Այսօր սովորական կիրակի է, և ես սովորականի պես քայլում եմ Կարտոշկի փողոցով դեպի հացի խանութ: Հա, ապրում եմ Մամիկոնյանց փողոցի վրա, որը բոլորս սովոր ենք անվանել Կարտոշկի փողոց` այնտեղ վաճառվող կարտոֆիլի պատճառով: Եվ չնայած փողոցը փոքր է, և երթևեկություն էլ համարյա չկա, այնուամենայնիվ այստեղի մայթերի վրա կարելի է հանդիպել կարմիր կոճակի, որից, բացի մեր փողոցից, տեսել եմ միայն Հյուսիսային պողոտայում և Ավստրիայում (դե, այն կոճակը, որին սեղմելուց հետո լուսակրի կարմիրը վառվում է, և կարողանում ես անվտանգ փողոցն անցնել): Սակայն և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերում դրանք նախատեսված էին սովորական հետիոտների համար:
Հիմա կհարցնեք, թե ինչով է մեր փողոցի կարմիր կոճակը տարբերվում մնացածից: Բանն այն է, որ մերն ի սկզբանե նախատեսված է եղել կույրերի` փողոց անցնելը հեշտացնելու համար: Իսկ կույր հետիոտներին առանձնացնում եմ, որովհետև նրանք բոլորիս պես չեն, ուրիշ են, քանի որ չեն կարող տեսնել փողոցում քայլողների հայացքներն ու արձագանքները: Ուղղակի չեն կարող: Եվ ինչքան էլ այս ամենը տրանսպորտի, աղբահանման, ճանապարհների և այլ երևացող խնդիրների շարքից չէ, ես միևնույնն է, կհիշեցնեմ դրա մասին և կբարձրաձայնեմ այն:
Չկա մի օր, որ այս փողոցով չանցնեմ, և ինչ ինձ հիշում եմ, այստեղ միշտ հանդիպել և դեռ հանդիպում եմ կույրերի, որոնք գնում են էլի մեր փողոցի վրա գտնվող կոմբինատ՝ աշխատելու, և գնալով ավելի ու ավելի քչերին եմ տեսնում փողոցով քայլելիս: Սակայն համարյա ամեն անգամ տեսնում եմ մի երիտասարդի՝ Սիփանին, որը չնայած որոշ խոչընդոտներին, միշտ այն առաջիններից է, ով բարձրացնում է հաշմանդամություն ունեցողների հարցը և պայքարում նրանց կենսական պայմանների բարելավման համար: Ես շատ անգամներ տեսել եմ նրան միտինգներին, լսել իր հարցազրույցները, ներկա եմ եղել իր կողմից վարվող սեմինարին: Եվ ես իսկապես ափսոսում եմ, որ իր պես բազմաթիվ երիտասարդներ այսօր չունեն հնարավորություններ առաջ գնալու և լինելու բոլորիս պես` հավասար:
Ու միշտ զարմացել եմ, թե ինչու պիտի կույր մարդն օգտագործի հին և անհարմար ձեռնափայտ, քանի որ նորը բավականին թանկ է: Ինչու պիտի ամբողջ Երևանում լինի այսպիսի երեխաների համար նախատեսված միայն մեկ դպրոց, ինչքանով ես եմ տեղյակ, որտեղ բրայլյան դասագրքերի քանակը բոլորին չի հերիքում, և նրանք ստիպված իրենց հույսը ինչ-որ բարեգործական հիմնադրամների ու բարերարների վրա են դնում: Ես հասկանում եմ, որ ինչքան էլ ցանկանանք, հաշմանդամություն ունեցողների ինտեգրացիան այդքան էլ արագ և հեշտ չի լինի: Սակայն հույս ունեմ, որ գոնե այսպիսի թվացյալ փոքր խնդիրների լուծման դեպքում մենք վերջ ի վերջո կհասնենք նրան, որ այլևս զարմացած հայացքներ չենք նետի փողոցով քայլող կույրի վրա:
Այսօր ընտրություններ են, և մեր տեղամասը գտնվում է Կույրերի մշակույթի շենքում: Ինչպես ցանկացած չափահաս տարիքի հասած երևանցի, այսօր ես պետք է ընտրեմ. ընտրեմ մեկին, ով իմ կարծիքով կլուծի քաղաքի ոչ միայն երևացող, այլև չերևացող խնդիրները, որ ես միայն մեր փողոցում չտեսնեմ կարմիր կոճակ, որ հաջորդ անգամ Սիփանին տեսնեմ նոր ձեռնափայտով և հասկանամ, որ Երևանում իսկապես ինչ-որ բան փոխվել է:
Որքան էլ բառերը գեղեցիկ ու տեղին լինեն, ամբողջությամբ չեն կարող փոխանցել այն զգացումները, որոնք տալիս է ճիշտ ընտրված ու խոսուն պատկերը: Երևանի մասին հարյուրավոր երգեր ու բանաստեղծություններ են գրվել, բայց, թերևս, այնքան լավ չեն նկարագրել Երևանը, Երևանի ամեն անկյունը, դետալը, փողոցները, հասարակ երևանցուն՝ լույսի ու ստվերի մեջ, որքան այսօր ներկայացնում են լուսանկարները: Հենց Երևանի ամբողջական նկարագրության ցանկությունն էլ առիթ հանդիսացավ ստեղծելու «Երևանը երևանցիների աչքերով» ցուցահանդեսը:


