Երևի գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանում հիմնականում ուշադրությունը կենտրոնացված է մայրաքաղաքի վրա։ Երևանում է կենտրոնացված Հայաստանի «պոտենցիալի» եթե ոչ ամբողջ, ապա մեծ մասը, և այս առումով կարծես անտեսվում կամ ավելի քիչ ուշադրության են արժանանում մյուս քաղաքները և առհասարակ մարզերը։ Երիտասարդները Երևանում ավելի մեծ հեռանկարներ ունեն ապագայի հետ կապված, քան, ասենք՝ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում կամ Ստեփանակերտում։ Դա է պատճառը, որ ընկերներիցս շատերը իրենց ապագան տեսնում են Երևանում։ Եվ այս առումով մարզերում, առավել ևս՝ գյուղերում ապրող երեխաները ավելի քիչ հնարավորություններ ունեն իրենց ամբողջ ներուժը ցույց տալու համար (որը, ի դեպ, շատ մեծ է), քան Երևանում ապրող երեխաները։ Դրա համար կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ որոշում էր Ամերիկայի մեր ընկերների կողմից անգլերեն գրքեր ուղարկել Գյումրու N2 և N4 դպրոցներին, ինչպես նաև Շիրակի մարզային գրադարանին, որը հնարավորություն կտա մարզերի երեխաներին մեծացնել իրենց մտահորիզոնը, ինչպես նաև սովորել անգլերեն։ Ինքս գյումրեցի լինելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում դրա համար։ Դպրոցի երեխաներն ու ուսուցիչները նույնպես իրենց շնորհակալությունն են հայտնում ամերիկահայ այն երեխաներին, ովքեր մասնակից են եղել այս նախաձեռնությանը։
***
-Մենք հաճախ ենք գրքեր նվեր ստանում, բայց այս տիպի գրականություն Ամերիկայից նվեր ստանալը մի փոքր անակնկալ էր մեզ համար, ինչպես նաև ուրախացնող առիթ, ինչի շնորհիվ ավելի հարստացավ մեր գրադարանը, նմանատիպ գրքեր մենք չունեինք։ Մինչ այժմ մեր գրադարանից հիմնականում օգտվում էին 4-րդ, 5-րդ դասարաններից բարձր տարիքի երեխաները, իսկ հիմա ավելի փոքր տարիքի երեխաներն էլ կկարողանան օգտվել՝ անգլերեն գրքերի շնորհիվ,- նշում է Շիրակի մարզային գրադարանի փոխտնoրեն Գեղեցիկ Գևորգյանը։
-Ճիշտն ասած՝ չգիտեի, որ տեղափոխման գումարը երեխաներն են հավաքել։ Շատ պարտավորեցնող է, որ նման նախաձեռնություն են կատարել ամերիկահայ դպրոցական երեխաները ու օգնել են, որ Հայաստանի երեխաները կարողանան էսպիսի գրքերի օգնությամբ անգլերեն սովորել։ Ես շատ եմ ուրախանում, որ այդ տարիքի երեխան կարող է նման կամք ցուցաբերել ուրիշ երեխաների համար։ Կուզեի մեր խորին շնորհակալությունը հայտնել նրանց։ Երեխաների այս ներդրումը նպատակային կօգտագործենք, այս գրքերը կտրամադրենք դպրոցականներին և դրանով կխրախուսենք նրանց այցելել գրադարան։
***
-Առավոտյան եկա աշխատանքի և տեսա, որ մեծ արկղով գրքեր ունենք նվեր ստացած, և շատ ուրախացա։ Գրեթե բոլոր գրքերը հատ-հատ ուսումնասիրել եմ, բոլորը շատ լավն են և շատ հետաքրքիր։ Հիմնականում գրքերը տվել եմ կարդալու միջին օղակի երեխաներին՝ 5, 6, 7-րդ դասարանցիներին։ Շատ շնորհակալ ենք, հատկապես, որ Գլենդելի երեխաներն են ձեռնարկել այս գործը։ Կարծում եմ՝ սա բարեգործության մի տեսակ է, ու կարևոր է, որ մեր դպրոցը ունենա նմանատիպ գրքեր, ինչի շնորհիվ մեր երեխաները կսովորեն անգլերեն, հատկապես, որ մեր օտար լեզվով գրականությունը շատ քիչ է,- ասաց 2-րդ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Անատոմյանը։
2-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Իրինա Հարությունյան և Մանուկյան Լիլի։
-Գիտեի՞ք, որ գրքեր եք նվեր ստանալու։
-Ոչ, շատ ուրախալի անակնկալ էր։
-Հետաքրքի՞ր գրքեր են։
-Շատ հետաքրքիր գրքեր են։ Արդեն հասցրել ենք ուսումնասիրել, կարդալ, շատ լավ գրքեր են։
Ձեզ նման գրքեր հարկավո՞ր են։
-Այո, անգլերեն գրքերի պակաս մեր դպրոցում շատ կար։
-Ի՞նչ կուզեիք ասել այս ամենը նախաձեռնողներին։
-Շատ շնորհակալ ենք գրքերի համար, քանի որ մեր դպրոցը հատկապես անգլերեն գրքերի կարիք ունի՝ թե՛ միջին, և թե՛ տարրական դասարանների։
***
-Մեզ համար նույնպես գրքերի նվիրատվությունը անակնկալ էր։ Հիմնականում փոքրիկ պատմվածքներ են՝ տարբեր թեմաներով, անգլերեն լեզվով։ Աշխատանքային գրքեր էլ կան։ Ամերիկյան դպրոցների դասագրքեր էլ կան, որոնց մեջ առաջադրանքներ կան, համապատասխան նյութի համաձայն՝ լրացուցիչ օգտվում ենք՝ որպես այլընտրանքային դասագիրք։ Բանավոր խոսքի զարգացման համար այս գրքերը շատ անհրաժեշտ են, որ երեխաները կարդան, եթե անծանոթ բառեր լինեն, կարող են բառարաններից օգտվել և բանավոր խոսքը, անգլերենի բառապաշարը կզարգանա։
Գրքեր կան, որ երեխաները արդեն տարել են կարդալու, ի միջիայլոց, փոքր պատմվածքներն են տանում, առաջադրանքները՝ չէ, առաջադրանքները մենք դպրոցում ենք անում։ Ամերիկահայ երեխաներին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը,- թիվ 4 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանյա Պետրոսյան։