Syuzanna Arshakyan

Արձակուրդ աշխարհից

-Ժամանակ չունեմ։

-Չհասցրի մտածել։

Հիմա եմ հասկանում, որքա՜ն անիմաստ ու անբովանդակ են նման պատճառաբանումները։ Պատճառներ, որոնք առաջ ենք բերում հարազատին չայցելելու, միմյանց ձեռք չմեկնելու կամ էլ որևէ մեկի խնդրանքը չկատարելու համար: Ժամանակ դեռ շա՜տ կունենանք, իսկ հարազատին այցելելու, ընկերոջ վիշտը կիսելու հնարավորությո՞ւն։ Չբացառենք, որ օգնելու խնդրանք ևս չենք ունենա: Ինչևէ: Առանց այն էլ չէինք կարողանում հավասարվել կյանքի խելահեղ ընթացքին, գլուխներս միայն մեր անձնական գործերի, մտքերի ու մտածմունքների մեջ թաղած շնչակտուր վազում ու վազում էինք՝ շատերս անգամ տեսադաշտում չունենալով վերջնակետը։ Ու հանկարծ բոլորս ստանում ենք չնախատեսված արձակուրդը։ Արձակուրդ ոչ թե աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից, այլ ես կասեի՝ աշխարհից։ Ի՞նչ ես անում քո բաժին արձակուրդի ընթացքում, քո աշխարհում։ Շատերի համար ուղղակի ժամանակի կորուստ է, ի՜նչ ենք անելու։ Մյուսների համար ժամանակի մե՜ծ չափաբաժին, մե՜ծ հնարավորություն, սեփական «ժամանակ չունեմ»-ները մի լավ քրքրելու համար։ Մի պահ մտածեցի, որ բոլորս մեր գործերը, նպատակները սեղմել ու տեղավորել էինք այս մեկ ամսվա մեջ, ինքներս մեզ տվել ընդամենը մի ամիս դրանց հասնելու, ինչ-որ գործեր ավարտին հասցնելու համար։ Հիշենք, որ կորոնավիրուսից հետո կա կյանք։ Ի՞նչ էինք անում, երբ ժամանակը շատ էր, իսկ առօրյան՝ ազատ։ Ո՞ւր էինք այդքան շտապում, ի՞նչ էիք անվերջ ձեռնարկում, որ հիմա խուճապահար եղած փորձում ենք հասցնել ամեն բան։ Եկեք հիմա շեշտը դնենք ոչ թե նյութականի, որը կարծում եմ՝ բոլորիս մտածելակերպում է արժեզրկվել, այլ հոգևորի, աննյութականի վրա։ Ինքս մի քանի գիրք էի առանձնացրել ու աշխարհից արձակուրդի ընթացքում որոշել էի կարդալ։ Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. Ես վախենում եմ»-ը առաջինն էր ու ամենահամապատասխանը ստեղծված իրավիճակին։ Անհնար է կարդալ առանց մտքերի մեջ ընկնելու, ինքդ քեզ հետ կռիվ տալու ու որոշումներ կայացնելու։ Կարդալիս գեթ մեկ անիմաստ կամ անհետևանք հանդիպում չես ունենա ոչ մի հերոսի հետ: Մարդկային անտարբերության, խարխլված հարաբերությունների, վայրկենական արված որոշումների ու այս ամենի հետևանքների մասնակից հերոսներից մեկը ներսումդ մի նոր ու անհրաժեշտ արժեք է ձևավորում, մյուսը՝ թույլ տալիս ու օգնում ազատվել ներսումդ արմատացած շա՜տ-շա՜տ «անպետք»-ներից։ Ընթացքում դու ևս դառնում ես մասնակից, ոչ երբեք դիտորդ կամ ուղղակի ընթերցող, եթե անգամ չգտնես քեզ նրանցից որևէ մեկի մեջ, կամ հենց քո մեջ տեսնես նրանցից մի մասնիկ, վստահ եմ՝ կզգաս ինչ-որ բացթողում ու մեծ ցանկություն՝ մեկնելու քո ձեռքը, որին նրանք փնտրում ու սպասում են։ Ասածս ինչ է, գտեք ձեր զբաղմունքը, օգտագործեք ժամանակը՝ գալիքին ուրիշ աչքերով նայելու համար։ Ի դեպ, գիրքը հրաշալի միջոց է։ Կորոնավիրուսից հետո կա կյանք, որը նյութականով չի սահմանափակվում։

Առո՛ղջ եղեք։

goharpetrsoyanervn

Մեր ձմեռները գարուն չունեցան

Մեր ձմեռները գարուն չունեցան…

Ասում են, եթե ուզում ես կյանքումդ ինչ-որ բան փոխել՝ նախ պետք է ինքդ փոխվես։ Ես սովորեցի փոխվել՝ չնայած այն բանին, որ ինքնասիրահարված էի։ Իմ աշխարհից դուրս աշխարհներ տեսա, ինձ հետաքրքրեց քո աշխարհը։ Ես այնտեղ ապրել ուզեցի։ Գիտես, ինձ հոգնեցրել է իմ միապաղաղ ու սառը աշխարհը։ Վատ չէ, երբ սովորում ես ձմռան սառնությանը, բայց արևի մի շողն անգամ հաճելի է մարմնիդ։ Այնքան հաճելի է, որ ուզում ես այն հավերժ պահել քեզ։ Բայց իրոք ցավոտ է, երբ այդ շողը երևում է մի պահ, տաքացնում մարմինդ, և երբ ցանկանում ես տրվել նրան, ջերմացնել ներսդ, հանկարծ գնում է… անվերադարձ գնում։

Հազարավոր անգամներ եմ փորձել մոռանալ գոյությունդ, բայց ամեն բան շուրջս քեզ է հիշեցնում։ Վիշտս խեղդում եմ գրքերի ու ալկոհոլի մեջ։ Կարդում եմ Սևակ, հասկանում՝ մենակ չեմ, որ զրկվել եմ արևի շողից։ Կարդում եմ Չարենց ու մտածում, որ քեզնով չի սկսվում ու ավարտվում կյանքը։ Բայց Սահյանը գալիս ու ուղիղ թույլ տեղիս է կպչում։ Էհ․․․ Դու էլ ես սիրում Սահյան։ Գիտեմ։

Մեր ձմեռները գարուն չունեցան… Քսանհատորյա վեպիս ծանր էջերը ջնջել ուզեցի և գրքերս մի անկյունի վրա դրեցի։ Նոր էջս դեռ չսկսած՝ տողին վերջակետ դրիր։ Դատարկվել եմ… Թե ասա՝ չէիր մնալու, ասեիր գոնե վեպերիս էջերը պահեի, որ հիմա անտեր շան պես ներսիս դատարկության հետ աննպատակ չքայլեի։ Դատարկվել են փողոցները, դատարկվել են մարդիկ, դատարկվել եմ ես… Չէի ուզում գրել քո մասին, բայց դե սրանով եմ լցնում բաժակս, որ մի լա՜վ հարբեմ, կորցնեմ ինձ, մոռանամ աշխարհի գոյության մասին, ինքն էլ՝ իմ։
Էլի ու էլի իմ ձմեռները գարուն չունեցան… Երբևէ լսե՞լ էիր, որ խատուտիկը վարդին վայել ապրեր, աշունն էլ անանձրև մնար, կամ էլ թե անձմեռ գարուն գար… Չէ՛։ Բայց իմ ձմեռը գարուն չունեցավ։

Juliabrahamyn12

Երևանյան խանդ

Ինձ արդեն վաղուց ծանոթ փողոցներով ևս մեկ անգամ քայլում էի, ու եթե անկեղծ լինեմ, մի փոքր դանդաղ էի քայլում, որ կարոտս առնեմ։ Երևանին նույնիսկ Երևանում եմ կարոտում ու չեմ սիրում, երբ նրա շենքերին մի քիչ երկար են նայում ու նկարվում։
Դիմացովս էլ մարդ էր քայլում՝ լիքը տոպրակները երկու ձեռքով պահած, բայց հայ տղամարդու առեղծվածը այն է, որ թեկուզ ձեռքերը կտրես՝ ծխախոտը վառելու ու ծխելու հնար կգտնի։ Վերջում էլ ծխախոտը կգցի գետնին ու կշարունակի քայլերը։ Ոչ մի բան էլ չի եղել, հա ի՞նչ, եղածը մի ծխախոտ չի՞։

Երևանի համար շքամուտքում հարյուր հոգու հետ կռիվ անելուն նույնիսկ պատրաստ եմ։ Ինձ համար Երևանը կարծես անցյալում մնացած սիրելի լինի, ում հանդեպ զգացմունքները տարիների հետ չեն մարում, ընդդիմանում են ու բոցավառվում։

-Ներողություն,- ծխախոտի մնացորդը ձեռքիս դիմեցի դիմացիս տղամարդուն,- ձերն էր, երևի պատահաբար գցեցիք։
-Ինչ պատահաբար, այ քուրս։ Չե՞ս տենում՝ ձեռներս լիքն ա։

Արագ առաջ անցնելուց բացի ուրիշ բան չէի սպասում, այդ իսկ պատճառով էլ պատրաստ էի ուրիշի ծխախոտը ձեռքիս երեք կանգառ քայլելուն, մինչև աղբաման կգտնեի։

Երևանի հանդեպ միշտ մի տեսակ հիվանդագին սեր եմ զգացել, չեմ սիրել, երբ Երևանի մասին ուրիշ ինչ-որ մեկը աղքատ տողեր է գրել, կամ Երևանի տոնը ոչ երևանցին մեծ շուքով նշել։ Երևի ցնդաբանություն կհամարեք, բայց Երևանում սիրահարվելը մի ուրիշ զգացմունք է։ Միգուցե ավելի շատ աղքատ ու հին շենքերին ես սիրահարվում, քան դիմացիդ մարդուն, իսկ հետո՝ տարիներ անց, հենց նույն աղքատ շենքերի մոտով անցնելիս հիշում ես Երևանի խառնված օդը, ոչ թե դիմացինիդ անհանգիստ հայացքը։ Երևանն ավելի շատ է անհանգստացել քո զգացմունքների ու անկանոն շարժումների համար, քան ինչ-որ մեկը երբևէ կանհանգստանա։

Կյանք ապրած ու կնճռոտված լամպերը քեզ մեղմ ժպտում են, ու եթե մի քիչ ուշադիր լսես, հաստատ կասեն․

-Ամեն ինչ լավ է լինելու։

Դե, իհարկե։ Մութ ու մռայլ քաղաքում միշտ ինչ-որ լավ դեպք կգտնես, ինչ-որ սիրո կամ տառապանքի պատմություն, եթե լավ ման գաս՝ անցած-գնացած ընկերություն էլ կգտնես։ Ժպիտներն ու արցունքներն անպակաս կլինեն, միայն թե լավ ման գաս։ Միայն թե ուշադիր լինես։ Միայն թե Երևանին սիրես։

Երևանում նույնիսկ ուրիշի ծխախոտի կեղտոտ մնացորդն է հարազատ դառնում, ու աղբամանը նետելու գործդ երեք կանգառից ավելի է բարդանում։

goharpetrsoyanervn

Քո ներսում է՞լ է մութ

Երևի հաճախ ես ուզում նստել ու մի լավ լաց լինել, եղած-չեղած դարդերդ խառնել արցունքներիդ ու ազատվել կոկորդումդ ծանրացած քարից: Հիշում ես մանկությունիցդ ուրախ ու տխուր դրվագներ: Տխրում ես, որովհետև կորցրել ես. չկա՛, չկա՛ն, չե՛ն գալու, չի՛ լինելու։ Մոխրի պես քամին քշեց ու տարավ: Ժպտում ես, որովհետև անկախ ամենից՝ այնժամ գունավոր էին թվում նույնիսկ սևն ու սպտակը: Հիշում ես նույնիսկ երազներդ, վախերդ, մանկական անիմաստ վեճերդ: Բայց հիմա կորցրել ես վեճերիդ թիվը, երազներդ աչքերդ բացելուն պես մոռանում ես: Միակ լավ կողմը՝ վերջ վախերիդ: Չնայած… Վախենում ես կրկին կորցնելուց: Հարմարվի՛ր, ընկերս: Դու մենակ չես: Վախենո՞ւմ ես մի օր աչքերդ բացել ու տեսնել կողքիդ դատարկ մահճակալը: Վախենո՞ւմ ես մի օր լսել «ցավակցում եմ» հարյուրավոր շուրթերից հնչող բառը: Հը՜ն, վախենո՞ւմ ես հրաժեշտից: Այդ դեպքում մի՛ էլ բարևիր: Դատարկի՛ր կյանքդ, հեռացրո՛ւ բոլորին մտքիցդ, սովորի՛ր միայնությանը, մցրու ուղեղդ, որ բոլորը լքելու են քեզ, դու մենակ ես: Չհավատա՛ս, թե մի օր կհայտնվի մեկը, ով կասի՝ հավերժ քեզ հետ է, հավատարիմ է, հնազանդ է, հրեշտակ է, սուրբ է, քահանա է, աստված է, կրոն է։ Հավատի շինծու փոխմիջո՜ց, ոչինչ ավելի։ Լավ, չեմ ուզում կրկին գլխիս հավաքվեն եկեղեցու դուռ ու քար պաչողները, որ ամեն օր մի ջահելի անիծում են երթուղայինում տեղ չզիջելու համար: Գրո՛ղը տանի: Որքան տարօրինակ եք դուք:
Լավ, անդրադառնամ անավարտ թողած մտքիս հավերժների ու հնազանդների մասին: «Որդյակ իմ, մինչև մահ տե՞ր ես», «Որդյակ իմ, և դու մինչև մահ հնազա՞նդ ես»։ Թույլ տվեք մի փոքր սպիտակ լույս գցեմ մթության մեջ. «Տե՛ր եմ, եթե հնազանդ է», «Հնազանդ եմ, եթե տեր է»: Սա՛ է մեր իրականությունը: Քանի դեռ ապրում եք կապված աչքերով՝ չեք հասկանա կյանքի իմաստը: Գիտեք, ես էլ չեմ հասկանում, մինչդեռ 13 տարեկան հասակում որոշեցի քանդել աչքերիս կապերը: Փոշմանում եմ, ավելի լավ էր՝ չքանդեի ու կարիք չլիներ տեսնելու մթությունից հետո եկող մթությունը: Աչքերս փակած՝ գոնե լույսի հույս ունեի:
Քո ներսում է՞լ է մութ: Իսկ թույլ կտա՞ս ապրեմ քո ներսում: Եկ միասին հիշենք գնացածներին, գնացողներին և մոռանանք նրանց, ովքեր գնալու են…

Եկ միասին մոռանանք բոլորին:

gor matevosyan

Խավարի միջից լույս չի նշմարվում

Կրթական մակարդակի և որակի բարձրացման համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ՝ ուսուցիչների կողմից լիարժեք մատուցում, մանկավարժական հմտություններ, հանրամատչելի գրականություն և այլն։ Կրտսեր դասարաններում երեխաները ծեծված ու նախորդ դարին բնորոշ տարբերակներով են ուսանում՝ զրկվելով սեփական կարծիք ձևավորելուց ու իրենց նախասիրություններով զբաղվելուց։ Սա վերածվել է արդեն համընդհանուր «փտախտի». մեզ հարկավոր են այլընտրանքային միջոցներ, հոգեբանական-դաստիարակչական աջակցություն, հետո միայն՝ ծրագրային նյութերի յուրացում։

Հիմնական ուսուցման համար նախատեսված դասագրքերը շատ հաճախ ողողված են լինում անպիտան ու վանող նյութերով, այնինչ պետք է դրանք լինեն գրավիչ, հետաքրքրություն առաջացնող, որպեսզի դրանցից օգտվողը գիտելիքներ ձեռք բերի՝ հաճելին օգտակարի հետ համատեղելով։ Հրատարակված գրքերում ամեն ինչ ավելի քան ստանդարտ է և միապաղաղ, իսկ շարադրանքների խրթինությունը խթանում է միայն ընթերցանության պակասեցումը։

Եթե ցանկանում ենք սերունդ կրթել, ապա անվերապահորեն պետք է ձեռնամուխ լինենք ստեղծագործ մտքի հզորացմանը։

Իսկ ինչ վերաբերում է բուհերում տիրող իրավիճակին, այստեղ ավելի գլոբալ խնդիրների ենք բախվում, ինչն էլ որոշ չափով ավագ դպրոցների «լճացումից» դուրս եկած ուսանողների անտեղյակության, մասնագիտական սխալ կողմնորոշվածության կամ չկողմնորոշվածության հետևանքն է։

Ամեն շրջանավարտ պետք է այն համոզվածությամբ մտնի բուհ, որ իր ուսերի վրա չի ծանրանալու միայն պարտավորվածության բեռը, այլ միջավայրը թույլ է տալու իմացածը ամրապնդել ու զարգացնել։ Սակայն սա դեռ լոկ այսբերգի երևացող մասն է։

Հաճախ ականջալուր ենք լինում ուսանողների անվերջանալի դժգոհություններին ու բողոքներին։ Առարկաների ընտրությունից, դասավանդման մեթոդիկայից մինչև անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Հենց սրանք են դառնում անբավարարվածության պատճառը։

Ի՞նչ լուծում պետք է տրվի աշխատաշուկայում մրցունակ արտադրողականության բացակայությանը։

Անհերքելի է, որ համալսարանները չեն պատրաստում անհրաժեշտ մասնագետներ համապատասխան ոլորտներում աշխատելու համար։ Դրա փոխարեն անընդհատ մեզ կրթողները իրենց գլխավոր պարտականությունն են համարում հիշեցնել, որ ինքնակրթությունն է մեր հաջողության հիմքը։

Ինչպե՞ս կարելի է բարձրացնել ուսանողների մոտիվացիան, ի՞նչ անհրաժեշտ միջոցառումներ է պետք ձեռնարկել ողջամիտ ժամկետում ուսանողներին ցանկալի հմտություններ փոխանցելու համար։

Կրթական համակարգի թերություններից են նաև խստության բացակայությունը, մասնագիտական գրականությամբ ապահովված չլինելը, ինչն էլ հանգեցնում է հիասթափության, բայց ոչ երբեք նպատակասլացության։

Կարևորագույն և առանցքային կետերից մեկն էլ յուրաքանչյուր ոլորտում պրակտիկ դասընթացներն են։ Պետք է գիտակցել, որ միայն տեսական գիտելիքներով մեզ փակ դռներ են սպասվելու առաջիկայում։

Էլ չեմ խոսում այն մասին, որ բուհերում չի գործում զեղչերի ճկուն համակարգ, սահմանված վարձերի չափը գերազանցում է նորման։ Ուսանողների մեջ էլ հաճախ ստեղծվում է անառողջ մրցակցություն անվճար տեղերի համար, ինչի պատճառով էլ շատերի՝ իսկական կրթություն ստանալու ցանկությունը ստորադասվում է վճար չմուծելու ցանկությանը։

Չնայած նրան, որ «իրավիճակ է փոխվել», միևնույնն է՝ շատ դեպքերում կամա թե ակամա ականատես ենք լինում գնահատականների, մեղմ ասած, «առք ու վաճառքին»։ Մինչև վստահ չլինենք, որ վերոնշյալ երևույթը հիմնովին արմատախիլ է արվել, բարձրագույն կրթություն ստանալու և առավել ևս զարգանալու մասին չենք կարող մտածել։

anahit baghshetsyan

Բայց դու ի՛նչ հայաստանցի ես

2020-ը պիտի լիներ իմ կյանքի լավագույն տարին, քանի որ ես հայ եմ ու հավատում եմ «գոլդ» թվերի անժխտելի զորությանը: Բայց տարվա առաջին երկու ամիսները մեծ հարցական նշան դրեցին նախորդ նախադասությանս վրա: Այսինքն, չեմ կասկածում, որ հայ եմ, որովհետև մեր տանը հայելի կա, ու ես իմ քիթը տեսել եմ, բայց «գոլդ» թվերի զորությանը արդեն չեմ հավատում:

Առհասարակ հայերը հավատում են շատ տարօրինակ երևույթների ու իրերի զորությանը: Օրինակ` մի քանի օր առաջ ընկերներիս հետ ընթրում էինք տիպիկ ամերիկյան «բուրգերանոցում»: Երբ միանգամյա օգտագործման պատառաքաղն ընկավ, ասացի, որ շուտով մարդ է գալու: Ընկերներիցս մեկը ասաց․

-Բաբամ, բայց դու ի՛նչ հայաստանցի ես:

Իսկ ես, հավատալով բոլոր հայկական ուժերին, մոգերին ու հեթանոսական աստվածներին, որոշեցի սպասել՝ հավատալով, որ ինչ-որ մեկը ներս կմտնի: Բայց երևի թե մեր պատառաքաղները ավելի զորեղ են, քան ամերիկյան մեկանգամյա օգտագործման ենթակաները: Մեր սպասելը ապարդյուն էր ու անօգուտ:

-Ասացի, չէ՞, լրիվ հայաստանցի ա:

-Բայց ասա, որ էդպես շատ ավելի լավ ա,- Էմիլիի կյանքը մենակ էդպես եմ կարողանում ուտել` հավաստելով, որ հայաստանցիները բոլորից լավն են:

-Ո՛ւֆ, բաբամ, վերջացրու,- ինքը բարկացավ, իսկ մենք ծիծաղեցինք:

Բացի պատառաքաղների ու հյուրերի անուղղակի կապից, մենք` հայերս, վստահ ենք, որ ոչ մի տոն չի կարելի կանխավ շնորհավորել: Ու ես՝ որպես հայկական ավանդույթների պաշտպան ու պահապան Հայաստանի սահմաններից դուրս, հավատարիմ եմ մնացել այս ավանդույթին, որի ծագումն անգամ չգիտեմ: Երբ փետրվարի 14-ին բոլորը շնորհավորում էին Նիկի ծնունդը, որը երկու օր հետո էր լինելու, ես չշնորհավորեցի: Ընկերներս, իհարկե, զարմացած էին, բայց ավանդույթին ծանոթանալուց հետո զարմանքը ավելի շատացավ:

-Այսինքն, ավելի լավ է ուշ շնորհավորեք, քան շո՞ւտ: Բայց էդպես էլ ո՞ւմ է պետք: Համ էլ մի նախադասությունը ի՞նչ պիտի փոխի նրա կյանքում: Հա, բայց ինքը հայ չի, իրե՞ն էլ ես ուշ շնորհավորելու:

-Նիկ, մի նեղացիր, բայց ես երկուշաբթի կշնորհավորեմ, հա՞:

-Հա, բա ոնց: Չեմ նեղանում: Բայց շա՜տ հայաստանցի ես:

Կարճ ասած՝ կյանքը ցույց է տալիս, որ կոտրված հայելին ոչ միշտ է դժբախտություն բերում, բաց աստիճանի տակով անցնելը երբեմն կարող է ոչինչ էլ չնշանակել, աղբը կարելի է երեկոյան թափել Հայաստանի սահմաններից դուրս: Բայց ես՝ որպես կյանքին մարտահրավեր նետող կենսուրախ հայուհի, աշխատում եմ բոլոր ուղղություններով, որպեսզի հայկական ավանդույթներն ու սովորությունները ապրեն նաև հայկական սահմաններից դուրս: Վիճում եմ ընկերներիս հետ, պատմում եմ բոլորին հայկական հինավուրց առասպելներն ու լեգենդները, ու ամենակարևորը՝ ինքս չեմ դադարում հավատալ դրանց զորությանը ու լինել ամենահայաստանցին:

Մենակ էս «գոլդ» համարներն են, որ մտածելու տեղիք են տալիս: «Գոլդ» համարանիշերով մեքենաները միշտ վթարների մեջ են ընկնում: «Գոլդ» հեռախոսահամարները միշտ անհասանելի են: Փաստորեն, «գոլդ» տարիներն էլ կարող են անհաջողակ լինել: «Գոլդ» թվերի համար էլ դեսպան չեմ լինելու:

Sose Martirosyan

Մի բաժակ թեյ բաժանման համով

Իսկ դուք փորձե՞լ եք թեյել օդանավակայանում: Այո՞: Ուրեմն կհասկանաք ինձ:
Աշուն էր՝ մռայլ, անձրևոտ եղանակ: Օդում տխրություն կար, բայց ոչ եղանակի պատճառով։
Քույրս ծնվածս օրվանից եղել է կողքիս: Մարդ, ով գրկել է ինձ, երբ լալիս էի, քնեցրել գրկի մեջ, տաքացրել, երբ մրսել եմ, վախեցրել հեռուստացույցի վահանակը թռցնելու համար, նետել ինձ ջրով լի դույլի մեջ, սիրել, ջղայնացել, ապրել ինձ հետ տարիներ շարունակ, գնում էր երկրից: Դա էլ հերիք չէ, հետը տանում էր որդուն` Հայկին: Իսկ ի՞նչ էր ինձ մնում անելու: Երևի միայն համակերպվել: Բայց ինչպե՞ս, երբ կյանքիդ ամենահարազատ մարդուն պետք է այլևս էկրանի մյուս կողմից տեսնել, իսկ երբ կապը վատ է, նույնիսկ չտեսնել: Սովորել գրկել միլիոնավոր մղոններից, օդային համբույրներ ուղարկել, ժպտալ մեկ ժամ շարունակ նրա հետ խոսելիս, հետո անջատել հեռախոսը և լացել կարոտից: «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի», – ասում են բոլորը: Ժամանակը երբեք չի բուժում կարոտը: Երբե՛ք:

…Օդնավակայանում էինք: Մի մեծ շինություն, որտեղ ճակատագրեր են որոշվում։ Ոմանք բաժանվում են, ոմանք` միանում: Ու հարց ես տալիս ինքդ քեզ.

-Ինչո՞ւ են ստեղծվել սահմանները…

Այնտեղ եմ բոլորի հետ, բայց բոլորից առանձին: Սիրտս զգում է մոտալուտ բաժանում, բայց ուղեղս հանգստացնում է` դեռ ժամանակ կա, կհասցնես: Բայց ոչ, մոտենում է բաժանման պահը: Ահա, բոլորը սկսեցին գրկել մեկնողներին. հիմա իմ հերթն է գալիս: Ինչպե՜ս պետք է գրկեմ, որ լրացնեմ բոլոր բացակա օրերը: Ու եկավ այդ պահը: Գրկում եմ: Չեմ էլ զգում՝ այնքան ուժեղ եմ գրկում, որ մկաններս բռնվում են: Ու այլևս չեմ մտածում ոչնչի մասին, որովհետև արցունքներս իրենք իրենց հոսում են ու ասում բոլոր բառերն իմ փոխարեն: Շնչում ես հարազատիդ օծանելիքի հոտը ու պահում հիշողությանդ մեջ: Անթարթ նայում ես նրանց, որ մտովի հիշես իրենց հետ անցկացրած թերևս վերջին պահերը:
Բացվում են ընդունարանի դռները: Գնում են: Իսկ ես նայում եմ ծնողներիս ու հույս տալիս.

-Այ կտեսնե՛ք, շուտով կգան, շատ շուտով: Պետք է ուղղակի սպասել։

Այդ պահին օդանավակայանի թեյարանը միակ փրկությունն էր…