Մեր գյուղերի բառն ու բանը խորագրի արխիվներ

Elen Aleqsanyan

Լավաշը

Թոնրի տակ լավաշ ուտելիս, պապս իր մանկությունից մի պատմություն հիշեց.

-Մատաղդ ըլիմ՝ ալամ աշխարհը գիդէ վօր՝ աշխարհըմըս թոնրի լավաշի ու մոթալի պանրի պես համով բան չկա։ Աշունքեց կամ գարունքը, ռավոդը ծեքին եզները լծեինք, գութանով ցորենի դաշտի ֆողերը վարեինք։ Ֆողը մի կոծի լե նստեր, փիշներուս կապած՝սերմացու ցորենը մեջն ածած դաշտերըմը շաղ տեինք ուրա՜խ-ուրախ երգելով։ Աչկներուս երկնքին ՝ աղոթք անելով ճամփա պահեինք, որ լավ եղանակ անէ, կարկուտ ու սելավ չանէ, արտը նորմալ ծլէ, դուս գա, որ սաղ տարվա հմար հաց ու ապրուստ ունենանք

ՄԵՐ ԱՊՐՈՒՍՏՆ Ի՞ՆՉ Է՝

ՄԻ ԿՏՈՐ ՉՈՐ ՀԱՑ,

ԷՆ ԷԼ ՀԸՐԵՆ ՀԱ՜_ԵՐԿԸՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ։

Թե ղսմաթ էինք ունենըմ, ցորեն էլ էինք ունենըմ, թե խու չէ՝  Աստոծ հեռու տանե, սրա-նրա դռանն էր աչքներում, սրա-նրա բռին մտիկ անեինք, որ մի կտոր ցամաք հաց տային։ Արի՛ գեշ բաները մոռանանք, սև օրեր շատ ինք ունեցիլ։ Ձեռի մանգաղով հասկը հնձեինք, կալներըմը կալսեինք, թաղի կնանիքը ունգուլնին, գլխաշորերը կապած վաքվեին, յիրար քոմակ անեին խխալեին, թե աժմունքն էր իշով, սելով տանեինք ջաղացն աղող, թե քիչ ըլեր՝ մալեթ չունեներ, թաղի կնանիքը էրկանքով` համ երգեին, համ թևահան ըլելով չիմ աղեին, ըժու ծլպատակ արած, նստած, մաղով մաղեին։ Էրկանք պըտըտելը դժար գորձ էր, համա կնանիքը պըտըտեին։ Վենձ տաշտերըմը խմորը ունցեր տան ամենավենձ կնիկը՝ նանը, վերջըմն էլ, որպես հայ քրիստոնյա՝ խմորի վրա խաչ աներ, որ հայն իրա հավատը կորցնե վօչ։ Ակշով խմորը կտրատեին , խոնչեքի վրա գնդեին, սեղանտախտակի վրա գրդնակով բարակ բաց անեին, լավ քաշեին-ձգեին ու սաջի վրա գձեին։ Մի կոծի մներ ու շաջի վրիցը վիր ունեին սիպտակ մեզարների վրա փռեին, որ չորանա։ Ծերքի թխածը՝ առաջի լավաշը թաղի, ընտանիքի հիվանդին տեին, որ համ շուտ սղանա, համ օխնէ։ Մի վախտ էկավ, որ սկսեցին թոնրի միջին հացը, լավաշը թխելը։ Էդ թխելու վախտը ընտանիքի կնանիքն ամենքն իրանց գորձը գիդեին, մինը խմորն ունցեր, մինը գրդնակեր, մինը ձգեր, մինը թոնրի լաշովը տեր, մինը տաք-տաք լավաշը բարակ կեռ էրկաթի ձողով հաներ, մինն էլ փռեր, որ չորանա։ Լավաշ թխելը դժար գորձ էր, համա էդ գորձին տղամարդ չխառնվեր: Ասեին, վօր թոնրի կողքին տղամարդ ա ըրեվըմ՝ լավաշը կուտա գընըմ, ընգնըմա թոնրի մեչը: Դռներին ազատ տեղ չմներ, չիմ լավաշ ըլեր, չորացնեին, որ յեդնուց խոնչեքի, տաշտի միջին փռեին, մի սաղ տարի ուտինք։ Հմի ինչ կա, ապրիլը հեշտացիլ ա, մին ցորենը սերմնացու ինք տենըմ, մին էլ խանութներըմը դասած հացն ու լավաշն ինք տենըմ։ Հայերը լավաշը թխեին օրերի տաք վախտը, վօր ցրտովը չըրչարվին վօչ։ Բա, բալա ջին, օվ աշխատե՝ նա կուտէ:

marat sirunyan

Գեղջկական խաղիկ

Հագեր իս կարմիր սոլերդ,
Յարո՜ ջան,
Կերթաս սարը՝ սինձ ժողվելու,
Ջանե՜ ջան,
Սարե՜ր, ծաղգնե՜ր, յարիս բույրը
առեք,
Որ գամ ձեզ մոտ, կարոտ սիրդս զով
անեք։
Ա՜խ, էրվել եմ, յա՜ր, քո սիրուց,
Սիրդս արուն-արցունք՝ կուց-կուց,
Թող արա, որ քեզի մոտ գամ,
Վառ երեսիդ մեկ համբույր տամ։
Ա՜խ, էդ ի՞նչ սար ես դու ելել,
Յարո՜ ջան,
Ծաղկի տեղաք ցավ ես բերել,
Ա՜խ, յա՜ր ջան,
Սիրդկոտրուկ է, ա՜խր, սիրտս
կվառե,
Ինձի խղճա, իմ սիրդը դու մի հանե։
Աղջի՜կ, էդ քո սիրդը քար է,
Իմ արցունքը քեզ համար է,
Ինչո՞ւ սիրուս սազ չես անում,
Ա՜խ, ինձ հալ ու մաշ ես անում։
Rima Sahijanyan

Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ։ Հայկական գյուղերն այնքան ներփակված են եղել, որ հաճախ հարևան գյուղերի և նույնիսկ նույն գյուղում ապրող, բայց տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեցել են հարսանեկան տարբեր ավանդույթներ։

Հին հայկական ավանդական հարսանեկան ծեսերի հանդեպ հետաքրքրությունս սկսվել է դեռևս  տատիս՝ հարսանեկան հին ավանդույթների՝ «խնամախոսություն», «խոսքկապ», «նշանադրություն», «հղե կտրել», «Հալավօրհնեք», «շորձևքի» մասին պատմող  զրույցներից։ Վերջերս Մեղրաձորի պատմության մասին գրքի ուսումնասիրությունը առիթ հանդիսացավ, և ես որոշեցի գնալ Մեղրաձորի հին հարսանեկան ավանդույթների հետքերով… Կարծում եմ դրանք ձեզ էլ կհետաքրքրեն:

Աղջկատես

Գյուղում «աղջիկ ճարելու» իրավունքը բացառապես պատկանում էր երիտասարդ ամուսնացողի ծնողներին, մասնավորապես՝ մորը։ Ամուսնացողի մայրը, եղբոր կանայք կամ քույրերը աղջիկ էին ընտրում աղբյուրը ջրի գնալիս, եկեղեցում, հարսանիքների  կամ այլ հավաքների ժամանակ։ Երբեմն ավելի մոտիկից ճանաչելու համար որևէ պատրվակով այցելում էին իրենց տները։ Աղջկանից ջուր են խնդրում, որ առիթ ունենան իրեն «լավ զննելու», ասեղ թելել տալիս` ստուգելու համար նրա տեսողությունը, նայում ոտքերը «իլանջուղ» (անբուժելի վերք) չունենա և այլն։ Աղջիկ ընտրելիս հաշվի էին առնում նաև նրա մոր բնավորությունը, համեստությունը։ Դեպքեր են նկատվել, երբ հայրը կամ ավագ եղբայրն առանց նախօրոք տղային տեղյակ պահելու, նշան են տվել իրենց կողմից հավանած աղջկան։ Ընդդիմանալն անիմաստ է եղել։

Հարսնատես

Նշանտուքի հաջորդ օրը փեսան իր մեկ-երկու ընկերների հետ երեկոյան այցի էին գնում աներանց տուն՝ հարսնացուին տեսնելու՝ իրենց հետ տանելով օղի կամ գինի, չրեր, կոնֆետներ ու մի հատուկ նվեր հարսի համար։ Հյուրասիրությունից հետո հարսն ու փեսան հաճախ քենիներից մեկի հետ առանձնանում էին խոսելու։ Հարսը մինչև նվեր չստանար, փեսայի հետ չէր խոսում։ Նվերը կոչվում էր «խոսելա», որը սովորաբար լինում էր ճակատի ոսկի, մատանի կամ այլ արժեքավոր իր։

Շոր կտրեք

Հարսնացուի պսակի զգեստը պատրաստում են փեսայի ծնողները` հաճախ նշանտուքի ժամանակ ստացված նվերների հաշվին։ Այդ նպատակով հավաքվում են բարեկամ կանայք` «շոր կտրելու»։ Երկու կին, որոնք հմուտ են շոր կարելու գործում, գնում են հարսի տուն, վերցնում են նրա չափսերը, վերադառնում ու ձևում շորերը։ Ձևարար կինը մկրատը դնում էր կտորին ու ասում` «մկրատը չի կտրում»։ Սկեսուրը մի նվեր էր տալիս վերջինիս, որից հետո ձևում և իրար մեջ բաժանում էին՝ կարելու։ Վերջին ժամանակներս այս արարողությունը վերափոխվել է և կոչվում է «հարսին շոր առնել»։

Գլուխլվա

Հարսանիքից ութ օր անց հարսի մայրը մի քանի բարեկամուհիների հետ գալիս էր փեսայի տուն` հարսի (աղջկա) գլուխը լվանալու։ Հրավիրում էին նաև փեսայի հարազատ բարեկամուհիներին: Նրանք հանդիսավոր կերպով լվանում էին հարսի գլուխը և վերջում առատ հյուրասիրվում խնամու կողմից։

Գյուղում հարսանիքների ժամանակ մասնակիցներից մեկը փեսայի տուն հասնելիս բակում երգել է.

Թագավորի մեր դուրս արի, տես, թե ինչեր ենք բերե.

Թոնիր վառող ենք բերե, տախտ ավլող ենք բերե.

Կովեր կթող ենք բերե, գլուխդ տփող ենք բեր…

Բացի այս սովորույթներից, եղել են նաև «տաշտատրեք», «միս մորթելը», «հարսանիքի հրավերք», «թագավոր նստել», «շնորհօրհնեք», «հարսնահանեք» ծեսերը։ Կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, արագ փոփոխվում է, և այսօր հին հայկական ավանդական ծիսակարգերը փոփոխվել և արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող երանգ են ստացել։

izaaastsaryan1

Հալիձորի խոսվածքը

Ես  խոսեցի  և՛ Հալիձորի մասին, և՛ Հալիձորի երեխաների  մասին, կարճ  ասած, խոսեցի  Հալիձորի  մասին, բայց  մոռացա  խոսել մեր  բարբառի մասին: Բարբառ, որը  դժվար  չէ  յուրացնել:
Մեր բարբառը  հետաքրիքր է, որովհետև  այն  գրեթե  գրական  հայերենի նման  է, մի  երկու տառ  ավել, կամ պակաս:
Լավ  եկեք ծանոթանանք, մեր  բարբառի հետ:
Այգի-Բոստան
Ամոթ-Աբուռ
Աչք-Աշկ
Անձրևանոց -Զոնթիկ
Արյուն-Արին
Ավելուկ-Վուլուկ
Աքլոր-Վորցակ
Անկողին-Տեղաշոր
Անձրև-Թոռ
Այս ժամանակի-մհեկվա

Արանք-Ղաթ
Ափսե-Տալեք
Աղբ-Զիբիլ
Ականջ-Անջոկ
Ասել-Ասիլ
Այն-էն
Այն կողմ-Էնղոլ

Ամեն ինչ-Աման հինչ
Աշխատել-Ըշխադիլ
Աստիճան-Փալաքան
Բարի լույս-Պալուս
Բլուր-Պիլու
Բարձ-Պարց
Բերան-Պիրան
Բարձր-Պարցուր
Բացել-Պանալ
Բանալի-Պիլանի
Բարեկամ-Պարիկամ
Բարի  գիշեր-պարի քշեր
Գալ-Կալ
Գառ-Կառնը
Գնալ-Քինալ
Գրտնակ-Վրթանակ
Գդալ-Քիթոլ
Գող-Կող
Գլխարկ-Փափաղ
Գորգ-Գաբա
Գիշեր-Քիշեր
Գլուխ-Կիլոխ

Դիտավորյալ-Ինադու
Դդում-Բրղանի
Դեռ-Հալա
Դուռ-Տուռ
Դանակ-Տանակ
Երշիկ-Կալբաս
Երազ-Արազ
Երկաթ-Արկաթ
Երեխա-Խոխա
Էլ-Ալ
Ընկույզ-Ճուղուպեր
Թավա-Ժարոնիկ
Թաքուն-Դալդա
Թուղթ-Թողտ
Ինչպե՞ս  ես-Հո՞ւց ես
Ինչ կա՞, չկա՞-Հիշկա՞, չկա՞
Լուսամուտ-Ակուշկա
Լեզու-Լուզու
Լոլիկ-Պամինդոր
Խնձոր-Խինձոր
Խողովակ-Շլանգ
Խանութ-Կամիսյոն
Կոկորդ-Պոկ, բողազ
Կեռաս-Գիլաս
Կտրել-Կտրիլ
Կշեռք-Քշեռք
Կորել-Կորիլ
Կանաչի-Կնանչի
Կաթսա-Ղազղան
Հին-Քոյնա
Հանգստանալ-Դինջանալ
Հալբաթ-Երևի
Հյուր-Ղոնաղ
Հոն-Հուն
Հարևան-Հրևան
Հողաթափ-Դամաշնիկ
Ձագար- Ըռըհաթի
Ձու-Ծու
Ձեթ-Ծեթ
Ղաթումը-հազարից մեկ
Մառախուղ-Քշթոխպը , թոխպ
Մուրաբա-Վարենի
Մի ժամանակ-Մաղուլ
Նոր-Թազա
Ներբան-Դաբան
Ներքնակ-Դոշակ
Շոգ-Տաք
Շիշ-Բոթուլ
Շերեփ-Շիրեփ
Որոտ-Կծպեծին
Ոտք-Ոնդ
Պարան-Քանդիր
Պահարան-Գարդիրոֆ
Պղտոր-Պրտող
Պատառաքաղ-Չանգալ
Սոխ-Սողան
Սովորույթ-Ադաթ
Սերկևիլ-Սավգուլ
Սավան-Պրոստին
Վերմակ-Յորղան
Վիշտ-Դարդ, Ցավ
Վառարան-Փիչ
Վարունգ-Խիար
Տաբատ-Շալվար
Տապակել-Ժարիտ անել
Ունք-Օնք
Ուղիղ-Դուզ
Փոքր-Կուճիր
Փայտ-Փեդ
Փողոց-Մահլա
Փոշի-Թոզ
Օճառ-Սապուն

Ահա  և  վերջ, կասեմ, որ  շատ  բառեր  դեռ  մնացին օդում, որովհետև  անհնար  է ամբողջը  գրի  առնել, հույս  ունեմ, որ  գրածս  մի  քանի  բառից  էլ  պարզ և  հասկանալի  էր  մեր բարբառը, եթե նկատեցիր` շատ բառեր գործածվում են կամ ռուսերենով, կամ պարսկերենով, կամ էլ թուրքերենով, բայց արդեն ընկալվում են իբրև բարբառային:

annaTumanyan

Աբգարյանների հարսը

Մայրական կողմի տատս՝ Անահիտը, պատմում էր, թե ինչպես է հարս եկել Աբգարյանների տուն, ու ինչ հետաքրքիր դեպքեր են եղել։

-Դե՜, Աննա ջան, կյալիցս մի երկու օր յեդը մի կծոտան հավ հարձակվել էր վրես ու վետներս ծվրտորել, էդ ա ահագին վախտ տհե կցա։

-Տատ, էլ պատմի, մի տեսակ հետաքրքիր տյառավ։

-Բա պատմե՜մ։ Ուրեմն ես ու կիսուրս՝ մեր Անիկ տատը, փռնըմ հաց ենք թխըմ, մթուշ շուռ կյամ տենամ պատրոնս՝ Ռուբեն պապն ու քու պապը, վերցակ են մորթըմ, ահագին վախտ յեդը, վեր յեկա կուխնի, տեհա էդ հավը մաքրել են, լվացել, հմի էլ ճաշ են էփըմ։ Մնացի ըրմացած։ Իմ հերական տանը տղամարդը ճաշ էփած չէր, էդ թըվըմ` հերս։ Հըմի վեր մին-մին քու պապին ասըմ եմ շուլուղով՝ ճաշ էփի, ասըմ ա, թե վախտն անց ա կացել։

-Տա՜տ, բա ծիծաղիլի դեպքեր լել չի՞։

-Գիդըմ չեմ՝ ծիծաղիլի ա՜, թե լաց ըլիլի՜, նախդի մհետ խայտառակ եմ լել նոր յեկածս վախը։

-Էդ ի՞նչ ա լել, վեր։

-Ջահիլ վախտերս միամիտ-միամիտ խոսալ ունի։ Մեր հըրևան Շաքար պապը, հիվանդ մարդ էր, մի օր վեր կցավ յեկավ տուն, իրեք լիտրանոց դեղձի սոկը մհետըմ խմեց, հատիկներիցը հետ կերավ ու բրախեց քնաց։ Մացանք մհել, վեր էտ քշեր վատացել ա։ Աննա ջան, քու տատն էլ միամիտ ու զո՜լ միամիտ, ասեց. «Մի՜ լյավ էլ էդ սոկը մըչև վերջ խմեց, նոր քնաց…»։

karine hovsepyan

Մաստարայի բառնուբանը

Մեր գյուղը՝ Մաստարան, ունի իր բարբառը: Հետաքրքիր խոսելաոճ, որը երբեմն նմանեցնում են Գյումրու բարբառին: Չնայած, որ գյուղի բնակիչների մի մասը խոսում է գրական հայերենով, բայց և այնպես երիտասարդների և տարեցների մեծամասնությունը խոսում է Մաստարայի բարբառով: Հիշում եմ՝ մի անգամ մի կին, որը, ի դեպ, Երևանից էր, ասաց.

-Վայ, Կարինե ջան, Մաստարայի՞ց ես։

-Հա,- պատասխանեցի:

-Ես շատ եմ սիրում ձեր գյուղի բարբառը, որ խնդրեմ՝ կխոսե՞ս լսեմ:

Մի պահ պապանձվեցի, ախր ես չեմ կարող, մանկուց «մաքուր» հայերենով եմ խոսում, բայց սթափվեցի ու ասացի.

-Ես չեմ կըրա ըդպես խոսամ:

Եվ բոլոր ներկաները սկսեցին ծիծաղել, որովհետև մի կերպ արտաբերեցի այդ բառերը:

Եվ այսպես, ահա մի քանի բարբառային բառեր Մաստարայից:

1․ Էթալ- գնալ
2․ Էտըմ իմ- գնում եմ
3․ Իմալ իս- ոնց ես
4․ Խնդալ- ծիծաղել
5․ Փարա- փող
6․ Նամուս- պատիվ
7․ Կայնել- կանգնել
8․ Դոր- ուր
9․ Հոս- այստեղ
10․ Լեն- լայն
11․ Ջուխտ- զույգ
12․ Ղուշ- աղավնի
13․ Վռազ- արագ
14․ Բոստան- բանջարանոց
15․ Ըսմա- ասում է
16․ ժնջիլ- շղթա
17․ Կյառ- խուլ
18․ Լագյան- աման
19․ Մինդար- ներքնակ
20․ Բոլ ա- հերիք է
21․ Ջանդակ- մարմին
22․ իսան- մարդ

Հաստատ էլի կան բարբառային բառեր, որոնք չկարողացա թարգմանել: Ըստ իս՝ մեր գյուղը գեղեցիկ և յուրօրինակ է ոչ միայն տեսարժան վայրերով, այլ նաև իր բարբառով:

Sose Zaqaryan

Թե ինչպես ամուսնացավ Լաուր տատիկը

Իմ ամուսնանալը շատ պատահական էր. ո՛չ խոսալ, ո՛չ տեսնալ, ո՛չ գիդալ: Ինքը բանակից եկալ ա, քացալ Աշխաբադ սվերալ։ Դե, 25 տրեկանըմը եկալ էր, ես ալ 18 տրեկան։ Տասը նոր ավարտած Վանուշին քիվորը՝ Այսին նհետ, էս դուզերըմ հունձ ենք անըմ, տեավ ուրուգունը ճնապան նիհեր՝ մեր են բաղին կլխավը սենց քշանըմ ենք, բա ստհենց-ստհենց․ հոպարիս տղան եկալ, քեզ պիտի օզենք ասեմ․

-Աչի՛, հո՞ւմ պիտի օզես։

Վերջը հինչ-հունց, պան, դե, հսամ տոն սովորական ա, տու մի ասի թա՝ Ասյան քցըմա տա բեյնը, էդ ալ քինըմ ա Մեսրոպ ամուն ասըմ, վեր Ասյան տհենց մի աղջկա անըմա տվալ, Մեսրոպ ամին ալ ասըմ ա․

-Էս սըհաթին դասավորեմ, վեր քինաս տու տան տեսնաս։

Ես ալ տասըս նոր ավարտալ եմ, ատեստատս ստացալ, բայց ամառըն ըշխադըմ եմ։ Վեր թոշակի եմ քացալ, 12 տարեկանից ստաժ ունեմ։

Մի քշերավ, շատ շուտ ա, դե հունձի վախտ ա, ամռնան օր, եր կցա, հայաթնին սրբեցի, մազերս կապեցի, վեր հաց օտեմ, մի կուտուր ալ, հաց յոռնեմ, քինամ, մին ալ տեսնամ՝ մինը դիրվազան թակըմ ա։ Էդ տարին ալ մեզ մի էդ պոլին շորին գույնի մի էշ ունենք անըմն ալ՝ Մուխի։ Կամ են էս ու էն տանըմ՝ փեդի։ Դիրվազան թակըմ ա, լուս տառած Կոլյան ասըմ ա․ «Այ քուր, քշացի տես՝ հով ա դիրվազան թակըմ»։ Քըշանամ, տուռը պացալ եմ, տեսնամ՝ մի անծանոթ տղայ ա։ Տուռը հենց թողա պաց, ես դեհա -դեհա աստիճանավը պիրցրանամ, ասեմ՝ Կոլյա, մի անծանոթ տղայ ա, ասեմ՝ տուռը պաց եմ ըրալ, բայց հենա կամ ա։ Դե Յուրիկը եկավ, թա. «Բարև- բարև»։ Կոլյան ասավ. «Խեր իլի», թա բա՝ խեր ա։

-Մեսրոպ ամին կյում ա ծասկըմ, մի քանի էշ ա ճարալ, ծեր էշնել ա օզըմ, վեր քինանք քոլան փեդ պիրենք։

Վերջը, յոռնի տանի, տեղ տեսնա։ Դե, անց կենա մի քանի օր, առանց խոսալի, առանց մի ոչ մի պանի, հինչի-հունցի, դաշտան կամ, քընըմ ինք Սըտըղպիրան ճյուր պիրըմ։ Եկամ, տեսամ՝ 3-4 հոգի մեր տանը մարդ կա: Դե, տեսնըմ եմ, վեր դե Մեսոպին ճընաչըմ եմ․ տաս ա տվալ։ Լհա վեր մտնըմ եմ, Կոլյան ասըմ ա․

-Լավուր, ճյուրը պիրար, մի սառը ճյուր պիր՝ խմենք։

Տարա խմեցին, պրծան, տարա տիրեցի կռուշկան ընդեղ, հեդո ալ, թա. «Եկ ստեղ նստի, քեզ տալիս ենք ես անծանոթ տղին»։

Մի զվեզդա ժամացույցին պիրալ՝ սիվտակ, մի ճուխտ կպռոն, մի դուխի, մին կոսինկայ ա: Տու մի ասի, թա էս Յուրիկը ասա. «Մի նոռմալ նվեր չկա, դուխավ-պանավ, հինչ կիլի», էս Պայծառն ալ ասալ ա․

-Յուրիկ, մի կոսինկա ունեմ, պիրեմ տամ՝ տար, բայց վեր փսակվի կյա, ունք եմ ունելու։

Դե նշանը երկլավ։

-Տենց շուտ համաձայնվեցի՞ր,- ընդհատեցի ես

-Դե Կոլյան ասալ էր՝ էլ հո՞վ էր երկուտաըմ։

Անցկցավ մի ութ օր, տեսնամ էն Մոսկվայի տալս դիրվազան լացիլիլավ թակըմ ա։ Քշանամ, քինամ․

-Ի՞նչ ա իլալ, Հազո, հի՞նչ ա պտահալ, վեր լաց ես իլըմ։ Նանան հիվանդ ա՞։

Ու պատըմըմ ա, վեր Պայծառը, կոսինկան վեր տվալ ա, օզըմ ա։

-Աչի, տա մհար ես լաց իլը՞մ:

-Դե նանան ասալ ա, փիս պան ա, էլի։

Ասցի՝ եկ: Կռնան փռնամ, տարամ: Հացատանն ինք հլա ապրըմ, մեր էն տները շինալ ինք։ Դե, մի չամադան ունիմ արդեն: Չամադանը ձիքամ, էդ հանամ, կոսինկան մի ճուխտ ալ կապրոն տիրամ ուրան մհար, մի դուխի ալ նհետը։ Վերջը էդ խոխին դուխ տամ, էդ այնոյինը շինեմ, տինեմ նըհետը: Վերջը էդ խոխին հղու տինեմ՝ տանի, տա Պայծառին։

Դե, հրսնքավս լուս տառած Վարդի դադաս նհետս եկավ, տանըմ են, վեր քթեթ ձևեն։ Քընացինք, տեսանք էն դիրվիզի տակի 4։4 տոննա՝ Բրթելանց ակուշկի տակին։ Տասըմին շունչ են, ես ալ պիտի քինամ՝ 12։ Մի մեծ փեդի սեղան ա, երկու փեդի կառավադա, վերջը, պան չկա։ Յեդավ էլ, վեր աչքս ընգեց ոչ վեր ճիճիքավա ծածկած տեղաշորը, էդ ալ վեր տենց տեսնամ, փախնեմ է մին բաշ։ Փախնեմ քինամ Չապո ամունց տռանը, էդ հորքուրս հունց կլոխ ընգի, յենաս կա մինչև ընտեղ, նորից ետ տա, տանի։ Տանի, ու թհենց կյանքս խորտակվի․․․

Երկու աղջիկ ա ծնվալ, ամբողջ կյանքս խավար եմ ըրալ, էդ երկու ըղջկորցս մհար։ Վեր փեսեքս խոսալի տեղ չունենան։

Ասում է Լաուր տատը, և աչքերից փոքրիկ արցունքի կաթիլներ են հոսում։ Մեկ տարի չկա, ինչ լույս է դառել Յուրիկ պապը։ Լաուր տատը Յուրիկին թաղեց պատվով, իրեն հարիր ճոխությամբ և կատակներով։ Դեռ Յուրիկ պապը իր վերջին շնչում, էլի իրենց ազգին բնորոշ հումորներ էր անում։ Հիշում եմ, մի քանի անգամ Յուրիկ պապը ասել է.

-Վեր իմ կընիկս Լաուրը չիլեր, մեկ ես վաղուց մեռած ի։ Չի թողել, վեր մի կիլո պան յեր ունեմ:

Anush abrahamyan

Օձը հիշողության միջով

-Եթե կյանքս բաժանեի փուլերի, ապա դրանցից յուրաքանչյուրը որևէ կեդանու անուն կունենար: Ապրածս երեսունութ տարիների հիշողությունների միջով, սակայն, մերթընդմերթ սողում է օձը,- հերթական մի գյուղական երեկո, երբ հավաքվել էինք վառարանի կողքին, իր պատմությունն սկսեց Մարգարիտ մորաքույրը,- Մինչ այժմ, երբ արդեն մոռացել եմ խոտհարքի ճամփան ու քամուց քանդվող վրանի ճռռոցը, այնուամենայնիվ, դեռ չեմ մոռացել ինձ պատահած օձերի տեսակներն ու ձևը: Օձի ու մարդու բախումը վայրի բնության մեջ դրական ելք չի խոստանում:

Խմում է սեղանին դրված ջուրը, հայացքը թաքուն սահեցնում սեղանի շուրջ նստածների վրայով: Զգում եմ նրա` ինչ-որ բան դեռևս թաքցնող հայացքն ու ժպտում:

-Առաջին անգամ հորս հետ խոտհարք գնացի, երբ վեցերորդ դասարանում էի: Միշտ էլ այն վախը կար, թե անձրև կգա, ու դեպի սար տանող ոլորապտույտ ճանապարհը կփակվի, ուստի մայրս մեզ հետ մեկ ամսվա ուտելիք դրեց, չնայած մեկ շաբաթով էինք գնում: Երբ արդեն գյուղից շատ հեռու էինք ու անփորձանք անցել էինք օձանոցը, ես ու հայրս անմիջապես անցանք վրանը պատրաստելու գործին: Սարի քամին պակաս վտանգավոր չէ, դրա համար վրանը փորձում էինք հնարավորինս ամուր պատրաստել: «Պապ, իսկ վրանի շուրջ պարան չե՞նք փաթաթելու, ասում են` օձերը պարանից վախենում են»: «Չէ՛, մենք էլ օձերից չենք վախենում»:

Էսպես ինչքան էլ ասի, հորս չկարողացա համոզել, ու դրա հետ ես էլ մի քիչ սիրտ հավաքեցի. հերս չի վախենում, նշանակում է ոչ մի վտանգավոր բան չկա:

Էսպես սկսվեց մեր մեկ շաբաթվա խոտհարքը:

Առավոտը հայրս շուտ արթնացրեց, որ հետը տանի մոտակա աղբյուր` ճանապարհը իմանամ, մյուս անգամները ես ջուր բերելու գնամ: Ոչ մի անսովոր դեպք չպատահեց, իհարկե, ես չգիտեի, որ այդ ջրի գնալը առաջին ու վերջին անգամն է լինելու: Աղբյուրից վերադարձանք թե չէ, դաշտի բոլոր մարդիկ հավաքվեցին, բա պետք է գյուղ իջնենք, ընտրություն կա:

Հերս էլ ստիպված ինձ թողեց մենակ, հավաստիացրեց` մեկ ժամ չի տևի, կարգադրեց վրանից դուրս չգալ ու ինքը գնաց: Դեռ երկար նայում էի հորս հետևից: Քանի դեռ նրանք օձանոցը չէին անցել, ես դեռ համարձակ էի, այ, դրանից հետո իմ երեխայական ու տեղին տագնապներն սկսվեցին:

Վրանում մեկ ժամ սպասելուց հետո դուրս եկա, որ տեսնեմ` հայրս չի՞ երևում: Իմ դուրս գալու հետ մի կանաչ օձ, ինձնից մոտ մեկ մետր հեռավորության վրա, առվի միջից գլուխը բարձրացրեց: Մինչև հիմա մտքիցս չի ջնջվում նրա` գրեթե գլխին սվաղված դեմքն ու հաստությունը: Հենց էդ պահին էլ նկատեցի, որ հեռվում` գրեթե գյուղի գլխավերևում, սև ամպերը կայծակում են ու անձրև թափում: Արդեն պարզ էր, եթե անձրև ա, ոչ մեկն էլ չի կարող գալ: Մտա վրան ու վախից կուչ եկա մեջտեղում: Հայացքս անընդհատ շրջում էի այս ու այն կողմ` ասես սպասելով օձին: Քանի գնում էր, ավելի էր մթնում, դրա հետ քամին սկսում էր վրանը տեղից պոկել: Չգիտեմ` ինչ անեմ: Կարծես համոզված եմ, որ գյուղից շատ հեռու՝ բարձր ու վտանգավոր սարերում, լրիվ մենակ եմ: Վախն էդպիսին է, կարևոր չէ` մեծ, թե փոքր: Մտքիդ ամենասարսափելի անկյուններից քո երևակայությանը համապատասխան մի բան կբերի:

Վերջապես գլխի ընկա՝ հնարավոր չէ, որ բոլորը պարտաճանաչ կերպով գնային ընտրության` իրենց գործը թողած, պետք ա ուղղակի վրանից դուրս գամ և ուշադիր նայեմ մեզնից հեռու մյուս վրաններին (դրանք օձանոցի մյուս կողմում էին): Հազիվ հաղթահարելով վախս` զգույշ դուրս եկա վրանից ու համոզվելով, որ առվի միջի օձը հեռացել է, սկսեցի սրել տեսողությունս: Ես երևի էդ պահին աշխարհի ամենաուրախ վեցերորդ դասարանցին էի (չհաշված Սուրենին, որը օձին սատկացնելու անհաջող փորձից հետո ողջ էր մնացել), քանի որ մեկին նկատեցի: Իհարկե, հետո կպարզվի, որ քեռի Սևակն է եղել: Առանց մտածելու նետվեցի առաջ, ոտքերիս մեջ եղած ողջ ուժով իջնում էի ձորը, որ հասնեմ մյուս վրաններին, չնայած` օձանոցը դեռ առջևում էր: Այ, հիմա ժամանակը եկավ ասելու՝ վերջապես ի՞նչ է այդ օձանոցը: Այն մի ոլորապտույտ նեղ գետի էր նման, որն անցնում էր ձորի միջով: Այդ մասում հողը թաց էր, դրա համար խոտերը շատ բարձր էին աճում: Օձանոց էր կոչվում, քանի որ այդտեղ ամենաշատն էին ամեն տեսակի թունավոր, վտանգավոր օձերը:

Հասա օձանոցի մոտ ու կանգ առա: Երբեք չեմ անցնի ինձնից բարձր խոտերի միջով, այն էլ նման վտանգի դեպքում: Հետ նայեցի. վրանը մնացել էր հեռվում, ու հետզհետե մթնող օրը կարծես ավելի չարագուշակ էր դառնում: Հաստատ հետ էլ չէի դառնա: Սկսեցի վազել օձանոցի երկայնքով այնքան, որ մի առվի չափ տարածություն մնաց, բացի այդ` խոտերի կարճ լինելու շնորհիվ հնարավոր կլիներ ցատկել:

Առանց վարանելու ցատկեցի. նույնիսկ չէի նկատել, որ ոտքս դնում էի ուղիղ իր հանգիստը վայելող գյուրզայի գլխին:

-Ո՞ւ:

-Ու իմ վախից հենց օդում ոտքիս ուղղությունը փոխեցի: Իհարկե, բացի խոտերի միջով գլորվելուց ոչ մի վատ բան չպատահեց: Վերջապես հասա վրանների մոտ ու գլխիս եկածը պատմեցի քեռի Սևակին: Բնականաբար չասացի՝ ինչքան եմ վախեցել, դա ինքնըստինքյան հասկանալի էր: Շատ չանցած` հայրս մյուս բոլոր մարդկանց հետ, հակառակ վատ եղանակին ու սպասվող վտանգներին, եկավ: Սա առաջին օրն էր, բայց ոչ վերջին վախն ու արկածը, ի վերջո մենք դեռ վեց օր էլ այնտեղ էինք մնալու` շրջապատված ամեն տեսակի օձերով ու վտանգներով…

Արզականի ավանդույթները

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 1-ին: Թե ինչ և ինչպես են Զատիկը նշում եկեղեցում, ինչ խորհուրդ ունի՝ բոլորդ գիտեք, բայց թե ամեն տեղ ինչպես էին նշում մեր գյուղերում, հետաքրքիր կլիներ իմանալ: Տատիկս՝ Էլիդա Պետրոսյանը,  զրույցում  ասաց, որ գյուղերում պահպանվել է տոնի ուտեստային մասը, իսկ կազմակերպվող հասարակական, համայնքային միջոցառումները, խնջույքները, արարողությունները, խաղերը, պարերը, երգերը, միմյանց տներ շնորհավորական այցելությունները մոռացվել են:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Նաև կային Սուրբ Զատիկի հետ կապված մի քանի անվանդույթներ: Օրինակ, Ավագ հինգշաբթի օրը պետք է թթու դրած կաղամբի ջրով ապուր եփեն, և ընտանիքի բոլոր անդամները պետք է ուտեն այդ ապուրը, որպեսզի օձը վնաս չտա որևէ մեկին: Իսկ ուրբաթ օրը, Կորնջի ձու են եփում, և ընտանիքի անդամներից ամեն մեկը պետք է պարտադիր կերպով մեկ ձու ուտի, որպեսզի աղիքները չցավի և ընդհանրապես ստամոքսի հետ խնդիրներ չառաջանան: Մեկ այլ, առավել հետաքրքիր և պահպանողական ավանդույթ էլ կա մեր Արզական գյուղում: Մինչև Զատիկի շաբաթը նախորդող կիրակին գնում են ջահել հարսներին իրենց հարազատները տանում են դարձ, հետո Սուրբ Զատիկի կիրակի առավոտյան սկեսուրը՝ իր ջահել հարազատների՝ կանանց և աղջիկների հետ, միասին գալիս են աղջկա տուն, և սկեսուրն ասում է, իհարկե, տոնական տրամադրությամբ.

-Գաթա թխեմ, հալվա թխեմ, գա՛մ քեզ սիրով տանեմ, մեր տուն պահեմ:

Եվ այսպես, հավաքվում են և գնում եկեղեցի: Օրինակ՝ մեր գյուղում, գնում են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մոմ վառում, աղոթք անում,  որից հետո գնում են փեսայի տուն և հարազատներով շարունակում մեծ ցնծությամբ նշել տոնը:

zaven abrahamyan

Քուչակի բարբառը

Քուչակում այժմ բարբառով խոսում է միայն բնակչության փոքր մասը, այն էլ՝ ոչ միշտ։ Հիմնականում խոսում են «սովորական» հայերենով։ Երկար ժամանակ է՝ անընդհատ ուշադրությամբ լսում եմ գյուղացիների խոսակցությունները՝ փորձելով մի քանի բառ գտնել Քուչակի բարբառից։ Ամենահաճախ օգտագործվողը «մկա»-ն է, որը նշանակում է՝ «հիմա»։ Հաճախ լսում եմ․ «Քեզ եմ սպասում, արի մկա գնանք» կամ, օրինակ․ «Էս վի՞ աֆտոն ա», ինչը կարելի է թարգմանել․ «Սա ո՞ւմ մեքենան է»։ Կենցաղային խոսակցություններում հաճախ լսում եմ «թոնդիր» կամ «թունդիր», ինչը նշանակում է՝ թոնիր։

-Մաման որդե՞ ա։

-Հացատունը թոնդիրի մոտ հաց ա թխում։

«Որտեղ» բառին ասում են նաև «հուրդե»։

Ինադու- դիտմամբ

Փեդ- փայտ

Թինգնել- հենվել, թիկնել

Քելալ- քայլել

Փայնել- աղտոտել

Վեկալել- վերցնել

Կդրել- կտրել

Նաև մեծ ազդեցություն ունի մեր լեզվի վրա ռուսերենը։ Ամեն «խոպանչի» վերադառնալով իր հետ բերում է նոր բառեր։ Բայց կան նաև հնուց պահպանված բառեր։

Ցան- աթար

Տիլ, տլոտ- ցեխ, ցեխոտ

Հախպուր- աղբյուր

Զիբիլ-աղբ

Օխչար կամ օչխար- ոչխար

Կդե- փոքր էգ ոչխար

Մոզի- էգ հորթ

Այսքանով ավարտեմ, որովհետև՝ մկա տեղ պտի էթամ, շադ վռազն եմ։