aneta baghdasaryan

Մեդիագրագիտություն բոլորի համար

Երբ իմանում ես, որ Ֆրանսիայի ռադիոկայաններից մեկի լրագրողները գալու են ձեր համալսարան, որպեսզի լսեն ֆրանսերենի դասի համար պատրաստած էքսպոզեները (պրեզենտացիա), տարբեր մտքեր են գալիս. «Ըհը, էսօր թարսի պես դասախոսը հենց ինձ կկանչի», կամ էլ` «Չէ դե, այդքան լավ ֆրանսերեն չգիտեմ, հաստատ ինձ չի ընտրի»: Իհարկե, հազար անգամ նշվել էր, որ դասն անցկացնելու ենք սովորականի պես և անհանգստանալու կարիք չկա, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ անհանգստանալու կարիք կա: Մի բան է` դասախոսիդ կամ ընկերներիդ ներկայությամբ ֆրանսերենով կարծիք արտահայտես, մեկ ուրիշ` ֆրանսախոս հյուրերի մոտ: Հա, մոռացա նշել, այսօրվա մեր էքսպոզեների թեման մեդիա կրթության դերն էր երիտասարդների կյանքում` նորությունները և մեդիան ճիշտ հասկանալու համար:

Դասից առաջ՝ մեծ դասամիջոցին, հավաքվեցինք գրադարանում, մտքեր փոխանակեցինք, մեր մեջ որոշոցինք, թե ով է խոսելու, կարծիքներն, իհարկե, բաժանվեցին, մինչև վերջին րոպեն պլանավորում էինք մեր փախուստը․ ամեն ինչ, միայն թե դասի չնստեինք: Երբ մտանք լսարան, և փախչելու տարբերակ չկար, մեզ մնում էր անհամբերությամբ սպասել մեր հյուրերին, ովքեր այդպես էլ չեկան: Երևի ավելի կարևոր հանդիպում ունեին, մեկ ուրիշ օր միգուցե և գան: Դե, իսկ մեզ մնում էր սովորականի պես բանավեճերով և քննարկումներով լի դաս անցկացնել:

Իսկապես հետաքրքիր և կարևոր թեմա էր, որը քննարկման կարիք ուներ մեր՝ երիտասարդներիս կողմից: Ներկայացվեցին միմյանցից տարբերվող էքսպոզեներ, որից հետո սկսվեց քննարկումը, հարց ու պատասխանը:

Մենք բոլորս շրջապատված ենք ինֆորմացիայով, որը կարող է ներկայացվել հեռուստացույցով, թերթերում, բջջայիններում և փողոցում: Երբեմն այդ ինֆորմացիան այդքան էլ մոտ չէ իրականությանը, աղավաղված կամ նույնիսկ հորինված է, և մեզանից շատերը հավատում են որոշ աղբյուրների` չկասկածելով նրանց հավաստիության վրա: Լսարանում կարծիք հնչեց, որ այո, այսօրվա երիտասարդությունը կարիք ունի կրթվելու մեդիա ոլորտում, իմանալու՝ որ աղբյուրներին հավատալ, ինչպես վերծանել ինֆորմացիան և չդառնալ կեղծ լուրերի թիրախ:

Հետո հերթը հասավ երեխաներին, որոնք թեկուզ առանց իրենց կամքի, բայց բախվում են լուրերի և տարատեսակ ինֆորմացիայի հետ, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա: Քննարկվեց ծնողների կողմից այդ ամենը վերահսկելու հարցը, և որ ինչքան էլ նրանք ցանկանան երեխաներին հեռու պահել անցանկալի ինֆորմացիայից, տեղեկատվությունը մինչև վերջ ֆիլտրելն այդքան էլ իրական չէ: Չնայած՝ գոյություն ունեն ծրագրեր, որոնք արգելափակում են անցանկալի կայքերը և շատ հարմար են հենց այսպիսի դեպքերի համար, երբ ծնողը ցանկանում է երեխային պաշտպանել ավելորդ տեղեկատվությունից համացանցում:

Այնուհետև անդրադարձանք նաև մեծահասակներին: Եվ ես միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ ոչ միայն երիտասարդները, այլ նաև տնային տնտեսուհիները և տարեց մարդիկ նույնպես ունեն մեդիա կրթության կարիք, քանի որ նրանք էլ են այն խոցելի խումբը, որը օրվա մեծ մասն անցկացնում է հեռուստացույցի դիմաց և հատկապես՝ համացանցում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեղադրել չճշտված և կեղծ ինֆորմացիա: Նրանցից շատերը կուրորեն հավատում են համացանցում տեղադրված ցանկացած տեղեկատվության ու նույնիսկ չեն էլ կասկածում, որ այն կարող է հորինված կամ փոփոխված լինել:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որն անհնար է պատկերացնել առանց մեդիայի, սա տեղեկատվության դար է, և լավ կլիներ, որ թեկուզ դպրոցներում կամ էլ համալսարաններում կազմակերպվեին միջոցառումներ, սեմինարներ, որտեղ մասնագիտությանը լավ տիրապետող մեդիայի ներկայացուցիչները երիտասարդներին, ինչու ոչ, նաև մեծահասակներին կսովորեցնեին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներից օգտվել, կներկայացնեին ոչ վստահելի կայքերը հայտնաբերելու մեթոդներն ու ինֆորմացիան ճիշտ օգտագործելու ձևը: Չէ՞ որ հենց սա է ձևավորում մեզ որպես քաղաքացի և հասարակության լիարժեք անդամ:

mariam nalbandyan

Քո միակ իրավունքը համալսարանում

Շատ երկար մտածում էի` գրի առնել էն ամեն-ամեն ինչը, ինչի պատճառով, մեղմ ասած, չեմ սիրում իմ համալսարանը, որ հենց հարցնեն, թե ինչու, ցուցակս բացեմ, տամ։ Ու երևի դա ճիշտ կլիներ անել հենց այսօր, երբ դասից տուն եմ մտել ժամը իննին, որովհետև այն ավարտվել էր ութին, իսկ համալսարանս էլ, ինչպես ես եմ սիրում ասել, «ջհանդամի ծերն է»։ Դե, կամ էլ տունս է «ջհանդամի ծերը», դա էական չի: Էականն այն է, որ զզվում եմ ամեն օր երկու ժամ, դե լավ, չափազանցնում եմ մի քիչ, ժամուկես երթուղայինի մեջ անցկացնելուց։ Բայց երևի այս հարցով սուս մնամ, որովհետև մարդիկ կան, որ Էջմիածնից կամ Ծաղկաձորից են գալիս։ Իսկ իրենք իրիկունը ժամը ութին ոնց են տուն գնում՝ անկեղծ չգիտեմ։

Նախապես զգուշացնեմ, որ ես էս նյութի մեջ ահագին թեմայից շեղվելու եմ, որովհետև երկու տարի ու կես ամսվա կուտակված բան կա մեջս։ Մեկ էլ երևի ասեմ, որ համալսարանս իրականում վատը չէ, զրպարտանք կլինի ասել, որ բան չեմ սովորում կամ տվածս փողը իզուր է: Չէ, հաստատ լավ բաները վատերին փակում են, բայց վատերն էլ երբեմն ստիպում են իսկապես մտածես համալսարանից դուրս գալու մասին։ Բայց որ մի հատ էլ հակափաստարկ ասեմ, նշեմ, որ համալսարանս մինչ օրս չեմ փոխել, որովհետև Երևանում հաստատ մերից լավը չկա, դե, իմ կարծիքով։

Եթե ինձ հարցնեն, իմ կարծիքով ֆրանսիական «պրեստիժ» համալսարանում բոլոր-բոլոր պրոբլեմների հիմքը էդ մեր անտեր շենքն է։ Ախր, հեչ համալսարանի համար չէր կառուցված։ Դե, երևի գիտեք, որ այն նախկին ուսանողական հանրակացարանի շենքն է, ու եթե կառուցողը իմանար, որ մի օր բռնելու են իր սարքածը համալսարան դարձնեն, էն էլ՝ ֆրանսիական «պրեստիժ», հիմա կկարմրեր ամոթից, իրեն վատ կզգար, ժամանակի մեքենա կհնարեր, հետ կգնար կառուցելու վախտերը ու, էդ գրողի տարած, առաստաղները մի քիչ բարձր կաներ, որ չխեղդվենք։ Չգիտեմ, ում վրա՝ ոնց, բայց իմ վրա շատ-շատ են ազդում ցածր առաստաղները, ուզում եմ մեռնել, ազնիվ խոսք, գլխացավս բռնում է։ Մեր համալսարանում էլ մի տղա կա, գրադարանի միջանցքով անցնելիս հենց հասնում է առաստաղի հիմնասյանը (էն որ հորիզոնական են ու առաստաղի վրա), կռանում նոր է անցնում, դե, մարդը բարձրահասակ է։

Բողոքիս հիմնական պատճառը էսթետիկական հաճույքը չէ, չեմ ուզում Վերսալի նման շքեղ շենքում նստել, ուղղակի հարցն էն է, որ ես ընդհանրապես գեղագիտական նպատակներից ելնելով չեմ նոր շենք ուզում։ Հենց նույն շենքի պատճառով է, որ էսօր երեկոյան ութին եմ տուն եկել։ Շենքը ոչ միայն վատն է, նեղ ու վեցերորդ հարկից փլվող, այլ նաև շատ փոքր։ Դրա համար էլ հիմնականում մեր դասերը մինչև տեղավորում են՝ ուշ ենք սկսում, ուշ էլ վերջացնում։ Բայց օրեր էլ կան, որ շուտ ենք սկսում, բայց միևնույնն է՝ ուշ ենք վերջացնում։

Ինչ կիսամյակը սկսել է, ես ու ընկերուհիս ուզում ենք հաշվել, թե քանի առարկա ենք անցնում, բայց չենք կարողանում։ Մի տեսակ, գլուխ չենք հանում, 11 հատ արդեն հաշվել ենք, կարող է ավելանան, չգիտենք։ Դե, էստեղ էլ համալսարանը երևի թե իսկապես ոչ թե մեղավոր է, այլ շահող կողմ է դուրս գալիս, դասերը իսկապես շատ են, շաբաթվա հինգ (երբեմն վեց) օրը՝ քիչ։ Բայց, եթե շենքը մեծ լիներ, հաստատ կհասցնեինք մենք էլ մի քիչ շուտ կազմակերպել մեր դասերը։ Փաստորեն որ անցած տարի ուրախ-ուրախ մեկ անց կես, ամենաուշը՝ ժամը հինգին վերջացնում էի դասերը, բարձր կուրսեցիների տանջանքի գնով էր։ Հիմա էլ մենք ենք զիջում։

Բազմահիշատակ ֆրանսիականիս շենքի թերություններից մեկն էլ այն է, որ Երևանում այնքան շատ դատարկ շենքեր կան, որ դժվար թե էլի մեզ համար ուրիշ տեղ չգտնվի, որ գնացել խցկվել ենք էդ փոքրիկ տեղը։ Ֆրանսիայի կառավարությունը, կամ կրթության նախարարությունը, չգիտեմ՝ ով է զբաղվում մեզնով, բավականին շատ բան է անում մեզ համար։ Դասախոսներ է ուղարկում, մեզ է հնարավորություն տալիս չորրորդ կուրսում պրակտիկա անցնել Ֆրանսիայում, տարբեր կամավորներ էլ ենք ունենում։ Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը մեզ համար․․․ Սպասեք հիշեմ, հա, հիշեցի, գործող կրթաթոշակների մեծ մասին չենք կարողանում դիմել, որովհետև ԵՊՀ-ից կամ այլ պետական բուհերից չենք։ Գիտեմ, որ ֆրանսիականը պետական հավաստագիր ունի, պետք է համարվի պետական, բայց բավականին շատ կրթաթոշակների թույլատրելի բուհերի ցանկում չեմ գտել ֆրանսիականի անունը։

Եթե շենքին ու իր սղլիկ սալիկներին հանգիստ թողնեմ, որոնց վրա մի օր ընկնելու եմ վիզս ջարդեմ, երևի մեկ էլ դասացուցակից եմ դժգոհ, որ թերևս բավականին անհաջող է կազմած, ու մարդկանց վերաբերմուքից։ Դե, դու կարող ես օգոստոսի 27-ի առավոտյան ժամը իննին հասնել դասի, ու պարզվի, որ դասախոսդ չի եկել, հարկ չի համարել ասել, որ չի գալու։ Ու ընդհանրապես, ցանկացած պահի դասախոսդ կարող է ուղղակի չգալ, այս համալսարանում ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չի։ Մենք էլ մեր հերթին, ունենք միայն պարտավորություններ, ոչ մի իրավունք։ Դե, հայալեզու գրականություն չկա, միայն անգլերեն ու ռուսերեն, ոչ ոք պարտավոր չի մեզ նյութեր տրամադրել։ Հա, սխալ բան չեմ գրել, ֆրանսերեն չէ (ու փառք Աստծո), միայն անգլերեն ու ռուսերեն։ Քննությանը շարադրանքը երկար չգրեք, ոչ ոք պարտավոր չէ 91 հոգու աշխատանք կարդալ։ Ոչ ոք ոչինչ պարտավոր չէ։ Միայն մենք ենք պարտավոր ֆրանսերենի ամենօրյա տնայիններին զուգահեռ մյուս առարկաներն էլ հասցնել ընթացքում սովորել, որովհետև «է, բա սաղ թողնում եք վերջում, դրա համար չեք հասցնում»։

Մեր ամբողջ տունը տարբեր պատճեններ, «դոսիեներ» ու տպած լեկցիաներ են, միլիոնավոր զրթուզիբիլներ։ Եթե այսքան տպածիս փողը հետ տային ինձ, հաստատ մի կիսամյակի վարձս կտայի։

Այնուամենայնիվ, ստորություն չանեմ ու ասեմ, որ մենք ֆրանսիականում հնարավորություն ունենք լիքը լավ բաներ սովորելու, բայց հնարավորություն ունենք նաև չսովորելու։ Որ ասեն՝ ֆրանսիականի երեխեքը մեկը մեկից խելացի են, չհավատաք։ Որ ասեն՝ դաս չես անում դուրս ես մնում, էլի չհավատաք, լավ էլ ձգել լինում է։ Սովորում ենք լավ անգլերեն, ֆրանսերեն, եթե ուզենաք՝ իսպաներեն ու գերմաներեն էլ երկու տարի կարող եք սովորել։ Մասնագիտությունն էլ, հուսով եմ՝ ավարտելուց կհասկանամ, որ դա էլ եմ սովորել, որովհետև հիմա իսկապես չգիտեմ, թե ինչ գիտեմ։

Հնարավորությունները շատ են, իսկ սովորելու իրավունքը՝ քո միակ իրավունքն է ֆրանսիականում։

lilit vardanyan

Երևանը տատիկիս հիշողություններում

-Տատիկ, դու որտեղի՞ց ես:

- Իմ նախնիները Ղարսից են, Սարիղամիշից: Հայրիկս փոքր էր, երբ Ղարսից գաղթեցին Գյումրի, Գյումրիից՝ Երևան: Իսկ ես ծնվել եմ Երևանում՝ Շահումյան թաղամասում:

-Երևանի ո՞ր թաղամասերում ես ապրել:

-Ամուսնանալուց հետո տեղափոխվել եմ Մոնումենտ թաղամաս՝ Ազատության պողոտա: Հետո՝ Նոր Նորքի 2-րդ զանգված:

- Ինչպե՞ս է փոխվել Երևանը այս տարիների ընթացքում:

- Քաղաքը փոխվել է: Բարձրահարկերը քիչ էին, բոլոր շենքերը տուֆակերտ էին, քաղաքն ավելի կանաչ էր, ծառերն ավելի շատ էին: Հիմա շատ շինարարություն կա, սրճարաններ, ռեստորաններ կան: Այն ժամանակ թատրոնները քիչ էին, հիմա շատ թատրոններ կան:

-Ի՞նչն էր քեզ դուր գալիս այն ժամանակ Երևանում:

- Երեխա ժամանակ ինձ դուր էր գալիս մեր թաղամասը, կինո «Անի»-ն: Գնում էինք կինո: Պարտադիր բոլորը ներկայացումները գնում էինք:

Քարկտիկ էինք խաղում, պահմտոցի: Քույրերիս հետ բակում խաղում էի: Ամռանը բակային ճամբար էինք սարքում: Ամբողջ ձմռանը կոնֆետի թղթեր էինք հավաքում, որ ամռանը բակային ճամբարի համար օգտագործեինք: Կոնֆետների թղթերը կպցնում էինք թելին ու դրանով գծում էինք ճամբարի սահմանները: Համերգ էինք տալիս, արտասանում, գիրք կարդում, գնում էինք ուրիշ ճամբարներ հյուր, սպորտային մրցումներ էին լինում:

Ժամանակները փոխվել են: Ավելի փոքրերը խաղում են բակում: Իսկ մեծերը, եթե իջնում են, ուղղակի զբոսնում են:

Զատիկի օրերին բոլորը իջնում էին, ձու էին կռվացնում, իսկ հիմա բակում չեմ տեսնում ձու խաղացող երեխա:

Հետո սիրում էի մայիսմեկյան շքերթը: Դպրոցում շքերթին մասնակցելու համար ընտրում էին ամենաբարձրահասակներին: Մայրիկս պատմում էր, որ երբ ինքը դպրոցական էր, կոշիկների մեջ քար էին դնում, որպեսզի իրենց էլ տանեին շքերթի:

Հիշում եմ, որ մեծ շուքով տոնեցին Երևանի 2750-ամյակը: Պարում էին, երգում էին, համերգ էին տալիս, տարբեր միջոցառումներ էին անում:

Ուսանող տարիներին ամենաշատը սիրում էինք նստել Կարապի լճի մոտ, գնալ կինո «Մոսկվայի» փառատոները: Սիրելի վայրերից մեկը պոնչիկանոցն էր:

-Ո՞րն է Երևանի քո սիրած անկյունը:

- Նորքի 1-ին զանգվածի այգին, որտեղ փոքրիկ եկեղեցի կա:

-Իսկ եղե՞լ է, որ Երևան եկած տուրիստների հետ շփվես:

-Այո: Գնացել էինք էկսկուրսիա, ֆիլիպինցիներ կային: Նրանց հետ ձեռքերի շարժումներով էի խոսում, որովհետև անգլերեն չգիտեի, բայց հասկանում էին: Շիշը ցույց էի տալիս, ասում էի՝ սառը ջուր ուզու՞մ եք, գլխով էին անում:

-Ի՞նչն ես կարոտում:

-Կարոտում եմ իմ մանկության տունը, փողոցը:

- Ի՞նչը կուզեիր փոխվեր քաղաքում:

-Կուզեի, որ Երևանը ավելի գեղեցկանար, ավելի մաքուր և կանաչ լիներ:

-Ի՞նչն ես ուզում, որ պահպանվի Երևանում:

- Հին շենքերը, հին կառույցները: Գումի շուկայի տեղը մեծ Սև շուկա կար: Հիմա չկա: Մասիվում էլ շատ լավ շուկա ունեինք, որը վերածեցին բարձրահարկ կառույցի:

goharpetrsoyanervn

Հրկիզող սպունգը

-Մի՛ արա, բալե՛ս, կպատժվես…

-Ո՞վ կպատժի, մամ…

Ասում են, թե երեխաների ուղեղը սպունգի է նման. ինչ տաս՝ միանգամից կլանում են և երբեք չեն մոռանում: Այո, այո, երեխայի ուղեղը նման է հնազանդ, քառակուսի սպունգի: Եվ գալիս է մի ժամանակ, երբ այդ սպունգը ամբողջովին կլանելուց հետո, ոմանք սկսում են փոխել դրա կառուցվածքը, քամել այն և իրենց մտքերով լցնել: Եվ սա էլ հետագայում որոշ հարցերում մեծ մասամբ հանգեցնում է մնացյալի կողմից քարկոծվելուն:

Մարդիկ ասում են, որ ազատ են և՛ մտածելակերպով, և՛ իրենց կյանքով, և՛ ապրելակերպով, գիտեն սեփական իրավունքներն ու դիմացինի իրավունքները: Բայց այս հարցում ևս հիասթափություն եմ ապրում. այդ նույն մարդիկ պատրաստ են սեփական ես ու կարծիք ունեցող մարդկանց հրկիզելու. հրկիզելու հավատքի համար: Շատերը հավատն ու հավատքը շփոթում են՝ համարելով այդ երկուսը նույն բանը: Ես կարող եմ հավատալ քամուն, տիեզերքին, մտքի ուժին և վերջ ի վերջո, ինքս ինձ, բայց հավատքը, ըստ իս՝ կրոնն է:
Գիտեք, մարդկության պատմության մեջ (և առավել ևս հայ ժողովրդի) կար մի ժամանակաշրջան, երբ մարդկանց հավատքի համար ողջ-ողջ այրում էին: Ներկայումս առանձնապես ոչինչ չի փոխվել, ուղղակի հիմա մարդկանց «այրում են» «չհավատքի» համար: Երբ իմանում են, որ աթեիստ ես, կամ էլ սկեպտիկ, արձագանքները հետևյալն են լինում. «Տո դուք մարդ չե՛ք, հայ չե՛ք: Լրիվ թափելու բան եք: Շեղվածնե՛ր… Տո դրանց վառե՜լ ա պետք»։ Եվ սա էլ ձեր առողջ մտածելակե՞րպն է: Ռեյ Բրեդբերին մի սխալ է արել, կամ էլ անավարտ գործ ունի․ «451˚ ըստ Ֆարենհայթի» վեպի փոխարեն պիտի գրեր «36.000˚ ըստ հավատքի» տասը հատորանի վեպը: Կամ էլ թե Մարկ Մենսոնը. «Թքած ունենալու նուրբ արվեստի» փոխարեն՝ «Ողջ-ողջ այրելու նուրբ արվեստը»:

Ես չեմ վատաբանում կրոնը, ես չեմ նշում, որ դա հավատի շինծու փոխմիջոց է, չեմ ասում, թե աթեիստ եմ կամ էլ անհավատ: Ես չեմ ասում՝ դուք սխալ եք, քանզի դրա իրավունքն էլ չունեմ: Ես ուղղակի վաղուց փոխել եմ իմ «սպունգի» կառուցվածքը…

-Բա ո՞վ կպատժի, բալես…

-Չգիտեմ, մամ…

Երևանը երևանցիների աչքերով

Որքան էլ բառերը գեղեցիկ ու տեղին լինեն, ամբողջությամբ չեն կարող փոխանցել այն զգացումները, որոնք տալիս է ճիշտ ընտրված ու խոսուն պատկերը: Երևանի մասին հարյուրավոր երգեր ու բանաստեղծություններ են գրվել, բայց, թերևս, այնքան լավ չեն նկարագրել Երևանը, Երևանի ամեն անկյունը, դետալը, փողոցները, հասարակ երևանցուն՝ լույսի ու ստվերի մեջ, որքան այսօր ներկայացնում են լուսանկարները: Հենց Երևանի ամբողջական նկարագրության ցանկությունն էլ առիթ հանդիսացավ ստեղծելու «Երևանը երևանցիների աչքերով» ցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյան. «Այս ցուցահանդեսը շատ լավ նվեր է Երևանին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել այս ցուցահանդեսը: Ամեն օր նայեք Երևանին, ձեր աչքով տեսած Երևանը անցկացրեք ձեր սրտով և պահեք բոլորիս համար` որպես պատմություն և որպես վկայություն: Երևանը բոլորիս աչքի առաջ է: Երևանից աչք թեքելն անհնար է»:

Ցուցահանդեսի, լուսանկարների կազմակերպիչ-հեղինակ Արմեն Ենգոյան. «Թեքեյան կենտրոնի» տնօրենը ինձ, Վահան Քոչարին և մեր մյուս ընկերներին առաջարկեց կազմակերպել Երևանին նվիրված ցուցահանդես: Վահան Քոչարն ունի լուսանկարների արխիվ, նա «Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակն է, այստեղ հին լուսանկարները հիմնականում վերցված են նրա արխիվից: Ես էլ «Թեքեյան կենտրոնի» հետ հաճախ եմ համագործակցում, ցուցադրություններ ենք կազմակերպում. նման ցուցահանդեսներ կազմակերպվելու են այնքան ժամանակ, մինչև լուսանկարչությունը Հայաստանում կհասնի շատ բարձր դիրքի: Իհարկե, բացի արխիվային լուսանկարներից, կան նոր լուսանկարներ. ֆեյսբուքում մենք տվել էինք հայտարարություն (դե, հիմա ամեն ինչ ֆեյսբուքով է կատարվում՝ հեղափոխությունը, կառավարությունն անգամ այդ հարթակով է կառավարում), և մարդիկ արձագանքեցին, ուղարկեցին իրենց լուսանկարները. յուրաքանչյուրը, ով ուներ մեր առաջարկած թեմային համապատասխան գեղեցիկ լուսանկարներ, կարող էր մասնակցել: Բնականաբար լուսանկարները ֆիլտրել ենք, ոչ այդքան հաջողվածները դուրս են եկել ցանկից: Ընտրության գործն արել ենք Վահան Քոչարի հետ: Վերջնական ընտրելուց հետո կապվել ենք բոլոր մասնակիցների հետ, վերցրել բնօրինակները ու ստեղծել ցուցահանդեսը: Այն լինելու է շարժական, շատ հավանական է, որ ցուցահանդեսը կգնա տարբեր քաղաքներ, երկրներ:

Շատ լավ է, երբ հիմա լուսանկարողները շատացել են: Հիմա, բացի արդուկից, ամեն ինչով նկարում են մարդիկ: Դե, մոտ ապագայում երևի դրանով էլ հնարավոր էլ կլինի լուսանկարել: Շատ լավ է, թող նկարեն, բայց, մեկ է, լուսանկարիչ չեն դառնա: Լուսանկարելու համար կարևոր է ոչ թե սարքը, այլ մարդու գլուխը: Երբեմն հարցնում են՝ ո՞ր ֆոտոխցիկը գնենք, որ կարողանանք լավ նկարել, ասում եմ՝ որևէ մեկը գնեք, կարևորը օբյեկտիվը կարողանաք փոխել, որ շատ գումար չծախսեք, վերջ, էականը սարքը չէ: Հին ժամանակներում մարդիկ սովորական նկարչությամբ են զբաղվել, շատերն են իրենց հարազատներին դիմանկարել, բայց հո բոլորը չե՞ն համարվել նկարիչ, նույնն էլ հիմա է. բոլորը լուսանկարում են, բայց բոլորը լուսանկարիչ չեն»:

Յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն էր պատմում, նայելիս թվում էր, թե տեսնում ես ակնթարթը որսալուց առաջ ու հետո կատարված իրադարձությունները: Դրանք ջերմ էին, անկեղծ ու տաք, անգամ այն մարդիկ, ովքեր անտարբեր են Երևանի նկատմամբ, լուսանկարները դիտելիս գեղեցիկ ու հետաքրքիր զգացմունքով կլցվեն դեպի քաղաքը:

Ցուցահանդեսը ներկայացված է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում և բաց կլինի մինչև սույն թվականի սեպտեմբերի 16-ը:

Մասնակից հեղինակներ՝
Աշոտ Առաքելյան, Արմեն Ենգոյան, Արմեն Մուրադխանյան, Անդրանիկ Քոչար, Աննա Գրիգորյան, Գարիկ Ղազարյան, Գագիկ Գասպարյան, Գեղամ Թարվերդյան, Զավեն Սարգսյան, Թագուհի Ասլանյան, Թեդ Անդրեասյան, Կարեն Ներսիսյան, Կարինա Շմիդտ, Հակոբ Բերբերյան, Հերբերտ Բաղդասարյան, Հայկ Բաղդասարյան, Հայկ Բիանջյան, Հայկ Բադալյան, Հարություն Խաչատրյան, Հովհաննես Բադալյան, Մարիաննա Մելիքսեթյան, Մայիս Վարդանյան, Մարտիրոս Դադայանց, Մելիք Դադայան, Մելիք Բաղդասարյան, Մխիթար Խաչատրյան, Նեմրութ Բաղդասարյան, Նունե Քարամյան, Ներսես Մատինյան, Սամվել Սևադա, Սահակ Տրոյան, Վահրամ Բաղդասարյան
Վահան Քոչար, Վարազդատ Բորեցյան, Վիգեն Մնոյան, Տաթև Մնացականյան:

Նյութը պատրաստեցին` Անի Հարությունյանը և Անի Կիրակոսյանը

ella mnacakanyan yerevan

Էլի ուշացած

-Դուք դասի՞ չեք,- իրեն բնորոշ մուննաթով հարցնում է Ժորա ձյաձյան՝ առաջին հարկի պահակը:
-Դասի ենք,- պատասխանում եմ ես ու փորձում առանց դրամապանակիցս հանելու անցկացնել ուսանողական քարտս, որ «սեզամը» բացվի ու, ինչպես միշտ, լույսի արագությամբ բարձրանամ այդ նեղլիկ աստիճաններով, որոնց աջ կողմը (չգիտես ում որոշմամբ) նախատեսված է բարձրանալու, իսկ ձախը՝ իջնելու համար (ու, հա, Աստված չանի՝ խառնես այդ կարգը):

-Բա ժամին նայե՞լ եք,- նա, սովորության համաձայն, ձեռքի բանալիով թխկթխկացնում է սեղանին, ապա ավելացնում,- ուշանում եք:
-Դասախոսը մեզնից շատ ա ուշանում,- ի միջի այլոց պատասխանում է Սյուզին ու շարունակում փորփրել պայուսակը՝ ուսանողականը շուտ գտնելու հույսով:
- Յա՜, – Ժորա ձյաձյան տանել չի կարողանում, երբ որևէ մեկը համարձակվում է հակաճառել իրեն,- դասախոսին կարելի ա, դուք պարտավոր եք լսարանում սպասեք,– ու նրա սովորական մուննաթը վերածվում է հիպերմուննաթի:

Սյուզին անցկացնում է քարտը, բացում «սեզամը» և միանում ինձ ու Աստղիկին, որ «սեզամի» ու աստիճանների միջև կանգնել ու սպասում էինք լեզվակռվի ավարտին:
-Սյուզի՛, արդեն 2-րդ կուրս ենք, բայց դու տենց էլ չսովորեցիր, որ Ժորայի հետ պետք չի կռիվ անել:
-Հա, բայց ինչի՞ ա մուննաթ գալիս որ:
-Է՜հ,- ես տարուբերում եմ գլուխս ու հասկանում, որ նրանց երկուսին էլ ինչ-որ բան համոզելն անիմաստ է,- եկե՛ք բարձրանանք:

Չորրորդ հարկում իր սովորական դարձած նկատողություններով մեզ է դիմավորում Կառլեն ձյաձյան՝ բոլոր երեք պահակներից ամենափոքրամարմինն ու ամենաջերմը:
-Ցածր, էրեխե՛ք ջան, ցածր: Դաս ա:
-Բարև Ձեզ,- ասում եմ ես ու ժպտում, որովհետև Կառլենի նկատողություններն այնքան սովորական են, որ, ըստ իս, արդեն ռեֆլեքսորեն են դուրս թռչում իր բերանից:
-Բարև Ձեզ,- ժպտում է նա ի պատասխան ու, սովորության համաձայն, նորից կրկնում,- բարև Ձեզ:

Հինգերորդ հարկի «պահապանը» Ղուկասն է՝ ամենաբարձրահասակն ու խստադեմը, ում հագին այդ կապույտ կոստյումը բոլոր երեքից ամենատարօրինակն է նայվում:
-Արագացրե՛ք, էրեխե՛ք, դաս ա:
Դե՜, հա, Ղուկաս ձյաձյան էլ առիթը բաց չի թողնում մեզ նկատողություն անելու՝ չնայած, որ արդեն մտնում ենք լսարան, ու, հա, դասախոսն էլ՝ մեր հետևից, որովհետև իրեն կարելի է, ճիշտ է, մենք պիտի սպասենք… Ոչինչ, թե համալսարանի աստիճաններին մեծ-մեծ տառերով գրված ֆրանսիական արժեքներից մեկն էլ «égalité»-ն է՝ հավասարությունը:

Այո՛, սա համալսարանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ առավոտ շուտ…

Հա, ու լավ կլինի՝ չուշանաս, գիտեմ, որ քնի ամառային ռեժիմդ դժվար է փոխել, բայց կապույտ կոստյումավորները բարկանում են…

goharpetrsoyanervn

Ստանդարտություն կամ սահմանափակում

Ես չեմ ուզում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Կյանքն արդեն իսկ ձանձրալի է, և ավելի քան ձանձրալի կլինի, երբ մարդիկ սկսեն միանման լինել: Ասում են, որ ամեն մարդ յուրահատուկ է, և բոլորը տարբերվում են միմյանցից: Երևի թե ճիշտ են ասում, բայց իմ աչքերով հազարից մեկին կարող եմ առանձնացնել և հստակ ասել՝ նա տարբերվում է: Հասարակության կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է լինես նրանց նման, բոլորի նման: Իսկ մի՞թե դա տաղտկալի չէ:
Յուրովի լինելու և տարբերվելու համար պարտադիր չէ փիրսինգ կամ դաջվածք անել, կամ էլ թե վարսերը գույնզգույն ներկել: Մարդու հայացքն էլ արդեն իսկ բավական է տարբերվելու համար: Սակայն հաճախ ներքին «գույները» ցանկանում են արտաքնապես հանդես գալ: Երևի թե դա էլ պատճառն է փիրսինգի կամ գույնզգույն վարսերի: Չնայած, մեր հասարակությունը բացասական է վերաբերվում դրան: Կարող եմ բերել իմ օրինակով: Երթուղայինում, երբ տարեց մարդկանց տեղ եմ զիջում, տարօրինակ հայացքով դեմքիս են նայում: Իրենց հայացքն ինձ միայն ասում է՝ հա՞ որ, դու ինձ տե՞ղ զիջեցիր: Ինչո՞ւ, կապույտ վարսերով աղջիկները բացառապես վատն են կամ անդաստիարա՞կ: Կամ էլ թե համալսարանում. դասախոսները մտածում են, թե վատ եմ սովորում, կամ էլ պիտի քննությունս վատ հանձնեմ: Ինչո՞ւ, վարսերս կապույտ են և դա ստիպում է այդպե՞ս մտածել:
Նորմալ է այն, որ բնական վարսերի գույնով աղջիկը կեսգիշերին դրսում զբոսնում է, բայց աննորմա՞լ է, երբ կապույտ վարսերով աղջիկը ժամը 21:00-ին է տուն գնում: Ձեր պատկերացրած խելոք, գլուխը կախ, տուն տանելու աղջիկները, որոնք ստանդարտ են ամեն հարցում՝ և՛ մտածելու, և՛ հագնվելու, և՛ շպարվելու, ավելի լա՞վն են: Սպասեք անսպասելիին միշտ խելոք աղջիկներից, այլ ոչ թե ներքինը անկեղծորեն արտահայտողներից։ Մարդիկ, մեկը մյուսին նմանակելով, սահմանափակում են կյանքը: Իսկ ինչո՞ւ նմանվել կողքինին, եթե կարող ես տարբերվել և քո կյանքի ոճը թելադրել:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Խաղաղ կեսօր Դիլիջանում

anahit baghshetsyan

Հրաշալի ամառ

Այս տարի ամառն ինձ համար սկսվեց հենց հունիսի մեկին։ Ես էլ չեմ հավատում. ո՛չ հուլիսի մեկին, ո՛չ հունիսի տասնյոթին, այլ հենց հունիսի մեկին։ Ամառվա առաջին օրը հանձնեցի երկու քննություններս, հետո եկա տուն ու մի ամբողջ օր տոնեցի այն փաստը, որ հինգ օրում մի կերպ սովորել եմ մաթեմատիկայի բոլոր քննական տոմսերը, 10-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի բոլոր պարագրաֆներն ու մոտ 150 խնդիրների լուծման եղանակները։

Ամառը շարունակում է հոսել իր հանդարտ հունով։ Արթնանում եմ, փորփրում սոց.ցանցերը, մի քիչ էլ եմ փորփրում, հետո ամառս ամոռանալի պահերով լցնելու հետաքրքիր առաջարկներ եմ ստանում ու առանց երկմտելու ընդունում դրանք։ Այդպես էլ դառնում եմ հետաքրքիր ծրագրերի մի մասը ու ձեռք եմ բերում նոր ընկերներ ու լիքը-լիքը լավ հիշողություններ։ Ամառվա առաջին երկու ամիսն այսպես անցկացնելուց հետո ուղևորվում եմ այն եզրափակելու արտասահմանում։

Ամառվա վերջին ամիսը ողողվում է ամենաանսպասելի արկածներով։ Ընկնում եմ Դիսնեյի հեքիաթների գիրկը, հետո պատահաբար հայտնվում եմ օվկիանոսի ափին՝ խարույկի կողքին նստած, ինչ-որ ընտանիքի հետ զրուցելիս, քիչ անց կանգնած եմ թանգարանում ու աչքերս չռած նայում եմ Պիկասոյի նկարներին։ Ու երբ մտածում եմ, որ հենց այդ պահին էլ ավարտվելու է ամառը, հայտնվում եմ իմ տեսած ամենամեծ համերգային դահլիճում՝ ամենասիրելի երգչիս համերգին, երգում եմ ու պարում, վայելում եմ ուր որ է՝ ինձ լքող ամառվա վերջին անակնկալն ու վերադառնում եմ տուն՝ ձայնս կտրված, ամառս եզրափակված համարելով։ Նստում եմ ինքնաթիռ ու 16 ժամ անց կրկին Հայաստանում եմ, որտեղ ինձ սպասում են հրաշալի ամառվա վերջին օրերը, որոնք անցկացնում եմ ընկերներիս ու ընտանիքիս հետ։ Մտովի փակում եմ մի հաստափոր գիրք, կազմին գրում եմ «Ամառ 2018: Հրաշալի ամառ» ու դնում եմ մի կողմ։

Իսկ ամենավերջում հիշում եմ, որ ես փոխադրվել եմ 11-րդ դասարան, ու երևի թե կարիք չի լինելու նոր տետրի առաջին էջին գրել. «Ինչպես ես անցկացրեցի ամառային արձակուրդները» վերնագրով ամենամյա շարադրությունը, ու դեմքիս մի աննկատ ժպիտ է հայտնվում։