mariam nalbandyan

Երևանում օդն ու արևը ուրիշ չեն

Երեկ 17.am-ում կարդացի մեր Լոռու թղթակից Սեդա Մխիթարյանի հարցազրույցը ուսանողուհի քրոջ հետ: Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչպես են ապրում և սովորում իմ հասակակիցները մեր երկրի այլ քաղաքների բուհերում: Բայց մի բան ինձ շատ վշտացրեց. իմ հասակակիցն արդեն համարյա ապացուցված աքսիոմայի նման բացատրում էր, թե` «Ես որպես լոռեցի երիտասարդ ինձ չէի տեսնում և հիմա էլ չեմ տեսնում երևանյան միջավայրում, որտեղ ըստ իս, մարդկային որակները բավականին այլ են»:

Ես նույնպես լոռեցի եմ: Մինչև դպրոց գնալս ապրել եմ Օձուն գյուղում: Դրանից հետո էլ, ամառները միշտ գնում էի գյուղ՝ մեր տուն: Հիմնականում բոլորը նշում են՝ գնում եմ տատիկիս տուն, իսկ ես երբեք չեմ ասել այդպես, միշտ էլ ասել եմ մեր տուն:

Երբ փոքր էի, իսկական տան ջերմությունը գյուղում էի զգում միայն, որովհետև տատիկս այնտեղ էր: Հետո կամաց-կամաց սկսեցի ավելի ուշ-ուշ գնալ գյուղ: Մեծացա, դասերս շատացան, կամ էլ ուղղակի տատիկն էլ այնտեղ չէր:

Հետո զգացի, որ ամառները ուզում եմ անցկացնել Երևանում, որ ընկերներիս հետ լինեմ, ու ավելի քիչ ժամանակով էի գյուղ գնում: Շուտով Երևանում էլ արդեն սկսեցի տան ջերմություն զգալ, սիրեցի իմ տունը, իմ քաղաքը: Երևի դարձա այն, ինչը որ շատերը հիմա սիրում են անվանել «երևանցի»:

Բայց իրականում ո՞վ է երևանցին: Ե՞ս, որ լոռեցի եմ, բայց այստեղ եմ ապրում, գյուղում աշխատանք չգտած երիտասա՞րդը, թե՞ դու, իմ սիրելի հասակակից, որ ուղղակի եկել ես Երևան` սովորելու նպատակով: Գուցե նկատի ունես էն մեր լավ ընկերոջը, որ Երևանում է ծնվել, ու շուտ-շուտ սիրում է նշել, որ ինքը բնիկ երևանցի է: Չգիտեմ, դու ում ես համարում երևանցի, բայց ինձ կարող ես վստահել, որովհետև ես շփվել եմ վերը թվարկված բոլոր մարդկանց հետ:

Երբ նոր էի եկել Երևան, հինգ տարեկան էի ու բարբառով էի խոսում: Հաճախում էի զրո դասարան, նախապատրաստական քոլեջի նման մի բան էր: Առաջին շփումս երևանցիների հետ դա էր: Երևանցի ասելով՝ ես նկատի ունեմ իմ քոլեջի երեխեքին, դու էն վերը թվարկվածներից ում ուզում ես հասկացիր: Երկու օր հետո մի ընկերուհի ձեռք բերեցի, որ ինձ հետ նույն խաղերն էր սիրում, ու մի ընկեր, որ ինձ ամեն օր ճկվող մատիտ էր նվիրում, եթե կհիշես, դրանք մի ժամանակ շատ տարածված էին: Հետո սկսեցի դպրոց գնալ, ու նույն երևանցի երեխեքի հետ խաղում էի, սիրում էինք կամ չէինք սիրում նույն առարկաները, նույն ուսուցիչներին: Ճիշտն ասած, ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում: Շարունակում էի նոր ընկերներ ձեռք բերել, իսկ ամառները, երբ գնում էի գյուղ, շարունակում էի շփվել իմ գյուղի ընկերների հետ: Ճիշտն ասած՝ ոչ ես, ոչ իրենք մեր մեջ տարբերություն չէինք զգում:

Հիմա արդեն ես եմ երևանցի, եթե վերջիվերջո որոշեցիր ինձ այդպես անվանել: Արդեն ուսանող եմ, ու մեր կուրսում մարզերից եկած շատ երեխաներ կլինեն երևի: Զարմացար, չէ՞, որ ասում եմ` երևի: Դե, խոստովանեմ, չգիտեմ` քանի հոգի կա, ով որտեղից է, որովհետև մարդու հետ ծանոթանալիս առաջին բանը բարևից հետո, որ հարցնում եմ, նրա որպիսությունն է, ոչ թե այն, թե որտեղից է: Դա առանձնապես չի էլ հետաքրքրում, երբ մի մարդու հետ նույն հետաքրքրություններն ունես: Ու մենք, անկախ նրանից, թե ով որտեղից է եկել, սիրում ենք ֆրանսերենն ու շատ ենք վախենում «տնտեսագիտության» քննությունից: Եթե ես, այնուամենայնիվ, երևանցի եմ, կարող եմ հաստատ ասել, որ նույնն եմ մնացել թե Օձունում, թե Երևանում: Ու չեմ կարծում, որ առանձնահատուկ եմ, ամենայն հավանականությամբ բոլոր հասակակիցներս էլ նույնն են մնում, Երևանի օդը ուրիշ չէ:

Գուցե շատերը մտածեն, որ եթե Երևանում ենք ապրում, մեզ ամեն ինչ ավելի հե՞շտ է տրվում: Երանի այդպես լիներ, տեղափոխվեինք Երևան, ու բոլոր պրոբլեմները միանգամից լուծվեին: Երևանում էլ մենք ամեն օր ունենք նույն խնդիրները, նույն մտահոգությունները ուսման վարձի, տրանսպորտի, դասերի ու առավոտը ինչ հագնելու վերաբերյալ: Այնպես որ, եթե մի օր որոշես Երևան գալ, իմացիր, որ մենք շատ շուտ կընկերանանք ու չենք էլ զգա՝ ով որտեղից է: Հիմա մի ֆրանսիացու հետ եմ շփվում` ֆրանսերենս բարելավելու համար: Համարյա իմ տարիքի է, ու պատկերացրու, նա էլ նույն հետաքրքրություններն ունի, ինչ ես:

Վերջերս գյուղում էի: Այնպես կուզեի կիսատ թողնել ուսումս ու գնալ գյուղում վառարանի կողքին նստել: Իսկական կրակի ջերմությունը ուրիշ է, չէ՞, անկախ նրանից` երևանցի ես, թե լոռեցի:

nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է:

emanina manukyan

Շենգավիթ

Ես ապրում եմ Շենգավիթում: Միանշանակ լսած կլինեք իր մասին՝ դեռ պահպանողական ոճով ապրողների, բակային կռիվների, անիմաստ ծեծկռտուքների ու այլ շատ բացասական իրադարձությունների մասին: Սակայն ի՞նչ է, մտածում եք, որ դա իրոք այդպե՞ս է:

Բոլորին թվում է, որ Շենգավիթում ապրող յուրաքանչյուրն ունի բառապաշարի մի ձև, որ կոչվում է «ժարգոն»: Գիտեն, թե «քուչում» նստած տղամարդիկ, բացի բլոտից ուրիշ ոչինչ չգիտեն, ու ամենազարմանալին՝ մտածում են, թե ամեն քայլափոխի անպայման մի սև-սև հագած «թզբեհը» ձեռքին մեկին կգտնեն: Ու երբ, հանկարծակի, մի շրջապատում հպարտ-հպարտ ասում եմ, որ ես Շենգավիթից եմ, ապշած հայացքներ են նետում իմ կողմը: Բայց ախր, իրոք, էդ այդպես չի, է: Եկեք` ձեզ բացեմ մեր տարածաշրջանի փոքրիկ գաղտնիքը:

Այդ «քյարթուները» իրականում մի այլ կարգի գժվելու ընկերներ են: Միշտ նեղին հասնող ու օգնող, ընկերոջը երբեք հուսախաբ չանող, ու անգամ, եթե գիշերվա ժամը երեքին զանգես կանչես, երկու րոպե հետո կողքիդ են՝ մեջքիդ հետևում կանգնած: Ու էս ձեր ասած «քյարթուները» «ինտիլիգենտ» էն կենտրոնցի՝ մենակ լավ օրվա ընկերներից հազար անգամ շնորհալի են: Ու իրենք այսպիսի մի առանձնահատկություն ունեն՝ գիտեն, որ կողքի բակից ես, թե նույն շենքից, մեկ է, անվանում են քեզ ՝ «ախպերս», «ընգերս», «խարեբս»: Իսկ էս վերջինը մենակ յուրահատուկներին են ասում՝ էն «ամենաընկերներին»: Չէ, բայց ասենք, ուշադրություն դարձրե՞լ եք միշտ իրենց կողքին խաղացող կլոր բակի Գևորիկին ու Վոլոդիկին, քառակուսի «հայաթի» Գոռին ու Վազգենին:

Ու ամեն էս բակերում պարտադիր ապրում է մի մարդ՝ կլինի կին, թե տղամարդ, եթե ունենա տարօրինակ տեսք, կամ ոչ սովորական հագուկապ, վերջ, ինքն է, էս բակի հայտնիներից է: Օրինակ՝ միշտ գույնզգույն հագնվող այ էն կինը գիժ Լյուբան է, իսկ այ էն ճաղատը, ինքն իրականում կին է, հա՛, անխելք Վարսիկն է: Էն ծեր պապիները, որ նարդի են խաղում, բակի ճանաչված Սողոմոն ու Մամիկոն եղբայրներն են՝ ասում են իրենք դեռ ամուսնացած չեն: Իսկ էդ «ասում են»-ից էլ էնքան շատ է: Մեկն անցնում է, ու կողքինդ նրա մասին էնքան բան կասի, որ կավարտի նրա տան իտալական կախովի առաստաղից:

Ու այսպես, բոլորն իրար գիտեն՝ մեկը մեկին չի սիրում, մյուսը սիրում է: Էդ կապ չունի, քանի դեռ բակերի «ճժերի» խաղի վրա չի ազդում:

Մեկ-մեկ էսպես նստում եմ մեր այգիներից մեկում (հա, մի զարմացեք, էստեղ շատ գեղեցիկ այգիներ կան) ու մտածում սրա մասին: Հա, ախպերս, էս Շենգավիթն է:

amalya harutyunyan

Չէ որ դու 12 ես

Երեկ, երբ բացեցի աչքերս, առաջին դասարան էի, մի քանի ժամ հետո արդեն 8-րդ, իսկ հիմա, երբ ժամանակն ինձնից առաջ է ընկել ու վազում է, ես չգիտեմ, թե ինչ հրաշքով 12-րդ դասարանում եմ հայտնվել:
Կասեք` ինչ կա որ, մենք էլ 10-ում ենք կամ 11-ում, 9-րդցիներն էլ կասեն` շուտով մենք էլ ենք ավարտում:
Իսկ ես կպնդեմ, որ մեկ է`12ը շատ-շատ ուրիշ, խառը և միաժամանակ հետաքրքիր շրջան է:
Հենց 12-րդ դասարանում են բոլոր մտքերդ խառնվում իրար, մի մեծ հանգույց դառնում, ու դու չգիտես` որտեղից քանդել կամ բացել այն: Իսկ միգուցե ճար չգտնելով կտրե՞ս հանգույցը: 12-րդ դասարանում են բոլոր երազանքներդ ու նպատակներդ միախառնվում իրար, ցանկություններդ քեզ հանգիստ չեն տալիս:
Հենց 12-ում ես հասկանում, որ աշխարհի բոլոր մասնագիտությունները քեզ համար են, ու դու չես կարողանում ընտրել որևէ մեկը, կամ հասկանում ես, որ ոչ մի մասնագիտություն այս աշխարհում չկա քեզ համար, ու դու առանձնահատուկ մի բան ես փնտրում:
12-րդ դասարանում դպրոց չես ուզում հաճախել, խուսափում ես դասերից, չես գնում դասին ու ամբողջ միջանցքով թափառում ես ու չես էլ հասկանում, որ վերջին մի քանի անգամն ես նստում դպրոցական նստարանին, որ կավիճները վերջին անգամ են սխալ գրելու, որ դասարանցիներդ վերջին անգամ են սխալ հուշելու, որ դասերին թաքուն վերջին անգամ ես նյութ գրելու, որ վերջին անգամ է 45 րոպեն հավերժություն թվալու:
12-րդ դասարան, այն դասարանն է, երբ դու վստահ ես, որ չես կարոտելու դպրոցը, բայց ինչ-որ տեղ նրան միշտ հիշում ես:
12-ը ամեն ինչ խառնելու ու նորից դասավորելու դասարանն է: 12-ը երազանքներդ նպատակ դարձնելու ու նրանց ավելի մոտ գտնվելու ժամանակն է:
Հույզերդ, հույսերդ խառնելու, վհատվելու և ուրախանալու, ժպտալու և լացելու տարիքն է, գրքերն ու տետրերը մի կողմ շպրտելու, ամեն ինչում շտեմարաններին մեղադրելու, ուժերիդ հավատալու, ու քեզ նորից վերագտնելու հատվածն է:
12-ում հասկանում ես, որ չափից շատ բան ես ցանկանում, ուզում ես օրերիդ մեջ տեղավորել անհնարինը ու հասնել ամենին, իսկ ժամանակը մեծ արագությամբ սլանում է` չսպասելով քեզ:

12-ը անվերջ պարապելու, քեզ շատ բաներից զրկելու, հնարավորություններդ բաց թողելու, մինչև կեսգիշեր դաս անելու ու քունը կարոտելու, բայց միաժամանակ, երազանքին հասնելու դասարանն է:

Դու չես հասկանում` այլևս մեծ ես, թե փոքր, քեզ մի քանի ամիս է մնում վերջնական մեծահասակ դառնալու համար, իսկ քո պատկերացումներում դու ամեն ինչ նոր բացահայտող ու սովորող մեկն ես:
12-ում հասկանում ես, որ կարելի էր դպրոցում դաս սովորել, որ դասագրքերը ուղղակի թերթելու համար չեն, ու մի բան ևս գիտակցում ես` ժամանակը չես կարող հետ բերել, հետևաբար, պետք է հիմա փորձես սովորել:
12-ը քեզ տասնյակ անգամներ կորցնելու ու տասնյակ անգամներ վերագտնելու, ուժերդ չգնահատելու ու նորից ուժերիդ հավատալու մի մեծ պայքարի ժամանակն է:
Ու հոգ չէ, եթե հիմա էլ բացել ես շտեմարանը ու կանգ առել, հոգ չէ, որ հոգնել ես անվերջ վազվզոցից ու անընդհատ պարապելուց, հոգ չէ, որ դու հիմա վերև ես բարձրանում ու ընկնում ես, որ քեզ կորցնում ու լաց ես լինում, որ մի քանի րոպե հետո ժպտում ես, հոգ չէ, որ ցանկություններդ չափից շատ են, երազանքներդ` էլ ավելի ու ընդհանրապես, կարևոր չէ, որ ճանապարհն էլ մի փոքր հոսանքազրկվել է, ու մութ է: Կարևոր չէ, որ այս ժամանակահատվածում թողնում են շատերը, ու շատերն էլ գտնում քեզ, կարևոր չէ, որ քեզ ասում են` չես կարող, կարևորը, որ դու հավատում ես:
Հոգ չէ, որ պետք է մի քանի ամիս համառ պայքարես, չէ որ դու 12 ես…

Այսպես սկսվեց նոյեմբերը

amalya harutyunyan

Կգամ, հա՞

Երեքշաբթի էր, որ ստացա ճամբարի առաջարկը ու ընկա երազանքների մեջ: Երազում էի, գնալ ծանոթանալ, գրել, լուսանկարել բայց…
Բայց… Ախ, այդ բայցերը:
Նախ ծնողներս չթողեցին, ու պարապմունքներս ու դասերս էին ահռելի շատ: Ու ես սկսեցի ատել, սկսեցի ատել հայոց լեզուն ու անգլերենը, սկսեցի ատել դասերն ու պարապմունքները, սկսեցի ատել 12-րդ դասարանը, ընդունելություններն ու քննությունները:

Սկզբում մի քիչ լացեցի, լավ, եթե չխաբեմ` մի քիչ շատ-շատ լացեցի, խառնվել էի իրար, ու եթե հնարավորություն լիներ, կփախնեի տանից ու կգնայի 17-ի հետ: Մյուս օրը ինձ մի կերպ ստիպեցի գրել, որ չեմ կարողանա գնալ, հիշում եմ` ինչպես էին մատներս դողում ու հետ քաշվում գրելիս, բայց դե ինչ արած… Ուրիշ ճար չկար:
Սկզբում մի քանի օր նյութ չէի գրում, ամեն օր տխուր էի, ցանկությունս շատ-շատ մեծ էր, իսկ ես չկարողացա:
Հիմա մեղադրում եմ ինձ, մտածում, որ փչացրի ամեն ինչ, որ ինձ ընտրել էին, իսկ ես… Ես այդպես էլ չգնացի, հիմա կմտածեն` չէի ուզում, իսկ ես չափից շատ կուզենայի հիմա այնտեղ հայտնվել:
Երկար տխրելուց հետո սկսեցի ուժերս հավաքել ու հասկանում եմ` հանձնվելու ժամանակ չկա: Անկախ ամեն ինչից պետք է գրեմ, անընդհատ գրեմ, ու չմտածեմ, որ վերջ, ամեն ինչ բաց եմ թողել:
Հիմա նորից գրում եմ, տառեր կապում, երազում նորից հնարավորություն ունենալ:
17-ին խոսք եմ տալիս, մեկ է` նորից գրել ու մեծ տխուր ժպիտով ու շատ-շատ հույսերով հարցնել.
-Մյուս անգամ, որ գնաք, ու եթե ինձ էլ տանեք, կգամ, հա՞:

amalya harutyunyan

Քեզ, որ գտա ամայի տան մեջ

Մենք գյուղ չունենք, և եթե մյուսները ամռանը գնում են իրենց տատի տուն` գյուղ հանգստանալու, ապա ես ստիպված եմ կամ մնալ տանը ու էստեղ անցկացնել օրերս, կամ էլ Նոր Նորքից գնալ տատիս տուն ու հայտնվել ավելի աղմկոտ ու փոշոտ Երևանի կենտրոնում: Վերջինս շատ եմ անում, սակայն կան օրեր, որ ցանկություն է առաջանում փախչել Երևանից, ու մի տարբերակ գտել եմ:
Ամեն անգամ, երբ գալիս է ամառը, մի քանի օրով Ապարան եմ գնում:
Ապարանում ապրում են տատիկիս եղբայրերն ու քույրերը: Ի՞նչ վատ տատիկի տուն է որ:
Մանկուց վերցնում էի պայուսակս, մեջը լցնում աշխարհի ամենապետքական ու անպետք իրերը ու վազում:
Գնում եմ ու ընկնում անորոշության մեջ; Այնտեղ ունենք մոտ 4-5 բարեկամի տուն, ու ես տարակուսում եմ ու չեմ կարողանում որոշել, այդ մի քակի օրը որտեղ բնակվեմ և ոչ ոքին էլ չնեղացնեմ:
Բայց այդ տներից մեկը հազվադեպ եմ ընտրում:
Սիրում եմ բնակվել մեկ ուրիշի տանը, մեկ ուրիշի հաճելի ու գույնզգույն միջավայրում:
Իրականում հոդվածս այդքան էլ տների մասին չէ, այլ այն մեկի, ում գտա տներից մեկում:
Տեսնես` հիմա կարդո՞ւմ է, այն մեկը, ում մասին փորձում եմ մի երկու բառ կապել իրար և շարադրանք ստեղծել:
Չէ, չհարցնեք` ով է նա:
Կպատասխանեմ ձեր հարցին, բայց դժվար հասկանաք: Մարիամը` հորեղբորս կնոջ եղբոր աղջիկն է, ով ավելի հարազատ է դարձել, քան ուրիշ շատ ու շատ եղբայրներ ու քույրեր:
Աշխարհում ապրում է մեկը, ում մազերի խուճուճները բոլորից տարբեր է, ապրում է մեկը, ով լիովին այլ աշխարհ ունի իր մեջ, ապրում է այն մեկը, ում հետ չես էլ զգում ժամանակի սահումը:
6-7 տարեկանից, երբ գնում էի Ապարան, օրերով մնում էի նրանց տանը: Չէ, արյունակցական բարեկամներ չենք, բայց մեզ ուրիշ բան է կապում` ավելի հարազատ ու կայուն:
Բակում մի հին տուն ունեին, առաջ էնտեղ էին ապրում, հետո մի նոր տուն էին կառուցել ու տեղափոխվել էնտեղ, տունը մնացել էր, դարձել պահեստ:
Ամեն անգամ տան կողքով անցնելիս մի հաճույք էր համակում` բնակվել այն տանը, նրան մենակ չթողնել:
Ու Մարիամը օգնում էր ինձ: Փայտից փոքրիկ պահարաններ, մահճակալներ ու այլ իրեր ուներ, հավաքում էինք մեր ամբողջ «կահույք»-ը ու մեկնում այդ տանը ապրելու:
Տան մեջ Մարիամի ընտանիքը իրենց կենդանիների համար հավաքած պաշարն էր պահում, քաղած խոտը հավաքում են, մի ուղղանկյուն կապոց պատրաստում ու հարկերով շարում այդ տան մեջ, որ չորանա:
Մարիամը ձեռքս բռնում էր ու վազում խոտերի ամենավերևը` խաղը սկսելու համար: Հույսս դնում էի Մարիամի վրա, բռնվում իրենից և մի կերպ բարձրանում էի այդ 6-7 հարկը: Խոտերը մեկ-մեկ ծակում էին, նույնիսկ մեկ-մեկ ցավեցնում, բայց դա մեզ չէր խանգարում, խաղը երբեք չէինք դադարեցնում ու գնում: Երկար-երկար էնտեղ էինք մնում ու շատախոսում ամենաանպետք ու պիտանի թեմաների մասին:
Պատերը սառն էին ու լքված, բայց մեր ջերմ ծիծաղից, խոսակցություններից ու երևակայական ընտանիքից տունը վերապրում էր, տաքանում և ուրախանում էր:
1-2 տարի էլ մեծացա, ու արդեն հասակս չէր թողնում վերջին հարկին կանգնել: Ստիպված իջնում էի մեկը, երկուսը, երեքը, ու հիմա, եթե փորձեմ հարկերի վրա կանգնել, 3-ից ավել դժվար կարողանամ: Հիմա ընդհանրապես չեմ կարողանում գնալ ու ապրեցնել տունը, Մարիամն էլ արդեն 3-րդ կուրսում է սովորում, ափսոս, մեծացանք:
Բայց այդ տնից ինձ մի մեծ հարստություն մնաց` Մարիամը: Այն ժպտերես և ուրախ աղջիկը, ում հետ օրերս աննկարագրելի լավ են անցնում, ումից չեմ կարողանում կտրվել, ում ուզում եմ երկար-երկար գրկել ու միշտ խոսք տալ, որ իր հետ եմ, իմանալով, որ Մարիամն էլ` քույրս, միշտ ինձ հետ է:
Հիմա չենք կարողանում գնալ մեր սիրելի խոտերի վրա խաղը խաղալ, բայց ամեն տեղ ստեղծում ենք այդ տան գեղեցիկ ու երջանիկ մթնոլորտը:
Հիմա նորից գնում եմ ու օրերով բնակվում իրենց տանը, երջանիկ եմ, որ ամեն անգամ տան կողքով անցնելիս կարող եմ ասել.
-Մար, հիշո՞ւմ ես…

milena khachikyan

Ընդդեմ ուրբաթի

Ուղեղիդ կենդանի ու անկենդան բջիջները գործի դնելով՝ լարում ես բոլոր նյարդերդ ու հավաքում չեղած ուժերդ՝ դիմանալու համար ևս քառասուն րոպե:

«Առաջին դասաժամն անցավ, իսկ ես դեռ հինգերորդ էջում եմ: Կեսն էլ չեմ արել, ո՞նց եմ հասցնելու: Լավ, ենթադրենք՝ հասցրի, ենթադրենք՝ ստացա էդ ամենազոր «պլյուսը», հետո՞»:

Ամեն շաբաթվա վերջում, երբ գալիս է ուրբաթը, և ուր որ է` ուզում ենք ուրախանալ, որ առջևում ունենք երկու օր՝ հանգստանալու, կամ էլ թե՝ իբր հանգստանալու համար (որովհետև էդ օրերին պիտի հասցնենք կարդալ անգլերենը, անգլերենը, նորից անգլերենը, ու թե ժամանակ մնա՝ պատմությունը, էկոլոգիան), հանկարծ գալիս է երրորդ ժամը, ու հասկանում ենք, որ ուրախանալու համար մեզ խանգարում է առաջիկա իննսուն րոպեն. դե հա, մեզ մոտ «Համակարգչային հմտություններ»-ի ժամն է:

-Հաղթե՜լ եմ, – ասում է Մհերը, ով ընդամենը տեղադրել էր հերթական աղյուսակը:

-Փաստորեն՝ արդար ա, խաղացեք, – ծիծաղում են մյուս կողմում:

Ծիծաղում ենք, որ ցրվենք, ծիծաղում ենք, որ ժամանակն անցնի, ծիծաղում ենք. ուրիշ հնար ունե՞նք:

-Արփի՛, ինչքա՞ն մնաց զանգին,- հարցնում եմ:

-Տասնհինգ րոպե, – պատասխանում է, – բայց դա դեռ վայրկյաններով պատկերացրո՜ւ…

«Չէ, չեմ պատկերացնում, չեմ ուզում, չեմ կարող, ավելի լավ է` փորձեմ հիշել, թե ինչ էր ԼԿԿ-ն, ու գտնեմ էդ կանաչ տեքստը, որ դարձնեմ կարմիր ու ընդգծեմ երկակի գծով: Լուրջ գործ է, ինչ խոսք:»

Զանգը հնչում է: Հավատո՞ւմ եք: Ես էլ՝ չէ: Դասախոսները սկսում են շրջել, ստուգել յուրաքանչյուրիս աշխատանքը: Սպասում ենք, մինչև հերթը հասնի մեզ, սպասում ենք հինգ րոպե, տասը, տասնհինգ…

-Աստղ, հիմա երկար դասամիջոցը չէ՞ր:

-Էր… Արդեն հինգ րոպե ա մնացել:

Վերջապես հերթը հասնում է մեզ: Մոտենում է, կարգին չի էլ ստուգում: Գնահատում է, և… Մենք ազատ ենք: Չնայած՝ ի՞նչ ազատ. մինչ կիրառականի շենքից քայլում, հասնում ենք ժուռֆակ, էդ հինգ րոպեն վերջանում է, դեռ մի բան էլ չի հերիքում:

-Հիմա էլ անգլերե՞ն:

-Հանկարծ չասես, թե հենց նոր իմացար:

Ուղեղիդ կենդանի ու անկենդան բջիջները գործի դնելով՝ լարում ես բոլոր նյարդերդ ու հավաքում չեղած ուժերդ՝ դիմանալու համար ևս իննսուն րոպե:

lilit vardanyan

Լքված տունը, գրքերը ու մենք

Այդ շենքը լքված էր, ջարդված պատուհաններով, ճաքճքված պատերով: Ամեն անգամ անցնելով այդ տան մոտով, մենք ուզում էինք մտնել և տեսնել, թե ինչ կա այնտեղ: Մի անգամ պանսիոնատում հանգստացող տատիկներից մեկին հարցրեցինք, թե ինչ շենք է դա: Նա պատասխանեց, որ սա եղել է թոքերով հիվանդ երեխաների հիվանդանոց:

Մենք այդքանով չբավարարվեցինք…

Հա, մոռացա ասել, որ ես, եղբայրս և հորեղբորս աղջիկները գտնվում էինք Դիլիջանի Բժշկական համալսարանի հանգստյան տանը:

Մի օր որոշեցինք սար բարձրանալ: Այդ սարը մենք շատ անգամներ էինք բարձրացել, որովհետև առաջին անգամը չէր, որ գտնվում էինք Դիլիջանում: Իջնելիս որոշեցինք ուրիշ ճանապարհով գնալ: Իջանք և հանկարծ հայտնվեցինք այն հին շենքի դիմաց:

-Գալի՞ս եք` մտնենք էս շենքը,- առաջարկեց Նանեն:

-Հա,- համաձայնվեցինք մենք:

Մենք սկսեցինք շրջել շենքի շուրջը և գտանք մի քանի ջարդված պատուհան: Սկզբում ներս մտան Արամն ու Գայանեն, հետո` ես, իսկ Նանեն ոտքը մցրեց ներս, բայց հետո փոշմանեց և ասաց, որ մեզ այդտեղ կսպասի:

Երբ նայեցի իմ առաջ, միանգամից նկատեցի մեծ տարածությունը: Մեր ոտքերի տակ ջարդված պատուհաններ ու ապակիներ էին: Մտանք միջանցք, որը ձգվում էր մինչև վերջ: Մտանք աջ կողմի սենյակը: Առաջինը, ինչը ես նկատեցի, արկղեր էին, իսկ արկղերի մեջ` գրքեր: Մենք սկսեցինք քչփորել արկղերը: Ես գտա Ալեքսանդր Դյումայի «Ասկանիոն», Գայանեն՝ Դոստոևսկու վեպերը, մի նկարազարդ գիրք և ինչ-որ փոքր գրքույկ, իսկ Արամը՝ կենսաբանության, քիմիայի դասագրքեր էր գտնում:

-Վայ,- ասաց Գայանեն,- նկար գտա:

Այդ նկարում ուսանողներ էին, իսկ նկարի հետևում նշված էր նկարի ամսաթիվը:

Հենց այդ պահին մենք մեզ զգացինք ինչպես շատ այդպիսի ֆիլմերում:

-Ես էս կտանեմ տուն՝ որպես հուշ:

Նա ևս մեկ նկար գտավ, որը մենք հետո կորցրեցինք:

Արկղերից մեկում տետրերի կույտ կար: Ուրեմն այս ամենը պատկանում է ինչ-որ մեկին: Ես և Գայանեն քչփորում էինք արկղը:

-Ուզում եմ օրագիր գտնել,- ասաց Գայանեն:

-Վայ, ես էլ էի դրա մասին մտածում:

Սակայն մենք այդպես էլ օրագիր չգտանք, միայն մի նոթատետր:

Այդ ընթացքում Արամը արդեն հետազոտել էր մնացած սենյակները: Ես և Գայանեն նույնպես նայեցինք: Մի սենյակում դեղեր էին, բժշկական գործիքներ: Մյուսում` ավտոմեքենայի անվադողեր, մյուսում` ուղղակի ջարդված ապակիներ: Արտասովոր բան չկար:

Բարձրացանք երկրորդ հարկ:

-Բայց ինչ հավես ա,- ասացի ես:

-Ոնց որ կինոյի մեջ լինենք,- ասաց Գայանեն:

-Զգույշ բարձրացեք, մի վազեք,- ասում էր Արամը, և ինքն էլ մի փոքր շտապելով բարձրանում էր:

-Հա, զգու՛յշ,- կրկնում էի ես:

Սակայն այդ հարկը այդքան էլ չարդարացրեց մեր հույսերը: Այս անգամ սենյակները լրիվ դատարկ էին:

-Վայ, էլի աստիճաննե՞ր կան,- ասացի ես:

-Հա,- ասաց Արամը:

-Տանիք բարձրանալու համար ա,- ասաց Գայանեն:

Բարձրացանք:

Այդ ժամանակ մենք հասկացանք, թե ուր ենք ընկել: Հատակը շատ փափուկ էր, և մենք համարյա ոտքերի թաթերի վրա կամաց շարժվում էինք հատակի վրայով՝ չմտածելով անգամ, որ մեր կյանքը վտանգելում ենք: Ճիշտն ասած, ես հենց նոր նկատեցի, թե ինչ վտանգավոր վիճակում էինք մենք: Սակայն, այդ ժամանակ մեզ դա այդքան էլ չէր հետաքրքրում:

Հանկարծ ես նկատեցի մի փոքրիկ պահարան:

-Երեխեք, նայեք:

-Հա՛, ես էդ նկատել էի,- ասաց Արամը:

-Մի հատ բաց, կարող ա ինչ-որ բան լինի մեջը,- ասացի ես:

Նա բացեց դարակը, բայց ոչինչ չկար:

Մի փոքր էլ շրջելուց հետո, մենք նկատեցինք տանիքից դուրս գալու տեղը: Գայանեն գնաց և նստեց այդտեղ:

-Հենա պապիկը,- ասացի ես:

-Իրանք մեզ չեն տեսնում,- ասաց Արամը:

-Ոչինչ:

-Բայց ինչքան նկարներից մեզ զրկեց Նանեն,- ասաց Գայանեն,- հեռախոսը չվերցրեց:

-Հա,- ասացի ես՝ փոշմանելով, որ ֆոտոապարատս չեմ վերցրել:

-Գայու՛շ, վեր կաց, վախենում եմ, հերիք ա էդտեղ նստես,- ասաց Արամը (ես և Արամը չէինք նստել տանիքի վրա):

Գայանեն վեր կացավ, և մենք իջանք ներքև, գտանք տոպրակ, մեջը լցրեցինք գրքերը: Այժմ պետք է մտածեինք, թե ինչպես տեղ հասցնենք գրքերը:

Նանեն արդեն գնացել էր: Դուրս եկանք շենքից, շրջանցեցինք նստարանները և գնացինք հանգստյան տուն: Տատիկին պատմեցինք ամեն ինչ և մտանք լողանալու: Լողանալուց հետո թափ տվեցինք գրքերը և ուսումնասիրեցինք:

-Գալի՞ս եք իրիկունը պոեզիայի երեկո անենք,- առաջարկեց Գայանեն,- Կարին տատիկը (տատիկի քույրը) թող գնա տատիկենց սենյակ, իսկ Արամը գա մեր սենյակ:

-Հա,- համաձայնեցինք մենք,- սաղ գիշերը չենք քնի:

Համոզեցինք Կարին տատիկին և սպասեցինք մինչև քնելու ժամը:

Արամը, ինչպես պայմանավորվել էինք, եկավ մեր սենյակը, իսկ Կարին տատիկը գնաց մյուս սենյակ: Մենք նորից թափ տվեցինք մեր գտած բանաստեղծությունների գիրքը, որպեսզի նայենք, թե ինչ կա այնտեղ: Պարզվեց, որ դա մի ամբողջ պոեմ է, իսկ մենք մտածում էինք, որ դա բանաստեղծությունների գիրք է:

-Ես ուզում եմ էս փոքր գիրքը նայել,- ասաց Գայանեն:

Նա բացեց գիրքը և նկատեց, որ դրա մեջ լուսանկարչական ժապավեն կա:

-Հլը տուր` նայենք,- ասացինք մենք:

Գայանեն փոխանցեց ժապավենը մեզ և հերթով նայեցինք:

-Ինձ թվում ա` համալսարանը ավարտած երեխեքի նկար ա,- ասացի ես:

-Ինձ էլ ա տենց թվում,- ասաց Գայանեն:

Ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ դա հիվանդների նկարներ են, որովհետև նկատեցինք, որ նրանք նստած էին մահճակալների վրա:

-Կեսը քեզ, կեսը` ինձ,- ասաց Գայանեն Արամին:

-Լավ:

-Ես էն նկարը կպահեմ: Մեկ էլ տեսար, կինոների պես էդ նկարը պահեմ, հետո նկարի վրայի մարդուն գտնեմ,- որոշեց Գայանեն:

Հանկարծ նկատեցի, որ սենյակում փոշի է լցվել:

-Էրեխեք փոշի ա լցվել սենյակը,- ասացի ես:

-Փոշի ա լցվել, չբերեիր գրքերը,- ասաց Գայանեն:

-Ճիշտ ա,- ասաց Նանեն:

Գայանեն ու Նանեն հիշեցին մի պատմություն:

16-րդ դարից պահպանվել էր մի գիրք և տուփ (եթե չեմ սխալվում) և ամեն մարդ, երբ որ կպնում էր այդ տուփին, մատը քերծվում էր: Մի քանի օր այդ մարդը ջերմություն էր ունենում ու մահանում: Այդ վարակը պահպանվել էր մինչև 21-րդ դարը և հայտնաբերվել այդ սերիալի մարդկանց կողմից:

Այսպիսի տրամադրությամբ մենք քնեցինք՝ բաց թողնելով սենյակի դուռը, որպեսզի գոնե մի քիչ անցնի այդ փոշին: Իսկ ես տանջվում էի, որովհետև փոշին լցվել էր կոկորդս, բայց քնեցի:

Գիշերը ոչ մեկիս ջերմությունը չբարձրացավ, սակայն հաջորդ օրը մենք նորից վերցրինք գրքերով լի տոպրակը և այդ շենքի պատուհաններից մեկից ներս գցեցինք:

Պարզվում էր, որ դա վթարային շենք էր, և մենք մահից էինք փրկվել:

Վերջին հուշը մնաց միայն այն նկարը, որ գտել էր Գայանեն:

emanina

Կյանքը` վերքոտ ծնկների ցավ

Երբ մանուկ էի, մտածում էի, որ կյանքը արդեն դասավորված մի ծրագրերի գիծ է, որ ինչ էլ անես, մեկ է, կանցնես քո ուղին, ամեն ինչ հարթ կլինի, կմեծանաս, աշխատանք կունենաս, և վերջ: Ու այդպես բոլոր մարդկանց կյանքերը նույն ծրագրով պլանավորված են, և միայն սպասում են մարդկանց իրենց ապրելուն: Բոլոր այդ կյանքերը ունեն հետաքրքիր ընթացք և երջանիկ ավարտ: 

Կվազես քամու հետ հավասար, քեզ կորցնելով, և առանց վախի: Անգամ երբ կընկնես և կվնասես ծնկներդ, միշտ մայրիկդ կողքիդ կգտնվի և կտա քեզ դեղը` ծնկներիդ վերքերի դեմ:

Սակայն փոքր ժամանակ ինձ իրոք միայն ու միայն հուզում էին ծնկներիս վերքերը, և մայրիկի համբույրները, որպեսզի ցավն անցնի: Հետագայում մեծանալով ես հասկացա, որ կյանքը միշտ չէ, որ դասավորված է հեշտ, գեղեցիկ և ուրախ ավարտով: Որոշ Ժամանակ այն «վերքոտ ծնկներ» են` առանց համբույրների: Դժվար անցանելի ճանապարհներ: Ցեխոտ ոտքեր` մաշված կոշիկների մեջ: Անքուն գլուխներ: Կոտրված սրտեր առանց բացատրությունների: Այդ հին և շատ ծանոթ փայտե դուռն է` փոխված կողպեքով և քո անհամապատասխան բանալիով:

Ճիշտ է, կան անհոգ ապրողներ, որոնց համար կյանքը ուղղակի թեթև քայլվածք է բեմի վրա, բայց և կան երեխաներ, որոնք դեռ մանկություն չունենալով, ծանր աշխատանքներ են կատարում: Մարդիկ, ովքեր օրվա հացի գումար վաստակելուց հետո անգամ ուժ չեն ունենում այդ  վաստակած հացն ուտելու:

Կյանքը իրականում շատ դժվար է: Ավելի ճիշտ ամենադժվար բանն է: Իսկ դու դրա հենց գլխավոր հերոսն ես, ով պետք է պատվով անցնի այդ ամեն փորձությունների միջով և վերջում հաղթական դրոշակը թափահարի:

Երևի հենց ցավը և տխրությունն են կյանքը դարձնում իրական: Իրական, այլ ոչ թե երևակայական մի երազ: Չէ՞ որ երազներից արթնանալու համար մենք միշտ կսմթում ենք մեզ: Երևի…

Հենց «երևին» է, որ ստիպում է շարունակել հուսալ: Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է լինում, ինչպես գովազդների գեղեցիկ և երջանիկ դեմքերը, ես դա արդեն հասկանում եմ: