mane tonoyan

Թեստ՝ երկրաչափական պատկերներ

Հինգ պատկերներից ընտրեք մեկը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս: Իսկ հիմա կարդացեք այն մարդկանց բնութագիրը, ովքեր ընտրում են այս կամ այն պատկերը:

 

Այսպես.

Քառակուսի: Աշխատասիրություն, ջանասիրություն, պահանջմունք և համառություն, որը թույլ է տալիս սկսած գործը հասցնել ավարտին. ահա սրանք են իրական «քառակուսիները»: Համբերատարությունը, դիմացկունությունը և մեթոդականությունը  սովորաբար «քառակուսիներին» դարձնում են իրենց ոլորտի բարձրակարգ մասնագետներ: «Քառակուսիները» սիրում են մի անգամ և վերջնական հաստատված կարգուկանոն. ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում և տեղի ունենա իր ժամանակին: «Քառակուսու» իդեալն է ծրագրված, կանխատեսելի կյանքը. նա չի սիրում անակնկալներ և շեղումներ իրադարձությունների սովորական ընթացքից:

Ուղղանկյուն: Անձի ժամանակավոր ձև է, որում կարող են գտնվել մյուս բոլոր կայուն պատկերները կյանքի որոշակի ժամանակահատվածում: Այս մարդիկ բավարարված չեն կյանքի այս շրջանում իրենց վարած կենսակերպով և զբաղված են ավելի լավ վիճակի որոնումներով: Այդ պատճառով ուղղանկյունների լավագույն որակներն են` հետաքրքրասիրությունը, փորձարարությունը, կենդանի հետաքրքրությունը տեղի ունեցող ամեն բանի նկատմամբ և համարձակությունը: Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության և կյանքի ոճերի առաջ, հեշտությամբ են յուրացնում ամեն նոր բան:

 

Եռանկյուն: Սա առաջնորդության խորհրդանիշն է: Իրական «եռանկյունու» ամենաբնութագրական առանձնահատկութունը գլխավոր նպատակի վրա կենտրոնանալու ընդունակությունն է: Եռանկյունները էներգիայով լի, անզուսպ, ուժեղ անձինք են, որոնք ունեն հստակ նպատակներ և որպես կանոն հասնում են դրանց: Նրանք պատվախնդիր և պրագմատիկ անձինք են, կարողանում են իրենց վերադասներին ցույց տալ իրենց և իրենց ենթակաների աշխատանքի արժեքավորությունը: Ճիշտ լինելու և երևույթների ընթացքը կառավարելու պահանջմունքը «եռանկյուններին» վերածում է մշտապես հակառակորդի, ուրիշների հետ մրցակցող անձի:

 

Շրջան: Հինգ պատկերներից ամենաբարյացկամն է: Նրան բնորոշ է բարձր զգայունակությունը, զարգացած էմպաթիան՝ ապրումակցելու, հուզականորեն ուրիշների ապրումներին արձագանքելու ընդունակությունը: «Շրջանները» զգում են ուրիշի ուրախությունը և ցավը որպես իրենց սեփականը: Նրանք երջանիկ են այն ժամանակ, երբ շրջապատում բոլորը համերաշխ են: Այդ պատճառով, երբ շրջանը ինչ-որ կոնֆլիկտ է ունենում, ավելի հավանական է, որ առաջինը շրջանը կզիջի: Նա փորձում է ընդհանուր բաներ գտնել անգամ հակառակ տեսակետներում:

Զիգզագ: Ստեղծագործականության խորհրդանիշն է: Բացարձակ տարբեր, անհամատեղելի գաղափարների համադրումը և դրա հիման վրա ինչ-որ նոր, օրիգինալ բանի ստեղծումը այն է, ինչ դուր է գալիս զիգզագներին: Նրանք երբեք բավարարված չեն այն եղանակներով, որոնցով ինչ-որ բան է արվում այդ պահին կամ արվել է անցյալում: Զիգզագը մյուս հինգ պատկերներից ամենաոգևորվողը, ամենա դյուրագրգիռն է: Երբ նա նոր գաղափար է ունենում, ապա պատրաստ է դրա մասին հայտնել ի լուր համայն աշխարհի: Զիգզագները իրենց գաղափարների անխոնջ քարոզիչներն են և ընդունակ են ներգրավելու շատերին:

Ինչ ենք շնչում

Լուսանկարը` Լիլիթ Հովսեփյանի

Լուսանկարը` Լիլիթ Հովսեփյանի

Փողոցով քայլում էի: Հանկարծ տեսա մեկին, ով այրում էր չորացած ընկուզենու տերևները: Արդյոք անհրաժե՞շտ է, որ այրենք տերևները: Դրանք այրվելով թունավոր գազեր են արտանետում, որոնք վտանգավոր են բոլորի համար: «Հետո ինչ, օդն արդեն իսկ աղտոտված է, ես իմ շրջակայքն եմ մաքրում աղբից»,- մտածում են այդպիսի մարդիկ: Բայց աղբը կարելի է այլ կերպ մաքրել և այնպես անել, որ այն մեզ ծառայի որպես հումուս, այլ ոչ թե թունավորի օդը:

Այդ օրը մայրիկիս հետ երկար զրուցեցինք բնապահպանական գլոբալ հիմնախնդիրների մասին։ Նա դասավանդում է ֆիզիկա, բնագիտություն և Է․Ռ․Օ․Դ․Ծ․ (էներգոռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր): Նա ինձ պատմեց տերևներն այրելու վնասակարության մասին։ Իմացա ավելին, որ տերևների խոնավության պատճառով դրանք ավելի դանդաղ են այրվում և արտանետում են օդով տեղափոխվող մասնիկներ՝ փոշի, մուր: Ցանկացած նյութ այրվելիս արտանետում է ածխաթթու գազ: Եվ եթե այն մեծ քանակությամբ է արտանետվում, ապա նպաստում է գլոբալ տաքացմանը: Առաջացնում է հազ, խրոնիկ շնչառական խանգարումներ, կարող է գրգռել աչքերը, քիթը, կոկորդը, վնասակար է ասթմա կամ սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Արյան մեջ միանալով հեմոգլոբինին՝ ազդում է արյան մեջ թթվածնի քանակության վրա:

ՀՀ-ում ընդունված մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքի համաձայն՝ բնական միջավայրում առաջացած թափոններն այրելն արգելվում է: Եվ օրենքը խախտողներին սպասվում է վարչական տուգանք: Բացի դրանից՝ կան շատ կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում բնապահպանության ոլորտում, կազմակերպում են շատ միջոցառումներ, ինչպիսիք են «Թուղթը աղբ չէ», «Պլաստիկը աղբ չէ», և վերջիվերջո, աշխարհում գոյություն ունի էներգախնայողության օր: Սա խոսում է այն մասին, որ հարկավոր է սիրել բնությունը, քանզի այն մեզ տվել է կյանք: Պետք չէ մտածել միայն այսօրվա մասին, չէ՞ որ «վաղը» գալու է:

Պաբլո Գարսիա Կոնդե. «Այստեղ մարդիկ նման են մեզ՝ իսպանացիներիս»

«Մանանա» կենտրոնի կինոստուդիայում արդեն մեկ ամիս է Հայ Կամավորների Միության նախաձեռնությամբ Պաբլո Գարսիա Կոնդեն և Մեհրդադ Եղբալին անց են կացնում կինոյի դասընթացներ: Այսօր ես կզրուցեմ Պաբլոյի հետ:

IMG_1334-1

-Բարև Ձեզ, կներկայանա՞ք։

-Բարև։ Ես Պաբլոն եմ, Իսպանիայից։ Հայաստան եկել եմ կամավորական աշխատանքով զբաղվելու։ Բարսելոնայում “Dart” ֆիլմերի փառատոնի համակարգողներից եմ։

-Ինչպե՞ս որոշեցիք  կամավոր դառնալ։

-Կամավորությամբ արդեն զբաղվել էի ուրիշ երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, Էկվադորում, այդ պատճառով արդեն ծանոթ եմ այս ոլորտին։ Կամավորությունը նոր փորձ ձեռք բերելու և նոր երկիր, նոր մշակույթ, նոր մարդկանց բացահայտելու հրաշալի տարբերակ է։ Այն միշտ սովորելու հետաքրքիր պրոցես է։

-Ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում։

-Տվյալ պահին կամավորություն եմ անում այստեղ՝ «Մանանայում» և Թումոյում։ Թումոյի հետ համագործակցությունը վերջերս եմ սկսել։ Կինոյի պատմության վերաբերյալ դասընթացներ եմ վարում։ Պատրաստվում եմ համագործակցել նաև KulturDialog-ի հետ։ Բացի դրանից՝ մի ծրագիր ունեմ կոլեգաներիս՝ կամավորների հետ․ պլանավորում ենք կարճամետրաժ ֆիլմ նկարել։ Ծանրաբեռնված եմ, բայց ուրախ եմ, որ այստեղ եմ։

-Ծանո՞թ եք հայկական ֆիլմերին։

-Հայկական այն ֆիլմերի ցանկը, որ դիտել եմ, ցավոք սրտի շատ ավելի կարճ է, քան այն ֆիլմերի ցանկը, որ կցանկանայի դիտել։ Դիտել եմ Փարաջանովի «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը։ Դրանք շատ եմ հավանել։ Անպայման ծանոթանալու եմ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերին, Փարաջանովի ստեղծագործական կյանքին, դիտելու եմ նրա մնացած ֆիլմերը։

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց Հայաստանը։

-Հայաստանին արդեն ծանոթ էի, առաջին անգամը չէ, որ այցելում եմ։ Երեք տարի առաջ եղել էի այստեղ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմում էի։ Ապրել եմ նաև Վրաստանում։ Երկար ժամանակ ցանկանում էի վերադառնալ այստեղ, ավելի լավ ծանոթանալ մարդկանց ու տեղի մշակույթի հետ։ Հարմար հնարավորությունը տեսնելով՝ միանգամից օգտվեցի դրանից։ Հիմա փորձում եմ բոլոր առավելություններն օգտագործել, ճանապարհորդել երկրի ներսում, ազատ ժամանակս օգտագործել ամեն ինչին լավ ծանոթանալու համար։

-Արդեն հասցրե՞լ եք հանդիպել ինչ-որ դժվարությունների այստեղ։

-Դե․․․ Առաջինը՝ լեզուն (տխուր դադար): Երևի թե գլխավոր բարդույթը սա է։ Առօրյադ բարդանում է, երբ չես կարող ազատ հաղորդակցվել մարդկանց հետ խանութներում, փողոցում, ավտոբուսում։ Բայց կարողացել եմ հարմարվել արդեն։ Բացի դրանից՝ շատ դժվարությունների չեմ հանդիպել։ Այստեղ մարդիկ շատ նման են մեզ՝ իսպանացիներիս։ Կան մի քանի բաներ, որոնք չեմ հավանում, օրինակ՝ տրանսպորտը, բայց արդեն հարմարվել եմ։

-Իսկ ի՞նչն եք հավանել Հայաստանում։

-Մարդկանց։ Տարբեր իրավիճակների եմ առնչվել, բայց նրանք ինձ միշտ լավ են վերաբերվում։ Նաև կարիերա կառուցելու բազմաթիվ հնարավորություններ ունեմ Հայաստանում։ Ես այստեղ ուղղակի կամավոր եմ, սակայն իրավունք ունեմ անելու գրեթե ամեն ինչ, ինչ կցանկանամ։ Այստեղ ազատ եմ։

-Ունե՞ք նախընտրելի վայրեր Հայաստանում։

-Կարո՞ղ ենք Արցախը հաշվել։

-Իհարկե։

-Ուրեմն Արցախը։ Դեպի Արցախ կատարած ճանապարհորդությունս հրաշալի փորձառություն էր։ Նաև` Խոր Վիրապը։ Չնայած, որ բոլոր ոչ աշխատանքային օրերին այցելում եմ Հայաստանի տեսարժան վայրերը, Խոր Վիրապը դեռ իմ սիրելին է։

-Ի՞նչ միջմշակութային տարբերություններ եք տեսնում Ձեր հայրենիքի և Հայաստանի միջև։ Արդեն հարմարվե՞լ եք դրանց։

-Քաղաքի մասին առաջին տպավորությունը գույնն է, որը իմ կարծիքով մշակութային տարր է Երևանի համար։ Նման յուրահատուկ գունավորում ունենք նաև Իսպանիայում, այնպիսին, որ բնորոշ է միայն մեր երկրին։

Ինչպես արդեն ասացի՝ մարդիկ իրար շատ նման են երկու երկրներում։ Մի քանի փոփոխություններ կան իմ առօրյա կյանքում։ Ինչքանով որ հասցրել եմ նկատել, այստեղ օրենքները ոչ միշտ են պահպանում։ Օրինակ՝ գիտեմ, որ Հայաստանում շատ ավտովթարներ են լինում, հաճախ մարդիկ վնասվածքներ են ստանում այն պատճառով, որ ամրագոտին չեն կապել։ Բայց նստում ես երթուղային տրանսպորտ և տեսնում ես, որ վարորդները չեն գցում ամրագոտին։ Իսկ ճանապարհային ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում դրա դեմ։ Կարծում եմ՝ ճանապարհային կանոններին պետք է ավելի խիստ վերաբերվել։ Կամ տեսնում ես ավտոբուսում նշան, որն արգելում է ծխել կամ հեռախոսով խոսել, բայց վարորդը և՛ ծխում է, և՛ հեռախոսով խոսում։ Այս ամենը շոկային է ինձ համար։

-Հասցրե՞լ եք ձեռք բերել ընկերներ։

-Այո՛։ Նախորդ փորձառությունից արդեն ծանոթ էի այստեղ մի քանի հոգու հետ։ Ամեն շաբաթ մենք ուղևորություններ ունենք մեր կազմակերպության հետ (AVC), և ես հնարավորություն ունեմ հանդիպելու տեղացիներին, նաև մարդկանց այլ երկրներից։ Սիրում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ ճանապարհորդելիս։ Արդեն ընկերներ ունեմ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից։

-Հայաստանում անցկացրած ժամանակն ու այստեղ ձեռք բերած փորձառությունը ինչպե՞ս են Ձեզ օգնելու ապագայում։

-Արտասահմանում ապրելը կյանքի փորձ է առաջին հերթին։ Բացահայտում ես ինքդ քեզ, սովորում ես ապրել առանց օգնության, ինքնուրույն։ Սա օգնում է քեզ կյանքում աճել որպես անհատականություն։ Հայաստանում անցկացրած ժամանակս օգնում է ինձ կայանալ որպես մասնագետ։ Բոլոր կառույցները, որոնց հետ համագործակցում եմ, փորձառությունները, որոնք ունենում եմ իրենց ներդրումն ունեն այդ գործում։ Սա անընդհատ կրթական պրոցես է, որը ես սիրում եմ։ Երիտասարդներն այստեղ ունեն իրենց մտքերն արտահայտելու ազատություն։ Այստեղ շատ են տարաբնույթ փառատոններն ու ցուցահանդեսները։ Այստեղ տեսնում եմ մշակույթը, արվեստն ու ակտիվությունը զարգացնելու եռանդ։ Եվ ես ինձ շատ լավ եմ զգում այս միջավայրում։

-Արդեն որոշե՞լ եք՝ ինչ եք անելու կամավորական աշխատանքներն ավարտելուց հետո։ Մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ տեղափոխվելու եք մեկ այլ երկիր։

-Դեռ երկար ժամանակ այստեղ եմ լինելու՝ 7 ամիս։ Սակայն չեմ կարող գնալ, երբ հոգնեմ, կամ ավելի երկար մնալ։ Առաջնորդվում եմ պլանով։ Պլանավորում եմ դոկտորական թեզի պաշտպանություն (PhD) կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Դա իմ գլխավոր նպատակն է։ Պլանավորում եմ դա անել նաև արտասահմանում։ Կցանկանայի նաև Կանադա այցելել։ Չգիտեմ։ Երևի կշարունակեմ ճանապարհորդել։

nelli miskaryan

Եթե մեռնել, ապա միայն աշնանը

-Ձմեռն էլ վերջացավ,- երկար լռությունից հետո վերջապես խոսեց,- շուտով կգա գարուն, ամառ…

-Ու աշուն,- շարունակեցի ես, – հետո նորից ձմեռ կլինի, նորից գարուն ու ամառ, նորից աշուն ու… Մի օր մենք կմեռնենք…

-Աշնա՞նը:

-Աշնանը,- հաստատեցի, ու ինչ-որ սառը ժպիտ հայտնվեց դեմքիս:

-Ի՞նչ տարբերություն, թե երբ կմեռնեք:

-Դե, մի անգամ ենք մեռնում, բա սիրուն չմեռնե՞նք…

Իրականում, հա, եթե մեռնել, ապա միայն աշնանը, բնության գրկում ու էն միակի կողքին։ Մեռնել ժպիտով ու համոզմունքով, որ ինչ-որ բան թողել ես քեզնից հետո։ Մեռնել վստահությամբ, որ մարմինդ կմեռնի, բայց հոգիդ միշտ կապրի։ Քիչ անց նորից բացեցի խոսակցությունը.

-Իսկ տեսնես ո՞նց կմեռնենք։

-Գուցե հենց հիմա։ Այ, տես, մենք պարզապես քայլում ենք, բայց ի՞նչ գիտես՝ ինչ կպատահի։

Ընկա մտքերի գիրկը։ «Հիմա՞, բայց ես դեռ ոչինչ չեմ թողել ինձնից հետո, չեմ վերջացրել անելիքներս, բա Իտալիա գնալու պլաննե՞րս, իսկ արտերկրում ուսում ստանալու նպատա՞կս…»։

«Բա»-երն ու «իսկ»-երը շատ էին, դրա համար էլ որոշեցի հենց այսօրվանից երազանքներս իրականություն դարձնել։ Ո՞վ գիտի, թե որ աշունը վերջակետը կդնի։

 

Հարցում. Հայկական հեռուստատեսությունն այսօր

17.am ը նախաձեռնել է հարցում հայկական հեռուստատեսության վերաբերյալ։ Հարցման միջոցով մենք կփորձենք պարզել, թե այսօր ինչ են նախընտրում դիտել երիտասարդները հեռուստատեսությամբ։ Արդյո՞ք հեռուստադիտողին բավարարում է հայկական եթերը, ի՞նչն է պակասում, ի՞նչ հաղորդումներ կցանկանանք դիտել:

Իսկ որպեսզի հարցումը լինի ավելի օբյեկտիվ, մենք հայցում ենք ձեր օգնությունը: Խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը, որը ձեզնից շատ ժամանակ չի խլի:

Հարցման արդյունքների ամփոփումը անպայման կզետեղենք կայքում:

Ուզո՞ւմ ես լուսանկարել. մաս 1

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ի՞նչ է լույսը… Իսկ ի՞նչ է գույնը… Դե, եթե ենթադրենք, որ լույսը փոքրիկ գեղեցիկ աղջիկ է, կամ երիտասարդ բեղերով տղամարդ, ապա գույնը նրա տրամադրությունն է: Երևի մտածում եք, որ արդեն ցնդել եմ, բայց եթե ուսումնասիրեք լույսը լուսային ռեժիմները, անդրադարձումները և այլն, դուք նույնպես մի այդպիսի «վեհ» գաղափար կկազմեք:

Ամեն ինչ սկսվեց ութ տարի առաջ, երբ ես առաջին անգամ ձեռքումս պահեցի ֆոտոապարատ` գեղարվեստական պատկեր ստանալու համար: Դե, դա այսպես է լինում. դու երազում ես ինչ-որ բանի մասին, բայց մտածում ես, որ ողջ կյանքդ առջևում է, ու դեռ կհասցնես այն իրականացնել: Իսկ երբ կատարվում է, հասկանում ես, որ ամեն բան ճիշտ ժամանակին է լինում, հետո ուշ կլիներ: Սկզբում ավելի հեշտ է, ամեն անգամ լուսանկարելուց կարծում ես, որ ահա այս մեկը իսկական գլուխգործոց է, բայց հետագայում որոշակի փորձ ունենալով, նայում ես առաջին լուսանկարներիդ ու փնտրում այն փոքրիկ անտաղանդին, որ քո մեջ ապրել է:
Ամեն անգամ ինքնաատահայտվելիս մենք լցվում ենք կասկածներով, երկմտանքով. արդյո՞ք սա է մերը, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ կասկածները շատ անգամ բերում են ինքնակործանման, կամ ուղղակի կիսատ ենք թողնում: Հիմա ես համոզված եմ, որ Դագերը իր դագերոտիպը ստեղծելու ճանապարհին բազմիցս երկմտել է: Սակայն դրա մասին ավելի ուշ:
Հա, ինչ խոսք, լավ լուսանկար ստանալու ճանապարհը դժվար է: Շատ հաճախ ստիպված ես արթնանալ առավոտյան ժամը վեցին, ողջ օրը նկարել, «եփվել» արևի տակ կամ սառչել ձմռան ամենացուրտ օրը, դիմանալ բոլոր այն արտահայտություններին, որ լսվում են կողքից, փնտրել պատկեր, մտածել, ստեղծել կադր, պառկել հատակին, պատերին, մինչև անգամ առաստաղին ու վերջում լուսանկարները շտկելիս հազար վեց հարյուր երեսունհինգ լուսանկարից թողնել միայն մեկը, որը իրականում այնքան էլ դուրդ չի գալիս: Բազմաթիվ անգամներ մտածում ես ապարատը տալ կոտրելու մասին, բայց դա լուծում չէ` քո խցիկը քո աչքն է, ու քո երևակայությունը: Բացի այդ, երբ ձեռքերիդ մեջ պահում ես քո առաջին հաջողված լուսանկարը, վերհիշում ես բոլոր այն ապրումները, որ ունեցել ես նկարելուց, ու քեզ համար այդ ամենն այնքան թանկ է դառնում, այնքան քոնը: Այդ զգացումը ամեն անգամ առաջանում է նայելուց քո այն լուսանկարին, որի մեջ դրել ես ողջ քեզ, նույնիսկ արտասվելու ու ինքդ քեզ համբուրելու ցանկություն է առաջանում:
Ես հիշում եմ իմ առաջին լուսանկարը` քույրս, որին ես «բռնացրել էի» դասի ժամանակ քնած: Հետագայում քույրս դարձավ իմ լուսանկարիչ դառնալու ճանապարհի անբաժան ընկերը: Ես շարունակ կրկնում էի «մարդ նկարիր» արտահայտությունը ու նկարում քրոջս: Դե մինչև այն ժամանակ, երբ ստիպված եղա նկարել պեյզաժներ, նատյուրմորտներ ու հասկացա, որ միայն մարդ նկարելով չէ:
Եթե որոշել եք սովորել լուսանկարել, կամ արդեն այդ ճանապարհին եք, ուրեմն ժամանակն է իմանալու, որ ֆոտոն ամենևին լոգարանում արված սելֆին չէ, ոչ էլ տարբեր դիտակետերից նկարված մայրամուտը: Ձեր ֆոտոն դուք եք, ձեր հոգեվիճակը, տրամադրությունը, ճաշակը: Եվ բացի այդ, լավ լուսանկարը ամենաթանկարժեք հիշողության է նման: ՉԷ որ դա այն պահն է, որը էլ երբեք չի կրկնվելու:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե, ինչ, եկ այսուհետ խոսենք լուսանկարչության մասին, ակունքներից մինչև մեր օրերը, նշանավոր լուսանկարներից ու լուսանկարիչներից մինչև մեր վերջին լուսանկարը, լուսանկարչական ուղղություններից մինչև ժամանակակից լուսանկարչական փորձարարությունները: Եվ էլի հարցեր, որոնք հուզում են ինձ որպես լուսանկարչի և ձեզ, որ գուցե այսօր առաջին քայլն եք անելու:

mane tonoyan

Որ մասնագիտությունն է ինձ ավելի բնորոշ. թեստ

Երբ ես պատանի էի, մի լավ տանջվեցի, մինչև որոշեցի, թե որ մասնագիտությունը ընտրեմ: Մասնագիտություն ընտրելիս մենք հաշվի ենք առնում շատ տարբեր բաներ՝ մեր կարողությունները, տվյալ մասնագիտության եկամտաբերությունը և պահանջարկը, սեփական ցանկութունից մինչև ծնողների կարծիքը և նրանց երբեմնի երազանքները… Սակայն ընտրությունը կարելի է համարել հաջողված այն դեպքում, երբ հաշվի ենք առնում մեր ոչ միայն ցանկությունները, այլև իրական հակվածությունը, մեր անձի ուղղվածությունը, քանի որ մասնագիտությունը ոչ միայն եկամուտ, այլև կյանքից բավականություն ստանալու միջոց է: Կան մասնագիտկան կողմնորոշման հատուկ կենտրոններ, որտեղ օգնում են մասնագիտության ընտրության հարցում՝ կիրառելով տարբեր հոգեբանական մեթոդներ: Առաջարկում եմ այդ մեթոդներից մեկը՝ մշակված Ե. Կլիմովի կողմից: Հարցարանի միջոցով կարելի է կողմնորոշվել, թե մասնագիտական որ ոլորտի նկատմամբ ունեք հակում և հետաքրքրություն:

Հրահանգ. Ենթադրենք՝ դուք ունեք հնարավորություն անելու այն, ինչ ձեզ դուր է գալիս: Երկու առաջարկվող զբաղմունքներից ո՞րը կգերադասեիք (նշեք նախընտրելի տարբերակները):

Հարցարան

  1. ա. խնամել կենդանիներին

բ.սպասարկել մեքենաները, սարքերը (հետևել, կարգավորել)

  1. ա. օգնել հիվանդ մարդկանց, բուժել նրանց

բ. կազմել աղյուսակներ, սխեմաներ, հաշվիչ մեքենաների ծրագրեր

  1. ա. հետևել գրքային նկարազարդումների, գեղարվեստական բացիկների, պաստառների որակին

բ. հետևել բույսերի զարգացմանը, նրանց վիճակին

  1. ա. նյութեր մշակել (փայտ, գործվածք, մետաղ, պլաստմասա և այլն)

բ. ապրանքները հասցնել սպառողին (գովազդել, վաճառել)

  1. ա. քննարկել գիտահանրամատչելի գրքեր, հոդվածներ

բ. քննարկել գեղարվեստական գրքեր (կամ պիեսներ, համերգներ)

  1. ա. վարժեցնել որևէ ցեղատեսակի կենդանիներ

բ. մարզել ընկերներին (կամ ավելի կրտսերներին) որևէ գործողություն կատարելու հարցում (աշխատանքային, սպորտային)

  1. ա. պատճենել նկարներ, պատկերներ (կամ կարգավորել երաժշտական գործիքներ)

բ. ղեկավարել որևէ տեսակի բեռնատար (վերամբարձ կամ փոխադրիչ) միջոց՝ վերամբարձ կռունկ, տրակտոր, շոգեքարշ և այլն

  1. ա. հաղորդել, պարզաբանել մարդկանց անհրաժեշտ տվյալները

բ. գեղարվեստորեն ձևավորել ցուցահանդեսները, ցուցափեղկերը (կամ մասնակցել պիեսների, համերգների կազմակերպմանը)

  1. ա. վերանորոգել իրերը, ապրանքները (հագուստ, տեխնիկա), կացարանը

բ. փնտրել և ուղղել տեքստերի, աղյուսակների, նկարների սխալները

  1. ա. բուժել կենդանիներին

բ. կատարել հաշվարկներ

  1. ա. ստեղծել բույսերի նոր տեսակներ

բ. կոնստրուկտորավորել, նախագծել արտադրական ապրանքների նոր տեսակներ (մեքենաներ կամ հագուստ, տներ, սնունդ և այլն)

  1. ա. հարթել վիճաբանությունները, մարդկանց միջև կռիվները, համոզել, պարզաբանել, ճշգրտել, խրախուսել, պատժել և այլն

բ. աշխատել գծագրերի, սխեմաների հետ (աղյուսակներ ստուգել, կարգի բերել)

  1. ա. ուսումնասիրել, դիտել ստեղծագործական ինքնագործունեության խմբակների աշխատանքը

բ. դիտել, ուսումնասիրել մանրէների կյանքը

  1. ա. սպասարկել, կարգավորել բժշկական գործիքներ, սարքեր

բ. մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերել վնասվածքների, վերքերի, այրվածքների դեպքում և այլն

  1. ա. կազմել ճշգրիտ նկարագրություններ՝ դիտումների, երևույթների, իրադարձությունների, չափվող օբյեկտների մասին հաշվետվություններ գեղարվեստորեն նկարագրել, պատկերել իրադարձությունները
  2. ա. հիվանդանոցում լաբորատոր ստուգումներ կատարել

բ. ընդունել, հետազոտել հիվանդներին, զրուցել նրանց հետ, բուժում նշանակել

  1. ա. գունավորել, նկարներով պատել հաստատությունների պատերը, ապրանքների մակերևույթները

բ. կատարել հաստատությունների մոնտաժ կամ մեքնենաներ, սարքեր հավաքել

  1. ա. հասակակիցների կամ ավելի կրտսերների շրջանում մշակութային արշավներ կազմակերպել դեպի թատրոններ, թանգարաններ, էքսկուրսիաներ, զբոսաշրջային արշավներ կազմակերպել և այլն

բ. խաղալ բեմում, մասնակցել համերգների

  1. ա. ըստ գծագրերի դետալներ պատրաստել (մեքենա, հագուստ), շենքեր կառուցել

բ. զբաղվել գծագրությամբ, կրկնօրինակել գծագրեր, քարտեզներ

  1. ա. պայքարել բույսերի հիվանդությունների դեմ, անտառի, այգու վնասատուների դեմ

բ. աշխատել ստեղնաշարային սարքերի վրա (համակարգիչներ, շարող մեքենաներ)

Աղյուսակում, որը բաժանված է 5 սանդղակների (մասնագիտության ոլորտների) տեղադրեք ձեր արդյունքները և հաշվեք, թե յուրաքանչյուր սանդղակում քանի միավոր եք հավաքել:

 

բնութ. տեխիկ. մարդ նշան գեղ. պատկ.
   
   
     
10ա     10բ  
11ա 11բ 12ա 12բ 13ա
13բ 14ա 14բ 15ա 15բ
16ա   16բ   17ա
  17բ 18ա   18բ
  19ա   19բ  
20ա     20բ  

 

Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր սանդղակում միավորների քանակը 0-8-ն է: Որքան բարձր է ձեր հավաքած նիշը, այնքան դուք հակված եք մասնագիտությունների տվյալ բնագավառին:

  • 0–2 միավորը նշանակում է, որ տվյալ մասնագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը գրեթե արտահայտված չէ
  • 3–6 մասնագիտական ուղղվածությունը և հետաքրքրվածությունը արտահայտված են միջին աստիճանի
  • 7–8 մասնագիտական ուղղվածության և հետաքրքրվածության բարձր արտահայտվածություն

Միավորները բաշխվում են ըստ հինգ սանդղակների, որոնք բնութագրում են մարդու կապը հինգ մասնագիտական ոլորտների հետ՝

  1. մարդ-բնություն (ներառում է բուսականության, կենդանիների և անտառային տնտեսության հետ կապված բոլոր մասնագիտությունները)
  2. մարդ-տեխնիկա (տեխնիկական մասնագիտությունները)
  3. մարդ-մարդ (մարդկանց սպասարկման և շփման հետ կապված մասնագիտությունները)
  4. մարդ-նշան (հաշվարկների, թվային և տառային նշանների հետ կապված, այդ թվում` նաև երաժշտական մասնագիտությունները)
  5. մարդ-գեղարվեստական պատկեր (բոլոր ստեղծագործական մասնագիտությունները)

 

Ծանոթացեք. մասնագիտությունը` ագրոէկոլոգ

Հարցազրույց ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանի հետ:

-Մի փոքր պատմե՛ք Ձեր մասին։

-Ես Լուսինեն եմ, մասնագիտությամբ ագրոէկոլոգ եմ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունեմ։ 2006 թվականից սկսած՝ մասնակցել եմ կայուն գյուղատնտեսության զարգացման տարբեր տեսակի ծրագրերի Հայաստանում։ Մենք փորձել ենք տարբեր գյուղական համայնքներում այնպես անել, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի եկամտաբեր, ավելի կայուն, և ստեղծվեն հնարավորություններ, որ մարդիկ չցանկանան գյուղը լքել, այլ ապրեն գյուղում, ստեղծեն իրենց եկամուտները, բայց միևնույն ժամանակ, չվնասեն բնությանը։ Դա է եղել ամբողջ գաղափարախոսությունը։ Եվ այդ ընթացքում (2006-ից մինչ հիմա) տարաբնույթ ծրագրեր են անընդհատ իրականացվել տարբեր գյուղական համայնքներում։ Հաջողված փորձերից մեկն էլ Սոլակ գյուղինն է եղել։

-Ո՞ր տարիքից եք հետաքրքրվում գյուղատնտեսությամբ։

-Մանկուց ինձ համար շատ գրավիչ, թանկ ու կարևոր է եղել բնությունը, միշտ ինձ համարել եմ բնությանը մոտ մարդ։

Ես քաղաքում ծնված, քաղաքում մեծացած աղջիկ եմ, «ասֆալտի վրա», եթե այդպես կարելի է ասել։ Եվ իմ սերը գյուղատնտեսության նկատմամբ չի գալիս մանկուց։ Իրականում կար սեր բնության նկատմամբ, ոչ թե գյուղատնտեսության։ Եվ երբ արդեն ժամանակն էր որոշելու՝ ինչ մասնագետ դառնալ, ես պատկերացնում էի ինձ բնապահպանության ոլորտում և որոշեցի, որ պետք է գնամ այդ ուղղությամբ, բնապահպան դառնամ։ Եվ այնպես ստացվեց, որ հայտնվեցի Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետում և սկսեցի ուսումնասիրել ագրոէկոլոգիան։ Ու դա դարձավ ուղի, ճակատագիր, որովհետև բոլորը՝ և՛ բակալավրը, և՛ մագիստրատուրան, և՛ ասպիրանտուրան, ագրոէկոլոգիայի ուղղությամբ են եղել։

Ագրոէկոլոգիան, իրականում, Հայաստանի և աշխարհի համար երիտասարդ գիտություն է։ Այն մասին է, թե ինչպես վարել գյուղատնտեսությունը, որ չվնասես բնությանը, կրկնօրինակես բնությանը, բայց նաև ստանաս օգուտ, այսինքն՝ դա լինի եկամտաբեր։ Եվ տարիներ շարունակ փորձում ենք տարբեր գյուղերում ներդնել ագրոէկոլոգիական սկզբունքները։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք վնասել բնությանը։ Օրինակ՝ գյուղացին իր գործունեության ընթացքում ինչպե՞ս է վնասում բնությանը։

-Մենք ի՞նչ ենք անում։ Մենք վարում ենք հողը ու վարում ենք շատ խորը։ Իրականում, հողը կենդանի օրգանիզմ է, բայց մենք հողին վերաբերվում ենք որպես ընդամենը միջավայրի, որտեղ աճում են մեր բույսերը։ Հողի մեջ կա այնքան շատ կյանք, որ ոչ մի այլ տեղում չկա, 1 հա հողի մեջ միլիարդների հասնող կենդանի օրգանիզմներ կան։ Դրանք փոքր են, անտեսանելի մեզ համար, բայց դրանք կենդանի օրգանիզմներ են և շատ կարևոր դեր են կատարում։

Եվ այսպես, ի՞նչ է անում գյուղացին։ Գյուղացին վնասում է ամենաառաջինը իր կերակրողին՝ հողին, սխալ վերաբերմունքով, միակողմանի հանքային պարարտացմամբ, խորը վարով, այսինքն՝ վերաբերվելով ոչ որպես կենդանի օրգանիզմի։ Մինչդեռ, օրինակ, կայուն գյուղատնտեսության մեթոդներն ասում են, որ հողը պետք չէ խորը վարել, պետք է միայն մակերեսային վարել, հողին պետք չէ տալ արհեստական պարարտանյութեր, հողը պետք է լինի միշտ ծածկված։ Բնության մեջ՝ անտառում, դաշտերում, սարերում, մենք երբեք չենք տեսնի լերկ, դատարկ հող։ Ուշադրությո՛ւն դարձրեք՝ վայրի բնության մեջ երբեք դատարկ հող չեք տեսնի, այն միշտ ծածկված է մոլախոտերով կամ ինչ-որ կանաչ զանգվածով։ Եթե ինքը ծածկված չէ, ուրեմն մի բան այդ հողի հետ այնպես չէ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք այդ ամբողջ խոշոր բազմազանությունը հանում ենք, վարում ենք, հեռացնում ենք, պայքարում ենք մոլախոտերի դեմ, ընտրում ենք մի մշակաբույս և ասում ենք, որ այդ մշակաբույսը պետք է այստեղ աճի, ու ոչնչացնում ենք մյուս բոլոր կենդանի օրգանիզմները։ Հողին դարձնում ենք այդպիսով շատ խոցելի։ Նաև մենք անխնա օգտագործում ենք թունաքիմիկատներ։ Օգտագործում ենք, օրինակ, մոլախոտասպան մի միջոց, որի անունն է «Round up», ազդանյութը՝ կլիֆոսատ։ Կլիֆոսատը թույն է, որն օգտագործում են մոլախոտերը վերացնելու, սպանելու համար։ Այն նպաստում է, որ բույսը չաճի։ Բայց դա այնքան վտանգավոր և ամենասպան նյութ է, որ սպանում է բոլոր տեսակի բույսերին։

Տատիկներից երևի լսած կլինեք «ДТТ»-ի մասին։ Դրանով ոջիլ էին սպանում, ցեցերի դեմ էին պայքարում և շատ այլ բաներ։ Տանն էլ էին պահում՝ դարակներում։ Հետո պարզվեց, որ դա շատ վտանգավոր թույն է, 30 և ավել տարի մնում է հողում, քաղցկեղածին է և այլն։ Մեր կազմակերպությունը մի քանի տարի առաջ հետազոտություն արեց։ Արարատի մարզի կանանց՝ կերակրող մայրերի կրծքի կաթից վերցրինք և հետազոտեցինք։ Կրծքի կաթի նմուշների գերակշիռ մասում՝ գրեթե 95%-ում, հայտնվեց «ДТТ»։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք այն վտանգավորի սահմանը, և դա ներթափանցել է մեր օրգանիզմ, մենք արդեն մայր-երեխա շղթայի միջոցով ենք դա փոխանցում։

Եվ նույնպիսի վտանգ իրենից ներկայացնում է գլիֆոսատ ասվածը, որը նույնպես քաղցկեղածին է, շատ երկար ժամանակ մնում է հողի մեջ, չի քայքայվում։ Սա ընդամենը մի օրինակ է, որ բերում եմ, բայց նմանատիպ օրինակները շատ-շատ են, և գյուղատնտեսությունը հենց այսպես է վնասվում։

Դիտարկենք անասնապահությունը։ Ինտենսիվ անասնապահության ժամանակ օգտագործվում են մեծ քանակի հակաբիոտիկներ։ Բացի այդ՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը գոմաղբամբարներից հանվում է և չկանոնակարգված մշակման է ենթարկվում։ Կարող է գնալ, լցվել մեր ջրային ավազանները և հանդիսանալ պատճառ՝ ջրերի ծաղկման։ Երբ սննդատարրերը ջրի մեջ մեծ քանակությամբ են հայտնվում, դա նպաստում է կապտականաչ ջրիմուռների աճին։ Ջրիմուռներն աճում են և պատում են ջրային ծածկույթները, ինչից ջուրը դառնում է ծաղկած, ինչը լավ չէ, որովհետև փոխվում է ջրի ողջ միկրոֆլորան։ Եվ ջրի օլիգոտրոֆ վիճակը, այսինքն՝ կայուն վիճակը, դառնում է էֆտրոֆ վիճակ, տեղի է ունենում էֆտրոֆիկացիա՝ ջրի ծաղկում։

Ուրիշ ի՞նչ վնաս։ Մենք անընդհատ ծանր տեխնիկա ենք օգտագործում հողը վարելու համար։ Փխրեցում ենք առաջացնում, կառուցվածքը խախտում ենք։ Հողը պնդանում է, հետո շոգի ժամանակ այդպես չորանում է, անձրևներից ճաքում է։ Մենք փչացնում ենք հողի որակը, ֆիզիկական հատկանիշները։ Այսպես կարող եմ շատ-շատ խնդիրներ թվել։

Իրականում, գյուղատնտեսությունը ամենախոշոր աղտոտիչն է, բայց այն նաև մեզ սնողն է․ չլինի գյուղատնտեսություն՝ չենք սնվի մենք։ Վերջերս մի ասույթ կարդացի, կարծում եմ՝ շատ դիպուկ է․ «Դու ուտում ես՝ ուրեմն դու կապ ունես գյուղատնտեսության հետ»։ Իրականում, հա, եթե մենք ուտում ենք, մենք կապ ունենք գյուղատնտեսության հետ, մենք կամա-ակամա սպառող ենք։ Եվ գյուղատնտեսությունն ինչքան էլ որ մեզ սնողն է, այն նաև ամենախոշոր աղտոտողն է՝ արդեն փորձագիտական տվյալների համաձայն։

-Այսինքն` Դուք փնտրում եք գյուղատնտեսությունն ավելի ապահով վարելու եղանակներ։

-Այդ եղանակները կան, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, բայց մենք փորձում ենք այդ եղանակներն ադապտացնել Հայաստանի պայմաններին և անել այնպես, որ դրանց կիրառման արդյունքում վնասներ չլինեն, այլ լինեն օգուտներ։ Օրինակ՝ Սոլակում մենք որոշել և ստեղծել ենք կայուն երկրագործության կենտրոն։ Այդ կենտրոնում կառուցել ենք փոքրիկ ջերմոց, որտեղ գյուղի կանայք (հենց կանայք, որովհետև գործը հիմնականում իրենց վրա է) աճեցնում են սածիլներ, հետո վաճառում դրանք։ Սածիլներն աճեցվում են առանց որևէ քիմիական միջամտության, ամբողջովին մաքուր, անվտանգ, օրգանական մեթոդներով և վաճառվում կամ տրամադրվում են գյուղաբնակներին։ Վերջիններս էլ աճեցնում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ, ինչը որ կլինի։ Սա մի տարբերակ։

Մենք իրենց տվել ենք օրգանական պարարտանյութեր արտադրելու հնարավորություն։ Մեր օգնությամբ՝ գյուղացիները զբաղվում են որդակոմպոստացմամբ կամ ձեռք են բերում որդակոմպոստ։ Այդ նույն գոմաղբը հատուկ միջավայրում հատուկ ձևով տալիս են որդերին, որդերը ուտում են, և նրանց արտաթորանքը դառնում է օրգանական պարարտանյութ՝ ոչ վնասակար, անվտանգ որդակոմպոստ։ Այդ պարարտանյութը տալիս են բույսերին, բույսերը շատ լավ աճում են։

Բացի այդ՝ մենք հավաքում ենք բոլոր անձրևաջրերը, մեր անձրևաջրերը չեն գնում կորչում։ Հատուկ կայան ենք կառուցել հողի տակ, որտեղ կուտակվում են անձրևաջրերը։ Ջրային ռեսուրսները շատ կարևոր են գյուղատնտեսության մեջ։ Այդ տարածքում ջուր չկար, իսկ ոռոգման ջուր շատ քիչ էին տալիս, և հնարավոր չէր ջրել։ Իսկ հիմա մենք կարող ենք և՛ ջրել, և՛ արդյունք ստանալ։

Մեկ այլ բան, որ անում ենք․ ստեղծել ենք արևային արկղատիպ չորանոցներ, որտեղ տարբեր ընտանիքներ հնարավորություն ունեն իրենց մրգերը չորացնելու մաքուր պայմաններում ու վաճառելով կամ օգտագործելով սեփական կարիքների համար՝ օգուտներ ունենալու։

Դրանից բացի՝ ստեղծել ենք մեկ հատ էլ արտադրական չորանոց։ Դա հիբրիդ տեսակի չորանոց է, որն աշխատում է և՛ արևի էներգիայով՝ արևային մարտկոցների շնորհիվ, և՛ էլեկտրականությամբ։ Եթե այդ պահին արև չկա, որպեսզի բերքը չփչանա, միանում է էլեկտրականություն։ Իսկ եթե կա արև, էլ չէ։ Մի ժամանակ միայն արևային պանելներով էր, հիմա դրել ենք նաև մարտկոց։ Այսինքն՝ կարող ենք գեներացնել հոսանք և այդ հոսանքով իրականացնել չորացում։ Ամբողջովին բնապահպանական մոտեցում․ քիչ ենք սպառում, շատ ենք ստեղծում, արժեք ենք ստեղծում չսպառելով։

Մենք ստեղծել էինք մի հետաքրքիր փոքր խանութ, որը կոչվում է «Կանգ և առ» կամ «Առողջ կանգառ» («Stop and buy», «Healthy stop») Սևան-Երևան մայրուղու 39-րդ կիլոմետրին։ Դա ճանապարհային խանութ էր, որտեղ գյուղաբնակները կարող էին վաճառել իրենց ձեռքով աճեցրած հատիկաընդեղենը և իրենց արտադրած գյուղմթերքը։

Չորս գյուղերից մեր ֆերմերների խմբին, օրինակ, տարել ենք Ֆրանսիա՝ փորձի փոխանակման։ Նրանք սովորել են կայուն գյուղատնտեսության, էկոտուրիզմի տարբեր գործելակերպեր Ֆրանսիայում, վերադարձել են և փորձել են դրանք այստեղ կյանքի կոչել։ Դրանից բացի՝ մենք իրենց տվել ենք շա՜տ մեծ քանակի գիտելիք։ Ամենամեծ ուժը գիտելիքն է։ Եթե դու գիտելիքով զինված ես, ուրեմն հարուստ ես և կարող ես շատ բաների հասնել։ Մենք իրենց կրթել ենք տարբեր ուղղություններով և փորձել ենք դարձնել ավելի մրցունակ։ Օրինակ՝ կրթել ենք, թե ինչպես պատրաստել որդակոմպոստ կամ կենսահումուս, թե ինչպես չորացնել կամ ստանալ արևային չորամրգեր, ինչպես կառուցել արևային չորանոցներ, ինչպես պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ՝ առանց թունաքիմիկատների կիրառման և ինչպես ստանալ եկամուտ կայուն գյուղատնտեսության միջոցով։ Կաթիլ առ կաթիլ, ամեն օր մի նոր քայլ դնելով առաջ ենք գնացել։

Ի դեպ, մեր կենտրոնում բացի ջերմոցից մենք ունենք նաև բարձրացված մարգեր, որտեղ մարդիկ աճեցնում են տարբեր տեսակի մշակաբույսեր։ Հեկտարներով մշակվել են ոսպ, հաճար, և էլի չեն օգտագործվել քիմիական եղանակներ, օրգանական պարարտանյութերով են պարարտացվել, և շատ լավ արդյունքներ ենք ստացել։

Ունենք նաև մի փոքր տարածք, որը նախատեսված է ագրոտուրիզմի զարգացման համար, և շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված։ Կահավորված լավ խոհանոց ունենք և մարդիկ, ովքեր շատ համեղ պատրաստում են։ Հնարավորություն կա գնալու, այդտեղ ճաշելու և, օրինակ, վայելելու սոլակյան սիրուն տեսարանը։ Մենք ուզում ենք ամբողջացնել բոլոր ուժերը և ստեղծել համընդհանուր արդյունք, որը կօգնի ընդհանուր գյուղի զարգացմանը։

-Իսկ ե՞րբ է բացվել այդ կենտրոնը։

-Կենտրոնը սկսել է գործել 2010 թվականից, և ամեն տարի մենք դրա վրա ինչ-որ նոր բան ենք ավելացնում: Անցյալ տարի, օրինակ, կատարեցինք դիզայներական աշխատանքներ, տարածքը արդեն շատ սիրուն նստելու տեղեր ունի, որ երբ մարդիկ գան հանգստանալու, իրենց ոչ միայն գյուղատնտեսությունն ու այդ համեղ բաները ձգեն, այլ նաև ընդհանուր հանգստանալու հնարավորությունը։

-Արտադրական չորանոցներում ի՞նչ չրեր եք պատրաստում:

-Պատրաստում ենք խնձորաչիր, սալորաչիր, ծիրանաչիր, ամեն ինչ չորացնում ենք հետագա վաճառքի համար։ Վաճառում ենք այդ ճանապարհամերձ խանութում, և նաև իրականացվում է ուղիղ վաճառք: Շատ սրճարաններ գիտեն մեր մասին, գիտեն, որ մեր կանայք արտադրում են ոսպ, գնում են կատարում ոսպի։ Վաճառում ենք նաև շուկաներում ուղիղ վաճառքի միջոցով։ Մենք նաև վաճառքին խրախուսելու համար առաջինն ենք եղել Հայաստանում, ով 2010 կամ 2011 թվականին, դժվարանում եմ հիմա հիշել, նշել ենք գյուղի կանանց միջազգային օրը, որն ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի կողմից։ Դա այն օրն է, երբ բոլոր մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն գյուղի կնոջը, մեծարեն իր կատարած աշխատանքների համար։ Ու մենք փորձեցինք Հայաստանում այդ մշակույթը մտցնել և հետաքրքիր ցուցահանդես-վաճառքներ էինք կազմակերպում մեր գյուղատնտեսական շուկաներին կից։ Կանայք գալիս էին, բերում էին իրենց արտադրատեսակները, մենք օգնում էինք, իրենց համար դա տեղափոխում էինք, տոնի էինք վերածում, շատ սիրուն զարդարում էինք տաղավարները, մարդիկ ոգևորված գալիս էին, որովհետև այդ արտադրատեսակները տարբերվում էին սովորական շուկայում առկա արտադրատեսակից։ Միջոցառումներ էինք կազմակերպում և փորձում էինք կարևորել կնոջ դերը։ Ցավոք պետք է նշեմ, որ կանայք ասում էին՝ այսքան տարիների ընթացքում մենք այսպիսի ուշադրության չէինք արժանացել նույնիսկ ընտանիքի անդամների կողմից։ Եվ դա կարծես թե ինչ-որ լուսավոր և ուրախալի օր էր իրենց կյանքում։ Եղել են դեպքեր, երբ հեռավոր սահմանամերձ գյուղերից եկած կանանց համար դա առաջին այցն է եղել Երևան, և իրենց համար դա շատ մեծ միջոցառում էր։ Ամեն տարի փորձել ենք կազմակերպել այս միջոցառումը՝ կախված հնարավորություններից։ Երբ ծրագիր էինք ունենում, անպայման կազմակերպում էինք։

Մենք ասելով նկատի ունեմ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը։ Եվ այս ամենը ես ձեզ ներկայացրի որպես այդ ՀԿ-ի ագրոէկոլոգ և ծրագրերի համակարգող։

-Կպատմե՞ք այդ ՀԿ-ի մասին։

-ՀԿ-ն ստեղծվել է 1999 թվականին Ելենա Մանվելյանի կողմից։ Միայն ես էի էկոլոգ, մյուս անդամները հիմնականում բժիշկներ են։ Եվ ինչո՞ւ առողջության և առողջ շրջակա միջավայրի, որովհետև մենք փորձում ենք բոլոր խնդիրները դիտարկել այն տեսանկյունից, որ այդ խնդիրները կամ բնապահպանական խնդիրները չվնասեն մարդու առողջությանը, այնպես անել, որ շրջակա միջավայրը լինի առողջ ու անվտանգ մարդու համար։ Կազմակերպության կայքում կտեսնեք, որ շատ տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում՝ սկսած կայուն ջրօգտագործումից, գյուղատնտեսություն, բնապահպանություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, տարբեր բնույթի ծրագրեր։

-Կազմակերպության կազմում միայն կանա՞յք են։

-Կազմակերպության կազմում միայն կանայք են, այո, միայն մեկ վարորդ ունենք։ Մենք էդպիսի գենդերային խնդիր չունենք, ու ոնց որ մեր տնօրենն է ասում՝ մենք տղամարդկանց դեմ չենք, մենք տղամարդկանց կողմ ենք։

-Իսկ «ORWACO»-ից կպատմե՞ք։

-«ORWACO»-ն 2011 թվականին հիմնված հայ-նորվեգական փակ բաժնետիրական ընկերություն է, այսինքն՝ բիզնես ընկերություն է։ Ես «ORWACO»-ի հիմնադիր տնօրենն եմ։ Այն հիմնվել է որպես օրգանական պարարտանյութեր արտադրող ընկերություն, որի նպատակն է` արտադրական օրգանական թափոնները վերցնել և դրանք վերափոխել օրգանական պարարտանյութերի։ Եվ մենք 2011 թվականից սկսած՝ Հայաստանի համար արտադրում ենք օրգանական պարարտանյութեր, որոնք հավաստագրում ունեն։ Այս պահին միայն Հայաստանի համար ենք անում, բայց նաև զբաղվում ենք արտահանման հարցերով։ Հուսամ՝ շուտով արտահանելու հնարավորություն կունենանք։

-Ովքե՞ր են «ORWACO»-ի հիմնադիրները։

-«ORWACO»-ն ունեցել է շատ համահիմնադիրներ՝ երկու նորվեգական ընկերություն, մեկ հայկական ընկերություն և երեք հայ, այդ թվում նաև ես, բաժնետերեր։ Գաղափարի հիմքում և ֆունկցիոնալ կառավարման հիմքում եղել եմ ես, բայց մենք ունեցել ենք շատ խոշոր օժանդակողներ, աջակիցներ ու գաղափարի հետևորդներ։

Իմ գործընկերոջը՝ Ռոլֆ Կեվինին, ես պատիվ ունեցա հանդիպել 2009 թվականին։ Նա ինձ ներկայացրեց Լուսակերտի բիոգազի կայանի թռչնաղբի խնդիրը։ Բիոգազը ստացվում էր, և էնտեղ առաջանում էր թռչնաղբ՝ մոտ 95 տոկոս խոնավությամբ ջրիկ զանգված։ Նա չգիտեր՝ ինչ անել, որովհետև տեղափոխել անհնար էր։ Սկսեցինք ուսումնասիրություններ ագրարային համալսարանի հետ մեկտեղ։ Իմ գաղափարն էր փորձել, տեսնել՝ արդյոք որդերը կուտեն դա։ Աշխարհում էդպիսի փորձ չկար դեռ։ Հաջողությամբ ստացվեց, կարողացանք արդյունքները ամրագրել, արձանագրել։ Ու գնացինք առաջ։ Հենց մեր նորվեգացի գործընկերը ստեղծեց այդ կապը մյուս օղակների միջև։ Մեր Հայաստանում, բայց իր շնորհիվ, ստեղծեցինք «ORWACO»-ն։ ORWACO նշանակում է organic waste processing company՝ օրգանական թափոնների վերամշակման գործարան։

-Իսկ կարո՞ղ եք նկարագրել պարարտանյութ ստանալու գործընթացը։

-Եթե երկու բառով ասեմ, ապա արտադրական թափոնները վերցնում ենք, իրենց դարձնում ենք ավելի համով ու գրավիչ որդերի համար, որոնք դա ուտում են, ու այդ որդերի արտադրանքը սև հողագույն զանգված է դառնում։ Դա հատուկ անձրևաորդերի տեսակ է, կոչվում է կալիֆորնիական կարմիր որդ, որը 1999 թվականին սերմախաչվել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում և ավելի շատ է ուտում, քան սովորական անձրևաորդը։ Դեռևս Դարվինը ասել է, որ որդերը Երկրի երիկամներն են։ Երևի բոլորդ փոքր ժամանակ հողի հետ խաղացել ու տեսել եք մեծ, չաղլիկ անձրևաորդերի։ Այդ որդերը ամբողջ հողն անցկացնում են իրենց մարմնի միջով։ Ինչքան հողի մեջ անձրևաորդ շատ կա, այնքան հողը լավն է, դրանք հողի որակի ինդիկատոր են։ Եվ հենց այդտեղից է գալիս բնությանը կրկնօրինակելու գաղափարը․ մարդիկ տեսել են, թե ոնց է բնության մեջ որդը ուտում ու ստեղծում լավը, և տվել են որդին հնարավորություն՝ արտադրության մեջ ուտելու և ստեղծելու արդյունք։

-Որտեղի՞ց եք վերցնում օրգանական թափոնները։

-Այս պահին օգտագործում ենք արտադրության թափոնները։ Մեր արտադրամասը Աբովյան քաղաքում է, որտեղ մենք նաև ունենք բանջարանոցներ, որի արտադրանքը դեռ չենք վաճառում, բայց 2019 թվականին պլանավորում ենք նաև սկսել դրանց վաճառքը։ Գործարանում աշխատում են և՛ աղջիկներ, և՛ տղաներ։ Գործարանը շատ երիտասարդ է, և աշխատակիցները նույնպես երիտասարդ են։ Ինձնից բացի ևս մեկ գյուղատնտես ունենք՝ ագրոէկոլոգ աղջիկ, որը մեզ համար իրականացնում է փորձերը և աճեցման աշխատանքները։

-Իսկ համագործակցություն եղե՞լ է «ORWACO»-ի և ՀԿ-ի միջև։

-Իհարկե, եղել է․ «ORWACO»-ն տրամադրել է անվճար պարարտանյութեր ՀԿ-ի ծրագրերի իրականացման համար։ Այս տարի «ORWACO»-ն իրականացրել է դիզայներական աշխատանքներ, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ Սոլակում։

-Տան պայմաններում հնարավո՞ր է պարարտանյութ պատրաստել, թեկուզ՝ առանց որդերի։

-Այո, հնարավոր է։ Պետք է մի քիչ զգույշ լինել հոտից, կրծողների և վնասատուների հավաքումից, բայց հնարավոր է։ Համացանցում միլիոնավոր վիդեոներ կան պարարտանյութերի պատրաստման մասին, պարզապես պետք է շատ ճիշտ մոտեցում ցուցաբերել, իմանալ՝ ինչը կարելի է կոմպոստացնել, ինչը՝ չէ, պետք է իրականացվի աղբի ճիշտ առանձնացված հավաք, և ցանկալի է, որ սովորական մարդը զբաղվի կոմպոստացմամբ, եթե ունի պատշգամբ կամ այնպիսի տարածք, որն անմիջապես բնակարանի ներսում չէ։ Սակայն եթե ամեն ինչ ճիշտ արվի, հերմետիկ ամաններում, ապա հնարավոր է նաև այդ ամենն անել լոգարանում կամ խոհանոցում։

-Այսինքն՝ դրա համար հատուկ գործիքներ պետք չե՞ն։

-Գործիքներ՝ չէ, բայց ցանկալի է, որ հատուկ տարրաներ օգտագործվեն, որպեսզի ավելի ապահով լինի։

-Կպատմե՞ք Ձեր առաջին աշխատանքի մասին, Ձեր աճեցրած առաջին բույսի մասին։

-Երբ փոքր էի, բույսեր աճեցնում էի ու շատ էի նեղվում, որ պատշգամբ չունեինք ու տանը շատ մեծ տարածք չունեինք շատ բույսեր ունենալու համար, բայց ծաղիկներ միշտ ունեցել ենք։ Դպրոցից մի դեպք կարող եմ պատմել, երբ ամառային արձակուրդներն ավարտվել էին, ու պետք է սեպտեմբերին գնայինք դասի, գնացել էի բոլոր ծաղիկների հողերը փխրեցրել էի, բոլորը գեղեցիկ սարքել էի, ծաղկամանները մաքրել էի։ Հետո անզգույշ պտտվեցի և այդ ծաղկամանները մետաղական պատվանդանի վրայից ընկան մաքրած հատակի վրա, լրիվ ջարդուփշուր եղան։ Սա ուղղակի մի հիշողություն էր մանկությունից։ Իսկ եթե վերադառնամ մասնագիտականին, ես միշտ ասել եմ, որ եզակի երջանիկ մարդ եմ, որովհետև իմ այցեքարտի վրա ամենաառաջին իսկ օրվանից գրվել է ագրոէկոլոգ։ Ես ընդունվել եմ ՀԿ աշխատանքի որպես ագրոէկոլոգ՝ հենց իմ մասնագիտությամբ։ Կարծում եմ՝ շատ քչերին է դա տրվում։ Առաջին պրոֆեսիոնալ աճեցրած բույսը եղել է երրորդ կուրսում միամյա երեքնուկը, և հետո դրա հետ կապված եղավ նաև իմ բակալավրի թեզը՝ երկու տարվա փորձերի արդյունքների հիման վրա։

-Ի՞նչ երազանքներ եք ունեցել թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա։

-Պատանեկության տարիներին միշտ մտածել եմ, որ ուզում եմ ունենալ մի սենյակ, որը կլինի գրադարան, բայց որը ամբողջությամբ լցված կլինի ծաղիկներով, ճոճանակ կլինի այնտեղ, որ մարդիկ կարողանան գիրք կարդալ բույսերի ու ծաղիկների ներկայությամբ, դա ինձ համար միշտ շատ կարևոր է եղել։ Դեռևս չունեմ հենց իմ ցանկացած այդ անկյունը այստեղ, բայց այս տարի, երբ Պալմա դե Մալյորկայում էի, հյուրանոցը հենց այդպիսի սենյակ ուներ, և ես ապշեցի՝ կարծես թե իմ երազանքը այդ հյուրանոցում իրականացրել էին։ 

Պրոֆեսիոնալ երազանք նույնպես ունեցել եմ, և ես կարողացել եմ այն իրականացնել։ Երբ ես տեսնում էի, օրինակ, թե ոնց էին ծաղկի խանութներում տերևները հավաքում ու թափում, այնպիսի ցավ էի ապրում, քանի որ դա ռեսուրս է, որը թափվում ու դառնում է աղբ։ Բայց դա աղբ չէ, իրականում շատ մեծ ռեսուրս ունի իր մեջ։ Եվ այսօր, գուցե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում մենք ունենք գործարան, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ, և այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ։

-Քանի որ խոսում ենք ռեսուրսերից, անդրադառնանք նաև այս հարցին։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր ռեսուրսները, և գյուղատնտեսությունը պետք է զարգանա միայն ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք, ի՞նչ է նշանակում` ռեսուրսների սխալ օգտագործում, ճիշտ օգտագործման ի՞նչ ուղիներ կան։

-Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մենք ամեն ինչ անում ենք տարերայնորեն, մենք ոչինչ չենք պլանավորում։ Իսկ այն, որ մենք չենք պլանավորում, արդեն խնդիր է։ Հատկապես շատ անխնա ենք վերաբերվում հողային ու ջրային ռեսուրսների հետ։ Հայաստանը, լինելով «ջուր ստեղծող երկիր», թույլ է տալիս, որ իրենից ջուրը հոսի դուրս։ Մենք ջուրը վերցնում ենք բնությունից, օգտագործում ենք, ու թողնում ենք, որ հոսի։ Սխալ ենք իրականացնում ոռոգումը, ու հետո կանգնում ենք խնդրի առջև։ Տարիներ առաջ մասսայական տարածում ունեցավ ձկնաբուծությունը և արտեզյան ջրերի օգտագործումը ձկնաբուծության համար։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք նորվեգացի գործընկերոջ հետ գնում ձկնաբուծարաններ և հարցնում՝ դուք հետաքրքրվա՞ծ եք արդյոք ջրի շրջապտույտ իրականացնող համակարգի տեղադրմամբ (ջուրը մաքրվում է, նորից օգտագործվում), մեզ պատասխանում էին, որ Հայաստանում ջուրն այնքան էժան է, որ դա ընդհանրապես իրենց չի հետաքրքրում։ Մեկ տարի անց, երբ բոլորի թույլատրությունները փակվեցին, մարդիկ կանգնեցին փաստի առաջ։ Երբ լիքը գյուղեր դարձան խմելու ջրին կարոտ, նոր մտածեցին, որ կարելի է բոլորին թույլ չտալ օգտագործել ջուրը, մինչդեռ կարելի էր ի սկզբանե ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Այո, մենք սխալ մոտեցում ունենք մեր ռեսուրսներին։ Այս տարի մենք ունեինք կարտոֆիլի թանկ գին, կտեսնեք՝ հաջորդ տարի կունենանք այնքան կարտոֆիլ, որ կմնա, չենք կարողանա իրացնել։ Ինչի գինը թանկանում է՝ հաջորդ տարի բոլորը դա են աճեցնում։

-Կառավարությո՞ւնը պետք է իրականացնի պլանավորումը։

-Ոչ, կառավարությունը չի կարող ասել՝ ով ինչ աճեցնի, բայց կարող է օգնել։ Մենք ունենք շատ մասնատված հողակտորներ․ Սովետական միության փլուզումից հետո իրականացվել է հողերի սեփականաշնորհում։ Յուրաքանչյուր գյուղում ապրող մարդ ստացել է հող՝ անկախ նրանից՝ կարողություններ ու գիտելիքներ ունի այդ հողը մշակելու, թե ոչ։ Նա է իր հողի տերը, և տարիների ընթացքում կուտակված, մնացած, ձեռք բերած գիտելիքների հիման վրա իրականացնում է իր գործունեությունը։ Որոշ մարդիկ հաջողում են, որոշները՝ ոչ։ Ով չի հաջողում, բնականաբար, գնում է արտերկիր՝ աշխատելու։ Ամեն մեկը իր հողի տերն է և ինքն է որոշում՝ ինչ աճեցնել։ Պետությունը, բնականաբար, չի կարող ասել ինչ-որ մեկին աճեցնել կարտոֆիլ գազարի փոխարեն, բայց պետությունը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի հնարավորություններ մարդկանց կրթելու, որպեսզի նրանց համար հասանելի դարձնի ճիշտ մեթոդներ, մոդելներ, միջոցներ։ Այդ ժամանակ արդեն կձևավորվեն թիրախային ուղղություններ՝ գյուղատնտեսության զարգացման։ Օրինակ՝ մեզ համար թիրախային ուղղություն է խաղողագործության զարգացումը, որովհետև մեր երկրում շատ լավ է ստացվում գինեգործությունը, մենք ունենք հազարամյակների պատմություն գինեգործության, և պետք է ամբողջ պետության ներուժը ծախսենք այդ ամենը շատ ուժեղ գովազդելու ու առաջ գնալու վրա։ Իսկ մեր կառավարությունը որոշել է, որ գինու հիմնադրամը պետք է փակի,  գինեգործները հիմա Ազգային ժողովի դիմաց ցույց են անում, որ չփակեն։ Վրաստանը ունի մեզնից ավելի քիչ գինու պատմություն, բայց ունեն շատ ինտենսիվ պետական ծրագրեր` օժանդակելու, օգնելու, զարգացնելու վրացական գինու լեգենդը։

Կան ուղղություններ, որոնք կարելի է թիրախավորել ու օժանդակել դրանով զբաղվող գյուղացուն։ Այդ դեպքում մարդիկ կգնան այդ թիրախային ուղղության զարգացմանը։ Մեր կազմակերպությունը, իհարկե, անում է այդպես, բայց մենք շատ փոքր հասարակական կազմակերպություն ենք՝ սահմանափակ ռեսուրսներով, իսկ այս ամենը պետք է կատարվի պետական մակարդակով։

-Ուրիշ տեղ կենտրոններ ունե՞ք։

-Ուրիշ գյուղերի հետ նույնպես աշխատում ենք։ Լայնածավալ, մեծ կենտրոն միայն Սոլակում է, բայց այլ գյուղերում նույնպես ունենք ավելի փոքր կենտրոններ՝ շուրջ 10-15 գյուղերում։

-Հե՞շտ է աշխատել գյուղացիների հետ։ Ինչպե՞ս են նրանք ընդունում նոր գաղափարները։

-Ես երբեք չեմ ասում մարդկանց՝ եկել եմ ձեզ ինչ-որ բան սովորեցնելու։ Երբ առաջին անգամ գնացի գյուղ՝ սեմինարի, 21 տարեկան էի։ Բոլորն ասացին՝ էս երեխեն ա եկե՞լ։ Ասացի՝ հա բա, եկել եմ՝ ձեզնից սովորեմ։ Ու շուրջ երեսուն միջին տարիքի գյուղի տղամարդիկ նստել էին, ու ես իրենց պատմում էի ինչ-որ բաներ օրգանական գյուղատնտեսության մասին։ Վերջում մոտեցան՝ բալա ջան, բա դու որտե՞ղ ես սովորում, էս ինչքան բան գիտես։ Երբեք պետք չէ ասել մարդուն, որ իրեն պետք է բան սովորեցնես, պետք է ասել հակառակը։ Երբ ասում ես մարդուն, որ ուզում ես իրենից բան սովորել, ավելի բաց է դառնում, շփումը ավելի հեշտ է ստացվում։

-Եղե՞լ են դեպքեր, երբ սկսել եք որևէ ծրագիր, ու այն հաջողություն չի ունեցել։ Որո՞նք են Ձեր առաջին հաջողությունն ու առաջին ձախողումը։

-Ձախողում չեմ համարի, բայց եղել է դեպք, երբ անջրդի հողում հացահատիկ ենք ցանել, ու անձրև ընդհանրապես չի եկել։ Շատ դժվար էր, շատ քիչ ստացվեց հացահատիկը։ Ձախողում չէր, բայց այն չէր, ինչ մենք էինք սպասում։ Այլ ձախողված ծրագրեր չեմ հիշում, երևի դրանք այնքան փոքր են եղել ու հաղթահարելի, որ չեն տպավորվել։ Իսկ առաջին հաջողությունը երևի կենսահումուսի կույտերն էին։ Դեռևս համալսարանում, երբ անցնում էինք որդակոմպոստացումը, այն ինձ շատ էր հետաքրքրում։ Ու երբ ընդունվեցի աշխատանքի, առաջին բանը, որ արեցի, որդակոմպոստացման մասին բուկլետ պատրաստելն էր։ Այդ նյութը տարածեցինք գյուղերում, ու առաջին որդերը գնեցինք։ Գյուղում դրեցինք կույտերը, ու որդերը կերան, ստեղծեցին հումուսը։ Այն, որ մենք ինքներս դա արել ենք, ինձ համար հրաշք էր։

-Եթե Ձեր պատմությունը ոգեշնչի ինչ-որ մեկին լինել բնության համար պիտանի մարդ, որո՞նք պետք է լինեն նրա առաջին քայլերը։ Ինչի՞ց պետք է սկսի սովորական մարդը։

-Ամեն մարդ ինքն իրենից պետք է սկսի։ Պետք է սկսի նրանից, որ սուպերմարկետում տասը տոպրակ վերցնելու փոխարեն վերցնի մեկը, կամ ընդհանրապես չվերցնի ու գնա իր կտորից տոպրակով։ Պետք է զգուշավոր լինի վնասելու, պոկելու մոլուցքի նկատմամբ։ Գոնե չվնասելը արդեն իսկ օգնել է։ Սյունիքի մարզում՝ հատուկ պահմանման տարածքներին կից, հատկապես՝ Գորիսի շրջանի մոտ 6 դպրոցներում, մի ծրագիր ենք իրականացրել աշակերտների համար՝ անտառագիտություն էինք ուսուցանում։ Ամեն ամիս գնում էինք դպրոց, յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ դասընթաց ունեինք, և միշտ բոլոր դասընթացները ավարտվում էին գործնական պարապմունքներով։ Մի անգամ, երբ մեր թեման աղբն էր, դրա վերամշակումը, դասից հետո ունեինք հատուկ ընտրված տարածք, որը պետք է մաքրեինք աղբից։ Տարածքը աղբուր էր, որտեղ մարդիկ գնում էին հաց ուտելու։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ էին նստած, ու թարմ կտրած ձմերուկի կեղև էր թափած։ Սկզբում փորձում էին ինձ համոզել, որ ձմերուկը իրենցը չէ, իսկ հետո, երբ տեսան, թե ինչպես են երեխաները ձեռնոցներ հագած հավաքում աղբը, միացան մեզ, բոլորով սկսեցինք հավաքել։ Հետո երեկոյան գյուղում բոլորը դրանից էին խոսում, որ Երևանից ինչ-որ մարդիկ եկել մեր աղբն են հավաքում։ Ես կուզենամ, որ էսպիսի բաներ չլինեն, կուզեմ՝ մեր մեջ մտնի այդ կուլտուրան, որ մեզնից հետո մաքուր թողնենք։ Ախր, դա այնքան փոքր բան է, ես ցավում եմ, որ մենք մինչ այսօր դրա մասին խոսում ենք։ Անհարմար եմ զգում, որ այսօր ես դեռ դրա մասին խոսում եմ։ Սրանք են հենց սկսելու այդ փոքրիկ քայլերը։ Մենք լվանում ենք մեր ձեռքերը, երբ դրանք կեղտոտ են։ Մեզնից հետո մաքրելն էլ պետք է լինի այդքան սովորական, դրա նման մի բան։

-Ինչպե՞ս եք տեսնում, առհասարակ, գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում։

-Ես լավատես եմ ու կարծում եմ, որ լավ է լինելու։ Նկատում եմ, որ հիմա մեծ տենդենց կա գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու։ Շատ կուզենամ, որ այդ ներդրումները հաջողությամբ պսակվեն, և մենք ունենանք զարգացած գյուղատնտեսություն։ Ամեն դեպքում, ես ապագայում տեսնում եմ բարձրարժեք գյուղատնտեսությունը։ Ես տեսնում եմ, որ հավելյալ արժեք ունեցող տեսակների աճեցմամբ և դրանց հետագա վերամշակմամբ մենք կարող ենք հավելյալ արդյունք ստեղծել։ Մենք միշտ պետք է մի քանի քայլ առաջ լինենք, և մի քանի քայլ առաջ մտածենք, որպեսզի կարողանանք հաջողել։

-Ըստ Ձեզ՝ հաջողության հասնելու համար, առհասարակ, ի՞նչ է պետք։

-Ցանկություն։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ես ուզում։ Դա աքսիոմ է։ Պետք է հստակ իմանալ՝ ինչի ես ուզում հասնել, և դա ինչ է։

-Հետագա զարգացման ի՞նչ պլաններ ունեք թե՛ ՀԿ-ի, թե՛ «ORWACO»-ի համար։

-ՀԿ-ի գործունեությունը իր հունով գնում է և տանում է ավելի նոր ծրագրերի իրակացմանը և խոշորացմանը։ Իսկ «ORWACO»-ին մենք տեսնում ենք տարածաշրջանի ամենախոշոր օրգանական պարարտանյութ արտադրող, արտահանող ընկերության դերում։ Հիմա նոր ծրագիր ունենք, «ORWACO»-ն պլանավորում է հոգ տանել օրգանական թափոնների մասին, և հիմա մենք տարբեր սրճարանների, կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու՝ օրգանական թափոնները տարանջատելու վերաբերյալ։ Հետո մենք դրանք կկոմպոստացնենք։ Թափոնները հավաքում ենք դեռևս միայն Երևանում։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը

milena ghazaryan

Ապրել

«Ապրիր կյանքդ այնպես, որ քո մահից հետո քեզ դեռ երկար հիշեն», կամ` «Վայելիր ամեն օրդ այնպես, ասես դա վերջինն է լինելու» արտահայտություններն ավելի շատ են մտածելու տեղիք տալիս, երբ զգում ես, որ անիմաստ վատնում ես օրդ:

Օրեցօր պակասում են կյանքիդ ժամերը, իսկ դու միայն դաս ես անում, վիճում ես անարդարների հետ, քեզ լքում են, իսկ դու «դեպրեսվում ես» ու փակվում սենյակումդ: Դու չես հասցնում ապրել: Ապրելը ամեն օր արթնանալը, նախաճաշելն ու դասի գնալը չէ: Ապրելը քո խենթ երազանքները իրականացնել կարողանալն է:

Տանը նստած պարապում էի, իսկ տանիքին սքեյթ քշելը այդպես էլ մնաց երազանք: Ինձ ոչ ոք թույլ չտվեց տանը կատու պահել, որովհետև տատիկս ատում է կենդանիներին: Ես չեմ կարող գույնզգույն մազեր ունենալ, որովհետև հայ եմ: Ես չեմ կարող թողնել բոլորին ու թափառել անծանոթ քաղաքների փողոցներով, որովհետև ուղղակի արգելված է: Ես չքայլեցի անձրևի տակով, որովհետև կմրսեի: Ես չբռնեցի ձեռքդ, որովհետև չեկար:

Եվ այսպիսի մի շարք «որովհետև»-ներ, որոնց պատճառով ես չհասցրի ապրել:

Մենք ամեն օր կորցնում ենք մեր ապրելու շանսը, որովհետև «որովհետև»-ները շատ են։

arxiv

Բարձր տրամադրություն

Մենք այսօր բարձր տրամադրություն ունենք: Իսկ դո՞ւք: Ինչ-որ բաներ տխրեցնո՞ւմ են ձեզ: Գիտե՞ք, մեզ հետ էլ են այդպիսի պահեր լինում, բայց մենք փորձում ենք հաղթահարել դժվարությունները` չկորցնելով մեր բարձր տրամադրությունը: Եկե՛ք փորձենք միասին: Կարևորը` մի՛ վհատվեք:

 Նորից միայնակ

Մի անգամ տանը մենակ էի: Դասերս վերջացրել էի, իսկ ուրիշ անելու բան չկար: Երկու ժամ հետո քույրիկս ու մայրիկս եկան տուն: Քույրս մտավ և սկսեց հարցեր տալ.

-Մա՛շ, բա ի՞նչ էիր անում, բա նայեցի՞ր «iCarly»-ն, ինչի՞ մասին էր սերիան:

Ես էլ նրան պատասխանեցի.

-Չէ՛, «iCarly»-ն չնայեցի, բայց դասերս արեցի վերջացրեցի, իսկ դու` չէ:

Քույրս տխրեց և վազեց հեռուստացույցի մոտ.

-Ըհըն, դասերդ արեցիր, իսկ «iCarly»-ն վերջացավ…

Մեկ էլ խոհանոցից լսվեց մայրիկիս ձայնը. հեռախոսով էր խոսում.

-Հա՛, ժամը ութին ձեր տանը կլինենք: Դե, գալիս ենք:

Ես ուրախացած գնացի քրոջս հաղորդեմ, որ հյուր ենք գնում, բայց մայրիկս եկավ և ասաց.

-Նե՛լ, հագնվի՛ր, գնում ենք Զառայենց տուն: Մարինա՛ ջան, իսկ դու տանը մնա, լա՞վ:

Ես տխրեցի, որ նորից մենակ եմ տանը մնալու, իսկ քույրիկս հյուր է գնալու:

Մարինա Հարությունյան, 12 տարեկան

***

Ասում էի, չէ՞

 Երբ հայոց լեզվից գրավոր էի գրում «օ-ո» ուղղագրության թեմայով, ես այդ օրը շատ ուրախ էի: Կողքիս աղջիկ կար, ով ինձ խանգարում էր, բայց չնայած դրան` ես լավ գրեցի թելադրությունը: Հաջորդ օրն ընկեր Կարապետյանը մեզ հայտնեց, որ դասարանի մեծ մասը «երկուսի» է գրել: Ես զարմացա: Երբ ուսուցչուհին կարդում էր գնահատականները, ասաց.

-Կարեն` «երկուս», Միքայել` «հինգ», Էլզա` «մեկ», Ռաֆայել` «ութ». ապրե՛ս, Ռաֆայե՛լ, շատ լավ է: Տեսե՛ք, երեխանե՛ր, Ռաֆայելն ընդամենը մեկ տարի է, որ սովորում է հայերենը, բայց գրավորը ձեզանից լավ է գրել:

Գիտեի, էլի, որ լավ եմ գրել. չէի կարող այդքան բարձր տրամադրությամբ «երկուս» ստանալ:

Ռաֆայել Բաբլոյան, 10 տարեկան

***

Հիշելով անցած-գնացածը

Իմ տրամադրությունը մանրուքներից բարձրանում է: Օրինակ, մի շատ անհաջող օր առավոտից բախտս չէր բերում: Նախ, առավոտյան քնած էի մնացել, հետո անզգույշ գտնվելու հետևանքով զարթուցիչս ջարդեցի, տանից խելագարի պես դուրս վազեցի, հասա մեր բակի աղբարկղին և նկատեցի, որ կոշիկներս չեմ հագել: Հետո, երբ կանգառում կանգնած էի, ինձ մի մուրացկան մոտեցավ և սկսեց հացի փող մուրալ: Կարծես թարս լիներ, կանգառում ես նրա հետ մենակ էի, երթուղայինս էլ ուշանում էր: «Ուռա՜, վերջապես եկավ»,- ասացի մտքումս, երբ հեռվում տեսա իմ երթուղայինը: Բայց այստեղ էլ բախտս չբերեց. երթուղայինում ազատ տեղ չկար, այն լեփ-լեցուն էր և շատ դանդաղ էր ընթանում: Մի կերպ ես էլ խցկվեցի մեջը. ուրիշ ճար չունեի, ախր, արդեն շատ էի ուշացել դպրոցից: Դեռ չէինք հասել դպրոցի կանգառին, երբ երթուղայինը փչացավ: «Համա թե բախտս չի բերում, այ քեզ բան: Հիմա հաստատ ընկեր Բաբայանը, դպրոցի մուտքի մոտ կանգնած, ուշացողների անուններն իր ցուցակի մեջ է անցկացնում»,- մտածեցի ես:

Մի կերպ վազելով հասա դպրոց: Իմ մտավախություններն արդարացան: Իմ անունը գրեցին ուշացողների ցուցակի մեջ, հետն էլ մի լավ գոռացին վրաս: Այ այսպիսի առավոտ էր: Միշտ հիշելով այդ առավոտը` դեմքիս ժպիտ է հայտնվում: Տեսնո՞ւմ եք, նույնիսկ անհաջող օրվա հիշողությունը բարձրացնում է տրամադրությունս:

Թագուշ Բաղդասարյան, 16 տարեկան

***

Բախտս բերեց

Ես պատրաստվեցի, որ գնամ դասի: Այդ օրը մենք քիմիա ունեինք, բայց ես քիմիայի տնայինները չէի կատարել, իսկ ուսուցչուհին զգուշացրել էր, որ ինձ հարցնելու է միանգամից երկու դաս և ստուգելու է տանը հանձնարարված խնդիրների լուծումները: Ռուսերենից հետո մի փոքր վախեցած և անտրամադիր բարձրացա քիմիայի կաբինետ: Արդեն պատրաստվում էի դասին, երբ ուսմասվարը մտավ և ասաց, որ քիմիա չի լինելու: Հետո հանրահաշվից և հայոց պատմությունից ստացա բարձր գնահատականներ: Կարճ ասած, այդ օրը բախտս շատ բերեց:

Նորայր Բարոյան, 13 տարեկան

***

«Իննի» հետևանքը

Հայոց պատմությունից հանձնարարված էր իմ սիրած թեման` Տիգրան Մեծի մասին: Ես օրագիրս դրեցի ուսուցչուհու սեղանին և սկսեցի դասը պատմել: Ուսուցչուհին ասաց.

-Ապրես, «ինը»: Եթե ուզում ես, կարողանում ես:

Իմ դեմքին ժպիտ հայտնվեց:

Զանգը հնչեց: Ես տուն գնացի: Երթուղայինում բոլորը դեմքիս էին նայում: Բայց ինչո՞ւ, չհասկացա պատճառը: Երբ մեր շենքի մուտքի աստիճաններով վերև էի բարձրանում, մեր հարևանը հայտնվեց դիմացս և ժպիտը դեմքին ասաց.

-Ո՞նց ես, Գևո՛րգ ջան:

-Լավ,- պատասխանեցի ես:

Մտա տուն, և մայրիկս հարցրեց.

-Ո՞նց ես: Բան ա եղե՞լ:

Երբ շրջվեցի հայելու կողմը, տեսնեմ` դեմքիս ժպիտը դեռ մնացել է: Նոր հասկացա, թե ինչու էին բոլորը դեմքիս նայում:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ուրախ ժամանց

Դեկտեմբեր ամիսն էր: Արդեն արձակուրդ էր: Ծնողներիս համոզում էի, որ թույլատրեն ընկերներիս կազմակերպած հավաքին գնալ: Բոլորն ինձ էին սպասում, թե երբ եմ թույլտվություն ստանալու: Ախր, շա՜տ մեծ հավաք էր կազմակերպվել, բոլորն էլ գնալու էին: Հեռախոսս այլևս ուժ չուներ` դիմադրելու զանգերին: Երկար համոզելով` վերջապես արժանացա այս խոսքերին. «Հա՛, լավ, գնա՛»: Ուրախությունից ճչացի և դուրս վազեցի: Ուղևորվում էի դեպի Կարապի լիճ: Այնտեղ ինձ դիմավորեցին ընկերներս, որոնցից շատերին առաջին անգամ էի տեսնում երկար ժամանակ ինտերնետով շփումից հետո: Մենք գնացինք Հյուսիսային պողոտա` ևս երկուսին դիմավորելու: Շատ էի կարոտել նրանցից հատկապես մեկին, և երբ տեսանք իրար, գոռալով վազեցինք և այնքան ոգևորված գրկախառնվեցինք, որ փողոցով անցնողները հրճված մեզ էին նայում: Իրար ձեռք բռնած` քայլեցինք Հանրապետության հրապարակ, այնտեղ թափառելուց և մնացածներին հանդիպելուց հետո որոշեցինք, որ պետք է Մանկական երկաթուղի գնանք: Արդեն բավականին շատ էինք` մոտ երեսուն հոգի: Տղաներից մեկն իր հեռախոսին բարձրախոս էր միացրել և անընդհատ երգեր էր փոխում: Երկար շարքով թռչկոտելով` մտանք մեր շարքից տասն անգամ երկար թունելը: Հերթական անգամ թունելի պատերն էինք նախշում, երբ հանկարծ լույսերն անջատեցին: Բոլորս ճչալով և ծիծաղելով սկսեցինք վազել դեպի թունելի մյուս ծայրը: Երբ հասանք այգի, առանձնապես ոչինչ չարեցինք. միայն երազկոտ աչքերով գնացքի ռելսերին էինք նայում: Վերադառնալիս ես և ընկերուհիներիցս մեկը նստեցինք նույն երթուղայինը: Զարմանալին այն էր, որ դեռ ոչ մեկիս էլ չէին զանգել տանից և հարցրել, թե որտեղ ենք: Երթուղայինում մի լավ չաչանակեցինք: Ընկերուհուս հետ բաժանվելուց հետո վերադարձա տուն, իսկ մայրիկս նույնիսկ մոռացել էր իմ բացակայության մասին:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

Արժանի ներում

Մոտավորապես հինգ-վեց տարեկան էի: Իմ հեթական չարության հետևանքով նորից հայտնվեցի ննջասենյակում` փակի տակ: Դուռը երեք բանալիով վրաս չէին փակում, բայց այնքան համարձակություն չունեի, որ սենյակից դուրս գայի: Անգործությունից արդեն գժվում էի, և մի միտք ծագեց. «Նրանք բոլորն էլ վրաս բարկացած են, բայց եթե ես ինչ-որ մի լավ բան անեմ, հաստատ կներեն: Բայց ի՞նչ անեմ»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո վազեցի գրասեղանի մոտ, վերցրեցի գունավոր թղթերը և սկսեցի կտրատել: Սկզբում սլաքներ կտրատեցի, հետո` մարմին` առանձին ձեռքերով, ոտքերով և գլխով: Այնուհետև այդ թղթե մարմնին հագցրեցի քույրիկիս գիշերանոցը և դրեցի անկողնու մեջ: Շատ էի վախենում սենյակից դուրս գալ. բա որ նկատե՞ն: Բայց պետք է շարեի սլաքները հատակին` ճաշասենյակից մինչև ննջարան: Հաղթահարելով իմ մեջ այդ վախը` ի վերջո ես շարեցի այդ սլաքները և գնացի «քնելու»:

Երբ բոլոր սերիալները վերջացան, և քույրիկներս որոշեցին գալ ննջասենյակ, նրանք անմիջապես նկատեցին ուղեցույցները, որոնք տանում էին դեպի քրոջս` Նարեի մահճակալը: Մի քանի վայրկյան լռությունից հետո հնչեց քույրիկներիս բարձր ծիծաղը: Եվ ես ինձ համարեցի ներված:

Լուսինե Ալեքսանյան, 13 տարեկան

***

Տարօրինա՞կ եմ…

-Բարի լույս, մա՛մ ջան, ո՞նց ես, գիտեմ, որ լավ ես, ես էլ եմ լավ, մա՛մ, ես քեզ էնքան եմ սիրում, չես պատկերացնի:

-Հա՞յկ, էսօր ի՞նչ ա եղել հետդ:

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Ինձ թվում ա` մի քիչ տարօրինակ ես քեզ պահում:

-Հը՞…,- չհասկացա ես:

-Ասում եմ` դե, էսօր ոնց որ դու չլինես:

-Գիտեմ,- ասացի,- գնամ լվացվեմ:

-Խոզանակդ չմոռանաս,- հիշեցրեց մայրս:

-Արդեն վերցրել եմ, մա՛մ ջան:

Մի քանի րոպե անց դուրս եկա լողասենյակից ու սկսեցի մրթմրթալ.

-Մա՛մ, էսօր ի՞նչ ես սարքել ուտելու:

-Վերմիշել,- հանգիստ պատասխանեց մայրս:

-Ո՜ւֆ, էլի՞ իմ ամենաչսիրած ուտելիքը,- հոգնած բացականչեցի ես:

-Հա՞յկ, ի՞նչ եղավ հետդ:

-Ի՞նչի՞:

-Մի տեսակ տարօրինակ ես:

Ու ես հասկացա. պետք է միշտ միջին տրամադրություն ունենամ, որովհետև չեմ ուզում մարդկանց մոտ տարօրինակի տպավորություն թողնել:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Երկա՜ր ճամփորդություն

Երբ արտասահման էինք մեկնում, ես արագ անցա անձնագրային անցակետը: Իսկ մայրիկիս կանգնեցրեցին. պարզվեց, որ մայրիկիս նույն անուն ազգանուն հայրանունով մի կին Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է: Նրան տարան` ստուգելու: Ես նստեցի ու մտածեցի. «Ախր, եթե մայրիկիս տանեն բանտ նստեցնեն, ես ի՞նչ եմ անելու: Խեղճ մամաս բանտում հացի ու ջրի վրա է նստելու, ես էլ տանը մենակ կմնամ պապայիս հետ: Ո՞նց եմ ապրելու…»:

Վերջապես եկավ ոստիկանը, իսկ նրա հետ` մայրիկս: Ինձ թվում էր, որ մայրիկիս ձեռքերին ձեռնաշղթաներ են, բայց իրականում այդպես չէր: Պարզվել էր, որ հետախուզվող կնոջ ծննդյան օրը մայրիկիս ծննդյան օրվանից մեկ օր առաջ էր: Ես ուրախությունից թռվռում էի: Բայց իզուր, քանի որ մենք շատ հեռու էինք թռչում` ԱՄՆ, և չորս օդանավակայաններում էլ մայրիկիս ստուգեցին:

Մարիա Զաքարյան, 12 տարեկան

***

Անակնկալ

Ես ու քույրս նստած բողոքում էինք գլխացավից, երբ հանկարծ առույգացա: Տեղիցս վեր թռա և երբ ուզում էի ասել, թե ինչ եղավ ինձ հետ, դռան զանգը հնչեց:

-Լենան ա,- ասաց քույրս: (Լենան մորաքրոջս աղջիկն է):

Ես միանգամից վազեցի դռան մոտ:

-Լե՛ն, Լե՛ն, շուտ արի՛, արա՛գ, արա՛գ,- դուռը բացելով` բղավեցի ես:

-Ի՞նչ ա եղել, հանգստացի՛,- անհանգստացավ Լենան:

Ներս մտնելուն պես նա ասաց.

-Երեխե՛ք, չգիտեմ` հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էսօր ձեր մամայի ու պապայի ամուսնության քսանամյակն ա:

-Լենա՛, լավ, էլի, էս կես ժամ ա` կենտրոնանում եմ, որ ասեմ, իսկ դու…,- նեղացա ես:

-Կներես, որ իմանայի` էդ ես ասելու, չէի ասի: Լավ, կարևոր չի, ավելի լավ ա` մտածեք` ի՞նչ անենք, որ ձեր մամային ուրախացնենք:

Տարբեր առաջարկներ եղան, սակայն բոլորը մերժվեցին: Եվ վերջապես.

-Մտածեցի՜,- բացականչեցի ես այնքան բարձր, որ Լենան ու Հասմիկը` քույրս, տեղից վեր թռան,- եկեք գնանք խանութ, կարմիր վարդ առնենք, շոկոլադե տորթ, որ վարդը տորթի սև ֆոնի վրա ավելի սիրուն լինի, լույսերը կանջատենք, սենյակը մութ կլինի, ու 20 թվով մոմերը կխրենք տորթի մեջ:

-Շատ լավ ա, Մա՛ր, ապրե՛ս, տենց էլ կանենք,- արձագանքեց Լենան:

Ես ու Լենան գնացինք խանութ, իսկ Հասմիկը մնաց տանը, ինչպես ինքն է ասում` «շատ ավելի կարևոր»` մաքրության գործերի համար:

-Ուրեմն դու կլինես սենյակում, ես ու Հասմիկը կգնանք դուռը բացելու, հետո շարֆով աչքերը կկապենք, ու ես դուռը կթխկթխկացնեմ, դու մագնիտոֆոնը կմիացնես, կսկսվի Չելենտանոյի երգը, որը մաման շատ ա սիրում: Դե, պարզ ա, բոլոր լույսերն անջատված կլինեն, մոմերը կվառվեն, մենք մամայի աչքերը կբացենք ու կշնորհավորենք: Չէ՛, չէ՛, ավելի լավ ա…

-Մարիա՛մ, վե՛րջ տուր, ամեն ինչ կանենք, ու շատ լավ կլինի,- ասաց Լենան:

Քառասուն րոպեից մենք արդեն ամեն ինչ պատրաստել էինք: Անհամբեր սպասում էինք մայրիկին:

Մոտավորապես կես ժամ կատարյալ լռություն էր տիրում, և վերջապես երեքիս համբերության բաժակն էլ լցվեց:

-Զանգում եմ մամային,- հեռախոսը վերցնելով` ասաց Հասմիկը:

-Հա՛, զանգի՛,- համաձայնեցինք մենք:

Բոլորիս ոգևորվածությունն անցավ, երբ իմացանք, որ դեռ մեկ ժամ պետք է սպասնեք: Բայց երբ հնչեց դռան զանգը, բոլորիս մոտ վերականգնվեց բարձր տրամադրությունը, և այդպիսի տրամադրությամբ իրականացրեցինք մեր պլանավորածը:

Մարիամ Նալբանդյան, 11 տարեկան

 2011թ.