Lilit tovmasyan

Հիսուներեք տարի առաջ

Տատս ու պապս 53 տարի է, ինչ միասին են։ Նրանք իրենց երկար ու ձիգ համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի։ Այժմ երջանիկ վայելում են իրենց ծերությունը, որովհետև ունեն 9 թոռ և 3 ծոռ։ Հաճախ եմ կատակով պապիկիս ասում.

-Պա՛պ, բա էդ ո՞նց տատիկին հավանեցիր։

-Է՛, շան աղջիկ, էդ ինչե՞ր ես խոսում։

-Լավ, տատ, դու պատմիր։

-Ա՛յ մարդ, երեխուն մի նեղացրու։ Ես կպատմեմ, բալես։ Ուրեմն մի անգամ աղի բլիթ կերա ու երազումս պապիդ տեսա։

-Ո՞նց թե, տատ։ Ի՞նչ ես ասում, աղի բլիթը լրիվ սուտ բան ա։

-Սուտ չի, Լիլ ջան։ Ուրեմն պապդ կարմիր «սպարտիվկով» ինձ ջուր տվեց, ես էլ խմեցի։

-Տատ, ի՞նչ կարմիր «սպարտիվկա», հնարավոր չի։

-Հո չե՞մ խաբում, հաջորդ օրը նույն շորերով պապիդ տեսա, ու սիրահարվեցինք։

-Տատ, մեկ ա՝ չեմ հավատում, ի՞նչ աղի բլիթ, ի՞նչ կարմիր «սպարտիվկա»։

-Տո, այ բալա, խաբում ա, էլի: Տեսավ՝ սիրուն հարուստ տղա եմ, միանգամից սիրահարվեց։

-Պապ, բա դու չսիրահարվեցի՞ր։

-Լիլիթ աղջիկ, հաջորդ թոշակից քեզ մի մանեթ չեմ տալու։

-Լավ պապ, էլ չեմ հարցնի, բայց միևնույնն է, չիմացա՝ ո՞նց եք սիրահարվել։

Ու էլ պատասխան չստացա:

davit gorgoyan

Քիթ

-Արս, իմ արև, դու նեղվելու տեղ չունես. Տիգրան Մեծինը իրա անվան պես ա եղել,- մի աննորմալ պատռում էր կոկորդը, ինչպես Արքիմեդը լողանալուց կբացականչեր էվրիկան:

Մի քանի րոպե ուշադիր զննելուց հետո աչքերը պտտեցրեց այն հուսահատ հայացքով, որը առանց տարիների իմաստնության ու փորձի կտեսնեիր մեկի աչքերում, ում դիմաց ֆրանսիական թեորիայով անկաշկանդ համբուրվում են իր սիրած էակն ու ինչ-որ լպրծուն, ու թերությունը չընդգծելու համար կամաց ասաց․

-Լավ չես, իմին չի հասնի: Մաքսիմում քոնին:

Լռեց, մտածեց, նայեց, մտածեց, շարունակեց․

-Հա, բայց իմը բնական ա, քոնը ռինգի մեջ են թրծել:

-Ասե՞մ:

-Ասա:

-Սենց ավելի սիրուն ա, քան կլիներ: Թարս էլ մի նայի, ես ճաշակով տղա եմ:

Կենտրոնական բանկում դրամներն էինք խոշորացույցով ուսումնասիրում, երբ դեպքը պատահեց:

Արսենը դպրոցական ընկերս է՝ հասարակ տղա, որը լսում է ռուսական ախմախություն, սիրում` աղջիկներին, օձիքով վերնաշապիկ ու մեծ դրամապանակներ, բայց խնայում է ընդմիջման փողը դրամապանակը լցնելու համար: Հիմա էլ քոլեջում ենք սովորում, էլի իրար հետ: Ես ատում եմ Արսենի ճաշակը: Աննորմալն էլ դու ես:

Իններորդ դասարանում հայոց լեզվի ուսուցչուհին հանձնարարեց գրել, թե ինչ կփոխեինք մեր կյանքում, մեր մեջ: Արսենն առանց մտածելու, լայն ժպիտով, հիմար հայացքով ասաց.

-Քիթս:

Ուսուցչուհին շփոթմունքը ցույց չտվեց ու խրախուսելու համար գրել տվեց գրատախտակին, Արսենն էլ խրախուսվեց ու մինչև հիմա ամփոփում է իր էությունը գրատախտակին տառերով գրված իր քթի մեջ:

Արսենի քիթը տառերով գրվեց գրատախտակին ու չջնջվեց իմ հիշողությունից, որովհետև ամեն անգամ դասի ժամանակ արևելք նայելիս ես ակամա ստիպված եմ հիշել ու ժպտալ: Արսենը կողքիս է նստում: Երբեմն:

Ըստ իս՝ մարդու քթի ձևը արտացոլում է նրա բնավորությունը: Ինչպես չես կարող բացատրել զգացողությունը, որ ստանում ես երեխաներին դրսում հողով կամ գնդակով խաղալիս տեսնելուց կամ հենց նոր հայտնաբերած երգից մնացած բոլոր անգամները լսելու ցանկությունը մեկում սեղմելու անունակության հաճույքը, այնպես էլ քթի ու բնավորության հարաբերությունն եմ անկարող բացատրել: Պիտի նայես ու զգաս: Աննորմալն էլ դու ես:

Սյունեն՝ Ազնավուրին բնութագրող իր ֆեյսբուքյան ստատուսներից մեկում, բավականին գեղեցիկ կերպով նկարագրել է․ «Իր ներկա ստանդարտներով՝ երիտասարդ ժամանակ խիստ համեստ արտաքին տվյալներով խելքահան էր անում ամենագեղեցիկ կանանց, որոնք իր երաժշտության պես էսթետիկ էին՝ առանց ավելորդ բացվածքների, գռեհկության հասնող սեքսուալության, որովհետև ինքն էլ երբեք ստանդարտներին համապատասխանող կանանց չի սիրել: Տարբեր կանանց հետ լուսանկարներ թերթեք, մեկը բարակ շուրթերով է, մյուսը՝ լայն կոնքերով, երրորդը՝ մեծ քթով: Ու էդ ամենով հանդերձ սիրունիկ են, գրավիչ են, իսկապես ձգող են: Ու մտածում ես՝ էդ ինչ շքեղ դետալ-առանձնահատկություն են ունեցել, որով Ազնավուրը գերվել է, երանի-երանի մեկը մի օր մեզ էդպես նայի, մեր թերությունների մասին էդպես երգի»։

Դու էլ երևի Արսենի պես շարքային ոչ ստանդարտ քիթ ունեցող հայ ես, ով կոմպլեքսավորվում է ինչ-որ դիրքից նկարներ ունենալուց կամ հավանած աղջկա դիմաց մի որոշ դիրքով նստելուց: Դու քեզ ազատորեն վերագրում ես նրա ճաշակի տեր ու քննադատում ինքդ քեզ՝ նպաստելով ինքնագնահատականիդ անկմանը:

Ուզում եմ ասել քեզ, որ շարքայինը ոչ թե քո հարթուփոս քիթն է, այլ դու ու քո մոտեցումը արտասովորին: Ու քեզ առանձնապես ոչինչ չի տարբերում քառանկյուն հայացքներով սահմաններ գծող էն ոչնչությունից, ով ի զորու է ձայնի բոլոր ելևէջները օգտագործել ուսուցչին նվաստացնելու ու լսարանի առաջ «բեթմեն» խաղալու համար, ու քեզ համար էլ երևի հակառակ սեռը զուտ հաճույքների բավարարման աղբյուր է, իսկ խնջույքներին միայն մոր կենացը խմելը՝ հարգանքի չափանիշ:

Դու էլ այն շարքային հասարակն ես, ով խեղկատակ է պիտակավորում մեկին, ով ցույց է տալիս միանգամայն տարբերվող երգացանկը կամ ասում, որ սիրում է կարճ կտրվածքով ու դեղին մազերով աղջիկներին:

Վերջին մրցումներից հետո տուն մտնելիս մայրս սարսափած աչքերով նայեց ուռած, կապտած ու կիսաջարդած քթիս: Ժամանակի ընթացքում հայելու դիմաց կանգնելու ու սանրվելու հետ համատեղ չսիրված լինելու վախի փոխարեն փայլող աչքերով ես նայելու խորդուբորդ քթիդ: Քո՝ ինքդ քեզ գնահատելուց ես կախվածության մեջ դնում շրջապատի գնահատականը:

Գժվելիք են հայկական սիրուն, սապատավոր արծվաքթերը, գիժ եք դուք:

«Ինտելեկտուալ» զրույց

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Երթուղային տաքսիները վաղուց արդեն դադարել են միայն «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու հարմարանքներ լինելուց: Մարդիկ այնտեղ ինքնահաստատվում են, ընթրում հացաբուլկեղենով, ըմպում կոլաներ, բամբասում իրար հետ, հետո, օգտվելով գիտական հեղափոխության բարիքներից՝ հեռախոսներից, հիշում իրենց հարևանուհի Ռոմելային ու տալի հետ շարունակում բամբասել: Ու էնպես էմոցիոնալ, ասես կյանքի ու մահվան կռիվ է, ու եթե նրանք մի փոքր համեստ լինեն, մենք կկործանվենք, չէ՞ որ նրանց ձեռքերում է ողջ մարդկության ճակատագիրը:

Հըմ, հիմա կստեղծվի այնպիսի տպավորություն, որ ես սուրբ եմ ու անթերի, մատաղի ուլ՝ երթուղայինում: Բայց ո՛չ, ես էլ այսօր՝ Ֆլեքսի առաջին փուլից հետո, ընկերներիս հետ քննարկելով գալիս էի տուն՝ Ավշար: Ճանապարհը 45 րոպե է տևում, ու երևի պատկերացնում եք, թե այդ ժամանակում մենք ինչ վեհ գաղափարներով կարող էինք փոխանակվել․ էլ սուկուլենտի աճեցման իդեալական պայմաններ, էլ կնոջ և տղամարդու հավասարություն, էլ բուսակերություն, էլ թե ինչու անցյալ տարի չհաղթեցինք էդ Ֆլեքսը, էլ` թե որ համալսարանը ընտրենք, էլ ալտրուիզմ: Մեր խոսակցության թեմաները ասես ծառեր լինեին՝ գնալով ավելի էին արմատներ տալիս ու փարթամանում։

Բայց հանկարծ մեր խոսակցությունը «շաքարով է կտրում» մի տղա, ով ամբողջ հոգով փորձում էր ինտելեկտուալ թվալ.

-Շատ հաճելի ա քո կիրթ, գրական պահվածքը, ո՞ւր ես գնում, ջիգյարս։

-Ավշար,- մի փոքր զարմացած, բայց ժպիտը դեմքիս պատասխանում եմ ես։

-Իսկ ես գնում եմ Այգեստան,- շատ հետաքրքիր է ինձ այդ ինֆորմացիան, իրոք,- չէի՞ր կարա մի երկու րոպե չխոսեիր, նախշս։

Այդ արտահայտությունից հետո իմ աչքերի դիմաց գալիս է միայն՝ error, error, error.․. Բայց մի կողմից ես հասկանում եմ նրան։ Եթե ինձ մոտ էլ 3 հոգի խոսեին բարձրագույն մաթեմատիկայից կամ քվանտային ֆիզիկայից, ես էլ կարող է նրանցից հոգնեի ու անգամ խնդրեի, որ բերանները փակեն (իրականում` ոչ)։ Բայց, ինչևէ, ես նրա խնդրանքը, էհ, ասում եմ խնդրանքը, պահանջը կատարեցի ու 2 րոպեի փոխարեն, ուշադրություն, չխոսեցի 3 րոպե՝ հուսալով, որ մեր այգեստանցի ընկերը էլ իր թանկագին ժամանակը չի վատնի ինձ նմանի հետ խոսելու վրա, բայց ցավոք, ես սխալվեցի, ու այս սխալը ճակատագրական եղավ (իրականում ամեն ինչ այսքան դրամատիկ չէր, ես եմ ուղղակի այսպես գրում, որ կարդաք շարունակությունը)։

-Ուսանո՞ղ ես, թե՞ դպրոց…

-Չէ, դպրոցում եմ սովորում,- շարունակում եմ ժպտալով պատասխանել:

-Իսկ սիրած առարկա ունե՞ս, ախպերս։ Ո՞րն էս, էլի, առարկաների միջից նախընտրում, էլի:

-Անգլերեն:

-Երևի կցանկանայիր շարունակեիր ուսումդ Ամերիկայում կամ ուրիշ «տե»:

-Հա, հուսով եմ, որ հա:

-Իսկ ո՞ւմ վրա ես հույսդ դրել, նախշս,- հերիք չի ինձ էլի ասում է նախշս, մի հատ էլ այնպիսի տոնով է ասում, ասես իր վրա եմ հույսս դրել ու ինքն է իմ տեղը պարապելու, որ ընդունվեմ բուհ։

-Իմ, միայն իմ,- վստահությամբ պատասխանում եմ ես, մտածելով՝ բա հո քո վրա չէի դնի հույսս:

-Շատ իզուր։

«Չէ, փաստորեն իրոք նա է իմ տեղը պարապելու»,- այդ պահին մտածում եմ ես։

-Մարդ ինքնին ոչ մեկ ա, նա ոչնչի չի կարա հասնի առանց Վերևի,- շարունակում է նա,- անունդ ո՞նց ա:

-Հայկ:

-Իմն էլ Հայկազ, ջիգյար։

«Էլի ջիգյա՞ր»,- ու հաջորդ 46,4 վայրկյանը նա սեղմում է իմ ձեռքը՝ քարոզելով, որ ես ոչնչություն եմ առանց գերբնականի: Այն աստիճան, որ անգամ ինձ թվաց, թե նա ինչ-որ աղանդի ներկայացուցիչ է: Փառք տիեզերքին, 2 րոպե մենախոսությունից հետո նա «պոկվում» է ինձնից ու նստում մի տատիկի տեղում, որը հենց նոր իջավ Փոքր Վեդի։

valentina chilingaryn

Ծամե՞ս

Եթե բրիտանացի գիտնականները պար բռնելով գային Հայաստան՝ համոզելու, որ մաստակի մեկ սալիկը ունակ է բռնել 1000 մանրէ, կամ մաստակը ակտիվացնում է թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ ստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել, կամ որ մաստակը 10 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքը ու բարձրացնում է զգոնությունը, մեկ է՝ կշարունակեի դեմ լինել ոչ նազանքով ու անպարկեշտ ծնոտային շարժումներով մաստակ ծամելուն։

Գրողը տանի, մի՞թե այդքան անհասկանալի է, որ յուրաքանչյուր իրեն հարգող ծամոն իրեն վատ կզգար, եթե զգար, թե ինչպես են վարվում իր հետ։ Մաստակին պետք է հարգել, օգտագործել առանց անհոդաբաշխ ձայնարկությունների, ոչ թե «ճըմ, ճլըփ»-ի ուղեկցությամբ։ Նման «հնչյունաբղկանքները» ոչ մի մեղեդի հիշեցնելու միտում չունեն, ուղղակի լարում են դիմացինի նյարդային համակարգը, անխղճորեն սպանում տեղի բոլոր նեյրոններին, առաջացնում ատամները կրճտացնելու անհագ ցանկություն և որևէ սուր, կտրող-ծակող գործիքով վնաս հասցնելու բուռն մղում։

-Լավ,- խորը շունչ քաշելով՝ մտքումս գրողի ծոցը ուղարկեցի անցյալ օրվա բոլոր իրադարձությունները,- էսօր փիլիսոփայելը ձեռնտու չի։

-Մի՛ մոռացիր ամրագոտին,- ամեն անգամ մեքենա նստելիս ասում է հայրս,- ծամոն կուզե՞ս։

-Ես բրեկետներով եմ, չեմ կարող։

-Ես էլ երեկ մտածում էի՝ սիրտդ ծամոն է ուզում, որ ուշադիր նայում էիր էն կողքիդ նստած աղջկան։

-Չէ,- դե արի ու բացատրի, որ զուտ մտքումդ սպանության պլան էիր մշակում։

Ամրագոտին էլի չկապեցի, որովհետև բարկությունից այնքան էի լարվել, որ գոտին առաջ չէր գալիս։ Ո՞վ էր մեղավոր։ Ե՞ս։ Բայց ո՞վ էր երեկ ծամոնը բարբարոսի պես լեզվով ծեծում։

-Պա՛պ։

-Ավագանու թեկնածուների բոլոր հարցազրույցները դետալ առ դետալ նայել եմ։ Չսկսես պատմել, թե Ֆրանգուլյանը 6-րդ հարցի ժամանակ ինչ միմիկա ուներ։ Ընտրությունների մասնակիցների քանակն էլ թիվ առ թիվ գիտեմ։ Հա, ու նաև տոկոս առ տոկոս գիտեմ ընտրությունների արդյունքները։

-Լավ,- էլի մտքումս գրողի ծոցը ուղարկեցի անցյալ օրվա իրադարձությունների մասին հարցը։

Երևի բարին սա էր։ Բայց ո՞վ է սահմանել բարին ու չարը։ Ո՞վ է ասել՝ որն է բարին, որն է չարը։ Չկան չար ու բարի գործողություններ։ Հարցնում եմ։

Ու հանկարծ ոստիկանը կանգնեցրեց մեր մեքենան։ Հավանաբար նկատել էր, որ ամրագոտիս չէի կապել։ Օրենքի տառին համապատասխան մի գեղեցիկ ակտ գրեց, գանձեց գումար ու մաղթեց բարի ճանապարհ։ Թե էդ ճանապարհի բարին ո՞րն էր, եթե ինձ սպասվում էր խրատական քարոզներով լի ճանապարհ։

-Ո՞ւ,- մեքենա նստելուն պես հայրս խրատական խոսակցության բացման առաջին հարցը հանդիսավորությամբ հղեց ինձ։

Դե, արի ու բացատրի, թե ինչի ամրագոտին չէիր կապել։ Ո՞վ էր մեղավոր։ Իհարկե, ես։

valentina chilingaryn

ՏՈՒՆ, ԸՆՏԱՆԻՔ, ԵՐԵԽԱ ․․․

-Քննադատակա՞ն հոդվածներ,- ուրախությունից փայլեցին աչքերս,- էս ի՜նչ լավ է, որ գտա։

-Հանգստացի՛ր, դիր տեղը։ Դու անգամ պարապմունքներդ ես դժվարությամբ հասցնում, անգամ օրվա մեջ չես տեղավորվում, ո՞նց ես կարդալու։

-Աչքերով, ապու՛շ։ Կարո՞ղ ա ընդունելության համար իր սիրած թեմայով գիրքը չկարդա։

-Երկու ամիս հետո քննության է, Աստված գիտի` կընդունվի՞, թե՞ չէ, դու «շիրա ե՞ս տալիս»։

-Դե հիմա, սովորական դիմորդ է  էս մարդը։ Հա, լա՛վ, մարդուկը։ Ախր, լրիվ սարքել ես հաշմանդամ։

-Ինչի՞ եք դուք հայտնվում էն ժամանակ, երբ պետք չեք։ Երեկ, երբ մամայի սիրելի ծաղկամանը կոտրել էի, ոչ մեկդ չկար, որ խորհուրդ տար։ Դուք ոնց որ TOEFL-ի listening-ի էն աստղագիտության մասին լեկցիաներից լինեք: Էն որ ամբողջ թեստը ֆիզիկա-մաթեմ-կենսաբ-աշխարհ-լեզու հավեսով իր համար գնում է, մեկ էլ վերջում, հո՛պ ՝ listen to a conversation in an astronomy class,- սովորությանս համաձայն սկսեցի համառել ուսիս նստած ծովախոզուկներին,- հեռացե՛ք։

…-Ընկեր Քրիստինե, կարո՞ղ եմ էս գիրքը մի քանի օրով գողանալ,- հարցրի ես։

-Իհարկե, Վալենտինա ջան։ Քո բոլոր հոդվածներն էլ կարդում եմ, էդ ինչ լավ բաներ ես գրում։ Բեր, որ գրանցեմ գիրքը, տար՝ կարդա, որ հաջորդ անգամ էլ քեզնից քննադատական հոդված կարդանք։

Ընկեր Քրիստինեն մեր դպրոցի գրադարանավարուհին է, ով միշտ սիրալիր ընդունում է բոլոր աշակերտներին, խորհուրդներ տալիս և անգամ փորձում է այլ միջոցներով գտնել այն գիրքը, որը անհրաժեշտ լինելու դեպքում, չկա գրադարանում։ Եթե դպրոցը ավարտեմ, կարոտելու եմ նրան, Համո պապիկին, Տիկին Անժիկի սանտավիկները, որոնք իրենց նպատակին ծառայելու համար չէին, և ուսուցիչներիս։ Կամ էլ խաբեցի, երևի ոչ մի ուսուցչի էլ չեմ կարոտի։ Թե էդ կարոտը ինչ թիթիզ բան է։ Դե՜ լավ, կատակում եմ, մեր դպրոցի ուսուցիչները էնքան լավն են, որ հատուկենտ են, ու էդ կենտ տեսակը միայն մեր դպրոցում է։

Երևի լսել եք, որ այս տարի տարի 12-երորդ դասարանի աշակերտների համար շատ կարևոր տարի է, որովհետև նրանք ոտք են դնում նոր կյանք: Մաշտոցի փոքրիկ սաները դառնալուց հետո դառնում են համալսարանի մեծ ուսանողները կամ մեծ համալսարանի ուսանողները (կարդալ վեհ տոնով), և այո՜, նրանք լքում են իրենց երկրորդ տունը (կարդալ տխուր, ընթացքում հուզվելը խրախուսվում է)։ Ինձ համար, այս ուսումնական տարին չի տարբերվում մնացյալ բոլոր ուսումնական տարիներից։ Կներեք, որովհետև ես չեմ մեռնում, ես ընդամենը ավարտում եմ, ու կարևորը, չեն մեռնում այն մարդիկ, որոնց հետ 12 տարի դպրոցական կյանք եմ ունեցել, որ հրաժեշտ տամ իրենց։

Ըստ որոշ ասեկոսեների, շրջանառվում են լուրեր ավարտական քննությունները միասնական դարձնելու մասին։ Իրականում ես խրախուսում եմ այդ որոշումը և կողմ եմ, որ դպրոցներում խստացվի գիտելիքների ստուգումը, բայց չեմ հասկանում, ի՞նչը պիտի ստուգվի։ Հա՜, երևի գրականության ու հայոց լեզվի անգիրների, պատմության ժամանակագրության և մաթեմատիկայի բանաձևերի մեխանիկորեն կիրառության իմացությունները։ Տարվա վերջում այդ քննությունները կհանձնենք, կհպարտանանք, որ բոլոր անգիրները հիշում էինք ռոբոտի պես, ու հետո ուրախ-ուրախ կգնանք համալսարան՝ մոռանալով ամենն, ինչ կապված է դպրոցի հետ։

Որպես դիմորդ, որոշել եմ շարունակել բարձրագույն կրթությունս Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Շատ ուշ կողմնորոշվեցի, որ պետք է շարունակեմ լրագրության ուղին՝ ավելի խորը ուսումնասիրելով այն,  որովհետև տատանվում էի իրարից շատ տարբեր մասնագիտություններ ընտրելու միջև։ 6-7 ամիս պարապեցի մաթեմատիկայի ողջ կուրսը 0-ից ու E-math` ընդունելության քննության համար։ Ժամանակը շատ քիչ էր թվում, որովհետև միջին վիճակագրական դիմորդը մաթեմատիկայից միասնական քննություն հանձնելու համար պիտի պարապի 1․5-2 տարի։ Բայց իմ շատ սիրելի համալսարանը անակնկալ էր պատրաստել ինձ համար, դե, որովհետև ինքն էլ ինձ է շատ սիրում։ Ամռանը որոշվեց E-math քննությունը հանել գործածությունից՝ հնարավորինս բոլոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Էդ էն  անակնկալների նման է, որ TOEFL-ի ժամանակ ուզում ես speaking-դ սկսես, մեկ էլ հո՜պ, տեսնում ես structure-ը չունես։ Ու հիմա E-math-ի փոխարեն համալսարանը առաջարկում է SAT միջազգային քննությունը, որն ավելի բարդ է, ավելի ժամանակատար, ու որ ամենավատն է՝ ավելի ծախսատար, քան E-math-ը։ Մեր գյուղում, ը՜, մեր Արարատի մարզում, դժվար է պեղել SAT պարապող դասախոսի, իսկ Երևանում՝ աստղաբաշխական թվեր են։ Չէ՜, չեմ բողոքի, որ ժամանակս նորմայից շատ քիչ է ընդունվելու համար ու ֆինանսական խնդիրներս թույլ չեն տալիս, կամ ինչպես ասում է Ամերիկյան համալսարանի միջին վիճակագրական անհույս դիմորդը՝ «Վարձը շատ թանկ է, թե չէ կդիմեի, կընդունվեի հաստատ»։ Եթե Ամերիկյան համալսարան ընդունվելու ճանապարհն էլ լիներ այդքան հարթ, ինչպես հայկական բուհերինը, ապա էլ ինչի՞ պիտի լիներ սերը ՝ իմաստալից դժվարությունների հանդեպ։ Եթե ունես նպատակ, հավատ ու համարձակություն, պիտի գնաս այդ ռիսկային քայլին, անգամ եթե սրտիդ խորքում մտածում ես, որ դու էլ ես պատրաստվում լինել միջին վիճակագրական անհույս դիմորդ։ Օրինակ՝ Հայաստանում շատերը մտածում են, որ ուսանողի հետագա կյանքը միայն կախված է համալսարանից։ Բայց ես մտածում եմ, որ այդ հարաբերակցությունը 50։50 է, որովհետև և՛ ուսանողի դերն է կարևոր, որ ներգրավվի ուսումնական պլանին, և՛ համալսարանի դերը՝ ունենալու և ներկայացնելու այնպիսի ուսումնական պլան, որ ուսանողը ներգրավվի։

Դե հիմա TOEFL-ի writing-ի 2 reason բերեք (լա՜վ, էս անգամ կարող եք introduction և conclusion չգրել), բայց 320+ բառով հիմնավորեք էն statement-ը, որ հնարավոր է ունենալ ավարտական (միասնական) քննություններ և չազդել համալսարանի ընդունելության քննությունների վրա՝ գրողի տարած Դեյլ Քարնեգին վկա։

Հա՜, ու  էս TOEFL-ի reading-ն էր՝ առանց հարցերի, ասեմ ավելին՝ մշտական կարդալու համար, ոչ թե 1 ժամ։

davit gorgoyan

Խառը, շատ խառը

Արթնանում ես վարագույրի արանքից երեսդ լիզող ճառագայթներից, դարչինի քաղցր թեյի բույրից: Հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Մոցարտի ու Վիվալդիի անմահական երաժշտությունների շարանը, որն ուղեկցվում է ամազոնյան հազվագյուտ թռչնատեսակների անզուգական սիմֆոնիայով ու Ատլանտյան օվկիանոսի անբռնազբոս ալիքների տվայտանքով: Դեռ չարթնացած ընկնում ես նոր երազների գալակտիկա, որտեղից հեռանալու մտքի համար պատրաստ ես առնվազն ինքնակախաղանի հանվել դիմացի արմավենու ծառերից մեկից:

Ամառ է, Արարատյան դաշտի այլանդակ ամառներից մեկը: Արթնանում ես քառասուն աստիճան շոգից, դիմացի բակից եկող խորովածի հոտից, հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Rammstein-ի «Sonne»-ն, որն ուղեկցվում է մորդ գոռգոռոցով ու քրոջդ լացով:

Դեռ չարթնացած հասցնում ես մեկ անգամ ոտքդ հարվածել կողքին դրված դարակին ու չես գտնում գուլպայիդ զույգը, որովհետև ամառ ա, ի՞նչ գուլպա: Գնում ես դասի ու միայն կեսից հասկանում, որ գուլպա չես հագել: Էսքանից հետո էլ ի՞նչ կարևոր է, թե քանիսին ես քնել: Մի կերպ հասնում ես ավտոկայան, ու աչքերից բացի քեզ ոչ մի բան պետք չի հասկանալու համար, որ պիտի դիմես ավտոստոպի օգնությանը: Առաջին ժամն անցկացնում ես վերոնշյալ Ատլանտյանի հատակին ու արթնանում միայն զանգի տանջալից ձայնից:

-Դու ե՞ս արել: Ո՛չ: Դու ե՞ս արել: Ո՛չ: Երկու «ոչը» բաժանած ութի… Չէ, իրանք չեն արել,- Ռաֆոն էլի նույն հումորն է անում, ու մենք էլի ծիծաղում ենք իր ծիծաղի վրա:

-Դավի՛թ:

-Հա, ընկեր Վարդազարյան:

-Որո՞նք են ֆինանսական հաշվետվությունները:

-Հեսա հինգ րոպեից արթնանամ ասեմ, էլի: Իմ արև, գիշերը սովորել եմ:

-Նստիր, պատրաստվիր. գալիս ես` դաս պատմես:

Ուպս… Չկպավ:

-Կարո՞ղ եմ դուրս գալ:

-Ալո, բարև ձեզ: Շնորհավորում ենք, դուք անցել եք հաջորդ՝ հարցազրույցի փուլ:

(Մեծ հրճվանք):

-Բարև ձեզ: Կներեք, ես չեմ ներկայանա. պարապունքի եմ ու մեկ այլ տեղից եմ հրավիրված: Անչափ շնորհակալ եմ:

Մռութներդ կախ մտնում ես լսարան ու մելանխոլիայով պարուրված ինը ստանում: Աղջիկները տիեզերական մի նոր գունանյութը մատների վրա փորձարկելու մասին են խոսում, տղաները՝ աղջիկների, Ռաֆոն էլի հումոր է անում, ու մենք էլի ծիծաղում ենք, իսկ վերջում… Ինձ թվում է ոչ ոք չգիտի, թե վերջում ինչ են անում: Էնտեղ եթե «բլոտ» չեն խաղում, ուրեմն ՄԱԿ-ի որոշումներն են քննարկում:

…Բարև: Ես Դավիթն եմ: Ներկայումս հաշվապահ ու ապագա ծրագրավորող: Սիրում եմ դասական, փոփ, ռոք երաժշտություն, կարմիր լոբով ճաշ ու կարմիր սալորի կոմպոտ: Չեմ սիրում սահմաններ, դատարկաբանող ուսուցիչներին ու դանդաղաշարժներին: Սովորում եմ քոլեջում: Չնայած շատերը բացասաբար են արտահայտվում քոլեջի մասին, ես, այնուամենայնիվ, հակված եմ պաշտպանել հակառակ կողմին: Էստեղ դպրոցից բերած հիվանդություններից կարող ես հանգիստ ազատվել: Ասենք, գնահատականամոլությունից: Էստեղ իրավունք ունես հարցախեղդ անել ուսուցչին սրտիդ ուզածի չափով, ու քեզ չեն դատի դրա համար, ու դու ստիպված չես լինի մտահոգվել, որ չիմացածիդ համար քեզ ցածր են գնահատում: Էստեղ դու ազատ ես: Ազատ ես սովորելու, խոսելու ու չխոսելու: Նման ռեսուրսների բազմազանությունն օգտագործում ես քո հաշվին ու վերջ: Դու փորձառու շինարար ես՝ ապագա ես կառուցում:

Ամեն ինչ էսպես էլ շարունակվում է: Եղեռնից փախածի պես քեզ առաջ ես գցում գազելում տեղդ ապահովագրելու համար, հասնում ես տուն և մթագնած մտքով ու դավաճան ոտքերով գնում մաթեմ պարապելու: Շինարար ենք, չէ՞: Իսկ թե ինչ վիճակով հետ կգաս, թողնում եմ մտահորիզոնիդ սահմաններին: Կգաս, դաս կանես` սուտ չերդվելու համար ու կքնես՝առավոտյան ոտքդ դարակին հարվածելով:

Բարի գիշեր:

arpineMikayelyan

«Ծամված» դասանյութերի զոհերը

-Դուք պետք է սովորեք ու պատրաստ լինեք. գուցե այս տարի բոլոր քննական առարկաները մարզում հանձնեք, դուք պետք է բարեհաջող ավարտեք, դուք պետք է․․․

Անվերջ լսվող արտահայտություններ դպրոցական հենց առաջին օրվանից:

Արդեն 12-րդ դասարանում ենք սովորում: Այս տարի կավարտենք, ու ինչպես ասում են, կվերջացնենք, կգնանք: Կգնանք՝ կարծելով, թե կարևոր գործը հաղթահարված է, 12 տարի պարտաճանաչորեն հաճախեցինք դպրոց, ու ահա, ժամը կգա հեռանալու: Տարիներ շարունակ ստանալով բաղձալի գովասանագրերը՝ կարծում ենք, թե ավարտին ենք հասցրել կյանքի կարևորագույն գործերից մեկը ու հիմա մեր գլուխը լի է դպրոցական դասագրքերի նյութերով, որովհետև մի ամբողջ տարի սերտել ենք այնտեղ գրվածն, ու մեզ գերազանցիկ են ասում:

Մենք գլուխներս բարձր քայլել ենք, որովհետև առաջինն ենք եղել, բայց մի՞թե սա ամենակարևորն է: Չէ՞ որ մենք չենք սովորել, որ ավելի լավ է հետ չմնալը, քան առաջինը լինելը, մենք չենք սովորել գրվածքը կարդալուց հետո մեր պատկերացումները թղթին հանձնել, այլ սովորել ենք անգիր անել, մենք չենք տրամաբանել, այլ պարտավոր ենք եղել հիշել, որ (a+b)²=a²+2ab+b² և այլն:

Մենք անգիր ենք սովորել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և կարդացել ենք «Վերք Հայաստանի»-ն ոչ թե նրա համար, որ մեզ իրոք հետաքրքիր էր, այլ մենք պարտավոր էինք, որովհետև երեխաների մտածելակերպը սահմանափակող շտեմարան կոչվածներում զետեղված են հարցեր այդ ստեղծագործություններից, ու մենք պետք է կարողանանք պատասխանել դրանց` բարձր գնահատական ստանալու համար, ու էդպես շարունակ:

Տարիներ շարունակ «ծամված» և մեզ հանձնված նյութը սերտել ենք սիրով ու մեծ ոգևորվածությամբ, բայց երբ հերթը հասնում է իմացածը թղթին հանձնելուն, արգելակվում ես, որովհետև դու տրամաբանելու հնարավորություն չես ունեցել, դու պարզապես անգիր ես արել՝ փոքր-ինչ հասկանալով ու չհասկանալով, ու վերջապես արգելակվում ես, որովհետև նյութը դու չէիր «ծամել», այն շատ բարդ կերպով «ծամել» ու քեզ էին տվել:

Բայց ես չեմ մեղադրում իմ ուսուցիչներին, որովհետև նրանք կատարել են իրենց առջև դրված պարտականությունը. այն, ինչը տրված էր ծրագրով:

Հիմա պետք է պատրաստվենք. գուցե միասնական քննություններ հանձնենք: Հրաշալի գաղափար է: Եթե աշակերտը կարող է քննություն հանձնել դպրոցում, ապա ինչո՞ւ ոչ մարզում: Բայց ի՞նչ հիմքերով ստուգել ամենը: Ո՞վ է ասել, որ սա կդիտվի որպես բարեփոխում: Միայն պարզ կդառնա, որ ՀՀ դպրոցների աշակերտների մեծամասնությունը անբավարար է ստացել, դե, հավանաբար, տղաներն էլ բանակ կգնան առանց դպրոցն ավարտելու:

Եկե՛ք մեր կրթական համակարգը տան տեսքով պատկերենք: Տան ամեն անկյունում կան մի շարք ավելորդ առարկաներ, ինչպես դպրոցում, ու մենք չենք հասցնում ուշադրություն դարձնել դրանց, քանի որ կան կարևորները, ինչպես դպրոցում, բայց ցավոք մենք չունենք նաև հնարավորություն դրանք դեն նետելու, կամ լավագույն դեպքում՝ ընտրություն կատարելու: Մենք պարտավոր ենք․․․ Բայց մի՞թե հնարավոր է սերտել բոլոր առարկաները, կամ սիրել դրանք նույն կերպ։ Մենք միշտ պարտավոր ենք եղել հնարավոր դարձնել դա, ու մեզ թվացել է, թե դրա սահմաններից այն կողմ ոչինչ չկա: Մտածել ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց ահա, այդ «Ճիշտ ճանապարհին» մեր սխալներն անթիվ են:

Ու հիմա մենք պետք է տունը սկսենք կառուցել տանիքի՞ց: Երեխան դեռ առաջին դասարանից պետք է ճիշտ կրթվի, ըստ այդմ, տան հիմքը ամուր կլինի: Պետք է փոխվեն դպրոցական դասագրքերի նյութերը, կրճատվեն դասաժամերը, ուսուցումը դարձվի ավելի արդյունավետ, դյուրին ու հասանելի, չպարտադրվեն անգիրներ ու շտեմարանային գիտելիքներ, և ի վերջո, թույլ տրվի, որ գլխուղեղը շնչի ու տրամաբանի:

Ու հենց այս ժամանակ կարելի է վայելել ճիշտ աշխատանքի պտուղները:

Ու հիմա, այս ամենի բացակայության պայմաններում, ինչպե՞ս ստեղծել տանիքը, եթե չկա հիմքը:

Բնական է, սա անհնար է միանգամից անելը, բայց պետք է հուսալ ու ճիշտ գործելով առաջ շարժվել բաղձալի արդյունքի հասնելու համար:

valentina chilingaryn

60-ականների դոպամինը

Պապիկս ու տատիկս 1960-ական թվականներին Հայաստան են եկել Պարսկաստանի Հազարջրիպ գյուղից: Նրանց պատմելով` այդ գյուղը եղել է Պարսկաստանի ամենահայաշատ գյուղը: Շատ հետաքրքիր պատմություններ են հյուսված նոր եկողների մասին, բայց ամենահիշատակելի փաստը դեռևս մնում է այն, որ նրանք չափազանց շատ են սիրում թեյ։

-Պապի, կլինի՞ մի բան հարցնեմ:

-Ա՜յ բալա, դու հեր էլ ունես, մեր էլ ունես, գնա էդ հարցերով իրենց տանջի:

-Է՜, ընդամենը ուզում էի իմանայի՝ ո՞նց են սիրահարվում:

-Ո՞նց` ոնց են սիրահարվում: Դե, սիրահարվում են, էլի:

-Օրինակ՝ դու ո՞նց իմացար, որ սիրահարվել ես տատիկին:

-Աշխատանքային կոլեկտիվով գնացել էինք թանգարան, էս տատդ դես էր գնում, դեն էր գալիս, դես էր գնում, դեն էր գալիս, ես էլ ասացի՝ ո՞ւր ես գնում: Դե, տատուդ գիտես՝ սկսեց խունջիկ-մունջիկ գալ, ես էլ բռնեցի թևից ու տարա:

-Ո՞ւր, պապի: Ռոմանտիկ երեկոյի՞։

-Ա՜, չէ:

-Էլ երևակայությունս չի հերիքում սիրո հարցում, էլ ո՞ւր կարող էին գնալ սիրահարները:

-Քաբաբ ուտելու: Տարա, թարմ-թարմ միսը դրեցին լավաշի մեջ, սոխով-բանով սարքեցին, երկուսով կերանք:

-Վա՜յ, պապիկ, ոնց կուզեի՝ իմ ապագա ընկերն էլ այդքան ռոմանտիկ լիներ: Ո՜նց կուտեի:

-Է՜հ, ջահել ժամանակներ…

-Պապի, բա ո՞րն ա եղել էն ամենառոմանտիկ բանը, որ տատիկի համար արել ես:

-Ոչ մի բան, մեր ժամանակներում նման բաներ չեն եղել,- մոտեցավ տատս և արագ միացավ մեր զրույցին:

-Մեր ընտանիքը,- վեհ կեցվածքով շարունակեց պապս,- գյուղի ամենահարուստ ընտանիքն էր, որ փողոցով քայլում էի, տատդ ինձ էնքան էր սիրահարվել, որ քիչ էր մնում՝ իրեն պատշգամբից գցեր, որ դեմքս լավ տեսներ: Ես էլ ասի, որ հավանել է, ես էլ հավանեմ ու գնացի տատիկիդ ձեռքը խնդրելու:

-Դե վերջացրու, հա՜, աղավաղում ես իրականությունը: Դու հեչ էլ իմ սրտով չես եղել: Որ դու չգայիր իմ ձեռքը խնդրելու, մեր գյուղի բոլոր տղաները շարք էին կանգնել,- արագ միջամտեց տատս։

-Տո՜, սուտը… Էդ ո՞ր մեկն էր շարքի մեջ, որ ես չեմ իմացել:

-Լավ, վա՜յ, ժողովուրդ: Պապի, ո՞ր թիվն էր, որ ամուսնացաք,- հարցրի ես։

-71․․․

-Գժվե՞լ ես, այ մարդ, էդ ժամանակ դու բանակում էիր, մենք 69-ին ենք պսակվել:

-Այ, կնիկ, 71-ը չէ՞ր:

-69-ին պսակվեցինք, 71-ին դու արդեն բանակում էիր, որ ես Մարոյիս էի սպասում:

-Ո՞նց, տատ, դուք պսակվել եք ու պապիկը բանակ է գնացե՞լ:

-Բա, ես քո տարիքում արդեն պսակվել էի, տուն էի պահում:

-Գրողը տանի, ինչ ռոմանտիկ եք եղել դուք:

-Զզվցրեց էս էլ երրորդ անգամ, էդ ո՞րն ա,- բարկացավ պապս:

-Դե, ոնց որ սիրով էլի, պապի ջան,- պատասխանեցի ես։

-Հա, տատդ ինձ շատ ա սիրել:

-Է՜, պապի, դու ողջ իրականությունը աղավաղեցիր։ Աչքիս դու ես տատիկի համար հալվել, չես ուզում խոստովանել։ Հա՞, պապի:

-Դե հա, ես տատուդ շատ եմ սիրել: Որ հավանել էի, հաճախ էի սկսել այցելել իրենց տուն: Մի անգամ հերը ասեց՝ էս Չիլինգյարի տղան ինչի՞ է շուտ-շուտ գալիս: Ես էլ ասացի՝ լավ եմ անում, բա պիտի գամ: Առաջին անգամ էր, որ կյանքում մեկի համար նման քայլի գնացի:

-Տա՛տ, բա դու պապիկի մեջ ի՞նչն ես ամենաշատը հավանում:

-Ամեն ինչը,- արագ պատասխանեց պապին:

-Ա՜յ մարդ, թե էդ գործարանը ինչի քեզ էսօր ազատ օր տվեց,- բարկացավ տատս,- համարձակությունը, աղջիկս։

-Բայց դու կգրես՝ ամեն ինչը,- ականջիս կամաց փսփսաց պապիկը։

nare hovhannisyan

«Մեծեր և փոքրեր» խաչմերուկին

Երբ դեռ փոքր էի, երազում էի շուտ մեծանալ, քանի որ ըստ իմ փոքրիկ աշխարհի, որ ունեի ներսումս, մեծերի աշխարհն ավելի լավն էր, մտածում էի, որ մեծ լինեմ, էլ չեն ասի. «Փոքր ես, չի՛ կարելի», «Փոքրերը շուտ են քնում, որ շուտ մեծանան», «Դու փոքր ես, չես հասկանա»։ Գլխումս պտտվող այս տողերը չէի սիրում, կարծես արգելոց լինեին իմ այդ փոքր աշխարհում, որ տեղավորել էի հոգումս։ Չէի համբերում, թե երբ պետք է մեծանամ։ Ամեն անգամ վազում ու տատիս ձեռքն էի տալիս մի ժապավեն, որին ամրացված թվերն ինձ չէին հետաքրքրում, կարևորն այն էր, որ տատս ասեր. «Հասակդ ավելացել է»։ Եվ ուզում էի մեծանալ մի կարևոր նպատակի համար. մայրիկը վերջապես թույլ կտար հագնել բա՜րձր «կտկտան» կոշիկներ, քսել վառ կարմիր շրթներկ ու ձեռքս վերցնել մի մեծ պայուսակ։ Ի՜նչ նպատակներ են, է՜։

Ոչնչի մասին չմտածելով, ապրելով լոկ մանկական հոգով՝ դու այդպես էլ չես նկատում, թե ինչպես ես մեծանում, չես հասցնում հասկանալ, թե ուր հասար, ինչպես այդ բաղձալի երազանքդ կատարվեց՝ մեծացար։ Ո՞ւմ էր պետք։ Փոքր էիր ու արդար, միամիտ ու բարի։ Իսկ հիմա մեծ ես ու ապրում ես մեծերի աշխարում, միգուցե թաքուն երազում մի օր նորից փոքրանալ։ Քանզի մեր երազանքների ճանապարհին հետդարձի տոմս չկա, դու այդպես էլ մնում ես մեծերի ու փոքրերի խաչմերուկում։

Մեծացանք։ Չնայած՝ ինչպես փոքրերի աշխարհում, մեծերի աշխարհում ևս շա՜տ-շա՜տ «չի կարելի»-ներ և չգրված չափանիշներ կային, որ դժվար էր ընդունել, հասկանալ, իրագործել։ «Մեծեր-փոքրեր» խաչմերուկին թվում էր, թե «չի կարելի»-ները հետևում են, այս աշխարհում ոչինչ քեզ չի խանգարի հագնել «կտկտան» կոշիկներ և երջանիկ վազել։

Հետո մանկապարտեզ, մի կարգին չհարմարված՝ վազում ես դպրոց, որն ամբողջությամբ քեզ համար մի նոր չբացահայտված մայրցամաք է թվում, որ ինքդ պիտի բացահայտես։ Այնքան գրված ու չգրված տողեր կան դպրոցի մասին՝ մեկը՝ կեղծ, մյուսն՝ անկեղծ, մյուսն էլ այնքան ծամծմված, որ երբեմն ծիծաղում ես։ Բայց վեց տարեկան մանկիկի համար իր անծանոթ, բայց արդեն հարազատ «մայրցամաքում» շատ պաշտոններ կային, որ պետք է բացահայտվեին՝ ուսուցիչ, գիրք, դասամիջոց, գրատախտակ, ճաշարան ու ամենաթանկ պաշտոնը՝ ընկերները։

Օրինակ՝ ես դպրոցից տուն վազելուն պես վերցնում էի իմ ամենասիրելի տիկնիկն ու վազում բակ։ Այդ պահերին ինձ համար միևնույն էր՝ դա՜ս, դպրո՜ց։ Կարևորն իմ տիկնիկն էր, որից այդպես էլ չէի հրաժարվում։

-Նա՜րե, Նա՜րե։ Ա՜խր, դաս չես սովորել, դեռ տուն չհասած՝ վազում ես տիկնիկիդ հետ անհայտ ուղղությամբ։ Բարձրացի՛ր տուն, դասերդ մնացին։

-Լա՜վ, մամ, ի՞նչ դաս։ Խաղում եմ։

Իսկապես, սկզբում դժվար էր, բայց սովորեցի, իհարկե՝ լավ։ Չնայած դրան՝ մաթեմատիկան այդպես էլ չսիրեցի։ Միշտ ուզում էի հարցնել, թե ինչու ենք գումարում, հանում, բաժանում, արմատ հանում, քառակուսի հավասարումներ լուծում… Երևի ամաչում էի։ Բայց եթե հարցնեի, կասեին՝ պետք է։

Իսկ հիմա քո առաջ կանգնած մի աղջնակ եմ՝ ուղիղ տասնյոթ տարեկան։ Մեծացել եմ, բայց երազանքներս փոխվել են ու կոչվել նպատակներ։ Հետ եմ նայում, ու թաքուն ուզում նորից հագնել «կտկտան» կոշիկներս ու վազել։

Ուզում եմ նորից ու նորից, ամեն ուստարի մտնել դպրոց ու ասել. «Շնորհավոր սեպտեմբերի մեկդ»։ Ուզում եմ նորից վազել միջանցքներով, ծիծաղել անվերջ ընկերներիս հետ, մի նոր բան սովորել ուսուցչիցս։ Տուն վազել, ու ամեն նոր օրվա հետ դառնալ ալարկոտ, երբ ուղիղ 8։00 կզնգա զարթուցիչը։

Եվ վերջապես, հավերժ ընկերը մնալ իմ մայրցամաքի, որը բացահայտեցի տասնմեկ տարիների ընթացքում։