arxiv

Երկիր-լուսին

Նստած էի լուսամուտի գոգին: Աստղազարդ գիշեր էր: Լուսինը լավ էր երևում: Հեռադիտակն առա ու սկսեցի նայել: Աստղերը նույն չափի էին, ինչ չափի որ լինում են անզեն աչքով նայելիս: Իսկ Լուսինը… Լուսինը ավելի լավ էր երևում: Նրա վրա նկատելի էին բծեր: Ռոմանիկն էլ նայեց և, տեսնելով բծերը, զարմացած ասաց.

-Նառ, էդ Լուսնի բնակիչները իրենց մոլորա՞կն էլ չեն կարողանում պահել: Դժվա՞ր է գոնե փոշու շորով մաքրել, որ մենք էլ տեսնենք` ինչ կա-չկա Լուսնի վրա:

-Չեն մաքրում, որ չտեսնենք,- կատակեցի ես,- եթե Երկրի բնակիչները Լուսին տեղափոխվեն, Լուսնի բնակիչները ստիպված կլինեն Երկիր տեղափոխվել: Ու ես պատկերացրի, թե ինչպես են լուսնաբնակները մաքրում լուսնափոշին, վերցնում իրենց ներքնակները ու վերմակները, բարձերն ու սավանները, նաև վանդակներով հավեր (որովհետև լսել են, որ Երկրի վրա մոլեգնում է թռչնագրիպը) և լուսնափոշի, որպեսզի դրանով ճաշատեսակներ պատրաստեն և Պռոշյան փողոցի վրա ռեստորան բացեն, նստում են Լուսին- Երկիր տիեզերանավը և ներգաղթում Երկիր: Ռոմանիկն էլ ինձ պես ընկել էր երազանքների գիրկը.

-Նառ, հենց որ տեղ հասնեն, նրանց տանենք մեր փողոցի ռեստորաններից մեկը և հյուրասիրենք հայկական քյաբաբ ու խորոված: Տեսնես` կհավանե՞ն: Հետաքրքիր է իմանալ նրանց ճաշակը:

-Իսկ եթե իրենց էլ հետաքրքրի քո ճաշակը, քեզ կհյուրասիրեն լուսնային ազգային կերակուրներից մեկով, ասենք, լուսնափոշով կակաո: Անպայման կհամտեսե՞ս:

-Է՞ն փոշով, որով ծածկված է Լուսինը:

-Ասենք:

-Չէ, ես կակաո չեմ սիրում:

Չէ, ավելի լավ է` լուսնաբնակներն ապրեն իրենց` փոշով ծածկված մոլորակում, մենք էլ` մեր կանաչ մոլորակում:

Նարինե Դանեղյան, 13 տարեկան

2005 թվական

arxiv

Զոհերն էլ են տոներ ունենում

Ես տան փոքրն եմ ու դրանից էլ միշտ տուժում եմ։

-Մա՛յ, ա՛յ Մայ, չե՞ս ուզում արթնանալ։

-Հը՞, ի՞նչ․․․ Վա՜յ, քնել եմ ուզում։

-Ոչ մի քնել, ավելը կանգնած քեզ է սպասում։ Վե՛ր կաց, արագացրո՛ւ․․․

Չուզենալով հագնվեցի, հարդարեցի անկողինս, իսկ հետո, հիշելով ավելը, որն ինձ էր սպասում, վազեցի մայրիկիս մոտ։

-Մա՛մ, ա՛յ մամ, չավլեմ, էլի,- համարյա լացելով՝ ասացի ես։

Մայրիկս ոչինչ չասաց։ Միայն նայեց դեմքիս, և ամեն ինչ արդեն պարզ էր․․․ Ավելը, միևնույնն է, ինձ էր բաժին ընկնելու։ Ճիշտ է, լացս գալիս էր, բայց․․․ Գործերս վերջացրի մոտավորապես երկու ժամ հետո։ Այնքան էի հոգնել, որ ընկա բազմոցի վրա ու էլ չկարողացա շարժվել։

Առաջ, երբ ես դեռ փոքր էի ու նոր էի հասկանում, որ ունեմ երեք քույր և ոչ մի եղբայր ու տան փոքրն եմ, ես ինձ շատ լավ էի զգում։ Ու երբ լսում էի, թե ինչպես են ինձ երանի տալիս, երջանկությունս էլ ավելի էր մեծանում։ Սակայն երբ մեծացա ու դարձա քույրերիս «զոհը», հասկացա, թե ինչքան միամիտ են երեխաները փոքր ժամանակ։

Չնայած․․․ Ամեն անգամ այդ դժվար առավոտներից հետո հայրիկս ինձ պարգևում է հրաշալի երեկոներ զբոսայգում։

Մարիամ Մանուկյան, 12 տ․

2005 թվական

juli abrahamyan

Երկար բառերով մի բան

Եթե ձեզ ինչ-որ մեկն ասի, որ իր սիրտը լեռներում է, կամ բնությունն է իր տունը և նման այլ պաթետիկ ու սենտիմենտալ խոսքեր, չհավատաք։

Նշեմ, որ եթե դա ասի երևանցին, ապա հազար տոկոս սուտ է։

Սկսեմ նրանից, այսինքն՝ արդեն սկսել եմ։ Շարունակեմ նրանից, որ սովորելով տուրիզմի բաժնում՝ գնացի արշավի։ Հենց արշավից էլ իմ մեջ ամրապնդվեց ատելությունը դեպի մայր բնությունը։

Իհարկե, կենդանական աշխարհը, դրա էկզոտիկ ու վտանգավոր ներկայացուցիչները՝ մոծակները, կան նաև Երևանում, բայց ես դրսիններին պատրաստ չէի։

Սա դեռ հերիք չէ, լեռ բարձրանալը։ Կյանքի խորհուրդ ինձանից՝ երբ ցանկանում եք գնալ արշավի կամ լեռ բարձրանալ, ապա երբեք ձեր խմբում չներառեք պաթոսահայուհիներին։ Պաթոսահայուհիները ցանկացած քարի մոտ պետք է նկարվեն՝ առանց դեմքը երևալու։ Նրանց մազերը միշտ պետք է ուղղեցրած լինի, և նրանք միշտ, միշտ կբողոքեն անձրևից՝ անտեսելով այն փաստը, որ լեռան գագաթին են, ու եթե մի անգամ էլ փորձեն ուղղել իրենց մազերը՝ կընկնեն։
Պաթոսահայուհիներին չի կարելի վստահել։ Ես վստահ եմ, եթե ընկնեմ, ապա նրանք կնկարեն ինձ, այլ ոչ թե կբռնեն կամ կօգնեն։

Ինչևէ։

Անցնենք բավականին սենտիմենտալ և պոետիկ հայուհիներին, որոնց նույնպես չարժի ավելացնել ձեր արշավականների խմբում։ Նրանք պաթոսահայուհիների ենթաճյուղն են, ովքեր կնկարվեն խոտերի մեջ ու հետո էլ կբողոքեն, որ արշավի ժամանակ նրանց օձը կծեց, ու հազիվ փրկվեցին։

Ես չեմ հասկանում նաև այն քաղաքացիներին, ովքեր կյանքում երկու անգամ են եղել գյուղում, լեռներում կամ անտառում և արշավից ստացված երկու կադրի վրա էլ գրում են ինչ-որ անհասկանալի տող հայ գրականությունից։

Արշավի գնալիս մտածում ես, որ թույն նկարներ ես անելու, կամ էլ ընտիր նյութ ես գրելու, բայց արդյունքում ոչ մի բան էլ չես կարողանում անել, որովհետև ֆոտոապարատ տեսնելիս վերոնշյալ պաթոսահայուհիները մտածում են, որ իրենց ես ուզում անմահացնել, իսկ նյութդ մի երկու հատորանոց բողոքի գիրք է ստացվում։

Ինչևէ, պաթոսահայուհիները մեր ներկան են, եկեք պահպանենք նրանց։

arxiv

Հայ տղերք

Ժամանակի զոհը

Նա հագավ սև վերնաշապիկը, սև շալվարը և սրածայր կոշիկները, մի քանի տետր խոթեց շալվարի գոտու մեջ ու դուրս թռավ տանից։ Վազելով, ավելի ճիշտ՝ թռչելով, հասավ դպրոցի շենքի մոտ և նկատեց իրենց դասարանի տղաներին, որոնք խմբվել էին մի անկյունում։ Նա կանգ առավ, վերնաշապիկի օձիքը բարձրացրեց, դրեց սև ակնոցը և դեմքին ինքնավստահ արտահայտություն տալով՝ շարժվեց դեպի տղաները։ «Կարևորը համարձակությունն է,- համոզում էր նա ինքն իրեն,- մի քիչ համարձակ լինեմ, նրանք ինձ հաստատ կընդունեն»։ Նա մոտեցավ տղաներին և արհամարհանքով ասաց․

-Ի՞նչ եք ըստեղ կուչկվել, հեսա շախերը կգան։

Խմբից զարմացած ձայներ լսվեցին․

-Պա՜հ, զարգացել է Ճուտը։

-Հլը սրա սարոշկե՜ն, սրա կոշիկնե՜րը, մազե՜րը․․․

-Սկի սումկա էլ չի բերել, մալադեց, Ճուտ։

-Արա, բայց ճիշտ ա ասում, հելանք դասարան։

Առաջին ժամը ֆիզիկա էր։

-Արա՛մ, դասդ սովորե՞լ ես,- կատաղած ցուլի պես փնչացնելով՝ հարցրեց ֆիզիկայի թիզուկեսանոց ուսուցչուհին։

Արամը ցանկանում էր պատասխանել, որ սովորել է, բայց տեսնելով տղաների՝ իրեն ուղղված հարցական հայացքները, կտրուկ պատասխանեց․

-Չէ։

-«Երկուս» ես ստանում,- բղավեց ֆիզիկը,- երկու հատ։

Արամը, դեմքին արհամարհական ժպիտ խաղացնելով, նստեց, բայց իրականում սրտից արյուն էր կաթում։

Զանգը հնչեց, և երեխաները գնդակի նման դուրս թռան դասարանից։ Արամն էլ էր ցանկանում դուրս գալ, բայց ինչ-որ բան հիշելով՝ մոտեցավ դասընկերուհուն։

-Լո՛ւս, «Ռեալն» ի՞նչ արեց։

-Ցավոք, հաղթեց,- բարկացած պատասխանեց աղջիկը, իսկ հետո ուրախ ավելացրեց,- բայց հո «Բարսելոնան» ու «Յուվենթուսն» էլ հաղթեցին, իսկ «Չելսին» արդեն չեմպիոն է․․․ Բայց ինչո՞ւ ես այդքան ցածր խոսում։

Տղան չպատասխանեց։ Սակայն առանց նրա ասելու էլ Լուսինեն գիտեր, որ «տղերքի» մոտ ընդունված չէ ֆուտբոլից խոսել։

-Գիտե՞ս, Լո՛ւս․․․- սկսեց Արամը և հավանաբար կպատմեր, թե ինչպես է Կապանում իսկական ֆուտբոլային ակումբում խաղացել կամ ինչպես է իրենց սարերում օձ սպանել, կամ էլ թե ինչպես փոքր եղբոր՝ Ալեքսի շորերի մեջ իսկականի նման, բայց խաղալիք մի սարդ գտան, եթե դռան հետևից չլսվեր տղաների ղեկավար պեպենոտ Նարեկի ձայնը․

-Ապե՛, նատուռի դրա գլուխը ջարդվելու ա, էսօր դասերից հետո կտենա․․․

Արամը հասկացավ, որ դասերից հետո «տղերքը» «ռազբորկի» են գնալու։ Այս անգամ հաստատ իրեն էլ կտանեն։ Հազիվ համբերեց մինչև դասերի ավարտը։ Վերջապես զանգը հնչեց, ու լսվեց Նարեկի ձայնը․

-Ճուտ, էս տետրերս կտանես մեր տուն, մենք տեղ ենք գնում․․․

Լուսինե Հակոբյան, 14 տ․

 

Ռաբիսլենդ

Սև ապակիներով ակնոցը, ծխախոտը կամ ծամոնը, ոսկե հաստ վզնոցն ու սրածայր կոշիկները Ռաբիսլենդի բնակչության անբաժան ու ամենաբնորոշ հատկանիշներն են։ Իսկ ռաբիսների անթերի արտաքինի ամենակատարյալ մասը ամենավերևում է՝ մի սրվակ «ժելե» դատարկելու հետևանքով փայլփլող մազերը։

Փորձեք խոսել մի ռաբիսի հետ։ Ուրեմն, երկու ռաբիս հանդիպում են։ Մեկը պպզած է նստարանի կողքին՝ չիմանալով, որ նստարանը նստելու համար է, երբ երկրորդը մոտենում է նրան։

-Բարև, ապե՛։

-Բարև, ախպե՜րս,- լսվում է պատասխանն, ու համբույրի չլմփոց։

-Ի՞նչ կա, ախպե՛ր,- թարգմանում եմ՝ «ի՞նչ կա-չկա»։

-Հեչ, ընգե՛րս,- «ոչինչ, ամեն բան կարգին է»։

Նա ընկերոջը արևածաղիկ է հյուրասիրում։

-Ուրիշ ի՞նչ կա։

-Լյոխ լյավ ա, ապե՛,- թարգմանում եմ՝ «ամեն ինչ սովորականի պես է»։

Հետո՝ էլի մի քանի անիմաստ նախադասություններ, և զրույցն ավարտվում է «Դե, ես հելա, ախպեր» բառերով ու, իհարկե, անկրկնելի չլմփոցով՝ համբույրով։ Չեմ ուզում «տերմինակոխ» անել ժամանակակից ժարգոնով, այն դուք հավանաբար անգիր գիտեք։

Հ․Գ․ Մոռացա նշել, որ Ռաբիսլենդը նույնպես զարգացում է ապրում։ Օրինակ՝ «ծիծակ» կոշիկները, որոնք, ի դեպ, 15 տարի առաջ հագնում էին ամերիկյան կովբոյները, զարգացում են ապրել ու դարձել թուրք սուլթանների կոշիկներ՝ սուր քթերը վերև ցցված, որոնցից, ասում են, պպզելու ժամանակ հարմար է բռնելը։

Անուշ Մուրադյան, 15 տ․

 

Ճակատագիր

-Ճըռռ,- լույսը զարմանալի ճռռոցով անջատվեց։

Կյանքում նա այդպիսի բան չէր տեսել։ Լսվեց խորհրդավոր երաժշտություն։ Նա մի պահ տեսավ իր դասընկերուհու հիասթափված ու ծաղրական հայացքը։ Վզին զգաց ինչ-որ ծանրություն, իսկ մեջքը կարծես թեթևացավ։ Հետո այդ սենյակն էլ մի տեսակ դատարկվեց պատերից, ու գրադարակներից ինչ-որ իրեր պակասեցին։ Սենյակի անկյունում մի մեծ արկղ հայտնվեց, որի պատճառով հարևան տատիկը մի քանի անգամ օճառաջուր լցրեց նրա վրա։ Հետո գլխին էլի օճառաջուր լցվեց, ապա սառը ու սուր մետաղի հպում զգաց։ Հետո շատ ընկճվեց․ վզակոթին մի քանի ուժեղ հարված զգաց։

Հետո մի պահ իրեն էլի վստահ զգաց, բայց, միևնույնն է, ստամոքսը լցվում էր անհամ ուտելիքներով, մի քանի ամիս չէր լողացել ու ավելն էլ անընդհատ ձեռքին էր։ Հետո էլի թեթև ու ծույլ մի ժամանակ սկսեց, որ ասես էլ չպիտի ոչ փոխվեր, ոչ վերջանար․․․

Այդ առեղծվածային «նա»-ն իմ ծանոթներից է։ «Ճըռռ»-ը երկարաքիթ կոշիկների ճռռոցն է։ Լույսը վերացավ, որովհետև հայտնվեց սև ակնոցը, ու շրջապատում բոլորը սև էին հագնում։ Վզի ծանրությունը ոսկե շղթան էր, մեջքի թեթևացումը՝ պայուսակի անհետացումը։ Սենյակից անհետացածը գրքերն էին, տետրերն ու պատերի նկարները։ Հայտնված արկղը երաժշտական կենտրոնն էր, որը առավոտից մինչև ուշ գիշեր միացրած էր խեղճ հարևանների քնի հաշվին։ Հետո օճառով գլուխը սափրեցին ու բանակ տարան, որտեղ մեր լավ տղան ստիպված էր ենթարկվել բանակային կարգուկանոնին։ Իսկ երբ բանակից վերադարձավ, դարձյալ պպզում էր մեր թաղի «հարգված անկյուններում» առավոտից մինչ երեկո, հետո երեկոյից մինչ առավոտ․․․

Նանե Սահակյան, 16 տ․

2005 թվական

Արվեստ առանց սահմանների

Կիպրոսի Լառնակա քաղաքում հունիսի 1-10-ը տեղի ունեցավ «Art without Borders» (Արվեստ առանց սահմանների) խորագրով նախագիծը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կիպրոսի հնգական երիտասարդ արվեստագետներ: Նախագիծը իրականացվել է «ERASMUS+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակներում՝ Կիպրոսի Ազգային գործակալության աջակցությամբ: Նախագծի Հայաստանյան համակարգողն է Երջանիկ երիտասարդություն ՀԿ-ն:

Այս երկրների երիտասարդներին միասին հավաքելու գաղափարը ծնվել է նրանից, որ այդ երկրներն ունեն որոշակի դժվարություններ իրենց սահմանների վերաբերյալ, իսկ նպատակը՝ արվեստը, որպես մասնակիցներին միավորող միջոց օգտագործելով,  ցույց տալ, որ նրանք կարող են խոսել արվեստի լեզվով:

Համակարգողները մասնակիցներին պատահականորեն, այլ ոչ թե ազգային խմբերով տեղաբաշխելով սենյակներում, լավ հնարավորություն ստեղծեցին հաղորդակցվել և համագործակցել նախագծի հենց սկզբից:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելեցին տեղական ՀԿ-ներ Նիկոսիայի բուֆերային գոտում, որը գտնվում է հունական և թուրքական հատվածների միջև, ծանոթացան նրանց խաղաղասիրական ծրագրերին, գործունեությանը։

Ավանդական արվեստի, արհեստների և ընդհանուր առմամբ երկրների ներկայացումներով՝ մասնակիցներն ավելի խորը պատկերացում ստացան միմյանց ավանդույթների և ապրելակերպի մասին:

Յուրաքանչյուր երկիր արվեստի և արհեստի տեխնիկաների ներկայացման և միասնաբար ստեղծագործելու նպատակով կազմակերպեց աշխատարան: Դրանց ընթացքում վրացական թիմը իրականացրեց շապիկների դիզայնի և նկարչության աշխատարան, ռուսները ներկայացրեցին կեչու ծառի կեղևից ավանդական ապարանջանների պատրաստումը և կավից քանդակների ստեղծումը, իտալացիները իրականացրեցին իտալական նկարիչների գլուխգործոցների ժամանակակից ինտերպրետացիան ինտերակտիվ ձևով, հույները ցուցադրեցին նկարչություն սև ներկապատ կտավների քերծելու միջոցով: Հայկական թիմի հետ մասնակիցները կտորի վրա նկարեցին հայկական զարդանախշերով գունագեղ գորգ, իսկ թուրքական թիմը ցույց տվեց Էբրուի հինավուրց արվեստը, որի ընթացքում մասնակիցները ստեղծեցին վերացական նկարներ ջրի վրա:

Այս բովանդակալից սեմինարներին հաջորդեցին բազմաբնույթ մշակութային րնթրիքներ, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց ուտեստները և ըմպելիքները: Սկսած իտալական մակարոնեղենից մինչև հունական տզատզիկի, թուրքական Էզոգելին ապուր ու հայկական հաճարով սնկով փլավ, վրացական լոբիոյից մինչև ռուսական ակրոշկա՝ բոլորը մասնակիցների ձեռքով պատրաստված: Մասնակիցները ծանոթացան այլ երկրների խոհանոցներին և գնահատեցին միմյանց խոհարարական հմտությունները:

Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ սահմանային տարաձայնություններ ունեցող երկրների մասնակիցները, որոնք կարող էին միմյանց հանդեպ բացասական կարծրատիպեր ունենալ, աշխատել են որպես մեկ թիմ, միասին հաղթահարել են դժվարություններ: Ավարտին մասնակիցները հանդես եկան նոր նախագծերի գաղափարներով և համագործակցության առաջարկներով, որոնք բոլորը ընդունեցին բաց սրտով, դե իսկ արվեստագետները միմյանցից բաժանվել են միասնության զգացումով և քաջալերված են խաղաղության տարածման և առկա դժվարությունները լուծելու համար երկխոսելով։

Փառանձեմ Հովհաննիսյան

arxiv

Մնաս բարով

Առավոտ էր: Բոլորս քնած էինք: Մահճակալների կողքին կային ճամպրուկներ: Մենք պատրաստվում էինք գալ Երևան: Քնած ժամանակ զգացի, որ ինչ-որ մեկը լպստում է դեմքս: Բացեցի աչքերս ու տեսա մեր շանը` Մուրոյին: Հետո շրջվեց ու ոտքերը դնելով դեմքիս վրա` սկսեց լպստել քրոջս: Նա էլ արթնացավ, ու մենք հագնվեցինք: Մուրոն գնաց հարևան սենյակ: Երբ բոլորն արթնացան, ես հարցրի մայրիկիս, թե ինչու Մուրոն բոլորիս համբուրեց: Մայրս էլ պատասխանեց, թե երևի զգում է, որ գնալու ենք, դրա համար էլ տխրել է: Առաջին անգամ առավոտյան հյուրասենյակում տեսա պապիկիս:

-Պապ, վա՞տ ես զգում, ինչո՞ւ այգի չես գնացել:

-Չէ, շատ լավ եմ:

Ու ես հասկացա, որ պապիկս ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել մեզ հետ: Զգացի, որ նրա աչքերը թախծոտ են, մոտեցա ու գրկեցի նրան: Մեքենան եկավ, ու պապիկը ճամպրուկները տեղավորեց մեքենայի մեջ: Հետո վերցրեց մի բաժակ ջուր: Թախծոտ աչքերով նայում էր մեզ: Գրկեց ու համբուրեց: Հետո մենք գրկեցինք շանը, ու ես զգացի, որ նա ամբողջ ուժով պոչը շարժում է: Ես տխրեցի. նա մտածում էր, որ մենակ կմնա, ու ոչ ոք նրա հետ չի խաղա: Երբ արդեն տեղավորվել էինք մեքենայի մեջ, ու մեքենան շարժվեց, պապիկը մեքենայի հետևից ջուր շփեց: Պապս և Մուրոն դեռ երկար ժամանակ կանգնած էին կողք կողքի ու նայում էին մեր հետևից:

Եսթեր Սահակյան, 13 տարեկան

2005 թվական

aneta baghdasaryan

Երեկ ամեն ինչ վերջացավ

Սովորական մի շաբաթ օր էր, առավոտյան ժամը ութն անց կես, կամ էլ արդեն ինն էր։ Դեռ մինչև վերջ չարթնացած, պատերին քսվելով ու կահույքից բռնվելով, նա հասավ խոհանոց, միացրեց թեյնիկն ու գնաց կողքի սենյակ։ Բոլորը դեռ քնած էին, իսկ ով էլ քնած չէր, վաղուց գնացել էր տանից։ Նստեց սեղանի մոտ ու դեռ կիսափակ աչքերով նայեց թղթերի կույտին, որոնք երկու շաբաթ է, ինչ կուտակվում են գրասեղանի անկյունում։

Չէ, խաբում եմ, սովորական շաբաթ չէր։ Սովորական չէր, որովհետև սեղանի մոտ նստածին այդ երեք հարազատ դեմքերն արդեն նայում էին ոչ թե համակարգչի էկրանից, այլ շրջանակի ապակու տակից։ Նրանք նման չէին երեկվա նույն երեքին, որոնք բաժանել էին համակարգչի էկրանը երեք ոչ հավասար մասի՝ պարբերաբար մեկով պակասելով ու ավելանալով։ Թեյնիկն ուժեղ ձայնով անջատվեց, կարծես թե ցանկանում էր ամեն ձևով արթնացնել նոր արթնացած, բայց արդեն հոգնածին։ Դեռ երկար էր եռման ջրով լի թեյնիկը միայնակ սպասելու խոհանոցում, քանի որ մի քանի րոպե առաջ թեյ խմել ցանկացողը գլուխը դրել էր սեղանին և տեղից բարձրանալու ցանկություն չուներ։

Շաբաթը իրոք սովորական չէր․ նկարում նրանց մեջ ավելի շատ կյանք կար, քան երեկ համակարգչով խոսելիս, և, ընդհանրապես, վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Միայն չորրորդն էր, որ չէր փոխվել՝ գլուխն ափի մեջ դրած, հայացքն ու մտքերը Աստված գիտի՝ որտեղ։ Նկարի փոշին սրբեց ու տեղը դնելուց հետո մի կերպ տեղից բարձրացավ ու գնաց խոհանոց։ Արդեն ոչ բավականաչափ տաք թեյ, թխվածքաբլիթ և կրկին սեղան ու նկար։

-Ի՞նչ ես տենց նայում, դու էլ չես հավատո՞ւմ, որ երեկ վերջինն էր։ Տես, իսկ երրորդը հավատում ա ու շատ էլ ուրախ ա։ Ի՞նչ, չորրո՞րդը, ինքը միշտ ա էդպես, ուշադրություն մի դարձրու։

Դեռ երեկ՝ այս նույն ժամին, նրանցից երկուսը միացրին վիդեոչաթն ու սկսեցին աննպատակ կարդալ առաջին չորս հարցը, հույս ունենալով, որ դրանք վերջին անգամ են կարդում։ Վերջին անգամ էր նայում արցունքներից լղոզված տառերով այդ հարցաշարին, ինչից հետո գնաց թեյ խմելու։ Իսկ հիմա թեյն արդեն սառել էր, թխվածքաբլիթն էլ առանց թեյ էլ չէր ուտվի։

Նկարից էլի չորրորդը նույն դեմքով նայեց նրան, կարծես թե ասում էր․

-Ի՞նչ ես նստել, ոչ մեկը քեզ համար թեյ չի բերելու։ Չնայած ինչի՞ եմ էս ասում․ անիմաստ ա ամեն ինչ, միևնույն ա, չես գնալու։

-Գնում եմ, գնում, էլի սկսեց մուննաթը։

-Ես լինեի քո տեղը, չէի գնա, – ասաց երրորդը,- հանգիստ նստի տեղդ ու ոչ մի բան մի արա, մեկ ա պրծել ենք։

Երրորդը ճիշտ էր, բայց նա դեռ ցանկանում էր թեյ խմել։ Նորից գնաց խոհանոց ու միացրեց թեյնիկը՝ այս անգամ մնալով այնտեղ մինչև ջուրը չեռա։ Տաք թեյ խմելու հույսով հասավ սեղանին ու մեկ անուշադիր շարժումով հերթական անգամ գցեց շրջանակը՝ ինչպես միշտ դեմքով ներքև։

-Էլի դու զարմացա՞ծ ես։ Քեզ երբ գցեմ, միշտ այս նույն դեմքով ես։ Բայց այս անգամ ոնց որ շատ վախեցար, հա՞։ Կարևորը, ապակին չջարդվեց։

Նորից նայեց թղթերի կույտին, մոտիկ քաշեց ու սկսեց դասավորել ու առանձնացնել, ինչից հետո տեղավորեց դարակի մեջ, որ մոռանա, մինչև մի երրորդ կուրսեցի չհարցնի դրանց գոյության մասին։

Ամեն դեպքում դա սովորական շաբաթ օր էր, անսովոր էր միայն այն, որ այդ երեքին էլ համակարգչով չի տեսնի․ կտեսնի միայն նրանց նկարներն ու դրանց կողքը հայտնվող նախադասությունները կկարդա, երբ կվիճեն միասին հավաքվելու օրվա ընտրության մասին։ Կհիշի, որ էլ պետք չէ կարդալ ու հասկանալ այդքան պարզ, բայց միևնույն ժամանակ, բարդ թվացող առարկան, կուրախանա, որ արդեն ժամանակ կունենա գիրքն ավարտելու ու նորը սկսելու համար։ Կնայի դատարկ սեղանին դրված նկարին․

-Դե, երևի ճիշտ ես անում, որ ժպտում ես։ Երեկ ամեն ինչ վերջացավ։

Երբ 22 տարեկան ես, բայց ոչ մի բանի հավես չունես, կամ` չե՞ս ուզում լուսանկարել

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ դու տասնհինգ տարեկան ես, թվում է, թե աշխարհը հինգ կամ տասը մատիդ պես գիտես: Լավ, գոնե ինքդ քեզ հաստատ գիտես: Դու, ինչպես ոչ ոք, գիտես, թե ինչ ես դառնալու ու առհասարակ ինչ ես ուզում այս կյանքից, որն է քո առաքելությունը: Գուցե մտածում ես, որ քեզ երջանիկ լինելու համար միայն ֆոտոապարատն է պակասում, քանի որ դու քեզ մի տասնհինգ տարուց թույն լուսանկարիչ ես պատկերացնում: Արդեն Աֆղանստան ես հասել, կամ էն ցեղերին ես նկարում, որոնց ֆոտոների համար խենթանում ես: Չէ, ոչ ոք չի հասկանում, որ դու հաստատ գիտես ինչ ես ուզում: Ի՞նչ իրավաբան, ի՞նչ տնտեսագետ, դու հենց լուսանկարիչ ես ուզում լինել:

Հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Լուսանկարիչ դառնալու ամենահավես ժամանակը դա այն ժամանակն է, երբ դու ու խցիկդ մեկ մարմին եք դառնում: Ուրիշ բաներ չհասկանաք, նկատի ունեմ, որ ամենուր քեզ հետ քաշ ես տալիս: Ու բոլորը քեզ սիրում են, ամեն տեղ հրավիրում են, որովհետև դու խցիկով ես ու հեսա հավես պորտրետներ կանես իրենց:

Իսկ քեզ համար ամենահավես ժամանակը այն է, երբ դու արդեն չես տարբերում` քո աչքո՞վ ես նայում, թե՞ ֆոտոապարատի անցքից: Գուցե դու Աֆղանստանում չես, այլ Ալափարս գյուղի նարդի խաղացող պապիկներին ես նկարում, բայց քո միջի էնտուզիաստ լուսանկարիչը իրեն պատերով է տալիս, տասը ռակուրս փոխում ու ֆոկուսային հեռավորություն, որ ստանա իր ուզած կադրը: Հետո ժանրերն են փոխվում, բեմադրող-լուսանկարչից դառնում ես մեծն լուսանկարիչ-վավերագրող, պեյզաժիստից պորտրետիստ: Ֆոտոխցիկը թվայինից դառնում է ժապավենային, գունավորից` սև սպիտակ: Հետո նորից թվային: Օբյեկտիվը նեղանկյունից` լայնանկյուն, փոփոխականից` ֆիքսված: Սկսում ես ֆոտոապարատդ ուսիցդ կախած նայել, ուղղակի նայել քո սեփական աչքով:

Հետո մի օր քեզ բռնացնում ես քո նախաճաշը լուսանկարելիս ու հայելու մեջ լուսանկարվելիս ինստագրամի համար: Երբ քեզ տեղ են հրավիրում, դու նախապես զգուշացնում ես, որ չես կարող ֆոտոապարատ բերել, քանի որ փչացել է, կամ օբյեկտիվն ես վնասել (ուղղակի հավես չունես հետդ քաշ տալու) ու մեկ-մեկ չես էլ ուզում քեզ տեղ հրավիրեն: Ու հանկարծ հասկանում ես, որ նույնիսկ չգիտես, թե որտեղ է ֆոտոապարատդ: Որ դու արդեն քսաներկու տարեկան ես, բայց ինքդ քեզ չգիտես, ոչ էլ գիտես, թե ինչ ես ուզում:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Անձնագրի կազմի հիմնախնդիրը

Մարդկային կյանքում և մեզ շրջապատող տիեզերքում կան բազմաթիվ անպատասխան հարցեր, անբացատրելի գաղտնիքներ և կենսական հիմնախնդիրներ, որոնք շարունակ ինձ հանգիստ չեն տալիս:

Այդ հարցերից մեկն է, օրինակ, թե ինչու մենք պետք է հանենք անձնագրի պաշտպանիչ կազմը օդանավակայաններում և դեսպանատներում: Ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացվում փիլիսոփայության դասագրքերում:

Անձնագրերը, առնվազն իմ առօրյայում, հիմնականում օգտագործվում են հենց դեսպանատներում և օդանավակայաններում: Այնտեղ տարբեր մարդիկ վերցնում են այն ձեզնից, տրորում են, քաշքշում, նշաններ անում դրա մեջ, թերթում էջերը, հոտոտում այն, մտցնում ինչ-որ լույսերի մեջ, քիմիական նյութեր կաթեցնում, շպրտում են օդ ու նորից որսում` ստուգելով դրա աերոդինամիկան, և երբեմն նույնիսկ հրաժարվում են վերադարձնել ձեզ («Ո՞րն է ձեր այցելության նպատակը, պարոն Բաղ…վռռ…դֆլդռ…սր…յան»):

Քանի որ լինում են տարիներ, երբ իմ անձնագիրն անցնում է մի քանի տասնյակ սահմանապահների ձեռքով, ես խիստ գնահատում եմ անձնագրի պաշտպանիչ կազմը` որպես մի հիասքանչ ու շատ կարևոր երևույթ հասարակական կյանքում: Նույնիսկ, և շատերը գուցե չհամաձայնվեն ինձ հետ, ավելի կարևոր, քան այֆոնի` փոմփոլավոր և ականջներ ունեցող պատյաններն են:

Այդ պատճառով ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է պետք անձնագիրը հանել կազմից հենց դեսպանատներում և օդանավակայաններում, որտեղ այն ամենից շատն է անհրաժեշտ: Դեսպանատներում դեռ ինչ-որ կերպ կարելի է դա հասկանալ. այնտեղ կարող են նույնիսկ կորցնել այն (անձնագիրը մեջը), բացի այդ` անձնագրի կազմը կարող է թաքցնել ձեր մութ մտադրությունները, երբ լրացնում եք վիզայի հարցաթերթիկը («Հարց 118. Երբևե մասնակցե՞լ եք ահաբեկչական գործողությունների այցելվող երկրում, կամ որևէ այլ երկրում, և արդյոք իրար հե՞տ են ապրում ձեր ծնողները – այո/ոչ/չեմ հիշում/միգուցե/հը՞/ոչ, բայց շուտով/ամուրի եմ – ընտրեք ճիշտ պատասխանը»), այդ պատճառով այնտեղ կարելի է սեղմել ատամներն ու հանել կազմը:

Բայց ինչո՞ւ օդանավակայանում: Մի՞թե ամենակարևոր տեղեկությունները գրված չեն անձնագրի ներսում: Թե՞ կազմի տակ սովորաբար թաքնվում է մի ամբողջ էմիգրանտ ընտանիք («Խնդրում եմ հետևել ինձ, պարոն Բաղդ…բաղ…սաղ…զավր»), կամ թե՞ առանց պաշտպանիչ կազմի նրանք կարող են ավելի հեշտությամբ պարզել, որ ես ճամպրուկովս թրաֆիքինգի անչափահաս զոհերի եմ տեղափոխում:

Ինչևէ, օրենքն այդպիսին է, ու ես ամեն անգամ Դանկոյի կրքոտությամբ ու ցավով դուրս եմ կորզում անձնագիրն իր պատյանից ու մեկնում այդ որբացած կապույտ գրքույկը անողոք սահմանապահներին: Եվ արդյունքում այն մեկ տարվա ընթացքում էլ ավելի մաշված տեսք է ստանում, քան եթե ընդհանրապես կազմ չկրեր: Եվ եթե ես չեմ փոխում անձնագիրը մեկ տարի հետո, այն հիշեցնում է Միջերկրական ծովը լողալով անցած ալժիրցի փախստականի ծննդյան վկայական: Առանց այդ էլ շատ երկրների օդանավակայաններում մեր անձնագրերը մոտավորապես հենց այդպես էլ որակավորվում են («Այս ի՞նչ տարօրինակ երկիր է: Խնդրում եմ պառկել գետնին և ձեռքերը դնել գլխի հետևում, պարոն Բաղ…զազազա…դը-դը…լավ, գնացեք»), այդ պատճառով որոշ սահմանապահներ, ուսումնասիրելով իմ` բռնություն ու կեղեքիչ ցավ տեսած անձնագրերը, այնպես են ինձ նայում, ասես ես ազատ ժամանակ սիրում եմ երեսուն հոգանոց մալայզիական ընտանիքի հետ նավի բեռնատար մասում լողալ դեպի Հոլանդիա ու ազգային տարազը հագիս բանան վաճառել փողոցներում:

Ո՞ւր են նայում մարդու իրավունքների պաշտպանները: Ինչո՞ւ մեծ մայրաքաղաքներում չեն կազմակերպվում պասպորտ-մայդաններ: Ի՞նչ է կարծում այս մասին Մահաթմա Գանդին: