Սարսափ-ֆիլմի վախճանը

Դու հիմա երևի ինչ որ սրճարանում սուրճ ես խմում: Երևի հաղթահարում ես, մեջդ կուլ տալով, մտքումդ հայհոյելով հետպատերազմյան ցավն ու սարսափը, մինչդեռ դրա հետքերը շատերի կյանքում հավերժ մնալու են։ Իսկ երբևէ լսե՞լ ես սարսափ ֆիլմի վերջում ինչ որ սպասված happy end-ի մասին: Ո՞չ, ես նույնպես չէի լսել, մինչև որ ընկերներս դարձան ֆիլմի գլխավոր հերոսները:

27.09. 2020 – սարսափ ֆիլմի սկիզբը

Հենց առաջին օրը իրեն՝ նույն մեր հերոսին, իր ջոկի հետ բարձրացնում են Թալիշ` պաշտպանության: Բայց ավաղ, ուշացած: Թալիշն արդեն գրավված էր։ Ի՞նչ էր մնում անել` փորձել հետ գրավել։ Գրողը տանի, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական ժամանակաշրջանում 18 տարեկան զինվորը ի՞նչ պետք է աներ, երբ օդում իր քաշի ու իր տարիքի զենքեր էին պտտվում ու թափվում գլխին։ Երբ երկինքը ինչ որ լուսավորությամբ էր պատվում, բայց ոչ հրավառության։

-Տղերք, պառկեք,- բղավում է ընկերս, ու հանկարծ 10 մետր աջ ինչ որ բան ընկնում ու ավիրում է ամեն ինչ: Փրկվում են, փրկվում է, մեռնում, նորից ծնվում է: Մինչդեռ տանը ու իրեն սպասողների համար ինքը քնած է, կամ ապահով մի տեղ նստած… Ծիծաղելի է, կամ ոնց ասում են. «Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»:

Օր 2

Ոտքը դուրս է դնում շենքից, վազում ու հանկարծ պայթում է շենքը։ Նա ամբողջ զորամասի, ամենավերջին վաշտի, ամենավերջին դասակի, ամենավերջին զինվորն էր: Բայց սա էլ դեռ վերջը չէր:

Օր 3, դիրքեր

Մինչ մենք Երևանի կենտրոնում ուտելիք էինք հավաքում էն հույսով, որ դրանցից մեկը կհասնի իրենց՝ զուգահեռ իրականությունում մի շաբաթ առանց ջուր ու հաց նրանք դիմացել են: Վերջին հույսը անձրևն էր, էն էլ երկինքն էլ էր հրաժարվել էս մի բուռ ազգից:

Հոկտեմբերի 1

Մի ամբողջ դիվիզիայի հարձակում: Բայց դե ի՞նչ կռիվ, երբ զենքն էլ է վերջանում: Էդ պահին ոչինչ  չի մնում, քան հավատը: Հավատը, որ մի օր էս ամեն ինչը կվերջանա։ Այդ պահին կողքը մի մեծ քարին է փամփուշտը հարվածում: Քարին, ոչ թե իր գլխին: Մտքում միայն ասում է. լավ պրծա:

Հոկտեմբերի 2

Ընկնում են շրջափակման մեջ: Երբ ողջ մնալու հավանականությունը 0,001 տոկոս է, գլխում մի բան է միայն պտտվում. «Մամայի ծնունդն ա»…

Բայց դե մեր Վահագնը բախտավոր աստղի տակ էր ծնվել: էս անգամ էլ են փրկվում:

Հոկտեմբերի 3` սարսափ ֆիլմի ամենավատ մասը,  կամ վերջից 5 պակաս

Կորցնում է զինակից ընկերներին աչքի առաջ: Հետո ինչ որ ուժեղ գմփոց, ու գերաններն ընկնում են վրան: Ավիացիան էր ռմբակոծում, ու հարվածի պատճառով վիրավորվում է: Բան չէր մնում անել, քան դուրս գալ ավերակների տակից ու վազել։ Ուժասպառ էր, միայն մի խոսք էր գլխում. «Դե խփում եք` խփեք, էլ չեմ կարում»:

Որոշ ժամանակ անց հասնում է օգնությունը: Իզուր չի, որ ապագա բժիշկ է: Մինչ կօգնեին, ինքն է իր վերքը մշակում: Ու շարունակում է կռվել, մինչև վերջ կռվել էն հողակտորի վրա, որին մենք մեր գրքերում հայրենիք ենք կոչում։ Ու երբ մարում է ապրելու հույսը, հիշում է, որ հարյուրավոր կիլոմետրեր էն կողմ մարդիկ կան, որ ամեն վայրկյան սպասում են: Ներսում խեղդելով կորցնելու վախը, ուղղակի լուռ սպասում են:

Իսկ սարսափ ֆիլմի HAPPY END-ը այն է, որ մեր Վահագնը փրկվում է, վերածնվում է նորից, որովհետև իր փրկությամբ նա դեռ հարյուրավոր կյանքեր պետք է փրկի:

Որովհետև իր փրկվելով, փրկելու է շատերին։

…Իսկ վերածնված տղաների վերադարձը հավաստումն է նրա, որ կյանքը սիրուն է ու «դատապարտված է» շարունակվելու:

Սպասիր ինձ

Ներծծվեց հողում՝ արյունս զուլալ

Մայրս էլ հեռվում, կորուստս կուլար….

Սիրակ Ազիզյան

 

Այժմ շատ են հնչում այնպիսի խոսքեր, թե մեր օրերում չեն հանդիպում գրական աշխատանքով զբաղվողներ և չունենք ժամանակակից գրողներ։

Պարզելու համար, թե ինչու է այսպիսի կարծրատիպ ձևավորվել, զրուցել եմ մերօրյա գրող, «Սպասիր ինձ» բանաստեղծական ժողովածուի հեղինակ Սիրակ Ազիզյանի հետ:

 

-Սիրա՛կ, մենք գիտենք, որ Դուք ստեղծագործում եք և արդեն ունեք տպագրված գիրք։ Կասե՞ք` երբ հասկացաք, որ ունեք ստեղծագործական ջիղ և ո՞ր տարիքից եք սկսել գրել։

- Դեռ դպրոցական տարիքից զգացել եմ, որ ունեմ ստեղծագործական ունակություն, բայց կարելի է ասել, չէի համարձակվում մտքերս թղթին հանձնել։ Գրել սկսել եմ 2017թ. Մոսկվայում։ Աշխատանքի վայրում էի, երբ հետաքրքիր տողեր եկան մտքիս և որոշեցի դրանք պահպանել հեռախոսի մեջ, այնուհետև հրապարակեցի նաև սոցցանցերում։ Այդ ժամանակ 22 տարեկան էի։

- Հիշո՞ւմ եք առաջին ստեղծագործությունը, ո՞րն էր թեման և ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը:

- Իհարկե, առաջին գիրս միշտ  հիշողությանս մեջ է, այն հայրենասիրական էր։ Քառօրյա պատերազմից շատ ժամանակ չէր անցել, և կարելի է ասել, վերքերը դեռ թարմ էին. կորցրել էի հրամանատարիս և ինձ հետ ծառայող շատ ընկերների։ Ուստի այս ամենը պատճառ հանդիսացավ, որ առաջին տողերս լինեն հայրենասիրական:

- Ուսումնասիրելով Ձեր ստեղծագործությունները, նկատելի է դառնում, որ դրանք բազմաբովանդակ են և տարաբնույթ, այնտեղ ներառված են թե՛ հայրենասիրական, թե՛ սիրային, թե՛ բնությանը նվիրված և այլ թեմաներ։ Կասե՞ք` ինչով է պայմանավորված այդ հանգամանքը: 

- Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, մտքերս են այդպիսին։ Ինքս էլ հաճախ մտածում եմ այն մասին, թե երբ որոշեմ բոլոր ստեղծագործություններս մեկ գրքում ներառել, ինչպես կանվանեմ այն, քանի որ իսկապես, միմյանցից շատ տարբեր թեմաներով եմ ստեղծագործում։

- Իսկ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

- Ներշնչանքի աղբյուր որպես այդպիսին, կարող եմ ասել` չկա, հիմնականում ստեղծագործում եմ զգացողություններիցս ելնելով։ Այսինքն, գրում եմ այն, ինչ թելադրում է միտքս։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հասարակությունը համարում, թե այժմ գրականությունը չի զարգանում, և  չկան ժամանակակից գրողներ:

- Իմ կարծիքով, գրողներ միշտ էլ եղել են, ամեն սերնդի մեջ։ Սակայն հարկ է նշել, որ մեզնից ավագ սերնդի գրողները ավելի հանճարեղ են եղել և բնականաբար, գրականությունն էլ ավելի մեծ թափով է զարգացել, քան այժմ։ Բայց ժամանակակից գրողներ իհարկե շատ կան։

- Ո՞վ է Ձեզ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը և գրողը, ում հետ կցանկանայիք ճաշել։

- Ինձ համար բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծը մնում է Հովհաննես Շիրազը։ Նրա ստեղծագործություններում ես վերագտնում եմ ինձ։

Իսկ գրող, ում հետ կցանկանայի ճաշել, երևի թե չեմ կարող առանձնացնել, առհասարակ կուզենայի մի մեծ սեղանի շուրջ միաժամանակ նստել մի քանի գրողների հետ՝ Թումանյան, Շիրազ, Սահյան, Տերյան, նրանք ըստ իս, լավագույններից են։

- Շփվո՞ւմ եք ներկայիս գրական միջավայրի հետ, ի՞նչ լավ և վատ գծեր եք տեսնում երիտասարդ գրողների շրջանում:

- Բավականին լայն շփման շրջանակ ունեմ ներկայիս գրական աշխարհի ներկայացուցիչների հետ, անգամ ճանաչում եմ նրանցից յուրաքանչյուրի գրական ձեռագիրը։ Վատ գծեր չեմ կարող նշել, բոլորի հետ էլ հաճելի է թե՛ շփվելը, և թե՛ ստեղծագործելը։

- Ինչպիսի՞նն եք Դուք որպես գրող. ռոմանտի՞կ, թե՞ ռեալիստ, և ինչպիսին եք կյանքում։

- Կյանքում և՛ ռեալիստ եմ, և ռոմանտիկ, դա կախված է տվյալ իրավիճակից։ Իսկ որպես գրող, չէի ասի, թե ռոմանտիկ եմ։

- Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:

- Եթե հարցը ընկալենք որպես գրական աշխարհի նվաճում, ապա ամենամեծ նվաճումը եղել է առաջին գրքիս հրատարակումը, որը տպագրվել է 2018թ. Սոնիա Խաչատրյանի հովանավորությամբ։ Իսկ կյանքում ունեցած ամենամեծ նվաճումը՝ «հայր» կոչումը։

- Հաջողության Ձեր բանաձևը:

- Ամեն մարդու հաջողության բանաձևը իր ձեռքերում է, իր գլխում և մտքում։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանասիրաբար և ինքնամոռաց աշխատել։ Հավատալ սեփական ուժերին, և ամենակարևորը, վստահել ինքդ քեզ։ Ինձ համար դա է հաջողության գրավականը

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գրողներին, և ինչո՞ւ ոչ, նաև Ձեր ընթերցողներին։

- Խորհուրդս երիտասարդ գրողներին այն է, որ միշտ շարունակեն իրենց գրական աշխատանքը և երբեք չդադարեն ստեղծագործել։ Իսկ ընթերցողներիս կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, որ միշտ ընթերցում և իրենց գնահատականն են տալիս յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ։ Ինձ համար յուրաքանչյուրի կարծիքը խիստ կարևոր է,  լինի թե՛ դրական, և թե՛ բացասական:

Կորած երազներ

Ինքն էր ու իր պատշգամբը։ Անցորդները նրան լավ գիտեին։ Ավելի ճիշտ՝ գիտեին, որ նա կա, եղել է ու մնում է այդտեղ, ինչպես մի կենդանի հուշարձան՝ խիտ ու մազերի պես ճերմակ բեղմորուսի տակ թաքցրած, ասես դարբնի մուրճով կոփած՝ կոշտ ու կոպիտ դեմքով, որի վրա տարիները այրվող շիկահողի մարգերին նմանվող ակոսներ էին բացել։ Ու կապույտ, խորը աչքերով։ Անցորդները նրանից առնելու, ինքը՝ տալու ոչինչ չուներ։ Եղածը մի մեղմաժպիտ բարև էր, որ բաժին էր հասնում ամեն անցնողին։ Ոչինչ, որ չգիտեին՝ ի՞նչ է այդ «Բարև»-ը։ Ինքը գիտեր, ինքն էլ տալիս էր։

Հետո մի քանի օր նրան միայն երեկոները տեսան իր տեղում։ Իսկ լույսը բացվելուն պես, մինչև երեկո, գովազդային վահանակի նմանվող, տախտակին ամրացրած մի թուղթ էր հայտնվում պատշգամբում, վրան անցորդների համար անհասկանալի ինչ-որ բան էր գրված.

«Բարև, ա՛յ մարդ»։

Ուսանող թոռն էր շեղել պապին իր գործից։ Մի օր եկել էր ու կատակել, ի՞նչ կատակել, ախր, ի՞նչ իմանար, որ պապի ուշքն ու միտքն էն աշխարհից կտրել, բերել կպցրել էր նրա համար անսովոր ու այնքան քաղցր հնչող բառերին։ «Ազատ ունկնդիր» ասել էր թոռը, «ի՞նչն է ուշ» ասել էր, էլի բաներ էր ասել, բայց չէր հիշել, և ի՞նչ կարևոր էր հիշելը, «ազատ ունկնդիր» չէ՞ր, էդպես էր, ուրեմն էդպես։ Էլ ի՞նչ ետ կանգնել։ Ամեն առավոտ զարդարվում էր ջահելի պես, դուրս գալիս պատշգամբ, կոշտացած մատներով՝ շոյելու քնքշությամբ սրբում էր պաստառը, կախում իր տեղում ու գնում էր թոռան հետ, երեկոյան՝ թոռան հետ ետ գալիս։ Նստում էր դահլիճի ամենավերջում ու սկզբից մինչև վերջ երանությամբ անդադար նայում չորս բոլորը, թե որսում էր իրեն ուղղված զարմացած հայացքները, կամացուկ շշնջում էր՝ բարև, ու շտապ հայացքը սահեցնում դահլիճով՝ հո չխանգարե՞ց։ Այդպես մինչև հանգստյան օրը։ Իսկ այդ օրը վեր չկացավ անկողնուց, լուռ էր, ինքն էստեղ էր, հայացքը՝ պատուհանից դուրս, հորիզոնից այն կողմ, հեռուներում։ Ծանոթ հայ բժիշկը, որ եկել էր թոռան կանչով, ականջը մոտեցրեց դեմքին լսելու՝ շնչո՞ւմ է, թե՞ ոչ։ Վերջին ուժերով սեղմեց բժշկի ձեռքն ու ինչ-որ բան շշնջաց։

Հետո լուռ էր ամեն ինչ, կարծես աղմկոտ այդ քաղաքն էլ լռել էր։ Ինչո՞ւ։

- Ի՞նչ ըսավ, դոքտոր։

- Ըսավ, որ ան գեղեցիկ շենքին մեջ ինքը բանմն ալ չսորվեցավ, բայց ավելի կարևոր բան մը գտավ հոն. իր վաղո՜ւց կորսնցուցած երազները. «Ան երազները, որ հոն՝ Առաքելոցին պատերու տակ կորցուցի, հոս՝ Քեմբրիջին պատերու մեջ գտա, ի՜նչ է աս կյանքն, Աստուած…»

Պատշգամբին մի նոր վահանակ հայտնվեց, վրան մեծ, նույն անծանոթ տառերով գրված էր.

«Նա մի ողջ կյանք փնտրեց իր կորած երազները, գտավ և իր հետ տարավ գերեզման, որ այլևս չխլեն իրենից»…

Ինձ զենք տվեք

- Ինձ զենք տվե’ք:

- Յա, այ տղա՞, էդ ի՞նչ էղավ, զենքն ինչի՞դ է:

- Պետք է, տո’ւր:

- Լավ, լավ, հասկացա. քո համար փայտե հրացան կսարքեմ:

- Փայտե հրացանը քեզ պահիր. ինձ զենք է պետք, հասկանու՞մ ես, որ թուրքին կրակում է, այ էդ տեսակ:

- Հա՜… Պապդ հիմա ո՞ւմ դեմ է կռիվ ելել:

- Է՜, ասում եմ՝ զենք տուր, դու հարցե՞ր ես տալիս:

- Է՜, գժվեցի՞ր, ինձ որտեղի՞ց էդ տեսակ զենք: Գնա՝ թող պապդ էլ տա:

- Կգնամ… Փայտե հրացանդ էլ թուրքին կտաս…

* * *

- Պապ, քանի Ապոյին չեն զարկել, զենքդ տուր:

- Ի՞նչ զենք, լաո՜:

- Է՜, քո զենքը, հորդ զենքը. դու մեծացել ես, հիմա ինձ տուր:

- Է՜, Լա՜ո, չկա՜…

- Ո՞նց չկա, բա ու՞ր մնաց:

- Թուրքը տարավ:

- Ինչու՞ տվիր:

- է՞, ի՞նճ էնիյ, քզի ղուրբան:

- Կրակեիր:

- Պատրոն չկար:

- Ճարեիր:

- Հուստե՞:

- Թուրքը ո՞նց էր ճարում:

- Թուրկին մենձ երգրներ կիդային:

- Դու էլ ուզեիր:

- Դո՞ր գածիր-եգար:

- Հորիցս զենք ուզելու:

- Է՞, տվե՞ծ:

- Չէ, փայտե հրացան էր ուզում տար, չվերցրի, դրանով Ապոյին ո՞նց պաշտպանեի:

- Մենձ երգրներ լը մըզի համեն ինչ փեդե կիդայն՝ փեդե զենք, փեդե խոստում, փեդե հույս… Երևի մեր փայ Աստվաձ լը փեդե էր… Ըդոր համար լը թուրկի տվուգ կրագներու մեջ վառվան, պարբան… Դու խելոկ իս, հա՜, որ փեդե բան չսվերծի…

- Հետո՞:

- Մանուգ Ապոյի պադմուտյան վե՞րջ քարծուս, ըսիմ…

- Չէ, չպատմես… Մինչև զենք չճարես չպատմես: Ես անզենք ի՞նչ խղճով ու նամուսով Ապոյի աչքերին նայեմ:

- Զի՜մ ծուռ, սկզբուց պադմի՞մ: Ապոն լը քզի պես մանչ մեր…

- Մի՜, մի՜, մի’ պատմի՜ր… Ապոյին ասա դիմանա, ես հիմա եկա՜…

- Էդ դո՞ր, լա՜ո, կեծի՜:

- Զենք ճարելու՜, Ապոն մենակ է, ես ի՞նչ խղճով նայի՞մ…

- Տո, ծո՜ւռ, Մանուգ Ապոն զարնվա՜վ, Ապոն էլ չկա՜, տղա՜…

- Չէ՜, չէ՜, դու էդ պատմությունը լավ չգիտե՜ս, մի պատմիր… Ապոն էնտե՜ղ է, էնտեղ կռի՜վ է, Ապոն դեռ կռիվ կենե, հիմա՜, հիմա եկա՜…

* * *

Ինձ զե՜նք տվե՜ք…

Մի օր կհանդիպենք

2020-ը մի քանի օրից կավարտվի։ Ես անհամբեր սպասում եմ 2020-ի ավարտվելուն, որովհետև շատ բան խլեց մեզնից, անջնջելի հետք թողեց բոլորիս սրտերում։ Ես երկու ընկեր կորցրեցի վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Լևոնը` մեր արցախցի Լյովը։ Ասում են, չէ՞, որ մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ ճանապարհ գնալ։ Հիշում եմ։ 2019 թվականի ապրիլի 6-ն էր։ Դպրոցի մի քանի աշակերտներով Աքորի էինք գնում։ Ճանապարհը երկար էր, որպեսզի ժամանակը հետաքրքիր անցկացնեինք, «Փոխանցիր նրան» էինք խաղում։ Հերթը Լյովինն էր։ Ասացին.

- Փոխանցիր ներկաներից նրան, ով կցանկանայիր հարազատ քույրդ լիներ։

Շրջվեց և ձեռքի պատյանն ինձ տվեց, ասելով.

-Վերջ, սրանից հետո դու իմ քույրիկն ես։

Լյովը իսկական ընկեր էր։ Երբ տեսներ, որ օգնության կարիք կա, երբեք անտարբեր չէր անցնի, մինչև ինչ որ բանով չօգներ` չէր հանգստանա։

Շատ հիշողություններ ունենք կապված Լյովի հետ։ Մինչև երեկ հույսներս չէինք կորցնում, որ կգտնվի, բայց եղավ ամենասարսափելին։ Լյովը գտնվեց, բայց քնած էր… Մինչև հիմա քնած է, քնած է լինելու և վաղը։

Լյովի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ մեր համեստ ու ՀԵՐՈՍ ընկեր։ Վաղ թե ուշ, կրկին կհանդիպենք:

Կյանքը՝ բազում անհայտներով հավասարում

Երբ մեծերը զրուցում են, մենք հաճախ ենք մեջ ընկնում, փորձում արտահայտել մեր կարծիքը, առաջ տանել մեր ես-ը: Այո՛, երբեմն մեզ թվում է, թե լիովին տարբերում ենք սխալն ու շիտակը, հստակ ու կայուն համոզմունքներ ունենք ու անհրաժեշտ խիզախություն՝ սեփական տեսակետը պաշտպանելու…

Երբեմն մեր ու նրանց կարծիքները համընկնում են, բայց որքա՜ն հաճախ ենք լսում.

-Բալե՛ս, դու մինչև վերջ մի՛ պնդիր քո ես-ը, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինեն քո հաջորդ վայրկյանը, գալիք օրը… Մի ամբողջ կյանք ունես՝ կշռադատելու, մտորելու, սուտը ճշտից զատելու, փորձությունների ենթարկվելու համար: Դեռ շատ բան կփոխվի. և՛ մտածելակերպդ, և՛ կարծր կարծիքներդ: Չէ՞ որ աշխարհը լի է պատասխաններ պահանջող հարցերով ու անորոշությամբ, անքննելի են ուղիները, անկանխատեսելի՝ ճակատագրերը…

Հիմա եմ հասկանում, թե նրանք որքան իրավացի էին: Ավաղ, մեզանից ոչ ոք չգիտի, թե իր հետ ինչ է բերելու վաղվա օրը: Օրինակ՝ ո՞վ կմտածեր, որ մի օր կարթնանաս ու կլսես, որ պատերազմ է: Այո՛, այո՛, ամենաիսկական ու ահազդու պատերազմ: Այս ինչերի՜ միջով անցանք…

…Սեպտեմբերի 27: Այսուհետ սա ուղղակի օր չէ, սա բոթաբեր պատերազմի առաջին օրն է: Տագնապ, զորահավաք… Ցավոք, ոչ բոլորին էր վիճակված վերադառնալ… Ես նոր զգացի, թե ինչ ասել է, երբ օրը տարի է թվում: Ամենքիս թվում էր, թե օրվա վերջանալուն պես պատերազմն էլ կավարտվի: Հայերի օջախներն ասես համրացել էին. շշուկ չէր լսվում, ամեն ոք մի անկյունում կուչ եկած աղոթում էր՝ աղոթում էին իրե՛նց զինվորի, ուրիշի՛ զինվորի ու սահմանում կանգնած ամե՜ն զինվորի համար: Իսկ ի՜նչ սրտատրոփ ահով էինք հեռուստացույցի էկրանին կարդում զոհերի անունները… Մենք վախենում էինք այդ էկրանին պատկերացնել անգամ այն մարդու անունը, ում անչափ կարոտում էինք, ում վերադարձն այնքա՜ն էինք տենչում…

Սա իսկապես համերկրային ողբերգություն էր, որը նկարագրելն անհնար է: Որքա՜ն երեխաներ անհայր մնացին: Իրենց առաջին բառերը թոթովող փոքրիկները այլևս չեն արտասանելու «հայրիկ» բառն ամեն օր, կարոտող ձեռքերով չեն ձգվելու դեպի հայրը… Անդարձ հեռացան մեր հայորդիները, որոնք պետք է վայելեին իրենց երեխաների առաջին ծիծաղը, բառն ու քայլը… Իսկ մայրերը պարզապես խելագարվեցին այս ընթացքում: Նրանք սրտակոտոր աղոթում էին… Միայն թե… Միայն թե բան չպատահի իրենց որդուն… Ավաղ… Շատերին պատուհասեց կորուստը: Շատերն էլ դեռ պատուհանի մոտ նստած սպասում են իրենց որդիներին, որ գեթ մի ակնթարթ փարվեն նրանց: Այլևս դա է նրանց բաժի՛նը, ճակատագի՛րը, միա՜կ փափագը…

Մեր սուգը եռօրյա՛ չէ, այն ողջ կյանքի տևողությամբ է… Բոլորիս հայացքը սառել է, ժպիտները կորսվել են: Մեր աչքերում ցավն է լճացել ու վրեժն է մորմոքում: Վրեժ՝ հանուն անմահացած հարազատի…

Շուտով նոր տարի է: Ասում են՝ իբր աշխարհում ամեն ինչ նորովի է սկսվում այդ օրը: Բայց հայ ազգը իր հետ հավերժություն է տանելու այս ցավը, սուրբ հուշն ու արթուն վրեժը:

«Կանթեղ» գրական խմբակ

«Պատերազմը ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ»

«Պատերազմը ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ». Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից՝ Էրիկ Սոլոմոնյան: 

Մենք ապրեցինք պատերազմի յուրաքանչյուր ակնթարթը։ Առաջնագծում  կռվող տղերքի հետ հավասար ապրեցինք ցավն ու տառապանքը, սգացինք ընկերոջ ու եղբոր կորուստը…

44 օր մենք հպարտացանք մեր եղբայրների, հայրերի ու  ընկերների կատարած սխրանքներով ու անձնազոհությամբ։ Մենք, գուցե, չենք գիտակցում, բայց  ապրեցինք նոր պատմություն կերտող ժամանակահատվածում։

Երկարաձիգ պատերազմից հետո պատիվ ունեցա զրուցել Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից մերօրյա հերոս էրիկ Սոլոմոնյանի հետ։

-Ինչպե՞ս հայտնեցին պատերազմը սկսելու մասին լուրը, և ինչպե՞ս արձագանքեցիք դուք՝ զինվորներդ։

- Լուրը մեզ հասավ սեպտեմբերի 27-ի առավոտյան։

Իրականում մենք այսպիսի մեծամասշտաբ պատերազմ չէինք սպասում: Մենք մտածում էինք, թե հերթական տագնապն է, որի մասին շատ ժամանակ մարդիկ տեղյակ էլ չեն լինում։

- Ինչպիսի՞ն էր Ձեր մարտական ոգին։

- Զինվորները ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն ամեն ինչի:

Հայ զինվորի մարտական ոգին և պատրաստությունը միշտ շատ բարձր է։

- Ո՞րն է պատերազմի թողած ամենավատ հիշողությունը։

- Պատերազմից հիմնականում ծանր ու դաժան հիշողություններ է թողնում, բայց ամենավատը, որ տպավորվել է, ընկերներիս՝ մեքենայի մեջ այրվելն էր…

Ամենադժոխային տեսարանն էր, որ երբեք չեմ մոռանա։

- Ի՞նչ փոխեց պատերազմը։

- Պատերազմն ինձ դարձրեց բոլորովին այլ մարդ։ Հիմա ավելի սառնասիրտ եմ դարձել, առավել նվիրված ընտանիքիս։ Պատերազմից հետո հասկացա, որ հետագայում երևի չեմ ունենա այնպիսի դժվարություն, որ անհաղթահարելի լինի։

- Ի՞նչ կասես պատերազմի ավարտի մասին։ Ինչպիսի՞ ավարտ էիր ակնկալում։

- Եթե անկեղծ, այսպիսի ավարտ չէի ակնկալում… Մենք կռվի էինք դուրս եկել միայն հաղթանակի համար… Այսպիսի ավարտ նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող տեսնել։ Բայց ես վստահ եմ, որ մենք ի վերջո հետ ենք բերելու մեր կորցրած տարածքները, որովհետև էդ հող-հայրենին մերն է։

- Ի՞նչ խորհուրդ կտաս ապագա զինվորներին։

- Ապագա զինվորներին կասեմ միայն, որ պետք չէ ոչնչից վախենալ. ոչինչ չպիտի կոտրի նրանց, նույնիսկ մահին դեմ դիմաց կանգնելը։

- Ի՞նչ է քեզ համար հայրենիքը։

- Հայրենիքն ինձ համար ամենա – ամենան է: Այն ինձ համար վեհ է ամեն ինչից, անգամ ընտանիքից, որովհետև առանց հայրենիքի ո՛չ ընտանիք կլինի, ո՛չ էլ ուրիշ ոչինչ։

- Մեզ համար հերոսը դու ես, իսկ ո՞վ է քո հերոսը։

- Ես ինձ հերոս չեմ համարում, յուրաքանչյուր մարդ պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը։ Դա իմ պարտականությունն էր, որ պետք էր կատարել։

Իսկ իմ հերոսը Քառօրյա պատերազմի անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանն է։

- Ըստ քեզ, մենք հաղթեցի՞նք, թե՞ հակառակը։

- Մենք՝ զինվորներս, հաղթել ենք այս կռվում, որովհետև արել ենք ամեն բան` պաշտպանելու ու պահելու մեր հայրենիքը։

Հայրենական մեծ պատերազմի հերոսը

Դեկտեմբերի 11-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ Գագարին գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գագիկ Եղիազարյանը։ Գագիկ Եղիազարյանը ծնվել է 1925 թվականին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ Դպրոցը դեռ չավարտած՝ իր խնդրանքով զորակոչվել է բանակ։17 տարեկան պատանին  ծառայության անցավ 336-րդ հրաձգային գնդում և, ստանալով սերժանտի կոչում,   1943 թվականին մեկնեց ռազմաճակատ ու մասնակցեց Կուրսկի  ճակատամարտին։ Նույն թվականի հոկտեմբերի 14-ին մասնակցեց նաև Դնեպր գետի անցմանը՝ Գոմելի մարզում։ Հենց այդ ճակատամարտի ընթացքում էլ  ծանր վիրավոր լինելով հանդերձ, չի լքում առաջնագիծը և մինչև վերջ մարտնչում է։ Դնեպրի աջ ափում գրաված դիրքերը ամրապնդելու համար Գագիկ Եղիազարյանին շնորհվեց Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանը։ Սակայն մարտերը դեռ շարունակվում էին, և հերոսը չէր նահանջում։ Պարգևատրվեց նաև Փառքի երրորդ աստիճան շքանշանով ու մեդալներով, քանի որ մասնակցել էր մի շարք բնակավայրերի ու քաղաքների ազատագրմանը։

1945 թվականին Գագիկ Եղիազարյանը զորացրվեց բանակից, բայց այսքանով չէր ավարտվում իր սկսած մեծ ու արժանապատիվ գործը։ 1951-1955 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո  սկսեց մանկավարժական աշխատանք կատարել Սևանի շրջանի դպրոցներում, սկսած իր հայրենի գյուղից՝ Դդմաշենից։ 1958 թվականին, երբ Գագարին ավանում (գտնվում է Գեղարքունիքի մարզում) բացվեց դպրոց, հայրենի գյուղից  Գագիկ Եղիազարյանը տեղափոխվեց Գագարին և դարձավ դպրոցի տնօրենը։ Նրա երկար ու անխոջ աշխատանքը բազմաթիվ անգամ են գնահատվել պատվոգրերով և շնորհակալագրերով։

Լինելով նույն բնակավայրից, շատ հաճախ էի տեսնում ընկեր Եղիազարյանին (գյուղում բոլորը այսպես էին դիմում նրան)։ Նրան միշտ կարելի էր գտնել իր այգում։ Ակամայից հիշեցի մի դեպք: Մի օր, երբ անցնում էի այգու մոտով, խնձոր էր քաղում և անցորդների հետ էլ երկար-բարակ զրուցում։ Երբ  բարևեցի, ուզում էի գնալ,  ասաց.

-Բարև, Նան ջան (գրեթե բոլորին այսպես էր դիմում): Նայի` հենց նոր եմ էս խնձորներից քաղել, վերցրու: Եթե կուզես` տես, ինչքան ծառեր կան, արի քաղիր, նստիր էն սիրուն ծառի տակ ու կեր։

Կյանքից հեռացավ, բայց թողեց մեծ ժառանգություն։

taguhi aghasyan

Ուզում եմ

Երևույթներն ուշ ընկալելու պատճառով հաճախ դասընկերներս ինձ մի օտար բառով էին կոչում, որի հայերեն համարժեքը «ուշահասն» է: Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ ես ուշահասի պես նոր եմ «քնից» արթնանում:

Այս Նոր տարին, ավելի քան երբևէ, պետք է նոր լինի: Բոլորս պետք է սկսենք նոր կյանք: Ամանորին հնչող բարեմաղթանքներն անպայման կիրականանան, որովհետև այլևս շքեղ սեղանները չեն խամրեցնի բառերի արժեքը:  Փուչիկներով չեմ ուզում զարդարել տունը: Դրանք մի տեսակ «փուչ» են: Ազնվությամբ եմ զարդարելու տունը, որովհետև այն, ի տարբերություն փուչիկի, չի կարող պայթել կամ թսկել:

Տոնածառի լույսերը փոխարինելու եմ բարությամբ, որովհետև բարությունը չի մարում երբեք:

Խաղաղությունն էլ թող փոխարինի հրավառություններին, որ հետո երկինքը «կարկատելու» կարիք չլինի:

Միայն մի բան եմ ուզում նույնը մնա: Ուզում եմ շատ կոնֆետներ լինեն սեղանին, որ բոլորիս նոր կյանքը քաղցրությամբ սկսվի ու նաև… Ուզում եմ դիտենք «Տանը մենակ» ֆիլմը, որն Ամանորի լավագույն խորհրդանիշն է, ու վերըմբռնենք, որ ընտանիքը պետք է սիրել. հայրենիքը սկսվում է հենց ընտանիքից…

Առանց քեզ, բայց քեզ հետ

Այսօր Տավուշ գյուղը մռայլ է, սպիտակ ձյան վրայից սև շղարշ է հագել։ Չկա գյուղի ուրախ առօրյան, չկան անհոգ մարդիկ։ Քայլում են՝ գլուխները կախ ու սրտներում բազում հերոսներ պահած։ Գյուղը շատ հերոսներ ունի, բայց ցավալի է, երբ հերոսի մասին խոսում ես անցյալով…

Գյուղի ժայռերից մեկի ստորոտում ապրում էր մի խաղաղ ընտանիք. հայրը, մայրը, երկու որդիները և պապը։ Կյանքը հիասքանչ էր, երեխաները մեծանում էին, փոխվում էր նաև գյուղի առօրյան։ Անցնում էր ժամանակն իր հետ ավելի ակներև դարձնելով կյանքի փոփոխությունները։

Ավագ տղան՝ Հայկը, երկու տարով էր մեծ կրտսերից՝ Վարուժանից։ Հայկի բանակ զորակոչվելուց մեկուկես տարի հետո զորակոչվեց նաև Վարուժանը։

- Շուտ գնամ, որ շուտ էլ հետ գամ,- ասում էր Վարուժանը, ով այդ տարվա առաջին զորահավաքի զորակոչիկներից էր։ Ասաց ու գնաց։ Ծառայում էր Արայի լեռան վրա, հաճախակի մոր հետ էր խոսում։

Պատերազմի սկսվելու օրվանից Վարուժը եղել է Ջաբրայիլի մարտերի ծանր հատվածներում։ Կռվել է արիաբար ու մինչև վերջին շունչը։ Ընկերը պատմում է նրա սխրագործությունների մասին՝ ինչպես է զոհված ընկերների ու հրամանատարի դին հանել մարտադաշտից և սխրանքներ գործել մարտի դաշտում։ Սակայն, ցավոք, հոկտեմբերի ութը չարաբաստիկ օր դարձավ բոլորիս համար՝ մարտական գործողությունների ընթացքում արիաբար զոհվեց 18-ամյա Վարուժանը։

Վարուժանի մասին անվերջ կարելի է խոսել։ Մայրն ասում է.

-Վարուժս կատու շատ էր սիրում, մի անգամ կատուն գրկին տուն եկավ ու խնդրեց պահել նրան, կատուն արդեն ձագեր է հանել, տղաս շատ էր ուրախացել, ասաց. «Մայր, կպահես մինչև գամ»։

Վարուժը շատ նախասիրություններ ուներ, սիրում էր դաջվածքներ անել, կարող էր ամբողջ օրը երգ լսել, սպորտով շատ էր զբաղվում, առնական կազմվածք ուներ։ Պարզ տղա էր, սիրում էր օգնել մարդկանց։ Նաև շատ աշխույժ էր, դպրոցում հաճախ արժանանում էր ուսուցիչների նախատինքին, բայց դրա հետ մեկտեղ ուսուցիչներն իրենք  էին խոստովանում, որ Վարուժը շատ խելացի է։

Իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ հիշելու եմ իրեն։ Մանկության ընկերներ էինք, չեմ էլ հիշում որ տարիքից։ Խաղերն ու դասերն անցնում էին միասին։ Ես էի, եղբայրս ու նրանք երկու եղբայրներով։ Ընկերացել էինք մանկապարտեզի տարիներից։ Հիշում եմ մեր խաղերը՝ պահմտոցին էր հիմնականում։ Դասերն իրար օգնելով էինք անում։ Ընկերներ ենք եղել տարիներով ու մինչև հիմա էլ ընկերներ ենք, ու մեզ չի խանգարում նրա բացակայությունը։ Նա միշտ մեր ընկերը կլինի։

Շիրիմին այցելելով ու նկարին նայելով կարծես զգում ենք նրա ներկայությունը։ Նա ներկա է մեր սրտերում ու հոգիներում…