Աստղիկ Հունանյանի բոլոր հրապարակումները

Astghik Hunanyan vayots dzor

Մենք կանք

Արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից: Մի կերպ բաժանվելով մահճակալիցս՝ հագա առաջին պատահած հագուստը, լվացվեցի, ինչպես միշտ՝ գոլ ջրով, սանրեցի գզգզված մազերս ու քթիս տակ ինչ-որ բառեր մրթմրթալով՝ քայլերս ուղղեցի դեպի խոհանոց: Հերթը էլի թեյինն էր. կրկնեցի արդեն ձեռքերիս սովոր գործողությունները՝ պատրաստեցի թեյը, խմեցի ու հագնելով փոշոտ կոշիկներս՝ դուրս եկա տնից: Չէ, մի րոպե, հետ ենք դառնում՝ ականջակալներս եմ ինչպես միշտ մոռացել:

Վերցրի ականջակալներս, միացրի Imagine Dragons-ի երգերից մեկն ու քայլում եմ: Չգիտեմ էլ՝ ուր եմ գնում, ոտքերս ինձ դեպի շուկայի փողոց են տանում, երևի ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու ակնկալիք ունեմ: Ձեռքիս տետրեր են, առանց խուփի գրիչ, որ անուշադրությանս պատճառով ամբողջ ձեռքերս թանաքոտել է: Հեռախոսս էլ, որ ֆոտոխցիկի տեղ է ծառայում՝ մյուս ձեռքիս է՝ սպասում է, որ սովորականից մեծ աչքերս ինչ-որ հետաքրքիր բան տեսնեն մարդկանց բազմության մեջ, նկարեմ:

Մի խումբ ավտոմեքենաներ սլանում են փողոցներով՝ մոռանալով, որ լուսակիր գոյություն ունի, մի խումբը դանդաղ է վարում, որ ճանապարհային ոստիկանները չտուգանեն, մի խումբ վարորդներ սպասում են, որ լուսակիրը զմրուխտի գույն ստանա, որպեսզի շարունակեն երթևեկությունը՝ մատները ավտոմենքենայի ղեկին նյարդային տկտկացնելով, մերթընդմերթ էլ ձեռքով ճակատի քրտինքը սրբելով. կամ իսկապես ինչ-որ շատ կարևոր տեղ են շտապում, կամ էլ ուղղակի շոգում են: Բոլորն են շոգում՝ կանայք արագ-արագ հովհարը շարժելով քայլում են՝ ինչ-որ բաներ բամբասելով, օրինակ՝ երկու օր առաջ էսինչն էր մահացել, բայց նրա հորաքրոջ ամուսնու հարևանի ջահել հարսի պապիկի եղբորորդու բանակի ընկերոջ սանիկի եղբայրը թաղմանը ներկա չի եղել, կամ ասենք՝ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, հաստատ «մութ» գործերի մեջ է: Տղամարդիկ էլ շոգելով ուղիղ փողոցի մեջտեղում կանգնած «պատերազմի» մեջ են, իրարից ինչ-որ պարտքեր են պահանջում, կամ էլ իրենք էլ են իմացել, որ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, բուռն քննարկում են, էլի: Իսկ տղաները Պողոսի դարդին չեն, ուղղակի սփիները պտտացնելով մի խումբ աղջիկների հետևից են գնում, համենայնդեպս՝ տպավորությունն այդպիսին է: Մի խումբ մարդիկ էլ անտարբեր, դատարկ հայացքներով շարժվում են տարբեր ուղղություններով: Իսկ տատիկնե՜րը, մի քանի ամիս թոշակ չստացածի դեմքով դեպի շուկա են գնում՝ մեկ սեփական հարսին թողած հարևանի հարսին գովելով, մեկ Իչայի ու Վիրի կյանքը քննարկելով, մեկ էլ շոգից են բողոքում:

Շուկայի մոտ եմ. մի քանի տղամարդիկ ձմերուկ են գնում՝ այն ականջի մոտ պահելով ու մատներով տկտկացնելով, իբր այդպես կհասկանան՝ իսկապես հասած ու քաղցր է, թե վաճառողը խաբում է: Վաճառողն էլ ի՞նչ անի, արևից վառված ու սևացած դեմքով սպասում է, մինչև կորոշեն գնել ու տուն տանելու գումար կաշխատի: Թռչուններն էլ են շոգում. ձևի համար մի հատ թռչուն չես տեսնի երկնքում, դե, բնական է, ով էլ մի քանի վայրկյան էս շոգին երկնքում մնա, «ժարիտ» կդառնա:

Ախ, այո, մոռացա ներկայանալ. բարև, ես Աստղն եմ, Հայաստանի սովորական, անչափահաս քաղաքացի, որն արդեն 3 ամսից ավելի է՝ թղթակցում է ոչ սովորական մի կայքի՝ 17.am-ին, որի խոսքն արդեն լսելի է, որն ունի ազատ արտահայտվելու, ապրումներն ու զգացումները իր նման հազարավոր պատանիների ու մեծերի հետ կիսելու հնարավորություն: Էլ իմաստ չունի ասելը, թե ինչքան է ինձ փոխել «Մանանան», բայց մեկ է՝ կասեմ: Մինչ պատանի թղթակից դառնալը ես պատկերացում էլ չունեի, որ աշխարհին կարելի է նայել ուրիշ աչքերով, որ կարելի է ուշադրություն դարձնել շուրջդ տիրող անգամ աննշան երևույթներին, սկսեցի արժևորել ու գնահատել ամեն մի մանրուք, անգամ մեր թաղի Սուրեն պապի «դու ես պնդո՞ւկ, թե՞ ախպերդ ա պոպոկ» հարցը, անգամ Վանիկ պապի «անհամ» ավտոմեքենան, որի ձայնը մեկ-մեկ ավելի շուտ է արթնացնում ինձ, քան զարթուցիչի կամ տատիկիս սերիալների ձայները, մեր քաղաքի բարբառն ու հին տները, որոնք ավելի գրավիչ են դարձել իմ աչքերում, քան նոր կառուցված շենքերն ու գրական խոսքը: Սկսել եմ ապրել, մտածել, պրպտել, անտարբերությունս էլ իր տեղը զիջել է հետաքրքրասիրությանս: Մինչ թղթակից դառնալն ու վորքշոփին մասնակցելը կարծում էի՝ ինչ-որ անիմաստ բառերով փիլիսոփայելն ավելի լավ է, քան ամենահասարակ բառերով ուզածդ ներկայացնելը, դեռ այդքան չէի սխալվել: Ես անգամ մարդկանցից էի վախենում՝ բոլորից, մի քանիսն էլ ինձ «մուկ» էին անվանում դրա համար, հետո կամաց-կամաց սկսեցի բացվել, խոսել, երևի ֆոտոարշավներն օգնեցին, չէ՞: Արդեն ազատ, առանց ձայնս դողացնելու կարող եմ հարցնել՝ թույլ կտա՞ք ձեզ նկարեմ, ու մերժվելուց չնեղվել էլ եմ սովորել: Հիմա բոլոր հեռու թե մոտիկ բարեկամներս, հարևաններս, ընկերներս, դպրոցս, անգամ կանգառում միշտ նստած պապիկները, որոնց մի քանի անգամ նկարել եմ, բոլորն ինձ որպես լրագրող են ճանաչում, դե՝ պատանի թղթակից: Ովքեր նյութերս կարդում են, ասում են՝ աննորմալ եմ, որ այդպես ազատ գրում եմ, որ նյութերումս խոստովանում եմ՝ անփույթի մեկն եմ, կամ որ սենյակս Անիի ավերակներին է նման. դուռը բացես՝ ինչ ասես գլխիդ կընկնի, բայց նաև ասում են՝ լավ աննորմալ եմ: Բոլորը գովում են, չնայած՝ այն ժամանակ էլ էին գովում, երբ անիմաստ բառերն իրար էի կպցնում՝ էնքան որ հանգերը բռնեն, ու բանաստեղծություններ գրում:

Կա աշխարհում Բեյքըր Սթրիթ, բնակարան 221 Բ, կա Բեքըն Հիլլս ու «գիշերն անչափահասներին արգելվում է անտառ մտնել» ցուցանակով անտառը, կա Ռիվերդեյլ քաղաքը, որն էլ երբեք առաջվանը չի լինի, ու կա Մաշտոցի 45 Ա, բնակարան 40՝ Հայաստանի սիրտը: Միլիարդավոր երեխաներից կամ ես, կաս դու, ու կան մյուս հազար թղթակիցները, կան լրատվամիջոցներ, կա Շամշյանն ու կա «Մանանան»: Կա տասը մարզ, 48 քաղաք, 953 գյուղ ու այնտեղ ապրող իմ ընկերները, ու կան միլիարդավոր քննարկված թեմաներ ու միլիարդավոր էլ թեմաներ, որ քննարկման են սպասում: Մի տեսակ հպարտանալու տեղիք է տալիս, չէ՞, լինել 17-ի մեծ ընտանիքի փոքր անդամ, ներկայացնել քո մարզը, քո գյուղն ու քո քաղաքը, քո ընտանիքն ու քո խնդիրները, ներկայացնել՝ համոզված լինելով, որ քեզ լսելու են…

-Աղջիկ ջան, մի կողմ գնա, անցնենք, չես տեսնո՞ւմ, որ փակում ես մեր ճանապարհը, էս ինչ սերունդ ա, տո,- ասաց մի կին՝ բարձր գոռալով:

-Մենք էն սերունդն ենք, որ ասելու բան ունի:

Դժգոհ էր, գուցե իր համար անհեթեթություն թվաց ասածս, ինչևէ, տուն եմ վերադառնում, էլի Imagine Dragons-ը, էլի նույն փողոցներն ու էլի Պողոսը: Վայ չէ, Պողոսը չի, էս անգամ Պետրոսն է, ասում են՝ համակարգիչ է գնել: Քննարկում են…

Astghik Hunanyan vayots dzor

Միթրես ու մի քիչ էլ բողոք

Ժամը 11-ն էր, օրը՝ ամառ (դե, ներեցեք, որ օրը չեմ հիշում, ո՞ր մի աշակերտը ամռանը կիմանա, թե ամսի քանիսն է): Մալիշկայի կարմիր ավտոբուսը դըխկդըխկալով հասավ Եղեգնաձոր. Շահբազյան Անիին էր բերում:

Մի քանի օր առաջ…

-Ան, արի ճամբար ման գանք, գնանք, մենակ թե դուրս գանք տանից, մեռա արդեն պարապությունից ու կինոներ նայելուց:

-Արի, ես ոչ մի ճամբար չեմ գտել, հլը դու նայի:

-Ահ, ես էլ չեմ գտնում, լսի, արի մենք ամառային, դպրոցական ճամբար կազմակերպենք:

-Ա՜, ճիշտ ես ասում:

-Ան, դու կխոսես, ես կնկարեմ… Հլը մի րոպե, արի կինո նկարենք, ես մի քանի հատ գաղափար ունեմ:

Լավ, մնացած մասն անհետաքրքիր է: Խումբ կազմեցինք, անունն էլ դրեցինք «Միթրես» («սեր թիմ» բառի շրջված տարբերակն ա, էլի): Դե, արդեն նշեցի, մի քանի օր հետո Անին եկավ Եղեգնաձոր, իմ «չխկլիկ» հեռախոսով վիդեոռեպորտաժ էինք որոշել նկարել: Պետք է շրջեինք մի քանի գյուղերով ու մարդկանց հարցուփորձ անեինք, թե ինչպես են դիմանում շոգին: Շոգ-ճառաքին ամբողջ Եղեգնաձորով մի քանի պտույտ արեցինք ու ում տեսանք՝ նկարեցինք: Դե, էլ չասեմ՝ քանի անգամ մերժվեցինք, մեկը, թե բա՝ ես անգրագետ մարդ եմ, ես չեմ կարա խոսամ, մյուսը՝ վայ չեմ դիմանում, շոգ ա, թողեք գնամ, շատերն էլ՝ երեխա գտեք, նկարեք, ինձնից ի՞նչ եք ուզում: Մի կնոջ էլ ժամերով կանգնել բացատրում էինք՝ ռեպորտաժն ու վիդեոն ինչեր են: Վատ բաների հետ լավն էլ եղավ, մի տղայի հարցրինք, մի քանի բառ ասաց, հետո էլ մեզ երկու տոպրակ ադի-բուդի հյուրասիրեց, գոհ-գոհ կերանք, գնացինք մեր տուն:

Մյուս այցը Մալիշկան էր: Չեմ եկել մենակ պատմելու՝ ինչ արեցինք, ոնց արեցինք, մի քիչ էլ բողոքել եմ ուզում: Ես սկսեցի սիրել Մալիշկայի հյուրասիրությունը, ժպիտները, մեկը մյուսից լավն էին: Անծանոթ մարդը քեզ փողոցում տեսնում էր, բարև էիր տալիս, էնքան ջերմ էր խոսում, մի բան էլ հրավիրում էր իրենց տուն: Հրավիրելը որն ա, է, ամբողջ ուժով ջանում էր համոզել, որ գնանք, մի գավաթ սուրճ խմենք իր հետ, ու այդպես գրեթե բոլորը: Հասկանո՞ւմ եք, նրանք այնքան մենակ են եղել երկար ժամանակ, որ իրոք ինչ-որ մեկի հետ խոսելու կարիք ունեն: Ու դա էն դեպքում, երբ Մալիշկան 5000 բնակչություն ունի, բայց ընդհանրապես չէիր ասի, որ այդպես է. դատարկ էին փողոցները, տները: Հավատացեք՝ պատճառը ոչ շոգն ա, ոչ էլ ցուրտը, ինքներդ էլ գիտեք՝ դրան ինչ են անվանում: Կամ Մալիշկան, որ համարվում է Հայաստանի երկրորդ ամենամեծ գյուղը, ոչ մի խանութ չունի: Մեկը, որ երևի մեր թաղի խանութից էլ փոքր էր, չէր աշխատում, իսկ մյուսը, որ գյուղի մյուս ծայրում էր, ոչ մի բանի պիտանի չէր, իսկ ես դեռ իմ քաղաքից էի բողոքում:

Անիի տատիկն էլ ամեն կերպ ուզում էր մեզ ջեմով մածուն կերակրելուց հետո միայն նոր բաց թողնել: Իսկ երեխաները իրենց գյուղի բարբառը չէին սիրում, շատ երեխաներ էլ ուղղակի չէին կարողանում բարբառով խոսել, ես էի իրենց սովորեցնում, որ բարբառով պատմեն շոգի մասին (դե, մեր տանը բոլորը բարբառով են խոսում, ես էլ լավ գիտեմ): Վերջում էլ պարզվեց՝ ես էլ եմ հայրական կողմից արմատներով մալիշկեցի, տատս ասում ա՝ մալիշկեցու ծոռ ես դու:

Երրորդ կանգառն Արփին էր: Դե, Արփին, քանի որ ոչ ինձ էր լավ ծանոթ, ոչ էլ Անիին, իմ ծանոթը՝ Աշոտը, պետք է մեզ ման տար: Ինքն էլ իր հերթին իր ընկերոջն էր բերել, որի անունը չեմ հիշում: Էդ խեղճերը ամբողջ օրը մեզ հետ ման եկան, մի լավ օգնեցին՝ շոգից վառվելով: Մարդ էինք փնտրում՝ գոնե մի քանի բառ ասեր, ոչ ոք չէր ցանկանում խոսել: Արփիում էլ մի բան եղավ, որն ինձ մտածմունքի մեջ գցեց: Երբ մի տուն մտանք, մի 80-ին մոտ տատիկ էր նստած բակում: Մեզ տեսնելուն պես սկսեց բարձր ձայնով լացել, գոռալ, ինչ-որ անհասկանալի բառեր ասել: Ինչքան հասկացա, ասում էր՝ թողեք, թողեք մեռնեմ, թե ինչ, արագ դուրս եկանք, չեք էլ պատկերացնի՝ ինչպես էինք վախեցել: Անին էլ գլխարկը մոռացել էր երթուղայինի մեջ: Մինչև ծանոթներ խառնելով վարորդին գտանք, օրվա կեսն անցավ: Ինչևէ, մնում էր մեր ֆիլմի «պերեբիվկան» նկարեինք ու գնայինք հարևանիս՝ Լիպարիտի մոտ, որ մեզ մոնտաժ անել սովորեցներ (դե, մասնագիտությամբ դոկումենտալիստ է, մեզ էլ ահագին բան սովորեցրեց, թե՛ ֆոտոների, թե՛ ֆիլմերի և թե՛ 300 սպարտացիների մասին): Ռեպորտաժը նկարեցինք, մոնտաժն արեցինք, վերնագիրն էլ դրեցինք՝ «Շոգի հետքերով»: Մի խոսքով՝ կյանքիս ամենախառը օրերն էին: Իսկ տատիկս ամբողջ ազգին պատմում ա.

-Իմ թոռը ռեժիսոր ու նկարող ի տառե, տույ կտսնաք՝ շատ առաջ ի էթալու:

Հ.գ. Եթե չեք դիտել մեր վիդեոռեպորտաժը, դիտեք, Անին վայրկյանը մեկ մտնում ու ստուգում է դիտումների քանակը: Ահա հղումը.

Ես ու Անին իրար երաժշտական դպրոցից ենք ճանաչում, ու մեղմ ասած, ատում էինք իրար, իսկ հիմա մեր տանն անգամ հաց ենք ուտում միասին: 17.am-ը հրաշքնե՜ր է գործում:

Astghik Hunanyan vayots dzor

Տարբերություն չդնենք

Բոլորս էլ գիտենք՝ ինչ կարծրատիպեր են «իշխում» Հայաստանում ու դեռ քանի հազարամյակ էլ կիշխեն, էլ չասեմ: Սակայն դրանցից ամենաշատ հանդիպողներից մեկի մասին եմ ուզում խոսել: Չնայած՝ հավանական է, որ մայրս ու տատս նյութս կարդալուց հետո սաստեն ինձ, նորից քարոզ կարդան գլխիս, իսկ «սքայփի» բարեկամներն «ազգի դավաճան» անվանեն, բայց մեկ է՝ պետք է ասեմ։

Դեռ փոքր ժամանակվանից միշտ տարբերություն են դրել իմ ու եղբորս միջև, ու հաստատ բոլոր «հայու գենը պահող» ընտանիքներում էլ նույն վիճակն է։ Երևի հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Դեռ մանկուց էլ բոլորն իրենց մեթոդներով ջանացել են հասկացնել, որ ես պետք է լսողի դերում լինեմ, որ ես պետք է զիջեմ, ես պետք է ամեն ինչ անեմ, իսկ եղբայրս կարող է ողջ օրը ոչ գործ անել, ոչ էլ առավել ևս, օգնել մայրիկին, քանի որ նա տղա է, իսկ ես՝ աղջիկ: Մարդ էակից ընդամենը երկու տեսակ կա՝ աղջիկ ու տղա, էդ ո՞ր հանճարի մտքով անցավ տղային իշխողի դերը տալ, իսկ աղջկան՝ հնազանդվողի, որ տղաների համար է ստեղծված ավտոմեքենան, շինարարի կամ դարբնի մասնագիտությունները, իսկ աղջիկը չի կարող դառնալ շինարար, քանի որ «թույլ սեռ»-ի ներկայացուցիչ է, և բացի դրանից՝ բա ամոթ չի՞, ի՞նչ կմտածեն մարդիկ: Երբեք էլ չեմ ընդունել ու չեմ ընդունի էդ խտրականությունը, ախր, դա շատ վատ դաստիարակության ձև է։ Կանգնում են ու եղբորս մոտ ասում, որ նա կարող է ողջ օրը գործ չանել, իսկ ես պետք է անեմ, նա կարող է այսինչ բանն անել, իսկ ես ոչ՝ բա ինքը տղա ա, իրեն կարելի ա։ Դեռ մի բան էլ ինձնից մի տարի փոքր է, բայց չգիտես՝ ինչի, ես պետք է իրեն զիջեմ, կռվում վերջին խոսքը նրանը պետք է լինի, նա կարող է գոռալ ինձ վրա, իսկ ես նրա վրա գոռալ չեմ կարող (բայց, դե գոռում եմ, էլի), նույն բանը նրան թողնում են, իսկ ինձ՝ չէ։ Տատս էլ միշտ եղբորս է ավելի շատ սիրել, չնայած՝ ես հազար անգամ ավելի լավ եմ սովորում, ավելի ընդունակ եմ ու ավելի խելացի, գիտե՞ք՝ ինչի, ես գնալու եմ, ես ուրիշի սերունդն եմ շարունակելու, իսկ եղբայրս՝ մերը (տատիկիս արդարացումն է), դա դեռ էն դեպքում, երբ տատս ինքն էլ աղջիկ է ու հարս։ Անգամ ափսոսում եմ, որ մի ամսում անհնարինը հնարավոր դարձնելով, ամեն օր տանջվելով՝ մի վեց առարկա զրոյից սովորել եմ ու փայլուն արդյունքի հասել, որ կարմիր վկայական ստանամ, իսկ եղբայրս անգամ մատը մատին չի տա: Գիտե՞ք՝ ինչի, որովհետև դեռ դպրոցական առաջին տարիներից էլ տատս ասում էր՝ ինքը տղա ա, ինքը կարա մի քիչ էլ վատ սովորի, իսկ մայրս հիմա ասում է՝ ի՞նչ կարմիր վկայական, չէ մի, պարտադիր չի բարձր գնահատական ստանա, իսկ դու աղջիկ ես, դու պարտավոր ես շատ լավ սովորել: Ու ինչի՞ համար են տղաներին երես տալիս: Հա, ի՞նչ, որ տղաների մազը կարճ ա, խելքը «երկա՞ր» ա, որ էդ հիմար ասացվածքն են հորինել մարդիկ:

Կամ ասում են՝ էս գործը աղջկա գործ չի, դու աղջիկ ես, դու չես կարող դառնալ կարատեիստ կամ շինարար, աղջիկները միայն ուսուցիչ կարող են դառնալ: Վա՞տ կարատեիստ է մեր թղթակից Էլիզը, դեռ մի բան էլ շատ մրցանակներ է ստացել, մրցույթներում ու առաջնություններում է հաղթել: Վա՞տ մարտիկ էր Ժաննա դ’Արկը, որ մի ամբողջ Ֆրանսիա ազատագրեց, վա՞տ թագուհի է Էլիզաբեթը, որ մի հսկա Անգլիա է կառավարում, վա՞տ ճարտարապետ է Զահա Հահիդը, որ համարվում է ամենահայտնի ճարտարապետներից մեկը՝ կին լինելով հանդերձ, կամ՝ Ռոնդա Ռոուզին, որը բացի տաղանդավոր դերասանուհի լինելուց՝ նաև ձյուդոյի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր կամ խառնամարտի բացարձակ չեմպիոն է, էլ ի՞նչ թույլ սեռ, ի՞նչ բան: Վա՞տ աղջիկ կլինեի ես, եթե իրավաբան կամ օպերատոր դառնայի, որ արգելեցին՝ ասելով, թե բա՝ աղջկա գործ չի: Չգիտեմ, է: Միշտ էլ ասել եմ մայրիկիս՝ ես իմ երեխաներին էդպես չեմ դաստիարակելու ու ոչ էլ տարբերություն եմ դնելու նրանց միջև…

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան

Լուսանկարը` Սամվել Մքոյանի

Լուսանկարը` Սամվել Մքոյանի

Մենք հաճախ ենք լսում «կոռուպցիա» բառը: Բոլորը հիմա պայքար են մղում կոռուպցիայի դեմ, ասում են՝ ամեն ինչի համար մեղավոր է կոռուպցիան, սրա մեջ կոռուպցիայի վտանգ կա… Իսկ իրականում գիտե՞ն արդյոք մարդիկ, թե ինչ է կոռուպցիան: 

17-ի մեր թղթակիցները տարբեր տարիքի, սեռի, զբաղմունքի, տարբեր մարզերում ապրող մարդկանցից փորձել են իմանալ այդ մասին: Քեզ հետաքրքի՞ր է, ուրեմն ծանոթանանք միասին մարդկանց պատկերացումներին: Եվ այսպես.

-Գիտե՞ք, թե ինչ է կոռուպցիան: 

-Դե հա, որ տանում ես մեկին փող ես տալիս, որ քո տեղը օրենքից դուրս մի բան անի: Կաշառք, էլի: (Արամ Մանուկյան, Վայոց ձոր, 47 տ., բանվոր)

-Այո, գիտեմ: (Ալինա Ալեքսանյան, Վայոց ձոր, 14 տ., աշակերտ)

-Հա, բալա ջան, կաշառք տալն ու վերցնելը, գողությունը: (Ջուլիետա Մնացականյան, Վայոց ձոր, 72 տ., թոշակառու)

-Այո: (Սոնա Վարդանյան, Վայոց ձոր, 83տ., թոշակառու)

-Կոռուպցիան լատիներենից թարգմանած նշանակում է ծախված, վաճառված լինել: (Էդուարդ Բագրատունի, Վայոց ձոր, 63տ., տնտեսագետ, լուսանկարիչ)

-Այո, իհարկե: (Պողոսյան Տիգրան, Վայոց ձոր, 60տ., գործազուրկ)

-Հասկանում եմ, բայց չեմ կարող բացատրել: (Մերի Առաքելյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Այո: (Ժեննի Կարապետյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Էն, ինչը կերել ա Հայաստանը: (Տաթև Հովսեփյան, Վայոց ձոր, 46տ., ուսուցչուհի)

-Կոռուպցիան օրինական խախտում է, երբ որևէ գործ կատարվում է շահադիտական նպատակներ հետապնդող անձի կողմից, անօրինական ճանապարհով: (Անահիտ Բադալյան, Երևան, 17 տարեկան, ուսանողուհի)

-Կաշառակերությունը: (Աննա Առաքելյան, Կոտայք, 17 տարեկան, ուսանողուհի)

-Կոռուպցիան պաշտոնավարող անձի դիքի չարաշահումն է` որոշակի բարիքի կամ պաշտոնի համար: (Վարդան Հովհանիսյան, Կոտայք, 16 տարեկան, աշակերտ)

-Կոռուպցիան հովանավորչությունն է, կաշառակերությունն է: (Սուսաննա Մանասյան, Կոտայք, 63 տարեկան, նախկին մանկավարժ, թոշակառու)

-Կաշառակերությունն ա: (Արման Թադևոսյան, Կոտայք, 31 տարեկան, շինարար)

-Կոռուպցիան, ինչքանով, որ ես գիտեմ, կաշառք տալ, վերցնելն է, պաշտոնի չարաշահումը, որը կոնկրետ ոլորտի չի վերաբերվում: (Սեդա Մուրադյան, Կոտայք, 22 տարեկան, ուսանողուհի)

-Դե, կաշառք, կաշառակերություն: (Աննա Մնացականյան, Կոտայք, 18 տարեկան, ուսանողուհի)

-Կոռուպցիան կաշառակերությունն է: (Դիանա Երանոսյան, Կոտայք, 14 տարեկան, աշակերտուհի)

-Հավատու՞մ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան: 

-Որ օրը վերացավ, մարդիկ էլ կվերանան, տենց բան չի լինի: (Արամ Մանուկյան, Վայոց ձոր, 47 տ., բանվոր)

-Կոռուպցիան գալիս ա շատ հին ժամանակներից, կա ու կլինի: Եթե անգամ անունը փոխվի, մեկ ա՝ երևույթը մնալու ա: (Ալինա Ալեքսանյան, Վայոց ձոր, 14 տ., աշակերտ)

-Երբեք. երազում կտեսնեք: (Ջուլիետա Մնացականյան, Վայոց ձոր, 72տ., թոշակառու)

-Ձուկը գլխից ա ավեր, վերևները որ փոխվեն, կոռուպցիան էլ կվերանա, մնացած բաներն էլ: (Սոնա Վարդանյան, Վայոց ձոր, 83տ., թոշակառու)

-Եթե այսօրվա իշխանությունները մնան, ցավալիորեն կասկածում եմ: (Էդուարդ Բագրատունի, Վայոց ձոր, 63տ., տնտեսագետ., լուսանկարիչ)

-Ոչ, քանի որ մարդը իր բնույթով էդպիսին է, մենք ուզում ենք վերցնել, անշահախնդիր ոչ մի բան չենք անում, ուզում ենք պաշտոն զբաղեցնել, որ էդ մենակ մեր օգտին օգտագործենք, այլ ոչ թե ի շահ ժողովրդի: (Պողոսյան Տիգրան, Վայոց ձոր, 60տ., գործազուրկ)

-Իհարկե չէ: (Մերի Առաքելյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Մոտակա 50 տարին հույս չունեմ: (Ժեննի Կարապետյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Բացարձակ չեմ հավատում: (Տաթև Հովսեփյան, Վայոց ձոր, 46տ., ուսուցչուհի)

-Եթե յուրաքանչյուր անձ հասկանա, որ կոռուպցիոն երևույթի մասնակցելով՝ վնասում է հենց ինքն իրեն, այո, միանշանակ կվերանա: Սակայն դրա համար, կարծում եմ, դեռ շատ ժամանակ կա: Եվ հարկավոր է, որ կառավարությունը այդ դաշտը խոչընդոտելու համար շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, եթե կաշառք վերցնողը հասկանա, որ իրեն սպասվում է իր վերցրածից կրկնակի, եռակի անգամ շատ պատիժ` կարծում եմ՝ իրեն «ձեռք չի տա» նման քայլի գնալը: (Անահիտ Բադալյան, Երևան, 17 տարեկան, ուսանողուհի)

-Ո՛չ: (Աննա Առաքելյան, Կոտայք, 17 տարեկան, ուսանողուհի)

-Այո: (Վարդան Հովհանիսյան, Կոտայք, 16 տարեկան, աշակերտ)

-Այնպիսի երկիր չկա, որտեղ կոռուպցիոն երևույթներ չլինեն, բայց կա նվազագույնը և կա առավելագույնը, ցավոք սրտի, մեզ մոտ դեռ առավելագույնն է և ո՛չ, չի վերանա: (Սուսաննա Մանասյան, 63 տարեկան, նախկին մանկավարժ, թոշակառու)

-Չէ՛, քանի որ կարգն ա տենց: (Արման Թադևոսյան, Կոտայք, 31 տարեկան, շինարար)

-Հա, որքան էլ շատ են կեղծ և կաշառակեր մարդիկ, չպետք է նաև մոռանանք, որ հիմա իրոք լավ, խելացի ու պայքարող տարեկիցներ ունենք: (Սեդա Մուրադյան, Կոտայք, 22 տարեկան, ուսանողուհի)

-Դե, եթե ամեն մեկը մյուսներին քննադատի, անընդհատ խոսի դրա մասին ու իր արածները չքննադատի, դժվար թե: Բայց եթե ամեն ոք առաջինը իր վրա աշխատի ու զերծ մնա դրանից, հնարավոր է: Չեմ կարծում, որ դա մոտ ապագայում կլինի, որովհետև հասարակության մտածելակերպը մի փոքր այլ է: Խոսում են, քննադատում, բայց հենց քննադատողները չեն հավատում դրան: Ինչքան էլ անհնար լինի, պետք է փորձել, այսինքն՝ եթե «միակ» ելքը կոռուպցիայի միջոցով «գործը առաջ տանելն» է, այնուամենայնիվ պետք է դեմ գնալ և չդիմել այդ քայլին: Ուղղակի հրաժարվել և՛ տալուց, և՛ վերցնելուց, փորձել սեփական ուժերը: (Աննա Մնացականյան, Կոտայք, 18 տարեկան, ուսանողուհի)

-Ես հավատում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կվերանա կոռուպցիան, եթե, իհարկե, պայքարենք դրա դեմ: (Դիանա Երանոսյան, Կոտայք, 14 տարեկան, աշակերտուհի)

-Ինչո՞ւ չի վերանա: 

-Որ ուզում եք իմանալ՝ կոռուպցիան ամենալավ բանն ա: Հայաստանում ոչ մի օրենք չի գործում, բա գոնե մի բան պիտի գործի՞, որ մեր գործերն առաջ գնան: Բա որ համ էդ չլինի, համ օրենք, ի՞նչ ա անելու ժողովուրդը: (Արամ Մանուկյան, Վայոց ձոր, 47 տ., բանվոր)

-Բագիրովը էթալ Ստալինի մոտ, Ստալինն ասել՝ «կաշառակերությունը տարածվել մեր երկրում, մե պան արա, վերացրու մեր երկրեն: Բագիրովն էլ թե բա՝ «ի՞նչ կտաս, որ վերացնեմ»: Ուզես եմ ասեմ, որ կաշառակերությունը չի վերանա, էդ մարդու արյան մեջ ի: (Ջուլիետա Մնացականյան, Վայոց ձոր, 72տ., թոշակառու)

-Որովհետև էդ էնքան ա մտել հայերի էության մեջ, որ անհնար ա վերացնել: (Մերի Առաքելյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Ներկա քաղաքական գործիչները էլ չեն լինի: Մարդիկ, չմտածելով թե ինչ են անում, էդ քայլին գնում են ապրելու միջոց գտնելու համար: Մի երկրում, որտեղ բնակչության 50 տոկոսից ավելին աղքատ է, չի կարող գողությունը վերանալ: (Ժեննի Կարապետյան, Վայոց ձոր, 15տ., աշակերտ)

-Որովհետև գնալով ավելի ա խորանում, որովհետև յուրաքանչյուր մարդ իր նպատակին հասնելու համար ամեն քայլի դիմում ա, կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, սովորական մարդն էլ տուժում ա: (Տաթև Հովսեփյան, Վայոց ձոր, 46տ., ուսուցչուհի)

-Որովհետև Հայաստանը օրենքի երկիր չի, ու մեր տնտեսական ու սոցիալական աճին խանգարում է կոռուպցիան: (Աննա Առաքելյան, Կոտայք, 17 տարեկան, ուսանողուհի)

- Ի՞նչ է պետք անել, որ կոռուպցիան վերանա: 

-Դրա համար հարկավոր է պատասխանատվություն, հետևողականություն: (Վարդան Հովհանիսյան, Կոտայք, 16 տարեկան, աշակերտ)

-Պայքարել, նման բան չանել առաջին հերթին, հետո՝ թույլ չտալ, որ ուրիշներն անեն: Դպրոցը, հիվանդանոցը, բուհերը և նման այլ կառույցները վերցնել խիստ հսկողության տակ: (Սեդա Մուրադյան, Կոտայք, 22 տարեկան, ուսանողուհի)

Հարցումներն անցկացրեցին Աստղիկ Հունանյանը, Անի Շահբազյանը, Էլլադա Պետրոսյանը

Astghik Hunanyan vayots dzor

Չալոյի «կամանդը»

Ես էլ, դուք էլ գիտենք՝ ընկերության մասին միլիոնավոր աֆորիզմներ կան գրված, բայց ես, նյութիս առաջին տողերը հայտնի մարդկանցից մեկի աֆորիզմով լրացնելու փոխարեն, ուզում եմ ինչ-որ հեղինակային ապուշություն ասել, նոր անցնել առաջ՝ Չալոյի «կամանդի» մասին պատմելուն:

«Չիմացյալ մահը մահ է, ընկերովի մահը՝ հարսանիք»:

Դե, ինչպես հասկացաք՝ մի խումբ ընկերներիս մասին եմ ուզում խոսել: Գլուխներդ չեմ տանի՝ ասելով՝ թե բա իմ ընկերներն ամենալավն են, մեր ընկերությունն ամենաամուրն է և այլ ձանձրալի բաներ, դա նման է նրան, որ տատիկներն ասում են՝ իմ թոռնիկն ամենասիրունն ա աշխարհում: Բայց ինչ խոսք, մեր խումբն իսկապես տարօրինակ է ու իդեալական՝ Աննան, որ հավերժ հակամարտության մեջ է Հովիկի հետ, Հարութը, որը «քթի տակ» հիմար կատակներ է անում ու սպասում, որ ծիծաղենք, Ռուբիկը, որը բոլորից ճարպիկն ու «ջրիկ»-ն է, Վալոդիկը, որ մի թեթև կպնում ես՝ սկսում է լացել, «տափակ» է ու կամակոր, և ես՝ բոլորից բարձր ու շատ խոսող, բոլորի ասած՝ Ձենով Օհանս: Ախ, հա, նաև Գևորիկն ու Նարեկը. Գևորիկը, եթե Ռուբիկի թիմից չի լինում, նեղանում է, գնում տուն, իսկ Նարեկը, իմանալով, որ իր կատակներն ու ասածները ոչ մեկին դուր չեն գալիս, որ ազդում է բոլորի նյարդերի վրա՝ մեկ է, միշտ մեզ հետ է: Սա էլ մեր «համեստ ու խելոք» խումբը:

Տատս միշտ կասի՝ վա՜յ, էլ խախանդ նստել չի լի, Չալոյի «կամանդն» եկավ: Անկեղծ ասած՝ չգիտեմ էլ՝ Չալոն ո՞վ է, ի՞նչ է, բայց արդեն տասներեք տարուց ավելի է, ողջ թաղամասը մեզ Չալոյի կամանդ է ասում: Խոստովանեք, որ էս մեր հայերը սիրում են ամեն ինչին անուն կպցնել: Լա՜վ, ինչևէ, իրար հետ ենք մեծացել, իրարով է անցել մեր մանկությունը, ու ինչպես ամեն երևույթ, մենք էլ էվոլուցիոն գործոնների մի լավ ենթարկվել ենք: Չէ, մենք չենք փոխվել, կամ հնարավոր է, մենք էլ ենք շատ փոխվել, միգուցե միմյանց հանդեպ մեր վերաբերմունքն էլ, բայց մեր զբաղմունքը ժամանակի ընթացքում հաստատ 180 աստիճանով փոխվել է: Մի շտապիր մտածել ու եզրակացություններ անել, հիմա ես ամեն ինչ կպատմեմ:

Սկզբից, հենց ամենասկզից, երբ ես դեռ մեկ տարեկան էի՝ սկսեցի շփվել երկու տարեկան Աննայի հետ: Նա էր մեր միջի «մեծը» ու նա էլ ինձ պահում էր: Հետո ծնվեց Վալոդիկը՝ եղբայրս, որը կամաց-կամաց մյուս բոլոր «տան փոքրերի» նման սկսեց խաթարել մեր հանգիստը: Տունտունիկ էինք խաղում օր ու գիշեր՝ կտրվելով իրականությունից ու ընկղմվելով երեխայական երևակայության մեջ: Մեր տունտունիկի սցենարն էլ տիպիկ մերօրյա հնդկական սերիալների սցենարներից էր. օրինակ, այսպես՝ կամ ես էի լինում աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Աննան՝ սպասուհիս, կամ հակառակը, հետո պարզվում էր, որ մենք քույրեր ենք: Կամ ես էի այդ տարի հաղթում «Միս տիեզերք»-ը, կամ նա: Մենք լավ խոհարարներ էինք, լավ բիզնեսմեններ, լավ մայրեր մեր տիկնիկների համար, ունենում էինք հազարավոր ավտոմեքենաներ, որոնք իրականում մեր տան բազկաթոռներն ու բազմոցներն էին, գնում էինք բարձրակրունկ կոշիկներ, որոնք իրականում մայրիկներից գողացված կոշիկներն էին լինում, տարբեր հագուստներ, որոնք այնքան մեծ էին, որ փաթաթում էինք իրար վրա և ամրացնում մազի բրոշով, որպեսզի չլողայինք դրանց մեջ: Իսկ տան ամեն մի սենյակը ինչ-որ խանութ էր կամ մեկի տունը: Բա չասե՞մ՝ ինչ փողերով էինք գնում այդ ամենը, դա ամենատպավորիչն է: Մեր փողերը հասարակ թղթի կտորներ էին, որոնց վրա տարբեր թվեր էինք գրում ու որպես փող օգտագործում, դե կամ էլ պոպոքի ծառի տերևներն էինք փող պատկերացնում: Երբ լողանում էինք, որպես օճառներ էին ծառայում յասամանի տերևները: Դրանք միանման էին, բայց իբր տարբեր հոտեր ունեին, տարբեր «ֆիրմաների» էին՝ թանկ ու էժան: Այն ժամանակ շատ էինք նաև խոհարարական մրցույթներ կազմակերպում. ամեն մեկը իր երևակայությամբ ցեխից ինչ ասես չէր սարքում՝ էլ տորթեր, էլ կոլոլակ, էլ քաբաբ, էլ խորոված, էլ աղցաններ, դրանց վրա էլ տարբեր խոտեր ավելացնում, ու հա, շատ էլ համով էին ստացվում:

Մի քանի տարի «տունտունիկ» խաղալուց հետո մեզ միացան արդեն բանական մտածող Վալոդիկը, Հովոն ու Ռուբիկը, վերջում նաև Հարութը: Տունտունիկ միասին շատ քիչ էինք խաղում, բակային խաղերի շրջանն էր սկսվել: Ամբողջ օրը դրսից տուն չէինք գալիս՝ հալամուլաներ, պահմտոցի, գոռոզա, «մայա սիմյա», «բուռածինո», անուն կանչոցի (խոստովանում եմ, այնքան սարսափելի անուններ էին միշտ ինձ բաժին հասնում, ինչպիսիք են, օրինակ՝ հարբած փղիկ, կորած նասկի, քունգ ֆու առնետ, մակաբույծ մանուշակ), գետնից բարձր, կլաս, 7 քար: Իսկ մի անգամ, երբ էլի խաղում էինք, հայրիկս տուն կանչեց՝ ասելով, որ լավ բան ունի ցույց տալու: Երբ մտանք ներս, տեսանք մի մեծ արկղ: Իրար հրմշտելով՝ շտապեցինք բացել այն և ի՞նչ. այն հի՜ն համակարգիչներից էր, որոնցով միայն խաղ են խաղում: «Սեգա» էր գրված արկղի վրա, մեծ-մեծ տառերով: Այդպիսի բան առաջին անգամ էինք տեսնում: Մոռանալով բակային խաղերի մասին՝ ամեն օր խաղում էինք այդ խաղերը, ցավոք երկուսի անուններն եմ հիշում՝ «Սոնիկ իքսը» ու «Չերեպախի նինձյան»: Ամեն մեկս մի 5-10 «կասետ» ունեինք, փոխանակում էինք իրար հետ, որ բոլորս էլ բոլոր խաղերը խաղայինք: Շա՜տ էինք կռվում «ջոսծիկների» համար (դե, աջը միշտ ավելի լավն է լինում ու ավելի շատ ֆունկցիաներ է կատարում): Այդ փոքրիկ սարքը էլեկտրական լարերով միացնում էինք հեռուստացույցին ու խաղում, բայց մեր ուրախությունը տևում էր այնքան ժամանակ, մինչև չէին սկսվում տատիկի բրազիլական սերիալները (դե, այն ժամանակ էլ բրազիլական ֆիլմերն էին «մոդայիկ», չէ՞): Հիշում եմ նաև, թե ինչպես էինք «ագենտ-ագենտ» խաղում. ամեն մեկը տնից բերում էր տան բոլոր խաղալիք հրացաններն ու իրար լրտեսություն էինք անում, կրակում: Ու երբեք այդ խաղը չէր ընթանում հանգիստ: Միշտ կռվում էինք, միմյանց խարդախներ անվանում, չնայած՝ ի՞նչ արդար, ի՞նչ անարդար, ամեն մեկի հրա ցանի փամփուշտն իր երևակայած ուղղությամբ էր գնում, իսկ մեր երևակայություններն այնքան տարբեր էին: Պայթուցիկների տեղ էր ծառայում վայրի հաղարճը, որը մեզ մոտ շա՜տ է աճում:

Եկան չսպասված դպրոց գնալու ժամանակները, մեծացել էինք ի վերջո, պետք է սովորեինք, որ լավ մարդ դառնայինք (տատիկի բառերն են): Սկսեցինք միայն ամռանը խաղալ, ու մինչև հիմա էլ այդպես է: Բակային խաղերին էլ եկան փոխարինելու թղթախաղերը, լոտոները, մոնոպոլիաները: Գնում էինք «վերի թաղ», նստում ինչ-որ շինության փլատակների վրա ու խաղում: Դե, մեր թաղը բաժանված է երեք մասի՝ «վերի թաղ», «ներքևի թաղ» և Գալյա տատիկի քարը (Գալյա տատը մեր թաղի «մեծամեծերից» էր, որը միշտ մյուս մեծերի հետ բամբասում էր սրանից կամ նրանից՝ իրենց քարի վրա նստած, կամ էլ հետևում էր մեր խաղին): Իսկ հետո կամաց-կամաց բոլորս ունեցանք մեր հեծանիվները, սկզբից շատ վատ էինք վարում, կարելի է ասել՝ ընդհանրապես չէինք վարում, բայց հետո սովորեցինք և գրեթե ողջ օրն անցկացնում էինք հեծանիվների վրա: Անգամ մի օր՝ փոքրիկ, մոտավորապես 3-4 տարեկան աղջնակի եմ վրաերթի ենթարկել՝ գլուխս կորցրած, մեծ արագությամբ նրա վրա գնալով: Ավելի հարմար էր քշել «ներքևի թաղում», որովհետև ի տարբերություն «վերի թաղի» փողոցների՝ այդ փողոցը քարուքանդ չէր, և հեծանիվ վարելն ու ավելի մեծ արագություն զարգացնելն այնտեղ ավելի հեշտ էր:

Հիմա նորից թղթախաղերի շրջան է: Երեկոյան 7-ից հետո հավաքվում ենք մեր պատշգամբում ու խաղում, խաղում ու շատ բարձր խոսում: Մերոնք գալիս են ու վռնդում մեզ այդտեղից, մենք էլ գնում ու Աննայենց թթի ծառի տակ ենք նստում ու սկսում խոսել ինչից ասես: Այսպես մինչև սեպտեմբեր…

Գիտե՞ք, մենք իսկական մանկություն տեսած երեխաների խումբ ենք, մեզ չէին կարողանում համոզել տուն գնալ, մի կտոր հաց ուտել, իսկ այս ժամանակների երեխաներին չեն կարողանում համոզել դուրս գալ տնից: Կտեսնե՞ս դրսում խաղացող, ցեխից տորթեր պատրաստող, ոտաբոբիկ փողոցի մի ծայրից մյուս ծայրը վազող երեխաների, չէ՜, չես տեսնի, ինչպե՞ս տեսնես, երբ հիմա բոլորը իրենց մանկությունը համակարգչի առաջ են անցկացնում, շատ հնարավոր է, անգամ չիմանան բակային խաղերի գոյության մասին, ի՞նչ կա, որ…

Astghik Hunanyan vayots dzor

Նոյի մեկ զույգ չարիքը

Մ.թ.ա եսիմ՝ որ թվական, ամենուրեք ջուր, ջրհեղեղ: Նոյն իր տապանում տեղավորեց բոլոր արարածներից մեկական զույգ ու ջրհեղեղից փրկեց թե՛ իրեն, և իր ընտանիքին, և թե՛ այդ անմեղ արարածներին: Անմե՞ղ, չէ, դրանց շարքին էին պատկանում նաև մոծակները:

1828 թ., ռուս-թուրքական պատերազմների վերջը, Թուրքմենչայ գյուղ, պայմանագիր: Պայմանագի՞ր, ի՞նչ պայմանագիր, ախ, այո, այն պայմանագիրը, ըստ որի պարսկական Խոյ և Սալմաստ գավառներից մեծ թվով հայեր պետք է գաղթեին ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներ՝ մասնավորապես պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառ: Զանգվածային գաղթն իր մեջ ներառում էր նաև մոծակների շուրջ 20 հազար տեսակ: Երևի ինչպես Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի, Գլաձորի, Մալիշկայի, Ագարակաձորի և այլ գյուղերի բնակչությանն են անվանում «թազա հայեր», այդպես էլ այդ հայերին այստեղ տեղափոխած սայլերին «փարված» և մեր կողմեր եկած մոծակներին՝ «թազա մոծակներ»: Դաժան է, շատ դաժան:

2002-2017 թվականների ամառներ, մոծակներ. շատ մոծակներ: Դեռ մանկուց էլ մոծակներն ինձ շատ են սիրել: Ասում են, մոծակները խայթում են այն մարդկանց, ովքեր անուշ բույր ունեն. հա, բայց այսքա՞ն: Ամառվա ամենամեծ մինուսն էլ հենց նրանք են՝ այդ մակաբույծները, որոնց Նոյը բարձրացրեց տապան՝ առանց գիտակցելու, թե ինչ չարիք է գործում: Թե ասա՝ այ Նոյ ջան, չէի՞ր կարող այդ մի զույգ «անմեղ» արարածներին էլ տապան չբարձրացնել, մենք էլ հանգիստ կապրեինք ու նորմալ կվայելեինք ամառները: Ինչ վերաբերում է մոծակներին, կարծում եմ՝ նրանք հավերժ մրցակցության մեջ են՝ թե ով ավելի շատ մարդու արյուն կքամի ու պատճառ կդառնա մարդկանց՝ ողջ ամառ տանջվելուն ու նվնվալուն:

Հիմա էլ էս նյութը գրում եմ մի կերպ ինձ ստիպելով, որ չքորեմ, ինչ-որ մեկը հենց այս պահին հաղորդում է վարում՝ մի կերպ իրեն ստիպելով, որ ձեռք չտա խայթած տեղին, ինչ-որ մի վարձու մարդասպան հենց այս պահին ջանում է հրացանը չշարժել, որ հանկարծ չշեղվի նշանակետից, մի կերպ իրեն ստիպելով՝ չքորել մոծակի կծած տեղերը: Գալիս են, նստում վրադ, արագ խայթում ու լույսի արագությունը գերազանցելով՝ կորչում են տեսադաշտիցդ, ու չես էլ հասցնում վրեժ լուծել: Բայց եթե դու ես պատիդ մոծակ տեսնում, իմացիր, եթե առաջին անգամ հողաթափով կամ ինչ-որ ուրիշ՝ շատ ծանր իրով հարվածում ես, ու նրանք մազապուրծ փախչում են, ապա անպայման ընկիր հետևներից ու սպանիր, թե չէ, ի տարբերություն մեզ՝ նրանք հաստատ վրեժ կլուծեն։ Հասկանո՞ւմ եք, նրանք վնասում են մարդկանց ու ոչ մի պատիժ չեն ստանում։ Անարդար է, չէ՞։ Նստած ես քեզ համար, ոչ մեկին վնաս չես տալիս, չէ, պետք է պարտադիր գան ու իրենց մեծ կնճիթով արյունդ ծծեն, մի հազար հատ կետիկներ թողնեն ու գնան, բայց մի քանի վայրկյան անց այդ կետերը անպայման ողջ մարմնովդ կտարածվեն, կկարմրեն, ու բացի սպիրտով «շփում» անելուց կամ «մոծակի դեղ»-ը ամբողջությամբ խայթած տեղում դատարկելուց՝ ոչինչ չես կարողանա անել։

Ամառ է, շա՜տ շոգ, եթե գիշերը ծածկվում ես, շոգից չես կարողանում քնել, իսկ եթե չես ծածկվում, մոծակները ոչ մի առողջ տեղ չեն թողնում մարմնիդ վրա:

Գիտե՞ք, մի բան եմ մտածում. ամռանը տեղի ունեցող բոլոր պատերազմների ելքերը փոխել են հենց մոծակները: Կամ բախտդ բերում է, և քո զորքի վրա են «ցրվում», կամ էլ հակառակորդիդ, կամ էլ երկու կողմերն էլ տուժում են ու պարտվում, ինչպես, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտում: Կամ դու, որ երազում ես անտառում՝ գետի ափին փայտյա տնակ ունենալու մասին, չե՞ս մտածել, որ գետ է, մոծակները սովորականից շատ կլինեն, ու երազանքներիդ կյանքը իսկական դժոխքի կվերածվի, բա որ ասո՞ւմ եմ:

Հիմա էլ նոր ձև է՝ այնքան փոքր են, որ կարողանում են անգամ անցնել ցանցապատված պատուհանների միջով, դեռ վարկած էլ ունեի, որ ճանճերն են գիշերը մոծակների վերածվում, այդպես մի նայիր, լուրջ եմ ասում, էլ ուրիշ ի՞նչ է մնում մտածել: Էլ ի՞նչ սատանա, ի՞նչ նացիստ, ի՞նչ Վոլդեմորթ, ի՞նչ Ջոկեր, ի՞նչ հեքիաթի չար կերպար, եթե մարդիկ կարողանային, հիմա մոծակների մասին էլ հազարավոր ֆիլմեր կնկարեին՝ սարսափ ժանրի, իսկ դրանք բազմաթիվ օսկարներ կստանային, ինչո՞ւ չէ, որ:

Astghik Hunanyan vayots dzor

Տասը րոպեն արկածների խաչմերուկում

Բարև, տասը րոպե ժամանակ ունեմ՝ ասելիքս ասելու: Ուզում եմ խոսել քեզ հետ, բայց այս անգամ դու միայն լսողի դերում ես լինելու, ներիր ինձ։ Բայց գիտե՞ս, եթե ցանկանաս խոսել հետս, թեկուզ ասել, որ դու էլ ես ամռանը տաք թեյ խմում՝ հաց ու պանրով, կամ ուզում ես թողնել քաղաքդ ու հեռանալ, ինչ-որ անմարդաբնակ կղզի գտնել ու այնտեղ անցկացնել կյանքիդ մնացած տարիները, ես կլսեմ քեզ, կհասկանամ էլ գուցե։ Օյ, մեկ րոպեն անցավ, իսկ ես դեռ չգիտեմ՝ ինչից խոսել։ Երբեք չեմ կարողացել ռացիոնալ օգտագործել ժամանակս, գրողը տանի։ Երևի մտածեցիր՝ ի՞նչ տասը րոպե, այդ ո՞ւր պետք է գնամ տասը րոպեից։ Ճիշտը որ խոսենք, դա քեզ այդքան էլ չի հուզում, բայց անկախ քեզնից կամ ինքնակամ մտածեցիր, կարծում եմ։ Լավ, կասեմ, գաղտնիքներ պահել գիտես, չէ՞…

Գնում եմ արկածների հետևից։ Չգիտեմ՝ որտեղ եմ որոնելու կամ որտեղ պետք է փնտրել։ Կարծում եմ՝ արկածներ կարող եմ գտնել այնտեղ, որտեղ դրանց գոյությունն ամենաքիչն է հավանական։ Տես, դու հիմա, այ հենց հիմա մտածում ես ինչ-որ բան: Երևի՝ որ գժվե՞լ եմ: Ազնիվ կլինեմ, միգուցե սահմանվածից էլ ազնիվ, հնարավոր է՝ անցնեմ անգույն, անհոտ կավիճով կամ գունավոր ու հազարավոր արևներ նկարած ջրաներկով գծված սահմանները, խախտեմ օրենքները, բայց չէ՞ որ դրանք հենց խախտելու համար էլ ստեղծված են, այդպես մի նայիր, կարող է՝ նաև կարգ ու կանոն հաստատելու, բայց արկածներ որոնողների համար երկրորդ տարբերակը հաստատ նման մի բան է։ Հա, գժվել եմ։ Գուցե ամռանը շո՞գն է պատճառը, աշնանը՝ քամին, գարնանը ՝ անձրևները, իսկ ձմռանը՝ ցուրտը, որ ես գժվում եմ, դա էական չի: Ուղղակի ես, ինչպես քեզ ասեմ, հենց արկածների ու դժվարությունների մեջ էլ տեսնում եմ կյանքի իմաստը: Միգուցե այդ պատճառով է, որ լրագրող եմ որոշել դառնալ, որ կանգնեմ ինչ-որ մեկին նկարելու՝ բարկանան վրաս, թույլ չտան նկարել, իսկ ես հրեշավոր հայացքով այնուամենայնիվ նկարեմ ու փախչեմ՝ գլուխս կորցրած խելագարի նման:

Էլի մի օրենք խախտեցի, բայց մի անհանգստացիր, մի երկու բան կասեն, գործից կհանեն, մեկ այլ տեղ կաշխատեմ։ Լսիր, էլի գաղտնիք եմ քեզ համար բացում: Արկածներ ասելով՝ նկատի ունեմ, օրինակ, ինչ-որ շուրջերկրյա ճանապարհորդություն՝ հագեցած բազմաթիվ մահու չափ վախենալու դժվարություններով: Դրա համար ինձ պետք կգար ինչ-որ համեստ աշխատավարձ, որով կկարողանայի ուտել գազալցակայանների էժանագին ուտելիքներից, մի փոքր անհետաքրքիր պապենական ավտոմեքենա, էն հներից՝ գուցե անցյալ դարի, որով ոչ բոլորը կհամարձակվեին ճանապարհորդել, ու ինձ նման մի քանի խենթ ու խելառ ընկերներ, հասկանո՞ւմ ես ինձ։ Ներկեինք ավտոմեքենան ամենաաննորմալ գույներով ու գնայինք ինչ-որ անորոշ ուղղությամբ: Կվարեինք՝ անապատային արևին մի կերպ դիմանալով, արագ-արագ ջրի վերջին շիշն իրարից խլելով: Կվարեինք՝ մի կերպ աշնան փոթորիկներին դիմանալով, մի կերպ կանցնեինք ձմռան սառած ճանապարհներով՝ ցուրտ ու բքի դեմ հինգ րոպեն մեկ տաք թեյ կոնծելով, իսկ այ, գարնան անձրևնե՜րը, անխտիր կանցնեինք բոլոր ջրափոսերի վրայով՝ դրանից խելագար հաճույք ստանալով: Գիշերն էլ ինչ-որ տեղ խարույկ կվառեինք, կիթառ, տաք ծածկոցներ, բարձր երաժշտություն ու էլի նման բաներ: Կամ էլ կբարձրանայինք քաղաքների էն ամենաբարձր շենքերի տանիքներն ու հարմար տեղավորվելով՝ կնայեինք աստղերին ու իրար կպատմեինք մեր իմացած ամենահիմար կատակները: Եսիմ, կուզեի նորովի բացահայտել աշխարհը, որտեղ ոչ մի հոգս, ոչ մի «մեծական խնդիր» չէր լինի, միայն կյանքիդ մեծ վտանգ սպառնացող դժվարությունները, ընկերները, երկար ճանապարհները, աստղերն ու դու:

Գիտեմ, նման բան դժվար գտնեմ այստեղ՝ պատերազմների, խնդիրների ու պարտքերի Հայաստանում, բայց իմ երազած արկածները ես մի օր հաստատ գտնելու եմ, դե ինչ՝ առայժմ…

Astghik Hunanyan vayots dzor

Կախարդական արկղ կամ հենց ինքը՝ դպրոցը

Ամառ է, շոգ: Քայլում եմ փողոցով՝ մայթերը եզերած խանութների, շենքերի, ավտոմեքենաների թափանցիկ ու կիսաթափանցիկ պատուհանների ու դռների վրա արտացոլանքս որսալով: Ահա, սա ես եմ, նիհար, մկան հայացքով, մի երկու քայլ այն կողմ էլի ես եմ, էլի ես (արդեն՝ զարմացած մկան հայացքով), էլի, 5, 6, 10, 15… Այստեղ մի բան այն չէ, շուտ-շուտ սկսեցին աչքերս ինձ գտնել՝ իրար հետևից շարված պատուհանների վրա: Մինչ ես «անջատված» կարագացնեի քայլերս, և նույն արագությամբ էլ ինձ կհետևեին պատուհանների վրա ծեփված արտացոլանքս ու ասֆալտին փարված ստվերս, աչքերս էլի բան հասցրեցին որսալ՝ «Եղեգնաձորի ավագ դպրոց» գրությամբ ցուցանակը: Մեր դպրոցին եմ հասել:

Բայց մեկ է՝ մի բան իսկապես այն չէ, չէ, ոչինչ էլ նորմալ չէ, կարծես աչքիս սովոր տեսարանը թերի է, կիսատ, չէ՞ր հասցրել նկարիչն այդ օրվա համար նախատեսված կտավը ավարտին հասցնել ինչ է: Է՜, էլի սկսեցի փիլիսոփայել, էս ինչ եմ խոսում, ուղղակի դպրոցի բակում վազող, կռվող ու հաշտվող, դպրոցի ճաղերից փախչելու ելք փնտրող, բրդուճի մեծությամբ իրար զարմացնել ջանող աշակերտները չկան: Կապույտ գլխարկով, կարճ հասակով ու հաղթողի հայացքով դպրոցի պահակ, մեր ասած՝ «բանտապահ», Երազ տատը չկա, չկա դասղեկիս ավտոմեքենան, որ միշտ նույն տեղը կայանված հլու-հնազանդ տիրուհուն է սպասում: Ախր, այստեղ մի ամբողջ կյանք է բացակա, մի ոգի, որը սև ու սպիտակ այս պատկերը կգունավորի: Դու էլ հիմա դպրոցի մոտով անցնելիս նույն սառնությունն ու դատարկությունը չե՞ս զգում, երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները:

Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին՝ սիրում եմ դպրոցը, թե ոչ, ես կասեի. «Այո, իհարկե, բայց առանց ուսուցիչների», կամ միգուցե երկար մտածելուց հետո ավելի հարմար պատասխան գտնեի. «Այո, այնքան եմ սիրում, որ նրան մեծ հաճույքով ջերմություն կհաղորդեի, ուղղակի մի դույլ բենզին, լուցկի ու համարձակություն է պետք»: Վերջում էլ մի հրեշավոր վհուկի քահ-քահ ծիծաղով կծիծաղեի: Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին, թե որ դասն եմ առավել սիրում, ես առանց երկար-բարակ մտածելու կպատասխանեի՝ վերջինը:

Եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին, որ դպրոցն իմ երկրորդ տունն է, ես կասեի. «Դե, ես իմ տունը ծախում եմ ու «խոպան» գնամ»: Եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ է դպրոցը, ես լաց կլինեի՝ հիշելով առավոտները մի կերպ արթնանալս, ուշացած դասի գնալս ու ճամփին ուղեղս լարելով՝ բազմաթիվ պատճառաբանություններ փնտրելս, կհիշեի այն հիմար զանգը, այն չէ, որ դասի ավարտն էր ազդարարում, այլ այն զանգը, որը կարծես աշակերտներին շղթայում էր, տանում նստեցնում դասի, այն զանգը, որին հաջորդում էին «Բարև ձեզ, երեխաներ, նստեք ու հանեք գրքերը» բառերը, ես այդ բառերն էլ էի ատում: Հատ առ հատ կհիշեի սինուս-կոսինուսախառը երազները, որ երկրաչափության դասին քնելիս էի տեսնում:

Իսկ հիմա եթե հարցնեն, թե ինչ է դպրոցը, ես մի բան կպատասխանեմ. «Դպրոցն առանց չարություն անող աշակերտների, առանց անժպիտ ու կոպիտ ուսուցիչների նույնն է, ինչ մարդն առանց երիկամների. աղքատ է»: Դե, լավ, կատակեցի, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի սիրտն ու երակներն են, մեկը մյուսի հետ կապված, առանց մեկը մյուսի՝ անհնար:

Վերջերս շատ եմ սկսել սիրել դպրոցս, ազնիվ խոսք, չնայած՝ միայն դպրոցը չէ, որ նոր եմ սկսել արժեվորել: Ես սիրում եմ դպրոցի եռուզեռը, «ձանձրալի» ու ամեն օր կրկնվող առօրյան, մի՞թե կախարդանք չէ. դեռ շատ փոքր հասակում ընկնում ես մի դատարկ սենյակ, որը քեզ նման ու միևնույն ժամանակ, քեզնից շատ անգամ տարբեր երեխաների հետ 12 տարի սիրով ու ընկերությամբ ես պատում: 12 տարի կիսում եք մի դասասենյակ, մի գրատախտակ, մի ժամացույց, մի նստարան և, որ ամենակարևորն է՝ մի «շտրիխ»: Միասին 12 տարի չարություն եք անում, կռվում, հաշտվում, դասերից առանց պատճառի փախնում ու միասին էլ ինչ-որ էքստրահիմար պատճառներ մոգոնում, միասին եք գրում բոլոր ստուգողականները, իրար արագ-արագ էջերն եք ասում՝ թե որ հարցը որտեղից պետք է արտագրել, միասին եք ուտում այն մի տուփ աղի ձողիկը, կամ այն մի տուփ չիփսը, որը ձեզնից մեկն է առնում բուֆետից: Միասին եք դասի ժամանակ արագ-արագ գրում տնայինները, որ «երկուս» չստանաք, միասին եք շատ պատահաբար կոտրում սեղաններն ու աթոռները, շատ անգամ՝ նաև պատն ու պատուհանները: Իսկ հետո միասին եք լսում վերջին՝ լավ, թե վատ զանգն ու միասին էլ լքում դպրոցը՝ փոքր մանչուկներից հասուն մարդկանց վերածված (չէ, լավ, մեզանից շատերը նույն «ջրիկը», չարաճճին ու մանկամիտն են մնում՝ հետո ինչ, որ մեծահասակների կյանք են մտել): Լքում են՝ գիտելիքներով ու անթիվ-անհամար հուշերով զինված:

Երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները…

451° ըստ «Մանանայի»

Հիմա մենք քեզ գիտենք. դու, որ վախեցար տողերի քանակից ու արագ փակեցիր էջը և դու, որ չնայած դրան՝ մարտական նստեցիր մի հարմար տեղ ու սկսեցիր կարդալ, քեզ բարի ընթերցում:

Օր 1-ին.

Ժամը 10:10 կանգառում եմ: Ժամը 10:30 է, մեկ է՝ էլի կանգառում եմ: Ըհըն, ավտոբուս երևաց, նստում եմ: Ոչինչ, կվազեմ ու 11-ին էնտեղ կլինեմ: 4-ից 5 անգամ նայում եմ ինձ հայելու մեջ: Չէ, էսպես մի ժպտա, երևում է, որ ամաչելու ես, հանգստացիր, Ամալյա, հանգստացիր: Իջնում եմ, սկսում եմ վազել, 10:57-ին համարյա հասել եմ, բայց հիմա ո՞ւր: Ըհըն, իմ տարիքի երեխեք են կանգնած, երևի «Մանանա» են գնում: Ու, բարեբախտաբար, Լուսինեն եկավ.

-Դու Ամալյան ես, չէ՞:

-Հա,- մի կերպ արտաբերում եմ ես և ուրախանում, որ մեկն ինձ ճանաչում է:

Մտնում ենք ներս, նստում ենք, նայում եմ Աստղին, շատ ծանոթ է դեմքը, թղթակից է երևի, նայում եմ մյուս կողմ ու չեմ գտնում մեկին, ում հետ կարելի է խոսել: Մի երկու բառ իրար եմ կապում ու մի կերպ ներկայանում եմ: Է, Ամալյա, ախր, խոսք էիր տվել չամաչել: Դասընթացի ընթացքում Էլիզաբեթը հարց է տալիս, ես կմկմալով մի կերպ պատասխանում եմ: Իսկ այ վերջում, երբ գնում էի տուն…

-Կանգնիր, ինչի՞ չես կանգնում, ես չեմ հասցնում քեզ նման արագ քայլել,- լսվեց Էլիզաբեթի ձայնը, որը մի կերպ հասավ ինձ ու սկսեց խոսել:

Պարզվեց՝ Էլիզան ճանապարհի կեսը ինձ էր կանչել, իսկ ես այդպես էլ չէի լսել: Ամոթից փակում եմ դեմքս, բայց փորձում նրա հետ խոսել: Ու ամաչած, կարմիր դեմքով վազում եմ տուն:

Ամալյա Հարությունյան

***

«Է՜, Նարեկն ո՞ւր ա, չկա, բա որ ուշանանք ու ներս չթողնեն: Բայց մի րոպե, Նարե՞ն չի էն ականջակալներով աղջիկը, որ էս կողմ ա գալիս: Հա, էլի»:

-Ա՞ստ,- բարևեցինք, գրկախառնվեցինք,- «Մանանա՞» ես գնում, արի՝ տանեմ:

-Նար, Նարեկին եմ սպասում:

«Գնաց, բայց կարո՞ղ ա պիտի Նարեի հետ գնայի, եսիմ»: Մտքերս ցրվեցին մեկի ձայնից: Եկավ, մոտեցավ ինձ, թե բա՝ կներեք, կարո՞ղ ա «Մանանա» կենտրոնի տեղն իմանաք: Չեք էլ պատկերացնի ինչ ոգևորութամբ պատասխանեցի, որ սպասում եմ՝ գան տանեն, ինքն էլ ինձ հետ սպասեց, Մարիամն էր: Բայց մեկ է, վերջում Նարեենց հետ գնացինք: Չգիտեմ, ինչ բառերով բացատրեմ՝ ոնց էի ամաչում, ոտքերս ինձ չէին ենթարկվում, հազիվ հետս «քարշ տալով» նստեցի: Անկեղծ ասած՝ արդեն պատկերացնում էի «Մանանա» կենտրոնը՝ մեծ ու շքեղ շենք, պատին էլ մեծ-մեծ տառերով գրված՝ «Մանանա» կենտրոն: Իսկ այն իրականում Մաշտոցի պողոտայի աչքի չընկնող շենքերից մեկի բնակարաններից մեկն էր՝ բայց ինչքան սիրով լցված: Մարդիկ ամեն օր անցնում են այդ փողոցով՝ արագ կամ դանդաղ, բայց քչերն են իմանում, որ այդ չորս պատի ներսում կյանքը եռում է, սերունդներ են կրթում, շա՜տ սերունդներ: Լավ, վերադառնանք սենյակ: Դե, արի ու դողացող ձայնովդ ներկայացիր, որ վրադ չծիծաղեն: Անունս էի ասել միայն, երբ տիկին Ռուզանը հարցրեց՝ լացո՞ւմ ես: Փաստորեն հուզմունքս թաքցնել չհաջողվեց: Դա դեռ հեչ, երբ Վահեն գրիչներն էր բաժանում, հերթը հասավ ինձ, և նա իր սովորական դիմելաձևով հարցրեց՝ ի՞նչ կա, Զվյոզդ (Վահեին էլ եմ շուտվանից ճանաչում), հուզմունքից մոռացա հարցին պատասխանել, մի բան էլ գրիչը վերցնելիս մի ձեռքով բռնել էի մյուս ձեռքս, որ չերևա՝ ցնցվում է: Լարվածությունս մինչ դասի վերջ էլ չլքեց ինձ…

Աստղիկ Հունանյան 

***

Գետնանցումում հայտնվելով՝ էլի իմ սովորության համաձայն վեց ելքերը փորձելուց հետո վերջապես գտա ճիշտ ճանապարհը։ Մնացածն արդեն հեշտ էր։ Շենքը գտա, հիմա էլ՝ մուտքը, հետո՝ հարկը: «Էնտեղ երեխեք կան կանգնած, կարող ա իրանք էլ են 17-ի համար եկել, հարցնե՞մ, բա որ ուրիշ մարդիկ լինեն լրիվ, լավ է, հարցնում եմ»։

-Երեխեք, 17-ի՞ց եք։

-Հա, դու գիտե՞ս տեղը։

Տեղը գտանք, բարձրացանք, 160 անգամ թակեցինք, էդպես էլ ոչ մեկը չբացեց։ Նորից իջանք, զանգեցինք, ասացին՝ մեզ 12-ին են կանչել։ Ո՞նց թե 12-ին, հիմա մի ժամ ի՞նչ ենք անելու։ Մի ժամ չէ, 1 ժամ 20 րոպե։ Պարզվեց ոչ էլ 12-ին են կանչել: 30 րոպե հետո եկան, ու ամեն ինչ սկսվեց։ Սիրուն ու հավես անցավ ամեն ինչ։ Առաջին օրը մենք հայտեր էինք լրացնում, որոնց մեջ մի քանի տարօրինակ հարցեր կային։ «Սիրած լուսանկարի՞չ։ Ախր, ես սիրած լուսանկարիչ չունեմ, է, ի՞նչ գրեմ»,- մտածեցի ես ու առաջին դասարանցու նման փորձեցի գաղտագողի նայել, թե կողքինս (որ հետո պարզվեց հեչ էլ Մարիամը չէր, այլ Էլիզը) ինչ է գրել։ Գրել էր «չունեմ»: «Ո՞նց չէի ֆայմել, որ կարելի ա գրել «չունեմ»»։ Ինչ շատ են Մարիամները…

Տաթև Չուխուրյան

***

«Դոդի մեկը, հլը հիշի ճանապարհը, անցած անգամ ո՞նց էիր եկել, է։ Հեսա կգնամ, էնտեղ լիքը երեխաներ կլինեն, տենց կհասկանամ, որ էդ ա։ Եկա, ու ի՞նչ, ոչ ոք չկա, լավ, հեսա կգտնեմ»։

-Լավ, ասենք թե գտար, հետո՞,- սկսեց խոսել աջ ուսիս նստած Էլիզաբեթը,- հա, կժպտաս ու ծանոթներ կփնտրես, հարցեր կտաս ու պատասխաններ կտաս, երբ քեզ էլ հարցեր կտան։ Եկա, հասա, անծանոթ դեմքեր շատ կային։ «Վա՜յ, ես ճանաչում եմ իրան, իրան էլ։ Ինքը էն աղջիկն ա, որ մրցանակաբաշխությանը խուլ ու համրերի լեզվով էր խոսում, իսկ ինքը էն մյուսն ա, որ 17-ում նկարի մեջ գլխին էն տերևներով բանից ա դրած»:

«Ի՞նչ տերևներով բան, հավաքի քեզ, լրջացի մի հատ, ապուշի ժպիտը երեսիցդ թաքցրու»,- խոսեց ձախ ուսիս Էլիզան։

«Նրան էլ գիտեմ, էն «պոնչո» թուշիկներով աղջիկն ա»։

Հետո՝ տուն գնալիս, էդ «պոնչո» աղջկա հետ գնացի: Լավ էր, ես ինչպես միշտ զվարթ էի ու էլի չէի ամաչում։

Էլիզաբեթ Հարությունյան

***

«Երևի էս շենքն ա, պիտի բարձրանամ հինգերորդ հարկ: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Մի րոպե, վերջացա՞ն հարկերը, բա հինգերորդ հարկն ո՞ւր ա: Է, դե հաստատ մուտքը շփոթել եմ, զանգեմ Լուսինեին»:

-Ես արդեն հասնում եմ, սպասիր, միասին կգնանք:

Լուսինեն եկավ, ասաց Նարեն էլ գա, միասին գնանք: Նարեն էլ եկավ։

-Էնտեղ «Մանանա» եկող էլի երեխեք կան, Նարեկին են սպասում:

-Լավ, միասին կգնանք:

Երբ վերջապես հասանք, շատերն արդեն այնտեղ էին: Առաջին օրը ինձ շատ կաշկանդված էի զգում, որովհետև ոչ ոքի չէի ճանաչում, բայց ամենից շատ ինձ մենակ զգացի լանչին: Չէի համարձակվում ոչ ոքի մոտենալ, ծանոթանալ: Հանկարծ Մարիամը մոտեցավ ինձ ու Ամալյային ու հարցրեց.

-Որտե՞ղ եք սովորում:

Սկսեցինք զրուցել: Ընդմիջումից հետո տրամադրությունս ավելի բարձր էր, ավելի ազատ էի ինձ զգում: Երևի դա նոր ծանոթությունների արդյունքն էր, ինձ էլ մենակ չէի զգում: Դասերն անցնում էին ընկերական մթնոլորտում: Ամենից լավ հիշում եմ շատախոս և հետաքրքրասեր Էլիզային, որին շատ սիրեցի: Բոլոր ուսուցիչներիս շատ սիրեցի հենց առաջին օրվանից: Օրվա ամենատխուր մասը դասերի ավարտն էր: Մի քիչ Մարիամի և Տաթևի հետ գնալուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն կանգառում, բարեբախտաբար, կրկին Տաթևին հանդիպեցի: Տեղանքին դեռ լավ ծանոթ չէի, և եթե Տաթևը չհուշեր ճիշտ ճանապարհը, չգիտեմ՝ ուր կգնայի: Ստացած դրական տպավորություններից հետո նույնիսկ շոգը չէր զգացվում: Միայն ուզում էի շուտ տուն հասնել, որ մայրիկիս պատմեմ իմ օրվա մասին:

Մարիամ Գրիգորյան

***

Մեքենան կանգնեց.

-Մարիամ ջան, դու ստեղ կիջնե՞ս, գնաս, ուղղակի կանգնելու տեղ չկա ուրիշ։

-Հա, հա, ես տեղը գիտեմ, խնդիր չկա, մերսի շատ, հաջողություն։

«Յա՜, տեղը գիտեմ, բա չէ։ Լավ, կենտրոնացի, Մարիամ, առանց խուճապի, հանգիստ։ Ուրեմն, պոնչիկանոցի դիմացի մայթին. էն պոնչիկանոցն ա, էն էլ՝ դիմացի մայթը։ Դիմացը շենքեր կան ու հավաքված մարդիկ, հաստատ էս ա «Մանանան»։

Ինձնից գոհ-գոհ մոտեցա հավաքվածներին.

-Բարև ձեզ, կներեք, դուք «Մանանա» կենտրոնի տեղը գիտե՞ք:

-«Մանանա», հըմ, հլը սենց բարձրացի վերև։

Ուրախ-ուրախ բարձրանում եմ վերև։ Իրականում ուղղությունն ավելի սխալ էր, քան ես պատկերացնում էի։ Է՜հ, դե արի էս շոգին էսքան էլ իջի ներքև։ Վերջին հույսս մնացել էին «Պոնչիկանոցի» աշխատողները, բայց որոշեցի էդտեղ կանգնած մեկից էլ հարցնեմ։ Մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, կարող ա՞ իմանաք «Մանանա» կենտրոնը որտեղ ա։

-Վայ, մենք էլ ենք «Մանանան» փնտրում, զանգել ենք, հիմա կմոտենան։

Մեր Զվյոզդն էր՝ Աստղը։ Վերջապես «Մանանա»-ում ենք: Նստած ենք, իմ հերթն է ներկայանալու։ Թու՜, էնքան խառնված էի՝ Միլենի ազգանունը սխալ ասեցի։ «Լավ, կլինի՞ դու մի անգամ առանց իրար խառնվելու հանգիստ խոսես, ուֆ՜»։

Լանչի ժամն էր։ «Ես, ախր, միս չեմ ուտում։ Լավ, հիմա քեզ հավաքի ու կեր, ամոթ ա»։

Առաջին օրը մի կերպ կերա միսը։

Մարիամ Պապոյան

***

Քննություններն ավարտված են: Վերջ, կարելի է հանգիստ շունչ քաշել՝ հույս ունենալով, որ քիչ թե շատ նորմալ ամառ կունենաս ու պասիվ հանգիստ: Պասիվ, այսինքն՝ գիշերը հինգին քնել, 18:00-ին արթնանալ, ու վարել քեզ հարազատ արջի կենսակերպը: Բայց մինչ երազանքների գիրկն ընկնելը, արժե սկզբի օրերը ինչ-որ նպատակի ծառայեցնել, չէ՞: Երբ մոտակա մի քանի օրվա ամեն առավոտ կարթնանաս ժամը ութին՝ հասկանալով, որ ոչ թե քննության ես, այլ վորքշոփի: Ի տարբերություն մյուսների՝ ինձ համար սկիզբը հուզումնառատ չէր: Չէի լարվում, չէի հուզվում, հակառակը՝ սպասում էի, թե երբ եմ ներկայանալու և ուրիշների գլուխը տանելու: Արի ու տես, որ ոչ ոք ոչ մեկի գլուխը չտարավ. պարզապես եռման ջերմաստիճանը շատ բարձր էր, բայց այդ ամենը՝ մեր ներսում, իսկ արտաքուստ միայն մի քիչ խառնաշփոթ կար: Փչացել էր աշխատանքային «հարդ դիսկը», ֆլեշը չէր ուզում աշխատել, իսկ հնաբնակ Նարեկն ու Վահեն էլ «ճնշում էին» նորեկներին՝ դառնալով բոլոր պատասխանների «հեղինակավոր տերերը»: Բայց, դե հո չէի՞նք բողոքի: Ինչքան էլ մեզ համոզեցին, որ խոսենք, նորեկների մեջ համարձակներ չգտնվեցին: Փոխարենը լսեցինք ու հավաքեցինք այն, ինչը քիչ թե շատ պիտի օգներ հետագա երկու օրերի աշխատանքին:

Նարե Շարմազանովա

***

Առաջին օրը սովորությանս համաձայն ուշացած հասա վորքշոփին: Դե՜, տեղը չէի գտնում: Դե՜ լավ, մի քիչ էլ ուշ էի տանից դուրս եկել: «Հիմա ի՞նչ կմտածեն իմ մասին, եկած-չեկած ուշանում եմ»,- մտածում էի ես, երբ ինձ ուղեկցող աղջիկը բացեց դուռն, ու ներս մտա: Իսկ իրականում ներսում արդեն իսկ այնքան ջերմ մթնոլորտ էր, որ դժվար թե մեկը կենտրոնանար իմ մասին մտածելու շուրջ: Երևի:

Առաջին օրն ավելի ճանաչողական էր. ծանոթանում էինք միմյանց ու ընդհանուր աշխատելաոճի հետ: Մեզ տրվող բացարտրություններն ու հրահանգները պարզ էին ու հստակ, իսկ դա միանշանակ շատ է հեշտացնում աշխատանքը: Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես 5-6 ժամն անցավ, բայց մի բան հստակ գիտեի՝ ուզում էի, որ դասընթացի հաջորդ օրը հնարավորինս շուտ գա:

Էլլա Մնացականյան

Օր 2-րդ 

Էս անգամ էլ ավտոբուսը շուտ եկավ: 10:30 էր, ու ես արդեն հասել էի: «Է, դե, Ամալյա, մի օր չեղավ կարգին ժամանակին գաս»: Քայլում եմ ու զգում, որ մեկն իմ ուղղությամբ է քայլում: Դասընթացի երեխեքից էր, մոտենում է:

-Բարև:

-Բարև,- վախեցած պատասխանում եմ:

-Երեկ ո՞նց հասար:

«Ե՞ս, ո՞նց հասա, երե՞կ, ես երեկ իր հետ չեմ ծանոթացել, էս ի՞նչ հարցեր է տալիս»:

-Դու ինձ հիշո՞ւմ ես,- համարձակությունս ներեց հարցնել:

-Հա, ոնց չէ, Մարիամը չե՞ս:

-Չէ, Ամալյան:

-Վայ, բայց երեկ ասացիր անունդ Մարիամ է:

Ես մի կերպ փորձեցի համոզել, որ ես Ամալյան եմ, ու եթե ճիշտն ասեմ՝ այդքան էլ չստացվեց: Տաթևն էր: ճիշտ է՝ ես երբեք չեմ կարող հասկանալ ինչպես է ստացվել, որ մենք բոլորս իր համար Մարիամ ենք, բայց արդեն սովորել ենք: Բոլորը եկան: Հայացքս գնում է այս ու այն կողմ, «երեկվա աղջկան» (Էլիզաբեթին) եմ փնտրում: Գտա, անցած օրը, երբ քայլել էինք իրար հետ, այնքան էի երջանկացել, ուզում էի մոտենալ, խոսել հետը, ամաչեցի: Գնում ենք ֆոտոարշավի, առաջին օրը մի քիչ էլ երկու Մարիամների հետ էի խոսել, փորձեցի ավելի մտերմանալ, իսկ Տաթևի ծաղիկ քաղելն ու իր մազերի մեջ դնելը դարձավ պատճառ, որ շարունակեմ շփվել հետը: Հա, էսօր ավելի շատ էի խոսում, բայց թե ինչ էի խոսում՝ ես էլ չգիտեի:

-Համ էլ ես քո բոլոր նյութերը կարդացի,- մոտենում էի Էլիզին ու շփման փորձեր անում:

Հետո էլ սկսեցինք ֆոտոներ անել, հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց: Ինչ խոսք, դեռ ամաչում էի, բայց մեծ հաշվով կարմրելս բան չփոխեց (բացի նրանից, որ լուսանկարիս մեջ կարմրած էի):

«Հիմա էլ կինոյի դասն է, ու դու, Ամալյա, պետք է մի խումբ անծանոթ մարդկանց մոտ քո կարծիքն ու գաղափարն առաջարկես»: Իմ հերթի ժամանակ էդպես էլ չկարողացա խոսել, իսկ վերջում՝ ստիպված էի: Դասընթացն ավարտվեց: Ես, Մարիամը, Վալենտինան ու Հովհաննեսը իրար հետ մետրոյով տուն գնացինք: Այսօր ավելի անկաշկանդ էի, չեմ բողոքում, ընդամենը երկու հարց էր տանջում՝ «երեկվա աղջիկը» մտածե՞ց՝ ես խենթ եմ, և տեսնես, որ էդքան խառնված խոսում էի, մի բան հասկանո՞ւմ էին:

Ամալյա Հարությունյան

***

«Օր երկրո՞րդ, հա էլի, երկրորդ օրն ա արդեն, չփորձվես նորից ամաչել ու բերանդ ջուր առնել, նստել, Աստղ, կխառնվես երեխեքին (սիրում եմ ինքս ինձ ոգևորել ինչ-որ բանից առաջ)»։ Գիտե՞ք, մյուս օրն ինձ մի քիչ ազատ էի զգում։ Չգիտեմ՝ մթնոլորտի՞ց էր, թե տիկին Ռուզանի անցյալ օրվա խոսքերն էին ազդել վրաս. «Աստղիկ ջան, մի քիչ ազատ եղի, էստեղ ոչ մեկը քեզ չի ուտելու»։ Մի բան ասե՞մ, շատ սիրեցի տիկին Ռուզանին։ Քանի որ առաջին օրը շատ կաշկանդված էի ու վախենում էի, որ հայացքս կհանդիպեր երեխեքի հայացքներին, այսօր միայն կարողացա նորմալ ուսումնասիրել նրանց։ Լավ է, գնացինք թե չէ, ասացին՝ գնում ենք ֆոտոարշավի։ «Աստղ, զսպի ուրախությունդ, խայտառակ չլինես, այ էդպես, շատ ապրես, առանց ուրախության ճիչեր արձակելու հանգիստ դուրս արի ու գնա ֆոտոներ անելու»,- ինքս ինձ հետ խոսելով դուրս եկա շենքից։ Ֆոտոարշավն էլ ուղղակի հոյակապ անցավ։ Սկզբից ամաչում էի նկարներ անել, բայց այ հետո՜, ինչ տեսնում՝ նկարում էի։ Իսկ Նարեն այսօր էլ՝ երեկվա պես, ջանում էր այնպես անել, որ չամաչեմ։ Մի բան էլ պատմեմ. չասեք՝ շատ ա խոսում էս աղջիկը, պատմելու շատ բան ունեմ: Ֆոտոարշավի ժամանակ ծաղիկների մոտ նստած մի տատիկի տեսա, հարցրի՝ կարո՞ղ եմ Ձեզ նկարել, ու մի փոքր տասնյոթը ներկայացրի։ Վե՜րջ, մնացի այնտեղ։ Սկսեց պատմել, թե ինչպես է շատ տարիներ առաջ առանց կառավարության օգնության ամեն ինչի հասել, ինչպես է ապրել, սկսեց բողոքել նախարարությունից և այլն։ Մեկ էլ գլուխս թեքեմ, տեսնեմ՝ մենակ եմ, երեխեքը չկան։ Արագ զանգեցի Նարեկին, որ ինձ սպասեն։ Տատիկին նկարեցի ու արագ վազեցի, հասա երեխեքին։ Հետո հետ եկանք, ու կինոյի դասը սկսվեց։ Այնքան հետաքրքիր էր ու այնքան նոր բաներ իմացա։ Անգամ ամուսնուն բանանի հետևից ուղարկող կնոջ ու հենց ամուսնու մասին ֆիլմի սցենար գրեցինք, անկեղծ ասած՝ ես էլ շատ հետաքրքիր գաղափարներ ունեի այդ սցենարի վերաբերյալ, բայց, դե գրողը տանի, ախր ամաչում էի խոսել։ Օրվա վերջում տիկին Ռուզանի «էսօր ոնց որ ժպտում ես» բառերը լսելուց ու մի լավ ոգևորվելուց հետո նոր գնացի տուն։

Աստղիկ Հունանյան

***

Գնում ենք ես ու «Նեմրան», այսինքն՝ «Նեմրան» նվագում է, ես քայլում եմ դեպի «Մանանա»։ Դե, ինչպես հասկացաք՝ ականջակալներով եմ, բայց դա չխանգարեց, որ Մարիամին նկատեմ, է՜, ասում եմ՝ Մարիամին, Ամալյային։ «Էս աղջկա դեմքը ինչ ծանոթ ա, կարո՞ղ ա երեկվա Մարիամն ա, էն որ ճանապարհն էր կորցրել, հա էլի»։

-Բարև, «Մանանա՞» ես գնում,- հարցրի ես:

-Բարև, հա, դո՞ւ էլ,- բարևեց, կասկած չկա, որ Մարիամն է:

-Հա, էրեկ ո՞նց տեղ հասար։

-Լավ,- ու տարօրինակ նայում է։

Հասանք շենքի մոտ, մեկ էլ.

-Ես էլ քեզ չճանաչեցի, լսի երեկ ակնոցով էիր, չէ՞, երևի դրա համար,- ու նայում եմ դեմքին, որ տեսնեմ՝ ո՞ւր է ակնոցը։ Արևային ակնոցը հարմարեցված էր գլխին։ Չէ՜, հաստատ Մարիամն է:

-Հա երևի, անունս հիշո՞ւմ ես։

-Հա, բա ոնց չէ, Մարիամ։

-Չէ, Ամալյա:

Այ քեզ առեղծված, էսպիսի բան մեկ էլ հետս առաջին կուրսում էր եղել, սեպտեմբերի մեկին։

«Ինչ լավ է՝ ֆոտոարշավով սկսեցինք։ Բայց մի րոպե, հիմա ես ի՞նչ պիտի նկարեմ։ Լավ է, կարևորը մասնակցությունն ա»,- մտածեցի ու առաջ շարժվեցի։ Ճանապարհին էլ ծաղիկ չէր մնացել, որ գլխիս չհավաքեի, Էլիզն էլ գլուխս էր նկարում։ Ճիշտն ասած՝ չէի ուզում ֆոտոարշավը վերջանա։ Ուզում էի անընդհատ քայլենք, նկարենք։ Բայց լրագրության դասն էլ պակաս հետաքրքիր չէր։ Տիկին Ռուզանն էնքան հետաքրքիր բաներ էր պատմում լրագրությունից, կլանված լսում էինք, որ ոչ մի բան բաց չթողնենք։ Դասամիջոց էր։

-Երեխեք, էս «Նեմրութն» ու՞մ wi-fi-ն ա, ծածկագիրը կասե՞ք։

«Ինչ տարօրինակ հարցեր են տալիս, իհարկե, իմն ա, էլ ո՞վ կարա «Նեմրային» էնքան շատ սիրի, որ wi-fi-ի անունը «Նեմրութ» գրի։ Բա լանչը… Ես մի կես ժամ ինչ-որ մեկին համոզում էի, որ մեջը միս չկա։ Համենայնդեպս՝ չկար։ Հա ի՞նչ, բանանով բուլկու մեջ ոչ մի միս էլ չկար…

Տաթև Չուխուրյան

***

«Արդեն երկրորդ օրը պիտի գնամ, ես հիշում եմ՝ մրցանակաբաշխությանը Լիդուշն ու Միլենան ոնց էին ընկերներին դիմավորում, ես էլ եմ էդպես ուզում, բայց ուզելը քիչ է, մի տեսակ՝ չի ստացվում լավ մտերմանալ»։

-Այ անֆայմ, բա բոլորն ամաչկոտ են, ուզում ես մտերմանա՞լ, դե գնա ու խոսի,- ձախ թևիս Էլիզան էլի ճիշտ է։

«Վայ, տեսնում եմ աղջիկներից մեկին, շատ ծանոթ մեջք ունի։ Հա՜, գնաց և գրկախառնությամբ բարևեց «չոլկայով» աղջկան, իսկ ինքը հաստատ 17-ից ա։ Մոտեցա ու բարևեցի, նրանք պետք է սպասեին համակուրսեցուն՝ իր եղբայր Արմանի հետ, դե ես էլ չեմ շտապում։ Գնացինք իմ առաջին ֆոտոարշավին։ Ժամերը թռան, բայց ես դեռ առույգ էի և, ինչ մեղքս թաքցեմ, նաև անչափ սոված։ Լանչին Թամարան մոտեցավ ինձ և սկսեցինք զրուցել։ Տուն վերադառնալու ճանապարհին կրկին նրանց հետ էի, ում հետ եկել էի։ Չեմ ուզում երրորդ օրը գա, որ չվերջանա մեր վորքշոփը։

Էլիզաբեթ Հարությունյան

***

Երկրորդ օրը մի քիչ ուշացա, բայց ճանապարհը հեշտ գտա: Լավ, ժամանակին հասա, միանգամից ներկա-բացակա արեցին, բաժանվեցինք թիմերի, և ճամփորդությունը սկսվեց: Սկզբում ինձ տպավորեց Թամարան: Մինչ գրեթե բոլորը մտածում էին, թե ինչ նկարեն, նա ամեն քայլափոխի հետաքրքիր կադրեր էր գտնում և անմահացնում: Բայց քիչ անց, մտաբերելով Դիանայի և Լիլիթի խորհուրդները, բոլորս էլ սկսեցինք հետաքրքիր կադրեր ստանալ: Ամենալավ կադրերի «հովանավորը» Վահեն էր: Օրը շատ հետաքրքիր անցավ, այդ օրվանից մնացել են վառ տպավորություններ: Ֆոտոարշավին հաջորդեցին լրագրության և կինոյի դասերը: Ամբողջ ընթացքում ականջներս սրած լսում էի, որ տիկին Ռուզանի և պարոն Արայի խորհուրդները բաց չթողնեմ: Երանի դպրոցի ուսուցիչներն էլ նրանց նման լինեին:

Մարիամ Գրիգորյան

***

Էլի երկար դեգերումներից հետո հասա «Մանանա»։ Մտա։ Արդեն քիչ թե շատ ծանոթ դեմքեր կային։

-Ֆոտոարշավի ենք գնում։

-Ուռա՜, ինչ հավես ա լինելու։

«Հա, շատ հավես կլինի ֆոտոներ անելը, բա էս շոգից մեռնելն ինչ հավես կլինի»,- ինքս ինձ ասացի։ Բայց սխալ էի մտածում։ Էնքան հավես ու ընկերական մթնոլորտում անցավ ֆոտոարշավը, որ շոգն էլ էդքան չզգացինք։ Կատակ եմ անում. լա՜վ էլ զգացինք, բայց մեկ ա՝ օրն ընտիր անցավ։ Հետո հետ եկանք։ Նստեցինք ժուռնալիստիկայի դասին։ Արդեն ձայնս քիչ էր դողում։ Տիկին Ռուզանն ասաց, որ իմ նյութը հավանել են ու կտեղադրեն կայքում։ Նյութս կարդում է տիկին Ռուզանը, էդ ընթացքում ես, խնձորի բոլորը գույները դեմքիս ստանալով, վերջապես ալ կարմիրի վրա կանգ եմ առնում։

«Մարիա՛մ, ձայնը դողացնել ու կարմրել չկա (ինքս ինձ հանգստացնում եմ, էլի)»։

Լանչի ժամանակ էլ համարձակությունս ներեց՝ միսը հանեցի սենդվիչի մեջից։

Մարիամ Պապոյան

***

Սկսվեց երկրորդ բաղձալի օրը: Բաժանվեցինք երկու խմբի՝ յոթ-յոթ հոգով: Չեմ ուզում մանրամասն նկարագրել՝ ինչ արեցի, ոնց: Անհետաքրքիր կստացվի, առավել ևս, որ մշուշոտ եմ հիշում: Բայց կասեմ, որ հին Երևանում էինք, ու աչքս չէի կարողանում կտրել շենքերից: Հատկապես պիտի շեշտեմ Օրիորդաց գիմնազիան (շնորհակալություն Դիանային՝ ցույց տալու համար), որը ցնցեց ճարտարապետական լուծումներով, ու այսօրվա բարձիթողի վիճակով: Սիրուն ա հնչում՝ Օրիորդաց գիմնազիա, պատկերացնում եմ ինչ նազանքով, շորորանքով, ճեմել են նրանք այս գեղեցիկ շենքի հարկաբաժիններում: Իսկ գուցե ըստ արժանվույն հագած-կապած փեսացուներն էլ դրսո՞ւմ էին սպասում… Ինչևէ, մենք 21-րդ դարում ենք, օրիորդները՝ չկան, շենքի դարպասները փակ են: Մուտքի մոտ ընկած երկաթե ճաղերը բանտարկեցին հարսնացու օրիորդների և սիրահար փեսացուների մասին երազանքները: Կիսատ մնաց:

Նարե Շարմազանովա 

***

Երկրորդ օրն ավելի շատ հիմնված էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու վրա: Դեռ երկու օր առաջ իրար չճանաչող անծանոթներն արդեն մի դրական թիմ էին դարձել, որտեղ յուրաքանչյուրի կարծիքն ու դիտարկումը ուշադրության էր արժանանում ու քննարկվում: Վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկն ու դրա շուրջ մտածելու հանձնարարությունն էլ ավելի ոգևորեց ինձ: Ուրախ էի, որ մասնակցում եմ դասընթացին:

Էլլա Մնացականյան 

Օր 3-րդ 

Մտքերը, որ այսօր վերջին օրն է, ստիպում են դանդաղ քայլել: էսօր էլ Վալենտինային հանդիպեցի ճանապարհին: Կրկին փակ էր դուռը, շուտ էինք եկել: Կանգնում ենք շքամուտքում ու սկսում խոսել: Երկրորդ ֆոտոարշավ: Այս անգամ արկածները շատ էին: Գնացել էինք ֆոտո անելու, բայց 2 ժամում այնքան բան հասցրինք անել: Տարօրինակ մարդիկ այնքան շատ էին հանդիպում: Ամենուրեք ծխախոտով տատիկներ էին, անսովոր հայացքով մարդիկ, դե էլ չասեմ, որ մի տատիկ էլ մեզ ինչ ասես չասաց՝ իրեն լուսանկարելու համար: Ֆոտո անելու հետ մեկտեղ՝ ես, Էլիզան ու Վալենտինան հասցնում էինք խոսել ամեն ինչից, ծիծաղել, մենք ինքներս նկարվել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, ու պիտի խոսովանեմ, որ մեկ-մեկ էլ բարկացնում էինք՝ անընդհատ հետ մնալով խմբից: Բայց ես հուսով եմ, որ մեզ կներեն, որովհետև էլիզի, Վալենտինայի ու մյուսների հետ անցկացրած պահերն անմոռանալի էին: Ամբողջ ընթացքում միայն մի բան էի կրնկում.

-Ինձ չեք մոռանա, չէ՞:

Լանչն էլ էր արտասովոր այսօր: Ինձ մենակ զգալու ու ամաչելու փոխարեն անընդհատ խոսում էի: Հետո՝ լրագրություն: «Մի բան հարցնեմ, իմ նյութը լա՞վն էր» հարցիցս հետո որոշեցին, որ պիտի բարձրաձայն կարդան նյութս: Է, Ամալյա, այս ինչ արեցիր, դե արի ու մի ամաչի: Բայց վերջում արձագանքներից այնքան ուրախացա: Վերջին դաս: Սկսեցի ատել այս բառը, երանի ամեն օր գայինք վորքշոփի, երանի ամեն օր տեսնեի երեխեքին ու երանի ամեն օր գրկեի նրանց: Նստած եմ Էլիզայի կողքին ու կռվում եմ ինքս ինձ հետ: Ես նրա հետ նկար եմ ուզում: «Հա, բայց ամոթ ա, չէ, չեմ ասի»: Ու ես էլ չհասկացա՝ ոնց.

-Էլիզ, ես քեզ հետ նկար եմ ուզում:

Էլիզի դրական պատասխանը երջանկացրեց ինձ: Դուրս եկանք, նկարվեցինք, բայց տուն գնալ չէինք ցանկանում: Ես, Տաթևը, Էլիզն ու Մարիամը գնացինք պաղպաղակ ուտելու հետքերով: Ես դեռ հազարավոր օրեր կքայլեմ Օպերայում, բայց ամեն պահի Տաթևը նկարվել չի ուզի, Մարիամը ուրախությունից չի թռվռա, Էլիզը պաղպաղակը չի գցի, ես էլ ամբողջ ընթացքում չեմ ժպտա: Ես դեռ հարյուրավոր մարդկանց հետ կծանոթանամ ու կփորձեմ ճանաչել նրանց, բայց չեմ կարծում, որ հենց առաջին օրվանից զգամ այն ջերմ էներգիան, որը նրանցից էր գալիս: Շնորհակալ եմ, «Մանանա», մեր շփումն ապագա ունի:

Ամալյա Հարությունյան

***

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր զգում այն աղջիկը, որը առաջին անգամ էր մեն-մենակ երթուղայինով ինչ-որ տեղ գնում, այն էլ՝ Երևանի շատ ու տարբեր փողոցներով: Ես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց դրան ավելացել էր այն, որ վորքշոփի վերջին օրն էր, որ էլ խելագարի պես չէի «փորձելու» բոլոր շենքերը, մինչև «իսկական» շենքը գտնեմ: Ինչևէ, դա չեմ եկել պատմելու: 10:30 էր, «Մանանա» կենտրոնում էի, չէ, ներսում չէ, դռան հետևում կուչ եկած մի քանի հոգու հետ սպասում էինք գային, դուռը բացեին: Ներս մտանք, թե չէ, ասացին՝ էլի ֆոտոարշավ: Մի քանի րոպե անց բոլորով ներքևում էինք, արդեն խմբերի բաժանված, հանձնարարություն ստացած ու պատրաստ՝ ֆոտոարշավի գնալու: Պետք է շոգող մարդկանց նկարեինք: Ի՞նչ վատ էինք է շոգում, կանգնեինք, մեկս մյուսին նկարեինք, գնայինք կինոյի դասին, էլի: Համենայնդեպս ծխող տատիկներից, գրավաճառներից ու «մոդել» պատշարից հետո մեզ դա էլ մնաց անելու: Ցայտաղբյուրի բացակայության պատճառով էլ Վահեի ու Դիանայի գլխավորությամբ բոլորս լցվեցինք խանութ՝ ջուր գնելու: Այս անգամ արդեն համարձակությունս ներում էր մարդկանց խնդրել, նկարել: Մի փոքր նստարանի մեջ մի կերպ տեղավորված մի քանի պապիկի նկարելուց նրանցից մեկից «լրիվ չամիչով բուլկի ա էս աղջիկը» բառերն էլ մոռացնել տվին շոգը: Մի փոքր էլ գլուխ գովեմ: Մինչ երեխեքը մի անձրևանոցով կին էին գտել ու փորձում էին նկարել, ես մի սիրահար զույգի տեսա, դե կանգնեցի՝ նկարեմ, տղան էլ մռայլ ու բարկացած դեմքով նայեց, ես էլ փախա: Հավատացեք, դաս քաղեցի: Երբ «Մանանա» էինք վերադառնում, էլ ավելի հավես սիրահար զույգ տեսա: Բայց դե հո չէի՞ կանգնի անցյալ անգամվա պես նկարեի, մեկ է՝ չէին թողնի, ես էլ դիմեցի խորամանկության: Փողոցն անցա ու թաքուն նրանց հետևից նկարեցի. պահ, դե մի թողեք: Կինոյի դասն էլ անչափ հետաքրքիր անցավ, արդեն հարցեր էի տալիս ու բավականին սպառիչ պատասխաններ ստանում: Իսկ այ վերջում մի կարճամետրաժ ֆիլմ նկարեցինք, դե Նարեկը նկարեց, իսկ մենք «խաղացինք» ֆիլմում: Բայց վերջում շատ դաժան էր, բոլորի խորհուրդները լսելուց հետո դուրս եկանք, իսկ դա շատ տխրեցնող էր, կուզեի ողջ ամառ վորքշոփներ լինեին, ես էլ մասնակցեի: Վերջում աղջիկներից մի քանիսն ինձ ճանապարհեցին մինչև կանգառ ու վերջ, գնացի տուն: Վե՞րջ, ի՞նչ վերջ, մեր աշխատանքն ու ընկերությունը շարունակվում է՝ էլ ավելի ամրացած:

Աստղիկ Հունանյան

***

«Չէ, չեմ ուզում գնալ, լավ էլի (չէ, ձանձրալի չի, ոչ էլ հոգնել եմ, ուղղակի էս վերջին օրն ա, պատկերացնում եմ՝ էլ չենք գնալու, էսօր էլ, ու վերջ, ինչի՞ ա ամեն լավ բան էսքան շուտ ավարտվում)»: Վերջապես հավաքում եմ ինձ ու ճամփա ընկնում դեպի «Մանանա»։ Վերջին օրն ավելի հետաքրքիր անցավ։ Մեզ ավելի ինքնավստահ էինք զգում, որովհետև արդեն հասցրել էինք լավ մտերմանալ։ Վերջում, երբ արդեն պիտի հրաժեշտ տայինք, որ գնայինք, մտածեցի. «Լավ, էն աղջկան էլ գնամ հաջող անեմ, բայց ի՞նչ էր է անունը, հա, Մարիամ» ու գոռում եմ.

-Մարիամ, Մարիամ, սպասի բան եմ ասում,- իրականում ես Էլիզին էի կանչում, բայց կողքին էլ Մարիամն էր կանգնած, ու երկուսով ինձ նայեցին։ Ինձ թվաց, թե ճիշտ եմ ասել անունն ու գնացի նրանց մոտ, բայց Էլիզը ոչ էլ սպասեց, որ տեսնի՝ ինչ եմ ասելու: Փոխարենը Մարիամը նայեց վրաս ու.

-Ինձ բա՞ն էիր ասում։

«Վայ,- կայծակնային արագությամբ հիշում եմ, որ էն աղջկա անունը Էլիզա էր, ոչ թե Մարիամ,- լավ, բա հիմա Մարիամին ի՞նչ ասեմ»:

-Հա, ես էն աղջկան էի կանչում, ուղղակի բոլորին Մարիամ եմ ասում,- «Տաթև, լավ էլի՜»։

Երբ իջանք, երեխեքի մի մասը դեռ շենքի մոտ էր։ Քանի որ վերջին օրն էր, որոշեցինք մի փոքր ավելի երկարացնել ու ես, Էլիզան, Ամալյան ու Մարիամը (չէ, իրոք Մարիամն էր, չեմ սխալվում) գնացինք զբոսնելու։ Էնքան լավ էր, որ չէինք ուզում տուն գնալ, բայց եկավ 8-ը ու տարավ Էլիզին, հետո Ամալյան գնաց մետրոյով, 41-ն էլ եկավ Մարիամի հետևից, հետո՝ իմ 46-ը, ու ամեն ինչ վերջացավ: Բայց էդպես էլ չհասկացա, դրանով ամեն ինչ վերջացավ, թե դա ինչ-որ մի նոր բանի սկիզբն էր…

Տաթև Չուխուրյան

***

«Տեսնես՝ գոնե այսօր կստացվի՞ մտերմանալ նրանց հետ»։ Դե, ես արդեն տեղում եմ, ու էլի մենք ֆոտոարշավի ենք գնում։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ես մտերմացա էնպես, ինչպես ուզում էի, ինձ սիրեցին, և ես սիրեցի նրանց։ Ողջ օրը բոլորով երազում էինք, որ օրը չվերջանա։ Իսկապես այսպիսի ընկերներ ձեռք բերելու համար արժեր անել ամեն բան։ Ֆոտոարշավ, որը մտերմացրեց հատկապես ինձ, Վալենտինային և Ամալյային, տատիկի անեծքով։ Դե, մեզ մի տատիկ անիծեց, որովհետև մենք նրան նկարեցինք։ Հետո՝ լանչ, որը մտերմացրեց մեզ նաև Մարիամներին, Մարիամներին սիրող Տաթևիկին, Աստղիկին, որը դարձավ մեր «Զվյոզդը» և մյուսներին… Շնորհակալ եմ այս դասընթացների համար, ես գտա լավ ընկերներ և ստացա գիտելիքներ, որոնք խոստանում եմ, որ կկիրառեմ:

Էլիզաբեթ Հարությունյան

***

Դասընթացների վերջին օրը հենց առավոտվանից ինձ լավ չէի զգում: Սկզբում ցանկանում էի զանգել, զգուշացնել, որ չեմ գնալու, սակայն հիշելով նախորդ երկու օրերից ստացած տպավորությունները՝ որոշեցի գնալ: Չէ՞ որ վերջին օրն էր, դեռ երկար ժամանակ չենք հանդիպելու: Հետո էլ, չէի ուզում դասերը բաց թողնել: Որոշ ժամանակ ինձ շատ վատ էի զգում, շոգն էլ՝ մի կողմից, բայց ֆոտոարշավի ժամանակ խմբի տրամադրությունը ինձ էլ փոխանցվեց, և մոռացա գլխացավիս մասին: Ինչպես նախորդ օրը, ֆոտոարշավը շատ ուրախ անցավ: Հանդիպում էինք տարբեր մարդկանց. մի մասը չէին ուզում, որ իրենց նկարենք, մյուսները ուշադրություն չէին դարձնում, մի քանիսն էլ իրենք էին ասում, որ նկարենք, պնդելով, որ շատ «ֆոտոգենիչնի» են: Երբ վերադարձանք, արդեն լանչի ժամն էր: Ինձ էլ մենակ չէի զգում, արդեն ընկերացել էի շատերի հետ՝ Մարիամի, Աստղիկի, Ամալյայի, Էլիզայի, Վալենտինայի և Տաթևի, որը բոլորին Մարիամ էր ասում: Անիմացիոն մի քանի ֆիլմ դիտել էի և միշտ ցանկանում էի իմանալ և մասնակցել ստեղծման ընթացքին, չգիտեի, որ այդքան հետաքրքիր և զվարճալի է: Դասընթացի ավարտին բաժանումը դժվար էր, հասկանում էի, թե ոնց եմ կարոտելու բոլորին: Մրցանակաբաշխության ժամանակ տեսա տիկին Ռուզանին, ուզում էի մոտենալ, գրկել, բայց ամաչեցի, իսկ այս անգամ սխալս ուղղեցի: Վերջ, դուրս եկանք… Այնպիսի դատարկություն էի զգում, կարծես ինձնից մի մասնիկ թողել էի «Մանանա» կենտրոնում: Դասերի ավարտից հետո չէինք կարող միանգամից տուն գնալ: Օրը ավելի վառ և հիշարժան դարձավ Էլիզայի գեղեցիկ ֆոտոների, պաղպաղակ գնելու երկու անհաջող փորձերի և Երիտասարդականը փնտրելիս կատարած շուրջերկրյա ճանապարհորդության շնորհիվ: Որոշ ժամանակ անց դժվարությամբ հրաժեշտ տվեցինք իրար: Ավտոբուսի մեջ ամփոփում էի այս երեք օրը, որոնք ամենահիշարժանը կլինեն այս ամառվա ընթացքում: Դեռ երկար կհիշեմ Էլիզայի փայլող աչքերը, Ամալյայի փոքրիկ, ամաչող աչքերը և ժպիտը, Տաթևի մեկ գրկախառնությունը, որը ազատեց ինձ բոլոր կոմպլեքսներից: «Ինչ լավ արեցի, որ եկա, թե չէ էսքան բան բաց կթողնեի»,- օրվա վերջում մտածեցի ես:

Մարիամ Գրիգորյան

***

Առանց մոլորվելու «Մանանան» գտա։ Ջրի ճամփա էր դարձել։ «Արդեն վորքշոփի վերջին օրն ա, լավ ա տեղը սովորեցիր վերջապես, Մարիամ»։ Էլի ֆոտոարշավի էինք։ Արդեն անհամբերությամբ էի սպասում արևի տակ այրվելուն։

-Մարիա՜մ,- լսվեց Տաթևի ձայնը։

Ուրախացած շրջվեցի. «Ուռա՜, ինչ-որ մեկն անունս հիշում ա»,- մտածեցի։

-Հա, Տաթ ասա։

-Ես քո հետ չէի, ես Մարիամի հետ էի։

Դե, դեմքս պատկերացնում եք, չէ՞։ Հիասթափված էի, ինչ խոսք։ Մերոնք տասնհինգ տարի շարունակ հավատացրել են, որ անունս Մարիամ ա։

-Չես հավատա, բայց Մարիամը ես եմ:

-Չէ, է, ես էն աղջկա հետ էի,- ու ցույց տվեց Էլիզաբեթին։

Էլիզաբեթի դեմքն էլ պատկերացրիք, չէ՞։ Իսկ արդեն վորքշոփից հետո, երբ մտերմացել էինք, Տաթևն ասաց.

-Երեխեք, ես էնտեղ ոչ մեկիդ անունն էլ չէի հիշում, դրա համար էլ, բացի տղաներից՝ բոլորին Մարիամ էի ասում։ Համ էլ՝ «Էլիզաբեթ» մինչև ասեի, օրը կպրծներ։

Հիմա Տաթևն արդեն մեր անունները հիշում է։ Մենք էլ արդեն իրար համար հատուկ «նիքնեյմեր» ունենք։ Երրորդ օրն էր, որ «Մանանա»-ում էինք, բայց էնքան էի կապվել, որ մի տեսակ դժվարությամբ էի պատկերացնում առավոտյան արթնանալն ու չգալը, չմոլորվելը ու արևի տակ ֆոտոներ չանելը։ Երևի մթնոլորտից էր, գիտեք։ Իսկ գիտեի՞ք, որ էդ խուճուճ-մուճուճ փողոցների մեջ կա մեկը, որի իրար կողք շարված շենքերից մեկի վերջին հարկի բնակարանն էդքան ջերմություն ունի իր մեջ:

Մարիամ Պապոյան

***

Կիսատ էր նաև երրորդ օրը. կիսատության զգացումը մինչև վերջ էլ մնաց: Երեք օր, 18 ժամ միասին: Հավատացեք, չհերիքեց իրար բացահայտելու, լիարժեք գիտելիք ստանալու, վորքշոփը մինչև վերջ վայելելու համար: «Մանանայի» մանանան ինձ համար, մեղքս ինչ թաքցնեմ (չկարծեք՝ գուրման եմ), տիկին Ռուզանի թաբուլեն էր: Կարոտեցի… Կսպասեմ:

Նարե Շարմազանովա

***

Երրորդ ու ամենավերջին օրը լի էր իրադարձություններով: Սկզբում ֆոտոարշավը, որի հիմնական թեման շոգն էր, ամենաարդիականն այդ պահին: Ընդամենը 1-1,5 ժամում շատ հետաքրիր կադրեր ֆիքսեցինք քաղաքի կենտրոնում: Լուր, ակնարկ, հարցազրույց, ֆելիետոն… Գրեթե բոլոր ժանրերի մասին խոսեցինք, ու վստահ պիտի ասեմ, որ յուրաքանչյուրի մասին էլ հստակ պատկերացում կազմեցինք, հասկացանք, թե որ ոճով ենք ուզում գրել: Յուրաքանչյուր թեմա ներկայացվեց հասկանալի օրինակներով, քննարկեցինք նաև մեր գրած նյութերը: Հա՜, մեզնից գուցե նաև լրագրողներ դուրս գան: Ի սրտե շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին՝ մեգահետաքրքիր դասընթացի, նոր ծանոթությունների ու տրված հնարավորությունների համար:

Էլլա Մնացականյան 

***

Կադրից դուրս.

-Երեխեք, բայց ես ինձ ամենաշատը լանչին էի մենակ զգում:

-Վայ, ես էլ:

-Երեխեք, ես էլ:

-Չեք պատկերացնի, բայց ես էլ:

-Բա, այ դեբիլներ, մեկիդ խելքին չփչե՞ց մոտենար:

Կան օրեր, որոնք չեն ջնջվի հիշողությունիցդ, ուզում ես ունեցիր կրկնակի լավերը, անցկացրու հազարավոր ուրիշ պահեր, մեկ է՝ օրեր կան, որ մխրճվում են էն ամուր պատրաստված փոքրիկ պահեստում ու արգելում իրենց անգամ մի պահ չմտաբերել:

Հեղինակներ` Ամալյա Հարությունյան, Աստղիկ Հունանյան, Տաթև Չուխուրյան, Էլիզաբեթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Մարիամ Պապոյան, Էլլա Մնացականյան, Նարե Շարմազանովա, Նարեկ Բաբայան