Միջազգային համագործակցություն խորագրի արխիվներ

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Վիեննայից՝ սիրով

 

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Ծրագրի վերջին օրն է, այդ իսկ պատճառով այսօրվա համար ոչ մի զեկույց և թիմային աշխատանք չէր նախատեսվել: Առավոտյան բոլոր մասնակիցներով վերջին անգամ հավաքվեցինք, որպեսզի ներկա լինենք փակման արարողությանը ու լսենք ծրագրի կազմակերպիչների խոսքը: Այս ամենն ավարտելուց և միմյանց հրաժեշտ տալուց հետո մեր թիմով նստեցինք գնացք ու ճանապարհ ընկանք դեպի Վիեննա, որտեղից էլ փոխելով երկու ինքնաթիռ, կժամանեինք Հայաստան:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Վիեննա ժամանելուն պես առաջինը, որից ամենաշատն ես տպավորվում, շենքերն են, որոնք դրսից զարդարված են քանդակներով ու բարձր դռներով և հիշեցնում են թանգարաններ: Վիեննան տեսնելու համար ընդամենը մի քանի ժամ ունեինք և բարեբախտաբար ծրագրի կազմակերպիչ Մարտինը մեզ համար փոքրիկ տուր էր գծել Վիեննայի ամենահայտնի տեսարժան վայրերով:

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Մեր տուրի առաջին կետն էր Վիեննայի խորհրդանիշ Սուրբ Ստեփանոսի Մայր տաճարը, որը դեռ դրսից գրավում է բոլորի ուշադրությունն իր յուրօրինակ գեղեցկությամբ ու մեծությամբ: Կարծես թե էլ ոչինչ չէր կարող մեզ զարմացնել, մինչև չմտանք տաճարի ներսը. բարձր առաստաղ, արձաններ, սրբապատկերներ ու վիտրաժներ: Անհնար է պատկերացնել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել տաճարը կառուցելիս:

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Մոտենում էր ֆուտբոլի ժամը` Խորվաթիա-Ֆրանսիա, եզրափակիչ, իսկ մենք դեռ չգիտեինք, թե որտեղ ենք այն նայելու: Բացօթյա նստարանները բոլորը զբաղված էին, ու մեծ էկրանին նայելու հնարավորություն չկար, ու մենք որոշեցինք ուղղակի սրճարան գտնել: Լարված ու գոլառատ խաղ էր, ու չնայած Խորվաթիայի պարտությանը, նրանք իսկապես գեղեցիկ ու խաղ ցուցադրեցին:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեր տուրի հաջորդ կանգառն էր աննկարագրելի գեղեցիկ Բելվեդեր պալատական համալիրը, որը ժամանակին ծառայել է որպես ամառանոց Ավստրիայի մեծագույն գեներալներից մեկի համար: Մեր բախտը բերեց, և մենք շուտ հասանք այնտեղ ու հասցրեցինք տեսնել պալատն ու այգին մինչև նրա փակվելը:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Շարժվեցինք առաջ` դեպի Կարլսկիրխե` հսկայական գմբեթ ունեցող կաթոլիկ եկեղեցի, ինչից հետո շարունակեցինք քաղաքում մեր զբոսանքը, տեսանք Օպերայի շենքը, ազգային գրադարանը, Շտրաուսի, Մոցարտի և Գյոթեի հուշարձանները: Փողոցում շրջելիս լսեցինք եկեղեցու բակից եկող դասական երաժշտության հնչյուններ. պարզվեց` բացօթյա բալետ էր հենց եկեղեցու բակում:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեկշաբաթյա լարված դասընթացներից հետո Վիեննայում վայելեցինք հիասքանչ մի օր և վերադարձանք Երևան: Դեռ կհանդիպենք 17-ի էջերում, կներկայացնենք մեր անցկացրած հարցազրույցները:

Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 6

salzwtksh-3Զալցբուրգյան մեր վեցերորդ օրը համապատասխանում էր շաբաթվա վեցերորդ օրվան, և քանի որ այն շաբաթ էր, մենք զբաղված էինք միայն օրվա առաջին կեսը։ Այսօր մենք նոր հյուրեր ունեինք․ ժամանելու էր ժյուրի՝ նույնպես գնահատելու ծրագրավորողների կատարած աշխատանքը։ Օրը սկսվեց ծրագրավորողների զեկույցներով, բայց այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակում և ավելի խիստ լսարանի առաջ։ Ծրագրավորողների հետ արդեն ընկերացած լրագրողները նրանց ոգևորում և քաջալերում էին, քանի որ նրանք բավականին լարված և հուզված էին։ Ժյուրին ընտրելու էր չորս հաղթողի, որոնք հնարավորություն էին ստանալու մասնակցելու մենեջմենթի դասընթացի Մակեդոնիայում։

Ինչպես արդեն պատմել ենք, մենք հարցազրույցներ ենք ունեցել ծրագրավորողների հետ, ինչպես նաև այս օրերին բավականին լավ ենք հասցրել ծանոթանալ նրանց ծրագրերին, նպատակներին։ Զեկույցներից, երեք րոպեանոց հարց ու պատասխաններից հետո ժյուրիի անդամները, որոնց կազմում կային և՛ ծրագրավորողներ, և՛ լրագրողներ ու մեդիա ոլորտի մասնագետներ, առանձին քննարկում ունեցան։ Շուտով հնչեցին նաև հաղթողների անունները՝ Մարիո Վասիլ (իր Studentist հավելվածով), Ահդ Զլիխա (SmartGuard ծրագրով), Էնդրիտ Ռուշիթի (Applinka հավելվածով), Մանուել Կրաուս (Pocket Coach հավելվածով)։anttghzlc

Ձեզ պատմել ենք արդեն Studentist և Pocket Coach ծրագրերի մասին, իսկ Applinka-ն բնապահպանությանն ուղղված հավելված է։ Այն օգնում է մարդկանց լինել օգտակար շրջակա միջավայրի համար, ամեն օր առաջարկում է նոր առաջադրանքներ, օրինակ՝ սկսել օգտագործել վերամշակվող թուղթ՝ պլաստիկի փոխարեն, օգտագործել ձեռքով պատրաստված (handmade) ապրանքներ։ Ժյուրիի անդամները նշեցին, որ բնապահպանական այս հավելվածը շատ կարևոր կլինի մեր կյանքում։adhnzlc

Smart Guard ծրագիրը, եթե անկեղծ լինեմ, ինձ ամենաշատն է դուր եկել։ Այս ծրագրից օգտվելու համար պետք է ունենալ հավելված հեռախոսում և թևնոց։ Համակարգը ստեղծված է այն նպատակով, որ եթե թևնոց կրողը գտնվում է վտանգի մեջ, հավելվածը տեղյակ պահի նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև տեղեկություն հաղորդի տվյալ անձի գտնվելու վայրի մասին։ Թևնոցը հաշվում է սրտի զարկերը, այլ ֆիզիկական տվյալներ և համադրում է դրանք ձեր գտնվելու վայրի հետ։ Գտնվելու վայրը շատ կարևոր է, քանի որ եթե ունեք արագ սրտի աշխատանք, բայց գտնվում եք սպորտդահլիճում, հավելվածը չի ահազանգում ձեր մտերիմներին, սակայն եթե գտնվում եք այնպիսի շրջանում, որը կարող է վտանգավոր լինել, ձեր ընտանիքի անդամները կամ բոլոր այն մարդիկ, ում հեռախոսի հետ կապված է թևնոցը, ստանում են հաղորդագրություն ձեր՝ վտանգի մեջ գտնվելու մասին։

Հաղթողներին շնորհավորելուց հետո ուղևորվեցինք քաղաքը բացահայտելու։ Մի քանի ժամ ազատ էինք՝ մինչև երեկոյան միասին ընթրիքը։ Քայլեցինք քաղաքում, հուշանվերներ գնեցինք։ Իսկ ընթրիքը քաղաքի ծայրին գտնվող ասիական շատ համեղ ռեստորանում էր, որը մենք, ճիշտն ասած, հազիվ էինք գտել։ Այդ ռեստորանից մինչև Գերմանիայի սահմանը տասը րոպեի ճանապարհ էր, և մենք կատակներ էինք անում մի քիչ էլ քայլելու ու Գերմանիայում էր զբոսնելու մասին։

Դե, իհարկե, այդպես չարեցինք, վերադարձանք հյուրանոց, որպեսզի մեր իրերը հավաքենք, հանգստանանք։

Վաղը մեզ երկար ճանապարհ է սպասվում։

Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 5

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Այսօր հինգշաբթի է, թերթիս օրը: Եթե լինեի Երևանում, առավոտյան կշտապեի կրպակ` այն գնելու, ու պատմվածքիս հետ աչքի պոչով կկարդայի նաև, թե ինչ են հուշում աստղերն իմ մասին զալցբուրգյան այս շաբաթվա համար, կկարդայի ու չէի հավատա:

Մեկ-մեկ թվում է, թե Երևան գալով` չեմ հավատալու նաև, որ եղել եմ այստեղ, որ քայլել եմ անվերջ Զալցախ գետի կողքով, անցել ամենագեղեցիկ կամուրջներով, տեսել Մոցարտի տունը, տեսել մարդկանց, ովքեր երջանիկ են և չգիտեն` ինչու:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Բայց քանի դեռ այստեղ եմ, հավատալը հեշտ է:

Այսօր դասընթացի հերթական օրն է, օր, որ սկսվեց առավոտյան որքշոփով` քարտեզագրության և վիզուալիզացիայի միջոցով ինֆորմացիա տալու և ստանալու թեմայով: Դասընթացավարը դարձյալ Մարտինն էր, ով, ի դեպ, երբեմն մեզնից հայերեն բառեր է հարցնում, փորձում դրանք ճիշտ արտասանել: Առհասարակ, մեզ ու մեր երկիրը այստեղ բոլորն էլ գիտեն, անգամ զարմանում են, երբ հարցնում ենք` ծանո՞թ եք արդյոք Հայաստանին:

Մարտինը մեզ ցույց տվեց քարտեզներ` տարբեր ժամանակների ու տարբեր երկրների, ապա ծանոթացրեց մի ծրագրի, որ կոչվում է Geocitizen: Սրա միջոցով հնարավոր է գտնել վիճակագրական բազմաթիվ տվյալներ:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հետո մենք սկսեցինք աշխատել մեր հարցազրույցների վրա, որ վերցրել էինք նախորդ օրը ծրագրավորողներից մեկից, գրի առանք դրանք և միացրինք իրար: Մեր թիմում երեքս էինք` ես, Մարիամը և Սառան` Պորտուգալիայից: Այս աշխատանքները պետք է ստուգվեն մոտակա օրերս և հրապարակվեն Youth Press-ի կայքում:

Արդեն երեկոյան մենք գնացինք Hellbrunn կոչվող վայրը` Water game-ի: Սա մի չքնաղ այգի է` հին կառույցներով, որտեղ ամենաանսպասելի անկյուններից շատրվաններ են միանում ու ջրում քեզ, դե, եթե իհարկե, չես հասցնում փախչել, ինչպես մենք էինք անում:

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Իսկ փախչել երբեմն պետք է անգամ ամենահարազատ Երևանից, որովհետև այստեղ` Զալցբուրգում, մեզ են սպասում ամենագունավոր շենքերը, գունավոր մարդիկ և գունավոր մի քանի օր ևս:

Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. Օր 4

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այսօր սովորկանից շուտ արթնացանք, քանի որ ծրագրով նախատեսված էին մի քանի զեկույցներ տարբեր հետաքրքիր թեմաներով, որոնցից առաջինն էր՝ «European Youth Press»-ի անդամ Մարտին Մաշկայի պրեզենտացիան մեդիա գրագիտության և կեղծ լուրերի մասին: Մարտինը ներկայացրեց մեդիա գրագիտության կարևորությունը և լրագրողի, և ընթերցողի համար: Լրագրողը պետք է կարողանա ճիշտ կերպով փոխանցել ինֆորմացիան հոդվածի միջոցով, իսկ ընթերցողը իր հերթին պետք է գտնի և հասկանա այն թաքնված հաղորդագրությունը, որը փորձել է փոխանցել լրագրողը: Մեդիա գրագիտության լայն թեմայից հետո Մարտինը բարձրացրեց մեկ այլ` իմ կարծիքով կարևոր հարց` ինչպես բացահայտել կեղծ լուրերը, վիզուալ օրինակների վրա մեզ հետ քննարկեց նմանատիպ դեպքեր, որոնք ժամանակին հրատարակվել կամ ցուցադրվել են հեռուստացույցով: Նմանատիպ զեկույցները շատ հետաքրքիր և ուսուցողական են այն առումով, որ մենք ոչ միայն լսում ենք զեկուցողի պատրաստած խոսքը, այլև ինքներս այն վերլուծում և ուղղում ենք սխալները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հաջորդ զեկույցը վերաբերում էր հարցազրույց վարելուն, որը մեզ ներկայացրեց նույն կազմակերպության մեկ այլ անդամ՝ Մարիել Ռաիսման: Զեկույցը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներ: Մարիելը բացատրեց հարցազրույցին պատրաստվելու գործընթացը, թեմայի ընտրությունը, հարցեր կազմելը և այլն: Այս ամենը իհարկե, մասնակիցների մեծամասնության համար նոր բան չէր, սակայն սրանք այն հիմնական կետերն են, որ պետք է իմանա յուրաքանչյուր լրագրող:

Մարիելի ուսուցողական զեկույցից ստացած գիտելիքների հիման վրա նախորդ օրը կազմավորված խմբերը պետք է այսօր սկսեին պատրաստվել ծրագրավորողներից հարցազրույց վերցնելուն: Ամեն մեկս որոշեցինք հարցերը, հերթականությունը, թեման և հետո, երբ եկան ծրագրավորողները, ամեն խումբ սկսեց իր հարցազրույցը: Գործընթացը բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք`լրագրողներս,  կատարելագործեցինք մեր գործնական գիտելիքները, իսկ ծրագրավորողները ունեցան հնարավորություն՝ ընթերցողին տեղեկացնելու իրենց ստեղծած հավելվածների մասին:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այս ամենը տևեց 45 րոպե, և աշխատանքն ավարտելուց հետո մեզ տարան «Salzburger nachrichten» («Զալցբուրգյան պատմություններ») թերթի տպարան: Սակայն մինչ տպարան գնալը մասնակիցների և ծրագրավորողների թիմերը հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել թերթի լրագրող Անգելիկա Վյեննեռոյթերին (Angelika Wiennerroither), պրոֆեսոր Պիտեր Բրուկին, Ուեյս Ջանին և Մարիել Ռաիսմային:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Հնչեցին տարաբնույթ հարցեր` սկսած կեղծ լուրերից և վերջացրած լրագրողների դերով ժամանակակից մեդիա ոլորտում: Անգելիկան իր անձնական օրինակով պատմեց, որ «Պատմություն գրելիս պետք է ինքդ քեզ հարց տաս` իսկ ի՞նչ է այն նշանակում ինձ համար»:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Իսկ Ուեյսը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, նշեց, որ իր հանդիպած «ամենալավ» կեղծ լուրը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակահատվածում նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի` բազմակնությունը պաշտոնապես թույլատրելու մասին սոցցանցերում տարածված  լուրն էր:

Հարց ու պատասխանի ավարտից հետո գնացինք տպարան` տեսնելու հաջորդ օրվա թերթի տպագրության գործընթացը, որն սկսվում էր յուրաքանչյուր էջի համար բարակ թիթեղյա ձևանմուշ պատրաստելով, որը այնուհետև տեղադրվում էր տպող մեքենայի մեջ, որից հետո հազարավոր տպված թերթեր ուղարկվում էին երկրի տարբեր քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի որոշ երկրներ: Տեսանք նաև թերթի արխիվը, որտեղ պահպանված էր թերթի ստեղծման պահից տպագրված յուրաքանչյուր օրինակ, և անհավատալի էր կարդալ 1945 թվականի դեպքերը ներկայացնող հոդվածներն ու անհայտ կորածների անունները:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Օրը լի էր հետաքրքիր զեկույցներով, հարց ու պատասխանով, միջմշակութային շփումով և իհարկե տեղական թերթի տպագրատանը անմոռանալի շրջայցով:

Զալցբուրգ. MEDIA MOVING FORWARD. օր 3

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Օրվա վերջում, հոգնած ու ահագին քայլած, դժվար է հիշել, թե երբ և ինչպես էր սկսվել այս երկար օրը։ Այստեղ օրվա ընթացքում ահագին բան ենք հասցնում անել և հետ չենք մնում մեր ծրագրից։ Օրը, ինչպես միշտ, սկսվում է ժամը 10-ին՝ որքշոփով կամ զեկույցով։ Այսօր ծրագրավորողների խումբը, որը աշխատելու է մեզ հետ, ներկայացնում էր իրենց գաղափարները, արդեն ստեղծած հավելվածները։ Քանի որ մեր ծրագիրը հենց մեդիային, նոր տեխնոլոգիաներին է վերաբերում, ծրագրավորողների՝ App Camper-ների 5-րոպեանոց զեկույցները բավականին հետաքրքիր էին բոլորի համար։ Երևի հենց դրանցից էլ մի քիչ պատմեմ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մանուել Կրաուսը մտածել է հետաքրքիր հավելված՝ մեսենջերի տեսքով։ Մեր ժամանակներում մարդիկ շատ զբաղված են, ինչը հանգեցնում է անդադար սթրեսի, նյարդային լարվածության, դեպրեսիայի, իսկ հոգեբանների ծառայությունները բավականին թանկ արժեն։ Հենց այս փաստն էլ դրդել է Մանուելին ստեղծելու Pocket Coach-ը՝ հավելված, որտեղ դու չաթ ես անում քո, այսպես ասած, գրպանի հոգեբանի հետ։ Ռոբոտը խորհուրդներ է տալիս սթրեսի, լարվածության դեմ պայքարելու համար, կան կոնկրետ վարժություններ, որոնք առաջարկվում են։

Ատամների հետ կապված պրոբլեմներ ունենում են գրեթե բոլորը, սակայն հաճախ ստոմատոլոգի ծառայությունները նույնպես թանկ արժեն։ Դրան զուգահեռ, ատամնաբույժ ուսանողները ստիպված են ունենալ փորձ․ համալսարանը պահանջում է աշխատել իրական հիվանդների հետ, բայց չի հոգում ուսանողի՝ հիվանդ գտնելու կամ որևէ կլինիկայում աշխատելու հարցը։ Հենց այս դեպքի համար էլ Մարիոն ստեղծել է հավելված ստոմատոլոգ ուսանողների և հիվանդների համար։ Այստեղ նրանք ընտրում են քաղաքը, պրոբլեմը և կապ են հաստատում իրար հետ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Յակոբի Ready to go հավելվածը ստեղծված է վազորդների համար։ Գուգլի քարտեզները, իհարկե, շատ լավ են մտածված, սակայն դրանք ցույց չեն տալիս վազելու համար ամենալավ ուղիները, օրինակ՝ անտառի արահետները։ Այս հավելվածի միջոցով կարելի է իմանալ բոլոր ամենահարմար վազուղիների մասին, ինչպես նաև կապ հաստատել այդ վազորդների հետ, խորհրդակցել միմյանց հետ, ինչպես նաև քաջալերել այն մարդկանց, ովքեր նոր են ուզում սկսել վազել և մոտիվացիայի կարիք ունեն։

Մարկուսի Kubo հավելվածը ձեզ շատ դուր կգա։ Այս հավելվածում կան մի քանի ռեստորաններ, փաբեր (այն շարունակելու է զարգանալ և համալրվել նոր ցանկով), որտեղ յուրաքանչյուր պատվիրած ուտելիքի համար ստանում ես միավորներ։ Մենյուի մեջ այստեղ կարող եք գտնել նաև ամեն ինչի արժեքը միավորների տեսքով։ Բավարար միավորներ ունենալու դեպքում դուք կարող եք միավորներով, այսինքն՝ ձրի գնել ձեր ցանկացած ուտելիքը։ Սա նաև լավ մարքեթինգային քայլ է ռեստորանների, սրճարանների համար, որոնք հենց իրենք են շահագրգռված հայտնվելու այս հավելվածում։

Մաթեմատիկան հաճախ դպրոցականների կողմից ամենաչսիրված առարկան է, և հիմնականում այն պատճառով, որ երեխաները չեն հասկանում սովորական բանաձևերը՝ թե ինչը որտեղից և ինչպես ստացվեց։ Հենց սա էլ Անդրեայի գաղափարի հիմքն էր ստեղծելու այնպիսի հավելված, որը կօգնի աշակերտներին և ուսանողներին հասկանալ մաթեմատիկայի հիմունքները, կբացատրի ամեն ինչ մանրամասնորեն։ You shall pass հավելվածը կլինի բոլոր աշակերտների կողքին՝ մաթեմատիկայից գլուխ հանելու գործում։

Իսկ եթե քո ընկերները չեն լսում նույն երաժշտությունը, ինչ դու, Պատրիկի My favs հավելվածը կօգնի քեզ հանդիպել քո սիրած խմբերի, երաժիշտների մյուս ունկնդիրների ու երկրպագուների հետ։ Հավելվածը ստեղծված է նաև համերգների կազմակերպիչների համար, քանի որ նրանց համար նույնպես կարող է շատ օգտակար ինֆորմացիա լինել այն, թե որ քաղաքում որ խմբերի երկրպագուներն են ավելի շատ։

Ներկայացվեցին նաև հավելվածներ, որոնք օգնում են պահպանել բնությունը, օրինակ՝ տալիս են ամենօրյա առաջադրանքներ՝ դարձնելու մեր շրջապատը ավելի մաքուր և կյանքը՝ ավելի առողջ։

Այս հետաքրքիր գաղափարների և ծրագրավորողների հետ մենք աշխատելու ենք շուտով։ Այսօր բաժանվեցինք խմբերի, և ամեն խումբը հարցազրույց է ունենալու մի ծրագրավորողի հետ։ Հարցազրույցները կանենք վաղը։

Իսկ օրվա երկրորդ որքշոփն անցավ քննարկման տեսքով։ Ամիր Զոնիչի հետ քննարկեցինք մեդիան առաջ և այսօր, վերլուծեցինք նոր տեխնոլոգիաների, և հատկապես՝ բջջային հեռախոսների մեծ դերը այսօրվա մեդիա ոլորտում։

Այսպիսով շարունակվում են մեր հետաքրքիր օրերը հեծանվորդների քաղաք Զալցբուրգում՝ լի նոր տպավորություններով։

Զալցբուրգ. Media moving forward. օր 2

Քաղաք՝ ամպերի մեջ

Ես բացում եմ աչքերս ու առաջինը նայում առաստաղին. սպիտակ է, նկարս էլ չկա, այսինքն՝ տանը չեմ: Կրկնում եմ այս նախադասությունը մի քանի անգամ, ինքս ինձ հիշեցնում բոլոր նրանց, ովքեր գալիս են մտքիս՝ տուն բառն ասելիս, և նրանց, ովքեր հենց տունն են, որ կան, կրկնում եմ, երբ հանկարծ միանում է անծանոթ մի երաժշտություն, ու ես հասկանում եմ՝ դա ինձ հետ ապրող բելառուս աղջկա զարթուցիչն է:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Ժամը ութն է՝ վեր կենալու ժամանակը:

Երկրորդը, որ անում եմ, երկինք նայելն է: Առհասարակ, երկինքը միակ տեղն է, ուր ես երբեք չեմ հոգնի նայել: Զալցբուրգի երկինքը մեծ հաշվով նույնն է, ինչ մերը: Իսկ գուցե ամեն տեղ է նույնը…

«Ամպամած է, անձրև կգա հաստատ»,- մտածում եմ ինձուինձ ու քայլում դեպի պատշգամբ, երբ անձրևի երկու կաթիլ ընկնում է երեսիս: Նախաճաշ՝ անձրևի տակ. հավես է, չէ՞:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այսօր երկրորդ օրն էր Զալցբուրգի. քաղաք, որ ինձ Վանաձորն է հիշեցնում, քաղաք՝ սարերի ու ամպերի մեջ: Եվ հակառակ սրան՝ անչափ արևոտ ու անսահման պայծառ մարդիկ:

Այդ մարդկանցից մեկն էլ Մարտինն է: Նա ողջունում է մեզ և ներկայացնում Youth Press-ը, խոսում մեր ծրագրի, մասնակից երկրների մասին: Հետո մենք բաժանվում ենք խմբերի և քննարկում խոսքի և մամուլի ազատությունը տարբեր երկրներում: Հետաքրքիր է, որ մի հետազոտության համաձայն՝ հարյուր ութսուն երկրներից Հայաստանը ութսուներորդն է: Այս ցուցանիշը պիտի որ փոխվի շուտով, չէ՞:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Ապա քննարկում ենք ավանդական տեխնոլոգիաներից անցումը թվայինի. մի բան, որ կատարվում է հիմա, հենց այս պահին և կատարվում է ողջ աշխարհում: Արդյունքում, անգամ համացանցն է միտված մնալու ավանդականների կողքին: Իսկ այ, թերթերը… Մեկ այլ հետազոտության համաձայն՝ տպագիր մամուլը նախընտրում է երիտասարդների ընդամենը հինգ տոկոսը, որոնց շնորհիվ էլ վերջինս չի մահանում, և լավ է, որ այդ հինգ տոկոսից մեկն էլ դու ես… Այո, ես սիրում եմ թերթն ավելի, քան ռադիոն, և շատ ավելի, քան հեռուստատեսությունը, գուցե որովհետև սիրում եմ այն, ինչ հնարավոր է շոշափել ու զգալ կամ գուցե սիրո համար ամենևին էլ պետք չէ պատճառներ փնտրել…

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Մինչ ես մտածում եմ այս մասին, գալիս է ժամը ընթրիքի: Մենք գնում ենք քաղաքի կենտրոն՝ ընթրելու և հանդիպելու այն ծրագրավորողներին, որոնք վաղը պիտի ներկայացնեն մեզ իրենց նախագծած հեռախոսային ծրագրերը:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Իսկ մինչ ա՞յդ… Մինչ այդ մենք ունենք մի քանի ժամ՝ շրջելու այս խաղաղ քաղաքի խաղաղ փողոցներով ու սիրով նայելու բոլոր նրանց, ովքեր անառիթ ժպտում են մեզ ամենաանկեղծ բարևով:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Զալցբուրգ. Media moving forward. օր 1

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Փոխելով երկու ինքնաթիռ և երկու գնացք, քայլելով բոլորովին անծանոթ քաղաքի փողոցներով՝ հասանք հյուրանոց։ Մեր հինգ հոգանոց թիմով ժամանեցինք Ավստրիայի Զալցբուրգ քաղաք՝ մասնակցելու “Media moving forward” ծրագրին, որի հիմնական թեման է նոր տեխնոլոգիաների կիրառումը մեդիա ոլորտում։

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ասեմ, որ ծրագիրն իրագործում է European Youth Press կազմակերպությունը, որը ցանց է՝ բաղկացած երիտասարդ մեդիա-մեյքերների միավորող ավելի քան 30 կազմակերպություններից: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի «Մանանա» կենտրոնը ցանցի ակտիվ կազմակերպություններից է, և այս ծրագրի կազմակերպիչներից մեկը, և հուլիսի 9-16-ը կազմակերպության 5 ակտիվ թղթակիցներ մասնակցում են ծրագրին: Այս օրերի ընթացքում ձեզ էլ հաղորդակից կանենք ծրագրին՝ մեր լուսանկարներով ու նյութերով:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Ծրագրին մասնակցում է 8 երկիր՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Պորտուգալիա, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա և Մոնտենեգրո: Ի դեպ, այսօր փոքրիկ խնջույք-ծանոթություն էր կազմակերպված, որի ընթացքում ամեն մեկս ներկայացրեցինք մեր երկրից բերած ազգային ուտեստները, ծանոթացանք միմյանց հետ և ուղղակի հանգստացանք երկար ճանապարհ անցնելուց հետո։

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Կազմակերպիչները պատմեցին ծրագրից և հիմնական նպատակներից, որից հետո ամեն երկիր սկսեց ներկայացնել իր ազգային ուտեստները։ Մոնտենեգրոյի ներկայացուցիչները բերել էին ապխտած միս, որը բաստուրմա էր հիշեցնում, լոխում և ազգային խմիչք: Բելառուսի մասնակիցները՝ զեֆիր, շաքարապատ հատապտուղներ և ազգային հագուստների պատկերներով փաթեթավորած շոկոլադ:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Պորտուգալիան բերել էր պանիր, նրբերշիկ և վարդագույն գինի, որով իրենք հայտնի են, սակայն որը չեն խմում։ Դե, մենք էլ իրենց հյուրասիրեցինք հայկական մրգերից պատրաստված թթու լավաշ, ընկույզի սուջուխ և նռան գինի։ Շատ հաճելի ու զարմանալի էր, որ բոլորը շատ էին հավանել դրանք և ամեն անգամ փորձելիս մոտենում և հարցնում էին բաղադրիչների և պատրաստման եղանակի մասին:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Մասնակիցների հետ մի փոքր շփվելուց հետո մեր թիմով որոշեցինք շրջել քաղաքով։ Քայլեցինք Զալցբուրգի կենտրոնի փոքրիկ փողոցներով, այգիներով, որտեղ գերակշռում էին հեծանվորդները, և ավտոմեքենաներ հազվադեպ էին հանդիպում։

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Երկար ճանապարհորդություն էր, շատ հոգնեցինք, բայց անհամբեր սպասում ենք վաղվա ծրագրին՝ ակնկալելով հետաքրքիր օր, նոր և օգտակար գիտելիքների ձեռքբերում, որոնք հետագայում կկարողանանք ինքներս կիրառել Հայաստանում։