Սուսաննա Գրիգորյանի բոլոր հրապարակումները

Susanna Grigoryan

Մանդարինի հոտը

Փողոցներից նորից մանդարինի հոտ է գալիս:

Գիշերը էլ մութ չէ: Երբ աչքերդ կկոցում ես, քաղաքը մեծ, գունավոր լաքա է դառնում:

Նոր տարիներից միշտ էլ մանդարինի հոտ է եկել: Ուղղակի առաջ, երբ սեղանի մի ծայրից մյուսը ուտելով գալիս էիր, էլ մանդարինի պես մանրուքին ուշադրություն  չէիր դարձնում:

Իհարկե, խնդիրներ միշտ էլ եղել են: Օրինակ. Նոր տարվա սեղանից հետո դժվարությամբ էիր շնչում, չէիր կարողանում շարժվել, ընկերներդ էլ մյուս կողմից աղանդեր էին հյուրասիրում`թարմ ու սառը ձյան տեսքով, հետո էլ ստիպված էիր մամային բացատրել, թե ոնց է հնարավոր 10 րոպեում մինչև ներքնազգեստը թրջվել: Կամ ավելի վատ, կարգին ձյուն ոչ էլ գալիս էր, ձնագնդին ցեխագնդի էր դառնում ու ամանորյա նոր-նոր  սպիտակ սվիտերը, որից վիզդ քոր էր գալիս, տեսքը մի քիչ կորցնում էր: Բայց  փոխարենը քննության համար երկար բարակ, անիմաստ ու անհետաքրքիր նախադասություններ անգիր չէիր անում` ամեն անգամ ավելի հստակ պատկերացնելով, որ միևնույն է, ոչ մի բանի չես հասնելու, որովհետև դրա համար գոնե մի քիչ պետք է սիրես ինչ-որ անում ես, կամ էլ ուղղակի ամեն ինչին մի քիչ թեթև նայես:

Սիրել չես փորձում, թեթև նայել էլ չի ստացվում:

Գնալով Նոր տարվա հրաշքը կորում է, անհետանում է ոնց որ  խանութների ցուցափեղկերից հզոր ռենջերներով քաղցր բամբակները, հեռուստաէկրաններից  էլ` Ջեյիդն ու Լուկասը:

Գնալով ավելի ու ավելի ես նմանվում էն ծերուկին, որ նկարի մեջ լաց է լինում, որովհետև շուրջը ոչինչ չի փոխվում: Ամեն տարի սպասում ես, որ ուր որ է կգան, ձեռքիցդ կբռնեն, կտանեն մեկ ուրիշ նկար, բայց ոչ ոք չի գալիս: Իսկ դու քո նկարին շատ ես ընտելացել ու խիզախություն էլ չունես ինքնուրույն հեռանալու համար:

Վախենում ես, որ հաջորդ անգամ, երբ փողոցներից էլի մանդարինի հոտ գա, նույնիսկ քննությունները չեն լինի, որ գոյությունդ արդարցնեն:

Susanna Grigoryan

Վայրէջք թաց ասֆալտին

Հեչ պատկերացրել ես՝ ոնց ես 11-րդ հարկից ընկնում ցած՝ ասենք՝ պատուհանները լվանալիս: Օդում մի թեթև պտույտ ես տալիս ու վայրէջք կատարում թաց ասֆալտին: Վայրէջքի փափկությունը կարող ենք որոշել, եթե մարզասրահում բաց թողած պարապմունքներիդ թվին գումարենք ամենօրյա կալորիաների քանակն ու բաժանենք երկուսի: Քո դեպքում փափուկ չի ստացվի, ինչքան էլ ուզենք, բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև փողոցի մյուս ծայրից կլսվի էն շան հաչոցը, որի թաթը երեկ չէ անցած օրը տրորել էիր: Իր կյանքում հավաքած ողջ փորձն ու եռանդը գործի կդնի ու այնպես կհաչա, որ թաղամասի բոլոր շները հասկանան. ինքը հաղթել է: Ու շատ էլ ճիշտ կանի, քեզ տեղն է: Քայլելուց դիմացդ նայեիր:

Էն եգիպտացի տղային հիշո՞ւմ ես, որին խոստացել էիր, որ իրար հետ անգլերենով շփվելու եք, որ Հայաստան ես հրավիրելու, բայց հավեսդ կորել էր ու ուղղակի ընկերներիցդ ջնջել էիր: Հա, հա, հենց ինքը, որ էջի գլխավոր նկարը առյուծ էր: Գիտեմ, որ Եգիպտոսում չի իմանա` ինչ է պատահել, բայց որ իմանար, հաստատ կուրախանար:

Էն կինն էլ կուրախանար, որին ամեն անգամ ավտոբուսում տեղ չես տալիս: Հետո էլ արդարանում ես. «Գրքերս շատ էին», «Դասից հոգնած էի»: Հազիվ մի անգամ նստած կհասնի գործի:

Մահդ այնքան անիմաստ չի լինի, որ Գինեսի գրքում գրանցվես, բայց, մեկ է, էլի անիմաստ կլինի: Կարճ ասած՝ դարձյալ միջակություն: Բայց չմոռանանք, որ դու պատուհանները լվանալիս 11-րդ հարկից ցած չես ընկել ու շարունակելու ես նեղություն տալ բակի շներին, եգիպտացի տղաներին ու ավտոբուսի մորքուրներին: Գուցե արժի քայլեր ձեռնարկել, որ մահդ էլ ապրելուդ չափ անիմաստ չլինի:

 

Մեր գրքերն էլ տեղ հասան

Մաթեմի ժամին էր: Աղմկոտ բեռնատարը կանգնեց Վ․ Սասնաշենի հիմնական դպրոցի մոտ: Մեծ փորով ու ավելի մեծ արկղով մի մարդ դուրս եկավ ու մտավ դպրոց:

Դասամիջոցին Գայանեն ասաց, որ Ամերիկայից էր եկել, բայց ոչ ոք չհավատաց. ամերիկացու տեսք չուներ: Մտածում էին, թե ինչ կլինի արկղի մեջ: Կարենն ասում էր, որ դպրոցի նոր գույքն է, բայց գույքի համար արկղը փոքր էր, հաստատ չէր տեղավորվի: 3-րդ դասարանցիները պնդում էին, որ տեսել են արկղի միջի քաղցրավենիքը, իսկ Դավիթը նույնիսկ հավաստիացնում էր, որ մեծ փորով մարդը իրեն դրանցից հյուրասիրել է ու ամերիկական քաղցրավենիքը հեչ էլ համով չէ: Իհարկե, Դավիթին ոչ ոք չհավատաց, դասի ժամին նրա աչքին ամեն ինչ էլ քաղցրավենիք է երևում:

Արկղի պարունակությունը գաղտնիք էր մնում, մինչև անգլերենի ժամին ուսուցչուհին չբերեց նոր ստացած գրքերը: Դավիթը մի քիչ հիասթափված էր: Բայց գրքերը շատ լավն էին` նկարներով ու լրիվ նոր:

Ուսուցչուհին պատմեց, որ ամերիկահայ աշակերտները տեղափոխման գումարը անձամբ են հավաքել ու դասարանում բոլորը  մի քիչ ամաչեցին, որովհետև  հենց նոր ամբողջ գումարը բուլկիների վրա էին ծախսել:

Տանը, երբ Աշոտը  կարդում էր անվասայլակով լրագրողի մասին, որը շատ-շատ պատերազմող երկրներում է եղել, մտածեց, որ արժի լրագրող դառնալ: Հիմիկվանից կարելի է գումար հավաքել, որ այդպիսի երկրներ այցելելիս երեխաներին գրքեր նվիրի:

 

unnamed

20 րոպեում

-Տիգրա՛ն ջան, իջի՛ր, հասել ենք:

Մեր ավտոբուսային կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ մտքում հոգոց հանեց ու ուրախացավ: Տիգրանը օրորվելով իջավ տեղից, բռնեց կանգնած մոր ձեռքն ու դուրս եկավ: Ավտոբուսում կաթիլ-կաթիլ կուտակված լարվածությունը հետևեց Տիգրանի օրինակին:

Նրա կողքին նստած երիտասարդը թուլացավ, ինչպես ատամնաբույժի աթոռին են թուլանում գործը ավարտելուց հետո: Իրար մոտ նստած կանայք վերսկսեցին արդեն վաղուց կիսատ թողած` պատուհանը բացել-փակելու վեճը, խորքում կանգնած տղամարդիկ էլ` իրենց քաղաքական դեբատները: Ջահելների ականջակալներից տարբեր ոճերի երաժշտությունները խառնվեցին իրար, հասան վարորդին ու հիշեցրին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ մեկին նկատողություն չի արել: Մեր երջանկացած ավտոբուսը սլացավ հեռու-հեռու, ուր ոչ Տիգրանը կար, ոչ էլ իր մայրը: Շուտով կհասնենք տուն ու բոլորս միահամուռ կերպով կմոռանանք մեր երթուղային կյանքի վերջին 20 րոպեները, որոնց ընթացքում մանկական շորտերով ու լրիվ մեծական դեմքով 30-անց Տիգրանը ավտոբուսի կենտրոնում նստած անդադար խոսում էր, գոռում, պատմում էն աշխարհներից, որտեղ մենք չենք եղել ու հաստատ չէինք ուզի լինել: Իսկ նրա մայրը, որը վաղուց արդեն այն տարիքի չէր, երբ երեխաներիդ պետք է ինչ-որ տեղ ուղեկցես, մեղավոր ժպիտով նայում էր շուրջն ու կրկնում.

-Տղաս է, ինչ արած։

Ինչ արած, մեր կոլեկտիվի անդամներն էլ գլուխերը թմփթմփացնում էին, կարեկցանքով ու վախով նայում, կամ էլ աշխատում հայացքները թաքցնել, մինչև չլսվեցին այնքան երկար սպասված խոսքերը.

-Տիգրան ջան, իջի՛ր, հասել ենք:

Սարոյանն ասում էր, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է: Կարող եք փոխանցել, որ երեքշաբթի օրը մեծ, մանուշակագույն ավտոբուսի ուղևորները սխալը գտել են:

Susanna Grigoryan

Տրանսֆորմերներից մինչև համալսարան

Փոքր ժամանակ գիշերով իջնում էինք բակ ու բարձր-բարձր տրանսֆորմերներին էինք կանչում: Իհարկե, մեզնից ոչ-ոք էլ չէր հավատում, որ Օպտիմուս Փրայմն ու Բամբլբին իրար գրկած երկնքից իջնելու են, բայց ուզում էինք հավատալ: Երևի սա իմ կյանքի առաջին ինքնախաբեությունն էր, ընդ որում` խմբակային:

Տրանսֆորմերներից հետո Հոգվարթսից նամակի էինք սպասում, հետո պահարաններն էինք փորփրում`Նարնիան գտնելու հույսով:

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Փոքր ժամանակվանից շատ բան չի փոխվել: Երևի միայն սեփական անկրկնելիության զգացումն է կորել, ու սկսել ենք ավելի իրական, մարդկային բաների սպասել` Նոր տարուն, արձակուրդներին, քննությունների ավարտին, Հոգվարթսի մեծական մասնաշենքի բացմանը: Հիմա հասկանում ենք, որ եթե Օպտիմուս Փրայմը գալու էլ լիներ, դժվար միլիոնավոր երեխաներից հենց մեզ ընտրեր: Կամ ասենք թե ընտրեց, հետո՞: Էլի խոսակցությունը չէր ստացվելու, անհարմար լռություն կլիներ, վերջում էլ հրաժեշտ տալիս չէինք կողմնորոշվի գրկե՞լ,  թե՞ ուղղակի ձեռքով անել:

Երևի հենց այս ու բազմաթիվ այլ պատճառներով է, որ էլ ավտոբոտներին ու դեսեպտիկոններին չենք սպասում: Բայց ամեն անգամ, երբ սկսում եմ ինձ համոզել, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, հիմա ճիշտ ճանապարհին եմ, հենց այնտեղ եմ, ուր պետք է լինեի, ակամայից հիշում եմ, թե ոնց էինք գիշերով Տրանսֆորմերներին սպասում: Չէինք հավատում, որ գալու են, բայց շատ էինք ուզում հավատալ:

Susanna Grigoryan

Ամառը վերջացավ

Նկատեցի՞ք՝ ամառը էլի վերջացավ։ Բոլոր ամառները աննկատ վերջանալու սովորություն ունեն։ Իհարկե, գարունն ու աշունն էլ են վերջանում, բայց դանդաղ, կամաց-կամաց, որ հասցնես համակերպվել։

Բրազիլական սերիալներում հերոսուհիները մի առավոտ արթնանում են ու հասկանում, որ ավելիին են արժանի, թողնում են ընտանիքը ու գնում շատ-շատ հեռու՝ նոր կյանքի հետևից։ Ամառն էլ բրազիլական սերիալների հերոսուհիներից է։ Մի առավոտ թողնում-գնում է՝ իր հետ տանելով տան եղած-չեղածը՝ այդ թվում մեր բոլոր չիրականացած պլանները։ Ընդ որում, եթե աշնանային պլանները բավարարվում են «Էս տարի լավ կսովորեմ»-ով, ապա ամառային պլանները շատ ավելի հավակնոտ են լինում։

Հաջողված ամառը չափելու շատ տարբերակներ կան։ Եթե ամառը չափենք կարդացած գրքերով ու նայած ֆիլմերով, ապա իմ ամառը միջին վիճակագրական էր,  բայց այ, կորցրած հնարավորությունները միջինից շատ էին։

Այս ամառվա ընթացքում համահայկական խաղերի կամավոր էի։ Ավելի քան երկու շաբաթ՝ 20 ամառային օր՝ կարդացած 2  անհետաքրքիր կամ 4 հետաքրքիր գիրք։ Խաղերի մասին խոսելիս լրատվամիջոցները անպայման նշում են մասնակիցների ու կամավորների թիվը, պատմում են նրանց համատեղ աշխատանքի ու ընկերության մասին։ Մեծամասամբ հենց այդպես է որ կա, բայց մենք մեր պատվիրակության հետ չընկերացանք։ Իրար նվերներ տվեցինք, շնորհակալություն հայտնեցինք բայց չընկերացանք։ Իհարկե, վերջում տխրեցինք, երևի որովհետև միշտ տխուր է, երբ ինչ-որ բան վերջանում է, կամ էլ ուրիշների տրամադրությունից էինք ազդվել, չգիտեմ։ Խոստացանք հաջորդ խաղերին հանդիպել, բայց դե բոլորս էլ հասկանում էինք, որ էլ իրար երբեք չենք տեսնելու։ Այսպիսով, +1 կորցրած հնարավորություն ու -4 հետաքրքիր գիրք։

Վերջում կարելի էր բոլորին խորհուրդ տալ ճիշտ օգտագործել ամառային բոլոր 92 օրերը, բայց ես ամենալավ խորհուրդ տվողը չեմ, ինքներդ որոշեք։ Իսկ մինչ այդ ամառը վերջին անգամ նայում է հետ, բրազիլական սերիալի գեղեցկուհու նման թափահարում է մազերը ու փակում է դուռը։

Susanna Grigoryan

Մարզասրահի ու վանիլային պաղպաղակի մասին

Ինչ-որ պարադոքսալ բան կա, երբ մարզասրահի մասին գրում ես մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակը ձեռքիդ, ինչպես ամեն երեկո հավատով լոտո ջնջողը կպատմեր իր կյանքում երբեք չպատահած շահումից կամ ինքնասպանը՝ կյանքը սիրելուց։ Զարմանալի է, բայց մարզասրահի մասին իմ բոլոր պատմությունները այս կամ այն կերպ կապված են մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակի հետ։ Հենց այդպիսի պաղպաղակը ձեռքիս՝ ես առաջին անգամ մտածեցի, որ կյանքում մեկ անգամ ենք ապրում, արժի գեղեցիկ ապրել, ու առաջին անգամ ոտք դրեցի մարզասրահ։

Լայն, լուսավոր ընդունարանը դժբախտություն չէր կանխագուշակում, հանդերձարանն էլ էր զարմանալիորեն հանգիստ։ Ամեն ինչ լավ էր, չափից դուրս լավ, կասկածելի լավ։

Մարզիչը ցույց էր տալիս վարժությունները, մենք էլ հերթով կրկնում էինք։ Առաջին վարժությունից հետո նույնիսկ սկսել էի ափսոսել, որ բավականին բոյով չեմ, ու արդեն ուշ է մոդելի կարիերա սկսելու համար։ Այս պահին կսազեր ցանկացած լրատվականի ցանկացած շոկային վերնագիր՝ «Աղջիկը կատարեց առաջին վարժությունը, իսկ այն, ինչ եղավ հետո, ձեզ կապշեցնի»։

Պարզվեց, որ առաջինը վարժություն չէր, ընդամենը՝ նախավարժանք։ Վարժությունների սկսվելը ես մաշկիս վրա զգացի, երբ պատերին գրված մոտիվացնող ցիտատները կտրուկ դադարեցին մոտիվացնել։ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է գեղեցիկ ապրենք»-ին փոխարինելու եկավ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է հաճույքով ապրենք»-ը։ Արդյունքում 1-ժամյա պարապմունքից հետո արդեն մոռացել էի, թե որտեղ եմ, ու ինչի համար ենք հավաքվել։

Իհարկե լավ կլիներ, որ պատմության վերջում ես իմ մեջ ուժ գտնեի, հաղթահարեի բոլոր դժվարությունները ու ցույց տայի, թե ինչպես համառությամբ ու կամքի ուժով կարելի է հասնել նպատակներին։ Կամ էլ գոնե ավարտվեր այնպես, ինչպես սկսվել էր՝ մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակով։ Բայց ամեն ինչ ոչ սև է, ոչ էլ սպիտակ, մոխրագույն է՝ անհասկանալի ու կիսատ։ Երբ դեռ մարզասրահ ես գնում՝ ինքդ քեզ ապացուցելու, որ ինչ-որ բանի ընդունակ ես ու ամեն անգամ պաղպաղակ ուտելուց խիղճդ տանջում է։

«Մարդ պիտի երգի իր հոգու երգը»

1970-ական թվականներին գրող, երգահան, դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գևորգ (Ժորա) Հակոբյանը իր կնոջ հետ Վ․ Սասնաշեն գյուղում հիմնեց «Ծովասար» երգչախումբը։ Եպրաքսյա տատիկը երգչախմբում մենակատար է եղել ստեղծման օրվանից սկսած։

«Ծովասար»-ի ամենատարեց մասնակիցը մեծ ոգևորությամբ է պատմում երգչախմբի հաջողությունների մասին, որը սկզբում ելույթ էր ունենում Հայաստանում, իսկ հետո նաև Խորհրդային Միության այլ երկրներում։

-Մոսկվայում «Օստանկինո»-ում ինք ելույթ ունեցել։ «Գքելե»-ն ինք երգել, մեկ լը «Ախպեր-ախպեր ես քու շուն, ի՞նչ իս պարծել քու իշուն»։ Հոպար Ռազմիկն էլ ըսեց, թե հելաք, հասաք Մոսկվա, էշ հանիք բեմ, ուրիշ երգ չկա՞ր։

Շատ տարիներ առաջ Եպրաքսյա տատիկը «Մերիկ-Մերիկ» երգն է կատարել «Գորանի» ֆիլմում, հիմա էլ, երբ մեկ-մեկ ռադիոյով հատվածներ է լսում, շատ է ուրախանում։ Նա նաև Գևորգ Հակոբյանի հեղինակած «Քելե լաո» երգի առաջին կատարողն է եղել։ Երգել է Վահագն Դավթյանի, Մուշեղ Գալշոյանի, Սիլվա Կապուտիկյանի ու Զորի Բալայանի համար։

-Առաջ շատ լավ էր, էդ բոլոր կգա իմ աչքի առաջ։

2 տարի առաջ Lousnelius ռոք խումբը այցելել է Եպրաքսյա տատիկին ու ներկայացրել է «Քելե լաո» երգի իր remake-ը։ Նա տղաներին շատ էր հավանել, «շատ լավ երեխեք էին», remake-ն էլ մեղմ էր ստացվել, լավ էր, ոչինչ։ Եպրաքսյա տատիկը ասում է, որ կարևորը հոգով երգելն է։

-Մարդ պտի երգի իր հոգու երգը, ես ինչ որ կերգիմ, տեսնալ իմ։

Եպրաքսյա տատիկի մասին կարելի է շատ երկար պատմել, երկար-բարակ նախադասություններով նկարագրել նրա սերն ու նվիրվածությունը ժողովրդական երաժշտությանը, կամ էլ կարելի է ուղղակի ասել, որ նա արդեն 86 տարեկան է, առողջությունն էլ առաջվանը չէ, ձայնն էլ մեկ-մեկ կտրվում է, բայց իր կյանքի 86 տարիների ընթացքում նա ոչ մի օր չի դադարել երգել։

Susanna Grigoryan

Զրույցներ

Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ արևը ծագում ու մայր էր մտնում Խորհրդային Հայաստանում, այդ Հայաստանի անկյուններից մեկում ապրում ու ստեղծագործում էր Վաչոն: Ստեղծագործելը մի քիչ սխալ է ասված, քանի որ նա ամենաշահութաբեր խանութներից մեկի տերն էր: Տերն էլ է սխալ ասված, քանի որ Խորհրդային Հայաստանում ոչ մի բանը տեր չուներ և ամեն ինչի տերը բոլորն էին: Հենց այդ պատճառով էլ Վաչոյին դատապարտում են ազատազրկման 10000 ռուբլու պակասորդի համար: Ոնց ասում են՝ բանտ ընկնելուց հետո կյանքը դեռ նոր է սկսվում, և Վաչոն էլ չէր հիասթափվում: Բանտում նա ծանոթանում է ոմն Շավարշյանի հետ, որը երգիչ էր, և որի բանտ ընկնելու պատճառների մասին պատմությունը լռում է: Վաչոն և Շավարշյանը ընկերանում են, որպես իսկական բանտային ընկերներ իրար հետ հաց են կիսում ու մշակում են փախուստի բազմաթիվ անիրագործելի պլաններ: Ասում են՝ հեռավորությունը սպանում է սերը: Երևի այս սկզբունքը բանտային ընկերների համար էլ է գործում, քանի որ Վաչոն և Շավարշյանը առաջին անգամ հանդիպում են բանտից դուրս գալուց 3 տարի անց: Նստում են, հաց են կիսում, երթով հիշում են փախուստի բոլոր անիրագործելի պլանները: Բանը հասնում է նրան, որ Շավարշյանը պատմում է, թե ինչպես է ամուսնացրել որդուն:

-Բա ինձ ինչո՞ւ հարսանիք չես կանչել: Վատ կպարե՞ի,- հարցնում է Վաչոն։

-Ճիշտն ասած՝ լսել էի, թե մահացել ես,- խորամանկ քայլով խափս է տալիս Շավարշյանը:

-Բա էդ ինչո՞ւ թաղմանս չէիր եկել:

Իր բազմաչարչար կյանքի ընթացքում Շավարշյանը բազմաթիվ դժվարություններ էր հաղթահարել, ի վերջո բարեհաջող կերպով բանտ էր նստել ու դուրս եկել, բայց այս հարցի պատասխանը չուներ:

Susanna Grigoryan

Գնամ շուն գտնելու

Ես շուն շատ եմ սիրում: Միշտ ուզեցել եմ ունենալ, բայց տնեցիներին համոզելու ձևը չեմ գտել: Քեռիս էլ էր շուն շատ սիրում: Միշտ ուզեցել էր ունենալ,  ու ի տարբերություն ինձ՝ ինքը ձևերը լավ գիտեր: Փողոցից գտել էր իր ընտրյալին, գրկել, նստել էր աստիճանների վրա ու սկսել էր բարձր ձայնով լաց լինել: Տատիկս էլ, վախենալով հարևանների առաջ խայտառակ լինելուց, ստիպված ներս էր թողել տան նոր անդամին:

Քեռիս հստակ պլան ուներ, հստակ նպատակ ու այդ նպատակին հասնելու միջոցներ` հիմնված տատիկիս ամոթի ու հարևանների կործանիչ ուժի վրա:

Ցավոք, քեռուս միջոցները իմ դեպքում չեն գործում: Մերոնք արդեն վաղուց չեն վախենում հարևանների առաջ խայտառակ լինելուց, հարևաններն էլ այն չեն, ինչ տարիներ առաջ: Մյուս կողմից էլ իմ՝ բարձր ձայնով լաց լինելը, մարդիկ կարող է սխալ հասկանան: Երևի իմ շուն ունենալու ժամանակը անցել է, ծնողներից ինչ-որ բան պահանջելու ժամանակն էլ:  Մնում է հուսալ այն լուսավոր ապագայի մասին, երբ ես խորը ծերության ժամանակ կնստեմ հարմար բազկաթոռին՝ բուխարու առաջ, և իմ մենակությունը կկիսի մաքրացեղ ակատա-ինուն («Հաչիկո»-ի  շունը)՝ ինչպես դասական հոլիվուդյան ֆիլմերում:

Չէ, չի ստացվում, կյանը շատ կարճ է այդքան երկար սպասելու համար: Գնամ շուն գտնեմ, գրկեմ, նստեմ տան դիմաց ու սկսեմ բարձր ձայնով լաց լինել: Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ աշխատեց: