aneta baghdasaryan

Անծանոթ ուղեկիցներ

Ժամանակին, այն է 2,5 ամիս առաջ, Նելլին ինձ մի մարտահրավեր նետեց։ Ինձանից վստահ ասացի «вызов принят» ու հավեսով մոռացա դրա մասին մի երկու ամսով։ Մարտահրավերն ընդունողը պետք է գրեր այն մարդկանց մասին, ում չի ճանաչում, սակայն անհասկանալի պատճառներով հիշում է։ Դե ինչ, Նելլի, եկավ պարտքեր տալու ժամանակը (դրամատիկ երաժշտություն)։

Եթե լիներ մարդկանց անունները հիշելու մրցույթ, ես դրան նույնիսկ չէի էլ մասնակցի։ Շատ դժվար եմ մտապահում մարդկանց անունները։ Իսկ այ դեմքերը՝ ընդհակառակը։

Օրինակ՝ մինչև այսօր հիշում եմ այն պապիկի դեմքը, ով համերգասրահի հեռվում նստած նշումներ էր անում իր թերթկի վրա և որոշում իմ՝ հաջորդ փուլ անցնել կամ չանցնելը։ Ամեն անգամ ելույթի վերջում փորձել եմ գուշակել նրա որոշումը, գուցե կարդալ այն իր գրչի շարժումից կամ դեմքից։ Չի ստացվել։

Հիշում եմ նաև նույն համերգի հաղորդավարին, ով ամեն ոչ դաշնամուրային ելույթից առաջ դանդաղ իջեցնում էր ռոյալի կափարիչն ու նույն կերպ բարձրացնում, երբ բեմ էր բարձրանում դաշնակահարը։

Հիշում եմ ավտոբուսի այն վարորդին, ով երևի նույն օրն էլ մոռացավ ինձ ու իմ զարմացած դեմքը, երբ ես սխալմամբ մեկնեցի իրեն 50 դրամ 100-ի փոխարեն, իսկ նա ձեռքի թեթև շարժումով գլխիս գցեց այն։ Հիմա ամեն անգամ կանգառում վարորդին մետաղադրամ փոխանցելիս 5972 անգամ ստուգում եմ, որ ճիշտ լինի։ Աչքս, ավելի ճիշտ գլուխս, վախեցած է։

Հիշում եմ փարիզյան հեծանվորդի՝ օլիմպիական հանգստություն արտահայտող դեմքն ու ինձանից մեծ ուսապարկը, ով հազիվ հասցրեց արգելակել, երբ փողոց էի անցնում։ Առհասարակ սկսել եմ չսիրել հեծանվորդներին։ Միգուցե նրանից է, որ ինքս չեմ կարողանում նորմալ վարել հեծանիվ ու մի քիչ նախանձում եմ այդ հմտությանը տիրապետողներին։

Չմոռանանք նաև Վերնիսաժում վինիլային սկավառակներ վաճառող պապիկին, ով մեծ սիրով հանեց այն, ինչի համար գնացել էինք իր մոտ։ Կամ էլ այն կնոջը, ով ոչ մի պայմանով չէր ցանկանում հայերեն չխոսացող երկու երիտասարդի համար իջեցնել ջերմաչափի գինը։ Չեմ հիշում, վերջը էժանացրեց, թե ոչ։

Մանկապարտեզի մոտ ապրող տատի, եթե կարդում ես այս նյութը, կատուներիդ թող դուրս գան բակ, կարոտել եմ փափուկներին։ Ամեն անգամ դրսում քըս-քըս անելիս աչքի ծայրով նայում էի նրա պատուհանին տեսնելու`  նայո՞ւմ է արդյոք։

Դեռ չեմ մոռացել Բարեկամության կամրջի տակ նստած կնոջ այլայլված դեմքը, երբ մեր երթուղայինը խփեց մեկ այլ երթուղայինի, ու մենք մի կերպ դուրս հանեցինք նրան։ Երբեք վթարի մասնակից չեմ եղել, տեսել եմ միայն ֆիլմերում։ Այդ կինն ամենաշատն էր վախեցել և վնասվել։ Ոտքը չէր կարողանում շարժել։

Ի դեպ, ոտքի մասին․ հիշեցի նաև երաժշտական դպրոցի բակում կանգնած աղջկան, ով ամենաարագը վազեց դեպի ընկնող ինձ, որ օգնի բարձրանամ։ Դեմքիս գնդակով հարվածողին էլ եմ շատ լավ հիշում։

Ելույթից առաջ միշտ կուլիսներից նայում էինք, թե ով կա դահլիճում։ Դիլիջանի համերգասրահի բեմ բարձրանալուց առաջ էլ տեսա ամենասև աչքերն ունեցող տղային, ով բոլորից արագ էր քայլել ամենադիմացը նստելու համար և ուրախությունից ոտքերն օդում ճոճում էր։

Մետրոյում մի աղջիկ էի տեսել, կարծես գիտական ֆանտաստիկայի ժանրի գրքի հերոս լիներ։ Ուներ կարճ կարմիր մազեր, մեծ աչքեր և  երկար թարթիչներ։

Հիշում եմ նաև հաղթանդամ ու ինձնից երկու անգամ բոյով պարոնին, ով զբոսնում էր կոշիկից էլ փոքր շունիկի հետ։

Շենքի բակը մաքրող կնոջն էլ չեմ մոռացել, ով եկավ մեր տուն` դույլը ջուր լցնելու համար և ձեռքի հետ ուղարկեց ինձ «կոֆե դնելու»։

Մի պահ հիշենք նաև 13 համարի ավտոբուսում կողքս նստած երիտասարդին, ով ինձ հետ զուգահեռ կարդում էր իմ իսպաներենի տնայինը, հավանաբար չհասկանալով և ոչ մի բառ։ Իսկ եթե հասկանում էր, ապա այդպես էլ չիմացավ, թե ովքեր էին ժամանել դոն Խոսեի հյուրանոց։

Երբեք չեմ իմանա՝ ինչ ազգության էր նա, ով մեզ հետ միասին սպասում էր իր հերթին, և ում տատիկս Վրաստանի սահմանին տվեց մեր այգու թուզը` «կե՛ր, հոգնած ես» խոսքերով։ Չեմ մոռանա նաև, թե ինչպես նա թուզն առանց մաքրելու ուղղակի գցեց բերանը։

Հուսով եմ՝ Նելլին կընդունի այսքան ուշ կատարած խոստումս։ Եթե հիշեմ, էլի կգրեմ, անծանոթները շատ են։ Իսկ եթե արդեն ծանոթ ես, ապա կներես, բայց այս ցուցակում քո մասին էլ չեմ գրի։

karin eranosyan

Նոր դպրոց, որի համար այդքան էլ ուրախ չեմ

Բարև, Թու՛ղթ։ Նորից քեզ հիշել եմ։ Մի՛ նեղացիր, գիտեմ, որ սկսել եմ ոչ այնքան հաճախ հիշել քեզ։
Այսօր նոր դպրոց պիտի գնամ։
Դե հա, սովորական է, բոլորի հետ էլ մի օր լինում է էս ամենը։ Բայց այդքան էլ ուրախ չեմ։
Գիտես՝ փոփոխությունները գրկաբաց չեմ ընդունում։ Սիրուն չեն։ Ամեն ինչի հետ կապվում եմ։ Մինչև հարմարվում եմ, արդեն փոփոխության ժամանակն է։ Դժվար է։ Մի քիչ։ Բայց դե չեմ կարող փոխել ոչինչ։ Չեմ կարող մնալ նույն դասարանում։ Մի՛ ծիծաղիր, դե լավ։ Դու էլ գիտես, հեշտ չէ ինձ հետ։
Շատ եմ մտածում։ Ես էլ եմ հոգնում։ Դե էս նոր դպրոցն էլ մի կողմից։ Ե՜րբ եմ գալու տուն ու մնամ մամայի, պապայի ու եղբորս հետ։ Հետո էլ ընկերուհուս հետ խոսեմ։ Իմ մարդկանց հետ լինեմ։ Չեմ ուզում էդ նորերին։
Հա, շատ ես ասել, որ առանց նորերը չի լինի, հիշում եմ ասածներդ։ Բայց գիտես, մինչև ինքս չհասկանամ՝ չես կարողանա համոզել։
Արդեն սովոր էի էս հայացքներին ու մեկ էլ հանկարծ պիտի սկսեմ նորերին սովորել։ Անարդար է մի քիչ։ Բա հնե՞րը։
Մի քանի ժամից, կամ օրից, կամ ամսից, կամ տարուց իրենց էլ կսովորեմ։ Կամ էլ երբեք չեմ սովորի։ Ես եմ որոշողը։ Կարող է ցանկություն չլինի իրենց սովորելու։

Մի քանի ժամից ձեռքերս կսառեն։ Մատներս կսկսեմ ճտճտացնել։ Լարվածությունից է, լավ գիտես։ Բայց կժպտամ։ Էսպես թե էնպես միշտ ժպտում եմ։ Լավ է, չէ՞։ Էդ մեկը մեծ շահում է։ Միշտ կարողանում եմ ժպտալ։ Երբեմն էլ թող սառը ձեռքերով ժպտամ, ի՞նչ կլինի որ։ Բայց խոստացել եմ, իրենցից կախված չի լինի, լավ եմ սովորելու, դասերին էլ չեմ ծիծաղելու։ Կսովորեմ զսպել ինձ։ Լավ, էս մեկը չեմ խոստանում։ Էլի ծիծաղում ես։ Ես լրիվ լուրջ էի։
Չէ, իրոք պիտի լավ սովորեմ։ Ավելի ու ավելի լավ։ Մինչև որ սկսեմ ինքս ինձ գոհացնել։

Գնացի։ Մի քանի օրից էլի քեզ կհիշեմ։ Իմ սիրո՜ւն ընկեր։

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ուղեկիցներ. Սպիտակ նախշը

-Դեռ շա՞տ կա հասնելուն:

-Մեկուկես ժամ,-պատասխանեց ուղեկցորդուհին` միևնույն ժամանակ հարցնողի սեղանից վերցնելով արդեն չորրորդ դատարկված սուրճի բաժակը:

Հաղթանդամ տղամարդը բարձրաձայն հառաչանքով հետ ընկավ նստարանին ու սկսեց մատներով թմբկահարել լայն բազկաթոռի հենակները, ձեռքով մի քանի անգամ շփեց ճաղատ գլուխը, քորեց աղվեսի սուր քիթը, նայեց թանկարժեք ժամացույցին, ուժգին թափ տվեց այն, նորից նայեց:

-Մի հատ էլ սուրճ, եթե կարելի է,-փոքր-ինչ խռպոտ ու ցածր ձայնով ասաց նա` թեքվելով դեպի մյուս ուղեկցորդուհին: Վերջինս լուռ գլխով արեց:

Ուղևորի հագին կնգուղով սև սվիտեր էր ու բազմաթիվ գրպաններ ունեցող մոխրագույն շալվար, ինչպիսիք հագնում են օպերատորները կամ լեռնագնացները: Երեսը սափրած չէր, իսկ աչքերի տակ աննշան մգություն կար: Նա փակեց սեղանը, հետո կրկին բացեց այն, մի քանի անգամ անհանգիստ հետ ու առաջ գնաց նստած տեղում: Երբ սուրճը բերեցին, նա մի փոքր խմեց, շունչ քաշեց ու հենվեց բազկաթոռին` թեքվելով դեպի լուսամուտը: Գլուխը հենելով ապակուն` նա արտաշնչեց: Լուսամուտը ծածկվեց գոլորշու թույլ փառով:

Հեռվում` ամպերի ճերմակ փնջերից մեկի միջից ասեղի պես դուրս սահեց ևս մի ինքնաթիռ` հետևից սպիտակ թելի պես քաշելով գոլորշու երիզը: Արևի վառ լույսից այն շիկացել էր, ու երբեմն դժվար էր տարբերել` դա իսկապե՞ս ինքնաթիռ է, թե լույսի ուժեղ բռնկում: Ինքնաթիռը մեծ արագությամբ էր շարժվում, բայց երբեմն թվում էր, թե այն կանգնած է տեղում, ասես կախված է թանձր մեղրի մեջ:

Տղամարդը ձեռքն առաջ տարավ ու մատով դանդաղ գիծ քաշեց ապակու վրա` փորձելով կրկնել ինքնաթիռի` մուգ կապույտ երկնքում թողած սպիտակ նախշը: Արևի մաքուր լույսը քնկոտ ծորում էր ամպերի վրայով: Նրա մատը հասավ կապույտ անվերջության մեջ ծուլորեն սահող երկաթե թռչունին ու զգուշությամբ դուրս հրեց այն լուսամուտի եզրից այն կողմ` շտապեցնելով:

Գլուխն ապակուն հենած ուղևորի աչքերը փակվեցին: Ձեռքը դանդաղ սահեց ներքև: Մեղմ լույսը զգուշությամբ ծորաց նրա ճմրթված կոպերի վրայով` փորձելով մաքրել աչքերի տակ հավաքված հիվանդոտ կապույտ գույնը: Տղամարդու շուրթերը թույլ բացվեցին` դեմքին հարցական արտահայտություն տալով, ասես  երկար ժամանակ ինչ-որ բան էր մոռացել, ու հիմա` քնի ու իրականության եզրում սավառնելիս, հանկարծ պետք է հիշեր: Ինչ-որ շատ կարևոր բան:

Սրահում հնչեց ամրագոտիները կապելու հրահանգի ազդանշանը: Տղամարդու աչքերը բացվեցին, ու նա մի քանի վայրկյան զարմացած նայում էր բաց երկնքին: Վերջապես նա հետ նստեց, տրորեց հոնքերը, ձեռքը վերցրեց արդեն սառած սուրճի գավաթը, խմեց:

-Շո՞ւտ կհասնենք,-կրկին լսվեց նրա խռպոտ ձայնը:

-Այո,-ժպտաց ուղեկցորդուհին:

Ուղևորը թույլ ժպտաց, գլխով արեց, նայեց պատուհանին, որի վրա դեռ երևում էր իր պատկերած նախշը, այնուհետև թևքով զգուշությամբ մաքրեց ապակին:

Վայրէջքից հետո շտապ վեր կացավ, հագավ շագանակագույն կաշվե բաճկոնը, գլխին քաշեց կնգուղը, դրեց անթափանց արևային ակնոցն ու կանգնեց դեռևս փակ դռան առաջ` սեղմելով բջջային հեռախոսի կոճակները: Ուղեկցորդուհին խնդրեց նրան սպասել միջանցքում: Ուղևորը դժգոհությամբ մի քանի քայլ հետ եկավ` անհամբերությամբ փնտրելով ինչ-որ մեկի համարը: Զանգահարելիս էկրանին մի պահ լուսավորվեց դեռահաս աղջկա մի դեմք: Գծի մյուս եզրին խոսեցին, և նա շտապեց հեռախոսը սեղմել ականջին, ժպտաց ու ցածրաձայն ինչ-որ բան ասաց:

-Խնդրեմ,-հրավիրեց ուղեկցորդուհին, երբ դուռը վերջապես բացվեց:

Տղամարդը շտապ քայլերով դուրս եկավ` հեռախոսը չիջեցնելով:

-Էս են ռուս դերասանը չէ՞ր,-հարցրեց ուղևորներից մեկը:

-Հա, ինքն էր,-հաստատեց մեկ ուրիշը` ուշադիր նայելով հեռացողի հետևից:

Օդանավակայանի սպասասրահում մի խումբ մարդիկ փորձում էին լուսանկարել իմ ուղեկցին, բայց վերջինս արագացրեց քայլերը` հայացքը չբարձրացնելով ու հեռախոսն ամուր սեղմելով կրծքին, ասես այդ պահին աշխարհում ավելի թանկ բան չկար:

Gohar Petrosyan

Ամառս ցրտեց, հա՛յր իմ

Աշունը չեկած՝ ամառս ցրտեց։

Կանաչ տերևները նույնպես պոկվում են ճյուղից ու ցած ընկնում, թեկուզ անպատճառ, ինչպես հավերժ չլինելդ։ Ի՞նչ քամի տարավ քեզ, այն էլ՝ օգոստոս ամսին։ Քսան տարվա ապրածս ամառներին երբեք նման քամու չէի հանդիպել։ Դու էլ չէիր սպասում։ Անգամ հասկացել էի ներսիդ վախը. վախենում էիր ավարտին չհասցնել հիսունհինգերորդ ամառդ։ Շտապում էիր ամեն հարցում, ամեն բան ցանկանում էիր ավարտին հասցնել։ Ինչո՞ւ, զգո՞ւմ էիր, որ ինչ-որ քամի շրջում է սենյակումդ։ Է՜խ, գրողի տարած քամին արդեն ներսումս է, հոգիս տակնուվրա է արել և դեռ շրջում է։ Գիտես, չի էլ լքելու ներսս, ինչպես քեզ հետ կապված ամեն հուշ, միտք, տեսարան, նույնիսկ մահվանդ մի քանի րոպեների տանջանքները։ Աչքերս ասես քարացել են այդ րոպեների վրա, և շրջանակի պես անպակաս են աչքերիցս։ Այն հավերժ է, ինչպես ներսիս չեղածը։

Սո՛ւտ է, թե բժիշկները կյանքեր են փրկում. նրանք նաև խլո՛ւմ են: Հիմա ինչպե՞ս հետ վերադարձնեմ հոգիդ, հա՛յր: Ինչո՞ւ ինչ-որ ոչնչություն, որը կրում է սպիտակ խալաթ, չի մոռանում գումարների ու հաշվարկների մասին և իրեն աստված է զգում, պիտի զրկեր քեզ կյանքից: Ես քո ցավը լա՜վ գիտեի, ավելի լավ, քան «քառասուն տարվա փորձ ունեցող» այդ ոչնչությունը: Պարզապես չհասցրի, կարողացա զսպել ինձ ու համբերել: Ո՛չ միշտ է պետք համբերել, իսկ ես չափից շատ էի համբերատար:

Անկեղծ ասած՝ ցանկանում էի քո մասին գրել։ Չհասցրի… Ցավոք գրում եմ առաջին ու վերջին անգամ, գրում եմ նամակ, որը կկարդան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, իսկ դու չես կարդալու, բայց գրում եմ, որ հանգստանա ներսիս քամին։ Կներես, թե հերթական անգամ ևս մի մեծ բան չհասցրի…

Իմ նամակը չի լինի շատ էջերից, բազմատեսակ բառերից ու տողերից կազմված։ Իմ նամակը թողնում եմ անավարտ ու չասված մտքերով, ինչպես կյանքդ էր։ Ես կսպասեմ այն օրվան, երբ կհանդիպենք ու քեզ մի լա՜վ կգրկեմ, ինչպես չեմ գրկել երբևէ, չնայած… գրկել եմ հազվադեպ, չեմ էլ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրել ու կարևորել բոլորից էլ ավել: Ես պարզապես չգիտեմ զգացմունքներս արտահայտել: Կներես…

Աշունս եկավ, չի՜ գնալու, հա՛յր իմ։ Ինձ տարվա չորս եղանակներից մնացին աշունն ու ձմեռը։ Ինչո՞ւ է այսպես։ Ինչո՞ւ է կանաչ տերևը պոկվում և ընկնում, ախր այնքա՜ն կյանք ուներ։
Ես դեռ չեմ հավատում, որ կանաչ տերևս այլևս ճյուղին չէ։ Օգնիր ինձ մոռանալ այս ամռան մասին։ Ես կմոռանամ և այս նամակի մասին, որը դու այդպես էլ չես կարդալու։ Ես կմոռանամ և ինձ։ Պարզապես օգնիր ինձ մոռանալ այս ցուրտ ամառվա մասին։ Եվ ներիր, որ այս անգամ էլ չհասցրի…

Դո՛ւ, հենց դո՛ւ, որ կարդում ես հորս ուղղված նամակս, գնա ու գրկիր հորդ, ասա, թե որքա՜ն շատ ես սիրում նրան: Ես չհասցրի և հիմա էլ դա անել չեմ կարող: Ցավոտ է… այն էլ շատ… Գրկի՛ր հորդ:

Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

Մենք ետ կըգանք ձեզ նորեկ գարունքին,
Երբ զարթնեն ուրախ երգերը կըրկին,

Երբ որ սարերը զուգվեն կանաչով,
Երբ որ ջըրերը վազեն կարկաչով։

Մնաք բարով, դո՛ւք, արոտնե՛ր սիրուն,
Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն։

karin eranosyan

Գլխապտույտի հերթական նոպա

Գրում եմ:
Պառկած գրում:
Ծիծաղելի կլինի, չէ՞, որ մի օր իրոք տպագրվի այս ամենը: Ու դու էլ պառկած, լուռ կարդաս:
Կարո՞ղ եմ մի բան պատմել:

Մի դասընկեր ունեի, հաճախ էր վիճում ուսուցիչների հետ, որ կյանքն էլ պատիժ է՝ ամենամեծ պատիժը: Բայց չէ: Հիմա կարծես հասկանում եմ, որ կյանքը մեզ տրված ամենամեծ նվերն է, բայց չենք գնահատում: Ինչպես նվեր ստացած սրբիչը կամ գուլպաները: Բայց մի օր էլ, երբ ցուրտ ձմեռ կլինի, հենց այդ գուլպաները կհագնենք, երևի նորից դժգոհ դեմքով, սա էլ հերիք չէ, մի լավ կվիրավորենք նվիրողին՝ առանց հասկանալու, որ այդ անիծված գուլպաները պաշտպան են մեզ համար, այն էլ ի՜նչ պաշտպան:

Ոչինչ չենք գնահատում: Տարիքը, օրը, վայրկյանն ու մարդկանց: Բայց այս փոքրիկ դետալները ստեղծում են մի մեծ երջանկություն, որ ֆիլմ դիտելիս մի պահ, այսպես ասած, հեռանում ենք մոլորակից ու հասկանում, որ երջանիկ ենք: Երջանիկ ենք այդ նույն գուլպաներով, մեր դեռահասային տարիքով, հուլիսի 18-ով, ու ֆիլմի՝ շատերիս համար անհայտ դերասանական կազմով:

Արդեն երկու ամիս անցել է վերևի գրածիցս: Հուլիսի 18-ին էի գրել: Ոչինչ էլ չի փոխվել: Դեռ նույն տարերքի մեջ եմ: Սիրում եմ կյանքը: Սիրելը մեղմ է ասված: Պաշտում եմ:
Ամենասիրուն բանն է: Շուտով տարեդարձս է: Կարող եք նվիրել այդ «անիծված գուլպաներից», խելագարվում եմ դրանց համար, մանավանդ, երբ գունավոր են: Ու բացի գուլպաներից՝ սիրում եմ նաև ամեն ինչ ու բոլորին: Բոլորդ էլ իմ ուսուցիչներն եք:
Մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ մեզ համար ուսուցիչ է: Դե, ուսուցիչներն էլ միանշանակ կարևոր են:

Mariam Yavrumyan

Ձանձրալի չլինես

Ես հենց նոր կարդացի ու գիտակցեցի մի փաստ. մի օր քո սենյակն այլևս քոնը չի լինի, անծանոթ մեկը կգա ու կջնջի բոլոր էն հիշողությունները, որ դու պահել ես էդտեղ։ Անունդ էլ չի իմանա։

Անծանո՛թ, չգաս, էլի: Ես իմ սենյակը շատ եմ սիրում, չնայած՝ գիտակցում եմ, որ ոչ միշտ եմ մաքուր և հավաքած պահում:

Չգաս, որովհետև ես էստեղ շա՜տ սեր ու ջերմություն պիտի թողնեմ: Չգաս, որովհետև այն նկարները, որոնք հիմա պատիս են, ստիպված կլինենք պոկել՝ ես կամ դու:

Այն cd-ները, որ եռանկյունաձև կպցրել եմ սենյակում ու արևի ճառագայթների հետ սիրուն ծիածանի պես լույս է գցում պատին: Հենց դրանք: Արի երբեք չպոկենք, ու էս սենյակը միշտ թողնենք՝ լինի իմ պես գույներ սիրող դեռահասի սենյակ:

Սենյակումս ամեն ինչ շա՜տ խառն է, ու միշտ ասում են, որ էնքան բան եմ կպցրել, որ սենյակս սարքել եմ «կոշկակարի բուդկա»:

Դու երբեք չես իմանա, որ ամենալավ ու ամենավատ օրերս էստեղ են անցել, ու հիմա էլ գրում եմ՝ սենյակումս նստած:

Եթե գաս էլ, նույն էներգիայով արի։ Ձանձրալի չլինես։ Սենյակս չի սիրում։

Էս նյութս էլ շատ երեխայական ստացվեց, որովհետև գունավոր սենյակի գովք եմ անում: Մեկ-մեկ էլ էսպես է պատահում: