ միտք էր: Բարեբախտաբար, երթուղայինում էլ գտնվեց կին-փրկիչ: Նա նստած էր կողքիս և իրեն հով էր անում իր մեծ չինական հովհարով: Այդ հովհարի հովից ինձ էլ հասավ:

Կանգառում նորից համարյա ինձ նետեցի երթուղայինից դուրս և վերջապես հասա տուն: Ընկա բազմոցին ու երևի մեկ ժամ այդպես անշարժ պառկած էի: Մտքում վեր էի հիշում անակնկալներով լի օրն ու իմ փրկիչներին: Վաղը մետրոյով կգամ տուն:

Գյուղական ծանր աշխատանքները

Արդեն ամռան երրորդ ամիսն է, և գյուղական աշխատանքներն ավելի են շատանում ու ծանրանում։ Դեռ հուլիսի կեսերից սկսվել է խոտհունձը և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը։ Գյուղում խոտհունձին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, և թե՛ երեխաները։ Տղամարդիկ հնձում են խոտը, իսկ կանայք հավաքում են այն։ Հիմա, համեմատած անցած տարիների հետ, խոտհունձի գործը մի փոքր թեթևացել է։ Այն մարդիկ, ովքեր ունեն տրակտորներ, խոտհունձը կատարում են դրանցով։ Իսկ նրանք, ովքեր չունեն, ստիպված ամեն ինչ անում են ձեռքով։ Սկզբից գերանդիով հնձում են խոտը, հետո եղանի օգնությամբ հավաքում թափված լասերը և իրար վրա դնելով խոտը՝ ստեղծում են «արվեստի գործ» կամ ինչպես մենք ենք ասում՝ բուլուլ։ Իսկ դրանից հետո այդ «արվեստի գործը» վերածում են մի քանի միջին չափի ուղղանկյունանիստերի։

Երբ առավոտյան կիզիչ արևից աչքերդ ճպճպացնելով նայես սարերին, ապա կտեսնես սպիտակ վերնաշապիկներով և մեծ գլխարկներով մարդուկների, որոնք դժգոհելով կյանքի դժվարություններից և գյուղի ծանր աշխատանքներից՝ հավաքում են արդեն թափված խոտը: Բայց և ոչ բոլորն են դժգոհում, շատերը դա համարում են ապրուստի միջոց և ժպիտով են կատարում այդ աշխատանքները։

Իսկ երեկոյան արդեն կտեսնես արևի ճառագայթներից կարմրած այտերով մարդկանց, որոնք գոհ իրենց կատարած աշխատանքից՝ գերանդին և եղաններն ուսերին՝ իջնում են սարերից։