Մի աչքս բացեցի: Ձեռքս տարա մահճակալիս կողքին դրված դարակի գլխին՝ հեռախոսս շոշափելու հույսով: Մի բան վերցրեցի դարակի վրայից ու բերեցի դեմքիս մոտ: Ժամացույցներիցս մեկն էր: Ժամն էլ 1անց կես էր: Ո՞նց մեկ անց: Հը՞: Ես պիտի 11-ին «Մանանայում» լինեի: Պանիկայի մեջ թռա նստեցի: Մի անգամ էլ նայեցի ժամին: Ֆուհ: Թարս էի բռնել: Ժամը յոթն է: Վրայիցս հանում եմ շալվարիս մի փողքը, որը հագել էի միլիվայրկյանների ընթացքում ու նորից հետ ընկնում մահճակալիս: Հետո, ինչպես միշտ, համարյա ուշանում եմ: Մի բաժակ սուրճը քաշում եմ գլուխս, նստում վերելակը, իջնում: Հետո նստում ու վերադառնում ականջակալներիս հետևից: Վազելով հասնում եմ մետրո: Բոլորին հրմշտելով իջնում եմ շարժասանդուղքներով՝ դե, «յանիմ, վռազ եմ», հետո այդ նույն մարդիկ գալիս են ու իրար հետ նստում ենք նույն վագոնը: Իջնում եմ հրապարակ, վերցնում Նարեկին ու դեպի «Մանանա»: Չգիտեմ՝ օգնում էինք, թե խանգարում: Է, այսինքն, ո՞նց չգիտեմ: «Մանանայից» հանեցին, ասացին՝ զբոսնելով գնացեք Կամերային տուն: Դե իրոք, արդեն խանգարում էինք: Դե, ես երեկ այդպես էլ ոչ մի պահի իսկապես չէի հասկանում, թե ինչ կարևոր բանի եմ մասնակից: Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխություն: Ոնց նկատեցիք, ես չեմ կարողանում նորմալ խոսել ինչ-որ բանի մասին՝ ներկայացնելով այդ բանի գաղափարը: Դրա համար էլ ես ոնց սկսեցի պատմել՝ ուղղակի ներկայացնելով իմ օրը ժամանակագրական հաջորդականությամբ դասավորված, էդպես էլ կշարունակեմ: Դե «Մանանա» կենտրոնի ու Կամերային տան ճանապարհին ես տեսա այն վաղուց սպասված դեմքերից մի քանիսին, ունեցա նոր անսպասելի ընկերներ ու շատ գոհ եմ դրա համար:
Կամերային տան դիմաց հին ընկերներս էին հավաքվել: Ու ամենակարևորը: Ծյոմը: Շատ էի, է, կարոտել: Ծյոմը մեր թղթակից Արտյոմ Սաֆարյանն է ու իմ լավ ընկերը: Մի օրով «փախել էր» հոսպիտալից ու եկել մեզ տեսնելու: Ու էսպես մի կերպ ժամանակը սպանեցինք, մինչև եկավ բաղձալի «սկսում ենք»-ի պահը: Ինչ-ինչ, բայց հաղորդավարները շատ ճիշտ էին ընտրված. շլացուցիչ, տիեզերական գեղեցկությամբ օժտված, սլացիկ ու վայելչակազմ Նարեկը ու Սիրանը: Հա, լավ, ես ուղղակի Սիրանին չեմ ճանաչում: Ինչևէ շատ լավ վարեցին: Ժյուրին էլ «Մանանայի» ընկերներից էր կազմված: Ես շատ գոհ մնացի նրանց որոշումներից: Չէ , չէ: Դրա համար չէ, որ ես արժանացա դիպլոմի (ու մեկ էլ նոթբուքի)՝ լավագույն ակնարկների համար: Ուղղակի իմ 17-ի ամենասիրելի համարյա բոլոր թղթակիցները ստացան այն մրցանակները, որոնց արժանի էին: Չեմ ասի՝ ովքեր:
Հետո եկավ ինձ համար այդ օրվա ամենահիշարժան պահը: Ծյոմը երկու խոսք ուներ ասելու: Անկեղծ, շատ հուզվեցի: Թող նրա մնացած ասածները մնան այնտեղ, որովհետև ես դա խիստ անձնական եմ համարում: Բայց էս մի կտորը պիտի ասեմ:
Ասաց. «Որ էնտեղ՝ դիրքերում կանգնած եմ լինում ու մտածում եմ, թե ում համար եմ էստեղ կանգնած, ես իմ ընտանիքից ու հարազատներից զատ, նաև ձեր մասին եմ մտածում»: Էհ: Էլ ի՞նչ ասեմ էսքանից հետո: Ու էսպես էլ անցավ երևի կյանքիս ամենալավ օրերից մեկը: Ի՞նչ ասեմ: Շնորհակալ եմ բոլորիցդ: Ամեն կարդացողից: Ձեզ շատ սիրող ՝ Վահե:
Հ.Գ. Իմ այս հաղթանակի համար վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ մայրս ասաց՝ ապրես:
Ես էլ նույն ձևով եմ սկսել: Մեկուկես տարի առաջ դպրոցի տնօրենն ասաց, թե ժուռնալիստներ են գալիս հարցազրույց վերցնելու: Վահեն երկար ժամանակ թղթակցում էր 17-ին ու ոչ մի անգամ չէր ասել. «Երեխեք, սենց բան կա, կարաք դուք էլ մասնակցեք»: Ինչևէ, հիմա արդեն «Մանանայի» սան եմ: Ես ու Նարեկը այնքան աչքի չենք ընկնում նյութեր գրելով, ավելի շատ մենք անում ենք ֆոտոներ ու նկարում ֆիլմեր: Երևի ծիծաղելի կհնչի, բայց մեր առաջին լուրջ վավերագրական ֆիլմը մենք նկարել ենք հեռախոսներով: Հա, հա, հենց հեռախոսներով: Իմ կարծիքով, դա շատ հաջողված ֆիլմ էր: «Մանանայի» շնորհիվ էլ սկսվեց մեր երազանքների իրականացումը: Ես երկար երազելուց հետո ունեցա պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, որով կկարողանայի ավելի լավացնել ֆիլմի որակը, իսկ հիմա արդեն «Մանանայի» ջանքերով ես ու Նարեկը, հա, ավելացնեմ, մեզ միշտ ասում են եղբայրներ ենք, բայց չէ, ընկերներ ենք: Ես ու Նարեկը որպես լավագույն թիմ ստացանք GoPro տեսախցիկ, էքստրեմալ վիդեոներ են սպասվում: Սրանից հետո մենք արդեն պարտավորված ենք անել ամեն ինչ մեր պատանի թղթակիցների ցանցի համար: Հա, մոռացա ավելացնեմ, որ կարող է շատերիդ համար երկրորդ տունը դպրոցը լինի, բայց ինձ համար իմ երկրորդ տունը «Մանանայի» գրասենյակն է, որտեղ բոլորն ինձ հարազատ են: Եվ այսպես, լավագույն թի՞մ: Ուրեմն սպասեք լավագույն թիմից լավագույն ֆիլմերը: Նարեկի հետ՝ ի գործ:







