«Ես Անետան եմ, մի ն-ով, մի տ-ով»։ Հենց այս բառերով երկու տարի առաջ ես դարձա քո թղթակիցը։ Երբ համալսարանական կյանքիս առաջին օրը լսարանում լսում էի «էն լրագրող աղջկան», ով, իր մասին պատմելիս, նշեց, որ «Մանանա» կենտրոնում քո խմբագիրն է, պատկերացում անգամ չունեի, որ ինձ համար անծանոթ այդ բառակապակցությունը 10 ամիս հետո կդառնա կյանքիս մի մասը։ Հայերենով գրելուց բավականին հեռու լինելով, որոշեցի ուժերս փորձել և ուղարկեցի իմ առաջին «Ինչն է ինձ հուզում» նյութը մեդիա դասընթացներին մասնակցելու համար։ Ու հիմա վստահությամբ կարող եմ ասել, որ դա իմ կայացրած սակավ ճիշտ որոշումներից մեկն էր։
Մինչ այդ մեդիայի հետ միայն ոչ անմիջական կապ ունենալով այժմ ինքս եմ մեդիա ստեղծում։ Չէ, ես ոչ այդ ոլորտում տաղանդավոր էի, ոչ էլ փորձառու, երբ սկսեցի նյութեր ու հարցազրույցներ գրել։ «Մանանա» կենտրոնում ես սովորեցի լրագրող լինել, սովորեցի հարցազրույց վարելու կանոններն ու մանրուքները, իմացա, թե ինչպես է պետք ֆոտո անել, ֆոտոռեպորտաժ անել, որ մի ամբողջ պատմություն կարողանամ պատկերել միայն ֆոտոներով։ Ու երբ մի օր առաջին նյութս հայտնվեց քո մոտ, հասկացա, որ սա այն է, ինչը երբեք չեմ թողնի։ Քեզ հետ ես աճեցի որպես անհատականություն ու սովորեցի չամաչել սեփական մտքերից, սովորեցի դրանք արտահայտել ու կիսվել դրանցով։Հիմա էլ, երբ մի բանի պակաս եմ զգում, երբ չգիտեմ, ինչից եմ նեղված, բացում եմ քեզ ու կարդում նյութերը, որոնք ժամանակին հուզել են ինձ, նայում եմ «Հայաստանի լույսն ու մութը» ֆիլմը, որից աչքերս արցունքոտվում են ամեն անգամ։
Ուրախ եմ, որ դու կաս, որ քո շնորհիվ ամեն անգամ բացահայտում եմ նոր երիտասարդների, իրենց խենթություններով, արկածներով, մտորումներով ու հույզերով, որ կարողանում եմ բոլորի հետ կիսել մտահոգություններն ու լիաթոք ծիծաղել հիմարությունների վրա։ Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից ընկերացա քեզ հետ, որ ինձ դարձիր քո մի մասը, ու դու էլ դարձար իմ մասնիկը։
Ծնունդդ շնորհավոր, ընկե՛րս։ Շնորհավոր, իմ 17.am:

Կայք, որը ինձ ճանապարհ ցույց տվեց, տարավ առաջ, տվեց նոր շրջապատ և ճանաչելի դարձրեց: Այս ամենի համար ես շնորհակալ եմ կայքին, կայքի հիմնադիրներին և այն ողջ անձնակազմին, ովքեր մինչև հիմա կան և գրում են կայքին: 

17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…





































Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:

