anushmkrtchyan

Իմ «Լուռ» ընկերը

Վերցնում եմ թուղթն ու գրիչը, որ գրեմ: Ամեն անգամ գրելիս մտածում եմ` ինչպե՞ս սկսել: Այս անգամ սկսում եմ այսպես: Գրում եմ մեր տան ամենասիրածս տեղի՝ պատշգամբի մասին: Երևի մտածում եք, թե ի՞նչ մի սիրելու բան է, շատերն ունեն պատշգամբ, ու բոլորի պատշգամբներն էլ նույնն են:

Իրականում ամեն մի պատշգամբ ունի իր պատմությունը: Այդ պատմությունը կերտում ենք մենք՝ պատշգամբի տերերս` մեր իսկ կյանքով:
Մեր պատշգամբը մանկությանս ու պատանեկությանս լավագույն ընկերն է: Դեռ մանկուց սիրում էի  բարձրանալ ու ժամերով ինքս ինձ հետ մենակ մնալ: Չէ՛, սխալվեցի, ես մենակ չէի, ինձ հետ էր  նաև պատշգամբը` միակ «լուռ» ընկերս:

Մի փոքրիկ աղջնակ էի ու մտածում էի, որ պատշգամբը կախարդական է: Կանգնում էի, խոսում, խոսում` սպասելով, որ մի օր ինքն էլ կխոսի: Առաջ ավելի շատ էի գալիս: Գալիս էի այն հույսով, որ կխոսեմ, կպատմեմ ամեն ինչ, ու նա էլ կխոսի: Հիմա, երբ հասկանում եմ, որ նա երբեք չի խոսի, ուշ-ուշ եմ  գալիս, բայց միևնույնն է, հոգուս խորքում դեռ սպասում եմ այն օրվան, որ նա էլ կխոսի:

Շատերի համար միգուցե սա տարօրինակ կհնչի, բայց  մեզանից յուրաքանչյուրը ունի հնարավորություն  կերտելու իր փոքրիկ աշխարհը: Իմ աշխարհը սկսվում է հենց պատշգամբից: Ես այստեղ եմ գտնում իմ հանգստությունը, այստեղ աշխարհը խաղաղվում է, ու ամեն ինչ դառնում է լուսավոր:
Հիմա գալիս եմ, կանգնում ու վերևից նայում գյուղիս. այստեղից ամեն ինչ հրաշալի է երևում: Առհասարակ սիրում եմ բարձրությունը, որովհետև ինչքան բարձր եմ, այնքան ավելի մոտ եմ երկնքին, ու ավելի հեռու այն իրականությունից, որ կա աշխարհի վրա:

Ահա այսպիսին է մեր պատշգամբի և իմ պատմությունը: Այդ պատմությունը մենք գրում ենք միասին: Տարիներ կանցնեն,  ու միգուցե գա մի օր, երբ ես հոգնեմ անվերջ մենակ խոսելուց, գուցե այլևս չգամ, բայց այն պատմությունը, որը մենք գրում ենք հիմա, հավերժ կմնա այս պատերի ներսում:

Lyuba Sharoyan

Իմ ուսուցիչը

Իմ հարցազրույցը մի նկարչի հետ է, ով այժմ բնակվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: Այդ նկարիչը 37-ամյա Հակոբ Հակոբյանն է:

-Որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել և մեծացել եմ Արթիկ քաղաքում, իսկ այժմ ապրում եմ Ակնալճում:

-Ինչպե՞ս Արթիկի ցուրտ եղանակից հետո հարմարվեցիք Ակնալճի շոգին:

-Դժվարությամբ, բայց դե ստիպված էի: Մորս հարազատներն այստեղ էին, և ստիպված տեղափոխվեցինք:

-Որտե՞ղ եք հաճախել դպրոց:

-Ես դպրոց գնացել եմ Արթիկում, սովորել համար հինգ դպրոցում: Լավ եմ սովորել, բայց ամենից լավ տիրապետել եմ գրականության և նկարչության առարկաներին: Այդ իսկ պատճառով աչքաթող եմ արել մնացածը, որի համար շատ եմ ափսոսում:

-Արթիկի հետ կապված հուշեր կպատմե՞ք:

-Իմ մանկությունը  շատ լավ է անցել Արթիկում, կարոտով եմ հիշում այդ  օրերը: Հիշում եմ, 12 կամ  13  տարեկան էի, բակի երեխաների հետ գնում էի մեր շենքին հարակից զորամաս՝ վերցնում զինվորական համազգեստ, դուրս գալիս հրապարակ և մեր քայլերով զարմացնում անցորդներին: Որոշ մարդիկ ապշած մեզ էին նայում և ուրախության ճիչեր արձակում, ծափահարում, այդպիսով ավելի ոգևորելով մեզ: Շատ մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը:

-Դպրոցից բացի այլ տեղ սովորե՞լ եք: 

-Իհարկե: Սովորել եմ Արթիկի գեղարվեստի ուսումնարանի նկարչության բաժնում: Ես դեռ շատ փոքր էի, երբ ծնողներս նկատեցին մեծ սերս դեպի նկարչությունը, իսկ այժմ այդ ամենը ես նկատում եմ տղայիս մեջ: Ես իմ բացթողումներն ու կիսատ երազանքները շարունակելու եմ տղայիս միջոցով:

-Եղե՞լ է ժամանակ, որ հիասթափվեք նկարչությունից:

-Հիասթափությունը համարում եմ նկարչի առաջին ու գլխավոր թշնամին, սակայն բոլորի պես ես էլ հիասթափության պահեր եմ ունեցել: Նույնիսկ փորձել եմ մասնագիտությունս փոխել, բայց ծնողներս ինձ հետ են պահել այդ քայլից, որի համար անչափ շնորհակալ եմ իրենց:

-Իսկ այժմ աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ:

-Այո, աշխատում եմ: Մասնավոր խմբակներ ունեմ: Ես ինքս էլ հասկանում եմ, որ որոշ երեխաներ դժվարությամբ են ներկեր ձեռք բերում:  Աշխատավարձս քիչ է աշխատանքիս դիմաց, բայց դե չեմ տրտնջում:  Մեծ սիրով եմ գնում աշխատանքի, քանի որ տվածս օդում չի մնում: 14 երեխաներից 6-ը լավ են նկարում, դա մեծ ցուցանիշ է: Ես հպարտանալու տեղ ունեմ:

-Դուք գյուղում ճանաչված նկարիչ եք, պատվերները շատ են, գյուղում համար առաջինն եք Ձեր մասնագիտությամբ: Արդյո՞ք գյուղից դուրս ունեք այդ ճանաչումը:

-Ցավոք՝ ոչ: Ես միայն գյուղով եմ բավարարվել: Գյուղից դուրս  ճանաչում ունենալու համար պիտի փոխեմ բնակավայրս, որի համար բավարար միջոցներ չունեմ:

-Ձեր կարծիքով մեր հանրապետությունում գնահատվո՞ւմ է նկարչի գործը: 

-Ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում  բոլոր գործերը  և գնահատողներ կան, և ՝ոչ:

-Նկարիչների համար հե՞շտ է  նկարչական պարագաների ձեռք բերումը:

-Ցավոք՝ ոչ: Նկարչություն ասելով պետք չէ հասկանալ կտավ, ներկ, վրձիններ: Հազար ու մի բան  է հարկավոր, որոնք բավականին թանկ են:

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր աշակերտների պատկերացումը դեպի գույներ ընդլայնելու համար:

-Հիմնական միջոցն այն է, որ իրենց աչքերով տեսնեն բնությունն իր ողջ հմայքով, չէ՞ որ աշխարհի միակ անթերին բնությունն է:

-Ձեր կարծիքով նկարիչներն ունե՞ն ընդհանուր մոտեցում դեպի գույները:

-Ամեն նկարիչ ունի իր ոճն ու ճաշակը, որին համապատասխան գույներ է ընտրում: Ամեն նկարիչ նկատում է իր սրտի զգացածը: Նկարիչները չեն կարող նույն բանը բոլորով զգալ և նկարել:

-Ի՞նչ եք կարծում, եթե հիմա Արթիկում ապրեիք, տաղանդավոր աշակերտներ կունենայի՞ք:

-Այո, իհարկե, տաղանդավորներ ամենուր կան, բայց  քանի դեռ այստեղ եմ՝ Ակնալճում, աշակերտներիս չեմ փոխի հարյուրավոր նկարիչների հետ:

-Ավելացնելու բան ունե՞ք:

-Կուզեի նշել, որ փոքր տարիքում, երբ հաճախում էի նկարչության, ուսուցիչներս ինձ լավ խորհուրդներ էին տալիս, որոնք հիմա օգտագործում եմ իմ աշխատանքի ժամանակ: Կարծում եմ, շատ մեծ է ուսուցչի դերը:

alex hakobyan

37 տարվա պատմություն

Տատիկս` Սեդա Փաշյանը, ծնվել է 1948 թվականին, Վրաստանում, Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում:

-Որտե՞ղ ես ուսում ստացել, տատ:
-Ազավրեթ գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտել եմ 1966 թվականին:
-Դպրոցը ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստացե՞լ ես:
-Բարձրագույն կրթություն չեմ ստացել, բայց հեռակա սովորել եմ Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումում և նաև  37  տարի աշխատել եմ Ազավրեթի գյուղական գրադարանում գրադարանավարուհի:
-Ե՞րբ ընդունվեցիր աշխատանքի:
-1967 թվականի մայիսից: Մեր գյուղում  նոր էր բացվել գրադարանը, և ես, միջնակարգ դպրոցի ատեստատը ներկայացնելով գրադարանի տնօրենին, ընդունվեցի որպես գլխավոր գրադարանավարուհի:
-Սիրո՞վ էիր կատարում այդ գործը:
-Դե, քանի որ ես շատ էի սիրում գրքեր ընթերցել, այս գործը ինձ համար ուղղակի հրաշալի էր:
-Հաճա՞խ էին գալիս գիրք ընթերցելու:
-Գյուղի մեծ մարդիկ, աշակերտներ և հատկապես բարձրագույն  սովորող ուսանողներ գրեթե ամբողջ օրը գրադարանում գիրք կարդալով էին զբաղվում:
-Կայի՞ն մարդիկ, ովքեր գալիս և խնդրում էին տալ այնպիսի գրքեր, որոնք հետաքրքրությամբ կընթերցեն:
-Իհարկե կային: Ես նրանց առաջարկում էի իրենց նախասիրություններին համապատասխան գրքեր:
-Երեխաները հաճա՞խ էին գալիս գրադարան:
-Շատ հաճախ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեր օրերի երեխաները պարզապես գիրք չեն ուզում բացել:
- Որովհետև օգտվում են համակարգիչներից, հեռախոսներից և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներից: Բայց ես հոգուս խորքում  շատ եմ ափսոսում, որ այսօրվա երիտասարդները ընթերցանության անունն անգամ չեն ուզում լսել:
-Իսկ, եթե հիմա լինեիր գրադարանավարուհի, ի՞նչ քայլեր կձեռնարկեիր այսօրվա երիտասարդներին, այսպես ասած, ճիշտ ուղու վրա դնելու համար:
-Դե  կկազմակերպեի բացօթյա  ընթերցանություն, միջոցառումներ, հետաքրքիր գրքերի քննարկումներ, չէ՞ որ յուրաքանչյուր գիրք իր մեջ ունի բարոյախրատական որևէ իմաստ:
-Իսկ ի՞նչ հիշողություններ ունես այդ 37 տարիներից:
-Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը հրաշալի հիշողություններ ունեմ, քանի որ հաճախ էի գրադարանի ներսում կազմակերպում միջոցառումներ:
-Իսկ ԽՍՀՄի փլուզումից հետո ի՞նչ փոխվեց:
-Դե, մարդկանց հոգսերը շատացան, մարդիկ չէին գալիս գրադարան, աշխատավարձը իջեցրին, և այդպես շարունակ:
-Իսկ այդ 37 տարին  քեզ ի՞նչ տվեց:
-Այդ աշխատանքի շնորհիվ ես գտա իմ ամուսնուն, մենք հինգ աղջիկ ունեցանք, և հենց իմ ընտանիքը տվեց այդ սքանչելի տարիները:
-Քո աշխատանքը գնահատվե՞լ է կառավարության կողմից:
-Երկու մեդալ ունեմ. մեկը՝ 25 տարի  հավատարիմ և լավ աշխատող, որը ես ձեռք բերեցի իմ աշխատանքի շնորհիվ, մյուսն էլ որպես բազմազավակ մայր:

Ժաննա, բայց ոչ դ’Արկ

Ծանոթացե՛ք, Ժաննան է (Ժաննա Կիրակոսյան, 16տ.)` իմ ամենամոտ ընկերուհին ու համադասարանցին: Նա շատ է սիրում նկարել ու հիանալի «լեզու է գտնում» թղթի, մատիտի ու ներկերի հետ: Սակայն իր տաղանդի ձեռքը «կրակն է» ընկել. դպրոցում բոլորն անընդհատ նրան են փնտրում.

-Ժա՛ն, միջոցառում ենք անում, պիտի դասարանը ձևավորես…

-Ժաննա՛, Սևակին նվիրված պատի թերթ պիտի պատրաստես…

Ու այսպես շարունակ: Բայց նա բնավ չի զլանում ու չի հոգնում: Միշտ պատրաստ է բոլորին աջակցելու, ամեն ինչ գեղեցկացնելու: Նրա թեթև ձեռքով անգամ ամենաանպետք իրերը` թղթերը, պոլիէթիլենային տոպրակներն ու տատիկի հին զգեստները, նոր շունչ են առնում` վերածվելով համաշխարհային նորաձևության ու ժամանակակից արվեստի գործերին չզիջող նմուշների: Ավելին, այս տարի նա դպրոցում ունեցավ իր անդրանիկ ցուցադրությունը:

Ժաննան երազում է դառնալ հայտնի ու սիրված դիզայներ-նկարիչ, ունենալ սեփական բրենդն ու իր մոդելավորած զգեստները: Ասացի` երազո՞ւմ: Ո՛չ, ո՛չ, նա արդեն փոքրիկ, բայց վստահ քայլերով իրականցնում է այն: Մի օր նա ինձ ասաց.

-Անի՛, շատ լավ միտք ունեմ: Ուզում եմ` մեր բիզնեսը հիմնենք: Ես կնկարեմ, կտպենք շապիկների և բաժակների վրա ու կվաճառենք:
Դե՜, կատակեցինք, անցավ: Բայց, դու մի ասա, ամեն ինչ շատ ավելի լուրջ էր: Այդ դեպքից որոշ ժամանակ անց Ժաննան եկավ ու ինձ ցույց տվեց իր պատրաստած կրեատիվ վզնոցները: Իսկ թե ինչպե՛ս է դրանք պատրաստում, որտե՛ղ վաճառում՝ կիմանանք հենց իրենից:

-Ժա՛ննա, ինչպե՞ս որոշեցիր հենց վզնոցներ պատրաստել:

-Հաճախ եմ լինում պապիս արհեստանոցում և փնտրում հետաքրքիր իրեր: Մի անգամ գտա շատ ամուր կտոր և որոշեցի վրան նկարել: Սակայն այդքան էլ հեշտ չէր. ներկերը չէին երևում: Բայց ամենատարբեր նյութերով փորձելուց հետո գտա հարմար եղանակ և մտածեցի, որ կարելի է վզնոցներ պատրաստել: Մի քանի անհաջող փորձից հետո ամեն ինչ լավ ստացվեց:

-Իսկ ի՞նչ էիր անում պատրաստածդ վզնոցները:

-Սկզբում վզնոցների նկարները տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, և դպրոցի երեխաներից մի քանիսը դրական արձագանքեցին ու ցանկություն հայտնեցին, որ իրենց համար էլ պատրաստեմ` առաջարկելով անպայման վճարել: Հիմա արդեն շատ պատվերներ եմ ստանում:

-Դու ծնվել ու մեծանում ես մտավորականի ընտանիքում (ծնողները մանկավարժներ են), ըստ քեզ, արվեստագետի ձևավորման գործում գենի՞, թե՞ դաստիարակության գործոնն է ավելի կարևոր:

-Ճիշտ է, չեմ կարող ժխտել ծնողներիս դերն ու մեծ ներդրումը իմ արժեհամակարգի ձևավորման գործում, բայց նաև շատ եմ կարևորում ժառանգականության դերը, քանի որ նկարելու ջիղը ժառանգել եմ հորական պապիս կողմից:

-Իսկ ո՞րն է կերպարվեստի մեջ քո սիրելի ոճը, և ո՞վ է քո սիրած նկարիչը:

-Ոճերից շատ եմ սիրում ռոմանտիզմը, իսկ նկարիչներից` Վան Գոգին ու Դալիին եմ շատ սիրում: Թեև նրանք ստեղծագործում են տարբեր ոճերում, բայց երկուսի կտավներում էլ ինձ համար ընդհանուր ու հոգեհարազատ նրբություններ կան:

-Ո՞վ կամ ի՞նչն է քեզ համար ոգեշնչման առիթ հանդիսանում:

-Երաժշտությունը: Երբ փակում եմ աչքերս ու լսում իմ սիրած երգերը, պատկերացնում եմ իմ հագուստների ցուցադրությունը և մոդելներին` իմ նախագծած զգեստները հագած: Հենց այդ պահին վերցնում եմ թուղթն ու մատիտը և թղթին փոխանցում տեսածս:

-Դու արդեն առաջին քայլերդ կատարել ես այդ բնագավառում: Արդյոք Հայաստանում տեսնո՞ւմ ես քո պատկերացրած ապագան:

-Իհարկե, շատ եմ սիրում իմ երկիրը ու ցանկանում եմ հենց այստեղ ապրել ու ստեղծագործել: Ցավոք, գիտակցում եմ նաև, որ, ինչ խոսք, Հայաստանում առավել ևս արվեստագետների համար, շատ ավելի դժվար է լուրջ քայլեր անելը, հաջողությունների հասնելը:

-Երիտասարդների ապագան ավելի լավը դարձնելու համար ի՞նչը կցանկանայիր փոխել Հայաստանում:

-Յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ պետք է ունենա ինքնաարտահայտվելու լիարժեք հնարավորություն: Կցանկանայի, որ տարբեր խմբակներ ու ժամանցի կենտրոններ լինեին նաև մարզերում ու գյուղերում: Ամեն ինչ կենտրոնացված չլիներ մայրաքաղաքում ու քաղաքներում: Եվ չնայած դրան, եթե մենք ապրում ենք գյուղում, չի նշանակում, որ տեղյակ չենք արվեստից, մոդայից ու չենք քայլում ժամանակին համընթաց:

Դե ինչ, ծանոթացա՞ք, Ժաննան է, և եթե մի օր տեսնեք նրան հեռուստացույցով՝ հայտնի ու կայացած, հիշե՛ք, որ դուք արդեն ծանոթ եք:

Դասընկերս բռնցքամարտիկ է

Հարցազրույց համադասարանցուս՝ Վիրաբ Բաբայանի հետ (15 տարեկան, Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց)

-Ես գիտեմ, որ երկար ժամանակ է, ինչ զբաղվում ես բռնցքամարտով, կպատմե՞ս մի փոքր` ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր զբաղվել այդ մարզաձևով:

-Դա 8 տարի առաջ էր: Նախքան բռնցքամարտի գնալը, գնում էի ֆուտբոլի, բայց հայրս տեսնելով, որ ինձ ֆուտբոլը այդքան էլ չի հետաքրքրում, որոշեց ինձ տանել բոքսի, ինչին մայրս ի սկզբանե դեմ էր։

-Իսկ ի՞նչ հաջողությունների ես հասել այս տարիների ընթացքում։

-Դարձել եմ հաղթող բազմաթիվ միջազգային մրցույթներում: Հաղթել եմ միջազգային խաղեր` Բելառուսում եւ Աբխազիայում։ Ունեմ KMS, որը ստացել եմ 2013 թվականին: Ունեմ 137 պատվոգիր, 37 գավաթ և 46 մեդալ:

-Քանի՞ պարտություն ես ունեցել: Եղե՞լ են դեպքեր, երբ այդ պարտությունը շատ ծանր ես տարել:

-Ընդհանուր ունեցել եմ 6 պարտություն, որոնցից յուրաքանչյուրի համար էլ, իհարկե, տխրել եմ, բայց կարծում եմ, որ այդքան հաղթանակների մեջ 6 պարտությունը բավական լավ ցուցանիշ է:  Եվ պարտությունը ի վերջո ևս մարզիկի համար է:

-Որտե՞ղ ես ճամփորդել, և դեռ ի՞նչ երկրներ կան, որ պետք է մեկնես մրցումների։

-Անցած տարի եղել եմ Դանիայում, Ռուսաստանում, իսկ այս տարի պետք է մեկնեմ Լատվիա, որտեղ պետք է մասնակցեմ Եվրոպայի մրցումներին։

-Իսկ ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված, որոշել ես այդ ուղղությա՞մբ գնալ, թե՞ ուրիշ մասնագիտական կողմնորոշում ունես։ 

-Մայրս ուզում է, որ դառնամ ատամնաբույժ, բայց քանի որ ես չեմ սիրում, որոշել եմ դառնալ բռնցքամարտի պրոֆեսիոնալ մարզիչ։ Մայրս միշտ էլ դեմ է եղել, որ ես շարունակեմ բոքսը, որովհետև ամեն մրցումից հետո բավականին շատ վնասվածքներ եմ ունենում, ինչը ոչ մի ծնողի համար հաճելի չէ:

-Իսկ ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել, ի՞նչ նախասիրություններ ունես։

-Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, որովհետև շաբաթական ունեմ 6 պարապմունք` օրական երկու անգամ, որոնք տևում են 3 ժամ: Առավոտյան գնում եմ վազելու 10 կիլոմետր։ Մնացած ազատ ժամանակն էլ փորձում եմ անցկացնել ընկերներիս հետ: Օրինակ, գնում ենք միասին թենիս խաղալու։

-Իսկ այդ երկարատև պարապմունքներդ չե՞ն խանգարում դասերիդ։

-Համենայնդեպս, փորձում եմ հասցնել դասերս, բայց քանի որ ամեն օր ստիպված եմ լինում երեք ժամ շուտ վերջացնել, այդքան էլ չի ստացվում: Երբեմն էլ լինում են դեպքեր, երբ վնասվածքների կամ մրցումների պատճառով ընդհանրապես չեմ կարողանում հաճախել դպրոց:

-Իսկ մարզիչդ գո՞հ է քեզանից, ի՞նչ հույսեր է կապում քեզ հետ։

-Դե, կարելի է ասել, որ մարզիչիս ամբողջ հույսը ես եմ։ Երբ մեկնեմ Լատվիա` մրցումների, պետք է մնամ և պարապմունքներս շարունակեմ էնտեղ, որովհետև էնտեղ ունեմ ավելի շատ հնարավորություններ` նպատակներս իրագործելու համար: Իհարկե դա նաև մարզիչիս նպատակն է, և ինչպես ինքն է ասում, ես իր լավագույն մարզիկներից եմ, ով ունի առաջ գնալու բոլոր շանսերը։

-Լավ, իսկ ի՞նչ կուզեիր ավելացնել վերջում։

-Կուզեի ավելացնել, որ սպորտը ինձ համար ապրելակերպ է, և ես չեմ պատկերացնում կյանքս առանց սպորտի: Սպորտը առողջ ապագա է, հետաքրքիր ժամանակ, և իհարկե, կարծում եմ, որ ցանկացած տղա պետք է գոնե մի որոշ ժամանակ հատկացնի սպորտին: Եվ ինչու չէ, աղջիկները նույնպես պետք է զբաղվեն սպորտով։

ANush Hovhannisyan

Դաժան օրեր

Քննություններ, այս բառը վերջին շրջանում բոլոր շրջանավարտների սարսափ-երազն է դարձել: Եկեք խոստովանենք, որ երբ քննություններին շատ ժամանակ կար, բոլորս էլ բավականին վստահ ու անհոգ էինք, իսկ երբ մոտեցան այս դաժան օրերը, լարվածությունից ուղղակի գժվել կարելի է:
Ես ավարտում եմ հիմնական դպրոցը, իններորդցի եմ: Արդեն հասկացաք` մենք էլ քննություններ ենք տալիս: Չգիտեմ ինչու, բոլորը կարծում են, թե մեր քննությունները շատ հեշտ են, ու կարիք չկա լարվելու: Այդպես էի կարծում նաև ես, բայց հիմա քննության ժամանակ այնպես եմ լարվում, որ անգամ իմացածս եմ մոռանում:

Առավոտյան դպրոցի բակում մինչ ներս մտնելը այնքան աղոթքներ ես լսում, խղճահարություն առաջացնող և հուզված աչքեր տեսնում, որ անկախ քո կամքից սկսում ես դու էլ միանալ նրանց:

Ուսուցչական կազմը աչքիդ զինված մի զորք է թվում, որոնց դեմ պետք է պայքարես միայն ու միայն գիտելիքով: Այդ վեց քննությունները դարձել են մեր օդն ու ջուրը, ամեն պահ մտածում, գրում, ջնջում ենք այնքան, որ անգամ երազներում ենք տեսնում:

Հետո, երբ հաջողությամբ հանձնենք բոլոր քննությունները, կգա ևս մեկ դժվար փուլ` ավագ դպրոց: Ամեն օր երանի եմ տալիս իմ գյուղի բոլոր ընկերներին, ովքեր ավագ դպրոց չեն գնում, այլ մնում են հարազատ դպրոցում:
Իսկ այս ամենն ամփոփելով, ուզում եմ բոլորիս հաջողություն ու խիզախություն մաղթել:

Մեր հայկական դշխո միրգը

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին…

Այսօր ուզում եմ հիշեցնել, որ ծիրանի «սեզոնը» արդեն բացվել է, կամ էլ կարելի է բացված համարել։

Ծիրանենին հայոց բնաշխարհի հրաշալիքն է։ Մեր նախնիները ասում էին, թե ծիրանը ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։

Պապիկիցս բազմիցս լսել եմ․ «Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ, ծիրանը մեր հողի ամենաքաղցրահամ միրգն է»։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Հիշում եմ, երբ մի օր անցնում էի փողոցով, մի տատիկ ինձ ծիրան հյուրասիրեց, իսկ ես մերժեցի: Բայց նա ասաց, որ ծիրանը մեր երկրի բնաշխարհի թագուհին է, և ես իրավունք չունեմ այդ համեղ միրգը ճաշակելուց հրաժարվել: Լսելով այս ամենը, ես չսպասեցի տատիկի նորեն հյուրասիրելուն, վերցրեցի ու հաճույքով սկսեցի ուտել։

Ծիրանը զարմանալի միրգ է: Մեր տատիկ-պապիկները միշտ ասում են` լավ է ծիրան ուտել, և դեղորայքին փող չտալ: Իսկ «բուժման» բաղադրատոմսն ամեն եղանակի այլ է` թարմ ծիրան, ծիրանի չիր, ծիրանի հյութ, մուրաբա…

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Սակայն, ցավոք, գյուղացիները շատ հաճախ կանգնում են խնդրի առջև, քանի որ ծիրանը շուտ ցրտահարվող միրգ է, և չդիմանալով գարնան ոչ բարենպաստ եղանակին, կարող է ցրտահարվել։ Բոլորս էլ գիտենք, որ ծիրանը լիովին հասունանում է 5-10 օրվա ընթացքում և որոշ ժամանակ անց, եթե ծառից պտուղը չքաղեն, պոկվելով վայր է ընկնում գետնին ու սկսում որդնել և փչանալ։ Սա ևս խնդիր է գյուղացու համար, քանի որ մեծ թվով սպառողներ են իրենց հարկավոր ճիշտ ժամանակին միրգը սպառելու համար։ Ճիշտ է, կան ծիրանենու տարբեր տեսակներ, որոնք մեկը մյուսից մի փոքր ուշ կամ շուտ են հասունանում, բայց ծիրանի մեծ և հիմնական մասը հասունանում է հունիսի վերջից մինչև հուլիսի կեսերը։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Հիշում եմ 2014 թ.-ի ապրիլի սկիզբն էր, առավոտյան արթնացա և վազեցի պատուհանի մոտ: Եվ ի՞նչ տեսնեմ․ բոլոր ծաղկած ծառերն ու ջերմոցները ձյունով էին ծածկվել։ Այդ օրը մի կողմից ուրախ էի, իսկ մյուս կողմից տխրել էի, որովհետև ընտանիքիս միակ ապրուստը այլևս չկար, հօդս էր ցնդել։ Այսօրվա պես հիշում եմ ընտանիքիս ապրումները։ Ամեն մեկը տարակուսած մի անկյունում նստել էին ու ընկել մտորումների գիրկը, և ես չէի համարձակվում մի բառ անգամ խոսել: Մտածում էի, որ անիմաստ կլիներ մխիթարական և հուսադրող խոսքեր ասել։ Այդ դեպքից հետո սկսեցի ձյունը չսիրել։

Բայց փառք Աստծո, այդ ամենից հետո մինչ այսօր ոչ մի նման աղետ չի եղել։ Ճիշտ է, եղել են անձրևներ, նույնիսկ ահավոր ուժեղ կարկուտ, բայց քիչ թե շատ օգտվել ենք այդ դշխո մրգից։

Հիմա նորից ծիրանի ժամանակն է, մեր գյուղի` Ակնալճի երեխաներն այգիներում են` բերքահավաքի։

Տատյանա Դարբինյան

Հին խաղեր

Մեր պատմության ուսուցչուհին հաճախ մեզ հիշեցնում է, որ ժամանակի ընթացքում շատ բառեր տրամագծորեն փոխում են իրենց իմաստը: Կբերեմ ամենապարզ օրինակը՝ «գրիչ» բառը: Ժամանակին այն ցույց էր տալիս անձ՝ մատյաններ գրող, իսկ հիմա՝ պարզապես մի անշունչ առարկա:

Գուցե տարօրինակ թվա, բայց նման բառ եմ համարում նաև «խաղալ» բայը: Մի՞թե այն իր իմաստը տրամագծորեն չի փոխել: Ներկայում ի՞նչ են հասկանում շատերը այս բայն օգտագործելով: Իհարկե՝ նստել համակարգչի դիմաց, միացնել խաղը, նայել էկրանին և շարժել մկնիկը. գրեթե անշարժ վիճակ, կլանված հայացք ու միմիկայի ոչ մի փոփոխություն:

Ի հակադրություն այս ամենի, ես հիացմունքով եմ լսում ծնողներիս և նույնիսկ ավելի մեծ սերնդի ներկայացուցիչների պատմությունները իրենց մանկական խաղերի մասին:

Վերջերս լսեցի երեք տարօրինակ խաղերի մասին, որոնք հայ փոքրիկները խաղացել են ավելի քան մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում (1900-ական թթ): Այդ խաղերն էին՝ ճանը, ղայիշոցին, հավլուն: Հավլու խաղի ժամանակ երեխաներից մեկը պիտի կքանստեր, իսկ մյուսները ցատկեին նրա գլխի վրայով:  Մյուս խաղը՝ ղայիշոցին (ղայիշ=գոտի) խաղում էին այսպես՝ գոտին դնում էին գետնին և մեկը պիտի պահակ կանգներ դրա մոտ, իսկ մյուսները՝ փորձեին այն գողանալ: Որքան հասկացա, եթե գողությունը հաջողվեր, պահակին ծեծում էին: Երրորդ խաղը՝ ճանը, թերևս ամենահետաքրքիրն է: Ճանը դա ոչխարի ոսկոր էր: Երեխաներն այն նետում էին և որոշում խաղում իրենց «պաշտոնը»՝ կախված ոսկորի դիրքից: Դիրքերից մեկը համապատասխանում էր թագավորին, մյուսը՝ գողին, երրորդը` չավուշին (քրդ. ոստիկան): Պաշտոնները որոշելուց հետո յուրաքանչյուրն անցնում էր իր գործին. թագավորը հրամաններ էր տալիս, գողին պատժում էին և այլն…

Բարեբախտաբար, իմ մանկությունն էլ զերծ է եղել համակարգիչներից, ու ժամանակի մեծ մասն անցկացրել եմ բակում՝ ընկերներիս հետ: Իհարկե, վերոնշյալ խաղերը չէինք խաղում: Հավաքվում էինք, խաղում, աղաղակում՝ հարուցելով հարևանուհիների զայրույթը: Նրանք հաճախ բողոքում էին ու զայրանում, բայց…

Հենց հիմա էլ գրում եմ ու հարևան բակից լսում երեխաների ճիչ ու խաղի ձայներ: Մի աղջնակ հայտարարում է. «…19, 20, пора я! բացում եմ…»:

Փաստորեն ոչ բոլորն են համակարգիչների դիմաց…

Դիանան

Ես ուզում եմ պատմել մի երեխայի մասին, ում երջանիկ ընտանիքի մասին պատկերացումները փշրվել են դեռ մանուկ հասակում: Դիանան 2 տարեկան էր, երբ կորցրեց հորը: Նա այդ ժամանակ չէր հասկանում կորցրածի արժեքը, իսկ այժմ հորը իր մանկություն է բերում նկարների միջոցով: Դիանան նկարելիս միշտ հորը պատկերում է իր կողքին: Այդ փոքրիկը ոչ մի հուշ չունի կապված իր հայրիկի հետ,  որ գոնե դա հիշի և նկարի: Նկարները միայն երևակայության արդյունք են:  Փոքրիկի երազանքը նկարչուհի դառնալն է: Այնպիսի քնքշանքով է վերաբերվում իր նկարչական իրերին, որ կարծես իր ընկերները լինեն:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Դիանան շատ նման է իր հորը. թե արտաքինով, թե բնավորությամբ:
2016թ.-ի հունիսի 2-ին միասին քայլում էինք, ու նա ինձ ասաց.
-Լյուբ, վաղը պապայի ծնունդն ա, գալո՞ւ ես:
-Չգիտեմ, երևի,- ասացի ես:
-Ախր, իրան շատ եմ կարոտել, է… Շատ-շատ: Ուզում եմ ինքն էլ գա, գոնե էս տարի ծնունդը մեր հետ նշի:
Դիանայի այս խոսքերը ինձ վրա շատ են ազդել: Իմ կարծիքով, Դիանան արդեն հասկանում է, որ հայրը գնացել է մի վայր, որտեղից դեռ ոչ-ոք հետ չի եկել, բայց միևնույն է, բազում երազանքներով լցված սպասում է իր հայրիկին:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Զարմանում եմ, դեռ 8 տարեկան է, բայց այնպիսի բաներ է խոսում, որ ապշում եմ: Ու դա բոլորն են նկատել, անգամ իր ուսուցչուհին: Երբ իր ոսուցչուհին բարկանում է դասընկերների վրա, Դիանան խառնվում է ու սկսում հուզվել: Նույնիսկ մի անգամ իր դասընկերներին նախատել է, ասելով.
-Բա մեղք չի՞ մեր դասղեկը, չե՛ք էլ ամաչում, բարկացնում եք խեղճին:
Այս փոքրիկ, գանգրահեր աղջնակը ամեն գիշեր քնելուց առաջ Աստվածաշունչ է կարդում ու կարդացածը այնպես մեկնաբանում, որ իրոք զարմանում եմ: Շատ հաճախ մայրն է նրան օգնում հասկանալ կարդացածը: Մոր հետ կարծես կապված է ամուր շղթաներով, վայրկյան անգամ պոկ չի գալիս, ու միշտ զգում է մոր հետ կապված ամեն բան: Փոքրիկի  մայրն ամեն ինչ անում է, որ Դիանան ու իր քույրերը չմոռանան Հակոբին` իրենց հորը:
Յուրաքանչյու փոքրիկ իր մակությունը տեսնում է խաղերի, չարաճճիությունների աշխարհում, իսկ Դիանան իր մանկությունը ոչ թե խաղերի ու չարաճճիությունների, այլ` գույների աշխարհում: Այս փոքրիկի մեջ դրականը չափից շատ է, այդ իսկ պատճառով բոլորը սիրում են նրան: Շատ հաճախ ես ինքս հետևում եմ Դիանայի խորհուրդներին՝ չսխալվելու համար:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Եթե յուրաքանչյուր մեծահասակի կողքին նման հրաշք լինի, աշխարհը կդառնա անթերի, քանի որ աշխարհի մասին ամենամաքուր պատկերացումները բնակվում են մանուկների սրտում:

ANush Hovhannisyan

Խառը մտքեր

Սիրում եմ անընդհատ փորձել նորը, դա էլ շատ է խանգարում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Բայց որոշել եմ դառնալ հոգեբան, կարծում եմ՝ ինձ կօգնի կյանքում ճիշտ կայանալ:

Սիրում եմ ազատ ապրել, սակայն, անում եմ ճիշտ հակառակը, որովհետև հորս և իմ կարծիքները չեն համապատասխանում, բայց կարողանում եմ իմ լացով գործս առաջ տանել:

Հիմա, հաստատ, կմտածեք, թե լացկանի մեկն եմ: Ո՛չ, նաև համառ եմ և իմ ասածի տերը: Սիրում եմ լինել տարբերվող: Տանել չեմ կարողանում, երբ փորձում են նմանվել ինձ, այդ պահին ես դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը:

Փոքր հասակում ունեցել եմ տարօրինակ սովորություն: Երբ տուն մարդ էր գալիս, ու ինձ ոչ այնքան հաճելի, չէի կարողանում ընդհանուր թեմա գտնել նրա հետ, և լուռ հեռանում էի, որպեսզի կռվի պատճառ չդառնայի:

Միշտ երազել եմ հայտնի դառնալ: Ավելի փոքր հասակում մտածում էի, որ հայտնի դառնալու համար պետք է լինել դերասան կամ երգիչ, իսկ հիմա՝ ավելի հասուն տարիքում կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում էլ կարելի է հայտնի դառնալ, եթե վարպետորեն ես մոտենում աշխատանքին:

Այսօր իմ բոլոր հասակակիցները կանգնած են բարդ ընտրության առաջ՝ գնա՞լ ավագ դպրոց, թե՞ ոչ: Սա այն հարցն է, որ հուզում է յուրաքանչյուր պատանու: Կարծում եմ՝ անիմաստ ժամանակի վատնում է, 2 տարի ավել սովորելը մի փոքր շատ է: Մեր օրերում ոչ ոք ավագ դպրոցի դասերին պատշաճ չի մոտենում, քանի որ օգտվում են արտաժամյա պարապմունքներից:

Ոմանք նստում են դասերին գնահատական ստանալու և լավ ատեստատ ունենալու համար: Բայց արդյո՞ք դրա համար են ստեղծել ավագ դպրոցը: Սակայն այդ հարցը միայն ինձնով և մեկ ուրիշով հաստատ չի կարող լուծվել: Անձամբ ես ունեմ շատ վախեր՝ կապված դպրոցական սեպտեմբերի 1-ի հետ: Նոր շրջապատ, նոր ուսուցչական կազմ, ի վերջո, նոր դպրոցի կարգ ու կանոն: Արդյո՞ք դժվար չէ այս ամենը հաղթահարելը: