Իմ ընտանիքի պատմությունը

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Շուշանիկ Հարությունյանի

Իմ ընտանիքի պատմությունն սկսվում է Վանի Այգեստան թաղամասից: Սիրում եմ պատմել իմ ընտանիքի պատմությունը, բայց արժե՞ արդյոք խոսել այդ ցավի ու տառապանքի մասին, որ նրանք են ապրել ցեղասպանության տարիներին, և որ արդեն հարյուր տարի է` չի մոռացվում ո՛չ ցավը, ո՛չ ողբերգությունը: Եվ այնուամենայնիվ, պատմելով կամ վերհիշելով այդ պատմությունները` նույն ցավն եմ զգում, ինչ զգացել եմ առաջին անգամ լսելիս:
Պապիս պապը` Խեչոն, գաղթել է Վանից: Խեչո պապը հայտնի է եղել որպես բարի, ազնիվ և գործունյա մարդ: Մի առավոտ, երբ տեղացիներից մեկը հայտնում է նրան թուրքերի հարձակման բոթը, նրա ներաշխարհը տակնուվրա է լինում, նրա գլխում ծագում է մի մռայլ միտք` հեռանալ իր համար այդչափ թանկ ու սիրելի Վանից: Բայց որքա՜ն ծանր էր այդ, որքա՜ն ցավալի:
Էլ ինչ էր մնում Խեչո պապին, եթե ոչ` հավաքել ընտանիքը և հեռանալ` վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրերը:
Ընտանիքը բաղկացած էր վեց հոգուց, ունեցել է երկու տղա, երկու աղջիկ: Ճանապարհին նրանք ականատես են լինում բազմաթիվ վայրագությունների ու ավերածությունների, կրում են բազում զրկանքներ, որոնք մնում են նրանց սրտերում` որպես չսպիացած վերքեր: Սկզբում նրանք ապաստան են գտնում Էջմիածնում, իսկ որոշ ժամանակ անց ընտանիքի մի մասը գալիս է Իջևանի Թալա (այժմ` Գետահովիտ) գյուղ: Մեր տոհմը սկսվում է Խեչո պապի կրտսեր որդուց` Հարությունից: Երբ նրանք գաղթել են, Հարություն պապը տասնհինգ տարեկան է եղել: Այդ ժամանակից ի վեր մեր գյուղում մեզ անվանում են «գաղթական»: Հետագայում Հարութ պապն ամուսնացել է Մարիամ անունով մի որբ աղջկա հետ: Նրանք ունեցել են հինգ զավակ` երկու որդի, երեք դուստր:
Հարութ պապի մասին բոլորը խոսում են գովեստով, պատմում են նրա հյուրընկալության, անսահման ազնվության և բարության մասին, որ փոխանցվել է Խեչո պապից: Թվում է` այդ ամենը տեսնելուց հետո անհնար է վերադառնալ բնականոն կյանքի, սակայն նա ապացուցում է, որ դեռ կարելի է ապրել: Պապս պատմում է, որ մի օր Հարութ պապը երազում տեսել է Այգեստանը, իր հայրենի տունը, ընկերներին, արթնացել է ու արտասվել: Նա ասել է, որ մի սուր կսկիծ է վառում իր սիրտը: Հարութ պապը երբեք չի փոխել իր բարբառը և միշտ խոսել է Վանի բարբառով: Նա իր տունը կառուցել է գյուղի ծայրին: Եվ ամեն անգամ, երբ տան մոտով մի օտարական է անցել, նա ասել է. «Ղարիբ մարդ է, տու՛ն կանչենք, սովա՛ծ կլինի»: Նա շատ է սիրել ընթերցանությունը, բոլորը պատմում են, որ նրա ձեռքին միշտ գիրք կար, ինչպես նաև օրաթերթ, որտեղ նա միշտ փնտրում էր Վանի մասին տեղեկություններ: Եվ մինչև իր կյանքի վերջը նա հույսը չի կորցրել, որ մի օր կվերադառնա Վան, կգնա իր տուն, ավարտին կհասցնի իր հոր` Խեչո պապի կիսատ թողած գործը: Այս էր նրա նվիրական երազանքը:
Իմ ընտանիքի պատմությունը մի գաղթական հայի պատմություն է` աշխարհասփյուռ հայի պատմություն: Պապիս պապի հուշերը ինձ տանում-հասցնում են մինչև Արևմտյան Հայաստան: Ահա ես այնտեղ եմ` Վանում` Այգեստան թաղամասում: Հրա՜շք, դրախտավա՜յր… Խեչո պապը արտ է արել, ցորեն ցանել:
-Պա՛պ, այդ ե՛ս եմ` քո թոռան թոռը, քո զավակներն ինձ կոչել են Վանուհի` քո կորսված քաղաքի պատվին, քո պատվին, պա՛պ: Ես վերադարձել եմ քո կարոտած էրգիր, եկել եմ, որ շենացնեմ, որ տե՛ր կանգնեմ հող ու ջրին, որ հնձե՛մ այն արտը, որը դու ես ցանել, որ գտնե՛մ այն կճուճով ոսկին, որ դու ես թաղել այգում: Չէ՞ որ այդ աշխատասիրությունը փոխանցվել է ինձ, իմ քույրերին ու եղբայրներին: Դե՛, վե՛ր կաց, պա՛պ, ցու՛յց տուր այն արահետը, որ տանում է դեպի քո երազանքի դուռը: Հայրենասերի քո այդ երազանքը այժմ փոխանցվել է ինձ, այն արդեն իմն է, ողջ հայությանն է… Ես իրականացնելու եմ այդ մեծ հայի սրբազան բաղձանքը, պա՛պ, իմ գերդաստանի՛ նահապետ…

Ծաղկաձորյան մեդիա ճամբար. Օր երրորդ

Այսօր առավոտից կինոյի ստուդիան է աշխատում: Սովորում ենք կինո նկարել` մտահղացումից մինչև մոնտաժ: Թե ինչ և ինչպես անցավ, կարող եք կարդալ ստորև: Շարունակում է աշխատանքը նաև ֆոտոլրագրության ստուդիան: Դե իհարկե, այս ամենի մասին համ էլ գրում ենք:

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Վարդանյանի

Երեք օր է, ինչ այստեղ ենք, բայց ժամանակն այնքան արագ է թռչում, որ չեմ նկատում, թե օրը երբ է ավարտվում: Այսօր օրվա սկզբին դիտեցինք «Մանանա» կենտրոնի տարբեր տարիների նկարահանած ֆիլմերից և վերջում քննարկումներ արեցինք: Այնուհետև սովորեցինք, թե ինչպես պետք է գաղափարներ հղանալ և զարգացնել, որ դրանք դառնան ֆիլմ: Քննարկումներից հետո դուրս եկանք քաղաք նկարելու: Բայց շուտով անձրև սկսվեց, և բոլորս, անջատելով տեսախցիկները, պատսպարվեցինք ծածկի տակ: Քիչ անց նկատեցինք, որ դիմացից մի տատիկ է գալիս: Նա քայլեց-քայլեց, հետո կանգ առավ. փողոցում գոյացած ջրի հոսքը նրան թույլ չէր տալիս առաջ գնալ: Րոպե չանցած Մուշեղը հայտնվեց տատիկի մոտ ու օգնեց անցնել փողոցը: Ուրախ եմ, որ մեր օրերում նման տղաներ դեռ կան:

Աստղիկ Ղազարյան, գ. Գետահովիտ

***
Այսօր կարողացանք անկեղծանալ մեկս մյուսի հետ ու ասել այն, ինչ իսկապես մտածում էինք:
Ինձ շատ դուր եկավ նաև համատեղ աշխատանքը: Մենք կարողացանք խմբով գրել կինոյի սցենարը և լսել և զարգացնել մեկս մյուսի առաջարկները: Շատ հետաքրքիր էր: Կարելի է ասել, այսօր մենք իրար ճանաչեցինք թե որպես ընկեր, և թե որպես գործընկեր:

Դավիթ Այվազյան, ք. Գյումրի

***
Դեռ գիշերը, մինչ բոլորը քնած էին, ես ու Սուրենը նստած զրուցում էինք, հետաքրքիր դեպքեր պատմում: Սուրենը Հրազդանից է, և արդեն մի քանի տարի է Պատանի թղթակիցների ցանցի անդամ է, իսկ այս անգամ ճամբար է եկել իբրև կամավոր: Անցած ճամբարից հետաքրքիր դեպքեր էր հիշում, ծիծաղում: Չզգացինք, թե ինչպես գիշերը կես եղավ: Արդեն շատ էինք հոգնել, աչքներս փակվում էր: Որոշեցինք քնել: Չնայած ուշ էինք քնել, բայց առավոտյան շատ հեշտ արթնացանք: Երևի նոր հետաքրքիր օրվա սպասումն էր պատճառը:
Առավոտից ֆիլմի գաղափարներ էինք ասում, և համատեղ քննարկում դրանք: Ընտրեցինք մի քանի հետաքրքիր գաղափարներ, որոնք պատրաստվում ենք նկարահանել: Ճաշից հետո գնացինք ֆոտոարշավի:
Մի քանի ֆոտո անելուց հետո, կարծես, եղանակը դեմ տրամադրված լիներ մեր հանդեպ: Մի այնպիսի հորդառատ անձրև սկսեց, որ ստիպված թաքնվեցինք մի ծածկի տակ: Երբ փոքր-ինչ թեթևացավ անձրևը, արագ հետ եկանք: Չորանալուց հետո սկսեցինք ձևավորել թիմեր, որոնք վաղը կգնան նկարահանումների: Երեկոյան նախորդ օրվա արված լուսանկարները բոլորով նայեցինք, քննարկեցինք՝ դրանց լավ ու վատ կողմերը, թե որ կողմից և ինչ դիրքով տվյալ լուսանկարը ավելի ճիշտ, հետաքրքիր ու տպավորիչ կլիներ:

Էրիկ Ալեքսանյան, ք. Եղեգնաձոր

***

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Օրվա երկրորդ կեսին դուրս եկանք նկարելու: Ես հարցազրույց վերցրեցի մի տաքսու վարորդից, ով պարզվեց, որ պատրաստվում էր լքել երկիրը: Տխրեցի: Մի հարցազրույց էլ արեցի մի գյուղացու հետ: Հասցրի նաև մի քանի լուսանկար անել:
Այսօրվա իմ ձեռքբերումներից մեկը Աստղիկն է: Ես նրա հետ այնքան էլ մտերիմ չէի, սակայն այս օրերի ընթացքում ծանոթացանք, շփվեցինք, կարելի է ասել՝ իրար հետ լեզու գտանք: Աստղիկը շատ բարի և սիրալիր աղջիկ է: Մենք արդեն պատրաստվում ենք հաջորդ օրվան: Ես անհամբերությամբ սպասում եմ , թե երբ եմ իմ նյութն ու գաղափարները ներկայացնելու:

Լիլիթ Խառատյան, ք. Գյումրի

***

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Մեզ հանձնարարել էին մտածել մի փոքրիկ ֆիլմի պատմություն: Մտածեցի, բայց սյուժեն չգոհացրեց ոչ մեկին: Ես դա միանգամից զգացի ու մտքումս ինքս ինձ խոստացա, որ եթե հանձնարարություն է տրված, պետք է ավելի լավ ու խորը մտածել: Դե, ինչպես ասացին մեր մասնագետները, սպասենք իմ լավ մտքերին:
Դրանից հետո գնացինք լուսանկարելու. ուզում էի խոստացածս և սովորածս իրականացնել, որովհետև անցած անգամ շատ սխալներ էի արել: Բայց ինչպես ասում են՝ այստեղ էլ անձրևը չթողեց, որ իրականացնեմ:
Ազատ ժամանակ Լիլիթը սովորեցրեց, թե ինչպես պետք է ճիշտ խաղալ սեղանի թենիս: «Ճիշտն ասած, լավ չհասկացա, Լիլ ջան, բայց ոչինչ, դեռ չորս օր այստեղ ենք, կհասցնես ավելի մանրամասն սովորեցնել»:
Հետո բարձրացա սենյակս, որպեսզի պատրաստեմ այս նյութը ու սրա հետ մեկտեղ մտածում էի, թե վաղը ի՞նչ ենք անելու: Բայց դրա մասին վաղը կմտածեմ, այսօրվա համար տպավորություններս շատ-շատ են, արդեն աչքերս փակվում են:

Լիա Ավագյան, գ. Ներքին Կարմիրաղբյուր

***
Երբ դուրս էինք եկել նկարելու, հանդիպեցինք երկու պապիկի, ովքեր սիրով համաձայնեցին պատմել իրենց մասին: 
Կեչառիսի վանքի ճանապարհին սկսվեց ուժգին անձրևը, և բոլորս պատսպարվեցինք մի տանիքի տակ, որտեղից երևում էր ողջ փողոցը: Այդտեղից ևս հիանալի ֆոտոներ արեցինք: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես մեր ֆոտոյի դասընթացավարների հետ սովորեցինք քննարկել արված լուսանկարները, տեսնել թերությունները, հասկանալ, թե ինչու լավ չի ստացվել, ոգևորվել ընկերոջ լավ կադրով: Կամաց-կամաց սկսում ենք տիրապետել ֆոտոլրագրության հմտություններին:

Լիլիթ Կիրակոսյան, ք. Հրազդան

***

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի

Այսօր աշխատեցինք ֆիլմերի գաղափարների վրա, սովորեցինք, թե ինչպես կարելի է գաղափար հղանալ և զարգացնել: Գաղափարներից մի քանիսը նաև ընտրվեցին նկարահանման համար:
Մտերմացա Լիլիթի հետ: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է: Եկել է Գյումրիից: Մենք դարձել ենք քույրիկներ:
Ազատ ժամանակ որոշել ենք մեր տաղանդներն էլ ներկայացնել, և օրվա մեջ հավաքվեցինք, խաղացինք, նաև մտածեցինք, թե ով ինչ է ներկայացնելու տաղանդների մրցույթի ժամանակ: Հետո էլ պառկեցինք քնելու, ինչը դժվար ստացվեց:

Մարիամ Հովհաննիսյան, գ. Արարատ

***
Այսօր իմ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ վերջապես կարողացա հայտնել այնպիսի գաղափար, որի հիման վրա հնարավոր կլինի ֆիլմ նկարել: Սկզբում բոլորովին այլ բան էի մտածել ու չէի հասկացել, որ առաջարկում եմ արդեն եղած ֆիլմերի գաղափարներ: Հետո ասում էի միայն թեմաներ, բայց չէի մտածում, թե ինչպես պետք է այդ թեման ներկայացնեմ: Շատ անսովոր էր նոր բան մտածելը, բայց վերջապես կարողացա:

Սևակ Կիրակոսյան, գ. Վահան

***
Մեդիա ճամբարի երրորդ օրն անցավ հագեցած, և ես լավ հոգնեցի, բայց հենց իմ պատճառով էլ չհանգստացա: Մենք ժամերով քննարկեցինք բոլորի առաջարկած գաղափարները: Գաղափարների ընտրությունը զբաղեցրեց մեր ամբողջ օր, բայց վերջում մեր լուսանկարչության մասնագետները մեզ ցույց տվեցին մեր ֆոտոներն, ու վերլուծեցին դրանք: Քննարկման ընթացքում լսեցինք հետաքրքիր գաղափարներ ու քննարկեցինք դրանք, իսկ ֆոտոների վերլուծության ժամանակ մեզ բացատրեցին մեր սխալները: Վերհիշեցի ֆոտոյի կանոնները, և հասկացա, թե ինչպես ընտրել ճիշտ թեմա ֆիլմ նկարելու համար: Մտերմացա մեր հրազդանցի թղթակիցների հետ: Մի խոսքով, ահավոր հագեցած օր էր, և այդ հագեցվածությունը թողեց և լավ, և վատ հետևանքներ:

Վահե Ստեփանյան, գ. Մալիշկա

***

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Մուշ-մուշ քնած էի, ճամփորդում էի հեքիաթային քաղաքներով մինչև չզնգաց զարթուցիչը: Մի կերպ բացեցի աչքերս, պոկեցի ինձ փափուկ բարձից և սկսեցի պատրաստվել: Այսօր մտահղացումների օր էր: Կիսվում էինք մեր գաղափարներով, քննարկում էինք դրանք և փորձում այդ մտքերը իրագործել:
«Պարզվեց, լավ էլ դժվար գործ ա սպասվում, հա՜: Գաղփար մտածելը հեշտ էր, բայց իրականության վերածելը…»,- մտածում էի ես քննարկումը ավարտելուց հետո:
Մտահաղացում կար, մնում էր գործելը:
Հավաքվելով դրսում մենք գնացինք Ծաղկաձորի աշունը անմահացնելոււ մեր տեսախցիկներով: Փնտրում էինք դեպի Կեչառիս տանող ճանապարհը: Մոտեցա երկու պապիկների, ցանկանում էի իմանալ եկեղեցու տեղը, երբ հանկարծ մեզնից ոչ հեռու բացվեց եկեղեցու գեղեցիկ տեսարանը: Պապիկներից մեկը այս առիթով մի հումոր արեց, և այսպես էլ բռնկվեց մեր հետաքրքիր զրույցը: Նրանցից մեկը՝ ֆրանսերենի, մյուսը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ էին: Հիմա նրանք թոշակառու են:
-Է՜, երեխեք ջան, այ տեսնո՞ւմ եք, էս շենքը ժամանակին գիշերօթիկ դպրոց էր, մենք գնացինք` փակվեց, հիմա էլ վրան գրված է` «Վաճառվում է»:
Նրանց հրաժեշտ տալով ցանկանում էինք հեռանալ, երբ Փայլակ պապիկը մեր հետևից կանչեց.
-Երեխեք ջան, սպասեք, էսա` անձրև ա գալու: Էդ ե՞րբ եք հասցնելու ման գաք, քաղաքը տեսնեք: Ավելի լավ ա` տուն գնացեք, քանի շուտ է:
-Չէ, չի գա, կհասցնենք, Փայլակ պապի:
Մենք շարժվեցինք դեպի եկեղեցի: Հենց մի փոքր մոտեցանք եկեղեցուն, սկսեց անձրև գալ:
-Ծաղկաձորում մարդիկ հասկանում են, թե երբ է անձրև գալու,- անձրևի տակ խոսելով գնում էինք դեպի հյուրանոց:
Այսօր հայտնվելով տարբեր իրավիճակներում, վերջապես հասկացա մեր դասընթացավարների խորհուրդը այն մասին, որ ամենահետաքրքիր նյութերը առաջանում են մարդկանց հետ անմիջական շփումից: Երբ մարդկանց տալիս ես դրական էներգիա, նրանք էլ քեզ նույնով են պատասխանում: Ես դրանում այսօր համոզվեցի:
Երաժշտության մեջ կան «Երեք կետեր», որոնց վրա հիմնված է այդ արվեստը, այսօր ես հասկացա, որ, այսպես ասած, երեք կետեր կան նաև ֆոտոյի մեջ՝ կոմպոզիցիա, լույս և, ըստ իս, ամենակարևորը` կրեատիվություն:

Մարիամ Բարսեղյան, ք. Վանաձոր

***

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ես համոզվեցի, որ քաղաքի տարբեր մասերում շատ բան կա լուսանկարելու: Առաջին հայացքից Ծաղկաձորի կենտրոնում ավելի շատ են տեսարժան վայրերը, այգիները, և ավելի նպատակահարմար է լուսանկարել այդ հատվածները, սակայն ծայրամասերում ավելի շատ իմաստ կա, լուսանկարներում պատկերում ես աշխատավոր ժողովրդին, քաղաքի բնակիչներին իրենց առօրյա կյանքի ու խնդիրների մեջ:
Ես հասկացա, որ առաջին գաղափարը, երբ մտքիդ գալիս է, դա ամենևին էլ փայլուն մտահղացում չէ, սովորաբար առաջին մտքերը կաղապարներ են, որն առաջինն ես հիշում: Կինոյի գաղափարը ամենևին էլ բավարար չէ կինո նկարելու համար, այն պետք է մշակվի, կատարելագործվի և մանրամասն դիտվի ամեն կողմից:
Նաև այս երեք օրվա ընթացքում ես ձեռք բերեցի լավ ընկերներ:

Սաթենիկ Գալստյան, գ.Արարատ

Ծաղկաձորյան օրագիր. Ֆոտոարշավ Ծաղկաձորում

Երկրորդ օրն սկսեցինք ֆոտոլրագրությամբ: Կրկնեցինք, ինչ արդեն գիտեինք կամ չգիտեինք ֆոտո անելու և ֆոտոպատմություն պատրաստելու մասին: Դիտեցինք մի քանի հետաքրքիր ֆոտոպատմություններ, բաժանվեցինք խմբերի և բոլորս միաժամանակ դուրս եկանք լուսանկարելու: Առաջին ֆոտոարշավը Ծաղկաձորում էր: Շատերս առաջին անգամ էինք Ծաղկաձորում: Լուսանկարներ անելով քայլելը երկուստեք օգտակար է: Ուրիշ ժամանակ այսպես որոնող հայացքով, ամեն հետաքրքիր տան ու տեսարանի առաջ երբեք չէինք կանգնի, համարձակություն չէինք ունենա անծանոթների հետ զրուցելու: Կարելի է ասել, առաջին անգամ բոլորովին այլ հայացքով էինք նայում աշխարհին: Ահա մի քանի տպավորություններ այդ արշավից:

***

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Ծաղկաձորում քայլելիս հանդիպեցինք մի հյուրընկալ ընտանիքի: Նրանք առաջարկեցին լուսանկարել մի անկյուն, որը ես տեսել էի ֆիլմերով և լուսանկարներով: Նրանք մեզ ուղեկցեցին դեպի ծառի վրա գտնվող նորակառույց տնակը: Նրանք մեզ հարցրեցին, թե որտեղից ենք եկել, ես ասացի, որ Հրազդան քաղաքից, իսկ նրանք կես կատակ-կես լուրջ ասացին. «էտ ուրիշ բան, որ Հրազդան քաղաքից ես, քեզ ամեն ինչ կարելի ա: Ինչ ուզում ես` կարաս քաղես, հյուրասիրվես»: Ես ծիծաղեցի և վերցրեցի տղայի առաջարկած խնձորը: Հետո շարունակելով առաջ գնալ, նկատեցի աստիճաններ և ամենավերևում կանաչ գույնով ներկված մի շան բուն: Մի քանի լուսանկար արեցի, հանկարծ լսեցի մի տղայի ձայն. «Քուրիկ ջան, շանը մի նկարի, կարող ա հարձակվի»: Ես վախեցած նայեցի շուրջս, իսկ տղան ասաց, որ կատակ է անում: Շատ ժամանակ չանցած տղան իր մեծ շան հետ մոտեցավ մեր խմբին: Մի քանի լուսանկարներ արեցինք, զրուցեցինք: Շունը 2 տարեկան էր անունը` Մակ: Ցավոք, ես չհարցրեցի տղայի անունը: Նա պատմեց, որ 2 տարի ապրել է Ռուսաստանում: Տղան մեզ առաջարկեց ուղեկցել, սակայն անձրև սկսեց, և մենք վերադարձանք:

Արուսյակ Սահակյան, ք. Հրազդան

***
Տեսանք մի դահուկորդի, որը եղել էր Հայաստանի չեմպիոն: Մոտեցանք, զրուցեցինք, նա ուներ լիքը գավաթներ, մեդալներ, պատվոգրեր: Բայց այդ պահին բանվորական շորերով դռներ և պատուհաններ էր ներկում: Նա շատ հասարակ և շփվող մարդ էր: Նա մեզ առաջարկեց, որպեսզի ձմռանը գանք նորից Ծաղկաձոր և ինքը մեզ կսովորեցնի դահուկներով սահել, կդիտենք ու լուսանկարենք իրենց մրցումները:
Երբ դահուկորդի հետ վերջացրեցի հարցազրույցս, տեսանք մի պապիկի, որը իր ծոռան հետ էր շրջում: Եվ սկզբում բարևեցինք, դրանից հետո հարցրեցինք, քանի՞ երեխա ունի, երեխաները ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն: Եվ նա ոչ միայն դրանց պատասխանեց, այլ նաև ասաց, որ իր թոռն էլ ունի երեխաներ: Պապիկը ծնվել է Երևանում, տեղափոխվել է Ծաղկաձոր: Երկար տարիներ աշխատել է էլեկտրիկ: Մի քանի տարի հետո դարձել է էլեկտրական ցանցի տնօրեն:

Ալբերտ Մկրտչյան, գ. Վահրամաբերդ

***

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Երբ դուրս էի գալիս քաղաք, կարծում էի, թե արածս լուսանկարները հիմնականում քաղաքի բնապատկերն են արտահայտելու: Բայց արածս լուսանկարների մեջ այդպիսիք գրեթե չկան:
Քաղաքում հանդիպում էինք մարդկանց, որոնց մեծ մասը խուսափում էր նկարվելուց: Հետաքրքիր կադրեր փնտրելով՝ անցնում էինք փողոցից փողոց, երբ մի պապիկ մեզ ընդառաջ եկավ՝ ասելով.
-Եկե՛ք, երեխե՛ք, ստեղ մի թագավոր մարդ կա: Եկե՛ք նկարեք:
Մինչ խմբիս անդամները գնացին այդ «թագավոր» մարդուն նկարելու, ես առաջ անցա: Տեսա մի հետաքրքիր տուն: Փորձում էի ճաղավանդակների միջով նկարել տան ընդհանուր պատկերը, և հանկարծ կադրում հայտնվեց բարի դեմքով մի պապիկ, հետաքրքիր հայացքով ինձ նայեց ու մի քանի վայրկյանից անհետացավ: Իրականում ուզում էի նրան հարցնել՝ ո՞վ է ինքը, ինչո՞վ է զբաղվում, երեխաներ, թոռներ ունի, թե՞ ոչ:
Բայց սկզբում անհարմար զգացի: Երբ մեջս ուժ գտա նրա հետ շփվելու, արդեն ուշ էր՝ նա այլևս իմ տեսադաշտում չէր: Ցավում եմ, որ ամաչելու պատճառով որոշ հարցեր ինձ համար մնացին ուղղակի հարցեր: Բայց լինում են դեպքեր, երբ խոսքերն ավելորդ են. ես նրա հայացքի մեջ տեսա այնքա՜ն մեծ բարություն, որ այդքանն ինձ բավական էր նրա մասին կարծիք կազմելու: Այդ մարդը սիրտս մի տեսակ բարություն ներարկեց: Բայց մյուս անգամ ավելի համարձակ կլինեմ:

Աստղիկ Ղազարյան, գ. Գետահովիտ

***
Այսօր քայլում էի Ծաղկաձորի փողոցներով: Մեզ հանձնարարված էր նկարել այն, ինչը մեր կարծիքով գեղեցիկ է: Նայում էի շուրջս՝ ամբողջը խամրած էր: Ճանապարհին թափված էին ցելոֆաններ կամ մաշված անվադողեր:
Ուշադրություն չդարձրեցի, մտքումս մեղադրելով բնակիչներին փնթիության համար: Հետո ամեն մետրի վրա փակ դարպասներ էին, վրան մեծատառերով գրված. «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»: Հիասթափված ֆոտոխցիկս դրեցի գրպանս և շարունակեցի ճանապարհս:

Լիա Ավագյան, գ. Ներքին Կարմիրաղբյուր

***

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Աշնանը Ծաղկաձորում շատ բան կա լուսանկարելու: Երբ իջանք քաղաք, տեսանք տարբեր զբաղմունք ունեցող մարդկանց: Մի ընտանիք տեսանք, ովքեր մեծից փոքր փայտ էին կտրում: Երեխաների հայրը բերում էր փայտը, տան պապը և ավագ թոռուհին սղոցով փայտ էին կտրում, իսկ մայրը և տղան փայտը լցնում էին մեքենայի մեջ: Եվ միայն մի աղջիկ էր՝ իննամյա Սոֆին, որ չէր աշխատում, այլ լուռ նստած նայում և հետևում էր փայտ կտրելու գործընթացին: Սկզբից մտածեցի, դժվար թե նա համաձայնվի լուսանկարվել, սակայն սխալ կարծիք էի կազմել: Իրականում առաջին հայացքից համեստ ու չխոսկան աղջիկը գիտեր իր համայնքի ամեն ծակուծուկը: Նա երկրորդ դասարանցի էր, պատմեց թե ինչպես է իր դասարանի երեխաների հետ գալիս և խաղահրապարակում խաղում: Երբ ես լուսանկարում էի Սոֆիին, մոռացել էի խմբի և Սոֆիի ընտանիքի մասին: Ափսոս, որ չհասցրեցի իմանալ, թե ինչ կարծիք ուներ իմ ու իմ խմբի մասին, չիմացա, թե ինչով էր զբաղվում ազատ ժամանակ, ո՞ր առարկան է սիրում դպրոցում, կցանկանա՞ արդյոք ինքն էլ լուսանկարել սովորել, բայց երևի այդ հացերի պատասխանները այլևս չիմանամ:

Սաթենիկ Գալստյան, գ. Արարատ

***
Տեսա մի կնոջ լվացքը հավաքելուց, մոտենալով նրան հարցրեցի.
-Բարև ձեզ, ի՞նչխ եք:
-Լավ, տղա ջան, Գյումրիի՞ց ես:
-Հա, լեննականցի եմ:
-Բարբառիցդ միանգամից պարզ դարձավ:
Նրա կողքին տեսա մի աղավնի, մոտեցա, որ նկարեմ, ու ինչքան զարմանալի է, նա չթռավ: Նրա աչքերը դեղնած էին:
-Դոխը քո՞ռ է:
-Այո չի տեսնում:
Մի քանի րոպե սիրեցի աղավնուն, այդ ընթացքում տիկինը ավարտեց իր լվացք հավաքելը ու քայլեց դեպի տան կողմ: Աղավնին գնաց նրա հետևից: Իհարկե, զարմացա, կույր աղավնին քայլում էր ուղիղ, առանց որևէ առարկայի հպվելու:
Մի քանի րոպե ուղղակի կանգնած մնացի, հետո ինքս ինձ խոսելով շարունակեցի քայլել, մտքումս կրկնելով. «Դե, կենդանի է, էլի, երևի առաջնորդվում է բնազդով»:

Դավիթ Այվազյան, ք. Գյումրի

***

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Ծաղկաձորի փողոցներում աշնանը մարդ չես գտնի: Բոլոր փողոցները գրեթե դատարկ են: Եթե հնարավորություն ունենայի, Ծաղկաձորում աշնանային բազում միջոցառումներ կկազմակերպեի, որ այս ամառվա լեփ-լեցուն քաղաքը մինչև ձմեռ այսպես չդատարկվեր: Այդ ամենն իր հետ նաև նոր աշխատատեղեր կստեղծեր, որոնց բացակայությունն էլ մյուս կողմից է այս դատարկության պատճառը: Մարդիկ գործ կունենան, պարապությունից ու անգործությունից չեն արտագաղթի, այլ կմնան իրենց ծննդավայրում, իրենց ծնողների և հարազատների կողքին:

Էրիկ Ալեքսանյան, ք. Եղեգնաձոր

***
Ծաղկաձորի բնակիչները շատ հյուրասեր մարդիկ են: Նրանցից մեկը տեսնելով մեզ, իրենց բակից բացականչեց. «Եկեք` ձեզ նենց տեղ ցույց տամ, որ ամենալավ նկարը ստացվի»: Նրա առաջարկը մեզ հետաքրքրեց, և մենք հետևեցինք իրեն: Մենք հասնելով իրենց տան դիմացի այգին, նկատեցինք մի տնակ, որը պատրաստված էր փայտից, ծառի վրա: Այդ մարդը նշեց, որ տնակին քոլիկ են ասում: Նա առաջարկեց բարձրանալ և ներսից լուսանկարել տնակը: Մենք նկատեցինք, որ քոլիկում կան նաև երեխաներ: Նրանցից մեկը, լսելով մեր ձայները, փորձում էր գաղտնի նայել, թե ինչ ենք մենք լուսանկարում: Նրան նկատելով ես փորձեցի լուսանկարել, սակայն նա տեսավ ինձ և փորձեց փախչել, միևնույն է, ինձ հաջողվեց որսալ տեսարանը:
Այնուհետև տնակի ներքևում տեսա մի ծերացած տատիկ, ով այնքան համահունչ էր աշնան ծերացած գույներին, սակայն չցանկանալով հայտնվել իմ կադրում, արագ-արագ հեռացավ: Նկատելով դա, հարց տվեցի. «Տատի ջան, ինչի՞ չես ուզում քեզ լուսանկարեմ»: «Այ բալա ջան, ով կուզե, որ իմ պես պառավ տատիկը հայտնվի այդ նկարում»,- ասաց նա և արագ հեռացավ, չթողնելով ինձ բացատրել, թե որքան սխալ է մտածում, և թե որքան կարևոր նշանակություն ուներ մեզ համար իր մեկ նկարը:

Լիլիթ Կիրակոսյան, ք. Հրազդան

***

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հետաքրքիրն ինձ համար Ժակն էր՝ երկու տարեկան մի մեծ շուն: Ինչպես տերն անվանեց` «չոբանի շուն»: Ժակը, ճիշտ է, ահռելի էր, սակայն շատ բարի էր ու չէր կծում մարդկանց: Մենք փորձեցինք բռնել նրա դնչակալից ու պահել, սակայն նա այնպիսի հզոր ուժ ուներ, որ մեզ իր հետ քաշում էր, ու մենք մեզ հազիվ էինք պահում: Պարզվեց, տերը ուրիշ շուն էլ է ունեցել, սակայն սատկացրել են: Նա պատմեց, որ միշտ իր շանը տանում էր զբոսանքի և այդ զբոսանքներից մեկի ժամանակ իր շան դնչակալը պոկվել է, և շունը հարձակվել է Նորիկ պապիկի շան վրա ու սատկացրել: Երկու օր անց նրա շունն անհետանում է, իսկ որոշ ժամանակ անց գտնում են շանը սատկած:
Ժակի տիրոջ և Նորիկ պապիկի այդ կռիվը չգիտեմ ե՞րբ, չգիտեմ որտե՞ղ և ու՞մ միջամտությամբ ավարտվեց: Այս ամենը ինձ հիշեցրեց «Մի կաթիլ մեղրը», բայց ամենակարևորն այն է, որ վերջում կռիվը շնից չանցավ տերերին:

Լիլիթ Խառատյան, ք.Գյումրի

***
Մենք հանդիպեցինք երեք պապիկների: Նրանցից մեկը բարձրահասակ և նիհար էր, իսկ մյուս երկուսը գեր էին: Նրանք ասացին, թե իրենցից մեկը գող է, որը թալանել է ԽՍՀՄ-ը: Մենք որոշեցինք մոտենալ այդ «գող»-ին և նրան մի քանի հարց տալ: Մենք նրան հարցրեցինք, թե ինչպե՞ս է զարգանում տուրիզմը: Նա մեզ ասաց, որ տուրիզմը շատ լավ է զարգանում Ծաղկաձոր քաղաքում: Նա նաև ավելացրեց, որ ճիշտ է ցուրտ է, բայց իրենք հաստ են հագնում և մի կերպ դիմանում են:
Հետո մենք մյուս պապիկին հարցրեցինք.
- Ինչպե՞ս է կյանքը: Ինչպե՞ս եք ապրում:
- Շատ լավ,- ասաց նա և քմծիծաղ տվեց:
Մենք նրանց ապրելու միջավայրը, և պապիկի քմծիծաղը տեսնելով հասկացանք, որ վատ են ապրում:
Այդ մարդը, չնայած իր կյանքի վատ պայմաններին, չէր բողոքում և շատ էր սիրում իր քաղաքը:
Լուսանկարչության մեջ կարևոր է ոչ միայն սիրուն լուսանկարներ ստանալը, այլ նման պատմությունների և նման մարդկանց հետ շփվելը:
Ես միայն այս պատմությունից ավելի շատ բան հասկացա, քան եթե մի ամբողջ գիրք կարդալիս:

Հարություն Հայրապետյան, գ. Ամասիա

***
Ես երբեք չէի հետաքրքրվել լուսանկարչությամբ և գաղափար անգամ չունեի, որ լուսանկարչությունն էլ կանոններ ունի: Ֆոտոխցիկը ձեռքիս հայացքով փնտրում էի մեկին, ով կարող էր դառնալ իմ լուսանկարի հերոսը, ում մեջ կարելի էր գտնել արտասովորի և անսովորի միաձուլումը: Հանկարծ դիմացի մայթում նկատեցի իմ նոր ընկերոջը՝ Էրիկին: Նա ծնկած նկարում էր ծաղկաձորյան հիասքանչ աշունը: Այդ տեսարանը լի էր բարությամբ և պարզությամբ: Շատերը կմտածեն, որ սա սովորական աշնան նկար է՝ սովորական հերոսով և սովորական աշնանային գույներով: Բայց, ես այդ տեսարանում տեսա ձգտում դեպի գեղեցիկը, կատարելությունը: Այդ տեսարանը իմ մեջ մեծացրեց նոր բան սովորելու, գեղեցիկը լուսանկարի միջոցով արտահայտելու ձգտում:

Մարիամ Բարսեղյան, ք.Վանաձոր

***

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Իմ աչքից չվրիպեց մի ավերված և լքված տուն: Ինձ թվաց լքված, քանի որ այդ պահին այնտեղ մարդ չէր բնակվում: Այդ տեսարանը կարծես միաձուլվել էր աշնան հետ: Տան մեջ կային աշխատանքային գործիքներ: Այնտեղ գուցե ապրել կամ ապրում են մարդիկ, սակայն ինձ թախիծ պարգևեց: Հայացքս թեքելով մյուս կողմ՝ նկատեցի, որ ընկերներս հանդիպել են մի ընտանիքի: Ես էլ մոտեցա ու սկսեցի լուսանկարել: Այստեղ մթնոլորտը ավելի ուրախ էր: Ես, խոսելով մի տատիկի հետ և նրանից համաձայնություն ստանալով, նկարեցի նրան աշխատելիս:

Մարիամ Հովհաննիսյան, գ.Արարատ

***
Հանդիպեցինք մի ծերունու, ով, ինչպես ինքն ասաց, Ծաղկաձոր քաղաքի «հոսանքի պետն էր»:
-Էս ի՞նչ նկարահանումներ են,- հետաքրքրվեց նա:
Մենք պատմեցինք, թե ով ենք և ինչի համար ենք եկել:
-Հա՜, ես էլ այ, էնտեղ եմ ապրում՝ տղայիս, հարսիս ու ծոռանս հետ,- ասաց նա՝ ցույց տալով իր փոքրիկի տունը:
Նորիկ պապն էր, 77 տարեկան: Ծնվել էր Երևանում, 3 տարի հետո տեղափոխվել Ծաղկաձոր:
-Մեր քաղաը շատ է փոխվել: Էդ հիմա է Ծաղկաձոր կոչվում, առաջ Ժանջղլու էր, հետո՝ Դարաչիչակ: Կյանքն էլ է փոխվել, գիտե՞ք: Առաջ մարդիկ ավելի հեշտ էին ապրում, դե ԽՍՀՄ էր, ավելի լավ էին ապրում: Հիմա ամեն ինչ դժվարացել է:
Նորիկ պապի մյուս տղաները և չորս թոռները ապրում են Լենինգրադ (ներկայիս՝ Պետերբուրգ) քաղաքում: Կանչում են իրենց մոտ, չի լսում, չի գնում:
-Ո՞նց թողնեմ քաղաքս, տունս: Քանի գործ էլ ունեմ, չեմ կարող գնալ: Այ, երբ թոշակի ուղարկեն, էտ ժամանակ էլ կորոշեմ,- ասում է նա և թեման փակում:

Միլենա Խաչիկյան, ք. Երևան

***
Իսկ ես հարցազրույց վարեցի Նորիկ պապի` քաղաքի էլեկտրացանցի նախկին գլխավոր տեսուչի հետ:
-Քանի՞ տարեկան եք:
-Ես ծնվել եմ հազար ինը հարյուր երեսունութ թվականին, այսինքն, յոթանասունյոթ տարեկան եմ:
-Ո՞ւմ հետ եք ապրում:
-Տղայիս, հարսիս, թոռան և ծոռնիկիս:
-Դուք բնիկ Ծաղկաձորի՞ց եք:
-Ծնվել եմ Երևանում, երեք տարի ապրել եմ այնտեղ, այնուհետև տեղափոխվել այստեղ՝ Ծաղկաձոր:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Ծաղկաձոր:
-Որոշումը կայացրեց հայրս, և քանի որ մենք այդ ժամանակ փոքր էինք, մեզ ոչ ոք չհարցրեց:
-Ի՞նչ փոփոխություններ է կրել քաղաքը:
-Երբ մենք տեղափոխվեցինք, քաղաքը կոչվում էր Ժանջղլու, այնուհետև անվանվեց Դարաչիչակ: Իսկ երբ բանակում նամակ ստացա տնից, ծրարի վրա գրված էր Ծաղկաձոր: Այդտեղից էլ իմացա, որ Դարաչիչակը դարձել է Ծաղկաձոր: Բացի դա քաղաքում եղել են շատ փոփոխություններ: Էն ժամանակ, որ մենք տեղափոխվեցինք, շատ էին մոլոկանների տները, հետո հայերը եկան, իսկ մոլոկանները սկսեցին տեղափոխվել Ռուսաստան:
-Իսկ փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական:
-Անկեղծ ասած, սովետական տարիներին բոլորը ապրում էին շատ լավ, որովհետև աշխատանքի տեղեր կային: Հրազդանում աշխատում էին քսանհինգ-երեսուն հազար մարդ, ռադիոզավոդում` տասից -տասնհինգ հազար մարդ էր աշխատում: «Դվինը», ջերմոցները աշխատում էին: Սովետից հետո սաղ քանդեցին:
Անցորդներից մեկը նկատելով Նորիկ պապիկին շրջապատած երիտասարդներիս՝ մոտեցավ մեզ և ինքն էլ մի քանի հարց տվեց:
-Նորիկ պապ, որ ստոլբի վրա հոսանքը խփել էր, հո շատ բան չէ՞ր եղել:
-Ընձի էսքան վախտ հոսանքը չի խփե, ես մենակ ծառից եմ ընգե, դուխ չի արե խփի:

Մուշեղ Վարդանյան, ք. Վայք

***

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Մենք որոշել էինք գնալ Կեչառիս վանական համալիր և դրա մոտակայքը, սակայն տարվելով Ծաղկաձորի աշնանային բնության գեղեցկությամբ, շեղվեցինք ճանապարհից: Հասանք մի վայր, որտեղ մի հին և փչացած ավտոբուս կար, որի վրա կար գրաֆիտի: Զարմանալի էր այդ հին և փլված շինության վրա տեսնել ժամանակակից և գեղեցիկ պատանկար: Մենք էլ հանդիպեցինք պատանուն իր Ժակ շան հետ:
Մեր խմբի Արուսը ուզում էր սիրել շանը, բայց վախենում էր: Տղան ասաց.
-Նախ, էտ շունը քեզի չի ուտի, երկրորդն էլ, շունը ընենց մարդու կուտի, որ կշտանա, քո վրա ի՞նչ կա, որ ուտի:

Սևակ Կիրակոսյան, գ. Վահան

***
Նախ սկսեցի լուսանկարել Ծաղկաձորի հրաշալի բնությունը: Չէ՞ որ աշուն է, իսկ աշունը ամենագեղեցիկ «արտահայտվող» եղանակներից մեկն է: Այնուհետև փորձեցի միավորել մարդուն բնության հետ: Գեղեցիկ լուսանկարներ ստացվեցին: Այս ընթացքում նաև ծանոթացանք մարդկանց առօրյային, որը լեցուն էր հետաքրքիր դեպքերով:
Մի տատիկի էինք մոտեցել և թույլտվություն հարցրել իրեն նկարելու համար, բայց նա այսպես պատասխանեց.
- Ինչի՞ եք մեզ նկարում: Գնացեք ջահելներին նկարեք:
Նա շտապ մտավ տուն և դարպասը ծածկեց, որպեսզի չլուսանկարենք:
Այս ամենից ես շատ բան սովորեցի: Օրինակ, մտածում եմ, որ եթե տատիկի հետ մի քիչ շփվեի, ջերմ մթնոլորտ կստեղծեի, և նա կհամաձայնվեր: Հասկացա, որ պետք չէ միանգամից հարցնել. «Կարո՞ղ եմ ձեզ լուսանկարել»:
Ես վստահ եմ, ինչ այսօր սովորեցի, ինձ շատ-շատ կօգնի:

Սոնա Զաքարյան, գ. Դարբաս

***

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Շատերի կարծիքով Ծաղկաձորը հրաշք քաղաք է: Այնտեղ ապրող մարդիկ ապրում են երջանիկ և անհոգ, փողոցները գեղեցիկ են և մաքուր, ունեն հիանալի պայմաններ: Նույնիսկ շատերը երազում են ապրել այնտեղ: Բայց Ծաղկաձորը բաժանված է երկու մասի՝ մարդիկ, ովքեր գալիս են հանգստանալու և մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ. հովեկներ և տեղաբնիկներ:
Հովեկները գալիս են իրենց հանգիստը անցկացնելու և միայն լավ կողմից են տեսնում Ծաղկաձորը: Բայց ո՞վ կպատկերացնի, որ Ծաղկաձորում կան կով պահող մարդիկ, կան այնպիսի փողոցներ, որոնք չեն տարբերվում գյուղերից, կան ընտանիքներ, որոնք ունեն տունը ջեռուցելու խնդիր և ամբողջ ընտանիքով փայտ էին կոտրում իրենց տունը տաքացնելու համար: Կամ ո՞վ կպատկերացնի, որ Ծաղկաձորում կա մի տարածք, որ ամեն քայլափոխի կարող ես կատուներ հանդիպել:
Շատ եմ ափսոսում, որ չկարողացա մարդկանց հետ զրուցել և լսել իրենց խնդիրների մասին:

Սոսե Զաքարյան, գ.Դարպաս

***
- Գլխարկավորները ինձ հետ:
Կապյուշոնիս առկայությունն ինձ օգնեց, որ հայտնվեմ ընկեր Սիսակի թիմում:
Հյուրանոցի տարածքից դուրս գալիս ինձ մի տերև գրավեց, որն ամբողջովին դեղին էր, բայց կենտրոնում մնացել էր մի կանաչ մաս, որն ասես անցած ամառվա մասին տերևի հիշողությունները լինեին: Քայլեցինք քաղաքի երևի կենտրոնական փողոցով դեպի ցած:
Ու հանկարծ անսպասելի.
- Արե՛ք, արե՛ք: Արեք, էս թագավոր մարդ ա, իրան նկարեք:
Գնացինք: Մի պապի էր, որ պահակի նման նստած էր իր դռան շեմին:
- Սաղ լավ ա: Հա, տուրիզմն էլ ա լավ: Հը՞: Հա, բերքն էլ ա լավ,- պատասխանեց մեր կողմից տրված հարցերին:
Բայց կինն էն կողմից ձեն տվեց, թե.
- Ախր, ի՞նչն ա լավ, է: Ասա` տենամ:
Պապին էլ խոսքը փոխելով ասաց.
- Այ, ասում ենք էլի, ի՞նչն ա լավ: Հըմի ցուրտ-բորան ա գալի: Գինն էլ էլի թանկացրել են:
Ցտեսություն` ասինք, անցանք: Մտանք «մոլոկանների փողոց»: Հիմա կասեմ` ինչու «մոլոկանների»: Տեսանք մի տասի չափ մոլոկաններ են գալիս: Հարցրինք նկարելու թույլտվություն ու մերժում ստանալով քայլեցինք առաջ: Տեսանք մի յոթի չափ փակ տներ, դռներին՝ խազեր: Երևի «մոլոկանների տներ են: Անցանք փողոցի խաչմերուկով ու նորից ներքև:
Մի պապիկ երկու տախտակ ձեռքին գնում էր իր գործին:
- Պապի ջան, կարա՞նք նկարենք:
Տախտակը գետնին դնելով անշարժացավ նկարվելու համար:
- Մերսի, պապի ջան: Ցտեսություն,- ասացինք, ու պապին նորից իր տախտակը վերցնելով գնաց իր գործերին: Էտ կարճլիկ փողոցն էլ շատ անհետաքրքիր էր: Ուրեմն, եկեք ասենք` «անհետաքրքիր փողոց»: Նորից խաչմերուկ, ու էս անգամ ձախ:
- Հլա են «չուչելը»:
«Չուչելը» լավն էր, մանավանդ, ակնոցը, բայց ֆոտոկամերայիս «զումը» ինձ «չուչելին» նկարելու հնարավորություն չտվեց: Հասանք երևի քաղաքի վերջին, որովհետև համ կիսակառույցներ էին երևում, համ էլ «վաճառվում է» մակագրությամբ լքված շենքեր: Նորից հետ` «անհետաքրքիր փողոց» խաչմերուկին, բայց էս անգամ գնացինք աջ:
Երկնագույն շենքի բակում մի ընտանիք փայտ էր կոտրում ու լցնում բեռնատարը: Իսկ «կուզովում»` թափքում, մի հինգ տարեկան երեխա քաշում և դասավորում էր փայտերը: Աշխատում էին բոլորը, նույնիսկ նրանց աղջիկը, որը երևի իմ հասակակիցն էր: Ցավոք, նկարելու թույլտվություն չստացանք: Շենքի բակում մի ջարդված հեծանիվ գտա, որը երևի «կուզովի երեխունն էր»: Սկսեց անձրև մաղել:
- Լավ, հետ ենք գնում:
Հանրախանութի մուտքին, ոտք մաքրելու շորի տեղը մի փոքրիկ հայկական գորգ էր փռած: Հը՜մ: Լավն ա: Չըխկ: Ու արդեն նկարն ունեմ: Հետ ենք գալիս: Ու նորից դեղինի բոլոր երանգներն ու էն տերևի «կանաչ սիրտը»:

Վահե Ստեփանյան, գ. Մալիշկա

Մեդիա ճամբար Ծաղկաձորում, օր երկրորդ. Թե ինչպես փոխվեցին օրերս

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Հինգշաբթի օր էր: Հայոց լեզվի պարապմունքից վերադառնում էի տուն մշտական գլխացավով, հոգնած ու անտրամադիր: Մտածում էի, թե ինչ հանձնարարություններ ունեմ ուրբաթ օրվա համար և միաժամանակ ծրագրում էի հաջորդ շաբաթվա օրակարգս: Իսկ հաջորդ շաբաթ աշնանային արձակուրդ էր, որը ես պիտի անցկացնեի շտեմարան պարապելով, այսինքն՝ «շատ հետաքրքիր»:
Հանկարծ հեռախոսս զնգաց: «Մանանայից» էր: Իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար: Մեկ շաբաթով բացակայել քաղաքից, նշանակում էր կորցնել լեզվի և գրականության երեք պարապմունք: Իսկ դա բավականին լուրջ խնդիր էր:
Բացի այդ երկուշաբթի օրը բոլոր 12-ները նկարվելու էին ավարտական խմբանկար, հետևաբար այդ օրը ես պիտի դպրոցում լինեի: Երբ հիշեցի այդ մասին, տխրեցի, որովհետև ճամբար գալու իմ շանսերը նվազեցին: Բայց… Հասնելով տուն՝ խոսեցի ծնողներիս հետ: Եվ քանի որ ես շատ էի ուզում գնալ, այդպես էլ արեցինք:
Արդեն երկու օր է, ինչ ճամբարում եմ: Աշունն այստեղ աննման է, օրերը՝ հետաքրքիր: Ծանոթացել եմ շատերի հետ, բայց ուրախ եմ հատկապես Աստղիկին հանդիպելու համար, քանի որ դեռ նախորդ տարվանից ցանկանում էի ընկերանալ նրա հետ: Շատ դրական աղջիկ է, իսկական ընկեր է: Բացի այդ նորից զբաղվում եմ իմ սիրելի ֆոտոյով, որը վերջին ժամանակներում դուրս էր մղվել առօրյայիցս: Մի խոսքով, ամեն ինչ շատ լավ է, և վստահ եմ, որ մինչև վերջ էլ ավելի լավ է լինելու:

Միլենա Խաչիկյան, ք.Երևան

***

Այս երկու օրվա ընթացքում իմ մեջ տպավորվել է լուսանկարչության դասընթացը: Երևի նրա համար, որ շատ եմ սիրում լուսանկարել: Սովորեցի, թե ինչպես պետք է պրոֆեսիոնալ և գեղեցիկ լուսանկար ստանալ: Օրվա մեծ մասն անցկացրեցինք Ծաղկաձորում լուսանկարներ անելով, իսկ երեկոյան մեր դասընթացավարները վերլուծում էին մեր արած լուսանկարները, բացատրում, թե ինչպես կարող էինք խուսափել սխալներից, ոգևորվում էին, երբ տեսնում են հաջողված կադր:

Լիա Ավագյան, գ.Ներքին Կարմիրաղբյուր

***

Երկրորդ օրը գնացինք լուսանկարելու: Ես շատ լուսանկարեցի, սակայն ինձ մի քանիսը դուր եկան: Շրջելով փողոցներով՝ իմ աչքից չվրիպեց մի լքված և ավերված տուն: Ինձ թվաց լքված, քանի որ այդ պահին այնտեղ ոչ ոք չէր բնակվում: Ես լուսանկարում էի և մտածում, թե ինչ պատմություն է թաքնված այս խարխուլ տան պատերի ներսում: Խարխուլ տունը կարծես միաձուլվել էր աշնան հետ: Տան մեջ կային աշխատանքային գործիքներ: Այնտեղ գուցե ապրել կամ ապրում են մարդիկ, բայց այն ինձ թախիծ պարգևեց: Հայացքս թեքելով մյուս կողմ՝ նկատեցի, որ ընկերներս հանդիպել են մի ընտանիքի, զրուցում են, լուսանկարում, մի խոսքով, կատարում են իրենց աշխատանքը: Ես էլ մոտեցա և սկսեցի աշխատել:
Այս տեսարանը շատ տարբեր էր մյուս տեսարանից: Այստեղ մթնոլորտը ավելի ուրախ էր: Նրանք մեզ հյուրասիրեցին: Ես խոսեցի մի տատիկի հետ, նրանից համաձայնություն ստանալուց հետո նկարեցի նրան աշխատելիս:

Մարիամ Հովհաննիսյան, ք.Արարատ

***

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ես արթնացա բարձր տրամադրությամբ: Հաստատ գիտեի, որ պարապ չենք մնալու: Նախաճաշից հետո քննարկեցինք ֆիլմերի գաղափարներ. որոշ գաղափարներ ընդունվեցին, որոշներն էլ պետք է մշակվեին, հղկվեին, որպեսզի դառնային հերթական հաջողված ֆիլմերից մեկը:
Ճաշից հետո մենք դուրս եկանք նկարահանումների: Սկզբում պատկերացում չունեի, թե ինչ պետք է նկարեի և ինչ ռակուրսից: Հետո, երբ տեսա, թե երեխաներն ինչպես են աշխատում, հասկացա գործի իմաստը: Նկարելու ընթացքում տեղաց հորդառատ անձրև, բոլորս աշխատում էինք ֆոտոապարատները պահել, որպեսզի չթրջվեն: Իրականում անձրևը մեզ մի փոքր խանգարեց, բայց դա էլ իր դերն ուներ: Ստացանք հիանալի աշնանային լուսանկարներ: Հյուրանոց վերադարձանք սառած և թրջված, բայց դա չփոխեց մեր տրամադրությունը: Մենք քննարկեցինք նախորդ օրվա լուսանկարները, և ես որոշ բաներ իմացա, որոնք կօգտագործեմ հետագայում լուսանկարելու ժամանակ:

Մերի Սարգսյան, ք. Ճամբարակ

***

Երկու օր է, ինչ Ծաղկաձորում եմ: Երկու օր է, բայց այնքան ջերմ է մթնոլորտը, որ կարծես բոլորին ճանաչել եմ մանկուց: Այնքան ջերմ, որ նույնիսկ աղջիկներին հարցնում եմ.
-Ինչխ ե՞ս, ախպերս:
Ամենալավ տպավորությունս յուրաքանչյուր րոպեում ապրած ընկերական պահերն են: Շատ եմ սիրում ընկերական միջավայրը, և շատ քիչ տեղերում եմ ինձ զգում այնպես, ինչպես հարազատ միջավայրում: Բոլորն էլ ընկերներս են, բայց նրանց միջից կառանձնացեմ Վահեին: Նրա մասին ինձ շատ էին պատմել, քանի որ երկուսս էլ ռեպ ենք կարդում ու նկարներով մեկս մյուսիս մոտավորապես ճանաչում էինք: Առաջին օրը տղաներով պետք է մնայինք մի տնակում: Իրերը դասավորելու ընթացքում Վահեի հետ խոսում էինք տարբեր թեմաներով: Ես ասացի, որ գրում եմ ու հասկացա, որ նա այն տղան է, որի մասին ինձ պատմում էին: Հասկանալուց հետո ավելի մտերմացանք, քանի որ ունեինք հարազատ թեմա: Շատ ուրախ եմ, որ ունեցա հնարավորություն շփվելու տարբեր մարզերի իմ հասակակիցների հետ, ճանաչելու նրանց: Վստահ եմ, որ այս օրերը շատ հետաքրքիր են անցնելու:

Դավիթ Այվազյան, ք. Գյումրի

***

Այստեղ ես ընկերացա շատ տղաների, հատկապես Սուրենի հետ: Երկուսս էլ զբաղվում ենք սպորտով, ունենք շատ նախասիրություններ և մնում ենք նույն սենյակում: Նրա բնավորությունը շատ լավն է, անկեղծ է, ընկերասեր:

Ալբերտ Մկրտչյան, գ. Վահրամաբերդ

***

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ես որոշել էի ինձ մասնագիտություն ընտրել բանասիրությունը, ամեն ինչ արդեն պլանավորել էի, թե դպրոցն ավարտելու հետո ուր եմ գնալու, ինչ եմ անելու, բայց ամեն ինչ խառնվեց՝ լավ առումով « Մանանա » կենտրոնը եկավ Գյումրի, չորս օր մնաց այնտեղ և մեզ այդ ընթացքում սովորեցրին լուսանկարել, կինո նկարել և զբաղվել ժուռնալիստիկայով: Ես ամբողջությամբ շփոթվեցի՝ ժուռնալիստիկա, թե՞ բանասիրություն: Արդեն ընտրել եմ ու հաստատ գիտեմ, որ դառնալու եմ ժուռնալիստ: Սկսեցի նյութեր, հարցազրույցներ ուղարկել « Մանանա » կենտրոնին և ինձ կանչեցին աշնանային ճամբարին, այստեղ ես ավելի կխորանամ մասնագիտության մեջ և շատ ծանոթացա շատերի հետ, սակայն ամենամտերիմը Մարիամի և Սաթենի հետ եմ: Ես շատ եմ սիրում «Մանանա» կենտրոնը, այն հնարավորություն է տալիս շատ նոր բաներ սովորելու և ընկերական շրջապատև լրացնելու:

Լիլիթ Խառատյան, ք. Գյումրի

***

Ես այս երկու օրվա ընթացքում անցկացրել եմ իմ կյանքի ամենաբովանդակալից ու հետաքրքիր աշնանային արձակուրդները:
Ամենատպավորիչ ձեռքբերումը լուսանկարչության վարպետության դասերին մի փոքր տիրապետելն է: Ես չէի պատկերացնում, որ կարող եմ ֆոտոժուռնալիստիկայից գլուխ հանել, սակայն այսօր մասնագետների օգնությամբ ես ինձ փորձեցի նաև այդ ոլորտում:
Ձեռք բերեցի մի շարք ընկերներ, ովքեր տարբեր մարզերից են: Տպավորիչ էին նաև մեր ծանոթության խաղերը, որոնք մեզ ավելի մտերմացրին: Ես հասկացա, թե որքան հարազատ դարձանք մեկս մյուսիս համար, և իմ կարծիքով, հենց այդ է կարևոր ձեռքբերումը:
Այս ամենը տեսնելով, ես հասկացա, թե որքան հարազատ դարձանք մեկս մյուսի հանդեպ, և իմ կարծիքով, հենց այդ է կարևոր ձեռքբերումը: Ես չէի պատկերացնում, որ կարող եմ լուսանկարել ֆոտոլրագրողի նման, իսկ այսօր մասնագետների օգնությամբ ես ինձ փորձեցի նաև այդ ոլորտում:

Լիլիթ Կիրակոսյան, ք. Հրազդան

***

Ես ու Էրիկը Վայոց ձորից ենք, ու իրար հետ ենք Ծաղկաձոր եկել: Ես մտածում էի, որ բացի իրենից չեմ շփվի ոչ ոքի հետ: Բայց երբ հասավ այն պահը, երբ պետք է Երևանից գայինք Ծաղկաձոր, նստեցի Մարիամ անունով մի անծանոթ աղջկա կողքին: Նստելն ու զրույցի բռնվելը մեկ եղավ: Մարիամը Վանաձորից է: Նա դրական մարդու տպավորություն թողեց: Հասանք հյուրանոց, ավելի մոտիկից շփումը մեզ դարձրեց ավելի հարազատ: Կարծես նրան ճանաչել եմ ողջ կյանքս: Իմ և նրա բնավորությունը կարծես լինի ջրի երկու կաթիլ: Երկուսս էլ մարդամոտ, շփվող մարդիկ ենք: Նա եղավ իմ առաջին «անծանոթ » ընկերը: Առաջին նկարներ, առաջին հուշեր և այդ ամենի առաջին հորիզոնականում Մարիամն է: Իհարկե, Մարիամը միակը չէ, որի հետ ծանոթացա: Շատերի հետ ծանոթացա, շատերին բացահայտեցի, այնքանով, ինչքանով նրանք թույլ տվեցին: Շատերը մնացին չբացահայտված, բայց դեռ երկրորդ օրն է, կհասցնեմ բացահայտել և կլինեմ բացահայտ:

Մուշեղ Վարդանյան, ք. Վայք

***

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երեկ մենք գնացել էինք լուսանկարելու: Շատ եմ նկարել տարբեր հետաքրքիր պատկերներ, բայց երբեք չէի նկատել կատուներին: Իմ այդքան ատելի կատուները ընդամենը մի կադրից կդառնան սիրելի: Իմ առաջարկած ժամանակի ճիշտ օգտագործման թեման երեխաներին դուր եկավ: Առաջին անգամ ես հնարավորություն ունեցա իմ կարծիքը արտահայտելու: Ինձ հնարավորություն տրվեց ավելի մեծ բաների մասին մտածել: Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք նկարելու բարբառների մասին ֆիլմ:
Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի ճամբարի, որտեղ երեխաները չեն հոգնում տարբեր դասընթացներից, այլ ինչ- որ անում են, հաճույքով են անում:

Սոսե Զաքարյան, գ. Դարպաս

***

Ծաղկաձորում կազմակերպված ճամբարի ընթացքում տեղի ունեցած դսաընթացների ժամանակ, ես անընդհատ ուզում էի դուրս պրծնել և վայելել ծաղկաձորյան աշունը, որը միաձուլվել էր մարդկանց, շինությունների հետ: Ամեն ինչ ինձ այնքան ներդաշնակ էր թվում և այնքան հեքիաթային, որ ես կարծես հայտվել եմ մանկությանս երազած պարտեզի մեջ: Ծաղկաձորին ավելի մոտիկից ծանոթացնելու համար, շրջեցինք քաղաքով ու լուսանկարներ արեցինք: Այս ընթացքում մենք հանդիպեցինք մի բարետես երիտասարդի, բանվորական արտահագուստով: Նա շատ սիրալիր էր մեր հանդեպ: Ես շատ հավանեցի նրա պարզությունը: Ես շատ զարմացա, երբ պարզվեց, որ նա դահուկասահքի չեմպիոն էր: Նրա փոխարեն մեկը ուրիշը կարող էր գոռոզանալ, իսկ նա շատ անմիջական էր:
Հետո մեզ մոտեցավ մեկ այլ տղա, ով նույնպես շատ սիրալիր ու բարի անձնավորություն էր: Նա մեզ նույնիսկ առաջարկեց ցույց տալ Ծաղկաձորի տեսարժան վայրերը: Նրա հետ կար մի հսկայական շուն: Մենք սկզբից իհարկե վախեցանք, բայց տղան ասաց, որ կարող ենք չվախենալ, դեռ ավելին, մոտենալ ու շոյել, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ շունն ընդամենը երկու տարեկան էր:
Ես այս ամենից կսովորեմ ոչ միայն ճիշտ անել լուսանկար, կինո կամ գրել մի հոդված, այլև այս մարդկանցից քաղել խորհուրդներ, որոնք կարող են ինձ ուղղություն տալ հետագա կյանքիս ընթացքում: Երբ սկսեցի գրել այս մասին, հասկացա, որ կարելի էր հարցնել չեմպիոնին իր անցած ուղու մասին, թե ինչպես է այդքան հաջողությունների հասնելով մնացել այդքան պարզ ու հասարակ: Երբ քննարկում էինք մեր օրվա կատարած աշխատանքը, մեր մասնագետները նշեցին նաև այս բացթողումների մասին: Կարծում եմ մինչև ճամբարի ավարտը դեռ շատ բան կսովորենք:
Դեռ երկու օր է, ինչ Ծաղկաձորում ենք, բայց ես հասցրել եմ ձեռք բերել մի շարք ընկերներ: Տարբեր անհատակնություններ, որոնք յուրաքանչյուրն օժտված են տարբեր շնորհներով: Ասեմ, որ մենք շատ տաղանդաշատ ենք: Ունենք և դաշնակահարներ, և պարուհիներ, և ռեպերներ, և երգողներ ու պարզապես շատ լավ ու ակտիվ երեխաներ:
Ես ու Մարիամը, ով Վանաձորից է, մնում ենք նույն սենյակում: Ի դեպ, մենք երկուսս էլ մենակ էինք մեր բնակավայրերից, բայց ի վերջո լոռեցիներով գտանք միմյանց: Ես ձեռք բերեցի հմտություն, թե ինչպես պետք է իրեն պահի լրագրողը, վավերագրողը և ֆոտոլրագրողը հարցազրույց վարելիս, մարդկանց լուսանկարելիս և նկարահանելիս: Սա պակաս կարևոր չէ, քան տեխնիկային տիրապետելը, հաճախ շատ ավելի կարևոր:

Լիլիթ Սուքիասյան, ք. Ստեփանավան

***

Արդեն հասցրել եմ ընկերանալ բոլորի հետ: Հիշարժան են լինելու բոլոր օրերը, հատկապես գիշերները: Կարող եմ ասել, առաջին գիշերը բավականին ծիծաղաշարժ էր, անքուն և նման սարսափ ֆիլմի: Ես ու Լիլիթը տեղավորվել էինք մեկ սենյակում: Ամբողջ գիշեր ինձ հետապնդում էր այն միտքը, թե ուրվականները պատրաստ սպասում են՝ երբ եմ ես ձեռքս կամ ոտքս հանելու վերմակի տակից, որպեսզի ինձ առևանգեն: Չնայած, որ սենյակում չափազանց շոգ էր, ես ծածկվել էի հաստ վերմակով և չէի էլ պատրաստվում դուրս գալ: Այսպես մտորելով և մտաբերելով բոլոր սարսափ ֆիլմերը, հանկարծ լսեցինք դանդաղ մոտեցող քայլերի ձայն, և դուռը ճռռալով բացվեց: Ես և Լիլիթը, շունչներս պահած, սպասում էինք, թե երբ է ուրվականը մտնելու ներս: Սովորականի պես սկսեցինք ճչալ: Պարզվեց՝ ներս մտնողը վերնահարկում գտնվող Լիլիթն էր, բայց դա չխանգարեց, որ մենք ամբողջ գիշերն անքուն անցկացնենք: Առջևում երկրորդ գիշերն է, հուսով եմ՝ այսօր ոչ մի ուրվական չի այցելի մեզ:

Արուսյակ Սահակյան, ք. Հրազդան

Մեր օլիմպիական չեմպիոնը. Արսեն Գալստյան

Օլիմպիական չեմպիոնը պատվավոր կոչում է, և մենք հպարտ ենք, որ ունենք չեմպիոն որդի:
Արսեն Գալստյանը ծնվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Հայազգի ձյուդոիստ է, ով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ՝ կիսաեզրափակիչում, հաղթեց մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ևս հաղթանակ տարավ և դարձավ օլիմպիական չեմպիոն: Համաձայն Արսենի խոսքի՝ ինքը Լոնդոն էր գնացել միայն հաղթանակի համար և հասավ իր նպատակին:
Արսենի ազգականներն ապրում են մեր գյուղում, և նրա հաղթանակները մենք իրենց հետ ենք նշում: Ես ավելի շատ էի ուզում իմանալ մեր չեմպիոնի մասին, որոնց պատասխանը ստացա Արսենի քեռու աղջկանից՝ Շուշանից:

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

-Ինչպիսի ՞ընտանիք էին, քանի՞ երեխա ունեին, ինչո՞վ էին զբաղվում:
-Սովորական գյուղական ընտանիք էին: Զբաղվում էին հողագործությամբ,- հպարտորեն պատմում է Շուշանը,- հայրը ֆուտբոլով էր զբաղվում, իսկ մայրը ուսուցչուհի էր: Նրանք երեք երեխա ունեն՝ Տիգրանը, Արսենը, Արմանը: Տիգրանը և Արմանն այժմ ձյուդոյի մարզիչներ են, իսկ Արսենը ձյուդոյի օլիմպիական չեմպիոն է և շարունակում է սպորտով զբաղվել:
-Ե՞րբ են տեղափոխվել Ռուսաստան:
-Արսենի ընտանիքը Ռուսաստանում բնակություն է հաստատել 1996 թվականին, երբ Արսենը 7 տարեկան էր: Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հայրական տունը՝ ինչպես գյուղի շատ տներ։ Հրետակոծության պահին գյուղի բնակիչները պատսպարվել էին մի շենքի նկուղային հարկում, երբ հրետակոծությունը դադարել էր, և մարդիկ դուրս էին եկել ապաստարանից, տեսել էին, որ շատ տներ ավերակների են վերածվել: Դրանցից մեկն էլ Արսենենց տունն էր: Արսենի ընտանիքն այլընտրանք չուներ։ Չդադարող պատերազմը, ավերված օջախը, սոցիալական պայմանները ստիպեցին, որ Արսենի ընտանիքը տեղափոխվի Ռուսաստան:

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

-Արսենը քանի՞ տարեկանից է սպորտով զբաղվում:
Նա ձյուդո սկսել է պարապել 9 տարեկանից, այս հաղթանակին հասնելու համար երկար ճանապարհ է անցել:
-Հայերեն խոսո՞ւմ է:
-Ճիշտ է, նա ապրում է օտար երկրում, շփվում է օտար լեզվով, սակայն հայերենը չի մոռացել և կարողանում է ազատ խոսել:
-Վերջին անգամ ե՞րբ է այցելել գյուղ:
-Վերջին անգամ հայրենիք եկել էր 2014 թվականի հոկտեմբերին, ամուսնության օրվանից 2 օր հետո:
-Ի՞նչ մասնագիտություն ունի, որտե՞ղ է ապրում:
-Արսենը մասնագիտությամբ իրավաբան է, ապրում է Կրասնոդար քաղաքում:
-Արսենի սպորտի հանդեպ սերը ժառանգակա՞ն է:
-Այո, քանի որ Արսենի հայրը և հորեղբայրը նույնպես սպորտով են զբաղվել:
-Նա ուզո՞ւմ է ներկայացնել Հայաստանը օլիմպիական խաղերի ժամանակ:
-Շատ կուզենար Հայաստանը ներկայացնել խաղերի ժամանակ, բայց երկար տարիներ է, որ ապրում է Ռուսաստանում և այնտեղ հարմարվել է արդեն:
Բայց Արսենը երբեք չի մոռանում, որ ինքը Ներքին Կարմիրաղբյուրից է: Հաճախ է այցելում գյուղ: Փորձում է իր ուժերի ներածին չափով օգնել հարազատ գյուղին: Վերջերս օրինակ նրա միջոցներով վերանորոգվեց մեր գյուղի մարզադահլիճը և այժմ կրում է Արսեն Գալստյանի անունը:
Մենք հուսով ենք, որ այս մարզադահլիճում մարզվող երեխաների մեջ էլ կլինեն վաղվա օլիմպիական չեմպիոններ:
скачанные файлы

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Լուսինե Իսրայելյանի

davit ayvazyan

Ժամանակը

Ժամանա՞կն է գնում արագ, թե՞ մենք ենք արագ ապրում, երևի մենք ենք արագ ապրում: Ժամանակը նման է պտտվող անիվի, ինչ-որ մի բան կորչում է որոշ ժամանակ, բայց հետո կրկին հայտնվում է որոշ ժամանակով, հանճարը մահանում է, գալիս է նոր հանճար:

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին,
Բայց ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց…»

Որոշ մարդիկ մնում են կայուն:

Միշտ ցանկանում ենք հետ տալ ժամանակը, որպեսզի կրկին ներկա լինենք ուրախ պահերին, չհասկանալով, որ դեռ էլի ուրախ պահեր ունենք ապրելու: Դժգոհ ենք ժամանակից, որովհետև ժամանակը գնում է դանդաղ, իսկ մենք ուզում ենք արագ ապրել: Երանի վաղը այս ժամին, երանի մի շաբաթ հետո այս օրը, կանցնի մի օրն էլ, մի շաբաթն էլ, երանի երեկ այս ժամին, երանի նախորդ շաբաթ այս օրը…

Քամուց քշվածները

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Մի քանի օր առաջ Հայաստանի շատ մարզերում փոթորիկ էր: Քամի՜… Տերևները խելագարված բարձրանում էին դեպի երկինք, քամին ավիրում էր շենքերի տանիքները, տեղից պոկում հսկա եղևնիները, կոտրում պատուհանները:
Վանաձորում նման փոթորիկ անգամ մեծերը չէին հիշում:
-Երեխեք, պատուհանից հեռու նստեք,- ասում էին բոլոր ուսուցիչները դասարան մտնելիս:
Դասասենյակի հին պատուհանները շխկշխկում էին, մենք հույս անգամ չունեինք, որ այդ պատուհանները նման ուժեղ քամուց հետո կանգուն կմնան:
Պատուհաններից այն կողմ, հենց ուսումնարանի առջև եղևնին արմատախիլ էր եղել: Այդ ծառի տակ միշտ կանգնում էին մեր տղաները: Բախտներս բերեց այս անգամ, նրանք այնտեղ չէին: Տուն գնալու ճանապարհին երթուղային տաքսին կանգնեց:
-Էտ ի՞նչ ա էղել, կարո՞ղ ա էլի ծառ ա ընկել,- հարցնում էին կողքիս նստած կանայք:
-Չէ, ժողովուրդ ջան, ծառ չէ, երկու հատ ստոլբա ա ընկել,- ասաց վարորդը:
Չէի պատկերացնում, որ քամին ունակ է այդ հսկայական էլեկտրասյուները պոկել տեղից:
Բազում նմանատիպ ավերածություններ են տեղի ունեցել քաղաքի տարբեր մասերում: Քաղաքային այգում 5 եղևնի և 2 էլեկտրասյուն, քաղաքի հրապարակում և մշակույթի պալատի առջև ևս 2 եղևնի է ընկել: Խարխլվել է 27-րդ դպրոցի տանիքը, վնասվել է նաև մշակույթի պալատի տանիքը:
Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի


Քաղաքը լցվել է աղբով: Ճիշտ է, առաջ էլ մաքրությունից չէր փայլում, բայց… Քամու ժամանակ տերևների հետ երկինք էր բարձրացել ու հետո դեսուդեն շաղ եկել աղբարկղերում հավաքված աղբը: Քամուց քշված, մրսած քաղաք: Շատ թաղամասերում լույս չկար, հետևաբար, շատ տներում չկար ջեռուցում: Պատուհանների արանքներից քամին ներխուժում էր մոմերով լուսավորված տներ, որտեղ չափազանց ցուրտ էր: Քաղաքում էլ երեկոյան, դրսում քայլելիս ոչինչ չի երևում: Փոթորիկից հետո արդեն անցել է երեք-չորս օր, բայց մարդիկ դեռ հաշվում են քամուց ստացված վնասները, և այս իրավիճակը տիրում է ոչ միայն Վանաձորում, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերում նույնպես: Հուսով եմ, փոթորկի հասցրած վնասները շուտով կվերականգնվեն:
Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի


Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Իմ առաջին հանդիպումը

«Մանանա», 17.am, ամեն անգամ աչքիս առաջ են քո նյութերը: Կարդում եմ հոդվածները, նայում նկարները, ֆիլմերը, և ամեն անգամ դեմքիս ժպիտ է գալիս: Ինչո՞ւ եմ ես ժպտում, քանի որ տեսնում եմ, ձեր շնորհիվ ինչքան երիտասարդ ու պատանի ժամերով համակարգչի դիմաց նստելու` խաղ խաղալու, կամ դրսում իրենց ժամանակը անիմաստ վատնելու փոխարեն, կարող են իրենց շուրջը մի պահ նայել ու խոսել տարբեր թեմաներով: Թեմաներ, որոնք իսկապես հետաքրքիր են բոլորիս: 
Մտածում եմ այն բանի մասին, թե ինչքան լավ է, որ կան նման վայրեր, որտեղ բոլորս էլ կարող ենք մեր մտքերով կիսվել:

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում եմ ձեզ նյութ ուղարկել: Երկար մտորումներից հետո, թե ինչ նյութ ուղարկեմ, որոշեցի մտքերս շարադրել հենց ձեր մասին:
 
Առաջին անգամ, երբ եկաք մեր քաղաք` Ստեփանավան, ինձ առաջարկեցին գալ ու մասնակցել ձեր դասընթացներին: Սկզբից մտածեցի ու չցանկացա գալ և մասնակցել, բայց ընկերներս, ովքեր առաջին օրը մասնակցել էին, ինձ խորհուրդ տվեցին գալ: Այս անգամ ես էլ մեծ հետաքրքրությամբ եկա ընկերներիս հետ, որպեսզի մասնակցեմ` մտածելով, որ ես էլ տանը ժամանակս անիմաստ վատնելու փոխարեն կարող եմ մի բան էլ ավել իմանալ: Սկզբից ինձ հարազատ չէին ձեր դեմքերը, բայց խմբերի բաժանվելուց հետո, երբ սկսեցինք զրուցել և մեզ` նորեկներիս ծանոթացրեցիք ձեր կազմակերպությանը, հոդվածներ ցույց տվեցիք, վիդեոներ ու լուսանկարներ, իմ մեջ հետաքրքրություն առաջացավ: Ամեն ինչ արդեն հետաքրքիր էր դառնում:
Մենք ամենքս ներկայացանք, պատմեցինք մեր մասին: Մենք խոսում էինք, ծիծաղում ու նոր փաստեր իմանում մեր շրջակա աշխարհի մասին: Հենց սկզբից ես սպասում էի այն պահին, երբ մենք պետք է խոսեինք կինոյի և ֆոտոյի մասին: Սիրում եմ նկարվել ու նկարել, և միշտ ցանկացել եմ կինոյում նկարահանվել:

Ահա եկավ ամենասպասված պահը` մենք գնացինք ֆոտոներ անելու: Բոլորովս միասին` մեծ հաճույքով, և արդեն հարազատ դարձած: Նկարում էինք ամեն պահի, երբ մեզ հետաքրքիր բաներ էին պատահում: Գույներ, ամեն քայլափոխի մարդիկ: Ինչքան լավ էր ժամանակը անցնում: Մենք հանդիպել էինք ժամը 10-ին, և միասին անց կացրեցինք մինչև 6-ը: Ճիշտ է, ժամանակը երկար էր անունով, բայց այնքան արագ անցավ, որ ես նույնիսկ մոռացել էի այն բանի մասին, որ մի քանի ժամ է, ինչ հաց չեմ կերել:
   
Ահա եկավ տխուր պահը` մենք պետք է իրար հրաժեշտ տայինք: Արդեն վերադարձել էինք այնտեղ, որտեղ հանդիպել էինք` Ստեփանավանի թիվ 2 դպրոց: Մենք միասին նկարվեցինք և ունեցանք մեկ ընդհանուր նկար: Հրաժեշտ տվեցինք իրար, ու միմյանց խոստացանք չմոռանալ այս հանդիպման մասին:   
 
Ուզում եմ ձեզ իմ շնորհակալությունը հայտնել այդ անմոռանալի օրվա համար: Մենք ուրախ կլինենք ձեզ նորից հյուրընկալելու մեր քաղաքում:

Լավաշ թխելու ծեսը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Երբ խոսում են լավաշի մասին, միտս է ընկնում, թե ինչպես էինք լավաշ թխում մեր տանը: Լավաշ թխելը մի հատուկ ծես էր: Երկու օր առաջ պետք է տատիկս մաքրեր թոնրի տունը, հետո պետք է տեղյակ պահվեր «օգնողներին», ովքեր պետք է հացը «ետ անեին և պուլեին» (գնդեին ու գրտնակեին), և ամենապատվավոր մարդը, որ պետք է ներկա լիներ, հացթուխն էր:
Հաց թխելու առավոտը սկսում էր ժամը 4-ին: Տատիկս արթնանում  էր և սկսում խմորը հունցել:
-Սոսե,- ընդհատեց ինձ տատիկս.
- Մենք իրիգունն էինք հունցում. ես, Վալյան ու Աիդան, խմորը ծածկըմ ինք, մնում էր մինչև ժամը 4-ը: 4-ին թոնիրը վառըմ ինք, պուլում ու արագ սկսըմ ինք թխել:
-Բա ինչո՞ւ էիք այդքան շուտ անում խմորը, մեկա արագ գալիս է:
- Է, այ բալամ, էն վախտը թթխմոր չկար, մենք «խաշով» էինք անում:
-Իսկ «խաշն» ի՞նչ է:
-«Խաշը» էտ հին հացից վերցրած խմորն էր, որ թթվել էր:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Ինձ ու քրոջս համար մեծ ուրախություն էր, որովհետև մենք էլ գործ ունեինք անելու: Պետք է պուլերը կրեինք, բայց Աստված չանի, թե հանկարծ մի պուլը կոխ տայինք: Հա, մոռացա պատմեմ, թե ինչպես էր գալիս հացթուխ Լաուր տատիկը: Երբ նա գալիս էր, առաջին բացած պուլը գցում էր թոնրի մեջ և սկսում երգել: Հա, անպայման նշեմ, որ մինչև յոթ հացը չլրանար, չէինք կարող ուտել:
-Տատիկ, ինչո՞ւ հենց յոթը:
-Վեսկավերի հացն է»:
-Էտ ի՞նչ ա, տատի:
-Տղամարդիկ քինըմ են, առավոտը շուտ եզները լծըմ են, վեր վարեն հողը, և էտ կոչվըմ ա «վեսկավեր»: «Վեսկավերի» հացը պիտի դզվի, վեր արդեն ուրիշները ուտեն:
Ահա~, հասկացա, թե ինչու: Հիշում եմ նաև, որ Լաուր տատիկը պատմում էր իր սկեսրայրի` Գոգոլ դայու արկածները: Գոգոլը մեր գյուղի ամենահումորով մարդն էր, որ արդեն կես դար է, ինչ մահացել է, բայց ամեն օր հիշվում է: «Օգնողներց» մեկը ասում էր.
-Լաուր, մի պատմի, թե հունց էս Գոգոլ դայուն ասալ Հաչոցըմը Այնաբի պարկալու մասին:
Ու Լաուր տատիկը սկսում էր, և այդպես չէինք զգում, թե ինչպես օրը ավարտվեց: Օրը ավարտվելուց հետո նորից սկսում էր մի ուրիշ աշխատանք. պետք է ամբողջ փողոցին նոր թխված լավաշ հասցնեինք: Իսկ ինչ կմնար, արդեն փռում էինք մեր բակում, որպեսզի չորանար:
Ցավոք, այսօր մենք չենք տեսնի այդպիսի բան:
Հա~, մոռացա նշեմ, Գոգոլ դայու մասին կպատմեմ հաջորդ անգամ:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Կյանք է

Հայրս քայլում էր առջևից, մայրս՝ ձեռքս բռնած: Երեքս էլ լուռ էինք: Այս պատկերը աչքերիս առաջ է արդեն յոթ տարի, թեև ամեն ինչ ավարտվեց անցյալ ամառ: Գնում էինք հիվանդանոց: Պապիս մոտ կաթվածի նախանշաններ էին…

***

Պապս լոռեցի էր: Երկու տարեկան էր, երբ հայրը գնաց պատերազմ և անհայտ կորավ ժամանակի մեջ: Մոր հետ տեղափոխվեց Երևան, ամուսնացավ տատիս հետ: Կյանքը մտավ իր բնականոն և խաղաղ հունի մեջ: Օրերը հոսեցին, իրենք՝ ևս:
Պապս միակն էր իմ կյանքում: Նա հաճախ էր մեզ անտառ տանում: Գնում էինք մոշի, մասուրի: Դրանք հետո տատիս համեղ ձեռքով կոմպոտներ էին դառնում ձմռան համար: Ճանապարհի սկզբում ոգևորվում էինք, լցնում դույլերը որքան հնարավոր է շատ, հետո արևը հարվածում էր մեզ, ու ամենքս մի հով տեղ էինք փնտրում հանգստանալու համար…
-Պա՜պ, հոգնել ենք:
-Շուտով կգնանք:
-Ախր… Էլ չենք դիմանում:
-Լավ, ձեզ կճանապարհեմ, բայց ես էլի ետ կդառնամ:
Եվ ստացվում էր այնպես, որ նա կրկնակի հոգնում էր նույն ճանապարհը երկու անգամ անցնելով և արևի տակ անխնա վատնելով իր ծերունական ուժերը, եւ այսօր դժվար է որոշելը՝ այդ բոլորը մեր պատճառո՞վ, թե՞… Հանուն մեզ:
Մենք չորս քույր էինք: Մենք հիմա էլ ենք չորս քույր և միշտ էլ չորս ենք լինելու: Դա անհերքելի է այնքան, ինչքան, ասենք, ձգողականության օրենքը: Նման մի օրենքով էլ մենք էինք ձգում իրար: Այսօր՝ ավելի քան:
Ամենափոքրը ես էի: Չգիտեմ, թե այդ որ օրենքներն են սահմանել այն հակադարձ միտումները, թե ամենափոքրը կա՛մ տուժողի դերում մեղավոր է միշտ, կա՛մ բոլոր դեպքերում շահում է իր տարիքի շնորհիվ, և չգիտեմ նույնիսկ, թե դրանցից որն է ավելի արդարացի բոլոր մյուսների նկատմամբ: Ես պատժվում էի հաճախ, իսկ ավելի հաճախ՝ շահում:
-Փոքր է, հանդուրժող եղեք,- դաջում էին քույրերիս մեջ և վերջակետ դնում իմ բոլոր չարությունների կողքին:
Հանդուրժող լինենք: Մի առիթով ասել եմ՝ երբ դիմացինին սիրում ես, ստիպված չես լինում նրան հանդուրժել: Հիմա պարզ է նաև՝ եթե իսկապես սիրում ես, պատրաստ ես նույնիսկ հանդուրժելու: Հանդուրժող լինենք:
Պապս սիրում էր մեզ: Նա համբերատարորեն տանում էր մեր բոլոր անհեթեթությունները: Թեպետ ճիշտ կլինի միայն իմ անունից խոսեմ, որովհետև միայն ես գիտեմ, թե ինչքան եմ անհանգստացրել նրան: Նա հաճախ էր ինձ դպրոց տանում, և ին՜չ ցավալի է այսօր հիշելը, թե ինչպես չէի սիրում ես այդ օրերը: Դասից վերադառնալիս մենք անպայման շուկա էինք գնում, որ տատիս կազմած ցուցակի մթերքները գնեինք: Ես՝ մատնաչափ, պայուսակս՝ ինձնից մեծ, շուկայում՝ ամեն տեսակ հոտեր ու խստադեմ մարդիկ: Այս էր պատճառը, որ նախընտրում էի տուն վերադառնալ ոչ նրա հետ: Բայց առավոտները…Առավոտներն ուրիշ էին, թեկուզ և դպրոցի ճամփան երկար էր, դժվար նաև ինձ համար, բայց աննկարագրելի դուրեկան էր, որ ամեն անգամ նա ինձ համար բուլկի էր գնում, իսկ երբեմն պարզապես գումարն էր տալիս, եթե ինձ հետ չէր կարողանում գալ, և ստացվում էր այնպես, որ իմ մանկության բուլկիները լինում էին միշտ իր կողմից, միշտ նույն կրպակից: Այսօր այդ կրպակում այլևս բուլկիներ չեն վաճառում, այնտեղ հիմա կարի արհեստանոց է, և տխուր է գիտակցելը, որ առավոտներն այլևս առաջվա պես անուշաբույր չեն…
Ես յոթ տարեկան էի, երբ մենք տեղափոխվեցինք նոր բնակարան: Այդպես ես կտրվեցի այն ամենից, ինչով լիքն էր իմ մանկությունը: Ես սիրեցի մեր նոր տունը, բայց ոչ այնքան, որքան պապականը: Առհասարակ պապական տունը ամեն մարդու և հատկապես աղջկա կյանքում ամենախաղաղ տանիքն է, որտեղից նա միշտ հեռանում է և միշտ ձգտում վերադառնալ այնտեղ…Դրանից հետո հանդիպումները քչացան, և չնայած նրան, որ անչափելի երկար էի երազել նոր տան մասին, սկսեցի կարոտել հինը, տատիս, պապիս, ինքս ինձ…Սա մի ժամանակ էր, երբ մեր ընտանիքի անդամների քանակը ավելին էր, քան տարիքս: Ես երեխա էի, հետևաբար՝ անտեղյակ մեղքին, կորստին, ամեն տեսակ վախերին, որոնք ձեռք ենք բերում մեծանալուն զուգընթաց: Այդ օրերին նրա լինելը սովորական էր, և չկային մտքեր այն մասին, որ ամեն ինչ և հատկապես մարդկային կյանքը, ավարտվում է միանգամից…
Պապս ընկավ անկողին ամենասովորական մի օր: Հայրս քայլում էր առջևից, մայրս՝ ձեռքս բռնած: Երեքս էլ լուռ էինք: Ժամանակն ու հոգատարությունը նրան ոտքի կանգնեցրին, բայց երբ նույն հարվածը կրկնվեց երկրորդ անգամ և հետո էլ, ամեն ինչ ծայրաստիճան փոխվեց: Ամեն ծանր հարվածից հետո մեր մեջ մեռնում է մեզնից մի մասնիկ, բայց նա վերջին հարվածից հետո կորցրեց իրեն ամբողջովին: Շարժումները սահմանափակվեցին, հիշողությունը մթագնեց:
-Պա՛պ, հիշո՞ւմ ես ինձ, ես ո՞վ եմ,- հարցնում էի ու ժպտում:
-Ո՞նց չէ, իմ աղջիկն ես, քեզ տա Աստված առողջություն, երկար կյանք՝ անշառ, անփորձանք: Այս խոսքերից հետո ես ժպտում էի լաց լինելու չափ, որովհետև զգում էի, թե ինչպես էի մեռնում նրա մեջ օր առ օր:
Նա կրկնում էր այս խոսքերը բոլոր մարդկանց, ում սիրել էր երբևէ և սիրում էր այժմ ենթագիտակցորեն և նրանց, ում չգիտեր անգամ և չէր ճանաչում, հազվադեպ էր ժպտում և լռում էր ավելի, Աստված գիտի, թե ինչի մասին, ժամանակ առ ժամանակ հիշում էր միայն տատիս անունը, որ կանչում էր նույն ջերմությամբ, որով կանչել էր իրենց երջանիկ օրերին…
-Լենա՜, վեր կենա՞մ:
-Չէ, մի քիչ էլ պառկիր:
-Լենա՜, ջուր եմ ուզում:
-Հիմա, հիմա բերեմ:
Այս ամենը տևեց այնքան, որքան տևեց, իսկ մի օր…
-Փոքրերին Ձեր տուն եմ բերում,- արթնացա քրոջս զանգից:
-Բա՞ն է պատահել:
Քույրս լռեց, կախեց խոսափողը, և հեռախոսի երկու կողմերում մենք միասին սկսեցինք հեկեկալ…

***

Մարդը մահկանացու է, ընդունում ենք ու անցնում: Բայց Բուլգակովն ասում է, չէ՞ ՝ ցավալին այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է: Լավ թե վատ, և ուզենք, թե ոչ՝ ամեն բան ավարտվում է մի օր: Կյանք է. և՛ տառապում ենք, և՛ համակերպվում…