nina arsutamyan portret

Ֆուտբոլից դեպի պար

10 տարեկան էի, երբ իմացա, որ այսուհետև գյուղում երեխաները կարող են հաճախել ֆուտբոլի պարապմունքների: Մեզ մարզում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչները: Առաջին պարապմունքը մի քիչ բարդ էր, սակայն մեր մարզիչների շնորհիվ ամեն ինչ անցավ հիանալի: Ամեն պարապմունքի ժամանակ զգում էի տարբերությունը: Զգում էի, թե ինչպես է սերը մեծանում դեպի ֆուտբոլը: Մի ժամանակ, երբ տանը հայրիկս ֆուտբոլ էր դիտում, ես դուրս էի գալիս տնից: Իսկ հիմա արդեն ես հայրիկիս հետ նստում և դիտում էի ֆուտբոլը: Մեր ֆուտբոլային պարապմունքերը տևում են գարնան մի ամիսը, ամռանը և աշնան մի ամիսը, քանի որ հետո եղանակը սկսում էր վատանալ:

Ամեն ֆուտբոլի պարապմունքից հետո ես պարտադիր պետք է մի վնասվածքով վերադառնայի տուն: Մի օր ոտքս էի ոլորում, մի օր թաց խոտածածկույթի պատճառով ընկնում էի և վնասում ծնկներս, մի օր ոտքիս էին խփում և այդպես շարունակ:

Էլ ինչ ֆուտբոլային թիմ, եթե պետք է ունենա լավ խաղացողներ և չմրցի այլ թիմերի հետ: Խմբի մեջ կար շա՜տ լավ խաղացող մի աղջիկ՝ Կիման, որը հետագայում 3 տարի մարզվեց Երևանում և շարունակում է իր ֆուտբոլային կարիերան:

Մեր ֆուտբոլային պարապմունքները տևել են ընդամենը 5 տարի: Այնուհետև ֆուտբոլից անցանք պարի, որտեղ լավագույններն ավելի շատ են, քան ֆուտբոլում:

Արդեն 2 տարի է, ինչ պարում ենք, սակայն երբեմն-երբեմն կարոտում եմ մեր ֆուտբոլի պարապմունքները, կարոտում եմ մեր մարզիչներին:

Մի քանի ամսից կլքեմ իմ պարը, պարի փորձերը, քանի որ արդեն ժամանակն է գյուղից հեռանալու և քաղաք գնալու:

Տատս գեղեցկացնում է մեզ…

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Տատիս՝ Ռոզան, գանգուր վարսերով, սևակ ու անչափ գեղեցիկ է: Նա այնքան աշխատասեր է, որ ձանձրանում է միայն պարապ-սարապ մնալուց: Միշտ զարմանում է, թե ինչպես կարելի է գործ չանել ու հոգնել: Ասում են, որ տատիկները շատ կարևոր դեր ունեն թոռների կյանքում, նաև յուրահատուկ կապ կա: Տատս հենց այդպիսին է: Նա յուրահատուկ տանտիկին է, մայր ու լավագույն տատը: Նրա խոսքն ու լինելն ուղղակի անհրաժեշտ է բոլորիս: Տատս ուրիշ է:
1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Այստեղ արդեն դպրոց էր կառուցվում, մարդիկ տուն ու տեղ էին դնում: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները: Ամռան եռուզեռին, ոտքով հասնում էին հեռավոր այգիներ, թութ թափում, որ օղի քաշեն: Մայրս միշտ հիշում է, թե ինչպես էր տատս ամեն գործ ժամանակին հասցնում և չորս երեխաներին մաքուր ու դասապատրաստված դպրոց ուղարկում: Խելացի տատիս հետ երբեք չես ձանձրանա: Մի անգամ միասին դաշտ գնացինք թեյի ծաղիկներ հավաքելու: Ես, ինչպես միշտ, գնացել էի լուսանկարվելու համար, բայց տատիս հետ երիցուկներ հավաքեցի ու ինձնից գոհ հետ վերադարձա: Իսկ տատս… Տատս այնքան ծաղիկներ էր հավաքել, որ Ռուսաստանի բոլոր բարեկամներին էլ բաժին հասավ: Հետո նաև թութ թափ տալու աշխատանքներին մասնակից դարձա: Ու այդպես էլ սկսեցի հասկանալ գյուղում ապրող մարդու աշխատանքի գինը, կնոջ կյանքի բոլոր դժվար ու նաև հաճելի կողմերը: Հեշտ չէ ապրել ու շենացնել գյուղում ապրող մեծ ընտանիքի տունը, որտեղ հյուրերն անպակաս էին:
Տատիկս շատերի համար է իդեալական կնոջ օրինակ: Եվ իր նվիրվածության պտուղները կարելի է տեսնել ճիշտ դաստիարակված երեխաների ու թոռների մեջ: Նա յուրաքանչյուրիս հաջողությամբ այնպես է ուրախանում և ոգևորում, որ պարտավոր ենք առաջ նայել ու ավելիին հասնել: Իսկ թե ինչպիսի խոհարար է Ռոզա տատիկը, պատմելու բան չէ: Նրա պատրաստած չամիչով փլավը, խաշիլն ու տոլման ուրիշ համ ու հոտ ունեն: Երբ իրար գլուխ ենք հավաքվում, տատս մառանից միրգ ու կոմպոտ է բերում, փոխինձով կոլոլակ պատրաստում: Վայ, չուտողին:
Դժվար է գրել իդեալական կնոջ մասին, երբ նա այնքան համեստ է: Չես կարող բառերով նկարագրել նրա կյանքով լիքը աչքերի ու ամենաբարի ժպիտի մասին: Նա անվերջ լավագույնն է անում բոլորիս համար՝ իր խորհուրդներով, օրինակելի պահվածքով ու պարզապես մեր կողքին լինելով: Նրան պետք է սիրել ու հարգել, մեզնով հպարտանալու առիթներ շատ տալ, միշտ շնորհակալ լինել:

Շնորհավո՜ր իմ ամենատատիկի միամսյակը և ամեն օրը: Շնորհավո՜ր բոլոր կանանց և աղջիկների տոնը:

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

2016թ.-ն էր, մի քանի ժամով հայտնվել էինք Երևանում, առիթը բաց չթողեցինք ու ճանապարհին գնացինք Արարատ՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
Դեռ երկու քայլ հազիվ էինք հասցրել անել, երբ մեր միջի  հայրենասիրական ոգին անբողջությամբ արթնացավ:
Իսկ երբ ներս մտանք, հիշեցի Սպարապետի խոսքերից մեկը.
«Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»:
Ասեմ, որ մարտական ոգիս բարձրացավ, հետո սկսեցի լուսանկարել:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Ես ու Գոհարն էինք, այնքան  էինք սպասել այդ օրվան, մեծ ոգևորություն կար մեր մեջ:
Սպարապետի օրորոցին դիպչեցինք, նրա անձնական իրերն էինք ուսումնասիրում:
Հագեցած օր ունեցանք:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Երկու տարի անց, երեկ, Գորիսում տոնական մեծ միջոցառում էր կազմակերպվել: Զինվորական շքերթ, ցուցադրական ելույթներ, ինչպես նաև տոնական համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան՝ Սևակ Ամրոյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը և ուրիշներ:
Ինչ խոսք, ամեն ինչ հրաշալի էր, միայն թե փոքր ինչ ուշ տեղ հասնելուս պատճառով կարողացա համերգային մասին ներկա լինել, այն էլ կեսից:

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ:

Հ.Գ. Բոլորին խորհուրդ եմ տալիս, գոնե մեկ անգամ լինել Սպարապետի տուն-թանգարանում և ապրել այն ակնթարթները, որոնք  մենք ապրեցինք:

sona zakaryan

Իմ տարբերվող կես տարին

Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում։ Կարծես երեկ լիներ, երբ ստացա այդքան սպասված հեռախոսազանգը և իմացա, որ դարձել եմ հազարավոր դիմորդներից մեկը, ում հնարավորություն կընձեռվի ապրել ու սովորել ԱՄՆ-ում։ 6 ամիսներ, որոնք երբեմն թվում են տարիներ, երբեմն էլ՝ ուղղակի օրեր։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելը, բացի ոգևորիչ լինելուց, նաև շատ դժվար ու մեծ պատասխանատվություն պահանջող առաքելություն է։ Ասում են, որ ամեն բան ունի իր դրական և բացասական կողմերը, և փոխանակման ծրագրի աշակերտ լինելն էլ բացառություն չէ։ Միայն բացասական կողմերը կարող են միանգամից դառնալ դրական, երբ դու փոխանակման ծրագրի աշակերտ ես։ Հիշում եմ՝ երկու տարի առաջ երկմտում էի՝ արդյո՞ք պետք է անեմ այս քայլը, արդյո՞ք կարող եմ հաղթահարել ամեն ինչ։ Պահեր կային, երբ մտածում էի. «Չէ՛, հաստատ սա ինձ համար չէ, հաստատ չեմ կարող, կհիասթափվեմ հետո»։

Այդ վախն ամեն ինչի նկատմամբ՝ հիասթափություն ապրելու, դժվարությունները հաղթահարել չկարողանալու, սայթաքելու, միշտ բոլորիս այցելում է, մենք բոլորս էլ վախենում ենք ու այդ վախն ու անինքնավստահությունը հաճախ արգելք են հանդիսանում շատերիս համար՝ իրագործելու մեր նպատակներն ու առաջ գնալու։ Եվ այդ վախը ինձ էլ էր այցելել։ Բայց կամքի ուժն ու նպատակասլացությունը հաղթեցին այդ վախը: Եվ ահա արդյունքը՝ ես այստեղ եմ ու երբեք չեմ զղջա, որ կայացրել եմ այս որոշումը։

Այս ամիսները փոխել են ինձ ու իմ կյանքը, շատ բաներ եմ վերլուծել ու հասկացել։ Առաջինը՝ հասկանում ես, որ արել ես այնպիսի բան, ինչը միշտ մտածում էիր, որ չես կարող։ Այն ամենը, ինչը քեզ թվացել է անհնարին, միայն երազանք, հանկարծ դառնում է հնարավոր։

Կարծում եմ, որ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը անհնարինը հնարավոր դարձնելն է։ Հասկանում ես նաև, որ տարբեր լինելը երբեք չի նշանակում լինել չսիրված ու տարօրինակ։ Մենք բոլորս էլ նույն բանն ենք, չէ՞, ուզում՝ ապրել ազատ, խաղաղ ու երջանիկ։ Իսկ տարբեր լինել, բոլորովին չի նշանակում չունենալ այդ բոլոր իրավունքները։ ԱՄՆ-ում մարդիկ շատ տարբեր են, բայց այդ տարբերությունը երբեք չի խանգարում մարդկանց փոխհարաբերություններին։ Ապրելով կողք կողքի, հարգելով միմյանց և լինելով դրական՝ մենք մեր կյանքը միայն հեշտացնում ու ավելի ուրախ ենք դարձնում, այնպես որ, երբեք չմտածեք, որ տարբերությունը կարող է ազդել ձեզ վրա։ Ուղղակի պետք է լինեք այնպիսին, ինչպին կաք և երբեք չմտածեք, որ պետք է փոխեք ձեզ ու այն արժեքները, որոնցով առաջնորդվում եք։

Ինչքա՜ն հետաքրքիր է այն փաստը, որ կարող ես ունենալ երկու ընտանիք միաժամանակ։ Վեց ամիս առաջ ինձ օտար մարդիկ հիմա ընտանիք են դարձել։ Երբ պատրաստվում էի գալ ԱՄՆ, ոչինչ չգիտեի, չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ինչ կլինի, ուր եմ գնում։ Հայաստանից ու ընտանիքիցս առաջին անգամ հեռանալը ամենադժվար բաներից մեկն էր իմ կյանքում, բայց շատ ուրախ եմ, որ պատվով հաղթահարեցի այդ ամենը։

Հետո կարողացա հարմարվել ուրիշ միջավայրի, սովորույթների ու մարդկանց ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելն օգնում է դառնալ ավելի հասուն, կենտրոնացած և ուժեղ։

Չորս ամսից էլ քիչ մնաց իմ փոխանակման տարվա ավարտին: Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ զգում եմ։ Փորձում եմ շատ չտխրել, քանի որ ամեն ինչի ավարտ մի նոր ու հետաքրքիր բանի սկիզբ է։

Հ.Գ. Ամենակարևոր դասը, որ սովորել եմ այստեղ, ժպտալն է, միշտ ժպտալը, այնպես որ, Հայաստան վերադառնալիս ակնկալում եմ տեսնել միայն ժպտացող դեմքեր։ Հա, ու մեկ էլ, անծանո՛թ հայեր, խնդրում եմ՝ ինձ տարօրինակ չհամարեք, եթե ժպտամ ձեզ։

Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Չե՞ս լսել «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների ճամբարի մասին, հոգ չէ, հիմա մանրամասն կպատմեմ:

2016 թվականին ուզում էի մասնակցել ճամբարին, սակայն տարիքս բավարար չէր: 2018 թվականի փետրվարին էլ հնարավորությունը ձեռքիցս բաց չթողեցի, նստեցի ու հայտը լրացրի: Հարցազրույցի փուլն էլ հաղթահարելուց հետո պարզվեց, որ անցել եմ:

Ճանապարհին, երբ աչքերս բացեցի և տեսա, թե ինչ հրաշալի տեսարան է շուրջս, մտածեցի․ «Տեղ հասնելուց հետո աչքերս կբացեմ, որ անակնկալի գամ»: Մտածեցի ու աչքերս փակեցի:

Վերջապես հասանք Աղվերան, որտեղ պիտի անցկացվեր ճամբարը: Տրամադրող մթնոլորտ էր։ Հետաքրքրասեր աչքեր ու անծանոթ դեմքեր կային, որոնք հետո չպետք է մոռացվեին: Նախքան ճամբարի առաջին դասընթացի սկսվելը, գնացինք սենյակներ, մի փոքր հանգստացանք: Ի դեպ, սենյակակիցս 17.am-ի թղթակից Պետրոսյան Նոնան էր, ճամբարին մասնակցում էր նաև 17-ից Անի Ղուլինյանը։ Արդեն հետաքրքիր էր:

Հանգստի ժամն ավարտվել էր, գնացինք կոնֆերանս դահլիճ: Պետք է խոստովանեմ, որ այս ճամբարում փոքր-ինչ պասիվ էի, բայց չգիտեմ՝ ինչով էր դա պայմանավորված: Պատմեմ մեր խիտ, բայց օգտակար օրակարգի մասին: Առաջինը ելույթ ունեցավ ՄԱԶԾ (ՄԱԿ-ի ծարգացման ծրագիր) ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը, խոսեց ճամբարի մասին: Հետո խաղի միջոցով ծանոթացանք միմյանց հետ: Նատալյա Հարությունյանը խոսեց ժամանակակից առաջնորդության հիմունքների, միտումների մասին:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Օրվա ամենահետաքրքիր մասը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ հանդիպումն էր։ Նա պատմեց իր մասին, պատասխանեց մեր հարցերին: Հետո խմբային աշխատանքներ կատարեցինք, որոնց գաղտնիքները մեզ բացահայտեց ՄԱԶԾ ծրագրի փորձագետ Ժաննա Հարությունյանը:

Առաջին օրվա համար այն ամենն, ինչ նախատեսված էր, ավարտին հասցրինք: Արդեն ժամը 20:30 էր, կարող էինք գնալ քնելու, հանգստանալու, բայց քանի որ մեր թիմի Անդրանիկը հրաշալի էր պարում, որոշեց մեզ ազգային պարեր սովորեցնել: Դա էլ սովորեցինք, մի փոքր էլ խաղացինք ու գնացինք քնելու։

Հաջորդ օրը սկսվեց հետաքրքիր քննարկումով, թե որն է մեր երազած համայնքը, որտեղ կցանկանանք ապրել: Ծանոթացանք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգին. նախապատմությանը, կառուցվածքին և հիմունքներին, ինչը ներկայացրեց Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը:

Inspiro զրույց ունեցանք նաև «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի հետ:

Խաղի միջոցով ընտրություններ անցկացրինք մեր Արենավան բնակավայրում, յուրաքանչյուրս ունեինք մեր դերերը: Նրանք, ովքեր ո՛չ ավագանի էին, ո՛չ համայնքապետի թեկնածու, ընտրություններին մասնակցում էին որպես ընդդիմադիր ժողովուրդ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Հետո խաղ-վարժություն ունեինք, որը վերաբերում էր հիմնախնդրի վերհանմանը, լուծումների հավաքագրմանը, ծրագրի մշակմանը, հանրային լուծմանը։ Խաղը կազմակերպվել էր ՄԱԶԾ ծրագրի թիմի կողմից: Իսկ օրվա ավարտին աշխատեցինք մեր անհատական ծրագրերի վրա։

Երրորդ օրը հանդիպեցինք Աշոտ Գիլոյանի (ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ) հետ:

Տպավորիչ էր ՄԱԶԾ կառավարման և մասնակցային գործընթացի փորձագետ Վիջինիա Սեզիլի հետ հանդիպումը: Նաև քննարկեցինք քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործում:

Երրորդ օրը Inspiro զրույց ունեցանք Համայնքային ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանի հետ:

Գենդերային հավասարության և տեղական քաղաքականության մասին խոսեց ՄԱԶԾ դասընթացավար Արմինե Մխիթարյանը:

Հետաքրքիր հանդիպում ունեցանք «Համայնքը ԵՍ եմ» ճամբարի շրջանավարտ Լուսինե Կարապետյանի հետ, որն ի դեպ , իր գործունեությունը նույնպես 17-ից է սկսել:

Չորրորդ օրը, «ՀԿ կենտրոն»-ի նախագահ Արփինե Հակոբյանը ծրագիր գրելու, ճիշտ ներկայացնելու մասին գաղափար տվեց, որից հետո խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցինք ստացած գիտելիքը:

Ու քանի որ չորրորդ օրը վերջին անգամ պիտի գիշերեինք, մի փոքրիկ խնջույք էր կազմակերպվել։ Առավոտյան, նախքան ճամբարի փակման արարողությունը, հանդիպում ունեցանք «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերի, ՄԱԶԾ ժողովրդավարական կառավարման ծրագրերի համակարգող Ալլա Բակունցի հետ:

Նաև հետաքրքիր էր աշխատել Արմինե Փաթաթանյանի, Անի Թարվերդյանի, Դավիթ Դադալյանի և Լիլիթ Սարիբեկյանի հետ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Վերջում ուզում եմ նշել, որ ճամբարի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցները տարբեր տարիքային խմբերում էին․ կային և՛ ավագանիներ, և՛ քաղաքագետներ, և՛ աշակերտներ, և՛ ուսանողներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Համայնքը ԵՍ եմ»-ին հրաշալի ճամբարի և նոր գիտելիքների համար։

anahit badalyan tonakan

Կապանի բարբառը

Ձեզ եմ ներկայացնում փոքրիկ, կապաներեն-գրական հայերեն բառարան, որում ներառել եմ առօրյայում ամենակիրառական արտահայտությունները։

Լըհանդի – հենց այնպես

Հունց ը՞ս – ո՞նց ես

Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում

Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում

Օզում ըմ քինիմ տոն – ուզում եմ գնալ տուն

Տեռտակ-մեռտակ խոսե մա – դատարկ բաներ մի խոսիր

Տի պեներ մա ասե – նման բաներ մի ասա

Յոլայ ըք քինում – գոյատևում ենք

Ըռհաթի – ձագար

Եր կաց, քինի հաց պեր – վեր կաց, գնա հաց բեր

Բոլ-բոլ կեր, վըր քըշտանաս – բավականաչափ կեր, որ կշտանաս

Քինի փիչին քըշտեն նստե, թըքաց – գնա, վառարանի կողքին նստիր, տաքացիր

Եկ, տըսնամ՝ հի՞նչ ա տըռած – արի, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել

Սա եկա, կըտաս ուրան – սա վերցրու, կտաս նրան

Տու մին-մին լսե մըզ, մին-մին դյուզ պեներ ըք ասում – Դու մեկ-մեկ լսիր մեզ, մեկ-մեկ ճիշտ բաներ ենք ասում

Ակուշկան պեց ըրա, պատա տոնը օդափոխվե – Պատուհանը բաց արա, տունը մի քիչ օդափոխվի

Եվ, վերջապես, բոլորի ամենասիրելի արտահայտությունը՝

Տա լա տի լա, տա լա լա լա – դա այդպես էր, այդպես էլ կար:

Ուսուցչի օգնականը

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Բարև բոլորին։ Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի շատ հետաքրքիր փորձի մասին, որը ԱՄՆ-ում եմ ձեռք բերել։ Երբ սկսեցինք պատրաստվել դպրոց գնալուն, առարկաներ էինք ընտրում, ու ինձ առաջարկեցին լինել ուսուցչի օգնական, օգնել ուսուցչին նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնելու հարցում։ Քանի որ շատ եմ սիրում երեխաներին, որոշեցի փորձել։

Սկզբում շատ անսովոր էր, քանի որ երեխաներին, այն էլ՝ ամերիկացի, հասկանալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Իհարկե, խոսքը միայն լեզվին չի վերաբերում։ Բայց հետո սկսեցի հարմարվել, ու ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու ոգևորիչ։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այդ տարիքի երեխաների հետ շփվելը մի քիչ բարդ է, քանի որ նրանք մեծ դժվարությամբ են հարմարվում ինչ-որ բաներ սովորելուն, դեռ ցանկանում են խաղալ։ Կան երեխաներ, որ իսկակապես ուզում են սովորել և պատրաստակամ են, կան նաև երեխաներ, որ սովորելու մասին լսել անգամ չեն ցանկանում և անընդհատ պատճառներ են գտնում ուրիշ բաներով զբաղվելու համար, միայն թե չսովորեն։ Այս ամենը իրականում շատ խառն է, աշխատատար և միևնույն ժամանակ՝ հետաքրքիր։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Բայց գիտե՞ք՝ նրանք իմ անունը ավելի լավ ու ճիշտ են արտասանում, քան շատ ամերիկացի մեծահասակներ։ Երբ մտնում եմ դասարան, Սոյերը բացականչում է.

-Ուսուցի՜չ, Սոնան եկավ։

Քայլին և Ռայլան վազում են ընդառաջ ու գրկում։ Նրանք միշտ բարձրացնում են տրամադրությունս։ Սա ինձ համար շատ կարևոր է և ուրախալի, քանի որ կարծում եմ, որ եթե երեխաները ինձ չսիրեն, ապա չեն լսի ինձ։ Իսկ իմ առաքելությունը նրանում է, որ նրանք հասկանան ինձ, լսեն և սխալ բաներ չանեն։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Մի օր, երբ հերթական դասի ժամն էր, երեխաներից մեկը, որի անունը Լոգան է, անմիջապես նկատեց իմ գիրք-կախազարդն ու հարցրեց․

-Ի՞նչ է սա։

-Գիրք-կախազարդ է, Լոգան։

-Ինչ-որ բան կա՞ մեջը գրված։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Այո, ընկերներս են գրել, որ իրենց չմոռանամ։

-Կարո՞ղ եմ ես էլ իմ անունը գրել, որ ինձ երբեք չմոռանաս։

-Հա, կարող ես գրել։

Հետո հարցրի.

-Իսկ ես ի՞նչ պետք է անեմ, որ դու էլ ինձ չմոռանաս։

-Ինձ համար բացիկ պատրաստիր։

Շատ երեխաներ հարցնում են.

-Ամերիկացի՞ ես։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Չէ, ես շատ հեռվից եմ եկել ու շուտով գնալու եմ։

Այս խոսքերը, ինքս էլ չգիտեմ՝ ցավոտ են, ուրախալի, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։

Երեխաներին շատ եմ սիրում ու ցանկանում եմ շարունակել այս ամենը։ Ո՞վ գիտի՝ ինչ հետաքրքիր արկածներ են սպասվում։

iza Astsatryan

Մեկ օր զինվորի կողքին

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

ՆԶՊ-ի ժամին նստած էինք, մեկ էլ մտովի տեղափոխվեցի զորամաս: Հետո մտածեցի, եթե մտովի տեղափոխվելը այդքան տպավորիչ է, ինչքան տպավորիչ կլիներ իրականում զորամաս այցելելը: Որոշեցի միտքս բարձրաձայնել:

-Երեխեք, մի լավ միտք ունեմ, չգնա՞նք զորամաս:
Ինչ խոսք, բոլորը համաձայն էին: Ուսուցչին առաջարկեցինք, հավանություն տվեց: Մնում էր օրը որոշել, դա էլ արեցինք: Որոշեցինք, որ փետրվարի 28-ին պետք է գնանք:

Անհամբեր էինք սպասում այդ օրվան, բոլորս էլ ունեինք սպասելիքներ, որոնք տեղում իրականություն դարձան:

Փետրվարի 27-ն էր, գնացինք խանութ, քաղցրավենիք գնեցինք, որ տանենք զինվորներին:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ես էլ որոշել էի զինվորական համազգեստ հագնել, որ լուսանկարները ավելի ոգեշնչող լինեն:

Բոլորով հավաքվեցինք, մեքենաները արդեն տեղում էին, նստեցինք ու ճանապարհ ընկանք:

Շունչներս պահել էինք մինչ տեղ հասնելը: Արդեն հասել էինք, երբ մեզ դիմավորեցին, հետո ավագ լեյտենանտը ծանոթացրերց տարածքին:

Ամեն ինչ հետաքրքիր էր, վերջում գնացինք վաշտերից մեկը, որպեսզի զրուցենք զինվորների հետ: Ինձ հուզող հարցերը շատ էին, սկսեցի հերթով տալ:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Նրանք հաճույքով պատասխանեցին, զինվորներից մեկն էլ ասաց.
-Ես այստեղ ապագա լրագրող եմ տեսնում:
Իհարկե , շատ հաճելի էր ինձ համար:
Մոռացա նշել, մենք գնացել էինք ֆիզհրապարակ, այնտեղ մի փոքր մարզվեցինք: Վերջում, երբ տուն գնալու ժամանակն էր, զինվորները շարահրապարակում շարվել էին, իսկ մենք, շարային էինք անում և շարային անելով էլ դուրս եկանք զորամասից:

Ու քանի որ ես զինվորական համազգեստով էի, անունս մնաց «ֆորմով աղջիկ»:

Բաց չթողեցինք առիթը, կերանք աղի բլիթը

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Դասարանում նստած էինք, այդ ժամը հանրահաշիվ էր, հանկարծ հիշեցինք, որ շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է, մտածեցինք «բաց չթողնենք առիթը, ուտենք աղի բլիթը»:
Դժվարը մտածելն էր, իրագործելը շատ հեշտ էր:
Շուտով զանգը հնչեց, ուսուցիչը դուս եկավ դասարանից, սակայն աղի բլիթ ուտելու միտքը դեռ մեր գլխում էր, և չէր էլ պատրաստվում դուս գալ մեր գլխից:

Արդեն վերջին դասաժամն էր, մտածում էինք, թե ով պետք է մեզ համար աղի բլիթ պատրաստի, մեկ էլ ընկերներիցս մեկը` Արաքսյան, ասաց.
-Երեխեք, տատիկս կարող է մեզ համար պատրաստել:
-Ըհըն, ընտիր է:
Արդեն աղի բլիթ պատրաստող էլ կար:
-Դե, որ գնամ տուն, կասեմ կպատրաստի, հետո կզանգեմ՝ դուրս կգաք վերցնելու.-ասաց Արաքսյան:
-Շատ լավ է,- ասաց Գոհարը:
Զանգը հնչեց, արդեն տուն գնալու ժամանակն էր.
-Գոհար, գալի՞ս ես՝ գնանք մեր տուն,- ասացի ես: Ի դեպ Գոհարը զարմուհիս է:
-Հա, կգամ,-ասաց Գոհարը:
Ես ու Գոհարը ճանապարհ ընկանք՝ տարբեր թեմաների շուրջ զրուցելով:
Հասանք տուն, դե մեզ դիմավորելու եկավ Խածիկոն` շունս, երկուսիս բարևելուց ու մի լավ խաղալուց հետո, մի կերպ թողեց տուն մտնենք:
Մի քանի ժամ անցավ, Արաքսյան զանգեց.
-Ալո, Իզա, բլիթները պատրաստ են, ժամը 15:30 հարմա՞ր է:
Երբ տեղ հասանք, բոլորը հավաքվել էին: Բլիթները վերցնելուց հետո ուրիշ միտք ծագեց: Ձյուն էր եկել, իսկ մենք այս տարի ձմեռային նկարներ չէինք արել, ուրեմն վերջ, գնում ենք լուսանկարվելու:
Սկսեցինք սելֆիներից, հետո ուրիշ նկարներ ու տեսանյութեր արեցինք:

Լուսանկարը՝ Գոհար Փարսյանի

Լուսանկարը՝ Գոհար Փարսյանի

Արդեն ուշ էր, որոշեցինք գնալ տուն:
Երեկոյան, երբ աղի բլիթ ուտելու ժամանակն էր, ես մի մեծ բաժակ ջուր խմեցի, հետո կերա:
Արդեն ժամը 1:56 էր, որոշեցինք վերջապես գնալ քնելու: Չնայած բլիթ կերանք, բայց որևէ մեկին տեսնելու հույս չունեինք, ուղղակի ասացինք՝ մենք էլ փորձենք:

Առավոտյան վեր կացանք թե չէ, կապվեցինք աղջիկների հետ, որ տեսնենք՝ որևէ մեկը երազ տեսել է, թե չէ:
-Ես սպիտակ ֆոն եմ տեսել,-ասացի ես:
-Ես էլ սև,- ասաց Նոննան:
-Ես ոչ մի բան չեմ տեսել,- ասաց Գոհարը:
-Ես էլ,- ավելացրեցին Արաքսյան և Էլլադան:
-Երեխեք, ինձ ջուր են տվել, բայց դեմքը չեմ տեսել,-ասաց քույրս` Անետան:

Այսպես էլ սկսվեց ու ավարտվեց մեր աղի բլիթ ուտելու պատմությունը:

Արմատներով հալիձորցի

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Փոքրիկ շախմատիստը՝ Ալեքս Սահակյանը, 11 տարեկան է: Ամեն անգամ արձակուրդների ժամանակ գալիս է Հալիձոր՝ պապին և տատին այցելության: Ի դեպ, նրա տատն ու պապը մեր հարևաններն են:
Ամեն անգամ, երբ Ալեքսը գալիս է Հալիձոր, ես առավոտ կանուխ իմանում եմ դրա մասին, որովհետև երբեմն նրա ձայնից եմ արթնանում: Շատ աշխույժ անձնավորություն է, նրա հետ շփվելուց երբեք չես ձանձրանա:
Ինչ նրան հիշում եմ, սիրում է շախմատ խաղալ, իսկ եթե իր հետ խաղացող չկա, ապա համակարգչով է խաղում:
Մի քանի օր առաջ, երբ լսեցի, որ Ալեքսը Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որոշեցի նրա հետ հարցազրույց վարել:

-Ողջույն, Ալեքս ջան, մի փոքր կպատմե՞ս քո մասին. քանի՞ տարեկանում և ինչպե՞ս որոշեցիր զբաղվել շախմատով, ո՞վ էր քեզ ոգեշնչել:

-Մանկությունից հետևում էի պապիկներիս ու հայրիկիս շախմատային խաղերին։ 4 տարեկանից գիտեի խաղաքարերը, իսկ արդեն 6 տարեկանում կարողանում էի խաղալ։ Հաճախում էի պարի խմբակ, սակայն խուսափում էի պարապմունքներից և հետևում էի կողքի սրահում շախմատի խմբակում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայրիկիս ու պապիկներիս խաղով ոգեշնչված՝ որոշեցի զբաղվել շախմատով։

-Կպատմե՞ս առաջին խաղիդ մասին, ինչպիսի՞ տպավորություններ ունեցար: 

-Առաջին խաղս դժվարանում եմ մտաբերել, սակայն լավ հիշում եմ առաջին հաղթանակս։ 2012 թվականի հունիսի 1-ին մասնակցեցի երեխաների պաշտպանությանը նվիրված համաքաղաքային միջոցառմանը և զբաղեցրի առաջին պատվավոր հորիզոնականը։

-Կպատմե՞ս ամենատպավորիչ խաղիդ մասին: 

-Իմ ամենատպավորիչ խաղը 2014 թվականի հունիսին «Տաթևեր» ճոպանուղում Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի հետ կազմակերպված սեանսն էր։ Սեանսի արդյունքում շախմատիստների ստորագրությամբ շախմատի տախտակ նվեր ստացա:

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

-Գիտեմ, որ նրանց հետ խաղացել ես: Ի՞նչ տպավորություններ ունեիր Լևոն Արոնյանի և Մանգուս Կարլսենի հետ խաղից: 

-Հպարտության և միևնույն ժամանակ պատասխանատվության ու համարձակության զգացումներն էին ինձ պարուրել:

-Ո՞ւմ հետ ես երազում խաղալ: 

-Երազում եմ խաղալ Հիկարու Նակամուռայի հետ:

-Եթե ճիշտ հասկացա, հենց նա է քո ֆավորիտ շախմատիստը: 

-Նա իմ ֆավորիտների շարքում է:

-Արդյոք հետագայում կշարունակե՞ս շախմատով զբաղվել, թե՞ մեկ այլ մասնագիտություն կընտրես:

-Հետագայում նույնպես կզբաղվեմ շախմատով, կկատարելագործեմ ունակություններս և կձգտեմ արդեն հանդես գալ միջազգային հարթակում:

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունես: 

-Մարտին կմասնակցեմ Հայաստանի առաջնության կիսաեզրափակչին՝ փորձելով անցնել եզրափակիչ: Հաճելի ու տպավորիչ էր վերջին հանդիպումս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Նա ինձ շնորհավորեց, մաղթեց նորանոր հաղթանակներ ու հորդորեց երբեք չհրաժարվել շախմատից։