anahit baghshetsyan

Այսօր մարդու իրավունքների օրն է

Ինչպես 21-րդ դարի բոլոր ներկայացուցիչները, այդպես էլ ես, գուգլի որոնման դաշտում գրում եմ ինձ հետաքրքրող բոլոր թեմաները։ Այսօր գուգլին բախտ է վիճակվել ինձ ցույց տալու «Մարդու իրավունքների միջազգային օր» որոնման արդյունքները։

1950թ. դեկտեմբերի 4-ին Ընդլայնված նիստում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանեց որպես Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին և շահագրգռված կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այս օրը և անցկացնել համապատասխան միջոցառումներ:

Գուգլին ժամանակավորապես թողնում եմ միայնակ։ Փոխարենը էկրանիս օրացույց է երևում։ Դեկտեմբերի տասը երկուշաբթի է։ Եղանակն ամպամած է լինելու։ Դասացուցակումս իմ սիրած դասաժամերից կան։

Առավոտյան հավանաբար կգնամ դասի։ Հանրահաշվի ժամին գրավոր կգրենք։ Քանի որ կիսամյակային է լինելու, շատ վատ կգրեմ։ Մնացած դասաժամերը կանցնեն աղմկոտ։ Ֆիզիկայի ուսուցիչս ինչպես միշտ, նկատողություն կանի երկու դասընկերներիս, որովհետև էլի շատ են խորացել այդ գիտության աշխարհում ու հետաքրքիր քննարկումների մեջ են։ Դասընկերս էլ կհարցնի՝ արդյոք իրավունք չունի՞ դասաժամի թեման քննարկել կողքին նստողի հետ։ Ո՛չ։ Վստահեցնում եմ՝ հենց այսպես էլ հնչելու է։ Կոպիտ ու ահարկու։ Ես էլ, ինչպես միշտ, դասարանից դուրս գալու իրավունք կխնդրեմ, բայց, դե գիտեք՝ կոպիտ ու ահարկու պատասխան կստանամ։ Հաջորդ դասաժամին էլ դասընկերներս ուշացած կմտնեն դասարան։ Բայց դասարանում նստելու իրավունք կունենա՞ն։ Կոպիտ ու ահարկու պատասխան, իհարկե։

Դասից կգամ տուն։ Ինչպես միշտ, Կոմիտաս փողոցի շուկայի մոտ վարորդը ճանապարհ կտա անցնող մարդկանց ու մտքում կասի, որ իրենք իրավունք չունեն այդտեղով անցնելու, մեկը, որ անուշադիր եղավ, պատմական վթար կառաջանա։ Հետո կգամ տուն, էլի կխոսենք արտագաղթող ժողովրդից։ Բայց էս անգամ ես մամային կասեմ, որ Մարդու իրավունքների հռչակագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ բոլորն ունեն իրավունք իրենց երկիրը լքելու և իրենց երկիր վերադառնալու։ Ամենասովորական երկուշաբթին կլինի։ Չնայած․․․ Երկուշաբթի իրավունքներիս համար կպայքարեմ։

Իրավունքներիս տուփիկի մեջ եմ ապրում փաստորեն։ Է՜, ես երեխաների իրավունքների պաշտպանության օրն եմ սիրում։ Լիքը քաղցր բամբակ կա։

arxiv

Շաբաթօրյա եռուզեռ

Այսօր արթնացա սովորականից շուտ, բայց, իհարկե, պատճառ կար: Մեր հարևանը նորից դրսում ցույց էր կազմակերպել, դե ես էլ արթնացա նրանց գոռգոռոցներից:

-Մա՛մ, որտե՞ղ ես,- ձայն տվեցի մայրիկիս:

-Մաման տանը չէ, թող քնեմ, ձայնդ գլուխդ մի՛ գցիր,- զայրացած ասաց քույրս:

-Դի՛ն, բա ո՞ւր գնաց, միգուցե…

-Հա, ճիշտ այդպես, դրսում ցույցին է մասնակցում:

-Մամա՞ն, զարմանալի է,- հազիվ լսելի ձայնով ասացի ես:

-Չէ, Ջո՛ւլ, չէր ուզում գնալ, ստիպված էր. եթե չգնար, Սեդա տատիկը կներխուժեր մեր տուն ու զոռով կտաներ: Չէ՞ որ կարևոր հարց էր:

-Ի՞նչ հարց:

-Դե, պետք է շաբաթօրյակ անենք,- ասաց քույրս:

-Մե՞նք,- վախեցած հարցրեցի ես:

-Հա, դրա համար էլ ասում եմ` գնա, թող քնեմ, մեկ ժամից իջնելու ենք բակ, որ մաքրենք,- ասաց քույրս ու արդեն պատրաստվում էր քնելու:

-Բայց ոչ, ես արդեն զզվել եմ. մեկ շաբաթօրյակ, մեկ ծառատունկ, բավակա՛ն է, էլի, ոնց որ շենքի ղեկավարը լինի, զզվեցինք, էլի,- գոռալով խոսում էի, բայց թերևս քույրս ինձ չէր լսում:

Սեդա տատիկը շատ ծեր է` մոտ 85 տարեկան, սակայն 38 տարեկանից ավել չես տա, և ունի շա՜տ-շա՜տ էներգիա: Նա գիտի, թե ում տուն երբ է մարդ գալիս ու գնում, ինչու է գալիս, և ով է նա:

-Ջուլիանա՛,- լսում եմ ներքևից մայրիկիս ձայնը:

Նայեցի պատուհանից և…

-Ներքև իջիր, Ջուլիանա՛, արա՛գ,- ասաց Սեդա տատիկը:

Նա նույնիսկ չթողեց, որ մայրիկս խոսի:

-Մա՛մ…

-Իջի՛ր, հա՞,- մայրիկս էլ չէր ուզում, բայց պետք է իջնեի հանուն մայրիկի:

Իջա: Սեդա տատիկը միանգամից ձեռքս տվեց ավելը և աղբի արկղը, որ գործի անցնեմ:

-Մա՛մ, այս ի՞նչ է:

-Ես չգիտեմ, Սեդա տատիկն է կազմակերպել:

Ես, իհարկե, շատ բարկացա, բայց հետո զրուցեցի մայրիկի հետ և հասկացա, որ առանց մեր այս հարևանի ամեն ինչ կատարյալ չէր լինի, բամբասանքը օրեցօր չէր ճյուղավորվի, ու մենք էլ այսքան չէինք ծիծաղի, բայց չեմ հասկանում, թե ինչ կա այստեղ ծիծաղելու, ախր, շատ լուրջ խնդիր է:

Ջուլիանա Առաքելյան 15տ., 2006թ.

«Sharqi» նշանակում է` «արևելյան»

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նոյեմբերի 28-30-ը Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցավ European Youth Award մրցանակաբաշխությունը, որը երիտասարդներին, սոցիալական ձեռներեցներին և ստարտափերին մոտիվացնում է ստեղծել թվային նախագծեր: Կարդացեք մեր թղթակիցների հարցազրույցները մասնակիցների հետ:

-Խնդրում ենք պատմել Ձեր մասին:

-Ես Էմադն եմ՝ «Sharqi Shop» հավելվածի համահիմնադիրը, 2013-ին Սիրիայից տեղափոխվել եմ Հորդանան։ Երկու տարի աշխատել եմ որպես ֆրիլանսեր, այնուհետև միացել եմ ինտերնետ վաճառքի գործակալությանը, որտեղ վեբ ծրագրավորող եմ եղել։ Այստեղ մեկ տարի աշխատելուց հետո հանդիպեցի Սելիմին, և մենք միասին որոշեցինք բացել «Շարքին»։

-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

-Երբ ես ինտերնետ վաճառքի ոլորտում էի աշխատում, նկատեցի, որ շատերն են մեզ դիմում օնլայն խանութներ բացելու նպատակով։ Բայց միայն սարքավորումները բավարար չեն օնլայն խանութ վարելու համար. պետք է որոշակի տեխնիկական հմտությունների տիրապետել, ինչպես նաև պետք է ինչ-որ չափով ծանոթ լինել թվային մարքեթինգին առցանց վաճառքի համար։ Նրանցից շատերը տեխնիկական գիտելիքներ չունեցող հասարակ մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք զգում էինք, որ իրենց օգնություն է պետք, և որոշեցինք բացել «Շարքի շոփը»։ Մեր թիմն օգնում է վարպետներին վաճառել իրենց ապրանքները՝ կազմակերպելով լոգիստիկան, առաքումը, ապրանքի պրոֆեսիոնալ լուսանկարներ է անում, ինչպես նաև կոնտենտ է գրում։ Այսպիսով, իրենք կենտրոնանում են ապրանքի ստեղծման վրա, քանի որ մնացածն անում ենք մենք։ Հենց սա է մեր գաղափարը։

-Իսկ ի՞նչ է նշանակում «sharqi» բառը:

-Արաբերենով «sharqi» նշանակում է` «արևելյան»։

-Ինչպե՞ս եք վարպետներին ընտրում ձեր հարթակի համար:

-Նրանք ընտրվում են ըստ տարբեր հատկանիշների, որոնցից առաջնայինը կրեատիվությունն է։ Մենք իրենց փնտրում ենք սոցիալական ցանցերում՝ կարդալով մարդկանց կարծիքները իրենց ապրանքների վերաբերյալ։

-Վարպետները կարո՞ղ են ինքնուրույն դիմել կայքում ներկայացված լինելու համար

-Այո, որոշ մարդիկ մեզ միանալու ցանկություն են հայտնում։ Մեր թիմն է որոշում, թե ում է պետք ներառել` իրենց աշխատանքներից կախված։

-Ինչպե՞ս են մարդիկ գտնում ձեր կայքը։ Ի՞նչ միջոցներով եք ձեր մասին տեղեկություն տարածում։

-Գովազդ անելուց առաջ մենք որոշել ենք կենտրոնանալ որոնման համակարգի օպտիմալացման (SEO-search engine optimization) վրա, քանի որ առցանց վաճառքի ոլոտում ձեռք բերած փորձի շնորհիվ մենք դրան բավականին լավ ենք տիրապետում։ Ամեն ամիս կայքն ունենում է մոտ 3000 հյուր` առանց որևէ գովազդային արշավի։ Դրանից բացի` մարքեթինգի մեջ մեզ շատ են օգնում սոցցանցերը։

-Իսկ ինչպե՞ս է սահմանվում ապրանքի գինը։ Վարպետն ի՞նքն է այն որոշում:

-Այո, վարպետներն են որոշում իրենց ապրանքի գինը, իսկ մենք ստանում ենք դրա մոտ 20-30 %-ը։ Կայքում ներկայացված լինելու համար նրանք ոչինչ չեն վճարում, բայց յուրաքանչյուր պատվերից մենք տոկոս ենք ստանում։

-Կարո՞ղ եմ արդյոք ես` որպես հաճախորդ, կապ հաստատել անմիջապես վարպետի հետ:

-Կայքում կարող եք տեսնել վարպետի էջը, բայց այնտեղ ոչ մի կոնտակտային տվյալ ներկայացված չէ։ Սակայն, եթե ցանկանում եք, հեշտությամբ կարող եք նրանց գտնել սոցիալական ցանցերում։ Մենք իրենց հետ կնքել ենք պայմանագիր, և եթե որևէ մեկը գա իրենց մոտ և ասի, որ իրենց մասին իմացել է «Sharqi»-ից, մենք, միևնույնն է, կստանանք կոմիսիոն վճարումները տոկոսի տեսքով։

-Սովորաբար ո՞ր երկրից են լինում խանութի հաճախորդները:

-Այս փուլում մենք կենտրոնացած ենք արաբական երկրների վրա։ Մեծամասնություն են կազմում Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրաթները, Քուվեյթն ու Քաթարը։ Իսկ վարպետներից ցանկանում ենք նաև ներառել Լիբանանի և Թուրքիայի վարպետներին։ Մեր ապագայի նպատակն է հաստատվել Եվրոպական շուկայում։ Որոշ պատճառներով մեր ապրանքները եվրոպացիների համար այդքան էլ համապատասխան չեն, դրա համար որոշվեց դիզայներներ վարձել ապրանքի տեսքը եվրոպական շուկայում ավելի գրավիչ դարձնելու համար։

-Ծրագրի իրականացման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

-Մենք սիրիացիներ ենք Հորդանանում, որոնց համար շատ դժվար է ընկերություն գրանցելը ազգային պատկանելության պատճառով։ Այդ անելու համար գոյություն ունեն որոշ պայմաններ, և մեծ գումարներ է պետք է վճարել դրա համար։ Երկու տարի առաջ սկսեցինք այս գործը, և մինչ այսօր կազմակերպությունը գրանցված է հորդանանցի ընկերոջս անունով։ Սա է հիմնական խնդիրը։

-Ծրագիրը ստեղծելու համար ձեզ աջակցող հովանավորներ ունեցե՞լ եք:

-Այո, մենք ստացել ենք 50000$ դրամաշնորհ Հորդանանում «Oasis500» գրասենյակի կողմից, որը մեր գործընկերն է։ Նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Shamalstart» հորդանանյան ընկերությունն է մեզ դրամաշնորհ տվել:

-Իսկ ի՞նչ մոտիվացիա եք ունեցել այս տիպի ծրագիր իրականացնելու և վարպետների համար նմանատիպ հարթակ ստեղծելու համար:

-Կայքը ստեղծելիս մոտիվացիա կար, իհարկե։ Այս վարպետները հասարակ մարդիկ են, և իրենց ստեղծած ապրանքները չեն վաճառվում Հորդանանում։ Երբ իրենք Սիրիայում էին, իրենց մոտ էին գալիս ամբողջ աշխահից, հիմա իրենք մտածում են Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխվելու մասին, քանի որ Հորդանանի շուկան իրենց համար չէ։ Այժմ մենք աջակցում ենք մոտ 60 վարպետի և փորձում ենք նաև զարգացնել հենդմեյդ խնամքի միջոցների գաղափարը՝ համագործակցելով Հորդանանում բնական խնամքի միջոցներ պատրաստողների հետ։ Մենք ցանկանում ենք ստեղծել նաև «Sharqi» խնամքի միջոցների կայք, որը կունենա առաքում ամբողջ աշխարհով։

Հարցազրույցը վարեցին Դիանա Շահբազյանը, Անա Ժոաու Ասեվեդոն և Անետա Բաղդասարյանը

Ուշադրություն, մրցույթ է

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքը հայտարարում են

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների

Մրցույթ 

Մրցույթին կարող են մասնակցել 14-27 տարեկան պատանիները և երիտասարդները: Անկախ հանձնաժողովի կողմից որոշված երեք հաղթողներ կպարգևատրվեն դրամական և այլ պարգևներով:

Անդրադարձը պիտի լինի 2-7 համակարգչային  էջ, գրված սիլֆայեն տառատեսակով, չափսը՝ 11, տողերի միջև արանքը՝ մեկ, էջերը՝ համարակալված: Ծավալը գնահատման վրա չի ազդելու:

Անդրադարձը կարող է քննարկել ողջ գիրքը և կամ մեկ (կամ մի քանի) գործ գրքից:

Անդրադարձը կարող է լինել կարծիք, գրախոսություն, քննադատական հոդված և այլն: Կարող է ազատորեն որոշել, թե գործի հետ կապված ինչ խնդիր է քննարկում: Կարող է, թեև պարտադիր չէ, անդրադառնալ գրքի և գործերի գրականագիտական որակներին՝ ժանր, կոնտեքստ, սյուժե, ֆաբուլա, կոմպոզիցիա, նախադրություն, հանգույց, լուծում, գործող անձինք, հերոսներ, կերպարներ, պատկերներ, պատկերավորության միջոցներ, ոճի ու լեզվի առանձնահատկություններ և այլն, գործերի նմանություններին, տարբերություններին, ընդհանուր թեմաներին, այլ գրքերի և գործերի հետ աղերսներին, այսօրվա կյանքի հետ կապին և այլն:

Գործերն ուղարկել 2018 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թ. փետրվարի 10-ը: Մրցույթին ուղարկված նյութերը կհրապարակվեն 17.am կայքում: Արդյունքները կամփոփվեն 2019 թ. փետրվարի ընթացքում:

Մրցանակաբաշխության օրը նախապես կհայտարարվի բոլոր մասնակիցներին:

«Անաստված կինո թատրոն» ժողովածուի ֆեյսբուքյան էջն է՝ https://web.facebook.com/anastvackinotatron/

Գիրքն առկա է Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում: Ձեր գտնված վայրին ամենամոտ կետում այն ստանալու համար դիմեք «Մանանա» կենտրոնին կամ Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ amartirosyan@epfound.am էլեկտրոնային հասցեով:

Նյութերն ուղարկեք 17am.reporter@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Շնորհակալություն ուշադրության համար: Սպասում ենք:

«Ձեռք ձեռքի» ինտեգրատիվ փառատոնն ավարտվեց

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնի փակումը:

Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի միջոցով նրանց միավորումն ու հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Փառատոնը անցկացվեց արվեստի 7 ճյուղերը ներկայացնող ոլորտներում՝ երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ:

Եզրափակիչ միջոցառման ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունենացավ մանկապատանեկան դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, համերգային ծրագրով ելույթ ունենացավ «Երևան» լարային քառյակը, ցուցադրվեցին «Մանանա» կենտրոնի ֆիլմերը, ելույթ ունեցան տարբեր մանկապատանեկան երգչախմբեր:

tatevik aramyan

Իմ տատիկի Արծվաշենը

-Տատ, արդեն 26 տարի է, ինչ  լքել եք Արծվաշենը։ Գիտեմ, որ հեշտ չի հիշել, բայց մի քիչ կպատմե՞ս Արծվաշենի մեր տան մասին։

-Մեր տա՞ն։

-Հա, էն տունը, որտեղ ապրել եք նախքան Արծվաշենից դուրս գալը։

-Երկու հարկանի, վեց սենյակներ, դուրսը` լրիվ բետոնապատ, դարպասները սիրուն դրած, 1/4հա հող, ընտիր տնամերձ բաղ ու բախչով։ Առաջին, երկրորդ հարկերում` ամեն տեսակի հարմարություններ։ Էդ ժամանակ գյուղում գազ չկար, բայց առաջին հարկում լիցքավորած գազ կար։ Բաղնիք կար, սեփական քաշած ջուր։

-Վերանորոգումից հետո քանի՞ տարի եք ապրել  այդ տանը։
- 5 տարի ենք վայելել վերանորոգումը, դրանից հետո երբ գյուղում արդեն բնական գազ էին քաշում` պատերազմն ընկավ։

-Իսկ տնամերձ փոքր հողատարածքում ի՞նչ մրգեր էիք աճեցնում։

-Դեղձի ծառ կար, խնձորը` պարտադիր, մեծ-մեծ տանձեր էին աճում։

-Տա՛տ, լսել եմ, որ Արծվաշենում լիճ է եղել։

-Բա, վերջում մի լիճ էին սարքել, մենակ Սևանին կզիջեր (ժպտում է): Էլ իշխան կար մեջը, էլ սիգ կար։ Մեր ամենալավ հանգստյան գոտին էր։ Էհ, բալա ջան, 50 տարվա աշխատանք, հո մենակ մերը չէ՞ր, բա մեր նախնինե՞րը։
-Ե՞րբ սկսեցին ռմբակոծել գյուղը։

-Որ արդեն Սումգայիթի ջարդերը եղան, դրանից հետո սովետական բանակի զորքերը եկան, եկան մեր առաջին բլրի վրա կանգնեցին։ Աշունքն էր։ Վախեցանք, ասեցինք` պատերազմն ընկավ։ Արդեն արծվաշենցիներին ասեցին` զենքերը հանձնեք, թե չէ մոխիր ենք սարքելու Արծվաշենը։

-Այդ ժամանակ մարդիկ խուճապի մատնվեցին, չէ՞։

-Հա,  բա ինչ։ Դե գյուղի մեծամեծերը բանակցություններ վարեցին դրանց հետ, վերջը, էդ ժամանակ ռմբակոծել բան թողեցին, բայց դե, պետք ա ազատեինք գյուղը։

-Պաշտպանվելու համար ապաստարաններ շա՞տ կային։

-Դե, տների առաջին հարկերը, խոր հորեր կային։ Վերջը, էլի, պաշտպանվում էին մարդիկ։ Բայց ինչքան էլ պաշտպանվեին, մեկ ա, ով ոնց կարում, արդեն իրա երեխեքին հանում էր։ Հանիլից էլ ամանքն իրանց ավտոներով էին հանում, ճիշտ ա, ոչ բոլորն ունեին ավտո, բայց ով ուներ` կարաց իրա վեշերը հանի։

-Երբ դուրս էիք գալիս, մտածո՞ւմ էիք, որ էլ չեք վերադառնալու։

-Չէ, մենք ժամանակավոր էինք դուրս գալիս, դրա համար շատ վեշ չէինք կարացել հանենք։ Պապիկդ ու հայրիկդ հլը Արծվաշենում էին։

-Զինվորագրվել է՞ին։

-Բա նո՞ր էին զինվորագրվել, հենց սկզբից գյուղի տղամարդիկ սահմանին են եղել։

- Հիշում եմ, որ պատմում էիք, որ պապիկի եղբայրներից մեկը մնացել ա գյուղում։

-Հա, չի ուզեցել գա, զոռով բերել են ավտո նստացրել, բայց մեկ ա, իջել ա ու ասել, որ ինքը իր երեխեքի ու կնոջ գերեզմանը չի թողնի ու գա։ Իրան որպես գերու Ղարաբաղ են տեղափոխել, ընդեղ էլ մահացել ա կամ սպանել են։

-Հիմա  որ սենց պատմում ես, ի՞նչն ես ամենաշատը կարոտում։

-Ամենաշատը կարոտում եմ մեր ստեղծագործ աշխատանքի արդյունքը։ Տունը, որ մեր 50 տարվա աշխատանքի արդյունքն էր։ Մեր հույսերը, մեր աշխատանքն էինք ներդրել։

-Ո՞րն ա ամենաքաղցր հուշը կամ պատմությունը Արծվաշենի հետ կապված։

-Ամենաքաղցր հուշը էն էր, Տաթև ջան, որ ուղարկում էինք խոպան ու սրտատրոփ սպասում, թե երբ են գալու։ Որ աշունը սկսվում էր, տերևաթափը սկսվում էր, մեր սիրտը բաբախում էր շատ ավելի արագ: Սպասում էինք, որ մեր երեխաների համար սիրուն շորեր կբերեին ու այդպես շարունակ։

-Լավ, իսկ երբ եկաք Ճամբարակ, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք։

-Դե հետներս շատ սնունդ-մնունդ չէինք վերցրել, մենակ շորեղեն: Որ եկանք, պետությունը տարավ մի քանի անգամ հաց տվեց, մի ամիս Սևանի պանսիոնատներում ենք մնացել։ Պետությունը հոգում էր հիմնականում սննդի հարցը։

-Իսկ որտե՞ղ էիք գիշերում։

-Դե ով բարեկամ ուներ, իրա տանն էր մնում։ Մենք քրոջս տանն ենք մնացել։ Ով որտեղ կարացել ա։ Վթարային շենքեր կային, բացեցին ու ժողովրդի մի մասը ընդեղ էր մնում։ Վարձ-մարձ չէինք տալիս։

-Իսկ գումար կա՞ր ձեր մոտ։

-Չէ, չկար։ Հետո պետությունը վարկ տվեց, կարացինք տուն առնենք։ Կամաց-կամաց ոտքի կանգնեցինք։ Էհ, հազար երազանքով էինք տուն շինել, ուրախացել էինք, որ տենց տուն ունենք, մի անառիկ ամրոց ոնց որ լիներ։ Միանգամից թող ու սկզբից ամեն ինչ սարքի։

-Դժվար ա, տատ, գիտեմ։
-Եկանք ու ընկանք ավելի մեծ  դժվարությունների մեջ։Բայց դե լավից-վատից սարքեցինք ու տուն դառանք։

-Հա, տա՛տ, էսօր քեզ գցեցի տխուր հիշողությունների մեջ, կներես։

-Ոչինչ, բալա ջան, մեր պատմությունն ա, բա պետք ա իմանաս։

ani beglaryan

Լուսին

Ողջույն, այսօր խոսելու եմ իմ կյանքի մշտական ուղեկիցներից մեկի՝ լուսնի մասին։ Ես դեռ փոքր տարիքից սիրել եմ լուսինը, հաճախ նայել նրան ու երազել, մեկ-մեկ էլ խոսել նրա հետ։

Կենդանակերպի նշանով խեցգետին եմ։ Մի քանի ամիս առաջ կարդացի, որ լուսինը խեցգետինների երկնային մարմինն է, երևի դրա համար եմ լուսնից այդքան մեծ էներգիա ստանում։ Իսկ դուք երբևէ լսե՞լ եք Լուսնի տոնի կամ նրա մասին հյուսված առասպելների մասին։

Ուրեմն պարզվում է, որ կա լուսնին նվիրված տոն, որ շատ մեծ շուքով է նշվում Չինաստանում և Վիետնամում սեպտեմբերի երկրորդ կեսին և համարվում է ամենատարածված տոնը՝ զիջելով միայն Նոր տարուն։ Տոնը հիմնականում նշվում է ջերմ, ընտանեկան միջավայրում, որի ընթացքում մարդիկ հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով և իրար են նվիրում «Լուսնի թխվածքաբլիթ»-ներ։ Լուսնի տոնի հետ կապված կա մի պատմություն։ 24 տառերը հավաքվում են` նշելու Լուսնի տոնը։ Խնջույքի ժամանակ սկսում են վիճել, թե իրենցից որ մեկն է ավելի նման լուսնի թխվածքաբլիթին․
O- Ես ամենանմանն եմ
C- Ես էլ թխվածքաբլիթ եմ, բայց ինչ-որ մեկը կծել է ինձ։
D- Ես էլ եմ նման թխվածքաբլիթին, բայց ինչ-որ մեկը դանակով կտրել է ինձ։
Q- Ես նման եմ լուսնային բլիթին, ուղղակի մի փոքր ավելցուկ ունեմ։

Լուսնի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ կան։ Ոմանք համոզված են, որ երկնային լուսատուին երկար նայելիս կարելի է խելագարվել: Շտապեմ հիասթափեցնել` ես հաճախ եմ երկար նայում լուսնին ու դեռևս խելագարության նշաններ չեն հայտնաբերվել։ Չնայած՝ ասում են, որ լուսինն իսկապես ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հոգեպես անառողջ են:

Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան և Խոու ամուսինների մասին։ Համաձայն առասպելի` Խոու Ին արտակարգ աղեղնավոր է: Այդ ժամանակ երկնքում արևները տասն էին։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը, և մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում էին։ Մի օր Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ անմահության թուրմ, որը նախատեսված էր մեկ անձի համար։ Հերոս Խոու Ին տվեց թուրմն իր կնոջը, ով խոստացավ թաքցնել այն միայն իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։
Խոու Ին շատ աշակերտներ ուներ։ Մի օր նա իր աշակերտների հետ գնում է որսորդության, բայց աշակերտներից մեկը` Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնում է տանը։ Վստահ լինելով, որ Խոու Ին լքել է տունը, նա շտապում է իր տուն և փորձում ուժով Չան Ըից խլել էլիքսիրը։ Չանը, հասկանալով, որ չի կարող դիմակայել, ամբողջությամբ խմում է թուրմը։ Այդ խմիչքը նրան բարձրացնում է շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին, և Չանը դառնում է անմահ։ Խոուն, ստանալով վերջին նորությունները, շտապում է տուն, սեղանը տեղափոխում լուսնի լույսի տակ՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները:

Կան շատ-շատ այլ առասպելներ լուսնի ծագման հետ կապված։ Հաճախ լուսինը մեկնաբանվում է որպես մարդ, սովորաբար՝ լծակով ու դույլերով կին, որ կերպարանափոխվել է։ Ամեն դեպքում, դեռ վաղ ժամանակներից լուսինը գրավել է մարդկանց ուշադրությունն ու զարմանքը, գիշերները դարձել է նրանց լույսի աղբյուրը, իսկ լույսը ջերմություն է։

Կորեական մշակույթի օրը Երևանում

Նոյեմբերի 30-ին  Առնո Բաբաջանյան  համերգասրահում կայացավ «Կորեայի մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը, որի շրջանակներում երիտասարդները ներկայացրեցին Կորեայի ազգային ու ժամանակակից մշակույթի երգն ու պարը: Միջոցառումը  կազմակերպել  էր   Հայաստանում կորեական  մշակույթի  կենտրոն  հիմնադրամը՝  Ռուսաստանում  Կորեայի  դեսպանատան աջակցությամբ։
Մրցույթի  նպատակն  էր  Հայաստանում  զարգացնել  կորեական  արվեստն  ու  մշակույթը, ինչպես   նաև   հայ-կորեական  հարաբերությունները:
Ողջ միջոցառման ընթացքում կարող էիր լսել այնպիսի հայտնի կորեական խմբերի երգեր, ինչպիսիք են`  BTS, Black Pink, Big Bang  և ուրիշներ:

Լուսանկարները` Աննա Հախվերդյանի և Մերի Խաչատրյանի

Jenya Eghikyan

Տանդ շեմը առանց քեզ անշեն է

Երբ հասկացա, որ տան մոխրամանը սկսել է միայն հյուրերին ծառայել, այդժամ գիտակցեցի, թե որքա՜ն վաղուց դու տանը չես։

Երբ մայրիկը ամեն անգամ լվանում է հագուստդ նրա համար, որ ուղղակի թարմանան, նկատեցի, որ տան դուռը երկար ժամանակ է, ինչ երեսդ չի տեսել։

Ես ամեն առավոտ մտնում եմ քո սենյակ ու ասում՝ արթնացի՜ր։ Ձայն չկա, բոլորը լռում են, ես ինձ համոզում եմ, որ սենյակդ է ինձնից նեղացած, դրա համար ձայն չի հանում, այնինչ դու ես թաքնվել ինձնից շա՜տ հեռու ու շա՜տ երկար ժամանակով։

Երկու տարի՞, գժվե՞լ ես։ Ժամանակին խնդրել եմ՝ կրճատվի, երկար համոզելուց հետո համաձայնեց, որ գոնե ութ ամիս էլ մնաս։ Բայց դրա մասին օրացույցին չգիտեի՝ ինչպես ասել, թե չէ, որ իմանա` ութ ամիս դեռ կա, էլ չի ջնջվի, կարոտից կպատռվի։ Բայց արդեն ես եմ կարոտից մաշվել։ Դու կիսատ թողած գործ ունես, չհասցրիր ինձ սովորեցնել ապրել առանց քեզ ու չկարոտել։

Ես շարունակում եմ ամեն օր ցերեկները քնել ու արթնանալ քո ձայնից, որ իմ ականջներում են միշտ։ Ինձ կներես. ես թեյ եմ խմում առանց քեզ, սա ասում եմ, որ զգաս կարոտիս չափը, իսկ այն, որ խմում եմ քո բաժակով, ասում եմ, որ բարկանաս։ Լավ էլ նկատեցիր, ես չսովորեցի քեզ չբարկացնել։ Արի՛ թեյ խմենք, խնդրում եմ, դրա ջերմությունը ինձ բավական չէ։ Ես փակում եմ աչքերս ու հաշվում մինչև տասը, մի՛ թաքնվիր, դո՛ւրս արի։

ani beglaryan

Գրքեր, գրքեր ու էլի գրքեր…

Որքան ինձ հիշում եմ, շատ եմ սիրել գրքերի հետ կապված ամեն-ամեն ինչը՝ գրքի հոտից մինչև նկարազարդումը։

Երբ ասում են` գիրք, առաջինը մտքիս է գալիս իմ գիրք գնելու արարողությունը։ Բավականին երկար տևող պրոցես է, հիմնականում ինձ հետ երկու անգամից ավելի չեն գալիս գիրք գնելու։ Ես միշտ գնում եմ ընդամենը մեկը գնելու մտադրությամբ: Մինչև գնալը արդեն ունեմ հատուկ «ցանկալի գրքերի» ցուցակ, չնայած միշտ չէ, որ գնված գրքերը նախապես գրված ցուցակի մաս են լինում։ Գրախանութում նախ ընտրում եմ 5-ից ոչ պակաս գիրք, հետո մանրամասն ուսումնասիրում ու համեմատում դրանք, փորձում եմ քանակը մի կերպ կրճատել։ Վերջում դուրս եմ գալիս մի քանի գրքով, բայց երբեք ոչ մի հատով։ Ախր, շա՜տ լավն են։ Ընկերներիս համար չափազանց հոգնեցուցիչ գործընթաց է։ Գրախանութ մտնելիս` գրքերի մեջ եմ խորանում, իսկ ժամանակը սահում է մի փոքր ավելի արագ, քան մտքերս։
Եթե կարծում եք, որ վերջ, արարողությունն ավարտված է, ապա ստիպված եմ հուսախաբ անել։ Ոչինչ չի փոխարինի նրան, ինչ զգում եմ գրախանութից նոր գրքերով դուրս գալիս։ Գնելուց հետո մոտիվացված վազում եմ տուն ու հիացած նայում գրքերիս, հետո ուսումնասիրում դրանք, ընտրում մեկը, բացում ու սկսում կարդալ…

Որքան հրաշալի են գրքերը։ Կյանքում հանդիպող բազմապիսի խնդիրների մասին նախապես տեղեկանում ես գրքերից, ու երբ առերեսվում ես դրանց, դու արդեն գիտես լուծման բանաձևը։
Գրքերի մի աշխարհ կա, որ ուզում եմ կարդալ։ Մի ժամանակ երազում էի կարդալ աշխարհի բոլոր գրքերը։ Իսկ հիմա դասերի ու քննությունների մեջ գտնվող Անին նույնիսկ չի կարողանում մեկը ավարտին հասցնել:

Դե լավ, քանի ազատ ժամանակ ունեմ, գնամ «Harry Potter and the Goblet of Fire» կարդամ։ Երևի ինչքան էլ մեծանամ, չեմ դադարի սիրել Ռոուլինգի կախարդական աշխարհը: