Ani Ghulinyan

Իսկ ո՞րն է տարվա իմ եղանակը

Տարվա իմ եղանակին քամին իր հետ «Pink Floyd» է բերում ու խառնում մազերս:

Ու այդ նույն քամին արագ-արագ թերթում է բացված գրքիս էջերը, իսկ գրքիս մեջ երբեք էջանիշեր չկան:
Տարվա իմ եղանակին, ծառի տակ պառկած, գլխիս միառժամանակ խնձոր ու հոն է ընկնում, ու էդպես էլ չեմ հասկանում՝ հիմա ես Նյուտո՞նն եմ, թե՞ չէ:
Տարվա իմ եղանակին ամեն ինչ կանաչ է, բայց ծառերի վրա չորացած տերևներ էլ կան:
Իմ եղանակից մարդիկ չեն բողոքում ու գոհ են իրարից:
Ցերեկները երկար են, բայց գիշերներն՝ ավելի:
Այս եղանակում միշտ երազելու ժամանակ կա, ու կա մեկը, ով ճիշտ պահին ասում է, թե երբ պիտի դադարեցնես երազելը:
Մայրամուտները գեղեցիկ են, բայց արևածագերն՝ ավելի:
Կարոտ գոյություն չունի, որովհետև մարդիկ երբեք չեն հեռանում:
Այստեղ անձրևին Հախվերդյան են լսում, տաք եղանակին՝ «Imagine Dragons», իսկ ընդմիջումներին՝ «The Beatles»:
Այս եղանակին ոչ ոք չի շտապում, ժամանակը հերիքում է:
Ժամանակ կա այնքան, որ ասվեն չասված բառերը, գրվեն չգրված գրքերն ու պատասխանվեն անպատասխան մնացած ու վայրկյանով սպասված նամակները:
Այս եղանակը երազելու եղանակ է, անվերջ, անսահման երազելու, լավագույն գաղափարներն իրագործելու, ամենալավ խոստովանություններն անելու, հարազատ մարդկանց ու ինքդ քեզ վայելելու ժամանակն է:

arxiv

Երբ ես փոքր էի

Պլաստիկ վիրահատություն

-Մա՛ն, կուզե՞ս քիթդ փոքրացնեմ, սիրուն քիթիկ ունենաս,- հարցրեց քույրս ինձ, երբ ես վեց տարեկան էի:

-Հա՛, հա՛, փոքրացրո՛ւ, խնդրում եմ, փոքրացրո՛ւ,- միամտորեն համաձայնեցի ես:

-Մի քիչ կարող ա ցավա, ոչի՞նչ,- զգուշացրեց քույրս:

-Հա՛, հա՛, ոչինչ, վիրահատություն ես անելո՞ւ,- փայլփլող աչքերով հարցրի ես:

-Վիրահատելու եմ, ճիշտ ես: Մի րոպե, սարքերը բերեմ:

Քույս բերեց հղկաթուղթը և սկսեց աշխատել:

Հաջորդ օրը մանկապարտեզի դայակս, ինձ տեսնելով, սարսափահար հարցրեց.

-Մանե՛, այս ի՞նչ է եղել քիթդ: Վառե՞լ ես, ընկե՞լ ես…

-Չէ՛, չէ՛, մի՛ անհանգստացեք, ընկե՛ր Գոհար, ուղղակի քթի պլաստիկ վիրահատություն եմ արել, վաղը կանցնի:

Համենայնդեպս, քույրս ինձ այդպես էր ասել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան, 2010

***

Փաստորեն, խառնակիչ եմ եղել

Մի անգամ ընտանիքով գնացել էինք մեր ծանոթի տուն: Նա նոր էր ամուսնացել և ծանոթացրեց իր կնոջ հետ: Բոլորը սկսեցին գովել այդ աղջկան, անիմաստ շողոքորթում էին: Մեկ էլ այդ տղան՝ Արամը, հարցրեց ինձ.

-Հը՞, ճաշակս լավն ա, չէ՞:

-Հա՛, լավն ա, բայց սկզբից մտածեցի, որ մամադ ա,- հանգիստ ձայնով պատասխանեցի ես:

Արամի կինը զայրույթից կարմրել էր: Անհարմար վիճակից դուրս գալու համար՝ քույրս ասաց.

-Վե՛ն, բայց ինչքան շատ ես տափակ հումորներ անում:

-Ես հումոր չեմ անում, ոնց որ մեծ կին լինի, համ էլ դու չես տեսնո՞ւմ,- վիճակն ավելի բարդացնելով և կատակի ոչ մի նշույլ չթողնելով՝ պատասխանեցի ես:

Խեղճ աղջիկը լացակումած գնաց իր սենյակ:

Հիմա, երբ տեսնում եմ նրան փողոցում, անմիջապես ճանապարհս փոխում եմ ամոթից:

Վեներա Գրիշյան, 14 տարեկան, 2010

***

Չկայացած ընկերություն

Երբ մենք նոր տուն էինք տեղափոխվել, ես վազեցի բակ՝ նոր ընկերներ ձեռք բերելու: Տեսա մի փոքրիկ աղջկա՝ միայնակ նստած: Սկզբից ամաչեցի մոտենալ, բայց մտածելով, որ եթե հիմա ինչ-որ մեկի հետ չընկերանամ, հետո կարող է ուշ լինել, ինքս իմ մեջ ուժ գտա և քայլերս ուղղեցի առաջ: Քայլեցի, քայլեցի և նորից կանգնեցի, պտտվեցի և փորձեցի ևս մի րոպե մտածել՝ որոշում կայացնելու համար: Երկու րոպե մտածելուց հետո քայլեցի աղջկա մոտ: Բայց դեռ նրան չհասած՝ չդիմացա, նորից կանգնեցի: Որոշեցի մի անգամ ևս մտածել, վերջին անգամ, ևս մեկ անգամ, որ հետո չփոշմանեմ իմ կայացրած որոշման համար: Եվս մեկ րոպե մտածելուց հետո ես ոչ թե քայլեցի, այլ վազեցի, որ ճանապարհին նորից միտքս չփոխեմ: Վազեցի առաջ, բայց դեռ տեղ չհասած՝ նորից կանգնեցի՝ այս անգամ ոչ թե մտածելու, այլ հիասթափություն ապրելու. աղջիկը հեռացել էր…

Սիրան Մանուկյան, 13 տարեկան, 2010

***

Դավադիրը

-Նարեն շատ լավ, խելոք երեխա էր, այնքան քիչ էր լացում,- ասում է միշտ մայրս քրոջս մասին:

-Իսկ ե՞ս: Ես ինչպիսի՞ն էի,- հարցրի մայրիկիս, երբ հերթական անգամ նա սկսեց Նարեի գովքը:

-Վա՜յ, Մանե՛, դու ահավոր էիր՝ լացկան ու կամակոր: Ամբողջ օրն ինձնից կպած էիր: Երբ ես մեկի հետ զրուցում էի, երեսս թեքում էիր դեպի քեզ և չէիր թողնում ոչ ոքի հետ խոսել,- հիշեց մայրս:

-Երևի դեռ այն ժամանակ էլ խանդոտ էի,- նկատեցի ես:

Այդ պահին Նարեն՝ քույրս, հիշեց.

-Մանե՛, իսկ մի անգամ դու ինձ համոզում էիր. «Նարե՛, արի՛ ինձ խփիր, խնդրում եմ»: Ես զարմացած պատասխանեցի. «Չէ՛, Մա՛ն ջան, ինչի՞ խփեմ, պետք չի»: Բայց դու համառորեն պնդեցիր. «Չէ՛, չէ՛, լավ էլի, խնդրում եմ, արի՛ խփիր»: Շատ համոզելուց հետո ես եկա ու խփեցի: «Չէ՛, Նարե՛, մի քիչ ավելի ուժեղ խփի՛ր»,- խնդրեցիր դու: «Է՜, պետք չի, ինչի՞ համար ուժեղ խփեմ»,- ասացի ես, բայց, դու շատ համառեցիր, և ես խփեցի: Դու էլ սկսեցիր լացելով գոռալ. «Մա՜մ, էս Նարեն եկավ, ինձ անտեղի խփեց»: Ուզում էիր, որ մաման պատժի ինձ:

-Երևում է՝ դեռ մանկուց դավադիր դեմք էի,- ինձնից գոհ ու ծիծաղելով ասացի ես:

Մանե Արշակյան, 14 տարեկան, 2010

***

Ուշացած մանկություն

Մի օր, երբ ես ութ տարեկան էի, իմ ծնողները հասկացան, որ ես ոչ մի անգամ կարուսել չեմ նստել, և ինձ տարան առաջին պատահած զբոսայգին: Ես նստեցի առաջին պատահած կարուսելը: Այն մի սարսափելի բան չէր, բայց ես շատ էի վախեցել, քրտնել էի, կարմրել: Մայրիկս և հայրիկս ստիպված եղան ինձ կեսից իջեցնել: Իմ գլուխը պտտվում էր, սիրտս խառնում: Ինձ տուն տարան և իմ սիրած կերակուրները գնեցին, որպեսզի ես չտխրեմ: Հաջորդ օրն էլ դասի չգնացի:

Հովնան Բաղդասարյան, 15 տարեկան, 2010

***

Մանկությունից չես փախչի

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչպես էիր ուշանում մանկապարտեզից,- հարցրեց մայրիկս:

-Մա՛մ, ժամանակ գտա՞ր հիշելու,- բարկացա ես,- հա՛, հիշում եմ… Երբ ուշացած մտնում էի սենյակ, դաստիարակչուհին ինձ «քնած գեղեցկուհի» էր անվանում:

-Ճիշտ է,- հիշեց մայրիկս:

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչքան էիր «էծիկե» բառն ասում:

-Այո՛,- նորից զզվանքով պատասխանեցի,- բայց էդքան «էծիկե» ասելուց հետո էլ էթիկետի կանոնները չէի սովորում:

Որպեսզի չպատասխանեմ մայրիկի հաջորդ հարցերին, մի բան հիշեցի.

-Մա՛մ, շուտով քո սիրած հաղորդումն է սկսվելու:

-Վա՜յ, լավ հիշեցրիր: Ոչինչ, հարցերիս հետո կպատասխանես:

Խորամանկությունս չստացվեց:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան, 2010

***

Կամակորը

Ինձ բոլորն ասում են, որ մինչև երկու տարեկանը շատ խելոք երեխա եմ եղել, միայն ուտում էի, քնում և լացում, երբ սոված էի, իսկ դա շատ հաճախ էր լինում, համարյա անընդհատ: Իսկ հետո ես դարձա ավելի կամակոր և չսլող: Եթե ես չէի ուզում որևէ բան անել, ինձ ո՛չ համոզել, ո՛չ էլ ստիպել էր լինում: Իսկ եթե մայրիկս բարկանում էր վրաս, ես նրա վրա էի շպրտում իմ խաղալիքները, իսկ հետո խիղճս տանջում էր, ու սկսում էի լացել, բայց մայրիկիս հետ երկար չէի հաշտվում: Երբ ես նեղանում էի, միշտ պառկում էի և քնում: Քնում էի որտեղ պատահի՝ գետնին, աթոռի վրա… Մի անգամ էլ նեղացած մտել էի մահճակալի տակ և քնել: Հետո ստիպված էին եղել մահճակալը բարձրացնել և տեղափոխել, որ կարողանան ինձ տակից հանել:

Դավիթ Սողոյան, 11 տարեկան, 2010

***

Հուշ

Մայրիկս և հայրիկս պատմում են, որ փոքր ժամանակ ես շատ ակտիվ էի և անընդհատ բանաստեղծություններ էի արտասանում: Երբ մայրիկս ինձ համար «Չարի վերջն» էր կարդում ու ասում. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ կկու», ես չէի հասկանում, որ կկուն թռչուն է, ու ինձ թվում էր, թե դա նշանակում է «կծու»: Հետո, երբ ինքս էի արտասանում «Չարի վերջը», ասում էի. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ բիբար»:

Նաև շատ էի սիրում խոսել և անընդհատ ինչ-որ բանից բողոքում էի: Օրինակ, ինձ պատմում են, որ երբ ես և եղբայրս՝ Դավիթը, առաջին անգամ էինք գնացել Սևան, Դավիթն ընդամենը մեկ տարեկան էր, իսկ ես՝ երկու: Դավիթն անընդհատ մտնում էր ջուրը, իսկ ես մայրիկին բողոքում էի, որ ջուրը թաց է, հողը՝ չոր, իսկ քարերը ծակում են:

Լիլիթ Սողոյան, 12 տարեկան, 2010

valentinaChilingaryan

Անավարտ պատմություններ

Կեսգիշեր էր, երբ հայրս աշխատանքից հոգնած վերադարձավ տուն: Հինգ գիշեր էր, ինչ չէի տեսել նրան: Սովորության համաձայն՝ սկզբում մտավ իմ սենյակ: Գիտեմ, ուզում էր բարևել: Ամուր փակեցի աչքերս՝ ոչինչ չարձագանքելով: Ինչ հիմար եմ ես, ձևացրի, թե անուշ քնած եմ: Բայց հետո մտորեցի, համարձակ վեր կացա ու գնացի ննջասենյակ: Վստահ էի, որ նա դեռ քնած չէր:

-Պա՞պ:

-Քնած չէիր, չէ՞:

-Չէ:

Մեկ էլ մաման կողքից ասաց.

-Ի՞նչ կա, ուրվական:

-Տան դռներն էի ստուգում:

-Դե, լավ, գուցե կարոտել էր ինձ,- փրկեց պապան:

-Կարո՞տ: Ինչի ինքը զգացմուքներ ունի՞: Կարոտո՞ւմ էլ ա: Իսկ ես միշտ կարծել եմ, որ սառը էակ ենք մեծացնում: Ինչ հետաքրքիր ա:

-Հա, մամ, գիտե՞ս՝ ես ուրախանալ էլ գիտեմ: Օրինակ, երբ ես ուտում եմ բուտերբրոտներ՝ ուրախանում եմ, իսկ երբ դու ինձնից չես խլում իմ սիրելի բյուրեղանման կոնֆետները, չեմ տխրում:

-Դու ուտելուց բացի ուրիշ պլաններ ունե՞ս:

-Իհարկե: Սիրում եմ ճանապարհորդել:

-Բրավո՜: Որտե՞ղ:

-Մի տեղ, որտեղ բուտերբրոտներ են պատրաստում:

-Չլինի՞ սիրում ես կարդալ նաև խոհանոցային գրքեր:

-Չէ, մամ, հույսդ կտրի՛ր: Որ դրանք կարդում եմ, թքագեղձերս սկսում են աշխատել: Չեմ դիմանա՝ թուղթը կուտեմ:

-Անլրջությունն էլ սահման ունի: Անգամ դա չի քողարկում քո անտարբերությունը: Որովհետև ծայրահեղությունից ծայրահեղություն ես:

-Տան դռները փակ էին: Բարի գիշեր:

***

Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից էր՝ ժամը 10-ի մոտակայքում, երբ կանգնած էի գրախանութի առաջ, որտեղ երկար հերթ էր գոյացել: Ընդամենը 2 թերթ պիտի տպեի: Ատում եմ այդ գրախանութը՝ ողջ սրտով ու էությամբ: Սպասարկումը սարսափելի է: Ուղղակի, երբ դու ապրում ես մի վայրում, որտեղ մեկից ավելի գրախանութ չկա, ստիպված պիտի օգտվես դրանից: Ես էլ ստիպված սպասում էի իմ հերթին:

Աշխատողը 35-40 տարեկան մեռելային դեմքով մի տղամարդ էր, որն արտաքնապես նման էր մուլտֆիլմերի միջի էն չար հերոսներին, որոնք միշտ կան տրամադրությունդ փչացնելու համար: Էն, որ առանց իրենց ֆիլմը առաջ չի գնում, բայց հայտնվում են այն պահին, երբ պետք չէր: Մի խոսքով՝ հրեշ: Ուղղակի մի տարբերությամբ, որ մուլտֆիլմի մեջ գտնվող հրեշը շատ դեպքերում բարի է դառնում ու ամուսնանում արքայադստեր հետ, իսկ այս մարդն արդեն ամուսնացած է և ունի 4 երեխա:

-Բարև Ձեզ, այս ֆլեշի մեջ 2 նյութ կա, դրանք կարո՞ղ եք տպել:

Ոչինչ չասաց: Սարքս վերցրեց ու գնաց մի մութ սենյակ:

-Հլը արի, տես՝ էս ա՞,- ասաց հրեշը:

Արագ մոտեցա համակարգչին: Մռայլ դեմքով նստած էր ու մկնիկի ցուցիչով ցույց էր տալիս ֆայլերը: Մտածում էի, որ եթե մարդը 35 տարեկան է, պիտի կյանքը եռա նրա համար: Պիտի թռվռա ու ժպտա խանութում: Ի վերջո, գրախանութ է սպասարկում: Հետո կասեն՝ ինչի մեր երիտասարդությունը գրքասեր չէ, բա պիտի նորմալ սպասարկում ունենանք: Ախր, ինչի՞ պիտի երիտասարդը մտնի մի գրախանութ, որտեղ իրեն սպասարկելու է մռայլ դեմքով 35 տարեկան ծերուկ: Փոխանակ նա ուրախությունից եռար, ես սկսեցի զայրույթից եռալ ու չպատասխանեցի.

-Քո հետ չե՞մ:

-Կներեք, պարոն, դուք ինձ ճանաչո՞ւմ եք:

-Ինչի ո՞վ ես:

-Չէ, նկատի ունեմ՝ ինչո՞ւ «դուք»-ով չեք խոսում: Ծանո՞թ ենք:

-Լսի, իմ խանութը չի՞: Ոնց ուզում, սպասարկում եմ: Դուրդ չի գալիս՝ գնա:

-Իսկ կլինի՞ պատճենեք՝ նոր գնամ:

Մռայլ դեմքով դուրս եկավ, դանդաղ մոտեցավ մյուս համակարգչին ու ասաց.

-էս ծրագիրը չի բացում, պիտի 20 րոպե սպասես:

Համաձայնեցի, որովհետև այլ տեղ չկար գնալու: Որոշ ժամանակ հետո ասաց, թե չի բացի, չի հասկանում ծրագիրը:

-Լավ, կներեք անհանգստացնելու համար:

-Պահ, կյանքիս կես ժամը խլեց, մի հատ էլ՝ կներեք,- մրթմրթալով «ճպացրեց» կախարդը:

Թե ասա՝ ի՞նչ պիտի անեիր էդ 30 րոպեում, մի ուրիշ հաճախորդի նյարդերը պիտի քայքայեիր, էլի: Իմանալով, որ սպասարկումը վատն է, շարունակում է քայլ չանել, գիտակցելով, որ բոլորը զզվանքով են մտնում իր խանութ: Որոշեցի խանութից հեռու գտնվող մի պուրակում հայտարարություն սարքել: Մի թերթ վերցրի, վրան գրեցի. «Անցկացվում են դրական էներգետիկ դասընթացներ, որոնց տևողությունը 1 րոպե է: Ուսման ավարտին տրվում է լիցենզավորված ժպիտ: Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարով»: Արագ վազեցի ու դա փակցրի դռանն այնպես, որ ծերուկն ինձ չնկատի:

Հեռվից տեսա, որ բացեց դուռը, մռայլ դեմքով կարդաց հայտարարությունն ու սկսեց ծիծաղել: Ինչ գեղեցիկ է ժպիտը, անգամ, եթե ժպտացողը հրեշ է:

***

Գնացել էի քննության: Դասախոսը ներկայացնում էր մանրամասները, որոնք կապված էին թեստի հետ: Իսկ կողքիս նստած աղջիկը անգամ 70 հոգանոց լուռ լսարանի մեջ ագահաբար մաստակ էր ծամում ու փուչիկով հրավառություն անում: Այդ պահին մտքովս անգամ անցնում էր քննություն չհանձնելու տարբերակը, միայն թե չլսեի այդ տարօրինակ «գըմփը», որը 2 րոպե անընդմեջ շարունակվում էր: Լավ, այս աղջկա համար կյանքն էլ գուցե այս կերպ է «եռում»: Բայց ինչ անշնորհք ու վատ է դիտվում այդ գործողությունը կողքից: Սկսեցի քայլեր ձեռնարկել: Սկզբից «թարս» հայացքով նայեցի, որովհետև մտածում էի, թե կազդվի: Ոչինչ չփոխվեց: Հիշեցի, որ նախորդ օրը եղբորս խոսք էի տվել խուսափել արկածներից, քանի որ վերջերս շատ էի հայտնվում անհաջող պատմությունների կիզակետում:

-Բարև Ձեզ:

-Պրիվետ:

-Պատրաստվե՞լ եք քննությանը:

-Հա, դո՞ւ:

-Ըհըն:

-Կներեք, քանի՞ տարեկան եք:

-16:

-Հա, ես փոքր կտայի:

-Լո՞ւրջ: Ով ինձ նայում ա, ասում ա, որ ես մեծ աղջիկ եմ երևում:

-Գուցե տեսքով, բայց բնավորությամբ ու արարքներով հասուն չեք:

-Ինչի՞ց ենթադրեցիր:

-Ձեզնից:

-Ասում եմ՝ ինչի՞ց, ոչ թե ումից:

-Ի՞նչ տարբերություն:

Ու այդ պահին մաստակն արագ ծամելով՝ զայրացած մոտեցավ ինձ: Սկսեց դիմացս մեծ փուչիկ անել:

-Նման են:

-Ինչե՞րը:

-Ձեր ուղեղն ու փուչիկը:

-Ու ո՞նց,- քմծիծաղեց աղջնակը:

-Տորիչելյան դատարկությամբ:

-Հա, կարդացել եմ դրա մասին: Վիլյամ Տոլստոյն էր գրել, չէ՞:

-Չէ՜, Տերյանը:

-Հա, ճիշտ ա: Շատ հետաքրքիր գիրք ա:

-Լո՞ւրջ: Կարդացե՞լ եք:

-Հա:

-Ինչի՞ մասին ա:

-Դատարկության,- հիմար հայացքով պատասխանեց նա:

-Ուրիշ էլ ի՞նչ գրքեր եք կարդացել:

-Շատ գրքեր եմ կարդացել, վերնագրերը չեմ հիշում:

-Լավ: Ձեզ հաջողություն:

-Քեզ էլ:

***

Այս անավարտ պատմությունները գրել եմ տարբեր ժամանակահատվածներում՝ չմտածելով, որ երբևէ կարող եմ հանձնել շատ ընթերցողների լսարանին:

Չեմպիոնի ուղին

Հարցազրույց բազկամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Մադոյանի հետ: Այժմ Դավիթը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր և աշխարհի չեմպիոն: 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Դավի՛թ, խնդրում եմ պատմիր, թե ինչպես և երբ սկսեցիր զբաղվել սպորտով: 

-16 տարեկանից ծնվեց սերը սպորտի նկատմամբ: Երբ դեռ պրոֆեսիոնալ չէի, սկսել էի զբաղվել բազկամարտով, մրցում էի, ուժերս էի փորձում հասակակիցներիս շրջանում: Սակայն առաջ գնալու համար պայմաններ չկային, բայց, ի ուրախություն ինձ, շուտով Արմավիրում բացվեց մի մարզասրահ, որն էլ իմ առջև բացեց մեծ ուղի դեպի բազկամարտ:

-Ի՞նչ էիր զգում առաջին մրցման ժամանակ: 

-Առաջին մեդալս վաստակել եմ Հայաստանի սահմաններում՝ Շիրակի մարզի բաց առաջնության ժամանակ, երբ զբաղեցրի երկրորդ տեղը:

-Կա՞ն մարդիկ, որոնք քեզ ոգեշնչում են, խրախուսում, որ միշտ առաջ շարժվես:

-Այո, իհարկե, յուրաքանչյուր մարզիկի կողքին պետք է լինի ոգեշնչող մեկը: Իմ կողքին են միշտ ընկերներս, մարզիչս, հարազատներս, ընտանիքս: Ծնողներս ամեն մրցաշարից առաջ ասում են, որ իրենց համար կարևոր չէ հաղթանակը, կարևորն այն է, որ վնասվածք չստանամ: Բայց երբ իմանում են հաղթանակիս մասին, շատ են ուրախանում, ու հենց նրանց հրճվանքն էլ ինձ ուժ է տալիս, որպեսզի մյուս անգամ նույնպես հաղթանակով վերադառնամ:

-Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ բազկամարտը քո կյանքի մի մասն է: Կա՞ արդյոք քեզ համար սահմանված հաղթանակի բանաձև: 

-Ունեմ կարգախոս՝ հավատա քեզ յուրաքանչյուր իրավիճակում, որը, կարելի է ասել, ինձ բավականին ոգևորում է:

-Համեմատելով քեզ 16 տարեկանում և այժմյան սերնդին՝ տեսնո՞ւմ ես նույն ձգտումը սպորտի նկատմամբ: 

-Չեմ կարող ասել, որ չկա ձգտում, ուղղակի չկա այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ մենք ինքներս պետք է օրինակ ծառայենք նրանց համար, ու նրանք էլ, տեսնելով մեր հաղթանակները, պետք է ոգևորվեն ու ձգտեն մեզանից առաջ անցնել:

-Առաջիկայում կա՞ն մրցաշարեր, որոնց պատրաստվում ես մասնակցել: 

-Նախ ասեմ, որ իմ անձնական բժիշկն անգամ դեմ էր, որ ես մասնակցեի աշխարհի այս առաջնությանը, բայց իմ համառության շնորհիվ ես գնացի ու հենց վնասված ձեռքով էլ հաղթեցի: Իսկ հիմա զբաղվում եմ ձեռքիս լիարժեք ապաքինմամբ, քանի որ մայիսին Եվրոպայի առաջնությունն է Բուլղարիայում: Ամեն ինչ անելու եմ, ոչ մի ջանք չեմ խնայելու, որ միշտ Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնեմ Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Լուսանկարը՝ Դավիթ Մադոյանի անձնական էջից

Լուսանկարը՝ Դավիթ Մադոյանի անձնական էջից

-Աշխարհի առաջնությունում դու դուրս եկար մի վերնաշապիկով, որի վրա ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի նկարն էր, կպատմե՞ս մի փոքր այդ մասին: 

-Ադամը իմ ընկերն է եղել ու կա, մենք միասին ենք մարզվել, ու ամեն անգամ նա շատ էր ուրախանում իմ հաջողություններով: Ու ես իմ պարտքն էի համարում, որ իմ մեծ հաղթանակը նվիրեմ ընկերոջս. ես հասա դրան:

-Դժվար չէ՞ պահել չեմպիոնի կոչումը: 

-Ինչ խոսք, դա մեծ պատասխանատվություն է: Հաղթանակին հասնելն այլ բան է, իսկ այդ հաղթանակը պահելը՝ մեկ այլ բան: Ես միշտ պայքարելու եմ, որ հասնեմ ավելիին:

-Ի՞նչ կմաղթես ընթերցողին: 

-Բոլորին ցանկանում եմ մեծ հաղթանակներ, ու թող բոլորն էլ զգան այն, ինչ ես եմ զգացել, քանի որ մինչև պարտվել չսովորես, չես զգա հաղթանակի ուժը:

 

Հարցազրույցը վարեց Անուշ Հովհաննիսյանը

mariam gevorgyan yerevan

Ես, հեռախոսն ու մարդիկ

Դասից 15 րոպե արդեն անցել է, իսկ ես դեռ համալսարանի հետևի կամուրջն էլ չեմ անցել: Քայլում եմ՝ գլխումս բազում հարցեր ու դրանցից խճճված պատասխաններ: Մտքիս մեջ քննարկում-վերլուծում եմ երեկվա ավարտած գիրքս՝ Հեսսեի «Տափաստանի գայլը», ու մեկ սկսում եմ սիրել մարդուն իր մենության մեջ, մեկ՝ խղճալ, մեկ էլ մարդուն տեսնում եմ ընկած, ոչնչացած ու նվաստացած:

Չգիտեմ՝ այս վերջերս  մի տեսակ զգացմունքային եմ դարձել. ամեն մի փոքր բանից հուզվում, ամեն մի մանրուքը պատմություն եմ դարձնում: Երևի հոգնել եմ, ձանձրացել միապաղաղությունից: Մարդ-հանելուկը սկսել է անհետաքրքիր դառնալ ինձ, մարդկային վերլուծությունն էլ՝ անիմաստ ու ինքնախաբկանք:

Նայում եմ շուրջս. երիտասարդության մեծ մասը ականջակալներով, անտարբեր, կտրված աշխարհի՝ ինչ-որ տեղ հաճելի աղմուկից, կտրված հեսսեյան մթնոլորտից, կտրված նույնիսկ շաբլոն դարձած Մարկեսից, Կոելիոյից և «Չգտնված երիցուկներից»:

Հա, ի դեպ, չե՞ք նկատել՝ ականջակալներով մարդիկ մի քիչ տարօրինակ արագ  են քայլում. երևի երգի ազդեցության տակ են կամ էլ ինձ պես ինչ-որ տեղ են շտապում: Հա, բայց ե՞ս ինչի եմ շտապում. դասից արդեն 20 րոպե անցել է, դասախոսս էլ մտքում Արնավի ու Քուշիի հետագա ճակատագիրը որոշող, խիստ բնավորությամբ  մի կին է. հաստատ դասի չի թողնի:

Ուրեմն, երևի քայլեմ ու մտածեմ, քայլեմ ու երազեմ, որ մարդու միակ խնդիրը ստիպված աշխատանքի կամ դասի շտապելը չլինի, հեռախոսի շնորհիվ մենակությունը սպանելու ձգտում չլինի:

milena araqelyan

Մի անգամ՝ Մարքեթինգի ավտոբուսով

Սեպտեմբերի 16: 16 օր էր անցել իմ ուսանողական արկածաշատ կյանքից: Չնայած այն փաստին, որ դժվարությամբ էի գտնում կանգառները, ճանապարհները, համալսարանը, ամեն բան հիանալի էր:

Ինչու՞ շեշտեցի սեպտեմբերի 16-ը: Հենց այս օրը մենք գտանք մեզ Մարքեթինգի ավտոբուսում: Գնում էինք արշավի. Գոշավանք, Հաղարծին ու ամենահիշարժանը՝ Սևան: Հարմար տեղավորվեցինք հիշողություններ կերտող ավտոբուսում:

Ասում են չէ՞, որ մարդկանց կարողանում ես լավ ճանաչել հենց ճանապարհներին: Մինչև ճանապարհ չանցնեի Լիլիթի հետ, չէի իմանա, որ նրա ականջակալներում ևս Creep-ը իր տեղն ունի, որ Արևը ամենահանգիստ ձայնով կարողանում է արտասանել «Մարգարիտն ու փրփուրը», որ Տաթևը ևս սիրում է ազգագրական պարեր, որ Մարինեն (մեր ֆակուլտետի ՈւԽ-ի նախագահը) ահռելի մեծ էներգիայով մարդ է, կարողանում է ոգևորել բոլորիս իր մի ժպիտով, որ Մարիաննան հրաշալի ձայն ունի և որ նրա հետ All of me երգելը ամենա-ամենան էր մեր ավտոբուսում:

Եթե բոլորի մասին գրեմ, միտքս շատ կերկարի: Ուղղակի ուզում եմ ասել, որ նոր մարդկանց բացահայտելը սիրուն երևույթ է: Մեր արշավը օգնեց ճանաչել ոչ միայն Հայաստանը, այլև ինքներս մեզ ու մեր ընկերներին: Լավ է, որ միասին հիշելու բան ունենք:

Հուսով եմ` ուսանողական կյանքը ավելի ու ավելի է հետաքրքրանալու: Պարզապես փորձեք ձեր տեղը գտնել նոր մարդկանց հիշողություններում:

astghik hunanyan

Մալիշկեցի սկեսրոջ մասին, կամ պատմություններ սովետից

Պատմությունները պատմեց մի կին՝ իր մալիշկեցի սկեսրոջ մասին, ու քանի որ չգիտես ինչու, նախընտրեց գաղտնի մնալ, բոլոր անձնանունները փոխած եմ գրել…

Պատմություն 1-ին.  Մե օր բաժակի հերթ էր, կնացե կայնե հերթ, որ բաժակ առնի, առե, պերե, դը պոչով բաժակ էր, մեհ էլ ոշմե պան չունեհեր, ուրախացիրեյ վրան, որ տունը պոչով բաժակ կը, հարևանների հետը փորձակեսեհեր։

Պատմություն 2-րդ. Պատերազմեն առաջ իրանց կովն ինգե, սատկե, էդ միսն էլ հո չեներ թափի, ծախած։ Իրանցը մե պարեկամ ի էլե, ինչ էլե, էկե էդ մսեն տարե։ Ընցե մե 30 տարի, էկե օխտանասունական (70-ական) թվականները, էդ կնիկը նստե նստե, մեկե հիշե, որ տայհ մսի փողը չի տված, կնացե փողն առնի ծեռներեն, դը տայհ շոտվըկեն են մեռե, երեխեքեն ի ուզե։ Ասե՝ եռեսուն տարի առաջ տուք ընձնե իրեյ կիլո միս եք առե՝ փողը չեք տվե, շոտ փողս տվեք։

Պատմություն 3-րդ.  Առատունը կլեր, կեթար Մալըշկյը, կիներ մեյ-մեկ սաղ պարեկամների տները կֆռռար, իշքան միրգ կը կժողեր կիկյար տուն՝ խաղող ի, խնձոր ի, տանձ ի, պանի ի։ Ասեսեհեր՝ այ կնիկ, ընչե՞ս էտքան առե պերե, ասեսեր՝ ոչինչ, փողը կտայ, էլ, էս նվեր ի տված, էն նվեր ի տված։ Կսներ մե քյանի օր, կիկյար կասեր՝ դը փողերը տվեք տանեմ տամ, առե պերիր եմ,  խո ծրի չե՞ն տվե։

Պատմություն 4-րդ. Որ Մալըշկյայեն պերեսեր խաղող պանը, հավասար շարեսեր թելի վրը, կախեսեր առիքյը (առաստաղին)։ Ծմեռը շարան-շարան պերեսեհեր ուտեսեհեր, ոնց որ խաղողը նոր քաղես, ուտես,  թարմ էր մնալ։ Էդ խաղողից շատ էր սիրալ կյատա թխել։ Մե օր էլ որ առանց թոնդիրը չոռնալ՝ վառել ի, շմոլ գազը հելել լցվել սենյակը, էս խեղճի հուշն էլ էթալ։ Բժիշկ էյ կանչել, դը վերջը, դեղ  պան ի տալ, Մանուշակն աշկերը պացել մեկ էլ.

-Վա՜յ, Սիմոնյան ջա՞ն, բը ընչե՞ս շըլվարով եկել։ (Դե բժիշկը բժշկական խալաթը չէր խաքե):

-Բը ի՞նչ անեմեր, Մանուշակ մայրիկ, շըլվարս խանեմեր նոր իկայմե՞ր։

Պատմություն 5-րդ.  Ուրեմն էն վախտը, որ զինքյը ցածի տունն էր մնա,  մեյ էլ բնակշենքնեհեր մնալի, ինքն իրա խմար կաթով լավաշ կթխեր, կուտեր, կյատան, հալվան անպայման էր, մե խատ սնդուկ ուներ, էդ սնդուկի մեջ պաստայանի կար, դե մեհել շատեհեր էթալ, ամեն ինչ էդ տանն էր, որ ուզեսեհեր ճաշ էփեհեր, էթասեհեր, մե քիչ յեղ, կանաչի, սոխ պանեհեր պերել, տաղ եփեսեհեր։ Գյուլնազը (տեգորս կնիկը)  շոշոտ էր էթալ, ես չեմեր էթալ։ Մե օր եկավ, ասաց՝ մաման կյատա էր թխե, էն ինչ խամով էր, որ չտեսնված։ Էդ վախտ էլ մանդարինի սեզոնն էր։ Ես էլ ջղայնացամ, ասիմ՝ քել մանդարին առ պե ուտեյ, որ զինքյը առանց մեզ ի ուտել, մեհ էլ առանց իրա կուտեյ։ Խեղճը կնաց, առավ, պերեց, հենց տրեց սեղանին՝ Մանուշակը վրան կռեց։

-Վայ ծեր տերը խորեմ, էդ ընձի պանի տեղ չեք տնե՞լ։

Պատմություն 6-րդ.  Ըլեսեհեր վերը, մինչև էթալը Մանուշակ տատիին ասեսեմեր՝ հանկարծ ոչ մեկի խետ չկայնես զուռցաս, մե տեղ կեթայ, կիկյայ։ Մինչև կխասնեյեր խանութը՝ ինը խայիր տեղ կկայներ, բը թե՝ էտ էս պարեկամս ի, էտ էն պարեկամսի, տարը տսնենմ, դարը տսնեմ, նոր էթայ։

Պատմություն 7-րդ. Մարդս պանիրտրեստը աշխատեսեր, կոլեկտիվով պտի էթաներ Չեխոսլովակիա։ Խետը պտի փող տաներ, որ առևտուր աներ, բը ի՞շթար տաներ, որ արգելվուկ էր, ու էդ վախտ սկեսրոջս  կլխում լավ միտք ի ծագել։ Ասել՝ յարեք կոշիկի կրունգի մեջը պախեյ, վա՞վ կտսնի։ Տարայ Հովարդը կոշիկի կրունգը խանեց, տասանոցները տրեց մեջը (դը էդ վախտ տասանոցները արտասահմանում լավ փոխվեսեներ), հետո կրուգը հետ տրեց տեղը, մարդս կնաց։ Ի՞նչ պերի, որ լավ ըլի՝ ավտոյի «աբիվկը»։ Մեյն էլ, մե չամադան ծամոն՝ էլ երկար, էլ կլոր՝ իշ ձևի ասես։

-Յա, Հերիքնա՞զ, ախչ մտետ կնացե՞, որ քոնն էլ մե խորոտ կաստում յուֆկը եմեր պերե։

Պատմություն 8-րդ. Բը առատունը շոտ տեղեն կլեր։ Մինչև մեյհ ըլեսեհեր,  տսնասեհեր ծմերույները շլկե իկյալ։ Ասեսեհեր՝ այ կնիկ, ընչե՞ս էդքան առե, ասեսեր՝ տուն կը՝ մեշոյներով ի տանել, մեյհ որ էրկու խատ առնեյ՝ վի՞ր աշկը կխանեյ։

Պատմություն 9-րդ.  Պանիրտրեստի ձիրեկտրը իրա ծանոթին ուզեսեր գործի ընդուներ, դար խմար պտի մե խոքու խաներ, մարդուս իտևնե թիկունք չկար, դար խմար իրան գործեն խանին։ Դը մարդս կնաց ձիրեկտրի շոֆեռի խետ զուռցաց (իրա ծանոթն էր), էդ էլ ասաց՝ կանոխ սաղ հարցերը կլուծեյ, փող կտայ, կմնաս, հանգիստ քել տուն։ Մինչև պապիդ կխասներ տուն, Մանուշակը մտնել ձիրեկտրի մոտ, ասել.

-Գյա տու վի՞ր շունն ես, որ Մանուշակի տղուն կործեն խանես,- ու էլի լիքը պաներ, տուս իկյալ։

Մարդս էլ առատունը առանց իմանալ փողը տարե, որ տը, ասիրեն՝ Մարտիկ ջան, գործերդ շա՜տ վատ ի, Մարտի՜կ ջան։

Պատմություն 10-րդ. Բալա ջան, Մանուշակը, իրա տղեքը ու  ամբողջ Հայաստանը էնքան սև օրեր են տսե, էլ տու սուս։ Էն ժամանակ, որ Մանուշակի մարդը՝ սկեսրայրս,  կնացե պատերազմ, Մանուշակը չի իմացե ճժերին պախի, ուտելու պան չի էլե, աշխատանք չի էլե, ստիպված էրկու երեխուն տվե մանկատուն, էդ վախտը ճժերին մանկատունը ժողե, պախես էր։ Դը մարդուս՝ Մարտիկին, ու փստիկ ճժին տվեց մանկատունը, իսկ էն նորածինը, որ 8 ամսական էլե, չտիմցավ, սովից մեռավ, ճոչին էլ վերցեց, կնաց Մալըշկյը, խոր-մոր մոտը։ Բայց պատերազմի վախտը էդ տունը պլավ, կոլխոզը պերեց, սարքեց, դը որպես պատերազմի վախտը զոհվածի ընտանիքին օգնություն, 8 տարի հետո Մանուշակը երեխեքին հավաքեց մանկատնից, պերեց տուն, մանկատուննե տեղափոխվավ Լեննական։

Բա՜, բալա ջան, մարդ կարա ներսեն տխուր լինի, ցավ տենա, ցավ ապրի, բայց կյանքում ցույց չտը ու մենակ լավով վարաքի մնացածին, այ տենց էր Մանուշակ տատը…

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. կյանքի ու մահվան մասին

«Ավելի քան 59 զոհ և 400-ից ավելի վիրավոր Լաս Վեգասի երաժշտական փառատոնում: Կրակոցները եղել են նույն հյուրանոցից, որտեղ մենք՝ իմ ընտանիքն էր: 24-րդ հարկում մենք էինք, իսկ դեպքի զարգացումները տեղի են ունեցել 32-րդ հարկից: Դեպքերից ընդամենը 10-ը ժամ առաջ մենք հանձնել ենք մեր համարն ու լքել հյուրանոցը… Իմ ցանկությունն էր՝ մի գիշեր ևս մնալ ու մասնակցել երաժշտական այդ փառատոնին… Այ քեզ ճակատագիր, բա որ ասում եմ՝ Աստված կա, խի՞ չեք հավատում…»

Խորեն Արամունու այս կարճ ֆեյսբուքյան գրառումն ինձ ստիպեց վերանայել շուրջս տեղի ունեցող իրադարձություններն ու գրել այս նյութը:

Երևի թե բոլորդ լսած կլինեք Ֆլորիդայի համար դժբախտություն դարձած Իրմա փոթորկի մասին, որը 4,5 մետրի հասնող ալիքներով ջրի տակ է առել նահանգի քաղաքներն ու մոտ 3 մլն տներ զրկել էլեկտրականությունից: 6,3 մլն բնակիչ տեղահանվել է՝ նախօրոք տեղեկացված լինելով մոտեցող վտանգի մասին: Կան զոհեր:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Նեշվիլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցավ ահաբեկչություն: 25-ամյա տղամարդը, մտնելով եկեղեցու կայանատեղի, կրակ էր բացել: «1 սպանված ու 7 վիրավոր» արդյունքի հասնելուց հետո ահաբեկիչը պատահաբար կրակել էր սեփական ոտքին, ինչի պատճառով դադարել է հրաձգությունը: Ի դեպ՝ իմ քաղաքից մինչև այդ եկեղեցի 20 րոպեի ճանապարհ է:

Այս պահի տվյալներով, Ֆլորիդայի տարածաշրջանում ձևավորվում է 2017-ի երկրորդ խոշոր փոթորիկը, որը երկար ճանապարհ ունի անցնելու մինչև Լուիզիանա:

Ըհը, ու հենց էստեղ էլ ես առաջին անգամ դեմ առ դեմ կանգնեցի կյանքի ու մահվան առաջ: Զգացի եսակենտրոնության ու դաժանության բազկի ուժը: Առաջին անգամ մի դառը կում իրականություն կուլ տվեցի ու հասկացա, որ այս երկրի վրա, այս հազարավոր կրակոցների, փոթորիկների ու արյունահեղությունների մեջ կյանքը շարունակելու միակ միջոցն ինչ-որ բանի հանդեպ հավատ ունենալն է: Աստծո, փրկության, արևի, կամ թեկուզ լավ ընկերներիցս մեկի նման՝ «թռչող սպագետի հրեշի» հանդեպ հավատ ունենալը:

«Արծվաբուուույն երկիիի՜ր»… Մեքենայի մեջ նստած լսում եմ ռադիոյի աղմուկը, որ նկարագրում է ահաբեկչության մանրամասներն, ու մտքում երգում եմ… Ըհհ, գժվել եմ, ինչ է… Հայաստանն աչքերիս առաջ ուրվագծվում է որպես մի հեռավոր, խաղաղ անկյունում հյուսված բույն, որտեղ միշտ թաքնվելու ու մոռացվելու տեղ կա, որտեղ ոչ մի ռադիո և համացանց հասանելի չի լինում:

Իսկ աշխարհը գնալով ավելի ու ավելի խելագար քաոսի է վերածվում, ու էս ամենը լավ բան չի խոստանում:

Ես խաղաղ կյանք եմ երազում:

Հովհաննես Այվազովսկի. «Արարում»

Այս տարի լրանում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը։ Աշխարհահռչակ ծովանկարչի ծննդյան տարեդարձն ընդգրկված է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի 2017թ.-ի հիշարժան տարեթվերի շարքում։

Սեպտեմբերի 15-ից մինչ 2018-ի հունվար Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվելու են Այվազովսկու լավագույն գործերը՝ «Նոյն իջնում է Արարատից»-ից մինչև «Քաոս», որն, ի դեպ, առաջին անգամ է Հայաստանում։

Մի քանի կադր ցուցադրությունից։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի