Իմ գրադարակը խորագրի արխիվներ

լագերլյոֆ

Վերմլանդյան ավանդություն

Շվեդ նշանավոր գրող, առաջին կին գրողը, որը 1909 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Դե, համարյա համոզված եմ, նրա անունը ձեզ ոչինչ չի ասում: Ափսոս: Մխիթարում է միայն այն, որ բոլորիդ ծանոթ է նրա «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը»: Անպայման ուզում եմ պատմել Սելմա Լագերլյոֆի մասին` հույս ունենալով, որ կգտնեք նրա գրքերը և կկարդաք: Սելման ծնվել է 1858 թվականին հարավային Շվեդիայի Վերմլանդ նահանգում, Մորբակ ագարակում: Վաղ մանկության տարիներին աղջիկը ծանր հիվանդանում է և գամվում անկողնուն: Հիվանդ աղջկա առօրյան հետաքրքիր էին դարձնում տատի պատմած Սկանդիայի լեգենդները, առասպելները և հեքիաթները: Այս մասին պատմեցի, որովհետև հետագայում, երբ Սելման որոշեց գրել, ներշնչանքի աղբյուրը հենց շվեդական բանահյուսությունը դարձավ:

Ստոկհոլմի թագավորական իգական ակադեմիան ավարտելուց հետո երիտասարդ աղջիկը ուսուցչություն է անում Լանդսկրոնում և հենց այդ ժամանակ էլ սկսում է գրել իր առաջին վեպը` «Սագա Իյոստ Բեռլինգի» մասին, որը հրատարակում է  1891 թվականին: Այնուհետև իրար հետևից լույս են տեսնում «Աներևույթ շղթաներ», «Երուսաղեմ» և այլ ստեղծագործություններ: Լագերլյոֆի ամենանշանավոր մանկական գիրքը` «Նիլս Խոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայով» գիրքը հրատարակվեց 1906 թվականին:

1909 թվականին Սելմա Լագերլյոֆին շնորհվել է Նոբելյան մրցանակ` «բարձր իդեալիզմի, վառ երևակայության և հոգևոր ներթափանցման համար, որոնք բնորոշ են նրա արվեստին¦»,- գրված էր մրցանակային հանձնաժողովի որոշման մեջ:

Սելմա Լագերլյոֆը մահացել է 1940 թվականին իր մանկության ագարակում` Մորբակում, ութսունմեկ տարեկան հասակում:

Ամանորյա այս օրերին կարդացեք այս պատմությունը և մտածեք` իսկ դուք գնահատո՞ւմ եք այն, ինչ ունեք:

 

Վերմլանդյան ավանդություն

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Վերմլանդի ու նրա մարդկանց մասին, միտս է գալիս վաղեմի պատմություն գեղջկուհու մասին, ով արոտավայր էր գնացել՝ իր կովերին կթելու: Եվ քանի որ կովերն իրենց սովորական տեղում չէին, ապա անտառ մտավ՝ փնտրելու և մոլորվեց:

Կինն առավոտից անտրամադիր էր և ավելի շատ սրտնեղեց, երբ կովերին չգտավ: Նա մտածում էր, թե ինչ ծանր է իր կյանքը: Թեև սիրում էր ամուսնուն, սակայն չէր կարող չնկատել, որ ամուսինն առաջվա ուժը չունի և կամաց-կամաց ծերանում է, ընդ որում, ինքն էլ է ծերանում: Նա, իհարկե, շատ էր սիրում իր ագարակը, որտեղ ծնվել էր, սակայն չէր կարող չխոստովանել, որ ագարակի շինությունները քիչ են և ոչ մի համեմատություն եկեղեցու հարևանությամբ կառուցված կալվածքի հետ: Բացի այդ, մեկուսի վայրում էր, անտառի մեջ, որտեղ շաբաթներով ոչ մի մարդու չես հանդիպի, բացի սեփական աշխատավորներից: Իսկ ինչ վերաբերվում է աշխատողներին… Չէ, ազնիվն-ազնիվ են, պարզապես չափից ավելի ծույլ ու դանդաղաշարժ են:

Առավոտյան ամուսնուն ասել էր ագարակը վաճառելու և ստորոտում տուն գնելու մասին, բայց ամուսինը չէր ուզում լսել: Կովերը, թեկուզ արդեն հարմարվել էին լեռնային տեղանքին, շատ քիչ կաթ էին տալիս: Այստեղի դաշտերն աղքատիկ են, իսկ անտառը, ուր անասունն արածում է, ծմակուտ է, և կինը վախենում էր, որ մի օր կմոլորվի:

Կինն աչքերը հառեց երկինք և հասկացավ, որ մոլորվել է: Ամբողջովին կլանված իր մռայլ մտքերով, չէր հետևել ճանապարհին և հիմա գաղափար անգամ չուներ, թե որտեղ է գտնվում: Դեմ-հանդիման մի մեծ սոճի տեսավ, կարծես ծանոթ սոճի էր, սակայն այս մեկը շատ խորքերում է, անտառի թավուտում: Չի կարող պատահել, մի՞թե ինքն այդքան հեռացել է տանից: Կինն ականջները սրեց, հույս ուներ կովերի զանգակների ղողանջը լսել, կամ հովվի սրնգի ձայնը, սակայն ոչ մի ձայն չէր գալիս:

Սիրտն անհանգիստ խփում էր, և վախից մտքերն իրար էին խառնվել: Գեղջկուհին շատ էր լսել մարդկանց մասին, որոնք, պատահել է, մոլորվել են անտառում և մահացել:

Կինը չկարողացավ իրեն ստիպել, որ սառը գլխով հետագա անելիքը որոշի, նա լեղապատառ առաջ անցավ՝ փորձելով ճանապարհը գտնել:

Երկար թափառեց անտառում, բայց տունդարձի ճանապարհն այդպես էլ չգտավ: Եվ հանկարծ անտառը գնալով նոսրացավ: Բացատում մի մեծ ու խնամված շինականի բակ տեսավ: Այդ տեսնելով, կինը սառեց մնաց: Նա ավելի շատ վախեցավ, որովհետև հաստատ գիտեր, որ այս տեղերում ուրիշ ոչ մի ագարակ չկար, բացի իրենց ագարակից: Ուրեմն այն, ինչ հիմա տեսնում է, տեսիլք է: Իսկ դրանից վատ ուրիշ ի՞նչ կարող է լինել: Կինը գլխի ընկավ, որ տրոլները կախարդել են իրեն:

Գեղջկուհին աշխատում էր չնայել տրոլների կացարանին: Սակայն աչքերն ասես իրենք իրենց սևեռվում էին կացարանի վրա: Կյանքում նա այդպիսի հարուստ տնտեսություն չէր տեսել: Տունը հին էր, բայց շատ ամուր և հաստատուն, իսկ մարագներն ու կից շինություններն այնքան շատ էին, որ մի ամբողջ գյուղի կհերիքեին:

Խոտը հնձած էր, և դեզերը մեկը մյուսի ետևից շարված էին մարգագետնում: «Ամեն ինչ իմ տան նման է,- մտածեց կինը,- միայն թե տասն անգամ ավելի մեծ է և հարյուր անգամ ավելի գեղեցիկ: Այս տրոլների հետ պետք է շատ զգույշ լինել: Ո՞վ գիտի, միգուցե տունն ու մարագը սոճու արմատից են շինած»:

Կինը տեսնում էր բակում այս ու այն կողմ գնացող մարդկանց, որոնք իրենց գործով էին զբաղված: Ոչ մի դեպքում չի հարցնի նրանցից ճանապարհը: Տրոլները կստիպեն ճաշակել իրենց կերակուրն ու գինին, և այդ ժամանակ, նա այլևս չի կարողանա ազատվել նրանցից:

Գեղջկուհին շրջվեց և նորից անտառ մտավ: Նա մագլցում էր զառիվայրները, զարնվում քարերին, բայց չէր կարողանում գտնել ճանապարհը: Հանկարծ հայտնվեց անտառի եզրին, և նորից տեսավ նույն շքեղ բակը:

Պատուհանները ծածկված էին սպիտակ վարագույրներով, երկու վիթխարի խնձորենի կար ճիշտ պատուհանի տակ: Տունը կարմիր գույնով էր ներկված և այնքան գեղեցիկ էր, որ շողշողում էր կանաչության մեջ:

Այս անգամ կինն այնքան մոտ էր տանը, որ տեսավ, թե ինչքան մաքուր ու խնամված է ամեն բան: Գործիքներն ու սայլերը մարագում էին, յուրաքանչյուր իրը՝ իր տեղում: Հարդի դեզերն ու վառելափայտը կոկիկ դարսված էին իրենց տեղում, առուները փորված էին հավասար, ոնց որ թելով գծած: Ձիերը, որոնք ճիշտ իր սիրած ձիերի ցեղից էին, արածում էին մարգագետնում:

«Երանի այս տունն իմը լիներ,- մտածեց կինը,- երանի այստեղ ապրողներին: Ճիշտ է, անտառի խորքում է, բայց փոխարենը շատ գեղեցիկ է շուրջը. դիմացը՝ լճակ, հետևում՝ լեռ»: «Իսկ տղամարդը, որը հիմա մարգագետնի միջով մոտենում է իր ձիերին,- մտածեց նա,- իհարկե, տերն է: Կյանքումս այսքան ուժեղ ու վայելչակազմ մարդ չեմ տեսել»: Սակայն ամենից շատ նրան գերել էին կովերը, որոնք հենց այդ պահին դուրս եկան անտառից և կանգ առան դարպասների առաջ:

«Իսկույն երևում է, որ կախարդական կովեր են,- մտածեց կինը,- ինչ կլոր կողեր ունեն, ինչ ուռած կուրծք: Գոնե մի անգամ սրանց կթեի, տեսնեի, թե ինչքան կաթ են տալիս»: Այն ամենը, ինչ նա տեսնում էր, գերում ու ձգում էր այնպիսի ուժով, որ կինն շտապեց վերադառնալ անտառ: Եթե մի քիչ էլ մնար, չէր դիմանա գայթակղությանը, կմոտենար, որպեսզի լավ զննի: Սակայն եթե չդիմադրի այս գայթակղությանը, ապա երբեք չի կարողանա վերադառնալ մկրտված մարդկանց մոտ. սա որ հաստատ գիտեր: Կինը նորից անտառ մտավ և  հոնգուր-հոնգուր լաց եղավ: Տրոլները այնպես էին կախարդել իրեն, որ չէր կարողանում սեփական անտառում, որտեղ իր մանկությունն է անցել, հետդարձի ճանապարհը գտնել:

«Սա ինձ պատիժ, որ իմ սեփական տանից այդքան դժգոհ էի,- ինքն իրեն ասաց նա,- դրա համար էլ տրոլները կարողացան կախարդել ինձ»:

Արտասվելով, նա շարունակեց դեգերել անտառում, և ամեն քայլի հետ սարսափն ավելի ուժգնացավ: Ծառերն ասես շուրջպար էին բռնել, ուստի դժվարությամբ դուրս եկավ անտառի թավուտից:

Բայց այժմ ավելի տենդորեն էր կինը փորձում չմոտենալ տրոլների տանը: Նա ավելի շատ մտածում էր այն շրջանցելու, քան սեփական տան ճանապարհը փնտրելու մասին:

Սակայն նորից  հայտնվեց կախարդված տեղում: Այդպես էլ ոչ մեկը կովերին ներս չէր տարել: Ագարակատերը ձին թամբեց և սկսեց հարդը կրել:

Կինն ուզում էր մոտիկից տեսնել խնամքով ու խելամտորեն կառուցված այս հիանալի ագարակը: Անիծելով իր թույլ կամքը, նա զգուշորեն մոտեցավ տրոլների կացարանին:

Երբ մոտեցավ, կովերն ընդառաջ գալով հրճվագին բառաչեցին: Հենց այդ ժամանակ ամենամեծ կովը մոտեցավ և դունչը քսեց կնոջ ափին, ասես սովոր լիներ հենց այդ ձեռքերից կերակուր ստանալու:

Եվ այդ պահին կինը, ի զարմանս իրեն, հայտնաբերեց, որ այդ կովերն իրենն են: Այո, այո, նա բոլորին անուն առ անուն գիտեր: Բայց ինչպե՞ս կարող էին իր կովերը տրոլների դարպասների առաջ նստոտել:

Նույն պահին էլ տան դուռը բացվեց, և ոտաբոբիկ դուրս վազեց երկնագույն շորով մի փոքրիկ շիկահեր աղջնակ: Կինը ճանաչեց իր աղջկան: Նա բացեց դարպասը, բռնեց աղջնակի ձեռքից և սեղմեց կրծքին:

-Աղջիկս,- հուզված ասաց կինը,- դո՞ւ ինչու ես այստեղ:

-Բա որտե՞ղ լինեի,- զարմացավ փոքրիկը:

Աղջիկը, որին գրկել էր, սկսեց շոյել ու կարգի բերել իր գզգզված մազերը, ուղղել գլխաշորը: Գլխաշորի կապն արձակվեց և մնաց աղջկա ձեռքերի մեջ:

-Սպասիր,- ասաց մայրը,- շուռ տուր գլխաշորը և նորից կապիր:

Հնուց արդեն նկատել էին, որ սա խելքը թռցնելու դեմ հուսալի միջոց է: Եվ հենց դա էլ օգնեց կնոջը: Նա իսկույն հասկացավ, թե որտեղ է գտնվում:

Կինը կանգնած էր սեփական տան բակում, այն բակում, որտեղ ծնվել-մեծացել էր: Այսօր երկու անգամ եղել է այստեղ, բայց երևի թե մի բան էր պատահել աչքերին, որ չճանաչեց սեփական տունը:

Ո՞վ կսպասեր, որ այս ագարակը կողքից նայողին այդքան գեղեցիկ ու խնամված կթվա: Իսկ իրեն թվում էր, թե հոգնել է այստեղ ապրելուց:

Կինը մոտեցավ իր ամուսնուն և ամեն ինչ պատմեց նրան: Աղջկան նա չէր իջեցնում գրկից: Ասես երկար բաժանումից հետո վերստին գտել էր ամուսնուն և երեխային:

-Եթե անգամ կախարդանք էր եղածը, ապա ամեն դեպքում, այնքան էլ վատ արդյունք չունեցավ,- ասաց ամուսինը,- Դուք չեք հասկանում, թե ինչ է սեփական տունը: Դուք անպայման պիտի աշխարհ գնաք, մոլորվեք մի քանի անգամ, մինչև որ կարողանաք իսկականից գնահատել այն, ինչ ունեք:

-Այո, դու իրավացի ես,- ասաց կինը,- և երանի նրան, որ մոլորվելուց հետո, այնուամենայնիվ կգտնի հետդարձի ճամփան և կվերադառնա տուն:

Սխալ հեքիաթներ

Ո՞վ չի ճանաչում Չիպոլինոյին ու սինյոր Պոմիդորին: Փոքրիկ սոխի և այլ բանջարեղենների ու մրգերի մասին հեքիաթի, ինչպես նաև շատ ուրիշ հեքիաթների ու բանաստեղծությունների հեղինակը Ջաննի Ռոդարին է: Առանձնահատուկ մտածելակերպով ու տաղանդով օժտված  իտալացի գրողի և մանկավարժի գրքերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, իսկ ինքը` Ռոդարին, 1970 թվականին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակին:

Գրել Ռոդարին սկսել է իր դասարանի աշակերտների համար, իսկ հետո, հասկանալով, որ «ամենասկզբից Երկիր մոլորակում ամեն ինչ սխալ էր», որոշեց ամբողջովին նվիրվել երեխաների համար հեքիաթներ ու բանաստեղծություններ գրելուն: Ավելի ճիշտ` ոչ թե երեխաների, այլ փոքրիկների, քանի որ, ինչպես ինքն էր ասում, երեխաները պետք է Տոլստոյ, Պրիմո Լևի կամ Հո Չի Մին կարդան: Ռոդարին անկեղծորեն և յուրօրինակ կերպով պատմում էր փոքրիկներին այն աշխարհի մասին, որտեղ  իրենք ապրում են, և նրանց հետ միասին երազում էր նոր, ավելի լավ ու բարի մոլորակի մասին, «Վաղվա երկրի» մասին, որտեղ «լացել» բառը պատմության թանգարանում է պահվում, և որտեղ չկան քաղցած երեխաներ: Աշխարհի, որը հենց այսօրվա փոքրիկները պետք է կառուցեն:

«Հեքիաթներ հեռախոսով» շարքը Ռոդարիի ամենահայտնի ստեղծագործություններից է, որը, ըստ նրա, ծնվել է «երկու բառերի պատահական համադրումից, ուղղագրական սխալներից և բառախաղից»: Ներկայացնում ենք այս շարքի հեքիաթներից մի քանիսը:

 

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:

-Կեցցես, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք: Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:

-Ահա, խնդրում եմ,- մրթմրթացին ծեր կանայք,- ի՞նչ օգուտ ստացանք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ ինչպես մեր զավակները, որոնք ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են և մեզ, որ խնամել ենք իրենց, այլևս չեն հիշում:

Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու միշտ նույն ժամին: Հաճախորդի պես ճշտապահ էր, և տեսնել էր պետք, թե ինչպես է նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:

Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին: Քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթները, և եթե դրանք չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:

-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ մի փոքր նախանձելով` ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային:

Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.

-Համբերություն, համբերություն,- արդեն գալիս եմ:

-Ա~խ, -մրմնջում էին մյուս ծեր կանայք,-Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ ձերոնք, մորաքույր Ադա, որտե՞ղ են ձեր երեխաները:

Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.

-Կերեք, դե, կերեք, թե չէ` թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:

Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը, հորդորում էր.

-Դե, գնացեք: Ինչի՞ եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:

Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր ցնորված է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեն:

Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաներն այդ մասին իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչունները ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթները:

 

Սխալ հեքիաթներ

-Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, ում անունը Դեղին գլխարկ էր:

-Ոչ, Կարմիր:

-Ա~խ, հա~, Կարմիր: Գնա մորաքույր Դիոմիրայի մոտ և տար նրան այս կարտոֆիլի կեղևները:

-Ոչ. գնա տատիկի մոտ և տար նրան այդ կարկանդակները:

-Դե լավ: Աղջիկը գնում էր անտառ և հանդիպում ընձուղտին:

-Խառնեցիր իրար: Հանդիպում է գայլին, ոչ թե ընձուղտին:

-Եվ գայլը նրան հարցնում է` ի՞նչ կանի վեց անգամ ութ:

-Ոչ մի նման բան: Գայլը հարցնում է` ո՞ւր ես գնում:

-Ճիշտ ես ասում: Եվ Սև գլխարկը պատասխանում է…

-Կարմիր գլխարկ էր, Կարմիր, Կարմիր…

-Այո, և պատասխանում է` գնում եմ շուկա` տոմատ գնելու:

-Երազումդ ես տեսել…Գնում եմ տատիկիս մոտ, որը հիվանդ է, բայց ճանապարհը կորցրել եմ:

-Ինչ, ճիշտ է, և ձին ասում է…

-Ի՞նչ ձի: Գայլ էր:

-Իհարկե:

Եվ այդպես է ասում` կնստես յոթանասունհինգ համարի տրամվայը, կիջնես Դուոմայի հրապարակում, կթեքվես աջ, գետնին կտեսնես երեք աստիճան և փող, աստիճանները թող մնան, փողը վերցրու ու քեզ համար ծամոն գնիր:

-Պապիկ, դու ընդհանրապես հեքիաթ պատմել չգիտես, միշտ սխալվում ես: Բայց միևնույն է, ինձ համար ծամոն գնելու ես:

-Դե լավ, վերցրու փողը:

Եվ պապիկը վերադարձավ թերթի ընթերցանությանը:

 

Լինում է, չի լինում…

…Հաշվապահ Բյանկին է լինում Վարեզե քաղաքից: Նա առևտրական կազմակերպության ներկայացուցիչ էր և շաբաթվա յոթ օրից վեցը պտտվում էր ողջ Իտալիայում` արևելքում, արևմուտքում, հարավում, հյուսիսում և կենտրոնում` դեղամիջոցներ վաճառելով: Կիրակի օրը վերադառնում էր տուն, իսկ երկուշաբթի առավոտյան նորից մեկնում: Բայց մինչև մեկներ, նրա փոքրիկ աղջիկը իրեն ասում էր.

-Խնդրում եմ, հայրիկ, ամեն երեկո մի պատմություն պատմիր:

Այդ փոքրիկը չէր կարողանում քնել առանց պատմության, իսկ նրա մայրիկը իր իմացած բոլոր պատմությունները արդեն պատմել էր, նույնիսկ երեք անգամ: Այսպես` ամեն երեկո, որտեղ էլ որ գտնվելիս լիներ, հաշվապահ Բյանկին զանգահարում էր Վարեզե և մի պատմություն էր պատմում իր դստրիկին: Այս գիրքը պարունակում է հաշվապահ Բյանկիի պատմությունները: Կտեսնեք, որ բոլորն էլ մի քիչ կարճ են: Հաշվապահը ստիպված էր հեռախոսազանգերի համար իր գրպանից վճարել, չէր կարող երկար զանգեր կատարել: Միայն երբեմն-երբեմն, եթե լավ գործարք էր կնքում, իրեն թույլ էր տալիս մի քանի պարբերություն ավել պատմել: Ինձ ասել են, որ երբ պարոն Բյանկին զանգահարում էր Վարեզե, հեռախոսավարուհիները հետաձգում էին մյուս բոլոր հեռախոսազանգերը, որպեսզի լսեն նրա պատմությունները: Հապա ինչպե՞ս. մի քանիսը իսկապես շատ լավն են:

 

Տիեզերական ճուտիկը

Անցյալ տարի պրոֆեսոր Տիբոլլայի տանը գիտե՞ք ինչ դուրս  թռավ շոկոլադե ձվից: Անակնկալ, տիեզերական ճուտիկ` երկրային ճուտիկների նման, բայց գլխին` կապիտանի բերետ, իսկ բերետի վրա` հեռուստատեսային ալեհավաք:

Պրոֆեսորը, տիկին Լուիզան և երեխաները միասին ասացին` օ~, և հետո այլ բառեր չգտան:

Ճուտիկը դժգոհ նայում էր շուրջը:

-Ինչքան հետ է այս մոլորակը,- նկատեց նա,- այստեղ դեռ Զատիկ է, իսկ մեզ մոտ` Ութերորդ Մարսի վրա, արդեն չորեքշաբթի է:

- Այս ամսվա՞,- հարցրեց պրոֆեսոր Տիբոլլան:

- Այդ էր պակաս: Հաջորդ ամսվա չորեքշաբթին: Բայց տարիներով մենք քսանհինգով առաջ ենք:

Տիեզերական Ճուտիկը չորս քայլ վերև-ներքև արեց, որպեսզի թմրած ոտքերը հանգստանան, և մռթմռթաց.

- Սա ինչ անախորժություն է: Ինչ տհաճ անախորժություն:

- Ձեզ ի՞նչն է անհանգստացնում,- հարցրեց տիկին Լուզիան:

- Թռչող ձուն կոտրել եք, և ես չեմ կարողանա վերադառնալ Ութերորդ Մարս:

-Բայց մենք գնել ենք այս ձուն հրուշակեղենի խանութից:

-Դուք ոչինչ էլ չգիտեք: Այս ձուն իրականում տիեզերանավ է` ծպտված որպես Զատիկի ձու, իսկ ես նրա հրամանատարն եմ` ծպտված որպես ճուտիկ:

-Իսկ անձնակա՞զմը:

- Ես նաև անձնակազմն եմ: Բայց հիմա ինձ կոչումից կզրկեն: Ամենաքիչը գնդապետ կդարձնեն:

-Բայց գնդապետն ավելի բարձր կոչում է, քան կապիտանը:

-Ձեզ մոտ է այդպես, որովհոտև կոչումներն այստեղ թարս են: Մեզ մոտ ամենաբարձր կոչումը հասարակ քաղաքացու կոչումն է: Բայց մոռանանք դա: Իմ առաքելությունը ձախողված է:

-Կասեինք, որ ցավում ենք, բայց չգիտենք, թե խոսքն ի՞նչ առաքելության մասին է:

-Ա~խ, դա ես էլ չգիտեմ: Ես ուղղակի պետք է սպասեի այն ցուցափեղկում, մինչև մեր գաղտնի գործակալը հայտնվեր:

-Հետաքրքիր է,-ասաց պրոֆեսորը,-Երկրի վրա գաղտնի գործակալություններ էլ ունենք: Իսկ եթե գնանք ու ոստիկանությանը պատմե՞նք:

-Այո, գնացեք ու բոլորին պատմեք տիեզերական ճուտիկի մասին, ու թող բոլորը ձեզ վրա ծիծաղեն:

-Դա էլ է ճիշտ: Դե լավ, քանի որ մենք մերոնցով ենք, մեզ մի քիչ էլ պատմեք այդ գաղտնի գործակալների մասին:

-Նրանց հանձնարարված է գտնել այն երկրացիներին, որոնք քսանհինգ տարի հետո վայրէջք են կատարելու Ութերորդ Մարսի վրա:

- Դա ծիծաղելի է: Մենք այժմ նույնիսկ չգիտենք, թե որտեղ է գտնվում Ութերորդ Մարսը:

-Դուք մոռանում եք, սիրելի պրոֆեսոր, որ այնտեղ` վերևում, մենք ձեզնից քսանհինգ տարով առաջ ենք: Օրինակ` արդեն գիտենք, որ Ութերորդ Մարսին հասնող երկրային տիեզերանավի հրամանատարի անունը Ջինո է:

-Ա~յ քեզ բան,- ասաց պրոֆեսոր Տիբոլլայի ավագ որդին,- իմ անունն էլ:

- Մաքուր զուգադիպություն է,- եզրակացրեց տիեզերական ճուտիկը:- Նրա անունը Ջինո կլինի և նա երեսուներեք տարեկան կլինի: Այսինքն` այս պահին Երկրի վրա ուղիղ ութ տարեկան է:

-Տես, է,- ասաց Ջինոն, ճիշտ իմ տարիքին է:

-Բավական է ինձ ընդհատես,- խստորեն բացականչեց տիեզերաձվի հրամանատարը:

-Ինչպես բացատրում էի` մենք պետք է գտնենք այս Ջինոյին և անձնակազմի մյուս անդամներին` նրանց աննկատ հետևելու և դաստիարակելու համար:

-Ի՞նչ-ի՞նչ,-ասաց պրոֆեսորը,- ի՞նչ է, մենք երեխաներին լավ չե՞նք դաստիարակում:

-Այնքան էլ չէ: Նախ և առաջ, դուք նրանց չեք վարժեցնում այն մտքին, որ պետք է ճանապարհորդեն աստղերի մեջ, երկրորդ` նրանց չեք սովորեցնում, որ տիեզերքի քաղաքացիներ են, երրորդ` նրանց չեք սովորեցնում, որ «թշնամի» բառը Երկրից դուրս գոյություն չունի, չորրորդ…

-Ներողություն, հրամանատար,- ընդհատեց տիկին Լուիզան,- ի՞նչ է ձեր այդ Ջինոյի ազգանունը:

-Ներեցեք, ձեր, ոչ թե` մեր: Նրա ազգանունը Տիբոլլա է: Ջինո Տիբոլլա:

-Բայց այդ ես եմ,- վեր թռավ պրոֆեսորի որդին,- ուռռա~…

- Ի՞նչ ուռռա,- բացականչեց տիկին Լուիզան: -Չկարծես, թե ես և հայրդ թույլ կտանք…

Բայց ճուտիկն արդեն թռել էր Ջինոյի թևին:

-Ուռա~… Առաքելությունը կատարված է: Քսանհինգ տարուց ես էլ կարող եմ տուն վերադառնալ:

- Իսկ ձու՞ն,- հոգոց հանելով հարցրեց Ջինոյի քույրիկը:

-Բնականաբար հենց հիմա էլ կուտենք:

Եվ այդպես էլ արեցին:

 

Իտալերենից թարգմանությունը` Լուսինե Հակոբյանի

20180808_194139

Չար մտքեր

-Ամուսնանալուդ ժամանակն է, -ասաց տարեց թագավորը տղային:

-Ո՞ւմ հետ ամուսնանամ,-թախծոտ հարցրեց արքայազնը:

-Գեղեցիկ արքայադստեր հետ,- պատասխանեց թագավորը,-և որ նա լինի ոչ միայն գեղեցիկ, այլև բարի: Եվ որ նրա գլխում երբեք չլինի ոչ մի չար միտք:

-Այդպիսին դժվար թե գտնենք, -հոգոց հանեց արքայազնը:

Բայց թագավորն արդեն կանչել էր սենեկապետին: Բանն այն է, որ թագավորի սենեկապետը կարողանում էր տեսնել վատ մտքերը: Նա դրանք տեսնում էր թևավոր միջատների տեսքով, որոնք պտտվում էին մարդկանց գլխավերևում:

-Լսիր, -ասաց նրան թագավորը,-վաղը տասնմեկ արաքայադստրեր են գալու հարսնատեսության: Մենք նրանցից կընտրենք ամենագեղեցիկին: Իսկ դու մեզ կզեկուցես, թե ինչ մտքեր ունեն նրանք:

Այդպես էլ որոշեցին: Հաջորդ օրը տասնմեկ արքայադուստր տեղավորվել էին գազոնին:  Նրանք նստել էին ճոճաթոռներին և հուզմունքից անընդհատ ճոճվում էին:

-Սկսենք, -ասաց թագավորը:

Սենեկապետը սկսեց առաջին շիկահեր արքայադստեր զննումը:

-Վայ,- ետ-ետ գնալով բացականչեց նա,- այ քեզ փորձանք: Նրա գլխավերևում մժեղներ էին պտտվում:

Երկրորդի կողքին կանգնելով բղավեց.

-Սև բզեզներ… Այն էլ հազարավոր:

Երրորդի կողքից անցավ վազելով, առանց կանգնելու, ընթացքից գոռալով.

-Օգնեցեք… Կատաղած մեղուներ:

Եվ այդպես, պատկերացնո՞ւմ եք, ամբողջ շարքի երկայնքով: Գեղեցկադեմ արքայադստրերի գլխավերևներում նա տեսնում էր զզվելի միջատներ, դրանք նրանց չար մտքերն էին:

Թագավորն ու արքայազնը հետևում էին կատարվածին, նրանք ոչ մի միջատ չէին տեսնում, բայց հիացած լսում էին խորաթափանց սենեկապետին:

Վերջապես սենեկապետը արգելակեց  տանմեկերորդ արքայադստեր մոտ և երկար ու անշարժ կանգնեց: Հետո պտտվեց նրա շուրջը, նայեց-լսեց և նույնիսկ հոտոտեց նրա մազերը:

-Ոչինչ չեմ հասկանում, -փնթփնթաց նա,- ոչ մի չար միտք: Այս աղջկա գլխում ես ոչ մի չար միտք չեմ գտնում: Թերևս խորհուրդ կտամ ընտրել նրան:

-Հրաշալի է,- թագավորը հուզված տրորեց ձեռքերը,- գործն արված է:

Մյուս տասը արքայադստրերին նստեցրին կառքերը և ետ ուղարկեցին, իսկ որպեսզի նրանք շատ չտխրեն, ամեն մեկին մի մեծ կտոր տորթ տվեցին: Բայց միևնույն է, խեղճերը շատ ճնշված էին: Իսկ տասնմեկերորդ արքայադուստրն, ուրեմն, դարձավ արքայազնի հարսնացուն: Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, նա աննկարագրելի գեղեցիկ էր: Նա կապտաչյա էր, շագանակագույն մազերով, իսկ դեմքը՝ ճենապակե տիկնիկի դեմքի պես սպիտակ:

-Դե, տղաս, -հրճվանքով ասաց թագավորը,-դու երջանի՞կ ես:

-Ոչ, -ասաց արքայազնը:

-Որդիս, -վրդովված բացականչեց թագավորը,-այդպիսի գեղեցիկ հարսնացու, արքայական տոհմից, և ոչ մի չար միտք: Միայն պատկերացրու:

-Բա ո՜նց, -փնթփնթաց արքայազնը,- շատ հնարավոր է, որ նա չար մտքեր չունի: Բայց ինձ թվում է, նա ընդհանրապես ոչ մի միտք էլ չունի: Ոչ չար, ոչ էլ բարի:

-Ի՞նչ տարբերություն, -թեթևացած ձեռքը թափահարեց թագավորը,- նա հետո դառնալու է թագուհի, իսկ թագուհու համար ամենևին էլ պատադիր չի որևէ միտք ունենալ: Միայն թե կարողանա կառքի պատուհանից մտերմիկ գլխով անել: Միայն թե գեղեցիկ ժպտա, իսկ խելացի բառերը անգիր կանի: Ամենևին պետք էլ չի, որ նա մտածի:

Արքայազնը լռեց: Եվ նույն օրն էլ իր գեղեցկուհի հարսնացուի հետ գնաց նավակով զբոսնելու: Նրանք դանդաղ լողում էին գետով: Կանաչ ափի երկայնքով, արևի շողերի տակ փայլում էին մարգարտաշուշանները:

-Դու երբևիցե երկնքի մասին մտածո՞ւմ ես, -հարցրեց արքայազնը:

Արքայադուստրը զարմացած նայեց նրան: Նա լռում էր, և տղան հասկացավ, որ այդ առիթով ոչ մի միտք չունի: Նրանք լուռ շարունակում էին լողալ, մինչև աջ ափին չհայտնվեց մի հին թեքված խրճիթ:

-Ինչո՞ւ մի մարդ հարուստ է, իսկ մեկ ուրիշը՝ աղքատ, -հարցրեց արքայազնը:

Արքայադուստրը նորից զարմացած նայեց տղային: Նրա դեմքը սովորականից ավելի էր գեղեցկացել, բայց տղան զայրանում էր, որովհետև պարզ էր, որ նա երբեք չէր մտածել այդ մասին: Նա ընդհանրապես ոչ մի բանի մասին չէր մտածում:

-Ես նավակն այստեղ կկապեմ, -ասաց արքայազնը,-սպասիր ինձ այստեղ: Ես ուզում եմ մտնել այդ խրճիթը:

Արքայադուստրը համբերատար սկսեց սպասել  արքայազնին: Նա ձեռքը իջեցրեց ջրի մեջ, և ալիքները հանգիստ ճոճում էին նավակը: Արքայազնը այդ ընթացքում բացեց խղճուկ խրճիթի դուռը:

Ներսում հին աթոռի վրա նստած էր աղքատիկ հագնված սևաչյա մի աղջիկ: Նա կարտոֆիլ էր մաքրում և զարմացած նայեց շքեղ հագնված արքայազնին:

-Ողջույն, -դռան մեջ կանգնելով ասաց արքայազնը:

-Ողջույն, -ասաց աղջիկը` շարունակելով մաքրել կարտոֆիլը:

-Ինչո՞ւ… – հարցրեց արքայազնը,-ինչո՞ւ է ծաղիկն ավելի գեղեցիկ, քան կարտոֆիլի կճեպներով զամբյուղը:

Աղջիկը մի կողմ դրեց դանակն ու մտածեց: Հետո ասաց.

-Իսկ մի՞թե ծաղիկը կարտոֆիլի կճեպներով զամբյուղից գեղեցիկ է: Դու  համոզվա՞ծ ես:

Արքայազնը ուշադիր նայեց և գտավ, որ նրա ծնկներին դրված կարտոֆիլի կճեպներով զամբյուղն ավելի գեղեցիկ է, քան բոլոր ծաղիկներն իրար հետ վերցրած: Տարօրինակ է, բայց նրան իսկապես այդպես թվաց, և նա չէր հասկանում, թե ինչու: Նա հասկացավ միայն, որ այդ աղջիկը կարողանում է մտածել: Նա բռնեց աղջկա ձեռքից և կանաչ մարգագետիններով նրան տարավ պալատ: Նավակում գտնվող արքայադստեր մասին նա լրիվ մոռացավ և աղքատ աղջկա հետ հասնելով պալատ` ծնկի իջավ հոր առաջ.

-Ահա իմ հարսնացուն, հայր: Նա կարողանում է մտածել:

-Բայց տղաս, -վախեցած բղավեց թագավորը,- դու արդեն մի հարսնացու ունես: Իսկ սա… Սա կարծես մոխրոտ լինի: Ի՞նչ կասեն մարդիկ: Վայ, ինչ կեղտոտ են նրա շորերը:

-Դա դատարկ բան է, -ասաց արքայազնը,-աշխարհում այնքան գեղեցիկ շորեր կան:

Այդ ընթացքում սենեկապետը մոտեցավ աղջկան: Զննելով աղջկան, նա սարսափահար գոռաց.

-Կրետ: Հսկա, չաղ կրետ է պտտվում նրա գլխավերևում: Նա չար միտք ունի:

-Միայն մե՞կը, -ծիծաղեց արքայազնը,-ի՞նչ ես մտածում, սեր իմ:

Աղջիկը կարմրեց ու ասաց.

-Ես մտածեցի, որ միայն հիմար թագավորը կարող է լսել ուրիշ մարդկանց խորհուրդները:

-Տեսնո՞ւմ եք, -բղավեց սենեկապետը,-չար միտք:

-Դա ավելի լավ է, քան ընդհանրապես առանց մտքերի, -ասաց արքայազնը և համբուրեց աղջկան, չնայած նա իսկապես ոնց որ մոխրոտ լիներ: Աղջկան տարան լողանալու և անմիջապես էլ սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել:

Երբ հարսանեկան թափորն անցնում էր գետի մոտով, արքայազնը սարսափած նկատեց, որ արքայադուստրը դեռ նստած է նավակում:

-Ես նրա մասին լրիվ մոռացել էի, -ձեռքը տարավ ճակատին արքայազնը,-հարցրեք նրան. չի՞ ուզում արդյոք տեղ զբաղեցնել վերջին կառքում:

Արքայադուստրն առանց վարանելու համաձայնեց, որովհետև ոչ մի բանի մասին չէր մտածում:

Հարսանյաց թափորը մոտեցավ եկեղեցուն, բոլորը երջանիկ էին, բացի սենեկապետից: Նա թափահարում էր բռունցքն ու փնթփնթում.

-Եկեղեցում լիքը միջատներ կան: Բզեզներ, ճանճեր և թունավոր կրետներ…

Բայց դա ոչ մեկին չէր հուզում:

Աննի Շմիդտ

lilit grigoryan ararat

Մեծն Գեթսբին

«Հուսահատ, նա ձեռքը դուրս հանեց պատուհանից, կարծես ուզում էր ճանկել մի բուռ օդ, տանել իր հետ մի պատառիկ այն վայրից, որ Դեյզիի շնորհիվ էր դարձել պաշտելի»:

Սքոթ Ֆիցջերարդ, «Մեծն Գեթսբի»

Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրելի գրքերի ցանկը: Այդպիսի ցանկում ինձ համար առաջին տեղում համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկն է՝ «Մեծն Գեթսբին»:

1920-ականներ, Ամերիկա, ցոփ ու շվայտ կյանք, ջազ և անմնացորդ սեր: Վեպը պատմվում է առաջին դեմքով՝ Նիկ Քարավեյի կողմից: Նիկը կարճ ժամանակով այցելում է Ուեսթ-Էգ քաղաք, որպեսզի տեսնի իր զարմուհի Դեյզիին և նրա ամուսնուն՝ Թոմ Բյուքենենին, որի հետ ժամանակին եղել է մտերիմ հարաբերությունների մեջ: Նիկը միանգամից հայտնվում է աղմկոտ երեկույթներում, որոնք կազմակերպվում էին առեղծվածային Ջեյ Գեթսբիի կողմից: Խնջույքին ներկա կեղծ հասարակությունը վայելում էր Գեթսբիի ստեղծածը՝ միաժամանակ քննարկելով նրա ունեցվածքը և նրան մեղադրելով ամենածանր մեղքերի մեջ: Այս ամենի արդյունքում ընթերցողը փոքր-ինչ վախով և անհանգստությամբ է վերաբերվում գլխավոր հերոսին, բայց  ամեն ինչ փոխվում է վեպի վերջաբանում, որովհետև Գեթսբին հերոսանում է ընթերցողի համար, և ընթերցողը մտովի վերադառնում է վեպի սկզբնամաս՝ Գեթսբիի բոլոր արարքների համար գտնելով իրենց դրդապատճառները: Բոլոր նյութապաշտ հերոսների կողքին Գեթսբին բարձր հոգևոր արժեքներ ունեցող հերոս էր, որը ամեն ինչ ստեղծում էր իր նվիրական և անեղծ սիրո՝ Դեյզիի համար: Դեյզի՞ն… Դեյզին նյութական կերպար էր, որը խաղում էր Ջեյի զգացմունքների հետ և հետո թաքնվում իր ունեցած անսահման ադամանդների ետևում:

Ֆիլմերը սովորաբար զիջում են գրքերին, սակայն ռեժիսոր Բազ Լուրմանի համանուն օսկարակիր ֆիլմը լրացնում է գրքին: Եթե գրքում աղմկոտ երեկոները, հագուստները, երաժշտությունը նկարագրված է շատ սեղմ և սև ու սպիտակ, ապա ֆիլմում անգամ մանրուքները շատ գույնզգույն են ներկայացված: Երբ կարդում ես գիրքը, հերոսին պատկերացնում ես այնպես, ինչպես ուզում ես, իսկ ֆիլմը կարող է սահմանափակել երևակայությունդ: Վեպը ընթերցելիս իմ երևակայած Գեթսբին բարձրահասակ էր, սևաչյա և սառը ժպիտով, իսկ ֆիմը դիտելուց հետո Գեթսբին ինձ համար միայն Լեոնարդո Դի Կապրիոյի տեսքով է: Ֆիլմում կա մի տեսարան, որը բացակայում է գրքում. երբ Գեթսբին մահվանից վայրկյաններ առաջ շտապում է դեպի հեռախոսը, որպեսզի պատասխանի զանգին, նա հույս ուներ, որ զանգողը Դեյզին էր, մինչդեռ… Ռեժիսորը կարծես ցանկանում էր, որ Գեթսբին իր կյանքի վերջին պահին երջանիկ լիներ:

Գեթսբին ստեղծել էր մի կերպար, որն ավելի լավն էր, քան իրական Դեյզին, և եթե անգամ հոգու խորքում Գեթսբին հասկանում էր այդ տարբերությունը, հրաժարվում էր ինքն իրեն խոստովանել, որ իր՝ այդքան տարիներ զգուշությամբ փայփայած կերպարը կեղծ է: Գեթսբին ապրում էր մի աշխարհում, որտեղ ամեն ինչ «Դեյզի» անունն էր կրում: Եվ երբ Գեթսբիի աշխարհը փլուզվեց, նրա համար ապրելն այլևս իմաստ չունեցավ:

SvetlanaDavtyan

Ո՞ւր է իմ պանիրը

Նա խորհում էր, թե ինչու է միշտ մտածել, որ փոփոխությունը դեպի վատը կտանի: Հիմա հասկացավ, որ փոփոխությունը կարող է ուղղորդել դեպի լավը:

Սիրելի ընկեր, երևի թե դու էլ ինձ պես վերջացրել ես քննաշրջանի մի փուլը և սպասում ես հաջորդի սկզբին: Համաձայն եմ, ձանձրալի շրջան է, բայց մինչ դրան անցնելը հիմա ամենալավ ժամանակն է նոր գիրք ընթերցելու, լիցքաթափվելու, նոր բացահայտումներ կատարելու համար:

Երբևէ լսել ես «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի մասին: Քեզ նման ես էլ զարմացա, հետո հետաքրքրվեցի, թե ինչի մասին է:

Կարծում եմ, գիրքը գրելիս հեղինակը չի էլ ենթադրել, որ այն փոխելու է շատերի կյանքի ամենատարբեր բնագավառները:

New York Times-ի բիզնես բեսթսելլերի վարկածով այս գիրքը գրեթե հինգ տարի մնացել է ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում։ Գիրքը վաճառվել է 26 մլն օրինակով 37 լեզուներով ամբողջ աշխարհում և հանդիսանում է ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկը։

Գրքում ներկայացվում է  փոփոխություն որևէ մեկի աշխատանքում կամ կյանքում և չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների և երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։

Սպենսեր Ջոնսոնի այս գիրքն այլաբանական պատում է՝ գրված բիզնես առակի տեսքով։ Այն հրատարակվել է 1998թ: Գիրք, որը փոփոխության մասին է: Չորս կերպարների արձագանքներ այդ փոփոխություններին:

Գործողությունները կատարվում են լաբիրինթոսում, որտեղ էլ գրքի 4 երևակայական հերոսներ երկու մկները՝ Հոտառուն ու Վազկանը, և երկու «փոքրիկ մարդիկ»՝ Հըմը և Գըմը, առերեսվում են փոփոխության հետ: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը, գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարեւոր խորհուրդ, և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից՝ մտածելով, որ չի կարող հարմարվել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ: Բոլորը գիտեն՝ ամեն փոփոխություն չէ, որ լավ է: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներ, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում և չվախենալ դրանցից:

margarita voskanyan lori

Գտնելու ճանապարհին

Ձեր կյանքում էլ է լինում, չէ՞, որ ինչ-որ կարևոր կամ չափազանց անկարևոր պահից սկսած կորցնում եք կյանքի իմաստից մի մասնիկ։ Բոլորը տարբեր կերպ ու տարբեր ժամանակ են գտնում այն, ոմանք էլ ընդհանրապես չեն գտնում։ Իմ դեպքում այդ մասնիկը գտնելու ճանապարհը գիրքն է։ Այս անգամ ձեռքս ընկավ նոբելյան մրցանակակիր, թուրք գրող և հասարակական գործիչ Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» գիրքը։

Գլխավոր հերոսը մի երիտասարդ է, որը սիրահարվում է խորհրդավոր ու կարմրահեր կնոջը։ Վերջինս թափառաշրջիկ թատրոնի դերասանուհի է, որն ամեն գիշեր վրանում պատմում է տարօրինակ ու հետաքրքիր պատմություններ։
Երիտասարդը միայն 30 տարի անց հանդիպում է կարմրահեր կնոջը՝ սրտում մշտապես պահելով նրա սերը։
Վեպի ամենասիրելի ու նշանակալի կերպարներից է գլխավոր հերոսի վարպետը, որի հետ իր պատանեկության տարիներին ջրհոր էր փորում։ Եթե մի քիչ հաջողակ ենք, ուրեմն բոլորս էլ պիտի ունենանք մեր վարպետ Մահմուդին, որը կօգնի մեզ գտնել չհուսահատվելու և ընդհանրապես ապրելու ճանապարհը։ Ու երանի այնքան բախտավոր լինենք, որ երբեք չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ չգիտենք՝ թողնել մեր վարպետին ջրհորում ու հեռանալ, թե…
Ինչպես սկզբում նշեցի՝ այս գիրքը կորցրածս գտնելու ճանապարհն էր։ Գիրքն ավարտելուց հետո տեղի ունեցավ ամենաողբերգականը։ Ես կորցրի մի բան (կամ շատ բաներ), որոնք զգում եմ ու վստահ եմ, որ էլ երբեք գտնել չեմ կարող։
Գրքից իմ ամենասիրելի հատվածն է. «Ի՜նչ տարօրինակ է՝ արդյոք ինչպիսի՞ զգացողություն է, երբ մարդն իր սիրած արժեքավոր իրը ջրհորում է թողնում ու հետո մոռանում»։
Ու հիմա ես ինչ-որ բան կամ երևի ինչ-որ մեկին թողել եմ այս գրքի էջերում և տողերում, բայց զգում եմ՝ մոռանալ չեմ կարող։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմում. «Սրա մեջ ինչ-որ տխուր սիմվոլիզմ կա»։

Anna mkhitaryan

Օգոստոսյան պայծառ օրերից

Ողջույն, ժպտալ սիրող իմ ընկերներ, իսկ դուք այսօր ժպտացե՞լ եք։

Մի բան պատմեմ, դուք էլ ժպտացեք։ Ես մասնակցեցի գրքի մրցույթի ու շահեցի Արթուր Սարգսյանի «Ժպիտոմանիա»-ն։

Այնքան դրական էներգիա է փոխանցվել, որ ուզում եմ անպայման կարդաք։ Եվ իրոք, ամեն մի գործի համար, եթե այն արվում է լայն քայլերով, պետք է մղիչ ուժ՝ սեր, բաժանում, կարոտ։ Հաճախ տխրության մոնոլոգի մեջ դու կարողանում ես գտնել այն, ինչից հաճախ հեռու ես, գտնել այն, ինչից հաճախ հեռու են պատկերացումներդ։ Եվ իրոք, սա մեր կյանքն է, սա կյանքի թեորեմներով լցված մի գիրք էր, որը ուղղակի ամեն բառի հետ մտածելու առիթ տվեց։ Հենց ամենասկզբից մտածում էի, որ սա ուղղակի ժպիտի ու ժպտալու տիեզերական զգացումների մասին է, բայց ոչ․․․ Հենց գրքի «բանաձևը» սա էր. «Ծամոն+Ժպիտ=Ժպիտոմանիա»։

«Մեզ դեռ մանկուց սովորեցրել են հաշվել մեկից մինչև ինը կամ հետհաշվարկ, որի դեպքում հերթականությունը չի խախտվում։ Այս գրքում ես խախտեցի դա էլ։ Ես հիմա ամենավերջում ուզում եմ բացատրել արածիս ողջ իմաստը։ Նախապես ասեմ՝ դեռ դպրոցական հասակից չեմ փայլել մաթեմատիկական գիտելիքներով, բայց կյանքում հասկացել եմ, որ հաճախ ենք բախվում մաթեմատիկայի հետ»։ Եվ իրականում ես էլ մաթեմատիկայից չեմ փայլում, բայց բազում անգամներ զգացել եմ, թե ինչ է նշանակում բաժանում, ինչ է նշանակում միացում, կամ թե ինչ է նշանակում թեորեմներ ապացուցել, մի տարբերությամբ, որ սրանք կյանքի թեորեմներ են։ Սա մի գեղեցիկ պատմություն էր, որ ստիպեց ժպտալ, հուզվել, սիրել, հասկանալ։ Եվ իրոք, մենք սիրում ենք անգամ անշունչ պատկերների, այն ամենին, ինչ մեզ «սեր» է թվում։

«Բարև, իմ նկարի աղջիկ, որքան շատ եմ քեզ սիրում, օրեցօր այդ սերս ավելի է աճում: Սիրել թղթի վրա պատկերված մի աներևույթ էակի, որի ո՛չ շնչառությունն ես զգում, ո՛չ ձայնն ես լսում, միայն տեսնում ես ժպիտը. դա տարօրինակություն է թվում, բայց եթե մի հնար լիներ նկարից քեզ դուրս հանելու, դա կլիներ ֆանտաստիկա, իսկական հրաշք, բայց դա անհնարինի սահմաններում գտնվող երևույթի է նման: Գիտե՞ս՝ քեզ նայելով ես ժպտում եմ, անզոր եմ քեզ նայել ու չժպտալ, Գոռը փայլուն է քեզ պատկերել: Սեր դեպի նկարիդ աղջիկը. ահա թե ինչ էի զգում: Ամեն պահի, երբ կամենաս, քեզ հետ է, ամեն պահի լսում է քեզ, նա չի հոգնում, ուզո՞ւմ ես՝ նրա հետ խոսիր ժամերով, մեկ է, նա կլսի քեզ, նա քոնն է այնքան, որքան քո սեփակա՛ն ձեռքերը»։

Սա մի կոչ էր կարծես, որ ստիպեց հավատալ ու հասկանալ, որ չպետք է ապրել ստանդարտ, և ինչպես հեղինակն է ասում. «Մի մտածիր ստանդարտ, եթե ստանդարտների մեջ մնաս, ապա կբախվես կյանքի միապաղաղությանը»։ Եվ իրոք, ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ մեր կյանքում զգացել ենք կամ կզգանք միապաղաղություն, կուզենք նոր երանգներ մտցնել ու շարժվել առաջ։ Չեմ ուզում խորանալ ու բացել փակագծեր, ուզում եմ դու էլ կարդաս ու զգաս ժպիտոմանիայի ուժը։ Եղել են, չէ՞ պահեր, որ ժպտացել ենք, բայց հոգեպես շատ տխուր ենք եղել, ու ինչպես հեղինակն է ասում՝ պետք է հիշենք, որ կյանքի ֆոտոխցիկները ֆիքսում են մեր աչքերում առկա ժպիտները, որքան հաճախ ժպտանք, այնքան կյանքը մեզ կվարձատրի երջանկությամբ։

anna baghdasaryan lori

Ես քեզ եմ գրում

Ողջույն, բարեկամ: Չգիտեմ էլ՝ ինչ կարող եմ համարել գրածս՝ շարադրությո՞ւն, նամա՞կ, թե՞ դեռահասներին բնորոշ կյանքի օրագրի հերթական մի էջ: Իրականում այս հարցն ամենևին էլ կարևոր չէր: Հերո՞ս: Իսկ ես կարո՞ղ եմ քեզ հերոս համարել, մեռած հերոսներ լինո՞ւմ են: Չնայած… հա, երևի թե լինում են թվացյալ մեռյալ, բայց հավերժ ապրող հերոսներ: Դու իմ հենց էդպիսի հերոսն ես, հավերժ ինձ հետ, իմ հոգում, ֆիզիկապես քայքայված, բայց հոգով զարթուն, առույգ, թռվռան մի էակ: Դեռ մանկուց մեզ պատմած հեքիաթներից մենք սովորել ենք, որ հերոսները տարբեր են լինում` բարի ու չար, անմեղ և մեղավոր, գեղեցիկ և տգեղ, հարուստ և աղքատ: Ոչ, սխալ ենք սովորել: Հերոսների տարբերությունն այդ հորինված ու ձևական ածականների մեջ չէ: Հերոսները լինում են մեռած և կենդանի, ու կարող եմ վստահեցնել, որ սեփական հերոսն ունենալու համար ամենևին էլ պարտադիր չէ երբևէ նրան տեսած լինել: Իմ հերոսը դու ես, Աննա Ֆրանկ:

Քո կերպարը ուղիղ կապ ունի իմ կերպարի հետ, այնքան ուղիղ, որ երբեմն կարծում եմ, որ գրքում նկարագրված լեզվանի, հաստատակամ ու ուժեղ աղջիկը հենց ես եմ: Հերոսներն ամենևին էլ աստվածային չեն…

Թաքստոցը հեռու էր, հերոս: Գիտեմ, թե քեզ համար այդ ողորմելի տարիներին որքան բարդ է եղել տարիներով ստիպված շշուկով խոսել, դուրս չգալ այդ գրողի տարած տնից ու մնալ մի տան մեջ էնպիսի եսասեր մարդկանց հետ, որոնք անգամ միտք էլ չունեին հասկանալ քեզ: Քո նրբությունը երբեմն ինձ վախեցնում է: Այն քնքշանքը, որով առանց կաթիլ առ անգամ գիտակցելու մոտենում ես քեզնից դար հետո ապրող մի աղջկա: Ես ամենևին էլ չեմ կարծում, որ մարդկանց տարիքը մահից հետո հաշվելու անհրաժեշտություն կա, դրա համար էլ ես գիտեմ, որ չնայած նրան, որ դու հավերժ ապրում ես, դու միշտ կմնաս նույն 12 տարեկան մեծահոգի աղջնակը, ով ամեն կերպ օգնում էր ծույլ համադասարանցիներին արտագրել բոլոր աշխատանքները: Հերոս ես, այնքան հերոս, որ սահմանել ես իմ կյանքն առաջնորդող սահմանումներից մեկը․ «Մարդիկ կարող են ստիպել քեզ լռել, բայց նրանք չեն կարող քեզ կանգնեցնել կարծիք ունենալուց»: Գիտե՞ս՝ երբեմն, երբ ոչինչ անելու տրամադրություն չեմ ունենում, ուղղակի հիշում եմ քեզ, քեզ, որ իմ մոտիվացիայի հիմնական աղբյուրն ես, քեզ, որ ընդամենը իմ տարքիում օտար լեզուներով գրքեր էիր թարգմանում, քեզ, որ այնքան համարձակ էիր, որ ինքդ քո առջև ասում էիր, որ չես սիրում մորդ, քեզ, որ այնքան զգայուն էիր, որ ցանկացած անարդարության համար պատրաստ էիր կյանքի հետ խաղալ, բայց վերջում ծածուկ լալ: Դու իմ հերոսն ես: Դու, որ այնքան հերոս ես, որ այսօր իմ հոգում ես ապրում: Դու նա ես, ում հետ կարող եմ միշտ կիսել բոլոր դառնություններն ու բոլոր քաղցր կոնֆետները: Ես վստահ եմ, որ այցելելու եմ քո տունը, և վստահ եմ, որ այդ օրը շատ հեռու չէ, Աննա Ֆրանկ:

Քո օրագիրը Փիթի անունն ուներ, չէ՞: Իմ օրագիրը քո անունն ունի, Աննա…

old-newspapers

Անջելո Պետրոզինո

Իտալացի գրող, լրագրող, թարգմանիչ Անջելո Պետրոզինոն 1969 թվականից տարրական դասարանների ուսուցիչ էր աշխատում: Ուսուցչական կարիերան սկսելուց քսան տարի անց միայն նա որոշեց գրել իր առաջին գիրքը երեխաների համար: «Կարատեի տենդը» գրքի հերոսները հենց նրա աշակերտներն են: 1991-ին լույս է տեսնում «Մեկ տարի Ջեսսիկայի հետ» շարքի առաջին գիրքը: Գրողը խոստովանում է, որ այս ստեղծագործությունն իր կարիերայում ամենակարևորն է: Վեց գրքից բաղկացած շարքը պատմում է Ջեսսիկա անունով աղջկա կյանքի վեց տարիների մասին: Բայց Պետրոզինոյի ամենահայտնի գործը Վալենտինայի մասին պատմող գրքաշարն է: Այն գրված է հումորի զգացումով, ինչը գրողը համարում է իր ստեղծագործությունների գլխավոր հատկանիշներից մեկը: Ձեզ ներկայացնում ենք Անջելո Պետրոզինոյի չտպագրված պատմություններից երկուսը, որոնք տեղ են գտել նրա գունագեղ կայքում:

 

Պապիկներն ու պատմությունները

- Ա´նջելո, ժամանակն է:

Բացում եմ աչքերս, հորանջում, տեսնում պապիկիս ոլորված բեղերը և կամաց-կամաց հասկանում, թե որտեղ եմ: Ես կծկված եմ երկու ծերունիների մեծ մահճակալին, որոնք ինձ հաճախ են հյուրընկալում, որովհետև իմ տանը կա´մ չափազանց շոգ է, կա´մ չափազանց ցուրտ:

Պատուհանի կիսաբաց փեղկերից թույլ լույս է թափանցում: Գիշերն ավարտվում է:

- Ժամը քանի՞սն է,- հարցնում եմ:

- Չորսը, բայց եթե չես ուզում…

- Ուզում եմ, ուզում եմ…

Անկողնուց ներքև եմ ցատկում, հագնում եմ կարճ տաբատս ու ֆուֆայկաս, տատիկս սառը ջուր է լցնում արծնապատ տաշտի մեջ, ջրով շփում եմ աչքերս և ականջներս:

- Ահա, ես պատրաստ եմ,- ասում եմ:

- Վերցրու´, մի քիչ գարու ըմպելիք խմիր,- ասում է տատիկս:

Պապիկս արդեն պատրաստել է ուսապարկը: Ներսում հաց է, պանիր, ձիթապտուղ և լոլիկ:

- Ես կտանեմ,- ասում եմ:

Գցում եմ ուսիս և դուրս գալիս փողոց:

Հունիսյան առավոտ է, ես ինը տարեկան եմ, և ծիծեռնակներն արդեն գործի են անցել այգեբացի մեղմ լույսի տակ:

- Ու՞ր ենք գնում- հարցնում եմ:

- Ագարակատեր Կարմինեի հողամասը:

Ճանաչում եմ այն: Ուրիշ անգամներ էլ եմ այնտեղ եղել: Արագացնում եմ քայլերս՝ մտածելով քարե ցածր պատերով շրջապատված դաշտի մասին:

Օդը մաքուր է, իսկ երկինքը՝ պարզ: Ավելի ուշ շոգը կընկնի, և արևը մողեսներին կգամի քարերին:

Պապիկս շոյում է բեղերը և ասում.

- Ինձ երեք ժամը բավական է մի քանի բույս տնկելու համար: Հետո տուն կտանենք թարմ կաթ և մի թաշկինակ թուզ:

Կես ժամից արդեն հողամասի մոտ ենք: Պապիկս ներս է մտնում, հասնում է մարգին, որը վստահվել է իրեն, հանում է պիջակը, ծալում վերնաշապիկի թևքերը, վերցնում է ուրագը, մատով փորձում է շեղբը և ասում.

- Նստի´ր այն ծառի տակ:

Տեղավորվում եմ նշենու տակ, որը պապիկս ցույց էր տվել, և սպասում:

- Քեզ պատմե՞լ եմ այն ժամանակվա մասին, երբ ինձ հանձնարարել էին վառել ծովի ափի լապտերները,- սկսում է պապիկս:

- Ոչ,- ստում եմ ես:

- Ուրեմն լսիր:

Լապտերների պատմությանը կհետևի սատանայի պատմությունը, որը թաքնվում է զառիթափերի դիմացի քարանձավներում, հետո՝ ուրվականների պատմությունը, որոնք վնասում էին դաշտերը պատերազմի ժամանակ, տատիկի պատմությունը, որ մենակ էր ծննդաբերել, մեռածների պատմությունը, որ մասնակցում էին կեսգիշերային պատարագին:

Իսկ հետո ո՞վ գիտե՝ քանի ուրիշ պատմություններ կհետևեն, մինչ պապիկս փխրեցնում է հողը, հարթեցնում մարգերը, պոկում մոլախոտերը, հոտ քաշում եղեսպակից և շոյում լոլիկի թփերը:

Արևն արդեն հորիզոնից բարձր է, օդը լի է թռչունների ճիչերով և թռիչքներով, ես նստած եմ ծառի տակ, փակել եմ աչքերս և լսում եմ:

Դեռ անգիր հիշում եմ պապիկիս պատմությունները, ինքս ինձ համար կրկնում եմ դրանք Իտալիայի ու Եվրոպայի ճանապարհներով անցնելիս, պատմում եմ դրանք նրանց, ովքեր նրան չեն ճանաչել և ինձ հարցնում են, թե ինչու եմ գրող դարձել:

 

Թերթի էջ և մի սովորական հերոս

Լինոյի մայրիկը շաբաթվա ընթացքում ամենաքիչը երեք անգամ թարմ ձուկ էր գնում: Եվ Պորպորա փողոցի ձկնավաճառի համար նա լավ հաճախորդ էր:

- Հաջորդ անգամ էլ ինձ մոտ կվերադառնաս, խնդրում եմ,- ասում էր նրան այդ մարդն ամեն անգամ:

- Չկասկածես,- հավատացնում էր նրան Լինոյի մայրիկը:

Լինոն ձուկ այնքան էլ չէր սիրում՝ բացի անչոուսներից և սարդինաներից: Բայց երբ մայրիկը վերադառնում էր շուկայից, Լինոն անմիջապես վերցնում էր թերթի էջը, որի մեջ ձուկը փաթաթված էր լինում:

- Կարելի՞ է իմանալ՝ ինչիդ է պետք: Զզվելի հոտ է գալիս, պետք է դեն նետել,- ասում էր մայրիկը:

- Միայն մի հայացք կգցեմ,- ասում էր Լինոն:

Թերթի էջը կախարդական էր: Լինոն անմիջապես ամսաթիվն էր փնտրում, և ինչքան հին լիներ թերթը, այնքան ավելի երջանիկ էր նա:

Երբեմն ձուկը փաթաթված էր լինում թերթի էջերի մեջ, որը հինգ տարի առաջ էր տպագրվել:

Լինոն ութ տարեկան էր, և երբ այդ թերթը լույս էր տեսել, նա դեռ մանկական շիլաներ էր ուտում:

Այդ ժամանակ նա փակվում էր իր սենյակում, պառկում էր մահճակալին և կարդում էր էջերը, որոնցից լորձունքի ու ձկան հոտ էր գալիս. «Երկրաշարժ Թուրքիայում: Հարյուրավոր զոհեր»:

Լինոն փակում էր աչքերը, նորից բացում և հայտնվում էր մի շենքի առջև, որը քանդվել էր թղթե տնակի նման: Օդում այրվածքի հոտ էր տարածված, մարդիկ շրջում էին ավերակների մեջ շշմած հայացքով, ուղղաթիռները պտտվում էին վերևում, սկրեպեր մեքենաները մոլորված կանգնում էին վտանգավոր պատերի առջև:

- Կարո՞ղ եմ ինչ-որ բան անել,- հարցնում էր Լինոն «Կարմիր խաչից» մի մարդու, մի այլայլված ոստիկանի կամ մի արտասվող կնոջ:

Բայց ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում:

Լինոն խցկվում էր ավերակների մեջ, շոշափելով ուղի էր գտնում և փրկում էր մի կատվի կամ մի երեխայի, որ կրծքին էր սեղմում իր սիրելի խաղալիքը:

- Քեզ ինչպե՞ս հաջողվեց,- հարցնում էին նրան փրկարարները:

- Լավ լսողություն ունեմ և ոչնչից չեմ վախենում:

- Շնորհավորում ենք, դու հերոս ես:

Թերթերն ու հեռուստատեսությունը լուսաբանում էին դեպքը, իսկ Լինոն իրենց տուն էր տանում կատվիկին կամ դառնում էր իր փրկած երեխայի ընկերը:

Եթե թերթը, որով փաթաթված էր ձուկը, խոսում էր բանկի կողոպուտի մասին, Լինոն խորը շունչ էր քաշում, և գրեթե անմիջապես հայտնվում էր բանկում, որը հարձակման էր ենթարկվել:

- Ցած դրեք ատրճանակները և հանձնվեք,- բղավում էր նա երկու դիմակավոր ավազակներին, երբ նրանք դուրս էին գալիս բանկից այն բանից հետո, երբ վնասազերծում էին ոստիկանին, որն իզուր տեղը վիճում էր կապված բերանով: Հնարավոր է՝ նրանցից մեկը փորձեր ծաղրել նրան՝ ասելով.

- Ճանապարհից մի կողմ գնա, փսլնքոտ:

Դե, Լինոն «փսլնքոտ» բառն ուղղակի տանել չէր կարողանում: Այդ ժամանակ նա իսկապես բարկանում էր, սկսում էր ոտքով հարվածել ավազակին, մինչև մարդիկ բացականչում էին.

- Ինչ քաջն է այս տղան:

Այդ ժամանակ ավազակները տագնապի մեջ էին ընկնում, դեն էին նետում ավարը (մի քանի միլիոն՝ պայուսակի մեջ) և մոտոցիկլետով փախչում էին՝ բղավելով.

- Դեռ կվճարես սրա համար, փսլնքոտ:

Բայց չէին կարողանում երկար ճանապարհ անցնել, որովհետև ոստիկանության մեքենան նրանց կանգնեցնում էր, ձեռնաշղթաներ էր հագցնում և տանում բանտ:

Մարդիկ օգնության էին հասնում Լինոյին, որը կռվի ժամանակ սայթաքել էր, և ոտնաթաթը դուրս էր ընկել, ու շարունակ կրկնում էին.

- Լավ է, որ դու այստեղ էիր:

Լինոն բացում էր աչքերը, մտածում էր երկու կողոպտիչների մասին, որոնք երկնքին էին նայում բանտի ճաղերի միջով, մի քիչ տխրում էր, բայց ասում.

- Պետք է անեի դա:

Անմիջապես դրանից հետո մայրիկը բղավում էր,

- Լինո´, դեն նետիր այդ թուղթը, թե չէ սենյակիցդ բորբոսի հոտ կգա:

Լինոն մի վերջին հայացք էր գցում իր դիմացի թղթերին:

Եթե բախտը բերեր, դեռ կարող էր մի քանի միլիարդ շահել լոտոյով կամ Օլիմպիական խաղերում լողի մրցումներում առաջին տեղը գրավել, կամ փրկել իր դասարանը հրդեհից, որն ակամայից հրդեհել էր թաքուն ծխող պահակը:

Ամեն դեպքում, գրեթե միշտ շուկայից բերած թերթը իսկական նորությունների հանք էր, որոնք հեռվից էին գալիս և նրան տանում էին հեռու, որի մասին, ինչպես միշտ երազել էր:

Բայց մայրիկին նա ոչինչ չէր ասի: Համոզված էր, որ ուսերը կթոթվեր և կասեր.

- Դու էլի նույնն ես: Միշտ ամպերում ես սավառնում:

Իսկ այդ բառերը Լինոն ուղղակի տանել չէր կարողանում:

 

Թարգմանությունը` Լուսինե Հակոբյանի

Ջեյմս Բարի կամ ինքնամոռաց սիրո պարգևը

Բոլոր երեխաները, բացի աշխարհում մեն մի երեխայից, վաղ թե ուշ մեծանում են:

Ջեյմս Բարի

 

Ճաշկերույթի ժամանակ նա հանկարծ նկատեց, որ նստած է մի այնպիսի հմայիչ կնոջ կողքին, որի նմանը կյանքում չէր տեսել: Կինն զգուշորեն մի քանի կոնֆետ դրեց ափսեի մեջ, այնուհետև աննկատ թաքցրեց փոքրիկ պայուսակի մեջ:

-Այդ ո՞ւմ համար եք տանում կոնֆետները,- երեխայի նման հետաքրքրասիրությունը չկարողացավ զսպել նա:

-Պիտերի,-կտուկ պատասխանեց նա:

Այս փոքրիկ դրվագով սկսվեց մի մեծ ու գեղեցիկ բարեկամություն Սիլվիա և Արթուր Դեվիս ամուսնական զույգի ու արդեն ճանաչված գրող Ջեյմս Բարիի միջև: Պիտերը, որի համար Սիլվիան կոնֆետներ էր տանում, նրանց որդիներից մեկն էր: Ջեյմսն այնքան էր մտերմացել տղաների հետ, որ նրանց մասին խոսելիս տղայական հպարտությամբ ասում էր` իմ տղաները: Դեվիսները Բարիի այս խոսքերից չէին նեղանում, չէ՞ որ Բարին չուներ իր սեփական երեխաները և ինքնամոռաց սիրում էր իրենց ընտանիքը: Սակայն շուտով Դեվիսները ստիպված էին ճաշակել կյանքի ամենադառը պտուղները: 1906 թվականին տղաների հայրը` Արթուրը, հիվանդանում է: Ախտորոշումն անբեկանելի էր` քաղցկեղ: Մի ամբողջ տարի Բարիի մինչ այդ ճանաչած ամենահրաշալի ընտանիքը տառապում էր հոր հետ միասին. վիրահատություն վիրահատության ետևից, ծանր ապրումներ… Բարին իր սիրելիների կողքին էր, բայց… 1907 թվականին տղաները որբացան: Ո՞վ գիտի, Սիլվիայի ինքնամոռաց սերն էր մեղավոր, թե՞ պարզապես երջանկությունն էր երես թեքել Դեվիսներից, շուտով ինքն էլ հիվանդացավ քաղցկեղով: Սիլվիայի հիվանդության օրերին Բարին ամեն ինչ մոռացել էր. տուն, տեղ, կարողություն, ամեն բան նվիրաբերել էր հիվանդին և նրա որդիների խնամքին: Սիլվիան` աշխարհի ամենահմայիչ ու բարի մայրիկը, որը նախատիպն էր գուցե նրա ամենահռչակավոր գրքի միսիս Դառլինգի, շուտով մահանում է, որդուն` Մայքլին թողնելով մի նամակ: «Միսթր Բարին մեր հեքիաթի արքայազնն է, ամենալավ հեքիաթի արքայազնը, որը երբևէ ծնվել է, որովհետև նա իսկապես կա, գոյություն ունի»: Դեվիսները չէին սխալվում: Մինչև իր կյանքի վերջը Ջեյմս Բարին փոխարինեց ծնողներին, դառնալով նրանց հինգ որդիների բարեկամն ու հայրը: Սրանք գեղեցիկ խոսքեր չեն: Բարին իր ուսերին առավ  տղաների դաստիարակության և կրթության պատասխանատվությունը: Տղաները սիրում էին նրան: Բարին երեխաների հետ իրեն լավ էր զգում, երեխաները մոռանում էին, որ իրենց կողքին մեծահասակ է, մեկը նրանցից, ով սիրում է հանդիմանել, խելք սովորեցնել և երեխաներին հաշվի չառնել: Բարին ուրիշ էր: Դա գիտեին ժամանակակիցները: Նշանավոր բևեռախույզ նավապետ Սքոթը, մահից առաջ, երբ արդեն արշավախումբը փրկելու հույս չկար, վերջին նամակը հենց նրան է հղում: Այդ նամակը մահից կես տարի հետո գտնում են Սքոթի ծոցագրպանում: Սքոթը խնդրում էր գրողին չմոռանալ Հարավային բևեռում զոհված արշավախմբի որբացած երեխաներին ու այրիներին: Բարին կատարեց Սքոթի վերջին պատգամը: Նրա ջանքերով ստեղծվեց զոհվածների ընտանիքների օգնության հիմնադրամ: Եվ ոչ միայն այդքանը: Գրողը հաճախ էր այցելում Սքոթի որդուն:

Հետագայում նրա մասին Պիտեր Սքոթը գրում է. «Բարին, կարող եմ առանց վարանելու ասել, գիտեր, թե ինչպես լեզու գտնել երեխաների հետ: Ես չեմ հիշում մի դեպք, որ ես երկնչեի նրա ներկայությունից, չնայած մենք հաճախ էինք նստում իրար կողքի և ժամերով լռում»: Իսկ ավելի հաճախ Բարին ժամանակ էր գտնում նրան նամակներ գրելու:

«Իմ թանկագին Սքոթ (ի դեպ, Անգլիայում այսպես դիմում են իրար միայն հասակակիցները), ես նստած եմ իմ սենյակում, ծխում եմ իմ ծխախոտատուփի ծխախոտը: Սքանչելի ծխախոտատուփ է (ծխախոտատուփը Բարիին էր նվիրել Պիտերը), ես հետևում եմ, որ ոչ մեկն այն չգողանա: Ով կգողանա իմ փողերը, դատարկ բան կգողանա: Իսկ նա, ով կփորձի գողանալ իմ ծխախոտատուփը, լավ է զգուշանա ինձանից: Հուսով եմ, շուտով կհանդիպենք: Ես ապրում եմ տղաներիս հետ (նկատի ունի Դեվիսներին), նրանք լի են ավյունով: Ողջույններս ձեզ և ձեր մայրիկին: Միշտ մնում եմ, թանկագին Սքոթ, ձեր խոնարհ ծառան»:

Մոռացա ասել, որ Սքոթը որդու անունը Պիտեր էր դրել ի պատիվ Ջեյմս Բարիի վեպի հերոսի` Պիտեր Պենի: Ո՞վ չի լսել Պիտեր Պենի մասին: Եթե նույնիսկ նրան նվիրված գրքերը չեք կարդացել, հաստատ տեսած կլինեք բազմաթիվ էկրանավորումներից գոնե մեկը:

Ջեյմս Մեթյու Բարին ծնվել է 1860 թվականի մայիսի 9-ին շոտլանդական մի փոքրիկ քաղաքի` Կիրիմյուիրի արվարձանում: Նրա հայրը սովորական մի ջուլհակ էր, իսկ մայրը` աշխարհի ամենասքանչելի մայրիկը, որը գիտեր բազմաթիվ երգեր, հեքիաթներ ու ավանդություններ և մեծ ոգևորությամբ որդիներին էր հաղորդում այդ ամենը: Փոքրիկ ընտանիքը մեծ երազանք ուներ: Ապրելով ծայրահեղ աղքատության ու զրկանքների մեջ, նրանք երազում էին իրենց որդիներին կրթության տալ: Վերջապես Ջեյմսի ավագ եղբայրը` Ալեքսանդրը, ուսուցչի աշխատանք է ստանում Գլազգոյում և իր վրա է վերցնում Ջեյմսի հետագա կրթության հոգսը: Հավանաբար ծնողների և եղբոր անձնազոհ սերն է Ջեյմսն իբրև ժառանգություն ստանում: Չէ՞ որ շուտով ինքն էլ դառնում է նրանց նման միշտ պատրաստ ծառայելու այլոց: Էդինբուրգի համալսարանն ավարտելուց հետո Ջեյմսն սկսում է երաժշտագիտական հոդվածներ տպագրել: Երբ արդեն հասուն մարդ էր, նա անկեղծորեն խոստովանում է. «Սպանեք էլ` մեկ է, չեմ կարողանում մի մեղեդին մյուսից տարբերել: Ատում եմ երաժշտությունը»: Այնուհետև, չարաճճիություն արած տղայի նման ավելացնում է. «Գիտե՞ք, ես մի քանի տարի երաժշտական քննադատ եմ եղել»: Շուտով Բարին հոգնում է ինքն իրեն խաբելուց, և սկսում է հոդվածներ գրել: Երեսուն տարեկանում նա արդեն բազմաթիվ վեպերի ու պիեսների հեղինակ էր: Նրա պիեսները մեծ հաջողությամբ բեմադրվում էին մեծացնելով գրողի համբավը: Դարասկզբին Բարին դառնում է Անգլիայի ամենահեղինակավոր գրական դեմքերից մեկը: Գնահատվում էր ոչ միայն նրա գրողական տաղանդը, այլև մարդկային արժանիքները` առաքինությունն ու բարությունը: Շատերն էին խորհուրդ հարցնում այդ արդարադատ և բարյացկամ մարդուց: Բարին ոչ մեկին չէր մերժում: Եվ չէր էլ սպասում, որ դիմեն իրեն: Նա ինքն էր պաշտպան կանգնում թույլերին ու տառապյալներին: Լինելով ֆիզիկապես թույլ ու տկար, նա չէր դադարում հիանալ արկած որոնողներով, ճանապարհորդներով ու հետազոտողներով: Նրա բարեկամներից էր նշանավոր գրող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին» կարդացե՞լ եք), Աֆրիկայի հետազոտողներ Պոլ դյու Շայլուն և Ջոզեֆ Թոմսոնը, խիզախ նավապետ Սքոթը:

Այս ամենի մասին պետք է ասել, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես ծնվեց աշխարհի ամենանշանավոր տղաներից մեկը` Պիտեր Պենը: Չէ՞ որ Պիտերի մեջ այնքան բան կա կնքահորից: Պիտերը նրա երազանքի տղան է: Պիտեր Պենը ծնվել է 1911 թվականին: Նա ծնվեց ի սեր որբացած հինգ եղբայրների: Երբ տղաների հետ զբոսնում էին Քենսինգթոնյան զբոսայգում, Բարին արագ մի պատմություն էր հորինում Պիտեր Պենի մասին  (հիշո՞ւմ եք, Սիլվիա մայրիկը ճաշկերույթից կոնֆետները Պիտերի համար էր տանում): Ես չեմ սիրում, երբ մեծերը դնում ու բզիկ-բզիկ են անում մեր սիրած հերոսներին. բարի էր, խելոք, սրամիտ, համարձակ… Դե, եթե այսքան բան ասում եք, արժե՞ արդյոք կարդալ: Ասեմ միայն, որ ինչպես «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքն է ծնվել Լիդդել քույրերին պատմելու շնորհիվ, այնպես էլ «Պիտեր Պենը» Դեվիս եղբայրների համար էր հորինվել և երկար ճանապարհ անցել մինչև վեպ դառնալը:

Տղաները հիշում են, որ սիրելի Բարին գրում էր այնպես թեթև ու ինքնամոռաց, ինչպես առհասարակ, կարող են խաղալ երեխաները: Նրա պատանի ընկերներից մեկը մի անգամ մանկական անմիջականությամբ հարցրեց նրան. «Ինչո՞ւ եք գրում, միսթեր Բարի»: Իսկապես, ինչո՞ւ է մարդ գրում, ես հաստատ ոչ մի բան չէի գտնի ասելու, իսկ նա հանգիստ պատասխանել է. «Մի՞թե դու չգիտես: Իմ մատները լի են թանաքով, և թանաքն ինքն իրեն հոսում է»: Այսպես է գրվել «Պիտեր Պենը»: Ոչ թե գրվել, այլ ինքն իրեն դուրս է հորդել:

Միայն մի բան եմ ուզում ձեզ հուշել: Հաճախ, երբ մեկն օգնության կարիք ունի, մենք զլանում ենք ձեռք մեկնել: Մեզ թվում է, թե մեր ժամանակը այնքան թանկ է, մեզ այնպիսի ապագա է սպասում, որ չարժե սրա-նրա վրա զուր տեղը ժամանակ կորցնել: Այնինչ, հենց ուրիշներին օգնելու համար կորցրած ժամանակն է մեզ մարդ դարձնում: Վկա այս գիրքը, որը, երևի թե, ինքնամոռաց սիրո համար պարգև է անձնազոհ մարդուն` Ջեյմս Բարիին, հյուսված որբ ու վշտակեզ տղաների երախտագիտությունից:

IMG_0962