Ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը

Յուրաքանչյուրս փորձում ենք այնպես անել, որ ամառային արձակուրդները դառնան հիշվող և անմոռաց: Իսկ անմոռաց դառնում է մեծահասակների համար, երբ ընտանիքը համալրվում է, իսկ երեխաների համար, երբ իրենց հասակակիցների թիվը շատանում է:Դե երևի հասկացաք, այն ընտանիքները, ովքեր ֆինանսական վիճակի բարելավման և ինչ-ինչ նկատառումներից ելնելով թողել են հայրենի հողը և հաստատվել օտար ափերում, ամառային արձակուրդներին վերադառնում են հայրենիք՝ կարոտը մեղմելու և հարազատներին տեսնելու համար: Ես զրուցել եմ մի աղջկա հետ, ով մեծ տարիքում է ընտանիքի հետ Հայաստանից գնացել և երեք տարի անց քրոջ ու եղբոր հետ վերադարձել է:Ստորև ներկայացնում եմ հարցազրույցը Անահիտ Իսպիրյանի հետ:

-Երբ իմացար, որ պիտի գնաք Հայաստանից, ինչպե՞ս արձագանքեցիր դրան:

-Եթե անկեղծ, սկզբում շատ էի ուրախացել, մտածում էի՝ նոր քաղաք, նոր ընկերներ, նոր շրջապատ կունենամ: Բայց ինչքան մոտենում էին գնալու օրերը, ավելի ու ավելի զղջում էի, որ ժամանակից շուտ ուրախացա գնալու համար: Կարծես միանգամից փոխվեր ամեն ինչ, և գնալուս ցանկությունը ավելի մարում էր: Այնպես եղավ, որ ծնողներս քրոջս ու եղբորս հետ շուտ գնացին, իսկ ես, քանի որ քննություններ ունեի հանձնելու, ավելի ուշ միացա իրենց: Եվ երբ զանգում էին ծնողներս, խոսում էինք, արդեն միտքս փոխած ասում էի, որ էլ չեմ ուզում գնալ: Բայց մի կողմից էլ շատ կարոտում էի:

-Իսկ քույրդ ու եղբայրդ, ի՞նչ էին ասում, գնա՞ս, թե՞ մնաս:

-Դե ասում էին՝ արի, շատ հետաքրքիր ա անցնում, ամբողջ օրը բարեկամների հարազատների հետ ենք լինելու:

-Երբ արդեն այնտեղ էիր՝ ծնողներիդ կողքին, ի՞նչ էիր կարծում. դա այն էր, ինչի համար հասել էիք այնտեղ:

-Սկզբում ամեն ինչ լավ էր, շար լավ էինք զգում մեզ: Բայց հետո ժամանակի հետ հասկացանք, որ ամեն ինչ շատ դժվար ա: Ուրիշ երկիր, ուրիշ լեզու, անծանոթ միջավայր, ուրիշ մտածողություն ու մարդիկ: Անկեղծ ասեմ, չի եղել այնպիսի մի օր, որ չլացեմ ու չխնդրեմ ծնողներիս, որ թողնենք ամեն ինչ ու վերադառնանք Հայաստան, բայց նրանք էլ անընդհատ բացատրում էին, որ ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը. ժամանակի հետ ամեն ինչին կհարմարվեմ:

-Եվ ժամանակը ի՞նչ ցույց տվեց:

-Ցույց տվեց, որ թեկուզ աշխարհի շքեղությունները քոնը լինեն, եթե դու քո հայրենիքում չես, ուրեմն ապրում ես իմիջիայլոց: Պահպանում ես ընդամենը քո գոյությունը:

-Հայաստանում ես երեք տարի դադարից հետո, ի՞նչ ես կարծում, ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Ինձ համար ամեն ինչ նույնն է: Ես այս տարիների ընթացքում միշտ շփումը պահել եմ իմ ընկերների հետ, իսկ այնտեղ փորձել եմ շատ ընկերներ չունենալ, չկապվել ոչ մի բանի հետ:

Շուտով ամառը կվերջանա, և բոլոր կարոտողները, որոնք վերադարձել են Հայաստան, նրա հետ կհեռանան:

Ուրիշ էլ ո՞ւր, եթե ոչ Լաստիվեր

Դեպի Լաստիվեր տանող ճանապարհը բնության և արշավների սիրահարների համար է: Ճանապարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է, գրավում է հատկապես էքստրիմի սիրահարներին: Երբ հասանք Լաստիվեր, բնությունը տեսնելուն պես սիրահարվեցի Տավուշի բնությանը: Սկսեցինք շարժվել առաջ, սկզբում ճանապարհը շատ հեշտ էր թվում, բայց հետո սկսեց դժվարանալ: Պետք է անցնեինք 3 կմ ճանապարհ, և նույնքան էլ հետ դառնայինք: Ոտքերով խաչեր էինք անում ու երգով-պարով առաջ գնում: Որքան մոտենում էինք Լաստիվերի ջրվեժին, այնքան ավելի էր մեծանում հետաքրքրությունը: Խըշշ-խըշշ…

Ամբողջ ճանապարհը քարքարոտ էր, ցեխոտ, երևի անձրևի արդյունքն էր: Գնում ենք, էլի ենք գնում, բայց չենք հասնում ջրվեժին… Շարունակում ենք քայլել…

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Մեր դեմ իր դուռը բացեց դրախտը: Սկսեցինք հետազոտել տարածքը: Սովորության համաձայն սկսեցինք նկարվել, սելֆի անել: Մի խոսքով՝ հիանալի ժամանակ անցկացրինք… Վերադարձի ճանապարհը նույնպես սկզբում հեշտ էր և հաճելի, բայց երբ ծարավեցինք, իսկ ջուր էլ չունեինք, ճանապարհը սկսեց դժվարանալ: Ճանապարհի կեսից 2-3 հոգով մոլորվել էինք: Ճանապարհին մի սփյուռքահայ ջուր էր վաճառում, հարձակվեցինք ջրի վրա…

Վերջապես դուրս եկանք Լաստիվերից, և առաջին իսկ պատահած տեղում պառկեցինք հանգստանալու… Մեզ տեսնողը կմտածեր, թե անտուն մարդիկ ենք: Մեզ դեռ սպասվում էր երկար ու գեղեցիկ ճանապարհ դեպի Պարզ լիճ…

Հնագիտական պեղումներ Կալավանում

Գեղարքունիքի մարզի իմ փոքրիկ Կալավան գյուղում հուլիսի 3-ին սկսվել են հնագիտական պեղումներ «Կալավան 2» հայտնի քարեդարյան հուշարձանի տարածքում, որը թվագրվում է մոտ 30 հազար տարով: Այս հուշարձանն առաջինն անգամ ուսումնասիրվել է մոտ 10 տարի առաջ՝ հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ: Այս անգամ աշխատանքները վերսկսվել են հայ-գերմանական համագործակցության շնորհիվ, ունենք հնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Գերմանիայի և Երուսաղեմի համալսարաններից: Հայկական կողմի ղեկավարն է Բորիս Գասպարյանը, իսկ գերմանական կողմինը՝ Արիել Մալինսկին: Հնագետներին Կալավանում դիմավորել է «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար և հնագետ Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու հետքեր. նրա կողմից պատրաստված գործիքներ, ինչպես նաև վերացած կենդանիների ոսկրային մնացորդներ, որոնք նախնական տվյալներով պատկանում են խոշոր եղջերավոր կենդանիների՝ բիզոնի և բրածո եղջերուի, նաև կան մանր կրծողների ոսկորներ: Հուշարձանը հետաքրքիր է այն առումով, որ ժամանակագրորեն համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ նեանդերթալյան մարդուն փոխարինել է homo sapiens-ը՝ ժամանակակից բանական մարդը: Ըստ հնագետների՝ հնարավոր է, հնագիտական աշխատանքների արդյունքում ի հայտ գան այնպիսի փաստեր, որոնք կարող են բացահայտել, թե ինչպես և ինչ պայմաններում են անհետացել նեանդերթալցիները:

Ըստ ակնկալիքների՝ կատարվելիք աշխատանքները տևելու են մի քանի տարի և հետագայում ընդգրկելու են նաև ամբողջ Գետիկի տարածքը:

Գավառի հոգևոր կրթական կենտրոնը

20526572_742111782664156_192667323_nՀարցազրույց Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր կրթական կենտրոնի պատասխանատու Հասմիկ Սեթաղյանի հետ:

-Տիկի՛ն Սեթաղյան, կխնդրեի մի փոքր ներկայացնել Գավառի հոգևոր կրթական կենտրոնի գործունեությունը:

-Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր կրթական կենտրոնն իր գործունեությունն սկսել է 2010թ.-ից։ Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Այլանճյան ընտանիքի նվիրաբերությամբ ու մասամբ վերանորոգվել Սան Ֆրանցիսկոյի և Սբ. Պողոս եկեղեցու ծխի օգնությամբ։ Կենտրոնի նպատակն է՝ տրամադրել մասնագիտական կրթություն, որին զուգահեռ՝ նաև հոգևոր կրթություն:-Ի՞նչ խմբակներ են գործում կրթական կենտրոնում:

-Կենտրոնում գործում են անգլերենի, խմորեղենի, ձեռագործության, նկարչության, համակարգչային, խեցեգործության, փայտի փորագրության, երգեցողության խմբակներ։ Կենտրոնն ունի նաև տիկնիկային թատերախումբ, որը հանդես է գալիս տարբեր միջոցառումների ժամանակ ու միջազգային մրցույթներում։ Հիմնական մասնագիտական դասընթացին զուգահեռ տրվում են նաև քրիստոնեության և հայ առաքելական եկեղեցու պատմության վերաբերյալ դասեր, սովորեցնում ենք աղոթքներ, ընթերցում հատվածներ Աստվածաշնչից ու, վերլուծաբար, փորձում հասկանալ:

-Շահառուների ընդունելությունը քանի՞ տարեկանից է իրականացվում:

-Որոշակի տարիքային սահմանափակումներ չկան։ Կենտրոն են հաճախում ցանկացած տարիքի անձինք։ Կրթությունն անվճար է, իսկ դասընթացների լրիվ ավարտից հետո աշակերտները ստանում են վկայագրեր:N8ddv-6scH4

-Ի՞նչ մեթոդներով եք իրականացնում կրթությունը:

-Անշո՛ւշտ, կրթությունն այստեղ իրականացվում է ոչ ֆորմալ մեթոդով:
Ձեռագործության խմբակն ունի գորգագործության, հելունագործության, հուլունքագործության, կարպետի, մակրամեի, գոբելենի բաժիններ, որոնցից հատկապես կարևորում ենք գորգագործության ու կարպետի բաժինները ու փորձում ենք հնարավորին չափ աշակերտներին ծանոթացնել հայկական տարազներին, զարդանախշերին, գորգերին, մշակույթին, հայկական գործվածքներում օգտագործվող գույներին, երանգներին ու բարձրացնել աշակերտների գեղագիտական ճաշակը:
Երգեցողության խմբակում ուսուցանվում են ազգագրական և հոգևոր երգեր, շարականներ։ Հետագայում երգեցողության խմբակն ավարտած անձանցով էլ համալրվում է եկեղեցու երգչախումբը:
Նկարչության դասերը հաճախ անցկացվում են բնության գրկում՝ աշխատանքի արդյունավետությունն ու երեխաների երևակայությունը խթանելու համար։
Կենտրոնը կազմակերպում է նաև ցուցահանդեսներ, ուխտագնացություններ ու էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր ու պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:FcrC_ur3yg8

-Կենտրոնում Դուք դասավանդում եք թաղիքագործություն։ Կխոսե՞ք այդ մասին:

-5 տարի առաջ «Կենաց տուն» հասարակական կազմակերպության ժողվարպետ Լալա Մնեյանը հրավիրել էր հոլանդացի թաղիքագործության մասնագետ Անեմի Քոյնին, ում մոտ էլ երեք անգամ մասնակցել եմ թաղիքագործության դասընթացներին, որից հետո էլ սկսել եմ դասավանդել Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր կրթական կենտրոնում:JsTGAHa2KLM

-Հունիսի 3-ին կենտրոնի մի խումբ երեխաներ ուսուցիչների հետ մասնակցեցին ժողստեղծագործության կենտրոնում բացված «Ստեղծագործում են Գավառի կանայք» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված էին նաև Ձեր աշխատանքները։ Պատմե՛ք այդ մասին:

-2017թ.-ի հունիսի 3-ից 10-ը տեղի ունեցավ այդ ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Գավառից հինգ ստեղծագործող կանանց աշխատանքները, այդ թվում՝ նաև իմ։ Մենք ՀՀ մշակույթի նախարարության կողմից ժողովրդական վարպետի կարգավիճակի մասին հավաստող վկայական ստանալու համար դիմել էինք Ժողովրդական ստեղծագործության կենտրոնին՝ օգտագործելով նաև հնարավորությունը՝ մարզում բնակվող ստեղծագործող անձանց աշխատանքները մայրաքաղաքում ներկայացնելու:

Ինչ է խաղաղությունը

Սիրում եմ «Հետք» լրատվականի «Երկնքից կես քայլ ներքև» ֆիլմը, մտաբերում սարերի մարդկանց, նրանց խոսքը, մտածելակերպը, ապրելաձևը: Էդ ֆիլմը նայելով խաղաղվում եմ, չգիտեմ՝ ինչից է, երևի շատ անկեղծ ու շիտակ ֆիլմ է: Հենց այդ ֆիլմի ու խաղաղության մասին էի մտածում, երբ դուռը բացվեց: Ներս մտնողը մորս հորաքույրն էր, որին արդեն բավականին երկար ժամանակ է՝ բոլորս Էլո ենք ասում: Հարցնում եմ.

-Էլո՛, քեզ համար ի՞նչ ա խաղաղությունը:

-Խաղաղությունը, վեր կռիվ չես անում, խաղաղ ես, պատերազմ չկա:

Քիչ հետո ավելացրեց.

-Խաղաղություն չկա:

Բարձրանում եմ Արաքսի տատիկենց տուն, նույն հարցը նրան տալիս:

-Ազատություն էլի, ազատ ըլենք,- պատասխանում է:

Իջնում եմ տատիկենց տուն:

-Տա՛տ, քեզ համար ի՞նչ ա խաղաղությունը:

-Մեծ երջանկություն, անամպ երկինք, ամեն մի մայր խաղաղություն կուզի, վե՞ր մի ծնողը չի ուզի, ա՛յ բալա ջան:

Ընկերուհուս եմ հարցնում ֆեյսբուքով:

-Ինձ համար խաղաղությունը էն կլինի, երբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում սահմաններին զինվորներ չկանգնեն, կարիքը չլինի, որ զինվորներին բանակ ճանապարհելիս չլացեն, այլ ուրախանան:

Հաջորդ զրուցակիցս Հովիկ պապիկն է: Տղան Արցախյան ազատամարտի ժամանակ է զոհվել: Հարցիս պատասխանում է.

-Երբ վեր երտիտասարդներ չզոհվեն, մեր աղջիկները, պատանիները չիմանան՝ ինչ ա պատերազմը, պատերազմ չտենան: Դա կլինի խաղաղություն:

Ապարանցիների մասին անեկդոտներ է պատմում, ծիծաղում, վերջում էլ ավելացնում.

-Ա՛յ, տհե պաներ կրեն, ժողովրդին ուրախացնեն, հոգսը թեթևացնեն: Թե չէ՝ էս երկիրը երկիր չի:

Ինձ համար խաղաղությունն այն կլինի, երբ ամեն անգամ եկեղեցում մոմ վառելիս ոչ թե Աստծուց խաղաղություն խնդրեմ, այլ շնորհակալ լինեմ խաղաղության համար, երբ ամեն օր լրատվականներով չլսենք ևս մի զինվորի կորստի մասին, երբ իբր «խաղաղ բանակցություններ» չեն վարի, երբ արյամբ պահած հողը մի քանի վայրկյանում ու մի թղթի կտորով չեն զիջի, երբ հոպարին առաջվա նման ավելի հաճախ կտեսնենք, երբ, վերջապես, նման «պաթոսախեղդ» հարցեր չենք հնչեցնի, նման բովանդակությամբ նյութեր չենք գրի, այլ կլինենք խաղաղ ինքերս մեզ հետ, մեր հոգում, աշխարհի նկատմամբ:

Բայց միգուցե Էլոն ճիշտ էր. խաղաղություն չկա: Դեռ չկա…

Ֆրանսիացի կամավորները մեր գյուղում

Մի քանի շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ՀԵԿ (Հայկական երիտասարդական կազմակերպություն) կազմակերպության ֆրանսիացի կամավորները: Նրանք իրենց ամառային հանգիստը անցկացրին մեզ մոտ՝ Լճաշենում: Ինչպես նրանք մեզ պատմեցին՝ Ֆրանսիայում անցկացվում է մեծ ընթրիք, որին մասնակցում են տարբեր խավերի մարդիկ (օրինակ՝ մեծահարուստներ, բարերարներ, ուսանողներ և նաև տարբեր ոլորտների մասնագետներ), կատարվում է դրամահավաք, և ընտրվում են Հայաստանի գյուղերից մի քանիսը, որտեղ կամավորները պետք է անցկացնեն դասընթացները: Այս անգամ ընտրվեց նաև մեր գյուղը: Ֆրանսիացի կամավորները աջակցեցին նաև սպորտդպրոցի վերանորոգման աշխատանքներին: Նրանց նպատակն էր՝ ծանոթացնել գյուղի երեխաներին Ֆրանսիայի մշակույթի հետ և նաև ծանոթանալ Հայաստանի մշակույթի առանձնահատկություններին: Նրանք մեզ ծանոթացնում էին ֆրանսիական ազգային երգերին, իսկ մենք, փորձելով հետ չմնալ, սովորեցնում էինք մեր ազգային պարերից մի քանիսը: Նրանց հատկապես դուր էր եկել «Թամզարան»: Ցանկացած հայկական երաժշտության ներքո պարում էին այդ պարը: Երեխաներից ոմանք սկսում էին ծիծաղել, իսկ պարի ուսուցիչը նրանց հայացքով սաստում էր, քանի որ մեր արած կամ ասած ինչ-որ անզգույշ արտահայտություն կամ պահելաձև կարող էր խիստ վիրավորել նրանց: Դե, հասկանում եք, իրենց մոտ մշակույթը ու կուլտուրան լրիվ ուրիշ է: Ֆրանսիացի երիտասարդները գյուղի երեխաների հետ անցկացնում էին տարբեր ժամանցային ծրագրեր, դասընթացներ, դիտում էին ֆիլմեր և այլն: Նույնիսկ արդեն անգիր էինք արել կամավորների անունները, չնայած նրան, որ բարդ էր դրանք արտասանելը, իսկ նրանք արդեն հայերեն բառեր էին սովորել մեզանից: Հաճախ լեզվի խոչընդոտի պատճառով իրար լավ չէինք հասկանում: Դպրոցում գերմաներեն ենք անցնում, իհարկե, լավ կլիներ, եթե ավելի լավ ուսումնասիրեինք անգլերենը, քանի որ այդպես կկարողանայինք ավելի լավ հասկանալ մեր օտարերկրացի ընկերներին: Սակայն լեզվի խոչընդոտը չխանգարեց նրանց հետ լավ ժամանակ անցկացնելուն: Նույնիսկ Ֆրանսիա-Լճաշեն ֆուտբոլային թիմեր ստեղծվեցին:

Արդեն նրանց գնալու ժամանակն էր, քանի որ ամառային հանգստի մյուս մասն էլ պիտի Լճափ համայնքում անցկացնեին: Մեր գյուղի երիտասարդներն էլ մի գեղեցիկ հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել նրանց համար: Արդեն շատ լավ ընկերներ էինք դարձել և, իհարկե, մենք կշարունակենք շփումը սոց. ցանցերի միջոցով: Մենք ձեռք բերեցինք նոր ֆրանսիացի ընկերներ, չնայած նրան, որ իրարից տարբերվում էինք թե՛ լեզվով, և թե՛ նախասիրություններով:

Վերջապես…

Ի՞նչ էին անում բոլոր աշակերտները ամռան այս երկու ամիսներին. դե, բնականաբար, հանգստանում էին: Ճամբարներ, սեմինարներ…

Իսկ ի՞նչ էի անում ես: Ես մինչև հիմա պարապում էի: Վերջապես վերջացրի: Ինչպես սիրում եմ ասել՝ Դոբին ազատ է: Եկել է հանգստանալու ժամանակը: Բայց ի՞նչ հանգստանալ կամ ինչպե՞ս հանգստանալ, երբ հիշում ես, թե որքան հանձնարարություն ունես: Ինչպես իմ շա՜տ սիրելի ուսուցչուհին՝ Աղաջանյանն է ասում՝ ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Պետք է հիշել, որ միասին նպատակ ունենք ու պիտի հասնենք դրան: Իսկ նպատակին հասնում են միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ: Ուսուցչուհիս ինձ տալիս է ոչ միայն գիտելիքներ կենսաբանությունից ու քիմիայից, այլ նաև կյանքի դասեր ու խորհուրդներ, որոնք էլ ավելի կարևոր են: Նա գիտի, թե ինչպես աշակերտին տրամադրել պարապելու ու գիտի աշակերտին իր նպատակին հասցնել:

Վերջապես օգոստոսն է, պիտի հանգստանամ: Էլի մեքենայով գնում եմ Ռուսաստան: Հուսանք, որ այս անգամ նորից ստիպված չեմ լինի մի քանի ժամ անցկացնել թշնամու հետ մեկ սենյակում:

Հայաստան-Վրաստան-Վլադիկավկազ-Մոսկվա-Պետերբուրգ: Հետաքրքիր է անցնելու: Երկար ճանապարհ՝ սիրելի մարդկանց հետ: Բայց ինչպես ասել էի, ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Հենց դրա համար ինձ հետ վերցրել եմ իմ բոլոր գրքերը, շտեմարանները:

Դե, ընկերներ, ի գո՜րծ: Ինձ հետաքրքիր ճամփորդություն ու նպատակային պարապմունքներ, իսկ ձեզ՝ ակտիվ հանգիստ:

Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն:

Հարսիկիս պատրաստած խորովածը

Մի օր քեռիս խոստացավ, որ խորոված կպատրաստի: Հացի ժամին նկատեցինք, որ մեքենայի անվադողն է վերանորոգում: Նրա կինը հարցրեց.

-Վարդան, խորովածի կրակը չե՞ս վառում:

-Ուզում ես խորոված ուտես՝ արա ու կեր, ես ժամանակ չունեմ:

Հարսիկս ասաց.

-Չի անում, թող չանի, ես կանեմ: Ասաց ու անցավ գործի: Միսն ու կարտոֆիլը կտրատեց, համեմեց ու դրեց մի կողմ, սալորից թթու կոմպոտ պատրաստեց, նաև՝ ամառային աղցաններ:

Հետո իջավ բակ, մանղալը դրեց հարմար տեղում, ցախը բերեց, կրակը վառեց ու ասաց.

-Վարդան, կրակին կնայես, ես գնում եմ միսը շամփրեմ:

Քիչ հետո շամփուրները ձեռքին իջավ ցած ու միսը դրեց կրակի վրա:

-Դե տես, հեսա ինչ խորոված եմ անելու,- ասաց հարսիկս:

-Արա, արա, տեսնեմ՝ էդ ինչ տես անի:

Խորովածն արդեն պատրաստ էր, ու հարսիկս բոլորին կանչեց սեղանի մոտ:

Ամեն ինչ շատ համեղ էր ստացվել, բոլորին շատ դուր եկավ, մանավանդ՝ քեռուս: Ու քեռիս ասաց.

-Սրանից հետո խորովածը դու ես անելու,- ասաց ու ծիծաղեց:

Գավառում Վարդավառ է

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մա՛ր, զարթնի՛ր, արդեն սկսել ենք,- արթնացրեց քույրս ուրախ բացականչությամբ:
-Ժամը ութի՞ն,- փնթփնթալով վեր կացա ես:

Մինչ պատրաստվեցի ու դուրս եկա, պարզվեց, որ բավականին ուշացել եմ ու, ինչն ամենացայտունն էր, միակ չթրջված մարդը դրսում։ Չհասցրեցի ջրով լի դույլս բարձրացնել, երբ հետևից ինչ-որ մեկն իր դույլը գլխիս դատարկեց, իսկ առջևից էլ երեխաները «Մարիամին չենք ջրել» բացականչությամբ դեպի ինձ էին վազում։ Մնում էր միայն փախչել ու հուսալ, որ ջուրը շատ սառը չի լինի։
Ես էլ թրջվեցի։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ջրում էինք առանց թիմերի բաժանվելու՝ ով ում պատահի։ Ոչ ոք չէր մնում չոր հագուստով, եթե նույնիսկ պատշգամբում էր։ Չէ՞ որ շենքի բարձր հարկերից նույնպես ջրի շիթեր էին բաց թողնում։ Որքան վերև՝ այնքան ապահով:
Շուտով մեզ՝ երեխաներիս, միացան նաև մեծահասակները՝ հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները։ Արկածները դեռ նոր էին սկսվում։ Անծանոթ մարդկանց չէր փրկում նույնիսկ «մոտս հեռախոս կա» կամ «կարևոր տեղ եմ գնում» արտահայտությունները:
Երբ նկատեցի, որ շարժն աշխուժացավ, ու կարելի էր հետաքրքիր կադրեր որսալ, տուն գնացի, որպեսզի վերցնեմ տեսախցիկս ու լուսանկարներ անեմ։
Հասկացա, որ դրսում անհնար կլիներ մոտենալ մարդկանց ու չփչացնել տեսախցիկը։ Որոշեցի գործել պատուհանից ու պատշգամբից։ Սկզբում ամեն ինչ լավ էր, ու կարծես ոչ ոք ինձ չէր նկատում։ Մեկ էլ հանկարծ զգացի, որ թրջվում եմ։ Վերևի հարկի հարևանն էր։ Չգիտեր, որ նկարում եմ։ Այժմ թրջվեցի ոչ միայն ես, այլև տեսախցիկս։ Այնուամենայնիվ, հաջողվեց որոշ նկարներ պահպանել։ Դրսում ջրոցին դեռ երկար շարունակվեց։ Մեկը քամում էր թրջված մազերն ու շորերը, մյուսը արևկող պատին հենվում՝ չորանալու, մյուսներն էլ շարունակում էին խաղը: