Ամառային արձակուրդների սկզբում արդեն պլանավորել էի, թե ինչպես եմ այն անցկացնելու: Դրա մեջ նաև մտնում էր այն, որ պետք է գնայի գյուղ ու մի քանի օր մնայի տատիկիս հետ:
Մի խոսքով, գնացի գյուղ, գյուղի անունը Ախուրիկ է: Ասեմ, որ շատ ուշ-ուշ էի գնում գյուղ, բայց այդուհանդերձ, ինձ այնտեղ բոլորը ճանաչում են: Ես միշտ զարմացել եմ, որ գյուղում բոլորը մեկը մյուսին ճանաչում են, սկսած 4 տարեկան երեխաներից մինչև ծերերը: Այդ օրերի ընթացքում ընկերս ինձ խնդրեց, որ իրեն օգնեմ` բեռնել խոտի տուկերը մեքենայի վրա: Չմերժեցի նրա խնդրանքը և գնացի օգնելու: Բեռնելուց հետո մեքենան խոտը պետք է տեղափոխեր այլ գյուղացու տուն, որը գտնվում էր մոտավորապես 2000մ հեռավորության վրա: Նստեցինք մեքենան և ճամփա ընկանք: Ճանապարհին հասանք մի նեղ արանք, որտեղ ծառի հաստ ճյուղերը թափվել էին ներքև և փակել ճանապարհը: Հարևաններից մեկն էլ իր մեծ մեքենան էր այդ նեղ արանքում կանգնեցրել, բայց տերը տանը չէր: Որոշեցինք մեքենան հրելով հանել այդ արանքից, որպեսզի ճանապարհը բացվի: Պետք է հրեինք մի 30 մետր: Ես, ընկերս և նրա հորեղբայրը չկարողացանք հրել, և արդեն հուսահատ որոշեցինք սպասել մեքենայի տիրոջը, բայց հանկարծ օգնության հասավ հարևաններից մեկը (մոտավորապես 60 տարեկան): Սակայն էլի բան դուրս չեկավ: Հետո միացավ մյուս հարևանը` կրկին նրա տարիքին: Սկսեցինք հրել արդեն մի քիչ ավելի լավ: Հետո դուրս եկան նրանց կանայք, հարսները:
Երբ արդեն սկսել էինք հեշտ հրել, եկավ մեքենայի տերը, և ոչ թե նստեց մեքենան, այլ սկսեց մեզ հետ հրել: Ի վերջո բեռնատարի անցնելու համար տեղ բացեցինք: Շնորհակալություն հայտնեցինք հարևաններին ու շարունակեցինք ճանապարհ: Մեկ ժամ անց ավարտեցինք գործը, ու ես դուրս եկա ընկերոջս տնից, որպեսզի վերադառնամ տատիկիս մոտ: Այնքան հպարտ էի քայլում գյուղով, այնքան լավ էի ինձ զգում, որ քայլում եմ մի գյուղով, որտեղ իսկապես կա բարեկամություն, կար ընկերասիրություն և, վերջապես, կա միասնականություն: Քայլում էի դեպի տուն, ինքս ինձ ասելով. «Ախ, երանի ողջ հայ ազգը լիներ այսպես: Երանի ողջ Հայաստանը լիներ այսպիսին, և այդ ժամանակ մենք իրոք կլինեինք անպարտելի»:
Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի» պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ, մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…
