Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ձմեռը Օձունում

Իմ գյուղը` Օձունը, գտնվում է Լոռու մարզում: Բնությունը հիասքանչ է տարվա  բոլոր եղանակներին: Ձմեռը մեղմ է լինում հիմնականում: Շատ պատահական, որ ձյունը հողի վրա երկար է մնում: Oրինակ, այս տարի` դեկտեմբեր ամիսը գարնանային եղանակ էր: Նույնիսկ ամաչում էինք վերարկու հագնել: Օրվա մեծ մասը տունը չէինք տաքացնում: Հաճելի տաք արևը դուրս էր կանչում մարդկանց: Իհարկե, հասկանում էինք, որ այդպես լավ չէ գյուղատնտեսության համար, բայց արևի ջերմ ճառագայթները մեզ այլ բան էին համոզում:
Անցած տարին մարդկանց համար այնքան էլ հաջող տարի չէր: Աշխատանք չլինելու պատճառով գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների, իսկ ռուբլու անկումը ազդում էր նաև մարդկանց ընտանեկան բյուջեի վրա: Այդ պատճառով ձմեռվա վառելիքի հարցը շատերը չէին կարող լրիվ լուծել: Բայց բնությունը ինքը օգնության էր հասնում մարդկանց` տաք օրերը շատացնելով: Ընդանուր առմամբ, ես սիրում եմ մեր Լոռվա ձմեռը: Երեխաներին չի հետաքրքրում մեծերի խնդիրները, և նրանք ուրախանում են ձյան առատ փաթիլներով: Ձյունը իր հետ բերում է դահուկ, չմուշկ ու ձնագնդի, և այլ զվարճանքներ: Ձյունը իրեն երկար սպասեցնել չտվեց, և Նոր տարին առանց ձյան չդիմավորեցինք: Այդ հարցում էլ բնությունը շատ իմաստուն գտնվեց. 30-ի գիշերը առատ ձյուն տեղաց` ի ուրախություն երեխաներիս:

Որն էր ավելի լավ

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Սիրելի Ձմեռ Պապիկ,
Հինգ տարի է, ինչ քեզ նամակ չեմ գրել: Այդ տարիները շատ արագ անցան, և առանց քեզ տխուր են իմ ամանորները: Քեզ հետ ես լավ ու ջերմ հիշողություններ ունեմ: Ես քեզ չափից դուրս հավատում էի և գերադասում ամեն ինչից: Հիշում եմ, մի տարի Ամանորին պահարանի մոտ խաղում էի, ու իմ գլխին հանկարծակի ընկավ մի տոպրակ: Բացեցի, և այ քեզ հրաշք: Իմ ուզած պայուսակը, գունավոր գրիչները և խաղալիքները դրա մեջ էին: Մայրիկս մտավ սենյակ և զարմացավ: Բայց մեկ է, ես չկորցրեցի հավատս և հավատացի մայրիկիս, որ դա իմ ընտանիքի նվերն է ինձ: Կամ երբ դու Ամանորի գիշերը ինձ ականջօղեր բերեցիր, սակայն նրա զույգը չկար, և պարզվեց, որ դու պատահմամբ գցել էիր պահարանի մոտ:
Իսկ երբ ասացին ինձ ճշմարտությունը, ես չէի հավատում, և ի վերջո հասկանալով, որ դա ամենևին էլ կատակ չէր, խորը ցավով ընդունեցի: Չնայած այդ ամենին, դրանք իմ ամենաուրախ և լավագույն տարիներն էին:
Հիմա ես ուզում եմ, որ բոլոր մանուկները ունենան այնպիսի ուրախ ամանորյա օրեր, ինչպիսին իմն են եղել:
Չնայած, որ դու չկաս, ես չեմ դադարում հավատալ ամանորյա հրաշքներին:

Ամանորյա այցելություն

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հունվարի մեկն էր: Ես և հայրիկը նստեցինք մեքենայի մեջ, գնացինք ծանոթ-բարեկամների, ընկերների Ամանորը շնորհավորելու: Մեքենան կանգ առավ մի հին, քանդված պատերով տան առաջ, որը մի տեսակ անհանգստություն և տխրություն պատճառեց ինձ: Անծանոթ էր ամեն ինչ, առաջին անգամ էի նրանց հյուր գնում:
-Պա՜ պ, ա՛յ պապ, ո՞ւմ տուն ենք գնում:
-Գնանք կիմանաս:
Մտանք ներս, պապիկն ու տատիկը հեռուստացույց էին դիտում, մեզ տեսնելով ընդառաջ եկան.
-Վա՜յ, Գևորգ ջան, էս դո՞ւ ես,- դողացող ձեռքը դեպի հայրիկին պարզելով ասաց պապիկը:
-Հա, Նորիկ ձյա, ե՛ս եմ, հը՞ն, ո՞նց ես:
-Է՜ հ, Գևորգ ջան, էլ չեմ դիմանում էս կարոտին:
Մինչև հայրիկն ու պապիկը խոսում էին, ինձ մոտեցավ տատիկը, ամուր գրկեց և արցունքները սրբելով ասաց:
-Հիմա իմ թոռն էլ քո թայն է, քո պես խորոտ էրեխայա: Էհ, թողին, գնացին, ոչ զանգում են, ոչ էլ գալիս են:
Հայրս՝ մոտենալով Էմմա տատիկին, ասաց.
-Ոչինչ Էմմա տոտա, կտենաս էրեխեքիդ, մի նեղվի:
Ամեն ինչ տխրություն ու կարոտ էր հիշեցնում այստեղ: Շնորհավորեցինք և դուրս եկանք տնից:
-Պապ՛, պատմիր էլի նրանց մասին:
-Էհ բալես, իրենք իմ մանկության ընկերոջ՝ Կամոյի ծնողներն են: Իրենք իրենց էրեխեքին ու թոռներին արդեն քսան տարի չեն տեսել, ու քեզ իրենց թոռնիկին՝ Էմմային նմանեցնելով փորձում էին քեզնից իրենց կարոտն առնել:
Այս հանդիպումից հետո շատ եմ մտածել, խորհել: Չտեսնել երեխային ու թոռներին քսան տարի՞: Մարմինս ուղղակի փշաքաղվում է…

sona zaqaryan

Հավատացեք Ամանորյա հրաշքներին

«Մի քանի օր մնաց Ամանորին, բայց դեռ ոչ մի բան չենք հասցրել: Աղցանի համար «մատերիալ» չենք գնել, տավարի միսը չենք աղացել դոլմայի ու բլինչիկի համար, խմիչքների մասին էլ չենք խոսում, վա~յ, բա խոզի բուդը…»:
Նախատոնական օրերին այսպիսի իրավիճակ էր տիրում հայ ընտանիքներում: Կարծես մրցակցություն լինի, թե ում սեղանին ավելի շատ ուտելիք կլինի, կամ ով ավելի ճոխ կնշի Ամանորը: Մտածում եմ, որ մեր հայերը ուզում են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, որպես Ամանորը ամենաճոխ նշող ազգ: Ստացվում է, որ այս գեղեցիկ տոնը վերածվում է խնջույքի: Կարծես ամեն ինչ պետք է ուտելիքով և խմիչքով որոշվի: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գեղեցիկ ու հրաշքներով լի տոն է Ամանորը: Գուցե ձեզնից շատերը մտածել են: Դե, երեխաները հաստատ այդպես են մտածում: Արդյոք չի՞ կարելի Ամանորը անցկացնել ուրախ և հաճելի միջավայրում: Օրինակ, ես հավատում եմ Ամանորյա հրաշքներին, Ձմեռ պապիկին: Շատերը երևի կասեն. «Ի՞նչ է, դու երեխա՞ ես»: Իմ պատասխանը կլինի. «Այո, իմ մեջ միշտ էլ կապրի հեքիաթներ կարդացող, դրանց հավատացող և հրաշքների սպասող փոքրիկ աղջնակը»:
Հրաշքների աշխարհը շատ ավելի գեղեցիկ է և լուսավոր, քան հոգսերի աշխարհը: Հոգսերի աշխարհում ապրում են մեծահասակները և, չգիտես ինչու, չեն ուզում մի քանի րոպեով հայտնվել փոքրերի աշխարհում:
Կտրվեք այդ հոգսերից, նայեք ձեր բալիկներին, նայեք ձեր շուրջը: Չե՞ք տեսնում` ամեն ինչ կախարդական է և հեքիաթային: Դուք էլ մի պահ մանկացեք և հավատացեք հրաշքներին: Հրաշքներ լինում են:

Հ. Գ. Ձմեռ Պապիկ, եթե հիմա կարդում ես, խնդրում եմ, որ բոլոր երեխաներին նվերներ տաս: Գիտեմ, շատ զբաղված ես, բայց ոչ ոքի հանկարծ չմոռանաս:

Նամակ Ձմեռ Պապիկին

«Բարև, Ձմեռ Պապ։ Անկեղծ ասած կարոտել էի այս արտահայտությունը, որը վերջին անգամ 9 տարեկանում էի գործածել։ Անսովոր է։ Բայց այդքան տխրելու պատճառ չկա, քանի որ ես ունեմ փոքր քույրիկ ու իր հետ էլի 9 տարի կհավատամ հրաշքներին, քո գոյությանը ու հեքիաթային հերոսներին։ Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ ես ու ծնողներս իր համար հրաշքներ կստեղծենք, ինչպես օրինակ, նամակի անհետացումը տոնածառի տակից կամ նվերների հայտնվելը։
Հավատա, Ձմեռ Պապ, այնպես կանեմ, որ քրոջս հեքիաթը երկար տևի, զվարթ մանկությունը 1-2 տարի ավելի լինի, քանի որ ինչքան երկար ես հավատում Ձմեռ Պապին, այնքան ավելի արտասովոր է դեկտեմբերի 31-ը։ Հիշում եմ, թե ինչքան էի ուրախանում, երբ տան զանգն էի լսում Նոր Տարվա գիշերը, իսկ նամակ գրելը մի այլ արարողություն էր։
Ձմեռ Պապ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում քեզնից։ Ուզում եմ, որ ես էլի հավատամ քո գոյությանը, ուզում եմ ծնողներիցս թաքուն նամակ գրել ու թաքցնել տոնածառի մոտ, որ իրենք չգտնեն, իսկ հետո զարմանամ` չգտնելով նամակն իր տեղում։
Այո՛, Ձմեռ Պապ, ես ուզում եմ երեխա դառնալ։ Բայց ի՞նչ վատ բան կա այդտեղ։ Երեխաները բարի են, անկեղծ, ուրախ, հավատում են քեզ ու ամեն ինչին նայում են իրենց մեծ, պսպղուն, անմեղ աչքերով։ Նրանք չգիտեն շատ բաներ, ուստի ամեն ինչ իրենց համար ավելի հեշտ է, և վերջ ի վերջո, նրանք ժամերով դաս չեն անում։
Գիտես, Ձմեռ Պապ, ես ուրախ կլինեմ քո յուրաքանչյուր նվերին, չէ՞ որ ուզած-չուզած քույրիկիս հետ ինչ-որ հեքիաթի հերոս կդառնամ»:

hasmik givargizyan

Ամանորի ամենամեծ նվերը

2015 թվականը ինձ համար բավական լավ տարի էր, բայց շուտով այն կավարտվի, շուտով Ամանոր է. նվերներ, փուչիկներ, նախապատրաստական աշխատանքներ: Բայց ինձ համար Ամանորը նվերներով ու պատրաստություններով չի արտահայտվում: Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, քանի որ Ամանորին հայրս տանն է, և իմ ընտանիքը ամբողջական է դառնում: Այ, հենց դրա համար եմ սիրում Նոր տարին: Ամեն տարի ես պայթուցիկներ եմ գնում (չմտածեք շենք պայթեցնելու), ու դրանք պայթեցնում եմ հայրիկիս հետ: Ամեն անգամ մայրս ասում է.
-Մեծ աղջիկ ես, ի՞նչ տղայական բաներ ես անում:
-Մամ, դե լավ էլի, ամեն տարի նույն պատմությունն ա:
-Դե սուս է, մեծացել ես, պատասխանում ես:
Մի կողմից համաձայն եմ մամայի հետ, տղայական բաներ են, բայց դե, ես ամեն կերպ փորձում եմ ժամանակս պապայի հետ անցկացնել, անգամ եթե պիտի պայթուցիկներ պայթեցնեմ: Ինչ ուզում է լինի` միայն թե հայրիկիս հետ լինեմ:
Մի տարի էնպես ստացվեց, որ հայրս չկարողացավ Նոր տարուն տանը լինել: Գործերը չափազանց շատ էին, գումարի անհրաժեշտությունը՝ մեծ: Ու նա որոշեց մնալ և աշխատել: Ես ամբողջ գիշեր լաց եղա, այնքա՜ն պլաններ ունեի այդ Նոր տարվա հետ կապված: Բացի այդ, ես փոքր ժամանակ նրան գրեթե չեմ հիշում, ու ամեն կերպ ուզում եմ լրացնել այդ բացը: Բայց չեմ կարողանում հասկանալ, ստացվո՞ւմ է դա, թե՞ ոչ:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ խնդրում եմ, այլ այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ…

Բարև՜, ամենաանսպասելի, ամենապարտաճանաչ, բոլորից արագ ժամանող և ինքդ քեզնից երբեք չձանձրացող Նոր տարի: Գիտեմ՝ զարմանում ես, որ գրում եմ քեզ: Չէ՞ որ ես արդեն չեմ ուրախանում քո ոչ գնալով, ոչ էլ առավել ևս՝ գալով: Անկեղծ ասած՝ ես էլ եմ զարմանում: Ամեն դեպքում մի՛ նեղացիր ինձնից. ես արդեն մեծ եմ: Չնայած քո գործն է… Ինչևէ:
Գիտեմ՝ նորից նույնն ես լինելու: Անունդ Նոր է, գալիս ես իբր նորություններ բերելու, բայց ինքդ միշտ նույնն ես՝ առատ սեղաններով, հյուրերի անսպառ հոսքով…Մարդ ժամանակ էլ չի ունենալու հանգիստ պարապելու: Դե լավ, մի՛ բարկացիր, ի վերջո պիտի՞ ընդունվեմ, թե՞ չէ: Հա, ի դեպ, ընդունվելս քեզ վրա է, հանկարծ չմոռանաս: Հույս ունեմ՝ այս անգամ մեր հեռուստատեսությունը կլցնես հնարավորինս քիչ տափակ ու հումորային ծրագրերով: Հասկանում ենք՝ քեզ են դիմավորում, բայց դրան էլ ձև կա, չէ՞: Թե չէ տարվա սկզբից սկսում են կրկնել երեք-չորս տարվա հնություն ունեցող հաղորդումները, իբր եթեր են լցնում: Չնայած դու սրա հետ այնքան էլ կապ չունես, թողնենք:
Երևի զբաղված ես, իսկ ես խանգարում եմ, չէ՞: Հըմ: Բոլորի կողմից սիրված էն պապին՝ իր թոռան հետ, կբարևես իմ կողմից: Կամ էլ կարող ես չբարևել, դժվար թե ինձ հիշեն: Ես վաղուց նրանց նամակ չեմ գրել: Եթե հիշեն էլ, հաստատ քեզ պես նեղացած կլինեն, որովհետև նրանց էլ ինչ-որ չեմ հավատում արդեն: Լավ-լավ, չափազանցնում եմ: Անցյալ տարի եղբորս հետ նամակ գրեցի, ու եղբորս համառության շնորհիվ կամ պատճառով մեր նամակը հայտնվեց փոստում: Վերջը ինձ հայտնի չէ:
Երևի հարցնում ես, թե ինչ եմ ուզում, որ բերես: Նույն հարցը ես էլ տվեցի ընկերներիս.
-Էն ամենը, ինչ չի բերել նախորդ տարիներին,- պատասխանեց մեկը:
-Հասկացվածություն՝ իր բոլոր տողատակերով,- սա էլ մյուսը:
Իսկ երրորդը պարզապես ասաց.
-Նոր տարին չի բերում…Մենք ենք գտնում ու կորցնում:
Գիտեմ՝ գտնելով ու կորցնելով ենք հասունանում և սովորում ուրախանալ ամեն փոքրիկ բանից, նույն ճանապարհով ենք արժևորում մեր յուրաքանչյուր րոպեն և կարևորում ապրած ցանկացած օրը: Գիտեմ… Բայց ուզում եմ, որ ժամանակից շուտ ոչ գտնենք և ոչ էլ, առավել ևս, կորցնենք: Ուրիշ ոչինչ:
Հ. Գ. Ես զարդարում եմ իմ սենյակը տոնածառի լույսերով, և ամեն անգամ՝ տուն վերադառնալիս, իմ պատուհանը վերևից ժպտում է ինձ: Վերցնում եմ թուղթը և գրում եմ նամակ Ձմեռ պապին՝ չմոռանալով հիշել նաև Էքզյուպերիի մասին.
Տուր ինձ ոչ թե այն, ինչ խնդրում եմ, 
այլ այն, ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ…

Ձմռան խաղեր

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը՝ Մանե Մ. Սարգսյանի

Շատերին հետաքրքրում է, թե ինչպես է անցնում ձմեռը Ճամբարակում: Իմ կարծիքով ձմեռը Ճամբարակում նման չէ մնացած քաղաքների ձմռանը: Ինձ համար Ճամբարակի ձմեռը ավելի տաք է, քան մայրաքաղաքինը: Քաղաք Ճամբարակը զգեստափոխվել է, հագել է սպիտակ զգեստ: Ձմռանը Ճամբարակը ավելի գեղեցիկ է, քան տարվա մնացած եղանակներին:
Ճամբարակում ձմեռը ավելի հետաքրքիր է անցնում դպրոցում: Երբ այստեղ առաջին ձյունն է գալիս, աղջիկները վախենում են դպրոցից դուրս գալ, որովհետև գիտեն, որ տղաները «հորելու են»: Երբ դուրս են գալիս խանութ գնալու, վազելով են գնում, որպեսզի չհասցնեն իրենց հարվածել ձնագնդիկով: Շատ հետաքրքիր ձևերով են խաղում դասարանի աղջիկներն ու տղաները: Խաղի սկզբին աղջիկները մի թիմ են կազմում, իսկ տղանները` մեկ այլ, և սկսում են միմյանց ձնագնդերով հարվածել: Երբ աղջիկները տեսնում են, որ չեն կարողանում պայքարել տղաների դեմ, սկսում են ամեն տարի օգտագործված նախադասությունը ասել. «Վերջ, ես տղաների կողմից եմ…»: Մի խոսքով, ձմեռը Ճամբարակում շատ հետաքրքիր է անցնում:

sona zaqaryan

Ես եմ խոհանոցի տերը

Չգիտեմ, սիրո՞ւմ եք արդյոք խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել, թե ոչ, բայց կարծում եմ, որ ձեզնից շատերը չեն սիրում, ավելի շուտ հոգնում են խոհանոցը մաքրել և ափսեները լվանալուց: Ես մտնում եմ հենց այդ շատերի մեջ: Արդեն մեկ շաբաթից ավելի կլինի, ինչ մայրիկիս ձեռքը վնասվել է, և նա չի կարողանում տան գործերը անել,առավել ևս խոհանոցինը, այդ պատճառով ես եմ փոխարինում նրան: Մայրիկս շատ է անհանգստանում ինձ համար, անընդհատ գալիս է խոհանոց և ասում. –Սոնա, չտեսնեմ սառը ջրով լվանաս ամանները, տաք ջուր բեր, նոր լվա:
Մինչև հավաքում եմ սեղանը և գնում վառարանի վրայից տաք ջուր բերելու,կրկին լսում եմ մայրիկի ձայնը. –Զգույշ մնա, ջուրը եռման ա, չթափես վրադ: -Մամ, մի անհանգստացիր, հո առաջին անգամ չե՞մ աման լվանում: …Կիրակի է: Ես պետք է ոչ մի տեղ չգնամ և մնամ տանը: Մեր տուն հյուրեր են գալու, և ես պետք է անպայման օգնեմ մայրիկին, ախր, նրա ձեռքը վնասված է: 85-ամյա տատս իր վրա է վերցնում դոլմա պատրաստելու գործը: Ես էլ հպարտորեն ասում եմ, որ կպատրաստեմ ուզբեկական փլավը (ինձ արդեն խոհանոցի տեր եմ զգում): Սկսվում է պատրաստման գործընթացը: Դե ինչ, սկսում եմ սոխը կտրատելուց: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ հերթը հասավ գազարին, իմ և մայրիկի միջև ծագեց մի փոքրիկ վեճ: -Սոնա, գազարը ծուռ ես կտրել ու շատ հաստ, մի քիչ բարակ կտրիր: -Լավ էլի, մամ, ի՞նչ կապ ունի հաստն ու բարակը, կարևորը համով լինի: Եվ այստեղ մայրիկը փորձում է ինձ բացատրել, որ ուտեստի տեսքն էլ է շատ կարևոր, և անպայման պետք է դրան ուշադրություն դարձնել: Ես համաձայնվում եմ մայրիկի հետ… Երկար տանջանքներից հետո պատրաստ էր և դոլման, և ուզբեկական փլավը: Հյուրերն էլ արդեն եկել էին: Չգիտեմ նրանց դուր եկա՞ն ուտեստները, թե ոչ, բայց ինձ համար դրանք շատ համեղ էին, քանի որ պատրաստվել էին 15-ամյա մի աղջնակի և 85-ամյա ծեր կնոջ երկար, բայց արդյունավետ և տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Ինձ հասկացողներ կլինեն

Առաջին Ամանորն է, որ մեր տանը չեմ դիմավորելու: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ: Պապիկիս խնդրանքով այս տարի գյուղ պետք է գնամ եւ նրանց հետ Նոր տարին դիմավորեմ, առանց ծնողներիս: Մի խոսքով, տատիկապապիկային շրջապատում: Ես գյուղեր չեմ սիրում: Քանի որ քաղաքում եմ ծնվել ու ապրել, արդեն սովորել եմ քաղաքի ամեն ինչին: Այստեղ են ընկերներս, որոնց հետ անցկացնում եմ ժամանակիս մեծ մասը: Երբ առիթ է ստեղծվում գյուղ գնալու, այդ օրերին որոշում եմ հիվանդանալ և ծնողներիս համոզել, որ չգնանք: Սակայն նրանք ինձ լավ գիտեն, և իմ խորամանկությունը չի անցնում, հետևաբար մի կերպ ինձ տանում են գյող:
Ամբողջ ճանապարհին դժգոհ դեմքով եմ լինում, նրանց հարցերին չեմ պատասխանում, բայց հենց հասնում ենք գյուղ, տատիկիս ու պապիկիս տեսնելուն պես ամեն բան փոխվում է իմ մեջ, որովհետեւ շատ եմ սիրում նրանց: Նրանք մեղավոր չեն, որ ես չեմ սիրում գյուղը: Իսկ այ, երբ գնում ենք գյուղ մնալու, այլ ոչ թե հետ գալու նպատակով, վե~րջ, իմ և ծնողներիս մեջ սկսվում է երրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ հաղթող է դառնում մեծամասնություն կազմող կողմը, այսինքն, ծնողներս: Դե, էլ ինչ շարունակեմ, երևի ինձ հասկացողներ քչից-շատից կլինեն:
Ամանորից հետո կգրեմ, գուցե այս անգամ ամեն ինչ այլ կերպ լինի: