Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև․․․Ես գիտեմ, որ երկու ամսվա բացակայությունս գուցե ինչ-որ տեղ զգացել ես, բայց մտածում եմ՝ ինձ չես մոռացել ու սիրով կլսես նոր պատմություններս․․․Ո՞ւր էի երկու ամիս: Եթե հիշում ես՝ վերջին անգամ ասացի, որ մեկնում եմ Իտալիա՝ աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում սովորելու: Դե ինչ, հիմա ես էստեղ եմ՝ Ադրիատիկ ծովի ափին, կատարված երազանքների ու իրագործված նպատակների հատման կետում։ Օրերն էստեղ անբացատրելի հագեցած են անցնում։ Այնչափ հագեցած, որ քեզ պատմելիքներս թղթից չէի հասցնում համակարգիչ անցկացնել, գրածներս էդպես էլ մնում էին թղթին՝ ծովի ալիքների յուրահատուկ հոտի ու ծնկները որպես հենարան ծառայեցրած աղջկա խնամքով գրված տետրի մեջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եթե փորձեմ հետ գնալ ու ամենասկզբից պատմել, պիտի ասեմ, որ ի սկզբանե շատ եմ սիրել այս տեղը։ Ուրիշ մտերմություն ու հարազատություն եմ զգացել հենց սկզբից։ Գիտե՞ս, հայրենիքից դուրս ես սկսում հայրենիքդ առավելագույնս գնահատել։ Իսկ էստեղի բնությունը շա՜տ նման է մեր Հայաստանի բնությանը՝ ծառաշատ, լեռնոտ: Մենակ թե՝ մենք ծով չունենք: Իսկ էստեղ իմ պատուհանը բացելիս Ադրիատիկն է՝ իր ամբողջ ներդաշնակությամբ ու խաղաղությամբ: Ձայնը․․․Ամեն առավոտ ծովի համաչափ նվագվող մեղեդուց եմ արթնանում: Իմ կյանքի ամենագեղեցիկ տեսարանը իմ աչքի առաջ է ամեն օր՝ առավոտ ու երեկո: Ինձնից միայն պատուհանս բացելն է մնում: Երգի մեջ ո՞նց էր ասում Հախվերդյանը՝ պատուհանդ բաց արա ու տե՜ս․․․ Բացում եմ, տեսնում եմ, երջանիկ եմ ու շնորհակալ:

Դասերի մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իսկապես անկրկնելի ու հազվադեպ տրվող մեծ հնարավորություն է, ու խելամիտ մարդը պիտի կարողանա սա լավագույնս օգտագործել ու քաղել էնքան գիտելիք, ինչքան ի վիճակի է: Առարկաներիցս ամենաշատը սիրում եմ էկոնոմիկան ու փիլիսոփայությունը: Իսկ ինչ վերաբերում է իտալերենին՝ արդեն կամաց-կամաց խոսում եմ: Ինչ խոսք՝ երգեցիկ լեզու է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Մարդկանց մասին ասեմ, որ մշակութային մեծ բազմազանության մեջ եմ ապրում: Աշխարհի շուրջ հարյուր երկրներից ուսանողներ կան՝ տարբեր արժեհամակարգերի ու մտածելակերպի կրողներ: Ու էստեղ ես ավելի ու ավելի եմ կապվում իմ մշակույթի ու այն արժեքների հետ, որոնցով մեծացել ու դաստիարակվել եմ․ հայկականի ու Հայաստանի հետ։ Ես էստեղ ինձ Հայաստանից պոկված ամենաամուր կտորն եմ զգում՝ իմ մշակույթի հպարտ կրողն ու ներկայացնողը։

Իտալիայի մասին․․․Ուրիշ երկիր է: Փողոցներում ճեմելու ու գույների մեջ խելագարվելու երկիր: Վենետիկում պիտի կորես, պիտի ջրանցքների արանքից նայես մայրամուտին ու ժպտաս․: Ժպտաս Իսահակյանական առեղծվածային ժպիտով: Ռիալտոյի կամրջին էլ եղա: Ասմունքում էի․․․Հետո ի՞նչ, որ միակ հասկացողն էի, կարևորը՝ հայերեն էր, հայկական ու Իսահակյանական: Վենետիկը դրախտ է․․․Քայլելու, աջ ու ձախ նայելու ու հիանալու քաղաք: Սայթաքելիս էլ՝ ջրի մեջ ընկնելու ու նավով ջրանցքի մյուս ափ հասնելու քաղաք:

Իսահակյանի ուղով քայլելով հաջորդ կանգառս Ռավեննան էր: Միշտ վեր նայելու քաղաք: Կրոնական արվեստի ամենաշքեղ պահոցներից ու ամենաանաղմուկ փողոցների «տնօրինողներից» է: Քայլես, մարդիկ հեծանիվներով գան, կողքովդ անցնեն, թեթև ժպտաս ու հոգուդ խորքում մի անգամ էլ շնորհակալ լինես Աստծուն՝ ունեցածիդ ու էդ պահին վայելածիդ համար:

Տարբեր բաներից պատմեցի, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Դեռ շատ եմ պատմելու: Կհանդիպենք շուտով: Ciao :)

sona zakaryan

Բուլիինգ` հալածա՞նք

Աշխարհում ամենաքննարկվող խնդիրներից մեկը բուլիինգն է (bullying), որը որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է այլ անձի նկատմամբ։

Բուլիինգը մի քանի տեսակներ ունի։ Այդ տեսակներից են` կիբեր բուլիինգը, ֆիզիկական բուլիինգը, վերբալ բուլիինգը և հարաբերական բուլիինգը։

Այսօր շատ պետություններում բուլիինգը մեծ խնդիր է համարվում, և մի շարք միջոցներ են ձեռնարկվում այն հնարավորինս կանխելու համար։

Եթե բուլիինգը տղաների շրջանում արտահայտվում է վերբալ (ծաղրելու միջոցով) և ֆիզիկական (հարվածելու և ծեծելու միջոցով), ապա աղջիկների շրջանում այն արտահայտվում է հարաբերական (այս միջոցով անձին փորձում են մեկուսացնել շրջապատից և կանխամտածված նրան բացառում են հասարակությունից) ձևով։

Բուլիինգը ամենաշատը տարածված է դպրոցներում։

Այս երևույթի մասին շատ է խոսվում ու քննարկվում տարբեր երկրներում, հատկապես՝ զարգացած պետություններում, օրինակ՝ ԱՄՆ-ում։ Եվ բնականաբար, այն հենց ԱՄՆ-ում էլ ամենաշատն է տարածված։

Բուլիինգի մասին, իհարկե, կարելի է անվերջ խոսել և բազում քննարկումներ անել, հատկապես ուրիշ պետությունների մակարդակով։

Բայց երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանում այս երևույթը նույնպես շատ մեծ խնդիր է։ Մենք՝ հայերս, այս խնդրին այդքան էլ մեծ կարևորություն չենք տալիս, ինչը ցավալի է և բնականաբար ցավալի հետևանքներ է ունենում։

Հայաստանի շատ դպրոցներում բուլիինգը մեծ տարածում ունի։ Թույլերին ճնշելը և ինքնահաստատվելը կարծես դարձել է վատ սովորություն, որի «դեմն առնելը» բավականին դժվար է։ Տղաների մոտ այս երևույթը ավելի շատ է նկատվում, քան աղջիկների։

Շատ տղաներ սիրում են ճնշել իրենցից ֆիզիկապես թույլ կամ տարբերվող տղաների։ Այսպես ասած՝ իրենց «լավ տղայի» տեղ են դնում ու մի բան էլ հպարտանում դրանով։

Ասեմ՝ իմանաք, որ ձեր այդ պահվածքը «լավ տղայի» պահվածք չէ, այլ ուղղակի հոգով տկար, անմիտ ու դեռ չմեծացած մեկի պահվածք է։ Ձեզ ուղղակի պետք է մի փոքր մեծանալ ու մեկ էլ ամպերից ցած իջնել, որ ձեզ չերևակայեք՝ մտածելով, թե ձեզնից լավը չկա կամ ձեզնից տարբերվողները «վատն են»։

Վերջերս բուլիինգի դեպքի ականատես եղա, որը բավականին ազդեց ինձ վրա։ Ծանոթներից մեկի երեխան, որի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան, հաճախում է հայկական դպրոց։ Բավականին անվստահ ու ամաչկոտ երեխա է, ինչի պատճառը, կարծում եմ, գուշակեցիք՝ ինչն է։ Օրերով դպրոց չէր գնում, և ծնողները չէին կարողանում հասկանալ՝ ինչու։ Հետո պարզվեց, որ դասընկերները, իմիջիայլոց, և՛ տղաները, և՛ աղջիկները, ճնշում են տղային՝ ծաղրում են, պիտակավորում։ Մի օր էլ հայրը նկատել էր, թե ինչպես են դասընկերները տղային ծեծում, իսկ նա չի կարողանում պաշտպանվել։ Սա իրոք սարսափելի է։ Արդյունքում տղան դառնում է ագրեսիվ, չի գնահատում ինքն իրեն ու շատ անվստահ է, ինչը իհարկե շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։

Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են ֆիզիկական թերություններ ունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բնավորության գծերով մյուսներից տարբերվող, ինչպես նաև շատ հայրենադարձ երեխաներ։

Միջնակարգ դպրոցների աշակերտներին ավելի հեշտ է ճիշտ ուղղության վրա դնելը, քան ավագ դպրոցների աշակերտներին, քանի որ միջնակարգ դպրոցից է սկսվում աշակերտի մարդ տեսակի ձևավորումը։

Ավագ դպրոցում պատկերը մի փոքր այլ է, քանի որ այստեղ բուլիինգի պատճառը հասուն չլինելն ու երևույթներին անլուրջ վերաբերվելն է։ Եվ էլի պետք է նշեմ տղաներին, որովհետև այդ ոչ հասունությունը հենց նրանց մոտ եմ նկատել։ Տեսնում ես ավագ դպրոցում սովորող տղա՝ բավականին խոշոր, մորուքով, և մտածում, թե հասուն, խելացի մարդ կլինի, բայց հենց խոսում է, ամեն ինչ պարզ է դառնում։ Այնպես որ, արտաքին տեսքով երբեք չի որոշվում մարդու հասուն լինել կամ չլինելը։

Հասուն չլինելն էլ, կարծում եմ, դաստիարակությունից է գալիս։ Շատ ցավալի է, որ մեր շատ հայ ընտանիքներում երեխաներին չեն դաստիարակում այնպես, որ հետագայում նրանք հանդուրժող և կարեկցող լինեն։ Գուցե մտածեք, որ սրանք, այսպես ասած, փոքր բաներ են, բայց բուլիինգը սկսվում է հենց այսպիսի փոքր բաներից։ Հայաստանում բուլիինգը բավականին մեծ տարածում ունի, և այն հնարավորինս կանխելու համար պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել։

shushan stepanyan portret

Սեր առ մեր կյանքը

Օդանավակայանում էինք: Ինձ նամակ եկավ անձնագրիս ստուգման պահին: Կարդացի, ու ինձ թվաց, թե հերթական անգամ ապատեղեկատվություն է, բայց բութ գիտակցումով մի կերպ հասկացա, որ տեսակը, որն  ամենավեհ արժեքներով  հուլունք-հուլունք զարդարել էր մարդկային երգասեր ու զգացմունքային սրտերը, այլևս չկա:

Բնականաբար, անզուսպ լաց եղա, ու մինչև թռիչքը Ազնավուրի երգերով տարված՝ օդանավակայանում այս ու այն կողմ էի քայլում: Մի տեսակ չէի հավատում: Միշտ լսել եմ, սիրել ու ապրել իր ստեղծած երգերի աշխարհով, բայց երբեք չեմ պատկերացրել իր՝ կյանքիս ու փոքր սրտիս մեջ այդքան տեղ զբաղեցնելը: Նման զգացում ունենում ես հավանաբար միայն կորցնելուց հետո, երբ արդեն սկսում ես զգալ ներսիդ սառը դատարկությունը:

Հասկանո՞ւմ եք՝ ամեն բառը, ամեն նոտան, երգը սեր է առ կյանք, ընտանիք, երկիր ու սեր առ սեր իրենով:

Լսում եմ հիմա էլ  ու թեև ֆրանսերեն չեմ հասկանում, ընկալում եմ իր երգածը: Հեշտ է իր լեզուն հասկանալը, հեշտ է սիրո մասին լսելը: Երբ երգի այդքան անուշ նոտաներն արդեն անբողջությամբ իմն են լինում, ես ինձնով եմ անում տիեզերական ողջ շնչելունն ու դառնում ագահ՝ կլանելով  նոտաների ու երգի հոտը, որը դեռ երկար մնում է գլխումս ու անընդհատ երգվում:

Փշաքաղվելու, անզգայանալու ու անխոս գունատվելու լռություն է, որ հիմա, վստահ եմ, գրեթե համատարած է, անանձնացած:

Գիտե՞ք՝ կորցնելու ցավը համր է, մեկ-մեկ էլ քչախոս, բայց Ազնավուրի դեպքում անվերջանալի շատախոսություն է ու, թերևս, տևական ու չհոգնեցնող:

Շնորհակալ եմ քո գոյությանը, իմ ու մեր բոլորի ամենաԱզնավուր: Շնորհակալ եմ հայի քո տեսակին, որ շատ-շատերին նահանջի խավարի մեջ  լույս է տալու:

«Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել պատյանիս մեջ ու ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար» տողերդ անվերջ պիտի կարդամ, սիրո հավերժական երգերդ պիտի լսեմ ու նման սիրո որոնումներում «ես»-ս կորցնեմ ու փորձեմ քո օրինակով՝ իմ կարողություններով զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

Տիեզերքն անեզր է, ու դու երկնքում ես, այն  քո անսահմանությամբ լցրու…

sona zakaryan

Ինչի համար է դպրոցը

Դպրոց, դասեր, էքսկուրսիաներ, դպրոցական առօրյա։ Այս ամենի մասին իրականում չպետք է խոսեի, բայց քանի որ դրանք դեռ իմ կյանքի մի մասն են կազում, պետք է խոսել դրանց մասին։

Դպրոցական կյանքը կարծես մի անհաղթահարելի լաբիրինթոս լինի, որը մենք վերջիվերջո հաղթահարում ենք։ Զարմանալի է, չէ՞։ Անհաղթահարելի լաբիրինթոս, որը հաղթահարվում է։ Իսկ թե ինչի գնով՝ աշակերտներից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել։ Շատերը կարող են վկայել, որ դպրոցը իրենց ոչինչ չի տալիս, շատերն էլ՝ հակադրվել այդ կարծիքին։ Մարդիկ տարբեր են, մարդկանց մտածելակերպը տարբեր է, և բնականաբար, կարծիքներն էլ են տարբեր։ Առհասարակ, երբ ինչ-որ աշակերտ բողոքում է դպրոցից, շատ այլ աշակերտներ, և հատկապես՝ ուսուցիչներ, սկսում են, այսպես ասած, քարկոծել նրան նման կարծիք ունենալու համար։ Առաջ են բերում այն, թե իրենք ինչքան նվիրված են և իրենց համար ինչքան կարևոր է աշակերտին կրթելը, որ աշակերտը իրավունք չունի այդպես արտահայտվելու դպրոցի մասին (ինչը, իհարկե, քննադատությունն է), որ դրանով ուսուցիչներին է վիրավորում և այլն։

Կարծում եմ, որ ուսուցիչները չպետք է այս ամենը վերագրեն իրենց, քանի որ աշակերտները հիմնականում բողոքում են կրթական համակարգից և ավագ դպրոցի անարդյունավետ լինելուց։

Աշակերտների, հատկապես՝ ավագ դպրոցի աշակերտների 80%-ից ավելին դպրոց գնում են ստիպված։ Շատերը հաճույքով չեն մասնակցում դասերին, շատերն էլ ուղղակի թքած ունեն դասերի վրա։ Տարբեր պատճառներ կան՝ առարկան չսիրելը, ուսուցչին չսիրելը, հավես չունենալը և այլն։ Բայց սա չէ մեր գլխավոր խնդիրը։ Այս ամենը ավելի շատ կրթական համակարգից է գալիս։

Մենք ունենք շատ վատ կրթական համակարգ, և այդ համակարգը բարելավելու համար մեզնից երկար ժամանակ ու մեծ ջանքեր կպահանջվեն։ Ինչքան էլ ունենանք իրենց գործին նվիրված ուսուցիչներ, միևնույնն է, այդ ամենը չի փոխվի, եթե կրթական համակարգը չփոխվի։

Պատմության դասաժամին քննարկում էինք, թե ինչպիսին էր կրթությունը սովետական ժամանակաշրջանում, և եկանք այն եզրակացության, որ խորհրդային ժամանակաշրջանում մենք ունեցել ենք շատ լավ կրթություն ու կրթական համակարգ, որը հետագայում, կարելի է ասել, «քանդվել է»։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է փոխվի նաև «քանդվելուց» հետո մարդկանց մոտ ձևավորված մտածելակերպն ու վերաբերմունքը դեպի կրթությունն ու կրթական համակարգը։

Այսօր ես և հազարավոր աշակերտներ ստիպված ենք գնում դպրոց, փորձում ենք սովորել ինչ կարող ենք, փորձում ենք հարմարվել «քանդված» կրթական համակարգին և այդպես փորձելով էլ ավարտում ենք դպրոցը՝ թողնելով բազում լավ ու վատ հիշողություններ։

Դպրոցը պետք է ձգի աշակերտներին, եթե ոչ բոլորին, գոնե մեծ մասին։ Դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ աշակերտը ոգևորված կլինի, կցանկանա սովորել, կցանկանա հասարակությանը պիտանի մարդ լինել։ Եվ վերջապես, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ։ Դպրոցը մարդու անհատականությունը բացահայտելու, նրա մարդկային տեսակը գնահատելու և նոր արժեքներ ձևավորելու համար է։

shushan stepanyan portret

Հայը հայով

Բեռլինում էի, ու հենց առաջին օրից, երբ դուրս էինք գալիս քայլելու կամ տրանսպորտ էինք նստում, մտածում էի՝ տեսնես հայ կտեսնե՞նք գոնե: Մի օր, երբ հայ  ընկերներիցս առանձին էի, ու պիտի օտարերկրյա  ընկերներիս հետ հետազոտական աշխատանք անեինք, քաղաքի կենտրոնից բավական հեռու էինք: Մի քիչ տխուր էի, քանի որ մենակ էի ու անընդհատ մտածում էի, որ կմոլորվենք, ու հետ չեմ կարողանա գնալ: Մոտ մի ժամ ճանապարհ ունեինք գնալու, ու որոշեցի քնել մինչ հասնելը: Մեկ էլ ականջիս ինչ-որ հայերեն բառեր են հասնում, բայց ինձ թվում է, թե ուղղակի երազի մեջ եմ: Արագ բացում եմ աչքերս, զգում եմ, եր մի կին ուշադիր ինձ է նայում, մեկ էլ մի փոքր աղջիկ ինձ ժպտում է: Պատասխան ժպտում եմ, ու անգլերենով ասում եմ, որ երեխան կարող է գալ, կողքիս նստել: Մեկ էլ մայրն ասում է.

-Բալես, գնա էդ  քույրիկի մոտ նստի:

Դուք պատկերացնո՞ւմ եք «էդ քույրիկի վիճակը:

Դեմքիս մի լայն ժպիտ եկավ, ու ես ու փոքրիկը սկսեցինք զրուցել: Պայուսակից այբբենարանը հանեց, սկսեց սահուն կարդալ գերմաներեն տեքստեր, բայց ամենից շատ դուրս գալիս էր, որ հայերեն են խոսում ու շատ անուշ: Մայրը դեպի ինձ շրջվեց ու ասում է.

-Ախր, նայում եմ Ձեզ, հարազատ բան եմ զգում շատ: Մտածում էի, որ հաստատ հայ եք:

Երկու տարի է, ինչ ապրում են Բեռլինում, ու հայրենիքը լքելու հիմնական պատճառը, իհարկե, ավելի բարեկեցիկ կյանքին ձգտելն էր:

Ես ու աղջնակը երկար զրուցեցինք, վերջում իրար ամուր գրկեցինք ու հայերեն ժպտացինք: Իրար սիրեցինք մի քանի րոպեում, ինչպես սիրում են բոլոր մեզպեսները, որ հայրենի հողից հեռու են:

Մենք մեր կանգառում իջանք ու սկսեցինք մեր հարցուփորձը ամենաբազմազգ Գերմանիայի մայրաքաղաքում: Իտալացի ընկերս հանկարծ մի իտալական սրճարան գտավ, ու միասին ներս մտանք: Մի համեստ, փոքրիկ սրճարան էր, որն աշխատեցնում էր մի բարետես կին: Անգլերեն քիչ գիտեր, բայց հաղորդակցման եզրեր կարողացանք գտնել ու ասել, թե ինչ ենք ուզում: Ես ամբողջ ընթացքում հոնքերս կիտել, նստել եմ ու մտածում էի, թե երբ եմ հասնելու ընկերներիս: Դուրս գալիս մոտենում եմ այդ կնոջն ու անգլերենով հարցնում եմ, թե էլ ինչ լեզուներ գիտի, ու նա սկսում է ռուսերեն խոսել: Ես էլ մտածում եմ, թե ռուս է, ու սկսում ենք ռուսերեն զրուցել: Բայց ռուսի հեչ նմանություն չուներ, ու հարցնում եմ, թե որտեղից է: Պատասխանն ինձ թվում է, որ ակնհայտ է: Հայ էր: Շփոթված շարունակում եմ ռուսերենով մի երկու բառ ասել ու միանգամից անցնում հայերենի: Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց այդ պահին, ու երկուսով ուժեղ գրկեցինք իրար: Մի քանի րոպե հաճելի զրույց ունեցանք, ու մենակ հետիս երեխաները կփաստեն խանդավառությանս աստիճանը: Ամբողջ ընթացքում խեղճերը համբերատար լսում էին ու սպասում, թե երբ պիտի վերջացնեմ, որ գնանք: Հասկացա, որ արդեն պիտի գնանք, թեև ուզում էի հարազատ ու ինձ մոտ միջավայրում մի քիչ էլ լինել: Հեռախոսահամարս տվեցի, որ Հայաստան գալիս ինձ զանգի, ու հանդիպենք: Իսկ վերջում, երբ արդեն դուրս էի գալիս, արագ ինչ-որ բան տվեց փաթեթավորած, ասաց՝ կուտես, իմ պատրաստածն է: Հազիվ էի ինձ զսպում, որ չլացեմ:

Եկա հայ ընկերներիս մոտ, ու կերանք իր պատրաստած խաչապուրին:

Օտարերկրյա ընկերներս ամբողջ ճամփին ժպտում էին ինձ ու ասում.

-Շուշան, դու ուրիշ մարդ էիր դարձել կարծես:

Ամբողջ օրը հայկական հույզերի, սիրո ու ապրումների մեջ էի: Դե, մենք ուրիշ ենք, էլի…

Սիրիր ծերերին

Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես տարեցների օր։ Մեզ համար ավանդույթ է դարձել ցանկացած տոնի այցելել օրվա կարևոր դեմքերին, և այս մեկն էլ բացառություն չէր։

Մեր դասարանը հայտնի է որպես ակտիվ դասարան՝ նախաձեռնող, ստեղծող, օգնող։ Դասղեկի հետ միասին որոշեցինք այցելել ծերանոց, որը գտնվում է Կապան քաղաքի գյուղերից մեկում՝ Արծվանիկում, իսկ ծերանոցն էլ կոչվում է «Արծվաբուն»։ Մինչ ծերանոց հասնելը բոլորս անհամբեր էինք, բայց աշխույժ տրամադրություն ունեինք։ Եվ երբ հասանք «Արծվաբուն», տեսանք մեզ սպասող 12 հոգու։ Մի տեսակ տխրություն պատեց մեզ, երբ տեսանք նրանց՝ բարի, գեղեցիկ, մեկը մյուսից ջերմ ժպիտով։ Նրանք մեզ շատ լավ ընդունեցին, ձեռք սեղմեցինք, և մտանք ներս։ Նրանք զբաղեցրին իրենց համար արդեն հարազատ դարձած տեղերը, որոնում էին մեր հայացքները, որ ժպտում էին նրանց արցունքների միջից։

Նախօրոք որոշել էինք նրանց նվեր տանել գուլպաներ, պահածոներ և մուրաբաներ ու մի համեղ տորթ, որից նրանք շատ ուրախացան։ Նաև որոշել էինք մի փոքրիկ համերգային մաս պատրաստել։ Ճիշտ է, բոլորս հուզված էինք, հենց դրա պատճառով մենք ներկայացրինք ընդամենը երկու երգ… Բայց ինչևէ, մենք ցույց չէինք տալիս, որ տխուր ենք, որ հուզված ենք, որովհետև մենք նրանց ժպիտն էինք տեսնում։ Ուրախության մթնոլորտը բարձրացնելու նպատակով մենք երաժշտություն միացրինք և պարեցինք արծվաբունցիների հետ։

Ծերանոցն ունի նշանաբան․ «Սիրի՛ր ծերերին, որ ծերություն ունենաս»։ Այնտեղ աշխատում է հիանալի հոգատար անձնակազմ, որոնք ջերմությամբ ապահովում են տարեցներին։ Ծերանոցում կա հատուկ անկյուն, որտեղ նշված են նրանց ծննդյան օրերը, այցելություններից նկարներ։

Երազում եմ, որ աշխարհում չլինեն ծերանոցներ, ոչ ոք իր ծնողին, տատին կամ պապին չտեսնի ծերանոցում հենց իր իսկ մեղքով։ Աշխարհում չկա վատ ծնող, կա վատ երեխա․ սա իսկապես ճիշտ են ասել։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր պատմությունը, որի մասին պատմում են կարոտալի աչքերն ու փնտրող հայացքը։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր հարազատի կարիքը, ով կխնամի իրեն հենց ծերության օրով, հոգ կտանի իր մասին, կգրկի, ամուր ձեռքը կբռնի ու անսահման ջերմություն կտա…

Արծվաբունցիներին խոստացանք կրկին այցելել։ Պապիկներից մեկն ասաց, որ մեզ նման դեռ ոչ ոք չէր եղել, ինչն էլ ավելի ոգևորեց մեզ։

Մի բարկացեք ձեր ծնողի, տատ ու պապի վրա, խնամեք նրանց։ Հաճախ զանգահարեք ձեր տատիկին ու պապիկին, եթե ձեզնից հեռու են ապրում, խոսեք նրանց հետ, իսկ եթե մոտ են ապրում, հաճախ թեյ խմեք, զրուցեք, խորհուրդ ու պատմություններ լսեք։ Նրանք ձեզ վատ բան չեն ասի…

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

DATA-DRIVEN STORYTELLING ABOUT HUMAN RIGHTS, ԲԵՌԼԻՆ, ՕՐ 8

Հարցազրույց European Youth Press-ի ծրագրերի ղեկավար Մարտին Մաշկայի հետ:

Պարոն Մարտինի մասին դուք հավանաբար կարդացել եք Զալցբուրգի օրագրում, բայց նոր բաներ կան, որ հենց այս նյութով կիմանաք:

-Բարև Ձեզ, Մարտին: Կպատմեք՝ որտեղի՞ց եք ծագումով:

-Ես ավստրիացի եմ, բայց այժմ ապրում եմ Չեխիայում: Ընդհանուր առմամբ, շատ եմ ճամփորդում աշխատանքի բերումով:

-Իսկ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում  European Youth Press-ում:

- Տարբեր կազմակերպությունների հետ եմ աշխատում, որպեսզի կազմակերպությունը հովանավորումներ ստանա նոր ծրագրերի համար:

-Ինչպե՞ս ընտրեցիք այս աշխատանքը, ինչո՞ւ:

-Ես, անկեղծ ասած, սիրում եմ միջմշակութային շփումներ ու միջավայր, ու հենց եվրոպական երիտասարդական մամուլում դու նման միջավայրում ես գրեթե միշտ: Հրաշալի է, երբ ծրագրեր ես գրում տարբեր երկրների մարդկանց համար ու իրար շուրջ հավաքում:

-Ուրիշ էլ ի՞նչ ծրագրեր եք պլանավորում իրականացնել մոտ ապագայում:

-Երկու շաբաթից Մոնտենեգրոյում մի ծրագիր ունենք` «Հասարակական կազմակերպությունների ղեկավարումն ու ծրագրերը», հոկտեմբերին Եվրոպական երիտասարդական մեդիայի օրերն են, և մոտ հարյուր մասնակից է լինելու քսանութ երկրներից, իսկ նոյեմբերին կրկին Բեռլինում մեդիա գրագիտության դասեր կլինեն: Այսքանը հիմա, թերևս, հիշեցի:

-Այլ նպատակներ, ձգտումներ ունե՞ք ապագայի հետ կապված:

-Կուզենայի մի նոր ծրագիր, որ ամեն տարի պարբերաբար լիներ ու էլի իրար շուրջ  համախմբեր  տարբեր ազգի մասնակիցների:

Data-driven storytelling about human rights, Բեռլին, օր 6

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ենթադրում եմ, որ չեք մոռացել, որ մենք Բեռլինում ենք, ու այսօր արդեն վեցերորդ օրն է այստեղ ենք: Անկեղծ ասած, այսքան  օրվա սեմինարներից ամենաշատն ինձ այսօրվանը դուր եկավ: Թեման ամբողջովին մարդու իրավունքների մասին էր, որը մեզ ներկայացնում էր պարոն Մարտինը՝ Եվրոպական երիտասարդական մամուլից:

Մի քանի կարևոր սահմանում տվեց ու նշեց իրավունքների մի քանի տեսակ՝ բնական իրավունքներ (natural) , իրավական իրավունքներ (legal) , մարդու իրավունքներ (human):

Բնական իրավունքը կախված չէ որևէ մշակույթի կամ երկրի օրենքներից ու սովորույթներից, ուստի ավելի համընդհանուր է: Իրավական իրավունքը շնորհված է մարդուն սահմանված համակարգի կողմից: Այն կարող է ձևափոխվել, չեղարկվել կամ սահմանափակվել մարդու իրավունքների կողմից: Իսկ արդեն մարդու իրավունքը վերաբերում է բոլոր մարդկանց՝ առանց հաշվի առնելու ռասսան, սեռը, ազգությունը, լեզուն, կրոնը կամ այլ կարգավիճակ: Մարդու իրավունքն ընդգրկում է կյանքի, ազատության իրավունքը, ազատություն ստրկությունից և բռնություններից, կարծիքների և արտահայտման ազատություն, աշխատելու և կրթվելու իրավունք և շատ այլ բաներ:

Մի քանի հոլովակ դիտեցինք, որտեղ հստակորեն նշվում էին մարդու իրավունքներն, ու ասվում էր, որ այն ամենը, ինչ մենք առօրյա կյանքում անում ենք անգամ չհասկանալով, որ դա որոշակի իրավունք է, դա նույնպես իրավունք է:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Իրավունքերի մասին խոսելուց հետո անցում կատարեցինք փախստականների ու ներգաղթյալների  թեմային, և մեզ հարց տրվեց, թե ով է ներգաղթյալը ըստ մեզ: Շատ կարծիքներ հնչեցին, բայց բոլորս էլ գրեթե նույն միտքն արտահայտեցինք՝ մարդ, ով տեղացի չէ, և տվյալ երկիր է եկել ավելի լավ կյանքի, որևէ նպատակի համար: Պարոն Մարտինը հստակեցրեց մեր պատկերացումները՝ տալով հետևյալ սահմանումները՝ ներգաղթյալը մեկն է, ով իր ծննդավայրից տեղափոխվում է մեկ այլ վայր, շրջան կամ երկիր աշխատելու կամ այլ նպատակներով: Բառը գալիս է լատիներեն migrare բառից, որ նշանակում է տեղափոխվել կամ բաժանվել: Նա նաև տվեց փախստական բառի ծագումը՝ ֆրանսերեն refugier բառից, որ նշանակում է` փնտրել տանիք, պաշտպանություն:

Սեմինարից հետո ընդմիջում ունեցանք, ու ես իմ խմբով գնացի հետազոտական աշխատանք անելու: Հենց առաջին օրվանից էլ մենք խմբերի էինք բաժանվել, որ տվյալների վրա հիմնված հետազոտություն անենք: Խմբումս երկու հոգի Մոնտենեգրոյից են, մեկն իտալացի է, մյուսն էլ Բոսնիա-Հերցեգովինիայից է: Առաջին օրից էլ արագ ընկերացանք, ու մի շատ հետաքրքիր թեմա ենք ընտրել՝ ինչպես են մարդիկ ընկալում ներգաղթը Բեռլինի տարբեր մասերում (արդյո՞ք հանդուրժող են,  համակերպվե՞լ են այդքան շատ ներգաղթյալ տեսնելուն, ապահո՞վ են իրենց զգում, թե ոչ):  Ընդհանուր առմամբ, բոլորը շատ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեցին, նշեցին, որ դեմ չեն նման միջավայրում ապրելուն:

Մենք դեռ աշխատում ենք այս թեմայի շուրջ ու վաղն արդեն պիտի վերջնական ներկայացնենք: Հուսամ, որ իսկապես լավ աշխատանք կանենք ու կգոհացնենք հանձնաժողովին:

Մի մեծ առաջխաղացման մասին էլ ասեմ՝ ես առանց Նելլիի, Դիանայի, Հովնանի ու Աշոտի նստել եմ տրամվայ, հետո գնացք, ու ինձ բնորոշ անհաջողակությամբ չեմ կորել, չեմ վախեցել, փոխարենը` ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ հետ եմ դարձել իրենց մոտ:

Դե իսկ արդեն երեկոյան, մենք նորից Բեռլինի գրկում էինք ու հիանում էինք գիշերվա հանգստությամբ  ու քաղաքի գեղեցկությամբ:

Data -driven storytelling about human rights, Բեռլին, օր 4

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ իրականություն կոչվող երազում եք եղել, որ կարծել եք, թե պատահող ամեն բան շուտով կվերջանա, ու զարթուցիչի ձանձրալի ձայնից վեր կթռչեք, որ ամեն բան կրկին նույնը կլինի, բայց հասկացել եք, որ նմանօրինակ երանությունն այս անգամ իրական է: Ես, օրինակ, արդեն չորրորդ օրն է, ինչ նման երազներ եմ տեսնում ու արթնանալու ցանկություն, բնավ, չունեմ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Չորրորդ օրն է Բեռլինում, և այսօր մենք հետաքրքիր օր ունեցանք: Անգլիայից եկած մի լրագրող` պարոն Բաշիրը, մեզ հետ կիսվեց իր գիտելիքներով, աշխատանքային փորձով ու լրագրողական հմտություններով: Նա կարևորեց տվյալների հավաստիությունը ցանկացած նյութ, հոդված գրելիս, նշեց պարտադիր չորս բաղադրիչ, որ մեր հոդվածը պետք է պարունակի՝ անձ, որի մասին պետք է խոսվի, իրադարձություն, որի շուրջ պետք է նյութը ծավալվի, տեղ, թե որտեղ է պատահել դեպքը, և առարկան հիմնական, որի մասին խոսվում է: Նշեմ նաև, որ նա խոսեց այն մասին, թե որքան հեշտ է մարդու մասին ինֆորմացիա ստանալ սոցիալական կայքերից, պարզել, թե նա հիմա որտեղ է, ինչ աշխատանք ունի, ինչով է զբաղված:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Մարդիկ գրեթե ամբողջությամբ իրենց կյանքը հանձնում են սոցիալական կայքերին ու ի ցույց դնում հանրությանը:

Սեմինարն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր, ու բոլորս ներգրավվել էինք քննարկման մեջ, ու ինձ համար շատ հետաքրքիր էր լսել մյուսների կարծիքներն առհասարակ սոցկայքերի, տեղեկատվության հասանելիության ու լրագրության մասին:  Բոլորն էլ հիմնականում սոցիալական կայքերից մշտական օգտվողներ են ու նշեցին, որ առանց դրա դժվար են պատկերացնում իրենց կյանքը:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ինչքան էլ հետաքրքիր ու հագեցած լինեն սեմինարները, ինձ համար ամենից շատ տպավորվում են մեր հինգի՝ միասին անցկացրած պահերն ու արկածները, կատակներն ու զբոսանքները: Ժամը վեցից մենք արդեն ազատ ենք լինում, և վայելում ենք Բեռլինն իր ամբողջ գեղեցկությամբ: Ասեմ նաև, որ Նելլին  ծննդյան տոնի էր հրավիրված Բեռլինում: Տեսնում եք, չէ՞, անգամ Բեռլինում մարդը ընկեր-բարեկամներ ունի, ու իրեն ծնունդի են հրավիրում: Դե, նրան մենք ուղարկեցինք ծնունդ, իսկ մենք գնացինք զբոսնելու:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Շատ լավ օր ունեցանք, ու առհասարակ, բավական հագեցած ու հաճելի պահեր ենք ապրում այստեղ, ու անասելի շատ բան ունեմ ասելու, գրել-կիսվելու. Այնքան բան տեսա, այնքան տարբեր մտածակերպեր, բայց մեկ նյութում չեմ ուզում խոսել այդ ամենի մասին: Առանձին նյութերով կներկայացնեմ մշակութային տարբերությունները, տարբեր ազգության իմ հասակակիցների կյանքի ընկալումները: Հենց մի քանի րոպե ազատ ժամանակ եմ ունենում, մի իտալացի կամ շվեդ մասնակցի եմ մոտենում, հարցեր տալիս, մտքումս մի քանի րոպե վերլուծում, որ հետո ձեզ հետ էլ կիսվեմ:

shushan stepanyan portret

Մեկնում ենք

Մի քանի ժամ ու ես «Մանանա» կենտրոնի իմ լրագրող հինգ ընկերների հետ կլինեմ Գերմանիայում` մասնակցելու «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» թեմայով սեմինարներին։ Ասեմ, որ առաջիկա օրերին, մենք 17.am կայքում կվարենք օրագիրը, չմոռանաք հետևել:

Շատ ուրախ ու միաժամանակ շատ լարված եմ: Ինչպես միշտ, ամեն ինչ թողնում եմ վերջին պահի հույսին, ու այս անգամն էլ բացառություն չէ։ Դեռ ոչինչ չեմ արել ու տարօրինակ անհանգստությամբ նստել ու շուրջս եմ նայում. դատարկ ճամպրուկ, կոշիկներ, կիսաբաց պահարան ու մամայի ջղային հայացք: Մինչ ես վեր կկենայի անկողնուց ու հազիվ, մի կերպ ինչ-որ գործ կանեի, մաման ամեն ինչ արել է, ու մի կաթիլ հոգնածություն չկա դեմքին, լուռ համբերում է, թե երբ պիտի անցնեմ գործի: Մի քանի րոպե գրեմ ու սկսեմ իրերս հավաքել:

Երբ իմ ծանոթ-բարեկամներն իմացան գնալուս մասին, բոլորը շատ ուրախացան ու զանգում, շնորհավորում էին: Երբ իմացա, որ հաստատ գնում եմ, մամային խնդրել էի, որ ոչ մեկին չասեր. մի տեսակ և դեռ չէի հավատում, և մտածում էի, որ հենց մեկին էլ ասեմ, չի ստացվելու գնալս: Ինչքան ծրագրի որ դիմել եմ, դեռ չգիտեի՝ կանցնեմ, թե` չէ, բոլորին արագ ասում էի այդ մասին, ու վերջում պարզվում էր` չեմ անցել:

Դե պատկերացրեք ինձ այն պահին, երբ բոլորին պիտի ասեմ, որ` չէ, այս անգամ էլ չստացվեց: Ու քանի որ այս անգամ չէի ուզում էլի անհարմար դրության մեջ լինել, որոշեցի ոչ մեկին չասել:

Ու հիմա, երբ արդեն գնում եմ, իրոք, հավատում եմ ու վերջապես առաջին անգամ անհարմար ու նեղված դրության մեջ չեմ. երազանքս կատարվել է. ես Գերմանիա եմ գնում:

Շատերը ինձնից նեղացել են, ասում են՝ յա, Շուշան, էդ մեզ չես հա՞ վստահում, ինչի՞ չես շուտ ասել:

Հարցը վստահել-չվստահելու մեջ չէ, ուղղակի այս անգամ ուզում էի վերջնական համոզված լինել ու նոր ասել: Ու հետո, ինչ-որ ծրագրով մի երկիր գնալը շատերն են կարողացել ու կարող են, բայց այ, որ տիեզերք թռչեի, նոր մոլորակ բացահայտելու գնայի, հաստատ արժեր այդքան ուրախանալ ու զարմանալ:

Ասելու շատ բան կա հիմա, բայց, այ, ժամանակ չկա: Վերջում միայն մի բան կասեմ. երկու տարի առաջ սենյակիս պատին գրել-կպցրել էի. «Շուշան, դու հաստատ Եվրոպա ես գնալու ինչ-որ ծրագրով»: Գրել, կպցրել էի ու ամեն օր ապրում էի այդ տողերը կարդալով: Իսկ շատերը կարդում ու ծիծաղում էին, ու ասում. «Վայ, Շուշան, դու տենց էլ չմեծացար»…

Սպասեք նյութերիս: