Երկրորդ արևը՝ արևից հետո

Արևը բոլորիս համար էլ մեկն է, այն ջերմացնում է բոլորիս հավասարաչափ և ոչինչ էլ չի պահանջում: Բացի հսկա արևից՝ իմ կյանքում կա նաև փոքր արև՝ մսից և արյունից: Չէ, նա փոքր չէ, ինձնից մեծ է, բայց փոքր է արևից: Ես նրան ընդամենը մեկ անգամ եմ տեսել, այն էլ՝ հեռվից:

Շատ լավ եմ հիշում նրա դեմքը. այդ պահին մեր հայացքները բախվեցին ու մինչև այսօր էլ հիշում եմ այդ պատկերը, որը խնամքով մտապահել է հիշողությունս:

Այնքան ջերմ էր ժպտում, կարծես արևի շողերից պոկված լիներ, այն ժպիտներից, որ ժպիտ են բերում: Եթե գիտությունն այնքան զարգացած լիներ, որ ստեղծեր հզոր տեսախցիկ, որը կկարողանար նկարել հիշողության մեջ մտապահված պատկերները, հաստատ գիտեմ՝ լավ նկար կլիներ: Նկարչական այնպիսի բնատուր շնորհ էլ չունեմ, որ կարողանայի թղթի վրա նկարել, գիտեմ՝ գեղեցիկ կտավ կլիներ: Այնպիսին, ինչպիսին Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան է: Այն պետք է օծված լինի արևի շողերով, որոնք կճառագայթեին ու կջերմացնեին նաև մեզ: Այսօր ավեի հստակ եմ հիշում նրա դեմքը, փոքրիկ աչքերը, գեղեցիկ թուշիկները, ջերմացնող ժպիտը, ձեռքերն իրար վրա դրած կանգնած էր: Շատ եմ ափսոսում, որ չմոտեցա ու չգրկեցի նրան: Արդեն մի 100 գրկախառնություն եմ խոստացել նրան, բայց, ինչ արած, հեռավորությունն է խանգարում:

Երբ սկսեցի Ամալյայի հետ շփվել, սկսեցի լրիվ այլ կերպ նայել և՛ արևին, և՛ լուսնին: Այժմ չափից շատ եմ սիրում գրկել մարդկանց: Իսկ դուք գիտե՞ք, որ նա լացկան է՝ ուրախ արև, որ միշտ լաց է լինում: Բայց նա ուժեղ է, այնքան ուժեղ, որ դիմանում է ամեն տեսակ անարդարությունների, նա ինձ համար չկոտրվող, հզոր կամքի տեր մարդու օրինակ է: Երբ ամեն անգամ հավատով ասում եմ.

-Ա՛մ, լավ կլինի:

Ասում է.

-Հուսանք:

Մեկ-մեկ բարկացնում է, որովհետև ես գիտեմ, որ հաստատ ամեն ինչ լավ կլինի: Հիշում եմ այն օրը, երբ անգլերենի քննության էր: Արդեն կեսօր էր, երբ գրեցի.

-Ամ, ի՞նչ ստացար:

-Լիլ, 20:

Ես հաստատ գիտեի, որ բարձր էր ստանալու, չնայած՝ կրկին ասում էր «հուսանք»: Եթե Ամալյայի մի հոդվածի վերջում չկարդայի, որ ամաչում է առաջինը գրել ու ծանոթանալ, երևի այդպես էլ չծանոթանայինք:

Իմ ամաչկոտ Ամալյային այսօր էլ խոստանում եմ մեկ գրկախառնություն: Ու դա էլ թող լինի 101-րդը: Մի օր իսկապես կգրկեմ այնպես, ինչպես դու ես գրկում բոլորին՝ սիրով լեցուն:

Մեր ծովը

Մեր գյուղը՝ Լճափը, գտնվում է Սևանա լճի ափին։ Երբ սկսվում են ամառային արձակուրդները, և եղանակները սկսում են տաքանալ, համարյա թե ամեն օր մենք բարեկամներով գնում ենք Սևան։ Չէ’, չէ ոչ թե Սևան, այլ ծով՝ մենք այդպես ենք անվանում մեր Կապույտ ծովը: Իսկ ինչո՞ւ ծով, քանի որ Սևանա լճին մոտ ապրող մարդկանց համար Սևան՝ միայն Սևան քաղաքն է, դրա համար էլ, երբ քաղաքներում ապրող մարդկանց ներկայությամբ ասում ենք, որ իջնում ենք ծով, նրանցից շատերը զարմանում են ու ծռմռում իրենց դեմքը:

Հաճախ մեծահասակները խուսափում են ծովից, իսկ դրա պատճառներից մեկը իրենց վախն է: Շատ եմ լսել մեծերից «Ծովն իր փայը անպայման տանում ա» արտահայտությունը, դա նշանակում է, որ ամեն տարի դժբախտաբար մարդիկ են խեղդվում ծովում: Որքան էլ ցավալի է ընդունելը, դա այդպես է։ Չկա մի տարի, որ չլսենք այդպիսի դեպքերի մասին:


Բայց չհաշված այս ամենին, երեխաներն ու երիտասարդները չեն դադարում գնալ ծով, ինչ արած, ես նույնպես նրանց խմբին եմ պատկանում: Շատ եմ սիրում մեր Սևանը, մեր ծովը, սիրում եմ լողալ կամ էլ ուղղակի նստել ափին ու լսել ալիքների խշշոցը։ Հենց լույսը բացվում է, և եղանակը արևոտ է լինում, ես, քույրս, եղբայրս և հորեղբորս երեխաները սկսում ենք պապիկին համոզել, որ մեզ տանի ծով: Եվ քանի որ բոլորս միասին տխուր դեմքեր ենք ընդունում, նա չի կարողանում մեզ մերժել։ Ծովի ափին մարդիկ ուրախ են, հանգիստ, բայց միևնույն ժամանակ, անհանգիստ և շատ նյարդային։ Չկա մի այնպիսի օր, ոը լճի ափին գտնվելու ժամանակ չլսեմ «Բալա ջան հեռու մի գնա, փորձանքի բուն ա, հո դու գիշերվա երա՞զ չես», «Հերիք ա, դուս արի, քոռնամ ես, կմրսես կհիվնդնաս», «Որ սենց եք անում՝ հեսա կզանգեմ ձեր հորը, ու էլ ծովի երես չեք տենա» խոսքերը:

Հրաշքը

«Բախտը ժպտաց, և ճակատագիրը ծիծաղեց, երբ նա մոտեցավ օրորոցիս…»

Նաթալի Մերչենթ, «Հրաշքը»

Շատ տարիներ առաջ Պալացիոն պաղպաղակի խանութի առջև տեսնում է մի արտասովոր արտաքինով աղջնակի և միանգամից հասկանում, որ իր ստեղծագործելու ժամանակը եկել է: Բազում անքուն գիշերներից հետո ծնվում է նրա առաջին վեպը՝ «Հրաշքը»: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտվել գրքի մասին, բայց բոլոր կարծիքների հիմքում էլ նույն հուզականությունն է: Բառերը կարող են քեզ հասցնել մինչև երկինք, բայց այդ բառերը երբեք չեն կարողանա բացատրել՝ ինչ է երկինքը: Օգյուստը կամ Օգին ծնվել է դեմքի թերություններով, ու լինելով 10 տարեկան, արդեն մոտ 27 վիրահատություն է տարել, որոնք խորը սպիներ են թողել նրա դեմքին: Նրան ուղղված նամակ էի գրել, որից էլ ներկայացնում եմ մի հատված:

«Հիմա ինքս ինձ չեմ ցանկանում խոստովանել, որ մի պահ չէի սարսռա քո տեսքից: Բայց դա միայն իմ մի ակնթարթի սխալը կլիներ: Օգի՛, դու հավանաբար չգիտես, որ քո պատմությունը գրի է առնվել, ու ես քո մասին արդեն շատ բան գիտեմ: Հուսամ դրա պատճառով դեմքդ կրկին չես ծածկի վերմակով ու լաց չես լինի, քանի որ դա ինձ չի խանգարում ավելի շատ սիրել քեզ: Պետք է ասեմ, Օգի, որ քո կողմից միանգամից հինգերորդ դասարան ընդունվելը իսկապես խիզախ քայլ էր: Երեխաները, իհարկե, քեզ «հրեշ» ու «գարշելի» էին կոչում, բայց դու հաղթահարեցիր ամեն ինչ ու հաղթեցիր բոլորին: Դու կարողացար քո գործերի հուշարձանը կանգնեցնել բոլորի հիշողության մեջ: Դա չափազանց կարևոր է: Դու պայքարեցիր արևի տակ քո տեղն ունենալու համար, թեև հիմա բոլորը չէ, որ կարող են այդպես: Դու արժանացար հոտնկայս ծափահարությունների, և դա ամենակարևորն է: Հիշո՞ւմ ես, դու քեզ սովորական երեխա էիր համարում՝ արտասովոր տեսքով, բայց հիմա դու սովորական ես միայն քո արտաքինով: Գիտեմ, Ջուլիանին արդեն ներել ես քեզ վատ բառեր ասելու համար, հավատա, նա արդեն գիտակցում է իր քայլերի անհեթեթությունը: Ես քո կանոնը շատ լավ եմ հիշում. «Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը»: Այսքանը, Օգի՛, մի օր անպայման կհանդիպենք: Դու լավագույն սովորական երեխան ես, ում երբևէ ճանաչել եմ»:

Հիմա դու գիտես, թե ով է Օգին, և եթե փողոցում երբևէ հանդիպես անսովոր արտաքինով մի երեխայի, քո տարօրինակ հայացքով մի՛ այրիր նրա երեսը ու աչքի տակով անընդհատ մի նայիր նրան, քանի որ նա միշտ ձևացնում է, թե չի նկատում, ախր, նա Օգին է: Ինչևէ: Այժմ պետք է գրեմ իմ կանոնը. «Ամեն մեկն իր պատմության գլխավոր հերոսն է, ուստի փորձեք բացասական կերպար չլինել»:

«Հայաստանի երեխաները» լուսանկարչական մրցույթի հաղթողներ

Քրիստոնյան

Ծերուկը կաղալով առաջ էր շարժվում ձեռնափայտի օգնությամբ։ Չնկատելով շուրջը եռացող աշխարհը՝ մրթմրթալով անցավ ծառուղով ու նստելով նստարանին՝ խորը հառաչեց.
-Ձախողում, ամեն գործում ձախողում ու սննկացում…
Վեր կացավ, առանց շրջանցելու ջրափոսերը, առաջ գնաց ու փորձելով հավասարակշռված քայլել՝ դժվարությամբ ուղղեց ծերությունից կռացած մեջքը։ Մեկ-երկու քայլ ևս, ու դեն նետեց ձեռքի օղու դատարկ շիշը և հուսահատ մենախոսելով՝ մոտեցավ հսկա դռանը։ Վերջին հույսն ու մխիթարությունը միայն այստեղ էր, այս դռնից այն կողմ՝ եկեղեցու պատերի ներսում…
Կար ժամանակ, երբ ինքն էլ հավատում էր ու երբեմն լինում էր եկեղեցում։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ շռայլ ու հարուստ կյանքն իր ապրելակերպից եկեղեցու դերն ու հավատը դուրս էր մղել։ Գուցե այդ է պատճառը, որ այժմ ոչինչ ու ոչ ոք չունի։
Երերուն քայլերով առաջ անցավ, մոտեցավ մոմավաճառի խցիկին, ձեռքը գրպանը տարավ, բայց ոչինչ չհանեց այնտեղից։ Գրպանը պատռված էր, իսկ վերջին մետաղադրամներն էլ անզգուշորեն այդ գրպանն էր լցրել։

Մեկ տարի, երկու, երեք… Գնալով կյանքը դարձել էր ավելի խղճուկ ու անտանելի։ Քաշվեց եկեղեցու վեհ պատերի մի փոքրիկ անկյունն ու, վախվորած այս ու այն կողմ նայելով, դողացող ձեռքով խաչակնքեց։ Գլուխը հենեց պատին ու ցածրաձայն աղոթք մրմնջաց, որն ավելի շատ պայման, քան աղոթք էր հիշեցնում։ Պայման՝ վերականգնելու կորցրած փառքն ու հարստությունը՝ իր քրիստոնեական հավատին դառնալու դիմաց։
Հազիվ ոտքերի վրա կանգնելով՝ շարժվեց դեպի դուռը, փակեց այն իր հետևից, քայլեց դեպի մոտակա այգին, մի ծառի շվաքում՝ խոտերի վրա պառկեց ու հայացքը եկեղեցու խաչին հառած՝ գալիքի հույսով քուն մտավ։

Ես քեզ ազատ եմ թողնում

Երբ հոգեբանական թեստ ես անցնում, ութսուն տոկոս հավանականությամբ քեզ կասեն, որ խոր ընկճախտ ես ապրում, բոլոր գույները «փախել» են նկարներիցդ, իսկ դու ապշած կանգնած ես, դեռ լրիվ չես հասկանում՝ ինչ է կատարվում, ու անհույս փորձում ես հոգեվիճակդ կայունացնել։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ոչ մի ուրախ, երջանիկ ու կյանքից գոհ մարդու մտքով չի անցնի գնահատել իր հոգեկան վիճակը. նա առանց էդ էլ վստահ է, որ ամեն ինչ հիանալի է, ու փոփոխությունների կարիք չկա։

Իսկ որ կասկածում ես, վստահ չես որոշմանդ վրա, որ ամեն մեկի ասածը արդեն սրտիդ մոտ ես ընդունում ու անվերջ, անընդհատ փորձում ես վերանայել մտքերդ, բոլոր կողմ ու դեմ ասածները, համացանցից գտած ամեն տեսակի նյութ, տատիկի՝ թերթից կարդացած ամեն հոդված, որ էս կամ էն ձևով առնչվում են քեզ հուզող հարցի հետ… Այ, էդ պահին արդեն, իրոք, թեստը կասի, որ ընկճախտի մեջ ես։ Ու արդեն դու էլ կհավատաս, որ սևից ու սպիտակից բացի՝ աչքիդ առաջ ուրիշ գույն չկա։

Բայց ինտերնետային թեստերը չեն, որ պիտի որոշեն մեր հոգևիճակը մեր փոխարեն, ուրիշների ոգեշնչող կամ փնովող խոսքը չէ, որ պիտի կարծիք ձևավորի: Ու այս ամեն ինչը չպիտի ուղղորդի մեզ ու թելադրի, թե ով լինենք ու ոնց գործենք։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ինձ հուզում՝ կասեմ, որ անորոշությունն է ինձ հուզում։ Երևի ամենասարսափելի բանն է, որ չես կողմնորոշվում՝ ինչ է կատարվում հետդ, ու դրա պատճառով ամեն տեսակի թույլ կամ ուժեղ ճնշումից միանգամից հուզվում ես, սկսում կասկածել։ Անտանելի վիճակ է, երբ չգիտես, թե դու ով ես։ Չեմ ասում որպես մարդ էակ, չէ՛, ուղղակի պահ կա, որ դու էլ չես հասկանում արածիդ նպատակը։ Ու հենց այդ ժամանակ խորհրդի կարիք ունես, բայց թարսի պես ում հարցնում ես, ամեն մեկը մի բան է ասում։ Դե արի՛ ու հասկացի՛ր, թե որ մեկին լսես։

Օրինակ՝ անցյալ տարի չէի կողմնորոշվում, թե ուր դիմեմ, որ բուհ գնամ ու ինչ անեմ կյանքիս հետագա տարիներին։ Շատ շփոթված էի, ուզում էի միանգամից ամեն ինչ դառնալ, բայց միևնույն ժամանակ ոչ մի բան սիրտս չէր գերում։ Տանը վեց հոգով ենք ապրում, ու այդ վեցից հինգը ինձ լրիվ տարբեր առաջարկներ էին անում, թե ուր դիմեմ։ Շատ թե քիչ, մի բան որոշեցի, գնացի մի ուղղությամբ, որը ինձ չէր համապատասխանում։

Վախ կա, որ սխալվել եմ, որ էս ճանապարհն ինձ էդպես էլ նորմալ տեղ չի հասցնի, ու պարբերաբար հիշում եմ դրա մասին։ Ու էսպես, վախը սրտում, առաջ եմ գնում, բայց նույն ժամանակ ինձ ուրիշ տեղում էլ չեմ պատկերացնում։

Ու էսպիսի մտքերով ինտերնետ ես մտնում, հոգեբանական թեստ գտնում, անցնում ու հասկանում, որ էն աստիճանի տառապյալ էակ ես, որ անգամ թեստն է դա հասկացել, դեռ մի բան էլ քեզնից լավ։ Այդ զգացումը մեջդ է ապրում անընդհատ, միտք էլ չունի գնալու։ Բայց ամեն ինչն էլ ավարտ ունի, չէ՞. «Happy end» են ասում։

Իմ ու անորոշության ուրախ ավարտն էլ բաժանումը կլինի։ Չէ՛, մենք իրար չենք սազում։ Ես քեզ ազատ եմ թողնում։

Մայրիկիս ծաղկանոցը

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Մայրիկս ծաղիկներ շատ է սիրում, կապ չունի՝ ինչ տեսակի կամ ինչ գույնի: Ամեն ինչ գիտի դրանց մասին ու ասում է, որ երբ տանը մենակ է լինում, զրուցում է ծաղիկների հետ: Ինչպես մեր հարևաններն են ասում՝ մեր տանը «ծաղիկների դարդից տեղ չկա»: Բակում մայրս նույնպես աճեցնում է տարբեր ծաղկատեսակներ, բայց վարդերը գերակշռում են:

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Վերջերս կարկուտի պատճառով մեր բակի ծաղիկները շատ տուժեցին: Մայրս տխրել էր, չէ՞ որ դա նրա քրտնաջան աշխատանքն էր, չէ՞ որ նա հոգի էր դրել այդ ծաղիկների մեջ: Երբ հանկարծ անզգուշորեն դիպչում եմ դրանց, մայրս բարկանում է և ասում.

-Դու նույնպես կբարկանաս, եթե ինչ-որ մեկը անզգուշորեն վարվի քո ամենասիրելի իրերի հետ:

Մրցավազք

-Չակոր, դու՛ կարող ես, պետք է վազես…

-Չմտածես, դու պետք է հաղթես այս մրցավազքում:

-Առաջ, չկանգնես… Այո՜… Դու հաղթեցիր…

Հիշեցի՞ք: Պարապմունքից հոգնած վերադառնում եմ տուն: Հյուրասենյակից լսվում են բարձր ձայներ: Բացում եմ դուռը ու տեսնում, որ ամբողջ ընտանիքս լարված սպասում է, արդյո՞ք նա հասնում է եզրագծին, թե° ոչ: Անկախ ինձանից ես էլ սկսեցի ոգևորված նայել: Նա նպատակ ուներ ու պատվով հասավ եզրագծին: Քննությունները նույնպես նմանեցրի այդ մրցավազքին: Ինը ամիս շարունակ վազում ենք, վազում ու փորձում հասնել այդ բաղձալի եզրագծին: Ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում, ամիսները արագ էին անցնում, իսկ վերջին մեկ ամիսը, կարելի է ասել, գովազդային ընդմիջումներով անցավ: Յուրաքանչյուրս ցանկանում էինք պատվով հասնել եզրագծին: Իսկ եզրագծին հասնելը միշտ էլ դժվար է: Ինչպես Չակորը վազքի ընթացքում հանդիպեց չար ու նախանձ մարդկանց, այնպես մենք կյանքում, այս ամիսների ընթացքում հանդիպեցինք այնպիսիններին, ովքեր նեղվում էին, որ դու պատվով հաղթահարեցիր ամեն ինչ: Իսկ վազքուղուն կանգնած յուրաքանչյու դիմորդ ցանկանում էր թռչել ինչքան կարող էր վերև, ցնծալ, հպարտանալ: Չակորը փորձում էր ջնջել ստրկության նշանը, իսկ այնտեղ կանգնած յուրաքանչյուր դիմորդ ունի հստակ նպատակ և ամուր կագնած է իր ոտքերի վրա` մեկը ուզում է դառնալ լավ լրագրող, մյուսը արդար դատավոր, մեկ ուրիշը՝ անշահախնդիր բժիշկ…

Ես հասա եզրագծին:

Խաչքար Կալավանում

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Կալավան գյուղի գյուղապետ Սամվել Ծատուրյանն իր երկրապահ ընկերների հետ բարձրացավ դիրքեր, որտեղ զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը: Նրանք դիրքերում մնացին մեկ ամիս: Հետո վերադարձան գյուղ և որոշեցին խաչքար կանգնեցնել զոհվածների հիշատակին: Գյուղապետը համախմբեց գյուղացիներին, և սկսեցին խաչքարի աշխատանքները: Բոլորը մի մարդու նման աշխատում էին, չէ՞ որ խաչքարը զոհվածների հիշատակին էր նվիրված:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Անցան ամիսներ, խաչքարն ամբողջությամբ պատրաստ էր: Եվ մեր փոքրիկ գյուղում մեծ միջոցառում էր կազմակերպվել: Ներկա էին Կրասնոսելսկի երկրապահները, պատանի երկրապահները, Արմենակ Ուրֆանյանի մայրը, Քյարամ Սլոյանի մայրն ու եղբայրը, Ռոբերտ Աբաջյանի եղբայրները, Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները և շատ բարձրաստիճան հյուրեր: Զոհվածներին հետմահու պարգևատրեցին «Ոսկե արծիվ» շքանշանով: Ոչ ոք չէր կարողանում արցունքները թաքցնել:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Ես շատ հուզված եմ, որ մեր փոքրիկ գյուղում կա խաչքար, և կարծում եմ, որ զոհվածների ծնողները և մնացած բոլոր հյուրերն ամեն տարի նորից կհավաքվեն:

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Առաջին մրցանակ

Հայկի հետ սովորում էի նույն դպրոցում: Նա շատ ընդունակ և խելացի տղա էր, փայլում էր մաթեմատիկական գիտելիքներով, բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մրցույթին և գրանցել փայլուն արդյունքներ: Հայկի ընտանիքը բազմանդամ է, և քանի որ մենք գիտենք մեր երկրի սոցիալական վիճակը, ինչպես նաև՝ պետության աջակցության չափը սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքներին, ուստի բնական է, որ նրանց սոցիալական պայմանները չէին բավարարում կենցաղային ծախսերը հոգալու համար: Եվ մի օր էլ Հայկը սկսեց չհաճախել դպրոց: Հետաքրքրվեցինք և իմացանք, որ նրա դպրոց չհաճախելու պատճառն այն էր, որ Հայկը որոշել էր աշխատել իր հայրիկի հետ՝ հոր վզին դրված ծանր բեռը ինչ-որ չափով թեթևացնելու համար: Դպրոցի տնօրինությունը փորձեց խոսել Հայկի և նրա ծնողների հետ, սակայն դա չազդեց նրա որոշման վրա: Հայկի մայրիկը պնդում էր, որ իրենք շատ են խոսել նրա հետ, սակայն որոշման վրա ոչ մի ազդեցություն չեն կարողացել ունենալ: Եվ այսպես, այս պատմությանը շարունակություն չտրվեց, ինչը մեծագույն սխալ էր:

Ըստ իս՝ Հայկը գտնվում էր դեռահասության շրջանում, և ինչպես բոլորին է հայտնի, այդ շրջանում երեխաները՝ հատկապես տղաները, ծանր հոգեբանական փուլ են անցնում: Հայկի մոտ դա ավելի խորացված էր: Նրա հետ պետք է աշխատեր մասնագետների մի մեծ խումբ՝ դպրոցի ղեկավարության գլխավորությամբ, և Հայկը պետք է շարունակեր իր ուսումը: Ես վստահ եմ, որ նա փայլուն ապագա կունենար, ուղղակի պետք էր հաղթահարել այդ շրջանը:

Սա երեխայի իրավունքի խախտում է ոչ միայն օրենքի սահմաններում, այլև բարոյական տեսանկյունից: Ես վստահ եմ, որ նմանատիպ իրավիճակներ մեր շրջապատում շատ-շատ են լինում, ու երեխաները այդպիսի քայլի դիմում են ոչ նրա համար, որ ենթարկվում են ծնողների կողմից բռնության (տեղեկացված եմ, որ Հայկը չի ենթարկվել իր ծնողների կողմից ոչ մի տեսակի բռնության և հարկադրված չի եղել աշխատելու), այլ տեսնելով իրենց սոցիալական վիճակը՝ փորձում են օգնել իրենց ծնողներին՝ փոխելու իրենց կյանքը:

Չեմ ուզում անդրադառնալ մեր երկրի վիճակին և նորից փնովել այն, բայց հարկադրված եմ նշել, որ եթե երեխան ինչ-որ չափով սոցիալապես ապահովված զգա իրեն, չի թողնի իր ուսումը, ներքին հոգեկան ապրումներ չի ունենա և կտրամադրվի իր ուսմանն ու նպատակների իրականացմանը:

Զարուհի Գևորգյան
17տ., Լճափի միջն. դպրոց, Գեղարքունիքի մարզ