Ուշ լինի, մաքուր լինի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

10 օր հարազատ գյուղից բացակայելուց հետո հասկանում ես, որ դու գյուղիդ խանգարում էիր, որ սայլը տեղից շարժվեր: Ոտքս քաշել եմ, թե չէ, գյուղում դրական տեղաշարժեր են կատարվում:

Երկար ճանապարհից հոգնած, ջարդված հասնում եմ տուն ու տան դիմաց մի մեծ քարակույտ ու աշխատող մեքենաներ եմ տեսնում: Պատկերացնո՞ւմ եք՝ վերջապես որոշել են, որ պիտի երեք տարի առաջ վնասված ջրագիծը նորոգեն, ու երեք տարի անընդմեջ կեղտոտ ջրից օգտվող մարդկանց մաքուր ջուր մատակարարեն: Էն աստիճանի զարմանալի է, որ չեմ կարողանում հավատալ: Բայց մի վատ կողմ էլ կա. գլխավոր ճանապարհը փակ է, ու ժողովուրդը ստիպված պտտվում, գնում երկրորդական ճանապարհով է անցնում, չնայած՝ թող գնան, որ երկրորդական ճանապարհների վրա ապրող մարդկանց «ղադրը» իմանան: Մենք երկրորդական ճանապարհին չենք, բայց «սերտ» առնչություն ունենք:

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Գիտեք՝ հե՞շտ է երեք տարի Եգորանց աղբյուրից կամ տատիկենց տնից ջուր բերելը:

Հա, մի բան էլ ասեմ. երբ երեք  տարի առաջ էդ ջրագիծը վնասվեց, եկան, ճանապարհը քանդեցին, ու գլխավոր ճանապարհի էդ հատվածի մեծ մասը մնաց քարերով լցված, մեքենաներին էլ շատ քիչ տեղ էր մնում անցնելու համար, մի անգամ էլ նույնիսկ ավտովթար եղավ: Ես շատ էի ուզում էս թեմայով գրել, ուղղակի տանը չէին թողնում, բայց քանի լավ բան են անում, էլի՞ չգրեմ:

Լավ, տեսնենք՝ վերջն ինչ է լինելու:

syuzanna navasardyan

Պապ, հիշո՞ւմ ես

Պա՜պ, հիշո՞ւմ ես՝ երբ տանն էիր, մենք սիրում էինք նստել խոհանոցում։ Դու նստում էիր պատուհանին կից դրված նստարանին, իսկ ես այնպես էի նստում, որ գլուխս դնեմ ուսիդ ու ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ։ Գրկում էի քեզ ու աշխարհն էի գրկում, աշխարհն իմն էր այդ պահին։

Պա՜պ, իսկ հիշո՞ւմ ես՝ ինչքան չարություններ էինք անում, ինչքան էինք ջղայնացնում մամային ու ինչքան կատակներ էինք անում։ Ես հիշում եմ, ասեմ ավելին՝ քեզ հետ կապված ոչ մի բան չեմ մոռանում։

Դու պատմում էիր ինձ քո մանկության մասին, քո պատանեկան արկածների մասին: Գիտե՞ս՝ կարոտում եմ ձայնդ, աշխատանքից կոշտացած ձեռքերդ, որ այդքան գրկել են ինձ ու բռնել են ձեռքս, կարոտել եմ հայրական խորհուրդներդ, որոնք ինձ միշտ օգնել են ու քո՝ ինձ դիմելու ձևն եմ կարոտել անգամ։

Բոլորն ասում են, որ ես քեզ եմ նման բնավորության իմ բոլոր գծերով, քեզնից ժառանգել եմ անգամ սերն ու հետաքրքրությունը մեքենաների հանդեպ։ Ուղղակի ես դեռ կարգին վարել չգիտեմ. դու ինձ դեռ սովորեցնելու բան ունես։

Քեզնից ժառանգել եմ հպարտությունս ու խիղճս, որն ինձ թույլ չի տալիս գոռոզանալ, հոգատարությունս ու սառը դատելու կարողությունս, երբեմն կարող եմ կոպիտ լինել, քեզ նման ես էլ չեմ կարողանում թաքցնել զգացմունքներս, չեմ կարողանում կեղծ ժպտալ։

Պապ ջան, շուտ արի, որ մեր Սաքի ծնունդը էլի տոնի վերածենք, շուտ արի ու քո աղջիկների հետ եղիր, մենք, իսկապես, շատ ենք զգում քո կարիքը։ Տարածությունը բաժանել է մեզ, բայց ոչինչ կյանքում իմ սիրուց ուժեղ չի կարող լինել։ Եվ հետո՝ ես քո աղջիկն եմ, ուրեմն չեմ տխրում, չեմ հանձնվում: Չէ՛, տխրելը՝ խաբեցի։

Տատիկի Արո, պապիկի Արայիկ, մայրիկի ուժ, Սաքի պապա, իմ ամրություն ու վստահություն, շո՜ւտ տուն արի։

Lilia Apresyan

#Վիքինսերէ

Ճամբարում էի, նոր եմ վերադարձել: Մտածում ես, թե գնացել էի հանգստանալո՞ւ: Դե, դա էլ իր հերթին, բայց մեր՝ ճամբարականներիս գլխավոր նպատակը «Վիքիմեդիա Հայաստան»-ի մի մասնիկը դառնալն ու հայերեն Վիքիպեդիան զարգացնելն է:

Պատկերացրեք մի վայր, որտեղ հավաքվել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների 67 երեխաներ, որոնց գլխավոր նպատակը մեկն է. գիտելիքը հասանելի դարձնել բոլորին:

Տասն օր անմոռանալի հիշողություններ, տասն օր գիտելիքների մի այնպիսի մեծ պաշար, որը միշտ պետք կգա, տասն օր ծանոթություններ, որոնք կյանքն ուղղակի դարձնում են պայծառ, տասն օր ընկերներ, որոնք քեզ միշտ պետք են:

Մեծ երջանկություն է, երբ դու անձամբ շփվում ես «Վիքիմեդիա Հայաստան»-ի հիմնադիր տիկին Սուսաննայի հետ, լսում նրա պատմությունները, ծանոթանում նրա անցած ուղուն:

Շատ մեծ ուրախություն է նաև մի վայրում տասն օր անցկացնել մարդկանց հետ, որոնց հետ դու ունես շատ ընդհանրություններ: Էլ ավելի մեծ ուրախություն է ձեռք բերել ընկերների նման մեծ բանակ. Վադիմի պարելը, Արշակի լացելը, Դաթոյի՝ իր ազգության հետ կապված պատմությունները, Տիկոյի կսմթելը, Հովոյի ծիծաղը, Նանեի հետ պտտվելը, ընկեր Արթուրի խիստ հայացքը, Էրիկի երգելը, Ռոզայի դանդաղաշարժությունը, Ռիտայի աչքերը, Սոֆիի նեղանալը, խմբագրումների ժամանակ Կարոյի՝ երգը բարձր միացնելն ու ընկեր Ստեփանյանի բարկանալը, Արփիի բարությունն ու Իզայի նվերներ փոխանցելը, Մանյայի հոգատարությունն ու բոլորի՝ իմ խուճուճները շատ սիրելը, Թամարայի հետ վերջին օրերին ծանոթանալն ու խոսելը շատ տարբեր թեմաներով, Անահիտի՝ գաղտնի ընկերոջս հետ մի օրում շատ կապվելը…

Եթե շարունակեմ այս շարքը՝ շատ երկար կստացվի, աչքերս կցավեն, ու ես կկարոտեմ Մանյայի պատրաստած աչքի թրջոցները:

Բոլորիդ շատ սիրում եմ ու կարոտում, իսկ կարոտը մեղմելու համար աշխատում ենք, հիշե՛ք. շաբաթական մեկ լիարժեք, նորմալ հոդված:

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի, Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

2017-18. մեկնարկը տրված է

anush davtyan

Հօգուտ աշխատավորների

Մի մասի մոտ ամառային արձակուրդները սեպտեմբերին են սկսվում։ Հնարավոր է, որ դա գալիս է հասունանալու անդարձ գործընթացի հետ, երբ արդեն էական չէ, թե շաբաթվա որ ամիսն է, կամ տարվա ինչ եղանակ էր պատուհանիդ հետևում երեկ, ու ինչ կլինի երկու օր հետո, կարևորությունը կորցնում են թվերն ու ժամերը, և ուղղակի սկսում ես պահով ապրել։ Մոռանում ես, որ մանկապարտեզի տարիքից ամառը «հանգստանալու» ամիս էիր համարում, որովհետև հիմա գործը միշտ է, եղանակ ու շաբաթվա օր չի ճանաչում։ Մոռանում ես էդ մոտեցումը և ուղղակի տվյալ պահն ես հարմար գտնում աշխատանքից «թռնելու» համար։

Բայց մյուս կողմից կարող է քեզ «թռցնեն» հենց էդ նույն աշխատանքից։

Կրճատումները համաճարակի պես հերթով խոցում են տարբեր շրջաններ, մեկից մյուսն են անցնում ու վերջում շատ հանկարծակի քեզ էլ են հասնում։

Ես դեռ երկար չեմ սովորել բուհում, բայց էս կարճ մեկ տարում ինձ արդեն հասանելի բացատրել են, որ ես ապագա գործազուրկ եմ, հուսազուրկ ու անդառնալի գործազուրկ։ Ես անգամ տրամադրվել էի, որ լինելու եմ տան միակ անդամը, ով էդպես էլ կարգին աշխատանք չի ունենա, իսկ էն կարճ ընթացքներում, երբ «ՍԱՍ»-ի դրամարկղում մանր տամ հաճախորդին կամ ավելի մեծ չափսի շալվար տանեմ հանդերձարան, անընդհատ մտածելու եմ էդ անիմաստ գործը թողնելու մասին։ Մի խոսքով՝ լինելու եմ մեր օջախի պաշտոնական անգործը։ Բայց ինձ ոչ ոք չէր ասել, որ մեր տանը էդ պաշտոնի վրա արդեն աչք կա դրած։

Մոտ երկու ամիս առաջ էր, որ իմացանք հայրիկի աշխատավայրի կրճատումների մասին։ Հետո պարզվեց, որ բոլոր աշխատողներին հեռացնելու են. նոր բան են ստեղծում մարդիկ։ Տեսչական մարմին։ Տեսչությունը երևի էլ էն չէր, նոր շունչ էին հաղորդում։ Լուծարված պայմանագրերի մենակ մի մասն են վերականգնելու տասը օրից մինչև երկու ամիս ժամանակահատվածում, իրենց նոր «մարմնում» տեղ ու գործառույթ են տալու։ Իսկ թե որո՞նք, էդ մի բանը չեն ասում, իհարկե։ Դեռ պարզ չէ։

Հիմա հայրս ավելի շատ (լիքը) ազատ ժամանակ ունի, ինչ ուզի, կարող է անել։ Բայց օրվա հիմնական մասը ես նրան գտնում եմ բազմոցին, համակարգչի առաջ կամ դրսում՝ ճոճին։ Ծանր եմ տանում էդ փաստը, բայց հիմար կատակների տակ չի զգացվում։ Ասում եմ, որ հիմա գոնե պիտի տանը շատ գործ անի, ամեն կերպ օգնի բոլորին, որ արդարացվի անգործությունը, բայց իրականում զգում եմ, որ իր համար էլ է դժվար, ու լեզուս էդքան երկարացնելու տեղը ավելի լավ է՝ ես օգնեմ։

Հայրս ասում է, որ քանի ձեռքը գումար կար, էդ շրջանում պիտի հասցնեինք վարորդական իրավունքի քննության գնալը։ Չէի պատկերացնում, բայց իրականում ահագին գումար արժի մինչև կյանքիդ վերջ ղեկը անարգել բռնելու ցանկությունը։ Ես էլ նրան պատասխանում եմ, որ պապիկը գումար կտա կամ եղբայրս։ Չեմ բարձրաձայնում, բայց վերջին հաշվով իմ «բանկն» էլ կարող է ուսանողական վարկեր տրամադրել, մինչև բանը բանի գա։

Հիմա տանը հաշիվը 2:4 է. երկու անգործով չորս աշխատավորի դեմ ենք դուրս եկել։ Աշխատավորները հաղթում են, բայց դրանից մնացածները չեն տխրում։ Լավ է, չէ՞։

Մաքենյաց Վանք

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Մաքենյաց վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մաքենիս գյուղում՝ Վարդենիս քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ համանուն գետի ափին: Վանք հասնելու համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհից պետք է մտնել Ծովակ գյուղ, ապա՝ Լճավան և հասնել Մաքենիս: Եկեղեցին գտնվում է գյուղի գլխավոր ճանապարհի աջ կողմում:

Վանքն ունի ընդարձակ և պարսպապատված բակ, որի զգալի մասը հատկացված է գերեզմանոցին, որտեղ այլևս թաղումներ չեն իրականացվում: Վանքի մասին տեղեկություններ է հաղորդում Ղևոնդ Ալիշանը՝ իր «Ծիսական» գրքի 65-70-րդ էջերում. «Մեծահամբավ Մաքենոց մենաստանն իր հռչակով ամենահինն է ամբողջ Գեղամա երկրում»: Ըստ Ալիշանի՝ վանքերն ու մենաստանները սովորաբար բնակավայրերից են իրենց անունն ընդունում, իսկ այս վայրը Մաքենիս է կոչվել մենաստանի անունով, որովհետև այստեղի կրոնավորների զգեստները եղել են մաքենի կամ օդենի (ոչխարի մորթին է) նյութից: Այն անվանել են նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից պատրաստված լինելու պատճառով:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Վանքի և միաբանության ծաղկուն շրջանը սկսվել է 8-րդ դարից՝ շնորհիվ Սողոմոն Մաքենացու: Նա 701թ.-ին այսեղ գրում է «Տոնական» եկեղեցական կանոնակարգը, որը 1170-ին Ներսես Շնորհալին վերցնում է և կիրառում հայկական մյուս վանքերում: Սողոմոն Մաքենացին այստեղ հիմնում է նաև դպրոց, որտեղ ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին: Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սբ. Նշան խաչը: 855 թ.-ին Մաքենյանց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ:

728-ին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյանց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչև այդ, խույս տալով վտանգից, Մաքենյանց վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝  Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788-ին վերականգնել է Սողոմոն Գառնեցին:

IX դ. վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից՝ հյուսիս-արևելքից, սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին և վանքը շրջապատել բարձր պարսպով: Նա Մաքենյանց վանքին նվիրել է նախիրներ և այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում և 5 կրպակ՝ Անիում:

Այսօր էլ Մաքենյաց վանքում վանական-ճգնավոր է ապրում: Նա մեզ ընդառաջ եկավ վանքի ներսում: Իմանալով իմ ուսումնական հավակնությունների մասին՝ ասաց. «Եթե մարդ լավ կրթված է, բայց չգիտի Աստծո խոսքը՝ կարող է մեծամտանալ»: Ուստի ինձ խորհուրդ տվեց օրական գոնե 10-15 րոպե հատկացնել Աստվածաշնչի ընթերցանությանը և մասնակցել պատարագներին:

Artyom Avetisyan

Վերջին սեպտեմբերի 1-ը

Վերջին սեպտեմբերի 1-ն է, բայց՝ դպրոցական վերջին սեպտեմբերի 1-ը: Շուտով ես էլ կիմանամ, թե ինչ բան է շրջանավարտ լինելը, ես էլ կհասկանամ ու կզգամ մյուս բոլոր շրջանավարտների զգացմունքները, հոգսը և ուրախությունը: Շուտով ես էլ եմ կրելու վերջին զանգի կրծքանշանը, ու ինձ ու դասընկերներիս համար էլ է հնչելու դասամիջոցներն սկսող ու ավարտող, բայց արդեն նշանակալից, խորհրդավոր, զգացմունքային վերջին զանգը:

Տարիներ շարունակ միշտ ասել ենք՝ ե՞րբ է գալու մեր վերջին զանգը: Դասերին նստել ու հաշվել ենք, թե վերջին զանգին քանի օր է մնացել, բայց այս տարի նստելու ու հաշվելու ենք, թե մեզ քանի օր է մնացել իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու:

Համոզված եմ, որ այս տարի բոլորս էլ կանհանգստանանք, երբ հասկանանք, թե ինչքան կարևոր էր մեզ հարազատ դարձած մեր հին տեղը՝ մեր սեղանն ու աթոռը, որոնց համար միշտ վիճում էինք:

Հենց այս տարի է, որ բոլորս հասկանալու ենք դպրոցի էությունը, ուսուցիչների չարչարանքներն ու նրանց տված գիտելիքը, հասկանալու ենք բոլորս իրար, որովհետև սա մեր դպրոցական վերջին տարին է լինելու: Այլևս մեզ համար չեն լինելու ազատ պահեր, անգամ ժամանակ չենք ունենալու դասին չնստելու: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են բոլոր այս զգացմունքները հայտնվում հենց 12-րդ դասարանում: Թող բոլորը լիներ 8, 9, 10-րդ դասարաններում: Պատասխանը հետևյալն է. սա վերջին սեպտեմբերի 1-ն է, վերջին դպրոցական հուշերի, ապրումների ժամանակահատվածը ու վերջին դպրոցական դասամիջոցները:

Ճիշտն ասած՝ չէի ցանկանա նորից գնալ դպրոց, սովորել տառերը, թվերը, բայց կուզենայի, որ 12-րդ դասարանը ունենար իր 1-ին և 2-րդ «եթերաշրջանները», որպեսզի 1-ում բոլորը մի լավ պատկերացնեն, զգան, թե դա ինչ է, իսկ 2-րդ տարում արդեն «հիասթափվեն» 12-րդ դասարանցի լինելուց, որպեսզի շրջանավարտները վերջին պահերին չտխրեն, այլ շատ ուրախ լինեն: Այնպես տոնեն, ինչպես կտոնեին այն մարդիկ, որոնց տղաները անփորձանք բանակից վերադարձել են տուն, կամ աղջիկները անվճար ընդունվել են բժշկական համալսարան:

 

Արհեստն է մարդուն ոսկե բլազուկ

Հարցազրույց ժողվարպետ Անահիտ Ճաթեյանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք տիկնիկագործությամբ:

-Երկար տարիներ աշխատել եմ մանկատանը, երեխաներին ուսուցանել արհեստի տարբեր ճյուղեր՝ թաղիքագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, հելյուն, կարպետ, ասեղնագործ ժանյակ: Արդեն հինգ տարի է՝ զբաղվում եմ նաև տիկնիկագործությամբ, բայց սերը դեպի տիկնիկագործությունն ունեցել եմ դեռ մանկության տարիներից:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Ինչպիսի՞ տիկնիկներ եք պատրաստում:

-Երբ սկսեցի զբաղվել տիկնիկագործությամբ, որոշեցի պատրաստել հատկապես հայկական տիկնիկներ, ու քանի որ մանկատանը արտասահմանցի հյուրեր շատ են լինում, որոշեցինք մեր պատրաստած հայկական տարազներով տիկնիկները նրանց նվիրել:
Սկզբում տիկնիկների հագուստները պատրաստում էինք հելյունով կամ շյուղերով գործած գործվածքներով, հետո արդեն նաև կարպետով՝ մեր հայկական զարդանախշերով զարդարելով: Տիկնիկները հաճախ պատրաստում ենք հեքիաթների, գերդաստանի թեմաներով՝ տատը թոռների հետ, գրկանոց նորածին երեխան՝ մոր գրկում:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Քանի՞ տարի եք աշխատում մանկատանը:

-Արդեն քսանհինգ տարի է՝ աշխատում եմ մանկատանը՝ շատ սիրելով իմ գործն ու երեխաների հետ շփումը:

-Նման ստեղծագործական աշխատանքների նշանակությունն արդյոք մե՞ծ է երեխաների կյանքում:

-Ձեռքի աշխատանքները երեխաների համար թերապիա են հանդիսանում, նյարդային համակարգը թուլացնում, լարվածությունը հանում են, քանի որ նրանք այդ պահին զբաղվում են հաշվարկով, չափելով, կտրելով, կարելով, ինչն էլ մարդուն հավասարակշռված, հանգիստ վիճակի է բերում: Ինչո՞ւ չէ, նաև ծանոթանում են հայկական ազգային զարդանախշերին ու հագուկապին, իրենց իսկ ձեռքով պատրաստում են ազգային տիկնիկներ:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Որտեղի՞ց եք սովորել տիկնիկագործություն:

-Տիկնիկագործության մասին հայկական շատ գրականություն կա հնագիտական թանգարանում: Վերցնելով, կարդալով, կարպետներն ուսումնասիրելով՝ գծապատկերներ եմ անում ու սկսում պատրաստել:
Տիկնիկագործության առումով ինքնուս եմ, իսկ ասեղնագործ ժանյակը սովորել եմ մորիցս ու հիմա սովորեցնում եմ երեխաներին:

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Ինչ-որ արհեստի տիրապետող մարդը ինչպիսի՞ն պետք է լինի:

-Առաջնային է աշխատասիրությունը: Ես ինքս կարգախոս ունեմ, որով առաջնորդվում եմ ցանկացած գործ սկսելիս՝ «Աշխատել ցանկացողը ելք է փնտրում, աշխատել չցանկացողը՝ պատճառներ»:
Աշխատելիս միշտ ինքս ինձ կրկնում եմ ու երեխաներին էլ խրատում, որ արհեստը «ոսկե բլազուկ» է: Արհեստ իմացողը մինչև կեսօր է սոված մնում:

Սահմանից հեռու և մոտիկ

Օրեր առաջ էր, որ ստացանք Լիլիթ Հարությունյանի «Սահմանից հեռու» հոդվածը: Կայքում տեղադրելուց առաջ որոշեցինք ուղարկել 17-ի մեր թղթակիցներ Սերինե Հարությունյանին (Տավուշի մարզ, գ.Կոթի) և Լիա Ավագյանին (Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր): Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թե Լիլիթի հոդվածը, թե Սերինեի և Լիայի պատասխան հոդվածները:

Սահմանից հեռու

lilit harutyunyan lchshenՄիշտ ցանկացել եմ ապրել սահմանամերձ գյուղերից մեկում՝ թեկուզ կարճ ժամանակով: Գիտեմ՝ ծիծաղելի է թվում, բայց ինձ հետաքրքրում է այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են այդպիսի վայրերում, թե ինչ են անում նրանք կրակոցների ժամանակ, ինչպես են պաշտպանվում…

Շատ-շատ եմ հեռուստատեսությամբ տեսել ու լսել այդ գյուղերի, այնտեղ ապրող մարդկանց և նրանց առօրյայի մասին, սակայն, ինչպես սիրում են ասել մեր մեծերը՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս համարձակ ցանկությանս մասին, շրջապատիս արձագանքն ինձ ամենևին էլ չզարմացրեց: Որոշ իմ հասակակիցներ էլ ասացին.

-Այ քեզ ցանկություն, ուզում է հայրենասեր երևալ:

Չգիտեի, որ ցանկությանդ մասին ինչ-որ մեկին հայտնելը հայրենասեր թվալու միջոց է: Ցանկությունս հաստատ իրականություն եմ դարձնելու. կարճ ժամանակով, բայց հաստատ ապրելու եմ սահմանամերձ վայրերից մեկում: Պետք է, չէ՞, մի օր ուղիղ նայենք թշնամու աչքերին:

Լիլիթ Հարությունյան

Գեղարքունիքի մարզ, գ.Լճաշեն

***

Սահմանին մոտիկ

serine harutyunyanՄայրաքաղա՞ք, տարբեր քաղաքներ ու գյուղե՞ր, թե՞ սահմանամերձ գյուղ…
Տարօրինակ սկիզբ էր: Եթե անկեղծ՝ մայրաքաղաքը և առհասարակ մեծ քաղաքները տանել չեմ կարողանում: Երևի դա նրանից է, որ սովոր եմ գյուղի հանգիստ ու լուռ կյանքին, բայց շատերի երազանքը հենց մայրաքաղաքում ապրելն է: Դե, նորմալ է, տարօրինակ ոչ մի բան չկա, շատերն են ծանոթ քաղաքում ապրող մարդկանց առօրյային. աշխույժ կյանք, երթևեկություն, խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, վերելակ, հրավառություն, անթիվ-անհամար ավտոբուսներ ու կանգառներ, և այլն, և այլն… Թերևս ինձ համար անտանելի:
Պատմեմ նրա մասին, ինչի մասին քչերը գիտեն: Սահմանամերձ գյուղերում ապրողների կյանքն ու չարչարանքը միայն այնտեղ ապրողներին է հայտնի: Ի՞նչ է կատարվում այստեղ՝ սահմանին մոտ, քչերը գիտեն: Քչերն են ուզում այստեղ ապրել, ապրողների մեծ մասն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում է: Հեռացողներին, ամեն դեպքում, մեղադրել պետք չէ. գնում են, որովհետև աշխատանք չունեն, որովհետև հոգնել են անվերջ կրակոցների ձայն լսելուց, հոգնել են երեխային խաբելուց, թե իբր փուչիկ էր, որ պայթեց, հոգնել են:
Այստեղ գրեթե աշխուժություն չկա, չկան խցանումներ, վառ ու գունավոր խանութներ, բազմահարկ շենքեր, հարյուրավոր ավտոբուսների փոխարեն այստեղ ընդամենը երկուսն են, հազարավոր կանգառների փոխարեն՝ մի քանիսը… Հրավառությո՞ւն, այստեղ հրավառություն ամիսը մեկ կամ լինում է, կամ՝ ոչ, դե, եթե չհաշվենք Նոր տարին ու ամառային և ձմեռային զորակոչերի օրերը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Սահմանին ապրողները մեկ-մեկ գնդակոծությանն էլ կատակով «հրավառություն» են կոչում, իրենց հույս տալիս:
Իսկ գնդակոծության ժամանակ ի՞նչ են անում սահմանին ապրողները, երբ ցանկացած հաջորդ փամփուշտը կարող է իրենց տանը դիպչել. թաքնվում են:

Իսկ ինչե՜ր են անցնում մտքովդ, երբ արդեն արձակված փամփուշտի կարմիր լույսը տեսնում ես քո իսկ աչքով, քո սենյակի լուսամուտից… Ինչե՜ր ես մտածում այն պահին, երբ գետինը ցնցվում է արձակված ինչ-որ հզոր զենքի ազդեցության տակ: Ինչքա՜ն ես աղոթում սահմանին կանգնած զինվորի համար, ինչքա՜ն ես վախենում նրանց կյանքի համար: Ինչպե՜ս էլ ոչ մի վախ չես ունենում՝ տանդ պատշգամբից ամեն օր դիրքերը տեսնելիս:
Մարդիկ կան՝ սահմանին ապրել են երազում: Իրոք որ, համարձակ ու զարմանալի ցանկություն է: Երազե՜ք ու անպայման իրականացրեք ձեր երազանքը, մի օր հաստատ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը հետ են գալու: Ես գիտեմ՝ լավ է լինելու՝ մեր տան դիմացի դիրքերում, Արցախի ու Հայաստանի այլ դիրքերում կանգնած մեր տղերքի շնորհիվ:
Հայրենիքը միշտ էլ սահմանից է սկսվելու, միշտ, բայց մի օր հաստատ սահմանը էլ չի տարբերվելու հայրենիքիս մնացած վայրերից: Մի օր էլ սահմանին կանգնելու կարիք անգամ չի լինելու, իսկ երեխաները վազվզելու են ու անվե՜րջ հպարտանալու են, որ էդ խաղաղությունը իրենց հայրիկների շնորհիվ է ձեռք բերվել:

Սերինե Հարությունյան, Տավուշի մարզ, գյուղ Կոթի

 ***

Սահմանին ապրելու ու միշտ ժպտալու բանաձևը

lia avagyanՀիմա դժվար կլինի գտնել ինչ-որ մեկին, ով ցանկանում է ապրել սահմանապահ գյուղում ոչ թե հանգստանալու, այլ թշնամուն մոտիկից տեսնելու ու նրա հետ «ծանոթանալու» նպատակով: Մոտիկից տեսնել դիրքերը, ապրել սահմանապահի կյանքով, համոզված եմ՝ քչերը կան, որ կցանկանային այդ կյանքը, քանի որ ինչ-որ տեղ քեզ զրկում ես որոշ «բարիքներից»: Բայց իրականում սահմանում ապրելը իր հետաքրքրությունն ունի, օրինակ՝ հաստատ ոչ մի ուրիշ ոչ սահմանամերձ գյուղում չի լսվի հարևան պետության գյուղերում անցկացվող հարսանիքների ձայնը, մարդկանց շարժը, նույնիսկ հեռադիտակ կամ սուր լսողություն պետք չէ այդ ամենը տեսնելու կամ լսելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանում ապրելուն, դա իրականում խիզախություն ու հայրենասիրություն է պահանջում: Երբ կարդացի Լիլիթի նյութը, փշաքաղվեցի, որովհետև մարդիկ կան, ովքեր միայն «սահման» բառը լսելիս «տաքություն են տալիս»: Ես նույնիսկ ճանաչում եմ այնպիսի մարդկանց, ովքեր արդեն գյուղ մտնելիս կքանստած ու թաքնվելով են քայլում փողոցներով՝ նույնիսկ չմտածելով, որ այդ քայլով վիրավորում են գյուղի բնակիչներին: Սահմանին առողջ ու կարևորը՝ խիզախ մարդիկ են պետք: Ինձ սահմանից հեռու ապրող մարդիկ հաճախ հարցնում են, թե մեր գյուղում արդյոք կքանստելո՞վ ենք ապրում, քայլում ու դպրոց գնում, ու ես միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ եթե սահմանի ժողովուրդը կքանստելով ու վախվխելով ապրեր, ապա վաղուց թշնամին ներսում կլիներ:

Այո, թշնամին հսկում է յուրաքանչյուրիս քայլը, բայց երբեք չի համաձակվի որևէ մեկիս վրա նշան բռնել՝ կրակելու նպատակով, և գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեր միջև կանգնած է ավելի հզոր հայ զինվորը:

Իրականում սահմանի կյանքը չի տարբերվում մնացած բնակավայրերի առօրյայից՝ դպրոց, տուն, տնային գործեր, դասեր, պարապմունքներ և հազար ու մի գործողություններ: Ուղղակի այս դեպքում կյանքդ ապահովագրված չէ թշամու գնդակից: Եթե ինչ-որ ուրիշ քաղաքներից ու գյուղերից մարդիկ մտածում են սահմանում ապրելու մասին, ուրեմն իրոք գնահատում են այստեղ ապրող մարդկանց, նրանց կատարած գործը, որովհետև այստեղ բոլորը զինվոր են՝ սկսած ամենափոքրից, վերջացրած տան մեծով:

Ու, վերջապես, սահմանում ապրելը իր առավելությունները ունի, այո, ճիշտ կարդացիր՝ առավելություն: Օրինակ՝ եթե ուզում ես զենքերի մասին տեղեկություն իմանալ, ապա կա՛մ պետք է ռազմական ինչ-որ դպրոցում սովորես, կա՛մ ապրես սահմանապահ գյուղում, որովհետև այստեղ, սկսած հինգ տարեկանից, երեխաները տիրապետում են զենքերի մասին նեղ մասնագիտական տեղեկությունների՝ առանց չափազանցության:

Բայց, անկախ ամեն ինչից՝ սահմանում կյանքը եռում է, գյուղը զարգանում է, իսկ երբ թշնամին իր հեռադիտակով նայում է գյուղին ու այնտեղ ապրող մարդկանց, միշտ տեսնում է ուրախ ու հայրենիքը սիրող դեմքեր:

Հ. Գ. Լիլիթ ջան, քեզ հրավիրում եմ մեր գյուղ՝ ծանոթացնելու այստեղի առօրյային, բնությանը ու այստեղ ապրող քո հասակակիցների հետ: Կարծում եմ՝ իրար պատմելու շատ բան կունենանք:

Լիա Ավագյան

Տավուշի մարզ, գ.Ներքին Կարմիրաղբյուր

syuzanna navasardyan

Նորից սեպտեմբեր ու մի շարք հարցեր

Շուտով նորից սեպտեմբերը կգա, նորից հարազատ դեմքեր, սիրելի ընկերներ և ուսուցիչներ: Իսկ հետո՝ հետարձակուրդային սթրես։ Դու պիտի շուտ արթնանաս, ճիշտ գրաֆիկ կազմես, դուրս գաս ամռան ճիրաններից։

Ես այն սակավաթիվ աշակերտներից եմ, որոնք չունեն վաղ արթնանալու խնդիր։ Այդ հարցում մի քիչ հանգիստ եմ։ Բայց կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր աշակերտների համար՝ անկախ տարիքից ու նախասիրություններից։ Այդ խնդիրները հատկապես ուսումնական տարվա սկզբում են գլուխ բարձրացնում, իսկ որոշ ժամանակ անց հարթվում, հանդարտվում են։ Հետարձակուրդային խնդիր է, օրինակ՝ դասերի պատրաստումը: Հազի՜վ տրամադրվում ենք (համոզում ենք ինքներս մեզ), որ արդեն դասերը սկսվել են, պետք է սովորել օրվա դասը, ի՜նչ ամոթ կլինի, որ պատրաստ չլինենք ու զգում ենք, որ թեկուզ այդ մտքերով էլ մենք շեղում ենք մեզ դասերից։ Դժվար է սովորել անգամ այն առարկաների դասերը, որոնք ամենաշատն ենք սիրում (ի դեպ՝ ես հումանիտար եմ)։

Ամեն սեպտեմբերին դասարան մտնելիս այնքան ջերմություն եմ զգում, որ մի պահ մոռանում եմ դասերի մասին։ Ես նայում եմ իմ նստարանին, նայում եմ մեր պաստառներին: Ամեն ինչ այնքան սառն է, այնքան դատարկ է առանց մեզ։ Ինձ թվում է, որ մեր դասարանի պատերն անգամ տխրում ու կարոտում են մեզ։

-Հեռախոսը մի կողմ դիր, էդ քեզ ապագա չի։

-Այ մարդ, էս ի՞նչ սերունդ է մեծանում, բա մեր ժամանակ էսպե՞ս էր։ Մենք մեր ժամանակին գրքերն ու տետրերը ձեռքներիցս չէինք գցում։ Մեկին, եթե նոր գիրք էին գնում, մենք էդ գիրքը ձեռքից ձեռք փախցնելով էինք կարդում…

Շուտով այս ամենը լսելու ենք մոտ մեկուկես ամիս շարունակ։ Այնքան դժվար է մեծերին բացատրել, որ «իրենց ժամանակին» ախր չկային ո՛չ համակարգիչ, ո՛չ հեռախոս, ո՛չ էլ պլանշետ։ Բայց, ամեն դեպքում, նրանք, իհարկե, ճիշտ են։ Մենք պիտի շատ կարդանք ու սովորենք։

Մեր տանը իմ գրքերով առավել հետաքրքրված է պապիկս։ Շա՜տ է սիրում աշխարհագրություն ու պատմություն։ Ամեն անգամ նոր գրքեր ստանալուց հետո շտապում եմ տուն։

-Պա՜պ, նայի՛ր, նոր դասագրքերս եմ ստացել։

-Ապրե՛ս, աղջիկս, դե ե՛կ, միասին ուսումնասիրենք։

Ու միասին թերթում ենք բոլոր էջերը։ Պապիկն ինձ պատմում է իր դպրոցական տարիների մասին։ Հասկանում եմ, որ այն ժամանակ լրիվ այլ հետաքրքրություններ են ունեցել։ Հատկապես նկատում եմ, որ այլ են եղել «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունները։ Կարծում եմ, որ խստությունն ավելի շատ է եղել, հաճախ նաև անտեղի խստությունը։

Պապիկն իմ մեջ դեռ վաղուց արթնացրել է սեր հումանիտար առարկաների հանդեպ։ Դե, իսկ տատիկս մի՜շտ ասում է, որ ես պիտի լրագրող դառնամ։

-Բալես, էնքան եմ ուզում մի օր էլ քո պատրաստած նյութերն ու հոդվածները կարդամ։ Մինչև քեզ լրագրող դարձած չտեսնեմ, չեմ մեռնի։

-Տատ, դե որ էդպես է, ես էլ լրագրող չեմ դառնա։

Հետարձակուրդային սթրեսից ազատվելու ամենալավ միջոցն ինձ համար երաժշտությունն է։ Առաջարկում եմ երեկոյան ժամերին դասական երաժշտություն լսել։ Իսկ օրվա ընթացքում ուրախ ու աշխույժ երաժտությունը կօգնի լիցքաթափվել։ Դե, իսկ երբ ազատվում ենք այդ ամենից, կարելի է ընտիր ռոք լսել։

Աշակերտների մի մասը միշտ սպասում է դասերի սկսվելուն, մյուս մասը՝ դժգոհում, թե՝ վա՜յ նորից սկսվում են…

-Արի՛ դաս պատմելու։

-Մատյանով եմ հարցնում։

-Մինչև դասի վերջ կհասցնե՞ս կրկնել:

Ես շա՜տ եմ սիրում դպրոցը, այս արտահայտություններն էլ շա՜տ եմ սիրում, անգամ հասցրել եմ կարոտել։ Սիրում եմ մեր այն ուսուցիչներին, որոնք միշտ մեր կողքին են, որոնք հասկանում են մեզ, որոնք դասարան մտնում են նախ որպես մարդ, հետո՝ ուսուցիչ, որոնք մեզ տեսնում են նախ որպես մարդ, հետո՝ աշակերտ։

Սիրելի՛ դպրոց ու հարազատ դարձած դեմքեր, շուտով կհանդիպենք։