leyli tadevosyan1

Գյումրի, իմ սեր

Մի գյումրեցու հարցնում են.

-Ի՞նչ կլիներ, եթե Գյումրին չլիներ:

-Ի՞նչ բդի էղներ, ապ ջան, գլոբուսը տեսքից կընկներ…

Այ այսպես էլ բոլոր գյումրեցիներս մեր բոլոր բջիջներով, հոգով ու մտքով, բոլոր երազանքներով կապված ենք մեր հրաշք քաղաքի հետ:

Գյումրին լոկ քաղաք չէ, այն հոգեկերտվածք է, մշակույթ, լեզվամտածողություն… Քաղաքը օժտված է շշմելու էներգետիկայով, որ մեր՝ գյումրեցիներիս միջոցով փոխանցվում է նաև մյուսներին…

Processed with VSCO with  preset

Ուրիշ որտեղ կտեսնես, որ իրիկնամուտին փողոցում մայրամուտը դիմավորող տատիկը օտարերկրացիներին հարցնի՝ բալա՛ ջան, գոնե երեխեքին էլ բերեիր, ու ընդհանրապես էական չէ, թե «բալա»-ն «երեխեք» ունի, թե չէ…

Կամ ուրիշ որտեղ կարելի է գալ ուղղակի պտտվելու ու անծանոթների շրջանում զգալ ծայրաստիճան հյուրընկալություն, եթե ոչ Գյումրիում… Մի անցորդ տեսնեն, որ շվարած է, կօգնեն՝ ինչով պետք լինի, անգամ տանիք կտան…

Կամ ուրիշ որտեղ կարելի է ծուռտիկ-մուռտիկ սալաքարերով փողոցներում այդքան ջերմություն ու հարազատություն զգալ, եթե ոչ Գյումրիում… Ի դեպ, էդ առաջին սալաքարերը դրվել են 1940-ին ու պահպանվել մինչ օրս։

IMG_20200314_160255_220

Գիտեք, հնի ու նորի խաչմերուկ է դարձել Գյումրին: Նոր ասելով՝ նկատի չունեմ այն, որ մեզ մոտ կարելի է վերջին ժամանակներին բնորոշ ապակյա շենքեր ու կառույցներ գտնել, այլ այն, որ հնարավորինս պահպանվել են քաղաքի պատմական շենքերը, անգամ հյուրատները, հյուրանոցները, սրճարանները կառուցվում են հին ոճով՝ հնարավորինս պահպանելով այն, բայց նոր ոգով ու տրամադրվածությամբ։

Ուրիշ ոչ մի տեղ ես չեմ տեսել, որ անծանոթին անգամ հարազատի նման ընդունեն, հարազատորեն բարևեն ու բարի օր մաղթեն։

Հոգեկերտվածք չէ, բա ի՞նչ է…

Ու հրաշալին այն է, որ աչքիդ առաջ տեսնում ես, թե ինչպես է ծաղկում սիրելի քաղաքդ…

Processed with VSCO with  preset

Շաբաթ, կիրակի օրերին քաղաքի նեղլիկ փողոցներում տեղ ու դադար չկա, բոլորը գալիս են Գյումրի, հիանում քաղաքի գեղեցկությամբ, տեսնում՝ ինչպես պետք է պահպանել ազգայինը ու հայկականը։

Վերջերս այնքան շատ էին ինձ հարցնում, թե Գյումրիում ինչ կարելի է անել ու ուր կարելի է գնալ, որ Ֆեյսբուքում գրառում էի կատարել ու պարբերաբար թարմացնում էի այն, ու ամեն անգամ, երբ հարց էր հնչում, միանգամից ուղարկում էի գրառումս։

Ու շշմելու է նաև այն, որ ի տարբերություն մյուս քաղաքի բնակիչների՝ գյումրեցիները մի ուրիշ տեսակ կապով են կապված իրենց քաղաքին: Ինձ թվում է՝ օդից է, որ ջերմ ու տաքուկ է անգամ ձմռան ցրտին…

Ամիսներ առաջ ուղղակի պտտվում էի քաղաքով: Նոր բացված փոքրիկ կենտրոն տեսա, որ շարժեց հետաքրքրությունս: Ներս մտա. երիտասարդներ էին, որ անգլերեն էին խոսում: Սրահը անչափ հետաքրքիր էր, վինտաժ ոճով զարդարված, տուրիստական կենտրոն էր պարզվեց, իսկ սեփականատերը մի աշխույժ իտալացի էր: Հարցրի, թե ինչն է ստիպել 30-35 տարեկան իտալացուն թողնել բոլորի երազանքների Իտալիան ու տեղափոխվել Գյումրի, ու պատասխանը եղավ.

-Ուրիշ ոչ մի քաղաք չի կարողացել ինձ այնքան ոգեշնչել, ինչքան Գյումրին. ես ուզում եմ միշտ լինել իմ երազանքների կողքին…

Էս էլ հո մենք չենք ըսե, օր չըսէք՝ գլուխգովան են։

Իմ ու բոլորի երազանքների քաղաք, շնորհավոր տոնդ…

Եղիր ու հավերժիր միշտ՝ պինդ պահելով բոլորիս երազանքները քո ջերմ գրկում…

Մեր կողքին՝ աննկատ

Կասկածում եմ, որ գտնվի մի մարդ, որ կարողանա չսիրել բնությունը։ Չէ՞ որ բոլորին էլ հարկավոր է ժամանակ առ ժամանակ կտրվել քաղաքի կյանքից ու գնալ բնության գիրկը՝ ազատվելու առօրյա հոգսերից ու որոշ ժամանակ իրեն նվիրելու բնությանը։ Բնությունը այն մեծ պարգևներից է, որ մեզ շնորհված է։ Սակայն մենք հաճախ չենք գնահատում այդ պարգևը, ու թե ինչո՞ւ՝ դրան պատասխանել չեմ կարողանում։

«Մի բան արա» ծրագրի շնորհիվ Գյումրիից գնացել էինք Ախուրյանի կիրճ՝ շրջակա միջավայրը մաքրելու։ Առաջին անգամ էի լինում այնտեղ ու այն, ինչ տեսա, միաժամանակ ինձ և՛ հիացրեց, և՛ տխրեցրեց։ Կհարցնեք՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Հիմա ասեմ։ Հոյակապ ու չտեսնված բնություն, որը բացահայտելով՝ պարզապես չես կարող չվերաարժևորել հայրենքդ՝ Հայաստանը ու այն տարածքը, որտեղ ապրում ես, իմ դեպքում՝ Շիրակը, ու չհիանալ դրանով։ Շատ-շատ նոր բացահայտումներ արեցի այնտեղ, ու հասկացա, որ միշտ կա մի բան, որի մասին դու տեղյակ կարող ես չլինել՝ չնայած, որ այն գտնվում է հենց կողքիդ, այն մարդու պես, որ փնտրում է իր բանալիները, բայց գտնում է իր իսկ գրպանից։ Այս ամեն ինչը բացահայտելով՝ պարզապես չես կարող ավելի ու ավելի շատ չսիրել քո հայրենիքը։ Սակայն, երբ տեսնում ես մարդկանց վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ, ակամա հիասթափվում ես, բայց ուզում ես լավատեսությամբ հավատալ, որ մի օր կուղղվեն, կփորձեն արժևորել այդ ամենը։

Այս մտքերով քայլում եմ Ամասիա գյուղի մոտակայքում գտնվող Ախուրյանի կիրճում ու ընկերներիս հետ հավաքում այն աղբը, որը իրենց հանգստից հետո թողել են այդ տարածքում ու հեռացել։

Կուզեի կիսվել կատարածս բացահայտումների մի մասով։

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանում կա 2 գետ, որոնք միանալով իրար՝ կազմում են հստակ սահման ու չեն խառնվում իրար։ Հոսում են իրար կողքի, միայն որոշ երկարություն միասին անցնելուց հետո են միախառնվում։ Ո՞չ։ Ես էլ չգիտեի։ Դե ահա, տեսեք։ Փորձել եմ նկարի միջոցով ձեզ փոխանցել այն գեղեցկությունը, որը տեսա։ Սակայն իսկապես զգալու համար պետք է լինել այնտեղ։

IMG_5396

Իսկ գիտեի՞ք, որ կա ոչնչացման եզրին գտնվող սև արագիլի տեսակ, ու այն ապրում է Շիրակի մարզում։ Ես էլ չգիտեի։ Շիրակում նաև հանքային ջուր կա, բայց այդ մեկի մասին գիտեի, եթե չգիտեք, իմացեք։

Իսկ հիմա վայելեք նկարները ու փորձեք բացահայտել Հայաստանը, հավատացնում եմ՝ միշտ մի նոր բան կարող եք բացահայտել։ Ու վերջապես, ինչքան շատ բան եմ իմանում Հայաստանի մասին, այնքան ավելի շատ եմ սիրում, կարծում եմ՝ ովքեր դեռ քիչ բան գիտեն Հայաստանի բնության մասին, պետք է անհապաղ սկսեն ուսումնասիրել, և  շատ բան կփոխվի ձեր կյանքում։

marina mkhitaryan shirak

Անգնահատելի հարստություն

Երբ վերջանում է ամառային արձակուրդը, հրաժեշտ տալով մեզ համար ընտանիք դարձած բակին ու մեր ընկերներին՝ գնում էինք այնքան տանջանքներով լի թվացող դպրոցը…

Հիշում եմ՝ տարեսկզբին դասղեկի հետ ունենում էինք «ամփոփենք արձակուրդը» կոչվող փոքրիկ զրույց։ Գրեթե միշտ հարցերը նույնն էին, իսկ իմ պատասխանները երբեք չէին փոխվում։

-Այս տարի լավ հանգստացա՞ք, երեխաներ ջան, ի՞նչ արեցիք, ո՞ւր գնացիք արձակուրդներին,- հարցնում էր դասղեկս։

Դասարանում մեծ աղմուկ էր ստեղծվում, ամեն ոք շտապում էր արագորեն պատմել, թե ընտանիքով որտեղ են անցկացրել ամառային հանգիստը, թե ինչ տեսարժան վայրեր են այցելել, թե քանի երկիր են տեսել… Միայն դժգոհում էին, որ առանց ծնողների թույլտվության և ներկայության իրավունք չունեին շատ հեռուն գնալ։ Լսելով դասընկերներիս պատասխանները՝ մտածում էի, թե ինչքան հարուստ են, որ կարող են իրենց այդպիսի ճոխություն թույլ տալ, կարծում էի, որ հենց դա է իրական հանգիստը և, որ ամենալավ արձակուրդը ծովում լողալն է…

Ինչպես վերը նշեցի՝ հարցերը նույնն էին, և իմ պատասխանը ևս երբեք չէր փոխվում։

Ամառային արձակուրդներին ես միշտ գնում էի գյուղ՝ տատիկիս ու պապիկիս տուն։ Երբ արդեն անցան շատ տարիներ, հասկացա, որ ես ապրել եմ դրախտում։ Վստահ եմ՝ նրանք երբեք իմ նման խենթություններ չեն արել։

Արդյոք պառկե՞լ են նրանք թաց կանաչին, որպեսզի սովորեն աչքերը բաց նայել արևի կիզիչ ճառագայթներին…

Արդյոք քայլե՞լ են բոբիկ ոտքերով տաքությունից այրվող սև հողի վրայով…

Արդյոք բռնե՞լ են բզեզներ և ներարկիչով փորձել ներարկումներ կատարել… Արդյոք վազե՞լ են այնքան հեռուն, որ կարծես չկան արգելքներ ու սահմանափակումներ իրենց դիմաց…

Արդյոք գնացե՞լ են դեղինով օծված ոսկյա դաշտերը, որի ծաղիկների բույրից մարդ խելագարության կհասնի, որոնցից իրենց տատիկը ծաղիկներով լեցուն ծաղկեպսակ կհյուսի… Արդյոք նստե՞լ են գետի եզերքին ու վայելել ձկների աղմկոտ պարը…

Արդյոք վայելե՞լ են առվակի և սոխակի անչափ տպավորիչ դուետը…

Արդյոք պաղ աղբյուրից ջո՞ւր են խմել և հետո ձեռքերով չփչփացրել այդ ջրի մեջ…

Արդյոք ընկերների հետ մտե՞լ են կողքի տատիկի այգին, որ միրգ գողանան…

Արդյոք եղե՞լ են երբևէ կտուրում ու ուկնդրել անձրևի ու տանիքի միալար սիմֆոնիայի նվագակցությունը…

Ոչ, նրանք երբեք չեն տեսել այսպիսի գույնզգույն ու պատկերավոր շնչավոր բնություն, նրանք երբեք չեն պարզաբանել այս հեքիաթային գաղտնիքները։

Եվ վերջապես, այս ամենն իզուր չի անցել, սա էլ իր էական նշանակությունն ունեցավ իմ երազների աշխարհում։ Հենց գյուղում՝ երկու խնձորենիների մեջտեղում՝ ճոճանակին նստած գրքեր էի կարդում, բնության նկարագրություններն էլ ավելի լավ ընկալում, գրում էի բանաստեղծություններ, ոգեշնչվում կյանքի հանդեպ ունեցած անսահման սիրով։ Աշխարհագրական դիրքը, շրջապատող իրականությունն իր հստակ ու խորը ազդեցությունն ունեցավ իմ անհատականության ձևավորման վրա։

Իսկ այժմ հասկանում եմ, որ հարստությունը մարդու ներսից է, որ եթե մարդ ցանկանա, ամենահասարակ բաներում էլ երջանկություն, կարևորություն և հարստություն կգտնի։ Հավատացեք, ես նման դրախտային գույներով չէի նկարագրի բարձր ու լուսավոր քաղաները, և թեկուզ ամենատպավորիչ երկիրը, որ ես երբևէ կտեսնեմ։ Ինչի մեջ, որ ուզում ես առաքինին, վսեմը, լավը տեսնել, Աստծո աչքերով նայիր, քանզի հենց Տերն է այս ամենը կերտողը, արարողը և նման բնության մեջ բարությունը տարածողը։

Հիմա ո՞վ է հարուստը՝ ե՞ս, թե՞ մյուսները…

ա (6)

Պղնձե զարդեր պատրաստող տղան կամ ռիսկը գործի կեսն է

Հարցազրույց գյումրեցի ստեղծագործող Տիգրան Մաղլոջյանի հետ։

-Ներկայացրեք խնդրեմ՝ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ կապ ունեք արհեստի և արվեստի հետ։

-Նախ ասեմ, որ վաղ հասակից սիրել եմ նկարել՝ հաճախել եմ նկարչության։ Հետագայում ինձ փորձելով մի շարք այլ բնագավառներում, սովորելով տարբեր բաներ՝ հասկացա, որ պետք է վերադառնամ արվեստին ու ամբողջովին ինքնուրույն՝ ինտերնետի ու վիդեոդասերի շնորհիվ սկսեցի պատրաստել պղնձե զարդեր՝ ամենասովորական հաղորդալարի պղնձից։ Միշտ սիրել եմ արվեստը, հավանաբար դա ժառանգաբար է փոխանցվել, դե կարծում եմ՝ Գյումրին էլ պակաս դեր չի խաղացել այդ գործում, ստեղծելու սերը մանկուց եմ ունեցել։

-Ի՞նչ զարդեր եք պատրաստում ու ինչո՞ւ հատկապես հենց պղնձից։

-Ե՛վ կախազարդեր, և՛ ականջօղեր, կրծքազարդեր, մատանիներ, թևնոցներ։ Ի դեպ, ասում են, որ պղնձե թևնոցները կարգավորում են արյան շրջանառությունը։ Այսինքն՝ արյան ճնշման խնդիր ունեցող մարդկանց համար կարող են շատ օգտակար լինել, և՛ բարձր, և՛ ցածր ճնշում ունեցողներին։ Այլ մտքեր դեռ շատ ունեմ, շատ այլ նորարարական գաղափարներով դեռ կկարողանամ զարմացնել, սա դեռ սկիզբն է։ Հենց պղնձով որոշեցի անել, որ նորություն լինի, ու մարդիկ կարողանան նոր տեսակի զարդեր ձեռք բերել, բացի դրանից՝ չմոռանանք պղնձի գերբնական՝ այրան ճնշումը կարգավորելու հատկությունը։

-Պղնձից զարդեր Գյումրիում կամ ինչ-որ այլ տեղում պատրաստո՞ւմ են։

-Գյումրիում ու ընդհանուր առմամբ Հայաստանում դեռ չեմ տեսել, ինձ չի հանդիպել, հնարավոր է՝ մարդիկ լինեն, որ հենց պղնձով են պատրաստում։ Հայաստանից դուրս անում են։ Կարող եմ ոսկուց, արծաթից, այլ թանկարժեք մետաղներից պատրաստել, բայց որոշել եմ, որ միայն պղնձից եմ պատրաստելու։ Ավելի նորարարական է ու տարբերվող, հումքը մատչելի է, ունի բուժող հատկություն, համ էլ՝ ճոխություններ չեմ սիրում։

-Կա՞ արդյոք պահանջարկ, հատկապես՝ այս համավարակի շրջանում, որտեղի՞ց են գնորդները։

-Սկզբում դժվար էր՝ համարյա առևտուր չկար, հետո, երբ արդեն ավելի շատ մարդիկ իմացան, վաճառքի տեմպը առաջ էր ընկել։ Հիմնականում գնում են տուրիստները, Երևանից էլ պատվիրողները քիչ չէին, սակայն COVID-ը եկավ, ու ինչպես մյուս բոլոր ոլորտները, տուժեց նաև սա ու ընկավ պահանջարկը, հիմա էլ գնորդներ կան, բայց վաճառքի ու տարածման տեմպը ընկել է։ Սակայն, իհարկե չեմ հուսահատվում՝ հույս ունեմ վիրուսը շուտ կանցնի ու կվերադառնանք նախկին տեմպին ու առօրյային։

-Որպես գյումրեցի արվեստագետ՝ ինչ կուզեիք ասել այն մարդկանց, ովքեր կկարդան այս հոդվածը կամ կուզեն սկսել նման նախաձեռնություն։

-Դե, չեմ սիրում, երբ նման բարդ հարցեր են տալիս, բայց կուզեի այն մարդկանց, ովքեր սիրում են ստեղծագործել ու մտածում են՝ իրենց արտադրանքը գնող չի լինելու, ասել, որ գնող չի լինի, եթե չսկսես ստեղծել այն, ինչը պետք է վաճառես։ Գործը միշտ պետք է սկսել հավատով ու այդ հավատը պահել միշտ, որ չես ձախողելու։ Ռիսկը գործի կեսն է։

 

Maghlodjian Jewelry

https://www.facebook.com/maghlodjianjewelry/

svetlana simonyan

Բարություն, անունդ մարդ է

Եղբորս հետ հերթական անգամ դուրս էինք եկել քաղաքում զբոսնելու։ Զբոսանքը վերջացնելուց հետո որոշեցինք քայլելով գալ տուն։ Ճանապարհին հանդիպեցինք մի տատիկի, ով ծանր տոպրակները ձեռքին գնում էր։ Մոտեցանք, միանգամից տոպրակները վերցրինք ու տատիկին ուղեկցեցինք տուն։ Ու էդ տատիկը ինձնից հեռախոսահամար ուզեց։ Տվեցի, քանի որ մտածում էի՝ էլի կունենա օգնությանս կարիքը։ Մի քանի օր հետո տատիկից զանգ ստացա, պատասխանեցի զանգին։ Ասաց, որ Մոսկվայում տուն ունի, և եթե ես հանկարծ այցելեմ Մոսկվա, կարող եմ իր տանը մնալ։ Անկեղծ՝ շատ էինք ուրախացել, որ միանգամից գնահատվեց մեր արածը։ Լավ գործը միշտ էլ վերադառնում է։

Ես դաստիարակվել եմ բարի մարդկանց կողմից ու բարությունը իմ մեջ սերմանված է դեռևս մանկուց։ Բարություն պետք է անել ամենուր։ Պետք է բարություն տեսնել ու շնչել։ Բարությունն էլ է արվեստ։ Ամենուր և ամենքի մեջ պետք է փորձես սերմանել բարին։ Բարություն է, երբ փողոցում տեսնում ես անօգնական տատիկի և օգնում ես նրան փողոցն անցնել՝ իհարկե ձեռքից վերցնելով և ինքդ կրելով ծանր-ծանր պայուսակները, որ լցված են տարատեսակ ուտելիքներով՝ նախատեսված թոռնիկների համար։ Բարություն է, երբ տեսնում ես՝ փոքրիկը ընկած է ու միանգամից մոտենում ու վեր ես բարձրացնում նրան՝ շորերը թափ տալով և վերքը մշակելով։ Բարություն է, երբ վերջին պահին օգնում ես տնային աշխատանքը չհասցրած ընկերոջդ ու տալիս ես քո տետրը, որ արտագրի։ Բարություն է, երբ մոռանալով քո մասին՝ կերակրում ես փողոցում թափառող, անօթևան շնիկներին և հետո նոր միայն ինքդ ուտում։ Բարություն է, երբ մայրիկիդ աչքից վրիպած փոշին դու ես մաքրում՝ մտածելով ավելորդ չտանջել նրան։ Եվ ի վերջո բարություն է, երբ անտուն մարդուն ամեն օր քո նախաճաշից բաժին ես տալիս։ Ում սիրտը բարի է, նա ազնիվ է նաև աղքատիկ հագուստի մեջ։

ellen mkrtchyan gyumri

Ժամանակի մոլորակ և ներկայոտ անցյալ

Քեզ մի պահ կթվա՝ նոր կյանք ես սկսել, բայց դեռ մեկ ոտքով քո հին մոլորակում ես։ Անդադար վազքի մեջ, դու փախչում ես քո մտքի բարձր ձայներից, որոնք իրենց երգերով խելագարության են հասցնում… Բայց մի պահ կանգ առ, տես, դու բաց թողեցիր ներկան, որը կրկին անցյալ կդառնա։

Ժամանակի մոլորակ. սլաքները անդադար պտտվում են և առաջ են սլանում, իսկ մենք տեղում վազքով ենք տարվել։ Փորձիր կամաց ոտքի կանգնել, հա, զգույշ, չգլորվես։ Կանգնեցի՞ր, ամո՞ւր, դե հիմա փորձիր մեկ քայլ առաջ գնալ և հասնել ապագայի մոլորակին։ Բայց նախ «ներկա» մոլորակիդ բոլոր աստղիկներին արթնացրու, որ երազանք պահես ու մի պահ կտրվես այս աներազ իրականությունից…

Մի պահ նայիր՝ ինչ գեղեցիկ կժպտան տխուր աստղիկները, մի պահ տես, թե ինչ համախմբված են և ինչպես են իրար պաշտպանում տիեզերքի քամիներից։ Աստղիկներին փորձիր սիրել, նրանք քո երազանքը կկատարեն…

Նոր ծաղիկներ ծաղկեցրու, որ իրենց քաղցրահամ բույրով լցնեն անհոտ ներկայիդ մոլորակը, որ բույրը թափանցի քո ոգի և այնտեղ նոր այգիներ ծաղկեցնի, միգուցե մի նոր գժություն, պայծառություն, որ քեզ մյուս ծաղիկներից կտարբերի։ Քո մոլորակի վրա մի գեղեցիկ Լուսին նկարիր և նրանում քեզ փնտրիր։ Մի օր կլոր է, մյուս օրը դառնում եռանկյուն… Երևի գտար քեզ՝ փոփոխական, տարօրինակ, բայց հավերժ մնայուն։ Ամենն էլ փոփոխական է՝ ձևեր, չափսեր, գույներ դեռ կտեսնես, բայց սովորիր քո գույներով ապրել, քո երանգը հորինիր, որ լցնի մոլորակդ չտեսնված գույներով։

Օրինակ՝ գիշերագույն։ Այս արագընթաց ժամանակի մոլորակի վրա գիշերը քեզ կլուսացնի իր փայլող աստղիկներով, իսկ դու աստղիկ դարձիր և լուսացրու շատերին։ Կամ էլ քեզ լուսացրու, որ մոլորակդ էլ քեզ պահի և մի նոր ծաղիկ դարձնի։

edita galstyan gyumri

Մի սրտիկի պատմություն

Ողջույն, սոցիալական ցանցերում խեղդվո՜ղ ընթերցասեր: Եթե դու հիմա սա կարդում ես, ուրեմն հավանաբար թերթում էիր ֆեյսբուքիդ էջը, տեսար հոդվածս, որոշեցիր մի քանի րոպե տրամադրել, կարդալ, անցնել առաջ:

Սոցիալական ցանցերը գրեթե բոլորի կյանքի մասն են կազմում: Կարելի է ասել, որ դրանք խլում են մեր օրվա մեծ մասը: Իհարկե, այս ամենը և՛ դրական կողմեր ունի, և՛ բացասական: Դրականն այն է, որ միշտ տեղեկացված ենք. մի ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, անցնում են հաշված վայրկյաններ և մենք արդեն գիտենք դրա մասին՝ իր բոլոր մանրամասնություններով: Ցավոք, բացասական կողմերն էլ ավելի շատ են. կարող ենք աննպատակ ժամերով թերթել ֆեյսբուքն ու ինստագրամը, ժամերով ինչ-որ անիմաստ վիդեոներ նայել և այլն: Բայց սա ամենասարսափելին չէ. սոցիալական ցանցերի պատճառով շատերը կտրված են իրական շփումներից, կորցնում են ընկերներին և այլն: Հենց սրա մասին էլ այսօր կպատմեմ:

Մոտ երկու տարի առաջ էր, երբ տանից դուրս էի եկել՝ խանութ գնալու: Արևոտ եղանակ էր, հանգիստ քայլում էի, երբ լացի ձայներ լսեցի: Սկզբում ուշադրություն չդարձրի, հետո ձայնը ավելի ուժեղացավ: Զգացի, որ ձախ կողմից է գալիս: Նայեցի ձայնի ուղղությամբ: Պատի տակի նստարանին մի աղջիկ էր նստած լացում: Չկարողանալով զսպել ինքս ինձ՝ մոտեցա ու հարցրի՝ ինչ է պատահել: Աղջիկը հեծկլտում էր ու հազիվ էի հասկանում՝ ինչ է ասում: Ի վերջո պարզ դարձավ, որ ընկերուհին հերթական նկարն է ինստագրամում տեղադրել, ինքը չի տեսել ու չի «սրտիկել»: Ընկերուհին մտածել է, թե ինքը այլևս չի ուզում ընկերություն անել: Բոլոր տեղերից ջնջել է ընկերուհուն ու նամակ գրել՝ ասելով, որ իրենց ընկերությունը ավարտված է, որովհետև անտարբերություն է զգում:

Ես ամեն կերպ փորձեցի հանգստացնել աղջկան, նրան ուղեկցեցի մինչև իրենց տուն, հետ դարձա՝ մտքերի մեջ խճճված:

Պատմածս, իհարկե, շատ պրիմիտիվ է թվում առաջին հայացքից, բայց հերիք է մի փոքր խորանալ ու կզգաս ամբողջ ողբերգությունը: Ինչպե՜ս կարող է ինչ-որ անիրական բան, ինչ-որ մատի հպում էկրանին կործանել երկար տարիների ընկերություն: Իրոք, անհասկանալի է ինձ համար:

Ասածս ինչ է. սոցիալական հարթակները պետք է ադեկվատ օգտագործել, չնույնացնել իրական շփման հետ: Երբեք ինչ-որ անիրական բան չի կարող փոխարինել իրականին: Սոցիալական ցանցերից օգտվելը լավ է, դրանցում խեղդվելը՝ վատ:

qristine sahakyan

Հայացք են թողնում

Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ․․․ Պայծառ էր օրը, փայլում էր արևը, հիանալի էր ամեն ինչ, բայց թախծոտ էին իրարից հեռացող աչքերը։ Այդ աչքերը ամենաառեղծվածայինն էին։ Գալ խոստացող, իրար գրկող ու հեռանալ չցանկացող հայացքները սփռված էին շուրջբոլորը։ Կյանքումս տեսած ամենաանհասկանալի բաներից էին նրանց հայացքները։ Չգիտեի՝ ուրա՞խ էին, թե՞ տխուր, հպա՞րտ էին, թե՞ արդեն կարոտած։ Թվում էր՝ երազումս էի ու երբ արթնանայի, ամեն ինչ պայծառ էր լինելու այն արևի նման, որը այդ օրը այդպես էլ չջերմացրեց ոչ մեկի սիրտը․ կարոտ մնացինք արևի ջերմությանը։

-Աստված հետներդ, տղե՜րք,- լսելի դարձավ ամեն կողմից, ու գնաց այն ավտոբուսը, որը երկու տարով բաժանեց ծնողին զավակից, քրոջը՝ եղբորից։

Այդ սպիտակ ու կապույտ գծերով ավտոբուսը ինձ պարտք է նաև եղբորս։ Այդ օրվանից անցել է տասնութ ամիս, բայց նրանց հայացքը դեռ այնտեղ է, եղբորս հայացքը դեռ այնտեղ է։ Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ տարածքով, հայացքը գալիս է աչքերիս առաջ, թվում է՝ նոր եմ ճանապարհում, նորից եմ զգում նույն ցանկությունը՝ ամուր գրկել․․․ Զինվորս հայացք թողեց այնտեղ՝ այն դռան առաջ։ Ու այդ հայացքում կարոտ կար անսահման, ու այդ հայացքում սեր կար անսպառ։ Հիշում եմ նաև այն ժպտերես պապիկի հուսադրող խոսքերը ու խրոխտ հայացքը, որ սևեռեց ինձ վրա ու ցույց տալով շքանշանները՝ ասաց․

-Ինչո՞ւ ես լացում, աղջի՜կս, եղբայրդ հետ կգա, այն էլ՝ այսպիսի շքանշաններով։ Զինվորի համար չլացե՛ք, զինվորի համար հպարտացե՛ք։

Պապիկը ճիշտ էր․ շքանշաններ ունես, մնում է՝ գաս։ Անկեղծ ու թախծոտ հայացքներ տեսած տարածքում ձեզ սպասողներ կան։ Կարոտն անսահման է, սպասողները՝ անհամբեր։ Մենք՝ կարոտած, դու՝ կարոտված ու շատ սպասված։ Հայացք թողեցիր, այն էլ՝ անմոռաց։ Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ։