«Ես փորձում եմ երիտասարդներին հանել անտարբեր վիճակից»

-Խնդրում եմ  ներկայացեք:
-Ես Անահիտ Կարապետյանն եմ: Վանաձորի «Գայաննա» մարզամշակութային կենտրոնի պարուսույց և Վանաձորի «Հորովել» երգի -պարի անսամբլի պարուհի:

-Ինչպե՞ս որոշեցիք  ընտրել այս ուղին:
-Շատ փոքր տարիքում, մոտավորապես երևի հինգ տարեկան էի, անընդհատ հեռուստացույցով պարեր էի  դիտում և փորձում էի կրկնօրինակել: Հենց այդ ժամանակ էլ մայրիկս  նկատեց, որ ես հակում ունեմ դեպի պարը, և որոշեց ինձ պարի դասընթացների տանել հենց իր կենտրոնում, և այդպես ես սկսեցի պարել:

-Ի՞նչն է ավելի հարազատ պարի բնագավառում. Ի՞նչ պարեր եք նախընտրում:
-Տեղափոխվենք երևի նորից մանկություն: Փոքր տարիքում ես միշտ ասում էի, թե հայկական պարեր հաստատ չեմ պարի, ու մասնագիտությունս երբ ընտրեմ, կզբաղվեմ ուրիշ պարերով: Բայց ստացվեց ճիշտ հակառակը. Ես ավելի շատ հիմա զբաղվում եմ ազգագրական պարերով, անսամբլում աշխատանքի բերումով: Բայց ազգագարականին զուգահեռ ուսումնասիրում եմ բոլոր ոճերը և փորձում եմ ամեն ոճի մեջ գտնել իր հետաքրքիր կողմը, կարելի ասել, կյանքի ամեն հատվածում ինչ-որ մի բան ավելի հոգեհարազատ է դառնում կախված զգացողություններից, այդ պահին կյանքում կատարվող տարբեր հետաքրքիր բաներից:

-Հայաստանում մանկության տարիներին շատերն են սիրում պարել, սակայն հետագայում պարողներին մի տեսակ այլ աչքով են նայում:

- Մեր օրերում այդպես մտածողները ավելի քիչ են: Հիմնականում ավելի շատ խնդիրներ են առաջանում կապված տղաների հետ: Հայերի մեջ այդպիսի բան կա, որ տղաները չպիտի պարեն: Չիտեմ դա ինչի հետ է կապված: Ամեն դեպքում պարը պիտի զարգացնեն և’ տղաները, և’ աղջիկները, մանավանդ ազգագրական պարի մեջ մեծ է տղաների դերակատարությունը, որպեսզի պարի ողջ ճոխությունը և շքեղությունը հետագա սերունդներին ավելի լավ փոխանցվի:  Հույս ունեմ, որ առհասարակ արվեստի նկատմամբ գնալով հարգանքը կմեծանա: Ցավոք, մանավանդ մարզերում, արտիստների նկատմամբ այդքան էլ ճիշտ վերաբերմունք չի ձևավորված:

-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Պարի հետ կապված պլանները շատ-շատ են: Ես կես-կատակ, կես- լուրջ միշտ ասել եմ, որ պիտի աշխատեմ մտնել պարի պատմության մեջ, ու ինչպես ես եմ հիմա ուսումնասիրում ինչ-որ հայտնի մարդկանց կենսագրություններ, որ ժամանակին ինչ-որ բան ներդրել են այս ամենը զարգացնելու համար, ես էլ պիտի ինչ-որ բան անեմ, որպեսզի հետագայում իմ մասին էլ խոսեն: Ներկա պահին փորձում եմ մարդկանց մեջ ակտիվացնել պարի հանդեպ սերը, որպեսզի մարդիկ հասկանան, որ պարը ուղղակի շարժվել չէ: Պարը շատ ավելին է, ու պարի միջոցով հնարավոր է ազատվել սթրեսից, հնարավոր է մարմնին  տալ հանգստություն, ինքնաարտահայտվել… Ուզում եմ մեր երկրում զարգացնել մյուզիքլային ժանրը, բայց դա երևի մի փոքր ավելի ուշ  կլինի, երբ ավելի վստահ կլինեմ իմ ուժերի վրա: Իսկ մոտ օրերս նախատեսվում է ֆլեշ-մոբ. հանգիստ եմ ասում, որովհետև արդեն ամեն ինչ պատրաստ է: Ֆլեշ-մոբը նվիրված է  պարարվեստի տոնին, որովհետև քաղաքում  մեր տոնը երբեք չեն նշել, (համենայն դեպս ես չեմ հիշում, որ հանրության մեծամասնությունը տեղյակ լինի, որ կա նման տոն, շնորհավորեն պարողներին): Ֆլեշ-մոբը նաև կօգնի մարդկանց` ազատվել բարդույթներից ու չամաչել պարելուց:

-Իսկ եթե ոչ պար, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Ինձ թվում է, եթե ես չլինեի պարուհի, ապա կընտրեի բեմի հետ կապված մասնագիտություն:

-Իսկ բացի պարից ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:

-Բացի պարը ես զբաղվում եմ լեռնագնացությամբ, ժայռամագլցմամբ, սլեքլայնով, լրագրությամբ, փորձում եմ իմ ուժերը թատերական արվեստի մեջ և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեմ: Ես փորձում եմ երիտասարդներին հանել անտարբեր վիճակից:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում:
-Ամեն մարդ պիտի զգա, թե ինչն է իրեն հոգեհարազատ: Պետք չէ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչը շատ գումար կբերի, ինչն է ավելի ընդունված: Իհարկե, դա էլ պետք է նկատի ունենալ, բայց ավելի շատ պետք է լսել սրտի ձայնին, հաշվի առնել նախասիրությունները:

Հողը, արմատը, մարդը…

Ներածության փոխարեն

Իմ մանկական ամենավառ ու ամենազվարճալի հիշողություններից շատերը կապված են տատիս հեռախոսագրքի հետ: Դա մի մեծ նոթատետր էր, որի մեջ տատս տարիներ շարունակ հավաքել էր գյուղի բոլոր մարդկանց հեռախոսահամարները՝ սկսած այն պահից, երբ հեռախոսի գյուտը առաջին անգամ մտավ իրենց գյուղ: Նա հատուկ խնամքով էր վերաբերվում այդ նոթատետրին, և գուցե հենց դա էր պատճառը, որ մենք՝ թոռնիկներս, երբ նեղանում էինք նրանից, թաքուն գողանում էինք տատիս «աստվածաշունչը» և նկարում դրա էջերին: Հետո մի օր տատս հայտնաբերում էր մեր խզբզոցները և ստիպված նստում ու նորից սկսում էր նոր տետրի մեջ արտագրել: Կամ պատահում էր, որ մեծերից մեկը, չիմանալով տատիս այդ հատուկ պաշտամունքի մասին, պատահմամբ դրանից մի էջ պոկում էր՝ ինչ-որ հեռախոսահամար կամ հասցե գրելու նպատակով: Եվ տատս նորից ու նորից ստիպված սկսում էր արտագրել: Ու այդպես նա երևի մի հարյուր անգամ արտագրել է այդ հեռախոսագիրքը: Բայց այն, ինչ առանձնահատուկ էր դարձնում մեզ համար այդ տետրը, միայն տատիս պաշտամունքը չէր դրա նկատմամբ, այլ նաև այն, որ դա մի իսկական բանահավաքչական գործ էր՝ իսկական դասակարգում գյուղի բոլոր անհայտ ու հայտնի անունների: Այն ժամանակ մեզ այդ անունները մեռնելու աստիճան ծիծաղելի էին թվում (Է՜հ, սիրելի՛ ընթերցող, մի՛ մեղադրիր մեզ, մենք երեսառած ու անդաստիարակ երեխաներ չէինք): Էլ ի՞նչ իմանայինք, որ տարիներ հետո՝ այսօր, տատիս հեռախոսագրքի տարօրինակ անունները (oրինակ՝ Ճիճոյ Ռոզը, Ճլմոյ Էդոն, մորքյուր Վարդոն, Խլսուկը, Բլոճը, Դողկոն, Բուզիկի Մանվելը, Գոդոլի Սեդան, Բոմբիկ Արշոն, Ծռզուկը, Թարմ Ճոլոն, Լուլուխի Հայկազը, Շտուկի Մամիկոնը, Կռիս Մանվելը, Կազարած Սերոժը, Բլոյ Ադիկը, Շունլծողի Վազգենը, Կուռուղչի Ջանոն, Փութիկ Վենեռը…) պիտի դառնային մեր՝ մեծերի համար նախատեսված հեքիաթների վերնագրերը: Ու ամեն անգամ, երբ մութը իր վրձիններով սև է ներկում մեր տան պատուհանի ապակին, ես բացում եմ իմ նորօրյա հեքիաթի գիրքը ու մատս դնում պատահական «վերնագրի» վրա.

-Տա՛տ, Պեդեյ Սերոժն ո՞վ ա…

Ու այդ պահին հեքիաթը սկսվում է՝ իրական կյանքի հեքիաթը՝ իրական կյանքի հերոսներով: Կամ երբեմն պատահում է, որ ես անձամբ ականատեսն եմ դառնում հեքիաթի ստեղծման, երբ մեր տուն են գալիս տատիս ու պապիս սերնդակիցներից ոմանք:

Սի՛րելի ընթերցող, ստորև ուզում եմ քեզ պատմել իմ լսած զվարճալի պատմություններից մի քանիսը, որոնք լիքն են անսահման երևակայությամբ, գրոտեսկի հասնող պարզությամբ և աբսուրդով: Դե ինչ, պատմություն առաջին.

Կյող Պատոն

-«Կյող» ի՞նչ ա նշանակում, ժողովու՛րդ,-հարցրեցի ես մի անգամ, երբ էլի թերթում էի հեռախոսագրքի էջերը:

-Գող, ձեռից թույլ,- բացատրեց Երեմ պապիկը, և պատմությունը գնաց:-Էն էլ ի՜նչ գող էր… Էլ ասելու չի: Ինչ տեսներ կթռցներ…

Իրար հետ կաշխատեինք հանքում: Էն ժամանակ, որ պիտի հանքը պայթեցնեինք, ասում էինք ժողովրդին, որ տնից դուրս գային ու դուռ, լուսամուտ բաց թողեին, որ պայթյունի հարվածից չջարդվեն: Դե, ես իրանց բրիգադիրն էի: Ասեցի.  «Պատո՛ ջան, գնա ասա մարդկանց, թո՛ղ դուրս գան»: Ըտենց էտ անգամ Պատոյին ուղարկեցի: Մեկ էլ հաջորդ օրը մի հատ պառավ կնիկ էկել ա, հո՛ չի անիծում, հո չի անիծում, ասում ա. «Վայ, թաղեմ արևդ, էդ ինչ բերիք մեր գլխին»: Ասեցի. «Մայրի՛կ ջան, ի՞նչ ա էղել, հո ապակի բան չի՞ ջարդվել, մենք փողը կտանք»:  Ասեց. «Ի՞նչ ապակի, սաղ շենքի ժողովրդի կոշիկները չկան: Գործի չենք կարում էթանք. էտ ո՞ւմ էիր ուղարկել: Կգնամ ռայկոմի քարտուղարի մոտ բողոք…»:

Դե, էն ժամանակ սաղ կոշիկները մուտքում էին հանում: Պատոն էլ գնացել էր, որ ասի` տնից դուրս էկեք ու ձեռի հետ էլ սաղի կոշիկները հավաքել լցրել էր մի հատ մեշոկի մեջ ու տարել տուն: Գնացի ասեցի. «Պատո՛ ջան, ոնց գողացել ես, տար դիր տեղը: Թե  չէ հա՛մ ես պրեմիայից կզրկվեմ, հա՛մ դու, որ բողոքեցին լավ բան չի ըլնի»: Ըտենց մի կերպ համոզեցի, գնաց բերեց: Հիմա մի մեշոկ կոշիկ ա: Չգիտենք՝ որը ումն ա, որ տանենք տեղը դնենք: Ես էլ կանչեցի շենքի ժողովրդին ասեցի՝ էս դուք, էս էլ ձեր կոշիկները. ոնց կուզեք ջոկեք…

Է՜հ, Պատո՛, Պատո՛,-խորը շունչ քաշեց Երեմ պապիկը, ապա շարունակեց:- Հա՛, շատ գող էր, բայց մի անգամ իրա պատիժը ստացավ: Պերերիվի ժամն էր: Էս Պատոն գնաց, կալբասը բերեց, դրեց քարին, գնաց լվացվի, հացն առնի՝ գա: Մեկ էլ.

-Պատո՜, Պատո՜, շունը կալբասը տարավ,- գոռացինք մենք:

-Տար, տար, ես քու ըսենց ընենցըն, տար տենամ առանց խաց ո՞նց ա կուտես,- հայհոյել էր Պատոն շանը՝ հանգիստ լվանալով ձեռքերը:

Ու այստեղ հեքիաթն ավարտվեց: Երկնքից երեք խնձոր ընկավ՝ ինչպես միշտ, մեկը՝ Կյող Պատոյին, մեկը՝ Երեմ պապիկին, որ պատմեց հեքիաթը, մեկն էլ՝ քեզ, սիրելի՛ ընթերցող:

Մորքյուր Վարդոն

-Մորքյուր Վարդոյ Խաչիկըն կսիրեր հաշվապախ Հրանուշին,- սկսեց տատիկս իրեն բնորոշ հետաքրքիր ոճով,- մորքյուր Վարդոն էլ չէր խավնե ըտուն. կասեր. «էտի իմ տուն խարս չըպտի կյա: Ես Կռասիվոյ Գրետին կուզեմ, վերջ»: Ըտենց մի օր մորքյուր Վարդոն կջղայնանա Խաչիկի վրեն, մե պոլ (կես լիտրի կեսը) արաղ կառնի, կեթա ըտոնց տուն: Կասեն. «Բարով էկար, մորքյու՛ր Վարդո: Խե՛ր ըլնի»: Էս էլ կվերու կասի. «Խեր ա, բա ի՞նչ պըտի ըլնի: Էկեր եմ ձեր աղջկան տանեմ ընձի խարս, բայց հենց հմի պըտի շորերը խագցնեմ, տանեմ»: Կասի մե պոլ արաղըն ջեբից կխանի, կլցեն բաժակներըն. կլնի իրեք բաժակ: Կշնախավորեն, ըտուն կառնի կկյա: Իրիկուն Խաչիկն կկյա գործից, ըտուն կտենա: Կասի. «Ա՛յ մեր, էս ո՞վն ա»: Կասի. «Քու կնիկն ա: Կուզես՝ ուզի, չես ուզե՝ էսա: Վերջ»: Ըտենց, կամուսնանան, յոթը խատ էլ էրեխա կունենան: Բա՛…

 

Վա՜շ, ինչ ա կասի

 

Հարցնում ես՝ սիրու՞մ եմ կինո նայել: է՜հ…Այդ ի՞նչ հարց է. բա ոնց: Գիտե՞ս որն է սիրածս կինոն: Հոլիվուդի ֆիլմերից էլ լավն է՝ հավատա: Չէ՛, էդ կինոն հեռուստացույցով ցույց չեն տալիս, ո՛չ էլ համացանցում կարող ես գտնել: Դա այն ֆիլմերից է, որ ամեն անգամ սկսվում է, երբ ֆիլմի գլխավոր հերոսները՝ պապիկիս եղբայրը և նրա կինը, մեր տուն են գալիս: Ու այդ ժամանակ ամեն ինչ պատրաստ է ֆիլմը նկարելու համար. բոլորս սեղանի շուրջ ենք, գինին, բաժակները, արտաքին ու ներքին բոլոր դեկորացիաները…

Ուշադրություն, առաջին կադրը գնաց…

Իիիիիիի…Էս ինչի՞ չի սկսվում: էհ՜, հասկացա, ռեժիսոր ա պետք երևի: Բայց ո՞վ կդառնա էս կինոյի ռեժիսորը: Իիիիիի…..Էտ ինչի՞ եք բոլորդ այդպես վրաս նայում: Ո՞վ՝ ես: Հա, բայց ես անփորձ եմ, համ էլ…Հա, լավ համոզեցիք: Բայց ի՞նչ են անում ռեժիսորները կինոների մեջ…էհ՜, որ ասում եմ անտաղանդ ռեժիսոր եմ, չեք հավատում…Հա, հիշեցի…Պիտի երևի դերասաններին խնդիր տամ (այդպես էին ասում, չէ՞ ), բայց ո՞նց: Չէ, ավելի լավ է` ես ընդամենը հարց տամ: Համ էլ ինձ ներելի է. սկսնակ եմ, չէ՞: Լավ, անցանք «նկարահանումներին». թե չէ առանց կինո կմնամ:

Կադր1 (մի քիչ ռոմանտիկ). -Ժենի՛կ տատի, կպատմե՞ս՝ ո՞նց ամուսնացաք դու ու Սպարտակ պապիկը:

-Բալա՛ ջան, Սպոն սիրահարվել էր ընձի. ըտենց ամուսնացանք,- կարճ ու կոնկրետ պատասխանեց Ժենիկ տատիկը՝ մի քիչ ամաչելով:

-Աղչի, ի՞նչ ա կասի,- զարմացավ Սպարտակ պապիկը,- տո, դու էիր ընձի սիրահարվե:

-Վա՜շ, ի՞նչ ա կասի, ճժեր,- կրկնեց Ժենիկ տատիկը իր ամենահայտնի արտահայտությունը, որի մեջ և՛ ժխտում կա, և՛ զարմանք:

-Բա, որ չիր սիրահարվե, էտ ընչի՞ էիր գալիս մեր աղբյուրից սաղ օր ջուր տանում,- Ժենիկ տատիկը, կարծես թե, վատ իրավիճակի մեջ ընկավ:

-Իմ մեղքըն ո՞րն էր, որ գեղի միակ աղպուրըն ձեր տո՞ւնն էր,- տակից դուրս էկավ նա:

-Բա իմ մեղքըն ո՞րն էր, որ գեղի միակ աղպուրըն մեր յա՞նն էր: Սաղ գեղի աղջիկներըն պըտի ընձի սիրահարվեին,- պարծեցավ  Փնոյ Սպարտակը:

-Իմալ ա ըտենց սուտ կխոսաս …,-կռիվը թեժացրեց սիրահար տատիկը:

-Աղջի՛ Ժենո, էտ դու չէի՞ր գնացե մորդ ասե` սիրահարվեր եմ Սպոյին:

-Ես ըտենց պան չեմ ասե: Ես ուղղակի ասեր եմ . «Մամա՛, Վարազի ախպերըն պանակից էկեր էր, մեզի սաղիս ծեռով պարեվավ…Ծեռն էլ ընենց սիպտա՜կ էր, ընենց փափու՜կ». Էդքան պան…,- վերջացրեց  «չսիրահարված»  տատիկը…

-Վերջ: Իմ ուզած «կադրը» ստացա,- ուրախությունից վեր թռա ես,- Տաղանդ եմ, է, տաղանդ (Ինչ մեղքս թաքցնեմ,  շատ գլուխգովանն եմ,  ախր ): Լավ է՜, գնամ նոր նյութ գրեմ, ուղարկեմ «Մանանա»:

-Լալա՛, Էս ի՞նչ սատանա մտավ էս էրեխու մեջ,- ասաց Ժենիկ տատը իմ տատիկին, որ շատ է հավատում նման բաների:

-Սատանա չի, Ժենո, ժուռնալիստական պաներ են, կխասկընա՞ս,- հանգստացրեց նրան տատս, իսկ ես, իմ հայտնագործությունից ոգևորված, դուրս եկա սենյակից՝ թուղթ ու գրիչ փնտրելու:

 Հ.Գ. Քիչ անց ես արդեն բաց դռնից տեսա, թե ինչպես էին իրար մեջքով հենվել այդ երկու նահապետական կյանքի ներկայացուցիչները: Դա իրենից ներկայացնում է մի մեծ ընտանեկան լուսանկար, որում և՛ սեր կար, և՛ հարգանք, և՛ կորուստ ու ցավ, և՛ հաղթահարում ու դժվարություն, բայց ամենակարևորը` տարիների հավատարմությունն ու հոգատարությունն էր, որ շրջանակում էր այդ հրաշք լուսանկարը:

 

 

Վերջաբանի փոխարեն

Սիրելի՛ ընթերցող, թու՛յլ տուր, այս հոդվածում այսքանով ավարտել տատիս հեռախոսագրքում «ապրող» մարդկանց մասին զվարճալի պատմությունները: Դրանք անչափ շատ են ու հետաքրքիր: Հույս ունեմ, որ նյութս քեզ դուր եկավ. չէ՞ որ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կենցաղով էին ապրում մեր տատիկ-պապիկները և ինչ էին մտածում կյանքի այս կամ այն հարցի շուրջ: Հույս ունեմ, ու համամիտ ես, որ մենք շատ բան ունենք նրանց պարզ ու հասարակ կենցաղից վերցնելու: Այս նյութով ես ուզում եմ, քեզ և ինձ տանել դեպի արմատը. այնտեղ, որտեղից մենք սկսել ենք և  որտեղ էլ կվերջանանք:

 

Վանդալիզմի անխոս զոհերը

1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:

Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:

Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:

2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:

2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:

2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:

Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:

Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:

Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար:

 

Շունը

-Ախ, Աստված իմ, տեսնես գոնե մի րոպե այս ձայնը կդադարի՞, թե՞  ոչ… Ուֆ,- ասացի ես  դժգոհ դեմքով ու գլուխս մտցրի վերմակի տակ: 

Անցավ մոտավորապես կես ժամ, բայց այդ անտանելի հաչոցը չէր դադարում: Արդեն մի երկու շաբաթ էր, ինչ ես անընդհատ, ամեն գիշեր լսում էի այդ ձայնն  ու չէի կարողանում գոնե մի րոպե աչք կպցնել: Հանկարծ  հասկացա, որ վերմակը ինձ չի «փրկի»,  ու ապավինեցի բարձի  օգնությանը՝  փորձելով սողալով մտնել նրա տակ, բայց  ոչ… Դա էլ չօգնեց: Վերջապես ընդունեցի այն միտքը, որ ես այս գիշեր ևս չեմ քնելու, ինչպես նախորդ և վերջին մի քանի օրերը ու քնատ շարժումներով վեր կացա անկողնուց: Իմ ստեղծած աղմուկից արթնացավ տատս, որ պառկած էր կողքի մահճակալին, ու անհանգստացած տոնով ասաց.

-Հը՞, բալես, ի՞նչ ա էղել, ինչի՞ չես քնում:

-Ուֆ՜, տատի, մի ասա, հա՞, խնդրում եմ: Արդեն մի երկու շաբաթ ա, ինչ ձեր տանն եմ, ու մի գիշեր անգամ չեմ քնել այդ ընթացքում,- ասացի ես` վերմակը բարկությամբ մի կողմ հրելով:

-Ընչի՞, բալես,- անհանգստացավ տատս,- կարո՞ղ ա տեղդ փափուկ չի:

-Չէ, տատի, ի՞նչ տեղ, է՜,- պատասխանեցի ես` քունս կիսատ մնացած երեխայի դժգոհությամբ,- էդ անտեր շունն ա մեղավոր, որ ամեն գիշեր պարտաճանաչ կերպով քունս խանգարում ա:

-Է՜, բալես, անտեր ա, բա ինչ ա,- ցավագին գլուխը թափ տվեց տատս,- դրա տերերն էլ թողին գնացին:

-Ո՞ւր, տատ, ո՞ւր,- անփույթ հարցրի ես, քանի որ այդ գիշերվա կեսին ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ:

-Խոպան,- մի կերպ լսելի եղավ նրա բերանից:

Մի քանի րոպե լռություն էր: Հետո տատս, չգիտեմ ինչու, սկսեց հուզված տոնով պատմել այդ ընտանիքի պատմությունը: Ասում էր, մի տարի առաջ էր, որ գնացին Հայաստանից, որ ամեն ինչ ունեին, բայց գնացին, որ թողեցին իրենց տունը առանց ափսոսալու, իրենց շանը՝ առանց խղճի խայթի, ու հիմա մի տարի է՝ այս շունը ամեն գիշեր հաչում ու տերերին է կանչում, որ չի լքում տունը, որ հավատարիմ է: Ասում էր, որ ասում են, թե նրանք հայերեն էլ չեն խոսում, որ մոռացել են, որ հայ են, որ ինքը մեղադրում է, որ ինքը չի մեղադրում, որ այսպես, որ այնպես, որ…, որ…, որ…

-Տատ, տեսնես դրանք չե՞ն լսում էդ խեղճ կենդանու ձայնը,- հարցրի ես զգացված տոնով:

-Է՜ բալես, դրանք մի շան չափ հավատարմություն էլ չունեցան իրենց տանը, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Գնա, գնա, բալես, արդեն լուսանում ա,- վերջացրեց տատս դառը հեգնանքով ու դուրս եկավ սենյակից:

Այդ օրվանից անցել է երկո՞ւ… Չէ, չէ, համարյա երեք տարի: Հիմա ես էլի տատիկենց տանն եմ, ու հիմա էլի գիշեր է դրսում, ու լսվում է այդ նույն շան հավատարիմ ու անդավաճան հաչոցը: Ու ամեն անգամ, երբ լսում եմ, թե այսինչը կամ այնինչը թողին, գնացին երկրից, բերանիս մի անկյունում սառում է այն նույն հեգնանքը, ինչ տարիներ առաջ տատիս մոտ, և ուղեղիս մեջ արձագանքում են տատիս խոսքերը. «Է՜, բալես, մի շան հավատարմություն էլ չունեցան…»:

Որտեղ ես ծնվել եմ

Իմ ծննդավայր, իմ բնակավայր, իմ հարազատ օրրան, իմ Ճամբարակ: Մի ամբողջ կյանք է կապված քեզ հետ, մի ամբողջ մանկություն, կյանքի 17 գարուն, որի ընթացքում դու ինձ հարազատ ու թանկ ես դարձել: Քո ամեն մի քարը, ամեն մի ծառը ծանոթ է ինձ: Ամեն մի անցած ճանապարհի հետ՝ գեղեցիկ հիշողություններ են այցի գալիս:
Գուցե առաջին հայացքից այստեղ արտասովոր ոչինչ չկա. ո՛չ բարձրահարկ շենքեր, ո՛չ կանաչապատ պուրակներ, բայց այստեղ անձեռակերտ բնությունն ինքնին կերտում է իր շքեղությունը:

Ճամբարակը թառած է լեռների գրկում: Ամուր պարիսպների նման այդ լեռները հավերժորեն ստանձնել են մեր փոքրիկ տարածքի պաշտպանությունը: Գողտրիկ դիրքում լինելով անգամ՝ նա էլ զգացել է թշնամու արկերի հարվածները, լսել ռումբերի պայթյունի ձայները, նրա սրտում էլ պահպանվել են թշնամու պատճառած վնասների սպիները: Միջին և դրանից բարձր տարիքի ճամբարակցիների հիշողության մեջ պահպանվել են դեպքեր, որոնք հիշելիս նրանք ցավ են ապրում, արցունքոտվում են ոմանց աչքերը, պատմում են ակնթարթներ այդ օրերից և ավելացնում. «Աստված տա, որ դուք էլ չզգաք այն, ինչ մենք ենք զգացել: Միայն թե դուք էլ պատերազմ չտեսնեք»:

Այո՛, հալածվել է նաև Ճամբարակը, սակայն ոչինչ չխախտեց նրա բնության ներդաշնակությունը, ոչինչ չկարողացավ ջնջել Ճամբարակ անունը այս լեռների գրկից: Այս լուռ կանգնած ժայռերը ականատեսն են մեր գյուղի պատմության, և նրանք էլ լրացնում են ճամբարակյան բնության «ստեղծագործության» յուրօրիանակությունը:

Այսօր էլ ճամբարակցին շարունակում է իր բնականոն կյանքը. աշխատում է, արարում, հնձում, ցանում, մշակում: Այսօր էլ նա հյուրընկալ է և սրտաբաց, պատրաստ օգնելու և հիշեցնելու, որ դեռ գոյատևում է այս փոքրիկ անկյունը:

Պայքար հանուն խաղադաշտի

Դեռ փոքր տարիքից ինձ հուզում էր հաջողության հասնելու ճանապարհը։ Շատ ժամանակ ես ինձ անհաջողակ էի համարում, որովհետև բակը, որտեղ իմ ամենաթանկ մարդիկ էին, և մեր ժամանակի մեծ մասն էր անցնում, նման չէր մեր հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակին։ Մանկապարտեզի բակում կար ճոճանակ, սահուղի, լողավազան։ Իսկ մեր բակում դրանց փոխարեն կային միայն քարեր, տարբեր տեսակի մոլախոտեր և մի քանի մետր բաց տարածք։ Իմ ու ընկերներիս մեջ մեծ էր ցանկությունը  մանկապարտեզի բակում խաղալու, բայց ամեն անգամ, երբ ցանկապատի վրայով անցնում էինք, տեղի էր ունենում մեր պատկերացրած պատերազմը՝ բախում մեր և մանկապարտեզի պահակի միջև։ Այո՛, չզարմանաք, հենց պատերազմ, որովհետև մենք միշտ կանխազգում էինք բախումի մասին՝ «զինվում» էինք պարսատիկներով, քարերով, և ամեն անգամ, երբ պահակը փորձում էր մեզ հեռացնել, սկսում էինք պատերազմը։ Բայց պահակը համառ էր ու չէր նահանջում. նա նույնպես քարերով հարվածում էր: Երբ որոշեցինք փախչել, տղաների մեծամասնությանը հաջողվեց փախչել` ցանկապատն իրարից առանձնացնելով, պոկելով, իրար վրայով անցնելով։ Ընկերներիցս մեկը մի փոքր հետ մնաց մեզանից, և պահակի նետած քարը կպավ նրա ոտքին։ Ոտքը վնասվեց, չկարողացավ դուրս գալ մանկապարտեզից, և տեղի ունեցավ այն, ինչը այնքան էլ մեր ուզածով չէր…

Ստիպված բոլորս հետ վերադարձանք։ Պահակը սրտի ուզածի չափ նախատեց ու կանչեց մեր ծնողներին։ Ծնողները նույնպես նախատեցին, և այդ օրվանից մանկապարտեզի խաղադաշտը դարձավ «արգելված գոտի»… Հիասթափված էինք բոլորս, նեղված այս դեպքերից։ Սկսեցինք մտածել տարբերակներ՝ մեր բակը մեր ուզածի պես դարձնելու համար։ Մեկն առաջարկեց լոտո խաղալ և շահած գումարով բարեկարգել բակը, մեկը թե՝ դիմենք դատարան, և այդպես մի շարք տարօրինակ մտքեր։ Սրանք այդպես էլ իրականություն չդարձան։ Գտանք երկաթյա ձողեր. որոնք իրար կապելով, ամրացնելով՝ մի կերպ սարքեցինք դարպասներ՝ ֆուտբոլ խաղալու համար…
Խաղում էինք առավոտից մինչև գիշեր։ Այնքան էինք խաղացել, որ մոլախոտերը վերացել էին, մնացել էր միայն հողը։ Անցավ այդ երջանիկ ամառը, և սկսվեցին դասերը. բոլորս տարված էինք դասերով։ Մի քանի տարի հետո, երբ մեծացանք, մեր համար բացվեց կյանքի նոր ուղի, ընտրեցինք մեր ապագայի ուղին։ Դաշտը մնաց լքված, և ժամանակի ընթացքում նորից պատվեց մոլախոտերով, թփերով, և հիմա դաշտում խաղացող երեխաներ չկան։ Նրանք գերադասում են ֆուտբոլ խաղալ համակարգչով: Դաշտը հուսահատված սպասում է հաջորդ սերնդին: Ով գիտի, միգուցե հաջորդ սերունդը վերադառնա իրական դաշտ ու նորից կարգի բերի լքված խաղահրապարակը…

Քսանմեկերորդ դա՞րն է

Լույսը նոր էր բացվել, երբ մայրիկս կանչեց.

-Նելլի, Կարինե, Դավիթ, գնացեք ջրի, տանը ջուր չկա, ճաշ պետք է եփեմ:

-Էլի՞, մամ, ես երեկ եմ գնացել, հետո էլ՝ իմ ֆուտբոլի թիմը ինձ է սպասում, պետք է գնամ,- ասաց եղբայրս և գնաց:

-Կար, արթնացիր, ջրի պիտի գնանք:

-Էլի՞… Լավ, հիմա կգամ, դու Մանեին զանգիր, երեքով ճանապարհը կարճ կթվա:

Մանեն մեր հարևանն է, ու մենք հիմնականում միասին ենք ջրի գնում: Ամեն մեկս վերցրեցինք երկուական տարա և իջանք բակ, սպասեցինք, մինչև Մանեն եկավ, և ճանապարհ ընկանք:

-Նել, այսօր ձեր ջրերը տվե՞լ են,- հարցրեց Մանեն:

-Դե, հա, բայց չտվածի հաշիվ ա, շատ կեղտոտ էր, հիմա պետք է ամանները լվանալու համար էլ բերենք, էլ չեմ խոսում, որ մայրիկը պահածո էլ պետք է անի… Այսինքն, այսօր մի քանի անգամ պիտի գնանք ջրի:

Խոսելով հասանք աղբյուր: Ինչպես միշտ, ջուրը շատ բարակ էր գալիս, լավ է՝ գոնե շատ մարդ չկար, հերթ չէր գոյացել: Տարաները լցրեցինք և ճանապարհ ընկանք:

-Չեմ հասկանում՝ ինչքա՞ն պիտի շարունակվի, ե՞րբ ենք վերջապես դադարելու ջուր կրել:

Դե, ինչ, քսանմեկերորդ դարն է, բայց մեր ծորակներից հոսում է «կոկա-կոլա», և մենք գնում ենք դույլերով մաքուր ջուր բերելու:

 

Իմ պապերն ու հայրերը

Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք  փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:

Իսկ հիմա անդրադառնամ Երեմ պապիկին: Նա կենդանի լեգենդ է: 1952թ. նա դարձել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն: Պատմեմ մի հետաքրքրաշարժ դեպք: Մեր գյուղում հարսանիք է եղել, որին մասնակից է եղել նաև պապիկս: Հարսանիքի ցուլը փախել է, ամբողջ գյուղը վրա է հասել, չի կարողացել բռնել: Վերջը պապիկս հասել, ցուլի պոզերից բռնել է ու գետնին տապալել:

Այս ուժեղ գեները փոխանցվել են երեք հայրիկներիս, բայց ավելի շատ միջնեկ հայրիկիս` Կամոյին, որին ընտանիքում Կակայ ենք անվանում: Ինձ թվում է, այս աշխարհում նրա նման աշխատասեր մարդիկ շատ քիչ են: Նա առավոտից երեկո աշխատում է, սակայն իր աշխատածի դիմաց շատ չնչին է վարձատրվում:

Այս ամենը կարդալով կմտածեք, թե գլուխ եմ գովում, բայց ոչ, ես գրում եմ զուտ իրականությունը:

 

Մաքրավան

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Մեր գյուղը համեստ գյուղ է: Այն շատ մեծ չէ: Նույնիսկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մի նկար կա, որտեղ Սարյանը պատկերել է Մաքրավանի համայնապատկերը: Գյուղը բաժանված է երկու մասի՝ նոր թաղամաս և Մաքրավան: Նոր թաղում մարդիկ մռայլ են, թեև ապրում են շքեղ տներում և ունեն ամեն ինչ՝ լավ ապրելու համար: Դա մեր գյուղի ամենալուռ թաղամասն է, որը ինձ դուր չի գալիս: Նույնիսկ այդ թաղամասում ապրող իմ ընկերն ասում է, որ իրեն դուր չի գալիս իրենց թաղամասը, քանի որ այնտեղ մարդ չկա, ում հետ ինքը կարող է խաղալ: Դրա համար նա ստիպված է լինում գալ, հասնել մեր թաղամաս, որտեղ աղմկոտ է և ուրախ: Թեև մարդիկ էլ ապրում են համեստ ու պարզ կյանքով:

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը, իհարկե, մայրս է, բայց ես ուզում եմ պատմել նույնքան սիրելի տատիկիս մասին։ Չգիտեմ՝ ինչու, բայց նա իր բոլոր թոռնիկներին սիրում է կարելի է ասել մայրական սիրով։ Իմ հանդեպ շատ հոգատար է և շատ է սիրում ինձ։ Նա բնակվում է Ճամբարակում և եթե իմանա, որ ես այդտեղ եմ և չեմ այցելել իրեն, շատ կնեղանա, ես էլ իմ հերթին շատ սիրելով, չեմ կարող նեղացնել նրան։ Եթե հեռու տեղից գայի, առաջինը տատիկիս կտեսնեի, հետո նոր ծնողներիս, քանի որ նա անհանգստությունից իր տեղը չի գտնում: Շատ հոգատար է, երևի օրվա մեջ ժամը մեկ կարող է զանգահարել և հարցնել.

-Բալես, ո՞նց ես, լա՞վ ես, առողջությունդ ո՞նց ա, ե՞րբ ես գալու, արդեն կարոտել եմ։

Եվ այսպես միշտ շփվում ենք իրար հետ շատ ջերմ։ Տատիկս մայրիկիս մայրն է, և նրանք գաղթել են Արծվաշենից։ Նա ինձ շատ է պատմում իրենց գյուղի մասին, համեմատություններ անում։ Եվ ես ուշադրությամբ լսում եմ նրան և մեծ դասեր քաղում։ Նա շատ մեծ կամքի ուժ ունի. չնայած այդքան մեծ կորստին՝ նա ամեն ինչ սկսեց նորից, և ես հպարտանում եմ իրենով: