Ինչ է ինձ համար 17.am-ը խորագրի արխիվներ

aneta baghdasaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անետա Բաղդասարյան

«Ես Անետան եմ, մի ն-ով, մի տ-ով»։ Հենց այս բառերով երկու տարի առաջ ես դարձա քո թղթակիցը։ Երբ համալսարանական կյանքիս առաջին օրը լսարանում լսում էի «էն լրագրող աղջկան», ով, իր մասին պատմելիս, նշեց, որ «Մանանա» կենտրոնում քո խմբագիրն է, պատկերացում անգամ չունեի, որ ինձ համար անծանոթ այդ բառակապակցությունը 10 ամիս հետո կդառնա կյանքիս մի մասը։ Հայերենով գրելուց բավականին հեռու լինելով, որոշեցի ուժերս փորձել և ուղարկեցի իմ առաջին «Ինչն է ինձ հուզում» նյութը մեդիա դասընթացներին մասնակցելու համար։ Ու հիմա վստահությամբ կարող եմ ասել, որ դա իմ կայացրած սակավ ճիշտ որոշումներից մեկն էր։

Մինչ այդ մեդիայի հետ միայն ոչ անմիջական կապ ունենալով այժմ ինքս եմ մեդիա ստեղծում։ Չէ, ես ոչ այդ ոլորտում տաղանդավոր էի, ոչ էլ փորձառու, երբ սկսեցի նյութեր ու հարցազրույցներ գրել։ «Մանանա» կենտրոնում ես սովորեցի լրագրող լինել, սովորեցի հարցազրույց վարելու կանոններն ու մանրուքները, իմացա, թե ինչպես է պետք ֆոտո անել, ֆոտոռեպորտաժ անել, որ մի ամբողջ պատմություն կարողանամ պատկերել միայն ֆոտոներով։ Ու երբ մի օր առաջին նյութս հայտնվեց քո մոտ, հասկացա, որ սա այն է, ինչը երբեք չեմ թողնի։ Քեզ  հետ ես աճեցի որպես անհատականություն ու սովորեցի չամաչել սեփական մտքերից, սովորեցի դրանք արտահայտել ու կիսվել դրանցով։Հիմա էլ, երբ մի բանի պակաս եմ զգում, երբ չգիտեմ, ինչից եմ նեղված, բացում եմ քեզ ու կարդում նյութերը, որոնք ժամանակին հուզել են ինձ, նայում եմ «Հայաստանի լույսն ու մութը» ֆիլմը, որից աչքերս արցունքոտվում են ամեն անգամ։

Ուրախ եմ, որ դու կաս, որ քո շնորհիվ ամեն անգամ բացահայտում եմ նոր երիտասարդների, իրենց խենթություններով, արկածներով, մտորումներով ու հույզերով, որ կարողանում եմ բոլորի հետ կիսել մտահոգություններն ու լիաթոք ծիծաղել հիմարությունների վրա։ Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից ընկերացա քեզ հետ, որ ինձ դարձիր քո մի մասը, ու դու էլ դարձար իմ մասնիկը։

Ծնունդդ շնորհավոր, ընկե՛րս։ Շնորհավոր, իմ 17.am:

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Շուշան Վահանյան

Մինչև կանցնեմ բուն նյութին, նախ ուզում եմ շնորհավորել մեզ՝ 17-ցիներիս, քանի որ մեր մտքերի փոքրիկ անկյունը արդեն հինգ տարեկան է: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ «Մանանայի» թիմին, որ մեզ՝ պատանիներիս և երիտասարդներիս համար ստեղծեց մի մեծ հարթակ ազատ խոսելու և արտահայտվելու տարբեր թեմաների մասին: Նրանք ստեղծեցին մի մեծ ու համերաշխ ընտանիք:

Երբ առաջին նյութս հրապարակվեց կայքում, ուրախությանս չափ չկար: Առաջինին հաջորդեցին մյուս նյութերը, և այդպես մի քանի ամիս շարունակ: Հետո ես պասիվացա, համալսարանը, դասերը, քննությունները, հետո արդեն այս ամենին զուգահեռ սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ: Ի դեպ, ես աշխատում եմ դպրոցում՝ աշխարհագրության ուսուցչուհի, և հաճախ է առիթ լինում աշակերտներիս պատմելու 17-ի մասին: Այս ամենի հետ ես շարունակում էի կարդալ կայքում հրապարակված բոլոր նյութերը, բայց ես չէի հասցնում ոչինչ գրել:

Ահա այսօր այդ օրն է, պատահական չեմ որոշել այսօր գրել: Մեր 17-ցի երեխեքից շատերն ինձ հիշեցրին, թե ինչ օր է ապրիլի 30-ը: Պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունից անցել է արդեն երկու տարի: Շատերը այս նախադասությունը կարդալուց ոչինչ միգուցե չհիշեն, անգամ չիմանան էլ, բայց այ, եթե 17-ցիները կարդան, ի՜նչ երջանիկ հուշեր կարթնանան նրանց մոտ, չեք էլ պատկերացնի:

Երբ ինձ «Մանանայից» զանգահարեցին և ասացին, որ Շիրակի Բանդիվան գյուղից գամ Երևան, քանի որ 100 մրցանակակիրների մեջ կամ նաև ես, ուրախությունից վազում էի մեր տան մի ծայրից մյուսը: Ես այդ ժամանակ դեռ 17 տարեկան էի:

Դժվարությամբ, բայց Բանդիվանից հասա Երևան, մոտ 2.5 ժամ, և մենք արդեն Երևանում էինք, Կամերային տան դահլիճում:

Նախ հայտարարվեց հատուկ անվանակարգերում հաղթած երիտասարդների անունները: Ի՜նչ գեղեցիկ ու հիանալի լուսանկարներ էին, նյութեր ու վավերագրական ֆիլմեր: Իսկապես արժանիներն էին հաղթել:

800 թղթակիցներից մրցանակներ ստացան 100-ը: Նրանց մեջ էինք ես և Մարիամը՝ Բանդիվանից: Մարիամն իմ մանկության և երկար ճանապարհների ընկերն է:

Գիտեք, մեծ հպարտություն է երբ մեծ ու գեղեցիկ դահլիճում, երբ շատ մարդիկ են հավաքված, մեկ էլ բեմից կարդում են նաև քո անունը, անհնար է նկարագրել այդ պահի իմ զգացողությունները:

Անցել է արդեն երկու տարի, բայց այդ պահերը ինձ մոտ դեռ թարմ են, երբ հիշում եմ` ժպտում եմ ու մի քիչ էլ հուզվում:

Հավատացեք, 17-ը մեր կյանքի փոքրիկ լույսերից է: «Մանանա» կենտրոնը մեզ տվել է ամենակարևորը՝ երջանիկ և հիշարժան պահեր:

17-ցիները ինձ հետ համաձայն կլինեն. 17-ը մեր մտքերի տաքուկ և ապահով անկյունն է:

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սերյոժա Առաքելյան

Արդեն 3 տարի է, ինչ համագործակցում եմ 17-ի հետ: 3 տարի է, ինչ զբաղվում եմ նյութ գրելով, ֆոտոներ անելով և թղթակցի վկայականը ներկայացնելով հարցազրույցներ վերցնում ինձ անծանոթ մարդկանցից: Նյութ գրել, ֆոտո անել, ֆիլմերի սցենար գրել մի շատ լավ կայքի` 17.am-ի համար ու նրա անունից:_MG_3924 Կայք, որը ինձ ճանապարհ ցույց տվեց, տարավ առաջ, տվեց նոր շրջապատ և ճանաչելի դարձրեց: Այս ամենի համար ես շնորհակալ եմ կայքին, կայքի հիմնադիրներին և այն ողջ անձնակազմին, ովքեր մինչև հիմա կան և գրում են կայքին: DSC_0184

Այնքան շատ են մաղթանքներս, որ չգիտեմ` որտեղից սկսել, որտեղ ավարտել: Կայքը 5 տարեկան է դարձել, բայց ինձ համար կարծես թե այնքան հին է, որ մտածում եմ անգամ ծնողներս են գրանցել ինձ այստեղ մինչ իմ ծնվելը:

Ծնունդդ շնորհավոր 17: Այն, ինչ ինձ տվել ես, ինձ հետ կլինի միշտ` ազատ խոսելու և գրելու, անկրկնելի պահը տեսնելու ու կանգնեցնելու, ինքնաարտահայտվելու և առանց լարվելու ճիշտը պնդելու հնարավորությունը:

sona mkhitaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սոնա Մխիթարյան

Առաջնահերթ նշեմ ամենամեծ ձեռքբերումս, որին հասել եմ 17-ի շնորհիվ, դա իմ համարձակ լինելն է ազատ արտահայտվելու մեջ: Ես կարող եմ գրել ամենատխուր թեմաներից, որոնք կարող են կապված լինել շրջապատի, ապրելավայրի, նույնիսկ ընտանիքի հետ: Կարող եմ գրել այնպիսի թեմաներից, որ ընթերցողը ինձ ասի` բա չե՞ս վախենում: 

17-ը, իսկապես, շրջադարձային եղավ իմ կյանքում` 16 տարեկանից սկսած: Հնարավոր է քաղաքում ապրողների համար ինչ-որ միջոցառումներին բեյջեր կախելը սովորական բան է, բայց էդ շրջանում,  երբ մասնակցում էի որքշոփի, ինձ էնքան էր պարտավորեցնում էդ բեյջը, որի մեջ իմ անունն էր, որն ուղղակի անունս հիշելու համար էր, ես ուզում էի միշտ կրեի, որ ինձ մեծ զգայի, կամ դա մեծ լինելու հետ հնարավոր է կապված էլ չի:

Երբ իմացա, որ ընտրվել եմ որպես մեդիա ճամբարի մասնակից, բառիս ուղիղ իմաստով 7-րդ երկնքում էի: «Մամ, ինձ ճամպրուկ ա պետք, մամ նոր բաներ պիտի առնենք, մամ էս բլուզը տանե՞մ, թե՞ էն կանաչը»:

«Մանանա», դու չես պատկերացնի, թե դու ինձ ոնց ես մոտիվացրել ամբողջ կյանքի համար, թե ինչքան էնտուզիազմ ես ներարկել ինձ:

Դու ինձ տվել ես լիքը ընկերներ Հայաստանի ամբողջ տարածքից, էնպիսիններին ես տվել, որ մենք երբեք չենք հանդիպել, բայց վիրտուալ հարթակում շփվելով բավականին մտերիմ ենք:

Դու ինձ տվել ես ճանաչում. «Վայ, մեր 17-ի Սոնան ա»:

Դու ինձ տվել ես կրեատիվ մտածողություն, զարգացած լինելու մակարդակ, 16 տարեկանից ուղի ես հարթել ու ձեռքս բռնած օգնել ես ինքնակերտման ճանապարհին:

Դու ինձ դարձրել ես քոնը, իսկ ես քեզ դարձրել` իմը, մերը:

Մեր 17, շնորհավոր բոլորիս 5 տարին:

ella mnacakanyan yerevan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Էլլա Մնացականյան

Այսօր պարզեցի, որ իմ 17-ն արդեն ուղիղ 5 տարեկան է դառնում: Պարզեցի լրիվ պատահաբար… Դե՜, այնպես, ինչպես այս երկուշաբթի հանկարծ պարզեցի, որ ժամանակն անտանելի արագ է ընթանում, ու որ քննաշրջանի սկզբին ուղիղ 2 շաբաթ է մնացել: Ժամանակն անտանելի արագ է ընթանում նաև 17-ի հետ ու 17-ի «կողքին», որտեղ գտնվում եմ արդեն 2 տարի: Ես 17-ի «կողքին» եմ հայտնվել 2 տարի առաջ՝ մայիսին, երբ նա արդեն 3 տարեկան էր, ու 17-ը դարձել է իմ կյանքում հարազատ ու սիրելի՝ այն ընկերների նման, որոնք հարազատ չեն մեզ արյամբ, բայց մեր կյանք են գալիս մեր գիտակցական ինչ-որ տարիքում, մեր ապրած ինչ-որ տարիներից հետո ու, հարազատանալով, մնում այնտեղ հավերժ: 17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…

suren karapetyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սուրեն Կարապետյան

Սլովակիայիի փոխանակման ծրագրի երկրորդ օրն էր, երբ ֆեսյսբուքից ծանուցում ստացա, որ ուղիղ երկու տարի առաջ Մարիամ Բարսեղյանի հետ 17-ի մրցանակաբաշխությանն էինք։ Իսկ հիմա կրկին իրար հետ ենք, բայց դե արդեն Սլովակիայի սարերում։1001426_493011597443902_1297203997_n

Շատ խորհրդանշական է․ ակամայից հիշեցի՝ ինչպես եմ ծանոթացել մեր խմբի անդամներին։ Դավիթին ես Ամբերդի մեդիա ճամբարից գիտեմ, Աննային՝ հայ-բելգիական մեդիա ճամբարից (ավելին՝ հասցրել եմ Հայաստանից դուրս էլ նրա հետ լինել Մոնտենեգրոյում), Մարիամին` Ծաղկաձորի մեդիա ճամբարից։ Միայն Զարէին չգիտեի, բայց 17-ում կարդում էի հոդվածները ու նրա մասին արդեն շատ բան գիտեի։ Լավ, ինչո՞ւ եմ ես ձեզ էս ամեն ինչը պատմում․ ուղղակի հիշեցի, թե 17-ի հետ ինչքան հետաքրքիր, օգտակար ու պարզապես հաճելի հիշողություններ եմ կիսում։ Ու այսօր էս «թույն» կայքի տարեդարձն է։ Ես հերթական շնորհավորանքը չեմ նշի, պարզապես կասեմ, որ ժողովուրդ, ով նոր է իմանում 17-ի մասին, միացեք, իսկ ով արդեն միացել է` ակտիվ եղեք։ Էսքան բան, ու ձեզ կսպասեն թույն պահեր, մարդիկ ու հիշողություններ։

davit aslanyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Դավիթ Ասլանյան

Ում համար կայք, ում համար` կյանք: Ում համար թղթակիցների ցանց, ում համար էլ` լավագույն հիշողությունների:

Շնորհավորում եմ Հայաստանի պատանիներին արտահայտվելու հնարավորություն տվող միակ կայքի ծնունդը: Շնորհավորում եմ, որովհետև ընդունված է` 17-ը արտահայտվելու համար է: 17-ը ինձ սկզբում տվեց նոր ծանոթներ, ովքեր դարձան ընկերներ, ինձ տվեց խորհուրդներ, որոնք դարձան մեդիա աշխարհի կարևոր հմտություններս: Շնորհավոր ու շնորհակալություն 17-ին այն առիթների համար, որոնք անդադար ծիծաղեցրել են, այն գեղեցիկ ֆիլմերի համար, որոնք կրթել են: 17-ի ծննդյան օրվանից սովորություն դարձավ իրար գլխի հավաքելու Հայաստանի պատանի թղթակիցներին, և թող այդ սովորությունը միշտ շարունակվի:

Շնորհավոր ու շնորհակալություն գիտելիքների, հմտությունների, ընկերների և ճամբարների համար:

leyli tadevosyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Լեյլի Թադևոսյան

Չնայած ուշ – ուշ եմ գրում ու գրեթե ամեն օր սրտնեղում ժամանակ չունենալուս համար, բայց հիշում եմ, որ իմ 17-ը արդեն 5 տարեկան է… Առաջին հիշողությունները 17-ի մասին տանում են հայրենի Գյումրի, երբ պատրաստում էինք Թագուշի ու Մհերի մասին պատմող «Մի սիրո պատմություն» ֆիլմը: Թագուշն ու Մհերը արդեն բաժանվել են, բայց ֆիլմի մասին վառ հիշողությունները երբեք չեն բաժանվի մեզանից… Գիտեք, երբևէ իմ հանդիպած ամենաֆանտաստիկ էջն է 17-ը…Պետք չէ փնտրել լուրեր Հայաստանի որևէ քաղաքի ու գյուղի մասին այլ տեղ, քան 17-ում, ինչո՞ւ, որովհետեւ այստեղ են խոսում իրական Հայաստանի մասին, այստեղ այդ մասին խոսում են պատանիները, ում աչքից երբեք և ոչինչ չի վրիպում…Իսկ հիշողությունները, վառ պահերը 17-ի հետ շա~տ են: Ո՞ր մեկն ասեմ. գուցե մեդիա ճամբարները, երբ ամեն օր հավաքվում էինք, քննարկումներ անում, ֆիլմեր նկարում, գրում, սովորում, գուցե մեր առաջին ցուցահանդեսը, երբ չէինք հավատում, որ էկրանին տեսնում էինք մեր նկարած ֆիլմը ու ապշում դահլիճի թնդացնող ծափերից, գուցե նյութ գրելու պահերը, երբ երկար նստում էինք համակարգչի առաջ ու մի ամբողջ ժամ փնտրում ամենահարմար բառը ու երջանկանում այն գտնելուց…Տեսնում եք` հիշելու արժանի պահերը շատ են ու դեռ շատանալու են:
Շնորհավո~ր տոնդ, 17 ջան…

mariam nalbandyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Նալբանդյան

Եթե ինձ հարցնեիք, թե 17-ը քանի տարեկան է դառնում, երևի չէի կարողանա հստակ պատասխանել, որովհետև հիմա ադեն այնպիսի զգացում է, որ այն միշտ էլ եղել է։ Իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել 17-ը ստեղծման հենց առաջին պահից, տեսնել դրա ստեղծումը ու հսկայական աշխատանքը, որ արվել է դրա համար։ 

Այս բոլոր տարիների ընթացքում, իսկ մեր՝ հիմնականում 17 տարեկան (միջինը՝ 17, շեղումը՝ 4) մասսայի համար 5 տարին էական բան է, կյանքի մի մեծ հատված է, շատ դեպքեր են եղել թղթակիցների ծանոթության, դե էնպես, որ հիմա բոլորն իրար ճանաչում են, ու միշտ թղթակիցները իրար հարցնում էին՝ երբվանից են թղթկացում 17-ին։ Այս հարցի տակ ես միշտ հպարտացել եմ, որովհետև երբ ես գրում էի ու «Մանանայից» էի, 17-ը դեռ չկար։ Ու սա ամենալավ հարթակն էր, որ կարող էր ստեղծվել մեր ցանցի աշխատանքները արտացոլելու համար, ինքնաարտահայտվելու համար, գրելու մոտիվացիա ունենալու ու միշտ լավ բաներ կարդալու համար։ Չէ՞ որ ամեն թղթակից առաջին հերթին նաև հավատարիմ ընթերցող է

17-ը էն հարթակն է, որտեղ ես կարդացել եմ նյութեր, տեսել եմ ֆոտոներ ու ֆիլմեր, որոնք հուզել են ինձ մինչև արցունքներ, կամ էլ ծիծաղեցրել՝ մինչև նույն արցունքները, որոնք ինձ համար աշխարհը ավելի պարզ են դարձրել՝ կազմված բազմաթիվ էնպիսի երիտասարդներից, ինչպիսին ես եմ, դարձրել են կյանքը ավելի պարզ ու ափի մեջ, բոլոր մարզերն ու բոլոր պատմությունները՝ համապատասխան խորագրի տակ։

17-ը կարդալով զարգացել եմ, ոգեշնչվել: Սա այն տեղն է, որտեղ ես սիրահարվել եմ․ նյութերով։ Պատմություններ կան՝ այնքան եմ կարդացել, որ կարող եմ անգիր ասել, որոնք կան հեռախոսիս մեջ, որ եթե մի էնպիսի պահի ուզենամ կարդալ, որ ինտերնետ չունենամ, միևնույնն է, դրանք ինձ հասանելի լինեն։ Ու հեղինակներին ճանաչելով՝ ասեմ, որ այս նյութերը պատահմամբ չեն հայտնվել 17-ում, դրանք գրվել են հենց 17-ի համար, 17-ի պատճառով, ու եթե 17-ը չլիներ, ոչ կգրվեին, ոչ էլ գրողը կիմանար, որ ինքը կարող է էնպիսի մի բան գրել, որ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ինչ-որ մարդիկ ոգեշնչվեն իր պատմությունից։

17-ը մեզ բացահայտած ու միշտ մեր կյանքում եղած դրական կարմիր գործոնն է, որը, թերևս, իմ կյանքի ամենակոնստանտ բանն է եղել այս բոլոր տարիների ընթացքում։ Ու շարունակում է մնալ հենց այդպիսին։