Էսա կասեք՝ էլի սեպտեմբերի 1-ի ուրախ օրով կրակել, ծնունդը փչացրել են, բայց ոչ հարգելիներս: Այս անգամ ոչ կրակոց կար, ոչ էլ հյուրեր: Եթե չասեմ էլ, ապա գիտեք. սեպտեմբերի մեկը ինչ օր է. քայլ դեպի նոր կյանք, ոմանք արդեն աշխատանք են փնտրում, ոմանք նոր են պայուսակ վերցնում, իսկ ես նոր եմ մտնում համալսարան: Եկավ այդքան երկար սպասված պահը, որ պետք է մուտք գործեմ մի վայր, որտեղ իմ երեք հոգանոց դասարանը չէ, այլ մի մեծ կուրս:
Հա, մինչև հիմա էլ հենց այս պահը ասում եմ՝ ինչո՞ւ էլի, ինչու շատ չէինք դպրոցում, որ էնտեղ էլ էսպես հավես անցներ, ու մեկ-մեկ մեծ քանակի շնորհիվ կարողանայի թաքնվել դաս պատասխանելուց:
Հա, կիսատ մնաց, է, խոսքս: Եկավ սեպտեմբերի 1-ը, ես դարձա 18 տարեկան: Բայց մինչ սեպտեմբերի մեկին պատրաստվելը, ես նախօրոք պատրաստել էի շորերս, թե ինչ պետք է հագնեմ սեպտեմբերի 1-ին՝ վերջ ի վերջո, առաջին անգամ համալսարան եմ գնում: Ինչպես դպրոցում, այդպես էլ բուհում՝ վերնաշապիկով ու, արդեն երևի հասկացաք, սիրուն-սիրուն հագնվեցի ու դեպի մետրո:
Դե, աշխույժ օր է, բնականաբար շատ մարդ կա: Ես էլ, երբ նստում եմ մետրոյի նստարանին, ներս է մտնում կամ մի աղջիկ, կամ մի տարեց կին ու կանգնում ինձ մոտ: Ես էլ տեղիցս վեր եմ կենում ու առաջարկում նստել: Ասում են՝ շատ շնորհակալ եմ ու տեղերով փոխվում՝ բռնվում մետրոյի բռնակներից ու կիսաբաց աչքերով մի կերպ կանգնում այդ խիտ մարդաշատ վագոնում: Գնանք առաջ, երևի ցանկացած ուսանող կհասկանա, թե ինչ է կատարվում, երբ դուրս ես գալիս մետրոյից ու գնում դեպի քաղաք: Ախ, այդ հաճելի քամին, որ բոլորն են սիրում մետրոյից դուրս գալուց անմիջապես հետո: Բայց հենց աստիճաններով բարձրանում ես, էլի նույն շոգը. տաք ասֆալտ, ու առաջ՝ Երիտասարդականից դեպի Ճարտարապետական: Եկա հասա, համալսարանի դիմաց կանգնեցի: Նայում եմ շուրջս ու ինձ հարցնում: Մի՞թե այս մարդիկ են ուսանողները, որ եկել են կարմիր բոթասներով, ճղված ջինսերով ու հիփ հոփ ոճի գլխարկներով: Դե լավ, հա: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ, գնամ համալսարան, տեսնեմ՝ ինչ է կատարվում:
Ինչպես միշտ, բացման խոսք, ու դրանից հետո դեպի 4-րդ հարկ՝ դասացուցակի մոտ: Դե, սեպտեմբերի 1-ը ուրբաթ էր: Ինձ մնում էր սպասել երկուշաբթի օրվան:
Եկավ երկուշաբթին: Ծանոթացանք, բայց մինչև հիմա էլ ծանոթանում ենք, որովհետև անունները միշտ խառնում ենք: Բայց այդ անգամ կար և հաճելի պահ, և մի տխուր պահ: Հաճելի է, երբ նոր կյանք ես մտնում, նոր շենք, նոր մարդիկ ու ավելի հետաքրքիր դասեր: Բայց տխուր է, երբ սեպտեմբերի 1-ին, երբ արթնանում էի, միշտ եղբայրս գալիս էր, վերմակը քաշում ու գոռում՝ ծնունդդ շնորհավո՜ր: Ես էլ որ միշտ ջղայնանում էի առավոտվա իր ավանդույթից, այդ օրերին չէի ջղայնանում, որովհետև անհնար է ծիծաղելով բարկանալ:
Լավ, ես արթնացա, հետո գնացի հյուրասենյակ: Դատարկ է, մարդ չկա, բայց եթե մեր տանը լինեի, հաստատ ամեն մեկը իր տեղից կկանգներ ու կմոտենար ինձ, ու նույնը դպրոցում: Բայց այս անգամ էլ թող էսպես լինի. սա էլ իր հետաքրքրությունն ունի: Հիմա էլ, երբ իմացան ծննդյանս օրվա մասին, կեսը շնորհավորում էր, կեսը չէր հավատում, մի մասն էլ զարմանքից ծիծաղում:
Երբ տուն եկա հոգնած՝ պլակատների, մեծ տախտակի, ներկերի ու քանոնների հետ միասին, ու դրանց մի կողմ գցելով, մոտեցա բազմոցին ու հանեցի հեռախոսս, որ տեսնեմ՝ ով է ինձ հիշել ու շնորհավորել: Հաճելի է կարդալ, շնորհավորանքներ ստանալ, զանգեր, բայց էլ ավելի հաճելի է, երբ բացումես ֆեյսբուքյան էջդ ու տեսնում, որ կա 10 շնորհավորանք, որից 7-ը իմ 17-ի երեխեքն են: Շնորհակալ եմ իրենց, որ կան:
Հա, ու մի փոքր դաժան լրացում անեմ: Ծննդյանս օրը հաշվեցի և տեսա, որ այսպես մի քանի տարի շարունակ է լինելու. Բանակ, որը իր մեջ ներառում է 2 ծնունդ և ուսանողական 3 տարի, բայց մարդ ես, էլի, եթե մագիստրատուրա էլ շարունակեցի, ես կմոռանամ, թե ինչպես են նշում ծննդյան օրը հարազատներիս հետ:

Միշտ ցանկացել եմ ապրել սահմանամերձ գյուղերից մեկում՝ թեկուզ կարճ ժամանակով: Գիտեմ՝ ծիծաղելի է թվում, բայց ինձ հետաքրքրում է այն մարդկանց կյանքը, ովքեր ապրում են այդպիսի վայրերում, թե ինչ են անում նրանք կրակոցների ժամանակ, ինչպես են պաշտպանվում…
Մայրաքաղա՞ք, տարբեր քաղաքներ ու գյուղե՞ր, թե՞ սահմանամերձ գյուղ…
Հիմա դժվար կլինի գտնել ինչ-որ մեկին, ով ցանկանում է ապրել սահմանապահ գյուղում ոչ թե հանգստանալու, այլ թշնամուն մոտիկից տեսնելու ու նրա հետ «ծանոթանալու» նպատակով: Մոտիկից տեսնել դիրքերը, ապրել սահմանապահի կյանքով, համոզված եմ՝ քչերը կան, որ կցանկանային այդ կյանքը, քանի որ ինչ-որ տեղ քեզ զրկում ես որոշ «բարիքներից»: Բայց իրականում սահմանում ապրելը իր հետաքրքրությունն ունի, օրինակ՝ հաստատ ոչ մի ուրիշ ոչ սահմանամերձ գյուղում չի լսվի հարևան պետության գյուղերում անցկացվող հարսանիքների ձայնը, մարդկանց շարժը, նույնիսկ հեռադիտակ կամ սուր լսողություն պետք չէ այդ ամենը տեսնելու կամ լսելու համար: