Մարդիկ, ում սիրում եմ

Լուսանկարը՝ Լաուրա Գրիգորյանի

Շատերը ցանկանում են նմանվել դերասաններին, պարողներին և այլ հայտնի դեմքերի: Ես էլ մի ժամանակ  ցանկանում էի նմանվել Տաեռա Բենքսին, որովհետև նա մինչև մոդել դառնալը շատ փորձություններ էր հաղթահարել, դիմակայել էր կյանքի դժվարություններին և հասել իր երազանքին: Կար ժամանակ, երբ ուզում էի նմանվել «Մուսա լեռան 40 օրը» գրքի գլխավոր հերոսին` Գաբրիել Բագրատյանին: Նրա համար, որ շատ խելացի էր և կարողացավ միավորել հավատը կորցրած ժողովրդին և նրանց մեջ սերմանել հաղթանակի ոգին: Բայց հիմա ուզում եմ նմանվել մայրիկիս՝ Լազային: Նա շատ խելացի, համբերատար կին է: Գիտի ինչպես լեզու գտնել ցանկացած մարդու հետ, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում: Դա երևի իր մասնագիտությունից է, նա նոտար է: Նաև ուզում եմ նմանվել հայրիկիս՝ Մինասին: Նա իմ մեջ սերմանել է հաղթանակի ոգին, որ պարտության դեպքում պետք չէ հուսահատվել և հարկավոր է ավելի շատ աշխատել` նպատակին հասնելու համար: Նրան նայելով հասկանում եմ, որ պետք է հայրենիքիս պատմությունը լավ իմանամ, որ ազգիս պիտանի մարդ դառնամ:

Սևանն անհետացող ակնթարթներում

Սևան էինք գնացել: Երկինքը աստիճանաբար պատվեց կարմիրով, ու արևը անծուխ կրակի պես հայտվեց հորիզոնում`սարերի հետևը: Ես կյանքումս այդքան գեղեցիկ մայրամուտ չէի տեսել: Մի քանի րոպե հիանում էի, երբ նկատելով, որ այն աստիճանաբար թաքնվում է մտածեցի. «Ես այս տեսարանը անպայման պետք է լուսանկարեմ»: Հանում եմ հեռախոսս և նկարում…Արդյունքը գոհացուցիչ չէ…Էլի եմ փորձում, էլի…:  

«Ախր, ինչի՞ էկրանին չի հայտվում այն տեսարանը, որն իմ աչքի առաջ է…Ինչո՞ւ տեսախցիկը չի տեսնում այն, ինչ ես եմ տեսնում»,-դժգոհ մտածում եմ ես: Իհարկե, սա միակ դեպքը չէ…Նայում եմ երկնքին: Լուսինն այնքան մեծ է և գեղեցիկ, բայց հեռախոսս համառորեն ֆիքսում է միայն սպիտակ կետ`սև ֆոնի վրա: Ու ամեն անգամ մտածում եմ. «Չէ…Եթե ուզում եմ լուսանկարիչ դառնալ, ինձ անպայման պրոֆեսիոնալ տեսախցիկ է հարկավոր’»… Ու ամեն անգամ ափսոսանքով նայում եմ դիմացիս գեղեցիկ տեսարաններին, որոնք հեռախոսս ոչ մի կերպ չի ուզում տեսնել:

 

Պատերա՞զմ… էլի՞…

Ես Մերին եմ, 17 տարեկան: ԷԷԷ, ինչ եմ սկսել իմ մասին պատմել: Անցնեմ բուն նյութին: 1992 թվականի օգոստոսի 8-ին ազերիները գրավեցին Արծվաշեն գյուղը, որը Գեղարքունիքի մարզի ամենամեծ գյուղն էր: Այնտեղի բնակիչները ստիպված փախան` գալով Ճամբարակ և հարակից տարածքներ` բնակություն հաստատելու: Ժամանակի հետ նրանց սրտերում մնացած վերքերը բուժվում էին: Երեկոյան ժամը 7-ին դուրս ենք գալիս զբոսնելու: Ունենք փոքրիկ զբոսայգի, որտեղ մարդիկ հավաքվում են երեկոյան ժամերին, մի փոքր առօրյայից կտրվելու համար: Այ քեզ առօրյայից կտրվել… Այդ ժամին անասուններին դաշտից տուն են բերում: Հիմա կասեք անասուններն ի՞նչ կապ ունեն: Ամեն օր ժամը 7-ից հակառակորդը կրակում է Վերին Ճամբարակի վրա: Այնպես են անում, որ անասունները չհասնեն տուն: Պարզ լսվում են այդ ահավոր ձայները անգամ այգում և այգուն հարակից շենքերում: Մենք դեռ փոքր ենք, չգիտենք, թե պատերազմն ինչ է: Կրակոցի ձայները լսելուն պես մարդիկ իրենց երեխաներին տուն են տանում, այգին դատարկվում է: Մենք էլ բոլորի նման հեռանում ենք այնտեղից: Տուն գնալու ճանապարհին նորից լսվեց կրակոցի ահավոր վայնասունը: Տատս այնքան արագ էր քայլում, որ մենք չէինք հասցնում հետևից հասնենք:

- Տա’տ, կամաց քայլի, մեր վրա չեն կրակում, դիրքերում ա, էլի:

Միայն տեսնեիք տատիս մռայլ ու գունատ դեմքը, վախից իրեն կորցրել էր:

- Մա’ր, ձեր պադվալը ազատ ա, չէ՞, որ հանկարծ կրակեն մեր շենքի վրա, գանք մտնենք ձեր տուն: Նայի հաաա, լույս-մույս էլ քաշել կտաս, հանկարծ մթության մեջ չմնանք, լվացքի մեքենա, խալադելնիկ, գազի պլիտա, սաղ կտեղափոխես պատվալ: Գալու էնք ձեր տանը մնանք:

Դե, իհարկե, այս ամենի հետ ուրախ ծիծաղ էի խառնում, քանի որ չգիտեի պատերազմ բառի նշանակությունը: Բայց զգում էի, որ մայրս, տատս, հարևաններս շատ վախեցան, իսկ ես հիմար-հիմար կատակներ էի անում ու կրակոցներին լուրջ չէի վերաբերվում: Ամեն կրակոցի ձայնը լսելով ասում էի. «Հլը նայեք, էսա մեր վրա էլ կկրակեն», նորից ծիծաղում` չկարողանալով զսպել այն: Բայց գիտեք ամենացավալին ո՞րն է. արծվաշենցիները արտասվելով միշտ այս խոսքերն են կրկնում. «Արծվաշենից փախանք էկանք ստեղ, բա հիմա ստեղից ո՞ւր ենք գնալու»:

Քմահաճ եղանակը

Եղանակը կարող է լինել բարի, հոգատար, հաճելի և, միևնույն ժամանակ, դաժան: Թե, որտեղի՞ց այդքան դաժանություն՝ դժվար է ասել, միգուցե ինչ որ մեկը տրորե՞լ է նրա ոտքը, թե՞ ցավ է պատճառել, իսկ հնարավոր է, որ նա էլ փոքրիկ երեխայի նման ցանկացել է մի քիչ զվարճանալ….

Առավոտյան, երբ արթնացա, արևի շողերը ինձ գրկեցին՝ ասես ջերմություն ներշնչեցին: Իսկ երեկոյան եղանակը այնպիսի դաժան խաղ խաղաց մարդկանց հետ, որ թվաց, թե պատերազմ է սկսվել, ուր որ է` թշնամին կմոտենա ու իր ներկայությունը ցույց կտա, ահա մի քիչ էլ, ու նա կգա, բայց սպասումներն ապարդյուն եղան, ոչ ոք չեկավ, ոչ մի թշնամի: Այդ պահին մեր թշնամին եղանակն էր: Մոլորված պտտահողմը վայրագ թշնամու նման, ներխուժեց մեր գյուղ՝ Թթուջուր: Ավերեց տանիքները, արմատախիլ արեց ծառերը, մեծ վնաս հասցրեց բնակչությանը…

Իսկ այդ նույն պահին, երբ Թթուջրում պտտահողմ էր, մենք ընտանիքով, ընկերներով գտնվում էինք Դպրաբակ գյուղում: Այնտեղ արևոտ, տաք ու ջերմ եղանակ էր: Ոչինչ չէր կանխատեսում Թթուջրում բնության դաժան խաղը:

Մեզ էլ էր մեծ վնաս հասցրել պտտահողմը:

Տատիկս տնից այդ եղանակին դուրս էր եկել, որպեսզի հավի ճուտիկներին կեր տանի և այդ դաժան, արգելք չհանդուրժող պտտահողմը գտնելով մի «թափառաշրջիկ» մետաղյա թիթեղ հարվածել է տատիկիս: Բարեբախտաբար տատիկս լուրջ վնասվածք չի ստացել….

Մեր մեղուների փեթակներից երկուսը շրջել է, մեղվաընտանիքները քանդել: Հայրիկս Դպրաբակից շատ կարճ ժամանակում օգնության հասավ և փրկեց աղետի ենթարկված մեղվաընտանիքները…

Հաջորդ օրը, իջնելով Թթուջուր, հարցուփորձ արեցի տատիկիցս, հարևաններից, թե ինչ զգացին այդ պահին: Առաջինը տատիկիս հարցրեցի, բայց նա չցանկացավ պատասխանել, միայն ասաց.

-Քամի էր, էլի…..

Իսկ այ, հարևանուհին շատ բան պատմեց: Ես հարցրեցի, թե ի՞նչ կատարվեց, և նա պատմեց կատարվածը, իր զգացողությունները:

-Ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, ու «թուրքի գռադը» ընկավ մեր տուն: Ջարդուփշուր արեց պատուհանները….

Ինչու՞  է եղանակը այդքան դաժանությամբ լցված:

Ես ուզում եմ դառնալ բանասեր

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Դեռ շատ փոքր հասակից մենք հաճախ ենք մտածում, թե ապագայում ինչ

մասնագետ կդառնանք: Սակայն, արի ու տես, որ տարիքի և ժամանակի հետ

մանկության ընթացքում ծնված «հերոսները» փոխվում են: Պատճառները շատ են, մեզնից ոմանք ուղղակի սխալ որոշում են կայացրել, ոմանք ծնողներին լսելով փոխել են իրենց միտքը, իսկ ոմանց մոտ էլ պատճառը եղել է ֆինանսի բացակայությունը: Դժվար է ասել, թե սրանցից որն ինչ չափով է արտահայտված, բայց որ մեծ մասամբ պատճառը ֆինանսն է, դա հաստատ :

Ապագայում լավ մասնագիտություն ունենալու համար մեծ նշանակությոն ունի

կրթությունը, որի հիմքը դպրոցն է: Մի ժամանակահատված, որը դառնում է կյանքիդ անբաժան

ուղեկիցը: Ինձ հուզում է իմ ապագան, քանզի յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն է

ունենալ լավ մասնագիտություն և աշխատանք: Ցավոք, այսօր ոչ բոլոր

մասնագետներն ունեն աշխատանք: Թեև ունեն բարձրագույն կրթություն և

փայլուն գիտելիքներ, փոխարենը չունեն բարետես արտաքին, երկար ոտքեր, շատ

գումար և լավ թիկունք:

Հաճախ ենք լսում տարեցներից, որ մենք ենք մեր երկրի փայլուն ապագան:

Բայց այդ «փայլուն» ապագան լինելու համար պետությունը պետք է ստեղծի

բավարար նախադրյալներ: Այժմ ոչ ոքի աչքերը չես կարող փակել. բոլորս էլ

տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Լավ մասնագետ դառնալու

համար միայն սովորելը շատ քիչ է: Պետք է ապահովված լինել նաև ուրիշ

կողմերից: Եվ ես հիմա մտածում եմ` կկարողանա՞մ հասնել երազանքիս:

Ապագայի հետ կապված` շատ ծրագրեր ունեմ, որոնք աշխատում

եմ քիչ-քիչ ի կատար ածել: Ուժերս փորձելու եմ բանասիրության

բնագավառում: Ճիշտ է, դժվար կլինի, բայց ոչինչ էլ հեշտությամբ ձեռք չի բերվում:

 

Վահան գյուղը սահմանին է

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

 Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Վահանում՝ իմ հարազատ և շատ սիրելի գյուղում: Դպրոց հաճախում եմ Ճամբարակում: Շատ եմ սիրում իմ բնակավայրը, քանի որ այստեղ եմ ծնվել և մեծացել: Բոլոր մեծ մարդիկ միշտ դժգոհում են մեր ապրելավայրից՝ ասելով, թե սա ապրելու տեղ չի, և բոլորը ուզում են ապրել ուրիշ տեղ: Երևի պատճառը աշխատանք չունենալն է, բայց ոչ պետական, այլ գյուղատնտեսական: Ճիշտ է, բոլորն էլ ունեն անասուններ և հող, բայց միևնույնն է, դժվար է: Ինչ որ տեղ հասկանում եմ նրանց, սակայն շատ եմ ցավում, երբ մեծ մասը գնում է արտագնա աշխատանքի, իսկ ոմանք էլ՝ ուրիշ տեղ ապրելու: 

Ես չեմ ուզում լքել իմ բնակավայրը, սակայն միաժամանակ էլ պետությունը չի ստեղծում բարենպաստ նախադրյալներ ապրելու համար (աշխատատեղեր, ժամանցի վայրեր և այլն): 

Այստեղ ձյուն չի գալիս միայն օգոստոսին

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

Լուսանկարը` Մանե Մ. Սարգսյանի

-Որտեղի՞ց ես:

-Ճամբարակից:

-Իսկ դա որտե՞ղ է…

Սովորական դարձած հարց, որը հաճախ շարժում է իմ զայրույթը: Ախր, Ճամբարակը Գեղարքունիքի մարզի հինգ մեծ քաղաքներից մեկն է, ինչո՞ւ ոչ ոք չի հիշում տարածքով փոքր, բայց այնքան գեղեցիկ և բարի մարդկանցով բնակեցված քաղաքի մասին: Այժմ բնակավայրիս մասին խոսելով ուզում եմ մի փոքր պատմել Ճամբարակի բնության և մարդկանց մասին:

Ճամբարակը մի վայր է, որտեղ ձյուն չի գրանցվել միայն օգոստոս ամսին: Զարմանո՞ւմ եք: Ես նույնպես զարմացա, երբ իմացա… Չնայած Ճամբարակը միշտ էլ աչքի է ընկել իր ցուրտ կլիմայական պայմաններով:

Ճամբարակը վայր է, որտեղի շատ շինությունների պատերին մնում են կրակոցի հետքեր, և մեր ծնողների ականջներում հնչում են այդ ձայները մինչ այսօր; Այստեղ մարդկանց սրտերը ահից սկսում են արագ աշխատել նույնիսկ հրավառության ձայնից: Բայց այս ամենի հետ մեկտեղ ճամբարակցին մնում է իր բնակավայրում, չի լքում այն, և արյան գնով պաշտպանում է:

Սիրում եմ նաև Ճամբարակի բնությունը: Այստեղ դեռ չեն հասցրել աղտոտվել ինչպես մարդկային սրտերը, այնպես էլ օդը:

Ինչևէ… Սիրում եմ Ճամբարակը, սիրում եմ այստեղի բնությունը, մարդկանց: Հպարտ եմ, որ  այստեղ եմ ծնվել: 

Ծառայում եմ հայրենիքիս

Հետաքրքիր է մարդկանց առեղծվածը. ծնվում են գիտնականներ, գրողներ, դյուցազուններ, բժիշկներ: Մեկը փայլում է խելքով, մյուսը` ուժով և համառությամբ:

Իմ շրջապատում ևս կան հետաքրքիր, խիզախ և ազնիվ մարդիկ, որոնք երբեք չեն սիրում հպարտանալ, ցույց տալ իրենց կատարած սխրագործությունները: Նրանք երբեմն չափից դուրս համեստ ու բարի են, իսկ մի՞թե դա ավելի հետաքրքիր չէ և ուշադրության արժանի: Ահա այդպիսի մի մարդ է իմ պապիկը՝ Աղասի Չիլինգարյանը: Նա ողջ կյանքում անշահախնդիր ծառայել է իր հայրենիքին: Երկար ու ձիգ տարիներ պաշտպանել է հասարակական կարգը, պայքարել հանցագործների ու գողերի դեմ: Անհրաժեշտության դեպքում չի վախեցել խուլիգանների և հանցագործների մահափորձերից, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ նա առանց վարանելու վերցրել է զենքը և անտառների ու ձորերի միջով հասել շրջափակման մեջ գտնվող իր հայրենի Արծվաշեն: Նա վերջինն է եղել այն մարդկանցից, ով դուրս է բերել խաղաղ բնակչությանը շրջափակումից և այլևս օգնության հույս չունենալով, հետ նահանջել հարազատ գյուղի դիրքերից: Իսկ երբ մենք նրան հարցնում ենք այդ մասին, նա համեստորեն ժպտում է, կարծես թե ոչինչ չի կատարվել: Ականատեսները նշում են, որ երբ շրջանի ղեկավարությունը գնում էր բանակցությունների, նրանք իրենց հետ անպայման վերցնում էին նաև պապիկիս, երևի թե նա իրոք հավատ և ուժ էր ներշնչում իրեն շրջապատող մարդկանց:

Արդեն 60 տարվա շեմին, երբ հանրապետության նախագահը նրան էր հանձնում խիզախության համար հայրենիքի բարձր պարգևը նա արտասանեց ընդամենը երկու բառ.

-Ծառայում եմ հայրենիքիս:

Մի՞թե նա արժանի չէ դասվելու հետաքրքիր մարդկանց շարքերը, որոնք անվերապահորեն նվիրված են հայրենիքին: