Artyom Avetisyan

Հարի Փոթերի մոտիվներով

Լյումոս մաքսիմա: Հանդիսավոր երդվում եմ, որ մտքիս լավ բան չկա:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք կախարդական աշխարհների, դպրոցների, մարդկանց և պրոֆեսորների մասին: Անգլիացի մի կին՝ Ջոան Ռոուլինգ անունով, գնացքով Մանչեսթերից դեպի Լոնդոն էր մեկնում, երբ հանկարծ տեսնում է նիհար, կլոր ոսպնյակներով ակնոցով և կայծակնաձև սպիով մի տղայի, որը Ռոուլինգի կարծիքով հրաշագործ էր, իսկ ճակատի սպին ինչ-որ կարևոր նշանակություն ուներ:

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ մեզ շրջապատող մարդկանցից ոմանք, գուցե և հենց մեր ընկերները, մտերիմները և ծանոթները, գաղտնի ապրում և ստեղծագործում են այնպիսի աշխարհում, ինչպիսին Հոգվարթսն է, և որի մասին մենք չգիտենք, չենք էլ կարող պատկերացում կազմել: Չնայած, որ ես երբևէ հմայախոսք չեմ լսել ինչ-որ մեկից և ականատես չեմ եղել նրան, թե ինչպես են գորշ ամպերը կուտակվում, երկինքը՝ մթնում, ինչի արդյունքում էլ դուրս է գալիս «Ինքներդ-գիտեք-ում» խորհրդանիշը, ես կիսով չափ հավատում եմ նմանատիպ հրաշքների, գերբնական ուժերի ու երևույթների:

Հոգվարթս. դպրոց, որտեղ դասավանդում են հրաշագործները, իսկ աշակերտները ընկերասեր և աշխատասեր են, միշտ պատրաստ են իրար օգնելու: Այնտեղ ամեն ինչ հիասքանչ ու հոյակապ է, միայն թե ամեն ինչ խախտվում է այն ժամանակ, երբ հայտնվում է «Ինքներդ-գիտեք-ով»: Ասացի աշակերտներ, հիշեցի: Նրանք տեղաբաշխված են ըստ ֆակուլտետների՝ Գրիֆինդոր, Հաֆլփաֆ, Ռեվենքլո և Սլիզերին: Ասեմ, որ այս 4 ֆակուլտետներից ինձ միայն դուր է գալիս Սլիզերինը, բացի նրանից, որ անունը գեղեցիկ ու տպավորիչ է հնչում՝ Սլիզերինի տան խորհրդանիշը օձն է: Շատ կցանկանայի, որ օրերից մի օր Հոգվարթսից մի բու ինձ նամակ բերեր, հայտնվեի Ծուռտիկ նրբանցքում, հետո Օլիվանդերի խանութից գնեի սեփական կախարդական փայտիկս, կենդանիների խանութից գնեի մի բու, իսկ Գրինգոթս բանկից վերցնեի իմ սեփական և ինձ անհրաժեշտ գումարը՝ գնացքում լիքը քաղցրեղեն և շոկոլադե գորտ գնելու համար: Այնուհետև 9 և 10 համարի կառամատույցների արանքով անցնեի և հայտնվեի 9¾-ում, որտեղից էլ նստեի «Հոգվարթսի ճեպընթացը» և շարժվեի դեպի դպրոց: Ապա դասակարգվեի Սլիզերինում, Ալաստոր Խոժոռի մոտ սովորեի մթին արվեստների դեմ պաշտպանությունը, Սևերուս Սնեյփի մոտ՝ դեղաթուրմերի պատրաստումը, Միներվա Մաքգոնագալի մոտ՝ կերպարանափոխությունը և այլն: Բայց, ցավոք, չեմ կարող դառնալ նրանցից մեկը, որովհետև շուտով դառնալու եմ 17 տարեկան, իսկ դեղաթուրմերի պատրաստման սիրելի ուսուցիչս մահացել է: Անգամ չեմ էլ կարողանում օձերի հետ խոսել, որ գոնե այդ կարողության շնորհիվ ընդունվեի Հոգվարթս: Գիտեմ, սա պարտադիր պայման չէ, բայց էլ ուրիշ ոչ մի ունակություն չունեմ՝ Հոգվարթսում ուսանելու: Նաև ասեմ, որ եթե հիշում եք, իմ սիրելի ֆակուլտետում էր սովորել բոլոր ժամանակների մթին կախարդը՝ Թոմ Մարվոլո Ռեդլը, նույն ինքը՝ Վոլան դե Մորտը, որը միշտ ցանկանում էր աշխարհին տիրանալ և սև մոգությամբ լցնել ամեն ինչ:

Իսկ եթե այս աշխարհն իսկապես գոյություն ունի… Չնայած, եթե գոյություն էլ ունենա, մեզ նման «մագլերը» չեն հավատա, կամ էլ՝ դժվարությամբ կընդունեն՝ բացառությամբ մի քանիսի: Նրանք հաստատ չեն հավատա Մահվան պարգևների, միաեղջյուրների, տնային էլֆերի և փիքսիների գոյությանը:

Ինչպես ասում են մեծն մոգերը՝ լինենք Հարիի պես խիզախ, Ռոնի նման ընկերասեր և Հերմիոնայի պես խելացի:

Խաբեությունը հաջողվեց: Նոքս:

lilit khlghatyan portret

Երկրորդ արևը՝ արևից հետո

Արևը բոլորիս համար էլ մեկն է, այն ջերմացնում է բոլորիս հավասարաչափ և ոչինչ էլ չի պահանջում: Բացի հսկա արևից՝ իմ կյանքում կա նաև փոքր արև՝ մսից և արյունից: Չէ, նա փոքր չէ, ինձնից մեծ է, բայց փոքր է արևից: Ես նրան ընդամենը մեկ անգամ եմ տեսել, այն էլ՝ հեռվից:

Շատ լավ եմ հիշում նրա դեմքը. այդ պահին մեր հայացքները բախվեցին ու մինչև այսօր էլ հիշում եմ այդ պատկերը, որը խնամքով մտապահել է հիշողությունս:

Այնքան ջերմ էր ժպտում, կարծես արևի շողերից պոկված լիներ, այն ժպիտներից, որ ժպիտ են բերում: Եթե գիտությունն այնքան զարգացած լիներ, որ ստեղծեր հզոր տեսախցիկ, որը կկարողանար նկարել հիշողության մեջ մտապահված պատկերները, հաստատ գիտեմ՝ լավ նկար կլիներ: Նկարչական այնպիսի բնատուր շնորհ էլ չունեմ, որ կարողանայի թղթի վրա նկարել, գիտեմ՝ գեղեցիկ կտավ կլիներ: Այնպիսին, ինչպիսին Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան է: Այն պետք է օծված լինի արևի շողերով, որոնք կճառագայթեին ու կջերմացնեին նաև մեզ: Այսօր ավեի հստակ եմ հիշում նրա դեմքը, փոքրիկ աչքերը, գեղեցիկ թուշիկները, ջերմացնող ժպիտը, ձեռքերն իրար վրա դրած կանգնած էր: Շատ եմ ափսոսում, որ չմոտեցա ու չգրկեցի նրան: Արդեն մի 100 գրկախառնություն եմ խոստացել նրան, բայց, ինչ արած, հեռավորությունն է խանգարում:

Երբ սկսեցի Ամալյայի հետ շփվել, սկսեցի լրիվ այլ կերպ նայել և՛ արևին, և՛ լուսնին: Այժմ չափից շատ եմ սիրում գրկել մարդկանց: Իսկ դուք գիտե՞ք, որ նա լացկան է՝ ուրախ արև, որ միշտ լաց է լինում: Բայց նա ուժեղ է, այնքան ուժեղ, որ դիմանում է ամեն տեսակ անարդարությունների, նա ինձ համար չկոտրվող, հզոր կամքի տեր մարդու օրինակ է: Երբ ամեն անգամ հավատով ասում եմ.

-Ա՛մ, լավ կլինի:

Ասում է.

-Հուսանք:

Մեկ-մեկ բարկացնում է, որովհետև ես գիտեմ, որ հաստատ ամեն ինչ լավ կլինի: Հիշում եմ այն օրը, երբ անգլերենի քննության էր: Արդեն կեսօր էր, երբ գրեցի.

-Ամ, ի՞նչ ստացար:

-Լիլ, 20:

Ես հաստատ գիտեի, որ բարձր էր ստանալու, չնայած՝ կրկին ասում էր «հուսանք»: Եթե Ամալյայի մի հոդվածի վերջում չկարդայի, որ ամաչում է առաջինը գրել ու ծանոթանալ, երևի այդպես էլ չծանոթանայինք:

Իմ ամաչկոտ Ամալյային այսօր էլ խոստանում եմ մեկ գրկախառնություն: Ու դա էլ թող լինի 101-րդը: Մի օր իսկապես կգրկեմ այնպես, ինչպես դու ես գրկում բոլորին՝ սիրով լեցուն:

Շղթան, որը տանում է հեռուներ

-Մարալս, մե յար տաղ։

-Ասա, պապի:

-Մե խարց տամ, ընչի՞ ի մկայվա ջահելությունը թողել մեր ճոչ ու խորոտ քաղաքն ու էթալ Էրևան։

Պապիս հարցն իր պատասխանը չգտավ. փոքր էի, ես էլ դրա պատասխանը չունեի։ Երկու օր առաջ եկա Երևան՝ վորքշոփի մասնակցելու համար։ Երևանում հաճախ չեմ լինում ու երբեք քաղաքի անցուդարձին ուշադրություն չէի դարձրել։ Այստեղ կյանքը եռում է, փողոցում կարող ես ինչ տեսակի մարդու ասես հանդիպել, որ իմ քաղաքում երբեք չես հանդիպի: Քայլում էի փողոցներով ու չտեսի հայացքով նայում ամեն պատահածին, իսկ տեսնելով, որ նկատեցին՝ կարմրում էի ու հայացքս փախցնում։ Նստում էի երթուղային, խոժոռ դեմքով հիշում քաղաքս՝ Եղեգնաձորը ու տխրում: Չէ, նրա համար չէ, որ կարոտում էի, պատճառն ուրիշ էր, շատ ուրիշ։ Երևանում քայլում ես՝ ամեն քայլիդ հետ մի սրճարանի դիմաց ես կանգնում, երկու քայլ այն կողմ՝ մի հանգուստի խանութ, երեք քայլ այն կողմ՝ այգի կամ ժամանցի վայր, չորս քայլ այն կողմ՝ մի քանի տասնյակ մթերքի խանութներ: Ամեն վայրկյան մի ավտոբուս է անցնում՝ այն էլ մեջը ասեղ գցելու տեղ չի լինում, ամեն վայրկյան նոր փողոց, նոր անցում, ավտոմեքենաներն էլ մազերիցս շատ են, ի՞նչ կլիներ քաղաքս գոնե մի քանի տոկոսով նման լիներ Երևանին: Չգիտեմ, մտածելու տեղիք է տալիս։

Եկեք քայլենք Եղեգնաձորի փողոցներով։ Ի՞նչ կտեսնես՝ բացի մի տասը հատ հագուստի և մի տասը հատ էլ մթերքի խանութներից: Երեք մանկապարտեզ, երեք դպրոց՝ այն էլ՝ ի՜նչ վիճակներում, մի երաժշտական դպրոց ու մի այգի։ Հասկանո՞ւմ եք, մենք ՀՀ մարզկենտրոններից մեկը լինելով՝ ամենավերջինն ենք բոլոր առումներով։ Երիտասարդների համար չկա մի այնպիսի ժամանցի վայր, որտեղ կկարողանային հանգիստ գնալ, չկան աշխատատեղեր, որ ծնողները չխրախուսեն երեխաներին՝ թողնել իրենց բնակավայրն ու գնալ: Մեր հիվանդանոցն էլ է անմխիթար վիճակում, ինչ-որ բան ճիշտ պարզելու համար պետք է գնաս հարևան քաղաք, գուցե նաև հարևան մարզ, շատ են դեպքերը։ Հա՜, մի կուլտուրայի տուն էլ ունենք՝ Վայոց ձորի միակ տեղը, որտեղ անցկացվում են բոլոր մեծ միջոցառումները։ Այգու կարուսելներն էլ ինձնից ավելի տարիքով են: Մի սրճարան էլ ունենք՝ ժամերով նստիր ու սպասիր. մինչև պատվերդ բերեն, օրը ճաշ կդառնա։ Մտածելու տեղիք է տալիս։ Մի բան էլ եմ նկատել. Երևանում գրեթե բոլորի հայացքները անտարբեր են: Կողքին մարդ մահանա՝ երևի չեն էլ նկատի, դժվար թե պատրաստ լինեն նաև մեկը մյուսին օգնելու: Իսկ Եղեգնաձորում երևի ուրիշ է, բոլորն իրար օգնում են, բոլորն իրար ճանաչում են։

-Բալես, մի արի ստեղ։

-Ասա, պապի։

-Բալես, ինչի՞ են բոլորը թողնում մեր մեծ ու սիրուն Երևանն ու գնում արտասահման…

Մեր ծովը

Մեր գյուղը՝ Լճափը, գտնվում է Սևանա լճի ափին։ Երբ սկսվում են ամառային արձակուրդները, և եղանակները սկսում են տաքանալ, համարյա թե ամեն օր մենք բարեկամներով գնում ենք Սևան։ Չէ’, չէ ոչ թե Սևան, այլ ծով՝ մենք այդպես ենք անվանում մեր Կապույտ ծովը: Իսկ ինչո՞ւ ծով, քանի որ Սևանա լճին մոտ ապրող մարդկանց համար Սևան՝ միայն Սևան քաղաքն է, դրա համար էլ, երբ քաղաքներում ապրող մարդկանց ներկայությամբ ասում ենք, որ իջնում ենք ծով, նրանցից շատերը զարմանում են ու ծռմռում իրենց դեմքը:

Հաճախ մեծահասակները խուսափում են ծովից, իսկ դրա պատճառներից մեկը իրենց վախն է: Շատ եմ լսել մեծերից «Ծովն իր փայը անպայման տանում ա» արտահայտությունը, դա նշանակում է, որ ամեն տարի դժբախտաբար մարդիկ են խեղդվում ծովում: Որքան էլ ցավալի է ընդունելը, դա այդպես է։ Չկա մի տարի, որ չլսենք այդպիսի դեպքերի մասին:


Բայց չհաշված այս ամենին, երեխաներն ու երիտասարդները չեն դադարում գնալ ծով, ինչ արած, ես նույնպես նրանց խմբին եմ պատկանում: Շատ եմ սիրում մեր Սևանը, մեր ծովը, սիրում եմ լողալ կամ էլ ուղղակի նստել ափին ու լսել ալիքների խշշոցը։ Հենց լույսը բացվում է, և եղանակը արևոտ է լինում, ես, քույրս, եղբայրս և հորեղբորս երեխաները սկսում ենք պապիկին համոզել, որ մեզ տանի ծով: Եվ քանի որ բոլորս միասին տխուր դեմքեր ենք ընդունում, նա չի կարողանում մեզ մերժել։ Ծովի ափին մարդիկ ուրախ են, հանգիստ, բայց միևնույն ժամանակ, անհանգիստ և շատ նյարդային։ Չկա մի այնպիսի օր, ոը լճի ափին գտնվելու ժամանակ չլսեմ «Բալա ջան հեռու մի գնա, փորձանքի բուն ա, հո դու գիշերվա երա՞զ չես», «Հերիք ա, դուս արի, քոռնամ ես, կմրսես կհիվնդնաս», «Որ սենց եք անում՝ հեսա կզանգեմ ձեր հորը, ու էլ ծովի երես չեք տենա» խոսքերը:

valentinaChilingaryan

Ապագա սերունդը ապացուցելու բան ունի

«Ես ունեմ այն ամենն, ինչ ցանկանում եմ, բայց դեռ երջանիկ չեմ: Ինչո՞ւ: Երբ ես 4 տարեկան էի, իմ միակ նպատակը մանկապարտեզից մի աղջկա ուշադրությունը գրավելն էր: Երբ դարձա 7 տարեկան, իմ միակ նպատակը Բրյուս Լիի նման կռվելն էր: Երբ ես դարձա 11 տարեկան, իմ միակ նպատակը Հայաստանի բասկետբոլի առաջնությունում (NBA) խաղալն էր: Երբ դարձա 13 տարեկան, իմ միակ նպատակը միջազգային օլիմպիադային մասնակցելն էր: Երբ դարձա 14 տարեկան, իմ միակ նպատակը մեդալ շահելն էր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում և Հայաստանի բասկետբոլի առաջնությունում: Երբ 16 տարեկան էի, կորցրի իմ նպատակը, որի համար արժեր պայքարել: Կորցրել էի կյանքի հանդեպ հետաքրքրությունը: Սկսեցի հարցեր տալ ինքս ինձ, որ հասկանամ՝ թե ինչ եմ ուզում կյանքից: Շատ փոփոխություններից հետո ես դուրս եկա սթրեսից, դա մեծ հաջողություն էր»: Արա Մամբրեյանը 18 տարեկան է, աշխույժ և տարօրինակ տղա, որը հաճույք է ստանում լեգոներով խաղալուց ինչպես երեխան: Հաճախ է ասում, որ չկա որևէ տարիք, երբ կդադարի խաղալ լեգոներով: Չնայած երեխայական ցանկություններին, խոստովանում է, որ ապագայում կուզենա ունենալ 2 կամ 4 երեխա, որովհետև պաշտում է երեխաներին. նրանք իր կյանքը լցնում են երջանկությամբ: «Երբ ես երեխա էի, ինձ հրավիրել էին կինոյում խաղալու, բայց ես մերժեցի: Հիմա՛ր»: Չնայած իր տարիքին՝ արդեն 6 անգամ հաղթել է միջազգային գիտական օլիմպիադաներում և 5 անգամ Հայաստանի բասկետբոլի առաջնությունում նվաճել է մեդալ` խաղալով ազգային հավաքականում: Նա Հայաստանի պատմության մեջ առաջին մարդն է, ով 1 տարվա մեջ 4 տարբեր մեդալ է նվաճել: Ավարտելով Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը՝ սեփական ուժերով ընդունվել է Քեմբրիջի համալսարանի բակալավրիատի գիտությունների բաժինը: «SAT»-ի և «TOEFL»-ի քննությունները Հայաստանում հանձնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատրաստվել է հարցազրույցին՝ Քեմբրիջ ընդունվելու համար: Հիմա Արան ունի մեր օժանդակության կարիքը, կա ֆինանսավորման խնդիր, իսկ հայ տաղանդին ձեռք մեկնելու համար յուրաքանչյուրս պետք է փորձենք օգնել նրան գումար գտնելու գործում: Գուցե տարիներ հետո հենց նա մեր երկրին օգնի բարելավել կրթության կամ որևէ այլ ոլորտ: Արան արդեն ապացուցել է, որ տաղանդավոր է, այժմ մեր հերթն է լուսավորելու Քեմբրիջի ճանապարհը նրա համար: Արան այժմ չունի հիմնական նպատակներ, բայց ունի ցանկություններ: Ուզում է դառնալ լավ մարդ՝ ավելի խելացի և ինքնավստահ, ավելի հանդուրժող և քաղաքակիրթ:

Lusine atanesyan

Էլի կարկուտը

Երբ սկսվում են ամառային արձակուրդները, ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ պետք է լվանանք գորգերը: Մի քանի օր առաջ այդ օրն էր: Եղանակը շատ տաք ու արևոտ էր, որոշեցինք վերջում ջրոցի խաղալ (չնայած՝ լվանալու ընթացքում էլ խաղում էինք): Երբ մնացել էր երեք գորգ, մեր հարևանուհին ասաց, որ արագ վերջացնենք, քանի որ տեղումներ են սպասվում: Ուրախացանք, քանի որ դաշտերին ջուր էր անհրաժեշտ:

Որոշ ժամանակ անց եղանակը ցրտեց, ես ու մայրս արագ-արագ լվանում էինք գորգերը, որ անձրևի տակ չմնան: Արդեն վերջին գորգն էինք լվանում, երբ անձրևը սկսվեց, և մենք պատսպարվեցինք պահեստում (այն ավելի մոտ էր): Ժամը 16:10-ից հետո մոտ 10-15 րոպե կարկուտ էր գալիս: Ողջ գետինը ծածկված էր կարկուտի հաստ շերտով, իսկ երբ կարկուտը դադարեց, բոլորով վազեցինք դուրս: Ողջ ճանապարհի երկայնքով ջուր էր հոսում: Առվի ջուրը դուրս էր եկել հունից և լցվում էր մեր հարևանուհու գոմը: Ես գյուղացիներին երբեք այդպես համախմբված չէի տեսել, յուրաքանչյուրը փորձում էր օգնություն ցուցաբերել: Այնպիսի ջուր էր հոսում, կարծես ջրհեղեղ լիներ:

Երբ ջուրը կարողացան կտրել, բոլորը վազեցին իրենց այգիները, իսկ այնտեղ ոչինչ չէր մնացել: Մարդիկ շատ հուզված էին, ամբողջ տարվա աշխատանքը հօդս էր ցնդել մեկ վայրկյանում: Շատերը վարկեր էին վերցրել, սերմ գնել, իսկ հիմա ոչինչ չկա, ի՞նչ պետք է անեն: Ծառերի միայն ճյուղերն են մնացել, բանջարանոցներում միայն ցողուններ են երևում: Հետո իմացանք, որ հեղեղը տատիկենց տուն էլ է լցվել, ողջ տունը, այգին ջրի մեջ էին: Կարկուտի հարվածներից մեր հարևանուհու տան մոտակայքում նույնիսկ օձ էր սատկել: Մորեղբայրս վերանորոգում էր տունը, և տանիքը այդ պահին կառուցած չէր. կարկուտը լցվել էր տուն:

Երկու օր է, ինչ գյուղում բոլորը տխուր են, նյարդայնացած: Ոմանք առևտուր են արել այն մտքով, որ աշնանը լոբիով կամ կարտոֆիլով կվճարեն, սակայն ոչինչ չկա: Կարկուտն այնքան ուժգին էր, որ կոտրել է փայտերը, որոնց վրա փաթաթված էին լոբիները, նույնիսկ կտրվել էին հոսանքի լարերը:

Նման իրավիճակ է ոչ միայն մեր Անգեղակոթ  գյուղում, այլև Շաղատում, Սիսիանում ու Բալաքում: Մարդկանց միակ սփոփանքն այն է, որ դաշտերի բերքը (ցորեն, գարի, հաճար) այդքան շատ չի վնասվել:

gohar hakobyan (ararat)

Ծիրանի տարի

-Լավ տարի ա, ծիրանի տարի ա…

Մայրիկիս հորեղբայրը ծիրանի մեծ այգի ունի: Արդեն սկսվել է ծիրանահավաքը: Մեր՝ Նորաշեն գյուղում, շատ են ծիրան աճեցնում:
Հորեղբայրս արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է այդ գործով: Իսկ երբ հմտանում ես, բնական է, հետո դժվար է այդ գործից հրաժարվելը: Այդպես է ոչ միայն արհեստում, այլև գյուղատնտեսության մեջ:
Ես մեծ ուրախությամբ ու հաճույքով եմ հետևում ծիրանը քաղելու և արկղերում շարելու ընթացքին: Գուցե ինձ հետ չհամաձայնեք, բայց ծիրանի հետ աշխատելը շատ հաճելի է: Դաշտում աշխատող տրակտորների, բերքը տեղափոխող մեքենաների ձայնը կարելի է լսել անգամ տանից: Ամեն անգամ դաշտ գնալու ճանապարհին կարելի է հանդիպել նույն աշխատանքով տարված մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում արդյունքի հասնելու համար: Դե, սա է գյուղացու ապրուստը: Հանդիպում եմ նաև բեռնատարների, որոնք ծիրանը տանում են երկրից դուրս:
Հետաքրքիր է, չէ՞. ծիրանը միրգ է՝ չունի բերան, լեզու, որ խոսի, աչքեր, որ տեսնի, բայց հաջողակ է, ճանապարհորդում է տարբեր երկրներ, ու նրան բոլորը սիրում են:
Մինչ բեռնատարին հասնելը, ծիրաններն առանձնացվում ու շարվում են արկղերի մեջ, հետո նոր մեկիկ-մեկիկ դասավորվում բեռնատարի մեջ:
Հորեղբայրս հաճախ է ասում, որ լավ բերք ստանալու համար պետք է շատ աշխատել: Իսկ մենք հիմա արդեն տեսնում ենք նրա լավ աշխատանքի արդյունքը:

Այգեպանի խորհուրդները

-Զորի՛կ պապ, գոնե լավ գումար լինո՞ւմ ա էս ծիրանից:

-Չէ հա, բալես, լավ փողը էն «ֆուրատերերինն» ա: Ես իմ տարվա ծախսն եմ հանում:

-Է, բա մի քանի գյուղացիներով միացեք, մի հատ «ֆուր» առեք:

-Լավ ասիր: Բայց, դե միշտ հիշի, ինչքան շատ բան ունես, էդքան էլ ավել խնդիրներ ունես: Ես էս դաշտն ունեմ, ու իմ խնդիրներն ինձ հերիք են։

Երևի արդեն հասկացաք, որ գնացել եմ սեզոնային աշխատանքի, ծիրան եմ հավաքում։ Դաշտատերը շատ լավ մարդ էր, և արդյունքում մենք սկսեցինք ջերմ զրույց վարել:

Առաջին հայացքից շատ հասարակ բան ասաց՝ ինչքան շատ բան ունես, էդքան էլ ավել խնդիրներ: Երբ մի քիչ մտածեցի, հասկացա, որ իրոք, եթե քիչ բան ունես, բայց քեզ բավարարում է, խնդիրներդ էլ են քիչ, սակայն, երբ չես բավարարվում և ավելին ես ուզում, խնդիրներդ ավելանում են։
-Ուրեմն մի անգամ մի միլիոնատեր եկավ մեր գյուղ, ուզում էր բիզնես դներ, իմ իմանալով, մինչև 50 մլն եվրո ներդրում էր պատրաստվում անել։ Մի օր էլ իրար հետ խոսում էինք, ասեց թե՝ Զորիկ պապ, դու ինձնից հարուստ ես, ասի թե՝ ոնց, այ տղա, դու էսքան փող ունես, ես իսկի 50 մլն չեմ տեսել: Ասեց՝ չէ, Զորիկ պապ, դու ավելի հարուստ ես, որովհետև գիտես բավարարվել, դու էդ դաշտովդ էլ շատ լավ ապրում ես, իսկ ինձ իմ միլիոններն էլ են քիչ։ Տենո՞ւմ ես, տղես, ասածս հենց էս ա, որ պտի միշտ ձգտես բավարարվել քոնով, որովհետև Աստծուն էլ հաճելի չի, երբ իրա տվածը դու քիչ ես համարում։ Բա դու ի՞նչ ես ուզում դառնալ։
-Ուզում եմ ճեմարան ընդունվել, Զորի՛կ պապ։
-Ապրես դու։ Էս եկեղեցին տենո՞ւմ ես։ Հենց կառուցվի, կգամ քեզ կբերեմ ստեղ։

Այդ եկեղեցին էլ Այգեզարդ գյուղում էր կառուցվում, ու հողատարածքը Զորիկ պապինն է եղել: Պատմեցին ինձ գյուղացիները, քանի որ Զորիկ պապը էլի համեստություն արեց ու չհպարտացավ իր ներդրումով։

Mariam barseghyan

Այլ աչքերով

Ես ապրում եմ Լոռու մարզում՝ քաղաք Վանաձորում: Ամեն ինչի մեջ տեսնում եմ գեղեցիկը, և եթե հարցնես ինձ՝ ինչպիսին է իմ մարզը, ես կասեմ, որ նման հիասքանչ վայր աշխարհի վրա չկա: Իրականում այդպես էլ կա. Լոռու մարզն ունի դրախտային բնություն, բարձր լեռներ, պատմամշակութային կոթողներ և այն ամենը, ինչը հարկավոր է ինձ այն հիասքանչ համարելու համար:

Բայց երբեմն փորձում եմ իրերին նայել այնպես, ինչպես դրանք կտեսնեին ուրիշները: Օրինակ՝ երբ Լոռու մարզին նայում ես շինարարի աչքերով, տեսնում ես, որ նա այստեղ աշխատանք չունի, իսկ եթե ունի, ապա քիչ է վարձատրվում: Իր ընտանիքին ֆինանսապես լիարժեք ապահովելու միակ միջոցը արտագնա աշխատանքն է: Այս խնդիրը կա ամեն տեղ, բայց Լոռու մարզում արտագնա աշխատանքի մեկնողների ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է: Եթե շարունակես նայել այդ նույն շինարարի աչքերով, ապա կտեսնես, որ նա համաձայնում է աշխատել այլ մարզերում՝ ցանկացած աշխատավարձի դիմաց, կտեսնես, որ նա մի քանի տեղ արդեն դիմել է աշխատանքի համար, բայց նրան ասել են, որ տեղ չկա:

Եթե նայես Լոռու մարզին Երևանից Վանաձոր գնացող վարորդի աչքերով, ապա կզգաս, թե ինչ մեծ բավականություն է նա ստանում, երբ արդեն դուրս է գալիս Լոռու մարզից: Կզգաս, թե ինչպես են նրա ձեռքերը համեմատաբար թուլանում և լարվածությունն անցնում է: Կնկատես, որ ղեկը նրա ձեռքերում ավելի քիչ է կտրուկ շարժումներ կատարում: Իսկ գիտե՞ս՝ ինչու է այդպես: Պատճառն այն է, որ Լոռու մարզում մի փոսը շրջանցելու համար պետք է մեկ ուրիշ փոսի մեջ ընկնես: Եվ ցավալին այն է, որ ճանապարհները այդպիսին են Լոռու մարզի մարզկենտրոնում, Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում: Շարունակելով նայել վարորդի աչքերով, կտեսնես, որ Վանաձորում վարելն էլ մի բան չէ, մանավանդ, եթե նոր ես սովորում: Դե, բացատրի՛ր, ինչպե՞ս վարորդը հասկանա՝ պետք է անցնի, թե ճանապարհ տա հետիոտնին, եթե քաղաքի կենտրոնական փողոցներում լուսակիր էլ չկա: Լուսակիրների բացակայության մասին բողոք կարող ես տեսնել յուրաքանչյուր վանաձորցու աչքերում: Դե լավ, չափազանցրի, աչքերում չես տեսնի, բայց եթե հարցնես, հաստատ կբողոքի:

Եթե մեր մարզին նայես Վանաձորի Դիմաց թաղամասում ապրող տնային տնտեսուհու աչքերով, ապա կտեսնես, թե ինչպես է նա ամեն անգամ ծորակին մոտենալիս զայրանում, որ էլի ստիպված պետք է ջուր տաքացնի սպասքը լվանալու համար, քանի որ ջուրը շուրջօրյա չէ: Եվ նման զայրույթ կտեսնես Լոռու մարզի շատ քաղաքներում և գյուղերում:

Եթե մի օր գաս Լոռու մարզ, գնա գյուղ Արջուտ: Այնտեղ կարող ես տեսնել Լոռու մարզի և ընդհանրապես՝ ամբողջ Հայաստանի բոլոր խնդիրները: Կտեսնես թե՛ աշխատանքի, թե՛ արտագաղթի, թե՛ ջրի, գազի, թե՛ ճանապարհի և այլ խնդիրները: Եվ եթե գնաս այնտեղ, մեծ դժվարությամբ կգտնես բնակելի տներ և մշակված հողամասեր: Նույնը կտեսնես այլ գյուղերում նույնպես:

Երկրի զարգացման համար պետք է ծաղկեն նրա քաղաքներն ու գյուղերը: Իսկ մարզը չի կարող ծաղկել, եթե նրա խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում:

tatevikChukhuryan

Գրադարանի մեր հարկը

-Արի մի հատ երկրորդ հարկ իջնենք, էլի, Տա՛թ, գիրք ունեմ հանձնելու,- ասում է Մելինեն ու առանց սպասելու, որ համաձայնությունս տամ՝ քաշում ձեռքիցս ու տանում:

-Ո՜ւֆ, էլի էդ երկրորդ հարկը,- հազիվ հասցնում եմ պատասխանել ես, ու գնում եմ նրա հետևից:

Մեր համալսարանի երկրորդ հարկի գրադարանը շատ մռայլ է: Միգուցե գրադարանավարուհիների տխուր և հոգնած դեմքերն են սենյակին այդպիսի տրամադրություն հաղորդում, կամ էլ պատուհանների դիմաց շարված գրապահարանները, որ փակում են արևի մուտքը սենյակ: Դեռ չենք պարզել: Էդ պահարաններում հարյուրավոր գրքեր կան, գուցե հազարավոր, բայց թիվը կապ չունի, որովհետև ինչ գիրք էլ հարցնես, իրենք գրեթե միշտ կասեն «Չկա, չունենք» կամ էլ` «Ունենք, բայց մենակ ռուսերենն ա»՝ վստահ, որ դու, միևնույնն է, ռուսերենը չես ուզելու:
Էդ օրը էլի սովորականի նման ես ու Մելինեն պիտի չորրորդ հարկ գնայինք: Համալսարանական մեր օրերը չորրորդ հարկից են սովորաբար սկսվում: Բայց մինչ չորրորդ հարկը՝ մի կարճատև այցելություն պետք է կատարեինք երկրորդ հարկ: Այս անգամ ես էի մեղավոր: Մենք երկուսս էլ չէինք ուզում մտնել այդ մռայլ սենյակը, մանավանդ՝ ատամս էլ ցավում էր: Վերջապես հասանք:
-Բարև Ձեզ, «Աննա Կարենինան» ունե՞ք,- հարցնում եմ ես:
-Ունենք, բայց ռուսերենով,- առանց հայացքը համակարգչի էկրանից հեռացնելու՝ պատասխանում է գրադարանավարուհին:
-Մեզ հենց ռուսերենն էլ պետք ա,- ասում եմ ես, ու մյուս գրադարանավարուհին գնում է գիրքը բերելու:

Մոտ երկու րոպեից վերադառնում է՝ «Կարենինայի» առաջին հատորը ձեռքին: Գիրքը տալիս է ինձ, բայց Մելինեն էլ էր, չէ՞ ուզում:
-Կներեք, կարո՞ղ է նույնից էլի լինի,- վախեցած հարցնում է Մելինեն:

Համակարգչի դիմաց նստածն էս անգամ չի ալարում, նայում է մեզ ու բարկանում.

-Չէի՞ք կարողանում միանգամից ասել: Հիմա էս կինը ձեզ համար նորից պիտի հասնի էնտեղ, գիրք բերի՞:
«Էս կինը» գնում է, սար ու ձոր ընկնում, հոգնած վերադառնում ու հազիվ շունչ քաշելով՝ մեզ է հանձնում ևս մեկ «Աննա Կարենինա»:
Գրքերը ուսանողական տոմսերի վրա գրանցելուց հետո ես ու Մելինեն թողնում ենք մռայլ սենյակն ու բարձրանում չորրորդ հարկ: Չորրորդ հարկի գրադարանը մռայլ չէ, լուսավոր է: Երևի գրադարանավարուհիների ջերմ ու բարի հայացքներն են սենյակին այդպիսի տրամադրություն հաղորդում: Կամ էլ պատճառն այն է, որ էստեղ պատուհանների դիմաց գրապահարաններ չկան: Դա էլ չենք պարզել: Չորրորդ հարկը կարծես մեր երկրորդ տունը լինի: Պարզապես սենյակների փոխարեն այստեղ սեղաններ են: Ամեն մեկն իր սեղանն ունի, բայց ոչ ոք չի բարկանում, երբ մինչ իր հասնելը ինչ-որ մեկն արդեն զբաղեցրել է իր սեղանը: Ոչ ոք՝ բացի ինձանից: Հերթական անգամ մտնելով ու տեսնելով, որ մեր սեղանն ազատ է՝ ես ու Մելինեն շտապում ենք պայուսակները սեղանին դնել ու, վերցնելով ուսանողական քարտերը, մոտենում ենք գրադարանավարուհուն: Չորրորդ հարկն ընթերցարան է: Այնտեղից գիրք տուն տանել չենք կարող, բայց դա մեզ բնավ չի տխրեցնում:
-Բարև Ձեզ, Շիլլերի «Սեր և խարդավանքը» տեղո՞ւմ է,- ալարելով հարցնում եմ ես:
-Հա, իհարկե, հիմա կբերեմ,- ասում է գրադարանավարուհին ու չնայած գիտի, որ ես գրքի տեղը գիտեմ ու հեշտությամբ կարող եմ գնալ և վերցնել՝ շտապում է գիրքը բերելու: Ափսոս, երկրորդ հարկում էլ հնարավորություն չկա գիրքը վերցնելու, թե չէ մենք «էն կնոջը» էդքան չէինք վազեցնի: Մի քանի րոպեից Շիլլերը ձեռքերիս մեջ էր:
-Բա ինչի՞ ես ջղայնացած,- հարցնում է գրադարանավարուհին:
-Չէ, ջղայնացած չեմ, ուղղակի ատամս է ցավում:
-Ո՞նց թե ատամդ ցավում է, շատ ուժե՞ղ է ցավում: Սպասի, հիմա դեղ կտամ,- ու «անալգինը» դնելով ափիս մեջ՝ ավելացրեց,- դիր ատամիդ վրա: Կարող ես կեսը դնել, կամ էլ ամբողջությամբ, եթե դառնությունից չես նեղվում:

Ես, իհարկե, դառնությունից նեղվում էի, բայց ատամի ցավից՝ ավելի շատ, դրա համար էլ ամբողջությամբ դրեցի, ու ես և Մելինեն զբաղեցրինք մեր տեղերը: Կարդացինք: Մեր գրադարանի ժամերը սպառվեցին: Շիլլերը պիտի իր տեղը վերադառնար: Ատամիս ցավն էլ էր սպառվել: Գրքերը հանձնեցինք: Բայց գրադարանավարուհին չէր մոռացել ու հարցրեց.
-Բա ատամիդ ցավն անցա՞վ:
-Հա, բա ոնց: Հետաքրքիր է՝ մեզ երկրորդ հարկում նույնիսկ գիրք չէին ուզում տալ, իսկ դուք էստեղ ատամի ցավ էլ եք բուժում: