sona zaqaryan

Օտարություն

Ձմեռ է… Ցուրտն ու բուքը վրա են հասել: Փողոցներում մարդկային ոչ մի հետք չես գտնի: Կարծես գյուղը պատված լինի հավերժական սառույցով, իսկ այդ սառույցը «հալեցնողներ» են պետք: Չկան այդ  «հալեցնողները»: Կարծում եմ, նրանք հիմա դեգերում են օտար ափերում: Ախր, այնտեղի սառույցները արդեն հալեցնողներ կան…

Կրկին քայլում եմ փողոցով: Մարդկային ոչ մի հետք: Գուցե այդ հետքերը ձյան տակ փնտրեմ: Ես հետքեր գտա, բայց դրանք նման չեն մարդկային հետքերի: Դրանք կենդանու հետքեր են: Ահա մի փոքրիկ փիսիկ կծկվել է մեր դարպասի մոտ: Դողում է: Գուցե քաղցած է: Լավ: «Փիսո, փիսո»: Ես կերակրում եմ նրան, նա արդեն չի դողում: Իր համար տաքուկ տեղ է գտել ու ննջում է: Իմ գլխում անընդհատ նույն միտքն է պտտվում. «Ո՞ւր են մարդիկ»: «Դա ամենևին քո գործը չէ »,-ասում է ուղեղս: «Ոչ, քո գործն է»,- ասում է սիրտս: Ասում են` միշտ պետք է սրտին լսել…

Ներս եմ մտնում տուն: Տատիկս նստել է բազմոցին և հայացքը հառել մի կետի: Աչքերը լցված են, շուրջը լռություն է տիրում: Միայն վառարանի կրակի ճարճատյունն է խախտում այդ հանդիսավոր լռությունը: Մի ավելի հզոր ձայն խախտեց այդ լռությունը:

-Տատ, ի՞նչա եղել:

-Է, բալա ջան, խոխորցս մհար եմ մտածըմ: Տեսնես` շտե՞ղ են, հի՞նչ են անըմ, լա՞վ են, թե՞ չէ: Օտարության մեջ ապրիլը փիս պանա, բալաս:

Ահա ինձ այդքան հուզող հարցի պատասխանը: Փաստորեն մարդիկ օտարության մեջ են: Մի պահ հիշեցի փիսիկին: Իմ մտածմունքը խախտեց տատիկիս ձայնը:

-Հեսա տու էլ կմեծանաս, օտարության մեջ կիլես, կգիդաս, էտ հինչ պանա:

Երկուսս էլ լռեցինք:Նորից լսվում էր կրակի ճարճատյունը:Եվ միայն դա էր խախտում մեր հանդիսավոր լռությունը:

մարթա մինասյան սյունիք

Բարև, ես Մարթան եմ

Ով եմ ես: Երբ ինձ այդ հարցը տալիս են, ես պատասխանում եմ, որ ես 14-ամյա աղջիկ եմ, ով իր կյանքն ուզում է հետաքրքիր անցկացնել ու ամեն օր մի նոր զբաղմունքով իր օրը հետաքրքիր է դարձնում: Սակայն երբ ես եմ այդ հարցն ուրիշին տալիս, օրինակ, մայրիկիս, նա պատասխանում է, որ ես գեղեցիկ, խելացի ու շատ ինքնավստահ աղջիկ եմ, ում մեջ կա մեծ կամքի ուժ` հասնելու որևէ նպատակի: Հայրիկս կարճ է պատասխանում: Ասում է, որ ես մեր ընտանիքի լույսն եմ, ու իմ ներկայությունն իրեն դարձնում է ամենաերջանիկ հայրն աշխարհում: Քույրիկս էլ ասում է, որ ես նրա համար բացի ավագ քույր լինելուց, նաև խորհրդատու և մեծ օրինակ եմ: Ընկերներս միշտ ասում են, որ ես շատ ուժեղ եմ, քանի որ ամեն հարցին թեթև եմ վերաբերվում և ոչինչ չեմ բարդացնում: Դա իմ ընտանիքի և ընկերներիս կարծիքն է, իսկ այժմ ես ինքս ինձ ներկայացնեմ: Իմ անունը Մարթա է, ազգանունս` Մինասյան: Երևի անունս մի քիչ տարօրինակ թվաց, քանի որ քիչ գործածվող է: Ծնվել եմ 2001 թվականի մայիսի 11-ին: Ապրում եմ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ես սիրում եմ իմ քաղաքը, քանի որ այստեղ ես ունեմ հաճելի հիշողություններ: Ես սովորում 4-րդ հիմնական դպրոցի 9 ա դասարանում: Մեր դասարանում 19 հոգի ենք`9 աղջիկ և 10 տղա: Ես սովորում եմ հարվածային, իմ սիրելի առարկաներն են` ռուսերենը, անգլերենը, մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը: Սիրում եմ և տիրապետում եմ ռուսաց լեզվին, գիտեմ անգլերեն: Հաճախում եմ Սիսիանի երաժշտական դպրոցի վոկալի բաժին, ինչպես նաև սովորում նվագել դաշնամուր և երգում եմ երգչախմբում: Սիրում եմ նվագել դաշնամուր և կիթառ, սակայն կիթառ նվագել չգիտեմ: Լսում եմ տարբեր ժանրի երգեր:

Իսկ հիմա, թե ինչն է ինձ հուզում: Ինձ հուզող հարցերից մեկն այն է, որ իմ քաղաքում` Սիսիանում, երիտասարդների կամ երեխաների համար նախատեսված զբաղմունքի կամ ժամանցի վայրեր չկան: Ներկա պահին իմ քաղաքում գրեթե չեն կազմակերպվում միջոցառումներ, միայն տոն օրերին, այն էլ ոչ այն կերպ, որ հետաքրքիր անցնի ժամանակը: Բայց այդ միջոցառումներին մարդիկ հիմնականում գալիս են այն պատճառով, որ ինչ-որ մեկին տեսնեն, կամ էլ պարզապես տնից դուրս գալու համար, իսկ այն օրերը, որոնք տոն չեն, մարդկանց մեծ մասը տանն է, երիտասարդները դրսում անիմաստ զբոսնում են, կամ էլ տանը համակարգչի դիմաց են: Երեխաներն էլ տանը նստած դիտում են հեռուստացույց, կամ էլ դարձյալ համակարգչով խաղում: Ես ինքս չեմ սիրում այդպիսի իրավիճակներ, բայց, քանի որ իմ շրջապատի մարդիկ հաճախ նման բաներով զբաղված են լինում, հետևաբար ինձ հետ չեն կարող ժամանակ անցկացնել, ես տանն եմ մնում և, սովորությանս համաձայն, կամ գիրք եմ ընթերցում, կամ երաժշտություն միացնում ու երգում-պարում:

Ես շատ եմ ուզում հետաքրքիր ապրել և ընդառաջ գնալով այդ ցանկությանս, երբ նստում եմ համակարգչի դիմաց, անդամակցում եմ տարբեր խմբերի, որոնք կան նաև իմ քաղաքում: Երբեմն էլ, եթե հաջողվում է, հրավիրում եմ ընկերներիս կամ հարազատներիս որևէ վայր և հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացնում: Հավատացեք, հետաքրքիր ապրելը շատ հաճելի է:

sona zaqaryan

Ժամանակ

Ժամանակ… Շատերի համար մի հասարակ գոյական, շատերի համար սովորական մի բառ:  Շատերը հասկանում են դրա իմաստը, շատերը`ոչ: Միշտ էլ լսել եմ այսպիսի արտահայտություն իմ հասակակիցներից. «Ե՞րբ եմ մեծանալու»: Միշտ մտքում վեր եմ լուծել այս արտահայտությունը և ինքս ինձ հարց տվել. «Ինչո՞ւ են ուզում մեծանալ, չէ որ կյանքի ամենաուրախ և հաճելի ժամանակը մանկությունն է»: Դե լավ, եթե այդպես եք ուզում, ուրեմն վերցրեք ժամը և առաջ տվեք ժամանակը: Կարծում եք իմաստ ունի՞: Վաղ թե ուշ գալու է այդ ժամանակը: Գալու է, որ հետո անցնի ու գնա, պարգևելով ձեզ շատ հիշողություններ անցյալի մասին:

Երբեք չեմ ցանկացել մեծանալ, ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ ունի մեծանալը, եթե վաղ թե ուշ ուզելու եք հետ տալ ժամանակը և նորից մանկանալ: Հիմա երևի մտածում եք. «Ի՞նչ է, այս աղջիկը պատրաստվում է չմեծանա՞լ»: Ես գիտեմ, գիտեմ, որ ինչ էլ անեմ, անզոր եմ և մի օր ես էլ եմ մեծանալու: Ժամանակի դեմ ոչինչ չենք կարող անել, այն միշտ առաջ է շարժվում, բայց երբեք հետ չի վերադառնում, երբեք: Եվ ցավալին էլ հենց դա է:

Երեկ ես տասը տարեկան էի, այսօր`տասնհինգ, վաղը կլինեմ քսան: Մի՞թե սա հասարակ գոյական թվացող ժամանակը չի անում… Ժամանակը առաջ է շարժվում, մենք էլ`նրա հետ: Ժամանակի առաջ գնալու հետ փոխվում են նաև մեր մտածողությունն ու աշխարհայացքը: Ժամանակը թելադրում է մեզ շարժվել իր կանոններով: Այնքան պահեր են լինում, երբ ուզում ես ուղղակի կանգնեցնել ժամանակը, որ գոնե մի պահ ընկղմվես այն գեղեցիկ աշխարհում, որը հենց դու ես ստեղծել, մոռանաս այն բոլոր խնդիրներն ու դժվարությունները, որոնք շրջապատում են քեզ: Բայց ցավոք, մենք անզոր ենք: Ժամանակն անմահ է և այն միշտ առաջ կշարժվի,իսկ երբ հասնի նշանակված ժամը, չի լինի այն մարդը, ով ուզում էր հաղթել ժամանակին: Փոխարենը կլսվի մի փոքրիկ երեխայի ճիչ, ով լույս աշխարհ կգա ներշնչված ապագայի վառ հույսերով, կատարելու այս աշխարհում իր առաքելությունը:  Լսո՞ւմ եք սլաքների ձայնը` թիկ-թակ, թիկ-թակ: Աշխատեք մի լավ բան անել այս թիկ-թակի ընթացքում: Աշխատեք վայելել կյանքի ամեն մի վայրկյանը: Միևնույն է, գալու է մի պահ, որ ասելու եք. «Ի՞նչ շուտ անցավ ժամանակը, ոնց որ երեկ լիներ»: 

Ներկայանում եմ

Ո՞վ եմ ես: Բավականին բարդ է երևում: Հաճախ եմ այս հարցը տվել ինքս ինձ և տարբեր իրավիճակներում տարբեր պատասխաններ եմ ստացել: Հարցրել եմ նաև ընկերներիս. Դե, բնականաբար, լսել եմ գեղեցիկ խոսքեր իմ մասին, բայց ես չգիտեմ, թե նրանք իրականում ինչ են մտածում: Ես կարող եմ ինձ այսպես ներկայացնել:

Ես Մերին եմ: Ծնվել եմ 1999 թվականին, այսինքն 16 տարեկան եմ: Ապրում եմ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: Զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ պարի և երգի խմբակների և շատ եմ սիրում պարել, շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ և հաճախ եմ խաղում ընկերներիս հետ: Ի դեպ, մենք աղջիկների կանոնավոր ֆուտբոլային թիմ ունենք, որի ավագը ես եմ: Կարող եմ նաև ասել, որ իմ այս տարվա ու ընդհանրապես ողջ կյանքի ամենամեծ ձեռքբերումը աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրին մասնակից դառնալն էր, որի ժամանակ ես մեկ շաբաթում սովորեցի այն ամենը, ինչը չէի կարող սովորել մեկ տարում: Կարող եմ ինձ այլ կողմից ևս ներկայացնել և ասել, որ ինչպես բոլորը, ես նույնպես կյանքում բազում անկումներ եմ ունեցել, բայց ի տարբերություն շատերի, իմ վայրէջքները ավելի ցավոտ են եղել և դժվար է եղել ոտքի կանգնելը:

Դե այսպես երկար կարող եմ գրել և ինձ ներկայացնել, բայց մի՞թե ընթերցողը իսկապես կհասկանա, թե ով եմ ես, կկարողանա՞ ծանոթանալ իմ էության հետ. իհարկե ոչ, քանի որ նույնիսկ ես, որ արդեն հասուն մարդ եմ, դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ով եմ, չգիտեմ, համապատասխան բարդ իրավիճակում կարո՞ղ եմ անել այնպիսի բան, որը մտածում եմ, որ երբեք չեմ անի:

Լավ, իսկ հիմա քո հերթն է. դե, հարց տուր ինքդ քեզ, թե արդյոք դու գիտե՞ս, թե ով ես. պատասխան հարկավոր չէ:

Այս աշխարհում ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ բազում նպատակներ: Դրանք թե՛ անձնական են, թե՛ «հանրային»: Հանրային ասելուվ ես հասկանում եմ այն նպատակները, որոնց հասնելու դեպքում արդյունքը ինձ գոհացնելուց բացի կգոհացնի նաև ուրիշներին: Մարդու նպատակները հիմնականում ձևավորվում են այն ժամանակ, երբ նա ունենում է խնդիրներ, և նպատակներին հասնելով ակնկալում է նաև դրանց լուծումը: Կան այնպիսի խնդիրներ, որոնք ինձ իսկապես հուզում են: Դրանցից է մարդկային անհավասարությունը, որը հիմնականում կախված է սոցիալական ապահովվածության աստիճանից, և որը հաճախ բազմաթիվ անարդարությունների պատճառ է դառնում: Դե, իհարկե, ինչպես գիտենք այս աշխարհում ոչ մի տեղ և ոչնչում չկա հավասարություն և չի էլ կարող լինել, սակայն դա չի նշանակում, որ անհավասարությունը պետք է հասցնել այդպիսի բարձր աստիճանի և երկու մարդկանց միջև դնել այդպիսի մեծ տարբերություն, մանավանդ եթե դա կապված է սոցիալական վիճակի հետ:

Ինձ հուզող մեկ այլ հարց է մարդկանց չափից շատ դժգոհ լինելը: Մենք դժգոհ ենք ամեն ինչից. թե՛ երկրից, թե՛ կառավարությունից, թե՛ ինքներս մեզանից: Օրինակ, մեր օրերում դժվար է գտնել այնպիսի մարդ, ով գոհ է մեր երկրի կառավարությունից և կառավարման համակարգից: Խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում, որ այդ համակարգը և դրա «գլխին» կանգնած մարդկանց հենց մենք ենք ընտրել: Մենք չենք հասկանում, որ այդ դժգոհություններով ինքներս մեր կյանքն ենք բարդացնում: Մի պահ, եթե այս աշխարհին նայենք դրական կողմից, կտեսնենք, թե ինչքան գեղեցիկ երևույթներ կան այստեղ, որոնք մենք չենք էլ նկատել: Ահա ինձ հուզող խնդիրների մի մասը, որոնց լուծումները ինձ համար մեծ նպատակներ են դարձել և ես մեծ ջանքեր կգործադրեմ դրանց հասնելու համար:

Կիրակի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Ամեն անգամ, երբ տնից դուրս եմ գալիս, լսում եմ այս խոսքերը.

-Սոնա, ո՞ւր ես գնում:
-Մամ, գնում եմ երգի ու պարի պարապմունքի:
-Մի գնա, մնա տանը` դասերդ սովորի:
-Մի օր քեզ տանը չտեսանք,- ասում է հայրիկս:

Երկար համոզելուց հետո հասնում եմ իմ ուզածին, և ինձ թողնում են, որ գնամ: Մայրիկս, ինչպես միշտ, ասում է այս խոսքերը.

-Շուտ կգաս:
-Լավ, մամ:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

…Արդեն հինգ տարի է, ինչ հաճախում եմ երգի և պարի խմբակներ: Սովորում ենք եկեղեցական երգեր (շարականներ) և ժողովրդական պարեր: Մեծ հաճույքով եմ գնում պարապմունքների: Եկեղեցական երգեր երգելը ինձ համար հոգևոր սնունդ է: Ամեն կիրակի գնալով պատարագի, աղոթելով և երգելով, մի տեսակ հանգստանում եմ, և ինձ ավելի լավ եմ զգում:
Պատարագի խորհուրդներից մեկը  ապաշխարելն է: Մենք լսում ենք քահանայի հետևյալ խոսքերը և աղոթում ենք, զղջալով մեր գործած մեղքերի համար.

-Մեղա ամենասուրբ Երրորդություն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի… Մեղա Աստծո…
-Մեղա Աստծո:
-Աստված թողություն շնորհեց ձեզ:

Այս ընթացքում բոլորը մտաբերում են իրենց կատարած սխալները, զղջում դրանց համար` փորձելով այլևս չկրկնել դրանք:

Հիմա կասեք` ի՞նչ է, պարն է՞լ է հոգևոր սնունդ: Կասեմ, որ այո, համենայնդեպս ինձ համար: Երբ պարում եմ ժողովրդական պարեր, հասկանում եմ, որ մարդկանց փոխանցում եմ մի ողջ ազգի մշակույթ, որը եկել է դարերի խորքից: Երբ հագնում եմ հայկական տարազը, հասկանում եմ, թե ինչ հարուստ է մեր մշակույթը: Եվ վերջապես, պար ներկայացնելով ես իմ հերթին պահպանում և տարածում եմ մեր ազգային մշակույթը…

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Հավատացած եղեք,  որ հոգևոր արժեքները շատ ավելի մեծ և կարևոր նշանակություն ունեն, քան նյութական արժեքները: Նյութական արժեքները կարող են անհետանալ անգամ մեկ վայրկյանում, իսկ հոգևոր արժեքները մնայուն են: Դրանք իրենց մեջ արտացոլում են մեր ազգի պատմությունը, մշակույթը և բնութագիրը:

Այսօր կիրակի է: Վաղ առավոտյան ես դարձյալ գնալու եմ Սուրբ Պատարագի, երգելու եմ, խորհելու և հաղորդվելու մեր պապերի ժառանգությանը:

Մեր աղոթքը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես տոն է տոնածառ զարդարելու արարողությունը: Մենք այդ տոնածառը բերում էինք մեր տան մոտ գտնվող անտառից, քանի որ իմ եղբայրը փոքր էր և չէր կարող մեզ համար տոնածառ բերել: Տատիկս, ես ու քույրս գնում էինք տոնածառ բերելու: Մենք այդ տոնածառը ընտրում էինք ամռանը, երբ տատիկիս հետ գնում էինք մասուր կամ ուրց հավաքելու, կամ էլ կովերին բերելու: Մի անգամ էլ պատահական տուն վերադառնալիս տեսա, որ ինչ-որ մեկը կտրում է մեր տոնածառը, և վազելով գնացի ու տատիկիս ասացի, նա էլ եկավ: Իհարկե, ես ճիշտ էի: Նրանք տարել էին մեր տոնածառը, և մենք ստիպված էինք նորը փնտրել…

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Հիմա եմ հասկանում, թե ամեն տարի մենք ինչ մեծ վնաս էինք հասցնում բնությանը եղևնի կտրելով: Երևի պատճառն այն է, որ ապրում ենք անտառի եզրին և չենք կարողանում դիմանալ բնական եղևնի ունենալու գայթակղությանը:

Իսկ ամենահետաքրքիրը այս տարվա Ամանորն էր` հեքիաթային հրաշքներով ու սպասումներով լի Ամանորը: Ձյունը պարելով թափվում էր երկնքից, լուսինը լուսավորում էր շրջակայքը, իսկ մենք` ես, մայրիկս, քույրս և եղբայրս գյուղի բարձունքից սղալով ու ընկնելով ձյան մեջ հասնում էինք եկեղեցի, ուր մեզ սպասում էր ամանորյա գիշերային պատարագը:

Ես ու քույրս երգում ենք երգչախմբում, իսկ մայրիկս եղբորս հետ նստել էր եկեղեցում ու աղոթք էր անում: Ես հասկացա, որ նա Աստծուց խնդրում էր մեր երկրին խաղաղություն, մարդկանց առողջություն և, որ այս տարի մեզ համար ամենակարևորն է, բուհ ընդունվեմ: Տա Աստված, որ իրականանան աշխարհի բոլոր մայրերի երազանքներն ու սպասումները, թող ոչ մի զինվոր չզոհվի. և ոչ մի մոր աչքերից արցունք չթափվի:

Մենք հավատում ենք Աստծուն և մեծ հույսեր կապում նրա հետ: Սա է Պատարագի խորհուրդը:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

sona zaqaryan

Հավատացեք Ամանորյա հրաշքներին

«Մի քանի օր մնաց Ամանորին, բայց դեռ ոչ մի բան չենք հասցրել: Աղցանի համար «մատերիալ» չենք գնել, տավարի միսը չենք աղացել դոլմայի ու բլինչիկի համար, խմիչքների մասին էլ չենք խոսում, վա~յ, բա խոզի բուդը…»:
Նախատոնական օրերին այսպիսի իրավիճակ էր տիրում հայ ընտանիքներում: Կարծես մրցակցություն լինի, թե ում սեղանին ավելի շատ ուտելիք կլինի, կամ ով ավելի ճոխ կնշի Ամանորը: Մտածում եմ, որ մեր հայերը ուզում են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, որպես Ամանորը ամենաճոխ նշող ազգ: Ստացվում է, որ այս գեղեցիկ տոնը վերածվում է խնջույքի: Կարծես ամեն ինչ պետք է ուտելիքով և խմիչքով որոշվի: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գեղեցիկ ու հրաշքներով լի տոն է Ամանորը: Գուցե ձեզնից շատերը մտածել են: Դե, երեխաները հաստատ այդպես են մտածում: Արդյոք չի՞ կարելի Ամանորը անցկացնել ուրախ և հաճելի միջավայրում: Օրինակ, ես հավատում եմ Ամանորյա հրաշքներին, Ձմեռ պապիկին: Շատերը երևի կասեն. «Ի՞նչ է, դու երեխա՞ ես»: Իմ պատասխանը կլինի. «Այո, իմ մեջ միշտ էլ կապրի հեքիաթներ կարդացող, դրանց հավատացող և հրաշքների սպասող փոքրիկ աղջնակը»:
Հրաշքների աշխարհը շատ ավելի գեղեցիկ է և լուսավոր, քան հոգսերի աշխարհը: Հոգսերի աշխարհում ապրում են մեծահասակները և, չգիտես ինչու, չեն ուզում մի քանի րոպեով հայտնվել փոքրերի աշխարհում:
Կտրվեք այդ հոգսերից, նայեք ձեր բալիկներին, նայեք ձեր շուրջը: Չե՞ք տեսնում` ամեն ինչ կախարդական է և հեքիաթային: Դուք էլ մի պահ մանկացեք և հավատացեք հրաշքներին: Հրաշքներ լինում են:

Հ. Գ. Ձմեռ Պապիկ, եթե հիմա կարդում ես, խնդրում եմ, որ բոլոր երեխաներին նվերներ տաս: Գիտեմ, շատ զբաղված ես, բայց ոչ ոքի հանկարծ չմոռանաս:

sona zaqaryan

Ես եմ խոհանոցի տերը

Չգիտեմ, սիրո՞ւմ եք արդյոք խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել, թե ոչ, բայց կարծում եմ, որ ձեզնից շատերը չեն սիրում, ավելի շուտ հոգնում են խոհանոցը մաքրել և ափսեները լվանալուց: Ես մտնում եմ հենց այդ շատերի մեջ: Արդեն մեկ շաբաթից ավելի կլինի, ինչ մայրիկիս ձեռքը վնասվել է, և նա չի կարողանում տան գործերը անել,առավել ևս խոհանոցինը, այդ պատճառով ես եմ փոխարինում նրան: Մայրիկս շատ է անհանգստանում ինձ համար, անընդհատ գալիս է խոհանոց և ասում. –Սոնա, չտեսնեմ սառը ջրով լվանաս ամանները, տաք ջուր բեր, նոր լվա:
Մինչև հավաքում եմ սեղանը և գնում վառարանի վրայից տաք ջուր բերելու,կրկին լսում եմ մայրիկի ձայնը. –Զգույշ մնա, ջուրը եռման ա, չթափես վրադ: -Մամ, մի անհանգստացիր, հո առաջին անգամ չե՞մ աման լվանում: …Կիրակի է: Ես պետք է ոչ մի տեղ չգնամ և մնամ տանը: Մեր տուն հյուրեր են գալու, և ես պետք է անպայման օգնեմ մայրիկին, ախր, նրա ձեռքը վնասված է: 85-ամյա տատս իր վրա է վերցնում դոլմա պատրաստելու գործը: Ես էլ հպարտորեն ասում եմ, որ կպատրաստեմ ուզբեկական փլավը (ինձ արդեն խոհանոցի տեր եմ զգում): Սկսվում է պատրաստման գործընթացը: Դե ինչ, սկսում եմ սոխը կտրատելուց: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ հերթը հասավ գազարին, իմ և մայրիկի միջև ծագեց մի փոքրիկ վեճ: -Սոնա, գազարը ծուռ ես կտրել ու շատ հաստ, մի քիչ բարակ կտրիր: -Լավ էլի, մամ, ի՞նչ կապ ունի հաստն ու բարակը, կարևորը համով լինի: Եվ այստեղ մայրիկը փորձում է ինձ բացատրել, որ ուտեստի տեսքն էլ է շատ կարևոր, և անպայման պետք է դրան ուշադրություն դարձնել: Ես համաձայնվում եմ մայրիկի հետ… Երկար տանջանքներից հետո պատրաստ էր և դոլման, և ուզբեկական փլավը: Հյուրերն էլ արդեն եկել էին: Չգիտեմ նրանց դուր եկա՞ն ուտեստները, թե ոչ, բայց ինձ համար դրանք շատ համեղ էին, քանի որ պատրաստվել էին 15-ամյա մի աղջնակի և 85-ամյա ծեր կնոջ երկար, բայց արդյունավետ և տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Վարդիգյուլը

Երբ տատիկիս տանը նկարներն էի նայում, մի կնոջ նկար տեսա, ով հայկական տարազով էր` ճակատին կոպեկներ, մեջքին` քամար: Հարցրեցի տատիկիս, ասաց, որ իր տատն է` բուն ղարաքիլիսեցի Վարդիգյուլը, որին հիմա էլ բոլորը հիշում են ու պատմում նրա մասին հյուսված անեկդոտները:

Սուրբ Հովհաննես եկեղեցու լեռան լանջերին էր փռված հին Ղարաքիլիսան` իր ծուռտիկ-մուռտիկ փողոցներով և նեղ անկյուններով, որտեղի բնակիչներին նամակներ էին ուղարկում հետևյալ հասցեներով. «Ուգլ Կասպունսկի` Ղազի բներ, փթիր Աղավնիկին կամ Օյին Վարդիգյուլին»: Եվ փոստատարը մեծ պատրաստակամությամբ հանձնում էր այդ նամակները նրանց: Հաջորդ օրը ծերանոցի կանանց խումբը հետաքրքրվում էր, թե ինչ է եկել նամակներում, թեև փոստատարը չէր մոռացել օր առաջ նամակի բովանդակությունը ներկայացնել թաղի կանանց: Ղարաքիլիսայի բոլոր դեմքերը հավաքվում էին ծերանոցում, իսկ ծերանոցը հին բաղնիքի շենքն էր: Վարդիգյուլը ծերանոցի կարկառուն դեմքերից էր: Այստեղ էր գալիս գդոզ Ռուբենը, որ շատ գրական էր խոսում, Աղագուլը, շատ գրքեր կարդացած Թամաշ բիբին, որ խոսում էր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Լենինից, և այնքան էր պատմել նրանց մասին, որ Վադիգյուլ տատը քնած ժամանակ արտասանում էր նրանց անունները, իսկ երբ տատիկս հարցնում էր իր տատիկից, թե.

-Նանա, էտ ի՞նչ մարդկանց անուններ էիր տալիս:

-Աղջի, ի՞նչ եմ նալ: Թամաշը մէ շաբաթ ի` էտ գիրքն ի պատմել:

Ամենակոմիկականը տատի ամուսնությունն է. ամուսնացել է 12 տարեկանում: Բակում ցեխի հետ խաղալիս հարևան Գուգուշը եկել է նշանելու` մի սանր ու մի լվացքի տաշտ ձեռքին: Վարդիգյուլը հարցնում է.

-Հլը սանդրը պերի ես` պերիր, բա էտ տաշտը ինչի՞ խմա էս պերի:

-Վարդիգյուլ,- պատասխանել է փեսան,- իրիկունը ջուր կտաքցուցես, էդ ցեխոտ ոտքերդ կվլանաս:

Բա:

Իսկ 45 տարեկանում մի հինգ գիշերանոց է պահել և պատվիրել.

-Ախչի, Վայրը,- ասել է հարսին, որ մեռնեմ, էս խինգն էլ կխաքցուցես, ընդի ցուրտ է լինելու, հանկարծ չմրսեմ, գինա՞լ ես, խողը պաղ ի, կպաղեմ: Իսկ ինքը մահացել է 98 տարեկանում: 90-ից հետո մի հինգ անգամ տնեցիք ծախսերի ցուցակ են գրել, պատրաստվել, իսկ ինքը անկողնու միջից գլուխը բարձրացրել է ու ասել.

-Էդ ի՞նչ եք անել: Քելեխիս ցուցակ կգրե՞ք,ես չեմ մեռնելու, մեռնեմ, որ Փառոյի Եղիշը կա` խացս ուտի՞:
Եղիշն էլ Ղարաքիլիսայի մահախոսական կարդացողն էր:
Վարդիգյուլը մահացել էր ու ոչ-ոքի չէր ասել իր բոխու թփերի տեղերը:

Հարսը հարցրել է.
-Մամի, բա բոխու թփերի տեղը ինձ չե՞ս ասելու: 

-Աղջի, բա որ չմեռնե՞մ:

Պատասխանել է մամը և հավիտյան փակել աչքերը:

sona zaqaryan

Պապս

Փոքր ժամանակից պապիկիս հետ շատ մտերիմ էի, նրա անունը Սուրեն էր: Հիշում եմ, միշտ կանչում էր ինձ, գումար էր տալիս և ասում.
-Քինա խանութ` պապիրոս առ, որ փող մնա, քեզ մհար կանֆետ կառնես:
Երբ մայրիկս իմ վրա բարկանում էր, նա ինձ միշտ պաշտպանում էր:
Պապիկս հիվանդ էր, դժվար էր քայլում, միշտ նստած էր բազմոցին: Մենք մի փոքրիկ կատու ունեինք: Կատուն միշտ գալիս էր ու նստում պապիկիս ծնկներին: Հարցնում էի.
-Պապիկ, կատուն խիա՞ միշտ նստում ծնկներիդ:
-Բալաս, կատուն հիվանդ մարդկանց մոտ ա քինում, ես ալ հիվանդ եմ,- պատասխանում էր պապս:
Հիշում եմ, երբ ամեն անգամ գնում էինք այգի աշխատելու, նա միշտ ուզում էր մեզ հետ գալ, չնայած չէր կարողանում աշխատել: Շատ աշխատասեր մարդ էր: Տատիկս պատմում է.
-Պապիկիդ նհետ երգան աշխատալ ենք, կոլխոզումն ենք աշխատալ, հող ենք մշակալ, արտ ենք ցանալ, արտ ենք վարալ: Շատ ա աշխատալ պապիդ, շատ դժվարություններ ա տեսալ: Պապիդ շոֆեր ա իլալ, համալ շատ բարի մարդ ա իլալ: Գեղըմը հով շենք ա շինալ, պապիդ օգնալա: Հյուրասեր ա իլալ, միշտ դրսից ղոնաղ ա պիրալ մեր տոն, ասալ ա միշտ ղոնաղին հաց կտան, տեղ կտան:
Տատիկս մի զվարճալի պատմություն պատմեց պապիկիս հետ կապված.
-Պապիդ թորք ծանոթներ ուներ, կալիս էին մեր կեղացի Սաքոյանց տոն: Մի անգամ վեր կալիս են կեղը, պապիիդ տեսնըմ են հարցնըմ են` «Սաքոն հունց ա՞», պապդ ասում ա` Սաքոն մահացալ ա: Էս թորքերը վեր են կենում, վեր քինան Սաքոյանց տոն, ճանապարհին տեսնըմ են Սաքոն հենա պահեստի մոտ կանգնած, սկսըմ են ծիծաղելը:
Ասըմ են. «Մենք գիտեինք, թե Սաքոն մեռալ ա»: Սաքոն էլ ասըմա. «Էտ հաստատ Սուրենի գործերը կիլի»:
Այսպիսին է եղել պապիկիս կյանքը և կատակներով, և հոգսերով լի…
Հինգ տարի է, ինչ պապիկս մահացել է: Շատ եմ կարոտում նրան, ինձ համար մի տեսակ անսովոր է գալ տուն և տեսնել, որ պապիկս տանը չէ, որ չեմ կարող վազել, գրկել նրան ու ասել. «Պապի 5 եմ ստացել»: Երբ սովորում էի 6-րդ դասարանում, անցնում էինք Ստեփան Զորյանի «Պապը» ստեղծագործությունը: Ուսուցչուհիս հանձնարարեց, որ կարդամ դասը, և ես ակամայից սկսեցի լաց լինել…
Մինչև հիմա էլ հիշում եմ պապիկիս, հիշում եմ նրա դողդոջուն ձեռքերը, թախծոտ աչքերը և բարի ժպիտը: Միևնույն է, նա չի մահացել, նա միշտ իմ սրտում կմնա որպես բարի, ազնիվ և հոգատար պապիկ: