Կրթություն խորագրի արխիվներ

seryoja baboyan

Եվ այսպես մինչև ամառ

Հո՜ւհ: Հազիվ, վերջապես վերջացան մեր այդքան սիրելի ու այդքան ձանձրալի արձակուրդները։ Ընդհանրապես արձակուրդները տալիս են նրա համար, որպեսզի մարդիկ՝ այս պարագայում աշակերտները, չակերտավոր ասած հանգստանան, բայց այս անգամ այդպես չէր։

Մեր և մեր հարևան պետություններում տարածվեց H1N1 վիրուսը։ Դե լավ, մի կողմ դնենք տխուր թեմաները ու շարունակենք։ Այդ վիրուսի պատճառով էլ երկարաձգվեցին արձակուրդները։ Ու այդ արձակուրդը ոչ թե հանգստանալու, այլ ավելի շատ հոգնելու առիթ հանդիսացավ։

Եվ այսպես, սկսվեց ամենաանտանելի երևույթը, դե ես միշտ էլ չեմ սիրել դա։ Արթնանալ վաղ առավոտյան, մինչդեռ արձակուրդներին՝ քնի՛ր ինչքան ուզում ես, նստի՛ր ինչքան ուզում ես, խաղա՛ ինչքան ուզում ես․․․ Բայց դե ձմռանը առավելագույնը 1 ժամից ավել չի լինում դրսում կանգնել, առավել ևս խաղալ։

Դե, ինչպես միշտ զարթուցիչը ապտակեց ինձ, և ես վեր թռա անկողնուցս։ Գնացի դպրոց, բարևեցի բոլորին ում հանդիպեցի ու հեռվում նկատեցի Բորիսին։ Մեր երկուսի միջև բարև բառը հարաբերական է ասված, ձեռքով-ոտքով, աչքով-ունքով, վերև-ներքև ու տենց մի երեսուն վայրկյան, մինչև ավարտվեց մեր այդ «ծիսակարգը»։ Դասերը լավից-վատից վերջացան։ Ճանապարհին տղաների հետ խոսելով ու մտովի կիսվելով մեր ամանորյա սեղանի պարունակությամբ ու կարոտելով այդ համով օրերը, գնում էինք տուն։ Իսկ երբ ոգևորված խոսում ենք ինչ-որ համով կամ հետաքրքիր բաներից, հասնում եմ տուն դասերի ավարտից մեկ ժամ անց, մինչդեռ դպրոցից տուն տասը րոպեի ճանապարհ է։

Մտա տուն հոգնած, սոված, ընկա բազմոցին, հանգստացա, ճաշեցի, օրս անցկացրեցի ու հիմա նստած գրիչը ձեռքիս գրում եմ այն մասին, ինչը հենց նոր դուք կարդացիք։

Հ․Գ․ Դե արի ու ամեն օր զարթուցիչի ապտակին դիմացիր մինչև ամառ։

նարեկ բաբայան

Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ

Հե՞շտ է արդյոք լինել աշակերտ։ Լինել աշակերտ, նշանակում է՝ ամեն օր սովորել ու բացահայտել նոր ու նոր բաներ, բացահայտել տարբեր գիտությունների գաղտնիքներ։ Այս հարցին կա միայն մի պատասխան՝ դժվար է։ Իհարկե դժվար է ամեն օր սովորել, հիշել, վարժվել։  Հնարավոր է, որ որոշ առարկաներ դժվար տրվեն, այդ դժվարությունները հաղթահարելու համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել։ Ամենակարևորը՝ պետք չէ վհատվել, պատրաստ եղեք, քանզի դուք սխալվելու, սխալվելու ու էլի սխալվելու եք։ Առանց սխալվելու ինչ-որ բան սովորելն անհնար է։ Եթե նույնիսկ հնարավոր է, ապա առանց սխալների սովորածը դուք շատ շուտ կմոռանաք, քանզի այդ սխալների միջոցով է ձեր սովորածը տպավորվում ձեր մեջ։ Իմ կարծիքով, սովորելն այդքան դժվար չէր լինի, եթե ուսումնական օրերը միօրինակ չլինեին։ Դե իհարկե, սովորելն ավելի հեշտ է դառնում, երբ ուզելով ես սովորում։ Ստիպված ինչ-որ բան սովորելուց դժվար բան չկա։ Սակայն դա չի նշանակում, որ եթե սիրում ես՝ ապա պետք չէ շատ աշխատել։ Աշխատել միշտ էլ պետք է։

Ինչպես սպորտում կամ ուրիշ բնագավառներում, հաջողությունների հասնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել, նույնն էլ ուսման մեջ է։ Պետք է հաղթահարել այդ դժվարությունները, «մարիոյի» փուլերի պես, քանզի խաղի վերջում դուք կստանաք խոշոր մրցանակ, տվյալ դեպքում՝ լավ ապագա։ Մի ռուսական ասացվածք կա. «Ուսման արմատը դառն է, բայց արդյունքը՝ քաղցր»։

Մի խոսքով, աշակերտ լինելն ամենևին էլ հեշտ բան չէ, սակայն, անկասկած, կարևոր է։ Լավ կամ վատ աշակերտ լինելն է որոշում ձեր ապագան։

Իմ ժամանակների դեռահասը

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Անո՜ւշ քուն… Ու  մեկ էլ սկսում է զնգալ զարթուցիչը: Բացվում է մի աչքս, ապա մյուսը, ու ձեռքս հազիվ հասցնելով այդ դաժան սարքին, անջատում եմ անտանելի դարձած զռռոցը: Վեր կաց, լվացվիր, հագնվիր ու վազիր դպրոց, որ ուշանաս  ոչ թե 15, այլ գոնե 7 րոպե: Ճանապարհին հասցնում եմ և՛ հանգստանալ, և՛ արթնանալ՝ շնորհիվ  ականջակալներիս ու  իմ ռոք երաժշտության: Հասնում եմ դպրոց: Տեսքս… Չէի ասի, թե շլացուցիչ է, բայց լավ է՝ գզգզված մազեր, ինձանից մեծ հագուստ, իմ սիրելի տղամարդու կոշիկները ու մի քիչ էլ կարմրած աչքեր՝ մի քանի ժամ չքնելու արդյունք:

Դասերը սկսում են 09:00, իսկ ես դպրոց մտա 09:09 րոպե: Հա դե, բան չկա, ինչպես դասղեկս է կատակում՝ «Հիվանդ երեխա է, ըմբռնումով մոտեցեք»:
Առաջին ժամ. նորմալ է անցնում:
Երկրորդ, երրորդ, չորրորդ ժամերը` արդեն մի քիչ  աննորմալ:
Հինգերորդ և վեցերորդ ժամեր. ես արդեն սոված եմ գայլի պես, որովհետև մեր դպրոցում բուֆետ չկա: Հա, դե հիմա կասեք՝ է հաց տար հետդ, սոված չմնաս, ես էլ կպատասխանեմ, որ հաց տանեմ` էլ թեմաս ո՞րն է գրելու:
Յոթերորդ ժամ. ես արդեն ի վիճակի չեմ ո՛չ լսելու և ո՛չ էլ խոսելու:
Ահա դուրս եմ գալիս դպրոցից 15:30, իմ քաշին պայուսակը հազիվ քարշ տալով  հասնում իմ քարի մոտ, որին անվանել եմ «ճաշի քար»: Նստում եմ, թեթև ճաշում եմ 15 երկար ու ձիգ րոպեներ, ապա  15:45 վազում պարապմունքի՝ տևում է 2 ժամ: Ուրախ-ուրախ դուրս եմ գալիս առաջին պարապմունքից, սակայն տան ճամփան բռնելու փոխարեն բռնում եմ երկրորդ պարապմունքիս ճամփան, բայց պատկերացրեք, 20 րոպե մաքուր օդում քայլելը, այն էլ Ամասիայում, կազդուրում է  և ստիպում արթնանալ դեռևս 08:30-ի կիսատ մնացած քնից: Ահա բացվում է դուռը ուսուցչուհուս կողմից, ու մտնում եմ պարապմունքի, որը տևում է ևս 2 ու կես ժամ: Վերջին կես ժամը կանխատեսելիորեն դժվար է անցնում: Ու  20:45 բռնում եմ տան ճամփան ու`

«Սահուն քալերով,
Աննշմար
Իբրև քնքուշ մութի թև…»

մտնում եմ տուն: Միանգամից ընթրում եմ ու պառկում քնելու, բայց ընդամենը 1 կամ առավելագույնը 2 ժամ, որպեսզի հասցնեմ պատրաստել հաջորդ օրվա դասերս ու պարապմունքներս: Իսկ օրվաս այդ հատվածը ես անվանում եմ «գիշերային հերթափոխ»:

Ու ահա ես այսպես անցկացնում եմ  իմ շաբաթվա 5 օրը: Իսկ մնացած երկու օրերից մեկը՝ ամբողջ օրը քնած եմ, իսկ կիրակի, էլի դաս եմ պատրաստում:
Ինչպես նկատեցիք, ես մի քիչ ժամանակ չունեմ զվաճանալու և ուրախանալու դեռահասին վայել ձևով: Մի՞թե երբ ծնողներս խոսում են «…Երբ ես 17 էի, գիտե՞ս ինչեր կենեի…»-, այս նկատի ունեն: Այո, ես 17 եմ, հաստատ  այլ էին պատկերացումներս դեռահասության մասին: Ու երևի սա է դեռահասության համը: Ու  կարծում եմ մեր ժամանակների դեռահասին՝ ինձ, կհասկանան իմ տարեկիցների 99%-ը:

mushegh kyurekhyan

Ձմեռ, ուրբաթ, Վայք, յոթանասունութ էջ…

-Յոթանասունութ էջ, Սոնա Պողոսյան, գլուխ մեկ, բաժին չորս, շարահյուսություն…

Այսպես է սկսում հայոց լեզվի մեր ամեն պարապմունք: Կարծես ավանդույթ է դարձել, մինչև Սոնան այս տողերը չասի, մենք չենք սկսում: Դե ինչ. Սոնան ասաց, սկսեցինք:
Հանգիստ կարդում ենք նախադասությունները, ու հանկարծ Թովմասյանի սահմռկեցնող  ձայնը.
-Մուշե´ղ, «գիտեմ» բայի կյանքը պատմի:
Դեմքիս ժպիտը փոխվեց, մտքիս միանգամից եկավ այս բառը` what?:
-Մի խառնվի´ր իրար, լավ մտածի´ր  ու ասա´,- հանգիստ ձայնով ասաց ուսուցչուհիս:
-Կյանքը պատմի, այսինքն` ասա, թե ինչ բայ ա, եղանակը, ժամանակը,-փորձեց բացատրել Սոնան:
-Ա~խ, կյանքը, լավ հեսա:
Բոլորը սպասում են իմ  պատասխանին ,և վերջապես ես ասացի.
-Գիտեմ բայի կյանքը չգիտեմ:
-Պակասավոր բայ,- միանգամից ասում է Մերին:
-Մուշ ջան, երկու շաբաթ, շատ չէ,- հնչում է Սոնայի մշտական խոսքը:
-Ես որ չասեմ` անցնենք առաջ, ոչ մեկդ չեք ասի, չէ ՞,- ասում է Թովմասյանը ու նայում ինձ,- բացեք , նոր բան եմ թելադրում, գրեք:
Բացեցինք, թելադրեց, գրեցինք ու միաձայն ասացինք
-Բայց…
-Չէ´, չէ´, բայց-մայց չկա, այս կանոնի մեջ բացառություններ չկան,-ասաց Թովմասյանը:
Ո՞նց չկա, աբսուրդ ա, լավ ե՞ք նայել: Հնարավոր չի, որ այս կանոնը բացառություն չունենա. կանոնը առանց բացառության, ոնց որ Ռոմեոն  առանց Ջուլիետայի,  ոնց որ ես առանց ֆեյսբուքի:
Ինչ որ է, անցանք առաջ:
Բոլորի հետ էլ պատահում է, երբ  որևէ բառի փոխարեն ուրիշ բառ են ասում կամ լեզուն կապ է ընկում ու զ-ն «ս» են ասում կամ ուրիշ բան: Բայց մեր բառերը… Ինչքան անջատված լինի մարդ, որ Կոստանդնուպոլիսը կարդա Կորեապոլիս, բայց մի կողմից էլ` չեմ զարմանում, որովհետև ես սիմֆոնիա բառը ասացի սիֆոմսիա, Մերին փոշեկուլը` կոշկուլ: Իսկ այսօր Թովմասյանը ասում է, որ համտես բառը համընդհանուր տեսնելը չէ, այլ` համը տեսնելը:
Ես էլ ոչ տարա, ոչ բերեցի ու ասացի.
-Էդ պարզ էր, թե չէ սենց կլիներ. մենք բոլորս համտեսեցինք դասատուին:
Ասելս ու պոռթկումները մեկ եղան:
Դավիթը նաև մեծատառ ստորակետն ա հորինել` շրջանակը` «Օ» :
Հա, մոռացա ասել` Թովմասյանին չլսեք, կետադրությունը զգալով կդնեք, որովհետև կետադրությունը ինքնին սեր ա, իսկ ինքը ասում ա` կետադրությունը սեր չի, որ զգաք: Բա որ սեր չի, բա ի՞նչ ա:
Նոր խնդիր ենք հայտնաբերել՝ մոտեցման անուղղակի խնդիր (իհարկե, այդպիսի խնդիր չկա):
Այն բառերը ու անունները, որոնք չենք կարողանում կարդալ,ասում ենք «դանդալոշ», օրինակ` «Պերիսթենեսը գնաց տուն», մենք կարդում ենք` «Դանդալոշը գնաց տուն»:
Ես ու Դավիթը շատ ենք իրար հետ վիճում: Մի անգամ ուսուցիչը ասաց. «Ոնց որ տեգոր կնիկներ լինեք, մենակ վիճում եք, իրար հետ յոլա չեք գնում»:
Պարապմունքը վերջացավ, դուրս գալուց Թովմասյանը ասաց .
-Ժավելի հոտ է գալիս:
Մերին էլ պատասխանեց.
-Հա, ճիշտ ա օգտագործած, ժավելի հոտ ա:
Օգտագործած ժավելը ո՞րն ա:
-Հարյուր քառասունյոթ էջ, Սոնա Պողոսյան, գլուխ մեկ, բաժին յոթ, ոճագիտություն…

Մի բան հասկացա՞ք: Հայոց լեզու ենք պարապում:

lusine hovhannisyan

Քիչ մնաց

Հաջողակ մարդիկ իրենց առաջ նպատակ դնելու ու դրան հասնելու յուրահատուկ սովորություն ունեն: Նրանք միշտ պլանավորում են քայլ առ քայլ իրենց անելիքները: Նույնիսկ գիշերը չեն քնում, եթե պլանավորած չեն լինում հաջորդ օրվա անելիքը: Հաջողակները միշտ իրենց օրվա ծախսածը հաշվարկում են:

Մեզ շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ էլ բարի: Այն այնպիսին է, ինչպիսին, որ մենք ենք ընկալում: Իսկ մենք մեր անհաջողությունների համար մեղադրում ենք ոչ թե ինքներս մեզ, այլ՝ նրան: Մարդկանց ներկա վիճակը իրենց անցյալում կատարած սխալների հետևանքներն է: Ես այսպես եմ կարծում:
Օրինակ, հիմա ես զբաղված եմ իմ պարապմունքներով. Ինչո՞ւ, որովհետև ժամանակին չեմ սովորել այն, ինչ ուսուցիչները տվել են ինձ (չնայած կլինեն ուսուցիչներ, որ բավական գիտելիքներ չեն տա աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան բուհ ընդունվել): Բայց չէ՞ որ մենք գիտենք, թե դրա հետևում ինչ է թաքնված: Բացի այդ, դպրոցում անցած թեմաներն ու դասերը չեն համապատասխանում շտեմարաններին:

Հա, շտեմարան ասացի, հիշեցի. այդ բթացնող շտեմարաններն ինչո՞ւ են արտադրում: Մեզ գիտելիք տալո՞ւ, թե՞ գումար կորզելու ու իրենց բիզնեսը առաջ տանելու համար: Դրանք մեզ չեն կրթում: Ինձ թվում է, այնտեղ կան այնպիսի բաներ, որոնք մեզ երբևէ պետք չի գալու: Բայց ինչ արած, եթե ուզում ես բարձրագույն կրթություն ստանալ, պետք է շտեմարանները անգիր անես: Ինքս էլ չեմ հասկանում` սովորեցի՞ ինչ-որ բան, թե՞՝ ոչ:
Ես հիմա պարապում եմ երեք առարկա` հայոց լեզու, անգլերեն և մաթեմատիկա, բայց դեռևս չեմ կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել: Երբ մայրիկիցս խորհուրդ եմ հարցնում, նա միշտ սկզբում նշում է, որ լավ մասնագետ դառնալու համար առաջին հերթին լավ մարդ պետք է դառնալ, այնուհետև ամեն ինչ իր հերթին կլինի:
Այժմ տատանողական վիճակ է. ջուրը մեկ ինձ տանում է ձախ, մեկ` աջ: Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժշկուհի, քանի որ համարում էի կարևոր մասնագիտություն, իսկ հետո որոշումս փոխեցի: Ժուռնալիստ, դերասան, իրավաբան, դիզայներ էի ուզում դառնալ, բայց այդ երազանքներն էլ փշրվեցին, քանի որ ամենից շատ սիրում եմ պարել: Պարը իմ կյանքի մի մասն է , առանց որի անհնարին և անիմաստ եմ այն համարում ապրելը: Արդեն 14 տարի է, ինչ պարում եմ: Պարի խմբով համերգների ենք գնում (Երևան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք,Վրաստան նույնիսկ): Այդ համերգներից հետո մոտենում կամ հեռվից մատով են ինձ ցույց տալիս և առանց ինձ ճանաչելու խորհուրդներ տալիս. «Գնա պարի ու այն երբեք չթողնես» կամ` «Դու դրա համար ես ծնվել», և այդպիսի այլ խոսքեր:
Արդեն երկար ժամանակ է ուզում եմ թարգմանիչ դառնալ, սակայն սա էլ շատ աշխատատար մասնագիտություն է: Նաև չեմ կարող պարը շարունակել, այդ իսկ պատճառով որոշեցի ընտրել ավելի «թեթև» մասնագիտություն: Եվ ես իմ կարծիքով գտա, դա` սոցիոլոգիան է (թող սոցիոլոգները ինձ ներեն, ախր, շատ բան չգիտեմ): Բայց էլի չգիտեմ, կարող է` որոշումս նորից փոխեմ և ընտրեմ մեկ այլ մասնագիտություն:
Այժմ մտածում եմ իրարից տարբեր, բայց մի կողմից էլ իրար նման մասնագիտությունների մասին: Այսինքն, կա՛մ տնտեսագիտություն, կա՛մ սոցիոլոգիա: Միայն թե` հասնեմ հաջողության: Դառնամ իմ ուզած մասնագետը և լավագույնը իմ գործի մեջ: Քիչ մնաց:

Ընդամենը ինը ամիս

Մեզնից յուրաքանչյուրի առօրյան տարբեր է, խնդիրները՝ նույնպես: Բայց այն, ինչ անհանգստացնում է ինձ, անհանգստացնում է ինձ նման շատերին, ովքեր, վստահ եմ՝ ի ուրախություն իրենց, այս տարի ավարտում են «սիրելի» դպրոցը:
Ի սկզբանե սրտովս չեն եղել ավագ դպրոցը, և այն ամենը, որ կապված է դրան: Սակայն, գաղափար չունենալով իմ ապագա մասնագիտության մասին, հրաժարվեցի քոլեջներից և երկարատև որոնումներից հետո ընդունվեցի ավագ դպրոց: Տասներորդ և տասնմեկերորդ դասարանները անցան համեմատաբար հեշտ և արդյունավետ: Չնայած, այդ էլ ասեմ, հոսքերի առկայությունը ոչ մի նշանակություն չունեցավ և ոչինչ չփոխեց: Սովորողը սովորեց նաև ոչ հոսքային առարկաները, չսովորողը չսովորեց նույնիսկ հոսքայինը: Իսկ հոսքային առարկաները տարբերվեցին մյուսներից միայն ժամաքանակի առավելությամբ: Ինչևէ:
Այս տարի պատկերը փոխվել է: Դպրոցը անիմաստ է, դասերը՝ անհետաքրքիր: Ոչ մի նոր բան չկա, ոչինչ չենք սովորում: Իրար ետևից երեք ժամ նույն առարկան է: Հոգնում ենք, ձանձրանում ենք: Եվ ի՞նչ: Բացակաների շեմը իջեցրել են, նորմալ բացակայել չենք կարողանում: Հետևաբար ստիպված մեր ժամանակն իզուր չկորցնելու համար պարապմունքները դասերի ժամերին ենք անում: Դա էլ դեռ հարց է՝ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Իմ ժամին ուրիշ առարկայի տետր տեսա, կպատռեմ,- ասում է ուսուցչուհիներից յուրաքանչյուրը:
-Ախր, չեմ հասցրել պարապմունքներս:
-Ե՞ս եմ մեղավոր: Դա ինձ չի հետաքրքրում:
Ամեն ինչ մեր դեմ է: Ոչ մեկը չի մտնում մեր դրության մեջ, ոչ մեկը չի ուզում հասկանալ: Այս իրավիճակը, վստահ եմ, ծանոթ է բոլոր տասներկուերորդցիներին:
-Ծանրաբեռնվածությունս էնքան շատ ա, որ քնելու ժամանակ չեմ ունենում: Պարապմունքներս սկիզբ ունեն, վերջ չունեն,- մի անգամ ասաց դասընկերներիցս մեկը և չսխալվեց:
-Ինչքան էլ ուզեմ դպրոցի բոլոր հանձնարարություններն անել, չի ստացվի: Դրանք մղվել են երկրորդ պլան: Ժամանակ չունեմ, գերհոգնածությունը դարձել է մշտական:
-Անվերջ տանջվում ենք, գոնե վերջում ընդունվենք:
Այս ամենը իրական է և սխալ նույնքան: Բայց քանի որ մենք ուրիշ տարբերակ չունենք, և անվերջ խոսելով այս համակարգի խնդիրների մասին, ոչինչ չենք կարողանում փոխել, մնում է՝ լցվենք համբերությամբ և համակերպված պարապենք, մինչև այս ինը ամիսները ի վերջո ավարտվեն:


Երբ կգա այդ օրը

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Իմ դպրոցը (Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Դարբասի միջնակարգ դպրոց) կառուցվել է 1966 թ-ին և սկսել է գործել 1969 թ-ից: Այդ օրվանից մինչև հիմա այն հիմնովին չի վերանորոգվել: Վերանորոգվել են միայն երեք սենյակներ` ուսուցչանոցը, համակարգչային և անգլերենի դասասենյակները, որի համար շնորհակալ ենք մեր ամերիկացի բարեկամներից:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի


Դպրոցի շենքը վթարային և սեյսմիկ անկայուն վիճակում է: Հիշում եմ, երբ գյուղում երկրաշարժից ցնցումներ եղան, պատերի վրայի ճեղքերը ավելի լայնացան: Դա ընդամենը 3-4 բալի դեպքում: Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ավելի ուժեղ երկրաշարժ լիներ: Երբ ցնցումներ եղան, մենք բոլորս դուրս եկանք դպրոցից և գնացինք ֆուտբոլի դաշտ: Վախեցել էինք, որովհետև մտածում էինք, որ հետցնցումներն ավելի ուժգին կլինեն, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի


Մենք երազում ենք վերանորոգված և մաքուր սպորտ դահլիճ ունենալու մասին: Սպորտ դահլիճի չվերանորոգված լինելու պատճառով մենք շատ ենք տուժում: Չենք կարողանում նորմալ դասեր անցկացնել այնտեղ: Հարմարություններ չկան հագուստ փոխելու համար: Հանդերձարանները անմխիթար վիճակում են: Մեր երեխաների սերը այնքան մեծ է սպորտի հանդեպ, որ չնայած վատ պայմաններին, սպորտ դահլիճում վոլեյբոլ են խաղում: Ամեն անգամ ընկերուհիներս ասում են.
–Սոն, արի իջնենք սպորտ դահլիճ, վոլեյբոլ խաղանք:
-Երեխեք, ախր, էնտեղ փոշի ա ու շատ ցուրտ ա:
-Ոչինչ, կխաղանք, կտաքանանք:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Բացի այս ամենից սպորտ դահլիճի պատուհանները կոտրված են: Այնտեղ խաղալով և առավել ևս դաս անելով մենք մեր առողջությունը կվնասենք: Միայն դպրոցի երեք սենյակները եվրոպատուհաններ ունեն, իսկ մնացած պատուհանները մի փոքրիկ քամուց կարող են ջարդվել: Մի քանի շաբաթ առաջ ուժգին քամի էր, և մեր դպրոցի մի քանի պատուհաններ ջարդվեցին: Անգամ դպրոցի արհեստանոցի տանիքն էր վնասվել: Չնայած այդ ամենին, մենք մեծ խանդավառությամբ ենք սովորում, որ խելացի և կրթված մարդիկ դառնանք: Գուցե հետագայում կարողանանք օգնել մեր դպրոցին:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

«Լավ» սովորելը

Լա’վ սովորիր, որ լավ մա’րդ դառնաս…
Այս արտահայտությունը լսել ենք հարյուրավոր անգամներ և’ մեր ծնողներից, և’ ուսուցիչներից, և’ թե մոտ ու հեռու հարազատներից: Մանկուց շարժվում էի այս գաղափարով, և ամեն ինչ անում էի, որ արդարացնեի ծնողներիս երազանքը: Աշխատում էի ամեն ինչ սովորել, և թե ինչ-որ բան ճիշտ չէի անում, չէր ուշանում պատիժը (չմտածեք ավանդական հայկական ապտակի մասին. հորս մի հայացքն ամեն ինչ ասում էր): Տարիներն անցնում էին` իրենց հետ բերելով նոր գաղափարներ, և աշխարհը ստանում էր իր իրական գույները, որոնք այնքան էլ հուսադրող չէին: Տարեցտարի շրջապատումս շատանում էին գործազուրկ, սակայն դպրոցական կամ համալսարանական տարիներին «լավ» սովորած մարդիկ, մարդիկ, ովքեր տարիներ էին անցկացրել սովորելով` լավ և հաջողակ մարդ լինելու համար: Մեկը ֆիզիկոս էր, մյուսը` մաթեմատիկոս, երրորդը` լեզվաբան (երեք օրինակով բավարարվենք): Երեքն էլ իրենց գործի վարպետն էին և իրենց հավասարը չունեին, աշխատում էին և աշխատանքից հաճույք քաղելով` անցկացնում իրենց կյանքի հրաշալի օրերը: Արդեն ապագայի պլաններն էին կազմում, սակայն…
Իննսունականներ, պատերազմ, համատարած գործազրկութկուն, սով: Բոլորիս էլ ծանոթ են մեր հանրապետության գոյատևման առաջին և դժվարին օրերը: Այս օրերին էր, որ գլուխ բարձրացրեց հայության համար մեկ թշնամին` արտագաղթը: Ինչպես շատերը, նրանք ևս բռնեցին արտագաղթի ճանապարհը:
Մեղադրելն ուղղակի անհեթեթություն կլինի. իրենց գոյությունը պահպանում էին ինչպես որ հնարավոր էր: Շինարար, վարորդ, էլեկտրիկ ու էլի այսպիսի աշխատանքներ, սական ոչ ոք չէր զբաղվում իր մասնագիտությամբ: Ժամանակի ընթացքում նրանք դարձան իրենց գործի վարպետն ու այսօր ապրում են ընտանիքներով արտերկրում` չմտածելով նախկին մասնագիտությունների մասին, որովհետև գտել են իրական կյանքին ու պայմաններին հարմար նոր մասնագիտություններ:
Հազվադեպ են այդպիսի դեպքերը, երբ մարդիկ կարողանում են զրոյից դասավորել իրենց կյանքն ու, ամենակարևորը, գոհ լինել ճակատագրից:
Ինչևէ, լավ սովորելը առավելություն է, բայց այ լավ մարդ լինելը` ուրիշ բան է…

Սովորելու համար երբեք ուշ չէ

Ես Նազիկն եմ: Ես 16 տարեկան եմ և ապրում եմ Վայոց ձորի Վայք քաղաքում: Սովորում եմ տեղի ավագ դպրոցիի վերջին դասարանում: Ինչպես արդեն հասկացաք, ես էլ եմ կանգնած այն խնդրի առաջ, թե ինչ անել դպրոցն ավարտելուց հետո: Ի տարբերություն ընկերներիս ես դեռ չեմ կողմնորոշվել, թե որ բնագավառում կարող եմ շարունակել գործունեությունս: Ինչպես շատերին, ինձ նույնպես բոլորը խորհուրդ են տալիս այս կամ այն մասնագիտությունը, սակայն կան մի շարք պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ընտրել այդ մասնագիտությունները:
Իմ հասակակիցների շրջանում հատկապես տարածված է, որ պետք է անպայման ունենալ բարձրագույն կրթություն: Նրանց մեծ մասը ընտրում է մասնագիտություններ, որոնք չեն հետաքրքրում իրենց, այլ ուղղակի մոդայիկ է տվյալ մասնագիտությունը կամ համալսարանը: Ես կարծում եմ, որ մասնագիտություն ընտրելը մեր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է, քանի որ հետագայում դա պետք է դառնա աշխատանք, իսկ աշխատանքն էլ մեր առօրյայի անբաժանելի մասը:
Բացի դա, կան շատուշատ մասնագիտություններ, որոնց տիրապետելու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ստանալը, ուստի մասնագիտություն ընտրելիս պետք է լավ մտածել:
Իմ այն հասակակիցներին, ովքեր չեն ընտրել մասնագիտություն կամ վստահ չեն իրենց ընտրության մեջ, խորհուրդ եմ տալիս նորից մտածել և չշտապել ընտրության հարցում, ի վերջո սովորելու համար երբեք ուշ չէ:

Ես սովորում եմ ֆրանսիական համալսարանում

Բոլորը կիսվում են իրենց տպավորություներով և կարծիքներով, թե ինչ է իրենց համար ուսանողական կյանքը, ինչ թերություններ և առավելություններ ունի:
Ես նույնպես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով: Արդեն 2 ամիս է, ինչ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այն հարցին, թե ինչ է ինձ համար ուսանողական կյանքը, մտքիս միանգամից ժողովրդավարություն, արդարադատություն, պետություն, իրավունք և այլ նմանատիպ իրավաբանական բառերի կույտ է գալիս: Հետո, երբ մի քիչ էլ եմ մտածում, արդեն մտքիս մի շարք հարցեր են գալիս: Օրինակ` ո՞ր լսարանում ենք հիմա, ինչպե՞ս թե մի դասաժամը 80 րոպե, իսկ քննությանը ի՞նչ ենք անելու: Բայց ամենահուզիչ հարցը այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սեմինարը: Հարցից անմիջապես հետո կայացվում է որոշում միասին պատրաստվել սեմինարին: Ամբողջ կիրակին անցնում է դաս անելով, և ահա գալիս է սպասված օրը: Բոլորս կապտած, շնչներս պահած սպասում ենք սեմինարավարին, մեկ էլ հանկարծ ներս է գալիս Ղուկաս ձյաձյան (մեր հսկիչներից մեկը) և ասում.
-Երեխանե՛ր, դասախոսի հետ դեպք է պատահել, այսօր սեմինար չի լինելու:
-Ինչպե՞ս թե` չի լինելու,- հարցնում ենք մենք, և այլևս չլսելով պատասխանը` գոռում-գոչյուններով արագ լսարանից դուրս ենք վազում ու, իհարկե, արդյունքում բախվում ենք ջղայնացած Ղուկաս ձյաձյային:
Հա՛, մոռացա ֆրանսերենի մասին: Ֆրանսերենը առանձին պատմություն է, որովհետև եթե սեպտեմբերի սկիզբին դու ֆրանսերենից գիտեիր միայն “bonjour”, ապա հոկտեմբերին արդեն շարադրություն ես գրում քո երազանքների տան մասին: Ու սովորելով «ֆրանսիականում» դու իսկապես չես հասկանում լեզվաբանակա՞ն ես ընդունվել, թե՞ իրավաբանական:
Հիմա մի դեպք պատմեմ մեր ռեկտորի մասին, ով ֆրանսիացի է (թե ի՞նչ կապ ունեն ռեկտորը և ֆրանսերենը, հիմա կհասկանաք): Մի օր, երբ ընկերուհիներով իջնում էինք երկրորդ հարկից, հանկարծ այդ փոքրամարմին մարդը անցավ մեր դիմացով և ասաց.
-“Bonjour”…
Մենք՝ երեքս, հիացած դեմքերով, փայլուն աչքերով ու հիմար ժպիտներով, պատասխանեցինք:
- “Bonjour” ,“bonjour”…
Դա մեզ համար լուրջ իրադարձություն էր: Մենք մեր ռեկտորին բարևեցինք, այն էլ ֆրանսերեն: Եվ այդ պահին ամենեւին էլ կարևոր չէր, որ դա ընդամենը “bonjour”-ն էր, որը բոլորը գիտեն: