Shushan stepanyan

Ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք: Ես էլ եմ կարոտում: Հաճախ ինձ թվում է, թե իմ կարոտն ուրիշ է, ուրիշ գույնի է, ուրիշ են ապրումները նրա: Ես կարոտել եմ, ու այնքան բան կա կարոտիս գրկում՝ սրտիս մեջ պահված:

Երբ ցերեկ է, կարոտում եմ մայրամուտի կարմիրն ու դեղինը, գիշերվա սև ու մութ ամպերը, կապույտում լողացող աստղերը քնքուշ, իսկ երբ գիշեր է, արևն եմ կարոտում, ցերեկվա լույսը, դեռ նոր բացված օրը: Ամռանը ես ձմռան սպիտակն եմ կարոտում, ձյան ձայնը, սառույցի հետ իմ պարը, օդի մաքուր սառնությունը, ձմռանը ամառն եմ կարոտում, արևի ժպիտն ու աչքերս ծակող տաք ջերմությունը:

Ես կարոտում եմ աշնան գույները՝ մայթերին քնած, քամու ձայնն ու անորոշ տխրությունը: Ես կարոտում եմ ասված-խոսված բառերը, լսված ձայներն ու տեսնված հայացքները, ամեն մի անցած պահը, մի վայրկյան առաջն ու հենց այս պահը:

Ես կարոտում եմ օտարացած ծանոթ հայացքները, գիշերային փողոցի տխուր լուսավորությունն ու մարդաշատ քաղաքի դատարկ անկյունը:

Երբեմն էլ ինքս ինձ եմ կարոտում, երբ երկար ժամանակ սրտիս ձայնը լսած, նրա  հետ զրույց արած չեմ լինում:

Ես դպրոցս ու պարապմունքներս եմ կարոտում, աղմկոտ դասամիջոցներն ու դասի ժամին կողքիս նստողի հետ մեր զրույցները: Ես մեր բակի խաղերն եմ կարոտում՝ «ռեզին», «հալամուլա», «տուն-տունիկ», «խանութ-խանութ», «պատի հիսուն»…

Կարոտում եմ նրանց, ովքեր հիմա երկնքում են, մեզ են նայում վերևից:

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկը մեր կարոտի կանչն են կարծես:

Մենք կարոտում ենք…

Հոկտեմբեր, 2016 

Անտառում

Լուսաբացներն ու մայրամուտները անտառում առավել քան հրաշալի են։ Կարծես ֆիլմից հատված լինի, երբ հայացքդ սևեռում ես երկինք ու փորձում գտնել ճյուղերի հետևում թաքնված արևը, որից օրեր առաջ ինքդ էիր թաքնվում։ Եթե լավ փնտրես, քեզ մոտ հաստատ կստացվի որսալ որոշ ճառագայթների ու թույլ տալ, որ դեմքիդ ընկնեն։ Դու կզգաս ամբողջ ջերմությունն ու վերջապես կորոշես բացել աչքերդ, որոնք փակել էիր հենց այդ նույն ճառագայթների պատճառով։

Կարծում եմ ամեն բան մեզնից է կախված։ Մեր որոշումներից ու այն մարդկանցից, ովքեր նույնպես մեր որոշումն են։ Երևի ամեն բան ավելի հաճելի ու հեքիաթային է, երբ կողքիդ իրենք են։ Երբ ունես մեկին, ում հետ դիմավորում ես լուսաբացներդ։ Ով նայում է քեզ նույնքան զարմանքով ու հիացմունքով, որքան դու մայրամուտի ժամանակ մայր մտնող արևին։ Ում հետ արևը առավել ջերմ է, իսկ գիշերվա քամին` մեղմ ու հպանցիկ։

Երազանքս էր լինել անտառում, գիշերել գոնե մեկ օր ու հավատալ հրաշքների գոյությանը։ Ծննդյանս օրվա նախօրեին ընկերներս իրականացրին այն։ Վրան, լույսեր, խարույկ և անտառային տրամադրություն, թերևս ամենագեղեցիկ պահերն իմ կյանքում։ Հենց այդ օրը հանդիպեցի նրան, այն մեկին, ով դարձավ իմ որոշումը։ Նա վախեցած էր, շփոթված, ու վայրկյան առ վայրկյան հոր զգուշացումներից ավելի էր շփոթվում, որովհետև որսորդ լինելը նույնպես արվեստ է, որին պիտի կարողանալ ճիշտ տիրապետել։ Ես հիշում եմ նրա աչքերը, որոնք լուսավորված էին արևից, երևի հենց դա էլ պատճառ դարձավ, խոսելու արևի մասին այնպես, ինչպես խոսել եմ րոպեներ առաջ, ու ինչպես խոսելու եմ միշտ։ Չէր կարողանում դիպուկ հարվածել նշանակետին, միգուցե հենց այդ նույն արևն էր պատճառը: Կամ գուցե լարվում էր իմ ու ընկերներիս ներկայությունից։ Բայց բավական էր հոր մեկ հայացքը, որ ամեն բան միանգամից տեղն ընկներ։ Սիմոն պապի թոռն էր Արամը, սակայն տարիները ստիպել էին երկուսին էլ բազում դժվարություններ հաղթահարել, զգալ միայնության դառը համը ու սովորել մեկը մյուսի ներկայությանը։ Արամին պապն էր մեծացրել, հոր ու մոր կարոտը պապից էր առնում, չնայած նրան, որ ողջ կյանքը կարոտ մնաց և’ հորը, և’ մորը։ Պապին հայր էր կոչում ու շարունակ կրկնում, որ իր Հայրը հենց Սիմոն պապն է։ Բնակվում էին անտառի մոտ գտնվող փոքրիկ գյուղում, իսկ անտառում հաճախ էին լինում, որպեսզի Արամը պապից որսորդություն սովորեր։ Արամը փոխեց ամեն բան։ Սովորեցրեց ինձ լսել, որից միշտ թերացել եմ։ Սովորեցրեց գնահատել իմ մարդկանց, որոնք իմ որոշումների արդյունքում են հայտնվել կողքիս ու սովորեցրեց տեսնել արևը, որն առաջին անգամ հենց իր աչքերում էի նկատել։ Անտառում եղավ այն, ինչի մասին անգամ գրքերում չէի կարդացել, և այո, գուցե ես այնքան էլ կինոման չեմ, սակայն ֆիլմերում էլ չեմ տեսել ինձ հետ կատարվածը։ Անտառում գտա լույսը, որը սովորաբար պակասում էր օրերիս մեջ։ Գտա այն, ինչի մասին գրեթե միշտ երազել էի։ Երազանքս իր հետ նոր երազանք նվիրեց ինձ, բայց արդեն իսկ իրականացած։ Անտառում լինելը ինձ թույլ տվեց տեսնել շուրջս կատարվող ամեն բան, չթաքնվել արևից, այլ հակառակը` ամեն բացվող օրվա հետ գրկել ճառագայթները, փակել աչքերս ու խորը շունչ քաշել, մտքում գրքի կամ ֆիլմի սցենար գրել, ու խելքը կորցնելու աստիճան սպասել աչքերիս բացվելուն, որովհետև այն արևը, որին որսում եմ, գտնվում է Արամի աչքերում, իմ Արամի, ում հանդիպեցի իմ երազանքի անտառում…

Պատերազմների ժամանակաշրջան է…

Մեր գյուղի ծայրում է գտնվում մեր մեծ տունը…

Մե՜ծ…

Տեսնես ինչի՞ համար են մեծ տները, երբ բավական է աշխարհում պարզապես մի փոքրիկ անկյուն ունենալը, այն էլ, երբ այն քո հայրենիքում է լինում։ Հավատացնում  եմ, աշխարհում ոչ մի տեղ ինձ այնպես լիարժեք չեմ զգում, ինչպես մեր գյուղի ծայրում գտնվող մեր մեծ տանը:

Հիմա մի փոքր այլ է…

Ես նստած եմ մեր բակի հին նստարանին, ուր այն ժամանակ տատս էր նստում ինձ հետ, խոսում ամեն ինչից ու երբեք չէր հոգնում մանկական անմիտ հարցերիս պատասխաններ տալուց։ Հիմա երկինքն էլ անգամ տխուր է ու մռայլ, հիմա  մարդիկ են անգամ մռայլ։

Երբ գարնան առաջին ձնծաղիկներն արդեն ծաղկում էին` սառը հողը ճեղքելով,  մենք մեր դասարանցիներով  գնում էինք հավաքելու, մայրիկներին և ուսուցչուհիներին նվիրելու համար։

Հիշում եմ… Ոչինչ չեմ մոռացել…
Մենք ժպտում էինք, մենք երջանիկ էինք, որովհետև աշխարհում այդ օրը բարի գործ էինք կատարել, բայց իրականում միայն հիմա եմ հասկանում, որ մենք ծաղիկներին  կյանքից էինք զրկում:

Հիմա մի քիչ ուրիշ է… Պատերազմների դարաշրջանն  է։ Հիմա միայն հեռվից կարող ենք դիտել այն, ինչ առաջ մերն էր, ինչ առաջ հասանելի էր ու հաճելի։ Տեսնես ո՞վ զրկեց մեզ մեր մանկությունը մի օր նորից վերապրելուց։ Տեսնես` ի՞նչ եղավ։
Չեմ հիշում երբ էր, բայց հիշում եմ, թե որքան նրբանկատ էինք մենք… Բակում խաղալիս ընկերներիս հետ քանի վիրավոր թռչուն ենք գտել, քանիսը` մեռած… Թաղում էինք, ոնց կարգն էր, ու տխրում, լացում, մինչև հիմա հիշում եմ, չեմ մոռացել…
Այդ ինչպե՞ս մարդուն հողը դնելը մեզ համար սովորական դարձավ, այդ ինչպե՞ս կարողացանք ամեն մեկս մեծանալ ու հողի համար արցունք թափել, այդ էլ քիչ էր` մարդիկ կորցնել… հերոս մարդիկ։

Չգիտեմ, արագ անցան ժամանակները, ընկերներ չկան, բակը չկա, թռչունները մեռնում ու մնում են` որտեղ պատահի, ծաղիկներն այլևս չեն պոկվում: Պատերազմների ժամանակաշրջան է…
Հիմա մի քիչ ուրիշ է…

lilia Gevorgyan

Ծաղկելդ իմ առավոտներին

Լուսաբացին մատներս ձգեցի դեպի արևը, աչքերս փակեցի ու արևն առա  որպես համբույր: Բացեցի պատուհանս ու առաջին բարևն ասացի Տիրոջս, ինչպես մայրս է անում ամեն առավոտ: Որպես կանոն, տրորեցի աչքերս ու ինքս ինձ ասացի, որ աշխարհում ամենից թանկ պահը ևս մեկ օր լույս տեսնելն է…

Ժամանակն է նայել հայելուն ու խոստովանել, որ ամենից տաք համբույրը ճակատիս ստացածն է` ի նշան հպարտության, ու ամենից ջերմ ապրվածը… Պետք է խոստովանեմ, թե այս իրականությունում իմ բաժին հեքիաթ ստեղծելն է կարևորը, որ չունի ավարտ. ես ունեմ երեք խնձոր ընդամենը, բայց չգիտեմ ումն են դրանք…

-Ինչպես սկսում ես օրդ, այնպես էլ պետք է շարունակես,- ասաց մի աղջիկ` նայելով ծաղկած հայելուն:

Ու երբ երկինքը կգրկի իր բաժին լուսինը, ես կնստեմ աթոռին ու աշխարհին կմատուցեմ օրվա բերքը, ասելով, թե այսօրվա բերքն առողջ է եղել…

Վերջում մոռացա… Այնժամ, երբ ծաղիկները վարսեր էին թվում, ու աստղերն էլ ծածկում էին ուսերս, քամին օրորում էր վարագույրս. երազն ավարտվել է, լուսաբաց է հիմա…

***

Եթե ինձ մեկ ժամով համարեմ հեքիաթասաց, ապա ամենափոքր մարդուկի ականջին կշշնջամ, որ այս կյանք հայտնված ցանկացած արև դառնում է երկրինը, բայց օրերից մի օր ծնունդը հաստատում է երկնքի այն միակի մեջ:

Երբ օրը նոր է բացվում, մենք արագ-արագ սկսում ենք վազել այս սենյակից այն սենյակը: Մեկը նախաճաշն է պատրաստում, մյուսը սանրում է երազներից խառնված գանգուրները, իսկ երրորդը…

Մենք ամբողջ օրվա ընթացքում վազում ենք, երբեմն հանգստանալով մեզ խրախուսում: Իսկ ո՞վ պետք է մեր փոխարեն հասկանա այն, թե ինչու ենք հայտնվել աշխարհում, չէ՞ որ յուրաքանչյուրս առաքելություն ունենք, պտուղ ունենք քաղելու: Հաճախ եմ լսել, որ կյանքդ ավարտին հասնելու ժամանակ ինքդ քեզ պիտի հարցնես, թե ինչ տվեցիր աշխարհին: Ասեմ, որ շատ սխալ ժամանակ են գտել մարդիկ դա իրենց հարցնելու համար, չէ՞ որ շատերը հասկանում են, որ պարզապես ոչինչ ո‘չ թողնում են, ո‘չ էլ տանում: Կուզեի մարդկանց սովորեցնեին այդ հարցն իրենց տալ ամեն օր, որ պակասությունը լցնել ցանկանային:

Օրվա վերջում պիտի հավաքես այդ օրվա քո ապրածը, ծանր ու թեթև անես, գուցե հաճախ բարկանաս քեզ վրա: Շատ սիրում եմ այն մարդկանց տեսակը, որ կարողանում են իրենց թերի արված գործերի կամ կիսատ ասված խոսքերի համար քննադատ դառնալ:

Ամեն գիշեր, երբ պատրաստվում ես ամուր փակել աչքերդ, պիտի հիշես մի բան, որ դու շնորհակալ ես աշխարհին ու պատրաստ ես դառնալ այն մեկը, որն արժանի է օգտվել դրախտի բարիքից…

Ես այս քաղաքինը չեմ

Մի օր կարթնանաս ու կզգաս, որ այս քաղաքում դու անկյուն չունես: Մի օր կարթնանաս իրականության ապտակից` մի կերպ բացելով կարմրած կոպերդ, խառնված շուրջդ կնայես, որովհետև դու սովոր էիր այտիդ միայն համբույրներ ստանալ, որ հազար ու մի «բարի լույս»-ից թանկ արժեն: Ու մի օր կարթնանաս սովորականի պես, ասես այդ ապտակը պիտի լիներ զարթուցիչդ: Դու կհարմարվես քաղաքի լույսերին, բարձր երաժշտությանն ու ոչինչ չասող ծիծաղներին, բայց մի բան կմնա անփոփոխ` դու այս քաղաքինը չես…

Ես այս քաղաքինը չեմ, որովհետև այստեղ ամեն «բարի լույս» սկսվում է մեկ բաժակ սուրճով, իսկ ամեն երեկոն ավարտվում թեյի սեղանի շուրջ: Ես ագահաբար  խմում եմ սուրճս ու երազում, որ գուցե այսօր նստվածքի մեջ ձեռքերս տեսնեմ, որոնք առ երկինք էի պարզում, ասես ափերիս մեջ կարող էի պահել անսահմանությունը: Ես ամեն երեկո զգում եմ, թե ինչպես են ոտքերս քարշ տալիս մարմինս. ժամն է թեյելու… Լցնում եմ շաքարավազը բաժակիս մեջ ու մտածում, որ մեր կյանքում էլ կլինի մեկը, ով պատրաստ կլինի ցանկացած պահի շաքարով քաղցրացնել դառնացած օրերը…

Ես իմ քաղաքինն եմ, ուր արցունքներդ կարող ես թաքցնել Որոտանի խորքում ու չմտածես, թե քեզնից պոկված կաթիլները, որ լռության մեջ են իրենց հանգիստը գտնում, ու չմտածես, որ գուցե վերջին հուշերդ ես նվիրում գետին…

Ես այս քաղաքինը չեմ ու երևի երբեք էլ չլինեմ, որովհետև լուսաբացների ու մայրամուտների գերին սուրճի բույրից ճաքած բաժակներին չի կարող սիրել…

Ես այս քաղաքում այլ անուն ունեմ:

Օտարություն

Ձմեռ է… Ցուրտն ու բուքը վրա են հասել: Փողոցներում մարդկային ոչ մի հետք չես գտնի: Կարծես գյուղը պատված լինի հավերժական սառույցով, իսկ այդ սառույցը «հալեցնողներ» են պետք: Չկան այդ  «հալեցնողները»: Կարծում եմ, նրանք հիմա դեգերում են օտար ափերում: Ախր, այնտեղի սառույցները արդեն հալեցնողներ կան…

Կրկին քայլում եմ փողոցով: Մարդկային ոչ մի հետք: Գուցե այդ հետքերը ձյան տակ փնտրեմ: Ես հետքեր գտա, բայց դրանք նման չեն մարդկային հետքերի: Դրանք կենդանու հետքեր են: Ահա մի փոքրիկ փիսիկ կծկվել է մեր դարպասի մոտ: Դողում է: Գուցե քաղցած է: Լավ: «Փիսո, փիսո»: Ես կերակրում եմ նրան, նա արդեն չի դողում: Իր համար տաքուկ տեղ է գտել ու ննջում է: Իմ գլխում անընդհատ նույն միտքն է պտտվում. «Ո՞ւր են մարդիկ»: «Դա ամենևին քո գործը չէ »,-ասում է ուղեղս: «Ոչ, քո գործն է»,- ասում է սիրտս: Ասում են` միշտ պետք է սրտին լսել…

Ներս եմ մտնում տուն: Տատիկս նստել է բազմոցին և հայացքը հառել մի կետի: Աչքերը լցված են, շուրջը լռություն է տիրում: Միայն վառարանի կրակի ճարճատյունն է խախտում այդ հանդիսավոր լռությունը: Մի ավելի հզոր ձայն խախտեց այդ լռությունը:

-Տատ, ի՞նչա եղել:

-Է, բալա ջան, խոխորցս մհար եմ մտածըմ: Տեսնես` շտե՞ղ են, հի՞նչ են անըմ, լա՞վ են, թե՞ չէ: Օտարության մեջ ապրիլը փիս պանա, բալաս:

Ահա ինձ այդքան հուզող հարցի պատասխանը: Փաստորեն մարդիկ օտարության մեջ են: Մի պահ հիշեցի փիսիկին: Իմ մտածմունքը խախտեց տատիկիս ձայնը:

-Հեսա տու էլ կմեծանաս, օտարության մեջ կիլես, կգիդաս, էտ հինչ պանա:

Երկուսս էլ լռեցինք:Նորից լսվում էր կրակի ճարճատյունը:Եվ միայն դա էր խախտում մեր հանդիսավոր լռությունը: