Ճակատագրին հակառակ

Ես ձեզ կներկայացնեմ երկու հետաքրքիր մարդկանց մասին պատմություն, որոնց ճակատագրերը վերջ ի վերջո միահյուսվում են: Նրանք միասին ստեղծում են իրենց համատեղ կյանքի պատմությունը: Նրանց կյանքը նման էր հեքիաթի: Այս պատմության գլխավոր հերոսը՝  Սարգիսը, ուներ վեց երեխա, որոնցից ամենափոքրը երեք տարեկան էր, երբ կինը մահանում է: Ամուսինը փորձում էր երեխաների համար երկրորդ մայր գտնել, սակայն երկար ու ձիգ տարիներ հալալ կաթնակեր նրան չի հանդիպում: Եվ ի վերջո, ավագ որդու միջնորդությամբ նա ամուսնանում է չորս անչափահաս երեխաների մայր Նարգիզի հետ, որը նոր էր վերադարձել աքսորից: Նարգիզին աքսորել էին, քանի որ նրա ամուսինը՝ Մեժլումը, եղել էր Վլասովի բանակի մարտիկ: Նարգիզը և Սարգիսը համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու դուստր: Նրանց տասներկու երեխաներն էլ իրար  հետ մեծացան: Բոլորին հավասար աչքով էին նայում, բոլորին հավասար էին սիրում, և նրանցից ոչ մեկը երբեք խորթություն չի զգացել: Վաղուց չկան Նարգիզն ու Սարգիսը, սակայն նրանց ստեղծած ընտանիքի անդամները միշտ վառ են պահում ծնողների հիշատակը: Այսքանից հետո ուզում եմ ասել, որ Սարգիս Սարգսյանը իմ հայրիկի պապիկն է:

Որտեղ ես ծնվել եմ

Իմ ծննդավայր, իմ բնակավայր, իմ հարազատ օրրան, իմ Ճամբարակ: Մի ամբողջ կյանք է կապված քեզ հետ, մի ամբողջ մանկություն, կյանքի 17 գարուն, որի ընթացքում դու ինձ հարազատ ու թանկ ես դարձել: Քո ամեն մի քարը, ամեն մի ծառը ծանոթ է ինձ: Ամեն մի անցած ճանապարհի հետ՝ գեղեցիկ հիշողություններ են այցի գալիս:
Գուցե առաջին հայացքից այստեղ արտասովոր ոչինչ չկա. ո՛չ բարձրահարկ շենքեր, ո՛չ կանաչապատ պուրակներ, բայց այստեղ անձեռակերտ բնությունն ինքնին կերտում է իր շքեղությունը:

Ճամբարակը թառած է լեռների գրկում: Ամուր պարիսպների նման այդ լեռները հավերժորեն ստանձնել են մեր փոքրիկ տարածքի պաշտպանությունը: Գողտրիկ դիրքում լինելով անգամ՝ նա էլ զգացել է թշնամու արկերի հարվածները, լսել ռումբերի պայթյունի ձայները, նրա սրտում էլ պահպանվել են թշնամու պատճառած վնասների սպիները: Միջին և դրանից բարձր տարիքի ճամբարակցիների հիշողության մեջ պահպանվել են դեպքեր, որոնք հիշելիս նրանք ցավ են ապրում, արցունքոտվում են ոմանց աչքերը, պատմում են ակնթարթներ այդ օրերից և ավելացնում. «Աստված տա, որ դուք էլ չզգաք այն, ինչ մենք ենք զգացել: Միայն թե դուք էլ պատերազմ չտեսնեք»:

Այո՛, հալածվել է նաև Ճամբարակը, սակայն ոչինչ չխախտեց նրա բնության ներդաշնակությունը, ոչինչ չկարողացավ ջնջել Ճամբարակ անունը այս լեռների գրկից: Այս լուռ կանգնած ժայռերը ականատեսն են մեր գյուղի պատմության, և նրանք էլ լրացնում են ճամբարակյան բնության «ստեղծագործության» յուրօրիանակությունը:

Այսօր էլ ճամբարակցին շարունակում է իր բնականոն կյանքը. աշխատում է, արարում, հնձում, ցանում, մշակում: Այսօր էլ նա հյուրընկալ է և սրտաբաց, պատրաստ օգնելու և հիշեցնելու, որ դեռ գոյատևում է այս փոքրիկ անկյունը:

Քսանմեկերորդ դա՞րն է

Լույսը նոր էր բացվել, երբ մայրիկս կանչեց.

-Նելլի, Կարինե, Դավիթ, գնացեք ջրի, տանը ջուր չկա, ճաշ պետք է եփեմ:

-Էլի՞, մամ, ես երեկ եմ գնացել, հետո էլ՝ իմ ֆուտբոլի թիմը ինձ է սպասում, պետք է գնամ,- ասաց եղբայրս և գնաց:

-Կար, արթնացիր, ջրի պիտի գնանք:

-Էլի՞… Լավ, հիմա կգամ, դու Մանեին զանգիր, երեքով ճանապարհը կարճ կթվա:

Մանեն մեր հարևանն է, ու մենք հիմնականում միասին ենք ջրի գնում: Ամեն մեկս վերցրեցինք երկուական տարա և իջանք բակ, սպասեցինք, մինչև Մանեն եկավ, և ճանապարհ ընկանք:

-Նել, այսօր ձեր ջրերը տվե՞լ են,- հարցրեց Մանեն:

-Դե, հա, բայց չտվածի հաշիվ ա, շատ կեղտոտ էր, հիմա պետք է ամանները լվանալու համար էլ բերենք, էլ չեմ խոսում, որ մայրիկը պահածո էլ պետք է անի… Այսինքն, այսօր մի քանի անգամ պիտի գնանք ջրի:

Խոսելով հասանք աղբյուր: Ինչպես միշտ, ջուրը շատ բարակ էր գալիս, լավ է՝ գոնե շատ մարդ չկար, հերթ չէր գոյացել: Տարաները լցրեցինք և ճանապարհ ընկանք:

-Չեմ հասկանում՝ ինչքա՞ն պիտի շարունակվի, ե՞րբ ենք վերջապես դադարելու ջուր կրել:

Դե, ինչ, քսանմեկերորդ դարն է, բայց մեր ծորակներից հոսում է «կոկա-կոլա», և մենք գնում ենք դույլերով մաքուր ջուր բերելու:

 

Իմ ամենասիրելի մարդը

Իմ ամենասիրելի մարդը, իհարկե, մայրս է, բայց ես ուզում եմ պատմել նույնքան սիրելի տատիկիս մասին։ Չգիտեմ՝ ինչու, բայց նա իր բոլոր թոռնիկներին սիրում է կարելի է ասել մայրական սիրով։ Իմ հանդեպ շատ հոգատար է և շատ է սիրում ինձ։ Նա բնակվում է Ճամբարակում և եթե իմանա, որ ես այդտեղ եմ և չեմ այցելել իրեն, շատ կնեղանա, ես էլ իմ հերթին շատ սիրելով, չեմ կարող նեղացնել նրան։ Եթե հեռու տեղից գայի, առաջինը տատիկիս կտեսնեի, հետո նոր ծնողներիս, քանի որ նա անհանգստությունից իր տեղը չի գտնում: Շատ հոգատար է, երևի օրվա մեջ ժամը մեկ կարող է զանգահարել և հարցնել.

-Բալես, ո՞նց ես, լա՞վ ես, առողջությունդ ո՞նց ա, ե՞րբ ես գալու, արդեն կարոտել եմ։

Եվ այսպես միշտ շփվում ենք իրար հետ շատ ջերմ։ Տատիկս մայրիկիս մայրն է, և նրանք գաղթել են Արծվաշենից։ Նա ինձ շատ է պատմում իրենց գյուղի մասին, համեմատություններ անում։ Եվ ես ուշադրությամբ լսում եմ նրան և մեծ դասեր քաղում։ Նա շատ մեծ կամքի ուժ ունի. չնայած այդքան մեծ կորստին՝ նա ամեն ինչ սկսեց նորից, և ես հպարտանում եմ իրենով: 

Գյուղի հոգսը

Ինձ հուզում է մեր գյուղի` Թթուջրի, սոցիալական վիճակը, որի հետևանքով մարդիկ լքում են գյուղը: Գյուղում շատ քիչ են աշխատատեղերը, գյուղացիների մի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, բայց ոչ բոլորն ունեն գյուղատնտեսական տեխնիկա և քչով մի կերպ բավարարվում են: Շատերն են ուզում լավ ապրել, սակայն, գյուղում շատ դժվար է, չի ստացվում: Մարդիկ լքում են գյուղը աշխատանք գտնելու նպատակով և հիմնականում չեն վերադառնում:

Մանկության առաջին ուղեկիցը

Տատիկս` Սուսաննա Մելքումյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է: 58 տարեկան է, ունի երեք երեխա և ութ թոռ:

-Ի՞նչ մասնագիտություն ունես, տատ:

-Ես մանկավարժ եմ: Այժմ` Ճամբարակ քաղաքի թիվ 3 մսուր- մանկապարտեզի տնօրենն եմ:

-Քանի՞ տարի է, որ աշխատում ես:

-Արդեն 40 տարի: 11 տարի եղել եմ դաստիարակ, իսկ 1984 թվից, արդեն 29 տարի, տնօրեն եմ:

-Ինչո՞ւ ընտրեցիր հենց մանկավարժի մասնագիտությունը:

-Մանկուց սիրում էի այդ մասնագիտությունը և որոշեցի դառնալ մանկավարժ:

-Հե՞շտ է արդյոք տնօրեն լինելը:

-Տնօրեն լինելը շատ դժվար և, միաժամանակ, շատ պատասխանատու աշխատանք է:

-Քանի՞ խումբ և քանի՞ սան ունի մանկապարտեզը:

-4 խումբ և 120 սան:

-Դժվար չէ՞ շփվել երեխաների, ծնողների և աշխատողների հետ:

-Հաճույքով եմ շփվում թե’ երեխաների, թե’ ծնողների և թե’ աշխատողներիս հետ, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը, և տարիների փորձը օգնում է ինձ:

-Կարողանո՞ւմ ես համատեղել աշխատանքը և ընտանիքը:

-Բնականաբար, այո: Աշխատանքի վայրում կատարում եմ մտավոր, կազմակերպչական աշխատանք, իսկ ընտանիքում դրան լրացնում է ֆիզիկական աշխատանքը:

-Ինչպե՞ս են երեխաները իրենց օրն անցկացնում մանկապարտեզում:

-Կազմակերպվում են խաղեր, կատարվում են երաժշտական պարապմունքներ:

-Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում:

-Բոլոր տոների և կարևոր օրերի առթիվ կազմակերպվում են հանդեսներ: Նախ, «Գիտելիքի օր», ապա «Ոսկե աշուն», Սուրբ Ծննդյան և Ամանորի հանդես, Մայրության և գեղեցկության տոն և, այսպես շարունակ, մինչև «Ավարտական հանդես»:

-Արդյոք գո՞հ են ծնողները:

-Իմ կարծիքով, այո:

-Դուք գո՞հ եք աշխատավարձից:

-Գոհ չենք, բայց հնարավորությունն այսքանն է: Երեխաների վրա դա չպետք է անդրադառնա:

-Իսկ ե՞րբ ամեն բան լավ կլինի:

-Ես լավատես եմ, հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մի օր էլ արևը դեպի մեզ կթեքվի: Մանկապարտեզը կհամալրվի նոր և ժամանակակից խաղալիքներով, տեխնոլոգիաներով, գույքով, և կլինի աշխատավարձի բարձրացում: 

Ազատ ժամանցը՝ պարապություն

Իմ գյուղում` Վահանում, չկան մշակութային կենտրոններ: Իմ հասակակիցները չունեն զբաղմունք, և շատ ձանձրալի է անցնում գյուղի կյանքը: Ես հաճախում էի պարի, սակայն դա երկար չտևեց: Դրանից ես շատ տխրեցի, որովհետև շատ եմ սիրում պարել: Իմ ընկերուհին հաճախում էր դաշնամուրի, սակայն մեր գյուղում չէ, այլ` Ճամբարակ քաղաքում: Նա գնում էր Ճամբարակ պատահական մեքենաներով: Մանավանդ ձմռանը շատ էր դժվար: Իմ հասակակիցների շրջանում կան երեխաներ, ովքեր գնացել են նկարչական խմբակի, բայց դարձյալ Ճամբարակում: Ես շատ կցանկանայի, որ մեր գյուղ մասնագետներ այցելեին և խմբակներ բացեին: Ես վախենում եմ, որ հետագայում իմ հասակակիցները իրենց կյանքից շատ կձանձրանան և կթողնեն գյուղն ու կգնան: 

 

Որտեղ կլինեմ վաղը

Հայաստանի դժվար պայմանների և գործազրկության պատճառով մեծանում է արտագաղթողների և արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Իմ հայրիկը, չկարողանալով աշխատանք գտնել, իր ձեռքով հիմնեց սեփական խանութ: Սակայն մարդիկ աղքատ են Ճամբարակում, և խանութից միայն անհրաժեշտ բաներ են գնում, այն էլ՝ պարտքով: Հայրս ստիպված մեկնեց արտագնա աշխատանքի: Վերջին շրջանում մեր տանը պտտվում են խոսակցություններ ընտանիքով այլ երկիր տեղափոխվելու մասին։ Ես չեմ ցանկանում լքել իմ ընկերներին, հարազատներին և, ի վերջո` հայրենիքս: Սակայն, միևնույն ժամանակ, հայրենիքս չի ստեղծում նպաստավոր պայմաններ բարեկեցիկ կյանք ունենալու համար:  

Իմ ամենասիրելի մարդը

Ես երկու շատ սիրելի մարդ ունեմ: Մեկը մայրիկս է՝ Լալան, մյուսը հայրիկս՝ Մինասը: Չեմ կարող ասել, թե նրանցից ում եմ ավելի շատ սիրում, որովետև, երբ մայրիկիս հետ վիճում եմ, ամենասիրելին հայրիկս է դառնում, բայց, երբ հայրիկիս հետ եմ վիճում, ամենասիրելին մայրիկս է: Շատ հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, որ երկուսին էլ շատ եմ սիրում կամ երկուսին էլ չեմ սիրում: Երբ ես ընկնում էի, ձեռքս կամ ոտքս վնասում, առաջին օգնություն մայրիկս էր հասցնում, իսկ հայրիկս մոտենալով միշտ ասում էր.

-Կմեծանաս` կմոռանաս, բա ուզում ես ռազմահոգեբան դառնալ:

Ես ել նեղվում էի նրա խոսքերից: Հայրիկս ինձ փոքր ժամանակ շատ է երես տվել, իմ բոլոր ցանկությունները միանգամից կատարել է, բայց ես դրանից երես չեմ առել, այլ ընդհակառակը՝ ավելի եմ զգաստացել: Բայց մայրիկս միշտ հայրիկիս ասել է, որ շատ է ինձ երես տալիս, ու բավական է արդեն: Անկեղծ ասած, ինձ դուր էր գալիս, որ հայրիկս իմ ցանկությունները կատարում էր: Երբ նա իմ ցանկությունները կատարում էր, ես հասկանում էի, որ երբ մեծանամ, ես էլ իր ցանկությունները պետք է կատարեմ:

Թե հայրիկիս, թե մայրիկիս շատ եմ սիրում, բայց ամենաշատը հայրիկիս եմ սիրում: Պապիկ-տատիկներս ասում են, որ հայրիկները միշտ աղջիկներին են սիրում, և երբեք նրանց վրա չեն բարկանում, իսկ մայրերը ավելի խիստ են աղջիկների նկատմամբ:

Հայրս

Դպրոցից` տուն, տնից` դպրոց: Ահա, թե ինչպես են անցնում իմ օրերը: Ամեն անգամ դպրոց գնալիս մտածում եմ, թե ինչու են մեր փողոցները այսքան անշուք, ինչու չկա հուշարձան կամ արվեստի մի որևէ աշխատանք:

Հայրս նկարիչ-քանդակագործ է, նա եղել է տարբեր երկրներում, ցուցահանդեսներ է ունեցել: Տարբեր վայրերում ունի իր աշխատանքներից դրված, իսկ հայրենիքում իր աշխատանքներից չունի: Նրան ավելի շատ ճանաչում են արտերկրում, քան Հայաստանում: Ուզում եմ, որ նա այստեղ աշխատի: Հայրս ստիպված է ամիսներով Հայաստանից բացակայել,  որպեսզի իր աշխատանքները կարողանա վաճառել, գեղեցկացնել այլ երկրների փողոցներն ու պուրակները: Բայց ես դա չեմ ուզում: Ուզում եմ, որ նա այստեղ լինի: Ստեղծի իր նկարչական դպրոցը: Համոզված եմ, որ շատ սաներ կունենա: Հայրիկիս Ճամբարակում շատ են սիրում ու հարգում: Ես ուզում եմ հորս  աշխատանքները Հայաստանում լինեն, ինչո՞ւ չէ, նաև` Ճամբարակում: Մի՞թե հնարավոր չէ: