Մի հարց կար հոգումս, բայց չգիտեմ ինչու, տարիներ շարունակ լռում էի և մի օր որոշեցի բարձրաձայնել: Հարցս տատիկիս էր ուղղված:
Գիշեր էր: Տատիկիս կողքին նստած էի և սովորությանս համաձայն հարցեր էր, որ տալիս էի, շատ ժամանակ խնդրում, որ ինձ հեքիաթ պատմի, չնայած որ արդեն 15 տարեկան էի: Տատիկս երբեք չէր մերժում և պատմում էր իմ սիրած հեքիաթը: Բայց այս անգամ, երբ ասացի տատիկիս, որ խնդրանք ունեմ, միանգամից ասաց, որ արդեն մեծ աղջիկ եմ, և էլ հեքիաթ չի պատմելու: Իսկ ես ասացի, որ հեքիաթ չեմ ուզում, այլ ճշմարտությունը:
-Տատ, դու կամ քո ընտանիքը ինչ-որ կապ ունեցե՞լ է Արևմտյան Հայաստանի հետ:
-Այո… Մեր արմատները գալիս են Մշից, դու մշեցու ծոռ ես, իսկ քո հարցը մտովի ինձ տարավ հորս մոտ: Երբ նրան հարցեր էինք տալիս ցեղասպանության մասին, նա լռում էր, աչքերը լցնում և ոչինչ չէր ասում, բայց մի քանի բան կարողացել ենք իմանալ: Հայրս ու պապիկս են եղել իրենց ընտանիքից այն երկուսը, ովքեր մազապուրծ են եղել և հասել Արևելյան Հայաստան: Պատմում էր, որ փոքր է եղել, իսկ մայրը՝ հղի: Նրանք տանն էին հորաքրոջ հետ, իսկ հայրը գնացել էր պաշտպանելու իր ընտանիքը: Մայրը տեսնում է, որ թուրքերը մոտենում են տանը, երեխային թաքցնում է տեղաշորի ծալքի տակ, հորաքույրը դուրս է գալիս տնից և թաքնվում: Թուրքերը մտնում են տուն, տեսնում հղի կնոջը, բացում փորը և երեխային սրի հանում: Իսկ մյուս թուրքը սուրը հանում է և խրում ծալքի մեջ, տան մեջ ամեն ինչ ջարդում, փշրում և հեռանում: Այդ ժամանակ հայրս երեք տարեկան էր, բայց ինչքան էլ որ մեծանար, նրա աչքերի տխրությունը չէր անցնում: Հայրս և պապս փրկվելով գալիս են Արևելյան Հայաստան` Ղուկասյան գյուղ: Իսկ այդ ճանապարհը այդքան էլ հեշտ չէր, սոված, ծարավ: Տարիներ հետո էլ այդ սովի զգացողությունը նրան չէր լքել: Երբ հաց էին ուտում, անպայման պետք է յուղ ուտեր` հացը մեջը փրթած, թե չէ, չէր կշտանում: Վերջ, այսքանը գիտեմ: Էլ ոչինչ չի պատմել մեզ հայրս:
Էլ հարց չտվեցի, սակայն չկարողացա էլ քնել և ամբողջ գիշեր երազեցի այնտեղ լինելու մասին:
Սա էլ մի ցեղասպանությունից փրկված մարդու կյանքի պատմություն է: Ես նրա ծոռն եմ: Հիմա ավելի շատ եմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան, տեսնել իմ պապերի երկիրը:
Խոսք կա, չէ՞.«Մայիս-վայիս»: Ես համաձայն չեմ, որովհետև դրա կողքին կա նաև «Հաղթանակների ամիս» արտահայտությունը, որը վերաբերվում է հե՛նց նույն մայիսին, որին «վայիս» էին ասում: Գիտե՞ք, երբեմն կարծում եմ, որ ուղղակի այդ հաղթանակների շարքը պատահական չէ մայիսին եղել: Եվ, այո՛, որովհետև մայիսը հաջորդում է ապրիլին, դաժան ապրիլին, որն ապացույցն է այն բանի, որ մենք չենք պարտվի ու կապրենք հավերժ:
Ինձ միշտ զարմացնում ու հիացնում էր այն ոգևորությունը, որով նա պարում էր ազգագրական պարերն ու հիացնում այն ոգին, որ նա դնում էր յուրաքանչյուր շարժման մեջ։ Դա սովորական հայրենասիրություն չէր։ Հայրենասիրություն էր խառնված հերոս պապ ունենալու հպարտությամբ ու երբեմն էլ պապի սկսածն ավարտելու կամ ավարտված տեսնելու ցանկությամբ։
Սահակ Սահակյանը, «Սպիտակ» ջոկատի կազմում մասնակցել է ջոկատի մղած բոլոր կռիվներին, կորցրել մարտական ընկերներ և անցել պատերազմական իրադրության ողջ թոհուբոհի միջով։ Պատերազմական իրադրությունը իր հուշերում ներկայացնում է հենց ինքը։
1994 թ. հունվար-մարտ ամիսներին «Սպիտակ» ջոկատը մասնակցեց Օմարի լեռնանցքի 2րդ գրավման մարտերին և փառքով վերադարձավ տուն»։









