Mane Minasyan

Դպրոցական վերջին ամառս

Ու ամեն տարի սեպտեմբերին, երբ դպրոց ենք գնում, ուսուցիչներն անպայման հարցնում են, թե  ինչպես անցավ ամառը, ինչ ենք արել և այլն:

Արդեն 12-րդ սեպտեմբերս է, թվով վերջինը` որպես աշակերտ:

Այս տարի որոշեցի այդ ավանդույթ դարձած հարցին պատասխանել մի փոքր շուտ:

Այս ամառ ես հասկացա, որ մի քիչ մեծացել եմ:
Հունիսս լրիվ «գիտական էր», ու լի ձեռքբերումներով: Հենց հունիսին էր, որ մասնակցեցի «Մանանայի» դասընթացին, ու դարձա թղթակից 17.am-ում: Հենց հունիսին կարդացի լիքը գրքեր, որովհետև զգում էի, որ հաջորդող 61 օրերին չեմ հասցնելու, ու այդպես էլ եղավ:

Հուլիսս սկսվեց ընտանեկան մթնոլորտում,  շարունակվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներում», ու ավարտվեց արդեն հարազատ դարձած «Հույսի Կամուրջում»:

Օգոստոս: Անկեղծ ասած օգոստոսին այսքան շուտ չէի սպասում, բայց, որ էկավ, իր հետ էլի լիքը բան բերեց: Օրինակ` շտեմարաններ հայոց լեզվից և գրականությունից: Իր հետ օգոստոսը բերեց նաև Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարը դեպի Դիլիջան: Մեդիա ճամբարում սովորեցի ավելի լավ գրել, ավելի ճիշտ բռնել ու օգտագործել ֆոտոապարատն ու իհարկե, սովորեցի ֆիլմ նկարել:

Օգոստոսն էլ եմ համարում ձեռքբերումների ամիս: Իսկ այս ամառս` ստացված: Ամռան ավարտին մնացել է հաշված օրեր, բայց այս տարին տարբերվում է մնացած 11-ից: Եթե անցյալ տարի հարցնեին, ուզում եմ բացվի դպրոցը, թե չէ, երևի կպատասխանեի՝ չէ, բայց հիմա ուզում եմ, որ շուտ գա սեպտեմբերը, որ վերջին անգամ զգամ սեպտեմբերի 1-ին որպես աշակերտ դպրոց գնալս:

Hripsime Vardanyan

Որտեղից են եկել Մրգավան գյուղի բնակիչները

Այցելեցի մեր համագյուղացի 82-ամյա Մարտին պապիկին` հարցազրույց անցկացնելու նպատակով: Ջերմ հյուրընկալության արժանացա: Երբ Մարտին պապն իմացավ, որ ուզում եմ մեր գյուղի` Մրգավանի, պատմությանը ծանոթանալ ՝ առանց իմ հարցերի սկսեց.

-Մենք եկել ենք Ուրմիա լճի ափից, 1828 թվականին՝ Թուրքմենչայի պայմանագրով: Երբ ժողովուրդը շաժվել է այնտեղից, նրանց թիվը հասել է մոտ 4,5 հազարի: Ուրմիա լճից մինչև Արևելյան Հայաստան եկել են ոտքով: Արաքսի աջ ափով շարժվելով հասել են Գրիգոր Լուսավորչի տարածքից ոչ հեռու: Քանի որ գարուն է եղել, գետի ջրերը վարար են եղել՝ կանայք, երեխաները և ծերերը մնացել են աջ ափին, իսկ տղամարդիկ և երիտասարդները անցել են մյուս ափ: Անցնելով այս ափ, տղամարդիկ սկսել են կացարաններ կառուցելը, հողը մշակելը: Իրենց հետ ունեցել են սերմեր, մատղաշ ծառերի տնկիներ, խաղողի տարբեր տեսակներ: Խաղողի տեսակների անունները հիմնականում եղել են պարսկերեն՝ մսխալի, խարջի:

Աշնանը, երբ գետի ջրերը պակասել են, գետի այս ափ են տեղափոխվել 46 տնտեսություն՝ 22-ը մի գյուղից, 24-ը` մի: Նրանք իրար նկատմամբ լավ հարաբերություններ չեն ունեցել, մեկը մյուսին ասել է իլան՝ օձ, իսկ մյուսը զիլան՝ գող-ավազակ, սակայն ժամանակի ընթացքում այդ լարվածությունը անցել է` միմյանց հետ երկար ժամանակ մի գյուղում ապրելուց:

Գյուղացիները հասցրել էին նաև փոքրիկ եկեղեցի կառուցել, բայց քանի որ այն կառուցված է եղել չթրծված աղյուսից, ժամանակի ընթացքում քանդվել է:

Արարատ լեռան լանջին եղել է Սբ. Հակոբ եկեղեցի՝ Ակոռի գյուղում: Երկրաշարժից հետո, երբ եկեղեցին քանդվել է, այնտեղից քարեր են բերել այստեղ՝ մեր գյուղ: Եվ այստեղ կառուցել են Սբ. Հակոբ եկեղեցին, որը Արաքս գետից գտնվում է նույն հեռավորության վրա, որքան Ակոռիինը:

Մեր գյուղը շատ նպաստավոր պայմաններում է գտնվում, Հայաստանում աճող գրեթե բոլոր մրգերից մենք ունենք, որոնք մշակում ենք ինքներս:

Ուշադիր լսեցի մինչև վերջ, շնորհակալություն հայտնեցի հարցազրույցի համար: Ցանկանում էի արդեն գնալ, երբ ասաց, որ շատ է սիրում լրագրողներին և շատ ուրախ կլինի, եթե իմանա, որ որոշել եմ հետագայում դառնալ լրագրող:

Mane Minasyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Ես այստեղ ծնվել եմ

Հարցազրույց Մարգահովիտ գյուղի բնակչուհու հետ

Բոսքյանդ, Համզաչիման, Մարգահովիտ. սա նույն գյուղն է, տարբեր ժամանակ տարբեր անուններով:

-Թուրքերի ժամանակ, որ եկել են, արդեն համարյա մտնելուց են եղել մեր գյուղը, խոտերը դեղնած են էլե, թուրքերը ասել են` Բոսքյանդ: Դրանից հետո Համզաչիման ա դրվել, ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ հիմունքներով ա դրվել: Այնուհետև  կառավարության որոշմամբ գյուղի անունը փոխվեց Մարգահովիտ,- պատմում է իմ զրուցակիցը` Մարգահովիտ գյուղի բնակչուհի, 62-ամյա Ալինա Բեկչյանը:

-Գյուղը քանի՞ բնակիչ ունի:

-4300 բնակիչ, որից  287-ը` ժամանակավոր, 3853-ը` հիմնական:

-Ի՞նչով են զբաղվում այստեղի բնակիչները:

-Անասնապահությամբ, հողագործությամբ` հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Մեկ էլ մեր երիտասարդությունը հիմնականում արտագնա աշխատանքի է գնում:

-Իսկ կյանքը գյուղում ակտի՞վ է, թե՞ պասիվ` հիմնականում տատիկ-պապիկներ:

-Դե, գյուղ ա, էլի, բայց մենք ակտիվ երիտասարդներ ունենք, ովքեր երիտասարդական կենտրոն են ստեղծել:

-Իսկ ի՞նչ են անում երիտասարդական կենտրոնում:

-Հավաքվում են, զրուցում են, ինչ-որ ծրագրերի են մասնակցում ու շահում:

-Ի՞նչ ծրագրեր:

-Շահեցին ինչ-որ մանկապարտեզի համար ծրագիր, գույք բերեցին, խաղալիքներ երեխաների համար, մի այլ ծրագրով` պարի խմբի համար շորեր, էն մյուսով էլ` թեքահարթակներ սարքեցին:

-Կա՞ն գյուղում այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մոտ ապագայում կստանան լուծումներ:

-Շատ ունենք խնդիրներ, հիմա մի նոր ծրագիր կա, որը ուզում ա գյուղում աղբարկղերի հարցը լուծի, մերն արդեն շարքից դուրս ա էկել: Կամուրջ ունենք, երևի կամրջի շինարարությունը սկսեն: ՄԱԿ-ի ծրագրերից ա կարծեմ, Երևանից էին եկել, անունը չեմ հիշում կոնկրետ:

-Կուզենայի՞ք գյուղից գնալ ու ապրել ուրիշ տեղ:

-Ե՞ս, ես չէ, ազիզ, ես գյուղը շատ կսիրեմ, բաներ կա ինձ քաշող, ես ուրիշ տեղ չեմ կարա ապրեմ, ես ստեղ ծնվել եմ, ստեղ մեծացել:

araqsya azizyan

Ամռան վերջն ու աշնան սկիզբը

Վերջ, նորից վերջ։
Վերջանում է երեկվա պես դեռ նոր սկսված երեք ամիսը։ Էն, որ անհամբերությամբ էինք սպասում մեր էս ուրախ հանգստին, որ նոր էինք կազմել, թե ամռանը ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, որ լավ անցնի։ Մեր ուրախ ամառային արձակուրդների երեք ամիսը վերջանում է։
Էս ամառ ամենայուրահատուկն էր, բոլոր ամառների մեջ։ Հենց էս ամառ էր, որ դարձա 17.am-ի թղթակից, ու որը մեծ դեր կատարեց իմ կյանքում։ Ճիշտ է, ես ամառները չեմ սիրում, բայց էս մեկը մի տեսակ ամենաուրախ ու հաճելի ամառն էր։ Բայց՜ էս էլ է վերջանում։
Ու նորից գալիս է նոր ուսումնական տարի, նորից իմ սիրած ոսկեզօծ աշունը։ Իմ սիրած ժամանակահատվածը, որ մի տեսակ հոգիդ հանգիստ է լինում: Միշտ նստած երազում ես, բայց երևի աշնան վերջում միշտ չի, որ մեր երազանքները պահում ենք, կամ իրագործում։ Շատերը հաստատ դառնում են աշնան չորացած տերևների նման, ու հաստատ քամին՝ աշնան մեղմ քամին, բոլոր տերևների հետ «քշում տանում է»։
Էս աշունը ու իրեն հաջորդող ձմեռը, գարունը ու ամառը հաստատ ուրիշ կլինեն իմ ու իմ հասակակիցների համար։ Երկու տարվա մեր տանջանքը, մեր բոլոր երազանքները, սպասումները հաստատ էս ամառ կիրականանան։

Դե իհարկե, ուսումնական տարին կավարտվի, վերջին զանգ ու նոր քննություններ կլինեն։
Ամառը դեռ չի ավարտվել, իսկ ես երազելով մեկ տարի առաջ ընկա: Երևի անհամբերությունից է:

Տրտունջ

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

«Խոխեքս`չորսը քաղաքումը, վեցն էլ դաչումը: Այ սե, ստիյինք ապրալ, մատաղ լիմ, ձեր ցավը, դարդը տանիմ: Եկալին, երկու խոխաս, ամեն մի խոխաս մին գյուղը կպահար, սպանալ են, փողը ձեռքերնը իք կալալ: Եկալ անք Սումգայթից Ղարաբաղի Մարտունու շրջան, ստայինք աբրում… Մտըծելաս հիվանդ մըռնում ըմ: Հո՞ւնց ապրիս,հո՞ւնց ապրիս: Աստուծ ձեզ պահե, մատաղ նիմ»,- արցունքն աչքերին, սակայն հպարտորեն հիշում է Մարուսյա տատը:

Ղարաբաղի Մարտունու շրջանից այժմ նրանք տեղափոխվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղ:

-Քանի՞  տարեկան ես, տատի ջան:

-80:

-Իսկ քանի՞ տարի է Ղարաբաղից տեղափոխվել եք այստեղ ապրելու:

-Հը՞ն:

-Քա՞նի տարի է այստեղ եք ապրում:

-28 տարի կլնի, 28  տարի ա: Հըմի եկալ ենք ստեղ ապրենք, լյավ ենք ապրալ, հարևանները` լյավ, ժողովուրդը` լյավ…

-Իսկ քանի՞ հոգով եք ապրում այստեղ:

-Հիմի հարսս ա, մին թոռս, էնա մինն էլ դյուս ա էգալ` աշխատելու… Տղաս, հարսս…

-Տատի ջան, բա ադրբեջանցիների հետ էնտեղ լա՞վ էիք ապրում, հա՞շտ էիք:

-Հը՞ն,-նորից կրկնում է տատը:

-Ասում եմ` էնտեղ, ադրբեջանցիների հետ լա՞վ էիք ապրում, տատի ջան, հարևանություն անու՞մ էիք:

-Ույ… Իրանք են էրալ, բոյիդ մատաղ, ջանիդ մատաղ, իրանքն էին ամեն ինչը բերալ, թողալ ստոլին քեցալ… Հայեր, ռուսներ… Լյավ ենք իլալ, փիս չենք իլալ… Հենց ընդեղի ապրուստն ա ինձ տանջում… Ընդղան ապրուստը…

-Կուզեի՞ք էլի հետ գնալ, տեսնել` ոնց ա էնտեղ:

-Չէ.. Չէ… Խարաբա մնա, չէ… Մատաղ լիմ, չէ… Թե ոսկի էլ տան, ես ետ չեմ քինա… Լյավ ա` սոված մնանք ստըղ, քան քինիք ընդըղ մեղր օտիք: Չէ, գնալ չեմ:

Հարցազրույցը վարեցին՝ Մանե Մինասյանն ու Աստղիկ Քեշիշյանը
Գրի առավ՝ Մանե Մինասյանը

Խաղողօրհնեքը Խոր վիրապի վանքում

Ամեն տարի օգոստոսի 10-ի մոտակա կիրակի օրը նշվում է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մեր հեթանոս նախնիները օգոստոսի այս շրջանում խաղողի օրհնության ծես են իրականացրել, այստեղից էլ ժողովրդի մոտ տոնն առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ: Այս օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, օրհնվում է խաղողն ու տարվա ողջ բերքը, որից հետո միայն կարելի է խաղող ուտել:

Hripsime Vardanyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Գործնականում ամեն ինչ այլ է

Այսօրվա մեր դասի թեման նկարահանումների հիմունքներն էին: Դիանան, Աշոտը և Հովնանը մեզ սովորեցրեցին, թե ինչպես պետք է օպերատորություն անել, աշխատել տեսախցիկի հետ: Սովորեցրեցին լույսի տեսակները, և թե ինչպես պետք է հարցազրույց վերցնել, որտեղ պետք է կանգնի լրագրողը, որտեղ` օպերատորը, ինչպես պետք է աշխատել լույսի հետ: Մեզ հանձնարարեցին բաժանվել թիմերի և միմյանցից հարցազրույց վերցնել: Թիմակիցներիս` Արտյոմ Մամյանի և Մերի Մուրադյանի հետ ավելի մտերմացանք, միմյանց մասին ավելի շատ բան իմացանք:

Մեր վարպետության դասից էլ շատ կարևոր բաներ քաղեցի: Հատկապես այն, որ պետք է լինել յուրօրինակ և նկարել այն, ինչ մեզ դուր է գալիս, հետագայում ինձ շատ կօգնի: Իմացա, որ պետք է խուսափել շատ շոշափվող հարցերից և անդրադառնալ այն թեմաներին, որոնցից մյուսներն են խուսափում:

Դիտեցինք ֆիլմ, որն ինձ համար բավականին կարևոր դարձավ: Երբ վերադառնամ տուն, անպայման կդիտեմ այն ևս մեկ անգամ, որպեսզի ֆիքսեմ բոլոր բառերը և խորհուրդները: Ֆիլմում ասվում էր նաև, որ յուրաքանչյուր ֆոտո պետք է պարունակի իր մեջ հույզեր, էմոցիաներ, պատմի ինչ  որ պատմություն:

Ես վստահ եմ, որ այսօրվա ստացած գիտելիքներս հետագայում ինձ պետք կգան:

angelina

Որտեղից սկսել

Երեկ երեկոյան ընկերուհիներով զրուցում էինք, ու հանկարծ նրանցից մեկը հարց տվեց.
-Երեխեք, այ օրինակ, որ լինեիք ամենակարող, ի՞նչ կանեիք, ինչ կփոխեիք էս կյանքում:

Ընկերուհիներիցս ամենքը տվեցին պատասխաններ հօգուտ իրենց:

-Այ, եթե ես լինեի ամենակարող, բոլոր վարսավիրանոցներն ու մոլերը կառնեի, մի մեծ տուն կառնեի ու ինձ համար կյանք կանեի: Ոնց որ ասում են. կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի,-ասաց նրանցից մեկը:

-Չէ, ես կթողնեի, Հայաստանից կգնայի,- ասաց մյուսը:

Մինչ նրանք կասեին իրենց կարծիքները, ես, նայելով աստղերին, ընկել էի երազանքների գիրկն ու պատկերացնում էի դրախտային Հայաստան:

-Երեխեք, նայեք հլը, Անգելն արդեն իրեն ամենակարող ա պատկերացնում: Լավ, դե ասա` տեսնենք դու ի՞նչ կանես, որ ամենակարող լինես:

-Դե եթե ռեալ նայենք քո ասածին, ապա ոչինչ էլ չեմ կարող անել, որովհետև ամենակարող միայն Աստված է: Իսկ եթե պատկերացմամբ, կբարելավեի Հայաստանի տնտեսությունն ու արդյունաբերությունը: Այնպես կանեի, որ Հայաստանը հարուստ լիներ ոսկու, քարածխի և նավթի հսկայական պաշարներով:

Խիստ  հսկողություն կսահմանեի «բնություն-մարդ» հարաբերությունների վրա: Ոչ թե, որ հիմա գրած ա`«Աղբ թափելը տուգանվում է` 30000 դրամ», բայց երբ այդ տարածքին նայում ես, մտածում ես 30 մլն-ի աղբ է թափված, ու նման է աղբանոցի:  Հետո էլ մարդիկ ասում են. «Գնանք` բնության գրկում հանգստանանք»: Բնությո՞ւն եք թողել, որ մի հատ էլ գնաք հանգստանաք:

Այնպես կանեի, որ ոչ մի ընտանիք քաղցած չմնա, այղ պատճառով աշխատատեղերը կավելացնեի: Հացը կդարձնեի անվճար, բայց մյուս մթերքների գները 1-2%-ով կավելացնեի:

Կրթությունը խիստ կերպով կհսկեի, որ ոչ մեկը չհամարձակվի կաշառք տա ու վերցնի, որպեսզի ոչ ոք չկարողանա առանց գիտելիքների ընդունվի և դեռ մի բան էլ, գերազանցությամբ դպրոց ու բուհ ավարտի, առանց ոչ մի բան իմանալու աշխատանքի ընդունվի ու, գումարած դրան, մարդկանց կյանքեր խլի:

-Լավ Անգել, հերիք ա:

-Չէ, թողեք` շարունակեմ: Ուր էի հասել: Հա, հիշեցի: Երեխաներին ու մեծահասակներին ով տարավ մանկատուն կամ ծերանոց, ազատազրկվում ա 5 տարով:

Հայոց բանակում զինատեսակների թիվը կշատացնեի, որ պետք եղած ժամանակ, առանց զոհերի թշնամուն հետ մղենք:

Հլը, մի րոպե, շատ առաջ գնացի: Մինչև այս ամենը իրականացնելը, կառավարությանը կփոխեմ: Ոչ թե հիմիկվա պես, որ մի բաժակ ջուրն իրենք միանգամից են խմում, իսվ ժողովրդին կաթիլներ էլ չի հասնում:

Դե, կարծում եմ այսքանից հետո կկրկնապատկվեր նաև բնակչության թիվը, կվերանար արտագաղթողների թիվը, ու անգամ մարդիկ կսկսեն ներգաղթել Հայաստան` բարեկեցիկ ապրելու: Երբ այսքանն անեի, նոր կանցնեի ձեր վարսավիրանսցներին ու մոլերին:

Երբ լռություն տիրեց, դարձյալ ընկա մտքերի մեջ: Բայց մի՞թե այս ամենն անելու համար ամենակարող պետք է լինել:

Ձգված պարապմունք

Երբ մոտ 15 օր պարապմունքի չես գնում, հետո գնալը` մի տեսակ դժվար է լինում: Սկզբի 30 րոպեն մի կերպ դիմացա: Հաջորդ 30-ը` չհասկացա ոնց անցավ: Դրան հաջորդող 30-ը` ստիպված էի լսել: Դե, նոր դաս էր`չլսելու իրավունք չունեի: Իսկ այ, վերջին 30 րոպեն,  իրոք, ծանր էր…

Դա այն պահն է, երբ անընդհատ, մեխանիկորեն ձեռքդ դեպի հեռախոսն է գնում, իսկ «նա» ժամը չի էլ փոխում:

Հերթական անգամ ձեռքս տանելով հեռախոսին, հանկարծ, պատուհանի գոգին տեսա նոր ծաղկած ծաղիկը:  Առաջին անգամ էի տեսնում այդպիսի ծաղիկ, ու այն ինձ շատ հետաքրքրեց:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Ուսուցչուհիս զգաց, որ ուշադրությունս շեղվել է դեպի ծաղիկն ու սկսեց նրա մասին խոսել.

-Շա~տ սիրուն է, չէ՞: Առաջին անգամ է ծաղկում: Մի քանի տարի առաջ աշակերտներիցս մեկն է նվիրել:

Ուսուցչուհին պատմում էր, իսկ ես`անկեղծ ասած, չէի լսում, որովհետև մոտեցել և ուսումնասիրում էի «անծանոթուհուն»: Նայում էի ու մտածում. «Կարող ա` բնական չի՞: Թե՞ բացված կիվի ա: Կամ էլ վագրի կաշվի՞ց ա, եսի՞մ…»

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Այսպես` մտածելով  ծաղկի մասին, հիշեցի, որ պարապմունքի եմ ու նորից հանեցի հեռախոսը, որն արդեն ցույց էր տալիս 19:45… Այսինքն մնացել է 15 րոպե: Նկարեցի գեղեցկուհուն ու վերադարձա պարապմունքից:

Այդպես էլ անունը չիմացա… Գուցե դո՞ւք գիտեք:

Դիլիջանյան առաջին քննարկում

Ճաշարանից վազում ենք կոնֆերանս դահլիճ` առաջին քննարկմանը:

Քննարկման ընթացքում ծանոթանում ենք մեր ապագա անելիքներին, լրացնում հայտ, ու անցնում առաջ:

Լուսինեն առաջարկում է ծանոթանալ հինգ մատի սկզբունքով:

-Հինգ մատի սկզբո՞ւնք: Դա ո՞րն ա,- բոլորս այս հարցը տվեցինք միանգամից:

Շրջանաձև նստում ենք, մեջտեղում կանգնում է Լուսինեն ու ափը պարզում:

-Ափի ներսում անուն-ազգանուն, բութը տարիքն ա, ցուցամատը`մասնագիտությունը, միջնամատը`ինչն ենք ամենից շատ սիրում, մատնեմատը` զայրույթի պատճառ, և վերջապես ճկույթի տակ թաքնված է հարցը՝ եթե գնայիք ուրիշ մոլորակ, ի՞նչ երեք իր կտանեիք մեզ հետ:

Սկսում ենք խաղը, մարտահրավեր նետելով միմյանց՝ ներկայացնում ենք մեզ:

Տասը հոգուց հետո բոլորն ուրիշ մոլորակ իրենց հետ արդեն ջուր էին տանում, դե, շատ ծարավ էինք:

Վերջապես մեր ջուրը տեղ է հասնում:

Ջրից հետո այս անգամ արդեն լսվում է Լիլիթի ձայնը.

-Շապիկներ չե՞ք ուզում:

Բոլորս ստանում ենք այդքան սպասված 17-ի շապիկները:

Մեզանից ոմանք այնքան անհամբերությամբ էին սպասում այդ շապիկներին, որ չհամբերեցին ու տեղում փորձեցին, մի մասն էլ վազեց սենյակ՝ հագնելու:DSC_0194

Ես էլ, անկեղծ ասած, առաջին ճամբարի նկարներին հետևելով, նախանձում ու շատ էի ուզում այդ շապիկից ունենալ:

Ու~խ, գնամ փորձեմ: