Երբ դասարանում գրեթե բոլորը պարապում են, գլուխ գլխի հավաքվելը մի քիչ դժվար է:
Սակայն երբ առջևում է վերջին զանգը, անելիքը շատ է:
Պետք է հավաքվել, քննարկել, ինչու չէ, նաև քվեարկել ու որոշումներ կայացնել:
Եթե չլիներ ինտերնետը, երևի ոչինչ չէինք էլ հասցնի անել:
Դեռ 10-րդ դասարանից մենք ունենք ընդհանուր չաթ, որտեղ սկզբում դասերի մասին էինք խոսում, հետո սկսեցինք արդեն էքսկուրսիաները քննարկել, միասին անգամ ֆուտբոլ էինք նայում ու անգամ բանավեճեր կազմակերպում:
Դե, եթե անկեղծ, մեկ-մեկ անգամ լեզվակռիվներ էլ են լինում (որտե՞ղ լինի 16 աղջիկ, ու կռիվ չլինի):
Այս տարի չաթը մեզ շատ է օգնում, մենք անգամ վերջին զանգի զանգերը չաթի միջոցով ենք ընտրել, դե էլ չեմ ասում փորձերի հայտարարություններն ու մնացած հարցերը:
Մեր չաթը սկզբում անվանել էինք 10բ, հետո 11բ, իսկ այս տարի այն ունի 12Ճ անվանումը:
Հուսով եմ մեր չաթը դեռ կունենա 13,14,15, և շարունակական աճ:
Մենք էլի կհավաքվենք էնտեղ, թեկուզ անիմաստ «սմայլիկներ» դնելով:
Թեկուզ էլի կկռվենք, իրար չենք հասկանա:
Բայց հուսով եմ, որ կշարունակվի, մեր կապը չի կորչի:
Տիգրանը երկար-բարակ չի մտածել Արցախ գնալու որոշումը կայացնելիս: Ասում է. «Եթե կորցնեմ ծնողներիս, կկորցնեմ իմ աստվածներին, եթե կորցնեմ հայրենիքս, ամեն ինչ կկորցնեմ»: Ֆեյսբուքում կարդայի՝ կմտածեի՝ պաթետիզմ է, էլի, հիմա այդպես չեմ մտածում: Ասում եմ՝ ձեր ներկայությունը ոգևորում էր, չէ՞, ջահելներին, ավելի ջահելներին, պատասխանում է՝ դրա կարիքը չունեին, նրանք իրենցից էլ «դուխով» էին: «Թեժ պահերին ասում էինք՝ դուք հետ քաշվեք, չէին գնում, դեռ մի բան էլ վիրավորվում էին»: Պատերազմից սիրուն հուշեր էլ ունի՝ բժշկուհի Անահիտից նամակ է ստացել, խնդրում էր՝ ողջ-առողջ վերադառնալ: Վերադարձավ:
Ես այն պահից սկսեցի ուրախանալ, երբ հեռախոսիս զանգ եկավ Երևանից, նույն վայրկյանից հասկացա, որ դա «Մանանայից» է, էլ ավելի ուրախացա, որ իմացա ներկա եմ լինելու Առաջին մրցանակաբաշխությանը, ու նույնքան ուրախալի էր, երբ Շուշանը ասաց, որ իմ ներկայությունը պարտադիր է: Ավելի շատ ուրախացա, որ տեսնելու եմ այն մարդկանց, ում հետ ապրել եմ 7 անմոռանալի օրեր մեդիա ճամբարում (էլի հուզվեցի), որ տեսնելու եմ «Մանանայի» թիմին:












